Ե Ր Ր Ո Ր Դ Բ Ա Ժ Ա Ն Մ ՈՒ Ն Ք
ՄԻՆԱՍՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(Գանգատ թիվ 44837/08)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
8 Ապրիլի 2014
Սույն վճիռը վերջնական է դառնալու Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն: Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Մինասյանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (Երրորդ Բաժանմունք) Պալատը, հետևյալ կազմով՝
Ջոզեփ Կասադեվալ [Josep Casadevall], Նախագահ,
Ալվինա Գյուլումյան [Alvina Gyulumyan],
Ժան Սիկուտա [Jոn Šikuta],
Դրագոլյուբ Պոպովիչ [Dragoljub Popović],
Լուիս Լոպեզ Գուերա [Luis Lցpez Guerra],
Քրիստինա Պարդալոս [Kristina Pardalos],
Յուլիա Անտոնելլա Մոտոկ [Iulia Antoanella Motoc], դատավորներ,
և Սանտիագո Քուեսադա [Santiago Quesada], Բաժանմունքի քարտուղար,
2014 թվականի մարտի 18-ին կայացած դռնփակ նիստում
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը:
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Վարույթը հարուցվել է 2008 թվականի հուլիսի 16-ին «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության քաղաքացի պարոն Վարդան Մինասյանի («դիմումատու») կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության բերված գանգատի (թիվ 44837/08) հիման վրա:
2. Դիմումատուին ներկայացրել են Երևանում գործող փաստաբաններ տիկին Լ. Սահակյանը և պարոն Յ. Վարոսյանը, ինչպես նաև գործող փաստաբան չհանդիսացող պարոն Ա. Ղազարյանը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը («Կառավարություն») ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության Կառավարության լիազոր ներկայացուցիչ պարոն Գ. Կոստանյանը:
3. Դիմումատուն պնդել է, մասնավորապես, որ 2008 թվականի հոկտեմբերի 7–ից 15–ն իրեն կալանքի տակ պահելը եղել է անօրինական, դատարանները չեն կարողացել ներկայացնել նրա շարունակական կալանքի հիմքերը, իսկ վերաքննիչ դատարանը հրաժարվել է ուսումնասիրել նրա՝ 2008 թվականի սեպտեմբերի 22–ին ներկայացրած վերաքննիչ բողոքը։
4. 2011 թվականի նոյեմբերի 22–ին գանգատը մասամբ անընդունելի է ճանաչվել, իսկ վերոնշյալ բողոքները ուղարկվել են կառավարությանը։
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
5. Դիմումատուն ծնվել է 1974 թվականին և ապրում է Երևանում։
Ա. Դիմումատուի ձերբակալումը, նրան առաջադրվող մեղադրանքը և նրան կալանքի տակ վերցնելը
6. 2007 թվականի դեկտեմբերի 18–ին քրեական գործ է հարուցվել` հիմք ընդունելով այդ օրը հրազենի կիրառմամբ անձանց երկու խմբերի միջև տեղի ունեցած կռիվը։ Կռվի արդյունքում զոհվել է մեկ անձ, ևս երկուսը վիրավորվել են։ Կռվին մասնակցելուց հետո դիմումատուն թաքնվել է, և նրա դեմ հետախուզում է հայտարարվել ։
7. 2007 թվականի դեկտեմբերի 22–ին դիմումատուն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն։ Նա հանձնել է իր երկու ատրճանակները և նշել, որ դրանք օգտագործել է՝ կռվի ընթացքում անհայտ անձանց հարձակումից պաշտպանվելու նպատակով։ Նրան ձերբակալել են և արգելանքի վերցրել:
8. 2007 թվականի դեկտեմբերի 25–ին դիմումատուին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի (ՔՕ) 104–րդ հոդվածի 2–րդ մասի 6–րդ կետով՝ ծանրացնող հանգամանքներով սպանությունը, ՔՕ 112–րդ հոդվածի 2–րդ մասով՝ ծանրացնող հանգամանքներով դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, ինչպես նաև ՔՕ 235–րդ հոդվածի 1–ին մասով՝ ապօրինի կերպով հրազեն պահելը։
9. Նույն օրը քննիչը դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ դիմումատուին երկու ամսով կալանքի տակ վերցնելու պահանջով։ Գանգատում նշվել է, որ 2007 թվականի դեկտեմբերի 18–ին դիմումատուն ապօրինի կերպով պահած ատրճանակներով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կրակ է բացել Գ.Ս.–ի, Ռ.Վ.–ի և Վ. Հ.–ի վրա, որի արդյունքում ապօրինաբար և դիտավորությամբ կյանքից զրկել է Գ.Ս.–ին, ինչպես նաև ծանր վնասվածք պատճառել Ռ.Վ.–ին և Վ. Հ.–ին։ Գանգատում այնուհետև նշվում է, որ դիմումատուին անհրաժեշտ է եղել կալանավորել, քանի որ նա, inter alia, ծանր հանցագործություն է կատարել:
10. Նույն օրը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է բավարարել միջնորդությունը և դիմումատուին կալանավորել երկու ամիս ժամկետով՝ 2007 թվականի դեկտեմբերի 22–ից մինչև 2008 թվականի փետրվարի 22–ը։ Դատարանը գտել է, որ դիմումատուն կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել գործի քննությանը, խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատժի կրումից, ինչպես նաև խոչընդոտել դատավճռի կատարմանը։ Այսպիսով, դատարանը հաշվի է առել վերագրվող հանցանքի բնույթը և վտանգավորության աստիճանը, ինչպես նաև այն հանգամանքը, որ դիմումատուն լուրջ հանցագործություն է կատարել։
11. 2008 թվականի հունվարի 9–ին դիմումատուն բողոք է ներկայացրել` պնդելով, որ իր կալանավորման հիմքում դրված չի եղել հիմնավոր կասկած, ըստ որի նա հանցանք է գործել, և ընդհանուր իրավասության դատարանի պատճառաբանությունն իր կալանավորման արդարացված լինելու վերաբերյալ բավարար չի եղել ։ Նա նաև պնդել է, որ խախտվել է անմեղության կանխավարկածի սկզբունքը, քանի որ ընդհանուր իրավասության դատարանը իր կողմից հանցագործություն կատարելու վերաբերյալ հաստատական եզրահանգումներ է արել ։
12. 2008 թվականի հունվարի 29–ին վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ է թողել ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ Վերաքննիչ դատարանը գտել է, որ կան բավարար ապացույցներ դիմումատուին՝ հանցագործություն կատարելու մեջ հիմնավոր կերպով կասկածելու համար։ Այս կապակցությամբ դատարանը հղում է արել դիմումատուի՝ գործի քննություն իրականացնող մարմիններին արված հայտարարություններին և Գ.Ս.–ի դիահերձման արդյունքներին, որոնց համաձայն նա մահացել է հրազենային վնասվածքից։ Ինչ վերաբերում է կալանավորման հիմքերին, վերաքննիչ քրեական դատարանը գտել է, որ դիմումատուն կարող է խոչընդոտել գործի քննությանը։ Դատարանն այդպիսով, անդրադարձել է վերագրվող հանցանքի բնույթին և վտանգավորության աստիճանին, հնարավոր քննչական գործողությունների շրջանակին և գործի հանգամանքներին։ Ինչ վերաբերում է անմեղության կանխավարկածի խախտման վերաբերյալ պնդմանը, վերաքննիչ քրեական դատարանը գտել է, որ ընդհանուր իրավասության դատարանի դիրքորոշումը պետք է ընդունվի միայն այն մասով, որ հանցանքը նրան է վերագրված։
13. 2008 թվականի ապրիլի 25-ին դիմումատուն վճռաբեկ բողոք է ներկայացրել։
14. 2008 թվականի մայիսի 19–ին վճռաբեկ դատարանը բողոքը թողել է առանց քննության այն հիմքով, որ այն ներկայացվել է սահմանված մեկամսյա ժամկետի խախտմամբ։
Բ. Դիմումատուի կալանքի ժամկետի երկարաձգումը
1. Դիմումատուի նախնական կալանքի ժամկետի առաջին չորս երկարաձգումները
15. 2008 թվականի փետրվարի 18–ին, ապրիլի 18–ին, մայիսի 16–ին և հունիսի 17–ին Երևանի Կենտրոն և Նորք–Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը քննիչի կողմից ներկայացված համապատասխան միջնորդությունների հիման վրա երկարաձգել է դիմումատուի կալանքի ժամկետը մինչև 2008 թվականի հուլիսի 22–ը` հիմք ընդունելով, որ դիմումատուն կարող է հանցագործություն կատարել՝ հաշվի առնելով դիմումատուին պատկանող գույքի հրկիզման արդյունքում դիմումատուի, ինչպես նաև տուժողի ընկերների և հարազատների միջև առաջացած թշնամանքը։ Դատարանը նաև գտել է, որ, հաշվի առնելով վերագրվող հանցանքի բնույթը և վտանգավորության աստիճանը, դիմումատուն, գտնվելով ազատության մեջ, կարող էր նոր հանցագործություն կատարել, թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել գործի քննությանը և խուսափել քրեական պատասխանատվությունից։
16. Դիմումատուն բողոքարկել է ընդհանուր իրավասության դատարանի որոշումները՝ պնդելով, inter alia, որ դատարանը հիմնավոր և բավարար հիմքեր չի ներկայացրել իր կալանքն արդարացնելու համար։
17. 2008 թվականի մարտի 7–ին, մայիսի 7–ին, հունիսի 6–ին և հուլիսի 4‑ին վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ է թողել ընդհանուր իրավասության դատարանի համապատասխան որոշումները։ Դատարանը գտել է, որ դիմումատուի շարունակական կալանքն արդարացված է՝ հաշվի առնելով դիմումատուի անձը, ինչպես նաև վերագրվող հանցանքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, որի համար նախատեսված է առավելագույնը՝ ցմահ ազատազրկում պատիժը, որով մեծանում է նրա կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հավանականությունը։
18. Դիմումատուն վերաքննիչ դատարանի համապատասխան որոշումները բողոքարկել է վճռաբեկության կարգով ։
19. 2008 թվականի մայիսի 19–ին վճռաբեկ դատարանը որոշել է դիմումատուի առաջին բողոքն առանց քննության թողնել այն հիմքով, որ այն ներկայացվել է սահմանված մեկամսյա ժամկետի խախտմամբ։ 2008 թվականի հուլիսի 2–ին, օգոստոսի 4–ին և սեպտեմբերի 5–ին վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել վերադարձնել վճռաբեկ բողոքը՝ հիմքերի բացակայության հիմնավորմամբ:
2. Առաջադրված մեղադրանքներում կատարված փոփոխությունները և կալանքի ժամկետի հինգերորդ երկարաձգումը
20. 2008 թվականի հուլիսի 4–ին քննիչը որոշել է հրաժարվել դիմումատուին առաջադրված մեղադրանքների մի մասից, իսկ մյուս մասը փոփոխել։ Մասնավորապես, ՔՕ 235–րդ հոդվածի 1–ին մասով՝ ապօրինի զենք պահելու մեղադրանքը հանվել է, իսկ 104–րդ հոդվածի 2–րդ մասի 6–րդ կետով և 112–րդ հոդվածի 2–րդ մասի 1–ին կետով մեղադրանքները փոփոխվել են և փոխարինվել 104–րդ հոդվածի 2–րդ մասի 1–ին և 6–րդ կետերով՝ 34–րդ հոդվածի հետ համակցությամբ, այսինքն՝ երկու ծանրացնող հանգամանքներում կատարված սպանության փորձի մեղադրանքով, ինչպես նաև 258–րդ հոդվածի 3–րդ հոդվածի 1–ին և 4–րդ մասերով, այսինքն՝ երկու ծանրացնող հանգամանքներում կատարված խուլիգանության մեղադրանքով։
21. 2008 թվականի հուլիսի 11–ին քննիչը դիմել է՝ դիմումատուի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու պահանջով։
22. 2008 թվականի հուլիսի 17–ին ընդհանուր իրավասության դատարանը, ուսումնասիրելով քրեական գործի նյութերը, որոշել է մասամբ բավարարել պահանջը և դիմումատուի կալանքի ժամկետը երկարաձգել մեկ ամիս ժամկետով՝ մինչև 2008 թվականի օգոստոսի 22–ը, այն նույն հիմքերով, որոնք վկայակոչվել էին իր նախկին որոշումներում։ Որպես դիմումատուի կողմից պատասխանատվությունից խուսափելու հիմնավորում՝ դատարանը վկայակոչել է այն փաստը, որ դիմումատուն հանցագործությունը կատարելուց հետո թաքնվել է և դրանով խոչընդոտել գործի քննությանը։
23. 2008 թվականի օգոստոսի 1–ին, դիմումատուի բողոքի հիման վրա, վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ գտնելով, որ դիմումատուն ազատության մեջ մնալու դեպքում կարող էր թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել քննությանը կամ, դատելով երկու կողմերի միջև շարունակական թշնամանքից, կարող էր նոր հանցագործություններ կատարել։
3. Առաջադրված մեղադրանքներում կատարված փոփոխությունները և կալանքի ժամկետի վեցերորդ երկարաձգումը
24. 2008 թվականի օգոստոսի 12–ին քննիչը որոշել է հրաժարվել դիմումատուի դեմ ներկայացված մեղադրանքներից կամ փոփոխել դրանք։ Մասնավորապես, նա հրաժարվել է 258–րդ հոդվածի 3–րդ մասի 1–ին կետով նախատեսված ծանրացնող հանգամանքներում կատարված խուլիգանության մեղադրանքից, և ներկայացվել են նոր մեղադրանքներ՝ 104–րդ հոդվածի 2–րդ մասի 1–ին և 6–րդ կետերով՝ ՔՕ 34–րդ հոդվածի և ՔՕ 258–րդ հոդվածի 4–րդ մասի հետ համակցությամբ։
25. Միևնույն ժամանակ, 2008 թվականի օգոստոսի 12–ին քննիչը դիմել է դատարան՝ դիմումատուի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու պահանջով։
26. 2008 թվականի օգոստոսի 15–ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը մասամբ բավարարել է քննիչի պահանջը և մեկ ամսով երկարաձգել դիմումատուի կալանքի ժամկետը՝ մինչև 2008 թվականի սեպտեմբերի 22–ը։
4. Կալանքի ժամկետի յոթերորդ երկարաձգումը
27. 2008 թվականի սեպտեմբերի 16–ին քննիչը կրկին դիմել է՝ դիմումատուի կալանքի ժամկետը 15 օրով երկարաձգելու պահանջով։
28. 2008 թվականի սեպտեմբերի 17–ին ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է պահանջը և երկարաձգել է դիմումատուի կալանքի ժամկետը մինչև 2008 թվականի հոկտեմբերի 7–ը՝ հաշվի առնելով վերագրվող հանցանքի բնույթը և վտանգավորության աստիճանը, գործի փաստական հանգամանքները, ինչպես նաև այն հանգամանքը, որ դիմումատուն ազատության մեջ մնալու դեպքում կարող էր թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել քննությանը կամ խուսափել քրեական պատասխանատվությունից։
29. 2008 թվականի սեպտեմբերի 22–ին դիմումատուն բողոք է ներկայացրել։
30. Պարզվում է, որ այդ ընթացքում գործի նախնական քննությունն ավարտվել է, և 2008 թվականի հոկտեմբերի 1–ին դիմումատուի գործը դատաքննության նպատակով ուղարկվել է հյուսիսային քրեական դատարան։
31. 2008 թվականի հոկտեմբերի 7–ին վերաքննիչ քրեական դատարանը որոշել է առանց քննության թողնել 2008 թվականի սեպտեմբերի 22–ին ներկայացված բողոքն այն հիմքով, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակները սահմանափակված են եղել գործի քննության փուլով։ Քանի որ քննությունն ավարտված է եղել, և գործն ուղարկվել է դատարան, կալանքի օրինականության և վավերականության հարցերի ուսումնասիրությունն այլևս թողնված է եղել դատարանի հայեցողությանը։
32. 2008 թվականի նոյեմբերի 7–ին դիմումատուն վճռաբեկ բողոք է ներկայացրել վերաքննիչ դատարանի՝ 2008 թվականի հոկտեմբերի 7–ի որոշման դեմ։ Այնուամենայնիվ, բողոքի եզրահանգման մասում դիմումատուն խնդրել է, որ իր կալանքը վերացվի։
33. 2008 թվականի նոյեմբերի 21–ին վճռաբեկ դատարանը որոշել է առանց քննության թողնել դիմումատուի բողոքն այն հիմքով, որ բողոքն ուղղված է եղել ընդհանուր իրավասության դատարանի՝ 2008 թվականի սեպտեմբերի 17–ի այն որոշման դեմ, որը վճռաբեկության կարգով բողոքարկման ենթակա չէ։ Այս առումով դատարանը նշել է այն փաստը, որ ներկայացված վճռաբեկ բողոքում դիմումատուի պահանջն ուղղված է եղել ընդհանուր իրավասության դատարանի՝ 2008 թվականի սեպտեմբերի 17–ի որոշմամբ սահմանված կալանքը վերացնելուն։
34. Այդ ընթացքում 2008 թվականի հոկտեմբերի 15–ին հյուսիսային քրեական դատարանը տվյալ գործը վարույթ է ընդունել։ Միևնույն որոշմամբ դիմումատուի նկատմամբ ընտրվել է կալանքը որպես խափանման միջոց։
35. 2008 թվականի հոկտեմբերի 27–ին դիմումատուն բողոքարկել է տվյալ որոշումը։
36. 2008 թվականի դեկտեմբերի 23–ին վերաքննիչ դատարանը մերժում է դիմումատուի վերաքննիչ բողոքը՝ գտնելով, որ նրա կալանքը եղել է արդարացված, քանի որ, հաշվի առնելով վերագրվող հանցանքի վտանգավորության աստիճանն ու բնույթը, առկա է եղել նրա կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և գործի քննությանը խոչընդոտելու մեծ վտանգ։
37. 2009 թվականի ապրիլի 10–ին վճռաբեկ դատարանը վերադարձրել է դիմումատուի վճռաբեկ բողոքը։
38. Չպարզված օրը քրեական գործը, այդ ընթացքում ներկայացված ընթացակարգային փոփոխությունների համաձայն, փոխանցվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ քննություն իրականացնելու համար։ Պարզվում է, որ գործի քննության ընթացքում դատախազը որոշել է փոփոխել դիմումատուին առաջադրված մեղադրանքները՝ դրանք փոխարինելով անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանության փորձի (ՔՕ 108–րդ հոդվածը 34–րդ հոդվածի հետ համակցության մեջ) մեղադրանքով և ծանրացնող հանգամանքներով կատարված խուլիգանության (ՔՕ 258–րդ հոդվածի 3–րդ մասի 1–ին կետ) մեղադրանքով։
39. 2009 թվականի մայիսի 8–ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դիմումատուին մեղավոր է ճանաչել 108–րդ հոդվածով՝ 34–րդ հոդվածի հետ համակցությամբ, ինչպես նաև 258–րդ հոդվածի 3–րդ մասի 1–ին կետով և դատապարտել երեք տարի ազատազրկման։
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
40. Քրեական դատավարության օրենսգրքի 136–րդ հոդվածի 2–րդ մասով նախատեսվում է, որ կալանավորումը կարող է կիրառվել միայն դատարանի որոշմամբ, և որ դատաքննության ընթացքում նման որոշում դատարանը կարող է ընդունել սեփական նախաձեռնությամբ։
41. 291–րդ հոդվածի 1–ին մասի համաձայն՝ դատարան մուտք եղած քրեական գործը դատավորները սահմանված կարգով իրենց վարույթ են ընդունում։
42. 292–րդ հոդվածի 1–ին մասով նախատեսվում է, որ գործը վարույթ ընդունած դատավորը հետազոտում է գործի նյութերը և քրեական գործը վարույթ ընդունելու պահից տասնհինգ օրվա ընթացքում որոշում է կայացնում դատական քննություն նշանակելու մասին։
43. 293–րդ հոդվածի 2–րդ մասով նախատեսվում է, որ դատական քննություն նշանակելու վերաբերյալ որոշումն իր մեջ պարունակում է խափանման միջոցը վերացնելու, փոխելու կամ ընտրելու վերաբերյալ որոշում։
44. 300–րդ հոդվածի համաձայն՝ որոշումներ կայացնելու հետ միաժամանակ դատարանը պարտավոր է քննել խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու և դրա տեսակի հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը։
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5–ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1–ԻՆ ՄԱՍԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
45. Դիմումատուն բողոքել է, որ 2008 թվականի հոկտեմբերի 7–ից 15–ն ընկած ժամանակահատվածում իրեն կալանքի տակ պահելը չի թույլատրվել դատարանի կողմից, ուստի՝ անօրինական է եղել։ Նա հիմնվել է Կոնվենցիայի 5–րդ հոդվածի 1–ին մասի վրա, որում այնքանով, որքանով առնչվում է հարցին, շարադրված է հետևյալը.
«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք։ Ոչ ոք չի կարող զրկվել իր ազատությունից այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով։
...
(գ) անձի օրինական ձերբակալումը կամ կալանավորումը՝ իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար»։
Ա. Ընդունելիություն
46. Դատարանը նշում է, որ այս բողոքը ակնհայտորեն անհիմն չէ Կոնվենցիայի 35–րդ հոդվածի 3–րդ մասի (ա) կետի իմաստով։ Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չի համարվում որևէ այլ հիմքերով։ Այսպիսով, այն պետք է ճանաչվի ընդունելի։
Բ. Գործի ըստ էության քննություն
1. Կողմերի ներկայացրած փաստարկները
47. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի՝ 2008 թվականի հոկտեմբերի 7–ից 15–ն ընկած ժամանակահատվածում կալանքը համապատասխանում էր օրենքին, մասնավորապես՝ ՔԴՕ 138–րդ հոդվածի 3–րդ մասին։
48. Դիմումատուն վիճարկել է այդ պնդումը։
2. Դատարանի գնահատականը
49. Դատարանը վերահաստատում է, որ Կոնվենցիայի 5–րդ հոդվածով երաշխավորվում է ազատության և անձնական անձեռնմխելիության հիմնարար իրավունքը։ Այդ իրավունքն առաջնային կարևորություն ունի «ժողովրդավարական հասարակությունում» Կոնվենցիայի իմաստով (տե՛ս De Wilde, Ooms and Versyp v. Belgium, 1971 թվականի հունիսի 18, § 65, Ա շարք, թիվ 12)։
50. 5–րդ հոդվածի 1–ին կետում առկա «օրինական» և «օրենքով սահմանված կարգով» արտահայտությունները, ըստ էության, հղում են կատարում ներպետական իրավունքին և ամրագրում են այդ իրավունքի նյութաիրավական և ընթացակարգային պահանջները պահպանելու պարտավորությունը (տե՛ս, այլ հիմքերի շարքում՝ Benham v. the United Kingdom, 1996 թվականի հունիսի 10, § 41, Զեկույցներ 1996-III, և Assanidze v. Georgia [GC], թիվ 71503/01, § 171, ՄԻԵԴ 2004‑II)։ Կալանքի ժամկետը սկզբունքորեն «օրինական» է, եթե այն հիմնված է դատարանի որոշման վրա։
51. Երբ հարցը վերաբերում է ազատությունից զրկելուն, ապա հատկապես կարևոր է, որ պահպանվի իրավական որոշակիության ընդհանուր սկզբունքը։ Հետևաբար, էապես կարևոր է, որ ներպետական իրավունքով հստակորեն սահմանված լինեն ազատությունից զրկելու պայմանները, իսկ օրենքն էլ կիրառման մեջ ինքնին կանխատեսելի լինի, որպեսզի համապատասխանի Կոնվենցիայով սահմանված «օրինականության» չափանիշին` չափանիշ, որով պահանջվում է, որ ցանկացած օրենք լինի բավարար չափով կոնկրետ, որպեսզի ցանկացած ոք, անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան խորհրդատվությամբ, հնարավորություն ունենա կանխատեսել իր գործողությունների հնարավոր հետևանքները` այնքանով, որքանով դա ողջամտորեն հնարավոր է տվյալ իրավիճակում (տե′ս Steel and Others v. the United Kingdom, 1998 թվականի սեպտեմբերի 23, § 54, Զեկույցներ 1998-VII)։
52. Դատարանը նշում է, որ արդեն քննել է համանման բողոք Հայաստանի դեմ բերված մեկ այլ գործում, որում եկել է եզրահանգման, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5–րդ հոդվածի 1–ին կետի խախտում, քանզի դիմումատուի նկատմամբ կալանքը չի կիրառվել դատարանի որոշման հիման վրա և, հետևաբար, եղել է անօրինական` նշյալ դրույթի իմաստով (տե՛ս Պողոսյանն ընդդեմ Հայաստանի [Poghosyan v. Armenia], թիվ 44068/07, §§ 56‑64, 20 2011 թվականի դեկտեմբեր, Փիրուզյանն ընդդեմ Հայաստանի, [Piruzyan v. Armenia] թիվ 33376/07, § 79-82, ՄԻԵԴ 2012 (քաղվածքներ); Մալխասյանն ընդդեմ Հայաստանի, [Malkhasyan v. Armenia] թիվ 6729/07, § 60-63, 2012 թվականի հունիսի 26; և Սեֆիլյանն ընդդեմ Հայաստանի, [Sefilyan v. Armenia] թիվ 22491/08, § 74-77, 2012 թվականի հոկտեմբերի 2)։ Դատարանը չի տեսնում սույն գործով այլ եզրահանգում կատարելու որևէ պատճառ և եզրակացնում է, որ դիմումատուի՝ 2008 թվականի հոկտեմբերի 7–ից 15–ն ընկած ժամանակահատվածում կալանքը եղել է անօրինական 5–րդ հոդվածի 1–ին կետի իմաստով։
53. Համապատասխանաբար, խախտվել է Կոնվենցիայի 5–րդ հոդվածի 1–ին կետը։
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5–ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3–ՐԴ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
54. Դիմումատուն բողոքել է, որ ներպետական դատարանները չեն ներկայացրել իր երկարատև կալանքի հիմքերը։ Նա հիմնվել է Կոնվենցիայի 5–րդ հոդվածի 3–րդ կետի վրա, որում շարադրված է հետևյալը.
«Սույն հոդվածի 1–ին պարբերության «գ» մասի դրույթներին համապատասխան ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք պետք է անհապաղ ներկայացվի դատավորի կամ օրենքով դատական իշխանություն իրականացնելու համար լիազորված այլ պաշտոնյայի առջև, և ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք։ Ազատ արձակելը կարող է պայմանավորված լինել դատաքննությանը ներկայանալու երաշխիքներով»։
Ա. Ընդունելիություն
55. Դատարանը նշում է, որ տվյալ բողոքը Կոնվենցիայի 35–րդ հոդվածի 3–րդ կետի «ա» մասի իմաստով ակնհայտ անհիմն չէ: Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով։ Հետևաբար՝ այն պետք է համարվի ընդունելի։
Բ. Գործի ըստ էության քննություն
1. Կողմերի ներկայացրած փաստարկները
56. Ըստ դիմումատուի կողմից բերված փաստարկի՝ ներպետական դատարանները չեն ներկայացրել իր՝ շարունակական կալանքի հիմքերը և պարզապես մեջբերել են համապատասխան իրավական դրույթներ՝ առանց իր գործի հատուկ հանգամանքների գնահատման։
57. Կառավարությունը նշել է, որ դիմումատուին կասկածում են լուրջ հանցագործության կատարման մեջ, որի համար պահանջվում էր մանրամասն քննություն, և որը ենթադրում էր բազմաթիվ գործողությունների իրականացում։ Դիմումատուի կողմից հանցագործությունը կատարելուց հետո փախուստի դիմելու փաստը ծառայել է որպես լրացուցիչ հիմք այն եզրակացության համար, որ հավանական է, որ նա կթաքնվի վարույթն իրականացնող մարմնից։ Կառավարությունն այնուհետև շեշտել է, որ մինչդատական քննության երկարատև բնույթը պայմանավորված է եղել գործի բարդությամբ (անձանց երկու խմբերի միջև կռիվը հրազենի գործադրմամբ), մի շարք քննչական գործողություններ ձեռնարկելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև կողմերի համար գործի նյութերն ուսումնասիրելու հնարավորության ապահովման անհրաժեշտությամբ։
2. Դատարանի գնահատական
(ա) Ընդհանուր սկզբունքներ
58. Դատարանը վերահաստատում է, որ ձերբակալվածի կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի շարունակական գոյությունը անհրաժեշտ պայման է (sine qua non) տևական կալանքի օրինականության համար։ Սակայն որոշ ժամանակ անց այն այլևս բավարար չէ։ Նման դեպքերում Դատարանը պետք է պարզի, թե արդյոք դատական մարմինների կողմից ներկայացված այլ հիմքերով շարունակվում է հիմնավորվել ազատությունից զրկելը։ Եթե այդօրինակ հիմքերը «հիմնավոր» և «բավարար» են, Դատարանը պետք է պարզի նաև, թե քննությունն իրականացնելիս իրավասու ներպետական մարմինները արդյոք դրսևորել են «պատշաճ ջանասիրություն» (տե՛ս Labita v. Italy [GC],թիվ 26772/95, § 152 և §153, ՄԻԵԴ 2000-IV)։
59. Կոնվենցիայի նախադեպային իրավունքը մշակել է հանցագործության համար կասկածվող անձին մինչև դատավճիռը կալանքի տակ պահելու համար ընդունելի չորս հիմնական հիմքեր. մեղադրյալի` դատաքննությանը չներկայանալու վտանգը (տե՛ս Stögmüller v. Austria, 1969 թվականի նոյեմբերի 10, § 15, շարք «Ա», թիվ 9), վտանգը, որ մեղադրյալը ազատ արձակվելու դեպքում կխոչընդոտի արդարադատության իրականացմանը, (տե՛ս Wemhoff v. Germany, 1968 թվականի հունիսի 27, § 14, շարք «Ա», թիվ 7) կամ կկատարի նոր հանցանքներ (տե՛ս Matznetter v. Austria, 1969 թվականի նոյեմբերի 10, § 9, շարք «Ա», թիվ 10) կամ կկատարի հասարակական անկարգություններ (տե՛ս Letellier v. France, 1991 թվականի հունիսի 26, § 51, Ա շարք, թիվ 207)։
60. Ներպետական մարմինների վրա է դրված շարունակական կալանավորման հիմքերին վերաբերող հատուկ փաստերի առկայությունը հիմնավորելու պարտավորությունը (տե՛ս Rokhlina v. Russia, թիվ 54071/00, § 67, 2005 թվականի ապրիլի 7, և Ilijkov v. Bulgaria, թիվ 33977/96, §§ 84-85, 2001 թվականի հուլիսի 26)։ Ներպետական դատական մարմինները պետք է ուսումնասիրեն բոլոր այն ապացույցները, որոնք, պահպանելով անմեղության կանխավարկածի սկզբունքը, վկայում են հանրային շահի իրական պահանջի առկայության կամ բացակայության մասին՝ շեղում կատարելով անձի ազատության ապահովման կանոնից, և անձին ազատ արձակելու մասին գանգատները վարույթ չընդունելու վերաբերյալ իրենց որոշումներում պետք է շարադրեն դրանք։ Դատարանի խնդիրը չէ հաստատել նման ապացույցների առկայությունը կամ փոխարինել՝ դիմումատուի կալանավորման վերաբերյալ որոշում կայացրած ներպետական մարմիններին։ Հիմնականում ներպետական դատարանների ներկայացրած պատճառների և դիմումատուի կողմից իր բողոքներում կատարված ճշմարիտ հայտարարությունների հիման վրա է, որ Դատարանին կոչ են անում որոշելու, թե արդյո՞ք տեղի է ունեցել Կոնվենցիայի 5–րդ հոդվածի 3–րդ կետի խախտում, թե՞ ոչ (տե՛ս Korchuganova v. Russia, թիվ 75039/01, § 72, 2006 թվականի հունիսի 8, Ilijkov, մեջբերված է վերևում, § 86, և Labita, մեջբերված է վերևում, § 152).
(բ) Սկզբունքի կիրառումը սույն գործում
61. Դիմումատուի մինչդատական կալանքը տևել է 2007 թվականի դեկտեմբերի 22–ից մինչև նրա դատապարտումը՝ 2009 թվականի մայիսի 8–ին։ Այսպիսով, այն ժամանակահատվածը, որը պետք է հաշվի առնել, տևել է մեկ տարի չորս ամիս և տասնվեց օր։
62. Գնահատելով դիմումատուի շարունակական կալանքի հիմքերը՝ Դատարանը նշում է, որ իրավասու դատական մարմինները առաջ են քաշել դիմումատուի ազատ արձակելը մերժելու չորս հիմնական պատճառ, մասնավորապես՝ 1) շարունակել են մնալ լուրջ կասկածներ դիմումատուի կողմից այն հանցագործությունը կատարելու վերաբերյալ, որի համար նրա դեմ մեղադրանք է առաջադրվել, 2) տվյալ իրավախախտման լուրջ բնույթը, 3) այն փաստը, որ ազատ արձակվելու դեպքում դիմումատուն հավանական է, որ կթաքնվեր վարույթն իրականացնող մարմնից և կփոխեր արդարադատության իրականացման ընթացքը՝ հաշվի առնելով այն պատիժը, որը կնշանակվեր նրա՝ մեղավոր ճանաչվելու դեպքում, և 4) դեռևս կար վտանգ, որ դիմումատուն նոր հանցագործություն կկատարեր։
63. Դատարանն ընդունում է, որ դիմումատուին առաջադրվող հիմնավոր, անհերքելի ապացույցների վրա հիմնված կասկածն այն հանցանքի համար, որի կատարման մեջ նա մեղադրվում է, առկա է եղել նրան կալանքի տակ պահելու ամբողջ ժամանակահատվածում։ Դատարանը նաև համաձայնում է, որ չնայած նրան, որ դատախազն այնուհետև հանցագործությունը վերաորակել է որպես ավելի թեթև ծանրության հանցանք (տե՛ս վերևում՝ § 38), վարույթի ընթացքում հանցագործության վերաբերյալ փաստերը մնացել են անփոփոխ։
64. Ինչ վերաբերում է դիմումատուի կողմից վարույթն իրականացնող մարմիններից թաքնվելու վտանգին, Դատարանը նշում է, որ դատական մարմինները հիմնվել են այն հավանականության վրա, որ խիստ պատիժ կնշանակվեր դիմումատուի նկատմամբ՝ հաշվի առնելով հանցանքի ծանր բնույթը։ Ներպետական դատարանները նաև հիմնվել են այն փաստի վրա, որ հանցանքից անմիջապես հետո դիմումատուն թաքնվել է և նրա դեմ հայտարարվել է հետախուզում (տե՛ս վերևում՝ § 22)։ Մինչդեռ ճշմարիտ է այն, որ ներպետական դատարանները դիմումատուի կալանքի ամբողջ ընթացքում օգտագործել են այս հիմքի վերաբերյալ նույն պատճառաբանությունը և ժամանակի ընթացքում այս հիմքն անխուսափելիորեն դարձել է ավելի քիչ վերաբերելի, բայց Դատարանը չի կարող միայն այս հիմքով եզրակացնել, որ համապատասխան մարմինները նրան կալանքի տակ պահելու համար չեն ունեցել հիմնավոր պատճառներ՝ նրա կողմից վարույթ իրականացնող մարմնից թաքնվելը կանխելու համար (համեմատե՛լ Panchenko v. Russia, թիվ 45100/98, § 106, 2005 թվականի փետրվարի 8)։ Հաշվի առնելով գործի բնույթը, մասնավորապես՝ հանցագործության լուրջ բնույթը, խելամիտ կլիներ ենթադրել, որ դիմումատուի՝ վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու վտանգն առկա է եղել մինչդատական կալանքի ամբողջ ժամանակահատվածում։
65. Ինչ վերաբերում է մյուս հիմքին՝ նոր հանցանք կատարելու վտանգին, Դատարանը նշում է, որ դիմումատուին առաջադրվել են սպանության և հրազենի գործադրմամբ անձանց երկու խմբերի միջև կռվի արդյունքում լուրջ վնասվածքներ պատճառելու մեղադրանքները։ Դատարանն այնուհետև նշում է, որ ներպետական դատարանները հիմնվել են երկու կողմերի միջև շարունակական թշնամանքի, ինչպես նաև այն փաստի վրա, որ դիմումատուի գույքը հրկիզվել էր նրա՝ կալանքի տակ պահվելու ընթացքում (տե՛ս վերևում` § 15)։ Ներպետական դատարաններն այս հանգամանքներն ամբողջությամբ վերցրած դիտել են որպես ռիսկի լուրջ ցուցանիշ այն առումով, որ դիմումատուն, ազատության մեջ լինելով, կարող էր նոր հանցագործություն կատարել զոհի ընկերների և հարազատների նկատմամբ։
66. Վերջապես, Դատարանը դիտարկում է, որ դիմումատուի գործը որոշակի աստիճանի բարդություն ուներ, որը ներառում էր փաստերը պարզելու և մեղադրյալներից յուրաքանչյուրի ենթադրյալ պատասխանատվության աստիճանը որոշելու դժվարին խնդիր, ինչպես նաև դատաբժշկական ապացույցների հետազոտությունը՝ ներառյալ մի շարք փորձագետների եզրակացությունները։ Ընդհանուր իրավասության դատարանում գործի քննությունը և հետազոտությունը տևել է մեկ տարի չորս ամիս։ Կողմերի ներկայացրած նյութերից պարզ է դառնում է, որ քննության ինն ու կես ամսվա ընթացքում դատախազները ստացել են բազմաթիվ փորձագետների եզրակացություններ, հարցաքննել են դիմումատուին, կատարել են առերեսում նրա և վկաների միջև և կազմել են մեղադրական եզրակացությունը։ Այսպիսով, Դատարանը չի դիտարկում դատական վարույթի ընթացքում թույլ տված որևէ հետաձգում։ Դատարանը քայլեր է ձեռնարկել՝ ապահովելու դատական նիստերին կողմերի և դատավարության այլ մասնակիցների ներկայությունը` գործի քննության որևէ անհիմն հետաձգումից խուսափելու համար։ Դատարանն այն կարծիքին է, որ դատավարությունն անց է կացվել պատշաճ ջանասիրությամբ՝ հաշվի առնելով գործի բարդությունը և ապացույցների քանակը, որոնք պետք է մանրամասն հետազոտվեին դատարանի կողմից։
67. Հաշվի առնելով վերը նշվածը՝ Դատարանը գտնում է, որ տեղի չի ունեցել Կոնվենցիայի 5–րդ հոդվածի 3–րդ կետի որևէ խախտում։
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5–ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4–ՐԴ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
68. Դիմումատուն բողոքել է, որ վերաքննիչ դատարանը հրաժարվել էր ուսումնասիրել 2008 թվականի սեպտեմբերի 22–ին իր կողմից ներկայացված բողոքը։ Նա վկայակոչել է Կոնվենցիայի 5–րդ հոդվածի 4–րդ կետը, որն այնքանով, որքանով առնչվում է խնդրին, սահմանում է հետևյալը՝
«Յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման հետևանքով զրկված է ազատությունից, իրավունք ունի պահանջելու վարույթի իրականացում՝ դատարանի կողմից անհապաղ որոշելու համար իր կալանավորման օրինականությունը և կարգադրելու իրեն ազատ արձակել, եթե իր կալանավորումն անօրինական է»։
Ա. Ընդունելիություն
1. Իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառում
69. Կառավարությունը նշել է, որ դիմումատուն չի սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները` Կոնվենցիայի 35–րդ հոդվածի 1–ին կետի իմաստով։ Այս կապակցությամբ` Կառավարությունը վիճարկել է, որ դիմումատուի վճռաբեկ բողոքն ուղղված է եղել ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի սեպտեմբերի 17–ին կայացրած որոշման դեմ, որը բողոքարկման առարկա չի եղել։ Այդ պատճառով վճռաբեկ դատարանը բողոքը թողել է առանց քննության։
70. Դիմումատուն պնդել է, որ վերաքննիչ դատարանի կողմից 2008 թվականի սեպտեմբերի 22-ի իր բողոքը չուսումնասիրելու հարցն իր վճռաբեկ բողոքում է բարձրացվել։
71. Ուսումնասիրելով դիմումատուի՝ 2008 թվականի նոյեմբերի 7–ի բողոքը` Դատարանը նշում է, որ դիմումատուն իր վճռաբեկ բողոքում ներկայացրել է վերաքննիչ դատարանի կողմից իր բողոքը չուսումնասիրելու հանգամանքը։ Բողոքի եզրափակիչ մասում դիմումատուի կողմից ներկայացված՝ իր կալանքը վերացնելու վերաբերյալ պահանջը (տե՛ս վերևում` § 32) ներպետական դատարաններին չի զրկել բողոքը չուսումնասիրելու հարցին անդրադառնալու հնարավորությունից։ Ամփոփելով նշվածը՝ դիմումատուն ներպետական մարմիններին տվել է հնարավորություն, որը Կոնվենցիայի 35–րդ հոդվածի 1–ին մասով սկզբունքորեն պետք է վերապահված լինի կողմ հանդիսացող պետություններին, մասնավորապես՝ դիմումատուի կողմից վկայակոչված Կոնվենցիայի ենթադրյալ խախտմանն անդրադառնալու և այն կանխելու կամ ուղղելու հնարավորությունը։
2. Եզրակացություն
72. Դատարանը նշում է, որ այս բողոքն Կոնվենցիայի 35–րդ հոդվածի 3–րդ կետի (ա) ենթակետի իմաստով ակնհայտ անհիմն չէ։ Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով։ Հետևաբար, այն պետք է հայտարարվի ընդունելի։
Բ. Գործի ըստ էության քննություն
1. Կողմերի ներկայացրած փաստարկներ
73. Դիմումատուն պնդել է, որ 2008 թվականի սեպտեմբերի 22–ին իր կողմից ներկայացված բողոքը չուսումնասիրելը 5–րդ հոդվածի 4–րդ մասով սահմանված երաշխիքների խախտում է։ Վերաքննիչ դատարանը իրավասու չի եղել հրաժարվել ուսումնասիրելու նրա բողոքն այն հիմքով, որ այդ ընթացքում քննությունն ավարտված է եղել։
74. Կառավարությունն համապատասխան հիմնավորումների վերաբերյալ որևէ դիտարկում չի ներկայացրել։
2. Դատարանի գնահատական
75. Դատարանը վերահաստատում է, որ իր նախադեպային իրավունքին համապատասխան՝ 5-րդ հոդվածի 4-րդ կետը, 6-րդ հոդվածի 1-ին կետի նման, ապահովում է դատարանի մատչելիության իրավունքը, որը կարող է ենթարկվել միայն այնպիսի ողջամիտ սահմանափակումների, որոնք չեն խախտում դրա էությունը (տե´ս Shishkov v. Bulgaria, թիվ 38822/97, § 82-90, ECHR 2003-I (հատվածներ), և Bochev v. Bulgaria, թիվ 73481/01, § 70, 13 նոյեմբերի, 2008)։
76. Դատարանը նշում է, որ այն արդեն նման բողոք քննել է Հայաստանի դեմ, որտեղ սահմանվել է, որ դիմումատուի կալանքի նկատմամբ դատական վերահսկողության մերժումը միայն այն հիմքով, որ գործն արդեն մինչդատական վարույթում չէ, նրա՝ 5-րդ հոդվածի 4‑րդ կետին համապատասխան վարույթ հարուցելու իրավունքի ոչ արդարացված սահմանափակում է և եզրակացրել է, որ տեղի է ունեցել այդ դրույթի խախտում (տե՛ս Poghosyan v. Armenia, թիվ 44068/07, §§ 78-81, 2011 թվականի դեկտեմբերի 20 և Piruzyan v. Armenia, թիվ 33376/07, §§ 125-127, ՄԻԵԴ 2012 (քաղվածքներ))։
77. Սույն գործի հանգամանքները նույնական են նախկինում ընդդեմ Հայաստանի հարուցված վերոնշյալ գործերի հանգամանքներին (տե՛ս § 76)։ Հետևաբար, Դատարանը որևէ պատճառ չի գտնում այլ եզրակացություն կատարելու համար։
78. Համապատասխանաբար, խախտվել է Կոնվենցիայի 5–րդ հոդվածի 4–ին կետը։
IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41–ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌԵԼԻՈՒԹՅՈՒՆ
79. Կոնվենցիայի 41-րդ հոդվածով նախատեսվում է՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, և եթե Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին տրամադրել արդարացի փոխհատուցում»։
Ա. Վնաս
80. Դիմումատուն պահանջել է 20 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։
81. Կառավարությունը պնդել է, որ այդ պահանջն անհիմն է։
82. Դատարանը համարում է, որ հայտնաբերված խախտումների հետևանքով դիմումատուն անկասկած կրել է ոչ նյութական վնաս, և որոշում է այդ վնասի դիմաց նրան հատկացնել 6,000 եվրո։
Բ. Ծախսեր և ծախքեր
83. Դիմումատուն նաև պահանջել է 3,030 եվրո՝ Դատարանի հետ կապված ծախսերի և ծախքերի համար՝ ներառյալ 3,000 եվրո՝ իրավական ծախսերի համար և 30 եվրո՝ փոստային ծախսերի համար։ Իր պահանջները հիմնավորելու համար նա ներկայացրել է փաստաբանների աշխատանքները բաշխելու խնդրագիր և երեք փոստային անդորրագիր։
84. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն որևէ փաստաթղթով չի հիմնավորել փաստաբաններին տրվող վարձատրության վերաբերյալ իր պահանջները։ Դիմումատուն չի ներկայացրել որևէ ապացույց, որ այս ծախսերն առաջացել են կամ անհրաժեշտ են եղել, կամ որ նրա և իր փաստաբանների միջև պայմանագիր է եղել այդ վճարումներն ապագայում կատարելու վերաբերյալ։
85. Դատարանի նախադեպային իրավունքին համապատասխան՝ դիմումատուն ունի ծախսերի ու ծախքերի փոխհատուցման իրավունք միայն այնքանով, որքանով հավաստիացվել է, որ դրանք իրականում կատարվել են, անհրաժեշտ են եղել, և դրանց չափը եղել է ողջամիտ։ Սույն գործում դիմումատուն չի ներկայացրել որևէ փաստաթղթային ապացույց, որը կհիմնավորեր փաստաբանների կողմից վարձատրություն ստանալու վերաբերյալ իր պահանջը։ Հետևաբար, այդ պահանջը պետք է մերժվի։ Ինչ վերաբերում է փոստային ծախսերին, հաշվի առնելով նրա տրամադրության տակ գտնվող փաստաթղթերը, Դատարանը հիմնավորված է համարում նրան 30 եվրո տրամադրելը։
Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույք
86. Դատարանը պատշաճ է համարում, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնվի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության առավելագույն տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Հայտարարում է ընդունելի Կոնվենցիայի 5–րդ հոդվածի 1–ին, 3–րդ և 4‑րդ կետերի համաձայն 2008 թվականի հոկտեմբերի 7–ից 15–ն ընկած ժամանակահատվածում դիմումատուի կալանքի անօրինականության մասին բողոքները, նրա շարունակական կալանքի և վերաքննիչ դատարանի կողմից դիմումատուի 2008 թվականի սեպտեմբերի 22–ի բողոքը չուսումնասիրելու համար անհրաժեշտ և բավարար հիմքերը, իսկ մնացած մասը՝ անընդունելի.
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5–րդ հոդվածի 1–ին կետի խախտում 2008 թվականի հոկտեմբերի 7–ից 15–ը դիմումատուին կալանքի տակ պահելու համար իրավական հիմք առկա չլինելու առումով.
3. Վճռում է, որ տեղի չի ունեցել Կոնվենցիայի 5–րդ հոդվածի 3–րդ կետի խախտում՝ հաշվի առնելով այն, որ դիմումատուի շարունակական կալանքի համար անհրաժեշտ և բավարար հիմքեր չեն ներկայացվել.
4. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5–րդ հոդվածի 4–րդ կետի խախտում՝ հաշվի առնելով դիմումատուի՝ կալանքի դեմ 2008 թվականի սեպտեմբերի 22–ին բերված բողոքի ուսումնասիրությունը մերժելը.
5. Վճռում է, որ՝
(ա) պատասխանող պետությունը, Կոնվենցիայի 44–րդ հոդվածի 2–րդ կետին համապատասխան վճիռն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրը սահմանված փոխարժեքով.
i) ոչ նյութական վնասի դիմաց՝ 6 000 եվրո (վեց հազար եվրո)՝ ավելացրած գանձման ենթակա բոլոր հարկերը,
ii) ծախսերի և ծախքերի դիմաց՝ 30 եվրո (երեսուն եվրո)՝ ավելացրած բոլոր այն հարկերը, որոնք կարող են գանձվել դիմումատուից,
(բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո մինչև վճարման օրը պետք է վճարվի վերը նշված գումարի պարզ տոկոս՝ պարտավորությունների չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխառության առավելագույն տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
6. Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերենով և գրավոր կերպով ծանուցվել է 2014 թվականի ապրիլի 8–ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77–րդ կանոնի 2–րդ և 3–րդ կետերի։
Սանտիագո Քուեսադա |
Ջոզեփ Կասադեվալ |
Քարտուղար |
Նախագահ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|