Ա Ռ Ա Ջ Ի Ն Բ Ա Ժ Ա Ն Մ ՈՒ Ն Ք
ԱԳԱՆԻԿՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(Գանգատ թիվ 21791/12)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
5 ապրիլի 2018թ.
Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։
Ագանիկյանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Առաջին բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝
Ալեշ Պեյխալ [Aleš Pejchal]՝ Նախագահ,
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],
Յովան Իլևսկի [Jovan Ilievski]՝ դատավորներ,
և Ռենատա Դեգեներ [Renata Degener]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,
2018 թվականի մարտի 13-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն ԱՄՆ քաղաքացի պրն Հրայր Ագանիկյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2012 թվականի ապրիլի 2-ին Դատարան ներկայացված գանգատի (թիվ 629/11) հիման վրա:
2. Դիմումատուին ներկայացրել է Երևանում գործող իրավաբան պրն Ա. Ղազարյանը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը (Կառավարություն) ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը:
3. 2016 թվականի նոյեմբերի 16-ին վարույթի տևողության վերաբերյալ բողոքն ուղարկվել է Կառավարություն, իսկ գանգատը մնացած մասով հայտարարվել է անընդունելի՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 54-րդ կանոնի 3-րդ կետի։
ՓԱՍՏԵՐԸ
ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
4. Դիմումատուն ծնվել է 1953 թվականին և ապրում է Երևանում:
5. 2004 թվականի դեկտեմբերի 30-ին քննիչը որոշել է Քրեական օրենսգրքի (ՔՕ) 213-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ դիմումատուի կողմից ենթադրաբար վաշխառություն կատարելու փաստի առնչությամբ քրեական գործ հարուցել։
6. 2005 թվականի հունվարի 10-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների [ընդհանուր իրավասության] դատարանը դիմումատուի բնակարանի խուզարկության թույլտվություն է տվել:
7. 2005 թվականի հունիսի 20-ին դիմումատուին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ որպես արհեստ վաշխառություն կատարելու համար, որի հետևանքով տուժողն ընկել է նյութական ծանր կացության մեջ։ Նույն օրը, որպես խափանման միջոց, քննիչը որոշել է դիմումատուից բնակության վայրից չհեռանալու մասին ստորագրություն վերցնել։
8. 2005 թվականի հունիսի 23-ին քննիչը որոշել է որպես ապահովման միջոց բռնագրավել դիմումատուի գույքը։
9. 2005 թվականի օգոստոսի 10-ին քննիչը մեղադրական եզրակացությունը հաստատման է ուղարկել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազին (դատախազ), սակայն 2005 թվականի օգոստոսի 15-ին դատախազը մերժել է հաստատել այն և գործը վերադարձրել է քննիչին՝ լրացուցիչ նախաքննության։
10. 2005 թվականի հոկտեմբերի 15-ին քննիչը քրեական գործով այլ մեղադրանքներ է առաջադրել ՔՕ-ի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ դիմումատուի կողմից խարդախությամբ գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու առնչությամբ։ Նույն օրն այս գործը միացվել է վաշխառության վերաբերյալ գործին։
11. 2005 թվականի դեկտեմբերի 8-ին և 29-ին, համապատասխանաբար, քննիչը նշանակել է դատաձեռագրաբանական փորձաքննություններ։ Այս փորձաքննությունների արդյունքներն ստացվել են համապատասխանաբար 2006 թվականի հունվարի 13-ին և 20-ին։
12. 2006 թվականի մարտի 7-ին քննիչը որոշել է փոփոխել դիմումատուին առաջադրված մեղադրանքը և նրան նոր մեղադրանք առաջադրել ՔՕ-ի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 3-րդ մասի 1-ին կետի, 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի և 349-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ խոշոր և առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու, որպես արհեստ վաշխառություն կատարելու մասով, որի հետևանքով տուժողներն ընկել են նյութական ծանր կացության մեջ, ինչպես նաև ապացույցները կեղծելու մասով։
13. Նույն օրը քննիչը դիմումատուին երկու ամիս ժամկետով կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան, ինչը մերժվել է Վարչական շրջանի դատարանի կողմից։ Այնուամենայնիվ, դատախազի կողմից ներկայացված բողոքի հիման վրա 2006 թվականի մարտի 28-ին Վերաքննիչ դատարանը բեկանել է Վարչական շրջանի դատարանի որոշումը և որոշում է կայացրել դիմումատուի նկատմամբ կիրառել կալանք՝ երկու ամիս ժամկետով։
14. 2006 թվականի մարտի 29-ին և 30-ին, ինչպես նաև ապրիլի 13-ին քննիչը դիմել է Վարչական շրջանի դատարան՝ խուզարկություն կատարելու թույլտվություն և բանկային գաղտնիք համարվող տեղեկություններ ստանալու միջնորդությամբ։ Այս միջնորդությունները բավարարվել են 2006 թվականի մարտի 29-ին ու 31-ին և ապրիլի 13-ին։
15. 2006 թվականի հուլիսի 14-ին հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկվել է Վարչական շրջանի դատարան, որն այն վարույթ է ընդունել 2006 թվականի հուլիսի 24-ին։
16. Վարչական շրջանի դատարանի՝ 2006 թվականի օգոստոսի 18-ի որոշմամբ գործը նշանակվել է դատաքննության։ 2006 թվականի օգոստոսի 25-ից մինչև 2007 թվականի հոկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում դատարանը նշանակել է տասներկու նիստ, որոնք հետաձգվել են տուժողների և (կամ) վկաների բացակայության պատճառով։ Բացի այդ, տասը դեպքերում նիստերը հետաձգվել են դատախազի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ, իսկ ինը դեպքերում՝ դիմումատուի միջնորդությունները բավարարելու արդյունքում։ Դեպքերից երեքում դատարանը որոշում է կայացրել դատարան չներկայացած տուժողներին և (կամ) վկաներին բերման ենթարկելու մասին։
17. 2007 թվականի հուլիսի 9-ին Վարչական շրջանի դատարանը բավարարել է դիմումատուի փաստաբանի՝ դիմումատուին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։
18. 2007 թվականի հոկտեմբերի 15-ին դիմումատուի գործը քննող դատավորի լիազորությունները կասեցվել են։ 2007 թվականի նոյեմբերի 1-ին մեկ այլ դատավոր է գործը վարույթ ընդունել, և գործի քննությունը վերսկսվել է։
19. 2007 թվականի նոյեմբերի 21-ից մինչև 2010 թվականի դեկտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում դատարանը նշանակել է քառասուն նիստ, որոնք հետաձգվել են դիմումատուի կամ նրա փաստաբանի բացակայության պատճառով կամ նրանց կողմից ներկայացված միջնորդությունների հիման վրա։ Բացի այդ, դեպքերից երեսունհինգում նիստերը հետաձգվել են տուժողների կամ վկաների բացակայության պատճառով կամ նրանց կողմից ներկայացված միջնորդությունների հիման վրա, իսկ երեսուներկուսում՝ դատախազի միջնորդությունները բավարարվելու պատճառով կամ այն պատճառով, որ դատարանը սեփական նախաձեռնությամբ որոշում է կայացրել հետաձգել գործի քննությունը։ Դեպքերից հինգում դատարանը նիստին չներկայացած տուժողին և վկաներին բերման ենթարկելու մասին որոշում է կայացրել։
20. 2009 թվականի օգոստոսի 28-ին և 2010 թվականի հոկտեմբերի 12-ին, համապատասխանաբար, դատախազը որոշում է կայացրել մեղադրանքը փոփոխելու և (կամ) դիմումատուին նոր մեղադրանքներ առաջադրելու մասին։
21. 2010 թվականի մարտին և հունիսին Վարչական շրջանի դատարանը մասամբ բավարարել կամ մերժել է դիմումատուի և տուժողներից մեկի կողմից ներկայացված միջնորդությունները, որոնցով պահանջվում էր դատաբժշկական փորձաքննություն նշանակել։
22. 2011 թվականի հունվարի 31-ին Վարչական շրջանի դատարանը կայացրել է դատավճիռ՝ դիմումատուին մեղավոր ճանաչելով հինգ դրվագներով՝ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախություն), 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (շորթում), 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (վաշխառություն) և 349-րդ հոդվածի 1-ին մասով (ապացույցները կեղծելը) նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար և դատապարտել է նրան ինը տարի ժամկետով ազատազրկման՝ նրա գույքի կեսի բռնագրավմամբ, և սահմանել է 400 000 ՀՀ դրամի չափով տուգանք։ Պարզ է դառնում, որ վարույթի ընթացքում Վարչական շրջանի դատարանը հարցաքննել է քառասունյոթ վկաների, ուսումնասիրել է մոտավորապես երեսուն փաստաթղթային ապացույց և հինգ փորձագիտական եզրակացություն, որոնցից մեկը նշանակվել էր Վարչական շրջանի դատարանի կողմից։
23. Դիմումատուն և դատախազը բողոքարկել են այս դատավճիռը։
24. 2011 թվականի հոկտեմբերի 3-ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է բողոքները և Վարչական շրջանի դատարանի դատավճիռը թողել անփոփոխ:
25. Դիմումատուի փաստաբանը ներկայացրել է վճռաբեկ բողոք:
26. 2011 թվականի նոյեմբերի 21-ին Վճռաբեկ դատարանը բողոքը ճանաչել է անընդունելի՝ հիմքերի բացակայության պատճառով:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
27. Դիմումատուն բողոքել է, որ քրեական վարույթի տևողությունը չի համապատասխանել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված «ողջամիտ ժամկետի» պահանջին, համաձայն որի՝
«Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են ... իրեն ներկայացված քրեական մեղադրանքի հիմնավորվածությունը, ունի ... տրիբունալի կողմից ողջամիտ ժամկետում ... լսումների իրավունք...»։
28. Կառավարությունը վիճարկել է այդ փաստարկը։
Ա. Ընդունելիությունը
29. Դատարանը նշում է, որ գանգատը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով ակնհայտ անհիմն չէ։ Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով։ Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի։
Բ. Ըստ էության քննությունը
30. Դիտարկվող ժամանակահատվածի հաշվարկը սկսվում է 2004 թվականի դեկտեմբերի 30-ից, երբ քննիչը քրեական գործով վարույթ է հարուցել դիմումատուի դեմ, և ավարտվում է 2011 թվականի նոյեմբերի 21-ին, երբ Վճռաբեկ դատարանը տվյալ գործով վերջնական որոշում է կայացրել։ Այսպիսով, այն տևել է գրեթե վեց տարի և տասնմեկ ամիս՝ երեք ատյանների մակարդակով։
31. Դատարանը կրկին նշում է, որ վարույթի տևողության ողջամտությունը պետք է գնահատվի՝ ելնելով գործի կոնկրետ հանգամանքներից և հաշվի առնելով հետևյալ չափորոշիչները՝ գործի բարդությունը, դիմումատուի և համապատասխան մարմինների վարքագիծը (տե՛ս, ի թիվս այլ մի շարք վճիռների, Պելիսիեն և Սասին ընդդեմ Ֆրանսիայի [ՄՊ] [Pélissier and Sassi v. France [GC]], թիվ 25444/94, § 67, ՄԻԵԴ 1999-II)։
32. Կառավարությունը պնդել է, որ գործը բարդ է եղել առաջադրվող մեղադրանքների բնույթի, ինչպես նաև հարցաքննվող տուժողների և վկաների թվի պատճառով. առկա են եղել ութ տուժողներ, և որպես վկա հարցաքննվել են երեսունչորս անհատներ և՛ մինչդատական վարույթի, և՛ դատական քննության ընթացքում։ Դատական քննությանը մեծ թվով տուժողների և վկաների մասնակցությունը հնարավոր է եղել միայն Վարչական շրջանի դատարանի կողմից նշանակված՝ հարկադրանքի միջոցներ կիրառելուց հետո։ Ավելին, հարցի քննության համար պահանջվել է մի քանի դատաբժշկական փորձաքննություն, և հավաքված ապացույցների ծավալը չափազանց մեծ է եղել։
33. Կառավարությունը նշել է, որ մինչդատական վարույթի փուլը տևել է մոտավորապես տասնութ ամիս և չի եղել անգործության ժամանակահատված։ Մինչդատական վարույթի և դատական քննության ընթացքում մեղադրանքները փոփոխելու հետևանքով ուշացումներ չեն եղել։ Չնայած այն փաստին, որ քննության ժամկետները երկարաձգվել են հինգ անգամ, սա անհրաժեշտ է եղել, inter alia (ի թիվս այլնի), դատաբժշկական փորձաքննություններ անցկացնելու, դիմումատուին պատկանող գույքը գտնելու, բոլոր տուժողներին և վկաներին հարցաքննելու, հարցումներ և խուզարկություններ անցկացնելու համար։ Ինչ վերաբերում է դատական քննությանը, Վարչական շրջանի դատարանի փուլը խլել է մոտավորապես չորս ու կես տարի, որի ընթացքում 136 դատական նիստ է տեղի ունեցել և, վերջիվերջո, հետաձգվել։ Վարչական շրջանի դատարանը, ընդհանուր առմամբ, բավարարել է կողմերի տարբեր միջնորդությունները, որոնք բնականաբար երկարաձգել են վարույթի ժամկետը։ Նիստերից չորսի ընթացքում բացակա են եղել և՛ դիմումատուն, և՛ իր փաստաբանը. նիստերից տասներեքի ընթացքում բացակա է եղել դիմումատուի փաստաբանը, և հետևաբար գործի քննությունը հետաձգվել է, և մեկ անգամ գործի քննությունը հետաձգվել է վարույթին մեկ այլ փաստաբան ներգրավելու նպատակով։
34. Դիմումատուն պնդել է, որ իր բոլոր միջնորդությունները ներկայացվել են բարեխղճորեն, և որ դրանց կեսն առնչվել է արդար դատաքննության իր իրավունքը երաշխավորելուն։ Ի հակադրություն դրան՝ դատախազն առանց հիմնավոր պատճառի մի քանի անգամ չի ներկայացել դատարան, և նախագահող դատավորը նույնպես շատ անգամներ հետաձգել է գործի քննությունը՝ դրա հետ չկապված պատճառներով։ 136 հետաձգումներից գրեթե կեսը կատարվել է այն տուժողների և վկաների հաճախակի չներկայանալու պատճառով, որոնց մեծ մասը հրավիրվել է դատախազի կողմից։ Նրանց ներկայությունն ապահովելը, անկասկած, պետության պարտականությունն է եղել։ Ավելին, դատական քննությունը վերսկսվել է այն սկսվելուց մեկ տարի երեք ամիս հետո, քանի որ առաջին նախագահող դատավորի լիազորությունները կասեցվել են։ Մեղադրանքները փոփոխելը նույնպես ունեցել է միևնույն երկարաձգող ազդեցությունը։
35. Դատարանը նշում է, որ սույն գործով մինչդատական վարույթի փուլը, ինչպես նաև բողոքարկման փուլը միանգամայն արագ են ավարտվել, սակայն Վարչական շրջանի դատարանում դատական քննության փուլը տևել է մոտավորապես չորս ու կես տարի։ Չնայած Վարչական շրջանի դատարանում դատական քննության փուլում իշխանության կողմից չեն եղել ակտիվության բացակայության հատկապես երկար ժամանակահատվածներ, խնդիրն այն է, որ գործի քննությունը հետաձգվել է 136 անգամ, մեկ տարի և երեք ամիս տևողությամբ դատական քննությունից հետո վարույթը վերսկսվել է, և մեղադրանքները փոփոխվել են կամ նորերն են առաջադրվել վարույթի այդ փուլում։ Չնայած հնարավոր է այս տարրերից մի քանիսը Վարչական շրջանի դատարանի հսկողությունից դուրս են եղել, այնուամենայնիվ, երկու կողմերի կողմից ներկայացված՝ դատական նիստը հետաձգելու մասին միջնորդություններն ընդունելու կամ չընդունելու վերաբերյալ որոշում կայացնելը և բոլոր կողմերի ներկայությունը պատշաճ կերպով ապահովելը եղել են դրա լիազորությունների շրջանակում։ Պայմանավորվող պետությունները պետք է իրենց դատական համակարգը կազմակերպեն այնպես, որ դատարանները կարողանան բավարարել 6-րդ հոդվածով սահմանված «ողջամիտ ժամկետի» պահանջը (տե՛ս, օրինակ, Լուպենի Հույն Կաթոլիկ Ծխականը և այլք ընդդեմ Ռումինիայի [ՄՊ] [Lupeni Greek Catholic Parish and Others v. Romania [GC]], թիվ 76943/11, § 142, ՄԻԵԴ 2016 (քաղվածքներ))։
36. Ավելին, նույնիսկ եթե գործը որոշակիորեն բարդ է եղել չափազանց մեծ ծավալի և ներգրավված տուժողների ու վկաների թվի պատճառով, չի կարելի ասել, որ սրանով արդարացվում է վարույթի ամբողջ տևողությունը։
37. Դատարանը հաճախակի հայտնաբերել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտումներ այն գործերում, որոնցում արծարծվում են այնպիսի հարցեր, ինչպիսիք՝ սույն գործում (տե՛ս, վերևում հիշատակված, Պելիսիեն և Սասին)։
38. Դատարանը, ուսումնասիրելով իրեն ներկայացված բոլոր նյութերը, համարում է, որ սույն գործով այլ եզրակացության հանգելու համար Կառավարությունը համոզիչ փաստեր կամ փաստարկներ չի ներկայացրել։ Հաշվի առնելով քննվող հարցի վերաբերյալ իր նախադեպային իրավունքը՝ Դատարանը համարում է, որ տվյալ գործում վարույթի տևողությունը չափազանց երկար է եղել և չի բավարարել «ողջամիտ ժամկետի» պահանջը։
39. Հետևաբար տեղի է ունեցել 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում։
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
40. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։
Ա. Վնասը
41. Դիմումատուն պահանջել է 3 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։
42. Կառավարությունը համարել է, որ պահանջված գումարը չափազանց մեծ է և պետք է նվազեցվի:
43. Դատարանը համարում է, որ դիմումատուն պետք է որ կրած լինի ոչ նյութական վնաս։ Առաջնորդվելով արդարության սկզբունքով՝ Դատարանն այդ մասով նրան շնորհում է 865 եվրո։
Բ. Ծախսերը և ծախքերը
44. Դիմումատուն նաև պահանջել է 720 000 ՀՀ դրամ (ՀՀ դրամ՝ մոտավորապես 1 259 եվրո)՝ որպես հատուցում Դատարանում կրած ծախսերի և ծախքերի համար։
45. Կառավարությունը նշել է, որ ներկայացված պայմանագրով նախատեսված չի եղել աշխատաժամերի և ժամավճարի չափի վերաբերյալ տեղեկություններ, և որ չկա ապացույց առ այն, որ 720 000 ՀՀ դրամը փաստացի վճարվել է։ Հետևաբար սույն գործով իրականում ծախսեր և ծախքեր չեն առաջացել։ Այսպիսով, Կառավարությունը համարել է, որ ծախսերի և ծախքերի մասով պահանջը պետք է մերժվի։
46. Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը և Դատարանի նախադեպային իրավունքը՝ Դատարանը մերժում է ծախսերի և ծախքերի մասով պահանջը` մանրամասն տեղեկությունների բացակայության պատճառով:
Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը
47. Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Հայտարարում է գանգատն ընդունելի.
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում.
3. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.
ոչ նյութական վնասի դիմաց՝ 865 եվրո (ութ հարյուր վաթսունհինգ եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ.
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
4. Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2018 թվականի ապրիլի 5-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
Ռենատա Դեգեներ |
Ալեշ Պեյխալ |
Քարտուղարի տեղակալ |
Նախագահ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|