Գլխավոր տեղեկություն
Номер
Հր. 1943-Ն
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (29.07.2023-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.07.24-2023.08.06 Պաշտոնական հրապարակման օրը 28.07.2023
Принят
Արտաքին գործերի նախարար
Дата принятия
27.07.2023
Подписан
Արտաքին գործերի նախարար
Дата подписания
27.07.2023
Дата вступления в силу
29.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«27» հուլիսի 2023 թ.

ք. Երևան

Հր. 1943-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԳՈՐԾՈՂ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ՝ ԼՐԱԳՐՈՂԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 8-րդ մասը՝

 

Հրամայում եմ

 

1. Սահմանել օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցչի՝ լրագրողի՝ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախարար`

 Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

արտաքին գործերի նախարարի

2023 թվականի հուլիսի 27-ի

N 1943-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԳՈՐԾՈՂ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ՝ ԼՐԱԳՐՈՂԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետություն այցելող օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցչի՝ լրագրողի (այսուհետ՝ լրագրող)՝ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման հետ կապված հարաբերությունները։

2. Հավատարմագրումն իրականացվում է կարճատև ժամանակահատվածով (այսուհետ՝ կարճաժամկետ հավատարմագրում)՝ «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն կարգին համապատասխան:

3. Հայաստանի Հանրապետություն այցելող լրագրողի գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է բացառապես Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) համապատասխան հավատարմագրման առկայության դեպքում։

4. Կարճաժամկետ հավատարմագրում անցնելու համար լրագրողը, լրատվական գործունեություն ծավալելուց առնվազն 10 աշխատանքային օր առաջ, առցանց հայտ է ներկայացնում նախարարության պաշտոնական կայքէջում, կցելով՝

1) ինքնակենսագրություն (հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներից մեկով՝ ՓիԴիԷֆ (.pdf) կամ ՋիՓեԳ (.jpg) ձևաչափով.

2) անձը հաստատող վավեր փաստաթուղթ՝ նույնականացման քարտ կամ անձնագիր: Եթե անձնագրի ժամկետը երկարացված է՝ նաև վավերականությունը հաստատող էջի պատճենը (ՓիԴիԷֆ (.pdf) կամ ՋիՓեԳ (.jpg) ձևաչափով).

3) պաշտոնական լուսանկար՝ հավատարմաքարտի համար (3x4 չափսի ՋիՓեԳ (.jpg) ձևաչափով).

4) պաշտոնական նամակ լրատվամիջոցի տնօրենի կամ գլխավոր խմբագրի ստորագրությամբ և լրատվամիջոցի կնիքով (ՓիԴիԷֆ (.pdf) կամ ՋիՓեԳ (.jpg) ձևաչափով), որը ներառում է՝

ա) լրատվամիջոցի համառոտ նկարագիրը (լրատվամիջոցի անվանումը, լսարանի մեծությունը, տեղակայման հասցեն, լրատվամիջոցի տնօրենի կամ գլխավոր խմբագրի կոնտակտային տվյալները).

բ) լրագրողի (լրագրողական խմբի պարագայում՝ խմբի բոլոր անդամների) անուն-ազգանունը.

գ) նկարահանումների ժամանակահատվածը:

5. Հավատարմագրման հայտը լրացնելուց անմիջապես հետո` այցի ծրագիրը, նկարահանումներ կատարելու դեպքում՝ նաև նկարահանումների վայրերը՝ ըստ նախատեսվող օրերի, պետական պաշտոնյաների հետ հարցազրույցների նախատեսումը, նկարահանման միջոցը (անօդաչու թռչող համակարգ՝ դրոն, տեսախցիկ և այլն) և ներմուծվող սարքավորումների տեխնիկական բնութագիրն անհրաժեշտ է ուղարկել media@mfa.am էլեկտրոնային հասցեին:

6. Լրագրողի կարճաժամկետ հավատարմագրումն իրականացվում է վերջինիս կողմից ներկայացված՝ սույն կարգի 4-րդ կետով նախատեսված հայտում նշված ժամկետով, որը չի կարող գերազանցել 3 ամիսը, եթե նախարարության պաշտոնական կայքէջում այլ ժամկետ սահմանված չէ:

7. Հայտը ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում հավատարմագրման որոշման մասին գրություն է ուղարկվում լրագրողի էլեկտրոնային հասցեին։ Ոչ լիարժեք կամ ոչ ճշգրիտ տվյալներ ներկայացնելու դեպքում նախարարությունը մեկօրյա ժամկետում տեղեկացնում է դրա մասին՝ նամակ ուղարկելով լրագրողի էլեկտրոնային հասցեին: Նախարարության կողմից նամակն ուղարկելուց հետո մեկօրյա ժամկետում լրագրողը պարտավոր է նախարարություն ներկայացնել լիարժեք և ճշգրիտ տվյալներ: Անհրաժեշտության դեպքում հայտի դիտարկման ժամկետը կարող է երկարաձգվել, որի մասին լրագրողը լրացուցիչ տեղեկացվում է:

8. Լրագրողի՝ նախարարություն հասցեագրված գրավոր դիմումի հիման վրա կարող է երկարաձգվել հավատարմագրման ժամկետը մինչև 3 ամիս ժամկետով, եթե լրագրողը չի ավարտել սույն կարգի 4-րդ կետով սահմանված ժամկետում լրագրողական գործունեությունը և ներկայացնում է տեղեկատվություն՝ սույն կարգի 4-րդ կետով սահմանված ժամկետում կատարված աշխատանքի վերաբերյալ (իրականացված նկարահանումներ, կատարված հարցազրույցներ, հրապարակումներ):

9. Նախարարություն ներկայացված հայտերը կարող են մերժվել հետևյալ հիմքերով՝

1) հայտը ներկայացնելու համար նախատեսված ժամկետները չպահպանելը.

2) անձնական ոչ ճշգրիտ տվյալներ ներկայացնելը.

3) հայտ ներկայացնելու համար պարտադիր փաստաթղթերի ոչ լիարժեք կամ ոչ ճշգրիտ ներկայացնելը.

4) սույն կարգի 7-րդ կետում նշված ժամկետում նախարարության կողմից լրացուցիչ հայցելուց հետո դրանք չշտկելը.

5) Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագրի դիմումը չներկայացնելը կամ դրա մերժելը.

6) եթե լրագրողը խախտել է նախարարության կամ պետական այլ կառույցում ներքին կանոնակարգի՝ իրեն նախապես ներկայացված դրույթները.

7) եթե լրագրողը խախտել է Հայաստանի Հանրապետության տարածքում նկարահանումների համար գործող իրավական սահմանափակումները.

8) եթե լրագրողի հայտը նախկինում սույն կետի 6-րդ և 7-րդ ենթակետերով նախատեսված հիմքերով մերժվել է կամ սույն կարգի 10-րդ կետի 2-րդ, 3-րդ, 5-րդ 6-րդ և 7-րդ ենթակետերով նախատեսված հիմքերից մեկով դադարեցվել է:

10. Նախարարությունը լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցնել, եթե`

1) նա մահացել, անհայտ բացակայող, անգործունակ կամ սահմանափակ գործունակ է ճանաչվել դատական կարգով.

2) նա դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ.

3) նա տարածել է պետական մարմնի գործունեության մասին այնպիսի տեղեկություններ, որոնք չեն համապատասխանել իրականությանը, ինչը հաստատվել է դատարանի վճռով.

4) հավատարմագրումը դադարեցնելու մասին դիմել է նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողը.

5) դադարել է գործել լրագրողին հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողը, կամ դադարեցվել է լրագրողի ներկայացրած լրատվության բոլոր միջոցների տարածումը.

6) նա խախտել է նախարարության կամ պետական այլ կառույցում ներքին կանոնակարգի՝ իրեն նախապես ներկայացված դրույթները.

7) նա խախտել է Հայաստանի Հանրապետության տարածքում նկարահանումների համար գործող իրավական սահմանափակումները:

11. Նախարարությունը հավատարմագրման դադարեցման մասին մեկօրյա ժամկետում գրությամբ հայտնում է լրատվական գործունեություն իրականացնողին:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հուլիսի 2023 թվական: