Գլխավոր տեղեկություն
Номер
N 7
Տիպ
Քաղվածք
Тип
Исходный акт (26.02.2015-01.01.2022)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.02.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.02.2015
Дата вступления в силу
26.02.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

 19 փետրվարի 2015 թվականի N 7

 

28. «ՀԱՅՓՈՍՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅՓՈՍՏ ՀՅՈՒՍԻՍ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Հավանություն տալ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության «Հայփոստ հյուսիս» հանրապետական փոստային հանգույցի ստեղծման ներդրումային ծրագրին` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. փետրվարի 26

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

փետրվարի 19-ի նիստի N 7
արձանագրային որոշման

 

«ՀԱՅՓՈՍՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅՓՈՍՏ ՀՅՈՒՍԻՍ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

1. Նախաբան

 

Հայաստանի Հանրապետության կառավարության և «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2006թ.-ի նոյեմբերի 30-ին կնքվել է «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման մասին պայմանագիր, որի անբաժանելի մասն է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության 30.11.2006թ-ի թիվ 42 արձանագրային որոշմամբ Կառավարության հավանությանն արժանացած «ՀայՓոստ» փակ բաժնետիրական ընկերության Հավատարմագրային կառավարչի գործունեության ծրագիրը (այսուհետ նաև` Ծրագիր):

 

Վերը հիշատակված Ծրագրում ներկայացված են «ՀայՓոստ» ՓԲԸ-ի զարգացմանն ու տնտեսապես կայուն և առաջատար փոստային կապի օպերատոր դառնալուն ուղղված գործընթացների ամբողջությունը, ներառյալ տարբեր ուղղություններով փոստային կապի ցանցի արդիականացմանն ուղղված ներդրումները, այդ թվում` փոստային կապի օբյեկտների վերանորոգումներին ու նոր` տեխնոլոգիապես արդիական փոստային կապի օբյեկտների կառուցմանն ուղղված ներդրումները:

 

Փոստային գործառույթների արդյունավետ կազմակերպման ու կառավարման նպատակով Հավատարմագրային կառավարչի գործունեության ծրագրի իրագործման շրջանակներում, Հայփոստը, վերջին երկու տարիներին իրականացնում է փոստային ցանցի տարածքային կառավարման մոդելի վերակազմավորում, ինչպիսի գործընթացի հիմքում դրված են նախ և առաջ փոստային երթուղիների և գործառույթների կազմակերպման պլանավորված փոփոխութոյւնները: Փոստային ցանցի տարածքային կառավարման նոր մոդելի ներդրման շրջանակներում նախատեսվում է փոստային կապի բաժանմունքների աշխատանքների կազմակերպումը խոշոր փոստային կենտրոններից, որոնք իրենց բնույթով հանդիսանալու են փոստային առաքումների և դրամական միջոցների փոստային փոխադրությունների, ինչպես նաև վարչական և այլ գործընթացների կենտրոնացված կառավարման խոշոր հանգույցներ: Նման հանգույցների տարածքային տեղակայումը պայմանավորված է բացառապես փոստային երթուղիների և փոստային գործառույթների արդյունավետ և տնտեսապես ձեռնտու կերպով կազմակերպման նախադրյալներով: «ՀայՓոստ» ՓԲԸ-ում արդեն իսկ հաջողությամբ իրականացվել են Արագածոտնի, Գեղարքունիքի և Արարատի մարզերում խոշոր փոստային հանգույցների ստեղծման ծրագրերը, որոնց արդյունքում նախկինում գոյություն ունեցող բազմաթիվ փոստային մասնաճյուղերի փոխարեն նույն գործընթացներն այժմ հաջողությամբ իրականացվում են` համապատասխանաբար Աշտարակ, Սևան և Արտաշատ քաղաքներում ստեղված փոստային կապի խոշոր հանգույցների միջողով, այն է` Աշտարակի, Սևանի և Արտաշատի փոստային մասնաճյուղերի միջոցով:

 

«ՀայՓոստ» ՓԲԸ-ում պլանավորված գործընթացների շրջանակներում, որպես ծրագրի հաջորդ քայլ, նախատեսվում է Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջաններում ներդնել փոստային բաժանմունքների կառավարման նոր մոդելը և դրա նպատակով Սպիտակ քաղաքում ստեղծել «Հայփոստ հյուսիս» վարչական ստորաբաժանումը:

 

2. Ծրագրի նկարագրությունը

 

Սույն ծրագրի շրջանակներում նախատեսվում է նոր խոշոր փոստային կապի հանգույց հիմնել Սպիտակ քաղաքում, որն ապահովված կլինի տեսակավորման, ընդհանուր գրասենյակային և մեքենաների կառավարման տարածքներով: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև երկու, ամբողջությամբ նոր, փոստային բաժանմունք կառուցել Սպիտակ քաղաքում:

 

Սույն ծրագրի շրջանակներում Սպիտակ քաղաքի նորաստեղծ փոստային կապի օբյեկտները համալրված կլինեն ժամանակակից տեսակավորման հարմարավետ տարածքներով, որոնք ապահովված կլինեն ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներով` ներառելով համակարգիչներ, տպիչներ, գծանիշ կոդեր կարդացող սարքեր, կշեռքներ, կապահովվի օն-լայն կապ գլխամասի հետ:

 

Յուրաքանչյուր փոստային բաժանմունք համալրված կլինի անվտանգություն ապահովող նոր սարքավորումներով և տեխնոլոգիաներով` ինչպիսիք են. տեսախցիկներ, ծխի տվիչներ, հակահրդեհային, ահազանգման և հակավթարային անջատիչ համակարգեր և այլն:

 

Փոստային բաժանմունքները կունենան մանրածախ վաճառքի համար նախատեսված տարածք՝ ամսագրերի, թերթերի, գրքերի, գրենական պիտույքների և այլ ապրանքատեսակների վաճառք իրականացնելու համար: Ձեռք կբերվեն նոր ավտոմեքենաներ:

 

Սպիտակ քաղաքի նորաստեղծ փոստային բաժանմունքներում կմատուցվեն հետևյալ հիմնական ծառայությունները`

Փոստային ծառայություններ (նամակներ, ծանրոցներ, փաթեթներ, փոստային բացիկներ, արագացված փոստ ծառայություն և այլն),

Փոստային ֆինանսական ծառայություններ (կոմունալ վճարների հավաքագրում, դրամական փոխանցումներ, պետական հարկերի և տուրքերի հավաքագրում, սոցիալական վճարների բաշխում և այլն),

Կոմերցիոն մանրածախ առևտրի ծառայություններ (թերթեր, ամսագրեր և այլն),

Ծառայությունների անկյուն (ինտերնետ, տպում, ֆաքս, պատճենահանում և սքանավորում),

Բաժանորդագրություն հրատարակություններին,

Կատալոգային վաճառք

Այլ ծառայություններ:

 

3. Ակնկալվող արդյունքներ

 

Նախատեսվում է, որ «Հայփոստ հյուսիս»-ը կդառնա «Հայփոստ կենտրոն»-ից հետո երկրորդ մեծագույն վարչական միավորը: «Հայփոստ հյուսիս»-ի գլխամասի տեղակայման օպտիմալ վայրը հաջողության կարևորագույն գրավականներից է, քանի որ լոգիստիկայի ուղղակի ծախսերը կախված են զուտ վայրի ընտրությունից: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է 80-90 աշխատատեղերի ստեղծում:

 

Սպիտակում «Հայփոստ հյուսիս»-ի կազմավորման ռազմավարական այս ծրագրի կարևոր նպատակներից և ակնկալվող արդյունքներից է նաև 1988թ.-ի Սպիտակի երկրաշարժից տուժած տարածքների վերակառուցումը և Սպիտակի բնակչությանը կյանքի բնականոն հունին վերաինտեգրելը:

 

4. Ներդրում

 

Այս ծրագրի համար նախատեսված ընդհանուր ներդրումը կազմում է մոտավորապես 500 միլիոն ՀՀ դրամ: Ծրագրի իրագործման արդյուքնում Սպիտակ քաղաքում 8500 ք/մ հողատարածքի վրա շահագործման կհանձնվի «Հայփոստ հյուսիս» փոստային խոշոր հանգույցը, որը ներառելու է «Հայփոստ հյուսիս» փոստային մասնաճյուղը, փոստային համապատասխան բաժանմունքը, փոստի տեսակավորման կենտրոնը, ավտոպարկը և բեռնային համալիրը: «Հայփոստ հյուսիս» փոստային խոշոր հանգույցից սպասարկվելու են Լոռու և Շիրակի մարզերը: Ծրագրի շրջանակներում Սպիտակ քաղաքում կառուցվելու են նոր փոստային բաժանմունքներ 317 ք/մ և 300 ք/մ հողատարածքի վրա, որոնք համապատասխանելու են «Հայփոստ» ՓԲԸ-ում ներկայումս կիրառվող բոլոր պահանջներին ու ստանդարտներին:

 

Ծրագրի համար ներդրումները նախատեսվում են իրականացնել Սպիտակ քաղաքում համապատասխան հողմանասերի նկատմամբ «Հայփոստ» ՓԲԸ-ի իրավունքների պետական գրանցման պահից: Իսկ «Հայփոստ հյուսիս»-ի շահագործումը նախատեսվում է իրականացնել Սպիտակ քաղաքում համապատասխան հողմանասերի նկատմամբ «Հայփոստ» ՓԲԸ-ի իրավունքների պետական գրանցման պահից սկսած տասներկուսից տասնութ ամիսների ընթացքում:

 

5. Անհրաժեշտ աջակցություն

 

Սույն ծրագրի իրականացման համար առաջնայինը Հայփոստի նոր փոստային բաժանմունքների տեղակայման համար համապատասխան հողամասերի հատկացման խնդրի լուծումն է: