Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
23 մայիսի 2013 թվականի N 20
15. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2012 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագծին հավանություն տալու մասին
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2012 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությանը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հունիսի 1 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 23-ի նիստի N 20 արձանագրային որոշման |
Եզրակացություն
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2012 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության վերաբերյալ
Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2012 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությանը`
“3.2. Համախառն առաջարկ և համախառն պահանջարկ” բաժնի վերաբերյալ նշենք, որ 2012 թվականին տնտեսության զարգացման տեմպերը շարունակել են արագանալ` հիմնականում ներքին տնտեսությունում ձևավորված հավասարակշռված մակրոտնտեսական քաղաքականության պայմաններում: Միաժամանակ, կառավարությունը շարունակել է տնտեսության արտահանելի հատվածի զարգացման բարենպաստ միջավայրի ստեղծմանն ուղղված ակտիվ արդյունաբերական քաղաքականության իրականացումը: Այս պայմաններում բարձր է եղել արդյունաբերության և ծառայությունների ոլորտներում ներդրումների իրականացման պատրաստակամությունը, իսկ տնտեսական աճին արտադրողականության բարձրացման բարձր նպաստումը շարունակել է պահպանվել:
Տնտեսական ձեռքբերումների ամրապնդմանը նպաստել է նաև ցածր գնաճային միջավայրի առկայությունը` կենտրոնական բանկի կողմից իրականացվող չեզոք դրամավարկային քաղաքականության պայմաններում: Միաժամանակ, շարունակել է բարելավվել տնտեսության վարկավորման կառուցվածքը` ինչն արտահայտվել է առաջարկը խթանող վարկերի (արդյունաբերությանն, գյուղատնտեսությանն, տրանսպորտին և կապին ուղղվող) առաջանցիկ աճի տեմպերով:
Ըստ էության տարվա ընթացքում իրականացված դրամավարկային քաղաքականության ուղղությունները պայմանավորվել են ձևավորված և սպասվող մակրոտնտեսական միջավայրի պայմաններում գնաճային ճնշումների բացակայությամբ: Արդյունքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը տարեսկզբից անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Միաժամանակ, չնայած վարկավորման տեմպերը որոշակիորեն կրճատվել են, այդուհանդերձ դեռևս մնացել են բարձր մակարդակի վրա:
“3. 2012 թվականի չորրորդ եռամսյակի փաստացի զարգացումներ” բաժնի գնաճի զարգացումներին և դրամավարկային քաղաքականության ուղղություններին վերաբերող հատվածների առնչությամբ կարելի է եզրակացնել, որ հաշվետվությունում բերված գնահատականների համաձայն իրականացված չեզոք դրամավարկային քաղաքականությունը հիմնավորվել է հիմնականում առաջարկի գործոններով պայմանավորված գնանկումային ժամանակավոր ճնշումներով, սակայն հարկ է նշել, որ տարվա գերակշիռ մասում բնականոն գնաճը, որը առաջարկի գործոնների ազդեցությունը չի ներառում, պահպանվել է գնաճի թիրախի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին հատվածում1, ինչը դրամավարկային պայմանների որոշակի թուլացման նախադրյալներ էր ստեղծում: Վերջինս կարող էր նպաստել նաև դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների առավել արդյունավետ կոորդինացմանը, քանի որ տարվա ընթացքում իրականացված հարկաբյուջետային քաղաքականությունը նախատեսվածի համեմատ եղել է ավելի զսպող և այս պարագայում ձևավորված ցածր գնաճային միջավայրի պայմաններում դրամավարկային քաղաքականությունը առավել ճկուն պետք է լիներ` նպաստելով տնտեսական ակտիվության բարձրացմանը: Նշենք, որ զսպող հարկաբյուջետային քաղաքականությունը հիմնականում պայմանավորվել է ՀՆԱ նկատմամբ բյուջեի պակասուրդի կրկնակի ցածր ցուցանիշով` 2012 թվականին նախատեսված 3.2%-ի դիմաց փաստացի կազմելով 1.5%: Դրամավարկային պայմանների թուլացումը թույլ կտար նաև առավել արդյունավետ պարտքի կառավարման քաղաքականություն իրականացնել` ֆինանսական շուկայում տոկոսադրույքների ավելի կտրուկ նվազեցման ճանապարհով:
____________________________________
1 Ըստ գնաճի հաշվետվության չորրորդ եռամսյակի ընթացքում 12-ամյա բնականոն գնաճը որոշ չափով ավելացել է` տարվա վերջին կազմելով 3.5 տոկոս: