ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
21 նոյեմբերի 2022 թ. |
N 44-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 203-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2015 թվականի մարտի 27-ի «Պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած անձանց պետական ամփոփիչ ատեստավորման կազմակերպման և անցկացման կարգը հաստատելու մասին» N 203-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) և հավելվածում «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով:
2. Հրամանով հաստատված հավելվածի.
1) 2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
2) 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«3. Պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթության ավարտական փաստաթուղթ (դիպլոմ) ունեցող շրջանավարտը (այսուհետ՝ շրջանավարտ) կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կազմակերպած պետական ամփոփիչ ատեստավորման քննություններին, եթե վերջին 10 տարվա ընթացքում ունի ուսումնառած մասնագիտության համապատասխան ոլորտի 3 կամ վերջին 3 տարվա ընթացքում 1 տարվա աշխատանքային ստաժ:
3) 3-րդ կետից հետո լրացնել նոր 3.1 կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«3.1. Սույն կարգի 3-րդ կետի պայմանները չբավարարելու դեպքում շրջանավարտը կարող է իր ուսանողական իրավունքը վերականգնել համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 5-ի N 1278-Ն հրամանի պահանջների և առնվազն մեկ ուսումնական տարի ուսումնառելուց հետո մասնակցել իր ուսանողական իրավունքը վերականգնած ուսումնական հաստատությունում պետական ամփոփիչ ատեստավորմանը:»:
4) 4-րդ կետում «նպատակով» բառից հետո լրացնել «յուրաքանչյուր տարի» բառերը:
5) 8-րդ կետում լրացնել նոր 5-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«5) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք:»:
6) 11-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«11. Սույն կարգի 3-րդ կետով սահմանված կարգով ատեստավորմանը մասնակցող շրջանավարտների պետական ամփոփիչ ատեստավորումն(ները) անցկացվում է բանավոր` նախարարի կողմից հաստատված հարցաշարի(երի) հիման վրա, որը հաստատվում է ատեստավորումից առնվազն մեկ ամիս առաջ և տեղադրվում է նախարարության պաշտոնական կայք էջում: Հարցաշարը(երի) ներառում է (են) առանձին մասնագիտական առարկաների հիմնական բովանդակությանը համապատասխանող հարցեր, որոնք բխում են տվյալ մասնագիտության պետական կրթական չափորոշչով սահմանված որակավորման բնութագրից»:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Վ. Դումանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 նոյեմբերի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|