Գլխավոր տեղեկություն
Номер
N 03-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (06.02.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.01.24-2022.02.06 Պաշտոնական հրապարակման օրը 27.01.2022
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
21.01.2022
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
21.01.2022
Дата вступления в силу
06.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

21 հունվարի 2022 թ.

N 03-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

    

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԹՄՐԱԲԱՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 18-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

          

 Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 33 կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը

        

Հրամայում եմ`

     

 1․ Հաստատել պետության կողմից երաշխավորված անվճար և այլ պայմաններով թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման չափորոշիչը՝ համաձայն հավելվածի։

 2. Ուժը կորցրած ճանաչել Առողջապահության նախարարի 2018 թվականի սեպտեմբերի 10-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում դիսպանսերային (շարունակական) և հիվանդանոցային ծառայությունների իրականացման կարգը հաստատելու մասին» N 18-Ն հրամանը:

 3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

 2022 թ. հունվարի 21-ի N 03-Ն հրամանի

         

ՉԱՓՈՐՈՇԻՉ

     

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԹՄՐԱԲԱՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

     

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

     

 1. Սույն չափորոշչով կարգավորվում են պետության կողմից երաշխավորված անվճար և այլ պայմաններով դիսպանսերային (շարունակական) հսկողության և հիվանդանոցային պայմաններում թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:

 2. Հիվանդանոցային պայմաններում պետության կողմից երաշխավորված անվճար և այլ պայմաններով թմրաբանական բժշկական օգնությունը և սպասարկումը, փորձաքննությունները և հետազոտություններն իրականացվում են համապատասխան տեսակի լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպություններում:

 3. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում դիսպանսերային (շարունակական) հսկողության ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների սպասարկման տարածքներն են՝

 1) Առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն՝ քաղաք Երևան,

 2) «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն` քաղաք Գյումրի,

 3) «Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերություն` քաղաք Վանաձոր,

 4) «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերություն` Կապանի տարածաշրջան,

 5) «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն՝ Սևանի տարածաշրջան,

 6) Հանրապետության այն տարածաշրջաններում, որտեղ չկան համապատասխան դիսպանսերներ, դիսպանսերային ծառայության գործառույթներն իրականացվում են տարածաշրջանային բժշկական կազմակերպությունների պոլիկլինիկական ծառայության հոգեբուժական կաբինետների միջոցով:

   

2. ԴԻՍՊԱՆՍԵՐԱՅԻՆ (ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ) ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

        

 4. Թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում դիսպանսերային (շարունակական) հսկողության ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունները պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով իրականացնում են.

 1) իրենց սպասարկման տարածքում հաշվառված անձանց (երեխաներին և մեծահասակներին), իսկ Առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը` Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին (երեխաներին և մեծահասակներին)` թմրամոլության վերաբերյալ խորհրդատվություն,

 2) իրենց սպասարկման տարածքում հաշվառված թմրամոլների (երեխաների և մեծահասակների).

 ա. հաշվառում,

 բ. կամավոր դիսպանսերային հսկողություն` պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ,

 գ. հարկադիր դիսպանսերային հսկողություն՝ դատարանի որոշման համաձայն,

 դ. կամավոր ամբուլատոր բուժում` պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ,

 ե. հարկադիր ամբուլատոր բուժում՝ դատարանի որոշման համաձայն,

 զ. կամավոր պահպանողական բուժում` պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ,

 է. հարկադիր պահպանողական բուժում՝ դատարանի որոշման համաձայն,

 ը. կամավոր փոխարինող բուժում՝ Առողջապահության նախարարության կողմից տվյալ տարվա համար սահմանված բուժվողների քանակի չափով և պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ,

 թ. ըստ ցուցումների լաբորատոր-գործիքային հետազոտությունների անցկացում,

 ժ. Ժամանակավոր անաշխատունակության թերթիկների տրամադրում,

 ժա. ուղեգրում բժշկասոցիալական փորձաքննության,

 ժբ. բժշկական ցուցումների առկայության դեպքում ուղեգրում թմրաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություն,

 3) դատաթմրաբանական փորձաքննության անցկացում՝ իրավասու մարմինների որոշումների և ուղեգրերի համաձայն,

 4) զորակոչային տարիքի անձանց բժշկական հետազոտություն՝ զինվորական զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանման կողմից տրված ուղեգրերի համաձայն,

 5) սթափության վիճակի զննություն` իրավասու մարմինների որոշումների և ուղեգրերի համաձայն,

 6) մարդու կենսամիջավայրում հոգեներգործուն նյութերի հայտնաբերման թունաքիմիական հետազոտություն` իրավասու մարմինների որոշումների կամ թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող համապատասխան բժիշկի ուղեգրի համաձայն,

 7) իրենց սպասարկման տարածքում գործող թմրաբանական ծառայություններ մատուցող, իսկ Առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը` Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործող թմրաբանական ծառայություններ մատուցող բոլոր բժշկական կազմակերպությունների կազմակերպամեթոդական օգնություն:

 5. Թմրամոլների նկատմամբ բժշկական դիտարկումը և նրանց հաշվառումն իրականացվում է Կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի N 1599-Ն որոշման համաձայն:

 6. Ալկոհոլիզմ ախտորոշմամբ անձանց հաշվառման վերցնելու հիմքերն են.

 1) թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող համապատասխան բժիշկի կողմից հաստատված «ալկոհոլիզմ» ախտորոշումը,

 2) քաղաքացու հաշվառման վայրի թմրաբանական ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպության պոլիկլինիկական ծառայություն ուղարկված՝

 ա. բժշկական կազմակերպություններից հիվանդության պատմագրից կամ ամբուլատոր բժշկական քարտից քաղվածք` «ալկոհոլիզմ» ախտորոշման վերաբերյալ,

 բ. դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը,

 գ. Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ազատված անձանց, որոնց նկատմամբ ազատազրկման ընթացքում ալկոհոլիզմի բուժման նպատակով կիրառվել է բժշկական (թմրաբանական) բնույթի հարկադրանքի միջոցներ, կամ որոնց մոտ ազատազրկման ընթացքում ախտորոշվել է «ալկոհոլիզմ»` հիվանդության պատմագրից կամ ամբուլատոր բժշկական քարտից քաղվածքը:

 7. Ալկոհոլիզմ ախտորոշում ունեցող անձանց հաշվառումից հանելու հիմքերն են՝

 1) 2 տարվա կայուն ռեմիսիան (լավացում),

 2) Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս որպես այլ պետության քաղաքացի հաշվառվելը` քաղաքացու անձնագրում համապատասխան գրառման առկայության դեպքում,

 3) դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտվելը,

 4) մահը:

 8. Թմրամոլների և ալկոհոլիզմ ախտորոշում ունեցող անձանց ժամանակավոր անաշխատունակության փորձաքննությունը և ժամանակավոր անաշխատունակության թերթիկների տրամադրումն իրականացվում է Կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման և Առողջապահության նախարարի 2008 թվականի օգոստոսի 7-ի N 14-Ն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2008 թվականի օգոստոսի 11-ի N 109-Ն համատեղ հրամանի համաձայն:

 9. Զորակոչային տարիքի անձանց բժշկական հետազոտություն իրականացվում է Կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման համաձայն։

 10. Սթափության վիճակի զննությունն իրականացվում է Կառավարության 2009 թվականի մարտի 19-ի N 277-Ն որոշման համաձայն:

 11. Պետության կողմից երաշխավորված անվճար դիսպանսերային (շարունակական) հսկողության ծառայությունը չի իրականացվում․

 1) եթե անձը չի ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող փաստաթղթեր, կամավոր ամբուլատոր բուժումը և կամավոր պահպանողական բուժումն իրականացվում են վճարովի հիմունքներով և մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտում պացիենտի անուն, ազգանուն, հայրանուն, տարիք և բնակության վայր տողերը լրացվում են պացիենտի կամ կոնտակտային անձի խոսքերից, միաժամանակ նշելով որպես չնույնականացված պացիենտ,

 2) կամավոր փոխարինող բուժումը՝ Առողջապահության նախարարության կողմից տվյալ տարվա համար սահմանված բուժվողների քանակը լրացած լինելու դեպքում։ Կամավոր փոխարինող բուժումն իրականացվում է Առողջապահության նախարարության ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի (ՁԻԱՀ)-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլյոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ծրագրերի հզորացում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում՝ համաձայն ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ սահմանված պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկին, ինչպես նաև, եթե պացիենտի մոտ ախտորոշված է մարդու իմունային անբավարարության վիրուս (ՄԻԱՎ),

 3) տեղեկանքների տրամադրումը՝

 ա) թմրաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունում հաշվառման վերաբերյալ,

 բ) զենքի տիրապետմանը խոչընդոտող թմրամոլության կամ ալկոհոլիզմի առկայության կամ բացակայության մասին:

      

3. ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԹՄՐԱԲԱՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

        

 12. Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային պայմաններում թմրաբանական բժշկական օգնությունը և սպասարկումը ընդգրկում է.

 1) թմրամոլների կամավոր բուժում՝ պացիենտի կամ օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ,

 2) թմրամոլների հարկադիր բուժում՝ դատարանի որոշման համաձայն,

 3) դատաբժշկական փորձաքննություն՝ իրավասու մարմինների որոշումների և ուղեգրերի համաձայն,

 4) զորակոչային տարիքի անձանց բժշկական հետազոտություն՝ զինվորական զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանման կողմից տրված ուղեգրերի համաձայն,

 5) թմրամոլների ուղեգրում բժշկասոցիալական փորձաքննության,

 6) թմրաբանական հետազոտություն` հիվանդանոցային պայմաններում ախտորոշումը ճշտելու նպատակով:

 13. Թմրամոլների բուժումը թմրաբանական հիվանդանոցային բժշկական կազմակերպությունում իրականացվում է պլանային կամ անհետաձգելի կարգով.

 1) պլանային կարգով հոսպիտալացումը թմրաբանական հիվանդանոցային բժշկական կազմակերպություն իրականացվում է միայն աշխատանքային օրերին և ժամերին, պացիենտի` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի և սոցիալական քարտի և թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող համապատասխան բժիշկի խորհրդատվության հիման վրա առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի կողմից տրված ուղեգրի առկայության դեպքում,

 2) անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող վիճակների դեպքում պացիենտների հոսպիտալացումն իրականացվում է շուրջօրյա՝ զրկանքի համախտանիշի կամ թմրանյութերի (ալկոհոլի) օգտագործման հետևանքով առաջացած սուր հոգեկան խանգարման առկայության դեպքում, բժշկական կազմակերպության ընդունարանի (հերթապահ) բժշկի եզրակացությամբ, ընդ որում ալկոհոլային հարբածությունը չի համարվում անհետաձգելի վիճակ։

 Անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող վիճակների հոսպիտալացման ժամանակ պարտադիր չէ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի և սոցիալական քարտի, պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնության և թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող համապատասխան բժիշկի ուղեգրի առկայությունը:

 Անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող վիճակից դուրս գալուց հետո բուժումը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում շարունակելու համար պացիենտը պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր և սոցիալական քարտ և գրավոր համաձայնություն:

 14. Թմրամոլների և ալկոհոլիզմ ախտորոշում ունեցող պացիենտների ուղեգրումը բժշկասոցիալական փորձաքննության իրականացվում է Կառավարության 2006 թվականի մարտի 02-ի N 276-Ն որոշման և Առողջապահության և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների 2006 թվականի մայիսի 26-ի N 580-Ն և հունիսի 5-ի N 100-Ն համատեղ հրամանի համաձայն:

 15. Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային պայմաններում թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում չի իրականացվում.

 1) «Ափիոնային թմրամոլությամբ պացիենտների գերարագ ապաթունավորում և զրկանքի համախտանիշի դադարեցում ափիոնային անտագոնիստներով՝ ընդհանուր անզգայացման տակ» մեթոդով բուժումը։ Այդ դեպքում բուժումն իրականացվում է վճարովի հիմունքներով` Առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 57-Ն հրամանի համաձայն,

 2) եթե անձը չի ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող փաստաթղթեր։ Այդ դեպքում հիվանդության պատմագրում պացիենտի անուն, ազգանուն, հայրանուն, տարիք և բնակության վայր տողերը լրացվում են պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի խոսքերից, միաժամանակ նշելով որպես չնույնականացված պացիենտ։

    

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հունվարի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան