ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
22 մարտի 2021 թ. |
N 15-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել էլեկտրոնային առողջապահության համակարգից օգտվողների վերապատրաստման կարգը` համաձայն Հավելվածի:
2. ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրենին` ապահովել վերապատրաստումների կազմակերպումը և իրականացումը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Հավելված Առողջապահության նախարարի 2021 թվականի մարտի 22-ի N 15-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են էլեկտրոնային առողջապահության համակարգից (այսուհետ` Համակարգ) օգտվողների վերապատրաստման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի համաձայն վերապատրաստվողներ են համարվում`
1) Հայաստանի Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (այսուհետ` Կազմակերպություններ) տնօրենները, բուժգծով փոխտնօրենները և բաժանմունքի վարիչները.
2) Կազմակերպությունների այն ավագ բուժաշխատողները, որոնք վարում և շրջանառում են բժշկական փաստաթղթեր, այդ թվում` էլեկտրոնային առողջապահության համակարգում:
3. Դասընթացների կազմակերպման մասին ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն (այսուհետ` ԱԱԻ) պաշտոնական փաստաթղթաշրջանառության մալբրի համակարգի կամ էլեկտրոնային փոստի միջոցով ծանուցում է Երևանի քաղաքապետարանին, ՀՀ մարզպետարաններին և Կազմակերպություններին` մեկնարկից մեկ ամիս առաջ։
4. Դասընթացների կազմակերպման վերաբերյալ հայտարարություն է տեղադրվում ԱԱԻ-ի պաշտոնական կայքում` մեկնարկից 15 օր առաջ:
5. Դասընթացների կազմակերպման մասին ծանուցումը ստանալուց հետո առավելագույնը 15 աշխատանքային օրվա ընթացքում Երևանի քաղաքապետարանը, ՀՀ մարզպետարանները և Կազմակերպությունները, յուրաքանչյուրն իր մասով, ձևավորում և էլեկտրոնային փոստի միջոցով ներկայացնում է դասընթացի մասնակցության հայտ՝ նշելով Դասընթացին մասնակցող անձի անունը, ազգանունը, էլեկտրոնային փոստը, հեռախոսահամարը, մասնագիտացումը, Կազմակերպության անվանումը, որտեղ աշխատում է վերապատրաստվողը և տվյալ Կազմակերպությունում նրա զբաղեցրած պաշտոնը:
6. Վերապատրաստման դասընթացները (այսուհետ` Դասընթացներ) լինում են`
1) հիմնական, որոնք կազմակերպվում են Համակարգին չտիրապետող օգտվողների համար,
2) շարունակական դասընթացներ, որոնք կազմակերպվում են Համակարգի յուրաքանչյուր նոր հավելվածի ներդրման դեպքում՝ հիմնական Դասընթացն անցած օգտվողների համար:
7. Յուրաքանչյուր նոր աշխատակցի համար, ով չի մասնակցել սույն կարգով սահմանված հիմնական դասընթացին, Կազմակերպությունների կողմից, հերթական հիմնական դասընթացներում ներգրավելու նպատակով ներկայացվում է դասընթացի մասնակցության նոր հայտ՝ սույն Հավելվածով սահմանված կարգով:
8. Դասընթացներն իրականացվում են էլեկտրոնային առողջապահության օպերատորի կողմից (այսուհետ` Օպերատոր) տրամադրված տեսաուղեցույցերի և Օպերատորի կողմից տրամադրված` Համակարգի դասընթացի համար նախատեսված ծրագրի միջոցով:
9. Վերապատրաստվողների մասնակցության մասին ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից գրավոր տեղեկացվում է համապատասխան Կազմակերպություններին և մասնակիցներին տրվում է վկայագիր:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 մարտի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|