Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 5-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (30.05.2023-24.05.2024)
Статус
Չի գործում
Первоисточник
Միասնական կայք 2023.05.29-2023.06.11 Պաշտոնական հրապարակման օրը 29.05.2023
Принят
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ
Дата принятия
24.05.2023
Подписан
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ
Дата подписания
24.05.2023
Дата вступления в силу
30.05.2023
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ-ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ

 

 

թիվ 5-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՐԱՁԳԱՐԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՇԵՆՔԱՅԻՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ, ՍԻՐՈՂԱԿԱՆ, ՍՊՈՐՏԱՅԻՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐԻ, ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱԿՏԻԿԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԻ, ՄՐՑՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՀՐԱՀԱՆԳԻՉՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՀՐԱՀԱՆԳԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՀՐԱՀԱՆԳՉԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԻՑ ԶՐԿԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ և 10-րդ մասերի, 34-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների համաձայն՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել հրաձգարաններին ներկայացվող շենքային, տեխնիկական, տնտեսական, անվտանգության այլ պահանջները սահմանելու մասին կարգը՝ համաձայն հավելվածի 1-ի:

2. Հաստատել հրաձգարաններում ուսումնական, սիրողական, սպորտային վարժանքների, հրաձգության և տակտիկական պարապմունքների, մրցումների անցկացման պահանջները սահմանելու մասին կարգը՝ համաձայն հավելված 2-ի:

3. Հաստատել հրաձգության հրահանգիչների ուսուցմանը ներկայացվող պահանջները և հրաձգության հրահանգիչների համար քննություն հանձնելու կարգը՝ համաձայն հավելված 3-ի:

4. Հաստատել հրաձգության հրահանգչի որակավորման տրամադրման, որակավորումից զրկելու դեպքերը սահմանելու մասին կարգը՝ համաձայն հավելված 4-ի:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ

Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

«24» մայիսի 2023 թ.

 ք. Երևան

 

Հավելված 1

ՀՀ ներքին գործերի նախարարության

ոստիկանության պետ-ներքին

գործերի նախարարի տեղակալի 

2023 թվականի մայիսի 24-ի
N
5-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀՐԱՁԳԱՐԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՇԵՆՔԱՅԻՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1․ Սույն կարգով սահմանվում են փակ, կիսաբաց և բաց հրաձգարանների շահագործման թույլատրման վայրերի, սարքավորման, տարածքի, շենքային և տնտեսական պայմանների, գործունեության, զենք և ռազմամթերք պահելու զետեղարանների, հրաձգարանի անցագրային ռեժիմի պայմանները, հրաձգարաններում ուսումնական, սիրողական, սպորտային վարժանքների, հրաձգության մրցույթների անցկացման պահանջները.

2․ Հրաձգարանների շահագործումը թույլատրվում է այդ վայրերը սույն հրահանգի պահանջներին համապատասխան կառուցելուց և դրանք գործարկելու համար ՀՀ ոստիկանությունից լիցենզիա ստանալուց հետո:

3. Փակ (ծածկած) հրաձգարանները պետք է ունենան գնդակակայուն պատեր և առաստաղ, կիսաբացը` գնդակակայուն պատեր և վերևից լայնակի գնդակաորսիչներ, իսկ բաց հրաձգարանը` գնդակաընդունիչ կողային հողաթմբեր և պարագծով ցանկապատված անվտանգության անհրաժեշտ գոտի:

4. Փակ, կիսաբաց և բաց հրաձգարանները համապատասխան տեսակի ակոսափող հրազենով կրակելու համար սարքավորվում են գնդակաորսիչներով:

5․ Ողորկափող հրազենով կրակելու համար նախատեսված հրաձգաստենդային համալիրները պետք է ունենան պարագծով ցանկապատված անվտանգության գոտի` նշված տարածությունից դուրս որևէ օբյեկտի խոցվելը բացառելու համար:

6․ Հրաձգարանային համալիրը կազմված է մի քանի բաց հրաձգարաններից, որոնք պետք է համապատասխանեն բաց հրաձգարաններին ներկայացվող պահանջներին, նախատեսված լինեն մեծ քանակությամբ հրաձգության մասնակիցների համար և ունենան տարբեր կրակային տարածություններ:

7. Հրաձգարաններում կարճ ակոսափող զենքերով կրակելու համար կրակակետի և թիրախի միջև ընկած տարածությունը պետք է լինի 25 մետրից ոչ պակաս, իսկ մնացած տեսակի զենքերի համար՝ 50 մետրից ոչ պակաս:

8. Արգելվում է ակոսափող հրազենով կրակելու համար բաց հրաձգարանների կրակագծերը կառուցել բնակավայրերից, պետական, հասարակական և արտադրական շինություններից մինչև 3000 մետր, իսկ կիսաբացերը՝ մինչև 300 մետր հեռավորության վրա:

9. Հրաձգային սրահը և զինասենյակը, եթե դրանք գտնվում են միևնույն շենքում, անջատվում են օժանդակ տարածություններից (դասասենյակներ, հանգստի սենյակներ, մարզիչների աշխատասենյակներ, տնտեսական սենյակներ) երկաթյա ճաղաշարային միջնորմներով: Այդ միջնորմներում նախատեսվում են վանդակաշարային դռներ, որոնք պետք է մշտապես փակված լինեն փականով: Միջնորմները պատրաստվում են 16մմ ոչ պակաս հաստությամբ երկաթյա ձողերից: Այդ ձողերը եռակցվում են յուրաքանչյուր հատման կետում ստեղծելով 150x150մմ չափի վանդակներ: Ձողերի ծայրերը մտցվում են պատի, առաստաղի և հատակի մեջ 80մմ խորությամբ և ամրացվում են բետոնով (ցեմենտապատվում են):

10. Արգելվում է հրազենը կրակային ընդմիջումների ժամանակ պահել հրաձգարանների կրակային սրահում, ինչպես նաև` զենքը և փամփուշտներն առանց հսկողության թողնել կրակագծում:

11. Անցագրային և ներօբյեկտային ռեժիմի, կրակակետերի, ընդհանուր անվտանգության մասին հրահանգը մշակում է հրաձգարանի տնօրինությունը և համաձայնեցնում Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ:

12. Հրաձգարանի անցագրային ռեժիմի պայմանները պետք է նախատեսեն զենքը տիրապետողի և ռազմամթերքի մուտքի և ելքի, զենքի, ռազմամթերքի և նյութական արժեքների ներս և դուրս բերելու (հանելու) ընթացակարգ։

13. Ներօբյեկտային ռեժիմը ներառում է այն միջոցառումները, որոնք ապահովում են հրաձգարանի ներքին աշխատանքային կարգի պահպանումը` աշխատողների աշխատանքային ժամերը, զենքի, ռազմամթերքի տրամադրման և հանձնման կարգը, մշտական կամ մեկանգամյա անցագրերի ներդրումը:

14. Անցագրային և ներօբյեկտային ռեժիմի ապահովման նպատակով հրաձգարանի մուտքի դռները սարքավորվում են հուսալի փականներով, էլեկտրական զանգով, դիտանցքով (դիտման միջոցներ) և տեսահսկողությամբ:

15. Հրաձգարանի աշխատողների, հրաձիգ մարզիկների և այլ քաղաքացիների մուտքը հրաձգային օբյեկտ կատարվում է հսկիչ անցագրային կետով, որը պետք է համալրված լինի անձնական իրերի հուսալի պահման անհրաժեշտ պահոցներով, անցագրերի նմուշների վահանակով, հրահանգներով, պարապմունքների աշխատաժամերը կանոնակարգող ժամանակացույցով:

16․ Զենք և ռազմամթերք ձեռք բերելու համար հրաձգարանը պետք է ունենա զենք և ռազմամթերք պահելու զետեղարան, որը պետք է համապատասխանի տեխնիկական ամրացվածության հետևյալ պահանջներին.

1) Շենքերի պատերը, միջնորմները, առաստաղը, հատակը պետք է լինեն կապիտալ կառուցված, քարային շարվածքի հաստությունը պետք է լինի 360մմ-ից ոչ պակաս, պատերի բետոնային բլոկները` 200մմ-ից ոչ պակաս, երկաթբետոնե ծածկերը` 180մմ-ից ոչ պակաս, երկու շերտով բետոնային բլոկները` յուրաքանչյուրը 90մմ:

2) Նշված պահանջներին չհամապատասխանող կառույցի հատվածները պատվում են 16մմ-ից ոչ պակաս երկաթյա ձողերից պատրաստված 150x150մմ-ից ոչ ավելի չափի վանդակաշարով:

3) Ներքին պատերը կառուցելու ժամանակ թույլատրվում է օգտագործել զուգավորված բետոնե միջնապատային սալեր, յուրաքանչյուրը 80մմ-ից ոչ պակաս հաստությամբ, նրանց միջև նշված վանդակաշար անցկացնելով:

4) Պատերի ամրացման համար թույլատրվում է օգտագործել այլ հատուկ նյութեր, որոնք իրենց տեխնիկական բնութագրով չեն զիջում նշված կոնստրուկցիաներին:

5) Զենք և ռազմամթերք պահելու զետեղարանների տեխնիկական ամրացվածության նշված պահանջների կատարման մասին կազմվում է ակտ:

6) Ինժեներական ցանցերի համար նախատեսված, ինչպես նաև օդափոխիչ հորանցքերը, պատերի անցքերը փակվում են 16մմ-ից ոչ պակաս հաստությամբ երկաթե ձողերից պատրաստված 50x50մմ չափի վանդակաշարով:

7) Դռների խորշերը սարքավորվում են.

ա. 3մմ-ից ոչ պակաս հաստությամբ երկաթյա դռնով, որը ուժեղացվում է պարագծով և անկյունագծով` պատերի 3մմ-ից ոչ պակաս հաստությամբ և կողերի 50մմ-ից ոչ պակաս լայնությամբ երկաթյա պրոֆիլով

բ. 16մմ-ից ոչ պակաս հաստությամբ ձողերով և 150x150մմ-ից ոչ ավելի վանդակների չափերով պատրաստված վանդակապատ դռնով, որը նույնպես ամրացվում է պարագծով և անկյունագծով: Դռան խորշի շրջանակը պատրաստվում է պատերի 5մմ-ից ոչ պակաս հաստությամբ և կողերի 100մմ-ից ոչ պակաս լայնությամբ երկաթյա պրոֆիլից:

8) Վերը նշված երկաթյա վանդակապատ դռան ձողերը յուրաքանչյուր հատման և պրոֆիլների հետ միացման տեղերում եռակցվում են, իսկ դռների խորշի շրջանակները ամրացվում են պատերի մեջ 80մմ խորությամբ և ցեմենտապատվում են:

9) Մուտքի հիմնական և վանդակապատ դռները պետք է ունենան տարբեր գաղտնանիշով ներքին երկու փականներ, ծխնիների հուսալի կառուցվածք և ամրություն:

10) Փականների փակող մասի լայնակի կտրվածքի մակերեսը պետք է լինի 3 քառ. սմ-ից ոչ պակաս:

11) Մուտքի դուռը լրացուցիչ սարքավորվում է կնքման համար հարմարանքով, ինչպես նաև 3մմ-ից ոչ պակաս հաստությամբ երկաթյա ականջիկներով, դրսից կախովի կողպեքով կամ երկրորդ ներքին փականով փակելու համար:

12) Զետեղարանը պետք է հագեցած լինի հակահրդեհային սարքավորումներով (ըստ ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած նորմերի), անվտանգության և հակահրդեհային ազդանշանային համակարգ:

13) Ազդանշանային սարքավորումների էլեկտրասնուցման համակարգը պետք է ունենա պահեստային էլեկտրասնուցման աղբյուր:

14) Զենքի տրամադրման և հանձնման համար թույլատրվում է զետեղարանի պատի կամ դռան մեջ բացել 300x200մմ չափի պատուհան` ներսից փականով փակվող 3սմ հաստությամբ ներքին երկաթյա դռնակով: Պատուհանի շրջանակը պատրաստվում է 5մմ-ից ոչ պակաս պատերի հաստությամբ և 100մմ-ից ոչ պակաս կողերի լայնությամբ երկաթյա պրոֆիլից:

17. Հրաձգարանի զենքի պահման զետեղարանների բանալիների առաջին խուրձը պետք է պահվի զենքի պահպանության համար պատասխանատու անձի, իսկ երկրորդը` իրավաբանական անձի ղեկավարի մոտ:

18․ Զետեղարանում զենքը և ռազմամթերքը պետք է պահվի տեղադրված չհրկիզվող պահարաններում, բուրգերում, դարակաշարերում և արկղերում, զենքերը պետք է լինեն լիցքաթափված վիճակում, ձգանը սեղմած, անվտանգությունը միացված, մաքուր և յուղված:

19. Զենքի տեսակը, մոդելը և թիվը մատնանշող պիտակները փակցվում են աշխատողներին հատկացված զենքերին՝ ըստ գույքագրման և համարակալման և ապահովման մատյանի:

20․ Յուրաքանչյուր չհրկիզվող պահարանի, բուրգի, պահարանի, դարակի և տուփի համար կազմվում է գույքագրում, որտեղ նշվում են պահվող զենքի տեսակները, դրանց քանակը և համարները, և կցվում է պիտակ՝ նշելով մոդելը և սերիական համարը։

21. Զետեղարանում փակցվում է գույքագրման թերթիկ, որտեղ նշվում են չհրկիզվող պահարանների, բուրգերի, արկղերի, դարակաշարերի քանակը, դրանց սերիական և գույքագրման համարները:

22. Չհրկիզվող պահարանների, բուրգերի, տուփերի և դարակաշարերի պիտակները ստորագրվում են զետեղարանի անվտանգության համար պատասխանատու անձի կողմից և ճշգրտվում նրա կողմից՝ փոփոխություններ կատարելով:

23. Զետեղարանի մուտքի դռանը փակցված է պիտակ, որում նշվում է տարածքի անվտանգության համար պատասխանատու անձի ազգանունը և անվան սկզբնատառերը:

24․ Զենքի և ռազմամթերքի ընդունման և բացթողման, զենքի և փամփուշտների առկայության և տեխնիկական վիճակի ստուգման մատյանները վարում է զետեղարանի պատասխանատու անձը, գրառումները կատարվում են կապույտ թանաքով, ընթեռնելի և ճիշտ։

25․ Հրաձգարանները պետք է ապահովված լինեն առաջին բուժօգնության անհրաժեշտ պարագաներով։

26. Հրաձգարանի բոլոր մուտքերում, կրակային տարածքում, հրաձգարանի զենք և ռազմամթերք պահելու զետեղարաններում, պետք է տեղադրված լինեն անընդմեջ բարձր որակի (HD) տեսաձայնագրություն իրականացնող սարքեր՝ օրվա մութ ժամերին նկարահանելու և տեսաձայնագրությունն առնվազն 10 օր պահպանելու հնարավորությամբ: Հրաձգարանի մուտքերում և տարածքում պետք է փակցված լինեն «Տարածքը տեսահսկվում է» բովանդակությամբ հայտարարություն:

27․ Հրաձգարաններում ուսումնական, սպորտային վարժանքները, հրաձգության և տակտիկական պարապմունքները, մրցույթները կարող են անցկացվել հրաձգարան գործարկող կազմակերպության կողմից կազմված ծրագրի համաձայն, որը կարող է տեղադրվել է հրաձգարան գործարկող կազմակերպության և լիազոր պետական մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում։

28. Ծրագրում ներառվում են տեղեկություններ անցկացվող միջոցառման օրվա, ժամի, միջոցառման տեսակի և պայմանների վերաբերյալ։

29. Հրաձգարաններում անցկացվող միջոցառումների վերաբերյալ հրաձգարան գործարկող կազմակերպությունը մինչև միջոցառումը իրականացնելը 10 օր առաջ իրազեկում է լիազոր մարմնին։

 

Հավելված 2

ՀՀ ներքին գործերի նախարարության

ոստիկանության պետ-ներքին

գործերի նախարարի տեղակալի 

2023 թվականի մայիսի 24-ի
N
5-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՀՐԱՁԳԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ, ՍԻՐՈՂԱԿԱՆ, ՍՊՈՐՏԱՅԻՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐԻ, ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱԿՏԻԿԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԻ, ՄՐՑՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են հրաձգարաններում ուսումնական, սիրողական, սպորտային վարժանքների, հրաձգության և տակտիկական պարապմունքների, մրցույթների անցկացման պահանջները.

2․ Հրաձգարաններում ուսումնական, սիրողական, սպորտային վարժանքները, հրաձգության և տակտիկական պարապմունքները, մրցույթները անցկացվում են հրաձգարան գործարկող կազմակերպության կողմից կազմված տարեկան ծրագրով:

3․ Ծրագիրը կազմվում է մինչև վարժանքները և պարապմունքները սկսելը նախորդող տարվա դեկտեմբերի 1-ը։

4․ Տարեկան ծրագիրը հաստատվում է կազմակերպության պատասխանատուների կողմից՝ նախապես համաձայնեցնելով լիազոր պետական մարմնի հետ։

5. Տարեկան ծրագրում կարող են կատարվել փոփոխություններ՝ լիազոր պետական մարմնի համաձայնությամբ։

6․ Տարեկան ծրագիրը հաստատելիս և դրանում փոփոխություններ կատարելիս տեղադրվում է հրաձգարան գործարկող կազմակերպության և լիազոր պետական մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում հաստատումից հետո` եռօրյա ժամկետում և ուժի մեջ է մտնում հրապարակումից մեկ ամիս հետո։

7. Ծրագրում ներառվում են տեղեկություններ անցկացվող միջոցառման օրվա, ժամի, միջոցառման տեսակի և պայմանների վերաբերյալ։

 

Հավելված 3

ՀՀ ներքին գործերի նախարարության

ոստիկանության պետ-ներքին

գործերի նախարարի տեղակալի 

2023 թվականի մայիսի 24-ի
N
5-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՀՐԱՀԱՆԳԻՉՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՀՐԱՀԱՆԳԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ

 

1․ Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով հրաձգության հրահանգչի որակավորումը կազմակերպում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը (այսուհետ՝ Ոստիկանություն)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացվող որակավորման քննությունների (այսուհետ` որակավորման քննություն) միջոցով։ Որակավորման քննության անցկացման նպատակը` հրահանգչի թեկնածուի՝ օրենքով նախատեսված գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների ստուգումն է:

2. Որակավորումն ստուգում է հրաձգության հրահանգչի որակավորման ստուգման հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով):

3. Հրաձգության հրահանգչի որակավորման քննության հանձնաժողովի կազմը և հանձնաժողովի կանոնադրությունը հաստատվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով։

4. Որակավորման քննությանը մասնակցելու համար թեկնածուն ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝

1) դիմում, որտեղ պետք է նշվեն`

ա. դիմորդի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում),

բ. դիմորդի բնակության վայրը, հեռախոսահամարը, ֆաքսի համարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն (դրանց առկայության դեպքում),

գ. սույն կարգի 5-րդ կետով նախատեսված` հանձնաժողովի կողմից կատարվող հարցումներին անձի համաձայնությունը.

2) անձը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը.

3) համապատասխան մասնագիտական պատրաստվածության (ուսուցում) դասընթացներ ավարտած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ (վկայական, հավաստագիր և այլն).

4) զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայության մասին բժշկական եզրակացությունը․

5) 2 գունավոր լուսանկար՝ 3 x 4 չափսի։

5. Թեկնածուի կողմից հանցագործություն կատարված լինելու կամ հանցագործության համար դատվածության` սահմանված կարգով հանված կամ վերացված լինելու, հանգամանքները պարզում է հանձնաժողովը` համապատասխան հարցում կատարելու միջոցով:

6. Որակավորման քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ժամկետների վերաբերյալ որակավորման քննությունից առնվազն մեկ ամիս առաջ ոստիկանության http://www. police.am ինտերնետային կայքում և http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տրվում է իրազեկում:

7. Թեկնածուն որակավորման ստուգման անցկացման օրվա, ժամի և տեղի վերաբերյալ պատշաճ կերպով ծանուցվում է որակավորման քննությունից առնվազն յոթ օր առաջ: Ծանուցումը տրվում է գրավոր` ըստ թեկնածուի նշած հասցեի, իսկ նրա ցանկությամբ` նաև հեռախոսով, էլեկտրոնային փոստով:

8. Որակավորման քննությունն անցկացվում է հայերենով:

9․ Հրաձգության հրահանգչի գիտելիքների ստուգմանը զուգահեռ ստուգվում են նաև զենքի հետ վարվելու գործնական հմտությունները.

1) Զենքի հետ վարվելու գործնական հմտությունները ստուգելիս որոշվում է կարճ ակոսափող, երկար ողորկափող, ակոսափող հրազենի, գազային ատրճանակի տակտիկա-տեխնիկական բնութագրերի, ինչպես նաև` հրազենի ու գազային ատրճանակների բաղկացուցիչ մասերի կառուցվածքի և նշանակության իմացությունը։

2) Հանձնաժողովի անդամների հսկողությամբ ստուգվողները կատարում են նշված զենքի տեսակների մասնակի քանդում և հավաքում։

10. Հանձնաժողովը կազմում է որակավորման ստուգման թեստավորման հարցաշարեր և թեստավորման առաջադրանքները` ըստ հրահանգչի մասնագիտության: Թեստային հարցաշարերը և թեստային առաջադրանքները հաստատվում են հանձնաժողովի որոշմամբ:

11. Թեստավորման հարցաշար ներառում է առավելագույնը հարյուր հարց, որոնք քննության օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ պարտադիր հրապարակվում են http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

12. Որակավորման քննությունն անցկացվում է թեստավորման առաջադրանքների միջոցով՝ էլեկտրոնային եղանակով:

13. Յուրաքանչյուր թեստավորման առաջադրանք կազմված է վեց հարցից: Յուրաքանչյուր հարց ունի երեք հնարավոր պատասխան, որոնցից մեկը ճիշտ է:

14. Թեստավորման առաջադրանքները լուծելու համար թեկնածուին տրամադրվում է 30 րոպե ժամանակ:

15. Թեստավորման առաջադրանքը գնահատվում է դրական՝ 6 հարցից 5-ին թեկնածուի ճիշտ պատասխանելու դեպքում:

16. Որակավորման ստուգման ընթացքը տեսաձայնագրվում է: Նախքան որակավորման ստուգման մեկնարկը անհրաժեշտ աշխատանքներ են տարվում տեսաձայնագրությունը պատշաճ կերպով իրականացնելու համար: Տեսաձայնագրությունն իրականացնում է որակավորման ստուգումը իրականացնող ստորաբաժանումը:

17. Որակավորման ստուգման տեսաձայնագրությունը պահպանել 2 ամիս:

18․ Որակավորման ստուգման մասնակիցներին տեսաձայնագրությունը տրամադրվում է նրանց դիմումի հիման վրա՝ դիմողի ներկայացրած էլեկտրոնային կրիչի միջոցով:

19. Հանձնաժողովը թեկնածուների գնահատականները հրապարակում է որակավորման ստուգման օրվա արդյունքները նույն օրն ամփոփելուց հետո մեկ ժամվա ընթացքում:

20. Թեկնածուն քննության արդյունքները կարող է գրավոր բողոքարկել հանձնաժողովին՝ ոչ ուշ, քան արդյունքները հայտարարվելուց հետո մեկ ժամվա ընթացքում: Բողոքարկման վերաբերյալ պատասխանը տրվում է նույն օրը:

21. Քննության արդյունքները կարող են բողոքարկվել դատական կարգով:

22. Քննությունից բացասական գնահատական ստացած թեկնածուն կարող է մասնակցել հաջորդ որակավորման ստուգմանը։

 

Հավելված 4

ՀՀ ներքին գործերի նախարարության

ոստիկանության պետ-ներքին

գործերի նախարարի տեղակալի 

2023 թվականի մայիսի 24-ի
N
5-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՀՐԱՀԱՆԳՉԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԻՑ ԶՐԿԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1․ Սույն կարգով կարգավորվում են հրաձգության հրահանգչի որակավորման տրամադրման և որակավորումից զրկելու դեպքերը։

2․ Հրաձգության հրահանգչի թեկնածուի քննության դրական գնահատականի հիման վրա հանձնաժողովը ընդունում է որոշում թեկնածուին հրաձգության հրահանգչի որակավորման վկայական (Ձև 1) տալու վերաբերյալ: Վկայականը տրվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում 5 տարի ժամկետով:

3․ Հրաձգության հրահանգչի որակավորում չի տրվում՝

1) զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և վիճակներ ունեցող անձանց (հիվանդությունների և վիճակների ցանկը սահմանում է Կառավարությունը).

2) դիտավորյալ հանցագործություն կատարելու համար դատապարտված անձանց ում դատվածությունն օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

3) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 152-րդ, 308-313-րդ և 315-321-րդ հոդվածներով նախատեսված կամ հրազենի գործադրմամբ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար դատապարտված անձանց, անկախ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված լինելու հանգամանքից։

4) հանցագործություն կատարելու համար պատիժ կրող անձանց՝ բացառությամբ անզգուշությամբ կատարված հանցագործության համար ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ կրող անձանց, եթե անձը չի դատապարտվել զենքի օգտագործմամբ անզգուշությամբ կատարված հանցագործության համար.

5) այն անձանց, որոնց նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում դիտավորյալ կամ զենքի օգտագործմամբ անզգուշությամբ կատարված հանցագործություն կատարելու համար (մինչև ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելը կամ արդարացման դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը)․

6) դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց.

7) զենքի շրջանառության կանոնները խախտած անձանց՝ մինչև վարչական տույժի ժամկետի լրանալը.

8) դիմելու պահին մեկ տարվա ընթացքում կրկնակի հասարակական կամ կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող վարչական իրավախախտում կատարած անձանց.

9) Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում չհաշվառված անձանց․

10) հրամանի հավելված N 3-ի 4-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված պատրաստվածություն չանցած անձանց․

11) որակավորման քննությանը մասնակցած և անբավարար գնահատական ստացած թեկնածուների։

4․ Հրաձգության հրահանգիչը որակավորումից զրկվում է՝

1) մեկ տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ խախտել է կամ չի կատարել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 34-րդ հոդվածով սահմանված հրաձգության հրահանգչի պարտականությունները,

2) առաջացել է սույն հրամանով նախատեսված որակավորման վկայականը ստանալու իրավունքը բացառող հանգամանքներ,

3) դատապարտվել է դիտավորությամբ հանցագործություն կատարելու համար,

4) հոգեկան հիվանդության, հարբեցողության կամ թմրամոլության պատճառով հաշվառման է վերցվել։

 

5. Տրված հրահանգչի որակավորման վկայականներն ուժը կորցրած է ճանաչվում հավելված 4-ի 2-րդ կետով սահմանված ժամկետը լրանալու դեպքում։

 

Ձև 1

 

ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՀՐԱՀԱՆԳՉԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎ

 

 

3x4


 

 սերիա Հ

 

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն

 

ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՀՐԱՀԱՆԳՉԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ

(Հրաձգության հրահանգչի որակավորման ստուգման

հանձնաժողովի)

202 թ. «____________» «_____»-ի N արձանագրություն

                        Կ.Տ

 

Տրվել է

_______________
անուն

_______________
հայրանուն

_______________-ին
ազգանուն

Տրված «   »___________20  թ․

 

ՈՒժի մեջ է մինչև «   » ______ 20  թ․

 

 

ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՀՐԱՀԱՆԳՉԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

   

 Վկայականը տրվել է

____________________
ստորագրությունը

____________________________
անունը, ազգանունը

 

«_____» «__________» 20   թ.

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 մայիսի 2023 թվական: