Գլխավոր տեղեկություն
Номер
N 170-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (19.05.2020-23.09.2022)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2020.05.18/17(685) Հոդ.109
Принят
Արդարադատության նախարար
Дата принятия
13.05.2020
Подписан
Արդարադատության նախարար
Дата подписания
13.05.2020
Дата вступления в силу
19.05.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

13 մայիսի 2020 թ.
քաղ. Երևան

N 170-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի N 97-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով և «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի 80-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել՝

1) Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման և դրանից բխող այլ գործառույթների կատարման վերաբերյալ ընդհանուր կանոնները համաձայն՝ N 1 Հավելվածի.

2) Ծննդի պետական գրանցման վերաբերյալ հրահանգչական ցուցումները համաձայն՝ N 2 Հավելվածի.

3) Հայրության որոշման պետական գրանցման վերաբերյալ հրահանգչական ցուցումները համաձայն՝ N 3 Հավելվածի.

4) Ամուսնության պետական գրանցման վերաբերյալ հրահանգչական ցուցումները համաձայն՝ N 4 Հավելվածի.

5) Ամուսնալուծության պետական գրանցման վերաբերյալ հրահանգչական ցուցումները համաձայն՝ N 5 Հավելվածի.

6) Որդեգրման պետական գրանցման վերաբերյալ հրահանգչական ցուցումները համաձայն՝ N 6 Հավելվածի.

7) Մահվան պետական գրանցման վերաբերյալ հրահանգչական ցուցումները համաձայն՝ N 7 Հավելվածի.

8) Քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ուղղումներ, լրացումներ կամ փոփոխություններ կատարելու վերաբերյալ հրահանգչական ցուցումները համաձայն՝ N 8 Հավելվածի:

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Ռ. Բադասյան

 

Հավելված 1

արդարադատության նախարարի

2020 թվականի մայիսի 13-ի

N 170-Ն հրամանով

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ԱՅԼ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Սույն Հրամանում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝

1) էլեկտրոնային կառավարման համակարգ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գործող քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգ.

2) միասնական էլեկտրոնային գրանցամատյան՝ Էլեկտրոնային կառավարման համակարգի պաշտոնական էլեկտրոնային փաստաթուղթ է, որտեղ էլեկտրոնային եղանակով գրառվում և պահպանվում են «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) համաձայն կատարվող բոլոր ակտային գրանցումները, գրանցման ենթակա բոլոր տեղեկությունները, գրանցման համար հիմք հանդիսացած փաստաթղթերը և տրամադրվող վկայականների վերաբերյալ տեղեկությունները: Միասնական էլեկտրոնային գրանցամատյանում պահպանվում են նաև վկայականների կրկնօրինակների և տեղեկանքների տրամադրման դիմումները, դրանց կից ներկայացված փաստաթղթերը.

3) ՔԿԱԳ մարմին՝ քաղաքացիական կացության ակտի գրանցում, դրանում ուղղում կամ փոփոխություն կամ լրացում կատարելու, այդ գրանցումները չեղյալ հայտարարելու, կորած քաղաքացիական կացության ակտի պետական գրանցումը վերականգնելու, քաղաքացիական կացության ակտերի մատյանները վարելու և պահպանելու, քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայական, վկայականի կրկնօրինակ և քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանք տրամադրելու, և դրանից բխող այլ գործառույթներ կատարելու իրավասություն ունեցող Օրենքի 4-րդ հոդվածով սահմանված մարմին.

4) քաղաքացիական կացության ակտ՝ քաղաքացիների այնպիսի գործողությունները կամ դեպքերն են, որոնք առաջացնում, փոփոխում կամ դադարեցնում են նրանց իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև բնութագրում են քաղաքացիների իրավական վիճակը:

5) թվայնացված ակտային գրանցում՝ մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը ՔԿԱԳ մարմինների փաստաթղթային արխիվներում պահպանված և էլեկտրոնային կառավարման համակարգ մուտքագրված քաղաքացիական կացության ակտի գրանցում.

6) վկայական՝ քաղաքացիական կացության ակտային գրանցման հիման վրա կազմվող և գրանցման վերաբերյալ տեղեկություններ պարունակող, էլեկտրոնային կառավարման համակարգում ինքնաշխատ եղանակով պատրաստվող քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին էլեկտրոնային փաստաթուղթ, որը դիմողի պահանջով տրվում է նաև արտատպված եղանակով.

7) վկայականի կրկնօրինակ՝ մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը ՔԿԱԳ մարմինների փաստաթղթային արխիվներում պահպանված և էլեկտրոնային կառավարման համակարգում թվայնացված, ինչպես նաև մինչև 2019 թվականի սեպտեմբերի 1-ը էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով գրանցված քաղաքացիական կացության ակտի հիման վրա և դրա վերաբերյալ տեղեկություններ պարունակող էլեկտրոնային փաստաթուղթ, որը դիմողի պահանջով տրամադրվում է նաև արտատպված եղանակով.

8) քաղաքացիական կացության ակտային պետական գրանցման մասին տեղեկանք՝ քաղաքացիական կացության ակտի գրանցման մասին տեղեկություններ պարունակող, էլեկտրոնային կառավարման համակարգում ինքնաշխատ եղանակով պատրաստվող էլեկտրոնային փաստաթուղթ, որը դիմողի պահանջով տրամադրվում է նաև արտատպված եղանակով.

9) քաղաքացիական կացության ակտային գրանցումը չհայտնաբերելու մասին տեղեկանք՝ ՔԿԱԳ մարմինների փաստաթղթային արխիվում և միասնական էլեկտրոնային գրանցամատյանում քաղաքացիական կացության ակտը հինգ աշխատանքային օրվա ընթացքում իրականացված որոնման արդյունքում չհայտնաբերելու և այն վերականգնելու կարգի մասին տեղեկատվություն պարունակող էլեկտրոնային փաստաթուղթ, որը դիմողի պահանջով տրամադրվում է նաև արտատպված եղանակով.

10) դիմող՝ քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման կամ քաղաքացիական կացության ակտում ուղղում կամ փոփոխություն կամ լրացում կատարելու կամ Օրենքով նախատեսված այլ գործառույթ կատարելու համար օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված փաստաթղթերը ՔԿԱԳ մարմնին ներկայացնող անձ.

11) դիմում՝ քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման կամ քաղաքացիական կացության ակտում ուղղում կամ փոփոխություն կամ լրացում կատարելու կամ Օրենքով նախատեսված այլ գործառույթ կատարելու համար Օրենքով անհրաժեշտ փաստաթղթերի կամ տվյալների տրամադրումը ՔԿԱԳ մարմնին.

12) ՔԿԱԳ մարմինների էլեկտրոնային կնիքներ և աշխատակիցների ստորագրություններ՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից հավաքագրված՝ էլեկտրոնային կառավարման համակարգում «PDF» ձևաչափի տեսքով մուտքագրված և համապատասխան ՔԿԱԳ մարմնի կողմից օգտագործման ենթակա կնիքների և ստորագրությունների էլեկտրոնային նմուշներ:

2. Դիմումի ձևը լրացվում է էլեկտրոնային կառավարման համակարգում ՔԿԱԳ մարմնի աշխատակցի կողմից՝ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված բոլոր փաստաթղթերը ներկայացնելու պահին և էլեկտրոնային եղանակով ստորագրվում դիմողի կողմից (տեխնիկական անհնարինության դեպքում դիմումը արտատպվում, ստորագրվում, լուսապատճենահանվում և մուտքագրվում է էլեկտրոնային կառավարման համակարգ)։

3. Օրենքով նախատեսված դեպքերում՝ իրավասու անձի կողմից արդեն իսկ ստորագրված դիմումը կցվում է պահանջվող գործառույթի էլեկտրոնային կառավարման համակարգում «Դիմումին կից ներկայացվող փաստաթղթեր բաժնում:

4. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցումը կատարվում է դիմումը էլեկտրոնային կառավարման համակարգ մուտքագրելու նույն աշխատանքային օրը, եթե Օրենքով կամ սույն Հրամանով այլ ժամկետ նախատեսված չէ:

5. Դիմումը պատրաստելու համար Դիմողի կողմից ներկայացված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը լուսապատճենահանվում են (սկանավորվում) և կցվում էլեկտրոնային կառավարման համակարգում՝ «դիմումին կից ներկայացվող փաստաթղթեր» բաժնում: Բացառություն են կազմում միայն այն փաստաթղթերը, որոնք առկա են կամ դրանցում պարունակող տվյալները հասանելի են էլեկտրոնային կառավարման համակարգում ՔԿԱԳ մարմինների համար:

6. Եթե անձանց կողմից ՔԿԱԳ ներկայացված փաստաթղթերը (տվյալները, տեղեկությունները) իրենց մեջ բովանդակային առումով ներառում են անհրաժեշտ այլ փաստաթղթերի բովանդակությունը, ապա ՔԿԱԳ մարմինը չի կարող պահանջել ներկայացնել լրացուցիչ փաստաթղթեր, մասնավորապես՝ առանձնացված ձևով:

7. Եթե դիմողի ներկայացված փաստաթղթերը ոչ ամբողջական են, ապա ՔԿԱԳ մարմինը գրավոր ներկայացնում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված այն փաստաթղթերի ցանկը, որոնք անհրաժեշտ է համալրել 7 աշխատանքային օրվա ընթացքում՝ դիմումը մուտքագրելու համար: Սույն կետով սահմանված գրությունը ստորագրում է դիմում ընդունող ՔԿԱԳ մարմնի աշխատակիցը:

8. Օրենքով և սույն Հրամանով սահմանված լիազորած անձի միջոցով դիմում ներկայացնելու դեպքում քաղաքացիական կացության ակտի գրանցման ժամանակ ՔԿԱԳ մարմին է ներկայացվում լիազորագրի բնօրինակը, որը սկանավորվում և կցվում է «դիմումին կից ներկայացվող փաստաթղթեր» բաժնում և վերադարձվում դիմողին:

9. Նոտարական կարգով վավերացված լիազորագրերը պահանջվում են բացառապես այն դեպքում, երբ այդ պահանջը ուղղակիորեն նախատեսված է Օրենքով:

10. Եթե դիմումին կից ներկայացվող՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը կամ դրա քաղվածքը առկա չէ էլեկտրոնային կառավարման համակարգում (օրինակ՝ ամուսնալուծության մյուս կողմը արդեն իսկ ներկայացրել է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը), ապա այն սկանավորվում և կցվում է «դիմումին կից ներկայացվող փաստաթղթեր» բաժնում և վերադարձվում դիմողին:

11. Եթե դիմողի կողմից չի կարող ներկայացվել դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի կամ դրա քաղվածքի բնօրինակը, ապա այն կարող է ներկայացվել www.datalex.am «ԴԱՏԱԼԵՔՍ» հանրային տեղեկատվական համակարգից գործի ամբողջական փաթեթի արտատպված տեսքով, որում հստակ նշված կլինի, որ վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

12. Դիմումով նախատեսված գործառույթը կատարելու համար դիմողից Օրենքով կամ սույն Հրամանով սահմանված փաստաթղթերի ցանկով չնախատեսված փաստաթղթեր չեն կարող պահանջվել։

1) Եթե քաղաքացիական կացության ակտի գրանցումը կատարվում է այլ քաղաքացիական կացության ակտի հիման վրա, կամ գրանցումը կատարելու համար անհրաժեշտ է ստուգել այլ քաղաքացիական կացության ակտեր, ինչպես նաև եթե քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման հետևանքով առաջանալու է նախկինում գրանցված քաղաքացիական կացության ակտում տվյալներ ուղղելու կամ փոխելու կամ լրացնելու անհրաժեշտություն, ապա էլեկտրոնային միասնական գրանցամատյանում պահանջվող քաղաքացիական կացության ակտի բացակայության դեպքում դիմում ընդունող ՔԿԱԳ մարմինը դիմումն ընդունելու նույն աշխատանքային օրը էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով հարցում է կատարում քաղաքացիական կացության ակտի գրանցումը կատարած ՔԿԱԳ մարմին: Եթե դիմողի կողմից չեն ներկայացվում հստակ տեղեկություններ պահանջվող քաղաքացիական կացության ակտը գրանցող ՔԿԱԳ մարմնի վայրի վերաբերյալ, ապա դիմումը ընդունող ՔԿԱԳ մարմնի աշխատակիցը նույն աշխատանքային օրը հարցում է կատարում գրանցումը կատարած, դիմողի կողմից նշված ենթադրյալ ՔԿԱԳ մարմիններ.

13. Հարցումը ստացած ՔԿԱԳ մարմինը պահանջվող քաղաքացիական կացության ակտի առկայությունը ստուգում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրքերով` դիմումում նշված օրվանից մեկ տարի առաջ և մեկ տարի հետո կազմված քաղաքացիական կացության ակտերի գրանցումներով: Հարցումը ստացած ՔԿԱԳ մարմինը պահանջվող քաղաքացիական կացության ակտը քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրքերում հայտնաբերելու դեպքում, այն թվայնացնում է էլեկտրոնային կառավարման համակարգում ոչ ուշ, քան հարցումը ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում։

14. Հարցում ստացած ՔԿԱԳ մարմինը քաղաքացիական կացության ակտը թվայնացնելուց հետո էլեկտրոնային կառավարման համակարգով նույն աշխատանքային օրը աշխատանքի ավարտի մասին տեղեկացնում է հարցումը ուղարկած ՔԿԱԳ մարմնին:

15. Քաղաքացիական կացության ակտի թվայնացման մասին հաղորդումը ստացած ՔԿԱԳ մարմինը ուսումնասիրում է թվայնացված քաղաքացիական կացության ակտը և դիմումով պահանջվող գործառույթի կատարման համար Օրենքով սահմանված մերժման հիմքերի բացակայության դեպքում նույն աշխատանքային օրն ավարտում է դիմումի վարույթը, եթե Օրենքով կամ սույն Հրամանով այլ ժամկետ նախատեսված չէ:

16. Եթե պահանջվող քաղաքացիական կացության ակտային գրանցումը չի հայտնաբերվում հարցում ստացած ՔԿԱԳ մարմնի փաստաթղթային արխիվում, ապա հարցմանն ի պատասխան ուղարկվում է պահանջվող քաղաքացիական կացության ակտը չհայտնաբերելու մասին տեղեկանքը, ոչ ուշ, քան հարցումը ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում։

17. Սույն հավելվածի 16-րդ կետով տեղեկանքը ստանալուց հետո, դիմումն ընդունող ՔԿԱԳ մարմնի աշխատակիցը նույն օրը հարցում է կատարում ՀՀ արդարադատության նախարարության համակարգում ընդգրկված ստորաբաժանում (այսուհետ՝ Արխիվ):

18. Արխիվը պահանջվող քաղաքացիական կացության ակտի առկայությունը ստուգում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրքերով` դիմումում նշված օրվանից մեկ տարի առաջ և մեկ տարի հետո կազմված քաղաքացիական կացության ակտերի գրանցումներով:

19. Արխիվը պահանջվող քաղաքացիական կացության ակտը քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրքերում հայտնաբերելու դեպքում, այն թվայնացնում է էլեկտրոնային կառավարման համակարգում ոչ ուշ, քան հարցումը ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում։

20. Արխիվը քաղաքացիական կացության ակտը թվայնացնելուց հետո էլեկտրոնային կառավարման համակարգով աշխատանքի ավարտի մասին նույն աշխատանքային տեղեկացնում է հարցումը ուղարկած ՔԿԱԳ մարմնին:

21. Քաղաքացիական կացության ակտի թվայնացման մասին հաղորդումը ստացած ՔԿԱԳ մարմինը ուսումնասիրում է թվայնացված քաղաքացիական կացության ակտը և դիմումով պահանջվող գործառույթի կատարման համար «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Օրենքով սահմանված՝ մերժման հիմքերի բացակայության դեպքում, նույն աշխատանքային օրն ավարտում է դիմումի վարույթը, եթե Օրենքով կամ սույն Հրամանով այլ ժամկետ նախատեսված չէ:

22. Եթե Օրենքով կամ սույն Հրամանով դիմումի համար նախատեսված չէ դիմումով պահանջվող գործառույթի կատարման հստակ ժամկետ, ապա ՔԿԱԳ մարմինը, ստանալով գործառույթի կատարման համար անհրաժեշտ վերջին փաստաթուղթը, դրա մուտքագրման օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է կատարել դիմումով նախատեսված գործառույթը կամ Օրենքով սահմանված դեպքերում՝ մերժել դրա կատարումը:

23. Դիմումի վարույթի ավարտման արդյունքում քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականը, վկայականի կրկնօրինակը այլ փաստաթուղթը կամ քաղաքացիական կացության ակտի պետական գրանցումը մերժելու մասին որոշումը ինքնաշխատ եղանակով ուղարկում է քաղաքացիական կացության ակտի գրանցման մեջ նշված անձանց՝ www.e-citizen.am կայքի պաշտոնական, ինչպես նաև դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներին:

24. Դիմումը մերժելու մասին որոշումը պարունակում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված մերժման հիմքերը, որոշման բողոքարկման կարգը և ժամկետները: Որոշումը ստորագրվում է դիմումը ընդունած ՔԿԱԳ մարմնի ղեկավարի կողմից և կնքվում ՔԿԱԳ մարմնի կնիքով:

25. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման և քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին պետական վկայականի և տեղեկանքի տրամադրման համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված չափով:

26. Քաղաքացիական կացության պետական գրանցման ակտի՝ «անհրաժեշտ այլ տեղեկություններ» բաժնում ՔԿԱԳ մարմնի կողմից լրացվում են այն տեղեկությունները, որոնք յուրաքանչյուր քաղաքացիական կացության ակտ գրանցելիս կամ դրանում ուղղում կամ փոփոխություն կամ լրացում կատարելուց հետո ներկայացվել են դիմումին կից փաստաթղթերով և նախատեսված չեն լրացման քաղաքացիական կացության պետական գրանցման մասին ակտի բաժիններում (օրինակ՝ գտնված (ընկեցիկ) երեխայի ծնունդը գրանցելիս՝ «ընկեցիկ երեխա», «հայրությունը ճանաչվել է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով», «ամուսնալուծությունը կատարվել է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով», «ուղղումը կատարվել է ՔԿԱԳ մարմնի կողմից» և այլն):

27. Հայաստանի Հանրապետությունում գրանցված քաղաքացիական կացության ակտերը կամ դրանցում կատարված ուղղումը կամ փոփոխությունը կամ լրացումը պահպանվում է էլեկտրոնային միասնական գրանցամատյանում:

28. Էլեկտրոնային միասնական գրանցամատյանում առկա քաղաքացիական կացության պետական գրանցման ակտերը, անկախ գրանցող ՔԿԱԳ մարմնից, հանդիսանում են պաշտոնական փաստաթղթեր և հասանելի են բոլոր ՔԿԱԳ մարմիններին՝ դիմումով նախատեսված գործառույթը կատարելու համար:

29. Քաղաքացիական կացության ակտում ուղղում կամ փոփոխություն կամ լրացում չի կատարվում այն դեպքում, երբ փաստաթղթային արխիվում պահպանված քաղաքացիական կացության ակտի երկու օրինակներում առկա են անհամապատասխանություններ և դրանցից մեկը համապատասխանում է դիմումով ներկայացված պահանջին:

