Գլխավոր տեղեկություն
Номер
N 08-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (25.03.2022-21.09.2024)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.02.21-2022.03.06 Պաշտոնական հրապարակման օրը 23.02.2022
Принят
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата принятия
17.02.2022
Подписан
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата подписания
17.02.2022
Дата вступления в силу
25.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

17 փետրվարի 2022 թ.

N 08-Ն

  

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով.

1. Հաստատել նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների ընտրության (նշանակման) կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը։

 

 

Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ

 

Հավելված 

Կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

2022 թվականի փետրվարի 17

N 08-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ)

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են նախադպրոցական ուսումնական հաստատության (այսուհետ` հաստատություն) մանկավարժական աշխատողի, բացառությամբ լրացուցիչ կրթական ծառայություններ իրականացնող մասնագետների, ընտրության (նշանակման) համար անցկացվող մրցույթի (այսուհետ` մրցույթ) կազմակերպման և անցկացման հետ կապված իրավահարաբերությունները:

2. Թափուր պաշտոն է համարվում մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկով և տվյալ հաստատության տարիֆիկացիոն ցուցակով նախատեսված` մանկավարժական աշխատողի չզբաղեցված պաշտոնը:

3. Մրցույթը հայտարարվում է թափուր պաշտոն առաջանալու օրվանից` 3 աշխատանքային օրվա ընթացքում: Անկախ պատճառներից՝ մրցույթը չկայանալու դեպքում թափուր պաշտոնը համալրելու համար պարբերաբար (առնվազն ամիսը մեկ անգամ) հայտարարվում է մրցույթ` մինչև հաղթող ճանաչվելը` պահպանելով սույն կարգի պահանջները:

4. Թափուր պաշտոն առաջանալու օրվանից մինչև մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի հետ աշխատանքային պայմանագիր կնքելու օրը, որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրեր են կնքվում Հայաստանի Հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավար և մանկավարժական կազմի տարիֆաորակավորման բնութագրերի պահանջներին բավարարող անձանց հետ, իսկ լեռնային, բարձր լեռնային և սահմանամերձ բնակավայրերի Հաստատություններում` նաև համապատասխան որակավորում շնորհող բուհերի հեռակա ուսուցմամբ ավարտական կուրսերի համապատասխան մասնագիտությամբ սովորող ուսանողների հետ՝ բացառությամբ մեթոդիստի:

5. Թափուր պաշտոն առաջանալու օրվանից հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, տնօրենը այդ մասին գրավոր ձևով տեղեկացնում է լիազոր մարմնին:

6. Հաստատությունում մրցույթ չի հայտարարվում, և թափուր պաշտոնը համալրվում է ոչ մրցութային կարգով, եթե`

1) պաշտոնը թափուր է ժամանակավորապես (աշխատողի` պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու կամ հղիության և ծննդաբերության արձակուրդի, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի, ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում),

2) առկա է նպատակային ուղեգրով մասնագիտական կրթություն ստացած թեկնածու:

 

2. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

7. Թափուր պաշտոնը համալրելու համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը

Հաստատության տնօրենը հրապարակում է հաստատության պաշտոնական կայքում, ներկայացնում է հրապարակման լիազոր մարմնի և մարզպետարանի պաշտոնական կայքերում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (www.azdarar.am), տեղական մամուլում, կարող է հրապարակել նաև այլ հարթակներում:

8. Հայտարարության տեքստում նշվում է.

1) հաստատության անվանումը,

2) թափուր պաշտոնի անվանումը, դրույքաչափը,

3) սույն կարգի 12-րդ կետով սահմանված փաստաթղթերի ցանկը,

4) մրցույթի անցկացման օրը, ժամը, տեղը և փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը:

9. Մրցույթին մասնակցելու մասին փաստաթղթերն ընդունվում են www.azdarar.am կայքում հրապարակման օրվանից` 20 աշխատանքային օրվա ընթացքում:

10. Մրցույթի անցկացման օր նշանակվում է փաստաթղթերի ընդունման ավարտից հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում:

 

3. ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

11. Մրցույթին կարող է մասնակցել հաստատության տվյալ թափուր պաշտոնին Կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձը:

12. Մրցույթին մասնակցելու համար անձը տնօրենին կամ տնօրենի կողմից նշանակված պատասխանատու աշխատակցին է ներկայացնում`

1) դիմում (Ձև 1).

2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).

3) անձը հաստատող փաստաթուղթ.

4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).

5) ինքնակենսագրություն (Ձև 4).

6) մեկ լուսանկար` 3x4 չափի.

7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.

8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.

9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):

13. Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ, բնօրինակները՝ վերադարձնում:

14. Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, կամ առկա են թերություններ, Մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել թերությունները և համալրել փաստաթղթերի ցանկը:

15. Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, որը`

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատական կարգով զրկվել է մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից.

3) տառապում է ՀՀ կառավարության կողմից հաստատված այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել մանկավարժական գործունեության իրականացմանը.

4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար:

 

4. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

16. Մրցութային հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) ձևավորվում է մրցույթի անցկացման օրվանից առնվազն 1 և ոչ ավելի, քան 2 աշխատանքային օր առաջ, անվանական կազմը հաստատվում է հաստատության տնօրենի հրամանով` այդ մասին տեղեկացնելով հանձնաժողովի անդամներին:

17. Հանձնաժողովը կազմված է 5 անդամից` տնօրեն (տնօրենի պաշտոնակատար, պարտականությունները կատարող), տնօրենի՝ ուսումնական գծով տեղակալ (տվյալ հաստիքը չլինելու դեպքում՝ մանկավարժական աշխատող), մանկավարժական աշխատող, լիազոր մարմնի ներկայացուցիչ (կրթության ոլորտի մասնագետ), մանկավարժական աշխատող այլ հաստատությունից՝ համաձայնությամբ:

18. Լիազոր մարմնի ներկայացուցչի և այլ հաստատության մանկավարժական աշխատողի տվյալները մրցույթի անցկացման օրվանից 2 աշխատանքային օր առաջ հիմնադիրը գրավոր տրամադրում է հաստատության տնօրենին:

19. Հանձնաժողովի նախագահը հաստատության տնօրենն է: Հաստատության տնօրենի հրամանով հանձնաժողովի անդամներից նշանակվում է հանձնաժողովի քարտուղար:

20. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում են հանձնաժողովի առնվազն 4 անդամ: Նիստն իրավազոր չլինելու դեպքում կարող է հետաձգվել 2 անգամ` մինչև 3 աշխատանքային օրով: Նիստի 3-րդ անգամ իրավազոր չլինելու դեպքում հայտարարվում է նոր մրցույթ՝ պահպանելով սույն կարգի պահանջները:

21. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են առնվազն «4» կողմ ձայնով:

22. Հանձնաժողովի որոշումներն արձանագրվում են առանձին մատյանում՝ հանձնաժողովի քարտուղարի կողմից։ Արձանագրությունների մատյանը պահպանվում է Հաստատությունում: Ավարտվելուց հետո մատյանն արխիվացվում է օրենքով սահմանված կարգով:

23. Մրցույթին դիտորդի կարգավիճակով կարող են մասնակցել լիազոր մարմնի, մարզպետարանի ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ զանգվածային լրատվամիջոցներ:

24. Հանձնաժողովը մրցույթի անցկացմանը նախորդող աշխատանքային օրը հրավիրում է նիստ, որի ընթացքում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը, ընդունում է մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու կամ մերժելու մասին որոշում և հաստատում է մրցույթի մասնակիցների անվանացանկը:

25. Հանձնաժողովը սույն կարգի 12-րդ կետով սահմանված փաստաթղթերի անհամապատասխանության հիմքով մրցույթին մասնակցելու թույլտվություն չտալու դեպքում հիմնավոր պատճառաբանությամբ մասնակցին գրավոր ներկայացնում է մերժման իրավական հիմքերը:

26. Եթե հանձնաժողովը մրցույթին մասնակցելու համար դիմած անձանցից ոչ մեկին չի թույլատրում մասնակցել մրցույթին, ապա հանձնաժողովի կողմից ընդունվում է մրցույթը չկայացած համարելու մասին որոշում, և սույն կարգի համաձայն հայտարարվում է նոր մրցույթ:

 

5. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼ

 

27. Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի: Յուրաքանչյուր փուլի համար Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կողմից մշակվում է հարցաշար՝ կազմված 100 հարցից: Հարցաշարերը հաստատվում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով և հրապարակվում նախարարության պաշտոնական կայքէջում:

28. Թեստավորման փուլի համար յուրաքանչյուր հաստատություն նախարարության պաշտոնական կայքում հրապարակված հարցաշարի հիման վրա կազմում է թեստային առաջադրանք` բաղկացած հարցաշարի 50 հարցից և դրանց երեք կամ չորս ենթադրյալ պատասխաններից, որոնցից մեկը միանշանակ ամբողջական ճիշտ պատասխանն է, որը նշված է հարցաշարում:

29. Թեստավորման փուլն անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում:

30. Մասնակիցը թեստավորմանը մասնակցելու համար ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ: Հանձնաժողովի քարտուղարը ստուգում է Մասնակցի ինքնությունը և թույլատրում նրան մուտք գործել թեստավորման անցկացման սենյակ: Մասնակիցների մուտքը սենյակ դադարեցվում է թեստավորումն սկսելուց 10 րոպե առաջ:

31. Մասնակիցներին արգելվում է իրենց հետ սենյակ ներս բերել կապի միջոցներ, տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր կամ այլ տեխնիկական սարքեր:

32. Հանձնաժողովի քարտուղարը Մասնակիցներին բացատրում է թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը, պատասխանում է մասնակիցների հարցերին, տեղեկացնում է հարցազրույցի փուլի անցկացման ժամի մասին, ինչպես նաև բողոքարկման պայմանների վերաբերյալ բոլոր մասնակիցներին տրամադրում է գրավոր ծանուցում, որը ստորագրվում է մասնակիցների կողմից:

33. Հանձնաժողովի քարտուղարը Մասնակիցներին տալիս է թեստային առաջադրանքը: Մասնակիցը թեստային առաջադրանքի վրա լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը և ստորագրում:

34. Թեստավորման սկիզբը հայտարարելուց հետո մասնակիցը ծանոթանում է թեստային առաջադրանքին, յուրաքանչյուր առաջադրանքի համար ընտրում է 1 պատասխան և դրա դիմաց կատարում է համապատասխան նշում: Աշխատանքն ավարտելուց հետո առաջադրանքը հանձնում է հանձնաժողովի քարտուղարին:

35. Թեստավորման ընթացքում Մասնակիցներին չի թույլատրվում աղմկել, հուշել, խոսել, հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում` Հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև դուրս գալ սենյակից: Եթե Մասնակիցը ցանկանում է լքել սենյակը, նրա աշխատանքը համարվում է դադարեցված:

36. Մասնակիցը թեստավորման առաջադրանքների թերթիկում (ճիշտ պատասխանների ամփոփաթերթում) ճիշտ պատասխանի դիմաց կարող է կատարել ցանկացած նշում:

37. Թեստավորման փուլի ավարտից 15 րոպե առաջ հանձնաժողովի քարտուղարի կողմից Մասնակիցը նախազգուշացվում է աշխատանքի կատարման համար տրված ժամանակի լրանալու մասին:

38. Առաջադրանքի համար տրվում է 90 րոպե, յուրաքանչյուր ճիշտ պատասխանը գնահատվում է 1 միավոր, սխալ պատասխանը` 0:

39. Թեստավորման փուլը համարվում է հաղթահարված՝ առաջադրանքների առնվազն 90 % ճիշտ պատասխանելու դեպքում:

40. Արգելվում է որևէ հարցի ենթադրյալ պատասխաններից մեկի դիմաց առանց նշումների թեստը հանձնել:

41. Սխալ պատասխաններ են համարվում`

1) ոչ ճիշտ պատասխան նշելը.

2) մեկից ավելի պատասխաններ նշելը.

3) ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարելը:

42. Ստուգված թեստային առաջադրանքի միավորի տակ ստորագրում են հանձնաժողովի բոլոր անդամները, անհամաձայնության դեպքում կցվում է հանձնաժողովի անդամի հատուկ կարծիքը:

43. Հանձնաժողովի նախագահը բոլոր մասնակիցներին հրավիրում է քննասենյակ՝ թեստավորման փուլի արդյունքները և մրցույթի հարցազրույցի փուլ անցած մասնակցի/ների/ անունները հրապարակելու համար:

44. Թեստավորման փուլի արդյունքները հրապարակելուց հետո, անհամաձայնության դեպքում, դրանք կարող են մասնակցի կողմից բողոքարկվել հանձնաժողովին՝ 1 ժամվա ընթացքում: Հանձնաժողովը նույն օրը կազմում է բողոքի ուսումնասիրության վերաբերյալ արձանագրություն, որը քննարկվում է նույն օրը:

45. Բողոքարկման արդյունքում կազմված արձանագրության հիման վրա ընդունված որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ կրթության տեսչական մարմնին կամ օրենքով սահմանված կարգով՝ դատարան:

 

6. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

46. Հարցազրույցի փուլն անցկացվում է նույն օրը՝ թեստավորման փուլի արդյունքների հրապարակումից հետո:

47. Սույն կարգի 44-րդ կետով նշված բողոքարկման դեպքում հարցազրույցի փուլն անցկացվում է բողոքարկման գործընթացի ավարտից հետո:

48. Հարցազրույցի փուլի ժամանակ մասնակիցը պատահական ընտրությամբ Հարցաշարից ընտրում է 5 հարց:

49. Յուրաքանչյուր մասնակցի տրվում է մինչև 15 րոպե ժամանակ՝ հարցազրույցին պատրաստվելու համար:

50. Հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցի փուլը անցկացնում է առանձին:

51. Հարցազրույցի փուլի ընթացքը ձայնագրվում և արձանագրվում է Հանձնաժողովի քարտուղարի կողմից:

52. Մասնակցի կողմից հարցազրույցի հարցատոմսի հարցերի վերաբերյալ տրված պատասխանները Հանձնաժողովի նախագահի կողմից գնահատվում են «ճիշտ է» կամ «սխալ է»:

53. Եթե Մասնակցի տված պատասխանը գնահատվում է «սխալ է», ապա Հանձնաժողովի նախագահի կողմից պետք է հնչեցվի ճիշտ պատասխանը:

54. Մասնակիցը համարվում է հարցազրույցի փուլը հաղթահարած, եթե ճիշտ է պատասխանել հարցազրույցի հարցատոմսի 5 հարցերից առնվազն երեքին:

55. Արձանագրության մեջ ամրագրվում է յուրաքանչյուր հարցը, հարցի վերաբերյալ Մասնակցի տված պատասխանը, Հանձնաժողովի նախագահի կողմից հնչեցված գնահատականը («ճիշտ է» կամ «սխալ է»), իսկ «սխալ» պատասխանի դեպքում՝ նաև ճիշտ պատասխանը:

56. Արձանագրությունը ստորագրվում է Հանձնաժողովի՝ մրցույթին ներկա անդամների կողմից: Մասնակիցը ծանոթանում է արձանագրությանը և ստորագրում:

57. Յուրաքանչյուր Մասնակցի հետ հարցազրույցն ավարտելուց հետո անցկացվում է փակ քվեարկություն՝ Հանձնաժողովի նախագահի կողմից կնքված և ստորագրված քվեաթերթիկների միջոցով: Քվեաթերթիկի վրա նշվում է Մասնակցի ազգանունը, անունը, հայրանունը / Ձև 3/:

58. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է «կողմ» կամ «դեմ»:

59. Յուրաքանչյուր Մասնակցի հետ հարցազրույց անցկացնելուց հետո Հանձնաժողովի նախագահը բացում է քվեաթերթիկները և բարձրաձայն հայտարարում Մասնակցի անունը, ազգանունը, հայրանունը և տրված ձայների «կողմ» կամ «դեմ» լինելը: Մեկից ավելի նշում պարունակող կամ ոչ մի նշում չպարունակող քվեաթերթիկը համարվում է անվավեր:

60. Հանձնաժողովի նախագահի հայտարարություններն արձանագրվում են Հանձնաժողովի քարտուղարի կողմից:

61. Մրցույթի հաղթող է ճանաչվում այն Մասնակիցը, որը քվեարկության արդյունքում հավաքել է Հանձնաժողովի՝ քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելիի կողմ ձայները:

62. Հարցազրույցի փուլի արդյունքները հրապարակելուց հետո, անհամաձայնության դեպքում, այն կարող է Մասնակցի կողմից բողոքարկվել հանձնաժողովին՝ 1 ժամվա ընթացքում: Հանձնաժողովը նույն օրը կազմում է բողոքի ուսումնասիրության վերաբերյալ արձանագրություն:

63. Բողոքարկման արդյունքում կազմված արձանագրության հիման վրա ընդունված որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ կրթության տեսչական մարմին կամ օրենքով սահմանված կարգով՝ դատարան:

 

7.ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

64. Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելուց հետո` նույն օրը: Մրցույթի արդյունքների հրապարակման ամփոփիչ արձանագրության մեջ լրացվում է /Ձև 2 /.

1) մրցույթի անցկացման վայրը.

2) հաստատության լրիվ անվանումը.

3) թափուր պաշտոնի անվանումը.

4) թափուր պաշտոնների քանակը.

5) մրցույթին մասնակցելու համար դիմած անձանց թիվը.

6) մրցույթին մասնակցելու թույլտվություն ստացած Մասնակիցների թիվը.

7) մասնակիցների՝ թեստային առաջադրանքներից ստացած միավորները՝ արտահայտված նաև տոկոսներով.

8) հաղթող ճանաչվածների անվանացակը, հավաքած «կողմ» ձայների քանակը.

9) հանձնաժողովի անդամների ստորագրությունները.

10) մրցույթի անցկացման տարին, ամիսը, ամսաթիվը:

65.Ամփոփիչ արձանագրությանը կից տրվում են.

1) անհատական քվեաթերթերը (քվեարկված և չմարված` (առկայության դեպքում).

2) քվեաթերթերի խոտանման արձանագրությունը (առկայության դեպքում).

3) հանձնաժողովի անդամների հատուկ կարծիք(ներ)ը` առկայության դեպքում:

 

8. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ

 

66. Մրցույթում հաղթող ճանաչված Մասնակիցը Տնօրենին երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է դիմում` աշխատանքային պայմանագիր կնքելու համար:

67. Եթե մրցույթում հաղթող է ճանաչվել մեկից ավելի Մասնակից, և ներկայացված դիմումների քանակն ավելին է, քան թափուր պաշտոնների քանակը, նախապատվությունը տրվում է թեստավորման փուլում առավել բարձր միավորներ հավաքած Մասնակցին, իսկ հավասար միավորների դեպքում ընտրությունը կատարում է Տնօրենը:

68. Մրցույթում հաղթող ճանաչված Մասնակցի հետ Տնօրենը, դիմումը ներկայացվելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, օրենքով սահմանված կարգով կնքում է աշխատանքային պայմանագիր:

 

 Ձև-1

 

Նախադպրոցական ուսումնական հաստատության

(նշվում է հաստատության լրիվ անվանումը)

________________________________________

 

թափուր պաշտոնի մրցույթին

 մասնակցելու նպատակով հաստատության տնօրեն

պարոն/տիկին____________________-ին

_____________________________.ից

 դիմողի անուն հայրանուն ազգանունը

 

_______________________________________

 (դիմողի հաշվառման վայրը)

 

_________________________________________

 (դիմողի հեռ. (աշխատանքային, բնակ., բջջ.)

 

 ______________________________________________

 անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել

 

Ծնված` _______________________________

օրը, ամիսը, տարին, վայրը

 

ԴԻՄՈՒՄ

 

Ծանոթանալով նախադպրոցական ուսումնական հաստատության թափուր պաշտոնի համար տրված հայտարարությանը և մրցույթի պայմաններին և անցկացման կարգին խնդրում եմ գրանցել ինձ որպես մրցույթի մասնակից

 

Քաղաքացիությունը _____________________________

 

Դատապարտվել եմ` այո, ոչ (ընդգծել)___________________

 

Դատվածությունս հանված կամ մարված է` այո, ոչ

(ընդգծել)___________________

Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվել եմ ` այո, ոչ (ընդգծել)__________________

Դատական կարգով մանկավարժական կամ վարչական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկվել եմ` այո, ոչ 
(ընդգծել) ___________________

 ՀՀ կառավարության 2017 թվականի օգոստոսի 24-ի թիվ 1030-Ն որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկի որևէ հիվանդությամբ տառապում եմ, չեմ տառապում (ընդգծել) ___________________

Համակարգչային գրագիտությունը____________________________________________

__________________________________________________________________________

(տիրապետման մակարդակը, համակարգչային ծրագրերի իմացությունը)

 

Կից ներկայացնում եմ մրցույթի մասին հայտարարությունում նշված փաստաթղթերը:

Նախազգուշացված եմ` կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:

 

 Դիմող`____________________    «______» _______________20__ թ.

 

 Ձև 2

 

Ամփոփիչ արձանագրության

 

Հայաստանի Հանրապետության մարզի /Երևան քաղաքի/____________________________-

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

(նախադպրոցական ուսումնական հաստատության լրիվ անվանումը) մանկավարժական աշխատողի թափուր աշխատատեղի (լրացվում է մասնագիտության անվանումը)_________________________________ համար հայտարարված մրցույթի:

1. Թափուր աշխատատեղի քանակը______________:

2. Մրցույթին մասնակցելու համար դիմած անձանց թիվը__________:

3. Մրցույթին թույլատրված մասնակիցների թիվը____________:

Թեստավորման արդյունքը` (մասնակիցների անուն ազգանունները, հավաքած միավորները)

1)

2)

3)

 

4. Փակ քվեարկության արդյունքը ` (լրացվում են բոլոր մասնակիցների հավաքած ձայները)

1)

2)

3)

 

5. Հաղթող ճանաչված մասնակիցների անվանացակը, հավաքած ձայների քանակը`

1)

2)

3)

 

6. Հանձնաժողովի անդամների անունը, ազգանունը և ստորագրությունները

1) Հանձնաժողովի նախագահ`______________________________ /_____________/

2) հանձնաժողովի անդամ (քարտուղար)` _____________________/_____________/

3) հանձնաժողովի անդամ` _______________________________ /_____________/

4) հանձնաժողովի անդամ` _______________________________ /_____________/

5) հանձնաժողովի անդամ` _______________________________ /_____________/

 

Ձև 3

 

Անհատական քվեաթերթիկ

 

1. Նախադպրոցական ուսումնական հաստատության անվանումը__________________________________________

2. Պաշտոնը _____________________

3. Հանձնաժողովի անդամի անուն, ազգանունը __________________

4. Մասնակցի անուն ազգանունը _____________________________

 

Քվեարկության արդյունքը`

 ԿՈՂՄ
   ԴԵՄ

 

Հանձնաժողովի

նախագահ `___________________

 

Կ.Տ.

 

Ձև 4

 

Ինքնակենսագրության

 

1. Աշխատանքային գործունեությունը /վերջին աշխատանքի վայրը լրացվում է առաջինը/

2. Կրթությունը /մասնագիտական կրթության որակավորման աստիճանը,կրթության վկայագրերը /դիպլոմներ, հավաստագրեր,վկայականներ /

3. Կոչումները

4. Որակավորման տարակարգ

5. Հրատարակած հոդվածներ

6. Լեզուների իմացություն

7. Համակարգչային իմացությունը

8. Այլ տվյալներ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 փետրվարի 2022 թվական: