Գլխավոր տեղեկություն
Номер
N 330-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (02.07.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.06.12-2023.06.25 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2023
Принят
Արդարադատության նախարար
Дата принятия
22.06.2023
Подписан
Արդարադատության նախարար
Дата подписания
22.06.2023
Дата вступления в силу
02.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

22 հունիսի 2023 թ.
քաղ. Երևան

N 330-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՐՏՈՆԱԳՐՎԱԾ ՀԱՇՏԱՐԱՐՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հաշտարարության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 14-րդ մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Սահմանել արտոնագրված հաշտարարների ռեեստրի վարման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Արդարադատության նախարարի՝ 2015 թվականի օգոստոսի 5-ի «Արտոնագրված հաշտարարների ռեեստրի վարման կարգը հաստատելու մասին» N 386-Ն հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։

 

 

Գ. Մինասյան

 

 

Հավելված

Արդարադատության նախարարի

2023 թվականի հունիսի 22-ի

N 330-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ԱՐՏՈՆԱԳՐՎԱԾ ՀԱՇՏԱՐԱՐՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Արտոնագրված հաշտարարների ռեեստրի (այսուհետ՝ ռեեստր) վարումն իրականացնում է արդարադատության նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն)։

2. Ռեեստրի վարումն իրականացվում է հատուկ համակարգչային ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) միջոցով և հասանելի է www.e-mediation.am կայքէջում (այսուհետ՝ կայքէջ):

3. Ռեեստրում ընդգրկվում են որակավորման ստուգման արդյունքում որակավորման վկայագիր ստացած, ինչպես նաև մինչև ««Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-435-Ն օրենքի ուժի մեջ մտնելը որակավորված և նշված օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան վերապատրաստում անցած և նոր որակավորման վկայագիր ստացած բոլոր հաշտարարները (այսուհետ՝ հաշտարարներ):

4. Ռեեստրում հաշտարարների ընդգրկման նպատակով նախարարության աշխատակիցը ծրագրի միջոցով հաշտարարների անձնական գործերում նշում է կատարում որակավորման ստուգումը կամ վերապատրաստումն անցած լինելու և որակավորման վկայագիր կամ նոր որակավորման վկայագիր ստացած լինելու վերաբերյալ՝ որակավորման վկայագիր ստանալու պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում, որի հիման վրա նշված հաշտարարները ծրագրի միջոցով ինքնաշխատ եղանակով ընդգրկվում են ռեեստրում:

5. Ռեեստրում հրապարակվում են հաշտարարի վերաբերյալ հետևյալ տվյալները.

1) անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում)

2) որակավորման վկայագրի համարը և տրամադրման ամսաթիվը,

3) գործունեության վայրի հասցեն,

4) մասնագիտացումը,

5) ինքնակենսագրականը,

6) լուսանկարը,

7) հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, առկայության դեպքում՝ հաղորդակցության այլ միջոցները,

8) մշտապես գործող հաշտարարական հաստատությունում գործունեություն իրականացնելու դեպքում՝ նշում այդ մասին,և հաստատության տվյալները,

9) սույն կարգի 8-րդ կամ 9-րդ կետով նախատեսված ցանկերից որևէ մեկում ընդգրկված լինելու դեպքում՝ նշում այդ մասին, ցանկում մասնակցության կասեցման դեպքում՝ նշում այդ մասին,

10) որակավորման կասեցված լինելու դեպքում՝ նշում այդ մասին։

6. Սույն կարգի 5-րդ կետում նշված տեղեկությունները կարող են փոփոխվել հաշտարարի կողմից ծրագրի միջոցով նախարարություն ներկայացված դիմումի հիման վրա՝ դիմումն ստանալու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում:

7. Ռեեստրի առանձին բաժնում արտացոլվում են մշտապես գործող հաշտարարական հաստատությունները, ինչպես նաև նշված հաստատություններում գործունեություն իրականացնող հաշտարարները:

8. Օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ ռեեստրում առանձնացվում և հրապարակվում է այն հաշտարարների ցանկը (այսուհետ՝ Ցանկ 1), որոնք ծրագրով իրականացվող վիճակահանությամբ ընտրվում և գործով որպես հաշտարար են նշանակվում այն դեպքում, երբ հաշտարար նշանակելու վերաբերյալ դիմում կամ պահանջագիր է ներկայացվում նախարարություն։

9. Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան՝ ռեեստրում առանձնացվում և հրապարակվում է այն հաշտարարների ցանկը (այսուհետ՝ Ցանկ 2), որոնք ծրագրով իրականացվող վիճակահանությամբ ընտրվում և գործով որպես հաշտարար են նշանակվում այն դեպքում, երբ ամուսնալուծության, երեխայի բնակության վայրի որոշման, ալիմենտի (ապրուստավճարի) բռնագանձման, ամուսինների ընդհանուր սեփականությունը համարվող գույքի բաժանման, երեխայի հետ շփմանը, դաստիարակությանն ու կրթությանը վերաբերող հարցերով ծնողական իրավունքների իրականացման, երեխայի տեսակցության կարգ սահմանելու, ամուսնական պայմանագրի փոփոխման կամ լուծման վերաբերյալ գործերով հաշտարար նշանակելու վերաբերյալ դիմում կամ պահանջագիր է ներկայացվում նախարարություն:

10. Հաշտարարը կարող է ընդգրկվել ինչպես Ցանկ 1-ում կամ Ցանկ 2-ում, այնպես էլ երկուսում միաժամանակ։

11. Հաշտարարը կարող է ընդգրկվել Ցանկ 1-ում կամ Ցանկ 2-ում կամ կասեցնել կամ դադարեցնել իր մասնակցությունը դրանցում՝ նախարարություն ներկայացրած իր դիմումի հիման վրա՝ դիմումի ստացման պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Սույն կետով նախատեսված դիմումները ներկայացվում են ծրագրի միջոցով՝ էլեկտրոնային եղանակով:

12. Ցանկ 1-ում կամ Ցանկ 2-ում հաշտարարի մասնակցության կասեցումը չի հանգեցնում հաշտարարի գործունեության կասեցման: Ցանկերից յուրաքանչյուրում հաշտարարի մասնակցության կասեցման օրերի հանրագումարը չի կարող գերազանցել մեկ օրացուցային տարվա ընթացքում 60 օրը։ Նշված ժամկետը լրանալուց հետո Ցանկ 1-ում կամ Ցանկ 2-ում մասնակցության վերականգնման վերաբերյալ ծրագրի միջոցով նախարարություն դիմում չներկայացնելու դեպքում հաշտարարի մասնակցությունը համապատասխան ցանկում դադարում է ինքնաշխատ եղանակով` ծրագրի միջոցով, որի վերաբերյալ հաշտարարի անձնական էջին և էլեկտրոնային փոստի հասցեին, ինչպես նաև ծրագրում որպես Արդարադատության նախարարության աշխատակից գրանցված և հարթակի կառավարմանը մասնակցող աշխատակցին ուղարկվում է ծանուցում։Նախքան սույն մասով սահմանված ժամկետի լրանալը հաշտարարին ծրագրի միջոցով ուղարկվում է ծանուցում:

13. Ցանկ 1-ում կամ Ցանկ 2-ում հաշտարարի մասնակցության դադարեցման դիմում ներկայացնելու դեպքում հաշտարարը չի կարող ընդգրկվել նույն ցանկում մասնակցության դադարեցման պահից վեց ամսվա ընթացքում։ Ցանկում մասնակցության դադարեցման մասին որոշումն արդարադատության նախարարությունն ուղարկում է հաշտարարին այն կայացնելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում:

14. Հաշտարարների վերաբերյալ տեղեկությունները ռեեստրում, Ցանկ 1-ում և Ցանկ 2-ում հրապարակվում են ըստ Հաշտարարների ազգանվան այբբենական հերթականության:

15. Հաշտարարի որակավորման դադարեցման դեպքում հաշտարարը հանվում է հաշվառումից՝ որակավորումը դադարեցվելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, իսկ նրա տվյալները արտացոլվում են ռեեստրի առանձին բաժնում: Հաշտարարին հաշվառումից հանելու մասին որոշումը նախարարությունն ուղարկում է հաշտարարին այն կայացնելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում:

16. Սույն կարգի շրջանակում նախարարության և հաշտարարի միջև հաղորդակցությունն իրականացվում է էլեկտրոնային եղանակով՝ հաշտարարի տրամադրած էլեկտրոնային փոստի և ծրագրում բացված անձնական էջի միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ թղթային եղանակով՝ հաշտարարի կողմից նշված ծանուցման հասցեով:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան