Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
7 նոյեմբերի 2013 թվականի N 46
16. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային վարչարարության ռազմավարության 2013-2014 թվականների ծրագրին` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. նոյեմբերի 22 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թ. նոյեմբերի 7-ի նիստի N 46 արձանագրային որոշման |
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի մաքսային վարչարարության ռազմավարության 2013-2014 թվականների ծրագիր
Ներածություն
Սույն ծրագրի մշակման և հաստատման կարևորագույն նպատակն է հանդիսանում սահմանել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ ՊԵԿ) մաքսային ծառայությունում գալիք երկու տարիների ընթացքում նախատեսվող բարեփոխումների ռազմավարական ուղղությունները:
Փաստաթուղթը կազմվել է ՊԵԿ մաքսային վարչարարության ռազմավարության 2009-2012 թվականների ծրագրի շարունակականության ապահովման տրամաբանությամբ: Սույն ծրագրում ներկայացված է մաքսային մարմնի առաքելությունը, երկարաժամկետ հատվածում մաքսային համակարգում իրականացվող ռազմավարական բարեփոխումների նպատակները, այդ նպատակների իրագործման ընթացքում ի հայտ եկող խնդիրներն, ինչպես նաև մանրամասնորեն նկարագրված են առաջադրվող խնդիրների լուծման միջոցառումներ:
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Եվրոպական միության հետ համագործակցության և Եվրասիական մաքսային միությանը ՀՀ անդամակցության ուղղությամբ իրականացվող միջոցառումներում ՊԵԿ ներգրավվածությունը` այս ծրագրում հատուկ ուշադրություն է դարձվել նաև ՊԵԿ մաքսային ծառայության կողմից ստանձնած պարտավորությունների ճիշտ և ժամանակին իրականացմանը` այդ ուղղությամբ իրականացվող բարեփոխումները տեղափոխելով ռազմավարական հենքի վրա:
Հաշվի առնելով գործարար միջավայրի լայն շրջանակների հետաքրքրվածությունը և շահագրգռվածությունը ՊԵԿ մաքսային համակարգում իրականացվող բարեփոխումներին` այս ծրագրում արտացոլված հիմնական նպատակների ու խնդիրների լուծման վերաբերյալ քննարկումներ են կազմակերպվել նաև գործարար միջավայրի ներկայացուցիչների և տարբեր շահագրգիռ այլ անձանց հետ:
Մաքսային վարչարարության ռազմավարության 2013-2014 թվականների ծրագրի մշակման ժամանակ հաշվի են առնվել նաև ՀՀ Նախագահի 2011 թվականի մայիսի 18-ի թիվ ՆԿ-92-Ն կարգադրությամբ հաստատված մաքսային համակարգի բարեփոխումների 2011-2013թթ. ծրագիրը, ինչպես նաև մաքսային վարչարարության ռազմավարության 2009-2012թթ. ծրագրի իրականացման արդյունքները: Բացի այդ, հաշվի առնելով, որ բազմաթիվ միջազգային տարբեր ծրագրերի շրջանակներում ՀՀ մաքսային ծառայությունը նույնպես հանդես է գալիս որպես շահագրգիռ կողմ, ծրագրի մշակման գործընթացում հաշվի են առնվել նաև միջազգային տարբեր կազմակերպությունների, խորհրդատվական խմբերի և փորձագետների առաջարկությունները: Մասնավորապես ծրագրում տեղ են գտել ՊԵԿ-ում մեկնարկած «Թվինինգ» ծրագրի փորձագետների կողմից ներկայացված մաքսային համակարգի բարեփոխումներին, ինչպես նաև Եվրասիական մաքսային միությանը ՀՀ անդամակցությանը վերաբերող ուղղություններ և միջոցառումներ:
Սույն ծրագրի մշակման աշխատանքների ընթացքում վեր են հանվել նաև այն հնարավոր ռիսկերը և խոչընդոտները, որոնք կարող են անուղղակի կամ ուղղակի ձևով ազդեցություն ունենալ այս ծրագրի դրույթների իրականացման վրա:
Առաքելություն և տեսլական
Մաքսային մարմնի առաքելությունը
ՀՀ տնտեսական քաղաքականության մեջ մաքսային մարմիններին վերապահված է հետևյալ նպատակների իրականացումը` ՀՀ տնտեսական անվտանգության ապահովումը, ՀՀ անձանց տնտեսական շահերի պաշտպանությունը և ՀՀ արտաքին առևտրի դյուրացումը:
ՀՀ մաքսային մարմնի առաքելությունն է.
- ՀՀ ֆիսկալ շահերի պաշտպանություն,
- ՀՀ պետական սահմանին անազնիվ և ապօրինի առևտրի կանխում, օրինական ձեռնարկատիրության զարգացման խթանում,
- ՀՀ համապատասխան մարմինների հետ համագործակցության միջոցով ՀՀ պետական և հասարակական անվտանգության ապահովում, այդ թվում նաև շրջակա միջավայրի պահպանության ուղղված միջոցառումների իրականացման միջոցով,
- Արդյունավետ մաքսային հսկողության իրականացում, օրինական առևտրի դյուրացման և մաքսային հսկողության միջև պատշաճ հավասարակշռության ապահովում:
ՀՀ մաքսային մարմինն իր առաքելության իրականացման ժամանակ առաջնորդվում է հետևյալ հիմնական ուղղություններով.
- Հասարակության և պետության ֆիսկալ շահերի պաշտպանության նպատակով վերահսկելի (սահմանափակված) և արգելված ապրանքների ապօրինի առևտրի դեմ պայքարի իրականացում` ռիսկերի գնահատման համակարգի կիրառման արդյունավետության բարձրացման միջոցով,
- Մաքսային համապատասխան ընթացակարգերի կիրառման միջոցով տեղական արտադրանքի մրցունակության բարձրացում,
- Մաքսային հսկողության բարելավման և կատարելագործման արդյունքում ՀՀ մաքսային սահմանով ապրանքների հոսքին նվազագույն միջամտության և ձեռնարկատիրության նկատմամբ նվազագույն վարչարարական գործիքների կիրառության ապահովում,
- Գնահատվող ռիսկերի վերաբերյալ տեղեկատվության արդյունավետ և պարբերական ընդլայնման միջոցով ապրանքների միջազգային փոխադրումների մատակարարման շղթաների վերահսկում և կառավարում,
- Ձեռնարկատիրության, պետական շահագրգիռ գերատեսչությունների և այլ պետությունների մաքսային մարմինների հետ համագործակցության զարգացում և ընդլայնում:
Մաքսային մարմնի տեսլականը
Միջազգային առևտրի ծավալների մեծացման, տնտեսական ինտեգրացիայի բարձր աստիճանի համատեքստում մաքսային մարմինը ևս պետք է դրսևորի վերակառուցման, ժամանակին համընթաց դինամիկ զարգացմանն ուղղված քաղաքականություն: Հետևաբար ՀՀ մաքսային մարմինն իր առջև դրված խնդիրների լուծման կարևորագույն բաղադրիչ է համարում հստակ պլանավորված միջոցառումների իրականացմանն ուղղված քայլերի իրականացումը, որոնք էլ իրենց հերթին կապահովեն ռազմավարական ծրագրում արտացոլված նպատակները և խնդիրների լուծումը:
Մաքսային վարչարարության ռազմավարության մշակման հիմք է հանդիսացել երկարաժամկետ կտրվածքում մաքսային վարչարարության որակապես նոր մակարդակի ձևավորման, բիզնես միջավայրի բարելավման և բիզնես գործընթացների պարզեցման ապահովման անհրաժեշտությունը:
Այսպիսով երկարաժամկետ հատվածում մաքսային մարմնի համար մաքսային վարչարարության զարգացման հեռանկարն է.
Միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան մաքսային համակարգի առկայություն` ապահովելով
- Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներին բարձրորակ մաքսային ծառայությունների մատուցում,
- Արդյունավետ մաքսային հսկողություն,
- Պետական բյուջե մուտքագրվող մաքսային և այլ եկամուտների սահմանված ժամկետներում հավաքագրում:
ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Ռազմավարական նպատակ 1.
1. ՀՀ մաքսային օրենսդրության կատարելագործում հիմք ընդունելով առաջավոր փորձ ունեցող երկրներում և միություններում ներդրված համակարգերը
Մաքսային համակարգում իրականացվող բարեփոխումներն իրենց բնույթով շարունակական են` պայմանավորված ոլորտի դինամիկ զարգացման և տնտեսական առաջընթացի արագ տեմպերին մաքսային համակարգի ինտեգրման անհրաժեշտությամբ: Հետևաբար վերջին շրջանում ՊԵԿ մաքսային համակարգում իրականացվող բարեփոխումները թևակոխել են մի նոր, որակապես էլ ավելի բարձր մակարդակ: ՊԵԿ-ի մաքսային ծառայությունը, հանդիսանալով արտաքին առևտրի կարգավորման առանցքային մարմիններից մեկը, ներգրավված է միջազգային համագործակցության ընդլայնմանն ուղղված տարբեր գործընթացներում, որոնք ենթադրում են ՀՀ մաքսային օրենսդրության վերանայում` միջազգային առևտրի զարգացման միտումների փոփոխությանը, ինչպես նաև ՀՀ միջազգային մակարդակներում ստանձնած իրավունքներին և պարտավորություններին համապատասխան: Այս բարդ և ժամանակատար օրենսդրական բարեփոխումների գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու համար ՊԵԿ-ն նաև օգտվում է Եվրոպական Միության «Թվինինգ» աջակցման գործիքից և Եվրասիական մաքսային միության շրջանակներում ընդունված մաքսային օրենսդրական կարգավորումներից :
Հիմնական խնդիրներ
1) Միջազգային տնտեսական և քաղաքական գործընթացներին համահունչ օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացում,
2) ՀՀ մաքսային օրենսդրության մշակում Եվրոպական միության և Եվրասիական մաքսային միության շրջանակներում ՀՀ որդեգրած քաղաքականության սկզբունքներին և ուղղություններին համապատասխան,
3) ՊԵԿ-ում մեկնարկած` «Թվինինգ» ծրագրի շրջանակներում միջազգային փորձագետների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա օրենսդրական բարեփոխումների իրականացում` Եվրասիական մաքսային միությանը ՀՀ անդամակցությանն ուղղված միջոցառումների համադրմամբ
Միջոցառումներ առաջադրված խնդիրները լուծելու համար
Հ/հ |
Միջոցառում |
Կատարման վերջնաժամկետ |
1. |
Շարունակել «Թվիննինգ» ծրագրի շրջանակներում իրականացված համեմատական վերլուծության հիման վրա պլանավորված և ընթացքի մեջ գտնվող օրենսդրական բարեփոխումները, որոնք ուղղված են ՀՀ մաքսային համակարգի զարգացմանը և համդրելի են Եվրասիական մաքսային միության շրջանակներում ՀՀ ստանձնած պարտավորությունների հետ |
2014թ. I եռամսյակ շարունակական |
2. |
Ձեռնարկել համապատասխան միջոցներ մաքսային ընթացակարգերի պարզեցման և ներդաշնակեցման մասին Կիոտոյի վերանայված կոնվենցիայի դրույթների կիրարկման ուղղությամբ |
2013թ. IV եռամսյակ |
3. |
Մաքսային ձևակերպումների ժամանակ փաստաթղթաշրջանառության գործընթացի պարզեցում |
2014թ. III եռամսյակ |
4. |
«Թվինինգ» ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումների, ուսումնական այցերի և աշխատաժողովների կազմակերպում, համակարգում և սահմանված պարբերականությամբ համապատասխան հաշվետվությունների և օրենսդրական փոփոխությունների առաջարկությունների ներկայացում |
2013թ. III եռամսյակ և շարունակական |
5. |
Մաքսային միության երկրների միջև տեղեկատվության փոխանակումն ապահովող ինստիտուցիոնալ կառուցվածքն ուսումնասիրելու նպատակով Մաքսային միության երկրներ ճանաչողական այցերի կազմակերպում |
2014թ. I եռամսյակ |
6. |
Մաքսային միությանը միանալու ճանապարհային քարտեզի նախագծի մշակմանը մասնակցություն |
2013թ. IV եռամսյակ |
7. |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ֆինանսական, վիճակագրական և մակրոտնտեսական ոլորտներում հարցերի քննարկման մասնակցություն |
2014թ. I եռամսյակ և շարունակական |
8. |
Մաքսային միության երկրներում կիրառվող մաքսային բրոքերների ինստիտուտի՝ ՀՀ-ում ներդնելու վերաբերյալ գործարար համայնքի հետ համատեղ համապատասխան ուումնասիրությունների իրականացում և հետագա քայլերի հստակեցում |
2014թ. I եռամսյակ |
9. |
ՀՀ` Եվրասիական մաքսային միությանը անդամակցությունից բխող մաքսային ընթացակարգերի ներդաշնակեցում, միասնական փաստաթղթերի կիրառման հնարավորության ուսումնասիրություն |
2014թ. IV եռամսյակ |
10. |
Վերլուծել և ՀՀ մաքսային օրենսդրության և Եվրասիական մաքսային միության օրենսդրության` դրույթների տարբերությունները և գնահատել ՀՀ մաքսային օրենսդրության մոտարկման նպատակահարմարությունը |
2014թ. III եռամսյակ |
11. |
Մշակել և հրապարակել մաքսային արժեքի որոշման մեթոդների պատշաճ կիրառման կանոններ (հրահանգներ)` տնտեսվարող սուբյեկտների և մաքսային ծառայողների համար |
2013թ. IV եռամսյակ |
12. |
Ինչպես ներմուծման ժամանակ, այնպես էլ հետբացթողումային մաքսային հսկողության փուլերում մաքսային արժեքի որոշման միատեսակ կանոնների (ուղեցույցներ)՝ մշակում մաքսային ծառայողների համար |
2013թ. IV եռամսյակ |
13. |
ՀՀ մաքսային օրենսգրքում ներառել պարտադիր սակագնային տեղեկատվությանն առնչվող հիմնական դրույթներ և իրականացնել ՝ նախքան ներմուծումը պարտադիր դասակարգման տեղեկատվության համար ծրագրերի ներդրմանն ուղղված միջոցառումներ |
2014թ. IV եռամսյակ |
14. |
Պատրաստել ապրանքների դասակարգման վերաբերյալ ձեռնարկ |
2013թ. IV եռամսյակ |
15. |
Վերանայել ՀՀ մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետը, համաձայն որի ապրանքների՝ «ներմուծում ազատ շրջանառություն համար» մաքսային ռեժիմով ներմուծման և 180 օրվա ընթացքում վերաարտահանման դեպքում մաքսատուրքերը վերադարձվում են |
2014թ. IV եռամսյակ |
16. |
Ազատ մաքսային պահեստների ու առևտրի ազատ գոտիների կարգավիճակի վերանայում և անհրաժեշտության դեպքում դրանց ՀՀ մաքսային տարածքում ընդգրկելու վերաբերյալ ՀՀ մաքսային օրենսգրքում համապատասխան փոփոխության իրականացում |
2014թ. III եռամսյակ |
17. |
ՀՀ մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ձևակերպման գործընթացում ապրանքների նախնական դասակարգման ինստիտուտի ներդրում |
2015. I եռամսյակ |
Ռազմավարական նպատակ 2.
1. Սահմանների համալիր կառավարման համակարգի սկզբունքներին համահունչ պետական սահմանի անցման կետերում մաքսային ընթացակարգերի մշակում և ներդրում` հաշվի առնելով նաև «մեկ կանգառ/մեկ պատուհան» սկզբունքը:
Միջազգային բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների աճին զուգընթաց անհրաժեշտություն է առաջանում պետական սահմանի անցման կետերում որակյալ ծառայությունների ապահովման` քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների համար առավել աննկատ դարձնելով սահմանահատման ընթացակարգերը: Ժամանակակից չափանիշներին համապատասխան պետական սահմանի անցման կետեր ունենալու խնդիրը համարվում է ՊԵԿ-ի գերակա խնդիրներից մեկը: Սակայն ժամանակակից պետական սահմանի անցման կետեր ունենալու խնդիրը չի կարող փոխկապակցված չլինել պետական սահմանում մաքսային և այլ ընթացակարգերի պարզեցման և այդ ընթացակարգերի իրականացման համար ծախսվող ժամանակահատվածի կրճատման հետ: Հետևաբար ՊԵԿ-ը պետական սահմանի անցման կետերը հիմնովին վերակառուցելու հետ մեկտեղ ձեռնամուխ է եղել ներդնել պետական սահմանի անցման կետերում սահմանահատման գործընթացների առավելագույն միասնականացված` սահմանների համալիր կառավարման համակարգի սկզբունքները: Միաժամանակ, ՊԵԿ-ը, հաշվի առնելով ոլորտում իրականացվող աշխատանքների միասնական իրականացման անհրաժեշտությունը, սահմանների համալիր կառավարման համակարգի ներդրման աշխատանքներն իրականացնում է պետական սահմանի անցման կետերում պետական մարմինների կողմից ծառայություններ մատուցող տարբեր մարմինների հետ սերտ փոխհամագործակցությամբ:
Հիմնական խնդիրներ
1) Պետական սահմանի անցման կետերում միջգերատեսչական և ներգերատեսչական համագործակցության ընդլայնում և կանոնակարգում, տեղեկատվության նույնականացման սկզբունքների մշակում,
2) Միջգերատեսչական աշխատանքային խմբի շրջանակներում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման և կրկնվող գործառույթների բացառման աշխատանքների համակարգում:
Միջոցառումներ առաջադրված խնդիրները լուծելու համար
Հ/հ |
Միջոցառում |
Կատարման վերջնաժամկետ |
1. |
ՀՀ վարչապետի 2012 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 911-Ա որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա», «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի իրականացման ժամանակացույցի միջոցառումների իրականացման նկատմամբ հսկողության և հաշվետվողականության ապահովում: |
2013թ. III եռամսյակ և շարունակական |
2. |
Պետական սահմանի անցման կետերում տարբեր գերատեսչությունների հետ փոխհամագործակցության ուղղությունների հստակեցում սահմանների համալիր կառավարման սկզբունքներին համահունչ |
2013թ. IV եռամսյակ |
3. |
ՀՀ կառավարության կողմից «Մեկ պատուհան, մեկ կանգառ» համակարգի ներդրման համար պատասխանատու լիազոր մարմնի նշանակման վերաբերյալ այլ շահագրգիռ մարմինների դիրքորոշման քննարկում, հստակեցում և առաջարկության ներկայացում |
2013թ. IV եռամսյակ |
4. |
Պետական սահմանի անցման կետերում տարբեր գերատեսչությունների հետ փոխհամագործակցության շրջանակներում տեղեկատվության փոխանակման ուղղությամբ համապատասխան իրավական ակտերի մշակում |
2013թ. IV եռամսյակ |
5. |
Պետական սահմանի անցման կետերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման նպատակով, գործառույթների հստակեցում, իրավական փաստաթղթերի վերլուծություն, և դրանցում փոփոխությունների իրականացում |
2014թ. I եռամսյակ |
6. |
«Մեկ պատուհան, մեկ կանգառ» համակարգի ներդրման նպատակով ներպետական և միջազգային իրավական դաշտի ուսումնասիրություն, հայեցակարգային փաստաթղթի մշակում` ներգրավելով նաև գործարար աշխարհի ներկայացուցիչներին |
2014թ. II եռամսյակ |
Ռազմավարական նպատակ 3.
1. Մշակել և ներդնել մաքսային ծառայողների պարբերաբար վերապատրաստման, ուսուցման համակարգ, կազմակերպել համապատասխան դասընթացներ հասարակության լայն շերտերի համար:
Մաքսային համակարգում վարչարարության կատարելագործման կարևոր և առաջնային ուղղություններից է նաև մաքսային ծառայողների վերապատրաստման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները: Մաքսային համակարգում իրականացվող ցանկացած բարեփոխում օբյեկտիվ անհրաժեշտություն է ստեղծում կազմակերպել համապատասխան դասընթացներ` դինամիկ փոփոխություններին և կիրառվող նոր տեխնոլոգիաներին ծանոթանալու և դրանք պատշաճ օգտագործելու նպատակով: Որպես որակյալ աշխատակիցների առկայության լավագույն մեթոդ միանշանակ կարևորվում է յուրաքանչյուր մաքսային ծառայողի վերապատրաստումը` ոլորտային մասնագիտական հմտությունների և կարողությունների զարգացման միջոցով: Մյուս կողմից ՊԵԿ-ի վերապատրաստման ծրագրերի իրականացման արդյունավետության ապահովման տեսանկյունից կարևորվում է ինչպես օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից լավագույն փորձագետների ներգրավմամբ վերապատրաստման դասընթացների կազմակերպումը, այնպես էլ տարբեր միջազգային ծրագրերի շրջանակներում միջազգային լավագույն ուսումնական հաստատություններում մաքսային ծառայության դասախոսական կազմի վերապատրաստման և դասավանդման հմտությունների կատարելագործման անհրաժեշտությունը:
Հիմնական խնդիրներ
1) Յուրաքանչյուր տարի մշակել մաքսային ծառայողների վերապատրաստման ծրագիր,
2) Ըստ անհրաժեշտության մշակել և կազմակերպել համապատասխան ուսուցողական դասընթացներ տարբեր շահագրգիռ կողմերի համար:
Միջոցառումներ առաջադրված խնդիրները լուծելու համար
Հ/հ |
Միջոցառում |
Կատարման վերջնաժամկետ |
1. |
Մշակել մաքսային ծառայողների վերապատրաստման ծրագիր ինչպես ընդհանուր մասնագիտական, այնպես էլ, ըստ անհրաժեշտության, խիստ մասնագիտական հմտությունների կատարելագործման նպատակով |
2013թ. IV եռամսյակ |
2. |
Միջազգային տարբեր կառույցների հետ համագործակցության ակտիվացում ուսումնական ծրագրերի մեջ ներգրավման և իրականացման նպատակով |
2013թ. III եռամսյակ և շարունակական |
3. |
ՊԵԿ Ուսումնական կենտրոնի տեխնիկական հնարավորությունների զարգացում |
2014թ. III եռամսյակ |
4. |
ՊԵԿ մաքսային ծառայության դասախոսական կազմի համար վերապատրաստման դասընթացների և հմտությունների կատարելագործման ծրագրերի մշակում և իրականացում |
2013թ. IV եռամսյակ |
5. |
Օտարերկրյա պետությունների մաքսային ծառայությունների հետ համատեղ մաքսային ուսումնական ծրագրերի մշակում և իրականացում |
2013թ. III եռամսյակ և շարունակական |
6. |
Տեղեկատվական տեխնոլոգիաների աշխատակազմի համար վերապատրաստման ծրագրի մշակում |
2013թ. IV եռամսյակ |
Ռազմավարական նպատակ 4.
1. Ընդլայնել պետական կառավարման այլ մարմինների, տնտեսվարող սուբյեկտների և հասարակության հետ փոխհամագործակցությունը` բարձրացնելով փոխվստահության և տեղեկատվության արագ ապահովման մակարդակը:
Արտաքին աշխարհի հետ առևտրային հարաբերությունների ընդլայնման, ապրանքաշրջանառության մեծացման համատեքստում մաքսային ծառայությունները տնտեսվարող սուբյեկտներին դիտարկում են որպես գործընկերներ` որպես մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման նոր, ժամանակակից մեթոդ: Վերջին մի քանի տարիների ընթացքում զարգացած երկրներում «մաքսային ծառայություն-տնտեսվարող սուբյեկտ» փոխհարաբերությունները ձևավորվում են որակապես նոր մակարդակում` ինչպես փոխվստահության, այնպես էլ փոխհամագործակցության տեսանկյունից: ՊԵԿ-ի առաջնային խնդիրներից է տնտեսվարող սուբյեկտների հետ հարաբերությունները ձևավորել գործընկերային մթնոլորտում, որի համար անհրաժեշտ է վստահության երաշխիքներ ինչպես տնտեսվարող սուբյեկտների կողմից, այնպես էլ մաքսային ծառայության կողմից: Գործընկերային փոխհամագործակցությունը կարևոր է նաև պետական կառավարման մարմինների միջև անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման և տրամադրման տեսանկյունից: Այս ամենը համակարգված կիրառելու պայմաններում ՊԵԿ-ը նպատակ ունի ընդհանուր բարձրացնել հասարակության լայն շերտերում տեղեկացվածության և փոխվստահության մակարդակը` շահագրգիռ կողմերին մասնակից դարձնելով համակարգում իրականացվող բազմաոլորտ բարեփոխումների մշակման և իրականացման գործընթացներում:
Հիմնական խնդիրներ
1) ՊԵԿ պաշտոնական կայքի և հեռախոսազանգերի կենտրոնի կարողությունների կատարելագործում,
2) ՊԵԿ-ում գործող խորհրդակցական մարմնի հանդիպումների կազմակերպման և հարցերի քննարկման ընթացակարգի սահմանում,
3) Մշակել ներմուծման և արտահանման մաքսատուրքերի և հարկերի կառավարման ժամանակակից համակարգ` հիմնված ապրանքների դասակարգման, սակագների և ծագման երկրի, մաքսային արժեքի որոշման ու արդյունավետ հսկողության և աուդիտի կազմակերպման վրա:
Միջոցառումներ առաջադրված խնդիրները լուծելու համար
Հ/հ |
Միջոցառում |
Կատարման վերջնաժամկետ |
1. |
ՊԵԿ պաշտոնական կայքի պարբերաբար թարմացման աշխատանքների շարունակականության ապահովում, ըստ անհրաժեշտության նոր բաժինների և ենթաբաժինների ստեղծում |
2013թ. III եռամսյակ և շարունակական |
2. |
Եվրոպական և Եվրասիական միությունների անդամ երկրների մաքսային ծառայությունների պաշտոնական կայքերի կառուցվածքի ուսումնասիրություն և համեմատական աշխատանքների իրականացում |
2013թ. III եռամսյակ և շարունակական |
3. |
ՊԵԿ-ում գործող հեռախոսազանգերի կենտրոնի կարողությունների զարգացման ուղղությունների բացահայտում |
2013թ. IV եռամսյակ |
4. |
Մաքսային և առևտրային հարցերի վերաբերյալ օրենսդրական առաջարկների ու ընթացակարգերի շուրջ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների հետ պարբերաբար խորհրդակցությունների անցկացում |
2013թ. III եռամսյակ և շարունակական |
5. |
ՀՀ մաքսային ծառայության պաշտոնական կայքում ստեղծել բաժին, որի միջոցով հանրությունը կարող է ծանոթանալ մաքսային որոշումների բողոքարկման ընթացակարգին |
2013թ. IV եռամսյակ |
6. |
Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար մաքսային ավտոմատացված համակարգից օգտվելու հնարավորությունների ընդլայնում |
2013թ. III եռամսյակ և շարունակական |
Ռազմավարական նպատակ 5.
1. Ընդլայնել այլ երկրների մաքսային մարմինների, Եվրոպական և Եվրասիական միությունների կառույցների և այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը:
ՊԵԿ-ն ակտիվորեն ներգրավված է միջազգային տարբեր կառույցների շրջանակներում համագործակցության տարբեր ծրագրերում: ՊԵԿ-ի առաջնային խնդիրներից է ոչ միայն բազմակողմ համագործակցության ընդլայնումը, տարբեր ձևաչափերով մաքսային հարցերի վերաբերյալ հանդիպումներին ակտիվ մասնակցության ապահովումը, այլ նաև երկկողմանի հարաբերությունների ընդլայնումը և մաքսային հարցերով փոխօգնության և փոխհամագործակցության հուշագրերի և համաձայնագրերի նախապատրաստման և կնքման միջոցով ավելի սերտ երկկողմանի հարաբերությունների զարգացումը: Վերջին տարիների ընթացքում ՊԵԿ-ն ակտիվ ներգրավված է Համաշխարհային մաքսային կազմակերպության շրջանակներում իրականացվող տարբեր ծրագրերում և միջոցառումներում, ինչն էլ ավելի արդյունավետ և որակյալ է դարձնում մաքսային ծառայության առջև դրված ռազմավարական խնդիրների լուծման ուղիների մշակումը: ՊԵԿ-ն առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է պահում նաև տարածաշրջանային մակարդակում երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացման հեռանկարները և ուղղությունները: Այդ առումով հայ-վրացական և հայ-իրանական հարաբերությունները զարգանում են փոխվստահության բարձր մակարդակի վրա` հաշվի առնելով սերտ համագործակցության, փոխօգնության, մաքսային ընթացակարգերի միասնականացման սկզբունքները:
Հիմնական խնդիրներ
1) Տարածաշրջանային և ենթատարածաշրջանային մակարդակում տարբեր միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության և արդյունավետության ընդլայնում, մասնավորապես Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության, Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման ծրագրի և այլ ծրագրերի շրջանակներում,
2) Այլ երկրների մաքսային մարմինների հետ փոխօգնության համաձայնագրերի և փոխըմբռնման հուշագրերի կնքում:
Միջոցառումներ առաջադրված խնդիրները լուծելու համար
Հ/հ |
Միջոցառում |
Կատարման վերջնաժամկետ |
1. |
Վրաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության և ՀՀ մաքսային մարմինների միջև երկկողմանի փոխհամագործակցության ընդլայնում և զարգացում |
2013թ. III եռամսյակ և շարունակական |
2. |
ՀՀ և առավել մեծ առևտրային ծավալ ունեցող երկրների հետ մաքսային հարցերում համագործակցության անհրաժեշտության ուսումնասիրություն և համապատասխան համաձայնագրերի նախագծերի պատրաստում |
2013թ. III եռամսյակ և շարունակական |
3. |
Քննարկել Հայաստանի՝ Ժամանակավոր ընդունման կոնվենցիային (Ստամբուլյան կոնվենցիա) միանալու նպատակահարմարությունը |
2014թ. IV եռամսյակ |
4. |
1987 թվականի մայիսի 20-ի «Ապրանքների առևտրում ընթացակարգերի պարզեցման» մասին Կոնվենցիային միացման աշխատանքների մեկնարկում |
2014թ. IV եռամսյակ |
5. |
1987 թվականի մայիսի 20-ի «Ընդհանուր տարանցման ընթացակարգերի» մասին կոնվենցիաին միացման աշխատանքների մեկնարկում |
2014թ. III եռամսյակ |
6. |
Այլ երկրների համապատասխան գերատեսչությունների հետ տվյալների փոխանակման կարգի նախագծի մշակում և ընդունում |
2014թ. II եռամսյակ |
Ռազմավարական նպատակ 6.
1. Մաքսային բնագավառում հանցագործությունների և մաքսային կանոնների խախտումների դեմ պայքարի մեթոդների ուժեղացում և կատարելագործում:
Համաշխարհային առևտրի ծավալների աճին զուգընթաց մեծանում է նաև ապրանքային հոսքերի շղթայի ընթացքում մաքսային կանոնների խախտման հավանականությունը: Այս հանգամանքը չի կարող չանդրադառնալ մաքսային մարմինների գործելակերպի և ձեռնարկվող միջոցառումների վրա, մասնավորապես` մաքսային ծառայությունը նախատեսում է կազմակերպել տարբեր ուսուցողական գործնական դասընթացներ թիրախավորված մաքսային ծառայողների համար: Բացի այդ ակտիվ համագործակցության շրջանակներում բարեփոխումներ են իրականացվում նաև օրենսդրական ոլորտում` նպատակ ունենալով իրավական բազան համահունչ դարձնել միջազգային լավագույն փորձին և չափանիշներին: Ոլորտում իրականացվող աշխատանքներն իրականացվում են ոչ միայն ազգային, տարածաշրջանային մակարդակներում, այլ նաև միջազգային տարբեր կոնվենցիաների և համաձայնագրերի անդամակցության համատեքստում:
Հիմնական խնդիրներ
1) Մաքսային կանոնների խախտումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման նպատակով տեխնիկական և մարդկային ռեսուրսների զարգացում,
2) ՀՀ մաքսային տարածքում օպերատիվ մաքսային հսկողության կարողությունների ընդլայնում:
Միջոցառումներ առաջադրված խնդիրները լուծելու համար
Հ/հ |
Միջոցառում |
Կատարման վերջնաժամկետ |
1. |
Մաքսային կանոնների խախտումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման նպատակով հարևան երկրների հետ ոլորտային համագործակցության ակտիվացում |
2013թ. III եռամսյակ և շարունակական |
2. |
Մաքսային ծառայությունում կինոլոգիական կենտրոնի հնարավորությունների զարգացում |
2013թ. III եռամսյակ և շարունակական |
3. |
Մաքսային կանոնների խախտումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման նպատակով համապատասխան իրավական ակտերում փոփոխությունների և լրացումների իրականացում |
2014թ. III եռամսյակ |
Ռազմավարական նպատակ 7.
1. Մշակել և ներդնել պարզեցված մաքսային ընթացակարգերի կիրառման համակարգ բարեխիղճ տնտեսվարող սուբյեկտների համար` անհրաժեշտ օրենսդրական և ինստիտուցիոնալ հիմք ստեղծելով «Լիազորված տնտեսվարող օպերատորների» համակարգի ներդրման և կիրառման համար:
Տարբեր միջազգային կազմակերպությունների շրջանակներում մաքսային համագործակցության առանցքային առաջնահերթություններից է մաքսային ընթացակարգերի պարզեցման և ներդաշնակեցման հիմնախնդիրները: Զարգացած երկրներում այս խնդրի լուծման վերաբերյալ արդեն իսկ իրականացվել են լուրջ աշխատանքներ` մաքսային ընթացակարգերի պարզեցված համակարգի մշակումը և ներդրում տեղափոխելով որակապես նոր մակարդակի վրա: Մաքսային ծառայությունը, կարևորելով երկրում մաքսային ընթացակարգերի առավելագույնս պարզեցման աշխատանքները` իր առջև նպատակ է դրել մշակել, սահմանել և փուլային տարբերակով ներդնել պարզեցված մաքսային ընթացակարգերի կիրառման համակարգ այն տնտեսվարող սուբյեկտների համար, որոնք իրենց գործունեության ողջ ընթացքում ՊԵԿ-ի կողմից կճանաչվեն որպես «բարեխիղճ»: Այդ համակարգի մշակումը և ներդրումը մաքսային համակարգում հնարավորություն կստեղծի շարունակել զարգացած երկրներում արդեն իսկ կիրառվող «Լիազորված տնտեսվարող օպերատորների» համակարգի ներդրմանն ուղղված աշխատանքները:
Հիմնական խնդիրներ
1) ՀՀ մաքսային օրենսդրությունում համապատասխան դրույթների ապահովում պարզեցված մաքսային ընթացակարգերի սահմանման համար,
2) Բարեխիղճ տնտեսվարող սուբյեկտների ընտրության չափորոշիչների մշակում, հաստատում և ներդրում:
Միջոցառումներ առաջադրված խնդիրները լուծելու համար
Հ/հ |
Միջոցառում |
Կատարման վերջնաժամկետ |
1. |
Ուսումնասիրել և բացահայտել այն հնարավոր մեխանիզմները, որոնց իրավական ապահովման դեպքում հնարավոր կլինի սահմանել պարզեցված մաքսային ընթացակարգեր |
2013թ. IV եռամսյակ |
2. |
Իրականացնել վերլուծություն բարեխիղճ տնտեսվարող սուբյեկտների հասկացության, դրանց չափանիշների սահմանման և ընտրության ընթացակարգերի վերաբերյալ |
2013թ. IV եռամսյակ |
3. |
Սահմանել բարեխիղճ տնտեսվարող սուբյեկտների ընտրության և գնահատման չափորոշիչներ |
2013թ. IV եռամսյակ |
4. |
Անհրաժեշտության դեպքում ելնելով բարեխիղճ տնտեսվարող սուբյեկտների համար նախատեսված պարզեցված ընթացակարգերից՝ մշակել տեղեկատվական համակարգերի ֆունկցիոնալ նկարագիրը |
2014թ. I եռամսյակ |
Ռազմավարական նպատակ 8.
1. Մաքսային համակարգի տեխնիկական և մասնագիտական կարողությունների ընդլայնում, հսկողական տարբեր մեթոդների ներդրում և կատարելագործում
Մաքսային ընթացակարգերի պարզեցումը և ընդհանրապես տնտեսվարող սուբյեկտ – մաքսային ծառայություն անմիջական կապի նվազեցումը չի ենթադրում մաքսային հսկողության թուլացում: ՊԵԿ-ը մի կողմից ակտիվ քայլեր է ձեռնարկում պարզեցնել մաքսային ընթացակարգերը, մյուս կողմից պարբերաբար վերազինում է մաքսային հսկողության տեխնիկական սարքակազմը, վերանայում է մաքսային հսկողության տարբեր մեթոդներ և եղանակներ: Մաքսային ընթացակարգերի պարզեցմանը զուգահեռ ՊԵԿ-ի նպատակն է զարգացնել ոչ միայն մաքսային հսկողության տեխնիկական և մեթոդական կարողությունները, այլ նաև ընդլայնել հետբացթողումային մաքսային հսկողության կարողությունները ինչպես օրենսդրական, այնպես էլ տեխնիկական և մարդկային ռեսուրսների առումով:
Մաքսային համակարգում իրականացվող օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներն օբյեկտիվորեն անհրաժեշտություն են առաջացնում մաքսային համակարգը վերազինել ժամանակակից տեխնիկական միջոցներով և համակարգերով: Ապրանքների առավել արագ զննման, ճշգրիտ դասակարգման, խնդրահարույց ապրանքների փորձաքննությունն արագ կազմակերպելու և տնտեսվարող սուբյեկտներին արագ և որակյալ սպասարկելու կարևորագույն պայմաններից է հանդիսանում մաքսային ծառայությունում մաքսային լաբորատորիաների առկայությունը և դրանց պատշաճ ձևով շահագործումը: Այդ առումով ՊԵԿ-ն ձեռնամուխ է եղել համակարգում ստեղծել ժամանակակից մաքսային լաբորատորիա` անհրաժեշտ սարքավորումներով և սպասարկման անձնակազմով:
Հիմնական խնդիրներ
1) Մաքսային հսկողության ժամանակակից տեխնիկական միջոցների կիրառության ընդլայնում,
2) Հետբացթողումային մաքսային հսկողության համակարգի զարգացում,
3) Ռիսկային ապրանքների դասակարգման և փորձաքննության նպատակով մաքսային լաբորատորիաների ստեղծում,
4) Մաքսային լաբորատորիաների արդյունավետ շահագործում:
Միջոցառումներ առաջադրված խնդիրները լուծելու համար
Հ/հ |
Միջոցառում |
Կատարման վերջնաժամկետ |
1. |
Մաքսային տարածքում տրանսպորտային միջոցների տեղաշարժի հսկողության համակարգի ներդրում, որով հսկողություն կսահմանվի հանրապետության տարածքով տեղաշարժվող, մաքսային հսկողության ներքո գտնվող տրանսպորտային միջոցների նկատմամբ |
2014թ. IV եռամսյակ. (ֆինանսավորման առկայության դեպքում) |
2. |
Հետբացթողումային հսկողության համակարգի զարգացման հնարավորությունների բացահայտում և կատարելագործում |
2013թ. IV եռամսյակ |
3. |
Հետբացթողումային հսկողության նպատակով առկա տեխնիկական միջոցների հնարավորությունների լիարժեք օգտագործում |
2013թ. IV եռ. |
4 . |
Մաքսային լաբորատորիաների ստեղծման նպատակով համապատասխան իրավական ապահովվածություն |
2014թ. II եռամսյակ (ֆինանսավորման առկայության դեպքում) |
5. |
Մաքսային լաբորատորիաների գործարկման նպատակով անհրաժեշտ սարքավորումների ցանկի սահմանում |
2013թ. IV եռամսյակ (ֆինանսավորման առկայության դեպքում) |
6. |
Մաքսային լաբորատորիաների արդյունավետ գործարկման համար համապատասխան անձնակազմի վերապատրաստում |
2014թ. IV եռամսյակ |
7. |
«Շիրակ» օդանավակայանի մաքսային կետի` ճառագայթային հսկողության սարքավորումներով վերազինում և համապատասխան աշխատակիցների վերապատրաստում |
2013թ. IV եռամսյակ |
Ռազմավարական նպատակ 9.
1. Մաքսային համակարգում ապրանքների ծագման երկրի հավաստագրերի տրամադրման համակարգի մշակում և ներդրում:
ՀՀ կառավարության և ՊԵԿ-ի առջև դրված կարևոր խնդիրների շարքին է դասվում ապրանքների ծագման երկրի հավաստագրերի տրամադրման ինստիտուտի և գործառույթների վերապահումը ՊԵԿ-ին: Այս գործընթացը մաքսային ձևակերպումների ընթացակարգերի հետ միևնույն պետական մարմնում կազմակերպելու համար պահանջվում է ինչպես միջազգային փորձագիտական աջակցություն, այնպես էլ ինստիտուցիոնալ և որակյալ կադրային ռեսուրսների ապահովվածություն, որին հասնելու համար ՊԵԿ-ն իր առջև դրել է հստակ նպատակներ և խնդիրներ:
Հիմնական խնդիրներ
1) Ապրանքների ծագման երկրի հավաստագրերի տրամադրման ընթացակարգերի սահմանում և գործարկում,
2) Ծագման երկրի հավաստագրերի տրամադրման գործընթացում ծագող ռիսկերի կառավարման մեխանիզմների մշակում:
Միջոցառումներ առաջադրված խնդիրները լուծելու համար
Հ/հ |
Միջոցառում |
Կատարման վերջնաժամկետ |
1. |
Ապրանքների ծագման երկրի հավաստագրերի տրամադրման համապատասխան կարիքների գնահատում |
2014թ. II եռամսյակ |
2. |
Ապրանքների ծագման երկրի հավաստագրերի տրամադրման ընթացակարգերի սահմանում |
2014թ. IV եռամսյակ |
3. |
Ապրանքների ծագման երկրի հավաստագրերի տրամադրման գործընթացում ռիսկերի բացահայտում, չափանիշների մշակում և կառավարում |
2014թ. IV եռամսյակ |
4. |
Սակագնային դասակարգման և ծագման կանոնների վերաբերյալ նախնական տեղեկատվության համակարգի ներդրում և կիրառում |
2014թ. IV եռամսյակ և շարունակական |
Ռազմավարական նպատակ 10.
1. Մաքսային համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգի կարողությունների զարգացում
Մաքսային հսկողության համակարգի զարգացման ուղղությամբ ՊԵԿ-ի կողմից իրականացվում են համալիր միջոցառումներ, որոնք ամրագրված են տարբեր իրավական ակտերով: Սակայն, գիտակցելով հսկողական միջոցառումների և մեթոդների դինամիկ զարգացման, տեղեկատվական հոսքերի արդյունավետ կառավարմամբ թիրախային միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտությունը, ինչպես նաև տեղեկատվական տարբեր համակարգերի ինտեգրման հրամայականն ինչպես ազգային, այնպես էլ տարածաշրջանային և գլոբալ շրջանակներում, ՊԵԿ-ն տեխնիկական, ֆինանսական, փորձագիտական աջակցության տարբեր գործիքների միջամտությամբ նպատակ է դրել դինամիկ կերպով զարգացնել ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգը և կենտրոնական, և տարածաշրջանային ենթակառուցվածքներում: Այս նպատակի արդյունավետ իրականացումը հնարավորություն կընձեռնի համակարգում ունենալ միասնական տեղեկատվական դաշտ` տնտեսվարող սուբյեկտների համար ապահովելով արդյունավետ տեղեկատվական հոսքերի կառավարում և դյուրացում:
Հիմնական խնդիրներ
1) Տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգի կարողությունների և գործառույթների զարգացում,
2) Ռիսկերի կառավարման համակարգի հնարավորությունների ընդլայնում և կիրառում:
Միջոցառումներ առաջադրված խնդիրները լուծելու համար
Հ/հ |
Միջոցառում |
Կատարման վերջնաժամկետ |
1. |
Զարգացած երկրների լավագույն փորձի կիրառմամբ մշակել մաքսային ձևակերպումների ընթացքում «Մեկ պատուհան» համակարգերի տեխնիկական նկարագիր |
2013թ. IV եռամսյակ և շարունակական |
2. |
Զարգացած երկրների լավագույն փորձի կիրառմամբ իրականացնել մաքսային ձևակերպումների ընթացքում «Մեկ պատուհան» համակարգերի շարունակական ներդրումը |
2014թ. IV եռամսյակ և շարունակական (ֆինանսավորման առկայության դեպքում) |
3. |
Ներդնել համապատասխան ընթացակարգ, ըստ որի նախքան իրավական ակտերի նախագծերի և տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգերի մշակումը անհրաժեշտ կլինի պատրաստել բիզնես գործընթացի նկարագիր/մոդել |
2013թ. IV եռամսյակ |
4. |
ՊԵԿ-ի տեղեկատվական համակարգերի վերաբերյալ տեխնիկական աջակցություն տրամադրելու նպատակով համապատասխան մասնագիտական խմբի ստեղծում (Help Desk) |
2013թ. IV եռամսյակ |
5. |
Ներդնել մաքսային հայտարարագրերում լրացումների և փոփոխությունների իրականացման ընթացակարգ |
2013թ. IV եռամսյակ |
6. |
Ընդունված իրավական ակտերի հիման վրա մշակել նախնական հայտարարագրման և ամբողջովին էլեկտրոնային հայտարարագրման համար անհրաժեշտ համակարգերի տեխնիկական նկարագրերը |
2014թ. I եռամսյակ |
7. |
Ներդնել նախնական հայտարարագրման և ամբողջովին էլեկտրոնային հայտարարագրման համակարգերը |
2014թ. IV եռամսյակ (ֆինանսավորման առկայության դեպքում) |
8. |
Իրականացնել ՀՀ մաքսային օրենսգրքի և ենթաօրենսդրական ակտերի՝ ռիսկերի կառավարման ոլորտին առնչվող փոփոխություններ` հիմք ընդունելով զարգացած երկրների լավագույն փորձը |
2014թ. II եռամսյակ |
9. |
Մշակել TWM համակարգում ռիսկի պրոֆիլների շրջանակում իրականացվելիք միջոցառումների և մաքսային հսկողության արդյունքների արտացոլման համակարգերի տեխնիկական նկարագրերը |
2014թ. II եռամսյակ |
10. |
Ռիսկի պրոֆիլների և ընտրողականության համակարգի զարգացում |
2014թ. II եռամսյակ |
11. |
Դեղերի և դեղամիջոցի ներմուծման հավաստագրի էլեկտրոնային ստացման ներդրում «Մեկ պատուհան» համակարգի միջոցով |
2013թ. IV եռամսյակ |
Մաքսային վարչարարության ռազմավարության 2013-2014թթ. ծրագրի իրագործման հավանական ռիսկեր և ենթադրություններ
Մաքսային վարչարարության ռազմավարության 2013-2014թթ. ծրագրի իրականացմանը խոչընդոտող ռիսկերը կարող են կրել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին բնույթ, որոնք կարող են ուղղակի կամ անուղղակի ձևով ազդել սույն ռազմավարությամբ մաքսային մարմինների որդեգրած հիմնական նպատակների ամբողջովին և արդյունավետ իրականացմանը: Մասնավորապես այդ ռիսկերն են. ՀՀ տնտեսական թիրախների առաջնահերթության վերադասավորումը ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոնների փոփոխության պայմաններում, ինչպես նաև բավարար ֆինանսական ռեսուրսների պակասը կամ բացակայությունը:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
16.04.2015, N 17 | --------- |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|