Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
25 սեպտեմբերի 2015 թվականի N 43
10. «ԳՅՈՒՄՐՈՒ ՖՈՒՏԲՈԼԻ ԱԿԱԴԵՄԻԱ» ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ «Գյումրու ֆուտբոլի ակադեմիա» ներդրումային ծրագրին՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. սեպտեմբերի 29 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի նիստի N 43 |
ԳՅՈՒՄՐՈՒ ՖՈՒՏԲՈԼԻ ԱԿԱԴԵՄԻԱ
Ներդրումային ծրագիր
Գյումրիում, Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքում ֆուտբոլի ակադեմիայի կառուցման ծրագիրը Հայաստանի Հանրապետության, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և երկու միջազգային կազմակերպությունների՝ ֆուտբոլի համաշխարհային միության՝ ՖԻՖԱ-ի և ֆուտբոլի եվրոպական միության՝ ՈւԵՖԱ-ի կողմից իրականացվող համատեղ ներդրումային ծրագիր է:
Ներդրումային այս ծրագիրը ներառված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի «Հայկական Ֆուտբոլի ստրատեգիական զարգացման ծրագրի» շրջանակներում:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի «Հայկական Ֆուտբոլի ստրատեգիական զարգացման ծրագրի» շրջանակներում է կառուցվել նաև Հայաստանի ֆուտբոլի Ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնը՝ Երևանի ֆուտբոլի ակադեմիան, որը Հայաստանի ազգային հավաքականի, Հայաստանի տարիքային ազգային հավաքական թիմերի, ակումբային ֆուտբոլի, մանկապատանեկան ֆուտբոլի համար ստեղծել է զարգացման լուրջ նախադրյալներ:
Ֆուտբոլային ակադեմիաների կառուցումը պայմանավորված է Հայաստանում ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացմամբ, մանկապատանեկան ֆուտբոլում ժամանակակից մարզումային պայմանների ներդրմամբ, առողջ սերնդի ձևավորմամբ:
Գյումրու ֆուտբոլի ակադեմիան ներառում է 8 հեկտար հողատարածք, որը Գյումրու քաղաքապետի 11.05.2009թ. թիվ 908-Ա որոշմամբ հատկացվել է Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիային:
Ներդրումային ծրագրում ներառված նախագծի համաձայն Գյումրու ֆուտբոլի ակադեմիայի գլխավոր մասնաշենքը բաղկացած է 1’200 քմ ընհանուր մակերեսով եռահարկ մասնաշենքից, որտեղ կան ժամանակակից ֆուտբոլը սպասարկող ենթակառուցվածքներ՝ կահավորված մարզչական սենյակներ, հանդերձարաններ, սանհանգույցներ, ցնցուղարաններ, դասասենյակ, լսարան, բժշկի սենյակ, վարչական մաս և այլն:
Հիմնական միջոցների մասով ներդրումային ծրագիրը գլխավոր մասնաշենքի շինարարութունում 502876718,04 ՀՀ դրամ արժեքով է:
Ծրագրում ներառված նախագծում առկա են բնական խոտածածկով 6 խաղադաշտ՝ յուրաքանչյուրը 35786148,00 ՀՀ դրամ արժեքով, որոնք համապատասխանում են ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կողմից պրոֆեսիոնալ ֆուտբոլի համար ընդունված չափորոշիչներին:
Խաղադաշտերը որպես ենթակառուցվածք ժամանակակից տեխնիկական և տեխնոլոգիական միջոցներով ապահովելու համար ներդրումային ծրագիրը ժամանակակից ոռոգման ավտոմատացված համակարգերի և այդ համակարգերը սպասարկող ջրամբարի մասով 125222000,00 ՀՀ դրամ արժեքով է:
Համալիրի ենթակառուցվածքում է նաև արհեստական խոտածածկով փոքր խաղադաշտը՝ 57130739,32 ՀՀ դրամ արժեքով:
Արհեստական խոտածածկով ֆուտբոլի դաշտը՝ 142420903,97 ՀՀ դրամ արժեքով, լիովին համապատասխանում է ժամանակակից սերնդի արհեստական խոտածածկերով խաղադաշտերի չափորոշիչներին, որոնք հատկապես մանկապատանեկան ֆուտբոլում ներգրավված երեխաների համար ապահովում են առողջությանը չվնասող մարզումային պայմաններ:
Գյումրու ֆուտբոլի ակադեմիայի գոյությունը Մուշ թաղամասում, ակադեմիայի հետագա շահագործումը նաև տարածաշրջանային ներգրավվածության առումով ենթադրում է ակադեմիայի տարածքի բարեկարգում՝ տարածքի ասֆալտապատում և անցուղիների շինարարություն 36895000,00 ՀՀ դրամ արժեքով, տարածքի պարսպապատում` 78064000,00 ՀՀ դրամ արժեքով:
Նկատի առնելով Գյումրու բնակլիմայական պայմանները և թե վարչական մասնաշենքի և թե հատկապես խաղադաշտերի համար բնականոն կենսագործունեության համար պայմանների ապահովումը, անհրաժեշտություն է ակադեմիայի կաթսայատունը` 5558000,00 ՀՀ դրամ արժեքով:
Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում կարող են մարզվել մինչև 1000 պատանիներ և աղջիկներ:
Ակադեմիայում տեղի մասնագետների համար կկազմակերպվեն մարզչական կրթական դասընթացներ, որի արդյունքում վերապատրաստված և համապատասխան արտոնագրեր ստացած մարզիչներն իրավունք կստանան աշխատելու հայկական ֆուտբոլում:
Մշտական զբաղված մասնագետների թիվը Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում կկազմի շուրջ 50 մարդ:
Ներդրումային ծրագրի շինարարական փուլի իրականացման ընթացքում աշխատանքով ապահովված մասնագետները շուրջ 150 հոգի հաշվարկի տիրույթում են:
Անհրաժեշտ ենթակառուցվածքների մասով ներդրումային ծրագիրը 660007531,29 ՀՀ դրամ արժեքով է:
Ընդհանուր ներդրումային ծրագիրը Գյումրու ֆուտբոլի ակադեմիայի մասով 1162884249,33 ՀՀ դրամ է:
Մարզահամալիրի բնականոն գործընթացը հետագայում ապահովելու համար նախատեսվում է իրականացնել` 36067422 ՀՀ դրամի չափով շարժական գույքի ձեռք բերում:
Ներդրումային ծրագրի ընդհանուր ծավալը կազմում է 1198951671 /մեկ միլիարդ հարյուր իննսունութ միլիոն ինը հարյուր հիսունմեկ հազար վեց հարյուր յոթանասունմեկ/ ՀՀ դրամ արժեքով: