Գլխավոր տեղեկություն
Номер
N 43-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (22.05.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Дата принятия
22.05.2023
Подписан
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Дата подписания
22.05.2023
Дата вступления в силу
22.05.2023
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

22 մայիսի 2023 թ.

  N 43-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 09-Ա ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Տարբեր նշանակության շենքերի ու շինությունների կառուցման (այդ թվում՝ վերակառուցման, հիմնանորոգման, արդիականացման, վերազինման, ընդլայնման, քանդման կամ ապամոնտաժման) աշխատանքներ կատարողների և տեխնիկական հսկողության ծառայություններ մատուցողների նկատմամբ՝ շինարարական աշխատանքների ընթացքում նորմատիվատեխնիկական և հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերով սահմանված պահանջների՝ շինարարական հրապարակի պատշաճ կազմակերպման, կահավորման և անվտանգության տեխնիկայի կանոնների չպահպանման, հայտնաբերված խախտումների և թերությունների համար պատասխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ մեթոդական խորհրդատվության դրույթները»՝ համաձայն Հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

 Ա. ՂՈՒԼԱՐՅԱՆ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 ՀՀ քաղաքաշինության կոմիտեի

նախագահի 2023 թվականի

մայիսի 22-ի N 43-Ա հրամանի

 

 

«ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի

նախագահի 2023 թվականի

 փետրվարի 9-ի N 09-Ա հրամանի

 

ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ, ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ, ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ, ՎԵՐԱԶԻՆՄԱՆ, ԸՆԴԼԱՅՆՄԱՆ, ՔԱՆԴՄԱՆ ԿԱՄ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ) ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ՝ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆՈՐՄԱՏԻՎԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ՝ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՊԱՏՇԱՃ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԿԱՀԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՉՊԱՀՊԱՆՄԱՆ, ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԵԹՈԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ

 

ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԻՆՉՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՓՈՒԼՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻ (ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ) ՀՍԿՈՂՈՒԹՅԱՄԲ ԿԱՊԱԼԱՌՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ՝ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ՝ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՄԱՁԱՅՆ

 

Մինչև շինարարական աշխատանքների մեկնարկը.

1. օբյեկտի նախապատրաստումը պետք է նախատեսի ինժեներատեխնիկական անձնակազմի կողմից նախագծային փաստաթղթերի (ներառյալ գոյություն ունեցող օբյեկտի վերակառուցման դեպքում կոնստրուկցիաների տեխնիկական հետազննության արդյունքների փաստաթղթերի) ուսումնասիրություն, շինարարության պայմաններին մանրազննին ծանոթություն, արտահրապարակային ու ներհրապարակային նախապատրաստական աշխատանքներ՝ հաշվի առնելով շրջակա միջավայրի անվտանգության պահանջները:

2. հատուկ, կարևորագույն և եզակի օբյեկտների շինարարության նախապատրաստումը պետք է ընդգրկի երկրաշարժաչափական, ջրաերկրաբանական, ջրաբանական, երկրաքիմիական, երկրաբաշխական, մարկշեյդերյան, օդերևութաբանական, լարումաչափական և այլ դիտարկումների/ուսումնասիրությունների կազմակերպման, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում փորձարարական հարթակի (տեղամասի), օդերևութաբանական կետերի և չափողական կայանքների ստեղծման աշխատանքներ: Հետազոտական աշխատանքների, կոնստրուկցիաների ու կառույցների էլեմենտների փորձարկումների և գործելակարգային դիտարկումների ծրագրերը պետք է մշակվեն շինարարական արտադրության կազմակերպման (ПОС- проект организации строительства) և շինարարական աշխատանքների կատարման (ППР-проект производства работ) նախագծերին համապատասխան: Շինարարական արտադրության կազմակերպման նախագիծը (ПОС) մշակվում է նախագծային կազմակերպության կողմից՝ որպես նախագծանախահաշվային փաստաթղթերի լրակազմի մաս: Շինարարական աշխատանքների կատարման նախագիծը (ППР) մշակվում է շինաշխատանքների կապալառուի կողմից և համաձայնեցվում պատվիրատուի և նախագծային կազմակերպության հետ:

3. շինարարական հրապարակը պետք է ցանկապատվի (պահպանական, պաշտպանական կամ ազդանշանային սարքերի, սարքավորումների, գովազդային վահանակների կիրառմամբ), ստեղծվի երկրաբաշխական նշահարման հիմք, կառուցվեն մոտեցման ճանապարհներ, ձևավորվի պահեստային տնտեսություն, շինարարության կարիքների համար նախատեսվեն անհրաժեշտ ծավալի կենցաղային նշանակության ու կոմունալ տնտեսության՝ ինժեներական ենթակառուցվածքների ժամանակավոր շինություններ (ջրամատակարարման, ջրահեռացման, էլեկտրամատակարարման, ըստ անհրաժեշտության նաև գազամատակարարման ժամանակավոր հաղորդակցուղիներ)՝ ըստ շինարարական արտադրության կազմակերպման նախագծի (ПОС),

4. հասարակությանն իրազեկելու նպատակով շինարարության համար հատկացված շինհրապարակի ցանկապատի /այդ թվում` ճանապարհաշինական աշխատանքների ուղեգծի/ կամ մեկ այլ առավել տեսանելի և մատչելի տեղամասում պետք է տեղադրվի ընթեռնելի տառաշարով և բովանդակությամբ հատուկ վահանակ՝ պատվիրատու և կապալառու կազմակերպությունների տվյալների /անվանում, էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար/, ծրագրի անվանման ու նպատակային նշանակության, շինարարական աշխատանքների մեկնարկի և ավարտի ժամկետների, կառուցապատման թույլտվությունների (նախագծման և շինարարության) պատճենների, իսկ ՀՀ պետական բյուջեի (այդ թվում՝ պետությանը տրամադրված վարկային և դրամաշնորհային) միջոցների կամ դրանց ներգրավմամբ և համայնքային բյուջեի միջոցների հաշվին իրականացվող շինարարական ծրագրերի դեպքում նաև շինարարության նախահաշվային արժեքի վերաբերյալ` մինչև ավարտված շինարարության փաստագրումը դրանք պահպանելու պայմանով:

5. շինարարությունում զբաղված ինժեներատեխնիկական, սպասարկման և բանվորական ռեսուրսի՝ անձնակազմի համար անհրաժեշտ է նախատեսել կենցաղային սպասարկման շինություններ (օրինակ՝ սանհագույց, բուժկետ, աշխատանքային և հանգստի սենքեր և այլն),

6. անհրաժեշտ է մշակել և կազմակերպել շինարարական նյութերի, կոնստրուկցիաների, պատրաստի շինվածքների և սարքավորումների մատակարարման գործընթացին վերաբերող ժամանակավոր ենթակառուցվածքների և մեքենա-մեխանիզմների տեղաբաշխման սխեման, հստակեցնել շահագործման և մատակարարման աշխատանքների ժամանակացույցը՝ ըստ շինարարական արտադրության կազմակերպման նախագծի (ПОС) և շինարարական աշխատանքների կատարման նախագծի (ППР)

7. գոյություն ունեցող կառուցապատման պայմաններում՝ շինություններով և հաղորդակցուղիներով զբաղեցված տարածքներում, շինարարական աշխատանքները պետք է իրականացվեն հաշվի առնելով տվյալ բնակավայրում կամ թաղամասում օբյեկտների և շինությունների բավարար կենսապահովումը չխաթարելու պայմանը՝ էլեկտրամատակարարումը, գազամատակարարումը, ջրամատակարարումը, կապի համակարգերը, ջերմամատակարարումը և կոյուղին, ճանապարհների, մայթերի, հարթակների անվտանգ շահագործումը և այլն՝ համաձայն շինարարական արտադրության կազմակերպման նախագծի (ПОС),

8. շինություններից և կանաչապատ հատվածներից ազատ տարածքներում՝ ժամանակավոր մակերեսային ջրահեռացման խողովակաշարի կամ փոսորակի ուղղությամբ, ինչպես նաև հողային աշխատանքների կատարման հատվածներում իրականացվում է բուսական գրունտի հանում, տեղափոխում կամ թմբապատում (обвалование), տարածքում ժամանակավոր մակերեսային ջրահեռացումը փոքր արհեստական կառուցվածքների իրականացնելու միջոցով՝ շինարարության արտադրության կազմակերպման համար անհրաժեշտ տրանսպորտային հաղորդակցուղիների հատման մասերում,

9. կանաչապատ տարածքներում պետք է իրականացվի պահպանման ենթակա տնկիների, ծառերի, թփերի, բույսերի և բուսական գրունտի առանձնացում, ինչպես նաև ըստ անհրաժեշտության ծառերի և թփերի տեղափոխում այլ տարածքներ՝ դրանցում կանաչապատում ապահովելու նպատակով,

10. շինարարության համար նախատեսված տարածքում պետք է իրականացվի բուսական ծածկույթի (ծառերի, թփերի, բույսերի և այլն) բների հանում, մաքրում, տարածքում առկա և պահպանման ոչ ենթակա բուսական շերտի առանձնացում արմատներից, տարածքի մաքրում ծառերի բներից և թփերից,

11.ծառահատման և տեղափոխման ոչ ենթակա կանաչ տնկիները անհրաժեշտ է ցանկապատել (ցանցապատել), շինարարական հրապարակի տարածքում առանձին կանգնած ծառերի բները պաշտպանել վնասվածքներից՝ փաթեթավորելով ատաղձափայտով: Առանձին կանգնած թփերն անհրաժեշտ է վերատնկել: Կանաչապատման համար պիտանի ծառերն ու թփերը պետք է վերատնկվեն դրանց համար նախատեսված հատուկ պահպանական գոտում:

12. ծառաթփուտային (ծառաթփային) բուսականության հատումը և արմատների վզիկների և աճող ծառերի բների հողալցումն անհրաժեշտ է իրականացնել միայն նախագծային փաստաթղթերով նախատեսված դեպքերում:

Մինչև շինարարական աշխատանքների մեկնարկը և դրա ողջ ընթացքում

13. շինարարությունում զբաղված ինժեներատեխնիկական, սպասարկման և բանվորական անձնակազմի առողջության ապահովման, ինչպես նաև շրջակա միջավայրի համար պետք է ստեղծվեն անվտանգ ու սանիտարահիգիենիկ պայմաններ, տրամադրվեն անհատական պաշտպանական միջոցներ (հատուկ արտահագուստ, սաղավարտ, կոշիկ և այլն), աշխատանքների տեխնիկական հսկողություն իրականացնողների կողմից պետք է իրականացվի աշխատակիցների հրահանգավորում՝ անվտագության տեխնիկայի կանոնների վերաբերյալ :

Շինարարական աշխատանքների ողջ ընթացքում

14. Անհրաժեշտ է լրացնել աշխատանքների վարման մատյան, կազմել ծածկված աշխատանքների փաստագրման, կարևոր կոնստրուկցիաների ընդունման միջանկյալ (սարքավորումների, համակարգերի, ցանցերի) ու փորձարկման ակտեր, անհրաժեշտության դեպքում ձևակերպել այլ շինարարական նորմերով և կանոններով նախատեսված լրացուցիչ կատարողական փաստաթղթեր:

15. Շինարարական աշխատանքների ողջ ընթացքում՝ պետք է պահպանվեն օդի փոշոտվածության և գազոտվածության կանխարգելման պահանջները: Փոշու արտանետումների կանխարգելման համար շինությունները պետք է առանձնացվեն արտաքին միջավայրից ամբողջ բարձրությամբ անթափանց թաղանթով, չոր եղանակային պայմաններում շինարարական հրապարակը օրվա ընթացքում պարբերաբար պետք է խոնավեցվի ջրի շիթով, հրապարակը պետք է համալրվի հղկման աշխատանքների արդյունքում գոյացած փոշու արտանետումները բացառող սարքերով, տեխնոլոգիաներով, շինարարական նյութերը՝ ավազը, ցեմենտը, գաջը, խիճը, այլ սորուն նյութերը, հողային զանգվածները, ինչպես նաև շինարարական աղբը պետք է պահվեն կամ պահեստավորվեն փակ տարածքներում, ծածկվեն անթափանց թաղանթով, շինարարական հրապարակից դուրս եկող ավտոմեքենաների անվադողերը պետք է լվացվեն ջրի շիթով, իսկ շինանյութ տեղափոխելու դեպքում՝ ծածկվեն հատուկ նախատեսված արդիական թաղանթով/պաստառով՝ բացառելով դրա համար չնախատեսված տարբեր լաթերի օգտագործումը :

16. Կառուցապատման/շինարարական (այդ թվում կառուցման, վերակառուցման, արդիականացման, ընդլայնման, վերազինման) աշխատանքների ավարտից հետո անհրաժեշտ է իրականացնել հարակից ուղանցումների, մայթերի, փողոցների և հարթակների կառուցում/վերակառուցում արդիական ծածկույթներով (սալապատմամբ), բուսական գրունտի փռում, կանաչ տնկիների և ՀՀ տարածքին բնորոշ ծառերի տնկարկ, սիզամարգերի և ծաղկանոցների իրականացում (սերմերի ցանում), տնկիների խնամքի ապահովում՝ նախագծային լուծումների և պայմանագրային պարտավորությունների համաձայն:

17. Ապահովել շինարարական աղբի տեղափոխումը դրանց հեռացման համար հատուկ հատկացված վայրեր և հատուկ սահմանված երթուղով՝ նախագծով համայնքի կողմից տրված պայմանների համաձայն :

18. Տարածքի միկրոկլիմայի բավարար պահանջների ապահովման համար բարեկարգման տարրերի և միջոցառումների ընտրությունը անհրաժեշտ է իրականացնել հաշվի առնելով աշխարհագրական դիրքը, տվյալ քաղաքաշինական միջավայրի կառուցապատման և հատակագծման առանձնահատկությունները, կլիմայական պայմանները, բարեկարգվող տարածքի գործառական նշանակությունը, կլիմայի փոփոխության անբարենպաստ հետևանքների ազդեցությունը և կանխարգելիչ միջոցառումների ապահովման պարտադիր պահանջը:

19. Օրենքով սահմանված (70.0մլն.դրամը գերազանցող արժեքով շինարարական ծրագրերի) դեպքում օբյեկտների շինարարական հրապարակը պետք է համալրվի նաև տեսախցիկներով՝ շինարարական աշխատանքների իրականացման ամբողջ ժամանակահատվածում:

20. Տեխնիկական հսկողություն իրականացնողների կողմից տեխնիկական վթարների, շինարարական հրապարակում զբաղված ինժեներատեխնիկական, սպասարկման և բանվորական անձնակազմի ու շրջակա միջավայրի (բնապահպանական) անվտանգության ու սանիտարահիգիենիկ պահանջների չապահովման վերաբերյալ պետք է տեղեկացվի ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին՝ 48 ժամվա ընթացքում:

21. Շինարարական արտադրության կազմակերպման աշխատանքներ իրականացնելիս պետք է ղեկավարվել հաստատված նախագծային փաստաթղթերի պահանջներով, «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 30.04.2020թ «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 718-Ն որոշմամբ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 26.08.2022թ ՀՀՇՆ 13-02-2022 «Անվտանգության տեխնիկա» N21-Ն, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 21.06.2022թ N12-Ն ՀՀՇՆ 30-02-2022 «Տարածքի բարեկարգում», ՀՀ քաղաքաշինության նախարարի 14.01.2008թ N11-Ն ՀՀՇՆ I-3.01.01-2008 «Շինարարական արտադրության կազմակերպման աշխատանքների կատարում», ՀՀ քաղաքաշինության նախարարի 14.01.2008թ N07-Ն Շինարարական արտադրության կազմակերպման աշխատանքների կատարման կարգ» իրավական ակտերով և այլն:

ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

22. Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության միջոցները սահմանվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով, «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» ՀՀ օրենքով, Քաղաքացիական օրենսգրքով, կապալի պայմանագրերով:

23. Շինարարական աշխատանքների կատարման (հսկողության) ողջ ընթացքում քաղաքաշինական նորմատիվատեխնիկական և հաստատված նախագծային փաստաթղթերով սահմանված պահանջների՝ այդ թվում շինարարական հրապարակի պատշաճ կազմակերպման, կահավորման, տեխնիկական անվտանգության, սանիտարահիգիենիկ և բնապահպանական (այդ թվում կլիմայի փոփոխության հետ հարմարվողականության միջոցառումների) նորմերի չպահպանման յուրաքանչյուր արձանագրված դեպքի համար Պատվիրատուի կողմից շինաշխատանքների Կապալառուի և/կամ Տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության նկատմամբ պատասխանատվության միջոցները կարող են սահմանվել ըստ առանձին տեսակի (վերը թվարկված թվով 21 միջոցառումների չապահովման մասով) խախտումների՝ աշխատանքների և/կամ ծառայությունների պայմանագրային (շարունակական աշխատանքների/ծառայության դեպքում՝ տվյալ բյուջետային տարվա համար կնքված համաձայնագրի արժեքի) արժեքների նկատմամբ համապատասխանաբար 0.5%-ի և 10%-ի չափով տուգանքներ հաշվարկելու միջոցով: Ընդ որում, ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 17-ի N526-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ տուգանքի չափը չի կարող պակաս լինել պայմանագրի ընդհանուր գնի 0,5 տոկոսից:

24. Սույն դրույթների 1-21-րդ կետերում նշված պարտադիր միջոցառումների չապահովման նկարագրությունները և կիրառվող պատասխանատվության միջոցների չափը ներկայացվում են ՀՀ ֆինանսների նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N588-Ա հրամանով հաստատված (աշխատանքների և ծառայությունների) պետական գնման պայմանագրերի օրինակելի ձևերում տրված 6.5.1 և 5.5.1 կետերի աղյուսակների ձևաչափով՝ աղյուսակների 2-րդ և 3-րդ սյունակներում:

25. Սույն դրույթների 24-րդ կետում նշված աղյուսակի լրացման օրինակելի ձևը ներկայացվում է ստորև՝ ըստ շինարարական աշխատանքներ և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների նկատմամբ սահմանվող պահանջների և պատասխանատվության միջոցների.

աղյուսակ

 

Խախտումը
 (չկատարված միջոցառման անվանումը)

Պատասխանատվության միջոցներ (աշխատանքների և/կամ ծառայությունների պայմանագրային արժեքների, իսկ դրանց շարունակական բնույթի դեպքում՝ տվյալ բյուջետային տարվա համար կնքված համաձայնագրերի արժեքների նկատմամբ համապատասխանաբար 0.5% և 10% գործակցի կիրառմամբ հաշվարկված տուգանքի չափ՝ Ax0.5% կամ Ax10%, որտեղ A-ն պայմանագրի կամ համաձայնագրի արժեքն է)

 

2

3

  .

Օրինակ, խախտումը կարող է նկարագրվել սույն դրույթների 1-ին կետով նախատեսված միջոցառման չկատարման մասով, հետևյալ ձևակերպմամբ՝
«
Չեն նախատեսվել ինժեներատեխնիկական անձնակազմի կողմից նախագծային փաստաթղթերի (ներառյալ գոյություն ունեցող օբյեկտի վերակառուցման դեպքում կոնստրուկցիաների տեխնիկական հետազննության արդյունքների փաստաթղթերի) ուսումնասիրություն, շինարարության պայմաններին մանրազննին ծանոթություն, արտահրապարակային ու ներհրապարակային նախապատրաստական աշխատանքներ՝ հաշվի չեն առնվել շրջակա միջավայրի անվտանգության պահանջները»

 (Ax0.5% կամ Ax10%) ՀՀ դրամ, ընդ որում տոկոսաչափերը կարող են վերանայվել ըստ միջոցառման բարդության և վտանգավորության՝ շինաշխատանքների դեպքում 0.5%-5%, տեխնիկական հսկողության դեպքում՝ 10%-30%

 .

….

 

 .

….

 

 .

….

 

1.

….

 

26. Թվով 21 պարտադիր միջոցառումների (սույն դրույթների 1-21-րդ կետերի) շրջանակներում չկատարված կամ թերի կատարված աշխատանքների ու չմատուցված կամ թերի մատուցված ծառայությունների նկատմամբ կիրառվող տուգանքի ընդհանուր չափը չի կարող գերազանցել պայմանագրի կամ համաձայնագրի գնի համապատասխանաբար 5%-ը շինաշխատանքների և 30%-ը՝ ծառայության մատուցման դեպքում:

27. Թվով 21 պարտադիր միջոցառումների (սույն դրույթների 1-21-րդ կետերի) չկատարման դեպքում, մինչև տուգանքի նշանակումը, Պատվիրատուի կողմից կարող է կիրառվել «նախազգուշացում» պատասխանատվության միջոցը, որի կատարման ժամկետը չի կարող գերազանցել 3 օրացուցային օրը:

28. Կիրառված պատասխանատվության միջոցների՝ այդ թվում «նախազգուշացում» պատասխանատվության միջոցի վերաբերյալ գրառումը կատարվում է շինաշխատանքների ընդհանուր մատյանում՝ տեխնիկական հսկողություն իրականացնողի կողմից և ներկայացվում Պատվիրատուին:

29. Կառուցապատողի (պատվիրատուի), շինարարական աշխատանքների կապալառուի և տեխնիկական հսկողի նկատմամբ պատասխանատվության միջոցներ են նախատեսված նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով (այսուհետ՝ ՎԻՎՕ)՝ որոնք կիրառելի են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ստուգումների, ստուգայցերի արդյունքում հայտնաբերված խախտումների մասով:

30. Քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`

1) քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը և նրա տեղակալները` ՎԻՎՕ-ի 157.1-157.14-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում` տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից բարձր չափով, 157.16-րդ հոդվածով նախատեսված դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, 152.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով, 152-րդ հոդվածով նախատեսված դեպքերում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, ինչպես նաև 157.17-րդ և 157.18-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում.

2) քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների ղեկավարները` 157.1-157.14-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում` տուգանք` մինչև սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, 157.16-րդ հոդվածով նախատեսված դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի չափով, իսկ 152-րդ հոդվածով նախատեսված դեպքերում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով.

3) քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ծառայողները` նախազգուշացում: (ՎԻՎՕ, հոդված 24411):»: