Գլխավոր տեղեկություն
Номер
N 20-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (18.08.2023-30.12.2023)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 16.06.2022
Принят
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата принятия
09.06.2022
Подписан
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата подписания
09.06.2022
Дата вступления в силу
17.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

09 հունիսի 2022 թ.

N 20-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՕԺԱՆԴԱԿ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ, ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻՆ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 26.2-րդ կետով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Սահմանել «Հանրակրթական առարկաների դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման, հրատարակման և հանրակրթության պետական չափորոշչին դրանց համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգը»՝ համաձայն Հավելված 1-ի։

(1-ին կետը փոփ. 15.08.23 N 107-Ն)

1․1 Սահմանել դասագրքերին և ուսումնաօժանդակ նյութերին ներկայացվող տեխնիկական պահանջները՝ համաձայն Հավելված 2-ի:

(1.1-ին կետը լրաց. 15.08.23 N 107-Ն)

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ

 

Հավելված 1

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի

և սպորտի նախարարի 2022 թվականի

հունիսի 9-ի N 20-Ն հրամանի

(գլխագիրը փոփ. 15.08.23 N 107-Ն)

 

ԿԱՐԳ

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՕԺԱՆԴԱԿ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ, ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻՆ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են հանրակրթական առարկաների դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման, հրատարակման (լույսընծայման) և հանրակրթության պետական չափորոշչին դրանց համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման հետ կապված իրավահարաբերությունները:

 

2. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԴԱՍԱԳՐՔԵՐԻՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՕԺԱՆԴԱԿ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

2. Հանրակրթական առարկաների դասագրքերին և ուսումնաօժանդակ գրականությանը ներկայացվող ընդհանրական պահանջներն են.

1) դասագիրքը և ուսումնաօժանդակ գրականությունը պետք է համապատասխանեն Հանրակրթության պետական չափորոշչի, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված տվյալ առարկայի չափորոշչի և ծրագրի պահանջներին և ներկայացնեն առարկայի կամ դրա` համապատասխան դասարանի համար նախատեսված մասի (եթե դասագիրքը կազմված է մեկից ավելի իրար շարունակող մասերից) հիմնական բովանդակությունը,

2) դասագիրքը և ուսումնաօժանդակ գրականությունը պետք է ներկայացնեն միայն ստույգ, գիտականորեն հաստատված և ճշգրիտ տեղեկատվություն, վարկածների վերաբերյալ տեղեկատվության ընդգրկման պարագայում՝ հստակ նշում պարունակեն այդ մասին, օգտագործեն միայն գիտականորեն շրջանառվող վարկածներ,

3) դասագրքում և ուսումնաօժանդակ գրականության մեջ պետք է ապահովված լինեն պատշաճ հղումները (այդ թվում՝ էլեկտրոնային հասցեների հղումներ) օգտագործված բոլոր նյութերին և աղբյուրներին: Դասագրքում և ուսումնաօժանդակ գրականության մեջ հղումներով նախատեսված բոլոր նյութերը և աղբյուրները պետք է մշտապես հասանելի լինեն դասագրքի գործածության ողջ ժամանակահատվածում և պաշտպանված լինեն կիբերհարձակումներից:

 ա. «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը (այսուհետ՝ ԿԶՆԱԿ) յուրաքանչյուր ուսումնական տարին սկսվելուց առնվազն 1 ամիս առաջ վերանայում է դասագրքերի համար օգտագործված հղումները և դրանց հասանելիությունը և փոփոխություններ հայտնաբերելու դեպքում այդ մասին տեղեկացնում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը (այսուհետ՝ Նախարարություն):

բ․ Նախարարությունը դասագրքերի համար օգտագործված հղումների և դրանց հասանելիության փոփոխության վերաբերյալ ԿԶՆԱԿ-ից ստացված տեղեկատվությունը տրամադրում է հրատարակչին՝ սույն կարգի 2-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված պահանջը ապահովելու համար:

4) դասագիրքը և ուսումնաօժանդակ գրականությունը պետք է հնարավորություն ընձեռեն բազմակողմանիորեն ծանոթանալու ներկայացվող նյութին կամ թեմային և նպաստեն սովորողի մոտ դրա վերաբերյալ սեփական դիրքորոշման ու կարծիքի ձևավորմանը,

5) դասագիրքը և ուսումնաօժանդակ գրականությունը պետք է լինեն մատչելի՝ համապատասխանելով տվյալ դասարանի սովորողի լեզվամտածողության, ինչպես նաև տեսողության խնդիրներ ունեցող երեխաների առանձնահատկություններին՝ խուսափելով մասնագիտական և գիտական եզրույթների անհարկի գործածումից, երկարաշունչ նախադասություններից՝ կիրառելով պարզ կառուցվածքով և հասկանալի բովանդակությամբ նախադասություններ, ներառեն պարզ օրինակներ, բազմաբնույթ վարժություններ,

6) դասագրքում և ուսումնաօժանդակ գրականության մեջ պետք է օգտագործվեն տեղեկատվության փոխանցման տարբեր եղանակներ՝ տեքստային, պատկերային, գրաֆիկական, թվային և այլ՝ փոխլրացման և համադրման սկզբունքով՝ խուսափելով կրկնություններից,

7) դասագրքի և ուսումնաօժանդակ գրականության կառուցվածքը պետք է համապատասխանեն ներքոգրյալ պահանջներին․ գլուխների և դասերի, պարագրաֆների և կառուցվածքային այլ բնութագրիչների դասավորում, ներքին ամբողջականություն, հստակություն, տրամաբանական հաջորդականություն, եզրակացությունների հակիրճություն, պարզություն, ներկայացման արտահայտչություն ու պատկերացումների, նկարազարդումների, ճշգրիտ և բազմազան հարցերի, պայմանների ու առաջադրանքների այնպիսի կառուցվածք, որը սովորողներից պահանջում է կատարել մտավոր գործողություններ, նշումներ, ուրվագծեր, գծանկարներ, հաշվարկներ, գործնական աշխատանքներ, փորձեր և այլն:

(2-րդ կետը խմբ. 15.08.23 N 107-Ն) 

3. Դասագրքի էջերը չպետք է գերազանցեն՝

1) 176 էջը (11 մամուլ), մասերի բաժանված լինելու դեպքում՝ յուրաքանչյուր մասը՝ 112 էջը (7 մամուլ)՝ տարրական (1-4-րդ) և միջին (5-9-րդ) դասարաններում,

2) 192 էջը (12 մամուլ)՝ ավագ (10-12-րդ) դասարաններում:

(3-րդ կետը լրաց. 15.08.23 N 107-Ն) 

4. Դասագիրքը և ուսումնաօժանդակ գրականությունը կարող են լինել թղթային, էլեկտրոնային կամ հիբրիդ (համակցված)։

5. «Թղթային, էլեկտրոնային և հիբրիդ դասագրքերի, դասագրքի մեթոդական ուղեցույցների և ուսումնաօժանդակ նյութերի օգտագործման (ներառյալ՝ հոնորարների վճարման) հետ կապված, մտավոր սեփականությանը վերաբերող բոլոր իրավահարաբերությունները կարգավորվում են դրամաշնորհի հրավերի պայմաններով և կողմերի միջև կնքվող պայմանագրով:

(5-րդ կետը խմբ. 27.10.22 N 38-Ն)

6. Հիբրիդ դասագիրքը և ուսումնաօժանդակ գրականությունը նույն թղթային դասագիրքն ու ուսումնաօժանդակ գրականությունն են, որոնց մեջ ներառված են ավելացված իրականության տարրեր, որոնք հնարավորություն են տալիս բջջային համապատասխան հավելվածի միջոցով տվյալ թեմայի վերաբերյալ տեսաձայնային հավելյալ նյութեր ներառելու:

7. Էլեկտրոնային դասագիրքը և ուսումնաօժանդակ գրականությունը ժամանակակից ուսուցման միջոց են, ծրագրային ապահովման հատուկ գործիք, որտեղ համակարգված ներկայացվում են նյութեր` գիտելիքների որոշակի բնագավառում գիտության և տեխնիկայի ժամանակակից ձեռքբերումներին համապատասխան:

8. Դասագրքերի, այդ թվում՝ էլեկտրոնային և հիբրիդ դասագրքերի օգտագործման նվազագույն ժամկետը (տվյալ առարկայի չափորոշչի և ծրագրի պահանջների անփոփոխ մնալու դեպքում)՝ տարրական, միջին և ավագ դասարաններում 3-ից մինչև 7 տարի է՝ կախված տվյալ առարկայի շաբաթական դասաժամերի քանակից: Հանրակրթության պետական չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ՝ նախարար) հրամանով կարող են սահմանվել դասագրքերի գործածության այլ ժամկետներ:

(8-րդ կետը խմբ. 27.10.22 N 38-Ն, լրաց. 15.08.23 N 107-Ն)

9. Դասագրքերի օգտագործման ժամկետները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ՝ Նախարար) հրամանով:

10. Միջնակարգ կրթության 2-րդ և 3-րդ աստիճանների թղթային և էլեկտրոնային դասագրքերի վերահրատարակման համար օգտագործվում են սովորողի ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) կողմից դասագրքերի օգտագործման համար ներդրված գումարները (բացառությամբ բրայլյան դասագրքերի և ազգային փոքրամասնությունների լեզուներով դասագրքերի, որոնց ստեղծումը, հրատարակումը և վերահրատարակումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին): Նույն առարկայի թղթային, դրա թվայնացված և էլեկտրոնային դասագրքերի համար ներդրումային գումարները կարող են միմյանցից տարբերվել։

(10-րդ կետը լրաց. 27.10.22 N 38-Ն, 11.04.23 N 49-Ն)

11. Սովորողը, ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) գրավոր համաձայնության դեպքում կարող է օգտագործել թղթային դասագիրքը կամ դրա թվայնացված տարբերակը կամ հիբրիդային դասագիրքը կամ համատեղել դրանք կամ կարող է հրաժարվել թղթային դասագրքից` օգտագործելով էլեկտրոնային կամ հիբրիդ դասագիրք:

(11-րդ կետը խմբ. 27.10.22 N 38-Ն)

12. Դասագիրքը կարող է ունենալ օգտագործման մեթոդական ուղեցույց և բովանդակությունը լրացնող կամ հարստացնող այլ ուսումնական նյութեր, որոնք կարող են լինել էլեկտրոնային։

13. Թղթային դասագրքի էլեկտրոնային հղումները, դասագրքի օգտագործման մեթոդական ուղեցույցը և այլ ուսումնական նյութերը կարող են պարբերաբար թարմացվել, եթե երաշխավորվել են սույն կարգի պահանջներին համապատասխան։

 

3. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՕԺԱՆԴԱԿ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ

 

14. Հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծումը, հրատարակումը, գնումն իրականացվում է՝

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով,

2) հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ Հաստատություն)՝ առանձնացված բանկային հաշիվներում առկա ներդրումային գումարների միջոցներով,

3) օրենքով չարգելված այլ միջոցներով:

15. Դասագրքերի ստեղծումն ու հրատարակումն իրականացվում է մրցութային եղանակով։

16. Դասագրքերի ստեղծման և հրատարակման համար անցկացվում են առանձին մրցույթներ։ Մրցույթները կարող են իրականացվել տարբեր ժամանակներում կամ միաժամանակ:

(16-րդ կետը լրաց. 27.10.22 N 38-Ն)

16.1. Դասագրքի ստեղծման մրցույթին կարող է ներկայացվել դասագրքին հավակնող այն ուսումնաօժանդակ նյութը (այսուհետ՝ ուսումնական նյութ), որն ունի օգտագործման համար անհրաժեշտ դասագրքի ամբողջական տեսք, պատրաստ է տպագրության համար, և մրցույթին է ներկայացված օֆսեթ եղանակով տպագրված ազդօրինակ նմուշը ու դրա էլեկտրոնային տարբերակը (համաձայն Հավելված 2-ի):

(16.1-ին կետը լրաց. 27.10.22 N 38-Ն, փոփ., լրաց. 15.08.23 N 107-Ն)

16.2. Դասագրքի հրատարակման մրցույթն իրականացվում է դասագրքի տպագրության և Հայաստանի Հանրապետության մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան առաքման համար։

(16.2-րդ կետը լրաց. 27.10.22 N 38-Ն)

17. Դասագրքերի ստեղծման մրցույթին կարող են մասնակցել ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձինք։

18. Դասագրքերի ստեղծման և հրատարակման մրցույթներն իրականացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների։

19. Պետական բյուջեի միջոցներով ֆինանսավորվող դասագրքերի ստեղծման և հրատարակման մրցույթները կազմակերպում և անցկացնում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը։ Հաստատությունների սովորողների ծնողների (նրանց օրինական ներկայացուցիչների) դասագրքերի համար ներդրումային գումարներով ֆինանսավորվող դասագրքերի ստեղծման և հրատարակման մրցույթները կազմակերպում և անցկացնում է Նախարարության կողմից ձևավորված հանձնաժողովը, որում ընդգրկվում է ներկայացուցիչ նաև Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամից (այսուհետ՝ ԴՏՀՏՇՀ):

(19-րդ կետը փոփ. 15.08.23 N 107-Ն)

20. Դասագրքերի ստեղծման մրցույթի պարտադիր բաղադրիչն է մրցույթին ներկայացված ուսումնական նյութերի փորձաքննությունը, որն իրականացվում է սույն կարգով ձևավորված հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների (այսուհետ՝ հանձնաժողով) կողմից։

(20-րդ կետը փոփ. 15.08.23 N 107-Ն) 

21. Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան՝ դասագրքերի ստեղծման մրցույթի ընթացքում ներկայացված ուսումնական նյութերի փորձաքննությունն իրականացվում է հետևյալ փուլերով.

1) համապատասխանության փուլ: Այս փուլում գնահատվում է ներկայացված ուսումնական նյութի բովանդակության գիտական համապատասխանությունը՝ «Համապատասխանում է» և «Չի համապատասխանում» գնահատականներով։ Սույն կարգի 36-րդ կետով նախատեսված հանձնաժողովի կողմից կազմվում է գիտական համապատասխանության վերաբերյալ եզրակացություն: Ըստ անհրաժեշտության՝ հանձնաժողովը կարող է դիմել այլ մասնագիտական կառույցների՝ գիտական համապատասխանության վերաբերյալ եզրակացություն տրամադրելու համար:

2) բովանդակային գնահատման փուլ: Հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման մրցույթին ներկայացված ուսումնական նյութերի բովանդակային գնահատումն իրականացվում է հանձնաժողովների կողմից՝ սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված պահանջների համաձայն, մշակված գնահատման սանդղակին համապատասխան։ Հանձնաժողովների կողմից սահմանվում է ուսումնական նյութերի բովանդակային անցողիկ շեմ։

(21-րդ կետը խմբ. 27.10.22 N 38-Ն, փոփ. 15.08.23 N 107-Ն)

21.1. Սույն կարգի 21-րդ կետով նախատեսված փուլերը հաղթահարած ուսումնական նյութերը հրապարակվում են ԴՏՀՏՇՀ-ի պաշտոնական կայքում՝ հնարավորություն տալով տվյալ առարկայի ուսուցիչներին հրապարակման օրվանից հաշված 15 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնական նյութի վերաբերյալ կարծիք ներկայացնելու համար:

(21.1-ին կետը լրաց. 27.10.22 N 38-Ն, փոփ. 15.08.23 N 107-Ն)

22. Բովանդակային շեմն անցած ուսումնական նյութերը հանրակրթական ուսումնական հաստատությունում կարող են օգտագործվել որպես ուսումնաօժանդակ գրականություն։

(22-րդ կետը փոփ. 15.08.23 N 107-Ն)

23. ԴՏՀՏՇՀ-ի պաշտոնական կայքում ստեղծվում է հանրակրթական առարկաների երաշխավորված դասագրքերի շտեմարան, որտեղ ներառված յուրաքանչյուր դասագրքի համար տեղադրվում է վերջինիս փորձաքննության մանրամասն տեղեկանքը՝ յուրաքանչյուր փուլի արդյունքներով։

24. Յուրաքանչյուր տարի մինչև հունվարի 25-ը, հիմք ընդունելով սույն կարգի 8-րդ կետի պահանջները, Նախարարի կողմից հաստատվում է հաջորդ ուսումնական տարվա համար գործածության երաշխավորված հանրակրթական առարկաների դասագրքերի ցանկը, որում նշվում են վերահրատարակվող դասագրքերը և դրանց գործածության ժամկետները: Հանրակրթության պետական չափորոշչի ներդրմամբ պայմանավորված դրամաշնորհային մրցույթում հաղթող ճանաչված նոր ստեղծվող դասագրքերի ցանկը Նախարարի հրամանով գործածության է երաշխավորվում դրամաշնորհային մրցույթի ավարտից և ամփոփումից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում:

(24-րդ կետը խմբ. 11.04.23 N 49-Ն)

25. Հաստատությունների կողմից ներկայացված հայտերի ամփոփման արդյունքներով պետական բյուջեի միջոցներով ֆինանսավորվող դասագրքերի դեպքում՝ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում, իսկ հաստատությունների սովորողների ծնողների (նրանց օրինական ներկայացուցիչների)՝ դասագրքերի համար ներդրումային գումարներով ֆինանսավորվող դասագրքերի դեպքում՝ ԴՏՀՏՇՀ-ի կառավարման ավտոմատացված համակարգում ձևավորվում է հաջորդ ուսումնական տարվա համար դասագրքերի պատվերը (այսուհետ՝ պատվեր):

(25-րդ կետը խմբ. 27.10.22 N 38-Ն)

26. Պատվերի հիման վրա, պետական բյուջեից ֆինանսավորման դեպքում՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմինը, իսկ Հաստատությունների ներդրումային միջոցներից ֆինանսավորման դեպքում՝ ԴՏՀՏՇՀ–ն, կազմակերպում է դասագրքերի վերահրատարակման մրցույթը։

(26-րդ կետը խմբ. 27.10.22 N 38-Ն)

27. Սույն կարգի 9-րդ կետի համաձայն՝ Նախարարի հրամանով սահմանված դասագրքերի օգտագործման ժամկետների ավարտից հետո կարող է անցկացվել դասագրքի ստեղծման նոր մրցույթ, իսկ նախորդ մրցույթով անցած դասագրքերը, որոնք ընդգրկված են եղել երաշխավորված դասագրքերի ցանկում, շարունակում են մնալ այդ ցանկում, եթե առարկայական չափորոշչում և ծրագրերում բովանդակային փոփոխություն չի կատարվել:

(27-րդ կետը փոփ. 27.10.22 N 38-Ն)

28. Տպագրության համար դասագրքի գինը ներկայացվում է հետևյալ խմբաքանակների համար՝ 50-1000, 1001-5000, 5001-10000 և այդպես շարունակ, մինչև 50001-55000:

(28-րդ կետը խմբ. 27.10.22 N 38-Ն)

29. Ուսումնաօժանդակ գրականության ստեղծման և հրատարակման գործընթացները կարող են իրականացվել օրենքով չարգելված միջոցներով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

4. ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻՆ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՕԺԱՆԴԱԿ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

30. Հանձնաժողովների գործունեության նպատակն է հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման մրցույթին ներկայացված ուսումնական նյութերի փորձաքննության (այսուհետ՝ փորձաքննություն) արդյունքում Հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատումը:

(30-րդ կետը փոփ. 15.08.23 N 107-Ն)

31. Հանձնաժողովները ձևավորվում են համակարգչում նախօրոք զետեղված և համակարգչի կողմից ընտրված թեկնածուներից։

32. Նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակվում է հայտարարություն, որտեղ նշվում են այն պահանջները, որոնց պետք է բավարարի հանձնաժողովի անդամը:

33. Հանձնաժողովի անդամության թեկնածուներ (այսուհետ` թեկնածուներ) առաջադրվում են Նախարարության, գիտական և գիտահետազոտական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, պետական կառավարման տարածքային մարմինների, Երևանի քաղաքապետարանի, կրթական գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների կողմից:

34. Հանձնաժողովի անդամին առաջադրվող պարտադիր պահանջներն են`

1) բարձրագույն մասնագիտական կրթություն (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով),

2) մասնագիտական աշխատանքի առնվազն 7 տարվա ստաժ:

35. Թեկնածուն պետք է լրացնի անձնական թերթիկ, որտեղ պետք է ընդգրկվեն հետևյալ տվյալները.

1) անունը, ազգանունը (հայրանունը), զբաղեցրած պաշտոնը, բնակության վայրը, հեռախոսահամարները` բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն, կրթության, աշխատանքային ստաժի վերաբերյալ և այլ տվյալներ,

2) այն առարկայի (առարկաների) անվանումը, որի դասագրքի (դասագրքերի)՝ հանրակրթության պետական չափորոշչին համապատասխանության գնահատման հանձնաժողովում թեկնածուն կարող է ընդգրկվել որպես հանձնաժողովի անդամ:

36.Նախարարությունը իրականացնում է հանձնաժողովի անդամների թեկնածուների ընտրություն` ըստ հետևյալ մասնագիտական ուղղությունների՝

1) տվյալ առարկայի 3-5 մասնագետներ,

2) մանկավարժ-մեթոդիստ,

3) մանկավարժ-հոգեբան,

4) հայոց լեզվի մասնագետ (բացառությամբ՝ օտար լեզուների առարկաների, որում կարող են ներգրավվել համապատասխան առարկայի մասնագետները),

5) նկարիչ-ձևավորող,

6) բժիշկ-հիգիենիստ։

Յուրաքանչյուր մասնագիտական ուղղությունից ընտրվում է մինչև 5 թեկնածու՝ յուրաքանչյուր առարկայի համար։

(36-րդ կետը փոփ. 27.10.22 N 38-Ն, խմբ. 15.08.23 N 107-Ն)

37. Թեկնածուների ամբողջական անվանացանկը կարող է համալրվել և փոփոխվել դասագրքերի ստեղծման մրցույթի վերաբերյալ հայտարարություն տալու օրվանից առնվազն 6 ամիս առաջ՝ բացառությամբ հանրակրթության պետական չափորոշչի ամբողջական ներդրմամբ պայմանավորված հաջորդաբար ստեղծվող դասագրքերի մրցույթների հայտարարությունների:

(37-րդ կետը խմբ. 11.04.23 N 49-Ն)

38.Թեկնածուն չի կարող լինել հանձնաժողովի անդամ, եթե հանդիսանում է դասագրքերի ստեղծման մրցույթին ներկայացված ուսումնական նյութի հեղինակ, համահեղինակ, խմբագիր, խորհրդատու, թարգմանիչ, վերջիններիս հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր, քույր) անձ, միևնույն առարկայի հավակնորդ այլ դասագրքի փորձագետ կամ որևէ այլ ձևով մասնակից է դասագրքի ստեղծմանը:

(38-րդ կետը փոփ., լրաց. 15.08.23 N 107-Ն)

39. Հանձնաժողովի բոլոր անդամները գրավոր ներկայացնում են հայտարարություն` սույն կարգի 34-րդ և 38-րդ կետի պահանջներին բավարարելու մասին:

40. Թեկնածուները Նախարարության միջոցով գրավոր տեղեկացվում են թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու մասին` նախքան ցուցակի համակարգչում զետեղելը:

41. Հանձնաժողովը կազմվում է համակարգչի կողմից պատահական ընտրված 5 թեկնածուներից` մրցույթն անցկացնելու օրվանից 2 աշխատանքային օր առաջ:

42. Եթե համակարգչի միջոցով ընտրված թեկնածուի (թեկնածուների)՝ հանձնաժողովի կազմում աշխատելը անհնարին է (ժամանակավոր անաշխատունակության, բացակայության, սույն կարգի 38-րդ կետով սահմանված և այլ պատճառներով), ապա համակարգչի միջոցով ընտրվում է այլ թեկնածու:

43. Հանձնաժողովի կազմը հաստատվում է Նախարարի հրամանով:

(43-րդ կետը խմբ. 27.10.22 N 38-Ն)

44. Պետական բյուջեի միջոցներով ֆինանսավորվող դասագրքերի դեպքում հանձնաժողովի կազմում ընդգրկված անդամները Նախարարության կողմից, իսկ հաստատությունների սովորողների ծնողների (նրանց օրինական ներկայացուցիչների)՝ դասագրքերի համար ներդրումային գումարներով ֆինանսավորվող դասագրքերի դեպքում՝ ԴՏՀՏՇՀ-ի կողմից, տեղեկացվում են հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման օրվա, ժամի և վայրի մասին` հանձնաժողովի կազմավորումից հետո՝ 24 ժամվա ընթացքում:

(44-րդ կետը խմբ. 27.10.22 N 38-Ն)

45. Եթե գնահատման աշխատանքների ընթացքում հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա հանձնաժողովի կազմը համալրվում է սույն կարգի 42-րդ կետում նկարագրված ձևով:

46. Մինչև գնահատման գործընթացի իրականացումը Հանձնաժողովի անդամները անցնում են անհրաժեշտ վերապատրաստում՝ գործընթացը կազմակերպող կազմակերպության կողմից։

47. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է սահմանված կարգով կազմը հաստատվելու պահից: Հանձնաժողովի լիազորությունները դադարեցվում են գնահատման արդյունքները ներկայացնելուց հետո:

48. Հանրակրթության պետական չափորոշչին ուսումնաօժանդակ գրականության համապատասխանության գնահատումն իրականացվում է «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 26.15-րդ կետով սահմանված կարգով՝ մասնագիտացված կառույցների կողմից տրվող մասնագիտական եզրակացության հիման վրա:

(հավելվածը խմբ., լրաց., փոփ. 27.10.22 N 38-Ն, լրաց., խմբ. 11.04.23 N 49-Ն, փոփ., խմբ., լրաց. 15.08.23 N 107-Ն)

 

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

կրթության, գիտության, մշակույթի և

սպորտի նախարարի 2022 թվականի

հունիսի 9-ի N 20-Ն հրամանի

 

ԴԱՍԱԳՐՔԵՐԻՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՕԺԱՆԴԱԿ ՆՅՈՒԹԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

1. Դասագրքերի հրատարակման տառատեսակային ձևավորման պարամետրերը տրվում են ԴԻԴՈ տպաչափական համակարգում՝ 1 կետաչափը հավասար է 0.376 մմ երկարության։

2. Հայկական տառատեսակի ոճն ու բնութագիրը պետք է համապատասխանեն «Հայկական համակարգչային տառատեսակներ» ՀՀ ստանդարտին (ՀՍՏ 311–2009)։

3. Դասագրքերի առավելագույն զանգվածն է (քաշը)․

1) I-IV դասարանների դասագրքերի համար ՝ 300 գրամ.

2) V-VI դասարանների դասագրքերի համար՝ 400 գրամ.

3) VII-IX դասարանների դասագրքերի համար՝ 500 գրամ.

4) X-XII դասարանների դասագրքերի համար՝ 600 գրամ։

4. Դասագրքերը հրատարակվում են փափուկ կազմով։ Կազմի համար օգտագործվում են երեխաների առողջության վրա վնասակար ազդեցություն չունեցող նյութեր։ Փափուկ կազմի թղթի նվազագույն չափօրինակին համապատասխանում է կավճապատ և սպիտակեցված կոշտ թուղթը կամ եռապատիկ շերտով սպիտակեցված ստվարաթուղթը։ Թղթի մակերեսը մի կողմից պետք է լինի երեսպատված 12 մկ ացետատի լամինատով։ Կազմի թուղթը պետք է ունենա առնվազն 340 մկ հաստություն։ Կազմի թուղթը ծալելիս թելքի ուղղությունը պետք է զուգահեռ լինի կազմի կռնակին։

5. Տպագրական թուղթը պետք է լինի օֆսեթ։ Տպագրական թղթի նվազագույն չափօրինակին համապատասխանում է ոչ փայտային հիմք ունեցող թուղթը կամ, եթե անթափանցիկությունը բարձրացնելու նպատակով ավելացվել է մանրացված փայտախյուս, ապա թուղթը պետք է լինի սպիտակեցված, արտադրված մամլական կամ ջերմամեխանիկական եղանակով, չպետք է ունենա 30%–ից ավելի թելք, պետք է լինի համասեռ։ Թուղթը պետք է լինի ճշգրիտ կտրված, ունենա բարձր անթափանցիկություն, որպեսզի հնարավոր լինի տպագրել չորս գույնի տեքստեր՝ առանց երկկողմանի թափանցիկության։ Դասագրքի համար պետք է օգտագործվի նվազագույնը 70 գր/մ2–ից մինչև 80 գր/մ2 թուղթ։ Նվազագույն թափանցիկությունն ըստ ISO 2471–ի պետք է լինի 88%-90%: Տպագրված մամուլները ծալելիս թղթի թելքի ուղղությունը պետք է լինի զուգահեռ կռնակին։

6. Դասագիրքը պետք է լինի գունավոր, տպագրված օֆսեթ եղանակով, տպագրական չորս գույների համադրության մեթոդով (CMYK): Դասագիրքը պետք է ունենա 170մմx240մմ (70x100/1/16) կամ 206մմx260մմ (84x108/1/16) ձևաչափերը։ Դասագրքի կազմելու ձևը թելակարով մամուլներն են, որոնք կազմին սոսնձվում են բարձրորակ երկարակյաց և առաձգական սոսնձով։ Կազմի մեջքի և դիմացի ծալքի հեռավորությունը պետք է լինի 6 մմ, կազմի կռնակի ծալվածքը պետք է լինի 90 ։

7. Դասագիրքը պետք է ունենա տեխնիկական էջ և տիտղոսաթերթ:

8. Դասագրքի բացված զույգ էջերի միջև լուսանցքը 26 մմ է, ընդ որում՝ յուրաքանչյուր կից էջի նվազագույն լուսանցքը 10 մմ է։ Էջերի լուսանցքների վրա, բացի կից էջի լուսանցքից, տեղադրվում են առաջադրանքների պայմանական նշաններ, պատկերներ, ինչպես նաև տեքստ (50 տպատառ ծավալով), հիմնական շարվածքից 5 մմ հեռավորության վրա։ Էջի վերին, արտաքին և ստորին լուսանցքները նվազագույնը 10 մմ է՝ պատկերների պարագայում պահպանելով լուսանցքի եզրագիծը կամ օգտագործելով լուսանցքը մինչև էջի եզրը։

9. Դասագրքում նեղ նկարվածքով տպատառեր կիրառվում են միայն վերնագրերում։

10. Դասագրքերի տպագրության ժամանակ հիմնական և լրացուցիչ տեքստերի համար չեն կիրառվում նեգատիվային (բաց/շրջված) տառատեսակներ։ Տեքստը տպագրվում է ստվերագիծ չունեցող, ոչ աղճատված, դյուրընթեռնելի տպատառերով։ Գունավոր ֆոնի վրա թեք, շեղ, գունավոր տառատեսակներ չեն կիրառվում՝ պատկերը և տեքստն ակնառու դարձնելու համար։ Տպագրության ժամանակ հիմնական և լրացուցիչ տեքստերի շարվածքը չի կարող լինել երկուսից ավել սյունակով և երեքից ավել գույնով։

11. Տարրական դպրոցի դասագրքերում հիմնական և լրացուցիչ տեքստերի և որևէ հատվածի ընդգծման համար (բացի վերնագրերից) կիրառվում է միևնույն տեսակաշարի տպատառային ձևավորման առավելագույնը 4 տարբերակ, որոնք իրարից տարբերվում են բնութագրող որևէ մեկ հատկորոշչով, կամ տառի չափով, կամ տեսակաշարով, կամ նկարվածքով, կամ գունային ընդգծվածությամբ։ Միջին և ավագ դպրոցների դասագրքերի հիմնական և լրացուցիչ տեքստերի ձևավորման համար կիրառվում է միևնույն տառատեսակի տարբեր նկարվածքներ (ոճեր)։

12. Տարրական դասարանների դասագրքերում քարտեզների մակագրությունների համար կիրառվում են նվազագույնը 10, միջին դասարանների դասագրքերի համար՝ նվազագույնը 9, իսկ ավագ դասարանների դասագրքերի համար նվազագույնը 8 կետաչափի տպատառեր /անհնարինության պարագայում տալ QR-ով կամ այլ նյութերի միջոցով։

13. Եթե տեքստը էջի վրա տեղադրված է պատկերի աջ կողմում, ապա տողերը գտնվում են մեկ ուղղահայաց գծի վրա՝ բացառությամբ վերնագրի և նոր տողի։

14. Դասագրքերը տպագրվում են առանց տեղեկատվության կորստի և դյուրընթեռնելիության խաթարմանը հանգեցնող հետևյալ թերությունների․

1) չտպագրված մասեր (պատկերի էլեմենտների կորուստ), ներկերի լղոզվածություն, բծեր.

2) քերծվածքներ, կրկնակի տպագրություն.

3) սոսնձի ներհոսք էջերի միջև, որը հանգեցնում է էջերի սոսնձման և տեքստի կամ պատկերի վնասման.

4) դասագրքերի մասերի կամ կազմի թերություններ։

15. Այբբենարաններին ներկայացվող պահանջներ․

1) տեքստի տառատեսակի չափը՝ նվազագույնը 18 կետաչափ.

2) տեքստի տողի նվազագույն երկարությունը՝ 117 մմ.

3) տեքստի միջտողային նվազագույն տարածությունը՝ 7 կետաչափ.

4) տառատեսակի խումբը՝ առանց ծայրատների, քիչ կոնտրաստով.

5) տառատեսակի ոճը՝ նորմալ կամ լայն, կիսաթավ, ուղիղ.

6) պատկերների մակագրության համար կիրառվում է 12 կետաչափից ոչ պակաս չափի տառատեսակ, դրանք տեղադրվում են պատկերի եզրից նվազագույնը 4 մմ հեռավորության վրա.

7) էջի վրա տողադարձերի առավելագույն քանակը չպետք է գերազանցի 4-ը.

8) չեն կիրառվում շեղագիր տպատառեր.

9) Այբբենարանի այբուբենային էջերի վրա պատկերազարդումների ընդհանուր մակերեսը առնվազն 50 % է, իսկ հետայբուբենային մասում՝ նվազագույնը 30%.

10) վայելչագրության մասում, գրելու ունակությունների յուրացման համար (տառերի մասնիկներ, տառեր, տառերը միացնող մասնիկներ, առանձին բառեր), փոքրատառերի հորիզոնական ուղղորդիչ գծերի միջև առավելագույն հեռավորությունը 8 մմ է, իսկ նվազագույնը՝ 5 մմ.

11) տառերի նմուշները և նրանց տարրերը պատկերելու համար կիրառվում են հոծ գիծ կամ կետագիծ, ինչպես նաև գրելու ժամանակ ձեռքի շարժման ուղղությունը ցույց տվող սլաքներ։ Տառի օրինակները պատկերելու համար օգտագործվում է միայն մեկ գույն.

12) ձեռագիր տառատեսակի կիրառման դեպքում վերջինիս չափը 2 կետաչափով ավելի է հիմնական տեքստի տառատեսակի չափից.

13) բոլոր տիպի Այբբենարաններում ձեռագիր տառատեսակները պետք է լինեն նույնը։

16. Տարրական դասարանների դասագրքերին ներկայացվող պահանջներ․

1) տեքստի տառատեսակի չափը՝ առաջին և երկրորդ դասարանների դասագրքերի համար նվազագույնը 14 կետաչափ, երրորդ և չորրորդ դասարանների դասագրքերի համար՝ նվազագույնը 12 կետաչափ.

2) տեքստի տողի նվազագույն երկարությունը՝ առաջին և երկրորդ դասարանների դասագրքերի համար նվազագույնը 108 մմ, երրորդ և չորրորդ դասարանների համար՝ նվազագույնը 81 մմ.

3) տեքստի միջտողային նվազագույն տարածությունը՝ 7 կետաչափ.

4) տառատեսակի խումբը՝ առանց ծայրատների.

5) տառատեսակի ոճը՝ նորմալ կամ լայն, կիսաթավ.

6) պատկերների մակագրության համար կիրառվում է 12 կետաչափից ոչ պակաս չափի տառատեսակ․ դրանք տեղադրվում են պատկերի եզրից նվազագույնը 4 մմ հեռավորության վրա.

7) դասագրքի բառարանային մասը հավաքվում է երկու սյունակով, եթե սյունակների միջև պահպանվում է նվազագույնը 9 մմ տարածություն, իսկ բաժանարար գծի առկայության դեպքում ՝ 6 մմ։

17. Միջին և ավագ դասարանների դասագրքերին ներկայացվող պահանջներ․

1) տեքստի տառատեսակի չափը՝ հինգերորդ և վեցերորդ դասարանների դասագրքերի համար նվազագույնը 10 կետաչափ, յոթից տասներկուերորդ դասարանների դասագրքերի համար՝ նվազագույնը 9 կետաչափ.

2) տեքստի տողի նվազագույն երկարությունը՝ 50 մմ.

3) տեքստի միջտողային նվազագույն տարածությունը՝ 3.5 կետաչափ.

4) տառատեսակի խումբը՝ բոլոր խմբերը.

5) տառատեսակի ոճը՝ նորմալ կամ լայն, սովորական, միջին կամ կիսաթավ.

6) պատկերների մակագրության համար կիրառվում է 12 կետաչափից ոչ պակաս չափի տառատեսակ․ դրանք տեղադրվում են պատկերի եզրից նվազագույնը 4 մմ հեռավորության վրա.

7) դասագրքի վարժությունների, խնդիրների և բառարանային մասը հավաքվում է երկու սյունակով, եթե սյունակների միջև պահպանվում է նվազագույնը 9 մմ տարածություն, իսկ բաժանարար գծի առկայության դեպքում ՝ 6 մմ։

(հավելվածը լրաց. 15.08.23 N 107-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.12.2023, N 167-Ն 30.12.2023, N 20-Ն
15.08.2023, N 107-Ն 18.08.2023, N 20-Ն
11.04.2023, N 49-Ն 26.04.2023, N 20-Ն
27.10.2022, N 38-Ն 07.11.2022, N 20-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան