Գլխավոր տեղեկություն
Номер
N 93-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (22.12.2020-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2014.05.15/12(491) Հոդ.150
Принят
Քաղաքաշինության նախարար
Дата принятия
31.03.2014
Подписан
Քաղաքաշինության նախարար
Дата подписания
31.03.2014
Дата вступления в силу
25.05.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 ապրիլի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 11714203

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

31 մարտի 2014 թ.

N 93-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՀՇՆ 31-01-2014 «ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐ. ՄԱՍ I. ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 101 -րդ, 16-րդ հոդվածների, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 20-ի N 156-Ն որոշման համաձայն.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «ՀՀՇՆ 31-01-2014 «Բնակելի շենքեր. Մաս I. Բազմաբնակարան բնակելի շենքեր» շինարարական նորմերը»՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի «Նորմատիվատեխնիկական ակտերի կանոնակարգման մասին» N 82 հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը՝

1) ուժը կորցրած ճանաչել հրամանով սահմանված ցանկի «ՍՆիՊ 2.08.01-89 «Բնակելի շենքեր» պարբերությունը։

 

Նախարար

Ս. Թադևոսյան

 

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ քաղաքաշինության նախարարի

2014 թվականի մարտի 31-ի N 93 -Ն

հրամանով

  

ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐ. ՄԱՍ I. ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐ

 

ՀՀՇՆ 31-01-2014

 

 Գործարկման թվականը

 

 I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. «Բնակելի շենքեր. Մաս I. Բազմաբնակարան բնակելի շենքեր» շինարարական նորմերը (այսուհետ` շինարարական նորմեր) տարածվում են նոր կառուցվող և վերակառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի, այդ թվում՝ պետական և համայնքային զարգացման ծրագրերով իրականացվող, սոցիալական բնակարանների, բնակարանային տիպի հանրակացարանների, ինչպես նաև այլ գործառական նշանակության շենքերում տեղակայված՝ միջնաժամկետ և երկարաժամկետ բնակեցման համար նախատեսված բնակելի սենքերի նախագծման և կառուցման վրա:

 2. Բազմաբնակարան բնակելի շենքերի առավելագույն բարձրությունը սահմանվում է տարածքի գոտևորման նախագծով և ամրագրվում ճարտարապետահատակագծային առաջադրանքով՝ հաշվի առնելով ՀՀՇՆ II-6.02 շինարարական նորմերի պահանջները:

3. Սույն շինարարական նորմերը կիրառելի են բոլոր բնակելի շենքերի համար՝ անկախ բնակեցման պայմաններից և սեփականության ձևից:

4. Շահագործման կամ վերակառուցման ընթացքում բնակելի շենքի կամ դրա մի մասի գործառական նշանակության փոփոխության կամ վերակառուցման դեպքում՝ պետք է կիրառվեն նոր գործառույթներին համապատասխանող նորմատիվ փաստաթղթերի պահանջները՝ սույն շինարարական նորմերով սահմանված պահանջներին չհակասելու պայմանով:

 5. Բնակելի շենքերում ներկառուցված կամ ներկառուցված-կցակառույց հիմնարկների նախագծման դեպքում պետք է պահպանել դրանց գործառական նշանակությանը համապատասխանող նորմատիվ փաստաթղթերի պահանջները՝ սույն շինարարական նորմերով սահմանված պահանջներին չհակասելու պայմանով:

 

II. ՆՈՐՄԱՏԻՎ ՎԿԱՅԱԿՈՉՈՒՄՆԵՐԸ

 

6. Սույն շինարարական նորմերում վկայակոչված են հետևյալ նորմատիվ փաստաթղթերը՝

 1) ՀՀՇՆ II-6.02-2006 «Սեյսմակայուն շինարարություն. Նախագծման նորմեր»,

 2) ՀՀՇՆ II-7.01-2011 «Շինարարական կլիմայաբանություն»,

 3) ՀՀՇՆ II-7.02-95. «Շինարարական ջերմաֆիզիկա շենքերի պատող կոնստրուկցիաների»,

 4) ՀՀՇՆ II-8.03-96 «Արհեստական և բնական լուսավորում»,

 5) ՀՀՇՆ II-8.04-01-97 «Շենքերի և կառուցվածքների հրդեհային անվտանգություն»,

 6) ՀՀՇՆ IV-11.03.03-2002 «Ավտոկայանատեղեր»,

 7) ՀՀՇՆ IV-11.07.01-2006 «Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար»,

 8) ՀՀՇՆ IV-12.02.01-2004 «Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում»,

 9) ՀՀՇՆ IV-12.03.01-2004 «Գազաբաշխիչ համակարգեր»,

 10) ՍՆիՊ 2.07.01-89 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում»,

 11) ՍՆիՊ II-35-76 «Կաթսայական կայանք»,

 12) ՍՆԻՊ II-12-77 «Պաշտպանություն աղմուկից»,

 13) ՍՆԻՊ 2.01.07-85* «Բեռնվածքներ և ազդեցություններ»,

 14) ՍՆիՊ 2.04.01-85 «Շենքերի ներքին ջրամատակարարում և կոյուղի»,

 15) ՎՍՆ 59-88 «Բնակելի և հասարակական շենքերի էլեկտրասարքավորանք. Նախագծման նորմեր»,

 16) ՎՍՆ 62-91 «Հաշմանդամների ու ազգաբնակչության սակավաշարժուն խմբերի պահանջմունքների համաձայն կենսագործունեության միջավայրի նախագծում»:

 

III. ՏԵՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ

 

7. Սույն շինարարական նորմերում կիրառվել են հետևյալ տերմինները համապատասխան սահմանումներով.

1) առաջին հարկ՝ առաջին վերգետնյա հարկ,

2) բազմաբնակարան բնակելի շենք` բնակելի շենք, կազմված մեկից ավելի առանձին բնակարաններից, որոնք ունեն ընդհանուր արտաբնակարանային սենքեր և ինժեներական համակարգեր,

3) բազմաբնակարան բնակելի շենքերի բարձրություն՝ գետնի նախագծային նիշից մինչև հարթ տանիքի ամենաբարձր նիշը կամ շենքի թեք տանիքի պիպի (գագաթնագծի) ամենաբարձր նիշը՝ ուղղաձիգով,

4) բազմաբնակարան շենքի հարմարավետության կարգն ըստ բնակելի և ոչ բնակելի սենքերի ամբողջության՝ բազմաբնակարան շենքի հարմարավետության մակարդակի չափանիշներից մեկը՝ կախված շենքում տեղակայված բնակելի և ոչ բնակելի սենքերի կազմից և դրանց մակերեսների հանրագումարից,

5) բնակարան տրամադրելու սոցիալական նորմ` հարմարավետության կարգը որոշելու համար՝ բնակելի սենքի ընդհանուր մակերեսի նվազագույն չափը, ըստ որի որոշվում է վարձակալության պայմանագրով տրամադրվող բնակելի սենքի ընդհանուր մակերեսի չափը (սահմանվում է օրենքով),

6) բազմաբնակարան շենքի ծառայողական սենքերի խումբ՝ հասարակական նշանակության սենքեր, կառավարման և շահագործման կազմակերպությունների ու ծառայությունների համար, որոնք որոշակի հարմարավետության բազմաբնակարան շենքի կազմում համարվում են սենքերի պարտադիր խումբ,

7) բազմաբնակարան շենքի հասարակական սպասարկման համակարգի սենքերի խումբ՝ շենքի բնակիչների և կից տարածքի բնակչության սպասարկման համար նախատեսված սենքեր՝ սննդի, առևտրի, կենցաղային սպասարկման, տեղեկատվական, մշակութային, ինչպես նաև հյուրանոցային ծառայություններ մատուցող կազմակերպությունների տեղադրման համար, որոնք կարող են նախագծվել կցակառույց-ներկառուցված և լինել բաց տիպի (մուտքը՝ դրսից), կիսափակ (երկու մուտքով՝ դրսից և շենքի ներսից) և փակ՝ (մուտքը՝ շենքի ներսից) միայն որոշակի հարմարավետության բազմաբնակարան շենքի սպասարկման համար,

8) բազմաբնակարան շենքի ընդհանուր օգտագործման սենքերի խումբ՝ բնակարանից դուրս որոշակի տնտեսական գործառույթների (ընդհանուր խոհանոցներ, արդուկման, մանկական սայլակների պահպանման սենյակներ և այլն) և ժամանցի անցկացման կոլեկտիվ ձևերի համար նախատեսվող հասարակական նշանակության սենքեր, որոնք տարբեր հարմարավետության կարգ ունեցող բազմաբնակարան շենքերի կազմում ներառված կոմերցիոն սենքերի հաշվարկի ժամանակ կոմերցիոն սենքերի կազմի մեջ չեն մտնում, սակայն ինքնասպասարկման հիմունքներով կարող են օգտագործվել որպես կոմերցիոն,

9) բազմաբնակարան շենքի կոմերցիոն սենքեր՝ բազմաբնակարան շենքի համակարգում վարձակալման համար նախատեսվող բնակելի սենքերն ու սպասարկման համակարգի սենքերը՝ հաշվարկված այն համամասնությամբ, որը կապահովի որոշակի հարմարավետության կարգ ունեցող բազմաբնակարան շենքերի շահութաբերությունը: Կոմերցիոն սենքերի մասնաբաժինը փոփոխվում է կախված բազմաբնակարան շենքի հարմարավետության կարգից,

10) բազմաբնակարան շենքի սեփականատիրություն՝ բազմաբնակարան շենքի մեկուսացված հողամաս՝ դրանում տեղադրված շինություններով և կառույցներով,

11) բացվածք՝ շենքի պատի, միջնորմի, ծածկի մեջ պատուհանների, դռների, դարպասների, օդափոխության և այլ հաղորդակցուղիների համար տարբեր ուրվագծով անցք (լցումով կամ առանց լցման),

12) բնակարանամերձ տեղամաս՝ շենքին (բնակարանին) հարող հողամաս` ներքին սենքերից դրա վրա անմիջական ելքով,

13) բնակելի սենք (սենյակ)՝ կառուցվածքային մեկուսացված սենք (սենյակ), որը հանդիսանում է անշարժ գույք և պիտանի է մշտական​​ բնակեցման համար,

14) բնակարանային տիպի բնակելի սենք (բնակարան)՝ բնակվելու համար նախատեսված սենք, որը բաղկացած է մեկ կամ մի քանի սենյակներից, խոհանոցից (խորշ-խոհանոցից), սանհանգույցից, ինչպես նաև կենցաղային կարիքների բավարարման օժանդակ օգտագործման սենքերից և ունի առանձին մուտք դեպի բնակելի շենքի ընդհանուր միջանցք, աստիճանավանդակ կամ սանդղավերելակային հանգույց,

15) «բնակարան-ստուդիա» տիպի բնակելի սենք՝ միջնորմներով սենյակների չբաժանված միասնական տարածությունով մասնագիտական գործունեություն իրականացնելու հնարավորությունով անմիջականորեն բնակվելու համար նախատեսված բնակելի տարածություն, որն ունի խոհանոց (խորշ-խոհանոց), սանհանգույց և առանձին ելք դեպի բնակելի շենքի ընդհանուր միջանցք, աստիճանավանդակ կամ սանդղավերելակային հանգույց,

16) դարավանդ՝ ճաղապատված բաց կցակառույց կամ սյուների վրա կանգնած դարավանդաձև հարթակ,

17) լուսային գրպան՝ միջանցքին հարող և նրա լուսավորմանը ծառայող բնական լուսավորմամբ սենք: Լուսային գրպանի դեր կարող է կատարել սանդղավանդակը, անջատված միջանցքից ապակեպատված դռնով՝ ոչ պակաս 1.2մ լայնությամբ: Այդ դեպքում որպես լուսային գրպանի լայնություն է ընդունվում դեպի սանդղավանդակ բացվածքի լայնությունը,

18) լուսային երդիկ՝ շենքի ծածկի ապակեպատ կոնստրուկցիա աստիճանավանդակի կամ ներքին բակի և այլ սենքերի լուսավորության համար,

19) լոջիա՝ շենքի ծավալի մեջ պարփակված և տարածության մեջ բացված սենք, որը ծառայում է ամառային հանգստի և արևից պաշտպանվելու համար,

20) խոհանոց՝ սննդի պատրաստման համար նախատեսված սենք,

21) խոհանոց-խորշ՝ բնակելի կամ այլ նշանակության սենքերում գործառական գոտի (սենյակի մաս)` խոհանոցային սարքավորումներով,

22) ծածկապատշգամբ՝ ապակեպատված, շենքին կցակառույց չջեռուցվող տարածություն,

23) կցակառույց-ներկառուցված տարածություն՝ շենքի եզրաչափքում և շենքի եզրաչափքից ավելի քան 1,5 մ դուրս հանած ծավալում տեղավորված տարածություն,

24) կցաշար (բլոկացված) բազմաբնակարան բնակելի շենք՝ բնակելի շենք, որի մի շարք առանձին մուտքերով և առանձնացված հողամասերով հաջորդաբար կցված բնակարանների ծավալները դասավորված են փողոցի երկայնքով,

25) հարկ՝ շենքի մաս, որի մեկ հարթության վրա տեղավորված սենքերի շարքը բարձրությամբ սահմանափակված է հատակով ու ծածկով կամ հատակով ու առաստաղով:

26) հարկի բարձրություն՝ տվյալ հարկի հատակի նիշից մինչև հաջորդ հարկի հատակի նիշը՝ ուղղաձիգով,

27) հարկաբաժին բազմաբնակարան շենքի կազմում՝ վարձակալման համար նախատեսվող բարձրակարգ տեսակի բնակարան՝ երկուսից ոչ պակաս կահավորված սենյակներով, խոհանոցով և սանհանգույցով,

28) հողի հատակագծային նիշ՝ հողի մակարդակը սալվածքի սահմանագծին,

29) ձեղնահարկ՝ շենքի տանիքի ծածկույթի, արտաքին պատերի և վերջին հարկի ծածկի միջև պարփակված տարածություն,

30) ճաշասենյակ-խոհանոց՝ սննդի ընդունման և պատրաստման համար (խոհանոցային սարքավորումներով կահավորված) նախատեսված սենք,

31) մանսարդային հարկ՝ հարկ շենքի տանիքի ազատ տարածության մեջ, որտեղ պատող կոնստրուկցիաների ջերմամեկուսացումն ապահովելու դեպքում տեղավորվում են բնակելի սենքեր, ստեղծագործական արվեստանոցներ, օժանդակ տարածքներ,

32) միջանցքային տիպի բնակելի շենք՝ շենք, որում բնակարաններն ընդհանուր միջանցքով ունեն ելքեր դեպի առնվազն երկու աստիճանավանդակներ,

33) նախամուտք՝ դռների միջև ընկած միջանցիկ տարածք, որը պաշտպանում է շենքի մուտքը, աստիճանավանդակը և ներքին տարածություններն արտաքինից ներխուժող սառը օդից, ծխից և կողմնակի հոտերից,

34) Նկուղային հարկ՝ որի հատակի նիշը ցածր է գետնի միջինացված հատակագծային նիշից, մայթից կամ սալվածքից, այնտեղ տեղավորված հարկի բարձրության կեսից ավելի չափով,

35) Որմնախարսխային հարկ՝ հարկ, որի հատակի նիշը հարկի բարձրության կեսից պակաս չափով ցածր է գետնի միջինացված հատակագծային նիշից, մայթից կամ սալվածքից,

36) պատշգամբ՝ ճաղապատված հարթակ շենքի ճակատային պատերի հարթությունից դուրս,

37) սեկցիոն (հատվածամասային) տիպի բնակելի շենք՝ բնակելի շենք` տարբեր հարկայնությամբ և ձգվածությամբ, որը բնորոշվում է մեկ աստիճանավանդակով սպասարկվող բնակարաններից կազմված հատվածներով,

38) սենք՝ պատող կոնստրուկցիաներով շենքի ներքին տարածք, որը ծառայում է տարբեր գործառույթների,

39) սրահային տիպի բնակելի շենք՝ բնակելի շենք, որը բնորոշվում է աստիճանավանդակներով կապված երկայնական պատշգամբի մեկ կողմի վրա դասավորված բնակարաններով,

40) ստորգետնյա հարկ՝ հողի հատակագծային նիշից ցածր սենքերի հատակի նիշ ունեցող հարկ,

41) սենյակ բնակելի սենքում՝ բնակարանի, հարկաբաժինների կամ սենյակների բլոկի մեկուսացված մաս, որը նախատեսված է անմիջականորեն բնակվելու համար,

42) սենյակային տիպի բնակելի սենք՝ անմիջականորեն բնակվելու համար նախատեսված բնակելի սենք, որն ունի առանձին մուտք դեպի բնակելի շենքի ընդհանուր միջանցք, աստիճանավանդակ կամ սանդղավերելակային հանգույց,

43) սենյակների բլոկ տիպի բնակելի սենք՝ անմիջանցիկ սենյակների բաժանված ընդհանուր միջանցքով և սանհանգույցով անմիջականորեն բնակվելու համար նախատեսված բնակելի սենք, որն ունի առանձին մուտք դեպի բնակելի շենքի ընդհանուր միջանցք, աստիճանավանդակ կամ սանդղավերելակային հանգույց,

44) վերգետնյա հարկ՝ հարկ, որի հատակի նիշը բարձր է կամ հավասար գետնի հատակագծային նիշից, մայթից կամ սալվածքից,

