ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
26 մայիսի 2021 թ. |
N 41-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՅՍՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ (ԵՐԿՐԱՇԱՐԺԱԴԻՄԱՑԿՈՒՆՈՒԹՅԱՆ) ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ կետի 5.1-րդ ենթակետը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել տարբեր նշանակության շենքերի ու շինությունների սեյսմակայունության (երկրաշարժադիմացկունության) բարձրացման առաջնահերթության գնահատման մեթոդաբանությունը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ա. ՂՈՒԼԱՐՅԱՆ |
ՀԱՎԵԼՎԱԾ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2021 թվականի մայիսի 26-ի N 41-Ն հրամանի |
ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՅՍՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ (ԵՐԿՐԱՇԱՐԺԱԴԻՄԱՑԿՈՒՆՈՒԹՅԱՆ) ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
1. Սույն մեթոդաբանությունը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում սեյսմիկ ռիսկի նվազեցման ուղղությամբ գոյություն ունեցող տարբեր նշանակության շենքերի ու շինությունների սեյսմակայունության (երկրաշարժադիմացկունության) բարձրացման համար իրականացվող ծրագրերում շենքերի ու շինությունների ներառման առաջնահերթության չափորոշիչները:
2. Երկրաշարժերի հետևանքով հանրապետության սոցիալ-տնտեսական ոլորտին և շրջակա միջավայրին հասցվող հնարավոր կորուստների նվազեցման ու բնակչության անվտանգության ապահովման համար՝ ելնելով գոյություն ունեցող շենքերի ու շինությունների (կառույցների, կառուցվածքների) նշանակությունից և դրանց փաստացի տեխնիկական վիճակից, առաջնային կարևորություն է ներկայացնում դրանց սեյսմակայունության (երկրաշարժադիմացկունության) բարձրացման հիմնախնդրի լուծումը: Հայաստանի Հանրապետության տարածքում նշված հիմնախնդրի լուծումը նախատեսվում է շենքերի և շինությունների սեյսմիկ անվտանգության նախանշված մակարդակի ապահովման կամ դրանց փոխարեն սեյսմակայուն շինարարության գործող նորմերի պահանջներին համապատասխան նորերի կառուցման միջոցով՝ հաշվի առնելով սեյսմակայուն շինարարության ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման տեխնիկական հնարավորություններն ու տնտեսական նպատակահարմարությունը:
3. Սեյսմակայուն շինարարության գործող նորմերի համաձայն գոյություն ունեցող շենքերի ու շինությունների հուսալի և անվտանգ շահագործման համար սահմանվում են շենքերի ու շինությունների սեյսմազինվածության ապահովման հետևյալ մակարդակները.
1) վերականգնում՝ երկրաշարժից վնասված շենքերի ու շինությունների սեյսմակայունության և շահագործողական ցուցանիշների ապահովում երկրաշարժին նախորդող մակարդակին համապատասխան,
2) սեյսմազինվածության բարձրացում՝ վերակառուցման միջոցով սեյսմազինվածության մակարդակի բարձրացում,
3) ուժեղացում՝ վերակառուցման միջոցով սեյսմազինվածության մակարդակի համապատասխանեցում սեյսմակայուն շինարարության գործող նորմատիվային պահանջներին։
4. Շենքերի ու շինությունների սեյսմակայունության (երկրաշարժադիմացկունության) ապահովման համար պահանջվող միջոցառումների կիրառման անհրաժեշտությունը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում որոշվում է հետազննության արդյունքներով և հիմնավորվում տեխնիկատնտեսական հաշվարկներով՝ հաշվի առնելով այդ նպատակով նախատեսվող աշխատանքների բարդությունը, արդյունավետությունը, փորձարկված և առավել արդյունավետ նոր տեխնոլոգիաների, այդ թվում՝ սեյսմապաշտպանության հատուկ համակարգերի կիրառման հնարավորությունը:
5. Շենքերի ու շինությունների վերակառուցման նպատակահարմար մակարդակը որոշվում է համաձայն գործող շինարարական նորմերի պահանջների՝ շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննության տվյալների և վերլուծական գնահատականի հիման վրա։
7. Վնասված շենքերի ու շինությունների վերակառուցումը կարող է համատեղվել դրանց գործառական նշանակության մասնակի կամ ամբողջական փոփոխության հետ:
8. Շենքերի ու շինությունների վերակառուցման նպատակն ու մակարդակը և հետագա շահագործման նախանշվող ժամկետը որոշում է պատվիրատուն՝ ելնելով շենքերի հետազննության արդյունքների և շենքերի անձնագրերի տվյալներից:
9. Շենքերի ու շինությունների կոնստրուկցիաների վնասվածության կամ ֆիզիկական մաշվածության աստիճանը և հետագա շահագործման հնարավորությունը որոշելու նպատակով պետք է կատարվի դրանց տեխնիկական վիճակի գնահատում և անձնագրավորում։
10. Շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակը գնահատվում է.
1) ըստ ֆիզիկական մաշվածության աստիճանի՝ վնասվածություն չունեցող շենքերի կամ շինությունների համար,
2) ըստ վնասվածության աստիճանի՝ կոնստրուկցիայի ֆիզիկական մաշվածության հաշվառմամբ, վնասվածություն ունեցող շենքերի և շինությունների համար՝ համաձայն գործող շինարարական նորմերի։
11. Շենքերի տեխնիկական վիճակի գնահատականը տրվում է հետազննության արդյունքների հիման վրա՝ կախված կոնստրուկցիաների գումարային ֆիզիկական մաշվածության և վնասվածության աստիճանի մակարդակից:
12. Շենքերի տեխնիկական վիճակի գնահատականն ըստ վնասվածության մակարդակի դասակարգվում է 5 աստիճանի.
1) 1-ին աստիճանի վնասվածության (ոչ կրող տարրերի թեթև վնասվածքներ): Նախատեսվում է շենքի հարդարանքի նորոգում,
2) 2-րդ աստիճանի վնասվածության (կոնստրուկցիաների չափավոր վնասվածքներ): Նախատեսվում է շենքի հարդարանքի նորոգում` վերականգնելով վնասված տարրերը,
3) 3-րդ աստիճանի վնասվածության (կոնստրուկցիաների զգալի վնասվածքներ): Նախատեսվում է շահագործման ժամանակավոր դադարեցմամբ շենքի վերականգնում, ուժեղացում կամ ուժեղացմամբ վերականգնում ու նորոգում,
4) 4-րդ աստիճանի վնասվածության (կոնստրուկցիաների ուժեղ վնասվածքներ): Չորրորդ աստիճանի վնասվածություն ունեցող շենքի կամ շինության կոնստրուկցիաների վիճակը գնահատվում է վթարային և վտանգավոր հետագա շահագործման համար: Այդ շենքերի բնակիչները կամ շահագործողները ենթակա են տարհանման: 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող շենքերն ու շինությունները՝ պայմանավորված ուժեղացման-վերկանգնման աշխատանքների տեխնիկատնտեսական ցուցանիշներով, ենթակա են քանդման՝ բացառությամբ ճարտարապետական և պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի, որոնց նկատմամբ պետք է ցուցաբերել անհատական մոտեցում,
5) 5-րդ աստիճանի վնասվածության (փլուզում): Նախատեսվում է շենքի ամբողջական քանդում, բացառությամբ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների:
13. Ըստ վնասվածության աստիճանի թիրախային են համարվում հատկապես 3-րդ և 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող շենքերն ու շինությունները, որոնք պետք է ունենան առաջնահերթության կարգավիճակ:
14. Շենքերի ու շինությունների վերակառուցման նպատակահարմար մակարդակը որոշվում է համաձայն գործող շինարարական նորմերի:
15. Հաշվի առնելով, որ շենքերի ու շինությունների սեյսմակայունության (երկրաշարժադիմացկունության) բարձրացման համար պահանջվում են զգալի ծավալի ֆինանսական ներդրումներ, հետևաբար՝ սեյսմակայունության բարձրացման նպատակով իրականացվող ծրագրերում տարբեր նշանակության շենքերի ու շինությունների ներառման առաջնահերթությունը որոշվում է սեյսմիկ ռիսկի բաղադրիչներից՝
1) շենքի կամ շինության կարևորությունից՝ ռիսկայնության (պատասխանատվության) աստիճանից, ծավալից, նպատակային և գործառական նշանակությունից ու բարդությունից,
2) արտակարգ իրավիճակներում շենքը և շինությունները, որպես աղետի կառավարման կենտրոն օգտագործելու կարողությունից (հնարավորությունից),
3) շենքերում և շինություններում գտնվող մարդկանց հավանական թվաքանակից և ժամանակահատվածից,
4) մարդկանց և շրջակա միջավայրի անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունից և հնարավորությունից, շենքի կամ շինության սեյսմիկ խոցելիության մակարդակից (շենքերի, շինությունների հնարավոր վնասվածության կանխատեսվող աստիճանից, մարդկային ու նյութական արժեքների կորստի հավանականության գնահատականից), կառուցապատման և բնակեցման խտությունից,
5) շենքում միաժամանակ գտնվող մարդկանց տարբեր խմբերի շարժունակությունից, ինքնուրույն գործելու հնարավորությունից, հմտությունից և հնարավոր արտակարգ իրավիճակներին նրանց դիմակայելու կարողությունից, մարդկային, նյութական, մշակութային արժեքների և այլ հնարավոր կորուստներից:
16. «Սեյսմիկ պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Սեյսմիկ խոցելիության նվազեցման միջոցառումներն իրականացվում են օբյեկտների սեփականատերերի (պատասխանատուների) միջոցներով՝ տարբեր նշանակության շենքերի և շինությունների անձնագրավորման համար ՀՀ կառավարության կողմից սահմանված ընթացակարգերին համապատասխան:
17. Սեյսմակայունության (երկրաշարժադիմացկունության) բարձրացման նպատակով իրականացվող ծրագրերում առաջնահերթ պետք է ընդգրկվեն ՀՀ կառավարության կողմից սահմանված՝ ըստ նպատակային նշանակության (բազմաբնակարան բնակելի և հասարակական) բարձր ռիսկայնության աստիճանի (IV կատեգորիայի) դասակարգում ունեցող հատուկ և կարևորագույն նշանակության (այդ թվում սեյսմիկ պաշտպանության բնագավառի հատուկ և կարևոր նշանակության) օբյեկտները, որտեղ մշտապես կամ օրվա որոշակի ժամանակահատվածում գտնվում են զգալի թվով մարդիկ:
18. Մարդկանց և շրջակա միջավայրի անվտանգությունն ապահովելու (մարդկային կյանքեր փրկելու) հնարավորությունը գնահատվում է այն տեսանկյունից, թե որքանով կարող է տվյալ շենքը կամ շինությունը ծառայել որպես աղետի կառավարման կենտրոն, ապաստարան, առաջնային բուժօգնության կետ, կենսապահովման նշանակության բեռների պահեստավորման ու բաշխման համար արագ հարմարեցնելու և օգտագործելու շենք կամ շինություն: Ընտրությունը կատարելիս առաջնահերթությունը պետք է տալ այն շենքերին և շինություններին, որոնք ապահովված են հնարավոր աղետի հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակներում տրանսպորտային միջոցների մոտեցման ուղիներով, այդ թվում նաև ուղղաթիռների վայրէջքների համար անհրաժեշտ հրապարակներով, ինչը հնարավորություն կտա արագ արձագանքելու և բնակչությանն օգնություն ցուցաբերելու գործում:
19. Դիմակայելու կարողությունը գնահատելիս պետք է հաշվի առնել շենքում գտնվող մարդկանց տարբեր խմբերի կողմից արտակարգ իրավիճակներում (երկրաշարժի ժամանակ) կողմնորոշվելու, իրենց անվտանգությունն ապահովելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, մինչև փրկարարական ուժերի օգնության հասնելն ինքնուրույն գործելու հնարավորությունները և հմտությունները:
20. Շենքի կամ շինության սեյսմիկ խոցելիության որոշման համար սահմանվում են խոցելիության հետևյալ մակարդակները՝
1) բարձր, երբ հաշվարկային ուժգնությամբ հնարավոր երկրաշարժի ժամանակ շենքի կամ շինության կոնստրուկցիաներում կարող են առաջանալ ուժեղ վնասվածքներ՝ (վնասվածության աստիճանը 4-րդ)
2) միջին, երբ հաշվարկային ուժգնությամբ հնարավոր երկրաշարժի ժամանակ շենքի կամ շինության կոնստրուկցիաներում կարող են առաջանալ զգալի վնասվածքներ (վնասվածության աստիճանը 3-րդ),
3) ցածր, երբ հաշվարկային ուժգնությամբ հնարավոր երկրաշարժի ժամանակ շենքի կամ շինության կոնստրուկցիաներում կարող են առաջանալ չափավոր վնասվածքներ (վնասվածության աստիճանը 2-րդ):
21. Ըստ սեյսմիկ խոցելիության աստիճանի թիրախային են համարվում խոցելիության բարձր մակարդակ ունեցող շենքերն ու շինությունները, որոնք պետք է ունենան համապատասխան առաջնահերթության չափորոշիչներ:
22. Շենքում գտնվող մարդկանց թվաքանակը, որպես չափորոշիչ, բնութագրում է սեյսմիկ ռիսկի մակարդակը մարդկային կորուստների հավանական գնահատման տեսանկյունից: Առաջնահերթություն պետք է տալ ավելի մեծ թվով մարդկային կորուստներ ունեցող շենքերին:
23. Շենքում գտնվելու ժամանակահատվածը, որպես չափորոշիչ, հաշվի է առնում մարդկանց շենքում գտնվելու ժամանակը: Առաջնահերթություն պետք է տալ ըստ գործառական նշանակության այն օբյեկտներին, որոնցում առավել մեծ թվով մարդիկ կարող են գտնվել առավել տևական ժամանակ:
24. Կառուցման տարեթվի հաշվառումը պայմանավորված է սեյսմակայուն շինարարության նորմերի գործարկման և տվյալ ժամանակահատվածում ընդունված նորմատիվատեխնիկական փաստաթղթերի շրջանակներում շենքերի ու շինությունների սեյսմակայունության ապահովման ուղղությամբ կիրառված մոտեցումների և պահանջների առանձնահատկություններն ու տեխնոլոգիական հնարավորությունները գնահատելու համար: Գոյություն ունեցող շենքերն ու շինություններն՝ ըստ կառուցման տարեթվի պայմանականորեն կարելի է ստորաբաժանել հետևյալ բնորոշ ժամանակաշրջանների՝
1) մինչև 1957 թվականը նախագծված և կառուցված շենքեր ու շինություններ, որոնցում գրեթե բացակայում են հակասեյսմիկ միջոցառումները: Կախված գործառական նշանակությունից՝ դրանց հետագա անվտանգ շահագործման համար սեյսմակայունության բարձրացման անհրաժեշտ միջոցառումների կիրառումը պահանջում է համապատասխան տեխնիկատնտեսական հիմնավորում,
2) 1957-1994 թվականներին նախագծված և կառուցված շենքեր ու շինություններ, որոնցում ըստ տվյալ ժամանակահատվածում գործող սեյսմակայուն շինարարության նորմերի պահանջների՝ կիրառվել են որոշակի հակասեյսմիկ միջոցառումներ, սակայն դրանց սեյսմազինվածության չափորոշիչները և փաստացի սեյսմակայունության մակարդակը չեն համապատասխանում սեյսմակայուն շինարարության ներկայիս գործող նորմերի պահանջներին ու չափանիշներին: Դրանց հետագա անվտանգ շահագործումը պահանջում է սեսյմազինվածության մակարդակի բարձրացում:
3) 1995-2005 թվականներին նախագծված և կառուցված շենքեր ու շինություններ, որոնց համար հիմք են հանդիսացել ՀՀՇՆ II-2.02-94 «Սեյսմակայուն շինարարություն. Նախագծման նորմեր» շինարարական նորմերը:
4) 2006-2020 թվականներին նախագծված և կառուցված շենքեր ու շինություններ, որոնց համար հիմք են հանդիսացել ՀՀՇՆ II-6.02-2006 «Սեյսմակայուն շինարարություն. Նախագծման նորմեր» շինարարական նորմերը:
5) 2021 թվականից հետո (ներառյալ) նախագծվող և կառուցվող շենքեր և շինություններ՝ ըստ ՀՀՇՆ 20.04-2020 «Երկրաշարժադիմացկուն շինարարություն.Նախագծման նորմեր» շինարարական նորմերի:
25. Նախագծման և կառուցման ժամանակահատվածի հաշվառումը հնարավորություն է տալիս շենքերի ու շինությունների սեյսմազինվածության (երկրաշարժադիմացկունության) փաստացի մակարդակի և դրանով պայմանավորված խոցելիության ու ռիսկայնության համապատասխան աստիճանների գնահատմամբ՝ կախված դրանց գործառական (նպատակային) նշանակությունից, սեյսմակայունության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների տեխնիկատնտեսական և մյուս համադրելի չափանիշներից, սահմանել առաջնահերթության համապատասխան ընդհանրացված ցուցանիշ:
26. Շենքերի ու շինությունների սեյսմակայունության (երկրաշարժադիմացկունության) բարձրացման առաջնահերթության գնահատման ընդհանրացված ցուցանիշի որոշման համար կիրառվում է հիմնական բնութագրային չափորոշիչների կշռային գնահատման մեթոդը: Տոկոսային արտահայտությամբ ներկայացված թվով 5 բաղադրիչ չափորոշիչների կշիռների առավելագույն արժեքների հանրագումարը կհանդիսանա տվյալ շենքի կամ շինության սեյսմակայունության բարձրացման առաջնահերթության ցուցանիշը:
27. Սեյսմակայունության (երկրաշարժադիմացկունության) բարձրացման նպատակով, տարբեր նշանակության շենքերի ու շինությունների ընտրության առաջնահերթության որոշման համար, սահմանվում են հետևյալ հիմնական բնութագրական չափորոշիչները՝ համապատասխան կշռային միավորներով՝
1) շենքի կամ շինության տեխնիկական վիճակի գնահատականը՝ 0.3 կշռային միավոր,
2) շենքի կամ շինության սեյսմիկ խոցելիության մակարդակը՝ 0.25 կշռային միավոր,
3) շենքում (միաժամանակյա, երկարաժամկետ հատվածում) գտնվող (կամ շինությունը, կառույցը, կառուցվածքը շահագործող) մարդկանց (կամ տրանսպորտային միջոցների) հավանական թվաքանակը՝ 0.2 կշռային միավոր,
4) շենքում գտնվելու (կամ շինությունը, կառույցը, կառուցվածքը շահագործելու) հաշվարկային ժամանակահատվածը՝ 0.1 կշռային միավոր
5) շենքի կամ շինության կառուցման տարեթիվը՝ 0.15 կշռային միավոր:
28. Սեյսմակայունության (երկրաշարժադիմացկունության) բարձրացման առաջնահերթության գնահատման ընդհանրացված ցուցանիշի որոշման համար կիրառվում են աղյուսակ N 1-ում բերված կշռային գնահատականներն՝ ըստ առանձին բաղադրիչ չափորոշիչների:
Աղյուսակ N 1
Հ/Հ |
Բաղադրիչ չափորոշիչները, կշռային միավորի գործակիցը |
Կշռային առավելագույն գնահատականը (%) |
1 |
Շենքի տեխնիկական վիճակի գնահատականը (վնասվածության աստիճանը)՝ (x0.3) |
|
1.1 |
2-րդ աստիճանի վնասվածություն՝ 50% |
15 |
1.2 |
3-րդ աստիճանի վնասվածություն՝ 100% |
30 |
2 |
Շենքի սեյսմիկ խոցելիության մակարդակը՝ (x0.25) |
|
2.1 |
Բարձր՝ 100% |
25 |
2.2 |
Միջին՝ 75% |
18.75 |
2.3 |
Ցածր՝ 50% |
12.5 |
3 |
Շենքում գտնվող մարդկանց (բնակիչ, սան, աշակերտ, ուսանող, մարզիկ, հիվանդ, աշխատող, հանդիսատես, այցելու և այլն) թվաքանակը (x0.2) |
|
3.1 |
մինչև 200՝ 50% |
10 |
3.2 |
200-500` 80% |
16 |
3.3 |
500-ից ավելի՝ 100% |
20 |
4 |
Շենքի կառուցման տարեթիվը (x0.1) |
|
4.1 |
Մինչև 1957 թվականը (ներառյալ) կառուցված՝ 60% (պայմանական ցուցանիշ) |
6 |
4.2 |
1958-1994 թվականներին (ներառյալ) կառուցված՝ 60%-75% (պայմանական ցուցանիշ) |
6-7.5 |
4.3 |
1995-2005 թվականներին (ներառյալ) կառուցված՝ 75%-80% (պայմանական ցուցանիշ) |
7.5-8.0 |
4.4 |
2006-2020 թվականներին (ներառյալ) կառուցված՝ 80%-90% (պայմանական ցուցանիշ) |
8.0-9.0 |
4.5 |
2021 թվականից հետո (ներառյալ) կառուցված՝ 90%-100% (պայմանական ցուցանիշ) |
9.0-10.0 |
5 |
Շենքում գտնվելու ժամանակահատվածը (x0.15) |
|
5.1 |
Կեսօրյա (12 ժամ)՝ 70% |
10.5 |
5.2 |
Շուրջօրյա (24 ժամ)՝ 100% |
15 |
29. Բոլոր բաղադրիչ 5 չափորոշիչների կշռային գնահատականների տոկոսներով արտահայտված հանրագումարը բնութագրում է շենքի կամ շինության սեյսմակայունության բարձրացման առաջնահերթության գնահատման ընդհանրացված ցուցանիշը: Առաջնահերթության կարգավիճակ ունեն առավելագույն կշռային գնահատական ստացած շենքերն ու շինությունները:
30. Ըստ ընդհանրացված (հաշվարկային) ցուցանիշի՝ տարբեր նշանակության շենքերի ու շինությունների սեյսմակայունության (երկրաշարժադիմացկունության) բարձրացման առաջնահերթությունը սահմանվում է N2 աղյուսակում բերված սանդղակի համաձայն.
Աղյուսակ N 2
Կշռային առավելագույն գնահատականը |
Առաջնահերթության մակարդակը |
75%-ից ավելի |
I |
50-75 |
II |
մինչև 50 |
III |
31. Ըստ առաջնահերթության շենքերի ու շինությունների սեյսմակայունության (երկրաշարժադիմացկունության) բարձրացման ծրագրերը պետք է իրականացվեն քաղաքաշինական և ճարտարապետական առանձնահատկությունների, կառուցապատման խտության, տարածքային զարգացման, բնակավայրերի և գործառական տարածքների գլխավոր հատակագծերի (ծրագրային այլ փաստաթղթերի), բնակավայրերի պատմամշակութային հիմնավորման նախագծերի, քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքների նկատմամբ սահմանված պահանջներին համապատասխան:
32. Սույն մեթոդաբանության համաձայն տարբեր նշանակության շենքերի ու շինությունների սեյսմակայունության (երկրաշարժադիմացկունության) բարձրացման ծրագրեր մշակելիս անհրաժեշտ է հաշվի առնել.
1) բնակավայրի կառուցապատման քաղաքաշինական խնդիրները,
2) շենքի կամ շինության դասակարգումը, որպես պատմության և մշակույթի անշարժ հուշարձան,
3) գործառական նշանակությունը,
4) ծավալահատակագծային և կոնստրուկտիվ լուծումները,
5) հետագա շահագործման ժամկետը և հնարավորությունը,
6) տարածքի ինժեներաերկրաբանական պայմանները:
33. Շենքերի ու շինությունների սեյսմակայունության (երկրաշարժադիմացկունության) բարձրացման միջոցառումների (վերականգնում, սեյսմազինվածության բարձրացում, ուժեղացում) ծրագրերի իրականացման ժամանակ պետք է նախատեսել և ապահովել ըստ նպատակային նշանակության շենքերի (շինությունների) շահագործման.
1) տեխնիկական անվտանգությունը,
2) հրդեհային անվտանգությունը,
3) մարդկանց կյանքի ու առողջության համար անվտանգ պայմանները,
4) հենաշարժային համակարգի խախտումներ (կամ հաշմանդամություն) ունեցող անձանց համար մատչելիությունը,
5) էներգաարդյունավետությունը,
6) շրջակա միջավայրի վրա ազդեցության անվտանգությունը:
34. Եթե գոյություն ունեցող շենքի կամ շինության սեյսմակայունության (երկրաշարժադիմացկունության) բարձրացման միջոցառումների (վերականգնում, սեյսմազինվածության բարձրացում, ուժեղացում) իրականացման համար պահանջվող ֆինանսական միջոցները գերազանցում են նմանատիպ շենքի կամ շինության կառուցման համար պահանջվող գումարի 75%-ը՝ բացառությամբ պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող շենքերի ու շինությունների, առավել նպատակահարմար է համարվում դրանց քանդումը և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ գործող շինարարական նորմերի պահանջներին համապատասխան նորերի կառուցումը:
35. Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները պահպանվում են անկախ վնասվածության աստիճանից և ենթակա են վերականգնման կամ նորոգման «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|