Գլխավոր տեղեկություն
Номер
N 50-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (12.12.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.11.28-2022.12.11 Պաշտոնական հրապարակման օրը 02.12.2022
Принят
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата принятия
24.11.2022
Подписан
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата подписания
24.11.2022
Дата вступления в силу
12.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

24 նոյեմբերի 2022 թ.

N 50-Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ «ԵՍ ԵՎ ՇՐՋԱԿԱ ԱՇԽԱՐՀԸ» ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում «Ես և շրջակա աշխարհը» առարկայի 2-րդ դասարանի ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

 

 

Վ. Դումանյան

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

2022 թվականի նոյեմբերի 24-ի

N 50-Ն հրամանի

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ԵՍ ԵՎ ՇՐՋԱԿԱ ԱՇԽԱՐՀԸ» ԱՌԱՐԿԱՅԻ 2-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ ԾՐԱԳԻՐ

 

2-րդ դասարան

 

ԵՍ

Ինքնություն

Ինքնաճանաչում

Ներաշխարհ

Մարմին

ԹԵՄԱ

ՈՎ ԵՄ ԵՍ

Նպատակ

1. Ձևավորել ինքնաճանաչման, ինքնարժևորման, ինքնագնահատման և ինքնարտահայտվելու հմտություններ, սեփական անհատականությունը բացահայտելու և յուրաքանչյուրի անհատականությունը տեսնելու և գնահատելու ունակություն, յուրաքանչյուրի առանձնահատկությունը հարգելու կարողություն: Օգնել իրենց և ուրիշներին անցյալում, ներկայում և ապագայում դիտարկելուն:

2. Խթանել տարբեր զգայարաններով ստացած տեղեկությունների տարբերակման, համադրման և կարևորության գիտակցումը:

3. Նպաստել սեփական մարմնի, դրա խնամքի մասին պատկերացումների ու ճանաչողության ընդլայնմանը, ձևավորել անձնական հիգիենայի մասին տարրական գիտելիքներ և հմտություններ:

Առարկայի ընդհանրական չափորոշչային վերջնարդյունքներ

Ներաշխարհ

Շ.Ե.Ի.Ն1 Ուսումնասիրել ինքնության, վերաբերյալ գաղափարներ, ներառյալ՝ իր և ուրիշների, տարբերակել ինքնությունը՝ ըստ սոցիալական և հուզական առանձնահատկությունների:

Շ.Ե.Ի.Ն2 Գտնել ինքնարտահայտման և ինքնադրսևորման տարբեր եղանակներ:

Շ.Ե.Ի.Ն3 Նշել սեփական կարողություններն ու հնարավորությունները, ինքնադրսևորվել:

Շ.Ե.Ի.Ն4 Նկարագրել և կառավարել հույզերը, բացատրել, որ ուրիշներն էլ ունեն նույն հույզերը, ապրումակցել:

Շ.Ե.Ի.Ն5 Տարբերակել անցյալում, ներկայում կատարված և ապագայում կատարվելիք իրադարձությունները՝ իր կյանքի օրինակով, արդյունավետ տնօրինել ժամանակը:

Մարմին

Շ.Ե.Ի.Մ1 Թվարկել զգայարանները, տարբերակել դրանցով ստացված տեղեկությունները՝ որպես աշխարհը ճանաչելու միջոց:

Շ.Ե.Ի.Մ2 Նշել մարմնի մասերի գործառույթներն ու կազմության որոշ բնորոշիչներ:

Շ.Ե.Ի.Մ3 Հարգել և ընդունել տարբերությունները, այդ թվում` հաշմանդամություն ունեցող և զարգացման առանձնահատկություններ ունեցող, խոցելի իրավիճակում գտնվող մարդկանց, ներառելով նրանց հնարավոր բոլոր գործընթացներում:

Շ.Ե.Ի.Մ4 Տիրապետել անձնական հիգիենայի կանոններին, հիմնավորել հիգիենայի, ֆիզիկական ակտիվության և կոփման՝ անհրաժեշտությունը՝ որպես առողջությունը պայմանավորող կարևոր գործոններ:

Թեմայի վերջնարդյունքները

Ներաշխարհ

2Շ.Ե.Ի.Ն1-3 Նկարագրել իրեն, իր զբաղմունքները, նախասիրությունները, հետաքրքրությունները, համեմատել մյուսների հետ:

2Շ.Ե.Ի.Ն1-4 Տարբերակել և արտահայտել իր զգացմունքներն ու հույզերը տարբեր միջոցներով (խոսքով, հայացքով, ժեստերով, միմիկայով):

2Շ.Ե.Ի.Ն1-5 Տարբերակել իր անցյալը, ներկան և ապագան, նկարագրել իրադարձությունները տարբեր ժամանակներում:

2Շ.Ե.Ի.Ն5 Կազմել օրվա ռեժիմ՝ ճիշտ բաշխելով օրը աշխատանքի, հանգստի, զբաղմունքի, քնի միջև:

Մարմին

2Շ.Ե.Ի.Մ1 Տարբերակել և համադրել տարբեր զգայարաններով ստացած տեղեկությունները:

2Շ.Ե.Ի.Մ2 Բացատրել, որ մարմինն աշխատող համակարգ է և բոլոր մասերը գործում են փոխկապված:

2Շ.Ե.Ի.Մ3 Մտորել մարդկանց տարբերությունների մասին` տղաներ և աղջիկներ, հաշմանդամություն ունեցող երեխաներ և խոցելի իրավիճակում գտնվող մարդիկ և այլն։ Պատրաստակամ լինել հեշտացնելու և հավասար հնարավորություններ ապահովելու բոլորի համար։

2Շ.Ե.Ի.Մ4 Հիմնավորել, որ հիգիենայի պահպանումը՝ հաճախակի լվացվելը, մաքուր կենցաղը, առողջության գրավականներից մեկն է:

2Շ-Ե-Ի-Մ4ա Տարբերակել և ունենալ անձնական հիգիենայի անհատական պարագաներ, բացատրել դրանց անհրաժեշտությունը:

2Շ.Ե.Ի.Մ4բ Ցուցադրել ձեռքերը և ատամները ճիշտ լվանալու շարժումները:

2Շ.Ե.Ի.Մ4գ Պահպանել անձնական հիգիենան, մարմնի խնամքը. տեսողություն, լսողություն, կեցվածք, բերանի խոռոչ, մաշկ, մազեր, եղունգներ և այլն:

Բովանդակություն

1. Ով եմ ես: Ինչպես եմ կազմակերպում կյանքս: Նախասիրություններ, հետաքրքրություններ։

2. Զգացմունքների, հույզերի արտահայտումը ժեստերի, միմիկայի, հայացքի, խոսքի միջոցով։

3. Անցյալ, ներկա և ապագա, տարբեր ժամանակներում իրադարձությունների նկարագրում։

4. Տարբեր զգայարաններով ստացած տեղեկություններ, համադրում։

5. Հաշմանդամություն կամ զարգացման առանձնահատկություններ ունեցող մարդիկ:

6. Հիգիենայի պահպանումը՝ որպես առողջ լինելու գրավական։ Մաքուր կենցաղ։

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Խմբային, համագործակցային առաջադրանքներ

Կատարել զույգերով, մեծ կամ փոքր խմբերով ինքնաճանաչումը, միմյանց ճանաչելը, ինքնավստահությունն ու փոխադարձ վստահությունը խթանող խաղեր, վարժանքներ: Նկարագրել, թե ինչով են սիրում զբաղվել. նախասիրությունները, զբաղմունքները: Պարզել՝ կան արդյոք իր նման նախասիրություններ ունեցող մարդիկ, համեմատել, նկարագրել՝ ինչն է, որ բոլորին է հատուկ, ինչով է նման աշխարհի բոլոր մարդկանց, դիտարկել և մեկնաբանել, թե ինչպես կարող են իր նախասիրությունները, հետաքրքրություններն ու սովորությունները պայմանավորել իր նպատակները: Քննել և պարզել՝ կան արդյոք նպատակներ, որոնք դժվար իրագործելի են թվում, ինչ է պետք և ինչն է իրեն պակասում դրանց իրագործման համար օրը ճիշտ կազմակերպելու համատեքստում (օրվա ռեժիմ): Քննարկել, թե երբ են իրագործվելու նպատակները անցյալի, ներկայի ու ապագայի իրադարձությունների համատեքստում:

2. Ուսումնական, դերային, իմիտացիոն, զարգացնող խաղեր՝ զգայարանների, զգացմունքների, հույզերի արտահայտման վերաբերյալ: Երեխաները պետք է կարողանան տարբերակել և համադրել տարբեր զգայարաններով ստացած տեղեկությունները (աչքերը փակել, ականջները փակել, ձեռքերը կապել, քիթը փակել և փորձել սահմանափակ հնարավորություններով ստացած տեղեկությունները նկարագրել, ապա համադրել), այնուհետև բնության գրկում հետազոտել, թե ինչ տեղեկություններ են ստանում զգայարաններով (տեսնում են, լսում են, շոշափում են, հոտն են զգում և այլն), ներկայացնել, որ նույն տեղեկությունը կարելի է տարբեր զգայարաններով զգալ, օրինակ` փշոտ մակերեսը կարելի է և՛ տեսնել, և՛ շոշափելով զգալ: Նկարագրել տարբեր առարկաների, տարբեր երևույթների վերաբերյալ տարբեր զգայարաններով ստացած տեղեկությունները:

Տարբերակել և արտահայտել զգացմունքներն ու հույզերը տարբեր միջոցներով (խոսքով, հայացքով, ժեստերով, միմիկայով): Նկատել և ճանաչել ուրիշների հույզերը՝ դրական (հիացմունք, ուրախություն, սեր, վստահություն, ապրումակցում, երախտագիտություն), բացասական (զայրույթ, ցասում, զզվանք, ձանձրույթ, վիշտ, տխրություն, թախիծ, սարսափ, վախ և այլն) և չեզոք (զարմանք, հետաքրքրություն և այլն): Տարբերակել իր և մյուսների հետաքրքրությունները, ցանկություններն ու կարիքները: Բնութագրել հույզերը, զգացմունքները, որը երբ ենք ապրում, նկարագրել՝ ինչպես ենք արտահայտում։ Մտորել հաշմանդամություն կամ զարգացման առանձնահատկություններ ունեցող մարդկանց մասին. ինչպե՞ս հեշտացնել և հավասար հնարավորություններ ապահովել բոլորի համար

3. Աշխատանքային թերթիկներ՝ տարբեր առաջադրանքներով, հարցաթերթիկներ, կարճ թեստային աշխատանքներ` նկարներով, խաչբառներով, հարցաթերթիկներով և այլն, վերը թվարկված տարբեր նպատակների համար: Օրինակ՝ վարակիչ հիվանդությունների փոխանցման ուղիների և դրանց կանխարգելման (հիգիենա, պատվաստում) մասին, քայլաշարերի ընտրություն՝ ըստ գործողություններ ցույց տվող նկարների, փոքրիկ տեքստերի կամ սեփական ուժերով արված ցուցադրական նյութերի, նկարների հիման վրա:

4. Հրապարակային ներկայացում, շնորհանդես (պրեզենտացիա)

 Ցույց տալ լվացվելու, ատամ լվանալու ճիշտ տեխնիկան, հիմնավորել, որ հիգիենայի պահպանման սովորություններ ունենալը առողջության գրավականներից մեկն է:

5. Ուսուցողական ֆիլմերի դիտումներ, քննարկում (հիգիենայի, կոփման, հաշմանդամության և այլ թեմաներով)

6. Հարցադրումների սահմանում (բոլոր թեմաների վերաբերյալ, պետք է խրախուսել, որ սովորողներն իրենք հարցադրումներ անեն):

7. Պատկերազարդում, նկարների, գծապատկերների և սխեմաների ստեղծում (բոլոր թեմաների վերաբերյալ նկարների, գծապատկերների, 3D մոդելների, սոցիալական մեդիայի և ինտերակտիվ ինտերնետային գործիքների, ինտերնետային դիզայնի, անիմացիոն ներկայացումների և սխեմաների միջոցով ներկայացնել հանձնարարությունները):

1. Անհատ և հարաբերություններ

Յուրաքանչյուրը պետք է հնարավորություն ունենա իրեն ճանաչելու, իր մասին խոսելով, մյուսներին լսելով, ճանաչելով և համեմատություններ անելով՝ խորացնելու ինքնաճանաչումն ու ինքնաբացահայտումը, կարողանա արժեքների, համոզմունքների և կարծիքների փոխանակման միջոցով հստակեցնել դրանք:

2. Ժամանակ և տարածություն

Անցյալում, ներկայում և ապագայում իրենց հետ կատարված և կատարվելիք փոփոխությունների, ապրած և այցելած վայրերի համատեքստում փորձել տարրական պատկերացումներ ունենալ առաջ, հետո, հիմա, նախկինում, հետագայում հասկացությունների և դրանց ճիշտ գործածության մասին:

3. Օրինաչափություն (դեպքերի, իրադարձությունների և դրանց պատճառով առաջացած հույզերի, ապրումների միջև տեսնել օրինաչափություններ, օրինակ՝ օրինաչափ և կանխատեսելի է, որ դրական իրադարձությունը կառաջացնի դրական հույզեր, և հակառակը):

4. Պատճառ և հետևանք, մեխանիզմ և կանխատեսում (հիգիենայի և առողջության կապը՝ հիգիենան չպահպանելը կարող է հիվանդությունների պատճառ դառնալ):

5. Կառուցվածք և գործառույթ (մարմնի տարբեր մասերի կառուցվածքի և գործառույթների կապը):

6. Կայունություն և փոփոխություն (անցյալում, ներկայում և ապագայում փոփոխություններն ու անփոփոխ երևույթները):

Միջառարկայական կապեր

Մայրենի

1. Կարողանա մտքերը հստակ և գրագետ ձևակերպել, լսել և հասկանալ տեղեկատվությունը, հրահանգերը, իրեն ուղղված խոսքը և համապատասխան արձագանք տալ, ձևակերպել հարցեր լսածի, տեսածի, զգացածի, ընթերցածի, իրեն հետաքրքրող երևույթների մասին և պատասխանել տրված հարցերին:

2. Կարողանա ունկնդրածի կամ ընթերցածի վերաբերյալ հույզերն ու մտքերն արտահայտել խոսքի, ինչպես նաև ժեստերի, դիմախաղի, մարմնի լեզվի միջոցով, համապատասխան վերաբերմունք դրսևորել ուրիշների հույզերի նկատմամբ, տարբերակել հաղորդակցման խոսքային և ոչ խոսքային ձևերը:

 Արվեստ

3. Կարողանա պատկերել և արտահայտել զգացմունքներ, հույզեր դիմախաղով, նկարելով, երգելով և այլ արտահայտչամիջոցներով:

4. Կարողանա թեմային համապատասխան նկարներ դիտել, նկարել, երաժշտություն լսել, ծեփել, կտրել:

5. Նկարել հիգիենայի պարագաները` առանձնացնելով անհատական պարագաները:

6. Թեմային համապատասխան դերախաղ կատարել:

Ֆիզկուլտուրա

7. Պատկերացում ունենա օրվա ռեժիմի, անձնական հիգիենայի պահպանման, սեփական անձի և ուրիշների նկատմամբ հարգանքի և հոգատարության անհրաժեշտության մասին, պատկերացում ունենա սեփական մարմնի կառուցվածքի և աշխատանքի մասին:

Մաթեմատիկա

8. Կարողանա անցյալի, ներկայի և ապագայի մասին խոսելիս ժամանակի թվագրման, հետոյի, նախկինի մասին ճիշտ բառապաշար օգտագործել և պատկերացումներ ունենա:

Օտար լեզու

9. Կարողանա ներկայանալ, պատմել իր մասին:

10. Լսել և հասկանալ իրեն ուղղված հարցերը, հարցեր ուղղել ընկերներին:

11. Կարողանա պատմել իր առօրյայի, ռեժիմի մասին:

Տեխնոլոգիա

1. Սովորի և կարողանա պահպանել անձնական հիգիենայի կանոնները:

2. Կարողանա պահպանել սննդի անվտանգության կանոններն ուտեստներ պատրաստելիս, սովորի գնումներ կատարելիս նայել մթերքի պահպանման ժամկետները:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի տարրական դպրոցի վերջնարդյունքների հետ

Թեմային ուղղակի առնչվող՝ Տ25, Տ26, Տ27, Տ34

Թեմային մասամբ առնչվող՝ Տ1, Տ2, Տ7,Տ14, Տ15, Տ22

 

ԵՍ

Անվտանգություն

Առողջ սնուցում

Արտակարգ իրավիճակներ

Վնասակար սովորություններ

Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելում

ԵՍ ԱՊԱՀՈՎ ԵՄ

Նպատակ

1. Գաղափար տալ առողջ և անառողջ սննդի, դրա բազմազանության, սննդամթերքի հիմնական խմբերի, սննդակարգի մասին: Խթանել առողջ և անվտանգ սնվելու սովորությունների ձևավորումը. պահպանել սնման նույն պարբերականությունը, կարողանալ ընտրել և գնել օգտակար և թարմ սննդամթերք: Օգնել յուրացնելու, որ սնունդն է ապահովում մեր մարմնի աճը, զարգացումն ու եռանդը:

2. Օգնել ընդլայնելու անվտանգության պարզ կանոնների մասին իմացությունը, կողմնորոշվելու և պահպանելու անվտանգության կանոնները տանը, դպրոցում, փողոցում և բնության գրկում:

3. Ձևավորել երկրաշարժի ժամանակ կողմնորոշվելու, համապատասխան գործողություններ կատարելու և ցուցումներին հետևելու հմտություններ:

4. Օգնել գիտակցելու շրջակա միջավայրի (աղտոտման և մաքրության) ազդեցությունը առողջության վրա, ինչպես նաև իմանալու որոշ վարակիչ հիվանդությունների տարածման և կանխարգելման ուղիների մասին:

Առարկայի ընդհանրական չափորոշչային վերջնարդյունքներ

Առողջ սնուցում

Շ.Ե.Ա.Ս1 Բացատրել առողջ սնուցման բաղադրիչները՝ բազմազանությունը, սննդակարգը, ընդունման պարբերականությունը և անվտանգությունը:

Շ.Ե.Ա.Ս2 Բացատրել, որ սնունդն ապահովում է օրգանիզմի էներգիան, որն էլ ապահովում է ֆիզիկական ակտիվությունը:

Շ.Ե.Ա.Ս3 Ներկայացնել ջրի նշանակությունը մարդու օրգանիզմի համար:

Արտակարգ իրավիճակներ

 Շ.Ե.Ա.Ի1 Ցուցադրել տարբեր հնարավոր աղետների և արտակարգ իրավիճակների ժամանակ գնահատելու, խուճապի չմատնվելու, կողմնորոշվելու, անվտանգության կանոնների և քայլերի հաջորդականության իմացություն, ցուցադրել առաջին օգնության քայլերի իմացությունը տարբեր իրավիճակների ժամանակ:

Վնասակար սովորություններ, վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելում

Շ.Ե.Ա.Վ1 Տարբերակել վնասակար սովորությունները, այդ թվում՝ ծխելը, ալկոհոլ և այլ վնասակար նյութեր օգտագործելը և խուսափել դրանցից, թվարկել որոշ վարակիչ հիվանդություններ և կիրառել դրանք կանխարգելելուն ուղղված վարքագիծ:

Շ.Ե.Ա.Վ2 Դրսևորել ռիսկերից խուսափելուն և առողջությանը միտված վարքագիծ:

Թեմայի վերջնարդյունքները

Առողջ սնուցում

2Շ.Ե.Ա.Ս1 Նկարագրել՝ ինչպիսին պետք է լինի առողջ և սննդարար ուտելիքի պարունակությունը, սննդակարգը, կարևորել նախաճաշելու սովորությունը:

2Շ.Ե.Ա.Ս1ա Խմբավորել սննդամթերքը հիմնական խմբերում՝ հացեղեն-ձավարեղեն, ձու- մսեղեն-լոբազգիներ, միրգ-բանջարեղեն, կաթնեղեն, յուղեր:

2Շ.Ե.Ա.Ս1բ Տարբերակել կենդանական և բուսական ծագման սննդատեսակները:

2Շ.Ե.Ա.Ս2 Բացատրել, որ սնունդը և ջուրը անհրաժեշտ են մեր մարմնի աճի, զարգացման և եռանդի համար:

Արտակարգ իրավիճակներ

2Շ.Ե.Ա.Ի1 Թվարկել, թե ինչերը կարող են վտանգավոր լինել՝ տանը, դպրոցում և փողոցում:

2Շ.Ե.Ա.Ի1ա Առանձնացնել, խմբավորել անվտանգության կանոնները համապատասխան վտանգների դեպքում:

2Շ.Ե.Ա.Ի1բ Կիրառել անվտանգության պարզ կանոններ երկրաշարժի ժամանակ, երբ տանն են, դպրոցում կամ փողոցում, հետևել այդ կանոններին:

2Շ.Ե.Ա.Ի1գ Իմանալ համապատասխան վտանգի դեպքում օգնության հեռախոսահամարները: Նշել, որ օգնություն պետք է խնդրել միայն վստահելի մեծահասակից: Տիրապետել առաջին օգնության տարրական հմտություններին՝ տարիքային առանձնահատկություններին համապատասխան:

Վնասակար սովորություններ, վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելում

2Շ.Ե.Ա.Վ1 Բացատրել, թե որոնք են վնասակար սովորությունները, նշել չնախաճաշելու, եղունգ կրծելու, սնունդը, աղն ու քաղցրը չարաշահելու վնասները:

2Շ.Ե.Ա.Վ1ա Նշել, որ ծխախոտի ծուխը վնասակար է առողջությանը, բացատրել, որ չպետք է մնալ ծխողների շրջապատում, այլ արագ հեռանալ այդ տարածքից: Հաճախ օդափոխել փակ տարածքը, սենյակը:

2Շ.Ե.Ա.Վ1բ Օրինակներ բերել վարակիչ հիվանդությունների փոխանցման և դրանց կանխարգելման ուղիներից (օրինակ՝ հիգիենա, պատվաստում):

2Շ.Բ.Բ.Փ2-4 Բացատրել, որ առողջությունը կախված է նաև շրջակա միջավայրի մաքրությունից:

Բովանդակություն

1. Սննդակարգը պահպանելու կարևորությունը, սննդամթերքի հիմնական խմբերը՝ ձավարեղեն, կաթնամթերք, միրգ, բանջարեղեն, ձու-մսամթերք-լոբազգիներ, յուղեր, առողջ և անառողջ սնունդ, կենդանական և բուսական ծագման սննդատեսակներ, սնունդը՝ որպես մարմնի աճի, զարգացման և եռանդի հիմնական գործոն:

2. Վնասակար սովորություններ՝ եղունգ կրծել, չնախաճաշել, աղն ու քաղցրը չարաշահել:

3. Վտանգները տանը (ծակող, կտրող գործիքներ, գազօջախ, էլեկտրականություն, բարձրություն, անծանոթ, կամ ծանոթ անձնավորություն, որի արարքները սխալ կամ անհասկանալի են թվում), դպրոցում (աստիճաններ, հրմշտոց, հալածանք), փողոցում (երթևեկության կանոններ), այդ և այլ իրավիճակներում օգտագործվող հեռախոսահամարների իմացություն:

4. Երկրաշարժի ժամանակ կողմնորոշվելու, համապատասխան գործողություններ կատարելու և ցուցումներին հետևելու կարևորությունը:

5. Շրջակա միջավայրի մաքրությունը՝ առողջության գրավական:

6. Վարակիչ հիվանդությունների փոխանցման ուղիներ և դրանց կանխարգելում (հիգիենա, պատվաստում)

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Խմբային, համագործակցային առաջադրանքներ

Սննդամթերքները դասակարգել ըստ դրանց հատկանիշների, օրինակ՝ կենդանական, բուսական, ձավարեղեն-հացեղեն, ձու-մսեղեն-լոբազգիներ, միրգ-բանջարեղեն, կաթնեղեն, յուղեր: Որոշ բնորոշիչների մասին հուշող հանելուկներով ներկայացնել, թե որ սննդամթերքը ինչ սննդարար, օգտակար հատկանիշներ ունի, ինչ է պետք ուտել և ինչ քանակով, ինչը չչարաշահել, որպեսզի համարվի առողջ սնուցում: Առողջ սննդի կերակրացանկի կազմում, ընտրություն, օրվա սննդակարգը, համապատասխան, բուսական և կենդանական սննդի դասակարգում, սանդղակի կազմում և այլն: Ընտրել և օրինակներ բերել, թե ինչպես է պետք պահպանել սննդամթերքների տարբեր տեսակները. փաթեթավորում, սառեցում և այլն: Բացատրել՝ ինչու է սնունդը փչանում և ինչպես է պետք վարվել հնացած սննդի դեպքում:

Խաղերի միջոցով բացահայտել, թե ինչ վտանգներ կարող են լինել տանը. գազօջախ, լուցկի, կրակայրիչ, էլեկտրական սարքավորումներ, անծանոթ մարդ, որը հնարավոր է՝ վտանգավոր է, կամ ծանոթ, որը մեզ անթույլատրելի բաներ է համոզում անել, օրինակ՝ հարևանի տղա, որը կարող է ծխել սովորեցնել կամ որևէ մեկի այգուց բան գողանալ և այլն:

2. Ուսումնական, դերային, իմիտացիոն, զարգացնող խաղեր

Դերային խաղերով կարելի է բեմականացնել տարբեր վտանգավոր իրավիճակներ և փորձել ձեռք բերել ճիշտ վարքագիծ և անհրաժեշտ կանխարգելիչ քայլեր իմանալ, օրինակ՝ երկրաշարժի դեպքում առանց խուճապի մատնվելու կատարել վարքականոնները: Կարևոր է վստահելի մեծահասակի մասին գաղափարը (կարող է լինել ծնողը, մեծ քույրը, եղբայրը, հարևանը, որին իր ծնողները վստահում են, ուսուցիչը և այլն), որին պետք է անպայման դիմեն, երբ որևէ վախեցնող կամ անհասկանալի բան է պատահել:

Անվտանգության կանոնների, իրավիճակների խաղարկումը դերերով:

Լոտո, սեղանի խաղեր` տարբեր թեմաների վերաբերյալ:

3. Իրավիճակների առաջադրում, քննարկում

Վնասակար սովորությունների համատեքստում քննարկել տարբեր իրավիճակներ, օրինակելի և սխալ վարքի օրինակների դիտարկում, տարբերակում, մեկնաբանում: Ինչպես զերծ մնալ վնասակար նյութերի ներգործությունից, խուսափել ծխող մարդկանց կողքին երկար գտնվելուց, հրաժարվել նման առաջարկներից՝ բացատրելով, որ դա առողջարար չէ: Քննարկել հեռախոսի և համացանցում երկար և առանց անվտանգության կանոնները պահպանելու գտնվելու վնասներն ու գտնել համացանցային խաղերի, հեռախոսով զբաղվելու փոխարինիչներ (մաքուր օդում գտնվելն ու ընկերների հետ կենդանի շփվելը, զանազան բակային խաղերը):

Տարբերակել ընդունելի և անընդունելի վարքի օրինակներ (թե՛ հասակակիցների, թե՛ մեծահասակների):

4. Դաշտային աշխատանք

Դիտումներ շրջակա տարածքում, մաքրության գնահատում: Գնումներ, ընտրել առողջ և թարմ սնունդ, որոշել, թե որն ինչպես պետք է պահպանել (սառնարանում, պահարանում կամ այլ կերպ):

Բակում՝ բաց տարածքում, կազմակերպել խաղեր անվտանգության, փողոցային երթևեկության կանոնների կիրառմամբ, վտանգներից խուսափելու և կողմնորոշվելու հմտությունները զարգացնող և այլ վարժություններ:

5. Դիտումներ

Շրջակա տարածքի դիտումներ կատարել, լուսանկարել, համեմատել տարբեր տարածքների վիճակը, ներկայացնել:

6. Տեսանյութերի ստեղծում

Նկարահանել շրջակա տարածքները, գտնել առավել աղտոտված տարածքներն ու նկարահանել, իրավիճակը բարելավելու քայլեր ձեռնարկել, պլանավորել:

7. Փորձեր

Կարելի է տարբեր սննդամթերքների փչանալու փորձեր անել, դիտարկել, թե որ մթերքներն են շուտ փչանում, որոնք՝ ուշ, նշումներ անել, նկարագրել թարմ և փչացած սնունդը, համեմատել:

8. Աշխատանքային թերթիկներ տարբեր առաջադրանքներով

Լրացնել բաց թողնված բառերը, գծերով միացնել ճիշտ պատասխանները նկարներին, աղյուսակների լրացում կամ այլ առաջադրանքներ:

9. Ուսուցողական ֆիլմերի դիտում, քննարկում

10. Խաչբառների, գլուխկոտրուկների, հանելուկների կազմում, լուծում

Օգտակար սննդամթերքների վերաբերյալ հանելուկներով լոտո, երթևեկության և անվտանգության կանոնների վերաբերյալ խաչբառներ և այլն:

11. Պարզ հատակագծերի քարտեզների գծագրում, վերծանում, կողմնորոշում

Ճանապարհային երթևեկության կանոնները խաղարկելու համար կարող են բակում կավիճով գծել ճանապարհ, անցում, մայթեր, անցուղի և այլն:

12. Պատկերազարդում՝ նկարների գծապատկերների և սխեմաների ստեղծում

13. Հրապարակային ներկայացում, շնորհանդես (պրեզենտացիա)

Կատարած աշխատանքների ցուցադրում:

1. Օրինաչափություն

Դասակարգել սննդամթերքները՝ ըստ տարբերակիչ հատկանիշների, ինչից են ստանում, ինչով են նման, ինչով են հարուստ, խմբավորել ըստ այդ հատկանիշների (կենդանական, բուսական և այլն):

Դասակարգել նաև տանը, փողոցում և բնության գրկում հանդիպող վտանգները: Հասկանալ, թե որ վտանգը որ տեղին է բնորոշ:

2. Պատճառ և հետևանք

Շրջակա միջավայրի աղտոտվածությունը կարող է հիվանդությունների պատճառ դառնալ, վտանգել բույսերի, կենդանիների և մարդու կյանքը: Անառողջ սնունդը, մեր սխալ ընտրությունը, հիգիենային չհետևելը, անվտանգության կանոնները չիմանալն ու չպահպանելը, պատվաստումներից հրաժարվելը նույնպես կարող են անցանկալի հետևանքների պատճառ լինել:

3. Էներգիա և նյութ

Ներկայացնել սնունդը՝ որպես էներգիայի աղբյուր, բուսական և կենդանական սննդի տեսակների, մեկից մյուսը նյութերի փոխանցման և էներգիայի փոխակերպման մասին տարրական պատկերացումներ, որոնք կընդլայնվեն այլ թեմաներում:

4. Կայունություն և փոփոխություն

Վտանգները կարող են հայտնվել հանկարծակի և խախտել ցանկացած կայուն թվացող իրավիճակ: Կարող են լինել և երևույթներ, որոնք խախտում են կայուն իրավիճակը ավելի տևական ժամանակում, օրինակ՝ աղտոտված միջավայրը, որի ազդեցությունը կարող է տեսանելի չլինել տվյալ պահին, բայց այն կարող է անկայուն դարձնել իրավիճակը որոշ ժամանակ հետո: Ցայտուն օրինակ են համաճարակները, դրանք կարող են շատ արագ և երկարատև խաթարել կայուն իրավիճակը, օրինակ` կորոնավիրուսի համաճարակը և աշխարհի կայունության խաթարումը:

14. Համաշխարհայնացում

Այս համատեքստում կարելի է անդրադառնալ պատվաստումներին և դրանց՝ որպես նորարարական լուծման նշանակությանը, որն օգնում է հաղթահարել բազմաթիվ հիվանդություններ և համաճարակներ, ինչպիսիք են՝ կարմրուկը, պոլիոմիելիտը, ծաղիկը և այլն:

Միջառարկայական կապեր

Մայրենի

1. Կարողանա մտքերը, խոսքը հստակ և գրագետ ձևակերպել, լսել հրահանգերը, իրեն ուղղված խոսքը և համապատասխան արձագանքել, լսել և հասկանալ տեղեկատվությունը:

2. Ձևակերպել հարցեր լսածի, տեսածի, զգացածի, ընթերցածի, իրեն հետաքրքրող հարցերի մասին և պատասխանել տրված հարցերին:

3. Տիրապետել հաղորդակցման խոսքային և ոչ խոսքային ձևերին:

Արվեստ

4. Դիմախաղի, զգացմունքների, հույզերի մասին որոշ պատկերացումներ ունենալ:

5. Կարողանա թեմային համապատասխան նկարներ դիտել, նկարել, երաժշտություն լսել, ծեփել, կտրել:

6. Կարողանա թեմային համապատասխան դերախաղ կատարել:

7. Նկարելու միջոցով արտահայտել զգացումները, երբ պատկերացնում է վտանգներ, սեր, ընկերություն և այլն:

Ֆիզկուլտուրա

8. Առողջ սնուցման՝ որպես եռանդի աղբյուրի, անձնական հիգիենայի պահպանման, շրջակա միջավայրի մաքրության պահպանման, հարգանքի և հոգատարության զարգացում, սեփական մարմնի կառուցվածքի և աշխատանքի ճանաչում:

Մաթեմատիկա

9. Կարողանա աղյուսակներ, պարզ սանդղակներ կազմել, գծագրել, լրացնել, պարզագույն հաշվումներ կատարել:

Տեխնոլոգիա

10. Սովորի և կարողանա պահպանել անձնական հիգիենայի կանոնները:

11. Կարողանա պահպանել սննդի անվտանգության կանոնները ուտեստներ պատրաստելիս, սովորի նայել ուտելիքի պահպանման ժամկետները գնումներ կատարելիս:

12. Կարողանա պահպանել անվտանգության կանոնները, հեռու մնալ գազօջախից, չխաղալ լուցկիով, կրակայրիչով, էլեկտրական սարքավորումներով:

Օտար լեզու

13. Ձևավորել բառապաշար՝ սովորելով համապատասխան բառեր:

14. Ամրապնդել օտար լեզվով հնչող պարզ հրահանգների ընկալումը։

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի տարրական դպրոցի վերջնարդյունքների հետ

Թեմային ուղղակի առնչվող՝ Տ31, Տ32, Տ34

Թեմային մասամբ առնչվող՝Տ1, Տ2, Տ7, Տ14, Տ15, Տ22, Տ23, Տ27.

ԵՍ ԵՎ ՄԱՐԴԻԿ

Փոխհարաբերություններ

Ընտանիք

Համայնք

ԹԵՄԱ

ԵՍ ՄԵՆԱԿ ՉԵՄ

Նպատակ

1. Երեխաների պատկերացումներում հստակեցնել և ամբողջացնել տուն, ընտանիք, տոհմ, գերդաստան գաղափարները, ձևավորել դերերի գիտակցման, սեփական դերին համապատասխան գործողությունների, ընտանեկան տոների, հանգստի, ժամանցի կազմակերպման, ինչպես նաև՝ ազգականների հետ արդյունավետ շփման և հոգատար վերաբերմունք դրսևորելու հմտություններ:

2. Ընդլայնել գիտելիքները սեփական բնակավայրի, մարդկանց, զբաղմունքների, սովորույթների, առանձնահատկությունների, տեսարժան վայրերի, բուսական և կենդանական աշխարհի մասին՝ ձևավորելով հոգատար, խնայող և պատասխանատու վարքագիծ:

Առարկայի ընդհանրական չափորոշչային վերջնարդյունքներ

Ընտանիք

Շ.Մ.Փ.Ը1 Նկարագրել տարբեր կազմով՝ մեծ և փոքր ընտանիքները, փոփոխություններն ընտանիքում, կանանց և տղամարդկանց հավասարության տեսանկյունից նկարագրել ընտանիքի անդամների դերերը, կարիքները, իրավունքներն ու պարտականությունները:

Շ.Մ.Փ.Ը2 Ներգրավվել տարբեր խմբային գործունեություններում (այդ թվում ընտանիքի, դասարանի, համայնքի և այլն), մեկնաբանել խմբերի առանձնահատկությունները, խմբային դերերը, փոխհարաբերությունները և խմբային գործունեության արդյունքը:

Համայնք

Շ.Մ.Փ.Հ1 Դրսևորել հարգալից, հոգատար, պատասխանատու և անխտրական վերաբերմունք հասարակության տարբեր խմբերի ներկայացուցիչների, ներառյալ՝ տարբեր սեռի, տարբեր ազգային, կրոնական, լեզվական պատկանելիություն, սոցիալական կարգավիճակ, հաշմանդամություն ունեցող և այլ առանձնահատկություններ ու տարբերություններ ունեցող անձանց, հանդեպ:

Շ.Մ.Փ.Հ2 Նկարագրել ազգային ինքնությունը սահմանող խորհրդանիշները, անցյալի և ներկայի իրադարձությունները, տարբերակել իրենց ազգայինը այլ երկրների հետ համեմատության համատեքստում և զարգացնել դրանցից հուզական կախվածությունը, հայրենիքի հանդեպ սերը:

Շ.Մ.Փ.Հ3 Կողմնորոշվել տարածքում, բնութագրել տարբեր կառույցների, հաստատությունների նշանակությունը, դրանցից օգտվելու ձևերը:

Շ.Մ.Փ.Հ4 Տեղյակ լինել իր բնակավայրի, հայրենի բնության և պատմամշակութային արժեքներն, գնահատել և խնայող ու պատասխանատու վերաբերմունք ցուցաբերել դրանց նկատմամբ:

Թեմայի վերջնարդյունքները

Ընտանիք

2Շ.Մ.Փ.Ը1 Բացատրել, որ ընտանիքները կարող են տարբեր լինել ըստ կազմի (մեծ, փոքր, երկու ծնողով, մեկ ծնողով, առանց ծնողի ընտանիքներ, ազգականներ):

2Շ.Մ.Փ.Ը1ա Բացատրել ընտանիքի անդամների դերերը (այդ թվում՝ իր), իրավունքներն ու պարտականությունները կանանց և տղամարդկանց հավասարության տեսանկյունից:

2Շ.Մ.Փ.Ը1բ Նկարագրել, թե ինչպես են իրենց ընտանիքները կազմակերպում հանգիստը, ժամանցը, տոները:

2Շ.Մ.Փ.Ը1-2 Ցուցաբերել հոգատար վերաբերմունք ծնողների, տատիկ-պապիկների, քույրերի ու եղբայրների նկատմամբ:

Համայնք

2Շ.Մ.Փ.Հ1-4 Նկարագրել իր բնակավայրը, մարդկանց, զբաղմունքները, սովորույթները:

2Շ.Մ.Փ.Հ3 Կողմնորոշվել տարածքում, իմանալ տան, դպրոցի հասցեն, կարողանալ կարդալ ցուցանակները, իմանալ կանոնները, դրանց պահպանման կարևորությունը:

2Շ.Մ.Փ.Հ3ա Պարզ բացատրություններ տալ, թե ինչի համար են դպրոցը, հիվանդանոցը, բանկը, ոստիկանությունը, զբոսայգին:

2Շ.Մ.Փ.Հ2-4 Համեմատել և բնութագրել քաղաքի և գյուղի տարբերությունները, առանձնահատկությունները:

2Շ.Մ.Փ.Հ2-4ա Թվարկել և նկարագրել իր բնակավայրի տեսարժան վայրերն ու հուշարձանները, բնակավայրի բնությունը, բույսերն ու կենդանիները:

2Շ.Մ.Փ.Հ1-2.4 Ցուցաբերել պատասխանատու, խնայող և հոգատար վերաբերմունք հայրենի բնակավայրի, շրջակա միջավայրի և բնակիչների հանդեպ:

Բովանդակություն

1. Դերերն ընտանիքում, իրավունքներն ու պարտականություններն ընտանիքում: Սեփական դերի գիտակցումն ու համապատասխան գործողությունները:

2. Հոգատար վերաբերմունք մերձավորների նկատմամբ, արդյունավետ շփում ընտանիքում: Տարբեր ընտանիքներում կազմակերպվող հանգիստը, ժամանցը, տոները:

3. Հայրենի բնակավայրում ապրող մարդիկ, նրանց զբաղմունքները, սովորույթները, առանձնահատկությունները: Քաղաքի և գյուղի տարբերություններն ու առանձնահատկությունները:

4. Հարևանությամբ գտնվող ծառայությունները, դրանց նշանակությունը:

5. Տվյալ բնակավայրի տեսարժան վայրերը, հուշարձանները, բնությունը, բույսերն ու կենդանիները: Պատասխանատու, խնայող և հոգատար վերաբերմունք շրջակա միջավայրի և բնակիչների հանդեպ:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Խմբային, համագործակցային առաջադրանքներ

Ստորև ներկայացված բոլոր առաջադրանքները կարելի է հանձնարարել խմբերով և համագործակցելով կատարել:

2. Ուսումնական, դերային, իմիտացիոն, զարգացնող խաղեր

Նկարագրել, բացատրել, որ ընտանիքում ամեն մեկն իր դերն ու պարտականություններն ունի, խաղերի միջոցով ընտրել և բաշխել այդ դերերը, մեկնաբանել՝ ով ինչ իրավունք և պարտականություն ունի: Ընտրել և առանձնացնել այն պարտականությունները, որոնք բոլորինն են, թվարկել դրանք, համեմատել, հակադրել: Կարելի է համապատասխան պատկերների միջոցով որոշել, թե ընտանիքներն ինչի կարիք ունեն (տանիքի, հագուստի, սննդի, մաքրության, խնամքի, սիրո): Պետք է հատուկ ուշադրություն դարձնել, որ երեխաների մոտ առկա կարծրատիպերը կոտրվեն, հասկանան, որ մայրիկն էլ կարող է աշխատել և մեքենա վարել, հայրիկը կարող է ընթրիք պատրաստել, փոքրիկ եղբոր խնամքով կարող են զբաղվել և՛ մայրիկները, և՛ հայրիկները և այլն: Նման օրինակները ապահովում են կանանց և տղամարդկանց հավասարությանն ուղղված կրթություն: Երեխաները պետք է հասկանան, որ ընտանիքում ամենից կարևորը միմյանց հանդեպ սերն ու հոգատարությունն է: Պետք է դիտարկվեն իրավիճակներ, երբ դերերն ու պարտականությունները կարող են և պետք է փոփոխվեն ըստ անհրաժեշտության, երբ մեկը օգնության կարիք ունի և ծանրաբեռնված է, չեն կարող լինել իմ գործը, քո գործը ասվածները, այլ պետք է միմյանց օգնել: Օրինակ՝ երբ տանը փոքրիկ է ծնվել, բոլորը պետք է վերանայեն իրենց պարտականությունները և խնամքը բաշխեն միմյանց միջև: Դերերն ու պարտականությունները կարող են փոփոխվել ժամանակի ընթացքում:

Կարելի է նաև հոգատար վերաբերմունքի տարբեր դրսևորումների նկարներ կամ փոքրիկ տեքստեր, բառեր տրամադրել, որպեսզի երեխաներն ընտրեն մերձավորների հանդեպ ընդունելի և ցանկալի վերաբերմունքը:

Նկարագրել և համեմատել, թե որ ընտանիքն ինչպես է կազմակերպում իր հանգիստը, տոները, ժամանցը, ազգային և պետական տոները:

3. Իրավիճակների առաջադրում, քննարկում

Տարբեր իրավիճակների, պատմությունների քննարկում, օրինակելի և սխալ վարքի դիտարկում, տարբերակում, մեկնաբանում:

4. Դաշտային աշխատանք

Շրջակա տարածքում դիտումներ կատարել, նշել հասցեն, գծել կամ նկարագրել դպրոցի ճանապարհը, դիտարկել մոտակա կառույցներն ու նրանց նշանակությունը, կողմնորոշվել տարածքում: Տարածքը գնահատել մաքրության տեսանկյունից: Ընտանիքի համար որոշ գնումներ կատարել՝ ընտրել առողջ և թարմ սնունդ:

5. Դիտումներ

Շրջակա տարածքի դիտումներ, լուսանկարել, համեմատել տարբեր տարածքների վիճակը, ներկայացնել:

Համայնքի տեսարժան վայրերը բացահայտել, ամենահին ծառը, ամենահին տունը, ամենատարեց բնակիչը): Պարզել դրանց պատմություններն ու գրի առնել, ներկայացնել:

Ծանոթանալ տվյալ տարածքին բնորոշ բնության և կենդանական աշխարհին, դիտարկումներ և նշումներ անել՝ դրանք արտահայտելով այլ գործնական աշխատանքներում:

6. Տեսանյութերի ստեղծում

Շրջել համայնքում և բջջային հեռախոսներով նկարահանել տեսարժան վայրերն ու հետաքրքիր երևույթները (փոքրիկ տեսանյութերի ձևով):

7. Աշխատանքային թերթիկներ տարբեր առաջադրանքներով

Լրացնել բաց թողնված բառերը, պատասխանները գծերով միացնել համապատասխան նկարներին: Աղյուսակների լրացման կամ այլ առաջադրանքներով թերթիկներ ընտանեկան տոների, դերերի և պարտականությունների վերաբերյալ, ընտանիքի կարիքների մասին և այլն:

8. Պարզ հատակագծերի գծագրում, վերծանում, կողմնորոշում

Կողմնորոշվել համայնքում, գծել տնից դպրոց ճանապարհը և ճանապարհին գտնվող կառույցներն ու տները, ծառերը և այլն: Եթե գնում են խանութ գնումների, նաև խանութի ճանապարհը և այլն:

9. Պատկերազարդում՝ նկարների գծապատկերների և սխեմաների ստեղծում

Կատարած աշխատանքների ցուցադրում:

1. Անհատ և հարաբերություններ

Փորձել հասկանալի դարձնել յուրաքանչյուրի դերը դրական, հարգալից, առողջ և պատասխանատու փոխհարաբերություններ հաստատելու հարցում: Քննարկել յուրաքանչյուրի դերի և պատասխանատվության կարևորությունը շրջապատի մարդկանց համար:

2. Ժամանակ և տարածություն

Քննարկել ժամանակի ընթացքում ընտանիքների փոփոխությունները, իրենց և հարազատների մեծանալը, տատիկ-պապիկների օրինակը, նախնիների մասին հիշողությունը, նրանց ժառանգության փոխանցումը հաջորդ սերունդներին, բնակավայրերի փոփոխությունը:

3. Անհատական և մշակութային արժեհամակարգ

Հայրենի բնակավայրում եղած մշակութային օբյեկտների վերաբերյալ տեղեկություններ, պատմություններ արհեստների, այդ արհեստներով զբաղվող մարդկանց, մշակութային օբյեկտների ստեղծման, ստեղծողների մասին: Տեղեկություններ ավանդույթների, երգերի, պարերի, խոհանոցի առանձնահատկությունների մասին:

4. Օրինաչափություն

Օրինաչափություններ կարելի է տեսնել յուրաքանչյուր պարբերաբար կրկնվող և ժամանակի ընթացքում համեմատաբար անփոփոխ գործողություններում, ընտանիքում (օրինակ՝ սերունդների հերթագայումը, ծնողների սերն ու խնամքը և այլն), համայնքում, բնության մեջ և այլն:

5. Պատճառ և հետևանք,

Պատճառին և հետևանքին կարելի է անդրադառնալ գրեթե բոլոր թեմաներում՝ և՛ փոխհարաբերություններում (ընտանիքում, ընկերական շրջապատում), և՛ ամենուր կատարվող փոփոխություններում, և՛ քաղաքի ու գյուղի տարբերություններում, պատասխանատու վերաբերմունքի հետևանքների համատեքստում և այլն:

6. Մասշտաբ, համամասնություն և քանակ

Քաղաքի և գյուղի համեմատության համատեքստում կարելի է անդրադառնալ բնակչության թվի, ծառայությունների, տրանսպորտի և այլ կառույցների առկայության և դրանց մասշտաբների նկարագրությանը:

7. Համակարգ և մոդել

Ընտանիքի մոդելի ընկալում, տարբեր մոդելների կիրառում փոքր ու մեծ ընտանիքների օրինակով:

Դպրոցի, դասարանի մոդելի ընկալում, նկարագրություն, համայնքում գործող տարբեր համակարգերի (ընտանիք, դպրոց, հիվանդանոց, առևտրի կենտրոն), և համայնքի՝ որպես մեկ համակարգի ընկալում:

8. Կայունություն և փոփոխություն

Հասկանալ, որ ընտանիքները փոփոխվում են ժամանակի ընթացքում (իրենց ընտանիքի պատմության, անցյալի և ներկայի վերաբերյալ տեղեկությունները համադրելու միջոցով), համայնքում կատարվող փոփոխությունները, ժամանակի գծային ընկալումը՝ անցյալից ապագա:

Միջառարկայական կապեր

Մայրենի

1. Կարողանա մտքերը խոսքը գրագետ ձևակերպել, այդ թվում արտահայտվելու այլընտրանքային եղանակներով, լսել հրահանգերը, իրեն ուղղված խոսքը և համապատասխան արձագանքել, լսել և հասկանալ տեղեկատվությունը:

2. Ձևակերպել հարցեր, այդ թվում արտահայտվելու այլընտրանքային եղանակներով, լսածի, տեսածի, զգացածի, ընթերցածի, իրեն հետաքրքրող հարցերի մասին և պատասխանել տրված հարցերին:

3. Կարողանա ընտանիքի, գյուղի, քաղաքի մասին դիտարկումները ներկայացնել անցած տեքստերի, բանաստեղծությունների և քննարկված նյութերի հիման վրա:

Արվեստ

1. Դիմախաղի, զգացմունքների, հույզերի մասին որոշ պատկերացումներ ունենալ:

2. Կարողանա թեմային համապատասխան նկարներ դիտել, նկարել, երաժշտություն լսել, ծեփել, կտրել:

3. Կարողանա թեմային համապատասխան դերախաղ կատարել:

Մաթեմատիկա

4. Կարողանա աղյուսակ կազմել, պարզ գծագրեր անել, ճանապարհ գծել, լրացնել, պարզագույն հաշվումներ կատարել:

Տեխնոլոգիա

5. Կարողանա թեթև կենցաղային աշխատանքներ կատարել՝ օգնելով ընտանիքի անդամներին:

Օտար լեզու

1. Ունենա ընտանիքի անդամներին, հարազատներին անվանող բառապաշար:

2. Կարողանա օգտագործել ընտանեկան առօրյան նկարագրող բառեր և արտահայտություններ:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի տարրական դպրոցի վերջնարդյունքների հետ

Թեմային ուղղակի առնչվող՝ Տ18, Տ22, Տ24, Տ29,

Թեմային մասամբ առնչվող՝Տ1, Տ2, Տ7, Տ8, Տ12, Տ14, Տ15, Տ23.

ԵՍ ԵՎ ՄԱՐԴԻԿ

Փոխհարաբերություններ

Դպրոց

Իրավունքներ

Կոնֆլիկտ

ԹԵՄԱ

ԴՊՐՈՑՆ ՈՒ ԸՆԿԵՐՆԵՐՍ

Նպատակ

1. Ձևավորել իսկական ընկերոջ մասին պատկերացումներ, օգնել ձեռք բերելու ընկերներ և պահպանելու ընկերությունը, օգնել գիտակցելու, որ ընկերությունը պայմանավորված չէ սեռով, թե՛ աղջիկները, թե՛ տղաները կարող են լավ ընկերներ լինել:

2. Ձևավորել դրական վերաբերմունք կանոններին և դրանց կարևորությանը, իրենց և ուրիշների իրավունքները պաշտպանելու համար դրանց անհրաժեշտության գիտակցություն, իրավունքների և պարտականությունների փոխկապվածության ընկալում և բարեկիրթ շփման հմտություններ:

3. Օգնել հասկանալու արարքների և հետևանքների կապը, օրինակներով ցույց տալ, թե արարքներն ինչ հետևանքներ կարող են ունենալ ՝ թե՛ դրական, թե՛ բացասական:

4. Ձևավորել փոխադարձ վստահության մթնոլորտ, որն էական է ընկերական փոխհարաբերություններում և կոնֆլիկտները խաղաղ հարթելու հիմք է, ստեղծել իրավիճակներ վեճերի խաղաղ լուծման ձևեր փնտրելու, գտնելու վերաբերյալ:

Առարկայի ընդհանրական չափորոշչային վերջնարդյունքներ

Դպրոց

Շ.Մ.Փ.Դ1 Պահպանել դպրոցական համակեցության կանոնները, բերել մեծահասակների և հասակակիցների վարքագծի դրական և բացասական ազդեցության օրինակներ, հստակ արտահայտել ցանկություններն ու կամքը, ոչինչ թույլ չտալ առանց իր ցանկության, երբ դա կարող է վնասել իրեն:

Շ.Մ.Փ.Դ2 Կարևորել փոխօգնությունը, միմյանց հանդեպ բարեհաճ և փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերություներ ստեղծելու կամք ցուցաբերել:

Շ.Մ.Փ.Դ3 Բնութագրել, թե ինչպիսին պետք է լինի ընկերը, որ որակներն են բնորոշ լավ ընկերոջը, համապատասխանել այդ բնութագրին, կարողանալ ձեռք բերել ու պահպանել ընկերությունը:

Շ.Մ.Փ.Դ4 Բացատրել՝ օրինակներ բերելով, որ բոլոր մարդիկ կարող են ունենալ նախասիրություններ և հետաքրքրություններ, որոնք պայմանավորված են անհատական առանձնահատկություններով և անձնային որակներով:

Իրավունքներ

Շ.Մ.Փ.Ի1 Նկարագրել իրավունքների և քաղաքացիական պատասխանատվության հիմնական բաղադրիչները, որոնք հնարավորություն են տալիս հասարակությանը դուրս գալ ավելի զարգացած, ներդաշնակ ուղի:

Շ.Մ.Փ.Ի2 Կանխատեսել իր և ուրիշների արարքների հնարավոր հետևանքները, գնահատել դրանք, ունենալ անձնական դիրքորոշում:

Կոնֆլիկտ

Շ.Մ.Փ.Կ1 Ցուցաբերել արդյունավետ շփման, կոնֆլիկտները խաղաղ կարգավորելուն ուղղված վարքագիծ:

Շ.Մ.Փ.Կ2 Տարբերակել բռնության տարբեր դրսևորումները հասակակիցների և մեծահասակների կողմից/միջև, հրաժարվել բռնության բոլոր ձևերից, աջակցել բռնության ենթարկվածին:

Շ.Մ.Փ.Կ3 Տարբերակել փաստը տեսակետից:

Շ.Մ.Փ.Կ4 Նկարագրել և բերել իրենց առնչվող պարզ օրինակներ ազատության, արդարության և հավասարության, պատասխանատվության և հանդուրժողականության վերաբերյալ։

 Թեմայի վերջնարդյունքները

Դպրոց

2Շ.Մ.Փ.Դ1-3 Նկարագրել և օրինակներ բերել, թե ինչը կարող է օգնել կամ խանգարել ընկերությանը:

2Շ.Մ.Փ.Դ3 Բնութագրել, թե ինչպիսին պետք է լինի ընկերը, որ որակներն են բնորոշ լավ ընկերոջը, և բացատրել, որ դրանք պայմանավորված չեն սեռով:

2Շ.Մ.Փ.Հ1,

2Շ.Մ.Փ.Կ1 Արդյունավետ շփվել, կարողանալ լսել միմյանց, հարգել միմյանց կարծիքը, հաշտության ճանապարհներ գտնել:

2Շ.Ե.Ի.Մ3 Հարգել միմյանց տարբերությունները, նշել, որ բոլորը տարբեր կարողություններ ունեն, նաև հաշմանդամություն և զարգացման առանձնահատկություններ ունեցող մարդիկ:

Իրավունքներ

2Շ.Մ.Փ.Դ1ա Պահպանել, կիրառել դասարանական և քաղաքավարության կանոնները, պատրաստակամ լինել խմբով կամ զույգերով աշխատելիս:

2Շ.Մ.Փ.Դ1,

2Շ.Մ.Փ.Ի2 Մեկնաբանել, թե արարքներն ինչ հետևանքներ կարող են ունենալ, թե՛ դրական, թե՛ բացասական:

2Շ.Մ.Փ.Ի1 Նկարագրել յուրաքանչյուրի դերը, իրավունքները, պարտականությունները դպրոցում, դասարանում, նշել դրանց կարևորությունը:

Կոնֆլիկտ

2Շ.Մ.Փ.Դ1,

2Շ.Մ.Փ.Կ1 Խուսափել վեճերից, կռիվներից, փորձել խոսել, հաշտվել միմյանց հետ:

2Շ.Մ.Փ.Կ1բ Բացատրել՝ ինչ է կոնֆլիկտը և դրանք խաղաղ լուծելու ձևեր գտնել:

Բովանդակություն

1. Ընկերություն, ընկերոջը բնորոշ որակներ, լավ և վատ արարք, ինչպես պահպանել ընկերությունը, հաշտություն, արդյունավետ շփում:

2. Դասարանական կանոններ:

3. Արարքներ և հետևանքներ (դրական, բացասական):

4. Յուրաքանչյուրի դերը, իրավունքները, պարտականությունները դպրոցում, դասարանում:

5. Կոնֆլիկտը և դրանք խաղաղ լուծելու ձևերը:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Խմբային, համագործակցային առաջադրանքներ Կարևոր է, որ սովորողները հնարավորություն ունենան իրենք մշակելու իրենց դասարանական կանոնները: Դրանք պետք է առաջարկեն աշակերտները և միասին ընտրեն և ընդունեն դրանք: Պետք է կարողանան մեկնաբանել, թե արարքներն ինչ հետևանքներ կարող են ունենալ, թե՛ դրական, թե՛ բացասական:

2. Իրավիճակների առաջադրում, քննարկում

Տարբեր իրավիճակների, պատմությունների քննարկում, օրինակելի և սխալ վարքի դիտարկում, տարբերակում, մեկնաբանում:

3. Ուսումնական, դերային, իմիտացիոն, զարգացնող խաղեր

Տարբեր իրավիճակների խաղարկում, դերերի փոփոխություն, որպեսզի երեխաները հակադիր դերերում հայտնվեն ու կարողանան համադրել հույզերը, ապրումակցել մյուսներին: Տարբեր` դրական և բացասական վարքեր խաղարկելով՝ ցուցադրել, թե որքան կարևոր է, որ յուրաքանչյուրն իր դերը, իրավունքները, պարտականությունները գիտակցի դպրոցում, դասարանում: Դրանց խախտման օրինակներով ցույց տալ հետևանքները: Կարողանալ լսել միմյանց, հարգել միմյանց կարծիքը, հաշտության ճանապարհներ գտնել: Հասկանալ՝ ինչ է կոնֆլիկտը և դա խաղաղ լուծելու ձևեր փնտրել: Ընկերների հետ վեճերի, կոնֆլիկտային իրավիճակների խաղարկում և հաշտության տարբերակների առաջարկներ:

4. Դասարանական քննարկումներ և դեբատներ

Իրավունքների և պարտականությունների շուրջ տարբեր պատմությունների քննարկում, տարբեր կարծիքների արտահայտում և հիմնավորում:

5. Հրապարակային ներկայացում, շնորհանդես (պրեզենտացիա)

Կարելի է փոքրիկ պատմություններ հորինել վեճերի և դրանք հաշտությամբ ավարտվելու կամ այդ վեճերի հետևանքների մասին, կարելի է պատկերել նկարներով, ներկայացնել մյուսներին:

6. Աշխատանքային թերթիկներ՝ տարբեր առաջադրանքներով

Վերը ներկայացված բոլոր աշխատանքների համար օգտակար կլինեն տարբեր թերթիկներով, նկարներով, իրավիճակների նկարագրությամբ թերթիկները:

7. Ուսուցողական ֆիլմերի դիտում, քննարկում

Իրավունքների, պարտականությունների, դպրոցական կանոնների և վեճերի վերաբերյալ ֆիլմերը կարող են շատ օգտակար լինել:

1. Անհատ և հարաբերություններ

Փորձել հասկանալի դարձնել յուրաքանչյուրի դերը դրական, հարգալից, առողջ և պատասխանատու փոխհարաբերություններ ստեղծելու հարցում: Հասկանալ իրավունքների և պարտականությունների կապը, կանոնները պահպանելու և դրանով իրենց և մյուսների իրավունքները հարգելու և չխախտելու կարևորությունը:

2. Պատճառ և հետևանք

Պատճառին և հետևանքին կարելի է անդրադառնալ ողջ թեմայի ընթացքում. կանոնները պահել/չպահելու հետևանքները, արարքի՝ դրական/բացասական հետևանքները, իրավունքները խախտելու/չխախտելու, պատասխանատու վերաբերմունքի հետևանքները և այլն:

Ուսումնասիրել կոնֆլիկտների պատճառները, դրանց հետևանքները, խուսափելու եղանակներն ու խաղաղ կարգավորումը:

Միջառարկայական կապեր

Մայրենի

1. Մտքերը հստակ, արտահայտիչ ձևակերպի:

2. Հասկանա իրավունք և պարտականություն բառերը, նաև կոնֆլիկտ բառը և դրա ուղղագրությունն ու ուղղախոսությունը, բացատրելիս օգտագործի հոմանիշներ և հականիշներ՝ վեճ, կռիվ, բախում, հաշտություն, խաղաղություն, բարեկամություն և այլն, ձևակերպի հարցեր, այդ թվում՝ արտահայտվելու այլընտրանքային եղանակներով, ճիշտ ձևակերպի պատասխանները:

Արվեստ

3. Դերախաղով ներկայացնի առաջադրված իրավիճակները, ձևավորի դասարանական կանոնների պաստառ:

4. Կարողանա տարբեր ապրումներ պատկերել, կոնֆլիկտ և հաշտություն ներկայացնող խորհրդանիշներ պատկերել: Կարողանա տարբերել երաժշտության առաջացրած զգացումները, հույզերը:

Մաթեմատիկա

5. Կարողանա պատճառահետևանքային կապեր տեսնել, ինչպես նաև հետևանքներից կռահել պատճառները:

Ֆիզկուլտուրա

6. Ունենա թիմային զգացողություն, համագործակցելու կարողություն թիմային, խմբային խաղերի, վարժանքների միջոցով:

7. Տարբեր շարժախաղերի միջոցով, մրցակցելով, համագործակցելով ձեռք կբերեն թիմային զգացողություն, համագործակցելու կարողություն:

8. Ընկերական փոխհարաբերություններում միմյանց հանդեպ վստահության ձևավորում, կոնֆլիկտային իրավիճակների և վեճերի խաղաղ կարգավորման, հաշտության ձգտում:

Տեխնոլոգիա

9. Աշխատանքային գործընթացում կարողանա պահել համերաշխության մթնոլորտ, գտնի ծագած անհաշտությունները խաղաղ լուծելու ճանապարհ:

Օտար լեզու

10. Սովորի և օգտագործի թեմային համապատասխան բառեր, բառակապակցություններ:

11. Վարի պարզ երկխոսություններ, սովորի ընտանեկան առօրյային նվիրված փոքրիկ ոտանավորներ, խաղեր, երգեր:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի տարրական դպրոցի վերջնարդյունքների հետ

Թեմային ուղղակի առնչվող՝ Տ9, Տ21, Տ24, Տ28

Թեմային մասամբ առնչվող՝ Տ1, Տ2, Տ7, Տ8, Տ15, Տ22, Տ23

ԵՍ ԵՎ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ

Բնության բազմազանություն

Փոխազդեցություններ

Օբյեկտներ՝ կենդանի, անկենդան

Կենդանի բնության օբյեկտները

ԹԵՄԱ

ԲՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՄ ՇՈՒՐՋԸ

Նպատակ

1. Օգնել տարբերակել կենդանի և անկենդան բնության, մարդու և բնության ստեղծած օբյեկտները՝ նկարագրելով դրանց առանձնահատկությունները:

2. Տեսնել և նկարագրել բնության բազմազանությունը:

3. Օգնել դիտարկումներով և փորձերով բացահայտելու, որ կենդանի բնությունը ջրի, օդի, լույսի, ջերմության և բնակության վայրի կարիք ունի:

4. Օգնել աշակերտներին, փորձերով և դիտարկումներով, օրինակներ բերելով, համոզվելու, որ բույսերն ու կենդանիները փոխադարձաբար կապված են:

Առարկայի ընդհանրական չափորոշչային վերջնարդյունքներ

Օբյեկտներ՝ կենդանի և անկենդան

Շ.Բ.Բ.Օ1 Տարբերակել և բնութագրել կենդանի և անկենդան բնության օբյեկտները, դրանց փոխկապվածության և փոխազդեցությունների օրինակներ բերել:

Շ.Բ.Բ.Օ2 Ներկայացնել տարբեր բնական գործոնների ազդեցությունը բույսերի աճի և զարգացման վրա (հող, ջուր, օդ, լույս, ջերմություն):

Շ.Բ.Բ.Օ3 Բնութագրել տարբեր տարածքներին բնորոշ կենդանիների, բույսերի և մարդկանց բազմազանությունն ու միջավայրին հարմարվողականությունը, այդ բազմազանության պահպանության անհրաժեշտությունը:

Կենդանի բնության օբյեկտները

Շ.Բ.Բ.Կ1 Նկարագրել, հիմնավորել, որ բնության մեջ գտնվող բուսական և կենդանական տեսակները դասակարգվում են ըստ տարբեր բնութագրերի:

Շ.Բ.Բ.Կ2 Տարբերակել և նկարագրել բույսերի հիմնական մասերը, նկարագրել դրանց հիմնական գործառույթները, հետազոտել, ներկայացնել սերմերի ծլման, աճի գործընթացը և անհրաժեշտ հիմնական պայմանները:

Շ.Բ.Բ.Կ3 Բացատրել և ընդհանրացնել, որ բոլոր կենդանի օրգանիզմները բազմանում և առաջացնում են իրենց նման, բայց ոչ կրկնօրինակ սերունդ:

Շ.Բ.Բ.Կ4 Բացատրել, թե մարդը, կենդանիները և բույսերը որտեղից են ստանում իրենց սնունդը, նշել, որ մարդը և կենդանիները սնվում են բույսերով կամ այլ կենդանիներով, սնման շղթաների պարզ օրինակներ բերել:

 Թեմայի վերջնարդյունքները

Օբյեկտներ՝ կենդանի և անկենդան

2Շ.Բ.Բ.Օ1 Նկարագրել բնության անկենդան և կենդանի օբյեկտները, կարողանալ տարբերակել դրանք՝ ելնելով դրանց առանձնահատկություններից:

2Շ.Բ.Բ.Օ1ա Համեմատել և տարբերակել շրջապատի օբյեկտները՝ մարդու և բնության ստեղծած:

2Շ.Բ.Բ.Օ1բ Ներկայացնել, թե մարդն ինչ է ստանում բնությունից (սնունդ, շինանյութ, դեղաբույսեր, գեղագիտական նշանակություն և այլն):

2Շ.Բ.Բ.Օ2 Դիտարկել և փորձերի օգնությամբ համոզվել, որ կենդանի բնությունը ջրի, օդի, լույսի, ջերմության և բնակության վայրի կարիք ունի:

2Շ.Բ.Բ.Կ4 Դիտարկել, նկարագրել բույսերի և կենդանիների փոխկախվածությունը, սննդային շղթաների պարզ օրինակներ բերել:

Կենդանի բնության օբյեկտները

2Շ.Բ.Բ.Կ1 Դիտարկել բույսերի բազմազանությունը. խմբավորել դրանք մշակովի և վայրի, ցամաքային և ջրային, ծառեր, թփեր, խոտաբույսեր և այլ դասակարգումներով, բերել օրինակներ:

2Շ.Բ.Բ.Կ1ա Խմբավորել կենդանիները՝ ըստ վայրի և ընտանի տեսակների:

2Շ.Բ.Բ.Կ4ա Բնութագրել, օրինակներ բերելով, բույսերը` որպես մարդու և կենդանիների հիմնական սնունդ և կենսական նշանակության ունեցող պարագաների աղբյուր:

Բովանդակություն

1. Կենդանի և անկենդան բնության օբյեկտների առանձնահատկությունները:

2. Օդը, ջուրը, լույսը, ջերմությունն ու բնակության վայրը` որպես ապրելու անհրաժեշտ պայմաններ:

3. Բույսերի և կենդանիների փոխկապվածությունը, պարզ սննդային շղթաներ:

4. Բույսերի բազմազանությունը. մշակովի, վայրի, ծառեր, թփեր, խոտաբույսեր, ցամաքային, ջրային և այլն: Բույսերի նշանակությունը մարդու և կենդանիների կյանքում:

5. Ընտանի և վայրի կենդանիներ:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

8. Դիտումներ

Դիտարկել, թե շուրջն եղած օբյեկտներն ինչ ընդհանրություններ ու տարբերություններ ունեն: Բնության գրկում դիտարկումներ և նշումներ կատարել, թե որոնք կարելի է բնորոշել կենդանի, որոնք` ոչ, և ինչու: Նկարագրել և պնդումներ անել մեկնաբանություններով: Տարբերակել և դասակարգել՝ ըստ առանձնահատկությունների, օրինակ՝ անկենդան բնությունը չի ապրում կամ մեռնում, իսկ կենդանի բնությունն ապրում է, բազմանում և մեռնում: Գտնել այլ բնորոշիչներ, որոնցով դրանք առանձնանում են:

Խմբավորել ապա դասակարգել բույսերը՝ ըստ տեսանելի առանձնահատկությունների, ելնելով չափսերից, բարձրությունից, կյանքի տևողությունից և այլ առանձնահատկություններից (ծառեր, թփեր, խոտաբույսեր): Հարցերով վեր հանել նաև մշակովի և վայրի բույսեր, ցամաքային և ջրային բույսեր բաժանումը և այլն:

Բնության գրկում դիտարկումներ անել, թե ինչ բույսեր, կենդանիներ, միջատներ ու թռչուններ են ապրում, որտեղ են ապրում, ինչով են սնվում, տեսնել դրանց միջև եղած կապերը և հետևություններ անել: Կազմել պարզ սննդային շղթաներ:

9. Փորձեր

Փորձեր անել համոզվելու համար, որ օդը, ջուրը և լույսը բույսերի աճի համար անհրաժեշտ են: Պայմանները փոփոխելով՝ կարող են տեսնել տարբեր արդյունքներ, որոնցից պետք է պարզ եզրահանգումների անել: Նշումներ կատարել և ամփոփել: Նման փորձեր կարող են անել թե՛ դպրոցում, թե՛ տանը:

Բույսերի սերմեր ծլեցնել (ցորեն, լոբի, ոսպ) և դիտարկումներ անել, գրանցումներ կատարել, ծանոթանալ բույսերի մասերին, դրանք նկարագրել և պարզել, թե որն ինչ գործառույթ է կատարում:

10. Հետազոտական առաջադրանքներ

Փոքրիկ հետազոտական առաջադրանքներ անել՝ կապված բույսերի, ծաղիկների հետ. թողնել դրանք առանց ջրի, ջրի մեջ, արևի տակ, ստվերում, ամբողջովին մութ տեղում և այլն: Արդյունքները գրանցել:

11. Խմբային և համագործակցային աշխատանքներ

Խմբային դերային և համագործակցային խաղերով ցույց տալ բնության տարբեր օղակների փոխկապվածությունը: Հետևություններ անել:

12. Աշխատանքային թերթիկներ՝ տարբեր առաջադրանքներով

Փորձերի և դիտարկումների համար կարելի է օգտագործել աշխատանքային թերթիկներ, որոնցում ուղղորդումներ կան, թե ինչպես կատարեն դիտարկումները, ինչին ուշադրություն դարձնեն, լրացնեն և այլն:

13. Մոդելավորում

Նկարելով բնության համակեցությունների պարզ մոդելներ ներկայացնել անտառի, լճի և այլ պարզ օրինակներով:

14. Գիտական բառապաշարի և լեզվի գործածում

Կարևոր է, որ երեխաները սկսեն օգտագործել բնագիտական եզրույթներն ըստ անհրաժեշտության, կիրառության և հասկանալով, օրինակ՝ բույսերը ծլեցնելիս՝ սերմ, ծիլ, արմատ, ցողուն, տերև և այլն:

15. Պատկերազարդում՝ նկարների, գծապատկերների և սխեմաների ստեղծում

Վերը թվարկված բոլոր աշխատանքների ընթացքում կարելի է նկարել, գծել, աղյուսակներ կազմել, ինչը կօգնի ավելի լավ պատկերացնել և յուրացնել նյութը:

Կատարած դիտարկումների, փորձերի արդյունքների ներկայացում տարբեր միջոցներով:

16. Էքսկուրսիաներ, արշավներ

Բույսերի և կենդանիների բազմազանության, մեր տարածաշրջանում տարածում ունեցող ֆաունային և ֆլորային ծանոթացման լավ հնարավորություն են էքսկուրսիաները բուսաբանական այգիներ, բնության թանգարաններ և այլն: Եթե դպրոցն արշավներ կազմակերպելու հնարավորություն ունի, ցանկալի է, որ երեխաները ծանոթանան բնության մեջ վարվեցողության կանոններին, անվտանգությանը, խնայող վերաբերմունք դրսևորելու անհրաժեշտությանն ու բնության մեջ ներդաշնակ գոյատևելուն: Կարելի է նաև էքսկուրսիաների ժամանակ դիտարկել, թե երեխաներն ինչպես են վերաբերվում բնությանը, առհասարակ շրջակա միջավայրին և բնութագրել յուրաքանչյուրին, գնահատել:

17. Ուսուցողական ֆիլմերի դիտումներ, քննարկում

18. Փաստական նյութերի հետաքրքիր և խթանող ներկայացում

1. Օրինաչափություն

Տարբերակել կենդանի և անկենդան օբյեկտները՝ ըստ որոշ դիտարկելի որակների և բնութագրիչների, դասակարգել դրանք՝ ըստ այդ բնութագրերի, օրինակ` կենդանի օբյեկտները ծնվում են, սնվում, աճում, բազմանում և մահանում:

Նկատել, որ բնության տարբեր բաղադրիչները փոխկապված են, դրանցից մեկի արտամղումը կարող է փոփոխել ողջ համակարգը:

Դասակարգել բույսերը՝ ըստ իրենց նկատած բնորոշիչների, օրինակ՝ ծառեր, թփեր և այլն:

2. Պատճառ և հետևանք

Կարող են նկատել, որ լույսի պակասը կարող է բույսերի նվազ աճի պատճառ լինել, կամ սննդի պակասը կարող է կենդանիների տեղաշարժի և տարածքը փոխելու պատճառ լինել: Այդպիսի պատճառահետևանքային կապերը բազմաթիվ են այս թեմայում, և պետք է յուրաքանչյուր հարմար օրինակի վրա շեշտադրումներ անել:

3. Էներգիա և նյութ

Պարզ սննդային շղթաների միջոցով տարրական պատկերացում տալ, որ սնունդը եռանդ է տալիս, եթե չսնվեն կենդանիները, չեն կարող վազել, որս անել, ապրել, ինչպես նաև մարդիկ, բույսերը:

4. Կառուցվածք և գործառույթ

Օրինակ՝ կարելի է խոսել բույսերի արմատների մասին, որոնք հողից ջուր են ստանում, ամրանում են հողին, կամ խոսել տարբեր գազանների բերանի և ատամների մասին, որոնք օգնում են սնունդն ուտել: Դրանք իրար նման կառուցվածք ունեն և նույն նպատակի համար են գործածվում: Կամ աչքերը, ականջները և այլն: Պետք է ցույց տալ տարբեր կենդանիների կամ բույսերի նույն գործողությունն իրականացնող մասերի նմանությունը:

5. Կայունություն և փոփոխություն

Դիտարկել, ցույց տալ տարբեր տեղանքներում ժամանակի ընթացքում կենդանիների և բույսեր հետ կատարվող փոփոխությունները: Թռչունների չվելը և վերադառնալը, մեղուների գարնանն ակտիվանալը, ծառերի ծաղկելն ու պտղակալելը և այլն:

 Միջառարկայական կապեր

Մայրենի

6. Կարողանալ պատմել տեսածի մասին, կատարել հիմնավորումներ՝ օգտագործելով բնության մեջ տեսածը, համեմատելիս, վերլուծելիս ճիշտ և տեղին օգտագործել համապատասխան բնորոշիչները, կարողանալ բնության վերաբերյալ կարդացած ստեղծագործություններից քաղած տեղեկություններն օգտագործել բնության մասին դիտարկումներում, գուշակել հանելուկներ, ինքնուրույն հորինել փոքրիկ ոտանավորներ, աքրոստիկոսներ:

Մաթեմատիկա

7. Կարողանալ կազմել աղյուսակներ՝ տեսած, ստացած տվյալները գրառելով դրանց մեջ, կամ կարդալ աղյուսակներ, դուրս գրել տվյալներ, կազմել խնդիրներ:

Արվեստ

8. Բնության մասին գեղարվեստական նյութերի, դերախաղով ընթերցումների, ներկայացումների, թեմային համապատասխան ֆիլմերի, արվեստի այլ աշխատանքների ուսումնասիրությունների (երաժշտության, բանաստեղծությունների ունկնդրումներ, նկարների դիտում ) միջոցով ամբողջացնել բնության` որպես արվեստի ներշնչման աղբյուրի մասին պատկերացումները, ինքնուրույն ստեղծագործել` նկարել բնություն, երգեր երգել կամ հորինել բնության մասին և այլն:

Ֆիզկուլտուրա

9. Կազմակերպել խաղեր բնության գրկում, խորացնել բնության ճանաչողությունը բնության գրկում փոքրիկ արշավների միջոցով, որոնց ժամանակ կսովորեն և կցուցաբերեն անվտանգ, ապահով ու հոգատար վարք բնության և այլ կենդանի էակների նկատմամբ: Սովորողները պատկերացում կկազմեն բնության փոխկապվածության, սննդային շղթաների մասին:

Տեխնոլոգիա

1. Ծեփել, բնական կամ արհեստական նյութերով պատրաստել կենդանի կամ անկենդան բնությանը վերաբերող առարկաներ:

2. Տնկել, ծլեցնել, խնամել սենյակային բույսեր՝ անվանելով բույսերի մասերը,ուսումնասիրելով, թե որ բույսը ինչպես կամ ինչ պայմաններում է աճում:

Օտար լեզու

1. Բառապաշարը հարստացնել՝ անվանելով բույսերի մասերը, սննդատեսակները, իմանալ կենդանիների անունները:

2. Սովորել փոքրիկ ոտանավորներ, կարդալ և թարգմանել փոքրիկ տեքստեր:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի տարրական դպրոցի վերջնարդյունքների հետ

Թեմային ուղղակի առնչվող՝ Տ7, Տ10, Տ11, Տ12, Տ13, Տ18

Թեմային մասամբ առնչվող՝ Տ1, Տ2, Տ7, Տ8, Տ9, Տ14, Տ15, Տ22, Տ23

 

ԵՍ ԵՎ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ

Բնության բազմազանություն և փոխազդեցություններ

Անկենդան բնության օբյեկտները

Փոփոխությունները բնության մեջ

ԲՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՄ ՇՈՒՐՋԸ

Նպատակ

10. Օգնել գիտակցել բնության մեջ տեղի ունեցող բնական և մարդու գործունեության հետևանքով տեղի ունեցող փոփոխությունները, ինչպես նաև մարդու ներգործության բացասական հետևանքները: Նպաստել պատասխանատու վարքագծի ձևավորմանը:

11. Ձևավորել ճանաչողություն երկրի մակերևույթի որոշ ձևերի մասին, բնորոշել, նկարագրել տեղանքը:

12. Օգնել դիտարկելու բնության մեջ տեղի ունեցող պարբերական երևույթները:

13. Խթանել բնության մեջ դիտարկումներ կատարելու և դիտարկումների հիման վրա հետևություններ անելու հմտությունները:

Առարկայի ընդհանրական չափորոշչային վերջնարդյունքներ

Անկենդան բնության օբյեկտները

Շ.Բ.Բ.Ա1 Նկարագրել երկրի մակերևույթի հիմնական ձևերը, բնորոշել շրջապատի ռելիեֆի տարբեր ձևերը` լեռներ, հարթավայրեր:

Շ.Բ.Բ.Ա2 Ներկայացնել անկենդան բնության նշանակությունը կենդանիների, բույսերի և մարդկանց կյանքում:

Շ.Բ.Բ.Ա3 Ներկայացնել մարդկանց, բույսերի և կենդանիների համար ջրի կենսական նշանակությունը, երկրագնդի վրա քաղցրահամ ջրի սահմանափակությունը, աղտոտման խնդիրը, ջրի տնտեսման, արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը:

Շ.Բ.Բ.Ա4 Բացատրել, որ երկրագունդը շրջապատված է օդային թաղանթով, որը կենսական նշանակություն ունի:

Շ.Բ.Բ.Ա5 Գլոբուսի և քարտեզի վրա ցույց տալ մայրցամաքները և օվկիանոսները: Ցույց տալ հորիզոնի հիմնական և միջանկյալ կողմերը, կողմնորոշվել դրանցով, կարողանալ օգտվել կողմնացույցից, կողմնորոշվել տեղանքում այլ կողմնորոշիչներով: Ճանաչել հատակագծի որոշ պայմանական նշաններ:

Փոփոխությունները բնության մեջ

Շ.Բ.Բ.Փ1 Նկարագրել բնության մեջ տեղի ունեցող պարբերական երևույթները (տարվա եղանակներ, գիշեր-ցերեկ) և այդ փոփոխություններով պայմանավորված այլ բնական երևույթներն ինչ ազդեցություն են ունենում բնության վրա:

Շ.Բ.Բ.Փ2 Ներկայացնել, թե մարդու գործունեությունն ինչպես է ազդում շրջակա միջավայրի և կենսաբազմազանության վրա: Պատկերացում ունենալ բնության աղտոտվածության և առողջության կապի մասին։

Շ.Բ.Բ.Փ3 Կարևորել աղբի տեսակավորման, վերամշակման, երկրորդային օգտագործման և թափոնների վերամշակման անհրաժեշտությունը բնապահպանության և խնայողության տեսանկյունից:

 Թեմայի վերջնարդյունքները

Անկենդան բնության օբյեկտները

2Շ.Բ.Բ.Ա1 Տարբերակել երկրի մակերևույթի ռելիեֆի որոշ ձևեր` լեռներ, հարթավայրեր:

2Շ.Բ.Բ.Ա2 Բնութագրել և նկարագրել անկենդան բնությունը՝ որպես կենդանիների, բույսերի և մարդկանց բնակության միջավայր:

Փոփոխությունները բնության մեջ

2Շ.Բ.Բ.Փ1 Դիտարկել և նկարագրել, թե ինչպես է փոփոխվում բնությունը տարվա եղանակներին, թվարկել տարվա եղանակները և ամիսները՝ ըստ հերթականության:

2Շ.Բ.Բ.Փ1ա Դիտարկել և նկարագրել, թե ինչպես է փոփոխվում մարդկանց, բույսերի ու կենդանիների կյանքը տարվա տարբեր եղանակներին:

2Շ.Բ.Բ.Փ1բ Բնութագրել եղանակը ցանկացած պահի, դրսևորել եղանակին համապատասխան վարքագիծ:

2Շ.Բ.Բ.Փ2 Բացատրել, թե ինչ դեր ունի մարդը բնության վատթարացման գործում, մեկնաբանել բնության պահպանության և խնայող վերաբերմունքի անհրաժեշտությունը:

Բովանդակություն

1. Անկենդան բնությունը՝ որպես կենդանիների, բույսերի և մարդկանց բնակության միջավայր:

2. Բնությունը տարվա տարբեր եղանակներին: Մարդու, բույսերի և կենդանիների փոխադարձ կապը:

3. Մարդու դերը բնության մեջ կատարվող փոփոխություններում. վտանգված բնություն:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Դիտումներ

Դիտարկել, թե շուրջն եղած անկենդան բնության օբյեկտներն ինչ ընդհանրություններ ունեն և բնութագրել: Դուրս գալ բնության գրկում դիտումների և նշումներ կատարել, թե անկենդան բնության օբյեկտներն ինչպես են կապվում կենդանի բնության հետ որպես նրանց բնակության միջավայր: Նկարագրել և պնդումներ անել մեկնաբանություններով: Տարբերակել և դասակարգել՝ ըստ առանձնահատկությունների, գտնել այն բնորոշիչները, որոնցով դրանք առանձնանում են, օրինակ՝ անկենդան բնությունը չի ապրում կամ մեռնում, այլ ժամանակի ընթացքում փոփոխվում են չափերը, ձևերը (օրինակ` սարերը, ձորերը, հողը, ջուրը, օդը և այլն):

Բնության գրկում դիտումներ անել և նկարագրել, թե որտեղ են դրանք ապրում, կարող են արդյոք առանց անկենդան բնության օբյեկտների գոյատևել. օրինակներ բերել: Գտնել թռչունների, այլ կենդանիների բներ, մրջնանոցներ, հետևել նրանց վարքին, ինչից են բույն պատրաստում, ինչպես: Նկարագրել տեսածը:

Դիտարկել շրջակա տարածքի մակերևույթի ձևերը, փորձել նկարել, գծագրել բլուրները, սարերը, ձորերը: Կարելի է օգտագործել նաև որևէ տեղանքի մակետ:

Դիտարկել, թե որ տեղանքին ինչպիսի բնություն է բնորոշ, օրինակ՝ անտառում ինչ բույսեր և կենդանիներ են բնակվում, անապատում՝ ինչպիսի, լեռնային տարածքներում՝ ինչպիսի: Մեկնաբանել, աղյուսակներ կազմել և լրացնել՝ ըստ համապատասխան տեղանքի:

Դիտարկել և նկարագրել տվյալ եղանակին բնության մեջ տեղի ունեցող երևույթները, մարդկանց, բույսերի, կենդանիների ապրելակերպը տվյալ եղանակին: Հիշելով նկարագրել, թե մյուս եղանակներին ինչպիսին են լինում նույն դիտարկած օբյեկտները և երևույթները, համեմատել: Պլանավորել, թե ինչն են դիտարկելու հաջորդ եղանակներին և լրացնելու իրենց աշխատանքում:

2. Փաստական նյութերի հետաքրքիր և խթանող ներկայացում

Փորձել գտնել նույն տեղանքի հին փաստական տվյալներ, լուսանկարներ, պատմություններ, հարցումներ, տեսանյութեր և այլ նյութեր, ցանկալի է հայրենի գյուղի, քաղաքի, աշխարհի որևէ տարածքի վերաբերյալ: Կարելի է նաև հարցումներ անել մեծերից, թե ինչպես է փոփոխվել իրենց շրջակա տարածքը տարիների ընթացքում: Ներկայացնել, համադրել և հետևություններ անել, թե ինչն է փոփոխվել և ինչու, ում ներգործությամբ է վատթարացել բնությունը: Բերել իրենց բնակավայրում հանդիպող և նախկինում հանդիպած, բայց այլևս չհանդիպող կենդանատեսակների օրինակներ, նաև բուսատեսակների, եթե այդպիսիք կան: Կարելի է օրինակներ բերել Հայաստանին բնորոշ փոփոխություններից ու վերացող տեսակներից:

3. Խմբային և համագործակցային աշխատանքներ

Խմբային դերային և համագործակցային խաղերով ցույց տալ բնության ներսում եղած փոխկապվածությունը, եղանակային փոփոխությունները: Հետևություններ անել:

Խմբերով կարող են կենդանիների համար բներ պատրաստել, օրինակ՝ թռչունների, շների, եթե բակում թափառող շուն կա, և այլն: Շատ կարևոր է վաղ տարիքից կենդանիների նկատմամբ ապրումակցում ձևավորելը:

4. Աշխատանքային թերթիկներ տարբեր առաջադրանքներով

Դիտումների համար կարելի է օգտագործել աշխատանքային թերթիկներ, որոնցում ուղղորդումներ կան, թե ինչպես կատարեն դրանք, ինչին ուշադրություն դարձնեն, ինչպես լրացնեն և այլն: Սանդղակներ լրացնել տարբեր եղանակներին կատարած դիտարկումների վերաբերյալ: Կարելի է դրանք պահել և լրացնել ողջ տարվա ընթացքում:

5. Պարզ գիտական բառապաշարի և լեզվի գործածում

Կարևոր է, որ երեխաները սկսեն օգտագործել բնագիտական եզրույթները՝ ըստ անհրաժեշտության, կիրառության և հասկանալով, օրինակ՝ օդ, ջուր, լեռ, սար, ձոր, բլուր, քարանձավ, անտառ, մարգագետին, անապատ և այլն:

6. Պատկերազարդում՝ նկարների, գծապատկերների և սխեմաների ստեղծում

Վերը թվարկված բոլոր աշխատանքների ընթացքում կարելի է նկարել, գծել, սանդղակներ կազմել, ինչը կօգնի ավելի լավ պատկերացնելու և յուրացնելու նյութը: Կատարած դիտարկումների, փորձերի արդյունքների ներկայացում տարբեր միջոցներով:

7. Ուսուցողական ֆիլմերի դիտումներ, քննարկում

8. Փաստական նյութերի հետաքրքիր և խթանող ներկայացում

1. Օրինաչափություն

Նկատել և դիտարկել պարբերաբար փոփոխվող եղանակները, դրանց հերթագայումը, այդ փոփոխություններին բնորոշ պարբերական երևույթները, որոնք օրինաչափ են, օրինակ՝ գարնանը ծաղկում են ծառերը, կանաչում են լեռներն ու մարգագետինները, վերադառնում են թռչունները և այլն: Պետք է խթանել, որ երեխաներն իրենք գտնեն նման օրինաչափությունները, նկատեն տեղանքի փոփոխությունները, նկարագրեն, թե ինչպես են փոխվում այդ տեղանքների բույսերն ու կենդանիները: Գտնել պատճառները, փորձել բացատրել: Օրինակ՝ անտառում ծառերը բարձր են ու խիտ, իսկ անապատում ծառեր չկան, կան նվազ խոտաբույսեր և այլն: Կարևոր է տեսնել, որ բնական միջավայրը պայմանավորում է բուսական և կենդանական աշխարհը:

2. Պատճառ և հետևանք

Տարվա եղանակների հերթագայման հետևանքով մարդկանց, բուսերի և կենդանիների կյանքում կատարվող փոփոխությունները, դրանց պատճառները: Դիտարկել մարդու ներգործության հետևանքները բնության վրա:

3. Մասշտաբ, համամասնություն և քանակ

Ներկայացնել բնության մեջ վերացող տեսակների, բույսերի և կենդանիների քանակի փոփոխության օրինակներ («Կարմիր գիրք»):

4. Էներգիա և նյութ

Եղանակի փոփոխության, արևի ջերմության պակասելու օրինակի վրա դիտարկել կենդանիների ձմեռային քունը, մարդկանց և կենդանիների պակաս եռանդուն լինելը: Ջերմության և սննդի պակասն ազդում է նրանց եռանդի և ապրելակերպի վրա:

5. Կառուցվածք և գործառույթ

Կարելի է դիտարկել չորային միջավայրում ապրող բույսերի տերևները, որոնք կա՛մ հյութեղ են, կա՛մ փշանման, իսկ խոնավ և տաք միջավայրում՝ սաղարթախիտ և լայնատերև:

6. Կայունություն և փոփոխություն

Թեմայի հիմնական իմաստը բնության մեջ պարբերաբար կրկնվող փոփոխություններն են և հարաբերական կայունությունը: Երեխաները պետք է հասկանան մի վիճակից մյուս վիճակին անցումները:

 Միջառարկայական կապեր

Մայրենի

1. Կարողանա ընտրել և կարդալ տարվա եղանակների մասին բանաստեղծություններ, պատմվածքներ, հանելուկներ, ասացվածքներ, եզրահանգումներ անել, հիմնավորումներ՝ հարստացնելով բառապաշարը թեմայի ընթացքում սովորած համապատասխան բառերով և բառակապակցություններով, կարողանա ձևակերպել նկարագրական և վերլուծական բնույթի խոսք, հորինել փոքրիկ ոտանավորներ, հանելուկներ:

Մաթեմատիկա

2. Կարողանա կազմել աղյուսակներ՝ բնության մեջ տեսածը, ուսումնասիրած տվյալները գրառելով դրանց մեջ կամ կարդալ աղյուսակներ, դուրս գրել տվյալներ, կազմել խնդիրներ:

Արվեստ

3. Բնության փոփոխությունների, տարվա եղանակների մասին գեղարվեստական նյութերի դերախաղով ընթերցումներ, ներկայացումներ, վտանգված բուսական և կենդանական աշխարհի մասին ֆիլմերի, արվեստի այլ աշխատանքների ուսումնասիրություններ (երաժշտության, բանաստեղծությունների ունկնդրումներ, նկարների դիտում), ինքնուրույն ստեղծագործություններ:

Ֆիզկուլտուրա

Շարժական խաղեր, որոնց միջոցով սովորողները ցույց կտան ցերեկվա և գիշերվա հերթագայությունները, բնության փոփոխությունները: Տեղեկություններ ձմեռային և ամառային սպորտաձևերի մասին:

Օտար լեզու

1. Սովորել փոքրիկ ոտանավորներ, կարդալ և թարգմանել փոքրիկ տեքստեր:

2. Անվանել տարվա եղանակները, անկենդան բնության օբյեկտների անունները՝ սար, լեռ,լիճ և այլն:

3. Վարել երկխոսություններ՝ պատմելով բնության փոփոխությունների մասին:

Տեխնոլոգիա

1. Պատրաստել տարբեր առարկաներ բնական և արհեստական նյութերով:

2. Ձևավորել պատասխանատու վերաբերմունք սենյակային բույսերի, շրջապատող իրերի նկատմամբ, դրսևորել խնայողական և հոգատար վերաբերմունք:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի տարրական դպրոցի վերջնարդյունքների հետ

Թեմային ուղղակի առնչվող՝ Տ7, Տ10, Տ11, Տ12, Տ13, Տ18

Թեմային մասամբ առնչվող՝ Տ1, Տ2, Տ7, Տ8, Տ9, Տ14, Տ15, Տ22, Տ23

ԵՍ ԵՎ ՏԻԵԶԵՐՔԸ

Շարժում և փոխազդեցություն

Ուժեր

Ձայն և լույս

ԹԵՄԱ

Հրել և ձգել, (քաշել)

ԹԵՄԱ

Ձայն և լույս

 Նպատակ

1. Նախնական գիտելիք տալ ուժերի մասին, օգնել հասկանալու և փորձով համոզվելու, որ այն, ինչ սկսում է շարժվել, շարժվում է իր վրա ազդող որևէ ուժի շնորհիվ:

2. Գաղափար տալ ձայնի, ձայնի աղբյուրների, ուժեղ և թույլ ձայների մասին:

3. Օգնել ընդլայնելու պատկերացումները լույսի մասին՝ տարբերակելով լույսի բնական և արհեստական աղբյուրները:

Առարկայի ընդհանրական չափորոշչային վերջնարդյունքներ

Ուժեր

Շ.Տ.Շ.ՈՒ1 Ցուցադրել, որ այն ամենը, ինչ սկսում է շարժվել՝ շարժվում է որևէ ուժի շնորհիվ, որ կան մարմինը շարժման մեջ դնելու տարբեր եղանակներ (ձգել, հրել տարբեր ուժերով և ուղղություններով):

Շ.Տ.Շ.ՈՒ2 Բացատրել, որ մարմիններն ընկնում են երկրի ձգողականության պատճառով:

Ձայն և լույս

Շ.Տ.Շ.ՁԼ1 Ծանոթանալ ձայնի և լույսի տարածման երևույթին, համոզվել, որ ձայնը և լույսը տարբեր կերպ են տարածվում փակ և բաց տարածքում, ձայնը և լույսը կարող են անդրադառնալ՝ դիպչելով մարմիններին։

Շ.Տ.Շ.ՁԼ2 Ներկայացնել լույսի բնական և արհեստական աղբյուրներ, օրինակներ բերել:

Շ.Տ.Շ.ՁԼ3 Բնութագրել նյութերը՝ ըստ իրենց թափանցիկ, կիսաթափանց և անթափանց լինելու հատկության:

Թեմայի վերջնարդյունքներ

Ուժեր

2Շ.Տ.Շ.ՈՒ1 Համոզվել, որ այն ամենը, ինչ սկսում է շարժվել, շարժվում է որևէ ուժի շնորհիվ:

2Շ.Տ.Շ.ՈՒ1ա Ներկայացնել մարմինը շարժման մեջ դնելու տարբեր եղանակներ (ձգել, քաշել հրել տարբեր ուժերով և ուղղություններով):

2Շ.Տ.Շ.ՈՒ1բ Նկարագրելիս օգտագործել ճիշտ բառապաշար՝ ուղղություն, արագություն, դանդաղել, արագանալ, բախվել, շեղվել, հարվածել, ընկնել և այլն:

Ձայն և լույս

2Շ.Տ.Շ.ՁԼ1 Բերել ձայնի աղբյուրների օրինակներ:

2Շ.Տ.Շ.ՁԼ1ա Ցույց տալ, որ հեռվից ձայնի ուժը թուլանում է:

2Շ.Տ.Շ.ՁԼ2 Բերել լույսի աղբյուրների օրինակներ՝ բնական և արհեստական:

Բովանդակություն

1. Հրել և ձգել (քաշել)

2. Ուժեղ և թույլ

3. Արագ, դանդաղ

4. Ձայնի, լույսի աղբյուրներ

5. Ուժեղ և թույլ ձայներ

6. Լույսի բնական և արհեստական աղբյուրներ

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Ուսումնական դերային, իմիտացիոն, զարգացնող խաղեր

Կարևոր է, որ աշակերտները, իրենց ունեցած նախնական գիտելիքների վրա հիմնվելով, փորձեն իմաստավորել այն, ինչ գիտեին: Յուրաքանչյուր երեխա խաղալիս բազմիցս հրել է, հրվել է, ձգել է, քաշել է, ճոճել է, ճոճվել է և այլն: Պետք է ցուցադրել այդ գործողությունները՝ այդ թվում՝ արտահայտվելու այլընտրանքային եղանակներով, հարցեր ձևակերպելով և կանխատեսելով: Օրինակ՝ եթե հրենք այս իրը, ինչ կպատահի, եթե թեթև հրենք, եթե ուժեղ հրենք: Հետո ցուցադրել: Եթե ձգենք այս իրը՝ ուժեղ կամ թույլ, ինչ կպատահի, ինչու… Այսպիսի գործողություններից հետո պետք է հիմնավորել և օրինակներ բերել: Կարելի է խմբերին հնարավորություն տալ, որ յուրաքանչյուրն իր օրինակները բերի, հարցադրումներ մշակի և ցուցադրի:

Դերային զվարճալի խաղեր կենդանիների, քամու, դռան, ընկնող առարկայի, իրերի:

2. Փորձեր

Փորձեր ձայնի ուժգնության, տարածման վերաբերյալ:

3. Դաշտային աշխատանք

Դուրս գալ բակ, ազատ տարածք և դիտարկումներ անել, թե ինչ ձայներ են լսվում և որտեղից են դրանք գալիս, նկարագրել, նշումներ անել, թե ինչ ձայնի աղբյուրներ տեսան, որ ձայներն էին, որ ճանաչում էին ու գիտեին, թե ինչի հետևանքով են դրանք առաջանում, և՛ ձայներ, որոնք լսում են, բայց չգիտեն, որտեղից է գալիս:

Փորձել հրելու, ձգելու, գնդակին ուժեղ և թույլ հարվածելու, ճոճանակն ուժեղ կամ թույլ հրելու, պարանի երկու կողմից ձգելու խաղեր խաղալու միջոցով դիտարկել և նկարագրել տեսածն ու կատարածը:

4. Տեքստի ուսումնասիրման աշխատանքներ

Հայտնի հեքիաթների («Պապն ու շաղգամը», «Երեք խոզուկները») օրինակով քննարկել շաղգամը հողից ձգելու ուժերը, մի քանիսի ուժը միավորելը (խոզուկների կառուցած տները գայլի փչելով քանդվելը, ինչու քանդվեցին, որը չքանդվեց, ինչու և այլն):

5. Աշխատանքային թերթիկներ՝ տարբեր առաջադրանքներով

Տարբեր նկարներով թերթիկներ, որոնցից կարելի է ընտրել ձայնի և լույսի աղբյուրներ, դասակարգել, ապա դասակարգել բնական և արհեստական լույսի աղբյուրները: Լրացնել տարբեր հարցադրումներով թերթիկներ:

6. Պարզ գիտական բառապաշարի և լեզվի գործածում

Այս թեմայում նույնպես կան բառեր, եզրույթներ, որոնք գիտական նոր իմաստ կստանան և ճիշտ կկիրառվեն, օրինակ՝ հրել, ձգել, քաշել, բախվել, ուղղություն, շարժում, ուժեղ, թույլ, արագ, դանդաղ, ձայնի աղբյուր, լույսի աղբյուր, ուղղագիծ, կորագիծ և այլն:

7. Պատկերազարդում՝ նկարների, գծապատկերների և սխեմաների ստեղծում

Ստեղծել ձայնի և լույսի հնարավոր աղբյուրների նկարներ, աղյուսակներ, որոնցում կգրանցեն իրենց դիտարկումների արդյունքները և նշումները:

8. Հարցադրումների սահմանում

Կարևոր է, որ աշակերտներն իրենք ձևակերպեն հարցադրումներ. ինչ կլինի, ինչու, եթե հրենք այս իրը, ինչ կպատահի, եթե թեթև հրենք, եթե ուժեղ հրենք և այլն:

9. Գաղափարների և հասկացությունների սահմանում և վերհանում

Վերը նշված հարցադրումների պատասխանները կլինեն հենց վեր հանված հասկացություններն ու սահմանումները, օրինակ՝ որքան ուժեղ հրենք, այնքան հեռու կգնա կամ վայր կընկնի: Որքան ուժեղ հնչի ձայնը, այնքան հեռվից կլսվի և այլն:

10. Ուսուցողական ֆիլմերի դիտումներ, քննարկում

11. Փաստական նյութերի հետաքրքիր և խթանող ներկայացում

1. Օրինաչափություն

Սեփական փորձով համոզվել, որ որքան ուժեղ ես հարվածում գնդակին, այնքան հեռու այն կգլորվի, որքան ուժեղ ես հրում ճոճանակը, այնքան ուժեղ այն կճոճվի, և քանի դեռ չես հրել, այն չի ճոճվի, եթե սեղանին դրված գրքի վրա որևէ մեկը ուժ չկիրառի, այն չի սկսի շարժվել և այլն: Այսինքն` շուրջը կատարվող շարժումների մասին մտորել, դիտարկումներ անել, գտնել, թե ինչն է ուժ գործադրում և շարժում դրանք: Գտնել ձայնի աղբյուրներ և դրանց մեջ նմանություններ նկատել, նկարագրել ընդհանրությունները, նկարագրել՝ ինչն է տարբեր: Նույնը՝ լույսի աղբյուրների դեպքում:

2. Պատճառ և հետևանք

Յուրաքանչյուր շարժման փոփոխության պատճառը ուժն է, իսկ ուժի գործադրման հետևանքը կարող է լինել շարժումը, ընկնելը, խփվելը, կոտրվելը և այլն: Կարևոր է, որ երեխաները կարողանան կռահել, թե որոշակի գործողությանը ինչ կհետևի, կանխատեսել դա:

3. Կայունություն և փոփոխություն

Շարժման և անշարժ վիճակում եղած մարմինների օրինակով քննարկել կայունությունն ու փոփոխությունը:

Միջառարկայական կապեր

Մայրենի

1. Կարողանա ձևակերպել գրագետ խոսք, ճիշտ և տեղին օգտագործել թեմային համապատասխան բառերը:

2. Կարդալ տեքստեր, ոտանավորներ, գուշակել հանելուկներ, օգտագործել հոմանիշներ, հականիշներ, բացատրել բառիմաստները:

3. Հորինել պատմություններ, հեքիաթներ կամ ընթերցած հեքիաթից դուրս գրել թեմային համապատասխան բառերը (լույս ու մութ աշխարհ, հեռու-մոտիկ և այլն):

Մաթեմատիկա

1. Կարողանա ճիշտ օգտագործել արագություն, հեռավորություն, ժամանակ հասկացությունները, կարողանա համեմատել՝ բերելով համապատասխան օրինակներ:

Տեխնոլոգիա

2. Կարողանա նշել աշխատանքային գործիքների ձայները, թղթի հետ աշխատելիս՝ թղթի ձայնը, բնական նյութերով աշխատելիս ՝ տերևների խշխշոցը, տեխնիկայի տարրերի ձայները:

Արվեստ

3. Տարբերակի բարձր և ցածր ձայները (ձայնային ռեգիստրներ), ճանաչի և բացատրի դինամիկայի և ալտերացիայի նշանները՝ երգելիս կատարելով դրանք բարձր կամ ցածր ձայնով (երաժշտություն), կարողանա նկարներում ցույց տալ լույսն ու ստվերը (կերպարվեստ), դերախաղով ցույց տալ շարժման օրինակներ (թատրոն):

Ֆիզկուլտուրա

4. Կարողանա վարժությունների, խաղերի միջոցով ցույց տալ մարմինը, իրերը շարժման մեջ դնելու տարբեր եղանակներ (ձգել, հրել տարբեր ուժերով և ուղղություններով): Հասկանա տարբեր ուժեր կիրառելու, ցանկալի արագության կամ ուղղության կառավարումը:

Օտար լեզու

5. Ձևավորի թեմատիկ բառապաշար:

6. Պարզ նախադասություններով կարողանա պատմել, թարգմանել փոքրիկ բնագրեր:

Կապը Պետական Հանրակրթության չափորոշչի տարրական դպրոցի վերջնարդյունքների հետ

Թեմային ուղղակի առնչվող - Տ3, Տ10

Թեմային մասամբ առնչվող – Տ1, Տ2, Տ7, Տ8, Տ9, Տ11, Տ12, Տ14, Տ15, Տ22,

ԵՍ ԵՎ ՏԻԵԶԵՐՔԸ

Մարմիններ

 Նյութեր, մասնիկներ

Նյութի վիճակ և հատկություն

Չափեր, չափումներ

ԹԵՄԱ

Ինչն ինչից է պատրաստված

Նպատակ

1. Օգնել տարբերակելու և նկարագրելու շրջապատում եղած իրերը, մարմինները՝ բնութագրելով դրանց որակական և քանակական հատկանիշները, դասակարգել դրանք՝ ըստ նյութի վիճակի (պինդ, հեղուկ և գազային):

2. Օգնել տարբերակելու և ըստ անհրաժեշտության գործածելու չափիչ գործիքները՝ կիրառելով ճիշտ չափման միավորներ:

Առարկայի ընդհանրական չափորոշչային վերջնարդյունքներ

Նյութեր, մասնիկներ

Շ.Տ.Մ.Ն1 Տարբերակել՝ ինչ են մարմինները, նյութերը, բացատրել, որ նյութերը կազմված են չափազանց փոքր մասնիկներից։

Շ.Տ.Մ.Ն2 Փորձերի միջոցով (կամ որևէ այլընտրանքային եղանակով) ներկայացնել որոշ նախնական պատկերացումներ մասնիկների շարժման և փոխազդեցության մասին:

Շ.Տ.Մ.Ն3 Փորձերի միջոցով (կամ որևէ այլընտրանքային եղանակով) ցույց տալ նյութերի խառնման պարզ օրինակներ, դա բացատրել մասնիկների շարժմամբ:

Նյութի վիճակ և հատկություն

Շ.Տ.Մ.Հ1 Բնութագրել նյութերը՝ ըստ դրանց որակական հատկանիշների (պինդ, հեղուկ, գազային):

Շ.Տ.Մ.Հ2 Ներկայացնել, որ ջուրը բնության մեջ միաժամանակ երեք վիճակներում հանդիպող (հեղուկ, պինդ, գազային) միակ նյութն է: Փորձերի միջոցով (կամ որևէ այլընտրանքային եղանակով) ներկայացնել մի վիճակից մյուսին անցումը: Ջրի օրինակով բնութագրել նյութերի հալում, պնդացում, գոլորշիացում և խտացում երևույթները:

Չափեր չափումներ

Շ.Տ.Մ.Չ1 Նկարագրել մարմինները՝ ըստ քանակական հատկանիշների, hամապատասխան գործիքների օգնությամբ կատարել երկարության, զանգվածի, ջերմաստիճանի, ժամանակի չափումներ, կատարել անցումներ չափման միավորների չափողականությունների միջև:

 Թեմայի վերջնարդյունքները

Նյութեր, մասնիկներ

2Շ.Տ.Մ.Ն1 Նկարագրել շրջապատի իրերը, անվանել՝ ինչից են պատրաստված (փայտից, ապակուց, պլաստիկից, քարից, ավազից, գործվածքից և այլն):

2Շ.Տ.Մ.Ն1ա Տարբերակել դրանք՝ բնական և արհեստական:

Նյութի վիճակ և հատկություն

2Շ.Տ.Մ.Հ1 Բնութագրել նյութերը՝ ըստ դրանց որակական հատկանիշների (փափուկ, կոշտ, պինդ, հեղուկ, գազային, կարծր, անհարթ, հարթ, ողորկ, տաք, սառը, ձգվող, սեղմվող, ճկվող, փուխր և այլն):

Չափեր չափումներ

2Շ.Տ.Մ.Չ1 Բնութագրել մարմինները՝ ըստ քանակական հատկանիշների (մեծ, փոքր, ծանր, թեթև):

2Շ.Տ.Մ.Չ1ա Համապատասխան գործիքների (քանոն, կշեռք, ջերմաչափ, ժամացույց, չափիչ տարա) օգնությամբ կատարել համապատասխան չափումներ:

Բովանդակություն

1. Ինչից են պատրաստված մեզ շրջապատող իրերը: Բնական և արհեստական նյութեր:

2. Նյութերի ֆիզիկական հատկությունները՝ փափուկ, կոշտ, ողորկ, կարծր, պինդ, հեղուկ, մածուցիկ և այլն:

3. Չափման միավորներ. չափիչ գործիքներ, օգտագործում:

4. Ժամ, ժամանակ, հեռավորություն, կշիռ, ծանրություն, ջերմություն:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Ուսումնական, դերային, իմիտացիոն, զարգացնող խաղեր

Կարևոր է, որ աշակերտները, իրենց ունեցած նախնական գիտելիքների վրա հիմնվելով, փորձեն իմաստավորել այն, ինչ գիտեին: Կարող են խաղալ՝ իրեր ցույց տալ, որոնք մյուսները կկռահեն և կանվանեն, թե ինչից են պատրաստված, սխալ կռահված իրերը և դրանց հատկանիշները կարելի է առանձին ավելի հանգամանալից քննարկել, նաև ուսուցչի աջակցությամբ: Ապա փորձեն դասակարգել բնական և արհեստական նյութերից պատրաստված իրերը:Կարող են փակ աչքերով պարկից իրեր հանել և նկարագրել՝ փափուկ է, կոշտ է, կլոր է, ճկվող է և այլն: Շատ կարևոր է բնութագրերը տալ՝ զգացողությունների վրա հիմնվելով:

2. Փորձեր

Կարելի է փորձեր անել պինդ (կոտրվող, փշրվող, ճկվող, սեղմվող), հեղուկ (հոսող, դատարկ ճեղքերը լցնող), գազային (տարածվող, անտեսանելի, դատարկ տարածություն լցնող) նյութերով՝ նրանց որոշ հատկությունների հարցում փորձով համոզվելու համար:

3. Դաշտային աշխատանք

Դուրս գալ բակ, ազատ տարածք և տարբերել բնական նյութերը, փորձել բնության մեջ տեսնել և մատնանշել այն նյութերը, որոնցից մարդիկ զանազան իրեր են պատրաստում, ինչպես նաև արհեստական նյութերը՝ պոլիէթիլեն, պլաստիկ շշեր և այլն:

Կարելի է դրսում զանազան չափումներ կատարել, չափման արդյունքները վերածել ավելի փոքր կամ ավելի մեծ միավորների: Չափել դրսի, ներսի և իրենց մարմնի ջերմաստիճանը, համեմատել:

Աշխատանքային թերթիկներ տարբեր առաջադրանքներով

Նկարներով թերթիկներ, որոնցից կարելի է ընտրել տարբեր նյութերից պատրաստված իրեր, խմբավորել, դասակարգել դրանք, ապա դասակարգել բնական և արհեստական նյութերը: Լրացնել հարցադրումներով թերթիկներ:

4. Պարզ գիտական բառապաշարի և լեզվի գործածումը

Այս թեմայում նույնպես կան բառեր, եզրույթներ, որոնք գիտական նոր իմաստ կստանան և ճիշտ կկիրառվեն, օրինակ՝ նյութեր, մարմիններ, մասնիկներ, փայտե, մետաղյա, բնական, արհեստական, հեղուկ, գազային, պինդ, կարծր, հոսել, ճկվել և այլն:

5. Պատկերազարդում՝ նկարների, գծապատկերների և սխեմաների ստեղծում

Ստեղծել տարբեր նյութերի մարմինների, դրանց ձևի, չափումների, մեծության նկարներ, ստեղծել աղյուսակներ՝ դրանց մեջ գրանցելով փորձերի, դիտարկումների արդյունքներն ու նշումները:

6. Հարցադրումների սահմանում

Կարևոր է, որ աշակերտներն իրենք ձևակերպեն հարցադրումներ՝ ինչ կլինի, ինչու, եթե ճկենք այս իրը, ինչ կպատահի, եթե կոտրենք, տաքացնենք, փչենք և այլն:

7. Գաղափարների և հասկացությունների սահմանում և վերհանում

Վերը նշված հարցադրումների պատասխանները կլինեն հենց վեր հանված հասկացություններն ու սահմանումները, օրինակ՝ եթե նետենք բաժակը, այն կկոտրվի, եթե շրջենք ջրով լի բաժակը, ջուրը կթափվի, եթե փչենք փուչիկը, այն կլցվի մեր արտաշնչած օդով և այլն: Կամ՝ եթե գործվածքը բամբակից է, ուրեմն բնական է, ինչո՞ւ, որովհետև բամբակը բույսից են ստանում: Կամ՝ եթե աթոռը փայտից է, այն բնական նյութից է, որովհետև փայտը ստանում ենք ծառից և այլն:

8. Ուսուցողական ֆիլմերի դիտումներ, քննարկում

9. Փաստական նյութերի հետաքրքիր և խթանող ներկայացում

1. Օրինաչափություն

Նկարագրել շուրջը եղած իրերն ու առարկաները, գտնել դրանց որակի նմանություններն ու տարբերությունները, նշել ծանոթ նյութերը՝ թուղթ, բամբակ, ջուր, փայտ, բուրդ, ապակի և այլն: Դասակարգել դրանք՝ ըստ հատկանիշների:

2. Պատճառ և հետևանք

Շուրջը եղած առարկաները կարելի է փոփոխել, պատռել, կոտրել, ձգել, ճզմել, կտրել և այլն: Ի՞նչ գործողություններ են դառնում նման փոփոխությունների պատճառ, և ինչի՞ հետևանքով են փոփոխվում այդ նյութերը

3. Մասշտաբ, համամասնություն և քանակ

Համեմատել առարկաներն ու նյութերը՝ ըստ չափերի, քանակի (մեծ, փոքր, շատ, քիչ, ծանր, թեթև, տաք, սառը, հեռու մոտիկ և այլն): Պարզ չափման միավորներով չափել դրանք և համեմատել:

4. Էներգիա և նյութ

Օբյեկտները կարող են մասնատվել մանր կտորների և կարող են միանալ՝ ավելի մեծ օբյեկտ ստեղծելով, փոխելով ձևը:

5. Կառուցվածք և գործառույթ

Շրջապատում եղած առարկաներն ու օբյեկտները նախատեսված են տարբեր գործողությունների կամ նպատակների համար: Դրանք ձևով և հատկություններով համապատասխանում են այն գործառույթին, ինչի համար գործածվում են (աթոռը նստելու համար է և ձևով համապատասխանեցված է նստելուն, բաժակը խմելու համար է և այլն):

6. Կայունություն և փոփոխություն

Վերոնշյալ բոլոր երևույթները քննել փոփոխությունների և կայունության համատեքստում:

Միջառարկայական կապեր

Մայրենի

1. Կարողանա ձևակերպել նկարագրական բնույթի խոսք՝ օգտագործելով հատկանիշ ցույց տվող բառեր:

2. Կատարել մեկնաբանություններ, հիմնավորումներ՝ մտքերը հստակ ձևակերպելով, հիմնավորումներով:

3. Ճիշտ օգտագործել թեմային համապատասխան եզրույթները:

4. Տեքստից դուրս գրել մարմինները բնութագրող բառերը, կազմել նոր բառակապակցություններ:

Մաթեմատիկա

1. Կարողանա կատարել գործողություններ անվանական թվերի հետ:

2. Ճանաչի և անվանի մեծություններն ու չափման միավորները:

3. Կարողանա կատարել անցումներ չափման միավորների չափողականությունների միջև (մ-սմ-մմ, կգ-գ):

Տեխնոլոգիա

1. Կարողանա աշխատելիս ճիշտ ընտրել նյութը՝ բնութագրելով, նշելով տվյալ դրա որակական հատկանիշները:

2. Կատարել չափումներ՝ օգտագործելով համապատասխան գործիքները:

Օտար լեզու

Սովորել և բանավոր խոսքում օգտագործել թեմային համապատասխան բառեր:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի տարրական դպրոցի վերջնարդյունքների հետ

Թեմային ուղղակի առնչվող - Տ3, Տ10

Թեմային մասամբ առնչվող – Տ1, Տ2, Տ7, Տ8, Տ9, Տ11, Տ12, Տ14, Տ15, Տ22,

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 դեկտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան