ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
30 մարտի 2023 թ. |
N 32-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ 7-12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով և 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
Հրամայում եմ
1. Հաստատել հանրակրթական ուսումնական հաստատություններում «Հասարակագիտություն» առարկայի 7-12-րդ դասարանների առարկայական չափորոշիչը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար` |
Ժ. Անդրեասյան |
Հավելված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի մարտի 30-ի N 32-Ն հրամանի |
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ 7-12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉ
Բաժին 1. Ուսուցման նպատակը
Հանրակրթական ուսումնական հաստատություններում «Հասարակագիտություն» առարկայի նպատակն է ձևավորել ժողովրդավարության հիմնարար արժեքներ կրող, հուզական հասունություն դրսևորող, կշռադատող, մասնակցող և սոցիալապես պատասխանատու քաղաքացի։
«Հասարակագիտություն» առարկան սովորողին հասարակական գործընթացներն ուսումնասիրելու, դրանց մասին քննադատական մոտեցում ձևավորելու և սեփական դիրքորոշում ունենալու հնարավորություն է տալիս։ Սովորողը պետք է կարողանա գիտականորեն ընկալել մարդու և հասարակության հիմնահարցերը, քաղաքական կարգերն ու գաղափարները, կայուն զարգացման հակասությունները, հետազոտել և մեկնաբանել դրանք, տիրապետել ճանաչողական, սոցիալական և անհատական կարողությունների ու հմտությունների, իրազեկ լինել տեղական, ազգային և համաշխարհային հիմնախնդիրներին՝ հենվելով ազգային ու համամարդկային արժեքների վրա:
1) «Հասարակագիտություն» առարկայի վերջնարդյունքները
ա․ Հիմնական դպրոց
1) Բնութագրի մարդ, բնություն, մտածողություն հասկացությունները։
2) Գիտակցի կարիքների ու ցանկությունների անսահմանափակությունն ու ռեսուրսների սահմանափակությունը։
3) Հասկանա ռեսուրսները խնայելու, մարդու կողմից շրջակա միջավայրը պահպանելու և բարելավելու անհրաժեշտությունն ու ձևերը։
4) Սահմանի առողջ և անվտանգ կենսակերպի կանոններն ու բաղադրիչները։
5) Բացատրի և հիմնավորի անձի առանձնահատկությունները և հասարակական կյանքի օրինաչափությունները։
6) Մեկնաբանի և վերլուծի սեփական հույզերը, ցանկությունները, կարիքները, նպատակները, սեփական յուրահատկություններն ու հակումները։
7) Գիտակցի հույզերի, մտածողության և վարքագծի դերը աշխարհաճանաչողության գործում։
8) Թվարկի մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքները և ազատությունները, բացատրի, թե ինչ դեր ունեն անհատը և պետությունը դրանք հարգելու և պաշտպանելու գործում։
9) Բացատրի ազատություն, ժողովրդավարություն, օրենքի գերակայություն, քաղաքացիություն, իրավունքներ և պարտականություններ հասկացությունները։
10) Ներկայացնի և քննարկի համայնքի խնդիրներն ու բարելավման ուղիները։
11) ճանաչի մեդիայի ու խոսքի ազատության դերը, որպես ակտիվ քաղաքացի կարողանա օգտագործել մեդիա գործիքները ժողովրդավարական և մարդու իրավունքների պաշտպանության գործընթացներում։
12) Քննադատորեն վերլուծի և ստուգի տեղեկությունները, տարբերի հավաստի ու կեղծ լուրերը։
բ․ Միջնակարգ դպրոց
1) Նկարագրի տարբեր ժամանակաշրջանների բնական միջավայրի, հասարակական, տնտեսական, քաղաքական և մշակութային զարգացումների փոխկապվածությունը։
2) Տարբերակի և համեմատի աշխարհաճանաչողության ձևերը և դրանց առանձնահատկությունները։
3) Նկարագրի կայուն զարգացման էությունը, հիմնական գաղափարներն ու դրանց փոխադարձ կապերը։
4) Գիտակցի հիմնավորված և կշռադատված որոշումների կայացման կարևորությունը։
5) Պլանավորի և կառավարի անձնական ֆինանսական միջոցներն ու ռեսուրսները։
6) Բացատրի գիտելիքի կարևորությունը, սովորելիս դրսևորի կամք և վստահություն սեփական ուժերի նկատմամբ։
7) Նկարագրի մարդու հիմնախնդիրը հասարակական տարբեր գիտությունների տեսանկյունից։
8) Հիմնավորի մտածողության կարևորությունը ժամանակակից աշխարհում և կիրառի մտածողության տարբեր ձևեր։
9) Ներկայացնի տնտեսության գործունեության մեխանիզմը, գիտակցի ազատ շուկայական տնտեսության կարևորությունը և անհրաժեշտությունը։
10) Համադրի և հակադրի իրավունքի առաջացման ուսմունքները, առանձնացնի իրավունքի աղբյուները և հիմնական ճյուղերը։ Մեկնաբանի դրանց նշանակությունը և կարգավորման ոլորտը, ինչպես նաև քննի իրավական համակարգերի ազդեցությունը մարդկանց կյանքի վրա։
11) Մեկնաբանի իրավունքի հիմնական ճյուղերը՝ վերլուծելով յուրաքանչյուրի ընդհանուր բնութագրիչները, խնդիրները և կարգավորման ոլորտը։
12) Մեկնաբանի քաղաքական և քաղաքացիական մասնակցության, ՀՀ պետական և համայնքային իշխանության մարմինների ընտրությունների նշանակությունը և ընթացակարգերը։
13) Հիմնավորի խաղի, ուսման, աշխատանքի ու ազատ ժամանակի և ազատության, երջանկության, հավատի, սիրո, բարոյական արժեքների փոխազդեցությունները։
14) Բնութագրի հոգեկան գործընթացները։ Հիմնավորի ներառականության կարևորությունը հասարակական կյանքում։
15) Վերլուծի ժամանակակից մարտահրավերներին արդյունավետ դիմակայող հասարակությանը բնորոշ հատկանիշները։
16) Բացատրի քաղաքական գաղափարախոսությունների նշանակությունը հանրային կյանքում։
17) Տարբերակի միջազգային իրավունքի աղբյուրները, դիտարկի պետությունների և միջազգային իրավունքի հարաբերությունները, վերլուծի այդ հարաբերությունները ՀՀ-ում և գլոբալ խնդիրների համատեքստում։
Բաժին 2. Առարկայի ընդհանուր բնութագիրը
ա․ «Հասարակագիտություն» առարկայի արդիականությունը
«Հասարակագիտություն» առարկայի արդիականությունը պայմանավորված է ուսուցման երեք բաղադրիչներով՝ իմացական, սոցիալական և անձնային Իմացական (կոգնիտիվ) բաղադրիչ։ Ժամանակակից աշխարհում չափազանց կարևոր է հասարակական կյանքի օրինաչափությունների մասին գիտելիքներ ունենալը։ Այդ գիտելիքների միջոցով կարող ենք հասկանալ ու բացատրել մեզ շրջապատող աշխարհը, կառուցել արտաքին աշխարհի մասին հիմնավոր պատկերացում։ Հասարակական գործընթացների բազմազանությունը, տարբեր երևույթների մասին առկա տարակարծությունները կարևոր նախապայման են սովորողների շրջանում քննադատական և ստեղծագործական մտածողություն զարգացնելու տեսանկյունից։ Ժամանակակից աշխարհում էապես մեծացել են մարդկանց միջև աշխարհայացքային տարբերությունները, ինչի հետևանքով հաճախ փորձում են մարդկանց ապակողմնորոշել, մանիպուլացնել, զրկել ինքնուրույն մտածելու հնարավորությունից։ Այս խնդիրներին դիմակայելու համար կարևոր է, որ սովորողներն ունենան քննադատական մտածողություն։ Դա հասարակական երևույթները տարբեր կողմերից դիտարկելու, դրանց դրական և բացասական հայեցակետերի մասին կշռադատելու և հիմնավորված որոշումներ կայացնելու հնարավորություն է տալիս։ Հասարակական գործընթացների բազմազանությունը նաև ոչ ստանդարտ մոտեցումներ դրսևորելու և դրանով իսկ սովորողների ստեղծագործական մտածողությունը զարգացնելու լավ հնարավորություն է ստեղծում։
Այս առարկայի դասավանդման շրջանակում առաջնային է համարվում քաղաքացիական, իրավական, տնտեսական, մշակութային, մեդիա գրագիտության ձևավորումը, որոնք համարվում են բարեկեցիկ հասարակության հենասյուները։
«Հասարակագիտություն» առարկայի դասավանդումը հնարավորություն է տալիս գիտելիքներ ձեռք բերելու մարդու մտածողության մասին և դրա շնորհիվ յուրացրած հմտությունները կիրառելու որոշակի իրավիճակներում։
Սոցիալական բաղադրիչ։ Բազմաթիվ հետազոտություններ վկայում են, որ ժամանակակից աշխարհում կարևորվում են սոցիալական այնպիսի հմտություններ, ինչպիսիք են հաղորդակցությունը, համագործակցությունը, դիմացինին հասկանալու կարողությունը, կոնֆլիկտներ լուծելու հմտությունը։
Շատ կարևոր են այնպիսի որակների զարգացումը, ինչպիսիք են սոցիալական համերաշխությունը, սոցիալական պատասխանատվությունը, սոցիալական ձեռներեցությունը և մասնակցությունը։
«Հասարակագիտություն» առարկայի դասավանդումը հնարավորություն է տալիս գիտելիքներ ձեռք բերելու սոցիալական հմտությունների մասին և դրանք կիրառելու հասարակական տարբեր երևույթներ բացատրելու գործընթացում։
Անձնային զարգացման բաղադրիչ։ Հասարակությունների զարգացման մակարդակը մեծապես կախված է այն հանգամանքից, թե ինչպիսի անձնային որակներ ունեն տվյալ հասարակության անդամները, որքանով են առաջնորդվում ամբողջ կյանքի ընթացքում սովորելու պահանջով։
Այս առումով կարևոր են անձի հուզական հասունությունը և ինքնաճանաչողության, ինքնագնահատման բարձր մակարդակը։ Անձի ձևավորման գործում էական նշանակություն ունի այնպիսի արժեքներ կրելը, ինչպիսիք են՝ ազատությունը, արդարությունը, պատասխանատվությունը, հանդուրժողականությունը, արժանապատվությունը։ Հենց այդ արժեքների վրա հիմնվող անձը կարող է դրսևորել պատասխանատու վարքագիծ՝ գիտակցելով իր քայլերի կարճաժամկետ և երկարաժամկետ հետևանքները։
Արժեքների վրա հիմնվող անձնային զարգացումը «Հասարակագիտություն» առարկայի դասավանդման հիմնական նպատակներից մեկն է։
«Հասարակագիտություն» առարկայի դասավանդումը մեծ դեր ունի դպրոցի՝ քաղաքացիական կրթության առաքելության իրականացման գործում։
բ․ Առարկայի առանցքային գաղափարները, ծրագրի առանձնահատկությունները
Առարկայի առանցքային գաղափարներն են.
- անհատ-հասարակություն փոխազդեցությունը,
- հասարակության էվոլյուցիան (զարգացումը),
- հիմնարար արժեքների նշանակությունը,
- մարդկության գլոբալ (համաշխարհային), հիմնախնդիրները։
Հասարակագիտություն առարկայի առանձնահատկությունն այն է, որ բաղկացած է սոցիոլոգիա, հոգեբանություն, իրավագիտություն, տնտեսագիտություն, քաղաքագիտություն, փիլիսոփայություն գիտակարգերից, ինչը հնարավորություն է տալիս հասարակական երևույթներն ընկալելու բազմակողմանիորեն և ինտեգրված եղանակով։ Երկրորդ առանձնահատկությունն այն է, որ հասարակագիտական հարցերի մասին չկան միանշանակ տեսակետներ, վերջնական լուծումներ, ինչը սովորողների մեջ խնդիրները համակողմանի դիտարկելու, այլակարծությունը հանդուրժելու, հետազոտական և նախագծային մոտեցումներ զարգացնելու հնարավորություններ է ընձեռում։
Յուրաքանչյուր դասարանի համար ընտրված է մեկ գլխավոր թեմա, որի շուրջ կառուցվում է բովանդակությունը։ Այդ թեմաներն են՝
7-րդ դասարան՝ «Մարդ»։
8-րդ դասարան՝ «Հասարակության հիմնասյուներ. արժեքներ և իրավունքներ»։
9-րդ դասարան՝ «Պետություն»։
10-րդ դասարան՝ «Հասարակագիտական մտքի հիմունքներ»։
11-րդ դասարան՝ «Պետական համակարգի իրավական, տնտեսական և քաղաքական բաղկացուցիչները»։
12-րդ դասարան՝ «Ինքնաճանաչողություն»։
Առարկայի դասավանդումը հիմնվելու է 3 մոտեցման վրա.
1. Հասկացությունների և սկզբունքների ուսուցում, ինչը հնարավորություն կտա իմանալու առարկայի բովանդակությունը։
2. Հետազոտական ուսուցում, ինչը հնարավորություն կտա հասկանալու, որ բազմաթիվ խնդիրներ չունեն միանշանակ լուծումներ և անխուսափելի են մշտական որոնումները։
3. Նախագծային ուսուցում, ինչը նպատակ ունի զարգացնել թիմային աշխատանքի հմտություններ, առաջարկել խնդիրների լուծման այլընտրանքային տարբերակներ։
«Հասարակագիտություն» առարկայի առանցքային գաղափարների ուսուցումը հիմնվելու հետևյալ մոտեցումների վրա.
- Դասավանդման ընթացքում կիրառվելու է ինտեգրված մոտեցումը, ինչը հնարավորություն է տալու թեմաները դիտարկելու փոխկապակցվածության մեջ։
- Կարևորվելու է պարույրի մոտեցումը, որը հնարավորություն է տալու առանցքային գաղափարներին անդրադառնալու շարունակաբար և բարդության տարբեր մակարդակներով։
- Միակողմանի մոտեցումից խուսափելու համար թեմաների ներկայացման հիմքում դրվելու է պատմական մոտեցումը, ինչը ենթադրում է ներկայացնել խնդրի մասին բոլոր կարևոր տեսությունների, մոտեցումների էվոլյուցիան։
- Բովանդակության ներկայացումը հնարավորինս զերծ պահել կատեգորիկ մոտեցումներից, որպեսզի սովորողները հնարավորություն ունենան դրսևորելու մտածողության կարողունակություն, զարգացնելու որոշում կայացնելու և դիրքորոշում ունենալու հմտություններ։
- Առարկայի բովանդակությունը իրականության հետ կապելու համար ներառել հայ հասարակագիտական մտքի, արվեստի, գրականության ձեռքբերումները և Հայաստանի անցյալին ու ներկային վերաբերող օրինակները։
գ․ Սովորողների հետ աշխատանքի հիմնական մեթոդների և տեխնոլոգիաների, գնահատման առանձնահատկությունների, եղանակների և ձևերի համառոտ նկարագրությունը
Ուսումնական գործընթացն իրականացվելու է խառը ուսուցման ձևաչափով (blended)։ Կիրառվելու են դեմ առ դեմ և առցանց ուսուցման եղանակները։ Ուսուցումն իրականացվելու է համադասարանական, անհատական և փոքր խմբային աշխատանքների միջոցով։ Ուսումնական գործընթացում, ելնելով թեմայի բովանդակությունից, դասի նպատակից, դասարանի, սովորողների, քննարկվող հիմնախնդրի առանձնահատկություններից, առկա հնարավորություններից և այլ հանգամանքներից, կարող են ընտրվել ուսումնական գործունեության հետևյալ տեսակները.
- ուսումնական նյութի բացատրում,
- ինքնավերլուծություն, զրույցներ ու հարցազրույցներ,
- աշխատանք տպագիր և էլեկտրոնային սկզբնաղբյուրների նյութերով՝ գիտական բազային գործիքների օգտագործմամբ (մեջբերումներ, հղումներ, ամփոփումներ, եզրակացություններ, առաջարկություններ)։
- զանգվածային լրատվամիջոցներից ստացված տեղեկատվության վերլուծություն, աղբյուրների գնահատում և համադրում,
- հիմնախնդիրների հետազոտում,
- հանդիպումներ,
- մրցույթների անցկացում,
- հաշվետվությունների և էսսեների պատրաստում,
- բանավեճերի կազմակերպում,
- ՏՀՏ կիրառմամբ թվային գործիքների օգտագործում,
- դերային խաղեր,
- թղթապանակների պատրաստում, մեկնաբանում,
- անհատական ու խմբային, ինքնուրույն և համագործակցային աշխատանքների կատարում,
- անդրադարձ ուսումնական գործունեությանը։
Գնահատման գործընթացում կիրառվելու են բազմաթիվ եղանակներ, բայց հիմնական շեշտը դրվելու է ձևավորող գնահատման վրա։ Ձևավորող գնահատման ձևերից հատկապես կարևորվելու է հետադարձ կապը, որը աշակերտների ձեռքբերումներն արձանագրելու և բացթողումների շտկման ուղիները գտնելու հնարավորություն է տալու։ Մեծ դասարաններում կարող է կիրառվել ձևավորող գնահատման ընդհանրական տարբերակը, երբ ուսուցիչն ամբողջ դասարանին ներկայացնում է սովորողների մոտ նկատվող տիպական սխալները։ Փոքր դասարաններում կարող է կիրառվել անհատական հետադարձ կապի համակարգը։
Մեծ կարևորություն է տրվելու գնահատման եղանակները դասավանդման մեթոդների հետ միասնության մեջ դիտարկելու մոտեցմանը։ Գնահատումը չպետք է դիտարկվի դասավանդման մեթոդներից անջատ, քանի որ դա կարող է բերել գիտելիքների, հմտությունների ոչ համարժեք գնահատման։
Գնահատման գործընթացում անհրաժեշտ հաշվի առնել 3 գործոն՝
- սովորողի արդյունքի գնահատում,
- սովորողի առաջընթացի գնահատում,
- սովորողի գործադրած ջանքի գնահատում։
- Կիրառվելու են գնահատման գրավոր և բանավոր եղանակներ։
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ
1. Հանրակրթության մասին ՀՀ օրենքը:
2. Հանրակրթության պետական չափորոշիչ, հաստատված ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 136-Ն որոշմամբ։
3. Հանրակրթության պետական կրթակարգ, միջնական կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004:
4. Հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման կարիքի գնահատման ուսումնասիրություն, պատրաստվել է «Ի-Վի քոնսալթինգ» ՓԲԸ-ի և «Այբ» կրթական հիմնադրամի կողմից, ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» գրասենյակի պատվերով, Երևան, 2016:
5. Հասարակագիտություն: Դասագիրք հանրակրթական հիմնական դպրոցի 8–րդ դասարանի hամար/ Ա. Գյուլբուդաղյան, Կ. Հարությունյան, Տ. Թովմասյան.- Եր.: «Զանգակ» հրատ., 2018:
6. Հասարակագիտություն: Դասագիրք հանրակրթական հիմնական դպրոցի 9–րդ դասարանի hամար/ Ա. Գյուլբուդաղյան, Կ. Հարությունյան, Տ. Թովմասյան.- Եր.: «Զանգակ» հրատ., 2018:
7. Ինչպես կարող են բոլոր ուսուցիչները օժանդակել քաղաքացիության և մարդու իրավունքների կրթությանը. կոմպետենցիաների զարգացման շրջանակ, Եվրոպայի խորհրդի հրատարակություն։
8. Քաղաքացի նախագիծ, համայնքային հիմնախնդիրների հետազոտման ուսումնական նախագիծ,Սիվիտաս- Հայաստան։
9. Մեթոդական ձեռնարկ «Հասարակագիտություն» առարկան դասավանդող ուսուցիչների համար, Կ. Հարությունյան, Գ. Վարդանյան.-, Կոնրադ Ադենաուեր Հիմնադրամ, Երևան 2020:
10. Ֆինանսական կրթության մեթոդական ձեռնարկ «Հասարակագիտություն» առարկայի ուսուցիչների համար /Կ․Հարությունյան, Ս․ Խաչատրյան, Ա․ Մանուչարյան,Ֆ․Սեյրանյան, Երևան 2019/։
11. «Հասարակագիտություն», հանրակրթական ավագ դպրոցի չափորոշիչներ և ծրագրեր, Երևան 2009։
12. Հանրակրթական հիմնական դպրոցի «Հասարակագիտություն» առարկայի չափորոշիչ և ծրագիր (8-9-րդ դասարաններ), Երևան 2012։
13. Andrew Heywood, Political ideologies: an introduction, London, Palgrave Macmillan, 2017
14. Andrew Heywood, Politics, 5th Ed., London, Macmillan International Higher Education, 2019
15. Michael Freeden, Lyman Tower Sargent (Ed.), The Oxford Handbook of Political Ideologies, Oxford University Press, 2015
16. Ալեքսանյան Ա., Գալստյան Ն., Սիմոնյան, «Հասարակագիտություն» առարկայի ուսումնաօժանդակ ձեռնարկ: 11-րդ դասարան.- Եր.: Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ, 2020:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 ապրիլի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|