45) վերելակային սրահ՝ տարածություն վերելակների մուտքերի առջև,

46) տեխնիկական հարկ՝ հարկ, որը նախատեսվում է ինժեներական սարքավորումների և հաղորդակցուղիների անցկացման համար և կարող է գտնվել շենքի ստորին, միջին կամ վերին մասում,

47) օժանդակ օգտագործման սենքեր՝ սենքեր նախատեսված քաղաքացիների կենցաղային կարիքները հոգալու համար, այդ թվում՝ խոհանոց կամ խորշ-խոհանոցով նախասրահ, լոգարան կամ ցնցուղարան, զուգարան կամ համատեղված սանհանգույց, լվացքի սենյակ, պահեստարան կամ տնտեսական ներկառուցված զգեստապահարան, ջերմագեներատորային սրահ և այլն,

48) քամահարվող ընդհատակ՝ բաց տարածություն շենքի տակ` գրունտի մակերևույթի և առաջին (որմնախարիսխային, տեխնիկական) հարկի ծածկի միջև,

49) սենյակի (սենքի) բարձրություն՝ հատակից մինչև առաստաղ ուղղահայաց չափված հեռավորությունը /բարձրությունը/,

50) հասարակական նշանակության սենքեր՝ բնակելի շենքում տեղակայված ու շենքի և հարակից բնակելի թաղամասի բնակիչների սպասարկման համար նախատեսված տարածություններ,

51) վերակառուցում՝ շինարարական աշխատանքների և միջոցառումների համալիր, ուղղված` շենքի կամ կառուցվածքի, դրա առանձին մասերի նոր գործառական նշանակությամբ օգտագործմանը և/կամ հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշների փոփոխմանը, շենքի կամ կառուցվածքի հուսալիության ապահովմանն ու արդիականացմանը,

52) վերասարքավորում՝ ինժեներական ցանցերի, սանիտարատեխնիկական, էլեկտրական և այլ սարքավորումների տեղադրում, փոխարինում կամ տեղափոխում, ինչը պահանջում է համապատասխան ամրագրում բնակելի տարածության տեխնիկական անձնագրում,

53) վերահատակագծում՝ բնակելի սենքի փոխդասավորության փոփոխում, ինչը պահանջում է համապատասխան ամրագրում բնակելի շենքի տեխնիկական անձնագրում,

54) ապաստարան (կամ թաքստոց)՝ բնակչության պատսպարումն ապահովող բնակելի, հասարակական, ինչպես նաև արտադրական նշանակության շենքերի ու շինությունների նկուղային, որմնախարսխային (կիսանկուղային) հարկերում, ստորգետնյա ավտոկայանատեղիներում տեղակայված և/կամ հարմարեցված, ներկառուցված քաղաքացիական պաշտպանության համար նախատեսված շինություն (սենք):

(7-րդ կետը խմբ., լրաց. 17.12.20 N 98-Ն)

 

IV. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

 

 8. Բնակելի շենքերի շինարարությունը պետք է իրականացնել սահմանված կարգով մշակված և հաստատված ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի համաձայն` սույն շինարարական նորմերով, նորմատիվ այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան: Ընդ որում, բնակելի սենքերի ընդհանուր մակերեսի նվազագույն չափը սահմանվում է օրենքով, իսկ առավելագույն չափը որոշվում է նախագծային առաջադրանքով, եթե դա չի հակասում գործող իրավական ակտերի պահանջներին:

 9. Ներդրումային պայմաններից ելնելով և բնակիչների եկամուտներից կախված բնակելի միջավայրի գրավչության ու հարմարավետության մակարդակը բարձրացնելու նպատակով` բազմաբնակարան շենքերը կարող են նախագծվել հասարակական սպասարկման որոշակի տարրերով՝ միասնական համալիրում: Այդ դեպքում ամբողջ շենքի համար բնակելի և ոչ բնակելի սենքերի կազմի և մակերեսների ամբողջությամբ որոշվում է բազմաբնակարան շենքի հարմարավետության կարգը, որը բաժանվում է.

1) հարմարավետության առաջին կարգ՝ նախատեսված բարձր եկամուտներ ունեցող բնակիչների համար, հասարակական սպասարկման սենքերի զարգացած համալիրով բնակելի շենքեր, որոնց բնակարանների մակերեսների նվազագույն սահմանային չափը սահմանափակվում է սույն շինարարական նորմերով, իսկ մակերեսների չափերի առավելագույն մակարդակը չի սահմանափակվում,

2) հարմարավետության երկրորդ կարգ՝ նախատեսված միջին եկամուտներով բնակիչների համար, հասարակական նշանակության սենքերի զարգացած համալիրով կամ միայն ծառայողական սենքերի նվազագույն կազմով բնակելի շենքեր, որոնց բնակարանների մակերեսների չափերը որոշվում են բնակելի սենքերի տրամադրումը սահմանող սոցիալական նորմերով և սույն շինարարական նորմերի 38-րդ կետով,

3) հարմարավետության երրորդ կարգ՝ նախատեսված ցածր եկամուտներով բնակիչների համար, հասարակական նշանակության սենքերի համալիրով բնակելի շենքեր, որոնց բնակարանների մակերեսների չափերի նվազագույն սահմանային մակարդակը սահմանափակվում է սույն շինարարական նորմերով, իսկ մակերեսների չափերի առավելագույն մակարդակը որոշվում է բնակելի սենքերի տրամադրումը սահմանող սոցիալական նորմերով:

10. Տարբեր հարմարավետության կարգի բնակելի շենքերի բնակելի և ոչ բնակելի սենքերի, սրահների և այլ սենքերի լրակազմը, բնակարանների սենյակների կազմը, բնակելի և ոչ բնակելի տարածքների սարքավորումը սահմանվում է նախագծային առաջադրանքով՝ ելնելով առաջադրված հարմարավետության կարգից:

11. Բնակելի շենքի տեղադրումը, ընդհանուր հողամասի/լոտի մակերեսը (առավելագույն, նվազագույն), շենքերի միջև, և շենքերի ու այլ շինությունների միջև հեռավորությունները, կառուցապատման ենթակա (տնամերձ և բնակարանամերձ) հողամասերի չափը, դրանց կանաչ, անջրանցիկ մակերեսների համամասնությունը, շինանյութին և այլ անհրաժեշտ շինարարական պայմաններին վերաբերող չափորոշիչները որոշվում են գոտիավորման կամ կառուցապատման նախագծով և պետք է ապահովեն բնակելի շենքերին ներկայացվող հակահրդեհային պաշտպանության ու սեյսմակայունության պահանջները: Ընդ որում, բակային և այլ տարածքների նկատմամբ կառուցապատման տեսակարար կշիռը և կառուցապատման խտության գործակիցը սահմանվում է հատակագծման և կառուցապատման նորմերով:

12. Շենքերի և դրանց առանձին մասերի, ինչպես նաև ճակատների (փողոցային և բակային) արտաքին հարդարանքի, դռների, պատուհանների, ծածկապատշգամբների հետ կապված բոլոր շինարարական, վերակառուցման, վերականգնման և ուժեղացման աշխատանքները պետք է կատարվեն միայն հաստատված ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

13. Բնակելի շենքերում ներկառուցված կամ կցակառույց-ներկառուցված ավտոկայանատեղերի կառուցման ժամանակ անհրաժեշտ է պահպանել ՀՀՇՆIV-11.03 շինարարական նորմերի պահանջները:

14. Բնակելի շենքերի տանիքներում նպատակահարմար է նախատեսել կոլեկտիվ ընդունման կապի սարքավորումների (ալեհավաքներ) և ռադիոհաղորդման հաղորդալարային ցանցերի հենակների տեղադրման հնարավորություն: Տանիքներում չի թույլատրվում ռադիոռելեային կայմերի և աշտարակների տեղադրում:

15. Բազմաբնակարան շենքերի շահագործվող տանիքներում, ներկառուցված և ներկառուցված-կցակառույց սենքերի տանիքներում, ինչպես նաև շենքի մուտքին կից տեղադրված բնակարաններից դուրս գտնվող դարավանդներում և ծածկապատշգամբներում, բնակելի շենքերը միացնող տարրերի միջև, այդ թվում` ոչ բնակելի հարկերում (առաջին և միջանկյալ) թույլատրվում է այդ շենքերի բնակիչների համար տեղադրել տարբեր նպատակային նշանակության հարթակներ և խաղահրապարակներ, մարզական հրապարակներ, մեծահասակների հանգստի, հագուստի չորացման և մաքրման համար նախատեսված հարթակներ կամ արևաբուժարաններ (սոլյարիում): Ընդ որում, դեպի տանիք նայող բնակելի սենքերի պատուհաններից մինչև նշված հրապարակներ հեռավորությունը պետք է լինի 20 մ-ից ոչ պակաս:

 

V. ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԻ ՆԱԽԱԳԾՄԱՆԸ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

16. Բնակելի շենքի նախագծման և շինարարության ժամանակ պետք է ապահովվեն բնակչության սահմանափակ շարժունակությամբ խմբերի կենսագործունեության, ինչպես նաև թիկնաթոռ-սայլակներից օգտվող հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների համար շենքերի և բնակարանների մատչելիության պայմաններ, եթե տվյալ շենքում հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքներին բնակարանների տրամադրումը սահմանվել է նախագծային առաջադրանքով:

(16-րդ կետը փոփ. 17.12.20 N 98-Ն)

17. Տարեցների համար մասնագիտացված շենքերը պետք է նախագծվեն 9 հարկից ոչ ավելի, հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքների համար՝ 5 հարկից ոչ ավելի, պահպանելով գործող շինարարական նորմերով սահմանված շենքերին ներկայացվող հակահրդեհային պաշտպանության և սեյսմակայունության պահանջները: Բնակելի շենքերում հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքների բնակարանները պետք է տեղադրվեն առաջին հարկում: Ընդ որում, հաշմանդամություն ունեցող անձանց երկկողմանի երթևեկությունը սայլակով պետք է նախատեսել միայն տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքների համար մասնագիտացված բնակելի շենքերում: Այս դեպքում, միջանցքների լայնությունը պետք է ընդունվի 1.8 մ-ից ոչ պակաս:

(17-րդ կետը փոփ. 17.12.20 N 98-Ն)

18. Պետական և համայնքային ֆոնդի բնակելի շենքերում հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքների և անվասայլակներից օգտվողների բնակարանների մասնաբաժինը սահմանվում է բնագավառի լիազոր մարմինների կողմից՝ նախագծային առաջադրանքով: Հաշմանդամություն ունեցող անձանց և սահմանափակ շարժունակությամբ այլ անձանց կենսագործունեությունն ապահովելու որոշակի պահանջները պետք է նախատեսել, հաշվի առնելով տեղական պայմանները և ՀՀՇՆ IV-11.07.01 շինարարական նորմերով սահմանված պահանջները:

(18-րդ կետը փոփ. 17.12.20 N 98-Ն)

19. Բնակելի շենքերի նկուղային կամ որմնախարսխային (կիսանկուղային) հարկերում, ինչպես նաև ստորգետնյա ավտոկայանատեղիներում պետք է նախատեսվեն քաղաքացիական պաշտպանության համար հարմարեցված շինություններ (սենքեր)՝ ապաստարաններ և թաքստոցներ՝ նախագծային առաջադրանքներին և/կամ տեխնիկական բնութագրերին համապատասխան։ Բնակելի շենքերի նկուղային կամ որմնախարսխային (կիսանկուղային) հարկերում, ինչպես նաև ստորգետնյա ավտոկայանատեղիում բնակարանների և բնակելի սենյակների տեղադրում չի թույլատրվում։

(19-րդ կետը խմբ. 17.12.20 N 98-Ն)

20. Բնակելի շենքերի նկուղային, որմնախարսխային, առաջին և երկրորդ հարկերում (27մ-ից բարձր շենքերում` նաև երրորդ հարկում) թույլատրվում է տեղադրել ներկառուցված և կցակառույց-ներկառուցված հասարակական նշանակության տարածություններ, բացառությամբ այն օբյեկտների, որոնք ունեն վնասակար ազդեցություն մարդկանց և շրջակա միջավայրի վրա:

21. Բնակելի շենքերում չի թույլատրվում տեղադրել.

1) քիմիական և այլ ապրանքների մասնագիտացված խանութներ, որոնց շահագործումը կարող է հանգեցնել բնակելի միջավայրի և օդի աղտոտմանը,

2) սենքեր` հեղուկ գազերի, դյուրավառ և հեղուկ վառելանյութերի, պայթուցիկ նյութերի պահեստավորմամբ, որոնք կարող են պայթել և վառվել ջրի, օդի թթվածնի կամ միմյանց հետ շփման դեպքում,

3) աերոզոլային փաթեթավորման արտադրանքի, հրատեխնիկական արտադրատեսակների խանութներ,

4) սինթետիկ գորգերի, անվապահեստամասերի, դողերի և ավտոյուղերի վաճառքի խանութներ,

5) մասնագիտացված ձկան խանութներ, պահեստներ, այդ թվում` մեծածախ (կամ մանրամեծածախ) առևտրի, բացառությամբ շենքի բնակելի մասի տարհանման ելքերից մեկուսացված հասարակական նշանակության տարածքների կազմում ընդգրկված տարհանման ելքեր ունեցող պահեստային սենքերի (չի տարածվում ներկառուցված ավտոկայանատեղերի վրա),

6) ժամը 23.00-ից հետո աշխատանքային ռեժիմով գործող բոլոր կազմակերպությունները և խանութները (գործելու ժամանակի սահմանափակումները կարող են ճշգրտվել համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների կողմից), կենցաղսպասարկման կազմակերպություններ, որոնք օգտագործում են դյուրավառ նյութեր (բացի մինչև 300 մ2  ընդհանուր մակերեսով վարսավիրանոցներից և ժամացույցների վերանորոգման արհեստանոցներից), բաղնիքներ,

7) 50-ից ոչ ավելի տեղ ունեցող 250մ2  -ից ավելի ընդհանուր մակերեսով հասարակական սննդի և ժամանցի օբյեկտներ, բոլոր կազմակերպությունները, որտեղ օգտագործվում է երաժշտություն, այդ թվում` դիսկոտեկներ, պարի ստուդիաներ, թատրոններ, խաղատներ,

8) լվացքատներ և քիմմաքրման ծառայություններ (բացառությամբ՝ ընդունման կետերի և հերթափոխում մինչև 75կգ տարողությամբ ինքնասպասարկման լվացքատների): Հարմարավետության կարգով բազմաբնակարան շենքերում թույլատրվում է լվացքատները տեղադրել նկուղներում ու կիսանկուղային հարկերում,

9) 100մ2 -ից ավելի ընդհանուր մակերեսով ավտոմատ հեռախոսային կայաններ, հասարակական զուգարաններ, սգո ծառայությունների գրասենյակներ և խանութներ, ներկառուցված և կցակառույց տրանսֆորմատորային ենթակայաններ,

10) արտադրական տարածքներ, կլինիկական ախտորոշիչ և մանրէաբանական լաբորատորիաներ, բոլոր տեսակի դիսպանսերներ, դիսպանսերների և մասնավոր կլինիկաների ցերեկային ստացիոնարներ, վնասվածքաբանական կետեր, շտապ բժշկական օգնության ենթակայաններ, մաշկավեներոլոգիական, հոգեբուժական, ինֆեկցիոն-հակատուբերկուլոզային բժշկական ընդունարաններ և մագնիսական-ռեզոնանսային տոմոգրաֆիայի կաբինետներ: Թույլատրվում է տեղադրել ատամնատեխնիկական լաբորատորիաներ` սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին համապատասխան, ինչպես նաև տնայնագործական աշխատանքների կատարման համար սենքեր, այդ թվում` հաշմանդամություն ունեցող անձանց համար` գազային, փոշիացված, տաքացված կամ հալած վիճակում օժանդակ նյութերի բացակայությամբ: Ընդ որում, դյուրավառ և չվառվող նյութերով սենքերը պետք է շենքի բնակելի մասից առանձնացված լինեն հակահրդեհային պատնեշներով,

11) ռենտգեն կաբինետներ, ինչպես նաև բուժական կամ ախտորոշիչ սարքավորումներով և սարքերով սենքեր, որոնք սանիտարահիգիենիկ կանոններով սահմանված թույլատրելի մակարդակը գերազանցող իոնացնող ճառագայթման աղբյուրներ են հանդիսանում, անասնաբուժական կլինիկաներ և գրասենյակներ,

12) սինթետիկ գորգերի վաճառքի խանութները թույլատրվում է կցել բնակելի շենքերի REI 150 հրակայունության սահմանով պատերի խուլ մասերին:

(21-րդ կետը փոփ. 17.12.20 N 98-Ն)

22. Բնակելի շենքերի որմնախարսխային և նկուղային հարկերում չի թույլատրվում տեղադրել տարբեր սենքեր` սարքերում և սարքավորումներում դյուրավառ և վառելիքային հեղուկների, հեղուկ գազերի, պայթուցիկ նյութերի պահպանման, վերամշակման և օգտագործման համար, երեխաների խնամքի համար նախատեսվող սենքեր, 50 - ից ավելի նստատեղ ունեցող կինոթատրոններ, գիտաժողովների դահլիճներ և այլ դահլիճային սենքեր, շոգեբաղնիքներ (սաունաներ), ինչպես նաև առողջապահական - պրոֆիլակտիկ հիմնարկներ: Որմնախարսխային և նկուղային հարկերում այլ տեսակի սենքերի տեղադրման դեպքում պետք է հաշվի առնել սույն շինարարական նորմերով և հասարակական ու արտադրական շենքերի նախագծման շինարարական նորմերում սահմանված սահմանափակումները:

23. Բնակելի շենքերի վերին հարկերում թույլատրվում է տեղադրել նկարիչների և ճարտարապետների արվեստանոցներ, ինչպես նաև գրասենյակային (օֆիսային) սենքեր՝ յուրաքանչյուրում 5 մարդուց ոչ ավելի աշխատողների համար, հաշվի առնելով սույն շինարարական նորմերի 39-րդ կետի պահանջները: Վերակառուցվող մանսարդային հարկերում գրասենյակային սենքեր թույլատրվում է տեղադրել հրակայունության II աստիճանից ոչ պակաս և 28 մ ոչ ավելի բարձրությամբ շենքերում:

24. Յուրաքանչյուր հարմարավետության կարգի բազմաբնակարան շենքերում կոմերցիոն նշանակության սենքերը պետք է տեղադրվեն 1-ից 3-րդ հարկերում` մեկուսացված բնակելի սենքերից: Օրվա ընթացքում առանց այցելուների լրացուցիչ ներհոսքի մարդկանց երկարաժամկետ գտնվելու համար նախատեսված ոչ բնակելի կոմերցիոն սենքերը կարող են տեղադրվել վերին, այդ թվում` բնակելի հարկերից վերև գտնվող մանսարդային հարկերում: 1-ից մինչև 3-րդ և բնակելի հարկերից վերև գտնվող հարկերում թույլատրվում է նախագծել որպես բնակարաններ կամ գրասենյակների տարբերակային օգտագործման համար սենքեր և մասնագիտական կամ ինքնուրույն գործունեություն իրականացնելու համար ոչ բնակելի սենքերով բնակարաններ: Ընդ որում, դրանցում կիրառվող տեխնոլոգիաների և տեղադրվող սարքավորումների վերաբերյալ գործող նորմերի և կանոնակարգերի պահանջների պահպանումը պարտադիր է:

25. Բոլոր հարմարավետության կարգերի բազմաբնակարան շենքերի որմնախարսխային, ստորգետնյա հարկերում և նկուղներում թույլատրվում է տեղադրել ծառայողական սենքեր` բնական լուսավորության (այդ թվում` տեխնիկական սարքերի միջոցով) ապահովման պայմանով:

26. Բնակիչներին աղմուկից, արտանետումներից պաշտպանելու նպատակով չի թույլատրվում հասարակական նշանակության սենքերի ներբեռնումը բնակելի շենքի բակի կողմից, որտեղ գտնվում են բնակարանների բնակելի սենյակների պատուհանները և շենքի բնակելի մաս տանող մուտքերը: Բնակելի շենքերում ներկառուցված հասարակական նշանակության սենքերի ներբեռնումը պետք է իրականացվի բնակելի շենքերի առանց պատուհանների կողային ճակատներից, ստորգետնյա թունելներից և մայրուղիների (փողոցների) կողմից` հատուկ ներբեռնման սենքերի առկայության դեպքում: Վերոնշյալ հատուկ ներբեռնման սենքերը թույլատրվում է չնախատեսել, եթե ներկառուցված հասարակական սենքերի մակերեսը չի գերազանցում 150 մ2 -ից:

27. Բնակելի շենքերում պետք է նախատեսվի խմելու-տնտեսական և տաք ջրամատակարարում, կենցաղային և տնտեսական կոյուղի, ջեռուցում, օդափոխություն, տանիքի ջրահեռացում, հակածխային պաշտպանություն, հակահրդեհային ջրամատակարարման ցանց: Խմելու-տնտեսական, հակահրդեհային և տաք ջրամատակարարումը, ինչպես նաև կոյուղին և ջրահոսքերը պետք է նախագծել ՍՆիՊ 2.04.01 շինարարական նորմերի պահանջներին համապատասխան: Խմելու-տնտեսական ջրամատակարարումը պետք է ապահովի համապատասխան ստանդարտների պահանջներին բավարարող ջրի որակ և օրվա ընթացքում մեկ մարդու համար 200 լիտրից ոչ պակաս ծախսի հնարավորություն:

28. Հարթ տանիքից անձրևաջրերի և հալոցքների հեռացումը պետք է իրականացվի շենքի ներսում տեղադրված ջրհորդանների միջոցով: Դրանց տեղադրումը բնակարանների սահմաններում չի թույլատրվում: Տարածքում հեղեղատար կոյուղու առկայության դեպքում հարթ տանիքից ջրհորդանները հարկավոր է հասցնել հեղեղատար հորին` տեղադրելով միացման մասում սիֆոն: Մինչև 12 մետր շենքի բարձրության դեպքում թույլատրվում է տեղադրել ջրհորդաններ արտաքին պատի դրսի կողմից` տարվա ցուրտ ժամանակահատվածում դրանց մեջ պարունակող ջրի սառեցումը բացառելու պայմանով:

29. Բնակելի շենքերում պետք է նախատեսել էլեկտրալուսավորում, ուժային էլեկտրասարքավորում, հեռուստատեսային ալեհավաքներ, զանգաազդանշաններ, ինչպես նաև ավտոմատ հակահրդեհային ազդանշանային համակարգեր, հրդեհի դեպքում նախազգուշացման և տարհանման կառավարման համակարգեր, հրշեջ ստորաբաժանումների տեղափոխման վերելակներ, մարդկանց փրկելու միջոցներ, հակահրդեհային պաշտպանության համակարգեր` հրդեհային անվտանգության մասին համապատասխան նորմատիվ փաստաթղթերի և առաջադրանքով նախատեսված այլ ինժեներական համակարգերին վերաբերող կանոնակարգերի:

30. Բնակելի շենքերի ջեռուցումն իրականացվում է համաձայն գործող շինարարական նորմերի: Կաթսայատների նախագծումը պետք է իրականացնել ՍՆիՊ II-35 շինարարական նորմերի պահանջներին համապատասխան: Պինդ վառելանյութով սալօջախներ, ջեռուցման վառարաններ և բնակարանային ջրատաքացուցիչներ թույլատրվում է տեղադրել երկու հարկից ոչ ավելի բարձրությամբ բնակելի շենքերում (չհաշված որմնախարսխային հարկը): Ջրաջեռուցման համակարգ թույլատրվում է նախատեսել ցանկացած հարկայնության բնակելի շենքերում:

31. Էլեկտրական սալօջախներ, ջեռուցող սարքեր և բնակարանային ջրատաքացուցիչներ թույլատրվում է տեղադրել ցանկացած հարկայնության բնակելի շենքերում:

32. Գազամատակարարման նախագծումը պետք է իրականացնել ՀՀՇՆ IV-12.03.01 շինարարական նորմերով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան:

33. Առաջին հարկի հատակի նիշի մակարդակի նկատմամբ 12մ-ը գերազանցող վերևի բնակելի հարկի հատակի նիշ ունեցող շենքերում պետք է նախատեսել վերելակներ: Գոյություն ունեցող հինգ հարկանի բնակելի շենքերում վերնակառույցի դեպքում թույլատրվում է նախատեսել վերելակներ` առանց կանգառի վերնակառուցված հարկում: Տարբեր հարկայնության բնակելի շենքերում տեղադրվող մարդատար վերելակների նվազագույն քանակը տրված է 1-ին հավելվածում:

34. Տարեցներ ունեցող և հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքների համար նախատեսված բնակելի շենքերում վերելակներ պետք է տեղադրել վերին հարկի հատակի, համապատասխանաբար` 8մ և ավելի, և 5մ և ավելի նիշ ունենալու դեպքում: Մնացած դեպքերում վերելակների նախագծումը պետք է իրականացվի նախագծման առաջադրանքին համապատասխան: Վերելակներից մեկի խցիկը պետք է լինի 2,1 մ խորությամբ կամ լայնությամբ (ելնելով հատակագծային լուծումներից)` մարդուն պատգարակով տեղափոխելու հնարավորությունն ապահովելու համար:

(34-րդ կետը փոփ. 17.12.20 N 98-Ն)

35. Վերելակներից մեկի խցիկի դռների լայնությունը պետք է ապահովի թիկնաթոռ-սայլակներից օգտվող հաշմանդամություն ունեցող անձանց անցնելու հնարավորությունը:

(35-րդ կետը փոփ. 17.12.20 N 98-Ն)

36. Բնակելի շենքերում, որտեղ առաջին հարկից վերև նախատեսվում է տեղափոխման սայլակներից օգտվող հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքների բնակարանների տեղակայումը, ինչպես նաև տարեցներ ունեցող և հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքների մասնագիտացված բնակելի շենքերում, պետք է նախատեսվեն մարդատար վերելակներ կամ վերելակ-ամբարձիչներ՝ բնակչության սակավաշարժուն խմբերի համար անխոչընդոտ միջավայրի ստեղծման պահանջները կանոնակարգող նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխան:

(36-րդ կետը փոփ. 17.12.20 N 98-Ն)

37. Վերելակների առջևի հարթակների լայնությունը պետք է ապահովի շտապօգնության պատգարակներով հիվանդին տեղափոխելու համար վերելակների օգտագործման հնարավորությունը և լինի ոչ պակաս.

1) 1.5 մ՝ 630 կգ բեռնունակությամբ և 2,1 մ լայնությամբ խցիկով վերելակների առաջ,

2) 2.1մ՝ 630 կգ բեռնունակությամբ և 2,1 մ խորությամբ խցիկով վերելակների առաջ,

3) վերելակների երկու շարքով տեղադրման դեպքում վերելակային սրահի լայնությունը պետք է լինի ոչ պակաս.

ա. 1.8մ՝ 2,1 մ- ից պակաս խորությամբ խցիկով վերելակների տեղադրման դեպքում,

բ. 2.5մ՝ 2,1 մ և ավելի խորությամբ խցիկով վերելակների տեղադրման դեպքում:

 

VI. ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻՆ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ ՍԵՆՔԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

38. Պետական և համայնքային բնակարանային ֆոնդի, սոցիալական բնակարանային ֆոնդի բնակարաններում պետք է.

1) նախատեսվեն բնակելի սենյակներ (այլ սենքեր) և օժանդակ սենքեր` խոհանոց (կամ խոհանոց-խորշ), նախամուտք, լոգասենյակ (կամ ցնցուղարան) և զուգարան (կամ համատեղված սանհանգույց), խորդանոց (կամ ներկառուցված տնտեսական պահարան): Բնակարանի սենքերի կազմի ընդլայնումը սահմանվում է նախագծային առաջադրանքով, հաշվի առնելով սույն շինարարական նորմերի 2-րդ հավելվածի դրույթները,

2) բնակարանի մակերեսը կազմի ոչ պակաս,

ա. ընդհանուր սենյակ մեկ սենյականոց բնակարանում՝ 18 մ2  -ից,

բ. ընդհանուր սենյակ երկու և ավելի սենյականոց բնակարաններում՝ 16 մ2  -ից,

գ. ննջարան` 8 մ2  -ից (10 մ2  երկու հոգու համար),

դ. խոհանոց` 8 մ2  -ից,

ե. խոհանոցային գոտում ճաշասենյակ-խոհանոց` 6 մ2  -ից,

զ. խոհանոց-խորշ` 5 մ2  -ից,

3) ննջատեղերով ընդհանուր բնակելի սենյակները և ննջարանը նախագծվեն ոչ միջանցիկ,

4) խոհանոցը սարքավորել լվացարանակոնքով և սննդի պատրաստման համար նախատեսված կահավորանքով, լոգասենյակը՝ լոգարանով կամ ցնցուղով և լվացարանով, զուգարանը՝ լվացման տակառիկ ունեցող զուգարանակոնքով, համատեղված սանհանգույցը՝ լոգարանով կամ ցնցուղով և զուգարանակոնքով:

39. Կարճաժամկետ և երկարաժամկետ բնակեցման համար նախատեսված սպասարկման տարրերով բնակելի շենքերում.

1) սենքերը պետք է բաժանել կոմերցիոն և ոչ կոմերցիոն նշանակության սենքերի: Կոմերցիոն սենքերին վերաբերում են բնակելի և սպասարկման համակարգի ոչ բնակելի տարածքները: Ոչ կոմերցիոն սենքերին են վերաբերում ծառայողական և կոլեկտիվ օգտագործման համար նախատեսվող տարածքները,

2) բնակելի սենյակների և այլ սենքերի խումբը կարող է ներառել բնակարանային տիպի բնակելի սենքեր, այդ թվում` հարկաբաժիններ, բնակարան-ստուդիաներ, սենյակներ և սենյակների բլոկ տիպի բնակելի սենքեր,

3) բնակարանների կազմում թույլատրվում է նախատեսել սենքեր սպասարկող անձնակազմի համար` բնակելի սենյակ 8 մ2 -ից ոչ պակաս մակերեսով և սանհանգույց` ցնցուղարան- խցիկով,

4) հարմարավետության երրորդ կարգի բազմաբնակարան շենքերում բնակարանային տիպի բնակելի սենքերի հետ մեկտեղ թույլատրվում է նախագծել սենյակային և սենյակների բլոկ տիպի բնակելի սենքեր` յուրաքանչյուր անձի համար առնվազն 6 մ2  սենյակների մակերեսով: Բլոկում սենյակները պետք է նախագծվեն ոչ միջանցիկ:

40. Կոլեկտիվ օգտագործման սենքերի խումբը նախատեսվում է բնակելի սենքերից դուրս` բնակիչների կողմից որոշակի տնտեսական և ժամանցային գործառույթների իրականացման համար և նախագծվում է ելնելով որոշակի հարմարավետության կարգի բազմաբնակարան շենքի բնակիչների հաշվարկից:

41. Կոլեկտիվ օգտագործման սենքերը թույլատրվում է տեղադրել բնակելի հարկերում` պահպանելով բնակելի սենքերի աղմուկից պաշտպանության պահանջները: Չի թույլատրվում կոլեկտիվ օգտագործման և բնակելի սենքերի կից տեղադրումը:

42. Սպասարկման սրահների և այլ սենքերի մակերեսները պետք է ընդունել համաձայն համապատասխան գործող նորմերի:

43. Սենյակային և սենյակների բլոկ տիպի բնակելի տարածություններին կից պետք է հարկերում նախատեսվեն խոհանոցներ մի քանի բլոկների կամ սենյակների համար` 1.0մ2  մեկ մարդու համար հաշվարկով, 12 անձից ոչ ավել: Սենյակային տիպի բնակելի սենքերին կից հարկերում պետք է նախատեսվեն սանհանգույցներ` լոգարան կամ ցնցուղ, լվացարան և զուգարանակոնք՝ 6 մարդու համար ոչ ավելի հաշվարկով:

44. Բնակելի սենյակների, խոհանոցի (ճաշասենյակ-խոհանոցի) բարձրությունը (հատակից առաստաղ) պետք է լինի 2.7 մ-ից ոչ պակաս: Ներբնակարանային միջանցքների, մուտքի սպասասրահների, նախասրահների, վերնասրահների և դրանց ներքևի տարածքների բարձրությունը որոշվում է մարդկանց անվտանգ շարժման պայմաններով և պետք է կազմի 2.1 մ-ից ոչ պակաս: Մանսարդային կամ թեք պատող կոնստրուկցիաներով հարկերում գտնվող բնակարանների բնակելի սենյակների և խոհանոցի մակերեսի 50%-ը չգերազանցող տարածքում թույլատրվում է նախատեսել առաստաղի ավելի ցածր բարձրություն:

45. Բնակարաններում թույլատրվում է սենքեր տրամադրել բնակիչների մասնագիտական կամ անհատական ձեռնարկատիրական գործունեության համար` իրավական ակտերի և ՀՀՇՆ II-7.01 շինարարական նորմերի, տեխնոլոգիաներին և սարքավորումներին ներկայացվող նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխան:

46. Բնակարանների կազմում թույլատրվում է նախատեսել մերսման սրահ մեկ մասնագետի համար:

47. Ընտանեկան տիպի մանկապարտեզի համար թույլատրվում է տրամադրել լրացուցիչ սենքեր 10 մարդուց ոչ ավել խմբի համար` առնվազն II աստիճանի հրակայունության շենքերում 2-րդ հարկից ոչ բարձր գտնվող երկկողմանի կողմնորոշում ունեցող բնակարաններում, եթե այդ բնակարաններում ապահովվել է վթարային ելքը և շենքի մերձակայքում առկա է խաղահրապարակների կազմակերպման հնարավորությունը:

48. Չի թույլատրվում չբացվող փեղկերի կիրառումը պատուհանային բլոկներում, ինչպես նաև առաջին հարկից վերև գտնվող պատշգամբների (լոջիաների) ապակեպատման համար, բացառությամբ այն փեղկերի, որոնց չափերը չեն գերազանցում 0,4x0,8մ, ինչպես նաև պատշգամբների վրա դուրս եկող պատուհանային բլոկներում:

 

VII. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

49. Շենքերի հիմքերը և կրող կոնստրուկցիաները պետք է նախագծվեն և կառուցվեն այնպես, որ շինարարության ժամանակ և շահագործման հաշվարկային պայմաններում բացառվեն հետևյալ հնարավոր երևույթները.

1) կոնստրուկցիաների վնասվածքները կամ փլվածքները, որոնք բերում են շենքի շահագործման դադարեցմանը,

2) կոնստրուկցիաների կամ ամբողջությամբ շենքի շահագործման հատկությունների անթույլատրելի վատթարացումը ձևախախտման (դեֆորմացիայի) կամ ճաքերի առաջացման հետևանքով:

50. Շենքի հիմքերը և կոնստրուկցիաները պետք է հաշվարկեն համապատասխան բեռնվածքների` մշտական բեռնվածքների տակ կրող և պատող կոնստրուկցիաների սեփական քաշից, մշտական ծանրաբեռնվածությունից ելնելով, ծածկերի վրա ժամանակավոր հավասարաչափ բաշխված և կենտրոնացված բեռներից, շինարարության տվյալ շրջանի համար ձյան բեռնվածքի և հողմնաբեռնվածքի, հատուկ բեռնվածքների (սեյսմիկ բեռնվածքներ) ազդեցությունների տակ: Թվարկված բեռների նորմատիվ նշանակությունը, հաշվի առնված բեռների անբարենպաստ համադրությունը կամ դրանց համապատասխանող ուժերի, ճկվածքների սահմանային նշանակությունը և կոնստրուկցիաների տեղաշարժերը, ինչպես նաև հուսալիության գործակցի նշանակությունն ըստ ծանրաբեռնվածությունների պետք է ընդունվեն ՀՀՇՆ II -6.02 և ՍՆԻՊ 2.01.07 շինարարական նորմերով սահմանված պահանջներին համապատասխան:

51. Շենքերի հիմքերի և կոնստրուկցիաների հաշվարկման ժամանակ պետք է հաշվի առնել նաև պատվիրատու-կառուցապատողի լրացուցիչ պահանջները նշված նախագծման առաջադրանքում, օրինակ՝ բուխարիների տեղադրմանը, բնակելի շենքերում ներկառուցված հասարակական նշանակության սենքերի ծանր սարքավորումներին, ինտերիերի սարքավորումների ծանր տարրերի ամրացմանը պատերին և առաստաղներին: Կոնստրուկցիաների նախագծման ժամանակ հաշվարկման մեթոդները (այդ թվում՝ կրողունակությունը և թույլատրելի ձևափոխելիությունը) պետք է բավարարեն համապատասխան նյութերից կոնստրուկցիաներին ներկայացվող նորմատիվ փաստաթղթերի պահանջներին:

52. Ներքնամշակվող տարածքների, նստվածքային գրունտների վրա, սեյսմիկ գոտիներում, ինչպես նաև բարդ երկրաբանական պայմաններում շենքի տեղադրման ժամանակ պետք է հաշվի առնել համապատասխան շինարարական նորմերով սահմանված լրացուցիչ պահանջներ: Շենքերի հիմքերը պետք է նախագծվեն ելնելով գրունտների ֆիզիկամեխանիկական հատկություններից, կառուցապատման տարածքների հիդրոերկրաբանական ռեժիմի բնութագրերից, ինչպես նաև գրունտների և ստորգետնյա ջրերի ագրեսիվության աստիճանից հիմքերի և ստորգետնյա ինժեներական ցանցերի նկատմամբ, և պետք է ապահովեն շենքի տարրերի տակ հիմքերի նստվածքների անհրաժեշտ հավասարաչափությունը:

53. 40մ-ից ավելի բարձրություն ունեցող շենքի հողմնաբեռնվածքի հաշվարկման ժամանակ, բացի շենքի և նրա առանձին կոնստրուկտիվ տարրերի ամրության և կայունության պայմաններից, պետք է ապահովվեն բնակվելու հարմարավետության պահանջներով պայմանավորված վերին հարկերի ծածկերի տատանումների պարամետրերի սահմանափակումները:

54. Լրացուցիչ բեռնվածքների ազդեցության առաջացումը վերակառուցման ժամանակ և բնակելի շենքի անփոփոխ մասի վրա, դրա կրող և սահմանազատող կոնստրուկցիաները, ինչպես նաև հիմնատակի գրունտները պետք է ստուգվեն այդ բեռնվածքներից և ազդեցություններից գործող փաստաթղթերի պահանջներին համապատասխան` անկախ կոնստրուկցիաների ֆիզիկական մաշվածությունից: Միաժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել շահագործման ժամանակ հիմնատակերի գրունտների փաստացի կրողունակությունը դրանց փոփոխման արդյունքում, ինչպես նաև ժամանակի ընթացքում բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաներում բետոնի ամրության բարձրացումը:

55. Բնակելի շենքի վերակառուցման ժամանակ հարկավոր է հաշվի առնել դրա կոնստրուկտիվ սխեմայի փոփոխությունը, որն առաջանում է այդ շենքի շահագործման ընթացքում (այդ թվում՝ նոր բացվածքների առաջացումն ի լրումն նախնական նախագծային լուծումներին, ինչպես նաև կոնստրուկցիաների վերանորոգումը կամ ամրացումը): Բնակելի շենքերի վերակառուցման ժամանակ սանիտարատեխնիկական հանգույցների տեղի փոփոխման դեպքում հարկավոր է կատարել համապատասխան լրացուցիչ հիդրո-, աղմկա- և թրթռամեկուսացման միջոցառումներ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ ծածկերի ամրացում, որոնց վրա նախատեսվում է տեղադրել տվյալ սանիտարատեխնիկական հանգույցների սարքավորումները:

 

VIII. ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՀՐԴԵՀԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽՈՒՄԸ

 

56. Շենքերի հրդեհային անվտանգությունն անհրաժեշտ է ապահովել ՀՀՇՆ II-8.04-01 շինարարական նորմերի պահանջներին համապատասխան: Շենքի թույլատրելի բարձրությունը և հարկի մակերեսը հրշեջ հատվածամասի սահմաններում որոշվում են հրակայունության աստիճանից և կոնստրուկտիվ հրդեհային անվտանգության դասից, ըստ 1-ին աղյուսակի: Ընդ որում, շենքի չջեռուցվող կցակառույցների հրակայունության աստիճանը հարկավոր է ընդունել ըստ շենքի ջեռուցվող մասի հրակայունության աստիճանի: Իսկ սրահային տիպի շենքերը թույլատրվում է նախատեսել 17 մ-ից ոչ բարձր:

 

Աղյուսակ 1

 

Շենքի հրակայունության աստիճանը

Շենքի կոնստրուկտիվ հրդեհային անվտանգության դասը

Շենքի առավելագույն թույլատրելի բարձրությունը, մ

Հարկի հրշեջ հատվածամասի առավելագույն թույլատրելի մակերեսը, մ2 

I

С0

75

2500

II

С0

50

2500

 

С1

28

2200

III

С0

28

1800

 

С1

15

1800

IV

С0, С1

50

800

   

30

1200

 

C2, С3

50

500

   

30

900

V

չի նորմավորվում

50

30

500

800

 

57. I, II և III հրակայունության աստիճան ունեցող շենքերում թույլատրվում է վերակառուցել R45 ոչ պակաս հրակայունության սահման և K0 հրդեհային վտանգավորության դասի կրող տարրերով մեկ մանսարդային հարկ` անկախ 1-ին աղյուսակում տրված շենքի բարձրությունից, բայց ոչ բարձր քան թույլատրվում են սեյսմակայունության նորմերով: Մանսարդային հարկի պատող կոնստրուկցիաները պետք է համապատասխանեն վերնակառուցվող շենքի կոնստրուկցիաներին ներկայացվող պահանջներին:

58. Փայտե կոնստրուկցիաների կիրառման դեպքում պետք է նախատեսել նշված պահանջներին համապատասխան կոնստրուկտիվ հրապաշտպանություն:

59. Սրահային տիպի շենքերի սրահներում հետիոտն շարժման գոտին, ինչպես նաև հաշվարկված հորիզոնական բեռնվածքների ընդունման արգելապատերը պետք է համապատասխանեն տվյալ շենքերի ծածկի համար ընդունված պահանջներին:

60. I, II հրակայունության աստիճան ունեցող շենքերում կրող տարրերի պահանջվող հրակայունության սահմանի ապահովման համար պետք է կիրառել միայն կոնստրուկտիվ հրապաշտպանություն:

61. IV հրակայունության աստիճան ունեցող երկհարկանի շենքերում կրող տարրերը պետք է ունենան R30-ից ոչ պակաս հրակայունության սահման:

62. Միջսեկցիոն, միջբնակարանային պատերը և միջնորմերը, ինչպես նաև այլ տարածքներից արտաբնակարանային միջանցքները, սրահները և նախասրահները անջատող պատերը և միջնորմերը պետք է համապատասխանեն 2-րդ աղյուսակում տրված ցուցանիշներին: Միջսեկցիոն, միջբնակարանային պատերը և միջնորմերը պետք է լինեն խուլ և համապատասխանեն ՀՀՇՆ II-8.04.01 շինարարական նորմերով սահմանված պահանջներին:

63. Միջբնակարանային միջնորմերի հրակայունության սահմանը չի նորմավորվում: Միջբնակարանային պահարանների, հավաքովի-քանդովի և շարժական միջնորմերի հրդեհային վտանգավորության դասը չի նորմավորվում: Այլ միջսենյակային միջնորմների, այդ թվում դռներով, հրդեհային վտանգավորության դասը պետք է համապատասխանի ՀՀՇՆ II-8.04-01 շինարարական նորմերի պահանջներին:

 

Աղյուսակ 2

 

Պատող կոնստրուկցիա

Կոնստրուկցիաների հրակայունության նվազագույն սահմանը և թույլատրելի հրդեհային վտանգավորության դասը հրակայունության աստիճանի և կոնստրուկտիվ հրդեհային վտանգավորության դասի շենքի համար

I-III, C0 և C1

IV, C0 և C1

IV, C2, C3

1. Միջսեկցիոն պատ

REI 45, K0

REI 45, K0

REI 45, K1

2. Միջսեկցիոն միջնորմ

EI 45, K0

EI 45, K0

EI 30, K1

3. Միջբնակարանային պատ

REI 30, K0

REI 15, K0

REI 15, K1

4. Միջբնակարանային միջնորմ

EI 30, K0

EI 15, K0

EI 15, K1

5. Արտաբնակարանային միջանցքներն այլ սենքերից անջատող պատ

REI 45, K0

REI 15, K0

REI 15, K1

6. Արտաբնակարանային միջանցքներն այլ սենքերից անջատող միջնորմ

EI 45, K0

EI 15, K0

EI 15, K1

7. Սույն աղյուսակի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերում C1 դասի շենքերի համար թույլատրվում է K0 -ի փոխարեն` K1:

8. Սույն աղյուսակի 5-րդ և 6-րդ կետերում C2 դասի շենքերի համար թույլատրվում է K1-ի փոխարեն` K2:

 

64. Հինգ հարկանի II աստիճանի հրակայունության շենքերի նկուղային և որմնախարսխային հարկերում, ինչպես նաև III և IV աստիճանի հրակայունության շենքերում պահեստների միջնորմերը թույլատրվում է նախագծել չնորմավորված հրակայունության սահմանով և հրդեհային վտանգավորության դասով: Նկուղային և որմնախարսխային հարկերի տեխնիկական միջանցքը մյուս սենքերից անջատող միջնորմերը (այդ թվում՝ տեխնիկական միջանցքը հաղորդակցուղիների անցկացման համար) պետք է լինեն 1-ին տեսակի հակահրդեհային:

65. Տեխնիկական, նկուղային, որմնախարսխային հարկերը և ձեղնահարկերը ոչ սեկցիոն բնակելի շենքերում պետք է բաժանել 500մ2 -ից ոչ ավելի մակերեսով հատվածամասերի 1-ին տեսակի հակահրդեհային միջնորմերով, իսկ սեկցիոն շենքերում` միջսեկցիոն պատերի և միջնորմերի առանցքներով:

66. Երեք և ավելի հարկայնության շենքերի լոջիաների, պատշգամբների և սրահների պատող մասերը, ինչպես նաև հրակայունության I, II և III աստիճանի 5 և ավելի հարկանի շենքերում արտաքին արևապաշտպանությունը պետք է իրականացվի չայրվող նյութերից` ՉԱ:

67. Բնակելի շենքերում ներկառուցված հասարակական նշանակության սենքերը բնակելի մասից հարկավոր է առանձնացնել խուլ հակահրդեհային պատերով, միջնորմերով և ծածկերով, համապատասխանաբար` R45-ից կամ EI45-ից ոչ պակաս հրակայունության սահմանով, իսկ I աստիճանի հրակայունության շենքերում՝ 2-րդ տեսակից ոչ պակաս հակահրդեհային ծածկերով:

68. Աղբահավաք խցիկը պետք է ունենա ինքնուրույն մուտք, շենքի մուտքից մեկուսացված խուլ չայրվող էկրանով և առանձնացված լինի ոչ պակաս REI 60 հրակայունության սահմանով և K0 հրդեհային վտանգավորության դասով հակահրդեհային միջնորմերով և ծածկով:

69. Ձեղնահարկերի տանիքը, ծածկի ծպեղները և կավարամածերը թույլատրվում է իրականացնել այրվող նյութերից: Ձեղնահարկով շենքերում (բացառությամբ՝ հրակայունության V աստիճանի շենքերի) այրվող նյութերից ծպեղի և կավարամածի կառուցման դեպքում չի թույլատրվում կիրառել այրվող նյութերից ծածկեր, իսկ ծպեղը և կավարամածը անհրաժեշտ է ենթարկել հրակայուն մշակման: Այդ կոնստրուկցիաների կոնստրուկտիվ պաշտպանության դեպքում դրանք չպետք է նպաստեն այրման աննկատ տարածմանը:

70. Կցակառույց-ներկառուցված մասի ծածկը պետք է համապատասխանի անձեղնահարկ ծածկույթին ներկայացվող պահանջներին, իսկ դրա տանիքը` շահագործվող տանիքին ներկայացվող պահանջներին: I-III աստիճանի հրակայունության շենքերում թույլատրվում է այդպիսի ծածկերի շահագործումը` սույն նորմերի համապատասխան պահանջների պահպանմամբ: Այդ դեպքում ծածկի կոնստրուկցիայի հրակայունության սահմանը պետք է լինի REI 45, իսկ հրդեհային վտանգավորության դասը` K0:

71. Բնակելի շենքերում դեպի կցակառույց-ներկառուցված մասը կողմնորոշված պատուհանների առկայության դեպքում, տանիքի մակարդակը շենքին կցված մասերում չպետք է գերազանցի իրեն կցակառուցված հիմնական մասի բնակելի սենքերի հատակի նիշը:

 

IX. ՏԱՐՀԱՆՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

 72. Սրահային և միջանցքային տիպի շենքերում բնակարանի մուտքից մինչև աստիճանավանդակի ելք առավելագույն հեռավորությունն անմիջապես դեպի դուրս կամ սրահ պետք է ընդունել 3-րդ աղյուսակին համապատասխան:

 

Աղյուսակ 3

 

Շենքի հրակայունության աստիճանը

Շենքի կոնստրուկտիվ հրդեհային վտանգավորության դասը

Բնակարանի մուտքից մինչև ելք առավելագույն հեռավորությունը, մ

աստիճանավանդակների կամ արտաքին մուտքերի միջև

սրահ կամ փակուղային միջանցք ելքերի դեպքում

I, II

C0

40

25

II

C1

30

20

III

C0

30

20

 

C1

25

15

IV

С0

25

15

 

С1, C2, С3

20

10

V

չի նորմավորվում

20

10

 

73. Սեկցիոն տիպի շենքերում բնակարաններից դեպի բնական լուսավորություն չունեցող միջանցք (սրահ) ելքից մինչև առավել հեռացված բնակարանից անմիջականորեն աստիճանավանդակի, չծխապատվող աստիճանավանդակների նախամուտքի կամ վերելակի անցումային սրահի ելքը, որը տանում է դեպի Չ1 տեսակի չծխապատվող աստիճանավանդակների օդային տարածք կամ Չ2 տեսակի աստիճանավանդակ, չպետք է գերազանցի 12մ-ը, բնական լուսավորության կամ միջանցքի (սրահի) ծխահեռացման առկայության դեպքում այդ հեռավորությունը թույլատրվում է ընդունել ըստ 3-րդ աղյուսակի, ինչպես փակուղային միջանցքի դեպքում: Սրահի և միջանցքի լայնությունը պետք է լինի ոչ պակաս, մ.

1) 1.2՝ IV և V աստիճանի հրակայունության շենքերի համար,

2) 1.4՝ III, II և I աստիճանի հրակայունության շենքերի համար՝ փակուղային միջանցքների, սրահների և աստիճանավանդակների միջև եղած միջանցքների` 40մ ներառյալ երկարության դեպքում,

3) 1.6 ` 40մ-ից ավելի ընդհանուր երկարություն ունեցող միջանցքների համար:

74. 30 մ-ից ավելի երկարություն ունեցող միջանցքներն անհրաժեշտ է անջատել EI 30 հրակայունության դռներով՝ սարքավորված ինքնափականներով և տեղադրված 30 մ-ից ոչ ավել հեռավորության վրա մեկը մյուսից և միջանցքի կողաճակատից:

75. Աստիճանավանդակներում և վերելակների սրահներում թույլատրվում է նախատեսել ապակեպատ դռներ, ամրանավորված ապակուց կամ այլ տեսակի անվտանգ ապակեպատմամբ: Ս1, Չ1, Չ2, Չ3 տեսակի աստիճանավանդակների արտաքին պատերում լուսային բացվածքների մակերեսը չի նորմավորվում:

76. Հարկից տարհանման ելքերի քանակը և աստիճանավանդակների տեսակներն անհրաժեշտ է ընդունել շինարարական նորմերով սահմանված պահանջներին համապատասխան:

77. 28մ-ից ցածր բարձրությամբ IV կլիմայական շրջանում տեղադրվող բնակելի շենքերում թույլատրվում է աստիճանավանդակների փոխարեն տեղադրել արտաքին բաց աստիճաններ չայրվող նյութերից:

78. Միջանցքային տիպի բնակելի շենքերում, երբ հարկում բնակարանների ընդհանուր մակերեսը մինչև 500մ2  է, թույլատրվում է նախատեսել ելք դեպի մեկ աստիճանավանդակ՝ դեպի երկրորդ հարկի հատակի նիշը տանող, միջանցքների կողաճակատում նախատեսված ելքերով, 3-րդ տեսակի արտաքին աստիճաններով: Շենքերի կողաճակատում նշված աստիճանավանդակների տեղադրման ժամանակ թույլատրվում է միջանցքի հակադիր կողաճակատում տեղադրել մեկ 3-րդ տեսակի աստիճան:

79. Մինչև 28մ բարձրությամբ գոյություն ունեցող շենքերի մեկ հարկի վերնակառուցման դեպքում թույլատրվում է պահպանել գոյություն ունեցող U1 տեսակի սանդղակավանդակն առանց վերելակի հորանի վերակառուցման, վերնակառույցի վթարային ելքի ապահովմամբ՝ շինարարական նորմերով սահմանված պահանջներին համապատասխան: Ընդ որում, շենքի ընդհանուր բարձրությունը վերակառուցումից հետո չպետք է գերազանցի 28մ-ը:

80. Հարկում բնակարանների ընդհանուր մակերեսի 500 մ2 -ից ավելի դեպքում տարհանումը պետք է իրականացվի ոչ պակաս, երկու աստիճանավանդակով (սովորական կամ չծխապատվող):

81. Հարկում բնակարանների 500-550մ2  ընդհանուր մակերեսի դեպքում բնակելի շենքերում թույլատրվում է տեղադրել մեկ աստիճանավանդակ` հաշվի առնելով հետևյալ պայմանները.

1) 28 մ-ից ոչ բարձր վերին հարկով` սովորական աստիճանավանդակում բնակարանների նախամուտքերում հասցեական հրդեհային ազդանշանման սարքերի տեղադրմամբ,

2) 28մ-ից բարձր վերին հարկի՝ մեկ չծխապատվող աստիճանավանդակում բոլոր բնակարանների սենքերում (բացի սանհանգույցում, լողասենյակներում, լոգարաններում և լվացքասենյակներում) հասցեական հրդեհային ազդանշանման սարքերի կամ ավտոմատ հրդեհամարիչների տեղադրմամբ:

82. Շենքի ներսում կից հատակների, ինչպես նաև պատշգամբների, դարավանդների, լոջիաների հատակների և շենքի շուրջ սալվածքի միջև ուղղաձիգ նիշերի 45սմ-ից ավել անկման դեպքում պետք է նախատեսել բազրիքներ: Ուղղաձիգ նիշերի մինչև 15մ անկման դեպքում բազրիքի բարձրությունը պետք է լինի ոչ պակաս 100սմ, 15մ-ից ավելի անկման դեպքում՝ ոչ պակաս 120սմ:

83. Պատուհանները, որոնց լուսամուտագոգի սալերը տեղադրվում են հատակից 0.9մ-ից պակաս բարձրության վրա, պետք է սարքավորվեն նախադպրոցական տարիքի երեխաների համար անհասանելի պատուհանները բացելու և փակելու հարմարանքներով, ինչպես նաև ունենան բազրիքներ, եթե շենքից դուրս հարթության և սենյակի հատակի մակարդակների տարբերությունը գերազանցում է 1.5մ-ը:

84. Շրջանակ չունեցող ապակե դռների և պատուհանների, ինչպես նաև ներքին ապակեպատ դռների համար, եթե ապակուց մինչև հատակ եղած հեռավորությունը փոքր է 0.9մ-ից պետք է օգտագործել անվտանգ ապակի:

85. Երկկողմ բացվող դռները նշվում են 20 սմ2  ոչ փոքր մակերես ունեցող նշաններով՝ տեղադրված հատակից 0.7մ-ից 1.5մ բարձրության վրա:

86. Թեքահարթակների թեքությունը պետք է լինի 10%-ից ոչ ավելի:

87. 1.2մ-ից մինչև 2.4մ լայնությամբ աստիճանները և թեքահարթակները երկու կողմից պետք է ունենան բազրիքներ: 2.4 մ լայնությունը գերազանցող աստիճանները և թեքահարթակները պետք է լրացուցիչ բազրիքներով բաժանվեն 2.4մ-ից ոչ ավելի լայնությամբ գոտիների: Բազրիքի բարձրությունը պետք է լինի 90սմ-ից ոչ պակաս:

88. Աստիճանահարթակի լայնությունը պետք է լինի սանդղաբազկի լայնությունից ոչ փոքր, բայց ոչ պակաս 120 սմ-ից:

89. Սանդղաբազուկների բազրիքների միջև հեռավորությունը պետք է նախատեսել 75 մմ-ից ոչ պակաս:

90. Տարեցներ ունեցող և հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքների համար նախատեսված տներում սանդղաբազուկները, ինչպես նաև թեքահարթակները պետք է ունենան պատին կից բռնաձողեր:

(90-րդ կետը փոփ. 17.12.20 N 98-Ն)

91. Հետիոտն գոտիներից վեր գտնվող բարավորները պետք է տեղակայվեն 2.1մ-ից ոչ ցածր բարձրության վրա:

92. Շենքերի մուտքին կից սենքերի հատակի նիշը պետք է լինի մայթի նիշից բարձր 0.15մ-ից ոչ պակաս:

93. Դռների բացվածքներում շեմքի ելուստը չպետք է գերազանցի 25մմ: Մեկ սանդղաբազուկում կամ մակարդակների անկման ժամանակ բարձրացումների թիվը պետք է լինի 3-ից ոչ պակաս և 18-ից ոչ ավելի:

94. Տարհանման ուղիներում սանդղաբազուկների աստիճանների չափերը որոշվում են 2h+b=600 մմ բանաձևով, որտեղ՝ հ, մմ - աստիճանի բարձրությունն է, իսկ b, մմ - աստիճանի երեսի լայնությունն է:

95. Կորագծային սանդուղքներում նշված հարաբերությունը պետք է պահպանվի բազրիքին զուգահեռ տեղադրված գծով՝ դրանցից 40 սմ հեռավորության վրա:

96. Տարհանման ուղիներում չի թույլատրվում տեղադրել պտուտակաձև սանդուղքներ և հովհարաձև աստիճաններ, ինչպես նաև սանդղամատերի տարբեր լայնությամբ և աստիճանների բարձրությամբ սանդուղքներ՝ սանդղաբազուկների և սանդղավանդակների սահմաններում:

97. Հրակայունության I և II աստիճանի 10.5մ-ից ոչ ավելի բարձրությամբ սեկցիոն տիպի բնակելի տներում թույլատրվում է նախագծել աստիճանավանդակներ ծածկերում՝ 4.0մ2 -ից ոչ փոքր չափերի ապակե երդիկներով: Սանդղաբազուկների միջև հեռավորությունը հարկավոր է նախատեսել 0.7մ-ից ոչ պակաս, կամ լուսային հոր աստիճանավանդակի ամբողջ բարձրությամբ՝ հորիզոնական հատույթի 2մ2 -ից ոչ պակաս մակերեսով: Այսպիսի բնակելի շենքերը թույլատրվում է բարձրացնել մինչև 13.5մ, հրդեհի դեպքում ապահովելով լուսային երդիկի ավտոմատ բացվելը: Ըստ որում, անհրաժեշտ է յուրաքանչյուր բնակարանում նախատեսել պատշգամբ կամ լոջիա մինչև երկրորդ հարկի հատակի նիշը հարկից հարկ իրար հետ միացնող արտաքին սանդուղքով և բնակարանների նախամուտքերում տեղադրել հրդեհային ավտոմատ ազդանշանի ջերմային հաղորդիչներ կամ ինքնավար ջերմային հաղորդիչներ:

98. Այդ տիպի աստիճանավանդակով տարհանման ուղու երկարությունը հարկավոր է ընդունել դրա բարձրության եռապատիկին հավասար:

99. Բազմամակարդակ բնակարանների ամեն հարկից թույլատրվում է չնախատեսել ելք դեպի աստիճանավանդակ, եթե բնակարանների սենքերը տեղադրվում են 17մ-ից ոչ բարձր, բնակարանի հարկը դեպի աստիճանավանդակ անմիջական ելք չունենալու դեպքում՝ ապահովված վթարային ելքով շինարարական նորմերով սահմանված պահանջներին համապատասխան: Ներբնակարանային աստիճանը թույլատրվում է կառուցել փայտից:

100. Վերելակային սրահով թույլատրվում է ելք դեպի Չ1 տեսակի աստիճանավանդակի բաց գոտի, եթե վերելակների հորանները և դրանց դռները տեղադրված են ՀՀ գործող շինարարական նորմերով սահմանված պահանջներին համապատասխան:

101. Մինչև 50մ բարձրությամբ սեկցիոն տիպի շենքերի հարկում մինչև 500մ2  ընդհանուր մակերեսով բնակարանների տարահանման ելքը թույլատրվում է նախատեսել դեպի Չ2 կամ Չ3 տեսակի աստիճանավանդակ, եթե վերելակներից մեկը սարքավորված է հրշեջ ստորաբաժանում տեղափոխելու համար վերելակներին ներկայացվող նորմերի պահանջներին համապատասխան: Այդ դեպքում ելքը դեպի Չ2 տեսակի աստիճանավանդակ պետք է նախատեսել նախամուտքով (կամ վերելակի սրահով), իսկ աստիճանավանդակի, վերելակների հորերը, նախամուտք-անցախուցը և նախամուտքերի դռները պետք է լինեն հակահրդեհային՝ 2-րդ տեսակից ոչ ցածր:

102. 28մ-ից ավելի բարձրությամբ սեկցիոն տիպի շենքերում չծխապատվող աստիճանավանդակներից ելք դեպի դուրս թույլատրվում է տեղադրել նախասրահի միջով (երբ բացակայում են ավտոկայանատեղերից և հասարակական նշանակության սենքերից ելքեր դեպի նախասրահ), որն անջատված է հարող միջանցքներից 1-ին տեսակի հակահրդեհային միջնորմերով, 2-րդ տեսակի հակահրդեհային դռներով: Այդ դեպքում Չ1 տեսակի աստիճանավանդակի և նախասրահի հաղորդակցումը պետք է կատարվի օդային գոտով: Առաջին հարկի օդային գոտու բացվածքը թույլատրվում է փակել մետաղական ճաղավանդակով: Բնակարանից մինչև Չ1 տեսակի աստիճանավանդակ ընկնող ճանապարհին պետք է լինի երկուսից ոչ պակաս (չհաշված բնակարանի դուռը) հաջորդաբար տեղադրված ինքնափակվող դռներ:

103. Եռահարկ և ավելի բարձրությամբ շենքերում նկուղային, որմնախարսխային հարկերից և տեխնիկական ներքնատնից ելքերը դեպի դուրս պետք է տեղադրվեն 100 մետրից ոչ հաճախ և չպետք է հաղորդակցվեն շենքի բնակելի մասի աստիճանավանդակի հետ: Ելքերը նկուղներից և որմնախարսխային հարկերից թույլատրվում է կառուցել բնակելի մասի աստիճանավանդակով, իսկ ելքերը տեխնիկական հարկերից հարկավոր է նախատեսել շինարարական նորմերով սահմանված պահանջներին համապատասխան:

104. Տեխնիկական հարկերից ելքերը, որոնք տեղադրված են շենքի միջին կամ վերին մասերում, թույլատրվում է իրականացնել ընդհանուր աստիճանավանդակներով, իսկ Չ1 տեսակի աստիճանավանդակներով շենքերում` օդային գոտիների միջով:

105. Մանսարդային հարկից տանիք վթարային ելքերի կառուցման ժամանակ անհրաժեշտ է նախատեսել հարթակներ և անցումային կամրջակներ ցանկապատով, որոնք տանում են դեպի 3-րդ տեսակի աստիճաններ և Հ2 տեսակի աստիճաններ:

106. Հասարակական նշանակության սենքերը պետք է ունենան մուտքեր և տարհանման ելքեր` մեկուսացված շենքի բնակելի մասից:

107. Վերին հարկում ճարտարապետների և նկարիչների արվեստանոցների, ինչպես նաև գրասենյակային սենքերի տեղադրման դեպքում, որպես տարհանման ելքեր թույլատրվում է ընդունել շենքերի բնակելի մասի աստիճանավանդակները, այդ դեպքում հարկի հաղորդակցումը աստիճանավանդակի հետ անհրաժեշտ է նախատեսել նախամուտքով` հակահրդեհային դռներով: Աստիճանավանդակ դուրս բերող նախամուտքի դռան բացվելը պետք է նախատեսված լինի միայն սենքի ներսից:

108. Առաջին և որմնախարսխային հարկերում տեղադրված 300մ2 -ից ոչ ավել մակերես ունեցող և աշխատողների թիվը 15 մարդը չգերազանցող հասարակական նշանակության հիմնարկների սենքերից թույլատրվում է կառուցել մեկ տարհանման ելք:

109. Յուրաքանչյուր հարմարավետության կարգի բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքները կարող են տեղադրվել բոլոր հարկերում: Տվյալ տարածքները պետք է տեղադրվեն հաշվի առնելով համապատասխան սանիտարական նորմերով սահմանված պահանջները, իսկ դրանց պատող կոնստրուկցիաներն իրենց հրակայունությամբ և հրդեհային վտանգավորությամբ պետք է համապատասխանեն շենքերի (բնակարանների) նմանօրինակ կոնստրուկցիաներին:

 

X. ՇԵՆՔԵՐԻ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻՆ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

110. Շենքի հակածխային պաշտպանությունը պետք է իրականացվի ՀՀՇՆ II-8.04 շինարարական նորմերով սահմանված պահանջներին համապատասխան:

111. Եթե ծխահեռացման և օդի ճնշման սարքերը տեղադրված են 1-ին տեսակի հակահրդեհային միջնորմերով առանձնացված օդափոխիչ խցերում, ապա այդ խցերը պետք է լինեն բաժանված: Կափույրների բացումը և օդափոխիչների միացումը պետք է նախատեսել ավտոմատացված սարքերով, որոնք պետք է տեղադրվեն բնակարանների նախամուտքերում, արտաբնակարանային միջանցքներում կամ սրահներում, դռնապանի տարածքում, ինչպես նաև ամեն հարկում հրշեջ ծորակների պահարաններում տեղադրված հեռակառավարման կոճակներով և ձեռքի հրշեջ ազդասարքերով` տեղադրված բնակարանների նախասրահներում:

112. Շենքերի ավտոմատացված հրշեջ ազդանշանմամբ պաշտպանությունը պետք է իրականացվի համապատասխան նորմատիվ փաստաթղթերի պահանջներին: Շենքում ավտոմատացված հրշեջ ազդանշանման առկայության դեպքում պետք է տեղադրել ծխային հրդեհային ազդասարքեր դռնապանի սենքում, արտաբնակարանային միջանցքներում և աղբահավաք խցերում:

113. 28 մ-ից ավելի բարձրություն ունեցող շենքերի բնակարանների նախասրահներում պետք է նախատեսվեն ավտոմատացված ծխային հրդեհային ազդասարքեր:

114. Հանրակացարանների և բնակարանների բնակելի սենքերում (բացի սանհանգույցներից, լողասենյակներից, ցնցուղարաններից, լվացքասենյակներից, շոգեբաղնիքներից) անհրաժեշտ է տեղադրել ինքնավար ծխային հրդեհային ազդասարքեր:

115. Հրդեհի մասին ազդարարող համակարգը հարկավոր է իրականացնել ՀՀ գործող շինարարական նորմերով սահմանված պահանջներին համապատասխան:

116. Ներշենքային և ներբնակարանային էլեկտրական ցանցերը պետք է սարքավորել պաշտպանիչ անջատող սարքերով (ՊԱՍ) համապատասխան նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխան:

117. Բնակելի շենքերի գազամատակարարման համակարգը պետք է նախատեսել համապատասխան նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համաձայն:

118. Բնակելի շենքերի ջերմամատակարարման համակարգը անհրաժեշտ է նախատեսել համապատասխան նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համաձայն:

119. Կոշտ վառելանյութով աշխատող ջերմագեներատորները, եփող և ջեռուցման վառարանները թույլատրվում է նախատեսել ներառյալ մինչև երկու հարկ բարձրությամբ բնակելի շենքերում (առանց որմնախարսխային հարկի հաշվի առնելու):

120. Կոշտ վառելանյութով աշխատող ջերմագեներատորները, այդ թվում վառարանները և բուխարիները, եփող սալօջախները և ծխատարերը պետք է կատարվեն կոնստրուկտիվ միջոցառումների իրականացմամբ համապատասխան նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համաձայն:

121. Գործարանային արտադրության ջերմագեներատորները և եփող սալօջախները պետք է տեղադրված լինեն համապատասխան անվտանգության հրահանգի պահանջներին համաձայն:

122. Աղբահավաք խուցն իր ողջ մակերեսով պետք է պաշտպանված լինի ցայտաջրմուղ ոռոգիչով: Ոռոգման բաշխիչ խողովակի հատվածը պետք է լինի շրջանաձև և միացված լինի շենքի տնտեսական-խմելու ջրագծին և ունենա ջերմամեկուսացում չայրվող նյութերից: Խցի դուռը պետք է լինի ջերմապաշտպան:

123. V աստիճանի հրակայունության երկհարկանի չորս և ավելի բնակարաններ ունեցող շենքերում բաշխիչ էլեկտրավահանակներում պետք է նախատեսել ավտոմատ կրակմարիչների տեղադրում:

124. Վերելակների տեղադրումը, վերելակների հորանների կոնստրուկցիաների հրակայունության սահմանը, վերելակային սրահները և մեքենայական բաժինը պետք է իրականացնել 1-ին հավելվածի պահանջներին համապատասխան:

125. Ջրային հրդեհամարիչների տեղադրումը վերելակների հորաններում, վերելակների մեքենայական հատվածներում և վերելակային սրահներում, ինչպես մարդատար վերելակների, այնպես էլ հրշեջ ստորաբաժանումների տեղափոխման վերելակներում, չի թույլատրվում:

126. Բազմաբնակարան շենքերի (բացառությամբ՝ բլոկացված) բնակարաններում շոգեբաղնիքի նախագծման ժամանակ անհրաժեշտ է նախատեսել.

1) շոգեբաղնիք (սաունա)` 8-ից մինչև 24մ3  ծավալի սահմաններում,

2) գործարանային արտադրության հատուկ վառարան, որը 1300 C ջերմաստիճանին հասնելու դեպքում, ինչպես նաև 8 ժամ անընդմեջ աշխատելուց հետո ունի ավտոմատ անջատման հնարավորություն,

3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված վառարանի տեղադրումը շոգեբաղնիքի պատից 0,2մ-ից ոչ պակաս հեռավորությամբ,

4) չայրվող մետաղից ջերմամեկուսիչ վահանի տեղադրում սույն կետի 2-րդ ենթակետում նշված վառարանի վրա,

5) հակահրդեհային կափույրով օդափոխման ուղիների սարքավորում դրա վրա տարածվող նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխան,

6) դրենչերով (հրշեջ ջրածածկույթ առաջացնող սարքվածքով) կամ չորախողովակի սարքավորումով շոգեբաղնիքից (սաունայից) դուրս միացված ներքին ջրմուղի:

127. Չորախողովակի տրամագիծը որոշվում է ելնելով 1մ2  պատի մակերեսի համար 0,06 լ/վրկ-ից ոչ պակաս ոռոգման ինտենսիվությունից, միջնապատերի մակերևույթների նկատմամբ 20-300  ջրի շիթի թեքության անկյունից և չորախողովակի 3-ից մինչև 5 մմ տրամագծով անցքի առկայությունից՝ տեղադրված 150-ից մինչև 200 մմ քայլով:

 

XI. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՀՐԴԵՀԻ ՄԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

128. Փրկարարական աշխատանքների և հրդեհի մարման ապահովումը պետք է նախատեսել ՀՀ գործող շինարարական նորմերով սահմանված պահանջներին համապատասխան:

129. Հակահրդեհային պատնեշով առանձնացված նկուղային կամ որմնախարսխային հարկի յուրաքանչյուր հատվածամասում, անհրաժեշտ է նախատեսել երկուսից ոչ պակաս պատուհան` առնվազն 0,9X1,2մ չափերով գետնախորշով: Նշված պատուհանների լուսային բացվածքի մակերեսն անհրաժեշտ է ընդունել 0.2%-ից ոչ պակաս տվյալ տարածքի հատակի մակերեսից: Գետնախորշի չափերը պետք է թույլ տան իրականացնել կրակմարիչի նյութի մատուցմանը փրփրագեներատորից և ծխի հեռացմանը ծխաքարշի օգնությամբ (հեռավորությունը շենքի պատից մինչև գետնախորշի սահմանը պետք է լինի ոչ պակաս 0.7մ-ից):

130. Խոշորապանել շենքերի նկուղների և տեխնիկական ընդհատակի լայնական պատերում թույլատրվում է բացվածքների տեղադրում` անցման բարձրությունը առլույս 1.6մ-ից ոչ պակաս, իսկ լայնությունը` 1,2 մ-ից ոչ պակաս: Այս դեպքում շեմի բարձրությունը չպետք է գերազանցի 0.3 մետրը:

131. Հակահրդեհային ջրամատակարարումը պետք է իրականացվի նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխան: Մինչև 50մ բարձրությամբ շենքերում թույլատրվում է ներքին հակահրդեհային ջրամատակարարման փոխարեն նախատեսել չորախողովակների սարքավորում` դուրս բերված կարճախողովակ փականներով և միացման գլխիկներով հրշեջ մեքենաներին միացման համար: Միացման գլխիկները անհրաժեշտ է տեղադրել ճակատամասի հարմար տեղում 0.8-ից մինչև 1.2մ բարձրության վրա, ոչ պակաս երկու հրշեջ մեքենայի համար:

132. Խմելու-տնտեսական ջրամատակարարման ցանցի վրա յուրաքանչյուր բնակարանում անհրաժեշտ է տեղադրել առանձին ծորակ 15մմ-ից ոչ պակաս տրամագծով փոշեցիրով խողովակը միացնելու նպատակով, որպես ներբնակարանային հրդեհամարման առաջնային սարքավորում` հրդեհի օջախը վերացնելու համար: Ճկափողի երկարությունը պետք է ապահովի ջրի մատուցման հնարավորությունը բնակարանի ցանկացած կետ:

 

XII. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

133. Բնակելի շենքը պետք է նախագծվի, կառուցվի և սարքավորվի այնպես, որ բնակիչների վնասվածք ստանալու հնարավոր վտանգը, շենքի ներսում և մոտակայքում, շենք մտնելուց և դուրս գալուց, ինչպես նաև շենքի ինժեներական սարքավորումներից և մասերից օգտվելիս կանխվի, պահպանելով ՀՀՇՆ IV-11.07 շինարարական նորմերով սահմանված պահանջները:

134. Թեքահարթակների և սանդղաբազուկի թեքությունն ու լայնությունը, աստիճանների բարձրությունը, սանդղամատերի լայնությունը, սանդղահարթակների լայնությունը, դեպի նկուղ և շահագործվող ձեղնահարկ աստիճաններով անցումների բարձրությունը, ինչպես նաև դռների բացվածքների չափերը պետք է ապահովեն բնակարանների սենքերի և շենքում ներկառուցված հասարակական նշանակության սենքերի համապատասխան սարքավորումները տեղափոխելու հարմար և անվտանգ տեղաշարժի հնարավորությունը:

135. Շենքերի տարբեր սենքերի և տարածությունների հատակների մակարդակների բարձրության տարբերությունը պետք է լինի անվտանգ: Անհրաժեշտության դեպքում պետք է նախատեսել բռնաձողեր և թեքահարթակներ:

136. Շենքի տարրերի կոնստրուկտիվ լուծումները (այդ թվում՝ դատարկությունների տեղադրումը, կոնստրուկցիաների միջով խողովակաշարի անցման տեղերի հերմետիկացման միջոցները, օդափոխության անցքերի կառուցումը, ջերմամեկուսացման տեղադրումը և այլն) պետք է պաշտպանված լինեն կրծողների ներթափանցումից:

137. Շենքերի ինժեներական համակարգերը պետք է նախագծվեն և մոնտաժվեն, հաշվի առնելով անվտանգության պահանջները: Հնարավոր սեյսմիկ ազդեցության դեպքում ինժեներական սարքավորումները և սարքերը պետք է հուսալի ամրացված լինեն:

138. CO և CI դասի հրակայունության I-III աստիճանի շենքերի վերջին հարկի բնակարաններում կամ բազմամակարդակ բնակարանի ցանկացած մակարդակում, թույլատրվում է տեղադրել ինքնավար ծխատարերով կոշտ վառելանյութով աշխատող բուխարիներ՝ հրդեհային անվտանգության ապահովման և տաքացած գազի դուրս արտանետման պայմանով:

139. Բնակելի շենքերում և տնամերձ տարածքներում պետք է նախատեսվեն միջոցառումներ` շենքերի բնակիչների ապահովության պահպանմանը նպաստող ու հակաօրինական գործողությունների հնարավոր կորուստների նվազեցման համար:

140. Յուրաքանչյուր հարմարավետության կարգի բազմաբնակարան շենքերը պետք է ապահովվեն շենք և շենքի տարածք ներթափանցելուց պարտադիր հսկողության միջոցառումներով:

141. Նախագծման առաջադրանքում պաշտպանիչ միջոցները սահմանվում են տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ ակտերի համաձայն, և կարող են ընդգրկել պայթյունապաշտպան կոնստրուկցիաների կիրառումը, տեսախցիկների, կոդավորված փականների (դոմոֆոն), պահակային ազդանշանման համակարգերի, առաջին, որմնախարսխային և վերին հարկերում, նկուղների գետնափորերում, պատուհանների բացվածքների պաշտպանիչ կոնստրուկցիաների, ինչպես նաև նկուղում, ձեղնահարկում և անհրաժեշտության դեպքում այլ սենքեր տանող մուտքային դռների տեղադրումը:

141.1 Կառուցվող, վերակառուցվող, ուժեղացվող, վերականգնվող և արդիականացվող բնակելի շենքերի նախագծային առաջադրանքներում և/կամ տեխնիկական բնութագրերում սահմանվում են պարտադիր պահանջներ նկուղային կամ որմնախարսխային (կիսանկուղային) հարկերի (այդ թվում՝ ապաստարանների կամ թաքստոցների սենքերի) նախատեսման վերաբերյալ՝ հաշվի առնելով հաշմանդամություն ունեցող անձանց համար դրանց մատչելիության ապահովման պահանջները։

(141.1-ին կետը լրաց. 17.12.20 N 98-Ն)

142. Անվտանգության ընդհանուր համակարգերը (տեսահսկումը, պահակային ազդարարումը և այլն) պետք է ապահովեն հակահրդեհային սարքավորումների անվտանգությունը չարտոնված մուտքերից:

143. Հանցավոր երևույթների վտանգի նվազեցմանն ուղղված միջոցառումները հարկավոր է իրականացնել շահագործման ընթացքում:

144. Եթե նախագծում նախատեսվում է հերթապահի սենք (կամ պահակակետ), ապա դրա տեղադրումը պետք է ապահովի նախամուտքից դեպի նախասրահ տանող դռան դիտողական, նախասրահի բացակայության դեպքում՝ դեպի վերելակները տանող անցումների և աստիճանավանդակների տեսադաշտ: Պահակակետի սենքին կից պետք է տեղադրել սանհանգույց՝ սարքավորված զուգարանակոնքով և լվացարանով: Նշված սենքը կարող է լինել առանց բնական լուսավորության:

145. Քաղաքացիական պաշտպանության շինությունների տեղակայման սխեմայով սահմանվող առանձին բնակելի շենքերում պետք է նախագծել երկակի նշանակության (շահագործվող նկուղային հարկ-ապաստարան (թաքստոց) սկզբունքով) սենքեր։

(145-րդ կետը խմբ. 17.12.20 N 98-Ն)

146. Բնակելի շենքերը պետք է սարքավորված լինեն շանթապաշտպանությամբ` ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:

147. Բնակելի շենքերի շահագործվող տանիքներում անհրաժեշտ է ապահովել անվտանգությունը՝ համապատասխան ցանկապատի, տանիքում տեղադրված օդափոխության արտաթողերի և այլ ինժեներական սարքերի, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում՝ տանիքից ներքև տեղադրված սենքերի աղմուկից պաշտպանության միջոցով:

148. Շահագործվող տանիքներում տեղադրվող հասարակական նշանակության ներկառույց-կցակառուցված սենքերում, շենքի մուտքի հատվածում, ամառային արտաբնակարանային սենքերում, բնակելի շենքերը միացնող տարրերում, այդ թվում՝ բաց ոչ բնակելի հարկերում (առաջին կամ միջանկյալ), շենքի տարեց բնակիչների հանգստի համար նախատեսվող սպորտհրապարակների հարթակներում, սպիտակեղենի չորացման և հագուստի մաքրման կամ արևաբուժարաններում հարկավոր է նախատեսել անվտանգության ապահովման անհրաժեշտ միջոցներ (ցանկապատում և օդափոխության արտաթողերի պաշտպանության միջոցառումներ):

149. Էլեկտրավահանակը, գլխամասային կայանների (ԳԿ) համար սենքերը, մալուխային հեռուստատեսության տեխնիկական կենտրոնները (ՏԿ), ձայնային տրանսֆորմատորային ենթակայանները (ՁՏԵ), ինչպես նաև հեռախոսի բաշխման պահարանները (ՀԲՊ) չպետք է տեղադրել թաց գործընթացներով (լողասենյակների, շոգեբաղնիքների և այլն) սենքերի տակ: ԳԿ-ի, ՏԿ-ի և ՁՏԵ-ի սենքերը պետք է ունենան մուտքեր անմիջապես փողոցից, էլեկտրավահանակների սենքերը (այդ թվում՝ կապի սարքավորումների, էլեկտրականության ղեկավարման ավտոմատ համակարգի (ԷՂԱՀ), դիսպետչերացման և հեռուստատեսության համար) պետք է ունենան մուտք անմիջապես փողոցից կամ հարկի արտաբնակարանային միջանցքից (սրահից), մոտեցումը ՀԲՊ-ի տեղադրման կետին նույնպես պետք է լինի նշված միջանցքից:

150. Շենքերի էլեկտրասարքավորումների նախագծումն ու մոնտաժը պետք է համապատասխանեն համապատասխան նորմատիվ փաստաթղթերի պահանջներին:

151. Բնակելի շենքերում ներկառուցվող սպասարկում իրականացնող կազմակերպությունների շահագործումը պետք է նախատեսել բաց (բնակչության սպասարկման համար) կամ փակ (միայն որոշակի հարմարավետության բազմաբնակարան շենքի սպասարկման համար) սպասարկման համակարգերով:

152. Սպասարկման սենքերի խումբը նախագծվում է հասարակական շենքերի և շինությունների նախագծման համապատասխան նորմատիվ փաստաթղթերի ներկառուցված և ներկառույց-կցակառուցված օբյեկտների մասով առևտրի, կենցաղային, մշակույթի և սպասարկման հիմնարկների և կազմակերպությունների, ինչպես նաև գրասենյակների տեղադրման համար:

153. Բաց համակարգի դեպքում սենքերը հաշվարկվում են բնակչության սպասարկման, այդ թվում շենքի բնակիչների, շենքի և շենքի տարածքի բնակելի մասից այդպիսի սենքերի մեկուսացման ապահովումով նախագծվում է համապատասխան ներկառուցված և ներկառույց-կցակառուցված հասարակական նշանակության սենքերի պահանջներին համապատասխան:

154. Փակ սպասարկման համակարգի նախագծման դեպքում, հաշվարկված միայն շենքի բնակիչների համար, թույլատրվում է ընդհանուր մուտքերի կառուցում դեպի շենք սենքերի բնակելի խմբի և սպասարկման համակարգի սենքերի խմբերի համար:

155. Թույլատրվում է նախագծել փակ և բաց սպասարկման համակարգեր մեկ շենքում նշված պահանջների պահպանմամբ:

 

XIII. ՄԱՐԴՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ, ՀԻԳԻԵՆԱՅԻ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

156. Բնակելի շենքերի նախագծման և շինարարության ժամանակ պետք է նախատեսել սանիտարահիգիենիկ միջոցառումներ և էկոլոգիական պահանջների կատարման ապահովում` ուղղված մարդու առողջության և շրջակա բնական միջավայրի պահպանմանը՝ ՀՀՇՆ II-7.01, ՀՀՇՆ II-8.03, ՍՆԻՊ 2.01.07 շինարարական նորմերով և սանիտարական կանոններով և նորմերով սահմանված պահանջներին համապատասխան:

157. Շենքի տարածքները պետք է պաշտպանված լինեն անձրևաջրերի, հալոցքային և գրունտային ջրերի ներթափանցումից և ինժեներական ցանցերից հնարավոր կենցաղային ջրերի արտահոսքից, ինժեներական համակարգի կոնստրուկտիվ միջոցներով և տեխնիկական սարքավորումներով:

158. Անհրաժեշտ է տանիքը նախագծել, կազմակերպված ջրահեռացմամբ: Թույլատրվում է նախատեսել չկազմակերպված ջրահեռացում 2-հարկանի շենքերի տանիքներից, մուտքերի և սալվածքների վրա շվաքարաններ կառուցելու պայմանով:

159. Բնակելի սենյակները պատող միջբնակարանային պատերին և միջնորմերին չի թույլատրվում՝ սանիտարական սարքերի և խողովակաշարերի անմիջական միացում, մեքենայական տարածքի և վերելակների հորանների, ինչպես նաև բնակելի սենյակների վրա (տակ և կից) աղբաթափման խցերի, աղբատարի փողրակի և դրա մաքրման ու լվացման համար սարքավորման տեղադրում:

160. Անմիջապես բնակելի սենյակների և խոհանոցների վրա չի թույլատրվում տեղադրել զուգարաններ և լողասենյակներ (կամ ցնցուղարաններ): Վերին հարթակում թույլատրվում է զուգարաններ և լողասենյակներ (կամ ցնցուղարաններ) տեղադրել խոհանոցի վրա, երբ բնակարանը երկու մակարդակով է: Բազմաբնակարան շենքերում պատվիրատուի տեխնիկական առաջադրանքով թույլատրվում է զուգարանների և լողասենյակների (կամ ցնցուղարանների) տեղադրումը խոհանոցների և բնակելի սենյակների վրա՝ ջրամեկուսացումը ամուր, չքայքայվող, չկլանող և անջրաթափանց նյութերից իրականացնելու պայմանով: Հատակի նիշը այդպիսի սենքերում պետք է լինի 30մմ-ից ցածր բնակելի սենքի մաքուր հատակի մակարդակից, հոսակի (տրապ) կառուցմամբ, վթարային ջրերը կոյուղի լցվելու համար:

161. Ննջարաններին կից սանհանգույցի կառուցումն առաջադրվում է նախագծային առաջադրանքով: Այս դեպքում պետք է նախատեսել նշված սենքերը միմյանցից անջատող ներկառուցված զգեստապահարան` աղմուկից պաշտպանելու նպատակով:

162. Բազմաբնակարան բնակելի շենքում (բացառությամբ՝ բլոկացված) շահագործվող տանիքի դեպքում պետք է նախատեսել տեխնիկական ձեղնահարկ` աղմուկից պաշտպանելու և շենքի սեյսմակայունությունը բարձրացնելու միջոցառումների ապահովման նպատակով:

163. Շենքի խմելու ջրի մատակարարումը պետք է նախատեսել բնակելի թաղամասի ջրամատակարարման կենտրոնացված ցանցից ՀՀ գործող շինարարական նորմերով սահմանված պահանջներին համապատասխան: Կենտրոնացված ինժեներական ցանցերի բացակայության դեպքում թույլատրվում է մեկ-երկու հարկանի շենքերում նախատեսել անհատական և կոլեկտիվ ջրամատակարարման աղբյուրներ՝ ստորգետնյա ջրատար հորիզոններից կամ ջրավազանից, խմելու-տնտեսական ջուր` ոչ պակաս 60լ/մարդ մեկ օրվա համար հաշվարկով: Սահմանափակ ջրային պաշարների առկայության դեպքում օրական ջրի ծախսի հաշվարկը թույլատրվում է փոքրացնել, համաձայնեցնելով տարածքային լիազոր մարմինների հետ:

164. Կոյուղաջրերի հեռացման համար պետք է նախատեսել կենտրոնացված կամ տեղային կոյուղիների համակարգ: Տեղային կոյուղու համակարգի օգտագործումը թույլատրվում է այն դեպքում, երբ պահանջվում է կոյուղացնել առանձին շենքեր, որոնք տեղադրված են գործող կենտրոնացված համակարգ չունեցող տարածքներում կամ կենտրոնացված համակարգին հնարավոր միացման կետից առնվազն 500 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա:

165. Չի թույլատրվում տեղային կոյուղու համակարգի օգտագործումը՝ ջրամատակարարման նպատակով օգտագործվող ջրատար հորիզոնների աղտոտման վտանգի կամ համապատասխան տարածքներում սանիտարական պահպանման գոտիների առկայության դեպքում:

166. Բնակելի (բացառությամբ՝ բլոկացված շենքերի) և մանկական նախադպրոցական սենքերով ու բուժպրոֆիլակտիկ կազմակերպություններ ունեցող հարկերը պետք է առանձնացվեն ներկառույց ավտոկայանատեղից տեխնիկական հարկով կամ ոչ բնակելի սենքերի ունեցող հարկով՝ արտանետվող գազերից և թույլատրելի մակարդակը գերազանցող աղմուկից պաշտպանվելու համար:

167. Բազմաբնակարան շենքերում առաջին, որմնախարսխային կամ նկուղային հարկերում պետք է նախատեսել հավաքարարի գույքի համար լվացարանակոնքով սարքավորված պահեստանոց:

168. Բնակելի շենքերում աղբատարի կառուցման անհրաժեշտությունը որոշվում է պատվիրատուի կողմից՝ համաձայնեցնելով տեղական ինքնակառավարման մարմինների հետ և հաշվի առնելով բնակավայրի աղբահանության համակարգը:

169. Հաշմանդամություն ունեցող անձանց և ծերերի համար մասնագիտացված շենքերում աղբատարի կառուցումը պարտադիր է:

(169-րդ կետը փոփ. 17.12.20 N 98-Ն)

170. Բնակելի շենքերին ներկառուցված հասարակական նշանակության սենքերի շահագործումից առաջացած կոշտ կենցաղային թափոնների հավաքման և հեռացման համար նախատեսված սարքավորումները, պետք է իրականացվեն տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված բնակֆոնդի շահագործման կանոններին համապատասխան:

171. Շենքի կենցաղային թափոնների հեռացման գործընթացը պետք է կատարվի սանիտարական կանոնների և նորմերի պահանջների պահպանմամբ, չհասցնելով էկոլոգիական վնաս շրջակա միջավայրին և չստեղծելով վարակիչ հիվանդությունների տարածման վտանգ: Կենցաղային թափոնները ձեռքով (փոխադրվող բեռնարկղերով) հեռացնելու դեպքում, շենքից դուրս աղբի հավաքման հարթակը պետք է սարքավորված լինի ջրմուղի ծորակով և ջրընդունիչ հորով: Հարթակը երեք կողմից պետք է ունենա երկաթբետոնե ցանկապատ 1.5մ բարձրությամբ:

172. Աղբատարներ պետք է նախատեսել հողի հատակագծային նիշից 11.2մ և ավելի վերին հարկի հատակի նիշ ունեցող բնակելի շենքերում, եթե այդ նախատեսվում է նախագծային առաջադրանքով, իսկ տարեցներ ունեցող և հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքների նախատեսվող բնակելի շենքերում համապատասխանաբար՝ 8մ և ավելի, 3մ և ավելի: Հեռավորությունը բնակարանի կամ հանրակացարանի սենյակի դռնից մինչև աղբատարի մոտակա բեռնավորող փականը չպետք է գերազանցի 25մ:

(172-րդ կետը փոփ. 17.12.20 N 98-Ն)

173. Աղբատարի փողրակը պետք է սարքավորված լինի պարբերաբար լվացման, մաքրման, ախտահանման, միջատաջնջման և ավտոմատ հրդեհամարման սարքերով: Աղբատարի փողրակը պետք է լինի անօդաթափանց, շինարարական կոնստրուկցիաներից ձայնամեկուսացված և բնակելի սենյակներին ոչ հարակից:

174. Աղբատարի փողրակը պետք է իրականացվի 400մմ պայմանական անցքով (կլոր հատույթով), ներքին մակերևույթի անհրաժեշտ ողորկության պահպանմամբ (առանց խոռոչների և ճաքերի): Աղբատարի փողրակը պետք է ապահովված լինի փողրակի միջոցով իրականացվող արտածման օդափոխությամբ: Արտածման օդափոխության փողրակը պետք է դուրս բերվի տանիքի միջով և ավարտվի դեֆլեկտորով:

175. Աղբահավաք խուցը պետք է տեղադրել անմիջականորեն աղբատարի փողրակի տակ: Չի թույլատրվում տեղադրել աղբահավաք խուցը բնակելի սենքերի տակ կամ դրանց հարակից: Խցի բարձրությունը պետք է լինի ոչ պակաս 1.95մ-ից: Աղբահավաք խուցը պետք է սարքավորված լինի ջրա- և էլեկտրամատակարարմամբ, պատերի ծածկույթը՝ ջրակայուն: Աղբահավաք խուցը պետք է ունենա արտածման օդափոխություն (աղբատարի փողի միջով), դեպի դուրս բացվող դռնով ինքնուրույն մուտք՝ մեկուսացված շենքի մուտքից խուլ պատով (էկրանով) և առանձնացված հրակայուն պատող կոնստրուկցիաներով:

176. Աստիճանավանդակներում աղբատարի բեռնման կափարիչների կափույրները պետք է ունենան խիստ հերմետիկ և ոչ աղմկոտ շարժակ:

177. Բնակարանի տեսողական հարմարավետությունը պետք է ապահովվի.

1) սենքերի նպատակահարմար հատակագծմամբ, օպտիմալ տեղադրմամբ և մակերեսների համաչափ հարաբերակցությամբ,

2) տվյալ տարածաշրջանի կլիմայական բնութագրերի հաշվառմամբ, երկու կողմերի նկատմամբ լուսային բացվածքների բարենպաստ կողմնորոշմամբ և դեպի բնապատկեր գերադասելի տեսադաշտով,

3) բնակելի սենքերի բավարար բնական լուսավորվածությամբ,

4) բոլոր տարածությունների բավարար արհեստական լուսավորվածությամբ (ըստ ՀՀՇՆ II-8.03 շինարարական նորմերով սահմանված պահանջների):

178. Բնակելի շենքերում բնակելի սենյակները, խոհանոցները, աստիճանավանդակները, նախամուտքերը (բացառությամբ՝ անմիջապես բնակարան տանող), ինչպես նաև տարեցներ ունեցող և հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքների նախատեսված սենքերը պետք է ունենան անմիջական բնական լուսավորում, միջանցքային տիպի բնակելի շենքերում՝ ընդհանուր միջանցքները, հանրակացարաններում՝ հասարակական նշանակության սենքերը: Ընդհանուր միջանցքների երկարությունը չպետք է գերազանցի 24մ-ից՝ արտաքին պատերի լուսային բացվածքներով մեկ կողաճակատից լուսավորելու և 48մ՝-ից երկու կողաճակատներից լուսավորելու դեպքում:

(178-րդ կետը փոփ. 17.12.20 N 98-Ն)

179. Միջանցքների առավել մեծ երկարության դեպքում պետք է լրացուցիչ նախատեսել բնական լուսավորում լուսային գրպանների միջոցով: Երկու լուսային գրպանների միջև հեռավորությունը պետք է լինի 24մ-ից ոչ ավել, իսկ լուսային գրպանի և միջանցքի կողաճակատային լուսային բացվածքի միջև՝ ոչ ավել 30մ-ից: Լուսային գրպանի լայնությունը պետք է լինի ոչ պակաս դրա խորության կեսից (առանց հարակից միջանցքի լայնությունը հաշվի առնելու): Որպես լուսային գրպան հանդիսացող աստիճանավանդակով թույլատրվում է լուսավորելու դրա երկու կողմերում տեղավորված մինչև 12մ երկարությամբ միջանցքները:

180. Հանրակացարանների բնակելի բջիջներում առանց բնական լուսավորման թույլատրվում է նախագծել խոհանոց-խորշեր՝ նախատեսված երկու սենյակի համար, սարքավորված էլեկտրասալերով և արհեստական արտածման օդափոխությամբ: Կողային լուսավորման դեպքում բնական լուսավորվածության գործակցի արժեքը պետք է լինի ոչ պակաս 0.5 (բնակելի սենյակների և խոհանոցների հատակից 0.8մ բարձրությամբ՝ տեղադրված հորիզոնական հարթության վրա):

181. Բնակարանների և հանրակացարանների բնակելի սենյակների և խոհանոցների լուսային բացվածքների մակերեսի հարաբերությունն այդ սենքերի հատակի մակերեսի նկատմամբ չպետք է գերազանցի 1:5,5: Նվազագույն հարաբերությունը պետք է լինի 1:8: Մանսարդային հարկերի համար թույլատրվում է ընդունել 1:10 հարաբերությունը:

182. Ընդհանուր սենյակները, ննջարանները, խոհանոցները, լոգասենյակները, զուգարանները, միջանցքները և այլ օժանդակ սենքերը լուսավորման համար պետք է սարքավորվեն փոխարկիչներով: Ընդհանուր սենյակները, ննջարանները և խոհանոցները, պետք է սարքավորվեն վարդակներով, տեղադրված այնպես, որ հեռավորությունը սենյակի ցանկացած կետից մինչև մոտակա վարդակը չգերազանցի 4մ: Վթարային դեպքերում, երբ ընդհանուր օգտագործման տարածքների էլեկտրասնուցումը դադարում է, պետք է ավտոմատ կերպով միանա վթարային էլեկտրամատակարարումը, որը կապահովի ելքերի և դեպի դրանք տանող ցուցանակների լուսավորումը:

183. Ակուստիկ հարմարավետության ապահովման համար պատող կոնստրուկցիաների ձայնամեկուսացման նորմատիվ հարաչափերը պետք է ընդունել ՍՆԻՊ II-12 շինարարական նորմերի պահանջների համաձայն:

184. Բնակելի շենքեր նախագծելիս պետք է ապահովել օրվա ընթացքում բնակարանների ոչ պակաս 2.5 ժամ անընդհատ ինսոլյացիայի տևողություն՝ մարտի 22-ից մինչև սեպտեմբերի 22-ը ժամանակահատվածում, որի դեպքում արևի ուղղակի ճառագայթների անկման ուղղաձիգ անկյունն արտաքին պատի ապակեպատված լուսային բացվածքի գոգի բարձրության հորիզոնական հարթության վրա կազմում է 600  և ավելին: Բնակարանի ինսոլյացիան համարվում է բավարար՝ մեկից երեք սենյականոց բնակարաններում բնակելի սենյակներից մեկի, իսկ չորս և ավելի սենյականոց բնակարաններում՝ երկու բնակելի սենյակներից ոչ պակաս նորմատիվ ինսոլյացիայի դեպքում: Բնակելի շենքի վերակառուցումը կամ բնակարանների վերահատակագծումը չպետք է հանգեցնի ինսոլյացիայի տևողության նորմատիվ մակարդակի նվազեցմանը:

185. Բնակարանների միկրոկլիման պետք է նպաստի բնակիչների առողջ ֆիզիկական վիճակին: Բնակելի շենքերի օդային միջավայրը չպետք է վնաս պատճառի բնակիչների առողջությանը և նրանց հարմարավետությանը: Օդի մեջ աղտոտող նյութերի պարունակությունը չպետք է գերազանցի բնակավայրում օդի համար սահմանային թույլատրելի խտությունը: Բնակելի տարածությունների միկրոկլիմային ներկայացվող նորմատիվ պահանջների և օգտագործվող նյութերի, ինչպես նաև կոնստրուկցիաների երկարակեցության ապահովման համար պետք է ղեկավարվել ՀՀՇՆ II-7.01 շինարարական նորմերով սահմանված պահանջներով:

186. Բնակարանները պետք է ապահովված լինեն միջանցիկ կամ անկյունային քամահարմամբ: Թույլատրվում է քամահարում հորանների միջոցով:

187. Օդափոխությունը պետք է նախատեսել բնական հարկադրմամբ և նախագծել ՀՀՇՆ IV-12.02.01 շինարարական նորմերով սահմանված պահանջների համաձայն: Նորմավորված արտածումով սենքերի համար հեռացվող օդի կոմպենսացումը (փոխհատուցում) պետք է նախատեսել ինչպես արտաքին, այնպես էլ բնակարանի այլ սենքերից օդի ներհոսքի հաշվին: Բնակարանների և հանրակացարանների բնակելի սենյակների արտածման օդափոխությունը պետք է նախատեսել խոհանոցների, զուգարանների, լոգասենյակների (ցնցուղարանների) և չորացման պահարանների արտածման անցուղիների միջոցով: Խոհանոցում գազային ջրատաքացուցիչի տեղադրման դեպքում գազանցքը պետք է դիտարկել որպես լրացուցիչ արտածման անցուղի:

188. Բնակարանների օդափոխության անցուղիները թույլատրվում է միացնել ընդհանուր օդափոխիչ հորանին սպասարկվող սենքերից վեր` մեկ հարկ հետո: Շենքի վերջին երկու հարկերի օդափոխությունը պետք է իրականացնել առանձին օդափոխության անցուղիների միջոցով՝ չմիացնելով դրանց ընդհանուր ուղղաձիգ հորանին: Չի թույլատրվում խոհանոցների, զուգարանների, լոգասենյակների (ցնցուղարանների), մթերքի համար նախատեսված պահեստարանների օդափոխության անցուղիների միացումը ջերմության բնակարանային գեներատորների սենքերի և ավտոտնակների օդափոխության անցուղիներին:

189. Բնակելի շենքերին ներկառուցված այլ նշանակության օբյեկտների օդափոխությունը պետք է լինի ինքնավար: Դրանց արտածման օդափոխությունը թույլատրվում է միացնել բնակելի շենքի ընդհանուր արտածման համակարգին, եթե դրանցում հրդեհապայթյունավտանգ նյութերը և վնասակար անջատումները չեն գերազանցում բնակելի շենքերի համար սահմանված նորմատիվ չափերը:

190. Բաց ձեղնահարկով բնակելի շենքերում տանիքի արտաքին պատերի պարագծով պետք է նախատեսել տանիքային ծածկի մակերեսի 1/7-ից ոչ պակաս գումարային մակերեսով բացվածքներ: Օդափոխության անցուղիների ելանցքի վերին նիշը պետք է լինի ծածկից ցածր ոչ պակաս 1մ:

191. Ջեռուցվող բնակելի շենքերի աստիճանավանդակներում օդի հաշվարկային ջերմաստիճանը չի նորմավորվում: Օդի ջերմաստիճանը տարվա տաք ժամանակաշրջանում բնակարանների և հանրակացարանների բնակելի սենյակներում և խոհանոցներում, մշակութային և այլ միջոցառումների, հանգստի, ուսումնական և մարզական պարապմունքների, վարչակազմի և անձնակազմի համար նախատեսված սենքերում, ինչպես նաև հանրակացարանների մեկուսարանի հիվանդասենյակում չպետք է գերազանցի 280 C-ից: Օդի ջերմաստիճանը վերելակի մեքենայական սենքում տարվա տաք ժամանակաշրջանում չպետք է գերազանցի 350 C-ից:

192. Բնակելի շենքերի տարածությունների պաշտպանությունը գերտաքացումից պետք է ապահովել ծավալահատակագծային լուծումներով, պատող կոնստրուկցիաների բարձր ջերմակայունությամբ, ինչպես նաև արևապաշտպան միջոցներով:

193. Օդի լավորակում թույլատրվում է կիրառել համապատասխան հիմնավորման դեպքում՝ ՀՀՇՆ IV-12.02.01 շինարարական նորմերով սահմանված պահանջների համաձայն:

194. Հուլիսի միջին ամսական +210 C և ավելին ջերմաստիճան ունեցող շրջաններում շենքերի պատուհանները և լոջիաների բացվածքները պետք է սարքավորվեն արտաքինից կարգավորվող արևապաշտպան միջոցներով: Հինգ հարկ և ավելի բարձրությամբ I և II աստիճանի հրակայունության շենքերում արտաքին արևապաշտպան միջոցները հարկավոր է իրականացնել չայրվող նյութերից:

195. Արևից պաշտպանությունը թույլատրվում է ապահովել կանաչապատման միջոցներով:

196. Բնակելի շենքերի արտաքին մուտքերի մոտ պետք է նախատեսել 1.5մ-ից ոչ պակաս խորությամբ և 2.2 մ-ից ոչ պակաս լայնությամբ նախամուտքեր: Կրկնակի նախամուտքեր հարկավոր է նախատեսել 16 և ավելի հարկանի բնակելի շենքերում, ինչպես նաև 12-15 հարկանի բնակելի շենքերում առավել ցուրտ հնգօրյակի մինուս 200 C և ցածր միջին ջերմաստիճանով շրջաններում:

197. Տաքացուցիչ սարքերի մակերևույթի ջերմաստիճանը մարդկանց համար հասանելի մասերում չպետք է գերազանցի 800 C-ից:

198. Ներկառուցված տաքացուցիչ տարրերով կոնստրուկցիաների մակերևույթի միջին ջերմաստիճանը չպետք է գերազանցի՝ հատակների համար պլյուս 260 C-ից, առաստաղների համար` պլյուս 300 C-ից:

199. Բնակելի շենքերի ձեղնահարկերը պետք է նախատեսել բնական օդափոխությամբ:

200. Բնակելի շենքերում պատշգամբների և լոջիաների տեղադրումը թույլատրվում է իրականացնել, հաշվի առնելով տեղական առանձնահատկություններն ու կլիմայական պայմանները, ինչպես նաև հակահրդեհային պաշտպանության պահանջները:

201. Պատշգամբների և լոջիաների նախագծման անբարենպաստ պայմաններն են.

1) մայրուղիների կամ արդյունաբերական տարածքների աղմուկը` 75 դԲ և ավելի շենքի ճակատից 2 մ հեռավորության վրա (բացառությամբ՝ աղմուկից պաշտպանված բնակելի շենքերի).

2) երեք ամառային ամիսների 15 կամ ավելի օրերի ընթացքում 1,5 մգ/մ3  և ավելի օդում փոշու կոնցենտրացիան, ընդ որում, պետք է հաշվի առնել, որ լոջիաները կարող են լինել ապակեպատված:

 

XIV. ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ ՍԵՆՔԵՐԻ ՆՈՐՈԳՄԱՆ ՊԻՏԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԵՐԿԱՐԱԿԵՑՈՒԹՅՈՒՆԸ

 

202. Շենքի կրող կոնստրուկցիաները ծառայության ողջ ժամկետի ընթացքում պետք է պահպանեն իրենց հատկությունները՝ սույն շինարարական նորմերի պահանջներին և նախագծային առաջադրանքին համապատասխան:

203. Շենքի կրող կոնստրուկցիաները, որոնց միջոցով որոշվում է շենքի ամրությունը, կայունությունը և ծառայության ժամկետը, պետք է պահպանեն իրենց հատկությունները թույլատրելի սահմաններում:

204. Շենքի տարրերը, մասերը, սարքավորումները, որոնց ծառայության ժամկետը կարճ է շենքի ենթադրվող ծառայության ժամկետից, պետք է փոխարինվեն նախագծով սահմանված վերանորոգումների միջև ընկած ժամանակաշրջանում, հաշվի առնելով նախագծման առաջադրանքի պահանջները: Վերանորոգումների միջև ընկած ժամանակաշրջանի երկարաձգման կամ կարճացման դեպքերում շենքի համապատասխան տարրերի և նյութերի կամ սարքավորումների առավել կամ պակաս երկարակեցության օգտագործման մասին որոշումը սահմանվում է տեխնիկատնտեսական հաշվարկներով: Այդ դեպքում նյութերը, կոնստրուկցիաները և շինարարական աշխատանքների տեխնոլոգիան պետք է ընտրել, հաշվի առնելով հետագա վերանորոգման, տեխնիկական սպասարկման և շահագործման ծախսերի նվազեցումը:

205. Շենքի կոնստրուկցիաները և տարրերը պետք է իրականացվեն խոնավակայուն, ցածր ջերմաստիճանների, ագրեսիվ միջավայրի, կենսաբանական և այլ ոչ բարենպաստ պայմաններին դիմակայող նյութերից:

206. Անհրաժեշտության դեպքում պետք է ընդունել համապատասխան միջոցներ անձրևաջրերի, հալոցքաջրերի, գրունտային ջրերի շենքերի կրող և սահմանազատող կոնստրուկցիաների մեջ խորությամբ ներթափանցման, ինչպես նաև արտաքին պատող կոնստրուկցիաներում անթույլատրելի խտացած խոնավության քանակի առաջացման դեմ, բավականաչափ մեկուսացմամբ կամ փակ տարածքների և օդային շերտերի օդափոխության կատարմամբ: Պետք է օգտագործվեն անհրաժեշտ պաշտպանիչ բաղադրությամբ նյութեր և ծածկույթներ համապատասխան նորմատիվ փաստաթղթերի համաձայն:

207. Հավաքովի տարրերի կցվածքային միացումները և շերտավոր կոնստրուկցիաները պետք է հաշվարկվեն, ելնելով ջերմախոնավության ձևախախտումից և ճիգերի ընկալումից, որոնք առաջանում են հիմքի անհամաչափ նստվածքից և շահագործման այլ ազդեցություններից: Կցման կետերում օգտագործվող խտացնող և հերմետիկացնող նյութերը պետք է պահպանեն առաձգականությունը և հարակցման հատկությունները խոնավության և ջերմաստիճանի բացասական ազդեցության դեպքում, ինչպես նաև կայուն լինեն ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ: Հերմետիկացնող նյութերը պետք է լինեն համատեղելի կոնստրուկցիաների պաշտպանիչ նյութերի և դեկորատիվ-պաշտպանիչ ծածկույթների հետ նրանց կցորդման մասերում:

208. Պետք է ապահովված լինի շենքերի սարքավորումների և ինժեներական համակարգերի սարքերի արմատուրներին մոտենալու և դրանց հետազոտման, տեխնիկական սպասարկման, վերանորոգման և փոխարինման հնարավորությունը:

209. Սարքավորումները և խողովակաշարերը այնպես պետք է ամրացված լինեն շենքի շինարարական կոնստրուկցիաներին, որ կոնստրուկցիաների հնարավոր տեղաշարժերի դեպքում չխախտվի դրանց աշխատունակությունը:

210. Շենքերի շինարարության ժամանակ բարդ երկրաբանական պայմաններ ունեցող, սեյսմիկ ազդեցությունների ենթակա, լրացուցիչ մշակման, նստվածքների, ներառյալ՝ սառչափքված և այլ գրունտային տեղաշարժերի շրջաններում ինժեներական կառուցվածքների հաղորդակցուղիների ներանցումները պետք է իրականացվեն՝ հիմնատակերի հնարավոր ձևախախտումների փոխհատուցմամբ, հաշվի առնելով տարբեր ինժեներական ցանցերի վերաբերյալ շինարարական նորմերով սահմանված պահանջները:

 

XV. էՆԵՐԳԻԱՅԻ ԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՋԵՐՄՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԻ ԿՐՃԱՏՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

211. Շենքի լուսավորության համակարգերը պետք է նախագծվեն, հաշվի առնելով լուսային միջավայրի համալիր պահանջները և էլեկտրաէներգիայի արդյունավետ օգտագործումը:

212. Բնակելի շենքերի սենքերը լուսավորող սարքերում էլեկտրաէներգիայի արդյունավետ օգտագործման համար նպատակահարմար է մասնագիտացված կատարողական սարքերի և լուսավորության կարգավորման համակարգերի օգտագործումը:

213. Էներգախնայողության պահանջների կատարումը գնահատվում է պատող շինարարական կոնստրուկցիաների ջերմատեխնիկական բնութագրով և ինժեներական համակարգերով կամ շենքի ջեռուցման և օդափոխության ջերմային էներգիայի տեսակարար ծախսի համալիր ցուցանիշով համաձայն ՀՀՇՆ II-7.02, ՎՍՆ 59 և ՀՀ գործող այլ շինարարական նորմերի:

214. Շենքի լավագույն տեխնիկատնտեսական բնութագրի և ջեռուցման համար ծախսվող էներգիայի տեսակարար ծախսի հետագա կրճատման նպատակով առաջարկվում է նախատեսել՝

1) շենքի ծավալահատակագծային կոմպակտ լուծում, այդ թվում՝ արտաքին պատերի մակերեսի կրճատմանն ու մասնաշենքի լայնության ավելացմանը նպաստող և այլն,

2) շենքի և նրա սենքերի կողմնորոշումն երկրի կողմերի նկատմամբ, հաշվի առնելով սառը քամիների առավելագույն ուղղությունները և արևային ճառագայթման հոսքերը,

3) արդյունավետ ինժեներական սարքավորման օգտագործումը, ՕԳԳ-ով բարձր անվանակարգման շարքին համապատասխան,

4) դուրս մղվող օդի և կոյուղաջրերի ջերմության օգտահանումը, վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը (արևային, քամու և այլն):

215. Ըստ նորմատիվ ցուցանիշների շենքի արդյունավետության հսկողության նպատակով մշակվող նախագծային փաստաթղթերը պետք է պարունակեն «Էներգաարդյունավետության պահանջների պահպանման ապահովման միջոցառումներ շենքերում, շինություններում և կառույցներում օգտագործվող էներգետիկ պաշարների հաշվիչ սարքերով հագեցվածության պահանջները» բաժինը: Այդ բաժինը պետք է պարունակի գործողությունների ցանկ՝ էներգետիկ արդյունավետության սահմանված պահանջների, ճարտարապետական, կոնստրուկտիվ և ինժեներատեխնիկական լուծումների լավագույն ընտրության հիմնավորում, ինչպես նաև էներգետիկ արդյունավետության պահանջների ցանկ, որին շենքը պետք է համապատասխանի շահագործման հանձնելիս:

 

Հավելված 1

 

ՄԱՐԴԱՏԱՐ ՎԵՐԵԼԱԿՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿԸ

Շենքի հարկայնությունը

Վերելակների քանակը

Հզորությունը, կգ

Արագությունը մ/վրկ

Հարկի բնակարանների առավելագույն

մակերեսը, մ2

մինչև 9

1

630 կամ 1000

1,0

600

10-12

2

400

630 կամ 1000

1,0

600

13-17

2

400

630 կամ 1000

1,0

450

17-ից ավելի

2

400

630 կամ 1000

1,6

450

17-ից ավելի

3

400

630 կամ 1000

630 կամ 1000

 400

1,6

350

17-ից ավելի

4

400

630 կամ 1000

630 կամ 1000

1,6

450

1. 630 կամ 1000 կգ հզորությամբ վերելակները պետք է ունենան նվազագույնը 2100x1100մմ չափերի խցիկներ:

2. Աղյուսակը կազմված է ՝ մեկ անձին 18մ2  ընդհանուր մակերեսով բնակարան, հարկի բարձրությունը՝ 2,8մ, վերելակի շարժման ինտերվալը՝ 81-100վ հաշվարկով:

3. Վերին հարկերում բազմամակարդակ բնակարաններով բնակելի շենքերում, մարդատար վերելակների կանգառը թույլատրվում է նախատեսել բնակարանների հարկերից մեկում: Այս դեպքում, շենքի հարկայնությունը վերելակների հաշվարկման համար որոշվում է կանգառի վերին հարկով:

 

Հավելված 2

 

ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՄԱԿԵՐԵՍԻ, ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ՄԱԿԵՐԵՍԻ, ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ՄԱԿԵՐԵՍԻ, ՍԵՆՔԵՐԻ ՄԱԿԵՐԵՍԻ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ՀԱՐԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿԻ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1. Բնակարանի ընդհանուր մակերեսը որոշվում է, որպես բնակելի և օժանդակ սենքերի, ներկառուցված պահարանների, ինչպես նաև լոջիաների, պատշգամբների, ծածկապատշգամբների, դարավանդների և սառը խորդանոցների մակերեսների գումար, որոնք հաշվարկվում են հետևյալ ցածրացնող գործակիցներով. լոջիաների համար՝ 0.5, պատշգամբների և դարավանդների համար՝ 0.3, ծածկապատշգամբների և սառը խորդանոցների համար՝ 1.0:

2. Վառարանով զբաղեցված մակերեսը սենքերի մակերեսի մեջ չի մտցվում: Ներբնակարանային սանդուղքի բազուկի տակ գտնվող մակերեսը, հատակից մինչև դուրս եկած կոնստրուկցիաների տակը 1.6մ և ավելի բարձրության դեպքում, մտցվում է այն սենքերի մակերեսի մեջ, որտեղ սանդուղքը տեղադրված է:

3. Հանրակացարանների շենքերի ընդհանուր մակերեսը հարկավոր է որոշել որպես բնակելի սենյակների, օժանդակ սենքերի, հասարակական նշանակության սենքերի, ինչպես նաև լոջիաների, պատշգամբների և ծածկապատշգամբների մակերեսների գումար՝ հաշվարկվող սույն հավելվածի 1-ին կետի ցուցումների համաձայն:

4. Բնակելի շենքի մակերեսը որոշվում է որպես շենքի հարկերի մակերեսների՝ չափված արտաքին պատերի ներքին մակերևույթների սահմանում, ինչպես նաև պատշգամբների և լոջիաների մակերեսների գումար:

5. Աստիճանավանդակների, վերելակների և այլ հորերի մակերեսը մտցվում է հարկի մակերեսի մեջ՝ տվյալ հարկի մակարդակում դրանց զբաղեցրած մակերեսով:

6. Ձեղնահարկերի և տնտեսական ընդհատակի մակերեսը շենքի մակերեսի մեջ չի մտցվում:

7. Բնակելի շենքերում սենքերի մակերեսը որոշվում է հատակի մակարդակում (շրիշակները հաշվի չառնելով) առանձին պատերի և միջնորմերի միջև դրանց չափերով: Մանսարդային սենքի մակերեսի որոշման ժամանակ հաշվի է առնվում 1.5մ-ից ոչ պակաս բարձրությամբ մակերեսը, հորիզոնի նկատմամբ 300  թեք առաստաղի, 1.1մ՝ 450 -ի և 0.5մ՝ 600  և ավելի թեքությունների դեպքում: Միջանկյալ մեծությունների դեպքում բարձրությունը որոշվում է միջարկմամբ: Ավելի փոքր բարձրությամբ սենքերի մակերեսներն ընդգրկվում են ընդհանուր մակերեսում 0.7 գործակցով, որի դեպքում պատի նվազագույն բարձրությունը պետք է լինի 1.2մ՝ 300, 0.8մ՝ 450 + 600  և չի սահմանափակվում 600  և ավելի թեք առաստաղի դեպքում:

8. Բնակելի շենքի շինարարական ծավալը որոշվում է որպես ±0.000 նիշից վերև (վերգետնյա մաս) և այդ նիշից ներքև (ստորգետնյա մաս) շինարարական ծավալի գումար: Շենքի վերգետնյա և ստորգետնյա մասերի շինարարական ծավալը որոշվում է սահմանափակող մակերևույթների սահմաններում` ներառելով պատող կոնստրուկցիաները, լուսային երդիկները և այլն, սկսած շենքի յուրաքանչյուր մասի մաքուր հատակի նիշից, հաշվի չառնելով դուրս ելնող ճարտարապետական մանրամասները և կոնստրուկտիվ տարրերը, ընդհատակյա անցուղիները, սյունասրահները, դարավանդները, պատշգամբները, անցումների ծավալը և հենարանների վրա գտնվող շենքի տակի տարածությունները, ինչպես նաև շենքի տակի քամահարվող ներքնատակը:

9. Շենքի կառուցապատման մակերեսը որոշվում է որպես որմնախարսխի մակարդակում շենքի արտաքին եզրագծով հորիզոնական հատույթի մակերես` ներառելով դուրս եկող մասերը: Սյուների վրա տեղադրված շենքի տակի մակերեսը, ինչպես նաև շենքի տակ գտնվող անցումները մտցվում են կառուցապատման մակերեսի մեջ:

10. Շենքի վերգետնյա մասի հարկայնության որոշման ժամանակ հարկերի թվի մեջ մտնում են բոլոր վերգետնյա հարկերը, այդ թվում՝ տեխնիկական, մանսարդային և որմնախարսխային, եթե դրա ծածկի վերին մասը բարձր է հողի միջին հատակագծային նիշից ոչ պակաս 2մ:

11. Շենքերի տակի քամահարվող ներքնատակը չի մտցվում վերգետնյա հարկերի թվի մեջ: Շենքի տարբեր մասերում, հարկերի տարբեր քանակի դեպքում, ինչպես նաև շենքը թեք հողամասում տեղադրելու դեպքում, երբ թեքության շնորհիվ ավելանում է հարկերի քանակը, հարկայնությունը որոշվում է շենքի յուրաքանչյուր մասի համար առանձին: Վերին հարկի վրա տեղադրված տեխնիկական հարկը շենքի հարկայնության որոշման ժամանակ հաշվի չի առնվում:

(հավելվածը խմբ., լրաց., փոփ. 17.12.20 N 98-Ն)