Գլխավոր տեղեկություն
Номер
N 38-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (16.05.2023-12.04.2024)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 14.06.2022
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
10.06.2022
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
10.06.2022
Дата вступления в силу
24.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

10 հունիս 2022 թ.

N 38-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 33 կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման չափորոշիչը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2022 թվականի հունիս «10»-ի

N 38-Ն հրամանի

 

ՉԱՓՈՐՈՇԻՉ

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն չափորոշչով կարգավորվում են 18 տարեկան և բարձր տարիքի անձանց պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման (այսուհետ` հիվանդանոցային բժշկական օգնություն) կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Հիվանդանոցային բժշկական օգնությունը կազմակերպվում է հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի լիցենզիա ունեցող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններում (այսուհետ` բժշկական կազմակերպություն)` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և բժշկական կազմակերպության միջև կնքված պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման համապատասխան ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագրի համաձայն:

3. Հիվանդանոցային բժշկական օգնությունն ընդգրկում է`

1) պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի N 65-Ն հրամանի հավելված 1-ով նախատեսված ցանկում ընդգրկված հիվանդությունների և վիճակների դեպքում.

2) պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով արտահիվանդանոցային բժշկական օգնության (Emergency) ծառայությունների տրամադրումը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 18-ի N 44-Ն հրամանի հավելված 1-ի 29-րդ կետով սահմանված անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող վիճակների և ախտորոշումների համաձայն.

3) պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը.

4) պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հեմոդիալիզի ծառայությունների տրամադրումը.

5) զորակոչային տարիքի անձանց պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հետազոտումը, բժշկական փորձաքննությունը և բուժումը.

6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) հավելված 1-ով նախատեսված բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված անձանց պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնությունը և սպասարկումը՝ բացառությամբ նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական ծառայությունների (բացառությամբ սույն չափորոշչի 3-րդ կետի 7-րդ ենթակետով նախատեսված դեպքերի).

7) Որոշման հավելված 5-ի 2-րդ կետով սահմանված բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված անձանց պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում Որոշման հավելված 5-ի 3-րդ կետում ընդգրկված նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական ծառայությունների տրամադրումը.

8) Որոշման հավելված 2-ի 13-րդ կետով սահմանված պետության կողմից երաշխավորված արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման տեսակների տրամադրումը.

9) Հիվանդանոցային բժշկական օգնություն ստացող Որոշման հավելված 1-ով նախատեսված բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված անձանց, հաստատված չարորակ նորագոյացություններով անձանց, տուբերկուլոզ ախտորոշումով անձանց, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի N 65-Ն հրամանի հավելված 1-ով հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններով և վիճակներով անձանց պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների տրամադրումը (համապատասխան բժշկական ցուցումների առկայության դեպքում)` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 20-ի N 53-Ն հրամանով հաստատված չափորոշչի համաձայն:

4. Բժշկական կազմակերպությունում պացիենտի հիվանդանոցային բժշկական օգնության կազմակերպման համար անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվությունների, լաբորատոր գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացման հնարավորություն(ներ)ը բացակայելու պայման(ներ)ում, տվյալ բժշկական կազմակերպությունը սույն կետով նախատեսված միջոցառումները կազմակերպում է այլ բժշկական կազմակերպությունում (բացառությամբ այն դեպքերի, երբ պացիենտի տեղափոխումը վտանգավոր է նրա կյանքի և առողջության համար)` պայմանագրային հիմունքով, կատարելով համապատասխան չափով փոխհատուցում տվյալ պացիենտի բուժման համար պետության կողմից հատկացվող գումարներից:

 

2. ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

5. Հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում և իրականացվում է հիմք ընդունելով`

1) ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 28.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուների համար` սպասարկող առողջության առաջնային պահպանման (այսուհետ` ԱԱՊ) ծառայություններ մատուցող բժշկի (այսուհետ` ԱԱՊ բժիշկ) ուղեգիրը և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի կողմից ընտանիքի անապահովության միավորի և ընտանեկան (սոցիալական) նպաստ ստանալու մասին տրամադրված (ինքնաշխատ կարգով) տեղեկանքը.

2) 1-ին, 2-րդ և 3-րդ խմբի (իսկ 2023 թվականի փետրվարի 1-ից` ֆունկցիոնալության խորը, ծանր և միջին աստիճանի սահմանափակումով) հաշմանդամություն ունեցող անձանց համար` ԱԱՊ բժշկի ուղեգիրը և բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի (իսկ 2023 թվականի փետրվարի 1-ից` անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի) կողմից տրված բժշկասոցիալական փորձաքննական (իսկ 2023 թվականի փետրվարի 1-ից` ֆունկցիոնալության գնահատման) որոշումը.

3) Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և նրանց հավասարեցված անձանց համար` ԱԱՊ բժշկի ուղեգիրը և Հայրենական մեծ պատերազմի մասնակցի վկայականը.

4) հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում գտնվող վերարտադրության տարիքի կանանց համար` ծննդօգնություն իրականացնող բժշկական կազմակերպության կամ հղիի նախածննդյան հսկողությունն իրականացնող կանանց կոնսուլտացիայի ուղեգիրը.

5) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 18-23 տարեկան անձանց համար` ԱԱՊ բժշկի ուղեգիրը և խնամակալության կամ հոգաբարձության մարմնի կողմից տրված տեղեկանքը.

6) բժշկասոցիալական փորձաքննություն (իսկ 2023 թվականի փետրվարի 1-ից` ֆունկցիոնալության գնահատում) իրականացնելու նպատակով հիվանդանոցային պայմաններում լրացուցիչ բժշկական հետազոտություն անցնելու դեպքում` բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի (իսկ 2023 թվականի փետրվարի 1-ից` անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի) ուղեգիրը.

7) զորակոչային տարիքի անձանց համար (հիվանդանոցային պայմաններում հետազոտումը, բժշկական փորձաքննությունը և բուժումը)` համապատասխան բժշկական կազմակերպության կողմից՝ տարածքային զինվորական կոմիսարի ստորագրությամբ և կնիքով վավերացված ուղեգիրը, իսկ զորակոչերի միջև ընկած ժամանակահատվածում` նաև ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության կողմից տրված ուղեգիրը՝ տարածքային զինվորական կոմիսարի գրավոր համաձայնությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման հավելված 1-ով սահմանված կարգով, ընդ որում ուղեգրումը կարող է իրականացվել նաև էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով.

8) զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամների, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամների, երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողների, փրկարարական ծառայողների և նրանց ընտանիքների անդամների, երկարամյա ծառայության կամ հաշմանդամության կենսաթոշակ ստացող նախկին փրկարարական ծառայողների, ծառայության ընթացքում զոհված (մահացած) փրկարարական ծառայողների ընտանիքների անդամների համար` համապատասխան գերատեսչական բժշկական հիմնարկի (Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ռազմաբժշկական կամ բժշկական վարչություններ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության հոսպիտալներ ու պոլիկլինիկաներ) ուղեգիրը կամ ԱԱՊ բժշկի ուղեգիրը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշման հավելված 1-ի 16-րդ կետով նախատեսված համապատասխան կարգավիճակը հաստատող փաստաթուղթը.

9) ժամկետային զինվորական ծառայության զորակոչված զինծառայողների ընտանիքի անդամների համար՝ ԱԱՊ բժշկի ուղեգիրը և զինվորական կոմիսարիատի կողմից տրված տեղեկանքը.

10) ձերբակալվածների, կալանավորված անձանց և ազատազրկման դատապարտվածների համար` ԱԱՊ բժշկի կամ նեղ մասնագետի կամ բուժող բժշկի ուղեգիրը` «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` ՊՈԱԿ) տնօրենի գրավոր հաստատմամբ (կամ) էլեկտրոնային ստորագրությամբ, բացառությամբ անհետաձգելի դեպքերի, երբ ուղեգրումն իրականացվում է ՊՈԱԿ-ի տնօրենի գիտությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշման հավելվածի 40-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի համաձայն.

11) ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձանց համար` ԱԱՊ բժշկի ուղեգիրը և համապատասխան իրավասու հաստատության կողմից տրված տեղեկանքը.

12) բռնադատվածների համար` ԱԱՊ բժշկի ուղեգիրը և բռնադատվածի կարգավիճակը հաստատող վկայականը.

13) Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի (այսուհետ` ՉԱԷԿ) վթարի վերացման աշխատանքների մասնակիցների համար` ԱԱՊ բժշկի ուղեգիրը և «Չեռնոբիլ միություն» հասարակական կազմակերպության կողմից տրված և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից ստորագրված ՉԱԷԿ-ի վթարի հետևանքների վերացման աշխատանքների մասնակցի վկայականը.

14) ապաստան հայցողների ու նրանց ընտանիքների անդամների համար` ԱԱՊ բժշկի ուղեգիրը և միգրացիոն ծառայության կողմից տրված անձը հաստատող վկայականը.

15) զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձանց համար, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության (իսկ 2023 թվականի փետրվարի 1-ից` ֆունկցիոնալության գնահատման) արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել` բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի (իսկ 2023 թվականի փետրվարի 1-ից` անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի) կողմից կազմված ծառայությունների անհատական ծրագիրը.

16) պացիենտի` մեկ բժշկական կազմակերպությունից մյուս բժշկական կազմակերպություն տեղափոխման դեպքում՝ համապատասխան էպիկրիզը.

17) հիվանդանոցային պայմաններում դատաբժշկական փորձաքննության անցկացման դեպքում՝ դատաբժշկական փորձագետի ուղեգիրը.

18) հիվանդանոցային պայմաններում դատահոգեբուժական փորձաքննության անցկացման դեպքում՝ դատահոգեբուժական փորձագետի կողմից տրված եզրակացությունը կամ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքերով սահմանված դեպքերում և կարգով` համապատասխան իրավասություն ունեցող մարմնի կամ պաշտոնատար անձի որոշումը.

19) անհետաձգելի հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող դեպքերում՝ շտապ բժշկական օգնության ծառայության ուղեգիրը կամ բժշկական կազմակերպության ընդունարանի (հերթապահ) բժշկի եզրակացությունը.

20) հոգեկան խանգարումների, թմրաբանական, մաշկավեներաբանական, արյունաբանական, սրտաբանական, ուռուցքային, վարակիչ հիվանդությունների, սննդային թունավորումների, տուբերկուլոզի, ինչպես նաև ողնաշարի վնասվածքների դեպքերում՝ համապատասխան բժշկական կազմակերպության բժշկի ուղեգիրը.

21) Որոշմամբ նախատեսված դեպքերում` սոցիալապես անապահով ու (առանձին) հատուկ խմբերում չընդգրկված քաղաքացիների համար` Որոշման հավելված 2-ի 9-րդ կետով սահմանված ուղեգրող հանձնաժողովի ուղեգիրը.

22) մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց համար` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջնորդագրի հիման վրա` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրված ուղեգիրը.

23) զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձանց համար` հիվանդանոցային բժշկական օգնության սկզբից 3 ամսվա ընթացքում, մինչև բժշկասոցիալական փորձաքննության (իսկ 2023 թվականի փետրվարի 1-ից` ֆունկցիոնալության գնահատման) ուղեգրումը:

6. Հիվանդանոցային բժշկական օգնություն ստանալու նպատակով անձը բժշկական կազմակերպություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կամ նույնականացման քարտը (բացառությամբ` անհետաձգելի հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող դեպքերի, երբ պացիենտի մոտ բացակայում է անձը հաստատող փաստաթղթերը):

7. Հիվանդանոցային բժշկական օգնություն ստացող պացիենտի անձը հաստատող և սույն չափորոշչի 5-րդ կետով նախատեսված փաստաթղթերի պատճենները կցվում են հիվանդության պատմագրին, բացառությամբ անհետաձգելի հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող դեպքերի, որի ժամանակ հոսպիտալացումն իրականացվում է շտապ բժշկական օգնության ծառայության ուղեգրով կամ բժշկական կազմակերպության ընդունարանի (հերթապահ) բժշկի եզրակացությամբ` հոսպիտալացման օրվանից երկու աշխատանքային օրվա ընթացքում սույն չափորոշչի 5-րդ կետով սահմանված համապատասխան կարգավիճակը և անձը հաստատող փաստաթղթերը պացիենտի օրինական ներկայացուցչի կամ կոնտակտային անձի կողմից բժշկական կազմակերպություն ներկայացնելու պայմանով:

8. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այն բժշկական կազմակերպությունները, որոնց կազմում գործում են հիվանդանոցային և ԱԱՊ ծառայություններ, պացիենտի հիվանդանոցային բժշկական օգնության համար ուղեգրումն իրականացնում են` կատարելով պացիենտին ցուցված լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները (բժշկական կազմակերպությունում իրականացվող Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի հունիսի 5-ի N 1476-Լ հրամանով հաստատված լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների տեսակների ցանկի շրջանակներում), որոնք կարող են հիմք հանդիսանալ պացիենտի նախնական ախտորոշման և բուժման համար:

9. Հայաստանի Հանրապետության մարզային ԱԱՊ ծառայություններ մատուցող հաստատությունների կողմից (ընտանեկան բժշկի գրասենյակներ, գյուղական բժշկական ամբուլատորիաներ, գյուղական առողջության կենտրոններ և քաղաքային պոլիկլինիկաներ) մարզերում բնակվող պացիենտների հիվանդանոցային բժշկական օգնությունը կազմակերպվում է տարածաշրջանի բժշկական կազմակերպություններում, բացառությամբ այն դեպքերի, երբ պացիենտի ուղեգրումը, ըստ առողջական վիճակի ծանրության աստիճանի կամ ախտորոշման, բխում է նրա` այլ մասնագիտացված բաժանմունք ունեցող բժշկական կազմակերպությունում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման անհրաժեշտությունից:

10. Շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող դեպքերում մարզային բժշկական կազմակերպությունում պացիենտին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնությունը և սպասարկումը, իսկ սույն չափորոշչի 11-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված հիմք(եր)ի առկայության դեպքում կազմակերպվում է պացիենտի տեղափոխումը անհրաժեշտ պայմաններ և մասնագիտական ներուժ ունեցող համապատասխան բժշկական կազմակերպություն` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի մայիսի 10-ի N 27-Ն հրամանով հաստատված պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բնակչությանը ցուցաբերվող շտապ բժշկական օգնության կազմակերպման և իրականացման չափորոշչի համաձայն:

11. Հոսպիտալացված պացիենտներին մեկ բժշկական կազմակերպությունից մյուս բժշկական կազմակերպություն տեղափոխումը կազմակերպվում է`

1) մարզային բժշկական կազմակերպություններում հոսպիտալացված պացիենտների Երևան կամ այլ մարզային բժշկական կազմակերպություն տեղափոխման անհրաժեշտության դեպքում` պացիենտի վիճակի ծանրությամբ պայմանավորված և (կամ) ախտորոշման ճշգրտում պահանջող, ինչպես նաև բոլոր այն դեպքերում, երբ, չնայած համապատասխան բաժանմունքի/ծառայության առկայությանը, տվյալ պացիենտի բուժման համար պահանջվող պայմանները և մասնագիտական ներուժը մարզում բավարար չեն, պացիենտի ուղեգրումը կազմակերպվում է բուժող բժշկի և համապատասխան բաժանմունքի/ծառայության ղեկավարի համատեղ որոշման հիման վրա` տեղափոխման էպիկրիզով կամ տարածաշրջանի բժշկական կազմակերպության ուղեգրով` նախապես պայմանավորվելով Երևանում կամ այլ մարզում գործող համապատասխան բժշկական կազմակերպության տնօրենի բուժական գծով տեղակալի կամ տնօրենի հրամանով նշանակված պատասխանատու անձի կամ հերթապահ բժշկի հետ.

2) Երևան քաղաքում` հոսպիտալացված պացիենտների տեղափոխումն այլ բժշկական կազմակերպություն (բացառությամբ հոգեբուժական կազմակերպություններում հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող պացիենտների շտապ բուժօգնության ծառայության միջոցով տեղափոխումը այլ բժշկական կազմակերպություններ) իրականացվում է տեղափոխությունը նախաձեռնող և ընդունող բժշկական կազմակերպությունների փոխադարձ համաձայնությամբ (ոչ աշխատանքային ժամերին և/կամ օրերին` անհետաձգելի դեպքերում, պայմանավորվածությունը ձեռք է բերվում բժշկական կազմակերպությունների հերթապահ բժիշկների միջև)` սույն չափորոշչի 12-րդ կետի համաձայն:

12. Պացիենտի վիճակի ծանրությամբ պայմանավորված և (կամ) ախտորոշման ճշգրտում պահանջող, ինչպես նաև բոլոր այն դեպքերում, երբ, չնայած համապատասխան բաժանմունքի/ծառայության առկայությանը, տվյալ պացիենտի բուժման համար պահանջվող պայմանները և մասնագիտական ներուժը բժշկական կազմակերպությունում բավարար չեն, պացիենտի տեղափոխությունը նախաձեռնող բժշկական կազմակերպության տնօրենի բուժական գծով տեղակալը կամ տնօրենի հրամանով նշանակված պատասխանատու անձը կամ հերթապահ բժիշկը նախապես հեռախոսակապի կամ էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկացնում է ընդունող բժշկական կազմակերպության տնօրենի բուժական գծով տեղակալին կամ տնօրենի հրամանով նշանակված պատասխանատու անձին կամ հերթապահ բժշկին, որը պլանային դեպքերում` տեղեկատվությունը ստանալու օրվանից մեկ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ անհետաձգելի դեպքերում` անմիջապես հեռախոսակապի կամ էլեկտրոնային փոստի միջոցով տալիս է պացիենտին ընդունելու վերաբերյալ համաձայնություն կամ մերժում է (համապատասխան մասնագիտացված բաժանմունքում կամ ծառայությունում ազատ մահճակալների բացակայության պատճառով): Պացիենտին այլ բժշկական կազմակերպություն տեղափոխելու հիմնավորվածությունը որոշելու նպատակով կարող է կազմակերպվել կոնսիլիում` Առողջապահության նախարարի 2023 թվականի ապրիլի 11-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված բժշկական կազմակերպություններում կոնսիլիումի կազմակերպման կարգի համաձայն: Պացիենտի տեղափոխության ողջ ընթացքում վերակենդանացման միջոցառումների անհրաժեշտության դեպքում տեղափոխումն իրականացվում է շտապ բժշկական օգնության ծառայության միջոցով` էպիկրիզով, իսկ մնացած դեպքերում պացիենտի տեղափոխությունը կազմակերպում է տեղափոխությունը նախաձեռնող բժշկական կազմակերպությունը` էպիկրիզով և բուժանձնակազմի ուղեկցությամբ:

(12-րդ կետը խմբ. 11.05.23 N 21-Ն) 

13. Հիվանդանոցային բժշկական օգնության շրջանակներում վերակենդանացման միջոցառումներ և ինտենսիվ թերապիա պահանջող հիվանդությունների և վիճակների դեպքում պացիենտների բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում է վերակենդանացման կամ շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի գործունեության լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպություններում` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և բժշկական կազմակերպության միջև կնքված պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման համապատասխան ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագրի համաձայն:

14. Երևանի քաղաքում գործող` սույն չափորոշչի 13-րդ կետում նշված բժշկական կազմակերպությունները յուրաքանչյուր օր վերակենդանացման ծառայության մահճակալների առնվազն 10%-ը նախատեսում են Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» փակ բաժնետիրական ընկերության շտապ բժշկական օգնության բրիգադների կողմից բժշկական կազմակերպություն տեղափոխված պացիենտների համար:

15. Բժշկական կազմակերպությունը հաշվի առնելով պացիենտի առողջական վիճակը, կյանքին վտանգ սպառնացող դեպքերում շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո, կարող է մերժել շտապ բժշկական օգնության բրիգադի կողմից բժշկական կազմակերպություն տեղափոխված պացիենտի հոսպիտալացումը` եթե չունի բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի լիցենզիա և մասնագիտացված բաժանմունք` պացիենտին անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու համար, ինչի վերաբերյալ համապատասխան գրառում է կատարվում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 18-ի N 44-Ն հրամանի հավելված 2-ի Ձև N 2-ով նախատեսված ամբուլատոր պացիենտների հաշվառման մատյանում, ինչպես նաև գրառում է կատարում և ստորագրում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի մայիսի 10-ի N 27-Ն հրամանի հավելվածի Ձև 1-ով նախատեսված շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկի ստացիոնար տեղափոխմանը վերաբերող հատվածում կամ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի մայիսի 10-ի N 27-Ն հրամանի հավելվածի Ձև 3-ով նախատեսված «Ուղեկցող թերթիկի» համապատասխան հատվածում` նշելով հոսպիտալացման մերժման հիմքը:

16. Բժշկական կազմակերպությունում բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի լիցենզիայի և մասնագիտացված բաժանմունքի բացակայության դեպքում, շտապ բժշկական օգնության բրիգադի կողմից տեղափոխված շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման կարիք ունեցող պացիենտին շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո, շտապ բժշկական օգնության բրիգադի բժշկի և բժշկական կազմակերպության ընդունարանի (հերթապահ) բժշկի կողմից համատեղ որոշում է կայացվում պացիենտին այլ` մասնագիտացված բաժանմունք ունեցող բժշկական կազմակերպություն տեղափոխելու հարցը:

17. Այն դեպքում, երբ բժշկական կազմակերպությունը հրաժարվում է (համապատասխան մասնագիտացված բաժանմունքում/ծառայությունում ազատ մահճակալների բացակայության պատճառով) անհապաղ ընդունել շտապ բժշկական օգնության բրիգադի կողմից տեղափոխված, հոսպիտալացման կարիք ունեցող պացիենտին, մերժող բժշկական կազմակերպության ընդունարանի (հերթապահ) բժիշկը համապատասխան գրառում է կատարում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 18-ի N 44-Ն հրամանի հավելված 2-ի Ձև N 2-ով նախատեսված ամբուլատոր պացիենտների հաշվառման մատյանում, ինչպես նաև գրառում է կատարում և ստորագրում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի մայիսի 10-ի N 27-Ն հրամանի հավելվածի Ձև 1-ով նախատեսված շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկի ստացիոնար տեղափոխմանը վերաբերող հատվածում կամ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի մայիսի 10-ի N 27-Ն հրամանի հավելվածի Ձև 3-ով նախատեսված «Ուղեկցող թերթիկի» համապատասխան հատվածում` նշելով հոսպիտալացման մերժման հիմքը:

18. Վերակենդանացման միջոցառումներ և ինտենսիվ թերապիա պահանջող հիվանդություններով և վիճակներով տեղափոխված հղիների, ծննդաբերների և ծննդկանների հոսպիտալացումներն իրականացվում են անհապաղ` բացառելով մերժման դեպքերը (բացառությամբ այն դեպքերի, երբ բժշկական կազմակերպությունում բացակայում է համապատասխան մասնագիտացված բաժանմունքը կամ ծառայությունը):

 

3. ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

19. Հիվանդանոցային բժշկական օգնության շրջանակներում վերականգնողական բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում է ԱԱՊ ծառայություններ մատուցող հաստատության ուղեգրմամբ կամ բժշկական կազմակերպության տեղափոխման էպիկրիզով` այն դեպքերում, երբ պացիենտը նախապես ստացել է հիվանդանոցային բժշկական օգնություն և էպիկրիզում նշված բժշկական եզրակացության մեջ խորհուրդ է տրվել բուժման արդյունավետությունը ապահովելու նպատակով շարունակել հետագա վերականգնողական բուժումը այլ բժշկական կազմակերպությունում` հաշվի առնելով վերականգնողական բուժման ցուցումները և հակացուցումները: Հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացվում է նաև բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի (իսկ 2023 թվականի փետրվարի 1-ից` անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի) կողմից տրված վերականգնողական անհատական ծրագրերի (ՎԱԾ) հիման վրա:

20. Կենդանիների կողմից կծվածության դեպքերի ժամանակ հիվանդանոցային բժշկական օգնության միջոցառումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի օգոստոսի 14-ի N 13-Ն և 2010 թվականի դեկտեմբերի 14-ի N 33-Ն հրամանների համաձայն:

21. Վնասվածքների, այրվածքների դեպքում պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում փայտացման կանխարգելումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 14-ի N 33-Ն հրամանի համաձայն:

22. Հիվանդանոցային բժշկական օգնության շրջանակներում բնակչությանը մատուցվող նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական ծառայությունների, այդ թվում սրտի վիրահատական ծառայությունների, ընդհանուր վիրաբուժական, հեմոդիալիզի, չարորակ նորագոյացությունների, պալիատիվ, թմրաբանական, հոգեբուժական, արյունաբանական, տուբերկուլոզային, մարդու իմունային անբավարարության վիրուս/ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի (ՄԻԱՎ/ՁԻԱՀ), վարակիչ հիվանդությունների, դատաբժշկական փորձաքննությունների, ախտաբանաանատոմիական դիահերձումների, հատուկ մասնագիտացված համալիր բուժական վերականգնողական ծառայությունները, ինչպես նաև կազմակերպման և իրականացման առանձնահատկություններ ունեցող այլ բժշկական ծառայությունները կազմակերպվում և իրականացվում են համապատասխան չափորոշիչներով:

 

Ձև

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ (ԿՈՆՍԻԼԻՈՒՄԻ)

(ձևն ուժը կորցրել է 11.05.23 N 21-Ն)

 

(հավելվածը խմբ., փոփ. 11.05.23 N 21-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.04.2024, N 102-Ն 12.04.2024, N 38-Ն
11.05.2023, N 21-Ն 16.05.2023, N 38-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան