Գլխավոր տեղեկություն
Номер
N 37
Տիպ
Քաղվածք
Тип
Исходный акт (02.10.2013-01.01.2022)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.09.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.10.2013
Дата вступления в силу
02.10.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

19 սեպտեմբերի 2013 թվականի N 37

 

11. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ, ՑԱՆՑԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Հավանություն տալ Էլեկտրոնային առևտրի զարգացման, ցանցային պատրաստվածության և տեխնիկական հագեցվածության ծրագրին և ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցին` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հոկտեմբերի 2

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թ.

սեպտեմբերի 19-ի նիստի N 37

արձանագրային որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ, ՑԱՆՑԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆ

 

I.ՆԱԽԱԲԱՆ

 

XX դարի վերջին տասնամյակը դարձավ համաշխարհային տնտեսության մեջ արմատական փոփոխությունների շրջան` փոխելով տնտեսական արժեքների մասին ավանդական պատկերացումները: Այս փոփոխությունների համար խթան է հանդիսանում տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացումը, որը սերտ կապված է համաշխարհային տնտեսության հետ: Առևտրային գործարքների իրականացման գոյություն ունեցող տեխնոլոգիաները արմատապես փոխվել են: Ստեղծվել է բիզնեսի համար նոր էլեկտրոնային միջավայր «Էլեկտրոնային առևտուր»:

«Էլեկտրոնային առևտուր» հասկացությունը բնութագրում է Ինտերնետ ցանցի միջոցով իրականացվող ձեռնարկատիրական գործունեություն կամ ցանկացած գործարք, որը իրականացվում է էլեկտրոնային եղանակով տվյալների փոխանակմամբ և հանգեցնում է ապրանքների կամ ծառայությունների ամբողջական կամ մասնակի սեփականության իրավունքի փոխանցմանը:

Էլեկտրոնային առևտուրն անհրաժեշտ է դիտարկել ողջ հասարակական, քաղաքական ու տնտեսական կյանքի ընդհանուր գլոբալ թվայնացման գործընթացի համատեքստում:

Էլեկտրոնային առևտրի զարգացումը ինքնանպատակ չէ և օժանդակելու է Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական ենթակառուցվածքի շուկայում ժամանակակից պահանջների համապատասխանության խնդրի լուծմանը: Էլեկտրոնային առևտրի առավելությունը կայանում է նրանում, որ այն թույլ է տալիս մատակարարման ծախսերը կրճատել 20-30%-ով:

Էլեկտրոնային առևտրի հիմքում ընկած են առևտրային գործողությունների իրականացումը և տվյալների փոխանակման էլեկտրոնային եղանակով արտադրողական գործընթացների կառավարման նոր տեղեկատվական տեխնոլոգիաները:

Այն երկրներում, որտեղ էլեկտրոնային առևտուրը առավել զարգացած է (ԱՄՆ, Ճապոնիա և ԵՄ երկրներ), այդպիսի մոտեցումը մարմնավորվում է ձեռնարկությունների ռեսուրսների կառավարման համակարգի ստեղծման մեջ (Enterprise Resource Planning), որը դարձել է էլեկտրոնային առևտրի հիմնական ենթակառուցվածքը:

Համաշխարհային տնտեսության մեջ բարեհաջող ինտեգրացիայի համար Հայաստանը պարտավոր է հաշվի առնել առևտրի զարգացման ընդհանուր տենդենցները, այդ թվում` էլեկտրոնային առևտրի ոլորտում:

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման տեմպն ամբողջովին կախված է տնտեսության դրությունից, ինչքան բարձր են արտադրության տնտեսական արդյունավետության պահանջները, այնքան ավելի թափանցիկ են տնտեսական սուբյեկտների հարաբերությունները, ինչքան ավելի կոշտ է շուկայում մրցակցությունն այնքան արագ են զարգանում տեղեկատվական տեխնոլոգիաները:

 Էլեկտրոնային առևտրի միջազգային համակարգին Հայաստանի Հանրապետության ինտեգրումը հանդիսանում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջնահերթություններից մեկը, ինչը կխթանի առևտրային կազմակերպությունների, այդ թվում՝ բանկերի կողմից մատուցվող ծառայությունների զարգացումը:

Կարևորելով էլեկտրոնային առևտրի զարգացումը որպես գործարար միջավայրի բարելավման ուղիներից մեկը՝ 2012 թվականին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից աշխատանքներ են տարվել, ուղղված Հայաստանի Հանրապետության տարածքում մի շարք վճարային համակարգերի կողմից մատուցվող ծառայությունների ընդլայնման համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն: Այդ իսկ պատճառով ՀՀ կենտրոնական բանկի կողմից մի շարք հանդիպումներ են նախաձեռնվել, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ` հաշվի առնելով այն փաստը, որ Ռուսաստանի Դաշնությունը ԱՊՀ երկրներից առաջիններից էր, ում հաջողվել էր երկարատև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերել, համաձայն որի ՌԴ տարածքում գործող սուբյեկտներին հնարավորություն էր ընձեռվել օգտվելու PayPal համակարգի կողմից մատուցվող ծառայությունների ողջ փաթեթից (ապրանքների գնում և վաճառք):

Հայաստանի Հանրապետության բանկերի կողմից թողարկված Վիզա և Մաստեր քարտ միջազգային վճարային քարտերի քարտապանները նույնպես կարող են իրականացնել առևտուր համացանցում, այդ թվում նաև իրականցել վաճառք։ Հաշվի առնելով վերը նշվածը և այն, որ Հայաստանի Հանրապետությունում գործարարների և ֆիզիկական անձանց շրջանում օրեցօր աճում է հետաքրքրությունը էլեկտրոնային առևտրի նկատմամբ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը սկսել է բանակցությունները ««ՓԵՅՊԱԼ» (PayPal) ընկերության հետ՝ Հայաստանի Հանրապետությունում ընկերության կողմից մատուցվող ծառայությունների ընդլայնման վերաբերյալ, այն է՝ Հայաստանի Հանրապետությունում ««ՓԵՅՊԱԼ» (PayPal) ընկերության միջոցով իրականացնել ոչ միայն գնումներ, այլ նաև հնարավորություն ունենալ իրականացնել վաճառք։

ՀՀ կենտրոնական բանկը բանակցությունների գործընթաց է սկսել PayPal կազմակերպության ղեկավարության հետ և պատրաստակամություն հայտնել համագործակցելու Հայաստանում գործող տնտեսվարող սուբյեկտներին և ֆիզիկական անձանց PayPal համակարգում ապրանքների վաճառք իրականացնելու հնարավորություն ընձեռելու ուղղությամբ: Համաձայն PayPal կազմակերպության կողմից ներկայացված գրավոր տեղեկացման՝ համակարգի ներկայիս ռազմավարությունն ուղղված է նոր տարածաշրջաններ ներգրավելուն, որոնք ընդհանրապես ներգրավված չեն PayPal համակարգում (ոչ ապրանքների վաճառքի և ոչ էլ վճարումներ իրականացնելու իրավասություններով): Որպես ապագա նպատակ նախատեսվում է Հայաստանի նման կարգավիճակ ունեցող երկրներին (որոնք, ըստ ներկայացվածի, քիչ չեն) ապագայում հնարավորություն ընձեռել իրականացնելու նաև ապրանքների վաճառք:

Այնուամենայնիվ, այն ապագային միտված ռազմավարություն է, քանի որ ներկայումս PayPal կազմակերպության կողմից նախընտրությունը տրվում է նոր տարածաշրջաններ ներգրավելու քաղաքականությանը:

Այնուամենայնիվ, հաշվի առնելով ««ՓԵՅՊԱԼ» և նմանատիպ ծառայություններ մատուցող այլ ընկերությունների միջազգային վարկանիշը և ճանաչվածությունը՝ հայաստանյան շուկայում այդ ծառայությունների ընդլայնումը կամ ներդրումը մեծ խթան կհանդիսանան էլեկտրոնային առևտրի զարգացման համար։

Այնուամենայնիվ, Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացման տենդենցը դրական է: Գործարքների քանակը, որն իրականացվում է էլեկտրոնային տվյալների փոխանակման միջոցով, աճել է: Այս աճը, տեղեկատվական տեխնոլոգիաների հայկական հատվածի համար հանդիսանում է պահանջարկի և առաջարկի անդադար ավելացման հետևանք:

Բացի այդ, որպես այլընտրանքային տարբերակ, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ներկայումս բանակցային աշխատանքներ են տարվում մի շարք քարտային համակարգերի (Visa, MasterCard) ներկայացուցիչների հետ` համակարգերում նախատեսված ինտերնետ միջավայրում սպասարկում իրականացնելու (էքվայրինգի) արտոնագիր ստանալու գործընթացները պարզեցնելու ուղղությամբ: Վերջինս թույլ կտա Հայաստանում գործող առևտրային բանկերի (ներկայումս ՀՀ տարածքում գործող մեկ առևտրային բանկ արդեն իսկ մատուցում է ինտերնետում սպասարկելու իրավասություն) համար տվյալ արտոնագիր ստանալու գործընթացը համեմատաբար հեշտացնել և ստեղծել բարենպաստ պայմաններ էլեկտրոնային առևտրի զարգացման համար:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից վարվող անկանխիկ վճարումների զարգացմանն ուղղված քաղաքականության ներքո ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպություններին էլեկտրոնային փող թողարկելու հնարավորության ընձեռումը թույլ է տալիս մրցակցության բարենպաստ պայմաններ ստեղծել տնտեսվարող սուբյեկտների և ֆիզիկական անձանց համար` էլեկտրոնային առևտրի ոլորտում ծառայությունների մատուցման նպատակով:

 

II. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել `

ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1055-Ն որոշման N 1 հավելվածի 45-րդ կետը.

ՀՀ կառավարության 2010 թվականի փետրվարի 25-ի նիստի N 7 արձանագրային որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային հասարակության ձևավորման հայեցակարգը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում էլեկտրանային առևտրի զարգացման խնդիրը:

 

III. ԷԼԵԿՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԸ

 

Հայաստանի Հանրապետությունը գտնվում է համաշխարհային առևտրի կենտրոնից բավականին հեռու, սակայն էլեկտրոնային առևտրի զարգացման իրականությունն անհերքելի է: Հայաստանում Հանրապետությունում էլեկտրոնային առևտուրը նպաստում է տրասպորտի, լոգիստիկայի և այլ ծախսերի նվազեցմանը` խթանելով մարզերի զարգացումը, հատկապես հեռավոր մարզերի: Մարդը կարող է պատվիրել իրեն հետաքրքող ապրանքները և ծառայությունները, ինչպես նաև վաճառել իր ապրանքները և ծառայությունները` գտնվելով երկրի ցանկացած կետում:

 

Էլեկտրոնային առևտրի զարգացումը բացում է խոստումնալից հեռանկարներ այլ երկրներում հայրենական արտադրության և ծառայությունների արտահանման և այլ երկրներից ապրանքների և ծառայությունների ներմուծման համար: Հեռանկարային է գիտելիքի արտահանումը:

 

Էլեկտրոնային առևտրի ճիշտ զարգացման համար անհրաժեշտ է համապատասխան ենթակառուցվածք: Այսօր Հայաստանում որոշ հայեցակարգային տարրեր բացակայում են:

 

Այսօր գործող օրենսդրական բազան, որը կարգավորում է առևտրային գործունեությունը, կենտրոնացված է միայն ֆիզիկական առևտրի վրա:

 

Բացասական գործոն է հանդիսանում ինչպես մաքսային, այնպես էլ հարկային օրենսդրությունը, որն «ուղղված է» դեպի խոշոր ներմուծողների և արտահանողների իրավահարաբերությունների կարգավորմանը: Մաքսային միջնորդական (բրոքերային) և բեռների մշակման ծառայությունները կենտրոնացված է խոշոր ծավալի ներմուծման և արտահանման իրականացման ուղղությամբ: Մինչդեռ պետք է կանոնակարգել նաև փոքր ծավալ ունեցող բեռների տեղափոխության խնդիրը: Հետևաբար պետք է փոփոխություն կատարել ապրանքների ներմուծման և արտահանման գործող համարկարգերում: ՀՀ օրենսդրությամբ փոքր ծավալի և արժեքի ներմուծված ապրանքների մաքսազերծման համար անհրաժեշտ է դիմել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե և ներկայացնել մի շարք փաստաթղթեր: Որպես կանոն, էլեկտրոնային առևտրի շրջանակներում ապրանքի փոխադրումը իրականացվում է փոստային և սուրհանդակային ծառայություններով: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ներդնել հատուկ մաքսային հայտարարագրեր (СN22, CN23 և СР72), որի համար հիմք է հանդիսանում ապրանքի հաշիվ ապրանքագիրը:

 

Անհրաժեշտ է ընդունել նոր իրողություն` խրախուսել էլեկտրոնային առևտուրը, որը հանդիսանում է երրորդ հազարամյակի տնտեսության զարգացման փուլերից մեկը:

 

Առաջին հերթին հստակ սահմանել ինչ է «էլեկտրոնային առևտուր» հասկացությունը, ինչպես նաև օգտագործման իրավական պայմանները, որն անհրաժեշտ է նաև ամրագրել ոլորտը կարգավորող օրենսդրության մեջ:

 

Անհրաժեշտ է հաշվի առնել նաև սոցիալական գործոնը: Էլեկտրոնային առևտուրը կներգրավի այդ գործընթացի մեջ հազարավոր քաղաքացիների: Դա կլինի էական ներդրում զբաղվածության խնդրի լուծման մեջ և կնվազեցնի որակավորված տեխնիկական մասնագետների արտահոսքը Հայաստանի Հանրապետությունից:

 

IV. ԷԼԵԿՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Էլեկտրոնային առևտրի զարգացման հիմնական խնդիրներն են`

1. սահմանել «էլեկտրոնային առևտուր» հասկացությունը, ինչպես նաև օգտագործման իրավական պայմանները,

2. ՀՀ մաքսային, հարկային և վճարահաշվարկային օրենսդրության առնչվող խնդիրներ,

3. կանոնակարգել փոքր ծավալ ունեցող բեռների ներմուծման, արտահանման, մաքսազերծման և տեղափոխության խնդիրները,

4. անհրաժեշտ տեխնիկական և տեխնոլոգիական բազայի դինամիկ զարգացումը, ներառյալ` ժամանակակից տեղեկատվականան միջոցների և համակարգչային պրակտիկայում մեծ ներդրումների, հեռահաղորդակցության միջոցների և տեղեկատվական կապերի զարգացման մակարդակը,

5. գյուղական համայնքներում ֆինանսական գործարքների համար ենթակառուցվածքների (կանխիկացման և վճարման համակարգեր) ոչ լիարժեք զարգացվածությունը,

6. էլեկտրոնային առևտրի տեխնոլոգիաների օգտագործման նպատակով իրավական դաշտում առկա խնդիրների առկայությունը,

7. արդյունավետ բիզնեսի զարգացման համար պոտենցիալ պաշարների առկայությունը, որն առկա է էլեկտրոնային առևտրի շրջանակներից դուրս (ձեռնարկությունների ավտոմատացման, արտադրողականության, գործարքների կարգապահության ցածր աստիճան):

 

V. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

Ծրագրի իրականացման հիմնական նպատակներն են՝

1. մշակել պետական քաղաքականության հիմնական սկզբունքներ,

2. ստեղծել էլեկտրոնային առևտրին օժանդակելու համար ժամանակակից տեղեկատվական ենթակառուցվածքներ,

3. համաշխարհային տեղեկատվական և տնտեսական գործընթացներին Հայաստանի ինտեգրման աստիճանի բարձրացման անհրաժեշտությունը:

4. հայկական արտադրության ապրանքների մրցունակությունը համաշխարհային շուկայում բարձրացնելու նպատակով ընդհանուր առևտրային ծախսերի նվազեցման անհրաժեշտությունը, տնտեսական գործընթացների ընդհանրապես և մասնավորապես առևտրի կառավարման բարելավումը, հսկողության լավացումը և պետական բյուջեի հետաքրքրության շրջանակներում հարկային մարմինների կողմից առևտրային գործողությունների վերահսկողության անհրաժեշտ աստիճանի ձեռքբերումը:

5. խթանել ապրանքների և ծառայությունների արտահանմանը,

6. կատարելագործել էլեկտրոնային առևտրի ոլորտում իրավական և օրենսդրական դաշտը,

7. էլեկտրոնային առևտրի գործարքների իրականացման նպատակով՝ նույնականացման քարտերի կիրառման գործընթացի վերաբերյալ լուծումների մշակում և հավաստագրման կենտրոնների դերի սահմանում,

8. էլեկտրոնային առևտրի զարգացման ճանապարհին վարչական խոչընդոտների հաղթահարումը,

9. Հայաստանի Հանրապետությունում ստեղծել բարենպաստ միջավայր էլեկտրոնային առևտրի կայուն զարգացման համար,

10. օժանդակել փոքր և միջին ձեռնարկատիրությանը ժամանակակից տեխնոլոգիաներ մշակելու և ներդնելու համար,

11. էլեկտրոնային առևտրի զարգացման համար ֆինանսավորման առաջնահերթությունները,

12. պետական կառավարման մարմինների, հասարակական և մասնավոր սեկտորի ջանքերի համատեղում,

13. էլեկտրոնային առևտրի սուբյեկտներին մեթոդաբանական, տեղեկատվական, խորհրդատվական, կրթական և իրավաբանական աջակցություն` հատկապես փոքր և միջին կազմակերպությունների համար և օժանդակում այդ ձեռնարկությունների արտաքին առևտրի ընդլայնմանը,

14. աջակցել արտաքին շուկաներում հայական արտադրանքի ճանաչմանը,

15. աջակցել էլեկտրոնային առևտրի բնագավառում օտարերկրյա ներդրումների ներգրավմանը,

16. աջակցել էլեկտրոնային առևտրի ոլորտում անձնակազմի ուսուցման և վերապատրաստման աշխատանքներին,

17. ապահովել ֆինանսական գործարքների իրականացման անվտանգության մակարդակը:

 

VI. ՑԱՆՑԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Էլեկտրոնային առևտրի զարգացման համար հիմնական պայմաններից է անվտանգ և հուսալի ինտերնետ կապի ապահովումը: Որքան մեծ է ինտերնետ ցանցի հասանելիությունը, այնքան մեծ է էլեկտրոնային առևտրի հեռանկարների աճը և արտոնությունները:

Հաշվի առնելով տեղեկատվական համակարգերի զարգացման տեմպերը` պարզ է դառնում, որ ոլորտի զարգացմանն անհրաժեշտ է պետական աջակցություն: Սակայն այդ համակարգերի զարգացումը չափազանց մեծ ծավալի կապիտալ ներդրումներ է պահանջում և պետությունը պետք է համագործակցի մասնավոր կազմակերպությունների հետ: Ուստի պետությունը պետք է սահմանափակի իր մասնակցությունը և միայն բարենպաստ պայմաններ ստեղծի ազգային Ինտերնետ ցանցի զարգացման համար:

Ցանցերի ենթակառուցվածքներում ներդրումների ծավալների ավելացումը չի նշանակում պարզապես հեռահաղորդակցության հնարավորությունների ընդլայնում, այլ նաև նոր հնարավորություններ և մրցակցություն: Ենթակառուցվածքների զարգացումը կհանգեցնի ավելի ցածր գների և ցանցային ռեսուրսներից օգտվողների նոր խմբերի ավելի մեծ հոսքի: Ինտերնետի գործունեությունը կախված է նաև նոր տեխնոլոգիաներից, որն անմիջականորեն կապված է մրցակցության հետ:

Ներկայումս Հայաստանի Հանրապետության հեռահաղորդակցության ոլորտը կարգավորվում է բազմաթիվ իրավական ակտերով, որի հիման վրա վերջին տարիներին մատուցվող ծառայությունների սակագներն իջել են, սակայն անհրաժեշտ է բարձրացնել ցանցերի հուսալիությունը և տեղեկատվության փոխանակման անվտանգությունը, քանի որ էլեկտրոնային առևտուրը ենթադրում է առցանց ֆինանսական գործարքներ:

 

VII. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Իրավական դաշտի բարելավումը

Էլեկտրոնային առևտրի իրականացման համար անհրաժեշտ պայման է հանդիսանում օրենսդրական-իրավական դաշտի կատարելագործումը: Ազգային և միջազգային գործող օրենսդրության փորձաքննությունը հնարավորություն կտա էլեկտրոնային առևտրի ոլորտում մշակել նոր իրավական ակտեր, որը կկանոնակարգի չկարգավորված հարաբերությունները.

1) Կատարել օրենսդրական փոփոխություններ ոլորտը կանոնակարգող օրենսդրական ակտերում` ներառյալ քրեական և վարչական օրենսդրությանը,

2) Էլեկտրոնային տարբերակով գործարքների իրականացման նպատակով Էլեկտրոնային առևտրի ոլորտում չափորոշիչների մշակում և ներդրում,

3) Էլեկտրոնային առևտրի դեպքում միջազգային վճարահաշվարկային համակարգերի կողմից տրված փաստաթղթերը որպես ծախսագրման փաստաթղթեր ընդունելու մեխանիզմների ներդրում,

4) վաճառողների և գնորդների իրավունքների պաշտպանության նպատակով Էլեկտրոնային առևտրի ոլորտում չափորոշիչների մշակում և ներդրում:

 

2. Էլեկտրոնային առևտրի ենթակառուցվածքների զարգացումը

Էլեկտրոնային առևտրի ենթակառուցվածքների զարգացումն իրականացվում է հետևյալ ուղություններով՝

1) էլեկտրոնային առևտրի գործարքների ինտերգրում նույնականացման քարտերի և հավաստագրման կենտրոնի լուծումների հետ,

2) այլ պետություներում էլեկտրոնային ստորագրության ճանաչելիության ընդլայնում,

3) ինտերնետ բանկային ծառայությունների (հաշվի հեռահար կառավարման) կատարելագործում,

4) Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում (բանկային) վճարային քարտերի համատարած ներդրման ապահովում,

5) էլեկտրոնային առևտրի ոլորտում էլեկտրոնային փողերի կիրառման համար խթանիչ պայմանների ստեղծում,

6) էլեկտրոնային ապահովագրության համակարգի մշակում և ներդրում, ներառյալ էլեկտրոնային առևտրի իրականացման ժամանակ Ինտերնետ – ապահովագրությունը,

7) փոստային և տրանսպորտային ծառայությունների ընդլայնում, ներառյալ ապրանքների տեղաշարժման էլեկտրոնային հսկման համակարգի ներդրումը:

 

3. Հայրենական արտադրության ապրանքների և ծառայությունների տվյալների բազաների ձևավորումը և զարգացումը

Էլեկտրոնային առևտրի արդյունավետ կիրառումն ապահովելու նպատակով, ինչպես նաև ապրանքների և ծառայությունների միասնական տվյալների բազայի համակարգի մշակման համար անհրաժեշտ է՝

1) տնտեսության ոլորտի ապրանքների և ծառայությունների տվյալների բազայի ստեղծում և արդիականացում,

2) բոլոր տնտեսվարող սուբյեկտների և ֆիզիկական անձանց մուտքի ապահովում դեպի տվյալների բազա,

3) տվյալների բազայում առևտրային տեղեկատվության որոնման համակարգի ձևավորում,

4) էլեկտրոնային տեղեկատվական - մարկետինգային կենտրոնների համակարգի ձևավորում:

 

4. Էլեկտրոնային առևտրի պետական օժանդակությունը և խթանումը

Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային առևտրի իրականացման համար անհրաժեշտ պայման է հանդիսանում էլեկտրոնային առևտրի զարգացման համար խթանող պայմանների ստեղծումը, ինչը ենթադրում է նաև մշակել և ներդնել էլեկտրոնային առևտրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար մաքսային պարզեցված ընթացակարգեր: Նպաստել էլեկտրոնային առևտուր իրականացնելու համար ստեղծված ենթակառուցվածքների զարգացմանը, այդ թվում երկարաժամկետ վարկերի ներգրավմամբ, որն անհրաժեշտ է այդ ոլորտի զարգացման համար:

 

VIII. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

 

Ծրագրի իրականացման շրջանակներում անհրաժեշտ է.

1. կատարել վերլուծություն հետևյալ ուղղություններով.

ա) վերլուծել միջազգային կանոնների և նորմերի տեղայնացման խնդիրը,

բ) էլեկտրոնային առևտրի համակարգի զարգացման ուղղությունները,

գ) էլեկտրոնային առևտրի ծառայությունների մատուցման նպատակով կանոնակարգել տեղեկատվական և հեռահաղորդակցության ծառայությունների մատուցման շուկան,

դ) էլեկտրոնային առևտրի ոլորտում էլեկտրոնային փողերի կիրառման ներդնում:

2. ձևավորել ոլորտը կարգավորող դաշտը, որն անհրաժեշտ է էլեկտրոնային առևտրի ներդրման և զարգացման համար,

3. աջակցել էլեկտրոնային առևտրի ենթակառուցվածքների զարգացմանը,

4. աջակցել Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում էլեկտրոնային առևտրի զարգացմանը:

5. Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում էլեկտրոնային առևտրի զարգացման նպատակով ապահովել տրանսպորտային ցանցերի հասանելիությունը Հայաստանի Հանրապետության մարզային կենտրոններում:

6. մշակել կանոներ էլեկտրոնային խանութների և սրահների կազմակերպման համար,

7. աջակցել արտաքին առևտրային տեղեկատվական պորտալների և էլեկտրոնային բիզնես ինկուբատորների ստեղծման և զարգացմանը,

8. մշակել էլեկտրոնային ապահովագրական համակարգեր, ներառյալ` էլեկտրոնային առևտուր իրականացնելու դեպքում Ինտերնետ-ապահովագրությունը,

9. ստեղծել ծրագիր փոստային ենթակառուցվածքների օգտագործմամբ էլեկտրոնային առևտրի իրականացման համար,

10. ունենալով ազգային և միջազգային էլեկտրոնային առևտրի ենթակառուցվածքները օգտագործելու թույլտվություն` շարունակել էլեկտրոնային առևտրի կայուն զարգացման աշխատանքները` ներառելով էլեկտրոնային առևտրի օգտվողների լայն շրջանակ:

11. Բոլոր միջազգային և առևտրային միջնորդական կապերին մասնակցելու նպատակով, դեպի համաշխարհային տնտեսական համայնք Հայաստանի Հանրապետության պատշաճ մուտքը ապահովելու համար իրականացնել արտահանման ապրանքների և ծառայությունների ծավալների աճ:

 

IX. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Ծրագրով նախատեսված միջոցառումների իրագործման ֆինանսավորման աղբյուր են հանդիսանալու դոնոր կազմակերպությունների և էլեկտրոնային առևտրային գործունեություն իրականացող կազմակերպութունների կողմից ներդրված ֆինանսական միջոցները:

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թ.

սեպտեմբերի 19-ի նիստի N 37

արձանագրային որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ, ՑԱՆՑԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

N

Անհրաժեշտ միջոցառումներ

Կատարման պատասխանատու

Կատարման ժամկետ

Ֆինանսավորման աղբյուրները

Ակնկալվող արդյունք

1

Էլեկտրոնային առևտրի ոլորտի միջազգային փորձի ուսումնասիրություն և արդյունքների ներկայացում ՀՀ կառավարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն,

 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն,

«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ԻԱՄ

 (համաձայնությամբ)

2013թ.

հոկտեմբերի

 III-րդ տասնօրյակ

ֆինանսական միջոցներ չի պահանջվում

Նյութ` միջազգային փորձի վերլուծություն

2

Էլեկտրոնային առևտրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար մաքսային պարզեցված ընթացակարգերի մշակում և ներդնում

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե,

ՀՀ ֆինանսների նախարարությանը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն,

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2013թ.

 IV-րդ եռամսյակ

ֆինանսական միջոցներ չի պահանջվում

մաքսային պարզեցված ընթացակարգերի ներդրում

3

Էլեկտրոնային առևտրի զարգացման նպատակով ցանցային ենթակառուցվածքների զարգացման միջոցառումների իրականացում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն,

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն,

«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ԻԱՄ

(համաձայնությամբ)

2013թ.

 IV-րդ եռամսյակ

ֆինանսական միջոցներ չի պահանջվում

Նյութ`

Փաստատթուղթ՝ հաշվետվություն

4

Կայքերի անվտանգության, փոխգործելիության և ինտեգրման նվազագույն պահանջների սահմանում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն,

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն,

«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ԻԱՄ

(համաձայնությամբ)

2013թ.

 IV-րդ եռամսյակ

ֆինանսական միջոցներ չի պահանջվում

Նյութ`

Արձանագրային որոշման նախագիծ

5

Էլեկտրոնային առևտրի գործարքների ինտերգրումը նույնականացման քարտերի և հավաստագրման կենտրոնի լուծումների հետ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն,

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն,

«Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ (համաձայնությամբ)

2013թ.

 IV-րդ եռամսյակ

ֆինանսական միջոցներ չի պահանջվում

Էլեկտրոնային առևտրի գործարքների իրականացում էլեկտրոնային ստորագրությամբ

6

Հայրենական արտադրության ապրանքների շտեմարանի ստեղծում և զարգացում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն,

«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ,

«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ԻԱՄ

(համաձայնությամբ),

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ

(համաձայնությամբ)

2013թ.

 IV-րդ եռամսյակ

ֆինանսական միջոցներ չի պահանջվում

ապրանքների և ծառայությունների տվյալների բազաի ստեղծում

7

Հետազոտել էլեկտրոնային առևտրի ապահովագրման կիրառությունը միջազգային պրակտիկայում, մշակել և ներկայացնել հնարավոր մոտեցումները

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ),

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն,

 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

2013թ.

 IV-րդ եռամսյակ

օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ

Էլեկտրոնային առևտրի ապահովագրության համակարգի վերաբերյալ մոտեցումների ներկայացում

8

ՀՀ ԿԱ ՊԵԿ-ում CN22, CN23, CP72 և այլ անհրաժեշտ հայտարարագրերի մշակման և հաշվառման էլեկտրոնային համակարգի ներդրում

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե,

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն,

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2014թ.

 II-րդ եռամսյակ

օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ

հայտարարագրերի էլեկտրոնային համակարգ