Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 36894/04 և 3521/07
Տիպ
Վճիռ ընդդեմ Հայաստանի
Тип
Исходный акт (17.06.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Дата принятия
17.03.2016
Подписан
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Дата подписания
17.03.2016
Дата вступления в силу
17.06.2016

Ներմուծեք նկարագրությունը_15382

Ա Ռ Ա Ջ Ի Ն  Բ Ա Ժ Ա Ն Մ ՈՒ Ն Ք

 

ԶԱԼՅԱՆԸ ԵՎ ԱՅԼՈՔ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

(Գանգատներ թիվ 36894/04 և 3521/07)

 

ՎՃԻՌ

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

17 մարտի 2016թ.

 

Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում։ Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։

 

Զալյանը և այլոք ընդդեմ Հայաստանի գործով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Առաջին բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով՝

Միրյանա Լազարովա Տրայկովսկա [Mirjana Lazarova Trajkovska]` Նախագահ,

Լեդի Բիանկու [Ledi Bianku],

Քրիստինա Պարդալոս [Kristina Pardalos],

Ալեշ Պեյչալ [Aleš Pejchal],

Ռոբերտ Սպանո [Robert Spano],

Պաուլին Կոսկելո [Pauliine Koskelo]` դատավորներ,

Սիրանուշ Սահակյան [Siranush Sahakyan]` ad hoc (ժամանակավոր) դատավոր,

և Անդրե Ուամպաշ [André Wampach]՝ բաժանմունքի քարտուղարի տեղակալ,

2016 թվականի փետրվարի 23-ին դռնփակ խորհրդակցությամբ

կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը:

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

1. Սույն գործը հարուցվել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի երեք քաղաքացիներ պրն Արայիկ Զալյանի (առաջին դիմումատու), պրն Ռազմիկ Սարգսյանի (երկրորդ դիմումատու) և պրն Մուսա Սերոբյանի (երրորդ դիմումատու) (միասին՝ դիմումատուներ) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության 2004 թվականի սեպտեմբերի 23-ին առաջին դիմումատուի կողմից և 2006 թվականի նոյեմբերի 9-ին բոլոր երեք դիմումատուների կողմից համատեղ Դատարան ներկայացված երկու գանգատների (թիվ 36894/04 և 3521/07) հիման վրա:

2. Դիմումատուներին ներկայացրել են Երևանում գործող փաստաբաններ պրն Հ. Ալումյանը և պրն Ս. Ոսկանյանը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը (Կառավարություն) ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը։

3. Դիմումատուները, մասնավորապես, պնդել են որ 2004 թվականի ապրիլի 19-ից 23-ն ընկած ժամանակահատվածում իրենք ենթարկվել են խոշտանգումների, և վատ վերաբերմունքի վերաբերյալ իրենց հայտարարությունների մասով արդյունավետ քննություն չի իրականացվել: Առաջին դիմումատուն հետագայում պնդել է, որ իրեն՝ 2004 թվականի ապրիլի 19-ից 24-ն ընկած ժամանակահատվածում ապօրինաբար զրկել են ազատությունից, չեն հայտնել իրեն ազատությունից զրկելու պատճառները, իրեն անհապաղ չեն ներկայացրել դատավորին, և որ ինքն ի վիճակի չի եղել վարույթ հարուցել՝ իրեն ազատությունից զրկելու օրինականությունը վիճարկելու համար: Ի վերջո, առաջին դիմումատուն պնդել է, որ 2004 թվականի օգոստոսի 24-ի և նոյեմբերի 4-ի միջև ընկած ժամանակահատվածում իր կալանքն ապօրինի է եղել, և որ կալանքի տակ գտնվելու ժամանակ հացադուլի ընթացքում նրան անհրաժեշտ բժշկական օգնություն չի տրամադրվել:

4. 2007 թվականի հոկտեմբերի 11-ին դիմումատուների՝ ենթադրյալ վատ վերաբերմունքի և արդյունավետ քննություն չանցկացնելու մասով բողոքները, և առաջին դիմումատուի՝ կալանքի տակ գտնվելու ընթացքում անհրաժեշտ բժշկական օգնության ենթադրյալ բացակայության մասով, ինչպես նաև իր ձերբակալության և կալանքի մասով բողոքներն ուղարկվել են Կառավարություն, իսկ թիվ 36894/04 և 3521/07 գանգատների մնացած մասը հայտարարվել է անընդունելի: Որոշվել է նաև միացնել գանգատները:

5. Հայաստանի Հանրապետության դատավոր պրն Արմեն Հարությունյանն ի վիճակի չի եղել մասնակցելու դատավարությանը (Դատարանի կանոնակարգի 28-րդ կանոն): Այդ պատճառով, Պալատի նախագահը որոշել է տկն Սիրանուշ Սահակյանին նշանակել ad hoc դատավոր (29-րդ կանոնի 1(բ) կետ):

 

ՓԱՍՏԵՐԸ

 

I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

 

6. Դիմումատուները ծնվել են 1985 թվականին և բնակվում են Վանաձորում ու Գյումրիում՝ Հայաստանում:

 

Ա. Գործի նախապատմությունը

 

7. 2003 թվականի մայիսին դիմումատուները զորակոչվել են հայկական բանակ և կցագրվել չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (այսուհետ՝ Լեռնային Ղարաբաղ) (տե՛ս Չիրագովը և այլոք ընդդեմ Հայաստանի [ՄՊ] [Chiragov and Others v. Armenia [GC]], թիվ 13216/05, § 28, 2015 թվականի հունիսի 16) Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի մոտակայքում գտնվող թիվ 33651 զորամասի երրորդ հետևակային գումարտակին:

8. 2004 թվականի հունվարի 9-ին Մարտակերտի կայազորի դատախազությունը հարուցել է թիվ 90800104 քրեական գործը՝ նույն զորամասի երկու զինծառայողներ Ռ.Ե.-ի և Հ.Մ.-ի սպանության առնչությամբ, որոնց դիակները 2004 թվականի հունվարի 9-ին և 10-ին հայտնաբերվել էին մոտակա ջրանցքում: Նրանք սպանվել էին 2003 թվականի դեկտեմբերի 24-ին:

9. Հայաստանի զինվորական դատախազի հրամանով ստեղծվել է քննչական խումբ, որը գլխավորել է Հայաստանի զինվորական դատախազության քննիչ Ա.Հ.-ն: Քննչական խմբում ընդգրկված են եղել նաև Հայաստանի Գուգարքի կայազորի զինվորական դատախազության քննիչ Ս.Տ.-ն, Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի կայազորի զինվորական դատախազության քննիչ Ա.Կ.-ն, Երևանի ռազմական ոստիկանության բաժնի պետի տեղակալ Վ.Կ.-ն և Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժնի պետ Ա.Բ.-ն:

10. 2004 թվականի հունվարի 16-ին մի շարք զինծառայողներ ձերբակալվել են և, այնուհետև, մեղադրվել ու կալանավորվել սպանությունների կապակցությամբ: Ըստ երևույթին, այս մեղադրանքներն ավելի ուշ հանվել են ապացույցների բացակայության պատճառով:

11. Հայաստանի ռազմական ոստիկանության պետը 2004 թվականի մարտի 6-ի գրությամբ Հայաստանի զինվորական դատախազին տեղեկացրել է, որ երեք զինծառայողներ ցուցմունք են տվել երեք այլ զինծառայողների՝ Վ.Հ.-ի, Ս.Պ.-ի և Գ.Ե.-ի՝ հանցագործության մեջ ներգրավված լինելու մասին, բայց ավելի ուշ հրաժարվել են իրենց ցուցմունքներից՝ պնդելով, որ այդ հայտարարություններն արել են Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժնի ծառայողներից մեկի և նրանց զորամասի երկու ծառայողների գործադրած բարոյական և հոգեբանական ճնշման ներքո:

12. 2004 թվականի ապրիլի 16-ին առաջին և երկրորդ դիմումատուները նշանակվել են հսկելու մարտական հերթապահության դիրքերը:

13. 2004 թվականի ապրիլի 19-ին քննչական խումբը թիվ 33651 զորամասի ծառայողներից մեկից ստացել է դատարկ ծրար՝ վրան գրված որոշ անուններ, որը, ենթադրաբար, հայտնաբերվել էր դեպքի վայրում՝ 2003 թվականի դեկտեմբերի 25-ին:

14. 2004 թվականի ապրիլի 20-ին նույն զորամասի նախկին զինծառայող Կ.Ա.-ն այս առնչությամբ հարցաքննվել է երկրորդ դիմումատուի ծննդավայրում՝ Գյումրիում: Ըստ երևույթին, այս հարցաքննության ընթացքում է պարզվել, որ նշված ծրարը կապված է երկրորդ դիմումատուի հետ և դրված է եղել նրա ծնողների կողմից 2003 թվականի դեկտեմբերի վերջին նրան ուղարկված ծանրոցի մեջ: Հետագայում պարզ է դառնում, որ այս փաստը հաստատվել է երկրորդ դիմումատուի կրտսեր եղբոր հարցաքննության ժամանակ, որը տեղի է ունեցել 2004 թվականի ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ից 13։10-ն ընկած ժամանակահատվածում:

 

Բ. 2004 թվականի ապրիլի 19-ից 24-ը դիմումատուների ենթադրյալ ազատազրկումը և նրանց նկատմամբ դրսևորված ենթադրյալ վատ վերաբերմունքը

 

15. Դիմումատուները պնդել են, որ 2004 թվականի ապրիլի 19-ին իրենց հերթականությամբ տարել են իրենց զորամասի հրամանատար Մ.Ա.-ի առանձնասենյակ՝ սպանությունների կապակցությամբ հարցաքննելու համար: Հարցաքննությունն անցկացվել է քննիչներ Ա.Հ.-ի ու Ս.Տ.-ի և ռազմական ոստիկանության ծառայողներ Վ.Կ.-ի և Ա.Բ.-ի կողմից: Երրորդ և չորրորդ գումարտակների հրամանատարները՝ համապատասխանաբար Ե.Մ.-ն և Ի.Վ.-ն, նույնպես ներկա են եղել հարցաքննության մի մասի ընթացքում: Իրավապահ մարմինների ծառայողները սկսել են ծեծել, սպառնալ և վիրավորական արտահայտություններ հնչեցնել դիմումատուների հասցեին՝ ստիպելով նրանց խոստովանել սպանությունների կատարման փաստը: Նույն օրը հարցաքննությունից հետո, Հայաստանի զինվորական դատախազի հրամանով, իրավապահ մարմինների նույն ծառայողները նրանց տեղափոխել են Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի կայազորի զինվորական դատախազություն, որտեղ նրանց նկատմամբ վատ վերաբերմունքը շարունակվել է, և որտեղ նրանց պահել են՝ մինչև լրացուցիչ հարցաքննության համար Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժին տեղափոխելը:

16. Կառավարությունը վիճարկել է այս պնդումները և նշել, որ 2004 թվականի ապրիլի 19-ին և 20-ին առաջին ու երկրորդ դիմումատուները եղել են մարտական հերթապահության դիրքերում: Երկրորդ դիմումատուին՝ սպանությունների կապակցությամբ որպես վկա հարցաքննելու համար, զորամասի հրամանատար Մ.Ա.-ի առանձնասենյակ տարել են միայն 2004 թվականի ապրիլի 21-ին: Դրանից հետո՝ շատ չանցած, զորամասի հրամանատարը երրորդ գումարտակի հրամանատար Ե.Մ.-ին կարգադրել է ռազմական պահակակետից բերել նաև առաջին դիմումատուին՝ որպես վկա հարցաքննելու համար: Երրորդ դիմումատուն նույնպես տարվել է հարցաքննության: Հարցաքննությունն անցկացվել է զորամասի հրամանատարի առանձնասենյակում՝ զինվորական դատախազության և ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից: Հարցաքննության ժամանակ պարզվել է, որ 2003 թվականի դեկտեմբերի 24-ին դիմումատուներն ինքնակամ լքել են մարտական հերթապահության դիրքերը և գնացել Մատաղիս գյուղ: Սա համարվել է կարգապահական կոպիտ իրավախախտում, և զորամասի հրամանատարը որոշել է նրանց ենթարկել կարգապահական տույժի՝ տասնօրյա ժամկետով մեկուսացման ձևով: Նույն օրը, մասնավորապես, 2004 թվականի ապրիլի 21-ին, դիմումատուներին սկզբում տարել են Մարտակերտի կայազորի զինվորական դատախազություն, իսկ ավելի ուշ՝ Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժին, որտեղ նրանց տեղավորել են կարգապահական մեկուսարանում՝ կարգապահական տույժը կրելու համար:

17. Գործի նյութերից պարզ է դառնում, որ դիմումատուների առաջին հարցաքննությունն անցկացվել է իրենց զորամասում՝ հրամանատար Մ.Ա.-ի առանձնասենյակում, ուր նրանց տարել են հերթականությամբ: Հարցաքննությունն անցկացվել է քննիչներ Ա.Հ.-ի ու Ս.Տ.-ի և ռազմական ոստիկանության ծառայողներ Վ.Կ.-ի ու Ա.Բ.-ի կողմից: Ըստ երևույթին, չորրորդ գումարտակի հրամանատար Ի.Վ.-ն նույնպես ներկա է եղել հարցաքննության մի մասին: Դիմումատուներին հարցեր են ուղղել այն ծանրոցի մասին, որը երկրորդ դիմումատուն 2003 թվականի դեկտեմբերի 24-ին ստացել էր իր ծնողներից և որը պարունակում էր սնունդ, նամակներ և այլ պարագաներ, ինչպես նաև արդյոք նրանք Մատաղիսից ծանրոցը բերելուց հետո այդ ուտելիքը կերել են միասին, և եթե այդպես է, որտեղ և երբ: Այս հարցաքննության վերաբերյալ որևէ արձանագրություն չի կազմվել:

18. Այնուհետև գործի նյութերից հետևում է, որ 2004 թվականի ապրիլի 21-ին զորամասի հրամանատար Մ.Ա.-ն արձակել է թիվ 112 հրամանը, որի համաձայն, դիմումատուները համարվել են մեկուսացված Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժնում և 2004 թվականի ապրիլի 22-ից զրկվել են իրենց օրապահիկից: Սույն հրամանը հիմնված է եղել մեկուսացման երեք գրությունների վրա՝ թվագրված 2004 թվականի ապրիլի 21-ով և ստորագրված հրամանատարի կողմից, որում նշված էր, որ դիմումատուները պետք է մեկուսացվեն տասնօրյա ժամկետով՝ «ԶԿԽ»-ի (զինվորական կանոնների խախտում) պատճառով և պետք է պահվեն ընդհանուր խցում: Մեկուսացման գրությունների՝ «Բժշկի եզրակացությունը» տողում առկա է «գործնականում առողջ է» նշումը՝ բժիշկ Ս.-ի ստորագրությամբ: Մեկուսացման գրությունների այն հատվածները, որտեղ պետք է ներառված լինեին կարգապահական մեկուսարանի պետի ստորագրությունը և կարգապահական մեկուսարան դիմումատուների ընդունման ու ազատման ժամի և ամսաթվի վերաբերյալ նրա նշումները, լրացված չէին:

19. 2004 թվականի ապրիլի 21-ին դիմումատուներին հարցաքննել են որպես վկաներ Մարտակերտի կայազորի զինվորական դատախազությունում: Համապատասխան արձանագրությունների համաձայն՝ առաջին դիմումատուին հարցաքննել է քննիչ Ս.Տ.-ն՝ ժամը 14:50-ից մինչև 19:25-ը, երկրորդ դիմումատուին հարցաքննել է քննիչ Ա.Կ.-ն՝ ժամը 14:35-ից մինչև 19:40-ը, և երրորդ դիմումատուին հարցաքննել է քննիչ Ա.Հ.-ն՝ ժամը 14:05-ից մինչև 19:20-ը: Երկրորդ դիմումատուն հարցաքննության ժամանակ ընդունել է, որ ինքը և մյուս երկու դիմումատուներն իր ծնողներից ստացված ծանրոցում պարունակվող սնունդը կերել են զորամասից դուրս՝ ջրանցքի կողքին՝ 2003 թվականի դեկտեմբերի 24-ին: Հարցաքննության ժամանակ առաջին դիմումատուին խնդրել են բացատրություն տալ այն մասին, թե նա ինչ է արել 2003 թվականի դեկտեմբերի 24-ին: Այնուհետև նրան հարցրել են՝ արդյոք նա ճանաչում էր զինծառայողներ Ռ. Ե.-ին և Հ. Մ.-ին, և արդյոք մոտակա խանութը դեռ բաց էր, երբ նա և մյուս երկու դիմումատուները կերել են ուտելիքը, ինչպես նաև երկու հարց՝ կապված ծանրոցով ուղարկված նամակի ծրարի հետ:

20. Այդ օրն ավելի ուշ՝ չպարզված ժամի, դիմումատուներին տարել են Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժին, որտեղ ժամը 22:35-ից մինչև 00:10-ը երկրորդ դիմումատուն հարցաքննվել է որպես վկա քննիչ Ա.Հ.-ի կողմից: Հարցաքննությունը տեսանկարահանվել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի լրատվության բաժնի օպերատոր Ա.Գ.-ի կողմից:

21. Դիմումատուներին Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժնում պահել են մինչև 2004 թվականի ապրիլի 23-ը: Այդ օրը Հայաստանի զինվորական դատախազը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարին հետևյալ բովանդակությամբ գրություն է ուղղել՝ գրության պատճենն ուղարկելով Հայաստանի ռազմական ոստիկանության պետին, Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժնի պետին և թիվ 33651 զորամասի հրամանատարին.

«Հայաստանի զինվորական դատախազության քննչական բաժանմունքում քննվող թիվ 90800104 քրեական գործի շրջանակներում 2004 թվականի ապրիլի 21-ին [դիմումատուները], որոնք իրենց զինվորական ծառայությունն անցնում էին թիվ 33651 զորամասում, տարվել են Մարտակերտի կայազորի զինվորական դատախազություն, այնուհետև՝ Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժին:

Անհրաժեշտ է վերը նշված երեք զինծառայողներին տեղափոխել Երևանի թիվ 10724 զորամաս՝ նրանց մասնակցությամբ մի շարք քննչական գործողություններ կատարելու նպատակով:»:

22. Նույն օրը դիմումատուները տեղափոխվել են Երևան, երկրորդ դիմումատուն տեղափոխվել է առաջին և երրորդ դիմումատուներից առանձին: Ժամը 22:45-ին Հայաստանի ռազմական ոստիկանության բաժնի հերթապահ ծառայողը «Ընդունում» անվանմամբ արձանագրություն է կազմել, որում նշվել է, որ նա Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժնի աշխատակիցներից ընդունել է առաջին և երրորդ դիմումատուներին:

23. Դիմումատուները պնդել են, որ Երևան տեղափոխվելուց առաջ՝ ամբողջ ժամանակահատվածում, իրենք բազմիցս հարցաքննվել են որպես վկաներ, չնայած արդեն կասկածվում էին հանցագործության կատարման մեջ: Նրանք շարունակաբար ենթարկվել են ծեծի, սպառնալիքների և վիրավորական արտահայտությունների՝ քննիչներ Ա.Հ.-ի և Ս.Տ.-ի, ռազմական ոստիկանության ծառայողներ Վ.Կ.-ի և Ա.Բ.-ի, ինչպես նաև Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժնի Մ. կեղծանունով մեկ այլ ծառայողի կողմից՝ խոստովանություն կորզելու նպատակով: Նրանց պահել են տարբեր իրավապահ մարմինների տարբեր սենյակներում և խցերում և ո'չ սնունդ են տրամադրել, ո'չ էլ թույլատրել են քնել: Նրանց տեղափոխել են մեկ իրավապահ մարմնից մյուսը՝ կապված աչքերով և ձեռնաշղթաներով: Երկրորդ դիմումատուն նաև պնդել է, որ ծառայողները սպառնացել են մահակով բռնաբարել իրեն և ձերբակալել իր մայրիկին ու կրտսեր եղբորը, եթե նա հրաժարվի խոստովանել:

24. Դիմումատուները հետագայում պնդել են, որ Երևան ժամանելուց հետո նրանք մնացել են ազատությունից զրկված, և չպարզված ժամանակ նրանց տեղավորել են թիվ 10724 զորամասում գտնվող քննչական մեկուսարանում, որը ղեկավարվում էր ռազմական ոստիկանության կողմից (այսուհետ՝ ռազմական ոստիկանության քննչական մեկուսարան (ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության քննչական մեկուսարան))՝ քննիչի ցուցումներին համապատասխան:

25. Կառավարությունն ընդունել է, որ դիմումատուները Երևան են տեղափոխվել զինվորական դատախազի պահանջով՝ 2004 թվականի ապրիլի 23-ին, բայց պնդել է, որ դա Քրեական դատավարության օրենսգրքի (Քր. դատ. oր.) 98-րդ հոդվածով սահմանված պաշտպանության միջոց էր: Նրանք հետագայում պնդել են, որ դիմումատուներին տեղավորել են ռազմական ոստիկանության քննչական մեկուսարանում միայն 2004 թվականի ապրիլի 24-ին նրանց ձերբակալելուց հետո:

 

Գ. Դիմումատուների պաշտոնական ձերբակալումը 2004 թվականի ապրիլի 24-ին և նրանց մեղադրանք առաջադրելը

 

26. 2004 թվականի ապրիլի 24-ին ժամը 10:45-ից մինչև 15:10-ը երկրորդ դիմումատուն Հայաստանի զինվորական դատախազությունում հարցաքննվել է քննիչ Ա.Հ.-ի կողմից՝ որպես վկա: Այս հարցաքննությունը տեսանկարահանվել է: Հարցաքննության ժամանակ երկրորդ դիմումատուն խոստովանել է, որ ինքը և մյուս երկու դիմումատուներն են եղել սպանություն կատարողները: Նրա հայտարարության համաձայն՝ ինքը և մյուս երկու դիմումատուները 2003 թվականի դեկտեմբերի 24-ին լքել են իրենց զորամասը՝ իր ծնողների կողմից ուղարկված սնունդը ջրանցքի մոտ առանձին ուտելու համար: Այնտեղ իրենք հանդիպել են իրենց ծառայակից երկու ընկերներին: Վիճաբանություն է սկսվել, ինչը հանգեցրել է կռվի և դարձել մահացու մարմնական վնասվածքների պատճառ: Հասկանալով, որ իրենց ծառայակից երկու ընկերները մահացել են՝ ինքը և մյուս երկու դիմումատուները որոշել են նրանց դիակները նետել ջրանցքը:

27. Նույն օրը դիմումատուները պաշտոնապես ձերբակալվել են և ճանաչվել որպես կասկածյալներ: Առաջին դիմումատուի ձերբակալության արձանագրությունը կազմվել է ժամը 18:35-ին Երևանի ռազմական ոստիկանության բաժնում: Արձանագրության մեջ նշվել է, որ նա կասկածվում է երկու զինծառայողների սպանությանը հանցակից լինելու մեջ:

28. Ըստ երևույթին, քննիչ Ա.Հ.-ն դիմումատուներին ներկայացնելու նպատակով հրավիրել է փաստաբաններ Մ.Ա.-ին և Վ.Ե.-ին: Մ.Ա.-ն նշանակվել է որպես երկրորդ դիմումատուի ներկայացուցիչ, մինչ Վ.Ե.-ն՝ որպես առաջին և երրորդ դիմումատուների ներկայացուցիչ: Առաջին դիմումատուն գրավոր համաձայնություն է տվել, որ իր շահերը ներկայացնի փաստաբան Վ.Ե.-ն:

29. Այդ օրը՝ ավելի ուշ, դիմումատուներն առանձին-առանձին հարցաքննվել են որպես կասկածյալներ՝ իրենց պաշտպանների ներկայությամբ: Ավելին, երկու առանձին առերեսումներ են անցկացվել երկրորդ դիմումատուի և, համապատասխանաբար, առաջին ու երրորդ դիմումատուների միջև՝ երկուսն էլ պաշտպանների ներկայությամբ: Իր հարցաքննության և վերը նշված առերեսումների ընթացքում երկրորդ դիմումատուն հաստատել է իր կողմից ավելի վաղ արված խոստովանությունը, մինչդեռ մյուս երկու դիմումատուները հերքել են իրենց մեղքը և նրա կողմից տրված՝ դեպքերի նկարագրությունը:

30. Դիմումատուները պնդել են, որ վերոնշյալ փաստաբանները գործին մասնակցելու համար հրավիրվել են զինվորական դատախազության քննիչների կողմից, և նրանց՝ գործին ներգրավվելն ընդամենը ձևականություն է եղել և սահմանափակվել է արձանագրությունների ու այլ փաստաթղթերի ստորագրմամբ՝ օրինականության տպավորություն ստեղծելու նպատակով: Առաջին դիմումատուն նաև պնդել է, որ ինքն իր պաշտպանի հետ երբեք առանձին չի հանդիպել, իսկ երկրորդ դիմումատուն պնդել է, որ իր պաշտպան Մ.Ա.-ին ինքը չի ընտրել, և ո'չ ինքը, ո'չ իր ընտանիքը համաձայնություն չեն տվել տվյալ գործին տվյալ փաստաբանի մասնակցությանը:

31. Նույն օրը՝ չպարզված ժամի, ռազմական ոստիկանության քննչական մեկուսարանի հերթապահ ծառայողը յուրաքանչյուր դիմումատուի համար կազմել է արձանագրություն՝ անձին մարմնի զննության ենթարկելու մասին, որում նշվել է, որ ինքը՝ [ոստիկանության] երկու փոխարինող ծառայողների, երկու ընթերականեր Վ.Վ.-ի և Կ.Ա.-ի (համապատասխանաբար՝ տղամարդ և կին) և հերթապահ բուժակ Կ.Գ.-ի հետ միասին զննել է դիմումատուների մարմինները, և որ «[նրանց] վրա ոչինչ չի հայտնաբերվել»: Երկրորդ, երրորդ և առաջին դիմումատուների զննությունների ժամերը, համապատասխանաբար, նշվել են ժամը «21:55»-ը, «22:05»-ը և «22:10»-ը: Համապատասխան արձանագրությունները ստորագրվել են դիմումատուների և ներգրավված մյուս բոլոր անձանց կողմից: Կառավարությունը պնդել է, որ այս զննությունները կատարվել են դիմումատուներին ռազմական ոստիկանության քննչական մեկուսարան ընդունելուց անմիջապես հետո:

32. 2004 թվականի ապրիլի 26-ին դիմումատուները պաշտոնապես մեղադրվել են սպանության մեջ՝ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածին համապատասխան: Դիմումատուները հարցաքննվել են որպես մեղադրյալներ՝ պաշտպաններ Վ.Ե.-ի և Մ.Ա.-ի ներկայությամբ: Ավելի ուշ՝ նույն օրը, ըստ երևույթին, առաջին և երրորդ դիմումատուները հրաժարվել են պաշտպան Վ.Ե.-ի ծառայություններից:

33. Նույն օրը երրորդ դիմումատուին այցելել են նրա հայրը և զարմուհու ամուսինը՝ Հ.Մ.-ն: Ըստ երևույթին, այս այցելությունը տեղի է ունեցել քննիչ Ա.Հ.-ի առանձնասենյակում և տևել մի քանի րոպե:

34. Նույն օրը քննիչ Ա.Հ.-ն որոշում է կայացրել, որով դիմումատուներին արգելվել է հանդիպել իրենց բարեկամներին՝ այն հիմքով, որ դա «կարող է խոչընդոտել քրեական գործով քննության շահերին»:

 

Դ. Դիմումատուների կալանքը, նրանց քրեական գործի քննությունը և քննության ընթացքում ներկայացված՝ վատ վերաբերմունքին առնչվող նրանց բողոքները

 

35. 2004 թվականի ապրիլի 27-ին՝ չպարզված ժամի, Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը քննել և բավարարել է դիմումատուների նկատմամբ նախնական կալանք կիրառելու վերաբերյալ քննիչի միջնորդությունները: Ըստ երևույթին, միջնորդությունները [դատական] նիստերին ներկայացվել են գործը քննող քննիչների, առաջին դիմումատուի դեպքում՝ Ա.Հ.-ի կողմից: Դիմումատուները ներկա են գտնվել իրենց մասով կայացած նիստերին: Ըստ երևույթին, երկրորդ դիմումատուն, որին ներկայացրել է պաշտպան Մ.Ա.-ն, նիստի ժամանակ ընդունել է, որ ինքը և մյուսները ծեծել են իրենց երկու ծառայակից ընկերներին, սակայն նրանց սպանելու մտադրություն չեն ունեցել: Այնուհետև պարզ է դառնում, որ առաջին դիմումատուն իր առնչությամբ կայացած նիստին չի ներկայացվել: Նիստի արձանագրության մեջ նշվել է, որ պաշտպան Վ.Ե.-ն այդ մասին պատշաճ ծանուցվել է, սակայն չի ներկայացել: Դիմումատուների կալանքը պետք է հաշվարկվեր 2004 թվականի ապրիլի 24-ից, և տևեր երկու ամիս:

36. 2004 թվականի ապրիլի 29-ին երկրորդ դիմումատուին տարել են Մատաղիսում գտնվող դեպքի վայր՝ հանցագործության հանգամանքները վերարտադրելու համար, ինչը տեսանկարահանվել է:

37. 2004 թվականի մայիսի 11-ին երկրորդ դիմումատուն նամակ է հղել Հայաստանի զինվորական դատախազին, որում հրաժարվել է իր խոստովանությունից, պնդելով, որ ինքը և մյուս երկու դիմումատուները որևէ առնչություն չունեն այդ սպանությանը: Նա նշել է, որ այդ խոստովանությունն արել է այն պատճառով, որ քննիչ Ա.Հ.-ն իրեն տեղեկացրել է, որ իր մայրն ու կրտսեր եղբայրը ձերբակալվել են և նույնպես պահվում են Հայաստանի զինվորական դատախազությունում, և սպառնացել, որ նրանք «անախորժություններ կունենան»: Քննիչն այնուհետև սպառնացել է, որ նրա կրտսեր եղբոր զինվորական ծառայությունը կնշանակվի նույն զորամասում և նա «անախորժություններ կունենա»: Երկրորդ դիմումատուն պահանջել է, որ իրեն կրկին հարցաքննեն:

38. 2004 թվականի մայիսի 14-ին առաջին դիմումատուի ընտանիքը վարձել է փաստաբան Զ.Փ.-ին` նրա շահերը ներկայացնելու համար:

39. 2004 թվականի մայիսի 18-ին երկրորդ դիմումատուն պաշտպան Մ.Ա.-ի ներկայությամբ հարցաքննվել է քննիչներ Ա.Հ.-ի և Ս.Տ.-ի կողմից: Նրան հարցեր են ուղղվել 2004 թվականի մայիսի 11-ի իր նամակի վերաբերյալ, այդ թվում՝ արդյոք նրա գաղափարն է եղել այդ նամակը գրելը, ինչու նա այն ավելի շուտ չի գրել, արդյոք ինչ-որ մեկը թելադրել է նրան, արդյոք նա պաշտպանել է իր պնդումները և ինչու ավելի շուտ չի հրաժարվել իր խոստովանությունից, երբ նման այլ առիթներ է ունեցել: Երկրորդ դիմումատուն կրկին հերքել է սպանության մեջ իրենց ներգրավվածությունը և կրկնել իր այն պնդումը, որ այդ խոստովանությունն արել է, քանի որ իրեն տեղեկացրել են իր մոր ու կրտսեր եղբոր ձերբակալման մասին: Ի պատասխան քննիչի այն հարցին՝ արդյոք որևէ մեկը նրան ստիպել կամ հարկադրել է խոստովանություն անել, երկրորդ դիմումատուն պատասխանել է, որ իրեն ոչ ոք չի ստիպել: Ի պատասխան քննիչի այն հարցին, թե ինչու է նա սուտ խոստովանություն արել, դիմումատուն պատասխանել է, որ երբ նա ճշմարտությունն է ասել, քննիչները հրաժարվել են հավատալ իրեն:

40. Քննիչ Ա.Հ.-ն 2004 թվականի մայիսի 19-ի գրությամբ ռազմական ոստիկանության քննչական մեկուսարանի պետին տեղեկացրել է, որ առաջին դիմումատուի շահերը ներկայացնում է պաշտպան Զ.Փ.-ն:

41. 2004 թվականի մայիսի 21-ին դիմումատուներին քննել է հոգեբույժների խորհուրդը նրանց՝ դատարանում հանդես գալու ունակությունը գնահատելու նպատակով: Պարզվել է, որ նրանք հոգեկան առողջության հետ կապված որևէ խնդիր չեն ունեցել ոչ հանցանքի պահին, ոչ էլ՝ ներկայումս ունեն:

42. 2004 թվականի մայիսի 25-ին ռազմական ոստիկանության քննչական մեկուսարանի պետը մեկուսարանի անձնակազմին հայտնել է, որ պաշտպան Զ.Փ.-ն իրավասու է ներկայացնելու առաջին դիմումատուին: Ըստ երևույթին, պաշտպանին թույլատրվել է այցելել առաջին դիմումատուին՝ մեկուսարան: Առաջին դիմումատուն պնդել է, որ մինչ պաշտպան Զ.Փ.-ի հետ իր առաջին հանդիպումը, նա զրկված է եղել արտաքին աշխարհի հետ որևէ կապից և որևէ իրավաբանական օգնությունից:

43. Նույն օրը առաջին դիմումատուն բողոք է ներկայացրել իշխանության տարբեր ներկայացուցիչներին, այդ թվում՝ գլխավոր դատախազին, զինվորական դատախազին և Մարդու իրավունքների պաշտպանին՝ նշելով իր քրեական գործի համարը և տեղեկացնելով նրանց հետևյալի մասին.

 «Ես՝ Արայիկ Զալյանս, և իմ երկու զինապարտ ընկերները՝ Ռազմիկ Սարգսյանն ու Մուսա Սերոբյանը, պահվում ենք ռազմական ոստիկանության քննչական մեկուսարանում և անարդարացիորեն մեղադրվում ենք ծանր հանցագործության՝ [մասնավորապես] [զինծառայողներ Հ.Մ.-ի և Ռ.Ե.-ի] սպանության մեջ:

2004 թվականի ապրիլի 19-ին ես և Ռազմիկ Սարգսյանը մարտական հերթապահության դիրքերում էինք, երբ Ռազմիկը զորամասից զանգ ստացավ, և նրան ասվեց, որ իջնի ներքև, քանի որ իր ծնողներն էին եկել: Մոտ մեկ ժամ հետո ինձ նույնպես զանգեցին և ասացին, որ իմ ծնողները նույնպես եկել են, և կանչեցին զորամաս: Ես գնացի ներքև, որից հետո ինձ տարան հրամանատարի առանձնասենյակ: Միջանցքում տեսա Մուսա Սերոբյանին, որը կուչ եկած կանգնել էր անկյունում: Առանձնասենյակում չորս անծանոթ անձինք կային, որոնցից երկուսը, ինչպես ավելի ուշ պարզեցի, Հայաստանի զինվորական դատախազության քննիչներն [Ա.Հ.-ն և Ս.Տ.-ն] էին: Երրորդ գումարտակի հրամանատարը [Ե.Մ.-ն] և չորրորդ գումարտակի հրամանատարը [Ի.-ն], որի ազգանունը ես չեմ հիշում, նույնպես ներկա էին: Այդ երկու քննիչները [Ա.Հ.-ն և Ս.Տ.-ն] հարձակվեցին վրաս՝ ինձ կոչելով «մարդասպան», պահանջելով, որ ասեմ, թե ում հետ եմ կերել դեկտեմբերի 24-ին, ծեծելով և պահանջելով, որպեսզի բացատրեմ, թե ինչպես ենք սպանել զինծառայողներին [Հ.Մ.-ին և Ռ.Ե.-ին]: Ինձ այնքան ուժեղ ծեծեցին, որ քթիցս ուժեղ արնահոսություն սկսվեց: Հետո չորրորդ գումարտակի հրամանատարն [Ի.-ն] օգնեց ինձ և ուղեկցեց, որպեսզի մաքրեմ քիթս: Դրանից հետո ինձ, Մուսա Սերոբյանին և Ռազմիկ Սարգսյանին ստիպեցին մեր վերնաշապիկները հագցնել մեր գլխներին, նստեցրին մեքենա և տարան: Մենք ժամանեցինք ինչ-որ վայր, որն, ինչպես ավելի ուշ պարզեցի, Մարտակերտն էր: Ինձ տարան մի սենյակ, որտեղ ես մեկ ժամ կանգնեցի՝ վերնաշապիկս գլխիս հագցրած, և որտեղից լսվում էին Ռազմիկի և Մուսայի սարսափած ձայները և թե ինչպես էին մոտ մեկ ժամ շարունակ նրանց ծեծում: Հետո իմ հերթն էր: [Քննիչ Ս.Տ.-ն] եկավ իմ սենյակ, սկսեց հարցաքննել ինձ՝ ասելով որ իմ ընկերները խոստովանել են, որ մենք ենք կատարել սպանությունը, ինձ ասաց նույնը գրել և վախեցրեց՝ ասելով, որ ես այդ կերպ երկար չեմ կարող շարունակել և կդատապարտվեմ ցմահ ազատազրկման: Այդ պահին ինչ-որ մայոր մտավ սենյակ և ասաց, որ մահացածներն իր ընկերոջ երեխաներն էին, և եթե մենք չգրենք ճշմարտությունն այն մասին, որ մենք ենք սպանել նրանց, նա ինձ կտանի դուրս, կսպանի և կգցի փոսը ու կասի, որ ինձ սպանել են [թուրքերը]: Դրանից հետո, վերնաշապիկները նորից գլխներիս հագցրած, մեզ տարան ... և ժամանեցինք մի վայր, … ուր ինձ տարել էին, ըստ երևույթին, ոստիկանության բաժին էր, որտեղ ես հարցաքննվել եմ ժամը 18:00-ից մինչև 03:00-ն: Ինձ հարցաքննել, հայհոյել, ծեծել, սպառնացել, համոզել և ասել են գրել, որ մենք ենք սպանել [Հ.Մ.-ին և Ռ.Ե.-ին]: Նրանք ծեծել և սպառնացել են մեզ մի ամբողջ օր և նույնիսկ խմելու ջուր չեն տվել: Այդ գիշեր՝ ժամը մոտ 03:30-ին, ինձ տարան Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժնի՝ կալանավորվածներին պահելու վայր, որտեղ երեք այլ անձինք կային … : Ինձ, Մուսային և Ռազմիկին մինչև ապրիլի 23-ի առավոտյան պահել են այդ վայրում: Ռազմական ոստիկանության բաժնի մի ավագ լեյտենանտ ինձ և Մուսային միասին տարավ Երևան: Ես հասկացա, որ Մուսային դաժանորեն ծեծել են, քանի որ դեմքը պատված էր հարվածների՝ կարմիր և կապույտ հետքերով: 2004 թվականի ապրիլի 23-ի գիշերը մենք անցկացրեցինք Երևանում՝ ռազմական ոստիկանության տարածքի ինչ-որ վերահսկվող բաժնի սենյակում, որտեղ մնացինք մեկ գիշեր: Մուսան և Ռազմիկը նույնպես այնտեղ էին և պահվում էին առանձին սենյակներում: Հաջորդ օրը ինձ հարցաքննեցին նույն շենքում և հետո տարան Ռազմիկի հետ առերեսման: Երբ Ռազմիկին տեսա, դժվարությամբ կարողացա նրան ճանաչել, քանի որ ամբողջ դեմքն այտուցված էր: Հասկացա, որ նրան ծեծել էին, և որ նա սաստիկ վախեցած էր քննիչներից, այդ իսկ պատճառով սուտ ցուցմունք էր տվել:

Խնդրում եմ Ձեզ, քննություն կատարել և գտնել իրական հանցագործներին ...»:

44. 2004 թվականի հունիսի 8-ին պաշտպան Զ.Փ.-ն իշխանության նույն ներկայացուցիչներին մեկ այլ բողոք է ներկայացրել՝ նշելով, որ դիմումատուները 2004 թվականի ապրիլի 19-ի և 24-ի միջև ընկած ժամանակահատվածում ապօրինաբար ձերբակալվել են՝ առանց ձերբակալման որոշման, և բազմիցս հարցաքննվել են՝ սպանություն կատարելու կասկածանքի հիման վրա: Պաշտպանը, այնուհետև, մանրամասն բողոք է ներկայացրել այդ ընթացքում դիմումատուների նկատմամբ ցուցաբերված վատ վերաբերմունքի մասին: Նա նաև բողոք է ներկայացրել առ այն, որ անկախ այն հանգամանքից, որ դիմումատուների նախնական կալանքը նշանակվել է դատարանի 2004 թվականի ապրիլի 27-ի որոշմամբ, դիմումատուները 2004 թվականի ապրիլի 23-ից մինչ այդ օրը պահվել են ռազմական ոստիկանության քննչական մեկուսարանում՝ օրենքի խախտմամբ: Այսպիսով, նրանք զրկված են եղել դատական համակարգի պաշտպանությունից և պահվել են ռազմական ոստիկանության հսկողության ներքո, որը, ավելին, սերտորեն համագործակցել է զինվորական դատախազության հետ: Նա պնդել է, inter alia, որ խախտվել են Կոնվենցիայի 3-րդ և 5-րդ հոդվածները։

45. Զինվորական դատախազը, ի պատասխան առաջին դիմումատուի և նրա պաշտպանի ներկայացրած բողոքների, 2004 թվականի հունիսի 10-ի իր գրությամբ տեղեկացրել է. ՝

«Առաջին քննչական գործողությունները, որոնցում [դիմումատուները] ներգրավված են եղել, կատարվել են 2004 թվականի ապրիլի 21-ին՝ Մարտակերտի կայազորի զինվորական դատախազությունում, որտեղ նրանք հարցաքննվել են որպես վկաներ: Հարցաքննությունից առաջ նրանց տեղեկացվել է իրենց դեմ ցուցմունք չտալու իրավունքի մասին ... երաշխավորված Սահմանադրության 42-րդ հոդվածով:

Նրանց հայտարարություններում առկա մի շարք անհամապատասխանությունների պարզաբանման նպատակով՝ 2004 թվականի ապրիլի 21-ին [դիմումատուները] տարվել են Հայաստանի պաշտպանության նախարարության Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժին՝ առերեսումներ և լրացուցիչ հարցաքննություն անցկացնելու համար:

Ապրիլի 22-ին, իմ ցուցումի համաձայն, [երկրորդ դիմումատուն]՝ որպես քրեական գործով վկա, տեղափոխվել է Երևան, քանի որ նպատակահարմար չեմ գտել, որ նա զինվորական ծառայությունը շարունակի իր զորամասում: Երևանում նա մնացել է զորանոցում՝ Հայաստանի զինվորական դատախազության շենքը հսկող զինծառայողների հետ միասին:

[Առաջին և երրորդ դիմումատուները] Ստեփանակերտից Երևան են տեղափոխվել ապրիլի 23-24-ի գիշերը և առանց մեկուսացման մնացել են թիվ 10724 զորամասի՝ հերթապահ զինծառայողների համար նախատեսված սենյակում...

Ապրիլի 24-ին [երկրորդ դիմումատուն] կրկին հարցաքննվել է որպես վկա և կրկին տեղեկացվել Սահմանադրության 42-րդ հոդվածով սահմանված երաշխիքների մասին, ինչն էլ հաստատվել է հարցաքննության արձանագրության տակ դրված նրա ստորագրությամբ:

[Դիմումատուները] ձերբակալվել են 2004 թվականի ապրիլի 24-ին, և դրանից անմիջապես հետո նրանց պաշտպաններ են տրամադրվել:

Ձերբակալման պահից [դիմումատուների] նկատմամբ կատարվող բոլոր քննչական գործողությունները, ինչպես օրինակ՝ հարցաքննությունը, առերեսումները, գործը դատարան ուղարկելը և այլն, կատարվել են նրանց պաշտպանների ներկայությամբ:

[Քր. դատ. օր.-ին] համապատասխան՝ մեղադրյալները մասնակցել են կալանքի միջնորդության քննությանը, որի ընթացքում նրանք որևէ հայտարարություն չեն արել իրենց նկատմամբ «դրսևորված վատ վերաբերմունքի» առնչությամբ...

Մեղադրյալները պահվում են ռազմական ոստիկանության քննչական մեկուսարանում՝ Կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագրքի 14-րդ հավելվածին համապատասխան:

Բժշկական զննություն, [առաջին դիմումատուի], ինչպես նաև մյուսների նկատմամբ, կարող է կատարվել, եթե համապատասխան պահանջ ներկայացվի:»:

46. 2004 թվականի հունիսի 10-ին երկրորդ դիմումատուի պաշտպան Մ.Ա.-ն միջնորդություն է ներկայացրել զինվորական դատախազին՝ վիճարկելով քննիչ Ա.Հ.-ի անկողմնակալությունը և պահանջելով, որ նա հեռացվի գործով վարույթից: Ինչպես երևում է, այս միջնորդությանը կցված է եղել երկրորդ դիմումատուի բողոքը, որում նա պնդել է, որ քննիչը և մյուսները Մարտակերտում ու Ստեփանակերտում ճնշել և ծեծել են իրեն, որի հետևանքով ինքը սուտ խոստովանություն է արել: Պաշտպանը պահանջել է, որպեսզի երկրորդ դիմումատուի բողոքում նշված անձինք հարցաքննվեն:

47. 2004 թվականի հունիսի 12-ին զինվորական դատախազը որոշել է մերժել միջնորդությունը՝ համարելով այն անհիմն, գտնելով, որ բոլոր քննչական գործողությունները, որոնցում երկրորդ դիմումատուն ներգրավված է եղել, կատարվել են քրեական դատավարության կանոններին համապատասխան: Ձերբակալության պահից սկսած՝ նրա պաշտպանը մասնակցել է բոլոր քննչական գործողություններին, բացի 2004 թվականի ապրիլի 29-ի [հանցագործության հանգամանքների] վերարտադրումից, որի ժամանակ պաշտպանը կամավոր է բացակայել: Երկրորդ դիմումատուի հարցաքննությունների մեծ մասը տեսանկարահանվել է, որով հետագայում ապացուցվել է, որ նրա նկատմամբ վատ վերաբերմունք չի ցուցաբերվել: Ավելին, 2004 թվականի ապրիլի 27-ի կալանքի միջնորդության քննության ընթացքում նա նշել է, որ այդ հարցաքննությունների ժամանակ արված իր հայտարարությունները ճիշտ են եղել: 2004 թվականի մայիսի 11-ի իր բողոքից հետո, նա իր պահանջով լրացուցիչ հարցաքննվել է և նշել, որ նրան չեն ստիպել որևէ հայտարարություն անել:

48. 2004 թվականի հունիսի 14-ին առաջին դիմումատուի պաշտպան Զ.Փ.-ն նման միջնորդություն է ներկայացրել զինվորական դատախազին՝ վիճարկելով քննիչներ Ա.Հ.-ի և Ս.Տ.-ի անկողմնակալությունը և պահանջելով, որ նրանք հեռացվեն գործով վարույթից այն հիմքով, որ նրանք, inter alia, վատ են վերաբերվել դիմումատուներին:

49. 2004 թվականի հունիսի 16-ին երրորդ դիմումատուի նոր պաշտպան Ա.Ա.-ն նման միջնորդություն է ներկայացրել զինվորական դատախազին՝ վիճարկելով քննիչ Ա.Հ.-ի անկողմնակալությունը և պահանջելով, որ նա հեռացվի գործով վարույթից այն հիմքով, որ քննիչը, inter alia, Ստեփանակերտում վատ է վերաբերվել երրորդ դիմումատուին, այդ թվում՝ իր ատրճանակի բռնակով հարվածներ հասցնելով նրա գլխին:

50. 2004 թվականի հունիսի 17-ին Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը քննել և բավարարել է դիմումատուների կալանքի ժամկետը մինչև 2004 թվականի օգոստոսի 24-ը երկարաձգելու վերաբերյալ քննիչի միջնորդությունները, որը պետք է ավարտվեր 2004 թվականի հունիսի 24-ին: Առաջին դիմումատուն դատական նիստի ժամանակ նշել է, որ ինքը և երկրորդ դիմումատուն ցուցմունքները տվել են ճնշման ներքո:

51. 2004 թվականի հունիսի 18-ին զինվորական դատախազը 2004 թվականի հունիսի 14-ի միջնորդությունը մերժելու մասին որոշում է կայացրել՝ համարելով այն անհիմն, գտնելով, որ առաջին դիմումատուն 2004 թվականի ապրիլի 21-ին հարցաքննվել է քրեական դատավարության բոլոր կանոններին համապատասխան, այդ թվում՝ տեղեկացված է եղել իր դեմ ցուցմունք չտալու իրավունքի մասին՝ երաշխավորված Սահմանադրության 42-րդ հոդվածով: 2004 թվականի ապրիլի 19-ին և 20-ին առաջին դիմումատուի մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի կատարվել: Նա ձերբակալվել է 2004 թվականի ապրիլի 24-ին, և նրան անմիջապես պաշտպան է տրամադրվել: Ո՛չ նա, ո՛չ երրորդ դիմումատուն վատ վերաբերմունքի մասին բողոք չեն ներկայացրել՝ մինչև երկրորդ դիմումատուի կողմից նման բողոք ներկայացնելը: Վերոնշյալը վկայում է, որ վատ վերաբերմունքի մասին մեղադրյալների և իրենց պաշտպանների հայտարարությունները անհիմն են, հորինված և նպատակ ունեն արդարացնելու փոխհամաձայնեցված մարտավարություն կիրառող մեղադրյալներին:

52. Նույն օրը զինվորական դատախազը նույն հիմքերով մերժել է երրորդ դիմումատուի 2004 թվականի հունիսի 16-ի միջնորդությունը:

53. 2004 թվականի հունիսի 25-ին առաջին դիմումատուն բողոք է ներկայացրել 2004 թվականի հունիսի 17-ի որոշման դեմ։ Իր բողոքի մեջ նա մանրամասն ներկայացրել է, inter alia, որ իր և մյուս դիմումատուների նկատմամբ քննիչ Ա.Հ.-ի և իրավապահ մարմինների մյուս ծառայողների կողմից վատ վերաբերմունք է ցուցաբերվել: Առաջին դիմումատուն նույնպես բողոք է ներկայացրել այն մասին, որ ինքը և մյուս դիմումատուներն ապօրինաբար պահվել են ռազմական ոստիկանության քննչական մեկուսարանում:

54. 2004 թվականի հունիսի 29-ին և 30-ին երկրորդ դիմումատուն կրկին հարցաքննվել է: Սկզբում նրան հարցեր են ուղղվել 2004 թվականի հունիսի 10-ի նրա բողոքում բարձրացված՝ վատ վերաբերմունքի մասին հայտարարությունների առնչությամբ. մասնավորապես, արդյոք նա որևէ վնասվածք ստացել է և արդյոք այդ պահին դեռ ունեցել է վնասվածքներ: Երկրորդ դիմումատուն նշել է, որ այտուցված է եղել միայն իր ծնոտը, որն ապաքինվել է մոտ երեքից չորս օրում, այն դեռևս նկատելի է եղել 2004 թվականի ապրիլի 24-ի իր ձերբակալության ժամանակ, սակայն նկատելի չի եղել, երբ 2004 թվականի ապրիլի 27-ին ինքը ներկայացել է դատավորին: Այդ ժամանակ նա որևէ վնասվածք չի ունեցել: Ծնոտի վնասվածքը հասցվել է Ս.Տ.-ի, Ա.Հ.-ի, ոստիկանության ծառայող Վ.Կ.-ի և Ստեփանակերտի ոստիկանության բաժնի ոստիկանության մի բարձրահասակ ծառայողի կողմից 2004 թվականի ապրիլի 21-ին Մատաղիսի զորամասի հրամանատարի առանձնասենյակում: Նույն անձինք շարունակել են նրա նկատմամբ վատ վերաբերմունք դրսևորել Մարտակերտի զինվորական դատախազությունում և Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժնում, որի հետևանքով ինքը ցավեր է ունեցել երիկամներում, ինչը տևել է մի քանի օր: Նա այլ վնասվածքներ չի ունեցել և Երևան տեղափոխվելուց հետո որևէ մեկը նրա նկատմամբ վատ վերաբերմունք չի ցուցաբերել: Վատ վերաբերմունք ցուցաբերելիս՝ նրանից պահանջել են ասել ճշմարտությունը: Դիմումատուն ինքն է հորինել խոստովանությունը՝ առանց արտաքին միջամտության: Այնուհետև, երկրորդ դիմումատուին իր հայտարարությունների հետ կապված մի շարք հարցեր են ուղղել, այդ թվում՝ ինչու է նա իր խոստովանությունն արել Երևանում, եթե այնտեղ նրա նկատմամբ վատ վերաբերմունք չի ցուցաբերվել, և ինչու նա վատ վերաբերմունքի մասին իր հայտարարություններն ավելի վաղ չի ներկայացրել: Վերջապես, մի շարք հարցեր են տրվել 2003 թվականի դեպքերի և սպանության մասին:

55. 2004 թվականի հուլիսի 5-ին դիմումատուների քրեական գործի քննությունն ավարտվել է:

56. 2004 թվականի հուլիսի 6-ին Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը մերժել է առաջին դիմումատուի 2004 թվականի հունիսի 25-ի բողոքը։

57. Նույն օրը զինվորական դատախազը գրություն է հղել ռազմական ոստիկանության քննչական մեկուսարանի պետին՝ նշելով, որ դիմումատուներին այլևս քննչական մեկուսարանում պահելու անհրաժեշտություն չկա, և պահանջելով, որ նրանց տեղափոխեն «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

58. Նույն օրը դիմումատուները ռազմական ոստիկանության քննչական մեկուսարանից տեղափոխվել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

59. 2004 թվականի հուլիսի 7-ին առաջին դիմումատուն «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ենթարկվել է բժշկական զննության, հետևյալ եզրակացությամբ.

«Մարմնական վնասվածքների և ծեծի թարմ հետքեր չեն հայտնաբերվել: Մաշկը և լորձաթաղանթը նորմալ գույն ունեն: Թոքերում առկա է վեզիկուլյար շնչառություն: Սրտի հնչյունը [(ոչ կայուն)] ... Որովայնը փափուկ է և ցավեր չկան: Վեներական հիվանդության արտաքին ախտանիշներ չկան:»:

60. Բացվել է թիվ 607 բժշկական քարտը: Բժշկական քարտի առաջին էջում «2004 թվականի ապրիլի 19» ամսաթիվը նշվել է որպես առաջին դիմումատուի կալանավորման ամսաթիվ:

61. Ըստ երևույթին, երկրորդ և երրորդ դիմումատուները նույնպես ենթարկվել են բժշկական զննության, և որևէ վնասվածք չի արձանագրվել:

62. 2004 թվականի հուլիսի 16-ին գլխավոր դատախազը մերժել է մեկ այլ միջնորդություն, որը ներկայացվել էր առաջին դիմումատուի կողմից՝ վիճարկելով և՛ զինվորական դատախազի, և՛ քննիչներ Ա.Հ.-ի և Ս.Տ.-ի անկողմնակալությունն այն հիմքով, որ, inter alia, վատ վերաբերմունքի մասին հայտարարությունները չեն հաստատվել: Դատական նիստերի ժամանակ դիմումատուների կողմից, իրենց կալանքի հետ կապված, նման հայտարարություններ չեն կատարվել, և նրանք միասին սկսել են նման բողոքներ բարձրացնել միայն 2004 թվականի մայիսի վերջին:

63. 2004 թվականի հուլիսի 22-ին Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալը գլխավոր դատախազին տեղեկացրել է երկրորդ դիմումատուի կողմից վատ վերաբերմունքի վերաբերյալ արված հայտարարությունների մասին: Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալը, այնուհետև, նշել է, որ երկրորդ դիմումատուն 2004 թվականի ապրիլի 26-ից մինչև հուլիսի 6-ը պահվել է ռազմական ոստիկանության քննչական մեկուսարանում՝ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի և Կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագրքի խախտմամբ: Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալը պնդել է, որ այդ իրավական ակտերի համաձայն՝ կալանավորման մասին դատարանի որոշումը ստացվելուց հետո երկրորդ դիմումատուն չպետք է մեկուսարանում պահվեր 72 ժամից ավելի:

64. 2004 թվականի հուլիսի 26-ին գլխավոր դատախազությունը Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալին տեղեկացրել է, որ մեղադրյալները ռազմական ոստիկանության քննչական մեկուսարանում պահվել են Կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագրքի 14-րդ հավելվածի հիման վրա և տեղափոխվել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ այդ կանոնագրքում՝ 2004 թվականի ապրիլի 28-ին Ազգային ժողովի կողմից ընդունված և 2004 թվականի մայիսի 22-ին Նախագահի կողմից վավերացված փոփոխություններն ու լրացումներն ուժի մեջ մտնելուց հետո:

65. 2004 թվականի սեպտեմբերի 24-ին Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալն առաջին դիմումատուի նկատմամբ վատ վերաբերմունքի մասին բողոքի հետ կապված գրություն է հղել գլխավոր դատախազին: Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալը մատնանշել է, որ վերը նշված բողոքը տեղափոխվել է զինվորական դատախազություն՝ այն իրավապահ մարմին, որի գործողությունները բողոքի առարկա են հանդիսացել, և այն նույն քննիչն է շարունակել վարել քրեական գործը, ով, ենթադրվում է, վատ վերաբերմունք է ցուցաբերել մեղադրյալների նկատմամբ:

 

Ե. Առաջին դիմումատուի կալանքը 2004 թվականի օգոստոսի 24-ից մինչև նոյեմբերի 4-ը և նրա հացադուլը

 

66. 2004 թվականի օգոստոսի 3-ին առաջին դիմումատուն գրավոր հայտարարություն է ներկայացրել՝ հայտնելով, որ պատրաստվում է հացադուլ անել՝ որպես բողոք իրավապահ մարմինների անօրինական գործողությունների դեմ։ Նա պնդել է, որ իր և մյուսների դեմ ներկայացված մեղադրանքները շինծու են և հիմնված են հարկադրված խոստովանության վրա։ Քանի որ այս առնչությամբ իր բոլոր բողոքները մնացել են անպատասխան, ինքը ցանկացել է շարունակել իր բողոքը հացադուլի միջոցով։

67. Առաջին դիմումատուի բժշկական քարտում արվել է հետևյալ արձանագրությունը.

«2004 թվականի օգոստոսի 11-ից սկսած հիվանդը եղել է հացադուլի մեջ և մշտական բժշկական հսկողության ներքո ...»։

68. 2004 թվականի օգոստոսի 5-ին առաջին դիմումատուին և իր պաշտպանին տրամադրվել են գործի նյութերը։

69. Նույն ամսաթվի գրությամբ քննիչը այդ մասին տեղեկացրել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետին և ավելացրել, որ առաջին դիմումատուի կալանքի ժամկետը կասեցվել է՝ Քր. դատ. օր.-ի 138-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն։

70. 2004 թվականի օգոստոսի 24-ին առաջին դիմումատուի՝ կալանքի ժամկետը, որը երկարաձգվել էր Երևանի Արաբկիր և Քանաքեռ‑Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 2004 թվականի հունիսի 17-ի որոշմամբ, լրացել է։

71. 2004 թվականի սեպտեմբերի 9-ին առաջին դիմումատուն և իր պաշտպանն ավարտել են գործի նյութերին ծանոթանալը։

72. Նույն ամսաթվին առաջին դիմումատուն միջնորդություն է ներկայացրել քննիչին՝ պնդելով, որ 2004 թվականի օգոստոսի 24-ից հետո նրա կալանքը թույլատրող որոշում դատարանը չի կայացրել, և պահանջելով, որ իրեն ազատ արձակեն։

73. 2004 թվականի սեպտեմբերի 10-ին քննիչը որոշել է մերժել այդ միջնորդությունը՝ նշելով, որ Քր. դատ. օր.-ի 138-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, կալանքի տակ պահելու ժամկետը կասեցվել էր այն օրը, երբ առաջին դիմումատուին տրամադրվել էին գործի նյութերը, այն է՝ 2004 թվականի օգոստոսի 4-ը։

74. 2004 թվականի սեպտեմբերի 16-ին առաջին դիմումատուի մայրը նրան կալանավայրում տեսակցելու թույլտվություն է խնդրել։ Նա մտահոգված էր դիմումատուի առողջությամբ, քանի որ դիմումատուն հացադուլի մեջ էր, բայց իրեն չի թույլատրվել տեսակցել նրան։

75. 2004 թվականի սեպտեմբերի 22-ին դատախազը գործի նյութերը փոխանցել է Սյունիքի մարզի [առաջին ատյանի] դատարան, որի նստավայրը Ստեփանակերտն էր՝ Լեռնային Ղարաբաղը։

76. Սյունիքի մարզի դատարանի դատավոր Մ.-ն չպարզված ամսաթվին որոշում է կայացրել գործը [վարույթ] ընդունելու մասին։

77. 2004 թվականի հոկտեմբերի 15-ի գրությամբ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետը տեղեկացրել է առաջին դիմումատուին, որ նրա կալանքի ժամկետը կասեցվել է, inter alia, զինվորական դատախազության 2004 թվականի օգոստոսի 5-ի գրությամբ՝ Քր. դատ. օր.-ի 138-րդ հոդվածին համապատասխան։ Քրեակատարողական հիմնարկի պետն այնուհետև նշել է, որ զինվորական դատախազի 2004 թվականի սեպտեմբերի 22-ի գրության համաձայն՝ Սյունիքի մարզի դատարանը կալանքի ժամկետը հաշվարկվել է այդ օրվանից սկսած։

78. 2004 թվականի հոկտեմբերի 19-ին առաջին դիմումատուն տեղափոխվել է Դատապարտյալների հիվանդանոց՝ հացադուլի հետևանքով առաջացած ընդհանուր հյուծվածության պատճառով։

79. Նույն ամսաթվին առաջին դիմումատուի պաշտպանը գրություն է ուղղել տարբեր պետական մարմինների՝ ներառյալ կալանավորվածներին պահելու վայրերի համար պատասխանատու դատախազին ու Դատապարտյալների հիվանդանոցի պետին՝ բողոք ներկայացնելով այն մասին, որ առաջին դիմումատուն ապօրինաբար կալանավորվել է՝ առանց դատարանի համապատասխան որոշման։ Այնուհետև նա նշել է, որ առաջին դիմումատուի առողջական վիճակը ծայրահեղ է և ամբողջ հացադուլի ընթացքում նրան «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից անհրաժեշտ բժշկական օգնություն չի տրամադրվել: Պաշտպանը պահանջել է, որ առաջին դիմումատուին անմիջապես ազատ արձակեն։

80. 2004 թվականի հոկտեմբերի 21-ի գրությամբ Դատապարտյալների հիվանդանոցի պետի տեղակալը տեղեկացրել է պաշտպանին, որ առաջին դիմումատուի օբյեկտիվ ստացիոնար զննությունից, նրա արյան և մեզի կլինիկական ու կենսաքիմիական անալիզից, և մի քանի գործիքային հետազոտումներից հետո ներքին օրգանների հիվանդություններ չեն հայտնաբերվել։ Հետևաբար, դեղ տալու անհրաժեշտություն չի եղել։ Առաջին դիմումատուն եղել է մշտական բժշկական հսկողության ներքո՝ իր հացադուլի և դրա հետևանքով առաջացած թեթև աստիճանի ընդհանուր հյուծվածության պատճառով։

81. 2004 թվականի հոկտեմբերի 25-ին պաշտպանը ներկայացրել է նման պահանջներ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի և Սյունիքի մարզի դատարաններ։

82. 2004 թվականի հոկտեմբերի 26-ի գրությամբ գլխավոր դատախազությունը տեղեկացրել է առաջին դիմումատուի պաշտպանին, որ նա կալանքից ազատ չի արձակվել՝ Քր. դատ. օր.-ի 138-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա։

83. 2004 թվականի հոկտեմբերի 27-ին և նոյեմբերի 1-ին պաշտպանը կրկին պահանջ է ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան՝ առաջին դիմումատուին ազատ արձակելու վերաբերյալ։ Նա նաև նշել է, որ ինքն այցելել է նրան Դատապարտյալների հիվանդանոցում՝ 2004 թվականի հոկտեմբերի 25-ին։ Նա անշարժ պառկած է եղել անկողնում և անառողջ տեսք է ունեցել։ Այնուհետև պաշտպանը պնդել է, որ հոգեբանն իրեն ասել է, որ եթե առաջին դիմումատուն շարունակի մնալ մեկուսացված կամ հացադուլի մեջ, նրա կյանքին կարող է լուրջ վտանգ սպառնալ։ Ի վերջո նա բողոքել է, որ որպես վկա հարցաքննելիս [դիմումատուին] վատ են վերաբերվել։

84. 2004 թվականի հոկտեմբերի 27-ի գրությամբ համայնքների առաջին ատյանի դատարանը տեղեկացրել է առաջին դիմումատուի պաշտպանին, որ քննության ենթադրյալ անօրինական մեթոդների հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով նա պետք է դիմի գործի ըստ էության քննությամբ զբաղվող մարմին։ Համայնքների առաջին ատյանի դատարանը, սակայն, չէր իրականացնում առաջին դիմումատուի գործի ըստ էության քննություն։

85. 2004 թվականի նոյեմբերի 1-ին պաշտպանը Դատապարտյալների հիվանդանոցի վարչակազմից պահանջել է տրամադրել առաջին դիմումատուին տրամադրված բժշկական օգնության վերաբերյալ մանրամասները։

86. 2004 թվականի նոյեմբերի 2-ի գրությամբ Դատապարտյալների հիվանդանոցի պետի տեղակալը տեղեկացրել է նրան, որ առաջին դիմումատուն զննվել է, և ներքին օրգանների հիվանդություններ չեն հայտնաբերվել։ Իր ընդհանուր հյուծվածության պատճառով 2004 թվականի հոկտեմբերի 22-ից ի վեր առաջին դիմումատուն ստացել է 5% գլյուկոզա և վիտամիններ պարունակող ներերակային ներարկումներ՝ ջրի և վիտամինների հավասարակշռությունը պահպանելու նպատակով։ Նրա՝ այդ պահի առողջական վիճակը թույլատրում էր առաջին դիմումատուին տեղափոխել կալանավորվածներին պահելու վայր։

87. 2004 թվականի նոյեմբերի 2-ին առաջին դիմումատուն դուրս է գրվել Դատապարտյալների հիվանդանոցից և տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ՝ Ստեփանակերտ, դատաքննությանը մասնակցելու համար։ Հիվանդության պատմության քաղվածքի համաձայն՝

«[Առաջին դիմումատուն] տեղափոխվել է Դատապարտյալների հիվանդանոց 2004 թվականի հոկտեմբերի 19-ին՝ ստացիոնար զննություն անցնելու նպատակով։

Կալանավորված անձն անցել է կլինիկական և լաբորատոր-գործիքային զննություն, որի արդյունքում ներքին օրգանների հիվանդությունների ախտանիշներ չեն հայտնաբերվել։ Նրան զննել է հոգեբույժը, ով եզրակացրել է, որ նա հոգեբանական խանգարումներ չունի։

Հաշվի առնելով նրա՝ երկար ժամանակ ուտելուց հրաժարվելը, և նրա օրգանիզմի ընդհանուր հյուծվածությունը՝ կալանավորված անձին շիթով ներարկվել է գլյուկոզա և վիտամիններ։

Քանի որ ստացիոնար բուժումն այլևս անհրաժեշտ չէ, կալանավորված անձը դուրս է գրվում՝ մնալով կալանավորվածներին պահելու վայրի բժշկական անձնակազմի հետագա բժշկական հսկողության տակ:»։

88. 2004 թվականի նոյեմբերի 4-ին Սյունիքի մարզի դատարանի դատավոր Մ.-ն որոշում է կայացրել գործով դատաքննություն նշանակելու և առաջին դատական նիստի օրը սահմանելու մասին, որը պետք է տեղի ունենար 2004 թվականի նոյեմբերին՝ չպարզված օրը։ Դատավորն իր որոշման մեջ նշել է, որ առաջին դիմումատուի կալանքը պետք է մնա անփոփոխ։

89. 2004 թվականի նոյեմբերի 5-ին առաջին դիմումատուն ավարտել է իր հացադուլը։

90. 2004 թվականի նոյեմբերի 26-ին առաջին դիմումատուի պաշտպանը դիմել է Լեռնային Ղարաբաղի՝ նախնական կալանքի վայրի ղեկավարին՝ պնդելով, որ առաջին դիմումատուի առողջական վիճակը հացադուլից հետո անբավարար է, և պահանջելով, որ նրան զննի բժիշկը։ Պարզ չէ՝ արդյոք այս պահանջն արձագանք ստացել է։

 

Զ. Դատական քննության ընթացքում վատ վերաբերմունքի մասին դիմումատուների հնչեցրած հայտարարությունները

 

1. Վարույթն առաջին ատյանի դատարանում

 

91. 2004 թվականի նոյեմբերին Սյունիքի մարզի դատարանում սկսվել են դիմումատուների քրեական գործով դատական լսումները։

92. Երկրորդ դիմումատուն Սյունիքի մարզի դատարանում նշել է, որ 2004 թվականի ապրիլի 19-ին իրեն տարել են զորամասի հրամանատար Մ.Ա.-ի առանձնասենյակ։ Չորրորդ գումարտակի հրամանատար Ի.Վ-ն նույնպես ներկա է եղել։ Հրամանատարը սկսել է նրան հարցեր տալ այն ծանրոցի մասին, որը նա ստացել էր իր ծնողներից՝ 2003 թվականի դեկտեմբերի 24-ին, ներառյալ այն մասին, թե որտեղ և ում հետ է նա կերել ծանրոցում պարունակվող ուտելիքը։ Նա պատասխանել է, որ ինքը կերել է ուտելիքը մյուս երկու դիմումատուների հետ՝ զորամասում, սակայն հրամանատարը չի հավատացել իրեն։ Այնուհետև քննիչներ Ս.Տ.-ն և Ա.Հ.-ն ու ռազմական ոստիկանության ծառայողներ Վ.Կ.-ն և Ա.Բ.-ն մտել են առանձնասենյակ և սկսել են ծեծել իրեն ու ստիպել, որ ընդունի, որ ինքն ու մյուս երկու դիմումատուներն են սպանել երկու զինծառայողներին։ Այնուհետև ներս են բերել մյուս երկու դիմումատուներին և ենթարկել ծեծի։ Վատ վերաբերմունքը շարունակվել է Մարտակերտի կայազորի զինվորական դատախազությունում և Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժնում։ Ի վիճակի չլինելով դիմանալու վատ վերաբերմունքին՝ նա ստիպված է եղել պատմել կեղծ պատմություն՝ ընդունելով իր և մյուսների մեղքը։ Ավելի ուշ նա գիտակցել է իր սխալը և խնդրել, որ իրեն կրկին հարցաքննեն, որի ընթացքում հրաժարվել է իր կողմից ավելի վաղ արված խոստովանությունից։

93. Առաջին և երրորդ դիմումատուները նշել են, որ իրենք ենթարկվել են վատ վերաբերմունքի՝ համանման հանգամանքներում։

94. Սյունիքի մարզի դատարանը կանչել և քննել է քննիչներ Ա.Հ.-ին, Ս.Տ.-ին և Ա.Կ.-ին ու ռազմական ոստիկանության ծառայողներ Վ.Կ.-ին և Ա.Բ.-ին։

95. Քննիչ Ա. Հ.-ն նշել է, որ ինքը և քննչական խմբի մյուս անդամները 2004 թվականի ապրիլի 21-ին ժամանել են Մատաղիսի մոտակայքում գտնվող զորամաս։ Իր հրահանգով երկրորդ դիմումատուին մարտական հերթապահության դիրքերից բերել են զորամաս, քանի որ անհրաժեշտ է եղել պարզել, թե որտեղ և ում հետ է նա կերել իր ծնողներից ստացված ծանրոցում պարունակվող ուտելիքը։ Առաջին և երրորդ դիմումատուները նույնպես ավելի ուշ բերվել են հարցաքննության։ Դեպքերի՝ դիմումատուների ներկայացրած տարբերակները ստուգելու համար վերջիններս տեղափոխվել են Մարտակերտ, ապա՝ Ստեփանակերտ, որտեղ կատարվել են լրացուցիչ հարցաքննություններ։ Այնուհետև դիմումատուները տեղափոխվել են Երևան, որտեղ երկրորդ դիմումատուն խոստովանել է կատարած հանցագործությունը։

96. Քննիչ Ս.Տ.-ն և ռազմական ոստիկանության ծառայողներ Վ.Կ.-ն ու Ա.Բ.-ն ներկայացրել են համանման փաստարկներ։

97. Քննիչ Ա.Կ.-ն նշել է, որ ինքը հարցաքննել է երկրորդ դիմումատուին Մարտակերտի կայազորի դատախազությունում, բայց տեղյակ չէ հարցաքննության արդյունքի մասին, քանի որ քննիչ Ա.Հ.-ն և ռազմական ոստիկանության ծառայող Վ.Կ.-ն փոխարինել են իրեն, և ինքը հեռացել է։

98. Դիմումատուներն ի պատասխան նշել են, որ քննիչներ Ա.Հ.-ն և Ս.Տ.-ն ու ռազմական ոստիկանության ծառայողներ Վ.Կ.-ն և Ա.Բ.-ն իրենց վատ են վերաբերվել, ծեծել են և սպառնացել։

99. Մարզային դատարանը նաև կանչել և քննել է երրորդ ու չորրորդ գումարտակների հրամանատարներ Ե.Մ.-ին և Ի.Վ.-ին, օպերատոր Ա.Գ.-ին և թիվ 33651 զորամասի ծառայող Մ.Ա.-ին, ովքեր ներկա են գտնվել հանցագործության հանգամանքների վերարտադրմանը 2004 թվականի ապրիլի 29-ին։

100. Ի.Վ.-ն նշել է, որ 2004 թվականի ապրիլի 21-ին ինքը ժամանակ առ ժամանակ ներկա է գտնվել դիմումատուների հարցաքննությանը, բայց իր ներկայությամբ ոչ ոք վատ չի վերաբերվել նրանց։

101. Ե.Մ.-ն նշել է, որ 2004 թվականի ապրիլի 21-ին ինքն անձամբ է առաջին դիմումատուին հասցրել զորամասի հրամանատարի առանձնասենյակ։ Երկրորդ դիմումատուն արդեն այնտեղ է եղել։ Այնուհետև ժամանել են իրավապահ մարմինների ծառայողները, և ինքը ստիպված է եղել հեռանալ։ Ոչ ոք իր ներկայությամբ վատ չի վերաբերվել դիմումատուներին։

102. Ա.Գ.-ն նշել է, որ ինքը ներկա է գտնվել Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժնում երկրորդ դիմումատուի հարցաքննությանը, և երկրորդ դիմումատուն քննիչներ Ա.Հ.-ի և Ս.Տ.-ի կամ ռազմական ոստիկանության ծառայող Ա.Բ.-ի կողմից ծեծի կամ բռնության չի ենթարկվել։ Ինքը երկրորդ դիմումատուի մոտ որևէ վնասվածք կամ հատակին արյան հետքեր չի նկատել։

103. Մ.Ա.-ն նշել է, որ ինքը ներկա է գտնվել հանցագործության՝ երկրորդ դիմումատուի կողմից 2004 թվականի ապրիլին կատարված վերարտադրմանը։ Հանցագործության վերարտադրումը նկարահանվել է քննիչ Ա.Հ.-ի կողմից։ Երկրորդ դիմումատուն հանգիստ վիճակում է եղել և վատ վերաբերմունքի կամ բռնության չի ենթարկվել։

104. 2005 թվականի մայիսի 18-ին Սյունիքի մարզի դատարանը դիմումատուներին մեղավոր է ճանաչել սպանության կատարման մեջ և նրանց դատապարտել նրանց ազատազրկման՝ 15 տարի ժամկետով։ Այս դատավճիռը հիմնված է եղել, inter alia, երկրորդ դիմումատուի խոստովանական ցուցմունքի վրա։ Ինչ վերաբերում է դիմումատուների՝ վատ վերաբերմունքի մասին հայտարարություններին, ապա մարզային դատարանը դրանք համարել է անհիմն՝ հետևյալ հիմքերով։ Առաջինը՝ դիմումատուները նման բողոքներ չեն ներկայացրել 2004 թվականի ապրիլի 21-ին իրենց՝ որպես վկաներ հարցաքննության ժամանակ, 2004 թվականի ապրիլի 24-ին և 26-ին իրենց՝ որպես կասկածյալներ և մեղադրյալներ հարցաքննության ու երկու առերեսումների ժամանակ, որոնք տեղի են ունեցել իրենց պաշտպանների ներկայությամբ, կամ 2004 թվականի ապրիլի 29-ին հանցագործության հանգամանքների վերարտադրման ժամանակ։ Երկրորդ՝ երկրորդ դիմումատուն նման պնդումներ չի արել նույնիսկ 2004 թվականի մայիսի 18-ին իր լրացուցիչ հարցաքննության ժամանակ, այլ նման պնդումներ է արել միայն իր՝ 2004 թվականի հունիսի 10-ի միջնորդությամբ, որին հաջորդել են առաջին և երրորդ դիմումատուների կողմից 2004 թվականի հունիսի 16-ին ներկայացված համանման միջնորդությունները, որոնք բոլորն էլ մերժվել են զինվորական դատախազի կողմից՝ որպես անհիմն։ Երրորդ՝ այն փաստը, որ դիմումատուների նկատմամբ վատ վերաբերմունք չի ցուցաբերվել, հաստատվել է իրավապահ մարմինների ծառայողներ Ա.Հ.-ի, Ս.Տ.-ի, Վ.Կ.-ի, Ա.Բ.-ի և Ա.Կ.-ի, երրորդ ու չորրորդ գումարտակների հրամանատարներ Ե.Մ.-ի և Ի.Վ.-ի ու ծառայող Մ.Ա.-ի փաստարկների միջոցով։ Մարզային դատարանը եզրահանգել է, որ դիմումատուների և նրանց պաշտպանների՝ քննիչ Ա.Հ.-ի անկողմնակալությունը վիճարկող միջնորդություններն ու նրանց՝ վատ վերաբերմունքի, սպառնալիքների և հոգեբանական ճնշման մասին հայտարարությունները նպատակաուղղված են եղել օգնելու դիմումատուներին՝ խուսափել քրեական պատասխանատվությունից։

 

2. Վերաքննիչ վարույթները

 

105. 2005 թվականի հունիսի 1-ին դիմումատուները վերաքննիչ բողոք են ներկայացրել Սյունիքի մարզի դատարանի դատավճռի դեմ։ Իրենց բողոքում նրանք մանրամասն ներկայացրել են, որ իրենք ապօրինաբար զրկվել են ազատությունից՝ 2004 թվականի ապրիլի 21-ից մինչև 24-ը, և իրենց նկատմամբ այդ ամբողջ ժամանակահատվածի ընթացքում ցուցաբերվել է վատ վերաբերմունք։ Նրանք այնուհետև բողոքել են, որ իշխանությունները քննության չեն առել իրենց՝ վատ վերաբերմունքի մասին հայտարարությունները՝ թույլ տալով Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում։ Ավելին, քրեական գործի հարուցումը կարգադրելու փոխարեն մարզային դատարանը որոշել է կանչել և որպես վկա քննել ենթադրյալ կատարողներին և հիմնվել նրանց ցուցմունքների վրա՝ մեղադրական դատավճիռը հիմնավորելու համար։

106. Չպարզված ամսաթվին վարույթն սկսվել է Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանում։ Դիմումատուները Վերաքննիչ դատարանում մանրամասն կրկնել են վատ վերաբերմունքի մասին իրենց հայտարարությունները։ Նրանք նաև ավելացրել են, որ Երևանի ռազմական ոստիկանության քննչական մեկուսարան ընդունվելիս իրենք ունեցել են տարբեր մարմնական վնասվածքներ՝ ներառյալ վնասված ծնոտ, կապտած աչք և մեջք։ Նրանց մերկացրել և զննել են, բայց բժշկական անձնակազմի անդամը, ով կազմել է համապատասխան արձանագրությունները, նշում չի կատարել այդ վնասվածքների մասին։ Իրենք ստորագրել են զննությունների արդյունքում կազմված արձանագրությունները՝ առանց դրանք կարդալու։

107. Դրա հետ կապված՝ Վերաքննիչ դատարանը կանչել և հարցաքննել է բուժակ Կ.Գ.-ին, ով մասնակցել է դիմումատուների մարմինների զննությանը ռազմական ոստիկանության քննչական մեկուսարանում։ Կ.Գ.-ն նշել է, որ դիմումատուներին ընդունել են ռազմական ոստիկանության քննչական մեկուսարան իր հերթապահության ժամանակ։ Նրանք զննության են ենթարկվել վկաների ներկայությամբ, և մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Կազմվել են համապատասխան արձանագրություններ, որոնք ստորագրվել են նաև դիմումատուների կողմից։ Այնուհետև Կ.Գ.-ն նշել է, որ իր համար անհնար կլիներ հայտնաբերված որևէ վնասվածք չարձանագրելը, քանի որ ինքն անձամբ պատասխանատվություն կկրեր նման բացթողման համար։ Հնարավոր չէր նաև, որ երկրորդ դիմումատուն վնասված ծնոտ ունենար, քանի որ դա լուրջ վնասվածք է, որն ինքը չէր կարող անուշադրության մատնել։

108. 2005 թվականի դեկտեմբերի 12-ին, երբ իրենց գործը դեռ քննվում էր Վերաքննիչ դատարանում, դիմումատուները մեկ այլ բողոք են ներկայացրել գլխավոր դատախազին՝ մանրամասն պնդումներ ներկայացնելով այն մասին, որ 2004 թվականի ապրիլի 19-ից մինչև 24-ը իրենք ապօրինաբար զրկվել են ազատությունից, և իրենց նկատմամբ ցուցաբերվել է վատ վերաբերմունք՝ հարկադրելու տալ խոստովանական ցուցմունքներ։ Նրանք մատնանշել են քննիչներ Ա.Հ.-ին ու Ս.Տ.-ին և ռազմական ոստիկանության ծառայողներ Վ.Կ.-ին, Ա.Բ.-ին և Մ.-ին՝ որպես կատարողներ, և պահանջել, որ նրանց դեմ քրեական գործ հարուցվի։ Դիմումատուները, մասնավորապես, պնդել են, որ վատ վերաբերմունքի հետևանքով երկրորդ դիմումատուն ստացել է ծնոտի վնասվածք, առաջին դիմումատուն քթից արյունահոսություն է ունեցել, իսկ երրորդ դիմումատուն ծեծի է ենթարկվել և եղել է կեղտոտ հագուստով, քանի որ նրան գցել են գետնին և ոտքով բազմիցս հարվածել։ Ավելին, երկրորդ դիմումատուին մերկացրել են, հենել պատին և սպառնացել, որ եթե հրաժարվի խոստովանելուց, նրան կբռնաբարեն մահակով։ Այնուհետև նրան ստիպել են կախված մնալ աթոռների վրա տեղադրված ձողից և սպառնացել են մահակներով ու զենքերով։ Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժնի պետ Ա. Բ.-ի առանձնասենյակում տեղի ունեցած հարցաքննության ժամանակ ծեծի ենթարկվելիս երկրորդ դիմումատուի քթից մեծ քանակությամբ արյուն է հոսել հատակին, և նրան հրամայել են լիզել այն։ Դիմումատուները վերջապես պնդել են, որ իրենք ապօրինաբար պահվել են ռազմական ոստիկանության քննչական մեկուսարանում մինչև 2004 թվականի հուլիսի 6-ը՝ հետագա սպառնալիքների և վիրավորանքների ենթարկելու համար։

109. 2005 թվականի դեկտեմբերի 26-ի գրությամբ գլխավոր դատախազությունը տեղեկացրել է դիմումատուներին, որ նրանց դեմ հարուցված քրեական գործի դատական քննության ժամանակ Սյունիքի մարզի դատարանը, ղեկավարվելով Քր. դատ. օր.-ի 17-րդ հոդվածի 4-րդ մասով, ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ՝ ստուգելու նրանց հայտարարություններն այն մասին, թե նրանք քննության ժամանակ քննիչների կողմից ենթարկվել են հարկադրանքի, և դրանք իր՝ 2005 թվականի մայիսի 18-ի դատավճռով համարել է անհիմն։

110. 2006 թվականի հունվարի 8-ին դիմումատուները պահանջ են ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան՝ Քր. դատ. օր.-ի 290-րդ հոդվածի համաձայն՝ բողոքելով, որ դատախազությունը, հիմնվելով Սյունիքի մարզի դատարանի իրականացրած քննության վրա, մերժել է քրեական գործ հարուցել։ Սակայն, Սյունիքի մարզի դատարանն իրավասու չէր իր կողմից քննվող քրեական գործի սահմաններից դուրս քննություն իրականացնել։ Ենթադրյալ կատարողները չեն ներգրավվել որպես մեղադրյալներ և մարզային դատարան են ներկայացել միայն որպես վկաներ։ Վատ վերաբերմունքի մասին հայտարարությունների մասով արդյունավետ քննություն իրականացնելու համար անհրաժեշտ էր հարուցել քրեական գործ՝ Քր. դատ. օր.-ի 181-րդ հոդվածի համաձայն։ Նրանք պահանջել են [նշված] համայնքների դատարանից գլխավոր դատախազին պարտավորեցնել այդպիսի վարույթ հարուցել։

111. 2006 թվականի փետրվարի 1-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը մերժել է պահանջը, գտնելով, որ գլխավոր դատախազի պատասխանը եղել է օրենքին համապատասխան և չի խախտել դիմումատուների իրավունքները։ Առաջին ատյանի դատարանը, մասնավորապես, նշել է, որ քրեական վարույթի ընթացքում օրինականության ենթադրյալ խախտումների վերաբերյալ բողոքները, Քր. դատ. օր.-ի 17-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, պետք է մանրակրկիտ քննվեն գործն ըստ էության քննող մարմնի կողմից, մինչդեռ հանցագործության մասին դատական նիստի ընթացքում արված հայտարարությունները, Քր. դատ. օր.-ի 177-րդ հոդվածի համաձայն, պետք է մտցվեն դատական նիստի արձանագրության մեջ։

112. 2006 թվականի փետրվարի 14-ին դիմումատուները վերաքննիչ բողոք են ներկայացրել՝ բերելով 2006 թվականի հունվարի 8-ի՝ իրենց բողոքում հնչեցրած փաստարկներին համանման փաստարկներ։

113. 2006 թվականի մարտի 14-ին Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը՝ գտնելով, որ վատ վերաբերմունքի մասին դիմումատուների հայտարարությունները քննվել են Սյունիքի մարզի դատարանում իրականացված վարույթի ընթացքում, և ձեռք բերված ապացույցները գնահատվել են կայացված դատավճռով։ Գործն այդ ժամանակ ըստ էության քննվում էր Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի կողմից, որը բողոքով սահմանափակված չէր և իրավասու էր քննելու գործն ամբողջ ծավալով՝ ներառյալ ցանկացած նոր ապացույց։ Դիմումատուների այն փաստարկը, որ մարզային դատարանը և Վերաքննիչ դատարանը իրավասու չէին վարույթ իրականացնելու այն անձանց նկատմամբ, ովքեր ներգրավված չէին որպես մեղադրյալներ, սխալ էր, քանի որ դատարանները, իրենց դատավճիռները կայացնելիս, քրեական դատավարության օրենսդրության համաձայն, պարտավորված էին ստուգել և գնահատել՝ արդյոք ձեռք բերված ապացույցն ընդունելի ու վերաբերելի է և, արդյոք այն ձեռք է բերվել բռնության, սպառնալիքների և ոստիկանության ծառայողների այլ անօրինական գործողությունների միջոցով՝ ինչպես պնդել են դիմումատուներն իրենց բողոքում։ Քր. դատ. օր.-ի 41-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի և 184-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանները, իրենց կողմից քննվող գործի նյութերի հիման վրա, իրավունք ունեին պահանջելու, որ դատախազը երրորդ անձանց դեմ քրեական գործ հարուցելու որոշում կայացնի։ Քանի որ գործն այդ ժամանակ դեռևս քննվում էր Վերաքննիչ դատարանում, դիմումատուների բողոքը պետք է մերժվեր։

114. 2006 թվականի մարտի 28-ին դիմումատուները ներկայացրել են վճռաբեկ բողոք՝ համանման փաստարկներ բերելով։ Նրանք նաև բողոք են ներկայացրել այն մասին, որ իրենց դատավարական իրավունքները խախտվել են, քանի որ իշխանությունները հրաժարվել են կատարել Քր. դատ. օր.-ի 180-րդ և 181-րդ հոդվածների պահանջները։

115. 2006 թվականի մայիսի 30-ին Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը կայացրել է դիմումատուների քրեական գործն ըստ էության լուծող դատավճիռ։ Այն դիմումատուներին մեղավոր է ճանաչել և նշանակված պատիժը փոխել ավելի ծանր պատժատեսակով՝ նրանց դատապարտելով ցմահ ազատազրկման։ Վերաքննիչ դատարանը հիմնվել է, inter alia, երկրորդ դիմումատուի խոստովանական ցուցմունքի վրա։ Ինչ վերաբերում է դիմումատուների՝ վատ վերաբերմունքի մասին հայտարարություններին, ապա Վերաքննիչ դատարանը դրանք համարել է անհիմն։ Այդ անելով, Վերաքննիչ դատարանն առաջին հերթին վկայակոչել է մարզային դատարանում իրավապահ մարմինների ծառայողներ Ա.Հ.-ի, Ս.Տ.-ի, Վ.Կ.-ի, Ա.Բ.-ի և Ա.Կ.-ի, երրորդ և չորորդ գումարտակների հրամանատարներ Ե.Մ-ի և Ի.Վ.-ի, ծառայող Մ.Ա.-ի և օպերատոր Ա.Գ.-ի ներկայացրած փաստարկները։ Վերաքննիչ դատարանն այնուհետև վկայակոչել է հանցագործության հանգամանքների վերարտադրման տեսագրությունը, որում որևէ մարմնական վնասվածք երկրորդ դիմումատուի մոտ չէր երևում, ով ազատ շարժվում և խոսում էր, ինչպես նաև անձի մարմնի զննման արձանագրությունները` կազմված ռազմական ոստիկանության քննչական մեկուսարանում՝ 2004 թվականի ապրիլի 24-ին։

116. 2006 թվականի հունիսի 1-ին Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել 2006 թվականի մարտի 28-ի բողոքն առանց քննության թողնելու մասին։ Այն մասնավորապես գտել է, որ դիմումատուները բողոք են ներկայացրել Քր. դատ. օր.-ի 290-րդ հոդվածի համաձայն՝ դատախազի՝ մինչդատական վարույթին վերաբերող գործողությունների դեմ։ Այնուամենայնիվ, քանի որ Վճռաբեկ դատարանը գերագույն դատական ատյանն էր, և Սահմանադրության 92-րդ հոդվածի համաձայն՝ կոչված էր ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը, դրա սահմանադրական կարգավիճակը խոչընդոտում էր դատախազի՝ մինչդատական վարույթին վերաբերող որոշումների և գործողությունների դեմ ներկայացված բողոքները քննելը։ Վճռաբեկ դատարանն այդպիսի բողոքներ կարող էր քննել բացառիկ դեպքերում, եթե դրանցով բարձրացվում էր դատական պրակտիկայի համար մեծ կարևորություն ունեցող հարց։ Այդպիսի հանգամանքներում բողոքը պետք է թողնվեր առանց քննության, քանի որ այն ներկայացվել էր մի որոշման դեմ, որը ենթակա չէր բողոքարկման վճռաբեկության կարգով։

 

3. Վճռաբեկ վարույթները

 

117. Դիմումատուները 2006 թվականի հունիսի 9-ին վճռաբեկ բողոք են ներկայացրել Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի մայիսի 30-ի դատավճռի դեմ։

118. Չպարզված ամսաթվին, սպանված զինծառայողներից մեկի հայրը որպես տուժող նույնպես վճռաբեկ բողոք է ներկայացրել այդ դատավճռի դեմ։ Իր վճռաբեկ բողոքում նա ներկայացրել է, որ քրեական գործը վարել են դատավարական խախտումներով, որի արդյունքում երեք անմեղ զինծառայողներ մեղավոր են ճանաչվել, մինչդեռ իրական հանցագործներն այդպես էլ պատասխանատվության չեն ենթարկվել։

119. 2006 թվականի օգոստոսի 7-ին Վճռաբեկ դատարանը վերադարձրել է դիմումատուների բողոքը՝ պահանջելով նրանցից, որ վերացնեն թերությունները և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնեն` Քր. դատ. օր.-ի նոր ընդունված փոփոխություններին համապատասխան։

120. 2006 թվականի սեպտեմբերի 11-ին առաջին և երկրորդ դիմումատուները կրկին ներկայացրել են իրենց վճռաբեկ բողոքները՝ պահանջելով, որ իրենց նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը բեկանվի և իրենց արդարացնեն։ Ըստ երևույթին, չպարզված ամսաթվին երրորդ դիմումատուն նույնպես հետևել է նրանց օրինակին։ Դիմումատուները մանրամասն բողոք են ներկայացրել այն մասին, որ իրենց ապօրինաբար զրկել են ազատությունից 2004 թվականի ապրիլի 19-ից մինչև 24-ը, և իրենց նկատմամբ այդ ժամանակահատվածի ընթացքում ցուցաբերել են վատ վերաբերմունք։ Այնուհետև նրանք բողոքել են, որ իշխանության մարմինները չեն քննել վատ վերաբերմունքի մասին իրենց հայտարարությունները։

121. 2006 թվականի հոկտեմբերի 9-ին Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել դիմումատուների բողոքները քննության ընդունելու մասին։ Չպարզված ամսաթվին տուժողի բողոքը նույնպես ընդունվել է քննության։

122. 2006 թվականի դեկտեմբերի 22-ին Վճռաբեկ դատարանը որոշել է մերժել դիմումատուների բողոքները, բայց բավարարել տուժողի բողոքը՝ բեկանելով 2005 թվականի մայիսի 18-ի և 2006 թվականի մայիսի 30-ի դատավճիռները և գործն ուղարկելով լրացուցիչ քննության։ Վճռաբեկ դատարանը գտել է, որ քննություն իրականացնող մարմինը չի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները գործի հանգամանքների օբյեկտիվ գնահատման համար և պատշաճորեն չի ստուգել պաշտպանության կողմի՝ դիմումատուների անմեղությանը և արդարացնող ապացույցների գոյությանը վերաբերող ցուցմունքները, ինչպես նաև վարույթի ընթացքում օրինականության խախտման մասին նրանց պնդումները։ Այդպիսի հանգամանքներում դիմումատուների՝ արդարացում պահանջող բողոքները չէին կարող բավարարվել, քանի որ անհրաժեշտ էր կատարել գործի լրացուցիչ քննություն։

123. Ինչ վերաբերում է մասնավորապես երկրորդ դիմումատուի խոստովանական ցուցմունքին, ապա Վճռաբեկ դատարանը գտել է, որ այս ցուցմունքը չի հաստատվել գործով առկա այլ օբյեկտիվ ապացույցներով։ Ավելին, երկրորդ դիմումատուն հրաժարվել է իր ցուցմունքից՝ պնդելով, որ ինքը ցուցմունք է տվել վախի, բռնության և խոշտանգումների հետևանքով։ Ուստի, անհրաժեշտ է եղել ստուգել երկրորդ դիմումատուի խոստովանական ցուցմունքի արժանահավատությունը։

124. Ինչ վերաբերում է դիմումատուներին ազատությունից զրկելու հարցին և վատ վերաբերմունքի մասին նրանց հայտարարություններին, ապա Վճռաբեկ դատարանը նշել է.

«Գործի նյութերից հետևում է, որ [դիմումատուները] կալանավորվել են 2004 թվականի ապրիլի 24-ին։ Վճռաբեկ բողոքներում նշվել է, որ հինգ օր անընդմեջ [դիմումատուները], ունենալով վկայի կարգավիճակ, ենթարկվել են բռնության, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի, որի հետևանքով [երկրորդ դիմումատուից] կորզվել է խոստովանական ցուցմունք:

Թիվ 33651 զորամասի հրամանատարի 2004 թվականի ապրիլի 21-ի թիվ 112 հրամանի 5-րդ պարբերության համաձայն՝ [երրորդ դիմումատուն] «համարվել է մեկուսացված»՝ Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժնի կողմից և զրկվել է իր օրապահիկից՝ թիվ 99 մեկուսացման գրության հիման վրա։

Նույն հրամանի 6-րդ պարբերության համաձայն՝ [երկրորդ և առաջին դիմումատուները], ովքեր մարտական հերթապահության էին, «համարվել են մեկուսացված Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժնի կողմից» և զրկվել են իրենց օրապահիկներից՝ թիվ 100 և թիվ 101 մեկուսացման գրությունների հիման վրա։

Լրացուցիչ քննության ընթացքում անհրաժեշտ է պարզաբանել, թե ինչ է նշանակում «համարել» վերոնշյալ զինվորներին «մեկուսացված՝ Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժնի կողմից» մեկուսացման գրությունների հիման վրա, և որն է այդպիսի մեկուսացման էությունը։ Արդյոք դա չի հանգեցրել զինված ուժերում սովորաբար կիրառվող միջոցներին ոչ հատուկ անօրինական սահմանափակումների և ազատությունից զրկելուն։

Անհրաժեշտ է նաև մանրամասն ստուգել պաշտպանության կողմի ներկայացրած բողոքներում առկա փաստարկները [դիմումատուներին] այդ օրերի ընթացքում բռնության և խոշտանգումների ենթարկելու վերաբերյալ:»։

125. Վճռաբեկ դատարանը նաև որոշում է կայացրել խափանման միջոցը վերացնելու և դիմումատուներին կալանքից ազատելու մասին։

 

Է. Լրացուցիչ քննությունը

 

126. 2007 թվականի փետրվարի 6-ին դիմումատուների քրեական գործով քննությունը հանձնարարվել է զինվորական դատախազության մեկ այլ քննիչի՝ Վ.Ս.-ին։ Հայաստանի Գուգարքի կայազորի զինվորական դատախազության քննիչ Ս.Գ.-ն նշանակվել է որպես նրա օգնական։

127. 2007 թվականի փետրվարի 19-ին դիմումատուները ներկայացել են հարցաքննության որպես մեղադրյալներ, բայց հրաժարվել են ցուցմունք տալուց՝ նշելով, որ իրենք իրենց համարում են տուժողներ, այլ ոչ թե՝ մեղադրյալներ։ Նրանք նշել են, որ իրենք կցանկանային ցուցմունք տալ խոշտանգումների մասին իրենց հայտարարությունների մասով, եթե առանձին քրեական գործ հարուցվի, և իրենք ճանաչվեն որպես տուժողներ։

128. Նույն օրը պաշտպան Զ.Փ.-ն, ով այդ փուլում ներկայացնում էր բոլոր երեք դիմումատուներին, վիճարկել է զինվորական դատախազության աշխատակիցների անկողմնակալությունը՝ պնդելով, որ նրանք ի վիճակի չեն եղել օբյեկտիվ քննություն իրականացնելու, ինչն ապացուցվում է գործով ավելի վաղ ցուցաբերված ամբողջ անօրինականությամբ, և պահանջելով, որ նրանք հեռացվեն գործով վարույթից։ Այս պահանջը մերժվել է գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից՝ որպես անհիմն։

129. 2007 թվականի փետրվարի 27-ին պաշտպան Զ.Փ.-ն միջնորդություն է ներկայացրել գլխավոր դատախազություն՝ պահանջելով, որ առանձին քրեական գործ հարուցվի։ Նա պնդել է, որ տվյալ քրեական գործը հարուցվել է սպանության մասով և դիմումատուները ներգրավվել են որպես մեղադրյալներ։ Այդ քրեական գործի շրջանակներում հնարավոր չէր իրականացնել խոշտանգումների վերաբերյալ հայտարարությունների մասով քննություն։ Դիմումատուները երեք տարի հետևողականորեն բողոքներ են ներկայացրել այն խոշտանգումների առնչությամբ, որոնց ենթարկվել են, և մատնանշել են կատարողների անունները, բայց իշխանությունները հրաժարվել են իրենց պնդումների վերաբերյալ պատշաճ գնահատում կատարել։

130. 2007 թվականի փետրվարի 28-ին քննիչ Վ.Ս.-ն մերժել է միջնորդությունը՝ գտնելով, որ հանցագործության մասին բոլոր հաղորդումները չէ, որ քրեական գործ հարուցելու համար ինքնին բավարար են։ Այդպիսի որոշում կայացնելու համար դեռևս բավարար նյութեր ձեռք չեն բերվել։

131. 2007 թվականի մարտին և ապրիլին քննիչները հարցաքննել են մի քանի անձանց՝ ներառյալ քննիչներ Ա.Հ.-ին և Ս.Տ.-ին ու ռազմական ոստիկանության ծառայողներ Վ.Կ.-ին, Ա.Բ.-ին և Մ.-ին, դիմումատուի զորամասի հրամանատար Մ.Ա.-ին, Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժնի երեք ռազմական ոստիկանության ծառայողներին և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի մեկ ծառայողի, ովքեր դիմումատուներին տեղափոխել են Ստեփանակերտից Երևան, պաշտպաններ Մ.Ա.-ին և Վ.Ե.-ին ու երրորդ դիմումատուի զարմուհու ամուսնուն՝ Հ.Մ.-ին, ով նրա հոր հետ այցելել էր նրան կալանքի ընթացքում՝ 2004 թվականի ապրիլի 26-ին։

132. Քննիչներ Ա.Հ.-ն և Ս.Տ.-ն ներկայացրել են դեպքերի իրենց նկարագրությունը և ժխտել, որ իրենք վատ են վերաբերվել դիմումատուներին։ Նրանց հարցաքննությունների գրավոր տարբերակները՝ ներառյալ հարցերն ու պատասխանները, պարունակել են տեքստեր, որոնք բառացի կրկնօրինակված են եղել։ Ռազմական ոստիկանության ծառայողներ Վ.Կ.-ն և Ա.Բ.-ն նույնպես ժխտել են, որ իրենք վատ են վերաբերվել դիմումատուներին։ Ռազմական ոստիկանության ծառայող Մ.-ն նշել է, որ ինքը բացակայել է Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժնից այն ժամանակահատվածի ընթացքում, երբ դիմումատուներին տարել են այնտեղ, և որ ինքը երբեք նրանց չի հանդիպել։ Զորամասի հրամանատար Մ.Ա.-ն նշել է, որ 2004 թվականի ապրիլի 21-ին ինքը դիմումատուներին ենթարկել է կարգապահական կալանքի՝ զորամասից ինքնակամ բացակայելու պատճառով և կարգադրել է, որ նրանք այն կրեն Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժնում։ Նա չի իմացել, թե քննիչներն ինչ հարցեր են առաջադրել դիմումատուներին իր առանձնասենյակում, որովհետև դա արվել է առանձին։ Իր ներկայությամբ բռնություն չի գործադրվել։ Ծառայողները, ովքեր տեղափոխել են դիմումատուներին, նշել են, որ դիմումատուներին ձեռնաշղթաներ չեն հագցրել, և որ նրանց նկատմամբ բռնություն չի գործադրվել նրանց տեղափոխման ժամանակ։ Իրենք որևէ մարմնական վնասվածք չեն նկատել, և դիմումատուները իրենց առողջության հետ կապված բողոքներ չեն ներկայացրել։

133. Փաստաբաններ Մ.Ա.-ն և Վ.Ե.-ն նշել են, որ 2004 թվականի ապրիլի 24-ին իրենք հեռախոսազանգեր են ստացել քննիչ Ա.Հ.-ից, ով իրենց հրավիրել է զինվորական դատախազություն՝ ստանձնելու դիմումատուների պաշտպանությունը, քանի որ պաշտպանի մասնակցությունը պարտադիր էր այն գործերով, որոնցում ներգրավված էին զինծառայողներ։ Նրանց ներկայացրել են երկրորդ դիմումատուին, ում խնդրել են, որ ընտրություն կատարի իրենց միջև, այսպիսով, նա ընտրել է փաստաբան Մ.Ա.-ին։ Փաստաբան Մ.Ա.-ն նշել է, որ, այդ պահից սկսած, ինքը մասնակցել է բոլոր հարցաքննություններին և առերեսումներին, որոնցում ներգրավված է եղել երկրորդ դիմումատուն։ 2004 թվականի ապրիլի 27-ին ինքը հանդիպել է նրա ծնողների հետ և պայմանագիր ստորագրել։ Փաստաբան Վ.Ե.-ն նշել է, որ ինքը ներկայացրել է առաջին և երրորդ դիմումատուներին մինչև 2004 թվականի ապրիլի 26-ը։ Այդ օրը ինքը հանդիպել է առաջին և երրորդ դիմումատուների ծնողներին, ովքեր չեն ցանկացել, որ ինքը շարունակի ներկայացնել նրանց։ Երկու փաստաբաններն էլ նշել են, որ իրենք որևէ վնասվածք չեն նկատել դիմումատուների մոտ, իրենց ներկայությամբ դիմումատուների նկատմամբ վատ վերաբերմունք չի ցուցաբերվել, դիմումատուները որևէ բողոք չեն ներկայացրել վատ վերաբերմունքի մասին, ոչ էլ դիմումատուների վրա ճնշում է գործադրվել քննիչի կողմից։ Փաստաբան Մ.Ա.-ն ավելացրել է, որ երկրորդ դիմումատուն վատ վերաբերմունքի մասին հայտարարություններ է արել միայն 15 օր հետո, երբ իրենք առանձին հանդիպում են ունեցել ռազմական ոստիկանության քննչական մեկուսարանում։ Ինքն այդ ժամանակ խորհուրդ է տվել երկրորդ դիմումատուին բողոք ներկայացնել զինվորական դատախազին։

134. Հ.Մ.-ն նշել է, որ 2004 թվականի ապրիլի 24-ին երրորդ դիմումատուի հայրն իրեն ասել է, որ իր որդուն տարել են զինվորական դատախազություն։ Քանի որ ինքը ճանաչում էր քննիչ Ա.Հ.-ին, ով ապրում էր իր հարևանությամբ, ինքը խոստացել է պարզել երրորդ դիմումատուի ձերբակալման պատճառները։ Հաջորդ օրը ինքը բակում պատահաբար հանդիպել է Ա.Հ.-ին և նրան ներկայացրել երրորդ դիմումատուի հորը։ Իրենք նրան հարցրել են երրորդ դիմումատուի ձերբակալման պատճառների մասին, որին Ա.Հ.-ն պատասխանել է, որ ինքը սպանության գործ է քննում, և երրորդ դիմումատուն ձերբակալվել է դրա առնչությամբ։ Այնուհետև իրենք խնդրել են Ա.Հ.-ին մի քանի րոպեով երրորդ դիմումատուի հետ տեսակցելու հնարավորություն տալ իրենց, որին Ա.Հ.-ն պատասխանել է, որ հաջորդ օրն ինքը պատրաստվում է զինվորական դատախազությունում կատարել որոշ քննչական գործողություններ, որոնցում ներգրավված է երրորդ դիմումատուն, և կարող է նրանց թույլ տալ մի քանի րոպեով տեսնել նրան։ Հաջորդ օրը իրենք գնացել են զինվորական դատախազություն և Ա.Հ.-ի առանձնասենյակում մի քանի րոպեով հանդիպել երրորդ դիմումատուի հետ։ Ի պատասխան քննիչի հարցին, թե արդյոք նա տեսել է որևէ վնասվածք երրորդ դիմումատուի մոտ կամ նրանից ստացել որևէ բողոք վատ վերաբերմունքի մասին՝ Հ.Մ.-ն նշել է, որ ինքը որևէ վնասվածք չի նկատել կամ ստացել նման բողոքներ։ Ավելին, քանի որ քննիչը նրանց մի քանի րոպեով մենակ է թողել, երրորդ դիմումատուն, իր կարծիքով, գոնե իր հորը պատմած կլիներ վատ վերաբերմունքի մասին։

135. 2007 թվականի ապրիլի 2-ին քննիչը որոշել է դիմումատուների նկատմամբ նշանակել դատաբժշկական փորձաքննություն։ Փորձագետներից պահանջվել է պատասխանել հետևյալ հարցերին՝ ա) արդյոք դիմումատուների մարմինների վրա եղել են կամ կային վնասվածքներ և, եթե այո, որն էր դրանց ծագման աղբյուրը, բ) եթե այո, արդյոք դրանք կարող էին առաջանալ 2004 թվականի ապրիլի 19-ից մինչև 24-ն ընկած ժամանակահատվածում և տեսանելի չլինել երեք օր անց՝ մասնավորապես 2004 թվականի ապրիլի 27-ին, և գ) արդյոք դիմումատուները տառապել են որևէ հիվանդությամբ, եթե այո, արդյոք դրա պատճառը եղել է ենթադրյալ վատ վերաբերմունքը։

136. 2007 թվականի սեպտեմբերի 10-ին դատաբժշկական փորձագետները ներկայացրել են իրենց եզրակացությունները։ Նրանք եզրակացրել են, որ, դիմումատուների բժշկական քարտերի համաձայն, նրանք տվյալ ժամանակահատվածում որևէ վնասվածք չեն ունեցել կամ տառապել որևէ հիվանդությամբ։ Հնարավոր չի եղել պարզել՝ արդյոք դիմումատուներն ունեին որևէ վնասվածք կամ հիվանդություն տվյալ պահին, քանի որ նրանք զննության չեն ներկայացել։ Փորձագետներն ավելացրել են, որ մաշկի, ոսկորների և հոդերի վնասվածքները, ինչպիսիք վերքերը, կապտուկները, քերծվածքները, կոտրվածքները և հոդախախտումներն են, սովորաբար տեսանելի են լինում երեք օր անց։

137. 2007 թվականի հոկտեմբերի 1-ին գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատարը որոշել է քրեական գործ չհարուցել ենթադրյալ վատ վերաբերմունք դրսևորողների նկատմամբ՝ հանցակազմի բացակայության պատճառով։ Այս որոշումն առաջին հերթին վերաբերել է Վճռաբեկ դատարանի՝ նախքան 2004 թվականի ապրիլի 24-ը դիմումատուներին ենթադրաբար ազատությունից զրկելուն և նրանց նկատմամբ վատ վերաբերմունքի հանգամանքները ուսումնասիրելու հրահանգին։ Ինչ վերաբերում է ազատությունից զրկելուն, այն համարվել է զորամասի հրամանատարի կողմից իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում կիրառված կարգապահական պատասխանատվության օրինական միջոց։ Այնուհետև համարվել է, որ քննչական խումբը դիմումատուներին որպես վկաներ հարցաքննելու իրավունք է ունեցել, և նրանք տեղափոխվել են այդ նպատակով։ Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժնում նրանց տեղավորել են կարգապահական մեկուսարանում և շարունակել հարցաքննել, բայց հետո անհրաժեշտ է եղել նրանց տեղափոխել Երևան` ելնելով քննության նպատակներից։ Այնտեղ երկրորդ դիմումատուն արել է իր խոստովանությունը, որից հետո դիմումատուները ձերբակալվել են։ Նրանց տրամադրվել են պաշտպաններ և նրանց կալանավորել են դատարանի 2004 թվականի ապրիլի 27-ի որոշմամբ։ Այսպիսի հանգամանքներում, ազատությունից ապօրինաբար զրկվելու և վատ վերաբերմունքի մասին դիմումատուների հայտարարությունները հերքվել են գործով ձեռք բերված ապացույցներով։

138. 2007 թվականի հոկտեմբերի 25-ին դիմումատուները բողոք են ներկայացրել այս որոշման դեմ։ Նրանք մանրամասն բողոք են ներկայացրել այն մասին, որ իրենք ապօրինաբար զրկվել են ազատությունից 2004 թվականի ապրիլի 19-ից մինչև 24-ը՝ վկաների քողի ներքո, մինչդեռ իրենց արդեն իսկ կասկածում էին հանցագործության մեջ։ Սա արվել է իրենց՝ մեղադրյալին օրենքով տրամադրվող երաշխիքներից, ինչպիսիք պաշտպան ունենալու և ցուցմունք չտալու իրավունքներն են, զրկելու և խոստովանություն անելուն հարկադրելու համար։ Իրենք երբեք որպես վկա չեն կանչվել, ինչպես օրենքն է պահանջում, փոխարենը՝ իրենց ստիպողաբար տարել են իրենց զորամասից և տեղափոխել կիլոմետրեր հեռու՝ մեկ իրավապահ մարմնից մյուսը, որտեղ նրանք պահվել են տարբեր սենյակներում ու խցերում և անընդմեջ ենթարկվել վատ վերաբերմունքի։ Իրենց ազատությունից զրկելն արդարացնող ոչ մի ողջամիտ կասկած չի եղել, և իրենք ձերբակալվել են հենց այն ժամանակ, երբ հարկադրանքի միջոցով ապահովվել էր խոստովանությունը։ Ապա նրանց տեղավորել են ռազմական ոստիկանության քննչական մեկուսարանում, որտեղ քննիչները շարունակել են ճնշում գործադրել, և այն նպատակով, որ կոծկեն վատ վերաբերմունքի ցանկացած հետք։ Իրենց չեն տեղեկացրել ազատությունից զրկելու պատճառների մասին և իրենց ներկայացրել են դատարան՝ ութ օր ուշացումով։ Գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատարի որոշումը եղել է անօրինական և չհիմնավորված։ Նա օրենքի համաձայն պարտավոր էր վատ վերաբերմունքի մասով առանձին քրեական գործ հարուցել, ճանաչել նրանց որպես տուժողներ և, քննություն իրականացնելուց հետո, պատշաճ գնահատական տալ Վճռաբեկ դատարանի կողմից 2006 թվականի դեկտեմբերի 22-ի իր որոշման մեջ բարձրացված հարցերին։ Ավելի քան չորս տարի իրենք հետևողականորեն հնչեցրել են վատ վերաբերմունքի մասին իրենց հայտարարությունները և մատնանշել կատարողների անունները, սակայն արդյունավետ քննություն երբևէ չի իրականացվել։ Դիմումատուները հիմնվել են, inter alia, Կոնվենցիայի 3-րդ և 5-րդ հոդվածների վրա։

139. 2007 թվականի նոյեմբերի 23-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել բողոքը մերժելու մասին։ Որոշումն ունի հետևյալ բովանդակությունը.

«Ուսումնասիրելով բողոքը և քրեական գործի նյութերը՝ դատարանը գտնում է, որ վիճարկվող գործողությունները կատարվել են օրենքի պահանջներին համապատասխան, և անձի իրավունքների ու ազատությունների խախտում տեղի չի ունեցել:»։

140. Այս որոշման դեմ վերաքննիչ բողոք չի ներկայացվել։

141. 2008 թվականի հունվարի 18-ին զինվորական դատախազը որոշում է կայացրել քրեական վարույթ հարուցելու մասին՝ այն հարցը քննելու նպատակով, թե արդյոք այն փաստը, որ առաջին դիմումատուի կալանքն սկսվելու ամսաթիվը նրա բժշկական քարտում նշվել է որպես «2004 թվականի ապրիլի 19», պաշտոնական փաստաթղթի կեղծում է: Մի քանի անձինք հարցաքննվել են և պարզվել է, որ տվյալ նշումը սխալմամբ կատարվել է բուժծառայության ղեկավարի կողմից՝ առաջին դիմումատուի բանավոր հայտարարության հիման վրա։ Այս պատճառով որոշում է կայացվել ավարտել քրեական վարույթը՝ հանցավոր արարքի բացակայության պատճառով։

142. Չպարզված ամսաթվին դիմումատուների դատաքննությունը վերսկսվել է Շիրակի մարզի դատարանում։ Ըստ դիմումատուների, իրենց զորամասի մի քանի նախկին զինծառայողներ, ինչպես նաև մի քանի քաղաքացիական անձինք ցուցմունք են տվել դատական քննության ժամանակ այն մասին, որ իրենց բանտարկել են Մարտակերտի կայազորի զինվորական դատախազությունում և Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժնում 2004 թվականի սկզբին՝ տարբեր ժամանակահատվածներում և հարցաքննել սպանությունների առնչությամբ։ Նրանցից շատերը նշել են, որ այդ ժամանակահատվածում իրենց նվաստացրել են և ցուցաբերել դաժան վերաբերմունք իրենց նկատմամբ, որպեսզի իրենք խոստովանեն հանցագործությունը։

143. 2012 թվականի դեկտեմբերի 18-ին Շիրակի մարզի դատարանը, լսելով բազմաթիվ վկաների և ուսումնասիրելով առկա ապացույցները, գտել է, որ դիմումատուների մեղավորությունը հիմնավորված չէ, և որոշել է արդարացնել նրանց։ Ըստ երևույթին, այս դատավճռի դեմ որևէ բողոք չի ներկայացվել։

 

II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ա. Սահմանադրությունը

 

144. Տվյալ ժամանակահատվածում 18-րդ հոդվածով նախատեսվում էր, որ յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձեռնմխելիության իրավունք: Մարդուն չի կարելի ձերբակալել, խուզարկել այլ կերպ, քան օրենքով սահմանված կարգով: Նա կարող է կալանավորվել միայն դատարանի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով:

145. 19-րդ հոդվածով նախատեսվում էր, որ ոչ ոքի չի կարելի ենթարկել խոշտանգումների, դաժան կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և պատժի։

146. 42-րդ հոդվածով նախատեսվում էր, որ ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու և մերձավոր ազգականների դեմ:

147. 2005 թվականի նոյեմբերի 27-ին ընդունվել են ՀՀ Սահմանադրության փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտել 2005 թվականի դեկտեմբերի 6-ին: Այդ փոփոխությունների արդյունքում 92-րդ հոդվածի համաձայն Վճռաբեկ դատարանին նոր դեր է վերապահվել, այն է՝ ապահովել օրենքի միատեսակ կիրառությունը։

 

Բ. Քրեական դատավարության օրենսգիրքը (տվյալ ժամանակահատվածում գործող)

 

1. Քրեական գործ հարուցելը

 

148. 175-րդ հոդվածով նախատեսվում է, որ օրենսգրքով նախատեսված առիթների և հիմքերի առկայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը, իրենց իրավասության շրջանակներում, պարտավոր են քրեական գործ հարուցել:

149. 176-րդ հոդվածով նախատեսվում է, որ քրեական գործ հարուցելու առիթները ներառում են՝ 1) հանցագործությունների մասին ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումները` ուղղված հետաքննության մարմնին, քննիչին կամ դատախազին. 2) հանցագործությունների մասին լրատվության միջոցների հաղորդումները. 3) հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի կամ դատավորի կողմից հանցագործության մասին տվյալների, կամ հանցագործության նյութական հետքերի և հետևանքների հայտնաբերումը` իրենց լիազորություններն իրականացնելիս:

150. 177-րդ հոդվածով նախատեսվում է, որ հանցագործությունների մասին ֆիզիկական անձանց հաղորդումները կարող են լինել բանավոր կամ գրավոր: Քննչական գործողություն կատարելիս կամ դատական քննության ընթացքում հանցագործության մասին արված բանավոր հաղորդումը մտցվում է քննչական գործողության կամ դատական նիստի արձանագրության մեջ:

151. 180-րդ հոդվածով նախատեսվում է, որ հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց ստացման պահից տասն օրվա ընթացքում: Այս ժամկետում կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր, բացատրություններ կամ այլ նյութեր, կարող է կատարվել դեպքի վայրի զննություն և նշանակվել փորձաքննություն:

152. 181-րդ հոդվածով նախատեսվում է, որ հանցագործության մասին տեղեկություն ստանալու յուրաքանչյուր դեպքում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը` 1) քրեական գործ հարուցելու մասին, 2) քրեական գործ հարուցելը մերժելու մասին, կամ 3) հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին:

153. 184-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է, որ հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը իրենց վարույթում գտնվող քրեական գործի նյութերով կայացնում են որոշում նոր գործ հարուցելու և այն առանձին վարույթում առանձնացնելու մասին, իսկ դատարանը նման որոշում կայացնելու միջնորդությամբ դիմում է դատախազին, եթե մեղադրյալին վերագրվող հանցագործություններից բացի բացահայտված է առաջինի հետ չկապված այլ հանցագործություն, որը կատարել է այլ անձ` առանց մեղադրյալի մասնակցության:

154. 185-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերով նախատեսվում է, որ քրեական գործ հարուցելու առիթն անօրինական լինելու կամ հիմքերի բացակայության դեպքում դատախազը, քննիչը կամ հետաքննության մարմինը որոշում են կայացնում քրեական գործ հարուցելը մերժելու մասին: Որոշման պատճենն ուղարկվում է հանցագործության մասին հաղորդած անձին: Սույն որոշումը կարող է բողոքարկվել վերադաս դատախազին կամ վերաքննիչ դատարան: Վերաքննիչ դատարանը վերացնում է որոշումը կամ հաստատում այն: Եթե որոշումը վերացվում է, ապա դատախազը պարտավոր է հարուցել քրեական գործ:

 

2. Ձերբակալումը

 

155. 128-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է, որ ձերբակալումն անձին արգելանքի վերցնելն է, նրան հետաքննության մարմին կամ վարույթն իրականացնող մարմին բերելը, համապատասխան արձանագրություն կազմելը և այդ մասին նրան հայտարարելն է՝ օրենքով որոշված վայրերում և պայմաններում արգելանքի տակ կարճաժամկետ պահելու համար:

156. 129-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է, որ հանցանք կատարելու մեջ կասկածվող անձի ձերբակալումը չի կարող տևել արգելանքի վերցնելու պահից 72 ժամից ավելի:

157. 130-րդ հոդվածով նախատեսվում է, որ եթե քրեական գործով հավաքված ապացույցները հիմք են տալիս ենթադրելու, որ անձը կատարել է քրեական օրենքով արգելված արարք, ընդ որում, նա գտնվում է այլ տեղանքում կամ նրա գտնվելու վայրը հայտնի չէ, քրեական հետապնդման մարմինն իրավունք ունի որոշում կայացնել այդ անձին ձերբակալելու մասին:

158. 132-րդ հոդվածով նախատեսվում է, որ ձերբակալված անձը, վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա, պետք է ազատ արձակվի, եթե, inter alia, չի հաստատվել հանցանք կատարելու մասին կասկածը կամ լրացել է ձերբակալման` օրենսգրքով սահմանված առավելագույն ժամկետը, և դատարանը մեղադրյալին կալանավորելու մասին որոշում չի կայացրել:

 

3. Կալանավորումը

 

159. 134-րդ հոդվածով նախատեսվում է, որ խափանման միջոցները հարկադրանքի միջոցներ են, որոնք կիրառվում են կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ` քրեական գործով վարույթի ընթացքում նրանց ոչ պատշաճ վարքագիծը կանխելու և դատավճռի կատարումն ապահովելու նպատակով: Խափանման միջոցները, inter alia, ներառում են կալանավորումը, որը կարող է կիրառվել միայն մեղադրյալի նկատմամբ:

160. 136-րդ հոդվածով նախատեսվում է, որ կալանավորումը կիրառվում է միայն դատարանի որոշմամբ` քննիչի կամ դատախազի միջնորդությամբ կամ դատարանի սեփական նախաձեռնությամբ` դատարանում քրեական գործը քննելիս։

161. 137-րդ հոդվածով նախատեսվում է, որ կալանավորումն օրենքով նախատեսված տեղերում և պայմաններում անձին կալանքի տակ պահելն է: Կալանավորված անձը չի կարող երեք օրվանից ավելի պահվել ձերբակալվածներին պահելու վայրերում: Կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերադաս դատարան:

162. 138-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է, որ քրեական գործով մինչդատական վարույթում կալանքի տակ պահելու ժամկետը չի կարող լինել երկու ամսից ավելի, բացառությամբ օրենսգրքով նախատեսված դեպքերի: Քրեական գործով մինչդատական վարույթում կալանքի տակ պահելու ժամկետի ընթացքը կասեցվում է այն օրը, երբ դատախազը քրեական գործն ուղարկում է դատարան, կամ մեղադրյալը կամ նրա պաշտպանը ծանոթանում են գործի նյութերին:

163. 139-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով նախատեսվում է, որ մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու անհրաժեշտության դեպքում քննիչը կամ դատախազը, ոչ ուշ, քան կալանքի տակ պահելու ժամկետը լրանալուց տասն օր առաջ, պետք է դատարան ներկայացնեն պատճառաբանված միջնորդություն։ Մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին որոշում կայացնելիս դատարանը կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնում է օրենսգրքով նախատեսված սահմաններում` յուրաքանչյուր դեպքում երկու ամսից ոչ ավելի ժամկետով:

164. 141-րդ հոդվածի 10-րդ կետով նախատեսվում է, որ կալանքի տակ պահելու վայրի վարչակազմը պարտավոր է, inter alia, անհապաղ ազատ արձակել առանց դատարանի համապատասխան որոշման կալանքի տակ պահվող, ինչպես նաև դատարանի որոշմամբ կալանքի տակ պահելու սահմանված ժամկետը լրացած անձանց:

165. 277-րդ հոդվածով նախատեսվում է, որ հաստատելով մեղադրական եզրակացությունը` դատախազը գործն ուղարկում է այն դատարան, որին գործն ընդդատյա է:

166. 291-րդ հոդվածով նախատեսվում է, որ դատարան մուտք եղած քրեական գործը դատավորները սահմանված կարգով իրենց վարույթ են ընդունում, և համապատասխան որոշում է կայացվում:

167. 292-րդ հոդվածով նախատեսվում է, որ քրեական գործն իր վարույթ ընդունած դատավորը հետազոտում է գործի նյութերը և քրեական գործը վարույթ ընդունելու պահից տասնհինգ օրվա ընթացքում, inter alia, կայացնում է դատական քննություն նշանակելու մասին որոշում:

168. 293-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է, որ դատական քննություն նշանակելու մասին որոշումը, inter alia, պարունակում է խափանման միջոցները վերացնելու կամ փոխելու կամ այդ միջոցներն ընտրելու մասին որոշում:

 

4. Վկաները

 

169. 86-րդ հոդվածի 1-ին մասով և 3-րդ մասի 1-ին կետով նախատեսվում է, որ վկան ցուցմունքներ տալու նպատակով կողմի կամ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կանչված այն անձն է, ում կարող է հայտնի լինել տվյալ գործով պարզելու ենթակա որևէ հանգամանք: Վկան պարտավոր է ցուցմունքներ տալու կամ քննչական և այլ դատավարական գործողությունների կատարմանը մասնակցելու համար ներկայանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով:

170. 205-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսվում է, որ վկան կանչվում է ծանուցագրով, որն իրեն հանձնվում է իր ստորագրությամբ: Վկան կարող է կանչվել նաև հեռագրի, հեռախոսային հաղորդագրության կամ ֆաքսի միջոցով: Ծանուցագրում նշվում է, թե ով է կանչում, ում, ինչ դատավարական վիճակով, ինչպես նաև ուր ու երբ (ներկայանալու օրն ու ժամը) պետք է ներկայանա կանչվողը:

171. 206-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսվում է, որ վկային կարելի է հարցաքննել գործի համար նշանակություն ունեցող ցանկացած հանգամանքի, այդ թվում` կասկածյալի, մեղադրյալի, տուժողի և այլ վկաների մասին: Վկան հարցաքննվում է նախաքննության կատարման վայրում, իսկ անհրաժեշտության դեպքում` իր գտնվելու վայրում:

 

5. Այլ վերաբերելի դրույթներ

 

172. 11-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսվում է, որ քրեական դատավարության ընթացքում ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների և անօրինական ֆիզիկական կամ հոգեկան բռնության, այդ թվում` բժշկական դեղամիջոցների օգտագործմամբ, սովի, ուժասպառման, հիպնոսի, բժշկական օգնությունից զրկվելու, ինչպես նաև այլ դաժան վերաբերմունքի: Արգելվում է կասկածյալից, մեղադրյալից, ամբաստանյալից, տուժողից, վկայից և քրեական դատավարությանը մասնակցող այլ անձանցից ցուցմունքներ կորզել բռնության, սպառնալիքի, խաբեության, նրանց իրավունքների ոտնահարման, ինչպես նաև այլ անօրինական գործողությունների միջոցով:

173. 17-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսվում է, որ քրեական դատավարության ընթացքում օրինականության խախտումների վերաբերյալ բողոքները պետք է մանրակրկիտ ստուգի քրեական վարույթն իրականացնող մարմինը:

174. 41-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսվում է, որ դատարանն իրավունք ունի օրենսգրքով սահմանված դեպքերում քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դատախազին դիմելու:

175. 65-րդ հոդվածի 2-րդ մասի 20-րդ կետով նախատեսվում է, որ մեղադրյալը, օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի բողոքարկելու հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի և դատարանի գործողությունները և որոշումները, այդ թվում` դատավճիռը և դատարանի այլ վերջնական որոշումներ:

176. 98-րդ հոդվածով նախատեսվում է, որ քրեական դատավարությանը մասնակցող յուրաքանչյուր անձ, ով կարող է հաղորդել տվյալներ, որոնք նշանակություն ունեն հանցագործությունը բացահայտելու և դրա կատարողին հայտնաբերելու համար, ինչի հետևանքով կարող են վտանգվել նրա, նրա ընտանիքի անդամի, մերձավոր ազգականի կամ մերձավորի կյանքը, առողջությունը, գույքը կամ իրավունքներն ու օրինական շահերը, ունի պաշտպանության իրավունք: Պաշտպանությունն իրականացնում է քրեական վարույթն իրականացնող մարմինը: Քրեական վարույթն իրականացնող մարմինը, հայտնաբերելով, որ պաշտպանվող անձը պաշտպանության կարիք ունի, այդ անձի գրավոր դիմումի հիման վրա կամ իր նախաձեռնությամբ որոշում է կայացնում պաշտպանության միջոց ձեռնարկելու մասին, որը ենթակա է անհապաղ կատարման: 98.1 հոդվածում, ի թիվս այլ միջոցների, որպես պաշտպանության միջոց նշվում է ծառայության վայրը փոփոխելը:

177. 105-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսվում է, որ բռնությամբ, սպառնալիքով, խաբեությամբ, անձին ծաղրի ենթարկելով, ինչպես նաև այլ անօրինական գործողություններով ձեռք բերված նյութերը քրեական գործով վարույթում մեղադրանքի հիմքում չեն կարող դրվել կամ որպես ապացույց օգտագործվել:

178. 243-րդ հոդվածով նախատեսվում է, որ փորձաքննությունը կատարվում է հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի կամ դատախազի որոշման հիման վրա, երբ քրեական գործով նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար անհրաժեշտ են գիտության, տեխնիկայի, արվեստի կամ արհեստի բնագավառներում հատուկ գիտելիքներ:

179. 290-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է, որ հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի կամ օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, ինչպես նաև այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից: 290-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է, որ նույն անձինք իրավունք ունեն նաև դատարան բողոքարկել հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներն ընդունելուց, քրեական գործ հարուցելուց հետաքննության մարմնի, քննիչի և դատախազի հրաժարվելը, ինչպես նաև քրեական գործը կասեցնելու, կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները` օրենսգրքով նախատեսված դեպքերում: 290-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսվում է, որ եթե բողոքը ճանաչվում է հիմնավորված, ապա դատարանը որոշում է կայացնում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին: Գտնելով, որ բողոքարկված գործողությունները կատարված են օրենքին համապատասխան, և անձի իրավունքները կամ ազատությունները խախտված չեն, դատարանը որոշում է կայացնում բողոքը մերժելու մասին:

 

Գ. «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքը (ուժի մեջ է 2002 թվականի ապրիլի 1-ից)

 

180. 3-րդ հոդվածով սահմանվում է, որ ձերբակալվածներին պահելու վայրում անձին պահելու հիմքը Քր. դատ. օր.-ին համապատասխան կազմված ձերբակալման արձանագրությունը կամ ձերբակալման մասին քրեական հետապնդման մարմնի որոշումն է: Կալանավորվածներին պահելու վայրում անձին պահելու հիմքը Քր. դատ. օր.-ին համապատասխան կայացված դատարանի որոշումն է` կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին:

181. 4-րդ հոդվածով սահմանվում է, որ ձերբակալվածներին պահելու վայրերը և կալանավորվածներին պահելու վայրերը գործում են պետական կառավարման լիազորված մարմինների կառուցվածքներում:

182. 21-րդ հոդվածով սահմանվում է, որ ձերբակալված կամ կալանավորված անձի մոտ մարմնական վնասվածքներ հայտնաբերելու դեպքում տվյալ հիմնարկի բուժաշխատողն անհապաղ կատարում է բուժզննություն: Բուժզննության արդյունքները սահմանված կարգով գրանցվում են անձնական գործում, և այդ մասին իրազեկում են հիվանդին, ինչպես նաև քրեական վարույթն իրականացնող մարմնին:

183. 29-րդ հոդվածով սահմանվում է, որ ձերբակալված անձին ձերբակալվածներին պահելու վայր, իսկ կալանավորված անձին կալանավորվածներին պահելու վայր ընդունում է տվյալ հիմնարկի վարչակազմը` ներքին կանոնակարգով սահմանված կարգով: Կալանավորվածներին պահելու վայր փոխադրված անձը բժշկական զննություն անցնելու և կալանավորվածներին պահելու վայրի պայմաններին ծանոթանալու նպատակով մինչև յոթ օր ժամկետով տեղավորվում է կարանտինային բաժանմունքում:

 

Դ. ՀՀ կառավարության 1996 թվականի օգոստոսի 12-ի թիվ 247 որոշմամբ հաստատված՝ ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնադրությունը

 

184. 51-րդ կետով նախատեսվում է, որ զինվորական կարգապահության կամ հասարակական կարգի խախտման համար զինծառայողն իր հրամանատարի կողմից անձամբ ենթարկվում է կարգապահական պատասխանատվության:

185. 54-րդ կետում որպես այդպիսի տույժերից մեկը նշվում է ժամկետային ծառայության զինվորների մեկուսացումը և կարգապահական մեկուսարանում պահումը` մինչև տասն օր:

186. 106-րդ կետի համաձայն՝ կարգապահական մեկուսարանում պահելը ներգործության ծայրահեղ միջոցներից մեկն է և կիրառվում է կարգապահական կոպիտ զանցանքներ կատարելու կամ այն դեպքում, երբ հրամանատարի (պետի) ձեռնարկած մյուս միջոցներն անարդյունավետ են: Զինծառայողների կարգապահական կոպիտ զանցանքների ցանկը և նրանց կարգապահական մեկուսարանում պահելու տույժն ի կատար ածելու կարգը սահմանված է սույն Կանոնադրության 5-րդ հավելվածի 1-6-րդ կետերում:

187. 5-րդ հավելվածի 1-ին կետում ինքնակամ բացակայությունը նշվում է որպես կարգապահական կոպիտ զանցանք:

188. 5-րդ հավելվածի 2-րդ կետի համաձայն՝ մեկուսացման և կարգապահական մեկուսարանում պահելու տույժի ի կատար ածումը հանձնարարվում է` … վաշտի (անձնախմբի) ավագին:

189. 5-րդ հավելվածի 7-րդ կետի համաձայն՝ մեկուսացվածներին կարգապահական մեկուսարան ուղարկելու, հանձնելու, ընդունելու, ու կարգապահական մեկուսարանում պահելու և ազատելու կարգը սահմանված է կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագրքով:

 

Ե. 1996 թվականի դեկտեմբերի 3-ի օրենքով ընդունված՝ ՀՀ զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագիրքը

 

190. 14-րդ հավելվածի վերաբերելի դրույթները՝ մինչև 2004 թվականի ապրիլի 28-ին ընդունված փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտել 2004 թվականի հունիսի 12-ին, ունեին հետևյալ բովանդակությունը:

191. 1-ին կետով նախատեսվում էր, որ կարգապահական տույժի կարգով զինծառայողներին մեկուսացնելու համար ստեղծվում է հատուկ շինություն` կարգապահական մեկուսարան, որը կարող է լինել կայազորային կամ զորամասային:

192. 2-րդ կետով նախատեսվում էր, որ կարգապահական մեկուսարանում, բացի կարգապահական կարգով մեկուսացված զինծառայողներից, կարող են պահվել նաև օրենքով սահմանված կարգով ձերբակալված զինծառայողները:

193. Վերը նշված փոփոխությունները կատարելուց հետո, 1-ին և 2-րդ կետերով նախատեսվում է, որ և՛ ձերբակալված և՛ կալանավորված զինծառայողները կարող են պահվել կայազորային կարգապահական մեկուսարանում, սակայն 72 ժամից ոչ ավելի ժամկետով:

194. 6-րդ կետով նախատեսվում էր, որ կարգապահական կարգով մեկուսացվածները մեկուսարան են ուղևորվում մեկուսացման գրությամբ:

195. 12-րդ հոդվածով նախատեսվում էր, որ կայազորի մեկուսարան են ընդունվում կարգապահական մեկուսարանի պետի, իսկ վերջինիս բացակայության դեպքում` պահակախմբի պետի կողմից, իսկ զորամասային մեկուսարան են ընդունվում զորամասի հերթապահի միջոցով:

196. 13-րդ հոդվածով նախատեսվում էր, որ մեկուսարանի պետը կամ զորամասի հերթապահը զինվորներին ընդունելիս նրանց մոտ ստուգում է իրերի առկայությունը, անցկացնում է անձնական զննում, պահպանման է վերցնում գոտեփոկերը և այն իրերը կամ արժեքները, որոնք խցում պահել չի թույլատրվում, ինչպես նաև ծառայողական փաստաթղթերը՝ դրանք պահպանելու և մեկուսացման գրության մեջ պարունակվող բոլոր տվյալները մեկուսացվողների գրքում և անվանացուցակում գրառելու համար: 13-րդ կետում այնուհետև ներառված են այդ փաստաթղթերի նմուշները, ինչպիսիք են մեկուսացվողների անվանացուցակը, կարգապահական մեկուսարանում պահվողների գիրքը և մեկուսացվածների ընդունման ստացականը:

197. Մեկուսացվողների անվանացուցակը ներառել է այնպիսի բաժիններ, ինչպիսիք են մեկուսացվողի զինվորական կոչումը և անունը, այն խուցը, որտեղ պետք է նա պահվի, մեկուսացվելու և ազատելու ժամանակը, ինչպես նաև կարգապահական մեկուսարանի պետի կամ զորամասի հերթապահի ստորագրությունը:

198. Կարգապահական մեկուսարանում պահվողների գիրքը ներառել է այնպիսի բաժիններ, ինչպիսիք են մեկուսացվածի զինվորական կոչումը և անունը, զորամասի անվանումը կամ համարն, ու՞մ կողմից է մեկուսացվել և ինչ հիմքով, մեկուսացման ժամկետը, այն խուցը, որտեղ պետք է նա պահվի, մեկուսացման և ազատման ժամանակը, ինչպես նաև մեկուսացման ժամանակ բռնագրավված իրերի, փաստաթղթերի և դրամի ստանալը հավաստող ստորագրությունը:

199. Մեկուսացվածների ընդունման ստացականը ներառել է այնպիսի բաժիններ, ինչպիսիք են մեկուսացվածի զինվորական կոչումը և անունը, նրա ստորագրությունը, նրա ընդունման ժամանակը, նրա մնալու ժամկետը, ինչպես նաև կարգապահական մեկուսարանի պետի կամ զորամասի հերթապահի ստորագրությունը:

 

Զ. ՀՀ կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 1015 որոշումը՝ ՀՀ արդարադատության նախարարության համակարգում քրեակատարողական ծառայություն ստեղծելու մասին

 

200. Համաձայն սույն Որոշման՝ Արդարադատության նախարարության համակարգում ստեղծվել է քրեակատարողական ծառայություն, որին ենթակա են նախկինում Ներքին գործերի նախարարության ենթակայության տակ գտնվող բոլոր քրեակատարողական հիմնարկները (կալանավորվածներին պահելու վայրերը և ուղղիչ հիմնարկները): Որոշումը ներառում է բոլոր այդպիսի հիմնարկների ցանկը, որոնք չեն ներառում թիվ 10724 զորամասը:

 

Է. «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքը (ուժի մեջ է եղել 2003 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2005 թվականի օգոստոսի 27-ը)

 

201. 2-րդ հոդվածով սահմանվում էր, որ քրեակատարողական ծառայությունը գործում էր Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում:

202. 5-րդ հոդվածով սահմանվում էր, որ քրեակատարողական ծառայության հիմնական խնդիրներից մեկը օրենքով սահմանված հիմքերով և կարգով անձանց կալանքի տակ պահելն էր:

203. 6-րդ հոդվածով սահմանվում էր, որ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմինը Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունն էր, որը ղեկավարում և վերահսկում էր քրեակատարողական հիմնարկները:

204. 8-րդ հոդվածով սահմանվում էր, որ քրեակատարողական հիմնարկները ներառել են կալանավորվածներին պահելու վայրերը և ուղղիչ հիմնարկները:

 

Ը. Սահմանադրական դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը

 

205. Սույն գործին չառնչվող մեկ այլ գործով Սահմանադրական դատարանն ուսումնասիրել է Քր. դատ. օր.-ի 290-րդ հոդվածի սահմանադրականության հարցը: Սահմանադրական դատարանը, inter alia, գտել է, որ այդ դրույթով, ի տարբերություն պետական մարմնի «որոշումների և գործողությունների», նրա «անգործությունը» դատարանում վիճարկելու հնարավորության մասին հստակ շարադրված չէր, և որ այդ հնարավորությունը ստեղծվել էր միայն ներպետական գործելակերպի միջոցով: Սահմանադրական դատարանը եզրակացրել է, որ այդ դրույթով սահմանված՝ մինչև դատարան դիմելն առաջինը դատախազին դիմելու և վերջինիս կողմից այդ բողոքները մերժվելուց հետո միայն դատարան դիմելու պահանջով չհիմնավորված սահմանափակում է դրվել դիմումատուի՝ դատարանի մատչելիության [իրավունքի] վրա, և հետևաբար այն ոչ սահմանադրական էր:

 

III. ԱՅԼ ՎԵՐԱԲԵՐԵԼԻ ՆՅՈՒԹԵՐ

 

Ա. Հայաստանի վերապահումը Կոնվենցիայի 5-րդ հոդվածի վերաբերյալ

 

206. Կոնվենցիայի վավերագիրն ի պահ հանձնելիս Հայաստանի կառավարությունն արել է հետևյալ վերապահումը.

«Կոնվենցիայի (փոփոխված 11-րդ արձանագրությամբ) 57-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետությունն անում է հետևյալ վերապահումը. 5-րդ հոդվածի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 12-ի թիվ 247 որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնադրության գործողության վրա, համաձայն որի [մեկուսացումը և պահումը կարգապահական մեկուսարանում] որպես կարգապահական տույժ կարող է կիրառվել զինվորների, սերժանտների, ենթասպաների և սպաների նկատմամբ:»:

207. Վերապահմանը կցվել են Կարգապահական կանոնադրությունից մի քանի քաղվածքներ, այդ թվում՝ 51-րդ և 54-րդ կետերը:

 

Բ. «Հայաստանի կառավարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության միջև ռազմական համագործակցության մասին» համաձայնագիր (ստորագրված 1994 թվականի հունիսի 25-ին)

 

208. Համաձայն 4-րդ հոդվածի՝ Կողմերը համաձայնեցին, որ, սույն Համաձայնագրի շրջանակում, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զորակոչի ենթակա քաղաքացիներն ունեն կա՛մ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, կա՛մ Հայաստանում իրենց համաձայնությամբ ժամկետային զինվորական ծառայություն անցնելու իրավունք: Երկու պետություններից որևէ մեկում ժամկետային զինվորական ծառայություն անցնելուց հետո անձն ազատվում է իր քաղաքացիության երկրում ժամկետային զինվորական ծառայություն անցնելուց:

209. Համաձայն 5-րդ հոդվածի՝ եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ժամկետային զինվորական ծառայություն անցնող Հայաստանի քաղաքացին զինվորական հանցագործություն է կատարում, ապա քրեական վարույթը և դրա առնչությամբ դատական քննությունն իրականացվում են Հայաստանի տարածքում՝ Հայաստանի իշխանությունների կողմից` Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

I. ԴԱՏԱՐԱՆԻ ԻՐԱՎԱԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ա. Կողմերի փաստարկները

 

210. Կառավարությունը մինչև 2004 թվականի ապրիլի 23-ը դիմումատուներին Երևան տեղափոխելը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ենթադրյալ իրադարձությունների նկատմամբ Դատարանի իրավազորության առնչությամբ հղում է կատարել «Հայաստանի կառավարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության միջև ռազմական համագործակցության մասին» համաձայնագրի 4-րդ և 5-րդ հոդվածներին (տե՛ս վերոնշյալ 208-րդ և 209-րդ պարբերությունները):

211. Դիմումատուները պնդել են, որ վերը նշված Համաձայնագրին Կառավարության կողմից արված հղմամբ ենթադրվում է, որ նրանք ընդունել են խնդրո առարկա իրադարձությունների նկատմամբ Հայաստանի իշխանությունների իրավազորությունը:

 

Բ. Դատարանի գնահատականը

 

212. Կոնվենցիայի 1-ին հոդվածն ունի հետևյալ բովանդակությունը.

«Բարձր պայմանավորվող կողմերն իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են սույն Կոնվենցիայի I բաժնում:»:

213. Դատարանը պետք է քննի, թե արդյոք պատասխանող Կառավարության իրավազորությունը կարող է տարածվել մինչև 2004 թվականի ապրիլի 23-ը դիմումատուներին Երևան տեղափոխելը տեղի ունեցած ենթադրյալ իրադարձությունների վերաբերյալ բողոքների վրա, և արդյունքում առաջացնի դրա՝ Կոնվենցիայով սահմանված պատասխանատվությունը՝ հաշվի առնելով, որ այդ իրադարձությունները տեղի են ունեցել Հայաստանի տարածքից դուրս, մասնավորապես, չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:

214. Դատարանը նշում է, որ այլ գործով արդեն քննել է խնդրո առարկա տարածքի նկատմամբ Հայաստանի իրավազորության հարցը և, inter alia, սույն գործի փաստերին հղում կատարելով, գտել է, որ Հայաստանն արդյունավետ վերահսկողություն է իրականացրել Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքների նկատմամբ և, հետևաբար, այդ տարածքում տեղի ունեցած այն հարցերը, որոնց առնչությամբ բողոք է ներկայացվել, Կոնվենցիայի 1-ին հոդվածի իմաստով, գտնվել են Հայաստանի իրավազորության ներքո (տե՛ս վերևում հիշատակված Չիրագովը և այլոք գործը, §§ 169-186):

215. Դրանից հետևում է, որ Կոնվենցիայի համաձայն` Հայաստանն իրավազորություն ունի այդ տարածքներում տեղի ունեցած իրադարձությունների և Հայաստանի կամ Ղարաբաղի իշխանությունների կատարած գործողությունների նկատմամբ:

 

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

216. Դիմումատուները բողոք են ներկայացրել այն մասին, որ 2004 թվականի ապրիլի 19-ից մինչև 23-ն արգելանքի տակ գտնվելու ժամանակ նրանք ենթարկվել են խոշտանգումների, և վատ վերաբերմունքի մասին իրենց հայտարարությունների մասով արդյունավետ քննություն չի իրականացվել: Առաջին դիմումատուն նաև բողոք է ներկայացրել այն մասին, որ իր հացադուլի ընթացքում իրեն չի տրամադրվել անհրաժեշտ բժշկական օգնություն և չի թույլատրվել հանդիպել ընտանիքի անդամների հետ: Դիմումատուները վկայակոչել են Կոնվենցիայի 3-րդ հոդվածը, որն ունի հետևյալ բովանդակությունը.

«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:»։

 

Ա. Ենթադրյալ վատ վերաբերմունքը և արդյունավետ քննության բացակայությունը

 

1. Ընդունելիությունը

 

ա) Կողմերի փաստարկները

 

 i) Կառավարությունը

 

217. Կառավարությունը դիմումատուների բողոքների ընդունելիության վերաբերյալ երեք առարկություն է ներկայացրել:

218. Առաջինը, Կառավարությունը նշել է, որ առաջին դիմումատուն չի սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները՝ արդյունավետ քննության ենթադրյալ բացակայության վերաբերյալ բողոքի մասով: Մասնավորապես, Քր. դատ. օր.-ի 65-րդ հոդվածի 2-րդ մասի 20-րդ կետի համաձայն՝ նա իրավունք ուներ բողոքարկելու քրեական գործի հարուցումը մերժող հետաքննության մարմնի գործողությունները: Այդուհանդերձ, նա դատարանում չի բողոքարկել զինվորական դատախազի 2004 թվականի հունիսի 18-ի որոշումը և գլխավոր դատախազի 2004 թվականի հուլիսի 16-ի որոշումը:

219. Երկրորդ, Կառավարությունը նշել է, որ երկրորդ և երրորդ դիմումատուները չեն պահպանել վեցամսյա ժամկետի կանոնը: Մասնավորապես, վատ վերաբերմունքի վերաբերյալ նրանց բողոքները մերժվել են Երևանի Կենտրոն և Նորք‑Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի ու Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի կողմից՝ համապատասխանաբար 2006 թվականի փետրվարի 1-ին և մարտի 14-ին: Վերաքննիչ դատարանի որոշումը վերջնական էր և ենթակա չէր բողոքարկման: Այդուհանդերձ, դիմումատուները 2006 թվականի մարտի 28-ին վճռաբեկ բողոք են ներկայացրել, որը 2006 թվականի հունիսի 1-ին Վճռաբեկ դատարանը թողել է առանց քննության: Նույնիսկ ենթադրելով, որ դիմումատուները տեղյակ չէին, որ 2006 թվականի մարտի 14-ի որոշումը բողոքարկման ենթակա չէր, նրանց համար դա պետք է պարզ դառնար այն բանից հետո, երբ իրենց վճռաբեկ բողոքը 2006 թվականի հունիսի 1-ի որոշմամբ թողնվել էր առանց քննության: Այնուամենայնիվ, 2006 թվականի մարտի 14-ից սկսած՝ վեցամսյա ժամկետում նրանք Դատարան չեն դիմել և դա արել են միայն 2006 թվականի նոյեմբերի 9-ին:

220. Երրորդ, Կառավարությունը պնդել է, որ բոլոր երեք դիմումատուները չեն սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի նոյեմբերի 23-ի որոշման դեմ բողոք չներկայացնելով:

 

ii) Դիմումատուները

 

221. Դիմումատուներն ի պատասխան ներկայացրել են հետևյալ փաստարկները:

222. Առաջինը, առաջին դիմումատուն պնդել է, որ Կառավարության նշած որոշումները դատարաններում վիճարկելու հնարավորություն օրենքով չէր նախատեսվում:

223. Երկրորդ, երկրորդ և երրորդ դիմումատուները պնդել են, որ Կառավարության կողմից նշված՝ տվյալ վարույթով վերջնական որոշումը Վճռաբեկ դատարանի 2006 թվականի հունիսի 1-ի որոշումն էր, որը կայացվել էր 2006 թվականի մարտի 14-ի որոշման դեմ իրենց կողմից ներկայացված բողոքի մասով, և ուստի, իրենց գանգատը ներկայացնելով 2006 թվականի նոյեմբերի 9-ին, իրենք պահպանել են վեցամսյա ժամկետի կանոնը: Նրանք, այնուհետև, պնդել են, որ եթե նույնիսկ Վճռաբեկ դատարանն իրենց բողոքն առանց քննության է թողել իրավասություն չունենալու պատճառով, ապա դա արվել է այնպիսի իրավական կանոնների հիման վրա, որոնք հստակություն չեն ունեցել:

224. Դիմումատուները Կառավարության ներկայացրած երրորդ առարկության վերաբերյալ մեկնաբանություններ չեն ներկայացրել:

 

բ) Դատարանի գնահատականը

 

i) Ընդհանուր սկզբունքները

 

225. Դատարանը կրկին նշում է, որ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված՝ ներպետական իրավական պաշտպանության միջոցները սպառելու կանոնը պարտավորեցնում է այն անձանց, որոնք ցանկանում են պետության դեմ բողոք ներկայացնել որևէ միջազգային դատական ատյան, առաջին հերթին օգտվել ներպետական իրավական համակարգով նախատեսված իրավական պաշտպանության միջոցներից՝ դրանով իսկ պետություններին ազատելով միջազգային ատյանի առջև իրենց գործողությունների համար պատասխան տալուց՝ մինչև իրենց սեփական իրավական համակարգերի միջոցով խնդիրները լուծելու հնարավորություն ունենալը։ Իրավական պաշտպանության ներպետական միջոցները սպառելու պարտավորությամբ պահանջվում է, որ դիմումատուն պատշաճորեն օգտվի Կոնվենցիոն իր պահանջների առնչությամբ հասանելի և բավարար իրավական պաշտպանության միջոցներից։ Իրավական պաշտպանության տվյալ միջոցների առկայությունը պետք է բավականաչափ որոշակի լինի ոչ միայն տեսականորեն, այլև՝ գործնականում, իսկ դրա բացակայությունը կհանգեցնի պահանջվող մատչելիության և արդյունավետության բացակայությանը (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Ակսոյն ընդդեմ Թուրքիայի [Aksoy v. Turkey], 1996 թվականի դեկտեմբերի 18, § 52, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1996-VI, և Վուկովիչը և այլոք ընդդեմ Սերբիայի (նախնական առարկություններ) [ՄՊ] [Vučković and Others v. Serbia (preliminary objection) [GC]], թիվ 17153/11 և 29 այլ, §§ 70-71, 2014 թվականի մարտի 25):

226. Ինչ վերաբերում է ապացուցման պարտականությանը, ապա իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելու հարցը բարձրացնող Կառավարությունն է պարտավոր Դատարանում ապացուցել այն փաստը, որ այդ միջոցը եղել է արդյունավետ, տվյալ ժամանակահատվածում տեսականորեն ու գործնականում հասանելի, այսինքն` այն եղել է մատչելի, հնարավորություն է տվել դիմումատուին հատուցում ստանալ իր բողոքների մասով և երաշխավորել է հաջողության հասնելու ողջամիտ հնարավորություն։ Այն դեպքում, երբ ապացուցման այս պարտականությունը կատարվում է, դիմումատուն է պարտավոր ապացուցել, որ Կառավարության ներկայացրած իրավական պաշտպանության միջոցն իրականում սպառվել է կամ որոշ պատճառներով գործի կոնկրետ հանգամանքներում եղել է ոչ պատշաճ և անարդյունավետ, կամ որ գոյություն են ունեցել հատուկ հանգամանքներ, որոնք ազատել են իրեն այդ պահանջը կատարելու պարտականությունից (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Ակդիվարը և այլոք ընդդեմ Թուրքիայի [Akdivar and Others v. Turkey], 1996 թվականի սեպտեմբերի 16, § 68, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1996‑IV, և վերևում հիշատակված Վուկովիչը և այլոք, § 77):

227. Դատարանն այնուհետև կրկին նշում է, որ, որպես կանոն, իրավական պաշտպանության ներպետական միջոցները սպառելիս վեցամսյա ժամկետն հաշվարկվում է վերջնական որոշումը կայացնելու պահից (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Մոկանուն և այլոք ընդդեմ Ռումինիայի [ՄՊ] [Mocanu and Others v. Romania [GC]], թիվ 10865/09, 45886/07 և 32431/08, § 259, ՄԻԵԴ 2014 (քաղվածքներ))։

 

ii) Վերոնշյալ սկզբունքների կիրառումը սույն գործով

 

228. Դիմումատուները պնդել են, որ իրենք ենթարկվել են վատ վերաբերմունքի 2004 թվականի ապրիլի 19-ից մինչև ապրիլի 23-ն ընկած ժամանակահատվածում: Դատարանը նշում է, որ տվյալ ժամանակահատվածում, ենթադրյալ վատ վերաբերմունքի դեպքում անհատներին հասանելի սպառման ենթակա իրավական պաշտպանության ամենանպատակահարմար միջոցը Քր. դատ. օր.-ի 175-րդ հոդվածում նշված իրավասու մարմիններից որևէ մեկին վատ վերաբերմունքի փաստի մասին տեղեկացնելն էր՝ Քր. դատ. օր.-ի 177-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգերի համաձայն (տե՛ս վերոնշյալ 148-րդ և 150-րդ պարբերությունները): Համաձայն Քր. դատ. օր.-ի 181-րդ հոդվածի՝ յուրաքանչյուր այդպիսի դեպքում համապատասխան մարմինը պարտավոր էր կա՛մ քրեական գործ հարուցել կա՛մ գործի հարուցումը մերժելու մասին որոշում կայացնել (տե՛ս վերոնշյալ 152-րդ պարբերությունը): Քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը հետագայում կարող էր բողոքարկվել դատարաններում՝ Քր. դատ. օր.-ի 185-րդ հոդվածի համաձայն (տե՛ս վերոնշյալ 154-րդ պարբերությունը):

229. Այս գործով, 2004 թվականի մայիսի 11-ին երկրորդ դիմումատուն հրաժարվել է իր խոստովանությունից, քանի որ այն արվել էր սպառնալիքների հետևանքով: Քանի որ այս նախնական բողոքով կոնկրետ որևէ վատ վերաբերմունք չէր ենթադրվում, առաջին դիմումատուն 2004 թվականի մայիսի 25-ին մանրամասն բողոք է ներկայացրել Քր. դատ. օր.-ի 177-րդ հոդվածի իմաստով, inter alia, գլխավոր դատախազին և զինվորական դատախազին՝ պնդելով, որ ինքը և մյուս երկու դիմումատուները ենթարկվել են վատ վերաբերմունքի՝ տրամադրելով համապատասխան մանրամասնություններ, այդ թվում՝ ենթադրյալ կատարողների անունները, և պահանջելով, որ կատարվի քննություն (տե՛ս վերոնշյալ 43-րդ պարբերությունը): 2004 թվականի հունիսի 8-ին նրա պաշտպան Զ.Փ.-ն ներկայացրել է մեկ այլ բողոք՝ նույն կերպ պնդելով, որ բոլոր երեք դիմումատուները ենթարկվել են վատ վերաբերմունքի (տե՛ս վերոնշյալ 44-րդ պարբերությունը): Վատ վերաբերմունքի մասին հետագա հայտարարություններ են արել երկրորդ և երրորդ դիմումատուները՝ 2004 թվականի հունիսի 10-ին և 16-ին (տե՛ս վերոնշյալ 46-րդ և 49-րդ պարբերությունները):

230. Դատարանը նշում է, որ իշխանությունների կողմից վերոնշյալ բողոքների վերաբերյալ քրեական գործ հարուցելու կամ գործի հարուցումը մերժելու մասին որևէ որոշում չի կայացվել՝ չնայած Քր. դատ. օր.-ի 181-րդ հոդվածի հստակ պահանջներին: Որևէ պատասխան չի տրվել երկրորդ և երրորդ դիմումատուների հայտարարություններին, մինչդեռ առաջին դիմումատուի և նրա պաշտպանի բողոքներն ուսումնասիրվել են զինվորական դատախազի կողմից, որը դրանք մերժել է 2004 թվականի հունիսի 10-ի գրությամբ՝ առանց քրեական գործ հարուցելու պահանջը հստակորեն մերժելու (տե՛ս վերոնշյալ 45-րդ պարբերությունը): Այսպիսով, դիմումատուները Քր. դատ. օր.-ի 181-րդ հոդվածի համաձայն կայացված պաշտոնական որոշման բացակայության պարագայում զրկված են եղել զինվորական դատախազի՝ իրենց բողոքների «մերժումը» դատարաններում Քր. դատ. օր.-ի 185-րդ հոդվածի համաձայն արդյունավետորեն բողոքարկելու հնարավորությունից:

231. Ամբողջությամբ հստակ չէ, թե արդյոք վատ վերաբերմունքի մասին իրենց հայտարարությունների առնչությամբ զինվորական դատախազի կողմից որոշում չկայացնելու դեմ դիմումատուներն ունեցել են իրավական պաշտպանության որևէ արդյունավետ և մատչելի միջոց: Թերևս հնարավոր է, որ նրանք հնարավորություն են ունեցել վիճարկելու զինվորական դատախազի անգործությունը՝ համաձայն Քր. դատ. օր.-ի 290-րդ հոդվածի (տե՛ս վերոնշյալ 179-րդ պարբերությունը): Այս դրույթը, այնուամենայնիվ, Սահմանադրական դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ ճանաչվել է հակասահմանադրական: Այդպիսով, Սահմանադրական դատարանը գտել է, որ այդ դրույթով, ի տարբերություն պետական մարմնի «որոշումների և գործողությունների», նրա «անգործությունը» դատարանում վիճարկելու հնարավորության մասին հստակ շարադրված չէր, և որ այդ հնարավորությունն ստեղծվել էր միայն ներպետական գործելակերպի միջոցով` այնուամենայնիվ չհստակեցնելով, թե կոնկրետ երբ է այդ գործելակերպը զարգացել և որքանով է այն ամրապնդված: Ավելին, Սահմանադրական դատարանը գտել է, որ այդ դրույթով դիմումատուի՝ դատարանի մատչելիության [իրավունքը] ենթարկվել է անհիմն սահմանափակումների, քանի որ այն, որպես դատարան դիմելու նախապայման, նախատեսում էր առաջինը դատախազին դիմելու և վերջինիս կողմից այդ բողոքները մերժելու պահանջ (տե՛ս վերոնշյալ 205-րդ պարբերությունը): Այսպիսով, դրանից հետևում է, որ Քր. դատ. օր.-ի 290-րդ հոդվածով սահմանված իրավական պաշտպանության միջոցը տվյալ ժամանակահատվածում բավականաչափ հստակ և մատչելի չէր:

232. Դատարանը նշում է, որ, ամեն դեպքում, այդ ժամանակահատվածում դիմումատուները չեն օգտվել իրավական պաշտպանության այդ միջոցներից, իսկ Կառավարությունը չի ներկայացրել այն ենթադրությունը, որ այդ պատճառով նրանք չեն սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները: Կառավարությունը նաև չի առաջարկել որևէ այլ ընթացակարգ, որով դիմումատուները կարող էին դիմել դատարան այն դեպքում, երբ համապատասխան մարմինը որոշում չի կայացրել կամ, ինչպես առաջին դիմումատուի դեպքում, վատ վերաբերմունքի մասին հայտարարությունները մերժել է գրությամբ, այլ ոչ թե՝ որոշմամբ: Ինչ վերաբերում է հատկապես Կառավարության կողմից նշված որոշումներին, մասնավորապես, զինվորական դատախազի 2004 թվականի հունիսի 18-ի որոշմանը և գլխավոր դատախազի 2004 թվականի հուլիսի 16-ի որոշմանը, ապա Դատարանը նշում է, որ, առաջինը, այդպիսի որոշումները դատարաններում բողոքարկելու որևէ ընթացակարգ ներպետական իրավունքով չէր սահմանվում: Այդ առնչությամբ Կառավարությունը վկայակոչել է Քր. դատ. օր.-ի 65-րդ հոդվածի 2-րդ մասի 20-րդ կետը, որի համաձայն, մեղադրյալն իրավունք ուներ «սահմանված կարգով» բողոքարկելու դատախազի որոշումները, սակայն չի նշել խնդրո առարկա որոշումների նկատմամբ կիրառելի որևէ ընթացակարգ: Երկրորդ, այդ որոշումները չեն վերաբերել ենթադրյալ վատ վերաբերմունքի մասով քրեական գործ հարուցելու կամ չհարուցելու հարցին, այլ վերաբերել են դիմումատուների քրեական գործով զբաղվող որոշ պաշտոնատար անձանց հեռացնելու հարցին՝ ենթադրյալ կողմնակալության հիմքով: Այսպիսի հանգամանքներում, եթե նույնիսկ ենթադրենք, որ այս որոշումները ենթակա էին բողոքարկման, ապա այդպիսի բողոքը չէր լինի իրավական պաշտպանության այնպիսի արդյունավետ միջոց, որով հնարավոր կլիներ առաջին դիմումատուի՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն ներկայացված կոնկրետ բողոքների հետ կապված հատուցում տրամադրել։

233. Հիմք ընդունելով վերոնշյալը՝ Դատարանը գտնում է, որ տվյալ ժամանակահատվածում դատարանում դիմումատուներին հասանելի չեն եղել վատ վերաբերմունքի վերաբերյալ իրենց բողոքների մասով քննություն իրականացնող մարմինների ենթադրյալ անգործության դեմ ուղղված իրավական պաշտպանության հստակ, արդյունավետ և մատչելի միջոցներ։ Այսպիսով, անհիմն չէ այն, որ առաջին դիմումատուն իր գանգատը Դատարան է ներկայացրել 2004 թվականի սեպտեմբերի 23-ին, այսինքն՝ զինվորական դատախազի 2004 թվականի հունիսի 10-ի գրությունից մոտավորապես երեքուկես ամիս հետո:

234. Սակայն իրավիճակը փոքր-ինչ այլ է, երբ խոսքը վերաբերում է երկրորդ և երրորդ դիմումատուներին, որոնք Դատարան դիմելուց առաջ նախևառաջ փորձել են վատ վերաբերմունքի մասին իրենց հայտարարությունները ներկայացնել իրենց քրեական գործը քննող դատարաններ (տե՛ս վերոնշյալ 92-րդ, 93-րդ, 105-րդ, 106-րդ և 120-րդ պարբերությունները): Այս առնչությամբ Դատարանը համարում է, որ վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոքը գործը քննող դատարան ներկայացնելը չի կարող, որպես ընդհանուր կանոն, դիտարկվել որպես վատ վերաբերմունքի վերաբերյալ Դատարան բերված բողոքների առումով սպառման բնականոն գործընթաց: Այնուամենայնիվ, կարող են լինել բացառիկ հանգամանքներ, որոնց պարագայում կարող է համարվել, որ գործի կոնկրետ հանգամանքներում այդպիսի ընթացակարգով ապահովվել է իրավական պաշտպանության արդյունավետ միջոց (տե՛ս Ակուլինինը և Բաբիչն ընդդեմ Ռուսաստանի [Akulinin and Babich v. Russia], թիվ 5742/02, §§ 25-34, 2008 թվականի հոկտեմբերի 2, և Վլադիմիր Ֆեոդորովն ընդդեմ Ռուսաստանի [Vladimir Fedorov v. Russia], թիվ 19223/04, §§ 41-50, 2009 թվականի հուլիսի 30): Այս կապակցությամբ Դատարանը կրկին նշում է, որ իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառման կանոնը պետք է կիրառվի որոշակի ճկունությամբ և առանց անհարկի ձևականությունների՝ հաշվի առնելով մարդու իրավունքների պաշտպանության համատեքստը: Այս կանոնը բացարձակ չէ, և ոչ էլ կարող է կիրառվել ինքնաբերաբար. այն դեպքում, երբ ուսումնասիրվում է, թե արդյոք այդ կանոնը պահպանվել է, կարևոր է հաշվի առնել առանձին գործի հանգամանքները (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, վերևում հիշատակված Ակուլինինը և Բաբիչը գործը, § 30, Վլադիմիր Ֆեոդորովի գործը, § 45, և Դելիյոռջին ընդդեմ Ալբանիայի [Delijorgji v. Albania], թիվ 6858/11, § 54, 2015 թվականի ապրիլի 28):

235. Այս գործով Դատարանը մտահոգված է այն փաստով, որ դիմումատուները փորձել են դիմել դատական պաշտպանության նույնիսկ այն իրավիճակում, երբ զինվորական դատախազը վատ վերաբերմունքի մասին դիմումատուների հայտարարությունների վերաբերյալ որևէ որոշում չի կայացրել, և նրանք դրա բացակայությունը դատարանում բողոքարկելու որևէ հստակ հնարավորություն չեն ունեցել: Նրանք բողոք են ներկայացրել Սյունիքի մարզի դատարան ու Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարան՝ ենթադրյալ վատ վերաբերմունքի և այն մասին, որ իշխանություններն իրենց հայտարարությունները չեն քննել դատական քննության ժամանակ, որը սկսվել է միայն զինվորական դատախազի 2004 թվականի հունիսի 10-ի գրությունից հինգ ամիս հետո (տե՛ս վերոնշյալ 88-րդ և 91-րդ պարբերությունները): Ե՛վ Սյունիքի մարզի դատարանը, և՛ Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը ուշադրության են արժանացրել դիմումատուների հայտարարությունները, լսել են վկաներին և ուսումնասիրել դրանց հետ կապված ապացույցները և, հայտարարությունները մերժելիս իրենց եզրակացությունների համար հիմք են ընդունել, inter alia, զինվորական դատախազի կողմից միևնույն հայտարարությունների մերժումը` այդպիսով անուղղակիորեն հաստատելով նրա եզրակացությունները (տե՛ս վերոնշյալ 94-104, 107-րդ և 115-րդ պարբերությունները): Այնուհետև Վճռաբեկ դատարանն ուսումնասիրել է դիմումատուների նկատմամբ ենթադրյալ վատ վերաբերմունքի և դատախազի կողմից այդ հայտարարությունները ենթադրաբար չքննելու հարցը և որոշել է բեկանել ցածր ատյանի դատարանների վճիռներն ու պահանջել, որ իրականացվի քննություն (տե՛ս վերոնշյալ 122-124-րդ պարբերությունները)։ Հարկ է նշել, որ այս քննությունն ի վերջո ավարտվել է գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատարի 2007 թվականի հոկտեմբերի 1-ի որոշմամբ, որով մերժվել է քրեական գործի հարուցումը (տե՛ս վերոնշյալ 137-րդ պարբերությունը)։

236. Ավելին, թվում է, թե իրենց [գործով] դատական քննության ժամանակ վատ վերաբերմունքի մասին դիմումատուների հայտարարությունների մասով դատաքննությունը բացառապես ընթացակարգային տեսանկյունից չի իրականացվել, այն է՝ կոնկրետ ապացույցը, ինչպես օրինակ՝ երկրորդ դիմումատուի խոստովանությունն է, որպես անթույլատրելի ապացույց ճանաչելու մասին որոշում կայացնելու նպատակով: Այս կապակցությամբ Դատարանը նշում է, որ մինչ դիմումատուների քրեական գործը քննվում էր Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանում, նրանք փորձել են Քր. դատ. օր.-ի 177-րդ հոդվածի համաձայն վերսկսել դատավարությունը՝ դիմելով գլխավոր դատախազին և ևս մեկ անգամ պահանջելով, որ վատ վերաբերմունքի մասին իրենց հայտարարությունների կապակցությամբ քննություն կատարվի (տե՛ս վերոնշյալ 108-րդ պարբերությունը): Ե՛վ գլխավոր դատախազը, և՛ դատարանները, որոնք ուսումնասիրել են գլխավոր դատախազի դեմ դիմումատուների ներկայացրած բողոքը, հրաժարվել են վատ վերաբերմունքի մասին դիմումատուների հայտարարություններն ըստ էության քննելուց՝ այն հիմքով, որ դրանք արդեն քննվել և մերժվել են Սյունիքի մարզի դատարանի կողմից՝ դիմումատուների դատական քննության ժամանակ, և այդ պահին քննվում էին Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի կողմից: Ավելին, հայտնաբերվել է, որ դիմումատուների քրեական գործը քննող դատարաններն իրավասու էին, ավելին՝ պարտավոր էին քննել վատ վերաբերմունքի մասին նրանց հայտարարությունները, և որ այդ ընթացակարգը կարող էր հանգեցնել քրեական գործ հարուցելուն (տե՛ս վերոնշյալ 109-րդ, 111-րդ և 113-րդ պարբերությունները):

237. Հաշվի առնելով վերոնշյալը՝ Դատարանը համարում է, որ դիմումատուները, վատ վերաբերմունքի մասին իրենց հայտարարություններն իրենց քրեական գործը քննող դատարան ներկայացնելով, օգտագործել են իրավական պաշտպանության այնպիսի միջոց, որը, գործի որոշակի հանգամանքներում, համաձայն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի, կարող էր արդյունավետ լինել իրենց բողոքների համար: Ի հակադրություն դրա՝ դատարանները դիմումատուների կողմից Քր. դատ. օր.-ի 177-րդ հոդվածի համաձայն վերսկսված ընթացակարգի ընթացքում, ինչպես արդեն նշվել է, հրաժարվել են ըստ էության քննել վատ վերաբերմունքի մասին դիմումատուների հայտարարությունները և դիմումատուների գործով դատական քննության ընթացքում դատարանների կողմից արված եզրահանգումներին հղում կատարելուց բացի ոչինչ չեն արել։ Ուստի, այդ ընթացակարգի ժամանակ կայացված որոշումները, այդ թվում՝ Վերաքննիչ դատարանի 2006 թվականի մարտի 14-ի որոշումը, ինչի վերաբերյալ Կառավարությունը պնդում էր, որ այն երկրորդ և երրորդ դիմումատուների առնչությամբ կայացված «վերջնական որոշում» է, կայացվել են՝ նպատակ ունենալով սահմանելու իրավական պաշտպանության այնպիսի միջոց, որը ավելորդ էր և գործի կոնկրետ հանգամանքներում չէր կարող ապահովել հատուցման հնարավորություն: Հետևաբար, այդ վարույթները վեցամսյա ժամկետի հաշվարկման համար վերաբերելի չեն:

238. Ի վերջո Դատարանը նշում է, որ երկրորդ և երրորդ դիմումատուներն առաջին դիմումատուի հետ իրենց գանգատը ներկայացրել են Դատարան 2006 թվականի նոյեմբերի 9-ին, այսինքն՝ այն բանից հետո, երբ վատ վերաբերմունքի մասին իրենց հայտարարություններն իրենց գործով դատական քննության ժամանակ մերժվել էին Սյունիքի մարզի դատարանի ու Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի կողմից, վերջինս իր վճիռը կայացրել է 2006 թվականի մայիսի 30-ին: Այդ փուլում նրանց քրեական գործը դեռ քննվում էր Վճռաբեկ դատարանում: Դատարանը, այնուամենայնիվ, կրկին նշում է, որ իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառման վերջին փուլին հնարավոր է հասնել գանգատը ներկայացնելուց անմիջապես հետո, սակայն մինչև Դատարանի կողմից ընդունելիության հարցը որոշելը (տե՛ս Կարուսիոտիսն ընդդեմ Պորտուգալիայի [Karoussiotis v. Portugal], թիվ 23205/08, § 57, ՄԻԵԴ 2011 (քաղվածքներ), և վերևում հիշատակված Դելիյոռջիի գործը, § 54): Դատարանը նկատում է, որ Վճռաբեկ դատարանն իր որոշումն ընդունել է անմիջապես այն բանից հետո, երբ երկրորդ և երրորդ դիմումատուները ներկայացրել են իրենց գանգատը, մասնավորապես, 2006 թվականի դեկտեմբերի 22-ին, մինչդեռ վատ վերաբերմունքի մասին դիմումատուների հայտարարությունների վերաբերյալ վերջին որոշումը կայացվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի կողմից՝ 2007 թվականի նոյեմբերի 23-ին (տե՛ս վերոնշյալ 139-րդ պարբերությունը):

239. Այսպիսով, Դատարանը եզրակացնում է, որ Կառավարության ներկայացրած առաջին երկու առարկությունների հիման վրա դիմումատուների՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն ներկայացրած բողոքները մերժելու հիմքեր չկան միայն այն պատճառով, որ նրանք չեն կատարել Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները:

240. Ինչ վերաբերում է Կառավարության այն առարկությանը, որ դիմումատուները չեն սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի նոյեմբերի 23-ի որոշման դեմ բողոք չներկայացնելով, ապա Դատարանը համարում է, որ այս հարցը սերտորեն կապված է արդյունավետ քննության ենթադրյալ բացակայության առնչությամբ դիմումատուների բողոքի էության հետ, և, հետևաբար, պետք է միացվի գործի ըստ էության քննությանը:

 

iii) Եզրակացություն

 

241. Դատարանը նշում է, որ այս բողոքները, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով, ակնհայտ անհիմն չեն: Այն այնուհետև նշում է, որ դրանք անընդունելի չեն որևէ այլ հիմքով։ Հետևաբար, դրանք պետք է հայտարարվեն ընդունելի։

 

2. Գործի ըստ էության քննությունը

 

ա) Ենթադրյալ վատ վերաբերմունքը

 

i) Կողմերի փաստարկները

 

ա) Կառավարությունը

 

242. Կառավարությունը վիճարկել է վատ վերաբերմունքի մասին դիմումատուների հայտարարությունները: Այն պնդել է, որ 2004 թվականի ապրիլի 19-ին և 20-ին դիմումատուները գտնվել են մարտական հերթապահության դիրքերում և նրանց ինքնությունը հայտնի չի եղել քննչական խմբին մինչև 2004 թվականի ապրիլի 21-ը, երբ անհրաժեշտություն է առաջացել հրավիրելու և հարցաքննելու նրանց՝ որպես վկաներ: Այդ օրը, մինչև կարգապահական մեկուսարանում տեղավորելը, դիմումատուները զննության են ենթարկվել բժիշկ Ս.-ի կողմից և, ինչպես նշվել է մեկուսացման համապատասխան գրություններում, ճանաչվել «գործնականորեն առողջ»: 2004 թվականի ապրիլի 24-ին, որպես կասկածյալներ ձերբակալվելուց հետո, դիմումատուներն անցել են ֆիզիկական (բժշկական) զննություն, և կազմվել են համապատասխան արձանագրություններ, մասնավորապես, անձի մարմնի զննության արձանագրությունները: Բժիշկն արձանագրություններում նշումներ է կատարել այն մասին, որ դիմումատուների մարմինների վրա վնասվածքներ չեն հայտնաբերվել: Արձանագրությունները կազմվել են ռազմական ոստիկանության քննչական մեկուսարանում՝ օրենքով, մասնավորապես, Հայաստանի զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագրքի 14-րդ հավելվածի 13-րդ կետով սահմանված կարգով: Դիմումատուներն ստորագրել են համապատասխան արձանագրությունները՝ առանց դիտողություններ կամ առարկություններ անելու: Եթե դիմումատուների նկատմամբ ցուցաբերված լիներ վատ վերաբերմունք, ապա վնասվածքները, անկասկած, հայտնաբերված և արձանագրված կլինեին զննող բժշկի կողմից: Ամեն դեպքում, դիմումատուները չեն կարողացել որևէ ապացույցով հիմնավորել վատ վերաբերմունքի մասին իրենց հայտարարությունները կամ ներկայացնել վերը նշված զննությունների արդյունքները հերքող որևէ ապացույց: Ավելին, նրանք ցուցաբերել են անգործություն՝ չպահանջելով անցկացնել դատաբժշկական փորձաքննություն կամ չպահանջելով իշխանության մարմիններից՝ բժիշկ հրավիրել, չնայած այդպիսի հնարավորության մասին հատուկ նշվել էր զինվորական դատախազի 2004 թվականի հունիսի 10-ի գրության մեջ: Առաջին դիմումատուն 2004 թվականի հուլիսի 6-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ ընդունվելիս իր առողջական վիճակի վերաբերյալ որևէ բողոք չի ներկայացրել:

243. Կառավարությունն իր պնդումների հիմքում դրել է նաև մի քանի այլ ապացույցներ, մասնավորապես՝ 2004 թվականի մայիսի 21-ի բժշկական զննությունները, երրորդ դիմումատուի զարմուհու ամուսնու՝ Հ.Մ.-ի ցուցմունքները, ով նրան տեսակցելու էր եկել 2004 թվականի ապրիլի 26-ին՝ կալանքի տակ գտնվելու ժամանակ, դիմումատուներին Երևան տեղափոխած ծառայողների ցուցմունքները, և դատաբժշկական փորձագետների 2007 թվականի սեպտեմբերի 10-ի եզրակացությունները:

244. Ի վերջո, Կառավարությունը պնդել է, որ առաջին դիմումատուի ձերբակալման պահից նրան տրամադրվել է պաշտպան Վ.Ե.-ն, ով ներկայացրել է նրան 2004 թվականի ապրիլի 24-ից 26-ը և ներկա է գտնվել բոլոր հարցաքննությունների ընթացքում, ինչը բացառում է վատ վերաբերմունքի դրսևորումը: Այդ ժամանակահատվածում առաջին դիմումատուն վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոքներ չի ներկայացրել և բժշկական զննություն չի պահանջել, չնայած այն փաստին, որ նրա իրավունքներն իրեն բացատրվել են:

 

բ) Դիմումատուները

 

245. Դիմումատուները նշել են, որ որպես վկաներ հարցաքննվելու ամբողջ ընթացքում նրանց նկատմամբ ցուցաբերվել է վատ վերաբերմունք: 2004 թվականի ապրիլի 23-ից մինչև հուլիսի 6-ը նրանք պահվել են ռազմական ոստիկանության ենթակայության տակ գործող թիվ 10724 զորամասի քննչական մեկուսարանում, չնայած այն փաստին, որ այդ վայրը նախատեսված չէր այն կասկածյալների կամ մեղադրյալների համար, որոնք ըստ օրենքի պետք է պահվեին Արդարադատության նախարարության համակարգում գործող՝ մինչդատական փուլում կալանավորվածներին պահելու վայրերում: Սա արվել է, որպեսզի իրավապահ մարմինների ծառայողները կարողանան շարունակել ահաբեկել նրանց և քողարկել նրանց հասցված վնասվածքները: Թիվ 10724 զորամասը նույնիսկ նախատեսված չէր կալանավորվածներին պահելու վայր օգտագործելու համար, և դա տվյալ ժամանակահատվածում զինվորական դատախազության գործելաոճն էր՝ հանցագործության մեջ կասկածվող կամ մեղադրվող զինծառայողներին ապօրինի փակի տակ պահելու, ոտնձգությունների ենթարկելու և նրանց նկատմամբ վատ վերաբերմունք ցուցաբերելու համար:

246. Հետագայում դիմումատուները նշել են, որ 2004 թվականի ապրիլի 21-ի մեկուսացման գրությունների կազմմանը ներկա չեն եղել և նույնիսկ այդ փաստաթուղթը ստորագրած բժշկի կողմից զննության չեն ենթարկվել: Ավելին, բժշկի ստորագրությունը մեկուսացման գրության վրա պահանջվում էր միայն հավաստելու համար այն, որ մեկուսացնելու համար հակացուցումներ չկան՝ կապված մեկուսացման ենթակա զինծառայողի առողջական վիճակի հետ: Ինչ վերաբերում է անձի մարմնի զննության 2004 թվականի ապրիլի 24-ի արձանագրություններին, ապա իրենք ստորագրել են այդ արձանագրությունները խոշտանգումների ենթարկվելուց հետո և շոկային վիճակում: Այդ արձանագրությունները կազմելիս պաշտպան ներկա չի գտնվել, և նրանց չեն բացատրել իրենց իրավունքները: Ուստի, նրանք այդ արձանագրությունների իմաստը և դրանք ստորագրելու իրավական հետևանքներն ամբողջությամբ չեն հասկացել, ու այն փաստը, որ իրենք ստորագրել են դրանք, չի նշանակում, որ համաձայն են եղել դրանց բովանդակությանը: Ավելին, այդ արձանագրություններն ստորագրած ընթերականերից մեկը՝ Կ.Ա.-ն, հակառակ սեռի ներկայացուցիչ էր, ինչն արգելված էր օրենքով: Դրանից հետևում է, որ որևէ զննություն չի իրականացվել, ինչն ապացուցվում է նաև կատարված եզրահանգումների հստակության բացակայությամբ: Ավելին, ենթադրյալ զննումն իրականացվել է ոստիկանության ծառայողների ներկայությամբ: Կառավարությունը նաև չի հստակեցրել այն կարգը, որին համապատասխան կատարվել է այդ զննումը: Ի վերջո, այդ զննումը կատարվել է դիմումատուին ռազմական ոստիկանության քննչական մեկուսարան ընդունելու ժամանակ, մինչդեռ կալանավորված անձին ռազմական ոստիկանության համակարգում գործող՝ կալանավորվածներին պահելու վայրում տեղավորելը օրենքով նախատեսված չէր: Հետևաբար, այդ վայրի ծառայողների կողմից իրականացված բոլոր գործողությունները՝ ներառյալ զննությունները, եղել են անօրինական:

247. Դիմումատուները նաև նշել են, որ 2004 թվականի մայիսի 21-ի բժշկական զննություններն իրականացվել են հոգեբանների կողմից, որոնք պետք է պատասխանեին նրանց հոգեկան առողջությանն առնչվող հարցերին: Հայտնի չէ, թե այս ապացույցն ինչպես կարող էր ցույց տալ՝ արդյոք դիմումատուները վնասվածքներ ունեցել են, թե ոչ:

248. Ինչ վերաբերում է փաստաբան Վ.Ե.-ի մասնակցությանը գործին, ապա առաջին դիմումատուն պնդել է, որ փաստաբանը հրավիրված է եղել քննիչի կողմից և նրա ներգրավվելը՝ ներառյալ արձանագրությունները ստորագրելը, եղել է պարզապես ձևականություն: Փաստաբանի գործողություններն ուղղված են եղել քննիչին օգնելուն, այլ ոչ թե իրեն պաշտպանելուն, և նա նույնիսկ փաստաբանին երբեք առանձին չի հանդիպել: Փաստաբանի ներգրավման ձևականությունը նաև պարզ է դառնում այն փաստից, որ վերջինս չի մասնակցել նրա մարմնի զննությանը 2004 թվականի ապրիլի 24-ին, մինչդեռ, ըստ օրենքի, նա պետք է մասնակցեր բոլոր քննչական գործողություններին: Փաստաբանի կողմից 2007 թվականի ապրիլի 16-ին տրված ցուցմունքը կեղծ էր, քանի որ անհնար էր, որ փաստաբանը նկատած չլիներ նրա դեմքի վնասվածքները: Սա ապացուցում է, որ փաստաբանը ոչ միայն հրավիրված է եղել քննիչի կողմից, այլ նաև ցուցումներ է ստացել նրանից:

249. Առաջին և երկրորդ դիմումատուները նաև պնդել են, որ այն փաստը, որ նրանք բողոքներ չեն ներկայացրել վատ վերաբերմունքից անմիջապես հետո, պայմանավորված է այն փաստով, որ նրանք գործադրված բռնությունից տրավմայի էին ենթարկվել և վախենում էին իրենց անվտանգության համար՝ ապօրինի պահվելով ռազմական ոստիկանության քննչական մեկուսարանում: Առաջին դիմումատուն նաև նշել է, որ մինչև իր բարեկամների կողմից փաստաբան վարձելը ծանոթ չի եղել իր իրավունքներին: Փաստաբանի հետ աշխատելու առաջին իսկ օրվանից դիմումատուն նրան տեղեկացրել է վատ վերաբերմունքի մասին, և վերջինս քայլեր է ձեռնարկել՝ այդ հարցը իշխանության մարմիններում բարձրացնելու համար:

250. Վերջապես, ինչ վերաբերում է քննությանը, որն իրականացվել է քրեական գործը լրացուցիչ քննության վերադարձնելուց հետո, ապա ռազմական ոստիկանության ծառայողների ցուցմունքները վստահելի չէին, քանի որ նրանք շահագրգռված էին թաքցնելու վատ վերաբերմունքի հանգամանքը՝ իրենց ենթակայության և նույնիսկ անուղղակի ներգրավման պատճառով: Առաջին դիմումատուն նաև նշել է, որ երրորդ դիմումատուի զարմուհու ամուսնու՝ Հ.Մ.-ի ցուցմունքները գործին չեն վերաբերում: Վերջապես, Հայաստանի ռազմական ոստիկանության պետի 2004 թվականի մարտի 6-ի գրությունը և Շիրակի մարզի դատարանում վերսկսված դատական քննության ընթացքում վկաների կողմից տրված ցուցմունքները ցույց են տվել, որ իրավապահ մարմինները քննության տարբեր փուլերում առաջ են քաշել տարբեր վարկածներ և գործադրել են բռնություն մի շարք զինծառայողների նկատմամբ ու ահաբեկել են նրանց՝ այդ վարկածների օգտին ցուցմունքներ ստանալու նպատակով:

 

ii) Դատարանի գնահատականը

 

ա) Ընդհանուր սկզբունքները

 

251. Դատարանն ի սկզբանե նկատում է, որ 3-րդ հոդվածով սահմանվում է ժողովրդավարական հասարակության առավել հիմնարար արժեքներից մեկը: Այն բացարձակապես արգելում է խոշտանգումը կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը՝ անկախ տուժածի վարքագծից (տես, ի թիվս այլ վճիռների, Լաբիթան ընդդեմ Իտալիայի [ՄՊ] [Labita v. Italy [GC]], թիվ 26772/95, § 119, ՄԻԵԴ 2000-IV): 3-րդ հոդվածով որևէ բացառություն չի սահմանվում և Կոնվենցիայի 15-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն այդ պայմանից որևէ շեղում չի թույլատրվում, նույնիսկ ազգի կյանքին սպառնացող արտակարգ վտանգի դեպքում (տե'ս Սելմոնին ընդդեմ Ֆրանսիայի [ՄՊ] [Selmouni v. France [GC]], թիվ 25803/94, § 95, ՄԻԵԴ 1999-V, և Ասենովը և այլոք ընդդեմ Բուլղարիայի [Assenov and Others v. Bulgaria], 1998 թվականի հոկտեմբերի 28, § 93, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1998‑VIII)։

252. Դատարանը կրկին նշում է, որ վատ վերաբերմունքը պետք է հասնի ծանրության նվազագույն աստիճանի՝ 3-րդ հոդվածով որակվելու համար։ Այս նվազագույն մակարդակի գնահատումը հարաբերական է. այն կախված է գործի բոլոր հանգամանքներից, ինչպիսիք վերաբերմունքի տևողությունը, դրա ֆիզիկական կամ հոգեկան ազդեցություններն են և, որոշ դեպքերում, զոհի սեռը, տարիքը և առողջական վիճակը (տես, ի թիվս այլ վճիռների, Իռլանդիան ընդդեմ Միացյալ Թագավորության [Ireland v. the United Kingdom], 1978 թվականի հունվարի 18, § 162, Շարք Ա թիվ 25, Կոստելո-Ռոբերտսն ընդդեմ Միացյալ Թագավորության [Costello-Roberts v. the United Kingdom], 1993 թվականի մարտի 25, § 30, Շարք Ա թիվ 247‑C, և Դոուգոզն ընդդեմ Հունաստանի [Dougoz v. Greece], թիվ 40907/98, § 44, ՄԻԵԴ 2001‑II): Ազատությունից զրկված, կամ ընդհանուր առմամբ, իրավապահ մարմինների հետ բախում ունեցած անձի նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրելը, եթե դա չի արվել վերջինիս սեփական պահվածքից առաջացած խիստ անհրաժեշտության հանգամանքներում, նվաստացնում է մարդկային արժանապատվությունը և Կոնվենցիայի 3-րդ հոդվածով ամրագրված իրավունքի խախտում է (տե'ս վերևում հիշատակված Ռիբիչն ընդդեմ Ավստրիայի [Ribitsch v. Austria], 1995 թվականի դեկտեմբերի 4, § 38, Շարք Ա թիվ 336, Սելմունի գործը, § 99, և Շեյդաևն ընդդեմ Ռուսաստանի [Sheydayev v. Russia], թիվ 65859/01, § 59, 2006 թվականի դեկտեմբերի 7, և Բույիդն ընդդեմ Բելգիայի [ՄՊ] [Bouyid v. Belgium [GC]], թիվ 23380/09, §§ 88 և 100, 2015 թվականի սեպտեմբերի 28)։

253. Դատարանը հիմնականում կիրառում է ապացուցման «ողջամիտ կասկածից վեր» չափանիշն այն ապացույցները գնահատելիս, որոնց վրա անհրաժեշտ է հիմնվել 3-րդ հոդվածի խախտում արձանագրելու հարցի առնչությամբ որոշում կայացնելիս։ Այնուամենայնիվ, նման ապացույցները կարող են բխել բավականաչափ արժանահավատ, հստակ և միմյանց չհակասող ենթադրությունների կամ փաստի գոյության վերաբերյալ համանման անհերքելի կանխավարկածների առկայությունից (տե'ս վերևում հիշատակված Իռլանդիան ընդդեմ Միացյալ Թագավորության գործը, § 161, Լաբիթայի գործը, § 121, և Յալլոհն ընդդեմ Գերմանիայի [ՄՊ] [Jalloh v. Germany [GC]], թիվ 54810/00, § 67, ՄԻԵԿ 2006-IX)։

254. Այն դեպքում, երբ պետական մարմիններն ամբողջությամբ կամ առավելապես ծանոթ են խնդրո առարկա իրադարձություններին, ինչպես օրինակ՝ իրենց հսկողության ներքո արգելանքի տակ գտնվող անձանց պարագայում է, կառաջանան կալանավորման ընթացքում ստացված վնասվածքների փաստի գոյության վերաբերյալ ծանրակշիռ կանխավարկածներ։ Իսկապես, ապացուցման պարտականության առումով կարելի է համարել, որ իշխանություններն են կրում բավարար և համոզիչ բացատրություն տրամադրելու պարտականությունը (տե'ս Սալմանն ընդդեմ Թուրքիայի [ՄՊ] [Salman v. Turkey [GC]], թիվ 21986/93, § 100, ՄԻԵԿ 2000-VII, և Վարնավան և այլոք ընդդեմ Թուրքիայի [ՄՊ] [Varnava and Others v. Turkey [GC]], թիվ 16064/90, 16065/90, 16066/90, 16068/90, 16069/90, 16070/90, 16071/90, 16072/90 և 16073/90, § 183, ՄԻԵԴ 2009)։ Նույն կերպ, երբ անհատին առողջ վիճակում տանում են ոստիկանություն՝ ձերբակալվածներին պահելու վայր, և նա ազատվում է վնասվածքով, ապա Պետության պարտականությունն է ներկայացնել արժանահավատ բացատրություն այն մասին, թե ինչպես են առաջացել այդ վնասվածքները (տե'ս, ի թիվս այլ վճիռների, վերևում հիշատակված Ակսոյի գործը, § 61, Սելմունի գործը, § 87, և Գեֆգենն ընդդեմ Գերմանիայի [ՄՊ] [Gäfgen v. Germany [GC]], թիվ 22978/05, § 92, ՄԻԵԴ 2010-...)։ Այլապես, խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի կանխավարկածը կարող է մեկնաբանվել ի նպաստ դիմումատուի և խնդիր առաջացնել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով (տե'ս Միխեևն ընդդեմ Ռուսաստանի [Mikheyev v. Russia], թիվ 77617/01, § 127, 2006 թվականի հունվարի 26)։

 

բ) Վերոնշյալ սկզբունքների կիրառումը սույն գործով

 

255. Դատարանը նշում է, որ կողմերը չեն վիճարկում այն փաստը, որ մինչև դիմումատուներին 2004 թվականի ապրիլի 23-ին Լեռնային Ղարաբաղից Երևան տեղափոխելը նրանք հարցաքննվել և պահվել են երեք տարբեր վայրերում. սկզբում՝ նրանց զորամասի հրամանատարի առանձնասենյակում, այնուհետև՝ Մարտակերտի կայազորի դատախազությունում, և վերջում՝ Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժնում: Այնուամենայնիվ, Դատարանը հետևողական է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի առնչությամբ կատարված իր եզրահանգմանն առ այն, որ դիմումատուների առաջին հարցաքննությունը հրամանատարի առանձնասենյակում և նրանց տեղափոխումը Մարտակերտի կայազորի դատախազություն տեղի են ունեցել 2004 թվականի ապրիլի 21-ին՝ ի հակադրություն այլ ամսաթվի՝ 2004 թվականի ապրիլի 19-ի, ինչպես պնդել են դիմումատուները (տե՛ս ներքոշարադրյալ 301-րդ պարբերությունը):

256. Կառավարությունը, հիմնավորելու համար իր պնդումն այն մասին, որ դիմումատուների նկատմամբ այդ ժամանակահատվածում վատ վերաբերմունք չի ցուցաբերվել, ի սկզբանե հիմնվել է համապատասխան ժամանակահատվածին վերաբերող երկու տեսակի փաստաթղթերի՝ 2004 թվականի ապրիլի 21-ի մեկուսացման գրության (տե'ս վերոնշյալ 18-րդ պարբերությունը) և անձի մարմնի զննության արձանագրությունների վրա (տե'ս վերոնշյալ 31-րդ պարբերությունը): Դատարանը, այնուամենայնիվ, համոզված չէ, որ այդ փաստաթղթերը գործի հանգամանքներում կարող են համարվել բավարար չափով արժանահավատ՝ հետևյալ պատճառներով:

257. Նախևառաջ, և' մեկուսացման գրությունները, և' անձի մարմնի զննության արձանագրությունները կազմվել են ենթադրյալ վատ վերաբերմունքի դրսևորմանը ներգրավված անձանց կամ իշխանության այն մարմնի ենթակայության ներքո գտնվող այն պաշտոնատար անձանց կողմից, ում աշխատակիցները ենթադրյալ կատարողներն էին: Դատարանն այս կապակցությամբ կրկին նշում է, որ բժշկական զննություն իրականացնող դատական բժիշկը պետք է, inter alia, ունենա պաշտոնական կամ de facto (փաստացի) անկախություն (տե՛ս, Ակկոցն ընդդեմ Թուրքիայի [Akkoç v. Turkey], թիվ 22947/93 և 22948/93, §§ 55 և 118, ՄԻԵԴ 2000‑X):

258. Երկրորդը՝ ինչ վերաբերում է մեկուսացման գրություններին, ապա դրանք որևէ ընդհանրություն չունեն որպես բժշկական եզրակացություն որակավորվող փաստաթղթի հետ. դրանք պարունակում էին բժշկական հարցերին վերաբերող միայն մի տող, որի վրա դրված էր բժշկի ստորագրությունը և «գործնականում առողջ» արտահայտությունը: Իրականացված ենթադրյալ զննման և ստացված բժշկական եզրակացությունների վերաբերյալ մանրամասները բացակայում էին: Բացի դրանից՝ հնարավոր չէ որոշել, թե կոնկրետ երբ են կազմվել այդ մեկուսացման գրությունները և արդյոք դրանք կազմվել են ենթադրյալ վատ վերաբերմունքից առաջ, թե՝ հետո: Ամեն դեպքում, քանի որ վատ վերաբերմունքի մասին հայտարարություններն առնչվում են 2004 թվականի ապրիլի 21-ից 23-ն ընկած ժամանակահատվածին, մեկուսացման գրությունները, կազմված լինելով 2004 թվականի ապրիլի 21-ին՝ մինչև դիմումատուներին իրենց զորամասից Մարտակերտի կայազորի դատախազություն տեղափոխելը, չեն կարող ծառայել որպես ապացույց, որ դիմումատուների նկատմամբ վատ վերաբերմունք չի ցուցաբերվել նշված մնացած ժամանակահատվածի ընթացքում:

259. Եվ երրորդ, ինչ վերաբերում է անձի մարմնի զննման արձանագրություններին, որոնք, ենթադրաբար, կազմվել են 2004 թվականի ապրիլի 24-ին՝ դիմումատուներին ռազմական ոստիկանության քննչական մեկուսարան ընդունելիս, ապա Կառավարությունը հղում է կատարել Զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագրքի 14-րդ հավելվածի 13-րդ կետին (տե'ս վերոնշյալ 196-րդ պարբերությունը): Սակայն տվյալ ժամանակահատվածում գործող 13-րդ կետով սահմանվում էր զինծառայողներին կարգապահական մեկուսարան ընդունելու կարգը, մինչդեռ դիմումատուները տեղավորվել էին ռազմական ոստիկանության քննչական մեկուսարանում: Բացի դրանից, եթե նույնիսկ ենթադրենք, որ 13-րդ կետը կիրառելի էր դիմումատուներին ռազմական ոստիկանության քննչական մեկուսարան ընդունելու դեպքում, այդ դրույթը չէր նախատեսում ընդունման ժամանակ բժշկական զննություն կամ նույնիսկ այսպես կոչված «անձի մարմնի զննություն» կատարելու որևէ պահանջ: Այս առումով հատկանշական է, որ նույնիսկ ձերբակալվածների նկատմամբ կիրառելի՝ արգելանքի տակ պահելու ընդհանուր կանոններով, որոնք սահմանված էին «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքով, ձերբակալված անձանց պահելու վայր ընդունելու ժամանակ չէր պահանջվում որևէ պարտադիր բժշկական զննություն և նախատեսվում էր, որ նման զննություններ պետք է կատարվեին միայն վնասվածքներ հայտնաբերվելու դեպքում (տե'ս վերոնշյալ 182-րդ պարբերությունը): Հետևաբար, պարզ չէ, թե ինչու և ինչ իրավական հիմքով են դիմումատուներն անցել տվյալ զննությունները, ենթադրելով, որ դրանք բժշկական զննություններ են եղել, հատկապես եթե նրանք, ենթադրաբար, տեսանելի վնասվածքներ չեն ունեցել:

260. Անդրադառնալով հենց զննություններին, Դատարանը նշում է, որ դրանք իրականացվել են [ոստիկանության] հերթապահ ծառայողի, երկու փոխարինող ծառայողների, երկու ընթերակաների և հերթապահ բուժակի կողմից: Այդ զննությունների արդյունքում կազմված արձանագրություններում նշվում է, որ նրանք «զննել են դիմումատուների մարմինները» և «մարմինների վրա ոչինչ չի հայտնաբերվել» (տե'ս վերոնշյալ 31-րդ պարբերությունը): Դատարանը ծանրակշիռ կասկածներ ունի, որ այդ զննությունները կարող են որակվել որպես բժշկական զննություն՝ նույնիսկ հպանցիկ ու անարժանահավատ: Այն կրկին նշում է, որ բժշկական զննությունները, լինելով արգելանքի տակ գտնվող անձանց նկատմամբ վատ վերաբերմունքի դեմ կարևոր երաշխիք, պետք է անցկացվեն համապատասխան որակավորում ունեցող բժշկի կողմից և առանց ոստիկանության որևէ ծառայողի ներկայության: Մակերեսային և հավաքական զննությունները վտանգում են այս երաշխիքի արդյունավետությունն ու հուսալիությունը (տե'ս վերևում հիշատակված Ակկոցի գործը, § 118): Տվյալ զննությունները ոչ միայն չեն իրականացվել որակավորված բժշկի կողմից, ոստիկանության ծառայողների բացակայությամբ, այլև փաստացի իրականացվել են հենց ոստիկանության ծառայողների կողմից, ինչը լրջորեն խախտում է այս կարգը: Ճիշտ է, որ բուժանձնակազմի անդամ Կ.Գ.-ն մասնակցել է զննումներին: Այնուամենայնիվ, Կ.Գ.-ն ոչ թե որակավորված բժիշկ է, այլ ցածր դասի բժշկական անձնակազմի անդամ՝ Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) զեկույցներից հայտնի որպես «ֆելդշեր», ինչը կարող է մոտավոր թարգմանվել որպես «բուժակ» կամ «բուժեղբայր»: ԽԿԿ-ն չի բացառում, որ ընդունման ժամանակ բժշկական զննությունը կարող է անցկացվել «ֆելդշերների» կողմից այն պայմանով, որ նրանք զեկուցեն բժշկին (տե'ս ԽԿԿ-ի 2010 թվականին Ուկրաինա կատարած այցի վերաբերյալ զեկույցը, CPT/Inf(2002)23, § 108. մեջբերված նաև Դվոյնիխն ընդդեմ Ուկրաինայի [Dvoynykh v. Ukraine] գործում, թիվ 72277/01, § 41, 2006 թվականի հոկտեմբերի 12): Սակայն դա տեղի չի ունեցել սույն գործի պարագայում։ Ավելին, բոլոր երեք զննությունների արդյունքում ստացված միակ և նույնական եզրակացությունը, մասնավորապես այն մասին, որ «դիմումատուների մարմինների վրա ոչինչ չի հայտնաբերվել», որևէ ընդհանրություն չունի բժշկական եզրակացության հետ, և դրանից կարելի է ենթադրել, որ իրականացվել է միայն մակերեսային բուժզննում, եթե այդպիսին իրականացվել է: Վերը նշված գործոնների լույսի ներքո՝ Դատարանը չի կարող ընդունել տվյալ արձանագրությունները որպես արժանահավատ բժշկական եզրակացություններ:

261. Կառավարությունը նաև հղում է կատարել 2004 թվականի մայիսի 21-ի բժշկական զննության արդյունքներին: Դատարանը, այնուամենայնիվ, նշում է, որ դրանք նախատեսված են եղել դիմումատուների հոգեկան առողջության վիճակը և դատական նիստին մասնակցելու կարողությունը գնահատելու համար ու վատ վերաբերմունքի մասին նրանց հայտարարությունների հետ կապ չեն ունեցել (տե'ս վերոնշյալ 41-րդ պարբերությունը): Հետևաբար, այդ զննությունների արդյունքները վերաբերելի չեն:

262. Դատարանը միևնույն ժամանակ նշում է, որ գործի նյութերում առկա չեն այն ժամանակահատվածին վերաբերող արժանահավատ բժշկական եզրակացություններ, երբ դիմումատուների նկատմամբ ենթադրաբար ցուցաբերվել է վատ վերաբերմունք: Դիմումատուների կողմից անցած առաջին բժշկական զննությունն իրականացվել է միայն 2004 թվականի հուլիսի 7-ին՝ դիմումատուներին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ ընդունելուց հետո, մասնավորապես, ենթադրյալ վատ վերաբերմունքից ավելի քան երկու ամիս հետո, և վնասվածքներ չեն արձանագրվել (տե'ս վերոնշյալ 59-րդ և 61-րդ պարբերությունները): Դատարանն այս կապակցությամբ չի կարող անտեսել այն փաստը, որ մինչև դիմումատուների տեղափոխումը կալանավորված անձանց պահելու վայր, դիմումատուները պահվել են ռազմական ոստիկանության համակարգում գործող՝ ձերբակալվածներին պահելու վայրում՝ ավելի քան երկու ամիս, չնայած այն փաստին, որ Քր. դատ. օր.-ով հստակորեն արգելվում է կալանավորված անձանց ձերբակալված անձանց համար նախատեսված վայրերում երեք օրից ավելի պահելը (տե'ս վերոնշյալ 161-րդ պարբերությունը): Նույնիսկ Զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագրքի 14-րդ հավելվածով, որին հղում էր կատարում Կառավարությունը, ենթադրելով, որ այն կիրառելի էր, մինչև 2004 թվականի հունիսի 12-ի փոփոխություններն ուժի մեջ մտնելը, թույլատրվում էր միայն ձերբակալված, և ոչ կալանավորված անձանց տեղավորումը կարգապահական մեկուսարանում (տե'ս վերոնշյալ 192-րդ պարբերությունը): Հետևաբար, ամենաուշը 2004 թվականի ապրիլի 30-ին, այսինքն՝ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի կողմից դիմումատուներին կալանավորելու մասին որոշում կայացնելուց երեք օր հետո (տե'ս վերոնշյալ 35-րդ պարբերությունը), նրանք ռազմական ոստիկանության քննչական մեկուսարանից պետք է տեղափոխվեին Արդարադատության նախարարության համակարգում գործող՝ կալանավորված անձանց պահելու վայր: Ենթադրվում է, որ այս պահանջը պետք է լիներ կարևոր երաշխիք ֆիզիկական բռնության դեմ, որին կարող են ենթարկվել ձերբակալված անձինք ոստիկանության՝ ձերբակալված անձանց ժամանակավորապես պահելու վայրերում, այն պայմանով, որ բոլոր կալանավորված անձինք պետք է անցնեին բժշկական զննություն կալանավորված անձանց պահելու վայր ընդունվելու ժամանակ (տե'ս վերոնշյալ 183-րդ պարբերությունը): Դիմումատուները պնդել են, որ սա իրենց դեպքում չի իրականացվել միտումնավոր՝ իրենց վնասվածքները թաքցնելու և ահաբեկումը շարունակելու նպատակով: Ցանկացած դեպքում, անկախ այս կարգի խախտման մտահոգիչ լինելուց, վատ վերաբերմունքի մասին դիմումատուների հայտարարությունները հիմնավորող արժանահավատ բժշկական եզրակացությունների բացակայության պարագայում, Դատարանը չունի բավարար ապացույցներ, որոնք թույլ կտային իրեն համարել ողջամիտ կասկածից վեր, որ դիմումատուների նկատմամբ ցուցաբերվել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի պահանջների հետ անհամատեղելի վերաբերմունք:

263. Ուստի, Դատարանը կարծում է, որ բավարար ապացույցներ չկան՝ եզրակացնելու, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի նյութական կողմի խախտում:

 

բ) Արդյունավետ քննության ենթադրյալ բացակայությունը

 

i) Կողմերի փաստարկները

 

 ա) Կառավարությունը

 

264. Կառավարությունը նշել է, որ իշխանություններն իրականացրել են արդյունավետ քննություն վատ վերաբերմունքի մասին դիմումատուների հայտարարությունների առնչությամբ: Մասնավորապես, երկրորդ դիմումատուն ցուցմունք է տվել 2004 թվականի մայիսի 18-ին և նշել, որ իրեն չեն ստիպել խոստովանել: Առաջին դիմումատուի և նրա պաշտպանի՝ 2004 թվականի մայիսի 25-ի և հունիսի 8-ի բողոքները պատշաճորեն քննվել են և մերժվել՝ 2004 թվականի հունիսի 10-ի գրությամբ: Չնայած զինվորական դատախազի՝ այդ գրությամբ կատարված առաջարկությանը, դիմումատուներից ոչ մեկը չի դիմել՝ բժշկական զննություն անցնելու համար: Ավելին, իշխանությունների նախաձեռնությամբ անցկացվել է երկու բժշկական զննություն, մասնավորապես՝ 2004 թվականի ապրիլի 24-ին և մայիսի 21-ին: Դիմումատուների՝ քննիչների և զինվորական դատախազի անկողմնակալությունը վիճարկող բազմաթիվ միջնորդությունները նույնպես քննվել են և մերժվել՝ պատճառաբանված որոշումներով: Հաշվի առնելով 2004 թվականի ապրիլի 24-ի ֆիզիկական (բժշկական) զննությունների արդյունքները և գործի նյութերում առկա մյուս ապացույցները՝ որոշվել է, որ նրանց հայտարարություններն անհիմն են:

265. Դիմումատուների՝ վատ վերաբերմունքի մասին հայտարարությունները լրացուցիչ քննվել են Սյունիքի մարզի դատարանի ու Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի կողմից՝ իրենց [գործով] դատական քննության ժամանակ, և ճանաչվել են անհիմն: Նման որոշում կայացնելիս մարզային դատարանը լսել է համապատասխան քննիչներին և բանակի պաշտոնատար անձանց ու եզրակացրել, որ վատ վերաբերմունքի մասին հայտարարություններն ուղղված են եղել քրեական պատասխանատվությունից խուսափելուն: Ի վերջո, քրեական գործը լրացուցիչ քննության վերադարձնելուց հետո բազմաթիվ անձինք են հարցաքննվել, և նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հիմնվելով այդ բոլոր ապացույցների վրա՝ գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատարը որոշել է քրեական գործ չհարուցել՝ հանցակազմի բացակայության պատճառով: Այս որոշումը հաստատվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի կողմից:

 

բ) Դիմումատուները

 

266. Դիմումատուները նշել են, որ իշխանությունները վատ վերաբերմունքի մասին իրենց հայտարարությունների առնչությամբ արդյունավետ քննություն չեն իրականացրել: Նրանք ներկայացրել են վատ վերաբերմունքի մասին բազմաթիվ բողոքներ ներպետական բոլոր ատյաններ և պահանջել, որ հարուցվի քրեական գործ: Անկախ նրանց դեմ հարուցված գործից՝ օրենքով պահանջվում էր, որ նրանց բողոքները քննվեին առանձին քրեական գործի սահմաններում: Առաջին դիմումում նույնպես պնդել է, որ ինքը և իր պաշտպանը ներկայացրել են բողոքներ՝ նշելով վատ վերաբերմունք ցուցաբերած անձանց, սակայն դատախազությունը չի նշանակել բժշկական զննություն, կամ չի պարզել ու հարցաքննել վկաներին: Փոխարենը, իր սկզբնական բողոքը ներկայացնելուց տասնհինգ օր անց զինվորական դատախազը գրությամբ նշել է, որ բժշկական զննություն կարող էր նշանակվել, եթե ներկայացվեր համապատասխան պահանջ: Սա կատարվել է ցանկացած բժշկական զննություն հետաձգելու և այդպիսով վատ վերաբերմունքի ցանկացած ապացույցի հայտնաբերումն անհնար դարձնելու համար: Բացի դրանից, նա ինքն իրավունք չուներ նշանակելու դատական փորձաքննություն, քանի որ այդ իրավունքը, Քր. դատ. օր.-ի 243-րդ հոդվածի համաձայն, վերապահված էր վարույթն իրականացնող մարմնին: Ավելին, վարույթն իրականացնող մարմինը վատ վերաբերմունքի մասին նրա բողոքների մերժումը պատշաճորեն չի հիմնավորել: Ի հակադրություն Կառավարության պնդման՝ մարզային դատարանը և Վերաքննիչ դատարանը նույնպես պատշաճորեն չեն քննել նրա բողոքները, ինչը պարզ է դառնում այն փաստից, որ Վճռաբեկ դատարանը համարել է այդ դատարանների կողմից իրականացված քննությունը ոչ բավարար՝ վերադարձնելով գործը լրացուցիչ քննության և հատուկ նշանակելով վատ վերաբերմունքի մասին հայտարարությունների մանրակրկիտ քննություն:

 

ii) Դատարանի գնահատականը

 

ա) Ընդհանուր սկզբունքները

 

267. Դատարանը կրկին նշում է, որ եթե անհատը հիմնավոր բողոք է ներկայացնում, կամ, ինչպես նշված է Լաբիթայի գործով, անում է արժանահավատ հայտարարություն այն մասին, որ նրա նկատմամբ ոստիկանության կամ պետական այլ նման ծառայողների կողմից ցուցաբերվել է այնպիսի վերաբերմունք, որը խախտում է 3-րդ հոդվածը, այդ դրույթով անուղղակիորեն պահանջվում է կատարել արդյունավետ պաշտոնական քննություն: Ինչպես 2-րդ հոդվածով սահմանված քննությունը, այնպես էլ տվյալ քննությունը պետք է հանգեցնի պատասխանատու անձանց բացահայտմանը և պատժին (տե'ս վերևում հիշատակված Ասսենովը և այլոք գործը, § 102, Լաբիթայի գործը, § 131, և Պոլտորացկին ընդդեմ Ուկրաինայի [Poltoratskiy v. Ukraine], թիվ 38812/97, § 125, ՄԻԵԴ 2003‑V):

268. Քննություն իրականացնելու պարտականությունը «ոչ թե արդյունքի պարտականություն է, այլ՝ միջոցների». պարտադիր չէ, որ յուրաքանչյուր քննություն լինի հաջողված կամ ավարտվի այն եզրակացությամբ, որը համապատասխանում է դիմումատուի նշած դեպքերի շարադրանքին, սակայն դրա միջոցով գործնականում պետք է հնարավոր լինի արձանագրել գործի փաստերը, և հայտարարությունների արժանահավատությունը հաստատվելու դեպքում, այն նաև պետք է հանգեցնի հանցանքի համար պատասխանատուների բացահայտմանը, ու հիմնավոր լինելու դեպքում` նրանց պատժելուն: Այսպիսով, վատ վերաբերմունքի մասին ծանրակշիռ հայտարարությունների քննությունը պետք է լիակատար լինի: Դա նշանակում է, որ իշխանությունները միշտ պետք է ձգտեն պարզել, թե ինչ է տեղի ունեցել և չպետք է հիմնվեն հապճեպ կամ անհիմն եզրակացությունների վրա՝ քննությունն ավարտելու կամ դրանք իրենց որոշումների հիմք դարձնելու համար: Նրանք պետք է ձեռնարկեն բոլոր հնարավոր միջոցները` միջադեպի հետ կապված ապացույցներն ապահովելու համար, ինչը ներառում է, inter alia, առերեսումը, դատաբժշկական ապացույցները և այլն: Քննության ցանկացած թերություն, որը կարող է խաթարել վնասվածքների պատճառի կամ դրանց համար պատասխանատու անձանց ինքնության հաստատումը, կարող է այս չափանիշին չհամապատասխանելու վտանգ առաջացնել (տե'ս վերևում հիշատակված Միխեևի գործը, § 108, և Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի [Virabyan v. Armenia], թիվ 40094/05, § 162, 2012 թվականի հոկտեմբերի 2):

269. Ի վերջո, Դատարանը կրկին նշում է՝ որպեսզի պետական ծառայողների դրսևորած ենթադրյալ վատ վերաբերմունքի վերաբերյալ իրականացվող քննությունը լինի արդյունավետ, այն պետք է լինի անկախ: Քննության անկախությամբ ենթադրվում է ոչ միայն ենթակայության կամ ինստիտուցիոնալ կապի բացակայություն, այլ նաև՝ գործնական իմաստով անկախություն (տե'ս Օգյուրն ընդդեմ Թուրքիայի [ՄՊ] [Oğur Ogurv. Turkey [GC]], թիվ 21594/93, § 91, ՄԻԵԴ 1999 III, Մեհմեթ Էմին Յուկսելն ընդդեմ Թուրքիայի [Mehmet Emin YՖksel v. Turkey], թիվ 40154/98, § 37, 2004 թվականի հուլիսի 20, ինչպես նաև Երգին ընդդեմ Թուրքիայի [Ergi v. Turkey], 1998 թվականի հուլիսի 28, § 83, Զեկույցներ 1998 IV, անվտանգության ուժերի և ՔԲԿ-ի [PKK] ենթադրյալ բախման ժամանակ աղջկա մահվան փաստով քննություն իրականացնող պետական դատախազը բավարար չափով անկախ չի գործել` առավելապես հիմնվելով միայն դեպքին ներգրավված ոստիկանների տրամադրած տեղեկությունների վրա):

 

բ) Վերոնշյալ սկզբունքների կիրառումը սույն գործով

 

270. Չնայած, որ սույն գործով կողմերը չեն վիճարկում վատ վերաբերմունքի վերաբերյալ դիմումատուների ներկայացրած բողոքի հիմնավոր լինելու հարցը, Դատարանն այնուամենայնիվ անհրաժեշտ է համարում քննել [այն]: Դատարանը նշում է, որ, ինչպես արդեն նշվել է, իշխանությունները, ամենաուշը 2004 թվականի մայիսի 25-ին, տեղեկացվել են երեք դիմումատուների նկատմամբ ենթադրաբար ցուցաբերված վատ վերաբերմունքի մասին, երբ առաջին դիմումատուն բողոք է ներկայացրել, inter alia, գլխավոր դատախազին և զինվորական դատախազին (տե'ս վերոնշյալ 43-րդ պարբերությունը): Այդ բողոքը բավականաչափ մանրամասն էր, պարունակում էր ճշգրիտ ամսաթվեր, վայրեր, ենթադրյալ կատարողների անունները և ցուցաբերված վատ վերաբերմունքի որոշ մեթոդներ, և, Դատարանի կարծիքով, կարող է համարվել «արժանահավատ հայտարարություն»: Անկախ այն հանգամանքից, որ այս բողոքը հիմնավորող բժշկական ապացույց չկա, Դատարանը հետևողական է իր վերը նշված եզրահանգմանն առ այն, որ արժանահավատ բժշկական եզրակացությունները բացակայում են գլխավորապես իշխանությունների կողմից սահմանված ներպետական ընթացակարգերը չպահպանելու պատճառով (տե'ս վերոնշյալ 262-րդ պարբերությունը): Ճիշտ է, որ առաջին դիմումատուի բողոքը ներկայացվել է ենթադրյալ վատ վերաբերմունքից հետո մեկ ամիս ուշացմամբ: Այնուամենայնիվ, Դատարանը չի համարում այդ ուշացումն այնքան երկար, որ բողոքը ipso facto (փաստի ուժով) զրկվի իր իրական էությունից և բավարարվելու հեռանկարից: Բացի այդ՝ Դատարանը չի կարող անտեսել այն փաստը, որ այդ ժամանակահատվածում դիմումատուներն օրենքի խախտմամբ պահվել են իշխանության այն մարմնի համակարգում գործող վայրում, որի աշխատակիցները վատ վերաբերմունք ցուցաբերած ենթադրյալ անձինք էին, և զրկված են եղել արտաքին աշխարհի հետ որևէ կապից, որը, հավանաբար, դիմումատուների մոտ առաջացրել է անօգնականության և վախի զգացողություններ և ծառայել որպես կանխարգելիչ միջոց: Հետևաբար, զարմանալի չէ, որ առաջին դիմումատուն իր բողոքը ներկայացրել է անմիջապես այն բանից հետո, երբ նրան թույլ են տվել հանդիպել իր ընտրած պաշտպանին (տե'ս վերոնշյալ 42-րդ և 43-րդ պարբերությունները): Ի վերջո, Դատարանը նշում է, որ առաջին դիմումատուի բողոքին հաջորդել է մեկ այլ բողոք, որը ներկայացվել է պաշտպան Զ.Փ.-ի կողմից 2004 թվականի հունիսի 8-ին, ով նույնպես պնդում էր, որ երեք դիմումատուների նկատմամբ ցուցաբերվել է վատ վերաբերմունք (տե'ս վերոնշյալ 44-րդ պարբերությունը): Վատ վերաբերմունքի մասին երկրորդ և երրորդ դիմումատուները հետագա հայտարարություններ են արել, համապատասխանաբար, 2004 թվականի հունիսի 10-ին և 16-ին (տե'ս վերոնշյալ 46-րդ և 49-րդ պարբերությունները): Հետևաբար, Դատարանը եզրահանգում է, որ դիմումատուները ներկայացրել են վատ վերաբերմունքի ենթարկվելու վերաբերյալ հիմնավոր բողոք, և իշխանությունները պարտավոր էին այդ հայտարարությունների առնչությամբ իրականացնել արդյունավետ քննություն:

271. Ինչ վերաբերում է իշխանությունների արձագանքման արդյունավետությանը, ապա Դատարանը գտնում է, որ, հաշվի առնելով այն փաստը, որ բողոքը ներկայացնելու ժամանակահատվածից ի վեր բավական ժամանակ էր անցել, դատախազության մարմինները պետք է արագ արձագանքեին 2004 թվականի մայիսի 25-ի բողոքին և անմիջապես քայլեր ձեռնարկեին արված հայտարարությունները ստուգելու ուղղությամբ: Ձգձգումները կարող էին պոտենցիալ կերպով հանգեցնել ապացույցների կորստին և անդառնալի վնաս պատճառել քննության արդյունավետությանը: Սա համապատասխանում է իրականությանը՝ հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ դիմումատուներն այդ ժամանակ որևէ արժանահավատ բժշկական զննություն չեն անցել: Ավելին, դատախազության մարմինները տեղեկացված են եղել այն փաստի մասին, որ դիմումատուները պահվել են ռազմական ոստիկանության քննչական մեկուսարանում բավականին երկար ժամանակ և պետք է անհանգստացած լինեին այդ փաստով: Նրանք դիմումատուներին, ենթադրյալ կատարողներին և վկաներին հարցաքննելու, բժշկական զննություն նշանակելու և այլ ապացույցներ հավաքելու օրինական լիազորություններ ունեին և պետք է անհապաղ ձեռնարկեին այդպիսի քննչական գործողություններ: Ավելին, ներպետական օրենսդրությամբ, մասնավորապես, Քր. դատ. օր.-ի 180-րդ հոդվածով, պահանջվում է, որ այդպիսի քննությունն իրականացվի հանցագործության վերաբերյալ բողոքն ստանալուց հետո առնվազն տասն օրվա ընթացքում (տես վերոնշյալ 151-րդ պարբերությունը):

272. Փոխարենը, դատախազության մարմինները չեն իրականացրել որևէ քննություն, առավել ևս անհապաղ քննություն: Գրեթե ոչ ոք, բացառությամբ երկրորդ դիմումատուի, չի հարցաքննվել՝ ոչ առաջին և երկրորդ դիմումատուները, ոչ էլ վկաները և ենթադրյալ կատարողները, և ջանքեր չեն գործադրվել ապացույցներ հավաքելու համար՝ ներառյալ բժշկական զննություն նշանակելը և հանցագործության վայրը զննելը: Ինչ վերաբերում է երկրորդ դիմումատուի հարցաքննություններին, ապա Դատարանը նշում է, որ 2004 թվականի մայիսի 18-ի հարցաքննությունն անցկացվել է ենթադրյալ կատարողներ հանդիսացող երկու քննիչների կողմից և, ամեն դեպքում, ենթադրյալ վատ վերաբերմունքի մասին մանրամասնորեն շարադրված հարցեր չեն տրվել (տե'ս վերոնշյալ 39-րդ պարբերությունը), մինչդեռ 2004 թվականի հունիսի 29-ից 30-ի հարցաքննությունն անցկացվել է 2004 թվականի մայիսի 25-ի բողոքից ավելի քան մեկ ամիս անց, և դրան ընթացք չի տրվել (տե'ս վերոնշյալ 54-րդ պարբերությունը): Հետևաբար, նույնիսկ այս գործողությունները չեն կարող համարվել վատ վերաբերմունքի մասին հայտարարությունները քննելու լուրջ փորձ: Ավելին, զինվորական դատախազը ոչ միայն չի նշանակել բժշկական զննություն, այլև այդ գործընթացը դարձրել է պայմանական՝ դիմումատուներից պահանջելով ներկայացնել լրացուցիչ, որոշակի տեսակի պահանջ, չնայած, որ 2004 թվականի մայիսի 25-ի բողոքը պարունակում էր բավարար պատճառներ՝ նման զննություններ նշանակելու համար: Քրեական գործ հարուցելու կամ այն մերժելու վերաբերյալ ոչ մի որոշում չի կայացվել, և վատ վերաբերմունքի մասին հայտարարությունները մերժվել են զինվորական դատախազի կողմից վերջինիս գրությամբ՝ գրեթե առանց պատճառաբանման (տե'ս վերոնշյալ 45-րդ պարբերությունը): Մասնավորապես, դրանք մերժելու միակ պատճառն այն էր, որ դիմումատուները վատ վերաբերմունքի մասին հայտարարություններ չեն արել 2004 թվականի ապրիլի 27-ի դատական նիստի ժամանակ, որի ընթացքում որոշվել է նրանց նկատմամբ նախնական կալանք նշանակելու հարցը: Ավելին, առաջին դիմումատուի և նրա պաշտպանի՝ ռազմական ոստիկանության քննչական մեկուսարանում դիմումատուների մնալու վերաբերյալ հայտարարությունները ոչ միայն չեն առաջացրել մտահոգություններ, այլև զինվորական դատախազը նույնիսկ փորձել է հիմնավորել դրանք՝ հղում կատարելով Կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագրքի 14-րդ հավելվածին, որը, ինչպես արդեն նշվել է, թվում է, թե կիրառելի չէր դիմումատուների գործի նկատմամբ և, ամեն դեպքում, չէր պարունակում դրույթներ, որոնցով կարելի էր հիմնավորել այդ վայրում դիմումատուների՝ այդքան երկար մնալը:

273. Ըստ երևույթին, վատ վերաբերմունքի մասին դիմումատուների հայտարարությունների առնչությամբ որոշակի քննությունն իրականացվել է Սյունիքի մարզի դատարանի ու Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի կողմից՝ դիմումատուների [գործով] դատաքննության ընթացքում, բայց այն Վճռաբեկ դատարանի կողմից անուղղակիորեն համարվել է ոչ պատշաճ, և դատարանը որոշել է բեկանել դիմումատուների մեղադրական դատավճիռը՝ ներառյալ այն հիմքով, որ անհրաժեշտ էր իրականացնել վատ վերաբերմունքի մասին դիմումատուների հայտարարությունների լրացուցիչ քննություն (տե'ս վերոնշյալ 124-րդ պարբերությունը):

274. Ինչ վերաբերում է այս որոշմանը հաջորդած քննությանը, ապա Դատարանն ի սկզբանե նշում է, որ այն կատարվել է սպանության առթիվ դիմումատուների նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում, որում նրանք ներգրավված են եղել որպես մեղադրյալներ: Ենթադրյալ վատ վերաբերմունքի մասով Քրեական օրենսգրքի համապատասխան դրույթների համաձայն առանձին քրեական գործ չի հարուցվել: Ենթադրյալ կատարողներից ոչ ոք չի ներգրավվել որպես կասկածյալ, և նրանք շարունակել են հանդես գալ որպես վկաներ: Դատարանը հայտնում է իր կասկածն այն մասին, որ նման կերպ իրականացված քննությունը կարող էր համարվել այնպիսի քննություն, որի նպատակը վատ վերաբերմունքի մասին դիմումատուների հայտարարությունների առնչությամբ արժանահավատ և ամբողջական քննություն իրականացնելը և պատասխանատու անձանց բացահայտելն ու պատժելն էր (տե՛ս mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով) վերևում հիշատակված Վիրաբյանի գործը, §§ 165-166): Բացի այդ՝ այն իրականացվել է Հայաստանի զինվորական դատախազության և Հայաստանի Գուգարքի կայազորի զինվորական դատախազության, մասնավորապես, իշխանության այն մարմինների քննիչների կողմից, որոնց աշխատակիցներն առնչվել էին ենթադրյալ վատ վերաբերմունքի դրսևորմանը, և, հետևաբար, կարող էին չբավարարել անկախության և անկողմնակալության պահանջը (տե'ս Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի [Nalbandyan v. Armenia], թիվ 9935/06 և 23339/06, § 123, 2015 թվականի մարտի 31):

275. Բացի այդ՝ չնայած մի շարք հարցաքննություններ իրականացվել են, 2007 թվականի հոկտեմբերի 1-ի եզրափակիչ որոշումից չի հետևում, որ քննություն իրականացնող մարմինը հետևողական է եղել դիմումատուների վատ վերաբերմունքի մասին հայտարարություններին: Այս որոշումը միայն ամփոփել է ենթադրյալ կատարողների կողմից ներկայացված փաստերը՝ առանց դիմումատուների կողմից արված կոնկրետ հայտարարությունների մանրամասն գնահատման՝ ներառյալ նրանց սկզբնական ազատությունից զրկելու, և այնուհետև օրենքի խախտմամբ ռազմական ոստիկանության քննչական մեկուսարանում տեղավորելու հանգամանքները (տե'ս վերոնշյալ 137-րդ պարբերությունը): Ավելին, Դատարանը չի կարող անտեսել այն փաստը, որ այդ հարցաքննությունները պարունակել են գրեթե նույնանման տեքստեր, ինչը լուրջ կասկածներ է առաջացնում դրանց արժանահավատության վերաբերյալ (տե'ս վերոնշյալ 132-րդ պարբերությունը): Զարմանալի է նաև այն, որ քննություն իրականացնող մարմինը որոշել է հարցաքննել երրորդ դիմումատուի զարմուհու ամուսնուն՝ Հ.Մ.-ին, ով, ինչպես պարզվում է, անձնապես ծանոթ է եղել ենթադրյալ կատարողներից մեկի, այլ ոչ թե նրա հոր հետ (տե'ս վերոնշյալ 134-րդ պարբերությունը): Ի վերջո, ինչ վերաբերում է նշանակված բժշկական զննություններին, ապա պարզ չէ, թե ինչպես ենթադրյալ վատ վերաբերմունքից երեք տարի անց կատարված բժշկական զննությունը կարող էր օգտակար արդյունքների հանգեցնել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիմումատուները չեն պնդել, որ նրանց նկատմամբ ենթադրաբար ցուցաբերված վատ վերաբերմունքն իրենց առողջության վրա տևական ազդեցություն է ունեցել: Դիմումատուների բժշկական քարտերի ուսումնասիրությունը նույնպես արդյունավետ չի եղել՝ խնդրո առարկա ժամանակահատվածում դիմումատուներին ենթադրաբար հասցված վնասվածքների վերաբերյալ արժանահավատ արձանագրությունների բացակայության պատճառով:

276. Ելնելով վերոհիշյալից՝ Դատարանը գտնում է, որ չնայած Վճռաբեկ դատարանի 2006 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ արձանագրված հատուկ ցուցումներին, կարելի է ասել, որ քննություն իրականացնող մարմինները չեն ցուցաբերել բավական շահագրգռվածություն՝ այս հարցը պատշաճորեն լուծելու առումով, և ապացուցվել է համակարգի անարդյունավետությունը: Նման հանգամանքներում խիստ կասկածելի է, որ դատախազի 2007 թվականի հոկտեմբերի 1-ի որոշման դեմ դատարան ներկայացված հետագա բողոքները կարող էին հանգեցնել այլ արդյունքի և ապացուցել դրանց արդյունավետ միջոց լինելը: Այնուամենայնիվ, պետք է նշել, որ դիմումատուներն առաջին ատյանի դատարանում վիճարկել են 2007 թվականի հոկտեմբերի 1-ի որոշումը, սակայն դատարանը, դատելով վերջինիս որոշումից, ընդհանրապես որևէ քննություն չի իրականացրել (տե'ս վերոնշյալ 139-րդ պարբերությունը): Ելնելով վերոնշյալից՝ [իրավական պաշտպանության ներպետական միջոցները] չսպառելու վերաբերյալ Կառավարության առարկությունը պետք է մերժել: Հետևաբար, Դատարանը եզրահանգում է, որ իշխանության մարմինները վատ վերաբերմունքի մասին դիմումատուների հայտարարությունների առնչությամբ արդյունավետ քննություն չեն իրականացրել՝ ինչպես պահանջվում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածով:

277. Հետևաբար, բոլոր երեք դիմումատուների մասով տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ընթացակարգային խախտում:

 

Բ. Կալանքի տակ գտնվելու ժամանակ հացադուլի ընթացքում առաջին դիմումատուին անհրաժեշտ բժշկական օգնության ենթադրյալ չտրամադրումը

 

Ընդունելիությունը

 

ա) Կողմերի փաստարկները

 

i) Կառավարությունը

 

278. Կառավարությունը նշել է, որ առաջին դիմումատուն հացադուլի ընթացքում ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն: Տրամադրված բժշկական օգնությունը համապատասխանել է ԽԿԿ չափանիշներին, մասնավորապես, նա բժշկի այցելելու և որակավորված բուժանձնակազմի կողմից բուժում ստանալու իրավունք է ունեցել: Նախնական կալանքի վայրում եղել է մասնագիտացված բուժանձնակազմ, և բժիշկը պարբերաբար այցելել ու զննել է առաջին դիմումատուին, այդ թվում՝ հացադուլի ընթացքում: Այս բոլոր բժշկական զննությունների վերաբերյալ նշվել է նրա բժշկական քարտում: Առողջական խնդիրներ հայտնաբերվելու դեպքում նա անմիջապես ստացել է ամբուլատոր բուժում և դեղամիջոցներ: Առաջին դիմումատուն հետագայում բուժում է ստացել Դատապարտյալների հիվանդանոցում և ազատ արձակվելուց հետո շարունակել է մնալ մշտական բժշկական հսկողության ներքո:

279. Կառավարությունն այնուհետև նշել է, որ չկան ապացույցներ այն մասին, որ առաջին դիմումատուն կրել է որևէ ֆիզիկական կամ հոգեկան վնաս, ենթադրաբար, անհրաժեշտ բժշկական օգնություն չստանալու հետևանքով: Բացի այդ՝ նշված ժամանակահատվածում առաջին դիմումատուի առողջության էական վատթարացում տեղի չի ունեցել:

 

ii) Առաջին դիմումատուն

 

280. Առաջին դիմումատուն նշել է, որ կալանքի տակ գտնվելու ժամանակ հացադուլի ընթացքում նրան անհրաժեշտ բժշկական օգնություն չի տրամադրվել, և Կառավարությունն իր փաստարկները փաստաթղթերով չի հիմնավորել:

 

բ) Դատարանի գնահատականը

 

281. Դատարանը նշում է, որ չի կարելի բացառել, որ հիվանդ անձի կալանավորումը կարող է խնդիրներ առաջացնել 3-րդ հոդվածի շրջանակներում (տես՝ Մոյսելնն ընդդեմ Ֆրանսիայի [Mouisel v. France], թիվ՝ 67263/01, § 38, ՄԻԵԴ 2002-IX): Թեև այս հոդվածը չի կարող ընկալվել որպես առողջական վիճակի հիմքով կալանավորված անձանց ազատ արձակելու ընդհանուր պարտավորության սահմանում, այնուամենայնիվ այն պետության համար սահմանում է պարտավորություն՝ պաշտպանել ազատությունից զրկված անձանց ֆիզիկական բարեկեցությունը՝ նրանց, ի թիվս այլնի, տրամադրելով անհրաժեշտ բժշկական օգնություն (տես՝ Սարբանն ընդդեմ Մոլդովայի [Sarban v. Moldova], թիվ 3456/05, § 77, 2005 թվականի հոկտեմբերի 4, և Խուդոբինն ընդդեմ Ռուսաստանի [Khudobin v. Russia], թիվ 59696/00, § 93, ՄԻԵԴ 2006‑XII (քաղվածքներ)):

282. Տվյալ դեպքում, առաջին դիմումատուն պնդել է, որ նրա նկատմամբ ցուցաբերվել է 3-րդ հոդվածի պահանջներին հակասող վերաբերմունք, քանի որ նրան չի տրամադրվել անհրաժեշտ բժշկական կամ հոգեբանական օգնություն և նրան թույլ չի տրվել տեսնել իր բարեկամներին կալանքի տակ գտնվելու ժամանակ՝ հացադուլի ընթացքում:

283. Առաջին հերթին Դատարանը նշում է, որ առաջին դիմումատուն որևէ հիվանդությամբ չի տառապել և նրա հայտարարություններն այն մասին, որ նա պահանջել է բժշկական և հոգեբանական օգնություն, հիմնավորվում են միայն այն փաստով, որ նա գտնվել է հացադուլի մեջ: Դատարանը չի բացառում, որ հնարավոր է լինեն իրավիճակներ, երբ բանտարկյալը հացադուլի հետևանքով հատուկ բժշկական օգնության և բուժման կարիք ունենա, և այդպիսի օգնություն կամ բուժում չտրամադրելը կարող է հանգեցնել 3-րդ հոդվածի պահանջների հետ անհամատեղելի իրավիճակի: Այնուամենայնիվ, անհրաժեշտ է պարզել, թե արդյոք տվյալ դեպքում այդպիսի իրավիճակ եղել է:

284. Դատարանը նկատում է, որ առաջին դիմումատուն հացադուլի մեջ է եղել 2004 թվականի օգոստոսի 3-ից նոյեմբերի 5-ը: Դիմումատուի բժշկական քարտում առկա է գրառում այն մասին, որ նա գտնվել է մշտական բժշկական հսկողության ներքո 2004 թվականի օգոստոսի 11-ից: Սակայն պարզ չէ՝ արդյոք դա ճշմարտությանը համապատասխանում է, թե ոչ, քանի որ բժշկական քարտում առկա չէ առաջին դիմումատուի նկատմամբ կատարված որևէ հատուկ բժշկական զննության վերաբերյալ որևէ արձանագրություն՝ իր հացադուլն սկսելու օրվանից մինչև 2004 թվականի հոկտեմբերի 19-ին հիվանդանոց տեղափոխվելը:

285. Մյուս կողմից, չկան ապացույցներ՝ ենթադրելու, որ երկուսուկես ամսվա հացադուլը առաջին դիմումատուի ֆիզիկական կամ հոգեկան առողջության վրա ունեցել է այդպիսի ազդեցություն կամ հանգեցրել է բժշկական օգնություն կամ բուժում պահանջող արտակարգ իրավիճակների: Առաջին դիմումատուն նաև չի ներկայացրել բողոքներ այդ ժամանակահատվածում. նա առաջին անգամ բողոք է ներկայացրել հենց հիվանդանոց տեղափոխվելու օրը: Նույնիսկ այդ բողոքում չկային մանրամասներ առողջության ենթադրյալ խնդիրների և անհրաժեշտ բժշկական օգնության վերաբերյալ (տե'ս վերոնշյալ 79-րդ պարբերությունը)։ Ավելին, հիվանդանոց ընդունվելուց հետո առաջին դիմումատուն անցել է մի շարք զննություններ, և հիվանդություններ կամ բողոքներ չեն հայտնաբերվել: Նրա մոտ ախտորոշվել է միայն ընդհանուր հյուծվածություն՝ հացադուլի պատճառով, որի համար նա բուժում է ստացել հիվանդանոցում 2004 թվականի հոկտեմբերի 19-ից նոյեմբերի 2-ը: Դրանից հետևում է, որ իշխանություններն արձագանքել են առաջին դիմումատուի հատուկ առողջական կարիքներին, և հիմքեր չկան ենթադրելու, որ նրանց արձագանքը եղել է ուշացած կամ ոչ պատշաճ:

286. Ինչ վերաբերում է առաջին դիմումատուի հատուկ հայտարարությանն այն մասին, որ հացադուլի ընթացքում նրան չի թույլատրվել տեսնել իր ընտանիքին, ինչը սաստկացրել է նրա տանջանքները, ապա Դատարանը նշում է, որ ոչ առաջին դիմումատուն, ոչ էլ նրա պաշտպանն այդ միջոցի մասով որևէ իրավասու մարմին բողոք չեն ներկայացրել , ինչը կասկածներ է առաջացնում այն մասին, թե արդյոք առաջին դիմումատուն սպառել է իրավական պաշտպանության ներպետական միջոցները:

287. Դատարանի կարծիքով հացադուլի մեջ գտնվող յուրաքանչյուր անձ որոշ չափով տանջվում և ընկճվածություն է զգում: Այդուհանդերձ, ելնելով վերոնշյալից, չի կարելի ասել, որ տանջանքները և հոգեկան տառապանքները, որոնք առաջին դիմումատուն կարող էր զգալ հացադուլի հետևանքով, պատճառվել կամ խորացել են իշխանությունների գործողությունների կամ անգործության հետևանքով ու հանգեցրել 3-րդ հոդվածի պահանջների հետ անհամատեղելի վերաբերմունքի:

288. Այստեղից հետևում է, որ գանգատի այս մասն ակնհայտ անհիմն է և պետք է մերժվի՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն:

 

III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

289. Առաջին դիմումատուն բողոք է ներկայացրել առ այն, որ 2004 թվականի ապրիլի 19-ից 24-ն իր ենթադրյալ ազատազրկումն անօրինական է եղել։ Նա նաև բողոք է ներկայացրել այն մասին, որ 2004 թվականի օգոստոսի 24-ից նոյեմբերի 4-ն իրեն կալանքի տակ պահելը դատարանի կողմից օրենքով սահմանված կարգով թույլ չի տրվել։ Նա հիմնվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի վրա, որն ունի հետևյալ բովանդակությունը.

«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք։ Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.

ա) անձին օրինական կերպով կալանքի տակ պահելը իրավասու դատարանի կողմից նրա դատապարտվելուց հետո.

բ) անձի օրինական ձերբակալումը կամ կալանավորումը դատարանի օրինական կարգադրությանը չենթարկվելու համար կամ օրենքով նախատեսված ցանկացած պարտավորության կատարումն ապահովելու նպատակով.

գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը՝ իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար.

դ) անչափահասին կալանքի վերցնելը օրինական կարգադրության հիման վրա՝ դաստիարակչական հսկողության համար, կամ նրա օրինական կալանավորումը՝ նրան իրավասու իրավական մարմնին ներկայացնելու նպատակով.

ե) անձանց օրինական կալանքի վերցնելը՝ վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով, ինչպես նաև հոգեկան հիվանդներին, գինեմոլներին կամ թմրամոլներին կամ թափառաշրջիկներին օրինական կալանքի վերցնելը.

զ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը՝ նրա անօրինական մուտքը երկիր կանխելու նպատակով, կամ այն անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը, որի դեմ միջոցներ են ձեռնարկվում՝ նրան արտաքսելու կամ հանձնելու նպատակով:»։

290. Դատարանը նշում է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի ներքո ներկայացված այս և մյուս բողոքները ներկայացվել են միայն առաջին դիմումատուի կողմից։ Այդ պատճառով, շարադրանքի պարզության նկատառումներից ելնելով, առաջին դիմումատուն այսուհետ կհիշատակվի որպես «դիմումատու»:

 

Ա. 2004 թվականի ապրիլի 19-ից 24-ը դիմումատուի ենթադրյալ ազատազրկումը

 

1. Կողմերի փաստարկները

 

ա) Կառավարությունը

 

291. Կառավարությունն ի սկզբանե պնդել է, որ ոչ մի ապացույց չկա, որը հաստատում է դիմումատուի պնդումն այն մասին, որ 2004 թվականի ապրիլի 19-ին և 20-ին ինքը զրկվել է ազատությունից։ Իրականում այդ օրերին դիմումատուն եղել մարտական հերթապահության դիրքերում։ Ավելին, դիմումատուն չէր կարող ազատությունից զրկվել այդ օրերին, քանի որ նրա ինքնությունը քննչական խմբին հայտնի չէր և հայտնի էր դարձել միայն 2004 թվականի ապրիլի 21-ին՝ զորամասում երկրորդ դիմումատուի հարցաքննության ժամանակ։ Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի բժշկական քարտում կատարված գրառումը, որի համաձայն նա կալանավորվել է 2004 թվականի ապրիլի 19-ին, հակասում էր դիմումատուի կալանավորմանը վերաբերող փաստաթղթերի բովանդակությանը, իսկ կալանավորման դրդապատճառները նշված չէին։ Այս կապակցությամբ, 2008 թվականի հունվարի 18-ին քննություն է սկսվել՝ հնարավոր պաշտոնական կեղծման փաստը քննելու նպատակով, և հաստատվել է, որ այդ գրառումը սխալմամբ է կատարվել։

292. Կառավարությունը նաև նշել է, որ 2004 թվականի ապրիլի 21-ին դիմումատուն իսկապես զրկվել է ազատությունից, ինչը սոսկ կարգապահական տույժ էր։ Տույժը կիրառվել է իրավասու մարմնի, մասնավորապես՝ զորամասի հրամանատարի կարգադրությամբ՝ առաջին դիմումատուի ինքնակամ բացակայության պատճառով, ինչը որակվել է որպես «ծանր կարգապահական զանցանք»։ Այնուհետև քննչական խումբը նրան տեղափոխել է Մարտակերտի կայազորի զինվորական դատախազություն՝ նրան սպանության գործով որպես վկա հարցաքննելու նպատակով, քանի որ Քր. դատ. օր.-ի 206-րդ հոդվածով պահանջվում էր, որ վկաները հարցաքննվեն նախաքննության կատարման վայրում։ Հարցաքննությունից հետո դիմումատուն տեղափոխվել է Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժին, որտեղ նա կարգապահական մեկուսարանում պետք է կրեր կարգապահական տույժ՝ ՀՀ զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագրքի համաձայն։ Վերջապես, 2004 թվականի ապրիլի 23-ին դիմումատուն տեղափոխվել է Երևան և տեղավորվել թիվ 10724 զորամասում՝ որպես պաշտպանության միջոց՝ Քր. դատ. օր.-ի 98-րդ հոդվածի համաձայն։ 2004 թվականի ապրիլի 24-ին նա ձերբակալվել է և տեղավորվել այդ զորամասում գտնվող ռազմական ոստիկանության քննչական մեկուսարանում՝ վերոնշյալ Կանոնագրքին համապատասխան։

293. Ի վերջո Կառավարությունը նշել է, որ տվյալ կարգապահական տույժը կիրառվել է Կառավարության 1996 թվականի օգոստոսի 12-ի թիվ 247 որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնադրության 51-րդ և 54-րդ կետերի, ինչպես նաև դրա 5-րդ հավելվածի համաձայն։ Հայաստանը վավերագիրը ներկայացնելիս Կոնվենցիայի 5-րդ հոդվածի մասով վերապահում է կատարել՝ այս ներպետական դրույթների առնչությամբ։ Վերապահումը համապատասխանել է Կոնվենցիայի 57-րդ հոդվածի պահանջներին։ Մասնավորապես, այն չի կրել ընդհանուր բնույթ և պարունակել է մեջբերում համապատասխան օրենքից։ Այսպիսի հանգամանքներում Կոնվենցիայի 5-րդ հոդվածը կիրառելի չէր դիմումատուի 2004 թվականի ապրիլի 24-ի ձերբակալությանը նախորդած ազատազրկման նկատմամբ։

 

բ) Դիմումատուն

 

294. Դիմումատուն վիճարկել է Կառավարության պնդումն այն մասին, որ իրեն ազատությունից զրկել են միայն 2004 թվականի ապրիլի 21-ին, և պնդել, որ դա իրականում տեղի է ունեցել 2004 թվականի ապրիլի 19-ին։ Նա նաև պնդել է, որ Կառավարության պնդումը հիմնված է եղել ոչ հավաստի ապացույցի վրա, մինչդեռ իր բժշկական քարտում արված արձանագրությունը եղել է հավաստի։ Հնարավոր պաշտոնական կեղծման առնչությամբ քրեական գործ հարուցելը իշխանությունների կողմից պարզապես ճշմարտությունը քողարկելու հերթական փորձ է եղել։

295. Դիմումատուն նաև վիճարկել է Կառավարության պնդումն առ այն, որ իրեն ազատազրկել են կարգապահական նկատառումներով։ Իրականում, նրան ձերբակալել են իբրև քրեական գործով կասկածյալի։ Սա տեղի է ունեցել ապօրինաբար և սահմանված ընթացակարգերի խախտմամբ, ինչն էլ հանգեցրել է նրան, որ նա զրկվել է իրավաբանական օգնությունից և կասկածյալի այլ իրավունքներից։ Նրա ապօրինի ձերբակալությունը հետապնդել է նրանից խոստովանություն կորզելու նպատակ, իսկ կարգապահական տույժը ծառայել է պարզապես իբրև պատրվակ՝ խախտումները քողարկելու համար։ Նա երբեք չի տարվել կարգապահական մեկուսարան, որտեղ կարող էր կրել կարգապահական տույժը, փոխարենը՝ գտնվել է Դատախազության՝ քրեական գործով քննություն իրականացնող աշխատակիցների տրամադրության տակ։ Նրան պահել են իրավապահ տարբեր մարմիններում և հարցաքննել՝ որպես կասկածյալի։ Մեկուսացման համապատասխան գրությունը կարգապահական մեկուսարան նրան ընդունելու և դրանից ազատելու վերաբերյալ որևէ նշում չի պարունակել։ Հետևաբար, Կառավարության հղումը Կոնվենցիայի 5-րդ հոդվածի մասով Հայաստանի վերապահմանն անհիմն էր։

 

2. Դատարանի գնահատականը

 

ա) Ընդունելիությունը

 

296. Դատարանը կարծում է, որ մինչև 2004 թվականի ապրիլի 24-ը դիմումատուի պաշտոնական ձերբակալությունը նրա ենթադրյալ ազատազրկման նկատմամբ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի կիրառելիության վերաբերյալ Կառավարության առարկությունը սերտորեն կապված է դիմումատուի բողոքի էությանը, հետևաբար, պետք է միացվի գործի ըստ էության քննությանը։

297. Դատարանը նշում է, որ այս բողոքը, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով, ակնհայտ անհիմն չէ։ Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով։ Հետևաբար, այն պետք է հայտարարվի ընդունելի։

 

բ) Ըստ էության քննությունը

 

i) Ընդհանուր սկզբունքները

 

298. Դատարանը կրկին նշում է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածով ամրագրված է հիմնարար իրավունք, մասնավորապես՝ անձի պաշտպանությունը՝ իր ազատության իրավունքի իրականացմանը պետության կամայական միջամտությունից։ 5-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ հռչակված «ազատության իրավունքը» ենթադրում է անձի ֆիզիկական ազատությունը. դրա նպատակն է ապահովել, որ ոչ ոք անհիմն չզրկվի այդ ազատությունից։ Սա չի վերաբերում զուտ տեղաշարժման ազատության սահմանափակմանը. նման սահմանափակումները կարգավորվում են թիվ 4 Արձանագրության 2-րդ հոդվածով։ Դատարանը նաև նշում է, որ 5-րդ հոդվածի 1-ին կետով հստակ սահմանվում է, որ դրանով նախատեսված երաշխիքները կիրառվում են «բոլորի» նկատմամբ։ 5-րդ հոդվածի 1-ին կետի «ա»-ից «զ» ենթակետերը ներառում են այն թույլատրելի հիմքերի սպառիչ ցանկը, որոնց հիման վրա անձին կարելի է զրկել ազատությունից, և ազատազրկումը չի կարող օրինական լինել, եթե այն չի կատարվել այդ հիմքերով։ Երբ քննվում է կալանավորման «օրինականության» հարցը, այդ թվում՝ այն, թե արդյոք «օրենքով սահմանված ընթացակարգը» պահպանվել է, Կոնվենցիայով հիմնականում հղում է կատարվում ներպետական օրենսդրությանը, և սահմանվում է ներպետական օրենսդրության նյութական և ընթացակարգային կանոնները պահպանելու պարտավորությունը։ Այնուամենայնիվ, ներպետական օրենսդրությանը համապատասխան գործելը բավարար չէ. 5-րդ հոդվածի 1-ին կետով պահանջվում է նաև, որ ցանկացած դեպքում, երբ անձը զրկվում է ազատությունից, անհատին կամայականությունից պաշտպանելու սկզբունքը պահպանվի: Հիմնարար սկզբունք է այն, որ որևէ կամայական կալանավորում չի կարող համատեղելի լինել 5-րդ հոդվածի 1-ին կետի հետ, իսկ 5-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված «կամայականություն» հասկացությունն ընդգրկում է ավելի լայն շրջանակ, քան ներպետական օրենսդրությունը չպահպանելը՝ այնպես, որ բացառվեն այն դեպքերը, երբ ազատազրկումը ներպետական օրենսդրության համաձայն լինի օրինական, սակայն, այդուհանդերձ, կամայական, և այդպիսով հակասի Կոնվենցիային (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Կրյանգան ընդդեմ Ռումինիայի [ՄՊ] [Creangă v. Romania [GC]], թիվ 29226/03, § 84, 2012 թվականի փետրվարի 23)։

 

ii) Վերոնշյալ սկզբունքների կիրառումը սույն գործով

 

299. Նախ, Դատարանն անհրաժեշտ է համարում հստակեցնել այն ժամանակահատվածը, որը պետք է հաշվի առնել։ Ինչպես արդեն նշվել է, մինչև 2004 թվականի ապրիլի 23-ին դիմումատուին Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխելը, նրան հարցաքննել են երեք տարբեր վայրերում. նախ՝ զորամասում, ապա՝ Մարտակերտի կայազորի դատախազությունում, և վերջապես՝ Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժնում։

300. Ինչ վերաբերում է առաջին հարցաքննությանը, որը տեղի է ունեցել զորամասի հրամանատարի առանձնասենյակում, ապա դիմումատուն չի պնդել, որ իրեն ազատությունից զրկել են այդ պահից սկսած, այլ այն պահից, երբ իրեն իր զորամասից տեղափոխել են Մարտակերտի կայազորի զինվորական դատախազություն։ Կողմերն ընդունել են, որ այս տեղափոխումը իրականացվել է հրամանատարի առանձնասենյակում հարցաքննությունից անմիջապես հետո, սակայն դիմումատուն պնդել է, որ դա տեղի է ունեցել 2004 թվականի ապրիլի 19-ին, մինչդեռ Կառավարության պնդմամբ՝ 2004 թվականի ապրիլի 21-ին։

301. Դատարանն այս առնչությամբ նշում է, որ գործի նյութերում բավարար ապացույցներ չկան՝ հիմնավորելու դիմումատուի պնդումն այն մասին, որ իր առաջին հարցաքննությունը և դրան հաջորդող տեղափոխումը Մարտակերտ տեղի են ունեցել 2004 թվականի ապրիլի 19-ին, և ոչ թե՝ 2004 թվականի ապրիլի 21-ին։ Նույնիսկ իր գանգատի սկզբնական տարբերակում դիմումատուն որպես իրեն ազատությունից զրկելու առաջին օր նշել է 2004 թվականի ապրիլի 21-ը, և միայն հետո է պնդել, որ դա եղել է տպագրական սխալ, և որ ճշգրիտ ամսաթիվը ենթադրաբար 2004 թվականի ապրիլի 19-ն է։ Ըստ երևույթին, միակ պաշտոնական փաստաթուղթը, որում որպես դիմումատուին ազատությունից զրկելու առաջին օր նշված է 2004 թվականի ապրիլի 19-ը, դիմումատուի բժշկական քարտն է, որը բացվել էր դիմումատուին 2004 թվականի հուլիսի 6-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելուց հետո (տե՛ս վերոնշյալ 60-րդ պարբերությունը)։ Այնուամենայնիվ, հետաքննությամբ հաստատվել է, որ գրառումը սխալ է եղել, և Դատարանն այդ եզրակացությունը կասկածի տակ դնելու որևէ պատճառ չունի (տե՛ս վերոնշյալ 141-րդ պարբերությունը)։ Մնացած բոլոր ապացույցները վկայում են այն մասին, որ դիմումատուներին տարել են հրամանատարի առանձնասենյակ, և այնուհետև Մարտակերտ՝ 2004 թվականի ապրիլի 21-ին։ Իրականում, գործի նյութերում չկա թեկուզ մեկ փաստաթուղթ, որը կվկայեր քրեական գործի համատեքստում դիմումատուների մասնակցությամբ ավելի վաղ ամսաթվով կատարված քննչական կամ այլ գործողությունների վերաբերյալ (տե՛ս, օրինակ, վերոնշյալ 18-ից 20-րդ պարբերությունները)։ Նման հանգամանքներում դիմումատուի պնդումն առ այն, որ իրեն զրկել են ազատությունից 2004 թվականի 19-ին և 20-ին, չի հաստատվում գործի նյութերով։

302. Ինչ վերաբերում է դիմումատուի՝ իր զորամասում 2004 թվականի ապրիլի 21-ին տեղի ունեցած հարցաքննությանը հաջորդող ժամանակահատվածին, ապա Կառավարությունն ընդունել է, որ դիմումատուն զրկվել է ազատությունից, սակայն պնդել է, որ դա որևէ կապ չի ունեցել քրեական գործով քննության հետ, և զուտ կարգապահական միջոց է եղել, և որ դա կիրառվել է միայն Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժնում նրա գտնվելու ընթացքում, որտեղ նրան փակի տակ են պահել 2004 թվականի ապրիլի 21-ի և 22-ի գիշերները՝ կարգապահական տույժը կրելու նպատակով։ Նրա տեղափոխությունը Մարտակերտի կայազորի զինվորական դատախազություն պայմանավորված է եղել միայն այն հանգամանքով, որ նա քրեական գործով վկա էր, ով պետք է հարցաքննվեր։ Նա նաև չէր զրկվել ազատությունից Երևան ժամանելուց հետո՝ մինչև 2004 թվականի ապրիլի 24-ին իր ձերբակալումը։ Դատարանը, այնուամենայնիվ, այս փաստարկները համոզիչ չի համարում հետևյալ պատճառներով:

303. Գործի նյութերից պարզ է դառնում, որ 2004 թվականի ապրիլի 21-ին՝ ըստ երևույթին առավոտյան կամ կեսօրին, դիմումատուին տեղափոխել են զորամասի հրամանատարի առանձնասենյակ, որտեղ նա քրեական գործի առնչությամբ հարցաքննվել է իրավապահ մարմինների կողմից։ Այդ հարցաքննության ընթացքում հրամանատարը ենթադրաբար որոշել է դիմումատուի նկատմամբ նշանակել կարգապահական տույժ, մասնավորապես՝ տասնօրյա ժամկետով մեկուսացում կարգապահական մեկուսարանում՝ զինվորական կանոնները խախտելու համար, և կարգադրել է, որ Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժինը կալանավորի նրան: Դատարանը, այնուամենայնիվ, նշում է, որ թեև հրամանատարի արձակած թիվ 112 հրամանը և մեկուսացման համապատասխան գրությունը (տե՛ս վերոնշյալ 18-րդ պարբերությունը) պաշտոնապես հիմք են ծառայել դիմումատուին ազատությունից զրկելու համար, բոլոր փաստերը վկայում են, որ դիմումատուն իրականում ազատությունից զրկվել է քրեական գործով քննության նպատակներով:

304. Նախ, գործում առկա չէ որևէ նյութ, որից հնարավոր կլիներ ենթադրել, որ դիմումատուին երբևէ տեղափոխել են կարգապահական մեկուսարան՝ իր ենթադրյալ տույժը կրելու համար։ Իրականում, ՀՀ զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագրքով սահմանված՝ կարգապահական մեկուսացման դեպքերում կիրառելի համապատասխան ընթացակարգերից և ոչ մեկը չի պահպանվել (տե՛ս վերոնշյալ 190-ից 199-րդ պարբերությունները): Փոխարենը, հրամանատարի առանձնասենյակում հարցաքննվելուց անմիջապես հետո դիմումատուն իրավապահ մարմինների կողմից տարվել է Մարտակերտի դատախազություն՝ լրացուցիչ հարցաքննության համար, և այդ օրը՝ ավելի ուշ, տեղափոխվել Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժին, որտեղ նա պահվել է երկու գիշեր՝ մինչև 2004 թվականի ապրիլի 23-ը և, ենթադրաբար, կրկին հարցաքննվել։ Կառավարության պնդումն այն մասին, որ դիմումատուին տեղավորել են Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժնում գտնվող կարգապահական մեկուսարանում, չի հաստատվում որևէ ապացույցով, ինչպես օրինակ՝ ընդունման արձանագրությամբ կամ այլ փաստաթղթով։

305. Երկրորդ, դիմումատուին ազատությունից զրկելու համար օրինական հիմք հանդիսացած փաստաթղթերը, որոնք են՝ թիվ 112 հրամանը և մեկուսացման համապատասխան գրությունը, հստակ շարադրված չեն և կասկածներ են առաջացնում դրանց արժանահավատության վերաբերյալ։ Այսպիսով, մեկուսացման գրության մեջ միայն նշված է, որ դիմումատուն «խախտել է զինվորական կանոնները»՝ առանց խախտման վերաբերյալ որևէ մանրամասների։ Փաստաթղթերով հիմնավորված որևէ ապացույց չկա, որը կհաստատեր Կառավարության պնդումն այն մասին, որ կատարված խախտումը ինքնակամ բացակայությունն է եղել։ Հրամանում որևէ նշում չկա զինվորական կանոնների որևէ խախտման մասին և պարզապես նշված է, որ առաջին դիմումատուն «համարվում է մեկուսացված՝ Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժնի կողմից»: Դատարանը նշում է, որ նույնիսկ Վճռաբեկ դատարանը, իր 2006 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ, թվում է, թե չի ըմբռնել դիմումատուի մեկուսացման բնույթը, և կասկած է հայտնել այն հանգամանքի վերաբերյալ, թե արդյոք դա կարող էր հանգեցնել ազատությունից ապօրինաբար զրկելուն, և կարգադրել է այդ փաստի առնչությամբ քննություն իրականացնել (տե՛ս վերոնշյալ 124-րդ պարբերությունը):

306. Երրորդ, զինվորական դատախազի 2004 թվականի ապրիլի 23-ի և հունիսի 10-ի գրություններից պարզ է դառնում, որ 2004 թվականի ապրիլի 21-ից դիմումատուի նկատմամբ կիրառված բոլոր միջոցները ձեռնարկվել են քրեական գործի նպատակներով և կարգապահական որևէ տույժի հետ կապ չեն ունեցել (տե՛ս վերոնշյալ 21-րդ և 45-րդ պարբերությունները): Նույնը կարելի է եզրակացնել նաև դատաքննությունն իրականացնող դատարանում համապատասխան քննիչների և ռազմական ոստիկանության ծառայողների կողմից տրված ցուցմունքներից (տե՛ս վերոնշյալ 95-րդ և 96-րդ պարբերությունները):

307. Դատարանը նաև համաձայն չէ Կառավարության այն պնդման հետ, որ դիմումատուի տեղափոխումը Մարտակերտի կայազորի զինվորական դատախազություն՝ նրան որպես վկա հարցաքննելու նպատակով, չի հանգեցրել ազատությունից զրկելուն։ Նախ, դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ դիմումատուն արդեն իսկ համարվում էր պաշտոնապես «մեկուսացված»։ Երկրորդ, դիմումատուն որպես վկա երբևէ հարցաքննության չի կանչվել՝ ինչպես պահանջվում է Քր. դատ. օր.-ով (տե՛ս վերոնշյալ 169-րդ և 170-րդ պարբերությունները), և փոխարենն իր զինվորական հրամանատարության կողմից հանձնվել է իրավապահ մարմիններին։ Այդ պահից սկսած դիմումատուն գտնվել է նրանց լիակատար վերահսկողության ներքո, և ոչինչ չի վկայում այն մասին, որ նա ցանկացած պահի կարող էր հեռանալ, կամ որ նրան հանձնելը զինծառայողների սովորական զինվորական պարտականություններից էր։ Ավելին, ի հակադրություն Կառավարության պնդման, Քր. դատ. օր.-ի 206-րդ հոդվածով թույլատրվել է վկաներին հարցաքննել նաև իրենց գտնվելու վայրում, և նրանց իրավապահ մարմին տեղափոխելու անհրաժեշտություն չի եղել (տե՛ս վերոնշյալ 171-րդ պարբերությունը)։ Ամեն դեպքում, վիճելի է այն, թե արդյոք 206-րդ հոդվածը կիրառելի էր դիմումատուի դեպքում, քանի որ նրա՝ վկայի կարգավիճակը, ըստ երևույթին, սոսկ ձևական բնույթ է կրել։ Գործի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ նրան իրավապահ մարմիններին հանձնելը, վկայում են այն մասին, որ նրան արդեն իսկ դիտարկել և վերաբերվել են իբրև կասկածյալի։

308. Նույնը վերաբերում է 2004 թվականի ապրիլի 23-ին դիմումատուին Երևան տեղափոխելուն։ Կառավարությունը պնդել է, որ Երևան ժամանելուց հետո դիմումատուն տեղափոխվել է թիվ 10724 զորամաս և պահվել այնտեղ՝ որպես պաշտպանության միջոց, ինչը ենթադրում է, որ նա մինչև իր ձերբակալությունն ու հաջորդ օրը նույն զորամասում գտնվող՝ ռազմական ոստիկանության՝ ձերբակալվածներին պահելու վայրում տեղավորվելը, ազատության մեջ է եղել։ Այնուամենայնիվ, նրանք այս առնչությամբ որևէ փաստարկ կամ ապացույց չեն ներկայացրել՝ ներառյալ Քր. դատ. օր.-ի 98-րդ հոդվածով սահմանված պաշտպանության միջոցներին վերաբերող ընթացակարգերի առնչությամբ որևէ ապացույց (տե՛ս վերոնշյալ 176-րդ պարբերությունը)։ Միևնույն ժամանակ, գործի նյութերում առկա ապացույցները վկայում են այն մասին, որ Երևան ժամանելուն պես դիմումատուն հանձնվել է Հայաստանի ռազմական ոստիկանության բաժին (տե՛ս վերոնշյալ 22-րդ պարբերությունը)։ Այս մասին վկայում է նաև դիմումատուի 2004 թվականի մայիսի 25-ի բողոքը, որում նա պնդել է, որ ինքը 2004 թվականի ապրիլի 23-ի գիշերն անցկացրել է ռազմական ոստիկանության տարածքում (տե՛ս վերոնշյալ 43-րդ պարբերությունը)։ Այսպիսով, Կառավարության պնդումը հակասում է գործի նյութերին, և գործի նյութերում ոչինչ չի հաստատում այն պնդումը, որ դիմումատուին տեղափոխել են թիվ 10724 զորամաս անմիջապես Երևան ժամանելուց հետո և, ավելին, որ նա ազատության մեջ է եղել մինչև նրան ձերբակալվածներին պահելու վայր տեղափոխելը։ Դատարանը նաև ճշմարտանման չի համարում այն, որ դիմումատուն, ով մինչ այդ ազատությունից զրկված է եղել և արդեն կասկածվել է հանցագործության մեջ, Երևան ժամանելուց հետո ազատ արձակված լիներ՝ նույնիսկ զորամասի տարածքում։

309. Վերոնշյալի հիման վրա՝ Դատարանը կարծում է, որ բավարար ապացույցներ կան եզրակացնելու, որ սկսած այն պահից, երբ դիմումատուն տարվել է իր զորամասից՝ Մարտակերտի կայազորի զինվորական դատախազություն տեղափոխվելու համար, ինչը, վստահաբար կարելի է ենթադրել, որ տեղի է ունեցել 2004 թվականի ապրիլի 21-ին՝ մինչև ժամը 14։00-ն (հաշվի առնելով, որ առաջին հարցաքննությունն այդ մարմնում տեղի է ունեցել 14։05-ին (տե՛ս վերոնշյալ 19-րդ պարբերությունը)), և մինչև 2004 թվականի ապրիլի 24-ին ժամը 18։35-ին նրա պաշտոնական ձերբակալությունը, երբ Երևանի ռազմական ոստիկանության բաժնում կազմվել է նրա ձերբակալման արձանագրությունը (տե՛ս վերոնշյալ 27-րդ պարբերությունը), դիմումատուն զրկված է եղել ազատությունից՝ քրեական գործով քննության նպատակներով։ Այդ ընթացքում դիմումատուն գտնվել է իրավապահ մարմինների վերահսկողության ներքո և հարցաքննվել է որպես վկա, թեև նրան արդեն դիտարկել և վերաբերվել են իբրև կասկածյալի։ Իշխանություններն, այդպիսով, չեն պահպանել նման դեպքերի համար կիրառվող՝ Քր. դատ. օր.-ի 128-րդ հոդվածով սահմանված ձերբակալության ընթացակարգը (տե՛ս վերոնշյալ 155-րդ պարբերությունը) և, ըստ երևույթին, ենթադրյալ կարգապահական տույժն օգտագործել են իբրև պատրվակ՝ դիմումատուին ազատությունից զրկելու համար։ Դատարանը չի կարող չեզրակացնել, որ այդ ընթացքում դիմումատուի ազատազրկումը եղել է կամայական և պատշաճ օրինական հիմքեր չի ունեցել։

310. Այս եզրահանգմամբ՝ Դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ մինչև 2004 թվականի ապրիլի 24-ին դիմումատուի պաշտոնական ձերբակալումը նրան ազատությունից զրկելու նկատմամբ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի կիրառելիության հետ կապված Կառավարության առարկությանը։ Դատարանը նշում է, որ Հայաստանը Կոնվենցիան վավերացնելիս իսկապես վերապահում է կատարել՝ հայտարարելով, որ 5-րդ հոդվածը չի վերաբերում կարգապահական այնպիսի միջոցներին, ինչպիսին է, օրինակ, կալանավորումը կարգապահական մեկուսարանում, որը կիրառվում է ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնադրությանը համապատասխան։ Դատարանը վերստին նշում է, որ վավեր համարվելու համար վերապահումը պետք է բավարարի մի շարք պայմաններ (համապատասխան պայմանների ցանկը տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Գրանդե Սթիվենսն և այլոք ընդդեմ Իտալիայի [Grande Stevens and Others v. Italy], թիվ 18640/10, թիվ 18647/10, թիվ 18663/10, թիվ 18668/10 և թիվ 18698/10, § 207, 2014 թվականի մարտի 4)։ Այնուամենայնիվ, Դատարանը տվյալ գործի հանգամանքներում անհրաժեշտ է համարում ուսումնասիրել Հայաստանի վերապահման վավերականությունը՝ հետևյալ պատճառներով:

311. Ըստ Դատարանի՝ անընդունելի կլիներ, եթե Պայմանավորվող կողմը խուսափեր Կոնվենցիայով նախատեսված պատասխանատվությունից՝ պաշտոնապես կիրառելով ներպետական օրենսդրությամբ սահմանված այն առանձին ընթացակարգերը, որոնց մասով վերապահում է կատարվել, սակայն իրականում հետապնդելով այնպիսի նպատակներ, որոնց համար այդ ընթացակարգերը նախատեսված չեն։ Դատարանն արդեն իսկ հաստատել է, որ կարգապահական տույժը պարզապես պաշտոնական պատրվակ էր, և դիմումատուն իրականում զրկվել է ազատությունից՝ քրեական գործով քննության նպատակներով։ Ավելին, քննարկվող կարգապահական տույժը, ըստ երևույթին, նույնիսկ չի կիրառվել։ Նման հանգամանքներում, Հայաստանի վերապահումը չի կարող կիրառվել գործի փաստերի նկատմամբ, իսկ Կառավարության առարկությունը պետք է մերժվի։

312. Ուստի, տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում։

 

Բ. Դիմումատուի կալանավորումը 2004 թվականի օգոստոսի 24-ից նոյեմբերի 4-ը

 

1. Ընդունելիությունը

 

313. Դատարանը նշում է, որ այս բողոքը, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով, ակնհայտ անհիմն չէ։ Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով։ Հետևաբար, այն պետք է հայտարարվի ընդունելի։

 

2. Ըստ էության քննությունը

 

ա) Կողմերի փաստարկները

 

i) Դիմումատուն

 

314. Դիմումատուն նշել է, որ ինքն առանց դատարանի որոշման կալանավորված է եղել 2004 թվականի օգոստոսի 24-ից նոյեմբերի 4-ը՝ Քր. դատ. օր.-ի 138-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն։ Այնուամենայնիվ, այդ հոդվածով թույլատրվում է անձին ազատազրկել այնպիսի հիմքերով, որոնք Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված չեն։ Հետևաբար, այդ դրույթի հիման վրա նրա կալանավորումը 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով անօրինական է եղել։ Ավելին, տվյալ ժամանակ գործող Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն՝ անձը կարող էր կալանավորվել միայն դատարանի որոշմամբ։ Այսպիսով, նրա կալանքի ժամկետի երկարաձգումն անօրինական է եղել, քանի որ չի եղել դատարանի համապատասխան որոշում, և դրա համար հիմք է ծառայել բացառապես Քր. դատ. օր.-ի 138-րդ հոդվածի 3-րդ մասը, որը հակասում էր Սահմանադրությանը։

 

ii) Կառավարությունը

 

315. Կառավարությունը նշել է, որ դիմումատուն դատարանի որոշմամբ 2004 թվականի ապրիլի 27-ին կալանավորվել է՝ մինչև 2004 թվականի հունիսի 24-ը։ Կալանքի տակ պահելու ժամկետն այնուհետև դատարանի կողմից երկարաձգվել է ևս երկու ամսով՝ մինչև 2004 թվականի օգոստոսի 24-ը։ 2004 թվականի օգոստոսի 5-ից սեպտեմբերի 9-ը դիմումատուն ծանոթացել է գործի նյութերին, և նրան՝ կալանքի ժամկետն այդ ընթացքում կասեցվել է՝ Քր. դատ. օր.-ի 138-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա։ Դիմումատուի՝ այդ ժամանակահատվածի կալանքը չի ներառվել նրան կալանքի տակ պահելու ընդհանուր ժամկետում, որը վերսկսվել է 2004 թվականի սեպտեմբերի 9-ին և պետք է ավարտվեր 2004 թվականի սեպտեմբերի 27-ին։ Այնուամենայնիվ, կալանքի տակ պահելու ժամկետի ավարտից հինգ օր առաջ, մասնավորապես՝ 2004 թվականի սեպտեմբերի 22-ին, դատախազը դիմումատուի քրեական գործը փոխանցել է դատարանի քննությանը, և նրան կալանքի տակ պահելու ժամկետն այդ պահից կրկին կասեցվել է՝ Քր. դատ. օր.-ի 138-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա։

 

բ) Դատարանի գնահատականը

 

316. Դատարանը կրկին նշում է, որ երբ հարցը վերաբերում է ազատությունից զրկելուն, հատկապես կարևոր է, որ պահպանվի իրավական որոշակիության ընդհանուր սկզբունքը։ Հետևաբար, կարևոր է, որ ներպետական օրենսդրությամբ նախատեսված ազատազրկման պայմանները հստակ լինեն, և որ օրենսդրության կիրառումը կանխատեսելի լինի, որպեսզի բավարարվի Կոնվենցիայով սահմանված «օրինականության» չափանիշը, որով պահանջվում է, որ բոլոր օրենքները բավականաչափ ճշգրիտ լինեն, իսկ անհրաժեշտության դեպքում՝ պարունակեն նաև համապատասխան խորհրդատվություն, ինչը թույլ կտա անձին, որքանով ողջամիտ է տվյալ հանգամանքներում, կանխատեսել, թե տվյալ գործողություններն ինչպիսի հետևանքների կարող են հանգեցնել (տե՛ս Սթիլը և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության [Steel and Others v. the United Kingdom], 1998 թվականի սեպտեմբերի 23, § 54, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1998-VII)։

317. Դատարանը նշում է, որ այն արդեն քննել է համանման բողոքներ Հայաստանի դեմ բերված մի շարք այլ գործերում, որոնցով եկել է այն եզրահանգման, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում այն մասով, որ դիմումատուների կալանավորումը հիմնված չի եղել դատարանի որոշման վրա և, հետևաբար, այդ դրույթի իմաստով անօրինական է եղել։ Դատարանը նաև գտել է, որ Քր. դատ. օր.-ի 138-րդ հոդվածի 3-րդ մասը, որը թույլ է տալիս մեղադրողի կողմից գործի քննությունը դատարան փոխանցելուց հետո անձին առանց դատարանի որոշման կալանքի տակ պահել, չի բավարարում իրավական որոշակիության սկզբունքը (տե՛ս Պողոսյանն ընդդեմ Հայաստանի [Poghosyan v. Armenia], թիվ 44068/07, §§ 56‑64, 2011 թվականի դեկտեմբերի 20, ինչպես նաև՝ Փիրուզյանն ընդդեմ Հայաստանի [Piruzyan v. Armenia], թիվ 33376/07, §§ 81-82, 2012 թվականի հունիսի 26, Մալխասյանն ընդդեմ Հայաստանի [Malkhasyan v. Armenia], թիվ 6729/07, §§ 62-63, 2012 թվականի հունիսի 26, Սեֆիլյանն ընդդեմ Հայաստանի [Sefilyan v. Armenia], թիվ 22491/08, §§ 76-77, 2012 թվականի հոկտեմբերի 2, Մինասյանն ընդդեմ Հայաստանի [Minasyan v. Armenia], թիվ 44837/08, §§ 52-53, 2014 թվականի ապրիլի 8):

318. Սույն գործում դիմումատուն նույնպես 2004 թվականի օգոստոսի 24-ից նոյեմբերի 4-ը կալանքի տակ է պահվել առանց դատարանի որոշման՝ Քր. դատ. օր.-ի 138-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն: Այդ ժամանակ հոդվածը, իսկապես, փոքր-ինչ այլ կերպ էր ձևակերպված, և դրանով թույլատրվում էր երկարատև կալանավորում այն հիմքով, որ մեղադրյալը ծանոթանում էր գործի նյութերին, ինչը, ըստ երևույթին, տեղի է ունեցել դիմումատուի դեպքում՝ օգոստոսի 24-ից սեպտեմբերի 9-ը։ Այնուամենայնիվ, սա չի ազդում Դատարանի եզրահանգումների վրա։ Այդ ընթացքում նույնպես չի եղել դատարանի՝ դիմումատուի կալանավորումը թույլատրող որոշում, ինչը Սահմանադրության 18-րդ հոդվածի և Քր. դատ. օր.-ի 136-րդ հոդվածի խախտում է, չի եղել նաև անորոշ ժամկետով կալանավորումը բացառող սահմանված ժամկետ, իսկ կալանավորումը թույլատրվել է այնպիսի հիմքերով, որոնք միանգամայն անհամատեղելի են 5-րդ հոդվածի 1-ին կետի հետ, ինչպիսին է, օրինակ, մեղադրյալի կողմից գործի նյութերին ծանոթանալը (այս առնչությամբ տե՛ս նաև՝ Բարանովսկին ընդդեմ Լեհաստանի [Baranowski v. Poland], թիվ 28358/95, § 57, ՄԻԵԴ 2000‑III, և Յեչիուսն ընդդեմ Լիտվայի [Ječius v. Lithuania], թիվ 34578/97, § 59, ՄԻԵԴ 2000-IX): Այս ամենից հետևում է, որ 2004 թվականի օգոստոսի 24-ից նոյեմբերի 4-ը դիմումատուի կալանքը 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով անօրինական է եղել։

319. Հետևաբար, այս հիմքով տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում։

 

IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ, 3-ՐԴ ԵՎ 4-ՐԴ ԿԵՏԵՐԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

320. Առաջին դիմումատուն բողոք է ներկայացրել այն մասին, որ իրեն չեն ներկայացրել իր ձերբակալության պատճառները, որ իրեն անհապաղ չեն տարել դատավորի մոտ, և որ ինքը չի կարողացել վիճարկել 2004 թվականի ապրիլի 19-ից 27-ն իր ձերբակալության օրինականությունը։ Նա հիմնվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ կետերի վրա։ Դատարանը կարծում է, որ դիմումատուի բողոքները պետք է քննվեն այն դրույթների համաձայն, որոնց վրա նա հիմնվել է, ինչպես նաև Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, որն ունի հետևյալ բովանդակությունը.

«2. Յուրաքանչյուր ձերբակալված իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է իր ձերբակալման պատճառների և ներկայացվող ցանկացած մեղադրանքի մասին։

3. Սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի դրույթներին համապատասխան ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք անհապաղ տարվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն …

4. Յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը, որի կապակցությամբ դատարանն անհապաղ որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե կալանավորումն անօրինական է:»։

 

Ա. Կողմերի փաստարկները

 

1. Դիմումատուն

 

321. Դիմումատուն նշել է, որ 2004 թվականի ապրիլի 19-ից սկսած և այն ժամանակահատվածում, երբ ինքը որպես վկա հարցաքննվել է, իրեն չեն բացատրել, որ ինքը փաստացի ձերբակալված է, և չեն ներկայացրել ձերբակալման պատճառները։ Այդ ընթացքում իրեն պաշտոնական մեղադրանք չի առաջադրվել, և իր ձերբակալությունը պաշտոնական չի եղել, այլ կատարվել է զինվորական դատախազության ներքին կարգադրությամբ։ Նա տեղյակ չի եղել, թե որքան ժամանակով է ձերբակալվել, ով է կարգադրել այն և արդյոք հնարավոր էր և ինչպես կարելի էր բողոքարկել այն։ Նա անհապաղ չի տարվել դատավորի մոտ, դա արվել է միայն 2004 թվականի ապրիլի 27-ին, այսինքն՝ նրան արգելանքի վերցնելուց հետո՝ մոտավորապես ութ օր անց, և նա, ընդ որում, հնարավորություն չի ունեցել պարզելու՝ արդյոք իր ազատազրկումն օրինական էր, թե ոչ։

 

2. Կառավարությունը

 

322. Կառավարությունը, Կոնվենցիայի 5-րդ հոդվածի մասով Հայաստանի վերապահմանը հղում կատարելով, ձեռնպահ մնաց այս բողոքների մասով որևէ փաստարկ ներկայացնելուց:

 

Բ. Դատարանի գնահատականը

 

1. Ընդունելիությունը

 

323. Դատարանը նշում է, որ այս բողոքները, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով, ակնհայտ անհիմն չեն։ Այն այնուհետև նշում է, որ դրանք անընդունելի չեն որևէ այլ հիմքով։ Հետևաբար, դրանք պետք է հայտարարվեն ընդունելի։

 

2. Ըստ էության քննությունը

 

ա) Ձերբակալման պատճառների մասին անհապաղ տեղեկացվելու իրավունքը

 

324. Դատարանը կրկին նշում է, որ 5-րդ հոդվածի 2-րդ կետով պահանջվում է, որ ձերբակալված ցանկացած անձի պարզ, ոչ մասնագիտական հասկանալի լեզվով ներկայացնեն նրա ձերբակալման իրավական և փաստական հիմնական հիմքերը, որպեսզի նա կարողանա, հարկ եղած դեպքում, դիմել դատարան՝ վիճարկելու ձերբակալման օրինականությունը՝ 4-րդ կետի համաձայն։ Թեև այս տեղեկությունները ձերբակալվածին պետք է ներկայացվեն «անհապաղ», պարտադիր չէ, որ ձերբակալող պաշտոնյան նրան անմիջապես ձերբակալության պահին դրանք ամբողջությամբ ներկայացնի։ Այն, թե արդյոք տեղեկությունները ներկայացվել են բավարար բովանդակությամբ և բավականաչափ անհապաղ, յուրաքանչյուր գործով պետք է գնահատվի՝ ելնելով դրա առանձնահատկություններից (տե՛ս Ֆոքսը, Քեմփբելը և Հարթլին ընդդեմ Միացյալ Թագավորության [Fox, Campbell and Hartley v. the United Kingdom], 1990 թվականի օգոստոսի 30, § 40, Շարք Ա թիվ 182)։

325. Դատարանը հաշվի է առնում իր վերոնշյալ եզրահանգումն այն մասին, որ դիմումատուն ազատությունից զրկվել է 2004 թվականի ապրիլի 21-ին, երբ նրան իր զորամասից տեղափոխել են Մարտակերտի կայազորի զինվորական դատախազություն: Նրան, այնուամենայնիվ, պաշտոնապես վերաբերվել են իբրև վկայի և պաշտոնապես չեն ծանուցել այն մասին, որ ինքն իրականում ձերբակալված էր և կասկածվում էր հանցագործություն կատարելու մեջ։ Ինչ վերաբերում է դիմումատուի՝ 2004 թվականի ապրիլի 21-ի հարցաքննությանը, ապա Դատարանը չի կարծում, որ այն կարող էր դիմումատուի համար ավելի հասկանալի դարձնել իրեն ազատությունից զրկելու պատճառները (տե՛ս վերոնշյալ 19-րդ պարբերությունը)։ Այսպիսով, ստացվում է, որ դիմումատուին իր ազատազրկման պատճառները հայտնել են միայն 2004 թվականի ապրիլի 24-ին՝ մոտ 18։35-ին, երբ կազմվել է նրա ձերբակալության արձանագրությունը, որը պարունակել է նրա դեմ կասկածների առկայության մասին նշում (տե՛ս վերոնշյալ 27-րդ պարբերությունը)։ Սա տեղի է ունեցել դիմումատուին ազատությունից զրկելուց հետո ավելի քան երեք օր անց և, անկասկած, չի պահպանվել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 2-րդ կետում պարունակվող՝ տեղեկություններն անհապաղ ներկայացնելու պահանջը։

326. Համապատասխանաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 2-րդ կետի խախտում։

 

բ) Անհապաղ դատավորի մոտ տարվելու իրավունքը

 

327. Դատարանը կրկին նշում է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով պահանջվում է, որ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն ձերբակալված անձն անհապաղ տարվի դատավորի կամ դատական իշխանություն իրականացնող պաշտոնատար անձի մոտ՝ վատ վերաբերմունքի ցանկացած դեպք բացահայտելու և անձնական ազատությանը չարդարացված միջամտության դեպքերը նվազագույնին հասցնելու նպատակով։ Թեև, տեղեկություններն անհապաղ ներկայացնելու փաստը պետք է գնահատվի յուրաքանչյուր գործով ՝ ելնելով դրա առանձնահատկություններից (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Աքվիլինան ընդդեմ Մալթայի [ՄՊ] [Aquilina v. Malta, [GC]], թիվ 25642/94, § 48, ՄԻԵԴ 1999‑III), 5-րդ հոդվածի 3-րդ կետի այս պահանջով սահմանված ժամանակային խիստ սահմանափակումը թույլ է տալիս շեղումներ, քանի որ հակառակ դեպքում ընթացակարգային երաշխիքները նշանակալիորեն կնվազեին՝ ի վնաս անհատների՝ ստեղծելով այդ դրույթով պաշտպանվող իրավունքի էությունը խաթարելու վտանգ (տե՛ս Բրոգանը և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության [Brogan and Others v. the United Kingdom], 1988 թվականի նոյեմբերի 29, § 62, Շարք Ա թիվ 145‑Բ, որոնց դեպքում կալանքի տակ պահելու ժամանակ չորս օրից ավելի դատավորին չներկայանալը դիտվել է որպես 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում, նույնիսկ ահաբեկչական քննության հատուկ համատեքստում, Մըքքեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ] [McKay v. the United Kingdom [GC]], թիվ 543/03, § 33, ՄԻԵԴ 2006‑X, և Կանդժովն ընդդեմ Բուլղարիայի [Kandzhov v. Bulgaria], թիվ 68294/01, § 65, 2008 թվականի նոյեմբերի 6, որի դեպքում երեք օր և քսաներեք ժամ տևողությամբ ժամանակահատվածը համարվել է ոչ «անհապաղ»)։

328. Սույն գործով Դատարանը հաշվի է առնում իր վերոնշյալ եզրահանգումն այն մասին, որ մինչև 2004 թվականի ապրիլի 24-ի դիմումատուի պաշտոնական ձերբակալումը նրան ազատությունից զրկելը, թեև ոչ պաշտոնապես, բխել է քրեական գործով քննության նպատակներից և, ըստ երևույթին, հիմնվել է նրան հանցագործություն կատարելու մեջ կասկածելու վրա։ Հետևաբար, Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետը կիրառելի է դիմումատուի գործի նկատմամբ, և նա առաջին անգամ պետք է տարվեր դատավորի մոտ 2004 թվականի ապրիլի 21-ին իրեն ազատազրկելուց հետո՝ անհապաղ, ինչը տեղի է ունեցել մինչև ժամը 14։00-ն։ Այնուամենայնիվ, դիմումատուն տարվել է դատավորի մոտ միայն 2004 թվականի ապրիլի 27-ին՝ այսինքն մոտ վեց օր անց (տե՛ս վերոնշյալ 35-րդ պարբերությունը)։

329. Դատարանը նշում է, որ ներպետական օրենսդրությամբ պահանջվում էր, որ քրեական գործով վարույթի համատեքստում ձերբակալված անձը տարվեր դատավորի մոտ նրան արգելանքի վերցնելուց հետո՝ ամենաուշը 72 ժամվա ընթացքում (տե՛ս վերոնշյալ 156-րդ պարբերությունը), ինչը դիմումատուի դեպքում չի կատարվել։ Եթե դիմումատուն «ձերբակալվեր» օրենքով սահմանված կարգով, և ոչ թե ազատությունից զրկվեր կարգապահական պատրվակով, ապա իշխանություններն ստիպված կլինեին կատարել այս պահանջը։ Այսպիսով, ստացվում է, որ դիմումատուին մոտ վեց օր ուշացումով դատավորի մոտ տանելու հիմնական պատճառն այն փաստն է, որ նա կամայական ձևով զրկվել է ազատությունից՝ մինչև նրա՝ 2004 թվականի ապրիլի 24-ի պաշտոնական ձերբակալումը։ Այս հանգամանքը և այս հարցի վերաբերյալ Դատարանի նախադեպային իրավունքը հաշվի առնելով՝ Դատարանը չի համարում, որ դիմումատուին դատավորին ներկայացնելը 5-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով կատարվել է «անհապաղ»։

330. Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում։

 

գ) 5-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն ազատությունից զրկելու օրինականությունը վիճարկելու իրավունքը

 

331. Դատարանը վերստին նշում է, որ 5-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված է, որ յուրաքանչյուր ձերբակալված կամ կալանավորված անձ իր կալանավորման օրինականությունը վիճարկելու իրավունք ունի, [իսկ] դատարանը կալանավորման օրինականության վերաբերյալ պետք է անհապաղ որոշում կայացնի (տե՛ս Հասանն ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ] [Hassan v. the United Kingdom [GC]], թիվ 29750/09, § 98, ՄԻԵԴ 2014)։ Այն նաև նշում է, որ այն դեպքում, երբ անձին «իրավասու դատական մարմնին» ներկայացնելու՝ 5-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված ընթացակարգը հանգեցնում է «դատարանի»՝ անձի ազատազրկումը կարգադրող կամ հաստատող որոշման, 5-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված՝ օրինականության նկատմամբ դատական վերահսկողությունը ներառվում է այս նախնական որոշման մեջ (տե՛ս Դե Ուայլդը, Ումսը և Վերսիփն ընդդեմ Բելգիայի [De Wilde, Ooms and Versyp v. Belgium], 1971 թվականի հունիսի 18, § 76, Շարք Ա թիվ 12)։

332. Հետևաբար, դիմումատուի՝ 5-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն ներկայացված բողոքը սերտորեն կապված է 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն ներկայացված նրա բողոքին և պետք է նույնպես հայտարարվի ընդունելի։

333. Հաշվի առնելով 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն կատարված իր վերոնշյալ եզրահանգումն առ այն, որ դիմումատուի ազատազրկման նկատմամբ պարտադիր դատական վերանայմամբ չի բավարարվել «անհապաղ» պահանջը, Դատարանն անհրաժեշտ չի համարում առանձին քննել 5-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն ներկայացված՝ նույն հարցերը բարձրացնող բողոքը։

 

V. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

334. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել:»։

 

Ա. Վնասը

 

335. Դիմումատուներից յուրաքանչյուրը, որպես ոչ նյութական վնասի հատուցում, պահանջել է 30,000 եվրո՝ ներառյալ 25,000 եվրո՝ 3-րդ հոդվածի խախտման և 5,000 եվրո՝ 5-րդ հոդվածի խախտման դիմաց։

336. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուների պահանջներն անհիմն են, չպատճառաբանված և չափազանցված։

337. Դատարանը նշում է, որ երկրորդ և երրորդ դիմումատուները Կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն որևէ բողոք չեն ներկայացրել։ Այդ պատճառով, նրանց պահանջի այս մասը մերժվում է։ Ինչ վերաբերում է նրանց պահանջների մնացած մասին, ապա դիմումատուները, անկասկած, կրել են ոչ նյութական վնաս՝ հայտնաբերված խախտումների հետևանքով։ Իր գնահատումը կատարելով արդարության սկզբունքի հիման վրա՝ Դատարանն առաջին դիմումատուին շնորհում է 20,000 եվրո, իսկ երկրորդ և երրորդ դիմումատուներից յուրաքանչյուրին՝ 15,000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։

 

Բ. Ծախսերը և ծախքերը

 

338. Դիմումատուները ծախսերի և ծախքերի վերաբերյալ պահանջ չեն ներկայացրել։

 

Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը

 

339. Դատարանը նպատակահարմար է համարում, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ փոխառության առավելագույն տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային միավոր։

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝

 

1. Որոշում է Կառավարության՝ իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելու և առաջին դիմումատուին մինչև 2004 թվականի ապրիլի 24-ը նրա պաշտոնական ձերբակալությունն ազատությունից զրկելու նկատմամբ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի կիրառելիության անհնարինության մասին պնդումները միացնել գործի ըստ էության քննությանը, և մերժում է դրանք.

2. Հայտարարում է առաջին դիմումատուի՝ կալանքի տակ գտնվելու ընթացքում անհրաժեշտ բժշկական օգնություն չստանալու մասին բողոքն անընդունելի, իսկ գանգատների մնացած մասը՝ ընդունելի.

3. Վճռում է, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի նյութական կողմի խախտում տեղի չի ունեցել.

4. Վճռում է, որ բոլոր երեք դիմումատուների նկատմամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ընթացակարգային կողմի խախտում.

5. Վճռում է, որ առաջին դիմումատուի նկատմամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում այն առումով, որ 2004 թվականի ապրիլի 21-ից 24-ը և 2004 թվականի օգոստոսի 24-ից նոյեմբերի 4-ը նրա ազատազրկումը եղել է անօրինական.

6. Վճռում է, որ առաջին դիմումատուի նկատմամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի խախտում.

7. Վճռում է, որ առաջին դիմումատուի՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն ներկայացրած բողոքը քննելու անհրաժեշտություն չկա.

8. Վճռում է, որ

ա) պատասխանող Պետությունը, Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վճիռը վերջնական դառնալու օրվանից՝ երեք ամսվա ընթացքում, որպես ոչ նյութական վնասի հատուցում, պետք է առաջին դիմումատուին վճարի 20,000 եվրո (քսան հազար եվրո), իսկ երկրորդ և երրորդ դիմումատուներին՝ յուրաքանչյուրին՝ 15,000 եվրո (տասնհինգ հազար եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ, որը պետք է փոխարկվի պատասխանող Պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.

բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ փոխառության առավելագույն տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային միավոր.

9. Մերժում է դիմումատուների՝ արդարացի հատուցման պահանջի մնացած մասը։

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2016 թվականի մարտի 17-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։

 

Անդրե Ուամպաշ

Քարտուղարի տեղակալ

Միրյանա Լազարովա Տրայկովսկա

Նախագահ

 

Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 2-րդ կետի և Դատարանի կանոնակարգի 74-րդ կանոնի 2-րդ կետի համաձայն՝ այս վճռին կից ներկայացվում է դատավոր Սահակյանի առանձին կարծիքը։

 

Մ. Լ. Տ.

Ա. Ու.

 

ԴԱՏԱՎՈՐ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՀԱՄԸՆԿՆՈՂ ԿԱՐԾԻՔԸ

 

Թեև ես համաձայն եմ Դատարանի վերջնական եզրակացությունների հետ, չեմ կարող ընդունել Կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության իրավազորությունը որոշելիս բերված հիմնավորումներն ու փաստարկները, կամ, ավելի ճիշտ կլինի ասել, դրանց բացակայությունը։ Մեծամասնությունը սահմանափակվեց իբրև փաստարկ Չիրագովը և այլոք ընդդեմ Հայաստանի (թիվ 13216/05, §§ 169-186, ՄԻԵԴ 2015) գործով Մեծ պալատի վճռին հղում կատարելով։ Ըստ իս՝ այսպիսի մոտեցումը ոչ միայն արդարացված չէր սահմանված սկզբունքները կիրառելիս միջազգային դատական ատյաններից պահանջվող հստակության առումով, այլ նաև կարող է ավելի մեծ շփոթություն առաջացնել արտատարածքային իրավազորության և վերագրման տարբեր չափանիշների միջև։

Տվյալ գործը «պետական պաշտոնյայի իշխանության և վերահսկողության» բացառության հստակ օրինակ է, ինչպես արդեն իսկ արտացոլված է վճռով ամրագրված գործի փաստական հանգամանքների նկարագրության մեջ։ Նման դեպքերում արտատարածքային իրավազորության առկայությունը հաստատվում է այն փաստի հիման վրա, որ անհատներն ու անձինք գտնվում են տվյալ պետության ճանաչված տարածքային սահմաններից դուրս գտնվող տարածքում գործունեություն ծավալող պետական պաշտոնյաների վերահսկողության ներքո։ Այս բացառությունը միանշանակ տարբեր և տարբերակելի է «տարածքի նկատմամբ արդյունավետ և ընդհանուր վերահսկողության» բացառությունից, որի դասական օրինակ են Կիպրոսի գործերը, որոնք ավելի մանրամասն ներկայացված են ստորև։ «Պետական պաշտոնյայի իշխանության և վերահսկողության» բացառության ու «տարածքի նկատմամբ արդյունավետ վերահսկողության» բացառության միջև տարբերությունը Դատարանը տպավորիչ նկարագրել է իր՝ Ալ-Սկեյնին և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության [Al-Skeini and Others v. the United Kingdom] գործով վճռում ([ՄՊ], թիվ 55721/07, §§ 133‑140, ՄԻԵԴ 2011)։ Դատարանն այդ գործով նշել է հետևյալը՝

 

«[Ո]րպես տարածքայնության սկզբունքից բացառություն՝ պայմանավորվող պետության՝ 1-ին հոդվածով սահմանված իրավազորությունը կարող է տարածվել դրա իշխանության մարմինների այն գործողությունների վրա, որոնց ազդեցությունը տարածվում է իր սեփական տարածքից դուրս … [Նախադեպային իրավունքում] այդ սկզբունքը բավականին ընդարձակ է. Դատարանը պարզապես նշում է, որ այսպիսի հանգամանքներում «կարող է ծագել» պայմանավորվող կողմի պատասխանատվությունը (նույն տեղում, § 133):»։

 

Ըստ Դատարանի՝ այդպիսի դեպքերից է այն իրավիճակը, երբ «տվյալ տարածքի Կառավարության համաձայնությամբ, հրավերով կամ թույլտվությամբ այն ամբողջությամբ կամ մասամբ իրականացնում է այնպիսի հանրային իշխանություն, որը սովորաբար պետք է իրականացվեր այդ Կառավարության կողմից» (նույն տեղում, § 135)։

Ուստի, Դատարանը պարզաբանել է իր դիրքորոշումը հետևյալ կերպ.

«[Ե]րբ պայմանավորվող պետության իշխանության մարմինները սովորույթի, պայմանագրի կամ որևէ այլ համաձայնագրի համապատասխան մեկ այլ պետության տարածքում իրականացնում են գործադիր կամ դատական գործառույթներ, պայմանավորվող պետությունը կարող է պատասխանատվություն կրել Կոնվենցիայի խախտումների համար, քանի դեռ վիճելի գործողություններն ավելի շատ վերագրելի են այդ պետությանը, քան տարածքային պետությանը» [ընդգծումն ավելացված է] (տե՛ս նույն տեղում նաև Դրոզդն ու Յանուշեկն ընդդեմ Ֆրանսիայի և Իսպանիայի [ՄՊ] [Drozd and Janousek v. France and Spain, [GC]], թիվ 12747/7, § 91, 1992 թվականի հունիսի 26)»։

Որևէ պատճառ չեմ տեսնում, թե ինչու նշված սկզբունքը չպետք է կիրառվի չճանաչված պետությունների կամ պետություն չհանդիսացող, սակայն պետականության բոլոր հիմնական հատկանիշներն ունեցող մասնակցի նկատմամբ։ Այն, թե արդյոք պետության հետ համաձայնագիր կնքող և այդ պետության կողմից իր տարածքում իրավազորության առանձին ձևերն իրականացնելու համաձայնություն տվող ինքնուրույն կազմավորումը պետություն է, թե ոչ, չի փոխում պետության ներգրավվածության բնույթը կամ այդ պետության պաշտոնյաներին գործողությունների վերագրումը։ Երկու դեպքում էլ դրանք այդ պետության՝ մեկ այլ կազմավորման կողմից վերահսկվող տարածքում պաշտոնական գործառույթներ իրականացնող պաշտոնյաների գործողություններն են՝ անկախ այն հանգամանքից, թե միջազգային հանրային իրավունքի համաձայն այդ կազմավորումն միջազգային ինչ իրավասուբյեկտություն ունի։

Միջազգային իրավունքի հարցերով հանձնաժողովի՝ Միջազգային բնույթի ոչ իրավաչափ գործողությունների համար պետությունների պատասխանատվության վերաբերյալ հոդվածներով (ՊՊՀ) [International Law Commission’s Articles on Responsibility of States for Internationally Wrongful Acts (''ASR'')] պետական մարմինների գործելակերպը սահմանվում է հետևյալ կերպ.

«1. Ցանկացած պետական մարմնի գործելակերպ միջազգային իրավունքի տեսանկյունից դիտարկվում է որպես տվյալ պետության գործողություն՝ անկախ այն հանգամանքից, թե այդ մարմինն իրականացնում է օրենսդիր, գործադիր, դատական, թե որևէ այլ գործառույթ, անկախ պետական կառուցվածքում դրա զբաղեցրած դիրքից և այդ մարմնի՝ որպես տվյալ պետության կենտրոնական կառավարության կամ տարածքային միավորի մարմնի բնույթից:

2. Պետական մարմինը ներառում է ցանկացած անձ կամ սուբյեկտ, որը, պետության ներպետական օրենքի համաձայն, ունի այդ կարգավիճակը (Գլխավոր վեհաժողովի թիվ 56/83 բանաձև, Հավելված, ՄԱԿ-ի փաստաթուղթ A/56/589, 2002 թվականի հունվարի 28):»:

Կառավարության գործառույթներն իրականացնող պետական մարմինների այդպիսի գործելակերպի միջոցով է սույն գործով հաստատվել դիմումատուների նկատմամբ Հայաստանի Հանրապետության իրավազորության առկայությունը։ Այդ իսկ պատճառով, այն, թե որտեղ է դրսևորվում այդպիսի գործելակերպը կամ այդպիսի գործելակերպի իրականացումը թույլ տվող կազմավորման բնույթը որևէ դեր չեն խաղում գործելակերպը վերագրելու և այդպիսի գործելակերպի միջոցով իրավազորության առկայությունը հաստատելու հարցում։

Այս կապակցությամբ կարևոր է ևս մեկ անգամ նշել, որ ի տարբերություն Կիպրոսի դեպքում ստեղծված իրավիճակի (և շատ այլ՝ պետություն չհանդիսացող մասնակիցներ կամ չճանաչված պետություններ ներառող դեպքերի)՝ Անվտանգության խորհուրդը միջազգային հանրությանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չճանաչելու կոչ երբեք չի արել։ Այսպիսով, միջազգային հանրության կողմից կոլեկտիվ հիմունքներով չճանաչելու փորձ երբեք չի եղել։

Ինչ վերաբերում է Կիպրոսում տիրող իրավիճակին, ապա Անվտանգության խորհրդի 541-րդ բանաձևն ակնհայտորեն դատապարտել է «Կիպրոսում թուրքական իշխանությունների կողմից Կիպրոսի Հանրապետության մի մասի կանխամտածված անջատման հռչակումը» և այն բնորոշել է իբրև «օրինական ուժ չունեցող»։ Բացի դրանից՝ Անվտանգության խորհուրդը բոլոր պետություններին կոչ է արել «Կիպրոսի Հանրապետությունից բացի կիպրական որևէ այլ պետություն չճանաչել» (ԱԽ 241-րդ բանաձև, 1983 թվականի նոյեմբերի 18, 1-ին, 2-րդ և 7-րդ պարբերություններ)։

Անվտանգության խորհուրդը նույն մոտեցումն է ցուցաբերել նաև Հարավային Ռոդեզիայի պարագայում՝ որոշելով «կոչ անել բոլոր պետություններին չճանաչել Հարավային Ռոդեզիայում տիրող՝ փոքրամասնությունների նկատմամբ ռասիզմի դրսևորման անօրինական ռեժիմը» (ԱԽ 216-րդ բանաձև (1965), 1965 թվականի նոյեմբերի 12, 2-րդ պարբերություն), և կոչ է արել «բոլոր պետություններին … Հարավային Ռոդեզիայի հետ դիվանագիտական կամ որևէ այլ հարաբերություններ չհաստատել» (ԱԽ 217-րդ բանաձև (1965), 1965 թվականի նոյեմբերի 20, 6-րդ պարբերություն), ինչպես նաև Սերբական Հանրապետության դեպքում, որի առնչությամբ Անվտանգության խորհուրդը հստակ ամրագրել է, «որ միակողմանի կարգով հռչակված ցանկացած կազմավորում կամ [Բոսնիա և Հերցեգովինայի տարածքային ամբողջականության] խախտմամբ կատարված կարգավորումները չեն ընդունվի» (ԱԽ 787-րդ բանաձև, (1992), ՄԱԿ-ի փաստաթուղթ S/RES/787, 1992 թվականի նոյեմբերի 16, 3-րդ պարբերություն)։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեպքում, այնուամենայնիվ, նման կոչեր չեն հնչեցվել։ Անվտանգության խորհրդի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տիրող իրավիճակին վերաբերող բանաձևերից (1993 թվականի ապրիլի 30-ի թիվ 822, 1993 թվականի հուլիսի 29-ի թիվ 853, 1993 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 874 և 1993 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 884 բանաձևեր) և ոչ մեկով կասկածի տակ չի դրվում ԼՂՀ-ի անկախության հռչակման օրինականության հարցը, և միջազգային հանրությանը ԼՂՀ-ն չճանաչելու կոչեր դրանցում չեն պարունակվում։

Այսպիսով, սույն գործով առանցքային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության միջև ռազմական համագործակցության մասին 1994 թվականի հունիսի 25-ի համաձայնագիրը, քանի որ այն նախատեսում է Հայաստանի իշխանության մարմինների իրավազորությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում պարտադիր զինվորական ծառայություն անցնող զորակոչիկների նկատմամբ։ Այս հանգամանքը Հայաստանի Հանրապետության իրավազորության հարցը որոշելու առումով որոշիչ նշանակություն ունի, սակայն Դատարանի կողմից անտեսվել է։

Հետևաբար, Չիրագովը և այլոք ընդդեմ Հայաստանի գործին հղում կատարելը որևէ կերպ արդարացված չէ։ Իրավազորության հարցը որոշելու համար Չիրագովի գործն իբրև փաստարկ բերելն արդարացված կլիներ, եթե այդ գործով կայացված վճռով հաստատվեր Հայաստանի իրավազորության առկայությունը ԼՂՀ-ի տարածքի և հարակից տարածքների նկատմամբ՝ Հայաստանի կողմից վերահսկողություն իրականացնելու միջոցով, և եթե վիճելի գործողությունները վերագրելի լինեին ոչ թե Հայաստանի, այլ ԼՂՀ-ի իշխանություններին։

Այսպիսով, Ալ-Սկեյնիի գործով կայացված վճռում Դատարանն իր դիրքորոշումը պարզաբանել է հետևյալ կերպ.

«Մեկ այլ բացառություն այն սկզբունքից, համաձայն որի իրավազորությունը 1-ին հոդվածի համաձայն սահմանափակվում է պետության սեփական տարածքով, հանդիպում է այն դեպքում, երբ օրինական կամ անօրինական ռազմական գործողությունների արդյունքում պայմանավորվող պետությունը արդյունավետ վերահսկողություն է իրականացնում իր ազգային սահմաններից դուրս գտնվող տարածքի նկատմամբ։ Նման տարածքում Կոնվենցիայով սահմանված իրավունքներն ու ազատություններն ապահովելու պարտավորությունը ծագում է այդպիսի վերահսկողության փաստից՝ անկախ այն հանգամանքից՝ արդյոք այդ վերահսկողությունն իրականացվում է ուղղակիորեն՝ պայմանավորվող պետության զինված ուժերի, թե՝ ենթակայության տակ գտնվող տեղական կազմավորման միջոցով .... Այն դեպքում, երբ տարածքի նկատմամբ նման վերահսկողության փաստը հաստատվում է, անհրաժեշտ չէ որոշել, թե արդյոք պայմանավորվող պետությունը լրիվ վերահսկողություն է իրականացնում ենթակայության տակ գտնվող տեղական կազմավորման քաղաքականության և գործողությունների նկատմամբ։ Այն փաստը, որ ենթակայության տակ գտնվող տեղական կազմավորումը գոյատևում է պայմանավորվող պետության ռազմական և այլ օժանդակության շնորհիվ, ենթադրում է նաև այդ պետության պատասխանատվությունը՝ դրա քաղաքականության և գործողությունների համար։ Վերահսկողություն իրականացնող պետությունը, 1-ին հոդվածի համաձայն, ունի Կոնվենցիայով և իր կողմից վավերացված լրացուցիչ արձանագրություններով սահմանված նյութական բոլոր իրավունքներն իր կողմից վերահսկվող տարածքում ապահովելու պարտականությունը։ Այն պատասխանատվություն կկրի այդ իրավունքների ցանկացած խախտման համար» (Ալ-Սկեյնի, § 138. տե՛ս նաև՝ Կատանը և այլոք ընդդեմ Մոլդովայի և Ռուսաստանի [ՄՊ] [Catan and Others v. Moldova and Russia, [GC]], թիվ 43370/04, թիվ 8252/05 և թիվ 18454/06, § 106, 2012 թվականի հոկտեմբերի 19):»։

Հետևաբար, «տարածքի նկատմամբ արդյունավետ վերահսկողության» բացառությունը կիրառվում է այն դեպքերում, երբ խախտումը կարելի է վերագրել տեղական կազմավորմանը. այնուամենայնիվ, այդպիսի վերագրման հարցը որոշելու անհրաժեշտությունը վերանում է այն պարագայում, երբ այդ տարածքում չափազանց մեծ է Կոնվենցիայի անդամ պետության վերահսկողությունը, ինչն արդեն իսկ առաջացնում է այդ պետության պատասխանատվության հարց։

Նույն կերպ, Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի [Cyprus v. Turkey] ([ՄՊ], թիվ 25781/94, § 77, ՄԻԵԴ 2001‑IV) գործով Դատարանը նշել է հետևյալը.

 

«[Պ]ետք է նկատել, որ Դատարանի դատողությունները հիմնվում են ՀԿԹՀ-ի իշխանությունների վարած քաղաքականության և գործողությունների համար Թուրքիայի՝ Կոնվենցիայով սահմանված ընդհանուր պատասխանատվությանը վերաբերող սկզբունքի լայն ձևակերպման վրա։ Հյուսիսային Կիպրոսի նկատմամբ ընդհանուր արդյունավետ վերահսկողություն իրականացնելով՝ իր [Թուրքիայի] պատասխանատվությունը չի կարող սահմանափակվել Հյուսիսային Կիպրոսում իր իսկ զինվորների կամ պաշտոնյաների գործողություններով, պատասխանատվության հարց պետք է առաջանա նաև տեղական կազմավորման գործողությունների ուժով, որը շարունակում է գոյություն ունենալ Թուրքիայի կողմից տրամադրվող ռազմական կամ այլ աջակցության շնորհիվ։ Սրանից հետևում է, որ Կոնվենցիայի 1-ին հոդվածի իմաստով, Թուրքիայի «իրավազորությունը» ենթադրում է նաև Կոնվենցիայով և իր կողմից վավերացված լրացուցիչ արձանագրություններով սահմանված նյութական բոլոր իրավունքների երաշխավորումը, և որ այդ իրավունքների խախտումները պետք է վերագրվեն Թուրքիային:»։

 

Խոսքը տվյալ գործով Լեռնային Ղարաբաղի իշխանության մարմինների քաղաքականության և գործողությունների համար Հայաստանի՝ Կոնվենցիայով նախատեսված պատասխանատվության մասին չէ։ Հակառակը, այս դեպքում խնդիրը [Հայաստանի] միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս գտնվող տարածքում Հայաստանի իշխանության մարմինների գործողությունների համար Հայաստանի՝ Կոնվենցիայով նախատեսված պատասխանատվության մասին է։

Հետևաբար, սույն գործը վերաբերում է պետություն չհանդիսացող մասնակցի կամ չճանաչված պետության տարածքում այնպիսի պետության գործողություններին, որի հետ, ինչպես նշված է Չիրագովի գործում, այն ունի «ինտեգրվածության բարձր մակարդակ» (անկախ այն հանգամանքից, թե միջազգային իրավունքի տեսանկյունից այդ հասկացությունն ինչպես է մեկնաբանվում)։ Այն թե՛ փաստերի, թե՛ օրենքի տեսանկյունից, և թե՛ նրանով, թե ինչպես է ծագում պետության պատասխանատվությունը, տարբերվում է պետություն չհանդիսացող այն մասնակցի գործողություններին վերաբերող դեպքերից, որը գտնվում է մի տարածքում, որտեղ անդամ պետությունն ունի զգալի ռազմական ներկայություն («արդյունավետ և ընդհանուր վերահսկողություն», ինչպես նշվում է Կիպրոսի գործերում)։

Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ Հայաստանն ունի իրավազորություն, սակայն միանգամայն այլ պատճառով, այն է՝ իր ներկայացուցիչների ուղղակի ներգրավվածությունը, և նաև գտնում եմ, որ Չիրագովի գործով կայացված վճիռը սույն գործի համար էական նշանակություն ունենալ չի կարող։