Գլխավոր տեղեկություն
Номер
N 42
Տիպ
Քաղվածք
Тип
Ինկորպորացիա (22.10.2013-01.01.2022)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.10.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.10.2013
Дата вступления в силу
22.10.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

10 հոկտեմբերի 2013 թվականի N 42

 

11. ՈՉ ՄԵՏԱՂԱԿԱՆ ՀԱՆՔԱՆՅՈՒԹԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Հավանություն տալ Ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտի զարգացման հայեցակարգին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝ եռամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման վերջնարտադրանքի արտահանմանն ուղղված խոչընդոտների վերացման ուղղությամբ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հոկտեմբերի 22

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թ.

հոկտեմբերի 10-ի նիստի N 42

արձանագրային որոշման

 

  Հ Ա Յ Ե Ց Ա Կ Ա Ր Գ

 

ՈՉ ՄԵՏԱՂԱԿԱՆ ՀԱՆՔԱՆՅՈՒԹԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ

 

ԵՐԵՎԱՆ - 2013

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Ընդերքօգտագործման, հանքարդյունաբերության, հանքաքարի մշակման և պատրաստի արտադրանքի ստացման ոլորտները նախկինում դասվել են Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և հետևաբար նաև տնտեսության հիմնական շարժիչ ուժերի շարքին: Ներկայումս նշված ոլորտները համարվում են երկրի տնտեսության զարգացման գլխավոր գրավականներից:

Ներկայումս ոլորտում իրականացվում են մի շարք օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներ` ոլորտի պետական կառավարման համակարգը մոտեցնելով միջազգային լավագույն չափորոշիչներին` նպատակ ունենալով ապահովել կառավարման համակարգի աշխատանքների թափանցիկությունը և կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը: Այդ ուղղությամբ առկա է ոլորտի պետական կառավարումը մեկ լիազոր մարմնին վերապահելը` հստակ տարանջատելով ընդերքօգտագրծման և բնապահպանական գործառույթները:

Հայաստանի Հանրապետությունը ոչ մետաղական օգտակար հանածոների պաշարների բազմազանությամբ ու հարստությամբ աշխարհում գրավում է առաջատար տեղերից մեկը: Հանրապետության փոքրիկ տարածքում հանդիպում են աշխարհում հայտնի գրեթե բոլոր տեսակի հանքանյութային ապարները:

Հատուկ արժեք ու նշանակություն են ներկայացնում Հայաստանի տարածքում հրաբխային պրոցեսների արդյունքում առաջացած լեռնային ապարները, որոնցից են թեթև ապարները` տուֆերը, պեռլիտները, պեմզաները, ցեոլիտները և այլն: Տարատեսակ բազալտների, գրանիտների, նեֆելինային սիենիտների, մարմարների պաշարների ծավալները հսկայական են:

 Ամենաորակյալ և ամենաշատ փքվող լեռնային ապարների (պեռլիտներ, օբսիդիաններ և այլն) պաշարները աշխարհում գտնվում են Հայաստանում: Հայաստանում գտնվող Արագած-պեռլիտի հաստատագրված պաշարները կազմում են 150 մլն մ3, իսկ կանխատեսումային պաշարների ընդհանուր քանակը հասնում է մինչև 3 մլրդ մ3 -ի: Հայաստանի ամբողջ տարածքով քարտեզագրված են 100-ից ավելի բազալտի, անդեզիտի հանքավայրեր, որոնցից մի քանիսը իրենց բաղադրությամբ միակն են (օրինակ` Խալաջի բազալտի հանքավայրի հանքանյութում MgO–ի պարունակությունը հասնում է մինչև 11%):

Հանրապետությունում առկա են նաև բնական հանքային կլանիչների (սորբենտների) հանքավայրեր` բենտոնիտային կավերի, պեռլիտների, դիատոմիտների և ցեոլիտների, որոնցից ստացվող բազմաթիվ վերջնարտադրանքները պահանջում են բարձր տեխնոլոգիաների մշակում և կիրառում:

Իրենց նշանակությամբ, որակական ցուցանիշներով և մեծ պաշարներով անգնահատելի են Հայաստանի տարածքում առկա քվարցիտների, կարբոնատների, ցեոլիտների, հրաբխային խարամների և պեմզաների, կավերի, բենտոնիտների, դիատոմիտների, գիպսի հանքավայրերը:

Ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտի զարգացման հայեցակարգով առաջարկվում է դիտարկել առավել շահութաբեր և տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող և էներգախնայող արտադրատեսակները, աջակցել ընտրված արտադրատեսակների արտադրության կազմակերպմանը, պետական աջակցություն ցուցաբերել կազմակերպությունների և արտադրատեսակների համար բանկերի համար ընդունելի բիզնես-ծրագրերի մշակման խնդրում, պետականորեն աջակցել տնտեսվարող սուբյեկտներին իրենց բիզնես-ծրագրերի` միջազգային ֆինանսական կազմակերպություններին և առանձին ներդրողներին ներկայացման հարցում, ինչպես նաև դիտարկել կազմակերպություններ, որոնք առավել պատրաստված են ինչպես նյութատեխնիկական, այնպես էլ կադրային պոտենցիալով, ձևավորված բիզնես առաջարկություններով և շուկայում նախնական պայմանավորվածություններով և որոնց գործունեությունը կարող է նպաստել ոլորտի հետագա զարգացմանը` յուրաքանչյուր ծրագիր դիտարկելով որպես առանձին պիլոտային ծրագիր:

 

1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՉ ՄԵՏԱՂԱԿԱՆ ՀԱՆՔԱՆՅՈՒԹԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1.1 Հայաստանի Հանրապետության ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտի բնութագիրը

 

 1. Ընդերքօգտագործման բնագավառում ներկայումս գերիշխում են ցածր արտադրողականություն ու շահագործման արդյունավետություն և բարձր էներգատարություն ունեցող տեխնոլոգիաները: Ընդերքի ոլորտում իրականացվելիք ազգային քաղաքականության հիմնաքար պետք է հանդիսանա բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ ընդերքօգտագործմանն անցում կատարելը: Վերջինիս իրականացումը պահանջում է ոլորտի զարգացման ճկուն ու արդյունավետ ռազմավարության և դրանից բխող հստակ գործողությունների ծրագրի մշակում:

2. Հայաստանի Հանրապետությունում ոչ մետաղական օգտակար հանածոների հանքավայրերի ընդհանուր թիվը մոտ 600-ն է, որոնցից շուրջ 400 ոչ մետաղական օգտակար հանածոների հանքավայրերը Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքով սահմանված կարգով ընդերքօգտագործման իրավունքով տրամադրվել են շահագործման: Այդ հանքավայրերում առկա օգտակար հանածոների պաշարները կբավարարեն խոշորամասշտաբ արդյունաբերություն կազմակերպելու համար` հարյուրավոր տարիներ:

3. Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համաձայն Հայաստանի Հանրապետության ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է, որը կարող է տրամադրվել օգտագործման միայն երկրաբանական ուսումնասիրությունների և օգտակար հանածոների արդյունահանման նպատակներով, չի կարող լինել առքուվաճառքի, գրավի առարկա կամ օտարվել այլ ձևով և օգտագործման է տրամադրվում ընդերքօգտագործողների կողմից բնության և շրջակա միջավայրի պահպանության և մարդկանց կյանքի ու առողջության պաշտպանության հետ կապված օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման պայմանով:

4. Խորհրդային տարիներին հայկական բնական քարերի վերամշակմամբ, շինարարական քարերը, ճարտարապետաշինարարական արտադրատեսակները և հոծ սորուն նյութերը թողարկվում էին հիմնականում Հայկական ՍՍՀ Շինանյութերի արդյունաբերության նախարարության կազմակերպությունների կողմից` «Արթիկ-տուֆ», «Հայմարմարգրանիտ», «Կիրներուդ», «Հայմարմար», «Հայներուդ» կոմբինատներ, Ախուրյանի, Հոկտեմբերյանի, Աշտարակի, Սիսիանի, Վեդու, Թալինի շինարարական իրերի և նյութերի կոմբինատներ ու քարհանքվարչություններ:

 5. Ծակոտկեն սորուն արտադրատեսակներ թողարկում էին` «Անի-պեմզա», «Հայներուդ», «Հայհիդրոէներգոշին» կոմբինատները, «Արագածպեռլիտ» գործարանը (փքման համար հումք), «Հայմարմարգրանիտ» կոմբինատը (դիատոմիտ):

 6. Բացի այդ տեղական ոչ մետաղական հանքային հումքից արտադրվում էր տեսակավորված տարբեր հատիկայնությամբ պեռլիտի հումք («Արագած» պեռլիտի գործարան), դիատոմիտի հումք, փոշիների ֆիլտր` լցանյութերի կատալիզատորների կրողների համար (Խարբերդի դիատոմիտի գործարան), ապակյա մանրաթելեր, բամբակ (Սևանի ապակյա մանրաթելերի գործարան), կիր (Նաիրիտ, Ջաջուռի գործարան), գաջ (Երևանի գաջի գործարան), ապակե արտադրատեսակներ (Էլեկտրոլամպերի գործարան, Արզնիի, Լենինականի, Արմավիրի և այլ ապակյա տարաների գործարաններ), կերամիկական արտադրատեսակներ (Երևանի կերամկոմբինատ): Նախագծված և սկսված էր արհեստական թեթև լցանյութերի գործարանների շինարարությունը` պեռլիտի հենքի վրա հատիկավոր բջջավոր ապակու արտադրություն (Սպանդարյանի արդյունաբերական հանգույց` ք. Երևան և տուֆի հիման վրա` Արթիկ-տուֆը):

7. Խորհրդային տարիներին Հայաստանում կառուցվել են.

1) Շորժայի ուլտրահիմնային ապարների հիմքի վրա` հրակայուն իրերի արտադրության (գ. Շորժա), բազալտների հենքի վրա` Քարակերտի քարաձուլման գործարանը, որոնք հիմնական արտադրանք չեն տվել.

2) Թումանյանի հրակայուն իրերի գործարանը, որն աշխատել է տեղական քարանման կավերի և ներմուծված նյութերի հումքով: Այն դադարել է աշխատել արտադրատեսակների արտահանման հետ կապված դժվարությունների պատճառով.

3) Իջևանի բենտոնիտների գործարանը, որը աշխատել է Սարիգյուղի բենտոնիտային կավերի հումքով: Այն դադարել է աշխատել արտադրատեսակների արտահանման հետ կապված դժվարությունների պատճառով.

4) Դիատոմիտի փորձարարական գործարանը` արտադրել է մանրացված դիատոմիտային հումք, որն արտահանվել է Ռուսաստան որպես լցանյութեր, կատալիզատորի կրողներ, ֆիլտր փոշիներ:

 8. Արտադրվել են ջերմամեկուսիչ նյութեր` փքված պեռլիտ և դրա հենքով ստացվող արտադրատեսակներ («Արագած-պեռլիտ» գործարան, «Քար և սիլիկատներ» ԳԱՄ ՓԲԸ), հատիկավոր փրփրաապակի, ջերմամեկուսիչ սալիկներ, թթվակայուն բազալտի փոշի, հեղուկ ապակի («Քար և սիլիկատներ» ԳԱՄ ՓԲԸ), ապակեթելքեր (Սևանի գործարան), բազալտային մեկուսիչ բամբակ (Հրազդանի գործարան):

 9. Ներկայումս ոչ մետաղական օգտակար հանածոների վերամշակումը և արդյունահանումը 1991թ-ի համեմատությամբ կրճատվել է տասնապատիկ անգամ: Միևնույն ժամանակ 1991թ-ից առ այսօր ոչ մետաղական պինդ օգտակար հանածոների հետախուզված հանքավայրերի քանակը, հատկապես երեսապատման և շինարարական քարերի արտադրության նպատակով, կտրուկ աճել է` հետախուզվել և հաստատվել են 100-ից ավելի նոր հանքավայրերի պաշարները: Սկսած 90-ական թվականներից երեսպատման և շինարարական քարերի հանքավայրերը շահագործվում են մասնավոր ընկերությունների կողմից:

10. Դեռևս 1993թ-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից (պատասխանատու կատարող «Քարի և սիլիկատների» գիտահետազոտական ինստիտուտ, ծրագրի գլխավոր մշակող` «Հայարդշինանյութեր» պետական արտադրական միավորում) մշակվել էր «Ոչ մետաղական հանքային ռեսուրսների օգտագործում» նպատակային պետական համալիր ծրագիրը, որը հաստատվել է ՀՀ կառավարության որոշմամբ: Ծրագրում հստակ բերված էր Հայաստանի ոչ մետաղական հանքանյութերի համալիր վերամշակման արդյունքում նոր արտադրատեսակների արտադրությունների կազմակերպման կոնկրետ առաջարկություններ ըստ հանքանյութերի և առաջնակարգությամբ իրացման շուկաների:

11. «Ոչ մետաղական հանքային ռեսուրսների օգտագործում» նպատակային պետական համալիր ծրագրում արդեն առաջարկվել էր մի շարք հումքերի իրացման և արտահանման չափազանց մեծ շուկա: Այսօր կարող ենք փաստել, որ բացի ցեմենտի, երեսպատման սալիկների, շինաքարի արտադրությունից, ոչ մետաղական օգտակար հանածոները այլ նպատակներով չեն վերամշակվում, բացառությամբ` շատ քիչ ծավալի արտադրական հզորությունների: Տնտեսությունը գործնականում փլուզված է, իսկ բարձր տեխնոլոգիաների ներդրման համար տարվող աշխատանքներն առ այսօր գործնականում արդյունք չեն տվել, մասնավորապես`

1) ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտում ներկայումս շահագործվող սարքավորումները և մեխանիզմները ունեն ֆիզիկական և բարոյական մաշվածության բարձր աստիճան,

2) գրեթե բացակայում են նորագույն տեխնոլոգիաներով և սարքավորումներով զինված նոր գործարանների կառուցմանն ուղղված գործընթացները, ինչպես նաև արտաքին ներդրումները:

 

2. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐՆ ՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

 

2.1. Հայեցակարգի ընդունման նախադրյալները

 

12. Ներկայումս ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտը համարվում է երկրի տնտեսության զարգացման հիմնական գրավականներից մեկը, որը փաստվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010թ. հունվարի 14-ի նիստի №1 արձանագրային որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության արդյունաբերության զարգացման հայեցակարգային ուղղությունները» փաստաթղթով և դրանով է պայմանավորված Հայաստանի Հանրապետության կառավարության հետևողական քաղաքականության վարման նկատառումները:

13. Ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտի զարգացման հայեցակարգը մշակվել է հիմք ընդունելով 2012թ. թվականի օգոստոսի 9-ի Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1055-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ի 14-րդ կետը:

14. Ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտի զարգացման հայեցակարգը մշակելու համար օգտագործվել են`

1) ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության «Գեոէկոնոմիկա» ՊՓԲ ընկերության «Պետության կարիքների համար ծառայությունների մատուցման պետական պայմանագրի» (ՀՀ ԲՆ-ԾՁԲ-07/28) շրջանակներում «Հայաստանի Հանրապետության հանքահումքային հենքի զարգացման ռազմավարության մշակում» թեմայով 2007թ-ին կազմված հաշվետվությունը,

2) Հայաստանի Հանրապետության խնդրանքով Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ Ճապոնական Միջազգային Համագործակցության գործակալության կողմից կատարված Լեռնահանքային արդյունաբերության զարգացման գլխավոր ծրագրի շրջանակներում 2003թ-ին կազմված հաշվետվությունը,

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010թ. հունվարի 14-ի նիստի N1 արձանագրային որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության արդյունաբերության զարգացման հայեցակարգային ուղղությունները»,

4) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության 2009թ. Հայաստանի տնտեսական զեկույցը` «Ճգնաժամից դեպի նոր զարգացում»:

 

2.2. Հայեցակարգի ընդունման անհրաժեշտությունը

 

15. Ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտի զարգացման հայեցակարգի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է`

1) Հանրապետությունում բարձր որակական հատկանիշներով օժտված հանքանյութերի մեծ քանակության առկայությամբ, որոնք որպես հումք կարող են օգտագործվել ինչպես հանրապետությունում, այնպես էլ միջազգային շուկայում մեծ պահանջարկ ունեցող արտադրատեսակների ստացման համար,

2) անհրաժեշտ է ունենալ հայեցակարգային փաստաթուղթ, որում կնախանշվեն պետական կառավարման մարմինների անելիքները, որպիսի մասնավոր հատվածը շահագրգռված լինի ոլորտը վերակենդանացնելու նպատակով համապատասխան ներդրումներ կատարելու համար:

 

3. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ

 

16. Ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտի զարգացման հայեցակարգի մշակումը նպատակ է հետապնդել վեր հանել ոլորտի զարգացմանը խոչընդոտող հիմնախնդիրները և նախանշել դրանց լուծման ուղիները:

 

4. ՈԼՈՐՏԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

17. Ոլորտի խնդիրներն են`

1) ներդրումների համար գրավիչ միջավայրի ստեղծումը,

 2) առավել շահութաբեր, քիչ ծախսատար և տնտեսության համար կարևոր արտադրատեսակների բացահայտումը,

3) ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ժամանակակից տեխնոլոգիաների և էկոլոգիապես մաքուր արտադրությունների կազմակերպմանն աջակցությունը:

 

5. ՈՉ ՄԵՏԱՂԱԿԱՆ ՀԱՆՔԱՆՅՈՒԹԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

18. Ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտի կառավարման համակարգի մեջ ներառվում են ոլորտի լիազոր մարմինը, կառավարման սուբյեկտները, օբյեկտներն ու կառավարման կազմակերպման ընթացակարգերը:

19. Կառավարման սուբյեկտներ են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները:

20. Կարգավորման օբյեկտն է ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման համակարգը:

21. Ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտի կառավարման սուբյեկտների հիմնական նպատակն է ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտում ներքին և արտաքին շուկաներում պահանջարկ ունեցող արտադրատեսակների արտադրության վերականգնումը և զարգացման ապահովումը:

22. Կառավարման գործառույթներն են`

1) ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտում Եվրոմիության հետ ասոցիացման համաձայնագրով նախատեսվող դիրեկտիվների պահանջներին համապատասխան (բնապահպանական, էներգոէֆեկտիվության, էներգախնայողության) ստանդարտների և նորմատիվների ներդնումը,

2) ստանդարտների և նորմատիվների կատարման նկատմամբ հսկողության և վերահսկողության ապահովումը:

 

6. ՈՉ ՄԵՏԱՂԱԿԱՆ ՀԱՆՔԱՆՅՈՒԹԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՈԼՈՐՏԻ ՀԱՄԱԼԻՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

23. Հայաստանի Հանրապետությունում ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտի տնտեսական, իրավական և կազմակերպչական բնույթի համալիր միջոցառումներն են`

1) ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտի վերակենդանացման և զարգացման համար նախադրյալների ստեղծումը,

2) արտադրանքի մրցունակության ապահովումը ներքին և միջազգային շուկայում,

3) բանկերի համար ընդունելի բիզնես ծրագրերիստեղծման գործում աջակցությունը, այդ թվում` ֆինանսական և տեխնիկական աուդիտի իրականացմանն, ժամանակակից տեխնոլոգիաների և էկոլոգիապես մաքուր արտադրությունների կազմակերպմանն, առավել շահութաբեր, քիչ ծախսատար և տնտեսության համար կարևոր արտադրատեսակների բացահայտմանն աջակցությունը,

4) ֆինանսական միջոցների ներգրավմանն աջակցությունը,

5) փոքր և միջին բիզնեսի աջակցության քաղաքականության շրջանակներում արտոնյալ պայմանների ապահովմանն աջակցությունը,

6) տարբեր տիպի փորձաքննությունների իրականացմանն աջակցությունը:

 

7. ՈՉ ՄԵՏԱՂԱԿԱՆ ՀԱՆՔԱՆՅՈՒԹԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ

 

7.1 Ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտի զարգացման ուղիները

 

24. Ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտի զարգացման ուղիներն են`

1) ընտրել առավել շահութաբեր և տնտեսության համար կարևոր արտադրատեսակները, պահպանված գործարաններից մի քանիսը դասակարգել ըստ այդ արտադրատեսակների արտադրության համար կարևորություն ունեցող առաջնության և աջակցել ընտրված արտադրատեսակների արտադրությանը,

2) ներքին շուկայի պահանջարկներից ելնելով խթանել մի շարք արտադրատեսակների արտադրության կազմակերպմանը,

3) ապահովել ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման միջազգային նոր տեխնոլոգիաների ներմուծումը Հայաստան,

4) ընտրել միջազգային շուկայում առավել մրցունակ արտադրատեսակներ և աջակցել դրանց արդյունահանմանը:

 

7.2 Ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտի համար առաջարկվող հումքը և արտադրատեսակները

 

25. Առկա գործարանների և արտադրությունների վերականգնման և սկզբնական փուլում դրանց արտադրանքի մի շարք տեսականու արտադրության վերսկսման համար անհրաժեշտ են հետևյալ ուսումնասիրությունները`

1) Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ 2009թ. դեկտեմբերի 23-ին կայացած տնտեսության զարգացմանը նպաստող ծրագրերի աջակցության օպերատիվ շտաբի նիստի N 02/02.3/[28573]-10 արձանագրության 5-րդ կետի 1-ին ենթակետով հավանության արժանացած Ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտի զարգացման հայեցակարգի մշակման համար ձևավորված աշխատանքային խմբի կողմից` որտեղ ներգրավված էին նաև «Հայէլեկտրամեքենա» ԲԲԸ-ի, «Օնիքս ԳԸ» ՓԲԸ-ի, «Գյումրու ապակու գործարան» ՓԲԸ-ի, «Բազալտ միներալ» ՍՊԸ-ի, «Քարակերտի քարաձուլման գործարան» ԲԲԸ-ի, «Ամուրկավ» ՓԲԸ–ի և «Միմ» ՍՊԸ-ի ղեկավարները, իրականացվել էր ուսումնասիրություն` որի հիման վրա արվել էր առաջարկություն կատարելու նշված ձեռնարկությունների առկա վիճակի գնահատում (տնտեսական և տեխնիկական աուդիտ),

2) ներկայիս տեխնիկական պահանջներին համապատասխան արտադրատեսակների արտադրության տեխնոլոգիական ռեժիմների և պրոցեսների համալիր ուսումնասիրություն,

3) արտադրատեսակների սպառման շուկաների լիարժեք ուսումնասիրություն,

4) արտադրատեսակների համար բիզնես-ծրագրերի կազմման աջակցություն, որտեղ պետք է ընդգրկվեն բոլոր հարցերի պատասխանները (սպառման շուկայի առկայունությունը, հումքերի ձեռքբերման հնարավորությունները, ռիսկի գործոնները, ներդրումային ծախսերը և ֆինանսական ռեսուրսների ներգրավման հնարավորությունները):

26. Ուսումնասիրելով Հանրապետությունում առկա ոչ մետաղական օգտակար հանածոների տարատեսակները, որոնք գրանցված են օգտակար հանածոների պետական հաշվեկշռում` առավել հեռանկարային արտադրատեսակների ստացման համար առաջարկում է ներքոնշյալ ապարների տեսակները`

 

1) Պեռլիտային ապարներ

 

ա. պեռլիտային ապարները հանդիսանում են թթվային քիմիական բաղադրություն ունեցող, ջուր պարունակող ապակենման ապարներ, որոնք առաջացել են հրաբխային լավաների արագ սառեցումից,պեռլիտային ապարները ջերմամշակման ժամանակ փքվում են` առաջացնելով տարբեր տեսակի թեթև նյութեր.

բ. պեռլիտները օգտագործվում է թեթև բետոնների, ջերմա և էլեկտրամեկուսիչների, նուրբ քամիչների, սպիտակ և գունավոր ապակիների, բյուրեղապակու, հրակայուն թելերի և այլ նյութերի արտադրության մեջ, հողին ավելացված պեռլիտների խառնուրդը լավացնում է հողի կառուցվածքն ու ֆիզիկական հատկությունները.

գ. պեռլիտային ապարներից ստանում են բջջավոր ապակի, որն առավել արդյունավետ ջերմամեկուսիչ նյութ է և բնութագրվում է ջերմապաշտպանիչ, խոնավության ցուցանիշների կայունությամբ, այն նաև հանդիսանում է գունավոր ապակու և թթվակայուն կերամիկայի բովախառնուրդի բաղադրիչ մաս.

դ. Հայաստանում հայտնաբերված են պեռլիտային ապարների տասնյակ հանքավայրեր, որոնց ընդհանուր պաշարները գնահատվում են` 321,4 մլն.մ3 , այդ թվում պեռլիտները մոտ 141,72մլն.մ3, լիթոիդային պեմզաները` 169.68մլն.մ3  և օբսիդիանները 11.0մլն.մ3.

ե. Արագածի հանքավայրի պեռլիտները նախկինում արտահանվել են Իտալիա, Բելգիա փոշե ֆիլտրերի ստացման համար, ինչպես նաև Ռուսաստան, Ուկրաինա, Վրաստան ջերմամեկուսիչ նյութերի ստացման համար, սակայն Եվրոպա ներկայումս պեռլիտ ներ է կրվում ԱՄՆ-ից:

 

2) Բազալտային ապարներ

 

ա. այս խմբին են պատկանում բազալտները, մելանաբազալտները, անդեզիտաբազալտները, անդեզիտները, անդեզիտադացիտները, դացիտները և այլն.

բ. Հայաստանում բազալտները հիմնականում կիրառվում են շինարարության մեջ որպես երեսպատման սալիկներ, եզրաքարեր: Բազալտից ստանում են նաև բարձրորակ խիճ և ավազ, որը կիրառվում է բետոնային աշխատանքներում, ծակոտկեն տեսակներն օգտագործում են նաև որպես որմնաքար, ինչպես նաև հատուկ իրերի` թղթի արտադրության մեջ, ցելյուլոզայի մանրացման համար և այլ բնագավառներում.

գ. Այս խմբի որոշ տեսակներ օգտագործվում են նաև քիմիական արդյունաբերության մեջ` թթվակայուն իրերի շինվածքների համար: Ներկայումս այն մեծ կիրառում ունի նաև որպես քարձուլման հումք. այս ձևով պատրաստված իրերը` առանձնապես խողովակները, սալերը, էլեկտրամեկուսիչները իրենց բարձր թթվակայունությամբ և մաշվադիմացկունությամբ կարող են փոխարինել մագնեզիալ և այլ տիպի հատուկ պողպատներին, որոնք կիրառվում են մետալուրգիական, քիմիական, թղթի, ցեմենտի, մեքենաշինության արդյունաբերությունում և այլ բնագավառներում.

դ. հեռանկարային է բազալտի օգտագործումն անընդհատ և կոպիտ թելերի արտադրության համար, որոնք օգտագործվում են բազալտեպլաստիկների, ջերմաձայնամեկուսիչ, հրակայուն և թթվակայուն նյութերի, ֆիբրոբետոնների, ֆիբրոասֆալտեբետոնների, ներկանյութերի, հրակայուն, ջերմակայուն, թթվակայուն հիմնադիմացկուն տեխնիկական իրերի, գործվածքային ժապավենների, քողերի, ոլոռների պատրաստման համար:

ե. բազալտները մեծ հաջողությամբ կիրառվում են նաև որպես զտիչներ արդյունաբերության տարբեր ճյուղերում, որտեղ նրանք կարող են միանշանակ փոխարինել թանկարժեք կապրոնային, բրդյա, ասբեստային, սինթետիկ խեժից պատրաստված զտիչներին.

զ. բազալտից ստացվող թեփուկները հանդիսանում են եզակի նյութ մաշվադիմացկուն, հակակոռոզիոն և քիմիապես կայուն պաշպանիչ ծածկույթների արտադրության համար.

է. Կիևի միջուկային հետազոտությունների ինստիտուտում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բազալտե թեփուկներից ստացված սալիկները հանդիսանում են ռադիացոն ճառագայթման դեմ լավ պաշտպանիչներ.

ը. աշխարհի ամենամեծ ձուլածո բազալտի արտադրության գործարաններն են` Eutit- Չեխիա, Magma-Ուկրաինա, կիթկ- Ռուսաստան, որոնք օգտագործում են 4-5 բաղադրիչներով պատրաստված բովախառնուրդ:

 

3) Մագնեսիլիկատային ապարներ

 

 ա. Հայաստանում հաշվարկվում է մեկ տասնյակից ավելի մագնեսիլիկատային ապարների հանքավայրեր և հանքերևակումներ.

 բ. առավել մանրամասն ուսումնասիրված է Շորժայի հանքավայրը, որի հենքի հիման վրա էլ սկսվել էր ֆորստերիտային հրակայուն նյութերի գործարանի շինարարությունը:

 գ. նյութի բաղադրությունը թույլ է տալիս ստանալ հրահեստ, հրակայուն և բարձրջերմաստիճանային ջերմամեկուսիչ արտադրանք ցեմենտի, մետալուրգիական, ապակու և կերամիկական արտադրությունների համար: Մագնեսիլիկատային ապարների քիմիական մշակումից ստացվում է մագնեզիումի օքսիդ և այլն: Հրակայուն ֆորստերիտային հումքի և կաղապարային նյութերի հաշվեկշռային պաշարները գնահատվում են 32,96 մլն.տ: Շորժայի հանքավայրի պահուստային պաշարները որպես հրակայուն ֆորստերիտային հումք` 14981.0 հազ. տ, որպես կաղապարային նյութ` 1231.0 հազ. տ և որպես կերամիկայի հրակայուն հումք` 2084.0 հազ. տ.

դ. Ռուսաստանի դաշնությունում մագնեսիլիկատային ապարներից ստացված կապակցող նյութը օգտագործում են շինությունների ինչպես ներքին, այնպես էլ արտաքին հարդարանքների համար:

 

4) Դոլոմիտներ

 

 ա. դոլոմիտը նստվածքային լեռնային ապար է, որը հանդիսանում է մագնիումի և կալցիումի կրկնակի ածխաթթվային աղ, այն օգտագործվում է որպես կապակցող նյութ (կաուստիկ դոլոմիտ), ապակու, ապակեբյուրեղային (սիտալլ), հրակայուն նյութերի արտադրությունում և նույնիսկ մետաղական մագնիումի ստացման համար.

բ. Հայաստանում հայտնի են դոլոմիտի 8 երևակումներ, որոնց կանխատեսումային պաշարներն են 15.687 մլն.տ, որոնք որպես հրակայուն նյութ կարող են օգտագործվել ցեմենտի և մետալուրգիայի արդյունաբերությունում:

 

5) Դիատոմիտներ

 

 ա. դիատոմիտները իրենցից ներկայացնում են թեթև օրգանոգեն նստվածքային ապարներ, որոնք հիմնականում կազմված են ամորֆ սիլիկահողից: Արտաքնապես դիատոմիտները իրենցից ներկայացնում են փխրուն, թեթև խտացված ալրանման կուտակներ, հեշտությամբ վերածվելով բավականին ծակոտկեն փոշու` սպիտակ, մոխրասպիտակ, դեղնավուն, վարդագույն գույների.

 բ. դիատոմիտները օգտագործվում են, որպես ակտիվ միներալային հավելանյութ ցեմենտի կլինկերում, կրաքարային և ցեմենտային շաղախներում, որպես լցանյութ` պլաստմասային, ռետինե արտադրատեսակներում, որպես ջերմա և ձայնամեկուսիչներ, որպես ադսորբենտ` շաքարի, նավթավերամշակման և արդյունաբերության այլ ճյուղերում.

գ. դիատոմիտների երևակումներ հայտնաբերված են Հանրապետության գրեթե բոլոր մարզերում, դրանց ընդհանուր պաշարները կազմում են 30,43 մլն.մ3.

դ. դիատոմիտի գործարանի վերագործարկումից հետո արտադրվում է ֆիլտր փոշիների մեծ տեսականի և առաքվում է արտերկիր` գարեջրի արտադրության համար (Պետերբուրգի «Բալտիկա» գործարանի համար):

 

6) Ցեոլիտներ

 

ա. ցեոլիտները Հանրապետության տարածքում ներկայացված են հրաբխանստվածքային ծագման ապարների տեսքով.

բ. բնական ցեոլիտները հիմնականում կիրառվում են արդյունաբերության հետևյալ ճյուղերում` ռետինատեխնիկական, սննդի, ցեմենտի, գազի, քիմիական, նավթաքիմիական և այլ արտադրություններում: Մեծ չափով կիրառվում է նաև գյուղատնտեսության բնագավառում` անասնապահության, թռչնաբուծության, հողերի մոդիֆիկացման և բարելավման համար: Անասնապահության և թռչնաբուծության մեջ ցեոլիտներն օգտագործվում են որպես կերի հավելանյութ, որը բարձրացնում է անասունների մսատվությունը.

գ. հաստատված պաշարներով Հանրապետությունում հայտնի է Նոյեմբերյանի ցեոլիտային տուֆերի հանքավայրը, որի պաշարները կազմում են 12,10 մլն. տ:

 

7) Բենտոնիտային կավեր

 

ա. Հանրապետությունում միակ հաստատված պաշարներով հանքավայրը Սարիգյուղի բենտոնիտային կավերի հանքավայրն է, որի պաշարները կազմում են 56,70մլն.տ, որը ներկայացված է ալկալային տեսակներով, որոնք հեշտությամբ ենթարկվում են քիմիական ակտիվացման: Ակտիվացումից հետո կավերը ձեռք են բերում բարձր ադսորբցիոն և կատալիտիկ հատկություններ: Որպես ադսորբենտներ նրանք լավագույններն են բենտոնիտների հայտնի հանքավայրերի մեջ, կիրառվում են բուսական յուղերի մաքրման և նավթի կատալիտիկ թորման գործընթացներում, կաբելի արտադրությունում.

 բ. բենտոնիտը բնական կավանյութ է, որն ունի փքվելու ունակություն 14-16 անգամ: Տվյալ երևույթը օգտագործում են տարբեր ոլորտներում: Օրինակ, ստանալու բարձր որակային կավային լուծույթ հորատման աշխատանքների համար, ձուլման և սև մետալուրգիայի արտադրության մեջ` կաղապարային խառնուրդներ ստանալու համար, ավտոդողերի ռեզինների արտադրության մեջ, որպես լցանյութեր` պոլիմերային նյութերի համար: Բենտոնիտից ստացված պոլիմեր-միներալային բաղադրանյութը, որը իրենից ներկայացնում է ջրալուծ մոնոմիներալների հիման վրա սինթեզված պոլիմերի և մոնտմորինոլիտային կավերի խառնուրդ` օժտված է ջրակալման և ջրապահպանման մեծ պոտենիցիալով: Բաղադրանյութը կունենա լայն կիրառություն գյուղատնտեսության մեջ, որի արդյունքում `

 Կբարձրանա միամյա և բազմամյա գյուղատնտեսական կուլտուրաների բերքատվությունը ոչ պակաս, քան 25%:

Բույսերի վեգետացիայի շրջանում ոռոգման ջրի խնայողությունը կկազմի շուրջ 40%:

 Էապես կփոխվի աղակալված հողերի կառուցվածքը:

գ. բաղադրանյութը կարելի է օգտագործել հակասողանքային, վտանգավոր արտածին երկրադինամիկական վտանգավոր երևույթների դեմ պայքարի գործընթացում, ինչպես նաև ջրամբարներում, ջրհավաքներում, ջրատարներում և այլ հիդրոտեխնիկական կառյուցներում տարածված ֆիլտրացիոն երևույթների կանխարգելման համար.

դ. բաղադրանյութը որպես մեկուսիչ կարող է հանդիսանալ թունաքիմիկատների և այլ վնասակար թափոնների գերեզմանոցների անվտանգությունը ապահովելու համար:

 

8) Քվարցիտներ

 

ա. քվարցիտները և քվարցային ավազները հանդիսանում են բարձր սիլիկահող պարունակող ապարներ, որոնցում գլխավոր ապարառաջացնող միներալի` քվարցի պարունակությունը տատանվում է 85-99%: Քվարցիտների հաշվեկշռային պաշարները գնահատվում են 15,57մլն.տ: Այդ ապարների արդյունաբերական օգտագործման բնույթը պայմանավորված է քվարցի ֆիզիկա-մեխանիկական և քիմիական առանձնահատկություններով: Արդյունաբերության մեջ օգտագործվում է նրա բարձր հրակայունությունն ու թթուների, հիմքերի նկատմամբ ունեցած դիմացկունության հատկությունները.

բ. քվարցիտների ամուր տեսակները լայնորեն օգտագործվում են որպես շինարարական քար, նրանցից պատրաստում են երեսապատման սալեր, ճարտարապետական ձևավորման մասեր և այլ շինարարական իրեր: Քվարցիտը նաև հումք է հրակայուն դինասային աղյուսի արտադրության համար, կիրառվում է որպես դյուրահալ նյութ (ֆլյուս) պղնձի հանքաքարի հալման ժամանակ: Քիմիական արտադրության մեջ օգտագործվում է որպես թթվակայուն նյութ, հանդիսանում է հիանալի բնական հղկանյութ և վերջապես, ապակու արդյունաբերության մեջ կիրառվում է որպես հիմնական սիլիցիումի օքսիդ պարունակող բաղադրամաս:

գ. համապատասխան որակի քվարցիտների հումքը կիրառվում է ֆոտոէլեկտրական ձևափոխիչների արտադրությունում (Սիմենսի տեխնոլոգիայի):

 

9) Նեֆելինային սիենիտներ

 

Նեֆելինային սիենտիներում Al2 O3 -ի քանակը կազմում է 20%, իսկ հարստացված նեֆելինային զոնայում բարձրանում է մինչև` 22-25%: Նեֆելինային սիենիտներից տնտեսապես նպատակահարմար է կորզել կավահողեր և դրան ուղեկցող հիմքեր, սիլիկահողեր, որոնք կարող են օգտագործվել ցեմենտի արտադրությունում:

27. Հանրապետությունում պահպանված են առավել հեռանկարային արտադրության և նոր արտադրատեսակների ներուժ ունեցող` ներկայումս չաշխատող, կամ ոչ ամբողջ արտադրական հզորություններով աշխատող ձեռնարկություններ, որոնք նշված էին Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ 2009թ. դեկտեմբերի 23-ին կայացած տնտեսության զարգացմանը նպաստող ծրագրերի աջակցության օպերատիվ շտաբի նիստի N 02/02.3/[28573]-10 արձանագրության 5-րդ կետի 1-ին ենթակետով հավանության արժանացած Ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտի զարգացման հայեցակարգում, որի մշակման համար ձևավորված աշխատանքային խմբում ներգրավված էին Հայէլեկտրամեքենա» ԲԲԸ-ի, «Օնիքս ԳԸ» ՓԲԸ-ի, «Գյումրու ապակու գործարան» ՓԲԸ-ի, «Բազալտ միներալ» ՍՊԸ-ի, «Քարակերտի քարաձուլման գործարան» ԲԲԸ-ի, «Ամուրկավ» ՓԲԸ–ի և «Միմ» ՍՊԸ-ի ղեկավարները :

28. Հանրապետությունում առկա գրեթե բոլոր կազմակերպությունների արտադրական հզորությունները վերականգնելու համար պահանջվում են լուրջ ներդրումներ (վերականգնման, վերազինման և արդիականացման):

29. Հանրապետությունում կան մասնագետների և գործարար համախոհների խմբեր, որոնք այդ գործարանների և արտադրական բազաների հիման վրա կատարել են առանձնահատուկ մշակումներ և մշակել են բիզնես առաջարկություններ աշխարհում մեծ կիրառություն և պահանջարկ ունեցող առավել հեռանկարային արտադրատեսակների վերաբերյալ:

30. Ստորև ներկայացնում ենք ամփոփ տեղեկություններ սկզբնական փուլում դիտարկման արժանի արտադրությունների վերաբերյալ.

 

1) բնական փոշիների արտադրություն

 

ա. Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ուղղություններից կարելի է համարել նաև բնական փոշիների արտադրությունը ոչ մետաղական հանքանյութերի վերամշակմամբ, որոնք մեծ պահանջարկ ունեն ամբողջ աշխարհում: Այս ուղղությունն իր մեջ պարունակում է մեծ ներուժ և ենթակա է գիտական լուրջ ուսումնասիրության.

բ. առաջատար նշանակություն ունի Հայաստանի համար կատալիզատորներ կրողների արտադրությունը նաֆթարդյունաբերության մեջ, որոնք երկարացնում են թանկարժեք կատալիզատորների կյանքը 10-15 անգամ: Մեծ հաջողությամբ օգտագործում են դիատոմիտի և պեռլիտի փոշիների մեթանոլից ֆորմալին ստանալու ժամանակ որպես կատալիզատորների կրողներ` փոխարինելով ЛНХ-3 և ЛНХ-4 արծաթյա կատալիզատորների կրողներին: Պոլիէթիլենի արտադրության ժամանակ ոչ մետաղական հանքանյութերի փոշիները փոխարինում են ծծումբի ДНП կատալիզատոր կրողին և այլն: Տարբեր հատիկայնությամբ փոշիներն օգտագործում են որպես մեկուսիչներ կաբելների և հատուկ էլեկտրալարերի բարձր լարման տեխնիկայում և այլն.

գ. փոշիներն օգտագործում են նաև որպես հղկող նյութեր բազմանշանակ հնարավորություններով` էկրանների, կինեսկոպների, դիսպլեյների, լինզաների, հատուկ օպտիկական ապակիների և այլ առարկաների նուրբ հղկման համար.

դ. մեծ օգտագործում ունեն ոչ մետաղական փոշիները տպագրող պլատաների մակերեսների վերամշակման գործում: Փոշիները օգտագործում են նաև որպես լցանյութեր` տարբեր տեսակի ռեզինի արտադրության մեջ, կենցաղային քիմիայում լվացող նյութերի արտադրության մեջ, ստոմատոլոգիական նյութերի պատրաստման համար, թղթի արդյունաբերության մեջ և այլն: Փոշիներից ստացվում է միներալային սեգմենտներ գեղարվեստական ներկերի համար, դեկորատիվ ձևավորող ու ռեստավրացիոն աշխատանքների համար հատուկ ներկերի պատրաստման գործում, սրբապատկերների ներկերի ստացման համար նրանք անփոխարինելի են և այլն:

2) բազալտե գերնուրբ մանրաթելերից ջերմա և ձայնամեկուսիչ նյութերի արտադրություն` որի համար որպես հումք օգտագործվում է բազալտի հանքավայրերում քարերի մշակումից առաջացած ջարդոնը.

3) տարբեր չափսերի տեսակավորված պեռլիտի արտադրություն` որը հումք կհանդիսանա փքած պեռլիտ, ֆիլտր փոշիներ, ջերմամեկուսիչ նյութեր ստանալու համար.

4) շինարարական և կոնստրուկցիոն փրփրապակու արտադրություն ցեոլիտների հիման վրա.

5) բետոնե որմնաբլոկների, երեսապատման սալիկների արտադրություն.

6) հանքային պարարտանյութերի, ինչպես նաև գյուղատնտեսական անասնակերի և թռչնակերի դիետիկ հավելում` հանքային պիգմենտի արտադրություն:

 

7.3 Ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման և օգտագործման առավել հեռանկարային արտադրության և նոր արտադրատեսակների վերաբերյալ եզրակացություն

 

31. ՈՒսումնասիրելով Հանրապետության ոչ մետաղական հանքային ռեսուրսների օգտագործման և վերամշակման ոլորտի առկա վիճակը ակնհայտ է դառնում, որ ոլորտի վերականգնումն անկասկած հեռանկարային է և նրա իրականացման համար անհրաժեշտ է պետական աջակցություն ներքին և արտաքին շուկայում աշխարհում մեծ կիրառություն և պահանջարկ ունեցող առաջարկվող հեռանկարային արտադրատեսակների իրացման համար:

32. Գործարանների և արտադրությունների վերականգնման և սկզբնական փուլում դրանց արտադրանքի մի շարք տեսականու արտադրության վերսկսման վերաբերյալ որոշում կայացնելու համար անհրաժեշտ են հետևյալ ուսումնասիրությունները.

 

1) գործարանների արդի վիճակի գնահատում (տնտեսական և տեխնիկական աուդիտ).

 

2) նախատեսվող առաջին մի շարք արտադրատեսակների արտադրության տեխնոլոգիական ռեժիմների և պրոցեսների համալիր վերամշակում արդի տեխնիկական պահանջներին համապատասխան.

 

3) նախատեսվող արտադրատեսակների սպառման շուկաների լիարժեք ուսումնասիրություն.

 

4) բիզնես-ծրագրերի կազմումը ընտրված առաջնահերթ արտադրատեսակների համար, որտեղ պետք է ընդգրկվեն բոլոր հարցերի պատասխանները (սպառման շուկայի կայունությունը, հումքերի ձեռքբերման հնարավորությունները, ռիսկի գործոնները, ներդրումային ծախսերը, ներդրումների ետգնման ժամկետները և այլն):

 

33. Սկզբնական փուլում դիտարկման են արժանի հետևյալ արտադրատեսակները.

1) «Ջերմաքար» ձայնաջերմամեկուսիչ շինանյութ,

 

2) բազալտյա թթվակայուն և հիմնակայուն ձուլածո տարբեր ձևի ու չափսի սալիկներ, խողովակներ,

 

3) բազալտե գերբարակ մանրաթելերից ջերմաձայնամեկուսիչ սալիկներ, բազալտե թեփուկներ, բազալտե համաձուլվածքից արտադրատեսակներ,

 

4) բազալտային մեկուսիչ բամբակի արտադրություն, անընդհատ բազալտային թելքի և փուլթրուզիոն եղանակով ստացվող բազալտե պլաստիկների` փայտին ու մետաղին փոխարինող նոր արտադրատեսակներ,

 

5) պեռլիտե ջերմաձայնամեկուսիչ սալիկներ,

 

6) նոր տեսակի շինանյութերի արտադրություն, որոնց հիմնական հումքերը հանդիսանալու են բնական ցեոլիտները (շինարարական սալիկներ, բլոկներ, թիթեղներ, պենոդեկոր, երեսպատման սալիկներ և այլն),

 

7) տուֆի թափոններից կորզված մետաղներ,

 

8) արևային ֆոտովոլտաիկ էլեկտրակայանների կառուցման համար անհրաժեշտ տարրերի արտադրության կազմակերպումը` առկա քվարցիտային հանքավայրերի բազայի հիման վրա:

 

7.4 Ոչ մետաղական հանքանյութերի և նոր արտադրատեսակների ինտեգրումը միջազգային շուկային

 

34. Թվարկված բոլոր օգտակար հանածոները և արտադրատեսակները աշխարհում ունեն մեծ կիրառություն և պահանջարկ տնտեսության տարբեր ճյուղերում` քիմիական և սննդի արդյունաբերությունում, շինանյութերի ու կաբելի արտադրությունում, էլեկտրատեխնիկան, շինարարական ինդուստրիայում, գյուղատնտեսությունում, էներգետիկայում, էներգիախնայող և էներգաէֆֆեկտիվ տեխնոլոգիաներում:

 

35. Ընտրելով առավել շահութաբեր և տնտեսության համար կարևոր արտադրատեսակները, պահպանված գործարաններից մի քանիսը դասակարգել ըստ այդ արտադրատեսակների արտադրության համար կարևորություն ունեցող առաջնայնության և ներդնել առաջարկվող արտադրատեսակների արտադրությունը: Դրանով կապահովվի ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման միջազգային նոր տեխնոլոգիաների ներմուծումը Հայաստան և առաջարկվող նոր արտադրատեսակների արտադրությունը` ներքին շուկայի պահանջարկներից ելնելով: Այդպիսով, այդ գործարաններն ու արտադրատեսակները կստանձնեն ոլորտի զարգացման «լոկոմոտիվի» դերը` միևնույն ժամանակ ուղի հարթելով դեպի միջազգային շուկա:

 

7.5 Ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտի տնտեսական արդյունավետության ապահովումը

 

36. Ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտի և տնտեսական արդյունավետության ապահովման նպատակով առաջարկվում է`

 

1) բանկերից համապատասխան ֆինանսավորում ապահովելու նպատակով պետական խորհրդատվական աջակցություն ցուցաբերել` ներգրավելով Զարգացման գործակալությանը, Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամին կազմակերպությունների և արտադրատեսակների արտադրության բիզնես-ծրագրերի մշակման խնդրում,

 

2) ներկայացնել բանկերի համար ընդունելի բիզնես-ծրագրերը միջազգային ցուցահանդեսներում, ֆինանսական համաժողովներում և այլ ֆորումներում,

 

3) ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների ու ՀՀ էկոնոմիկայի նախարարությունները Զարգացման գործակալության, Միջպետական շրջանակում գործող տնտեսական հանձնաժողովի, Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի հետ համատեղ ընտրեն այն բիզնես-ծրագրերը, որոնք կարող են առաջարկվել նաև պետական և մասնավոր գործընկերության սկզբունքով իրականացման համար:

 

8. ՈՉ ՄԵՏԱՂԱԿԱՆ ՀԱՆՔԱՆՅՈՒԹԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐՆ ՈՒ ՆՐԱՆՑ ԴԵՐԸ

 

37. Ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ապահովման գործընթացում ներգրավվում են ոլորտի լիազորված պետական մարմինները, բնագավառում գործող տնտեսվարող սուբյեկտները:

 

38. Ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտի պետական մարմիններն են`

 

1) ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտի լիազոր մարմինը, որն իրականացնում է ոլորտի զարգացման քաղաքականության մշակումն ու իրականացման ապահովումը,

 

2) բնապահպանության ոլորտի լիազոր մարմինը, որն իրականացնում է շրջակա միջավայրի վրա ազդեցության մոնիթորինգը և բնապահպանական վերահսկողությունը,

 

39. Ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտի տնտեսվարող սուբյեկտների հիմնական գործառույթներն են`

 

1) նորմատիվ-իրավական ակտերով սահմանված պահանջների կատարումը,

 

2) ներքին և արտաքին շուկայի լիարժեք ուսումնասիրությունը և արդյունքում բանկերի համար ընդունելի բիզնես-ծրագրերի մշակումը,

 

3) ժամանակակից նոր տեխնոլոգիաների և էկոլոգիապես մաքուր արտադրության կազմակերպումը:

 

9. ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

40. Հայաստանի Հանրապետության տարածքում առկա բազմաթիվ ոչ մետաղական օգտակար հանածոները աշխարհում ունեն մեծ կիրառություն և պահանջարկ: Առավել հեռանկարային արտադրատեսակները կարող են կիրառվել տնտեսության տարբեր ճյուղերում` քիմիական և սննդի արդյունաբերությունում, շինանյութերի ու կաբելի արտադրությունում, էլեկտրատեխնիկան, շինարարական ինդուստրիայում, գյուղատնտեսությունում, էներգետիկայում, էներգիախնայող և էներգաէֆֆեկտիվ տեխնոլոգիաներում:

 

41. Կատարված վերլուծությունները, մասնավորապես` սպասվող ֆինանսական հոսքերի և շահութաբերության կանխատեսվող նորմերի մասով, ի հայտ բերեցին ոլորտի թաքնված ներուժը:

 

42. Ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտի զարգացման հայեցակարգով առաջարկվում է ստեղծել արտադրությունների շղթայական, էներգախնայողություն ապահովող համակարգ, որը կնպաստի ինչպես ընդերքօգտագործման բնագավառի, այնպես էլ տնտեսության այլ ճյուղերի զարգացմանը:

 

43. Ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտի զարգացման հայեցակարգով առաջարկվող արտադրատեսակները և դրանք արտադրող կազմակերպությունները էլ ավելի պատրաստված են ինչպես նյութատեխնիկական, այնպես էլ կադրային պոտենցիալով, ձևավորված բիզնես առաջարկություններով, որոնց գործունեությունը կարող է նպաստել ոլորտի հետագա զարգացմանը:

 

44. Չնայած թվարկված արտադրատեսակների առաջնահերթ ընտրությանը, դրանք արտադրող գործարաններն գտնվում են արտադրության կազմակերպման ու արտադրանքի թողարկման մեկնարկային տարբեր փուլերում և դեռևս պահանջվում է տարբեր խորության ու ծավալի լրացուցիչ հետազոտությունների իրականացում: Դրանից ելնելով` ընտրված արտադրատեսակների արտադրության համար պետության հովանավորմամբ համապատասխան վարկային միջոցներ ներգրավելու խնդրում նույնպես առաջարկվում է կիրառել աստիճանական մոտեցում:

 

45. Ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման զարգացումն ապահովելու նպատակով առաջարկվում է նաև`

 

1) ընտրել առավել շահութաբեր և տնտեսության համար կարևոր արտադրատեսակները, պահպանված գործարաններից մի քանիսը.

 

2) դասակարգել ըստ արտադրատեսակների արտադրության համար կարևորություն ունեցող առաջնայնության.

 

3) աջակցել ընտրված արտադրատեսակների արտադրության կազմակերպմանը.

 

4) ապահովել ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման առաջնահերթ մի շարք արտադրատեսակների արտադրությունը` ներքին շուկայի պահանջարկներից ելնելով և միջազգային նոր տեխնոլոգիաների ներմուծումը Հայաստան.

 

5) հավանության արժանացած նախագծերի իրականացումն ու արտադրությունների հետագա շահագործումը կառավարելու նպատակով առաջարկվում է յուրաքանչյուր նախագծում պետական մասնակցության աստիճանի վերաբերյալ որոշման ընդունում.

 

ա. սեփականության կառուցվածքի, պետական մասնաբաժնի մեծության,

 

բ. պետական բաժնետոմսերի հետագայում վերավաճառելու քաղաքականության և ժամկետների,

 

գ.կառավարության աջակցությամբ վարկային միջոցների ներգրավման նպատակահարմարության,

 

դ. ֆինանսական այլ աղբյուրներից վարկային միջոցների ներգրավման նպատակահարմարության,

 

6) օրենսդրական դաշտում համապատասխան փոփոխությունների իրականացման միջոցով սահմանել`

 

ա. Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման սկզբունքներն ու կարգերը,

 

բ. ոչ մետաղական հանքանյութերի վերամշակելիս շրջակա միջավայրը վնասակար ազդեցություններից պաշտպանության հիմնախնդիրները,

 

գ. աշխատանքների կատարման անվտանգության ապահովման դրույթները,

 

դ. միջազգային ստանդարտների կիրառման մեխանիզմները և ժամանակացույցը:

 

7) իրականացնել մարքեթինգ` բացահայտելու նախատեսվող նոր արտադրատեսակների սպառման շուկաները.

 

8) առանձնացնել ինչպես ներքին, այնպես էլ միջազգային շուկայում մրցունակ արտադրատեսակների ստացման համար ապարների տեսակներ, որոնք գրանցված են Հայաստանի Հանրապետության օգտակար հանածոների պետական հաշվեկշռում:

 

11. ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

46. Հայաստանի Հանրապետությունը ոչ մետաղական օգտակար հանածոների պաշարների բազմազանությամբ ու հարստությամբ աշխարհում գրավում է առաջատար տեղերից մեկը: Ներկայումս բացի ցեմենտի, երեսպատման սալիկների, շինաքարի արտադրությունից, ոչ մետաղական օգտակար հանածոները այլ նպատակներով չեն օգտագործվում:

47. Ներկայումս ոչ մետաղական օգտակար հանածոները աշխարհում ունեն մեծ կիրառություն ու պահանջարկ և որպես հումք կիրառվում են տնտեսության տարբեր ճյուղերում, մասնավորապես` քիմիական և սննդի արդյունաբերություն, կաբելի արտադրություն, էլեկտրատեխնիկան և շինարարական ինդուստրիա, գյուղատնտեսություն, էներգետիկա, էներգիախնայող տեխնոլոգիաներ, իսկ մեր Հանրապետությունում ոչ մետաղական օգտակար հանածոների վերամշակման արտադրությունների կազմակերպումը կստանձնի տնտեսության զարգացման լոկոմոտիվի» դեր:

48. Հանրապետությունում կան մասնագետների և գործարար համախոհների խմբեր, որոնք մշակել են բիզնես առաջարկություններ աշխարհում մեծ կիրառություն և պահանջարկ ունեցող առավել հեռանկարային արտադրատեսակների արտադրություն կազմակերպելու վերաբերյալ: Հանրապետության ոչ մետաղական հանքային ռեսուրսների օգտագործման և վերամշակման ոլորտի վերականգնումն անկասկած հեռանկարային է և դրանց արտադրատեսակների արտադրությունների ստեղծումը կերաշխավորի երկրի սոցիալ-տնտեսական զարգացումը, կունենա համազգային նշանակություն:

49. Ոչ մետաղական օգտակար հանածոների վերամշակման արտադրությունների կազմակերպման համար անհրաժեշտ է պետական աջակցություն՝ ներքին շուկայի պահանջարկից ելնելով առավել մրցունակ արտադրատեսակների արտադրության կազմակերպման ներքին և միջազգային շուկա մուտք գործելու հարցում: