Գլխավոր տեղեկություն
Номер
N 14-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (13.10.2020-17.03.2023)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2013.05.02/13(457).1 Հոդ.143.9
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
09.04.2013
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
09.04.2013
Дата вступления в силу
12.05.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 ապրիլի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 10013168

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

9 ապրիլի 2013 թ.  

ք. Երևան

N 14-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱՂԻՔԱՅԻՆ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ» N 3.1.1.-027-2013 ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 348 ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝

(նախաբանը խմբ. 03.10.20 N 29-Ն)

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել.

1) «Աղիքային վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հսկողություն» N 3.1.1.-027-2013 սանիտարահամաճարակաբանական կանոնները և նորմերը` համաձայն հավելված 1-ի,

2) «0-3 տարեկան երեխայի առողջական վիճակի դիտարկման մատյանը» (Ձև 1)` համաձայն հավելված 2-ի,

3) «Կենսաբանական նյութի նմուշառմանը և մանրէաբանական հետազոտության համար լաբորատորիա տեղափոխմանը ներկայացվող պահանջներ»` համաձայն հավելված 3-ի,

4) «Նմուշառված կենսաբանական նյութի (կղանք, արյուն, մեզ, լեղի, փսխման զանգված, ստամոքսի լվացման ջրեր), դիակային նյութի աղիքային վարակիչ հիվանդությունների հարուցիչների նկատմամբ լաբորատոր հետազոտության ուղեգիրը» (Ձև 2)` համաձայն հավելված 4-ի,

5) «Աղիքային վարակիչ հիվանդություններով հիվանդների հոսպիտալացման ցուցումները»` համաձայն հավելված 5-ի,

6) «Հիվանդանոցային և արտահիվանդանոցային ձևերով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից աղիքային վարակիչ հիվանդությունների կասկածելի/հաստատված դեպքերի, վարակակիրների օջախներում իրականացվող միջոցառումների ալգորիթմը» (Ձև 3)` համաձայն հավելված 6-ի,

7) «Բակային համայցի մատյանը» (Ձև 4)` համաձայն հավելված 7-ի,

8) «Բակային համայցի մասին հաղորդման թերթիկը» (Ձև 5)` համաձայն հավելված 8-ի,

9) «Աղիքային վարակիչ հիվանդությամբ հիվանդի հետ շփված բուժանձնակազմի առողջության մոնիթորինգի թերթիկը» (Ձև 6)` համաձայն հավելված 9-ի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2003 թվականի մայիսի 15-ի «Որովայնային տիֆի և պարատիֆերի համաճարակաբանական հսկողություն և կանխարգելում» N 3.1.1-002-03 սանիտարահակահամաճարակային կանոնները հաստատելու մասին» N 348 հրամանը:

 

 

Դ. Դումանյան

 

 

Հավելված 1

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թվականի ապրիլի 9-ի

թիվ 14-Ն հրամանի

 

ԱՂԻՔԱՅԻՆ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

N 3.1.1.-027-2013 ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ

 

ԲԱԺԻՆ 1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ

 

1. Սույն սանիտարահամաճարակաբանական կանոնները և նորմերը (այսուհետև՝ Կանոններ) նախատեսված են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող հիվանդանոցային և արտահիվանդանոցային ձևերով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների, առողջարանային-վերականգնողական, ուսումնական հաստատությունների, մանկատների, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունների, տուն-ինտերնատների համար:

2. Սույն Կանոններով սահմանվում են աղիքային վարակիչ հիվանդություններով հիվանդների հայտնաբերմանը, ախտորոշմանը, դեպքերի հաշվառմանը և հաշվետվությանը, հիվանդների հոսպիտալացմանը, հիվանդության օջախում իրականացվող միջոցառումներին, հիվանդանոցից հիվանդի դուրս գրմանը, շարունակական (դիսպանսեր) հսկողությանը, աղիքային վարակիչ հիվանդություններից առողջացածներին, վարակակիրներին աշխատանքի և ուսման վայր թույլատրելուն ներկայացվող պահանջները:

 

ԲԱԺԻՆ 2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

3. Աղիքային վարակիչ հիվանդությունները կղանքաբերանային (ֆեկալ օռալ) մեխանիզմով փոխանցվող վարակիչ հիվանդությունների խումբ են (Ա00-Ա09` համաձայն «Հայաստանի Հանրապետության դասակարգիչը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2005 թվականի մարտի 31-ի N 67-Ն հրամանի).

1) որոնք տարածվում են սննդային, ջրային, կենցաղկոնտակտային ուղիներով,

2) որոնք հարուցվում են մանրէների, վիրուսների և միաբջիջների (մակաբույծների) կողմից,

3) որոնց վարակի աղբյուրը հիվանդն ու մանրէակիրն են: Պարատիֆ Բ-ի վարակի աղբյուր կարող են հանդիսանալ նաև որոշ կենդանիներ և թռչուններ (մատղաշ եղջերավոր անասուններ, ճուտիկներ):

4. Աղիքային վարակիչ հիվանդությունների համաճարակային գործընթացը դրսևորվում է սպորադիկ դեպքերի, բռնկման, համաճարակի, պանդեմիայի ձևով:

5. Մանրէային, մակաբուծային ծագման աղիքային վարակիչ հիվանդությունների մեծ մասին բնորոշ է ամառ-աշնանային սեզոնայնությունը, վիրուսային ծագման աղիքային վարակիչ հիվանդություններին` ձմեռ-գարնանային:

6. Աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքերի արձանագրման ժամանակ դրանց տարածման կանխարգելման նպատակով անհապաղ իրականացվում են կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ` չսպասելով ախտորոշման լաբորատոր հաստատմանը:

7. Աղիքային վարակիչ հիվանդության ախտորոշումը հաստատվելուց հետո, միջոցառումների կազմակերպման և իրականացման ժամանակ հաշվի են առնվում վարակիչ հիվանդությունների տվյալ նոզոլոգիական ձևի համաճարակաբանական առանձնահատկությունները:

 

ԲԱԺԻՆ 3. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՎԱՐԱԿԻ ԱՂԲՅՈՒՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

 

ԳԼՈՒԽ 1. ԱՂԻՔԱՅԻՆ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄ

 

8. Ամբուլատոր և հիվանդանոցային ընդունելությունների, տնային կանչերի, լաբորատոր հետազոտությունների, դիսպանսերացման և այլ դեպքերում բուժաշխատողի կողմից անձի մոտ կասկածվում է աղիքային վարակիչ հիվանդության առկայություն, եթե դեպքը համապատասխանում է աղիքային վարակիչ հիվանդությունների ստանդարտ բնորոշումներին համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 31-Ն, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2012 թվականի հունվարի 11-ի թիվ 02-Ն, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 258-Ն, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 301-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի 2011 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 325-Ն «Կենսաբանական, քիմիական և ճառագայթային գործոններով պայմանավորված «Հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ» ներկայացնող դեպք` երևույթների (վարակիչ հիվանդությունների, թունավորումների, ճառագայթային ախտահարումների դեպքեր) ստանդարտ բնորոշումները հաստատելու մասին» համատեղ հրամանի հավելվածի 13-րդ գլխի (այսուհետ` Ստանդարտ բնորոշումներ):

9. Աղիքային վարակիչ հիվանդություններով հիվանդների վաղ հայտնաբերման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն որոշմամբ հաստատված «Այն գործողության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր բժշկական զննության, և բժշկական զննության ծավալի ու հաճախականության ցանկ»-ում (այսուհետ` Ցանկ) ներառված գործունեության ոլորտներում աշխատողներն աշխատանքի ընդունվելիս, այնուհետև` նույն որոշմամբ սահմանված պարբերականությամբ, ինչպես նաև համաճարակաբանական ցուցման դեպքում ենթարկվում են կղանքի միանվագ մանրէաբանական հետազոտության էնտերոախտածին մանրէների նկատմամբ:

10. Նախադպրոցական ուսումնական հաստատություն, մանկատուն, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն, առողջարանային-վերականգնողական հաստատություն հաճախող մինչև 3 տարեկան երեխաների շրջանում աղիքային վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերման նպատակով տվյալ հաստատության բուժաշխատողի կողմից իրականացվում է.

1) երեխայի ընդհանուր վիճակի, կղանքի բնույթի և հաճախականության վերաբերյալ ամենօրյա առավոտյան հարցում,

2) օրվա ընթացքում երեխայի առողջական վիճակի շարունակական դիտարկում,

3) հարցման, դիտարկման արդյունքների արձանագրում սույն հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված` «0-3 տարեկան երեխայի առողջական վիճակի դիտարկման մատյան»-ում (Ձև 1)` համաձայն հավելված 2-ի:

11. Աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ գանգատներով երեխաներն անհապաղ մեկուսացվում են և ենթարկվում տվյալ հաստատության բժշկի կողմից հսկողության: Անհրաժեշտության դեպքում կազմակերպվում է կղանքի նմուշառում` լաբորատոր (մանրէաբանական, վիրուսաբանական, մակաբուծաբանական) հետազոտություններ իրականացնելու նպատակով: Ցուցման դեպքում երեխան հոսպիտալացվում է:

12. Հոգեբուժական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ, տուն ինտերնատներ, գիշերօթիկ հաստատություններ, ինչպես նաև շուրջօրյա կեցության այլ փակ տիպի կազմակերպություններ ընդունվելուց առաջ քրոնիկ հոգեկան խանգարումներով և կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություններով տառապող անձինք ենթարկվում են կղանքի միանվագ մանրէաբանական և մակաբուծաբանական հետազոտության աղիքային վարակիչ հիվանդություններ առաջացնող ախտածին հարուցիչների, միաբջիջ նախակենդանիների նկատմամբ:

 

ԳԼՈՒԽ 2. ԱՂԻՔԱՅԻՆ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ՀԻՎԱՆԴԻ/ԿԱՍԿԱԾԵԼԻԻ ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

13. Աղիքային վարակիչ հիվանդությունների ախտորոշումն իրականացվում է հետևյալ ցուցանիշների հիման վրա.

1) կլինիկական նկարագիր,

2) համաճարակաբանական ցուցանիշ,

3) լաբորատոր ցուցանիշ:

14. Ախտորոշման համաճարակաբանական ցուցանիշները ներառում են.

1) համաճարակաբանական վերհուշի առկայություն.

ա. շփում աղիքային վարակիչ հիվանդություններով հիվանդի կամ վարակակրի հետ,

բ. աղիքային վարակիչ հիվանդությամբ հիվանդացումը նախկինում:

15. Ախտորոշման լաբորատոր ցուցանիշները ներառում են.

1) հարուցչի (մանրէի, վիրուսի, մակաբույծի) անջատում (մանրէաբանական, վիրուսաբանական, մակաբուծաբանական մեթոդներով),

2) հարուցչի կամ տոքսինի դեզօքսիռիբոնուկլեական թթվի (ԴՆԹ) կամ ռիբոնուկլեական թթվի (ՌՆԹ) անջատում պոլիմերազային շղթայական ռեակցիայի (այսուհետ` ՊՇՌ) մեթոդներով,

3) իմունագլոբուլինների, հակամարմինների կամ տոքսինների հայտնաբերում շճաբանական և իմունաբանական մեթոդներով:

16. Լաբորատոր հետազոտությունը կատարվում է աղիքային վարակիչ հիվանդությունների հարուցիչների հայտնաբերման, մանրէների տիպավորման, հակաբիոտիկների նկատմամբ զգայունության որոշման, աղիքային վարակիչ հիվանդության դեպքի հաստատման նպատակով:

17. Լաբորատոր հետազոտության ենթարկվում են.

1) աղիքային վարակիչ հիվանդությունների կասկածով անձինք, ովքեր համապատասխանում են Ստանդարտ բնորոշումներին,

2) Ցանկում նախատեսված կազմակերպություններում աշխատողները` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն որոշմամբ սահմանված ժամանակացույցի,

3) աղիքային վարակիչ հիվանդություններից կամ դրանց կասկածից մահացածներից վերցված դիակային նյութը,

4) 5 և ավելի օր տևող անհայտ տենդով անձինք` որովայնային տիֆի և պարատիֆերի նկատմամբ,

5) հիվանդանոցային ձևով բժշկական օգնություն իրականացնող կազմակերպությունից դուրս գրված աղիքային վարակիչ հիվանդություններից առողջացածներ (ռեկովալեսցենտները) դիսպանսեր հսկողության ընթացքում։

18. Լաբորատոր հետազոտման համար հիվանդից կենսաբանական նյութի (կղանք, արյուն, մեզ, լեղի, փսխման զանգված, ստամոքսի լվացման ջրեր) նմուշառումը կազմակերպվում է անմիջապես` մինչև պատճառագիտական բուժման սկսվելը, աղիքային վարակիչ հիվանդությունն առաջնակի ախտորոշող բժշկի (բուժաշխատողի) կողմից համաձայն սույն հրամանի 1 կետի 3-րդ ենթակետով հաստատված հավելված 3-ի:

19. Նմուշը լաբորատորիա է ուղեկցվում սույն հրամանի 1-ին կետի 4-րդ ենթակետով հաստատված «Նմուշառված կենսաբանական նյութի (կղանք, արյուն, մեզ, լեղի, փսխման զանգված, ստամոքսի լվացման ջրեր), դիակային նյութի աղիքային վարակիչ հիվանդությունների հարուցիչների նկատմամբ լաբորատոր հետազոտության ուղեգրով» (Ձև 2)` համաձայն հավելված 4-ի:

20. Լաբորատոր հետազոտությունները կատարվում են հիվանդանոցային և արտահիվանդանոցային ձևերով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների մանրէաբանական, վիրուսաբանական, մակաբուծաբանական, շճաբանական, ՊՇՌ (պոլիմերազային շղթայական ռեակցիայի) կամ մասնագիտացված այլ լաբորատորիաներում, դրանց բացակայության դեպքում` բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակն իրականացնելու համար լիցենզավորված կազմակերպությունում` պայմանագրային կարգով:

21. Հիվանդի հոսպիտալացումը որոշվում է աղիքային վարակիչ հիվանդության առաջնակի ախտորոշման ժամանակ:

22. Հիվանդը հոսպիտալացվում է կլինիկական և համաճարակաբանական ցուցումներով համաձայն սույն հրամանի 1-ին կետի 5-րդ ենթակետով հաստատված հավելված 5-ի, ինչպես նաև` խոլերա, որովայնային տիֆ առաջնակի ախտորոշումների ժամանակ:

23. Աղիքային վարակիչ հիվանդություններով հիվանդները հոսպիտալացվում են ինֆեկցիոն մասնագիտացում ունեցող հիվանդանոցներում, բազմապրոֆիլ հիվանդանոցների ինֆեկցիոն բաժանմունքներում, բոքսային հիվանդասենյակներում, կլինիկական ցուցումներով` վերակենդանացման բաժանմունքների բոքս-մեկուսարաններում:

 

ԳԼՈՒԽ 3. ԱՂԻՔԱՅԻՆ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ

 

24. Աղիքային վարակիչ հիվանդությունների կասկածելի, վարակակրության դեպքերը, քրոնիկ ձևերի ախտադարձերն, աղիքային վարակիչ հիվանդություններից կամ դրանց կասկածից մահվան դեպքերն անհատապես հաշվառվում և հաղորդվում են (ընթացիկ և արտահերթ) Հայաստանի Հանրապետություն առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի N 35-Ն հրամանով հաստատված «Վարակիչ հիվանդությունների «Իրական ժամանակում» էլեկտրոնային համաճարակաբանական հսկողություն սանիտարահամաճարակային նորմեր և կանոններ ՍԿ 3.1.1-018-10»-ին համապատասխան:

25. Աղիքային վարակիչ հիվանդություններին առնչվող բոլոր բժշկական տվյալները` ներառյալ համաճարակաբանական վերհուշը (անամնեզը), գրանցվում են հիմնական բժշկական փաստաթղթերում` հիվանդանոցային և արտահիվանդանոցային ձևերով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների պրոֆիլին համապատասխան («Ամբուլատոր հիվանդի բժշկական քարտ», «Երեխայի բուժհսկողության քարտ», «Հիվանդության պատմություն» և այլն):

26. Աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքերի հաշվառման, ինչպես նաև դրանց մասին ժամանակին և օպերատիվ հաղորդման համար պատասխանատուն բժշկական սպասարկում և օգնություն իրականացնող կազմակերպության ղեկավարն է:

 

ԳԼՈՒԽ 4. ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՂԻՔԱՅԻՆ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՕՋԱԽՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

27. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության վարակիչ հիվանդություններով հիվանդի, կասկածելիի, վարակակրի օջախներում (ընտանեկան և կազմակերպ) իրականացվում են միջոցառումներ սույն հրամանի 1-ին կետի 6-րդ ենթակետով հաստատված «Հիվանդանոցային և արտահիվանդանոցային ձևերով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից աղիքային վարակիչ հիվանդությունների կասկածելի / հաստատված դեպքերի, վարակակիրների օջախներում իրականացվող միջոցառումների ալգորիթմ»-ի (Ձև 3)` համաձայն հավելված 6-ի։

28. Խոլերայի կասկածելի կամ հաստատված դեպք հանդիսացող հիվանդների կոնտակտավորները մեկուսացվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 5-ի N 1403-Ն հրամանով հաստատված «Մարդու համար ախտածնության 1-2-րդ խմբերի միկրոօրգանիզմների միջոցով հարուցված հիվանդությունների օջախների տարածքում ծավալվող հոսպիտալների, մեկուսարանների և օբսերվատորների աշխատանքին ներկայացվող պահանջներ» ՍԿ N 3.13.1.7.006.06 սանիտարահամաճարակային նորմերին և կանոններին համապատասխան:

29. Համաճարակաբանական ցուցման դեպքում (երբ առկա է բռնկման կամ համաճարակի վտանգ) աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքերի ակտիվ հայտնաբերման նպատակով իրականացվում են բակային համայցեր, որոնց արդյունքները գրանցվում են սույն հրամանի 1-ին կետի 7-րդ ենթակետով հաստատված «Բակային համայցի մատյան»-ում (Ձև 4)` համաձայն հավելված 7-ի:

30. Անհրաժեշտության դեպքում` սույն Կանոնների 29-րդ կետով նախատեսված բակայցի ժամանակ լաբորատոր հետազոտությունների համար իրականացվում են նմուշառումներ հայտնաբերված հիվանդներից:

31. (կետն ուժը կորցրել է 03.10.20 N 29-Ն)

 

ԳԼՈՒԽ 5. ԱՂԻՔԱՅԻՆ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՁԵՎՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

32. Խոլերայով հիվանդը հիվանդանոցից դուրս է գրվում հիվանդության կլինիկական առողջացումից և հակաբիոտիկաթերապիայի ավարտից 3 օր հետո կղանքի եռանվագ մանրէաբանական հետազոտությունների (օրական 1 անգամ) բացասական արդյունքից հետո:

33. Որովայնային տիֆով կամ պարատիֆերով հիվանդը դուրս է գրվում կլինիկական առողջացումից և կղանքի ու մեզի եռակի մանրէաբանական հետազոտության բացասական պատասխանից հետո:

34. Սույն կանոնների 33-րդ կետով նախատեսված առաջին հետազոտությունը կատարվում է նորմալ ջերմաստիճանի հաստատումից 5 օր անց, մյուսները` հաջորդաբար 5 օր ընդմիջումներով:

35. Հակամանրէային բուժում ստացած որովայնային տիֆ կամ պարատիֆեր հիվանդությունից առողջացածները հիվանդանոցային ձևով բժշկական օգնություն իրականացնող կազմակերպությունից դուրս են գրվում ոչ շուտ, քան նորմալ ջերմաստիճանի հաստատման 21-րդ օրը:

36. Ցանկում նշված կազմակերպություններում աշխատող, առողջարանային-վերականգնողական, ուսումնական հաստատություններ, մանկատներ, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններ հաճախող երեխաները, երեխաների և մեծահասակների շուրջօրյա կեցությամբ այլ փակ տիպի կազմակերպություններում գտնվող և մանրէաբանական հետազոտության արդյունքում հաստատված շիգելլոզով հիվանդները հիվանդանոցից դուրս են գրվում կլինիկական առողջացումից և պատճառագիտական բուժման ավարտից 2 օր հետո 1-2 օր ընդմիջումով վերցված կղանքի նմուշների 2 մանրէաբանական հետազոտության բացասական պատասխանից հետո, իսկ նշված քանակակազմին չպատկանող մյուս հիվանդները` կլինիկական առողջացումից ու պատճառագիտական բուժման ավարտից 2 օր հետո վերցված կղանքի նմուշի 1 մանրէաբանական հետազոտության բացասական պատասխանից հետո:

37. Էշերիխիոզով, կլինիկական ախտանշանների հիման վրա ախտորոշված շիգելլոզով, անհայտ պատճառագիտության, վիրուսային ծագման աղիքային վարակիչ հիվանդություններով հիվանդները հիվանդանոցից դուրս են գրվում կլինիկական առողջացումից հետո:

38. Սալմոնելոզային այլ հիվանդություններով, կամպիլոբակտերիոզով, աղիքային երսինիոզով հիվանդը դուրս է գրվում կլինիկական առողջացումից և կղանքի նմուշի միանվագ մանրէաբանական հետազոտության բացասական պատասխանից հետո:

39. Միաբջիջ մակաբույծներով հարուցված աղիքային վարակիչ հիվանդություններով հիվանդները դուրս են գրվում կլինիկական առողջացումից և 2 օր ընդմիջումով վերցված կղանքի նմուշների 3 հետազոտության բացասական պատասխանից հետո:

 

ԳԼՈՒԽ 6. ԱՂԻՔԱՅԻՆ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ ՀԻՎԱՆԴԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ (ԴԻՍՊԱՆՍԵՐ) ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

40. Որովայնային տիֆով կամ պարատիֆերով բոլոր հիվանդները, բացառությամբ Ցանկում նշված կազմակերպություններում աշխատողների, հիվանդանոցից դուրսգրումից հետո ենթակա են դիսպանսեր հսկողության 3 ամիս տևողությամբ` առաջին ամսվա ընթացքում շաբաթը 1 անգամ և հետագայում` 2 շաբաթը 1 անգամ ջերմաչափումով:

41. Սույն կանոնների 40-րդ կետում սահմանված ժամկետի վերջում ենթարկվում են երկնվագ մանրէաբանական (արյուն, կղանք, մեզ) հետազոտության (2 օր ընդմիջումով) և միանվագ շճաբանական հետազոտության, որի արդյունքում բացասական պատասխանի դեպքում հանվում են դիսպանսեր հսկողությունից, իսկ դրական արդյունքի դեպքում` 1 տարվա ընթացքում ենթարկվում են երկնվագ մանրէաբանական հետազոտության: Դրական արդյունքի դեպքում վերցվում են հաշվառման որպես քրոնիկ մանրէակիրներ:

42. Ցանկում սահմանված կազմակերպություններում աշխատող որովայնային տիֆով և պարատիֆերով հիվանդները հիվանդանոցից դուրս գրվելուց հետո դիսպանսեր հսկողության 1-ին ամսում չեն թույլատրվում նշված կազմակերպություններում աշխատանքի, որի ընթացքում իրականացվում է արյան, կղանքի, մեզի եռանվագ մանրէաբանական (1-2 օր ընդմիջումով) և միանվագ շճաբանական հետազոտություն:

43. Սույն Կանոնների 42-րդ կետով նախատեսված հետազոտությունների բացասական արդյունքի դեպքում որովայնային տիֆով և պարատիֆերով հիվանդացած անձինք թույլատրվում են աշխատանքի: Հաջորդող 3 ամսվա ընթացքում յուրաքանչյուր ամիս ենթարկվում են երկնվագ մանրէաբանական հետազոտության (կղանք, մեզ): Բացասական արդյունքի դեպքում այդ անձինք 1 տարվա ընթացքում եռամսյակը մեկ անգամ ենթարկվում են միանվագ մեզի և կղանքի մանրէաբանական հետազոտության:

44. Սույն Կանոնների 43-րդ կետով նախատեսված ժամկետի վերջում իրականացվում է լեղու միանվագ մանրէաբանական հետազոտություն և արյան շճաբանական հետազոտություն: Մանրէաբանական և շճաբանական հետազոտությունների բացասական արդյունքի դեպքում անձը հանվում է հաշվառումից: Շճաբանական հետազոտությունների դրական արդյունքի դեպքում, այն կրկնվում է: Կրկնակի դրական արդյունքի դեպքում կատարվում է կղանքի և մեզի եռանվագ մանրէաբանական հետազոտություն, բացասական արդյունքի դեպքում` լեղու միանվագ մանրէաբանական հետազոտություն: Կատարված բոլոր հետազոտությունների բացասական արդյունքի դեպքում որովայնային տիֆով և պարատիֆերով հիվանդացած անձը հանվում է դիսպանսեր հսկողությունից:

45. Դիսպանսեր հսկողության ենթակա են շիգելլոզով հիվանդացած միայն Ցանկում նախատեսված կազմակերպություններում աշխատողները, նախադպրոցական ուսումնական հաստատություններ, մանկատներ, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններ, առողջարանային-վերականգնողական կազմակերպություններ հաճախող երեխաները, ինչպես նաև շուրջօրյա կեցությամբ այլ փակ տիպի կազմակերպություններում գտնվող անձինք (վարակակիրները) 3 ամիս տևողությամբ` ամիսը մեկ անգամ բժշկի զննմամբ և կղանքի մանրէաբանական հետազոտությամբ:

46. Ցանկում նախատեսված կազմակերպություններում աշխատողները, նախադպրոցական ուսումնական հաստատություններ, մանկատներ, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններ, առողջարանային-վերականգնողական կազմակերպություններ հաճախող երեխաները, ինչպես նաև շուրջօրյա կեցությամբ այլ փակ տիպի կազմակերպություններում գտնվող անձինք (վարակակիրները), ովքեր տառապում են քրոնիկ շիգելլոզով, ենթարկվում են դիսպանսեր հսկողության 6 ամիս տևողությամբ` ամենամսյա կլինիկական և կղանքի մանրէաբանական հետազոտությամբ:

47. Սույն կանոնների 46-րդ կետում նշված քանակակազմին չպատկանող անձանց դիսպանսեր հսկողությունն իրականացվում է 3 ամիս տևողությամբ` կատարելով բժշկի ամենամսյա զննում և կղանքի մանրէաբանական հետազոտություն:

48. Խոլերայով հիվանդացածների դիսպանսեր հսկողությունն իրականացվում է 3 ամիս ժամկետով` առաջին ամսում 10 օրը մեկ անգամ, երկրորդ, երրորդ ամիսներին՝ ամիսը 1 անգամ` ենթարկելով խոլերայի վերաբերյալ մանրէաբանական հետազոտության:

49. Անհայտ պատճառագիտության աղիքային վարակիչ հիվանդություններից առողջացածների դիսպանսեր հսկողության ընթացքում կատարվում է միայն բժշկի ամենամսյա զննում 3 ամիս տևողությամբ:

50. Դիսպանսեր հսկողության արդյունքները գրանցվում են հիվանդի ամբուլատոր քարտում:

 

ԳԼՈՒԽ 7. ԱՂԻՔԱՅԻՆ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌՈՂՋԱՑԱԾՆԵՐԻՆ, ՎԱՐԱԿԱԿԻՐՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՄ ՄԱՆԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

51. Աղիքային վարակիչ հիվանդություններով հիվանդացած կամ վարակակիր, Ցանկում նշված կազմակերպություններում աշխատողներին, առողջարանային-վերականգնողական, ուսումնական հաստատություններ, մանկատներ, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններ հաճախող երեխաներին, ինչպես նաև շուրջօրյա կեցությամբ այլ փակ տիպի կազմակերպություններում գտնվող երեխաներին և մեծահասակներին թույլատրվում է աշխատել կամ հաճախել այդ կազմակերպություններ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո կատարված լաբորատոր հետազոտությունների բացասական արդյունքի դեպքում:

52. Ցանկում նախատեսված կազմակերպություններում աշխատող վարակակրին տեղափոխում են աղիքային վարակիչ հիվանդությունների տարածման հետ կապ չունեցող այլ աշխատանքի մինչև հարուցչի արտազատման լրիվ դադարումը:

53. Հանրակրթական ուսումնական հաստատություններ հաճախող չհոսպիտալացված վարակակիր երեխաներին թույլատրվում է հաճախել ուսումնական հաստատություններ` մինչև վարակակրության ավարտը բացառելով վարակակիր երեխաների մասնակցությունը սննդամթերքի պատրաստման, փոխադրման և բաշխման, ինչպես նաև խմելու ջրի հետ կապված աշխատանքներին:

54. Նախադպրոցական տարիքի վարակակիր երեխաները ենթարկվում են հիվանդանոցային պայմաններում հետազոտության և բուժման:

55. Նախադպրոցական տարիքի վարակակիր երեխաներին թույլատրվում է հաճախել նախադպրոցական ուսումնական հաստատություն լաբորատոր հետազոտությունների բացասական արդյունքի դեպքում:

 

ԲԱԺԻՆ 4. ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՎԱՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

56. Աղիքային վարակիչ հիվանդությամբ հիվանդի անմիջական խնամք, զննում, նմուշառում, թափոնների վարում, տարածքի, օգտագործված բժշկական նշանակության գործիքների և առարկաների ախտահանություն, նախամանրէազերծումային մշակում, մանրէազերծում իրականացնող բուժաշխատողների (բժիշկներ, բուժքույրեր, մանրէաբանական լաբորատորիայի աշխատակիցներ, կրտսեր բուժաշխատողներ) նկատմամբ տվյալ կազմակերպությունում աղիքային վարակիչ հիվանդության դեպքի արձանագրման պահից 7 օրվա ընթացքում իրականացվում է առողջության շարունակական դիտարկում (հարցում, զննում, ջերմաչափում, անհրաժեշտության դեպքում` լաբորատոր հետազոտություն), որի արդյունքները գրանցում են սույն հրամանի 1-ին կետի 9-րդ ենթակետով հաստատված «Աղիքային վարակիչ հիվանդությամբ հիվանդի հետ շփված բուժանձնակազմի առողջության մոնիթորինգի թերթիկ»-ում (Ձև 6)` համաձայն հավելված 9-ի:

57. Աղիքային վարակիչ հիվանդությամբ հիվանդի անմիջական խնամք, զննում, նմուշառում, թափոնների վարում, ախտահանություն, նախամանրէազերծումային մշակում, մանրէազերծում իրականացնող բուժաշխատողները (բժիշկներ, բուժքույրեր, մանրէաբանական լաբորատորիայի աշխատակիցներ, կրտսեր բուժաշխատողներ) աշխատանքի ընթացքում կրում են անհատական պաշտպանիչ միջոցներ (միանվագ օգտագործման ձեռնոցներ, դիմակներ, բախիլներ, խալաթ):

58. Աղիքային վարակիչ հիվանդության ախտանշաններ ունեցող բուժաշխատողներն անմիջապես մեկուսացվում են, իսկ անհրաժեշտության դեպքում կազմակերպվում է նմուշառում և բուժում:

59. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ախտահանման, կրծողասպան և միջատասպան աշխատանքներն իրականացվում են համաձայն` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի «Ախտահանման, կրծողասպան և միջատասպան աշխատանքների կազմակերպման, իրականացման և աշխատողների առողջության պահպանման» ՍՆ N 2.2.5-003-05 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» թիվ 13-Ն հրամանի պահանջների։

(59-րդ կետը խմբ. 05.04.16 N 11-Ն)

60. Թափոնների վարումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի N 03-Ն հրամանով հաստատված «Բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ և հակահամաճարակային պահանջներ» N 2.1.3-3 սանիտարական կանոնների և նորմերի:

61. Ամիսը մեկ անգամ կատարվում է ախտահանման, մանրէազերծման որակի լաբորատոր ներքին հսկողություն տվյալ բժշկական կազմակերպության կամ պայմանագրային հիմունքներով այլ մանրէաբանական լաբորատորիայի կողմից:

(հավելվածը խմբ. 05.04.16 N 11-Ն, փոփ. 03.10.20 N 29-Ն)

 

 

Հավելված 2

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թվականի ապրիլի 9-ի

թիվ 14-Ն հրամանի

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

0-3 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԴԻՏԱՐԿՄԱՆ

 

Ամսաթիվ

Առավոտյան հարցման ենթարկված
0-3 տարեկան երեխաների թիվ

Օրվա ընթացքում շարունակական դիտարկման ենթարկված
0-3 տարեկան երեխաների թիվ

Աղիքային վարակիչ հիվանդության ախտանշաններ ունեցող երեխայի անուն, ազգանուն, հայրանուն

Գանգատներ-ախտանշաններ

Բժշկի կողմից ձեռնարկված միջոցառումներ

           

 

 

Հավելված 3

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թվականի ապրիլի 9-ի

թիվ 14-Ն հրամանի

 

ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԻ ՆՄՈՒՇԱՌՄԱՆԸ ԵՎ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ ՏԵՂԱՓՈԽՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

1. Վիրուսների նկատմամբ լաբորատոր հետազոտության համար կենսաբանական նյութը նմուշառվում է մանրէազերծ, միանվագ օգտագործման պլաստիկ տարայում:

2. Նմուշառումից հետո առաջին 72 ժամվա ընթացքում վիրուսաբանական լաբորատորիա նմուշը տեղափոխվում է 40C ջերմաստիճանի պայմանում, իսկ եթե նմուշառումից հետո առաջին 72 ժամվա ընթացքում անհնար է նմուշի վիրուսաբանական լաբորատորիա տեղափոխումը, ապա այն պահվում է սառցախցիկում -200C պայմանում:

3. Մանրէաբանական հետազոտության համար անհրաժեշտ է նմուշի տեղափոխումը լաբորատորիա իրականացնել նմուշառումից հետո անմիջապես կամ ոչ ավելի, քան 2 ժամվա ընթացքում` պահպանելով համապատասխան ջերմաստիճանային ռեժիմ: Արյունը, ողնուղեղային հեղուկը պահպանվում և փոխադրվում են լաբորատորիա 35-370C պայմաններում, մեզը, կղանքը սենյակային ջերմաստիճանում ոչ ավելի, քան 1-2 ժամվա ընթացքում կամ 4-60C պայմաններում` ոչ ավելի, քան 18-24 ժամվա ընթացքում: Նմուշները կանոնակարգված ժամկետներում փոխադրելու անհնարինության դեպքում անհրաժեշտ է կիրառել մանրէների կենսունակության պահպանման համար նախատեսված պահածոյացնող նյութեր կամ սնուցող տրանսպորտային միջավայրեր:

4. Կղանքից նմուշառում կատարելիս անհրաժեշտ է`

1) նմուշառել հիվանդության սուր փուլում, հակամանրէային պատրաստուկների ընդունումից առաջ,

2) պահպանել նմուշառման ժամանակ բաղարկումը բացառող կանոնները,

3) չխառնել կղանքը և մեզը,

4) նմուշառումը կատարել մանրէազերծ գդալիկով մանրէազերծ (ախտահանիչ նյութեր չպարունակող) ամաններից` տեղադրելով կղանքը մանրէազերծ տարայի մեջ,

5) նմուշառումը պետք է կատարել դեֆեկացիայից անմիջապես հետո կղանքի կասկածելի (լորձ, փրփուր, թարախ, արյունային հետք պարունակող) հատվածներից,

6) նմուշի քանակը պետք է կազմի 2-3 գրամ:

5. Փորլուծի ախտանիշով ընթացող աղիքային վարակների դեպքում կղանքի ցանքը կատարել հնարավորինս վաղ ժամանակահատվածում: Անհնարինության դեպքում կղանքից 0,2-0,3 գրամի վրա ավելացնել տրանսպորտային միջավայր, կամ կղանքի նշված քանակությունը վիրախծուծի օգնությամբ տեղափոխել տրանսպորտային միջավայրի մեջ և տեղափոխել լաբորատորիա (Բուֆերացված-գլիցերինային միջավայր, Ստյուարտ, Ամիս, Կերի-Բլեր կամ այլն, Կերի-Բլեր միջավայրը լավագույնն է տրանսպորտային միջավայրերից փորլուծի ախտանիշով կղանքի տեղափոխման համար):

6. Էշերիխիա կոլիի հայտնաբերման նպատակով կղանքի ցանքը կատարել ոչ սելեկտիվ (արյունային ագար), կամ թույլ սելեկտիվ (Մակկոնիքեյ ագար, Էնդո ագար), լակտոզա պարունակող միջավայրի վրա:

7. Շիգելլոզի և խոլերայի կասկածի դեպքում զանգվածային հետազոտությունների նպատակով թույլատրվում է նմուշառել ռեկտալ վիրախծուծով, սակայն այդ եղանակով անհրաժեշտ է եռակի հետազոտություն:

8. Ռեկտալ վիրախծուծով վերցված նմուշները տեղադրել մանրէազերծ փորձանոթների մեջ, եթե նմուշը լաբորատորիա է հասցվելու և ցանվելու մինչև 2 ժամ (ցանք կատարել անմիջապես պինդ էլեկտիվ-սելեկտիվ միջավայրերի վրա):

9. Սալմոնելոզի կասկածի դեպքում հետազոտել թարմ կղանքի վերջին բաժինը (ռեկտալ վիրախծուծի օգտագործումը անարդյունավետ է, հատկապես մանրէակրության հայտնաբերման համար):

10. 2 ժամից ավելի ժամանակահատվածում կղանքի նմուշները կարելի է պահպանել 5-6 ժամ +40C-ից ոչ բարձր ջերմաստիճանի պայմաններում (շիգելլոզ, սալմոնելլոզ), կամ օգտագործել կոնսերվանտներ:

11. Կղանքի և կոնսերվանտի փոխհարաբերությունը պետք է լինի 1։3-ի, ընդ որում, անհրաժեշտ է նաև լավ խառնել պարունակությունը:

12. Առավել կիրառվող կոնսերվանտներն են գլիցերինային խառնուրդը (չի կիրառվում երսինիոզի կասկածի դեպքում), ֆոսֆատաբուֆերային խառնուրդ (կիրառվում է նպատակային երսինիաների հայտնաբերման համար):

13. Կամպիլոբակտերիոզի կասկածի դեպքում օգտագործել Կերի-Բլեր տրանսպորտային միջավայր, կղանքը պահպանել նշված միջավայրի վրա ցածր ջերմաստիճանի պայմանում:

14. Կոնսերվանտի օգտագործման դեպքում կղանքի նմուշները պահել սենյակային ջերմաստիճանի պայմաններում:

15. Կլոստրիդիում դիֆիցիլեի կասկածի դեպքում կոնսերվանտ չի օգտագործվում նրա տոքսինի պահպանման նպատակով, ընդ որում, նմուշը առանց կոնսերվանտի կարելի է պահել +40C աստիճանի պայմանում մինչև 3 օր, որից հետո այն պետք է պահպանվի -700C պայմանում։

16. Մեզի նմուշառում կատարելիս անհրաժեշտ է պահպանել հետևյալ պահանջները`

1) նմուշառումը կատարվում է մինչև հակամանրէային և հակասնկային պատրաստուկների ընդունումը,

2) նմուշառումը կատարվում է միզասեռական օրգանների լվացումից հետո, առավոտյան մեզի միջին չափաբաժնից (մեզի առաջին բաժինը բաց է թողնվում, կատարվում է նմուշառում անմիջապես մանրէազերծ տարայի մեջ 5-10 մլ չափով),

3) կաթետերի օգնությամբ մեզը կարելի է հավաքել միայն այն դեպքում, երբ հետազոտվողը ի վիճակի չէ ինքնուրույն կատարել նմուշառում (օր.` կոմատոզ վիճակ և այլն),

4) տիֆ-պարատիֆային վարակիչ հիվանդությունների կասկածի դեպքում մեզի հետազոտությունը կատարվում է 2-րդ շաբաթվա վերջից սկսած` ելնելով այդ վարակների ախտաբանությունից,

5) երսինիոզի կասկածի դեպքում մեզը հետազոտվում է ոչ ուշ, քան 3-7 օրը, առանց հիգիենիկ լվացումների, 1-2 մլ քանակությամբ առաջին չափաբաժնից,

6) մեզի հետազոտությունը կատարվում է նմուշառումից 2 ժամից ոչ ուշ, քանի որ մեզը հանդիսանում է բարենպաստ միջավայր ուռոախտածին շատ մանրէների համար։ Նմուշի ավելի երկարատև պահպանումը ազդում է հետազոտության արդյունքների հավաստիության վրա (մանրէների բազմացման հետևանքով փոփոխվում է մեզի թթվայնությունը, ինչի հետևանքով շատանում է զուգընթաց մանրէների քանակը և ճնշվում են ուռոախտածին մանրէները),

7) եթե հնարավոր չէ նմուշի տեղափոխումը վերը նշված ժամանակահատվածում, ապա պետք է այն պահել +40-ից +60C պայմանում, սակայն հետազոտության արդյունքները այս դեպքում կարող են լինել կասկածելի։

17. Արյան նմուշառում և հետազոտություն կատարում են տարբեր նպատակներով, որից կախված է նմուշառման ժամանակը: Արյան նմուշառման համար անհրաժեշտ է`

1) պահպանել ասեպտիկայի և անձնական (բուժանձնակազմի) անվտանգության կանոնները, որոնք նախատեսված են արյան միջոցով տարածվող վարակիչ հիվանդությունների հետ կապված ախտաբանական նյութերի հետազոտման համար:

2) Արյան նմուշառում չի կատարվում ներանոթային կաթետերներից, բացի այն դեպքերից, երբ անհնար է նրա ստացումը անմիջապես երակից, կամ ենթադրվում է կաթետերային ծագման սեպսիս:

3) Նմուշառումը կատարվում է հիվանդի մարմնի ջերմաստիճանի բարձրացման ընթացքում, սարսուռի սկզբում (380C և բարձր), բայց ոչ ջերմության գագաթնակետին, մինչ հակամանրէային պատրաստուկներ ստանալը։ Երբեմն անհրաժեշտ է կատարել արյան բազմակի նմուշառում օրվա ընթացքում որոշակի ժամային հատվածներում (1-2-3 ժամ)։

4) Կարևոր նշանակություն ունի հետազոտվող արյան քանակը, քանի որ մանրէարյունության ժամանակ մանրէների քանակը արյան մեջ, որպես կանոն, լինում է փոքր, հատկապես հակամանրէային պատրաստուկների ֆոնի վրա։ Մեծահասակներից անհրաժեշտ է վերցնել 10 մլ ոչ պակաս, իսկ երեխաներից` 5 մլ ոչ պակաս արյուն։

5) Նմուշառումը կատարվում է մանրէազերծ ներարկիչով արմնկային հոդի ներսի հատվածի երակից` խստիվ պահպանելով ասեպտիկայի կանոնները, մասնավորապես`

ա. բուժաշխատողը նախապես լվանում, ապա մշակում է իր ձեռքերը 700 էթանոլով, մատների շոշափումով որոշում է երակի վիճակը, մշակում է մաշկի այդ հատվածը էթանոլով, հետո յոդի 1-2%-անոց լուծույթով, սպասում մինչև մաշկի չորանալը, ապա կատարում նմուշառում առանց մշակված մաշկին մատով դիպչելու:

բ. Արյունը հավաքելուց հետո մաշկը կրկին մշակվում է էթանոլով, որպեսզի հեռացվի յոդի ավելցուկը, քանի որ այն կարող է առաջացնել հիվանդի մաշկի գրգռում։

6) Ցանքը անմիջապես կատարվում է աերոբ և անաերոբ մանրէներին համապատասխանող նախապես թերմոստատում տաքացված (370C) կոմերցիոն (հեղուկ կամ կրկնակի) սննդային միջավայրերի մեջ։

7) Եթե ցանքը հնարավոր չէ կատարել անմիջապես, ապա արյան նմուշը վերցվում է հակամակարդիչ պարունակող մանրէազերծ ներարկիչով, ապա ասեղին հագցնում են ծայրապանակ, տեղափոխում լաբորատորիա` խուսափելով նմուշի սառեցումից։ Որպես հակամակարդիչ օգտագործում են հեպարին՝ 10 միավոր/մլ արյան հաշվարկով։ Նատրիումի ցիտրատ կամ էթիլենդիամինտետրաացետատ չի թույլատրվում օգտագործել, քանի որ դրանք ճնշում են որոշ մանրէների աճը։

8) Կոմերցիոն միջավայրերի մեծ մասը որպես հակամակարդիչ պարունակում են 0,025-0,05% նատրիումի պոլիանիտոլ սուլֆոնատ, որը չեզոքացնում է արյան շիճուկի մանրէասպան ակտիվությունը, ճնշում է ֆագոցիտոզը, ինակտիվացնում է կոմպլեմենտը, չեզոքացնում լիզոցիմի և ամինոգլիկոզիդային հակամանրէների ակտիվությունը։

9) Որոշ դեպքերում ցանկացած հակամակարդիչի առկայություն կարող է բացասական ազդեցություն ունենալ մանրէների վրա և շեղել հետազոտության արդյունքները։

10) Սալմոնելոզի կասկածի դեպքում հեմոկուլտուրա անջատելու նպատակով արյունը հետազոտվում է հիվանդության 1-2 շաբաթվա ընթացքում, իսկ հակամարմիններ որոշելու նպատակով արյան նմուշառում նպատակահարմար է կատարել 2-րդ շաբաթվա վերջից սկսած։

18. Լեղու նմուշառումն իրականացվում է 12-մատնյա աղու զոնդի միջոցով մանրէազերծ անոթների մեջ հավաքվում է լեղու 3 չափաբաժիններ (Ա` 12-մատնյա աղուց, Բ` լեղապարկից, Գ` լեղածորանից) և տեղափոխվում լաբորատորիա: Կարելի է ցանել յուրաքանչյուր չափաբաժինն առանձին կամ պատրաստել միջին նմուշ: Ցանքերն իրականացվում են պինդ սնուցող միջավայրերի վրա` 0.5 մլ քանակությամբ և 1:10 հարաբերությամբ սնուցող արգանակի վրա: Ցանքերը բնական լեղու հետ միասին ինկուբացվում են: Ցանքերի բացասական արդյունքների արձանագրման դեպքում իրականացվում են կրկնակի ցանքեր ինկուբացված բնական լեղուց` 18-24 ժամ, 3, 5, 7 և 10 օր հետո:

19. Մակաբուծաբանական հետազոտության համար՝ ամեոբիազի հարուցչի վեգետատիվ ձևերի հայտնաբերման համար կղանքի թարմ նմուշը տեղափոխվում է լաբորատորիա ոչ ուշ, քան 20 րոպեի ընթացքում կամ 40 րոպեի ընթացքում, եթե կղանքի նմուշը պահպանվում է սառնարանային պայմաններում (40C):

20. Սույն հավելվածի 19-րդ կետով չնախատեսված նախակենդանիներով հարուցվող աղիքային վարակիչ հիվանդությունների հարուցիչների (լյամբլիա, բալանտիդիում և այլն) վեգետատիվ ձևերի նկատմամբ հետազոտության համար կղանքի նմուշների լաբորատորիա տեղափոխման ժամանակահատվածը չպետք է գերազանցի 1-1.5 ժամը կախված հետազոտության մեթոդից: Կենսաբանական նյութի լաբորատորիա ժամանակին տեղափոխելու անհնարինության դեպքում օգտագործվում են կոնսերվանտներ կամ տրանսպորտային միջավայրեր:

 

 

Հավելված 4

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թվականի ապրիլի 9-ի

թիվ 14-Ն հրամանի

 

Ձև 2

 

ՈՒՂԵԳԻՐ

նմուշառված կենսաբանական նյութի (կղանք, արյուն, մեզ, լեղի, փսխման զանգված, ստամոքսի լվացման ջրեր), դիակային նյութի աղիքային վարակիչ հիվանդությունների հարուցիչների նկատմամբ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ

________________________________________________________________________

(Հետազոտություններ իրականացնող բժշկական կազմակերպության անվանումը)

 

ՈՒՂԵԳՐՎՈՒՄ Է ՔԱՂԱՔԱՑԻ_______________________ը, ____, ___________________

(անուն, ազգանուն, հայրանուն)

(տարիքը)

(նախնական ախտորոշում)

 

Հիվանդի բնակության վայր, հեռախոս___________________________________________

Ուղեգրման նպատակը _______________________________________________________

Նմուշառման ամսաթիվը և ժամը ___________________ Նմուշի տեսակ________________ Տեղափոխման պայմաններ______________

Ուղեգրող բժշկական կազմակերպության անվանումը ________________________________

Բժշկական կազմակերպության տնօրեն___________________________________________

(անուն, ազգանուն, հայրանուն) (ստորագրությունը)

 

Կ.Տ.

Ամիս, ամսաթիվ

 

 

Հավելված 5

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թվականի ապրիլի 9-ի

թիվ 14-Ն հրամանի

 

ՀՈՍՊԻՏԱԼԱՑՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ ԱՂԻՔԱՅԻՆ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ

 

1. Հոսպիտալացման կլինիկական ցուցումներն են.

1) աղիքային վարակիչ հիվանդությունների բոլոր ծանր ձևերը (2-րդ, 3-րդ աստիճանի ջրազրկում և/կամ հիպերթերմիայի պահպանում, արտահայտված կոլիտիկ համախտանիշ, հեմոկոլիտ),

2) հիվանդության բարդացած ձևեր,

3) հիվանդության միջին ծանրության ընթացք և բարդացած անամնեզ, մասնավորապես` ուղեկցող քրոնիկ հիվանդության (քրոնիկ երիկամային անբավարարություն, շաքարային դիաբետ և այլն), ծանր ախտաբանության (սրտի իշեմիկ հիվանդություն, տուբերկուլոզ, սրտի բնածին արատ, նորագոյացություններ և այլն), առաջնային և երկրորդային իմունադեֆիցիտի առկայության,

4) նախակենդանիներից առաջացած աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքում` հիվանդության թեթև ընթացք և բարդացած անամնեզ կամ միջին ծանրության կամ ծանր ընթացք,

5) տան պայմաններում հիվանդին պատշաճ խնամելու, բժշկի նշանակումներն իրականացնելու անհնարինություն:

2. Հոսպիտալացման համաճարակաբանական ցուցումներն են.

1) աղիքային վարակիչ հիվանդություն կամ մանրէակրություն Ցանկում ներառված կազմակերպություններում աշխատողների մոտ,

2) աղիքային վարակիչ հիվանդություն կամ մանրէակրություն այն անձանց մոտ, ովքեր համատեղ ապրում են Ցանկում ներառված կազմակերպություններում աշխատողների, նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխաների հետ,

3) աղիքային վարակիչ հիվանդություններ կամ մանրէակրություն այն անձանց մոտ (մեծեր և երեխաներ), ովքեր գտնվում են փակ տիպի կազմակերպություններում,

4) ընտանիքում մի քանի երեխաների առկայություն (եթե անհնարին է երեխայի համապատասխան մեկուսացումը),

5) կազմակերպ օջախում՝ մանկական կոլեկտիվում (մանկատուն, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն և այլն) երեխայի գտնվելը:

 

 

Հավելված 6

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թվականի ապրիլի 9-ի

թիվ 14-Ն հրամանի

 

Ձև 3

 

Ա Լ Գ Ո Ր Ի Թ Մ

 

ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԵՎ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՁԵՎԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՂԻՔԱՅԻՆ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԵՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԴԵՊՔԵՐԻ, ՎԱՐԱԿԱԿԻՐՆԵՐԻ ՕՋԱԽՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

Աղիքային վարակիչ հիվանդության կասկածելի/հաստատված դեպքի, վարակակրության առկայություն

Ներմուծեք նկարագրությունը_2239

Բոլոր կոնտակտավորների բժշկական հսկողություն (ամենօրյա հարցում, զննում, ջերմաչափում, հսկողություն կղանքի բնույթի նկատմամբ, միջինում` 7օր) և արդյունքների գրանցում ամբուլատոր քարտում, երեխայի զարգացման քարտում, ստացիոնարներում՝ հիվանդության պատմությունում

Ներմուծեք նկարագրությունը_2239

Կոնտակտավորի մոտ աղիքային վարակիչ հիվանդության կասկածի դեպքում կասկածելի հիվանդի վարում (շտապ հաղորդում տարածքային հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն, մեկուսացում, ախտորոշում, բուժում, դիսպանսեր հսկողություն)

 

 

Հավելված 7

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թվականի ապրիլի 9-ի

թիվ 14-Ն հրամանի

 

Ձև 4

 

ԲԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՅՑԻ ՄԱՏՅԱՆ

 

Փողոցի անվանում

Բնակիչների թիվ

Կասկածելի հիվանդի
անուն, ազգանուն, հայրանուն

Հարցում, ըստ օրերի

Նմուշառման ամսաթիվ

Նմուշառողի ստորագրություն

1

2

3

4

5

6

7

                       

 

 

Հավելված 8

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թվականի ապրիլի 9-ի

թիվ 14-Ն հրամանի

 

Ձև 5

 

ԲԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՅՑԻ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

Բակային համայցի ամսաթիվ

Բակային համայցի ենթարկված տնտեսությունների թիվ

Բակային համայցի
ենթարկված բնակչության թիվ

Աղիքային վարակիչ հիվանդության ախտանշան-
ներով անձի
անուն, ազգանուն, հայրանուն

Բնակության վայր

Նմուշառման ամսաթիվ

           

 

 

Հավելված 9

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թվականի ապրիլի 9-ի

թիվ 14-Ն հրամանի

 

Ձև 6

 

ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԹԵՐԹԻԿ

 ԱՂԻՔԱՅԻՆ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ ՀԻՎԱՆԴԻ ՀԵՏ ՇՓՎԱԾ ԲՈՒԺԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ

 (մոնիթորինգն իրականացվում է աղիքային վարակիչ հիվանդությամբ հիվանդի հետ շփումից 7 օրվա ընթացքում)

 

Լրացնող ______Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն__________

Մարզ/Համայնք_____________ Սկիզբը _____/______/_____ Մինչև _____/______/_______

 

Անուն, ազգանուն, հայրանուն

Տարիք

Բնակության վայր

Աշխատանքի վայր, մասնագիտություն

Հիվանդի հետ շփման
ամսաթիվ

Դիտարկման ժամկետ

Ջերմության շարժընթացը
7 օրվա ընթացքում
Ամսաթիվ

Աղիքային վարակիչ
հիվանդությունների ախտանիշների
առկայություն

Լաբորատոր հետազոտության
ամսաթիվ և արդյունք

Դիտարկման արդյունք

Միջոցառումների
անվանում (հակամարմին-
ներ, ֆագի բաշխում,
պատվաստում),
ամսաթիվ, դեղաչափ

             

առողջ

հիվանդ