30. Սույն հավելվածի 22-րդ կետով սահմանված դեպքում դիմումը ավարտվում է գրանցման վկայականը, վկայականի կրկնօրինակը այլ փաստաթուղթը կամ քաղաքացիական կացության ակտի պետական գրանցումը մերժելու մասին որոշումը տրամադրելու միջոցով, եթե այլ պահանջ դիմումով նախատեսված չէ:

31. Եթե փաստաթղթային արխիվում պահպանված քաղաքացիական կացության ակտի երկու օրինակներում գրառված տվյալները անընթեռնելի են, ապա դիմումով ներկայացված գործառույթը կարող է կատարվել սույն Հրամանով սահմանված՝ քաղաքացիական կացության ակտում լրացում կատարելուց հետո:

32. Քաղաքացիական կացության ակտում ուղղում կամ փոփոխություն կամ լրացում կատարող մարմինը, հիմք ընդունելով կատարվող գործառույթը, կատարում է նաև անհրաժեշտ ուղղում կամ փոփոխություն կամ լրացում նաև այն քաղաքացիական կացության ակտում, որը ենթակա է ուղղման կամ փոփոխության կամ լրացման՝ հիմք ընդունելով դիմումի պահանջը:

33. Սույն հավելվածի 30-րդ կետով սահմանված դեպքում վկայականները և տեղեկանքները տրամադրվում են դիմումը ընդունող ՔԿԱԳ մարմնի կնիքով և ղեկավարի ստորագրությամբ:

34. Եթե դիմումով նախատեսված պահանջը կատարելու համար անհրաժեշտ քաղաքացիական կացության ակտը գրանցված է օտարերկրյա պետության կողմից, ապա ՔԿԱԳ մարմինը կարող է ընդունել դիմումը միայն այն դեպքում, երբ քաղաքացիական կացության ակտը գրանցող պետության հետ առկա է սույն ոլորտը կանոնակարգող երկկողմանի կամ բազմակողմ միջազգային պայմանագիր:

35. Սույն հավելվածի 34-րդ կետով սահմանված դեպքում՝ դիմումի վարույթի ժամկետը կասեցվում է մինչև հարցմանն ի պատասխան օտարերկրյա պետության ՔԿԱԳ մարմնի կողմից քաղաքացիական կացության պետական գրանցման ակտը ստանալը: Պետական գրանցման ակտի ստացման նույն աշխատանքային օրը ՔԿԱԳ մարմինը վերսկսում է դիմումի վարույթը: Վարույթի ավարտման արդյունքում, եթե առկա չեն Օրենքով դիմումը մերժելու համար սահմանված հիմքերը, նույն աշխատանքային օրը ՔԿԱԳ մարմինը պարտավոր է կատարել պահանջվող գործառույթը և ուղարկել համապատասխան հաղորդումը օտարերկրյա պետության ՔԿԱԳ տարածքային մարմին՝ պետական գրանցման մասին վկայական ստանալու պահանջով:

36. Օտարերկրյա պետության ՔԿԱԳ տարածքային մարմնի կողմից ուղարկված պետական գրանցման ակտը ստանալու դեպքում՝ ՔԿԱԳ մարմինը այն երկու աշխատանքային օրվա ընթացքում փոստային ծառայության միջոցով ուղարկում է դիմումում նշված հասցեով:

37. Քաղաքացիական կացության ակտերը ստորագրվում են բացառապես ՔԿԱԳ մարմնի ղեկավարի և համապատասխան աշխատակցի կողմից:

38. ՔԿԱԳ մարմնի կողմից կազմվում են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մատյաններ՝ երկու օրինակից, որտեղ յուրաքանչյուր տարվա ընթացքում (հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած հատվածում) կազմված քաղաքացիական կացության ակտերը արտատպվում են էլեկտրոնային կառավարման համակարգից և ժամանակագրական կարգով հավաքվում:

39. Ժամանակագրական կարգով հավաքված քաղաքացիական կացության ակտերի երկրորդ օրինակներից կազմված ակտային գրքերը մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 10-ը ուղարկվում են Արխիվ:

40. Դիմումների և վկայականների հաշվառման մատյանները կազմվում են էլեկտրոնային կառավարման համակարգում՝ ինքնաշխատ մուտքագրված դիմումների և տրամադրված վկայականների տվյալների հիման վրա՝ յուրաքանչյուր ՔԿԱԳ մարմնի համար առանձին:

 

Հավելված 2

արդարադատության նախարարի

2020 թվականի մայիսի 13-ի

N 170-Ն հրամանով

 

ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

 

ԾՆՆԴԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Երեխայի ծննդի գրանցումն իրականացնում է ՔԿԱԳ մարմինը:

2. Երեխայի ծնող չհանդիսացող անձի կողմից երեխայի ծննդի պետական գրանցման դիմում ներկայացնելու դեպքում օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերից բացի ՔԿԱԳ մարմին է ներկայացվում նաև երեխայի ծնողի (ծնողների) հայտարարությունը՝ երեխայի անվան և ազգանվան ընտրության մասին նշումով: «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի (այսուհետ՝Օրենք) 17-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետով սահմանված դեպքում հայտարարությունում կատարվում է նաև ամուսնության մեջ չգնվելու հիմքով հայրանվան ընտրությամբ մասին նշում: Սույն կետով սահմանված հայտարարությունը չի պահանջում վավերացում նոտարական կարգով:

3. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բժշկական հաստատության կողմից տրված՝ ծննդի կամ պերինատալ մահվան կամ մահվան մասին բժշկական վկայականը (այսուհետ՝ բժշկական վկայական) գեներացվում է էլեկտրոնային կառավարման համակարգում ինքնաշխատ՝ դիմողի կողմից տրամադրված բժշկական վկայականի քաղվածքի վրա զետեղված հատուկ համարանիշը մուտքագրելով էլեկտրոնային կառավարման համակարգ:

4. Ամուսնության մեջ գտնվող անձանց երեխայի ծննդի պետական գրանցման ակտի մեջ մայր սյունակը լրացվում է բժշկական վկայականի հիման վրա, իսկ հայր սյունակը՝ էլեկտրոնային գրանցամատյանում առկա ամուսնության պետական գրանցման ակտի հիման վրա:

5. Էլեկտրոնային գրանցամատյանում երեխայի ծնողների ամուսնության պետական գրանցման ակտի բացակայության դեպքում Դիմողի կողմից ներկայացվում է ամուսնության պետական վկայականը կամ դրա պատճեն:

6. Երեխայի՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող ծնողների անձնագրային տվյալները գեներացվում են էլեկտրոնային կառավարման համակարգում՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգից ինքնաշխատ:

7. Երեխայի՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող ծնողների ամուսնության պետական գրանցման ակտում և նրանց վավեր անձնագրային տվյալներում առկա անձնական տվյալների անհամապատասխանությունների դեպքում ծննդի պետական գրանցման ակտում հիմք են ընդունվում ծնողների անձը հաստատող վավեր փաստաթղթերը:

8. Ծննդի պետական գրանցման ընթացքում որպես ծնողներ գրանցման ենթակա, ամուսնության մեջ գտնվող անձանց համատեղ հայտարարության հիման վրա՝ առ այն, որ երեխան չի հանդիսանում ամուսնության պետական գրանցման մեջ նշված ամուսնու երեխան, երեխայի ծննդի պետական գրանցումը կատարվում է Օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետով սահմանված կարգով: Եթե երեխայի մոր հետ գրանցված ամուսնության մեջ գտնվող անձը անձամբ չի կարող ներկայանալ ՔԿԱԳ մարմին այդպիսի հայտարարություն տալու համար, ապա երեխայի հայր չհանդիսանալու վերաբերյալ նրա հայտարարությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով:

9. Գտնված (ընկեցիկ) երեխայի անվան, հայրանվան և ազգանվան մասին տեղեկությունները լրացվում են իրավասու դիմողի ցուցումով: Գտնված (ընկեցիկ) երեխայի ծննդի ակտի գրառման մեջ նրա ծնողների մասին տեղեկություններ չեն լրացվում:

10. Մահացած ծնված երեխայի կամ կյանքի չորս շաբաթվա ընթացքում մահացած երեխայի ծննդի և մահվան պետական գրանցման մասին դիմում ՔԿԱԳ մարմին կարող են ներկայացնել երեխայի ծնողը կամ այլ անձը:

11. Մահացած ծնված և կյանքի չորս շաբաթվա ընթացքում մահացած երեխայի ծննդյան պետական գրանցման ակտի մեջ ծնողների վերաբերյալ տեղեկությունները լրացվում են «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքով սահմանված կարգով։

12. Մահացած ծնված երեխայի կամ կյանքի չորս շաբաթվա ընթացքում մահացած երեխայի ծննդի և մահվան պետական գրանցման համար Օրենքով սահմանված ժամկետի բացթողման դեպքում գրանցումը կատարվում է որպես սկզբնական գրանցում:

13. Բժշկական վկայականում մոր անձնագրային տվյալների բացակայության դեպքում երեխայի ծննդի պետական գրանցման ակտի մեջ ծնողների վերաբերյալ տեղեկությունները չեն լրացվում, քանի դեռ պարզված տվյալները չեն լրացվել բժշկական վկայականում:

14. Երեխայի մոր անձնագրային տվյալներով լրացված բժշկական վկայականը տրամադրելու դեպքում ՔԿԱԳ մարմինն առանց լրացուցիչ դիմումի կատարում է երեխայի ծննդի պետական գրանցման ակտի մեջ համապատասխան լրացումները:

15. Գտնված (ընկեցիկ) երեխայի ծննդի պետական գրանցման ակտում ՔԿԱԳ մարմնի կողմից լրացված բժշկական վկայականի հիման վրա լրացումներ կատարելու ընթացքում էլեկտրոնային կառավարման համակարգում երեխայի մոր ամուսնության պետական գրանցման ակտի հայտնաբերման դեպքում երեխայի ծննդի պետական գրանցման ակտում «Հոր մասին տեղեկությունների գրանցման հիմք» բաժինը չի լրացվում։

16. Այն դեպքերում, երբ երեխայի մայրը մահացել է կամ համաձայն Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 118-րդ հոդվածի հրաժարվել է երեխայի նկատմամբ ծնողական իրավունքներից կամ հրաժարվել է երեխային վերցնել դաստիարակչական ու բժշկական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններից, ապա երեխայի ծննդի պետական գրանցման ակտում մոր մասին տեղեկությունները լրացվում են բժշկական վկայականի հիման վրա: Հոր վերաբերյալ տեղեկություններ չեն լրացվում։ Սույն կետով սահմանված ծննդի պետական գրանցման մասին ՔԿԱԳ մարմինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է իր գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին:

17. Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում երեխայի ծննդի պետական գրանցման ակտի մեջ երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան ժամանակն ու վայրը լրացվում են դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա։ Եթե ծնողների վերաբերյալ տեղեկությունները դատարանի վճռում նշված չեն, ապա այդ տեղեկությունները ծննդյան ակտային գրանցման մեջ չեն լրացվում:

18. Եթե ծննդի գրանցման մասին դիմումը ստացվել է երեխայի ծննդյան օրվանից մեկ տարի անց, ապա ծննդի գրանցումը կատարվում է որպես սկզբնական գրանցում, հերթական համարից հետո լրացնելով` «Գրանցում` ժամկետի բացթողմամբ» (կրճատ ժ/բ տառերը) բառերը:

19. 18 տարին լրացած, սակայն անձը հաստատող փաստաթուղթ չունեցող չափահասի ծննդի գրանցման դիմում կարող է ներկայացնել անձի բնակության վայրի համայնքի ղեկավարը:

Սույն կետով նախատեսված՝ ծննդի պետական գրանցումը կատարվում է Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով սահմանված կարգով: Անձի անվան գրառումը կատարվում է տվյալ անձի ցուցումով, իսկ ծնողների և ծննդի ժամանակի վերաբերյալ տվյալները լրացվում են ներկայացված հայտարարություններում նշված անձանց և ծննդի ժամանակի մասին տվյալներով: Անձի ծննդի գրանցումը կատարվում է որպես սկզբնական գրանցում, հերթական համարից հետո լրացնելով` «Գրանցում` ժամկետի բացթողմամբ» (կրճատ ժ/բ տառերը) բառերը:

20. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով սահմանված կարգով ծննդի պետական գրանցման համար նախատեսված հայտարարությունը ՔԿԱԳ մարմին կարող է նաև ներկայացվել ծննդաբերության ընթացքում ներկա գտնվող անձի ստորագրությունը նոտարական կարգով վավերացված լինելու պայմանով:

21. Օտարերկրյա պետության քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց երեխայի ծնունդը գրանցելիս ծնողների անձը հաստատող փաստաթղթերը պետք է թարգմանված լինեն հայերեն: Թարգմանության իսկությունը վավերացվում է նոտարական կարգով։

22. Ծննդի պետական գրանցման ակտը կազմելու համար հիմք հանդիսացող՝ օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից տրամադրված կամ հաստատված փաստաթղթերը պետք է վավերացված լինեն ՀՀ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով և թարգմանված լինեն Նախարարության կողմից վավեր որակավորման վկայական ունեցող թարգմանչի ստորագրությամբ հաստատված հայերեն թարգմանությամբ:

23. Օտարերկրյա պետության քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձ հանդիսացող ծնողների, Հայաստանի Հանրապետության բժշկական հաստատությունում տեղի ունեցած երեխայի ծնունդը գրանցելիս, ծնողներից մեկի անձը հաստատող փաստաթղթի բացակայության (կորստյան) դեպքում, ՔԿԱԳ մարմինը ծնողների մասին տեղեկությունները լրացնում է տվյալ անձանց կողմից տրամադրված ամուսնության վկայականի հիման վրա:

24. Եթե ծնողը (ծնողները) չի հասել ամուսնական տարիքի, ապա երեխայի ծննդի պետական գրանցումը կատարվում է ընդհանուր կարգով: Երեխայի ծննդի պետական գրանցման համար անչափահաս ծնողի օրինական ներկայացուցչի համաձայնությունը չի պահանջվում:

25. Երկվորյակներ և ավելի երեխաներ ծնվելու դեպքում նրանցից յուրաքանչյուրի ծննդի պետական գրանցումը կատարվում է առանձին:

 

Հավելված 3

արդարադատության նախարարի

2020 թվականի մայիսի 13-ի

N 170-Ն հրամանով

 

ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

 

ՀԱՅՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Հայրության որոշման պետական գրանցումը կատարվում է, եթե առկա է այն երեխայի (անձի) ծննդի պետական գրանցումը, որի նկատմամբ ճանաչվելու է հայրությունը:

2. Հայրության որոշման պետական գրանցումը կատարվում է այն դեպքում, երբ երեխայի (անձի) ծննդի պետական գրանցման մեջ՝

ա) «հոր մասին տեղեկությունների լրացման հիմքը» սյունակը լրացված է մոր հայտարարությամբ.

բ) «հոր մասին տեղեկությունների լրացման հիմքը» սյունակը լրացված չէ.

գ) սույն հավելվածի 6-րդ կետով նախատեսված դեպքերում:

3. Եթե երեխայի նկատմամբ հայրության որոշման պետական գրանցման համար համատեղ դիմումը հնարավոր չէ ներկայացնել ՔԿԱԳ մարմին, ապա բացակայող անձի կողմից ներկայացված դիմումում ստորագրությունը պետք է վավերացվի նոտարական կարգով: Այս դեպքում հայրության որոշման պետական գրանցման դիմումի ընդունման ժամանակը հաշվարկվում է վերջին դիմումի տրման ժամանակով։

4. Եթե երեխայի ծննդի պետական գրանցումը և նրա նկատմամբ հայրության որոշման պետական գրանցումը կատարվում է նույն աշխատանքային օրը, ապա ՔԿԱԳ մարմնի կողմից առաջնահերթ կատարվում է ծննդի պետական գրանցումը՝ համաձայն Օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետի, իսկ դրանից հետո հայրության որոշման պետական գրանցումը, եթե առկա չեն Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված հայրության որոշման պետական գրանցումը կատարելը մերժելու հիմքերը:

5. Եթե հայրության որոշման պետական գրանցումը կատարվում է երեխայի ծննդի պետական գրանցման նույն աշխատանքային օրը, ապա մինչև հայրության որոշման պետական գրանցումը ծննդի մասին պետական վկայական չի տրամադրվում:

6. Այն դեպքում, երբ երեխայի մայրը գտնվում է ամուսնության մեջ մեկ այլ անձի հետ, ապա երեխայի նկատմամբ հայրության որոշման պետական գրանցում կարող է կատարվել, բացառապես այն դեպքում երբ՝

ա) երեխայի մայրը և նրա ամուսինը երեխայի ծննդի պետական գրանցման ընթացքում ներկայացրել են դիմում առ այն, որ երեխայի հայրը չի հանդիսանում ամուսնության պետական գրանցման մեջ նշված ամուսինը,

բ) հայրության կամ հայրության ճանաչման փաստի որոշման մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով կամ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքով սահմանված փաստի հաստատման դեպքում,

գ) Խնամակալության և հոգաբարձության մարմնի եզրակացությունը՝ ամուսնության մեջ չգտնվող մոր մահվան, մոր գտնվելու վայրը պարզելու անհնարինության, նրան անգործունակ կամ անհայտ բացակայող ճանաչելու կամ նրան ծնողական իրավունքներից զրկելու մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի դեպքում:

7. Հայրության որոշման պետական գրանցումը չափահաս անձի նկատմամբ, կարող է կատարվել միայն նրա համաձայնությամբ, իսկ եթե նա դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ՝ նրա խնամակալի (հոգաբարձուի) կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի համաձայնությամբ։

8. Սույն հավելվածի 6-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված խնամակալության և հոգաբարձության մարմնի եզրակացությունը չի պահանջվում չափահաս անձի նկատմամբ հայրության որոշման պետական գրանցման համար:

9. Օրենքի 50-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում հայրության որոշման պետական գրանցումը կատարվում է, եթե մինչև երեխայի ծննդի պետական գրանցումը երեխայի հոր կամ մոր կողմից հետ չի վերցվել նախկինում տրված հայրության որոշման պետական գրանցման դիմումը, որը հաստատվում է հրաժարված անձի գրավոր դիմումով:

10. Համատեղ դիմումի կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա կատարված հայրության որոշման պետական գրանցման մեջ երեխայի անունը և ազգանունը որոշվում են երեխայի ծնողների համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում` խնամակալության և հոգաբարձության մարմնի ցուցումով:

11. Օրենքի 51-րդ հոդվածով սահմանված դեպքում հայրության որոշման պետական գրանցման մեջ երեխայի անունը և ազգանունը որոշվում են երեխայի հոր ցուցումով:

12. 10 տարին լրացած երեխայի նկատմամբ հայրության որոշման պետական գրանցման ընթացքում երեխայի անվան փոխումը կարող է կատարվել երեխայի համաձայնությամբ, իսկ ազգանվան փոխումը` հաշվի առնելով երեխայի կարծիքը։

13. Հայրության որոշման պետական գրանցման ակտի մեջ մոր մասին տեղեկությունները նշվում են երեխայի ծննդի պետական գրանցման կամ ծննդի մասին պետական վկայականի հիման վրա, այդ թվում նաև այն դեպքում, երբ մայրը մինչև հայրության որոշման պետական գրանցումը ամուսնացել է և ընդունել ամուսնու ազգանունը: Այդ դեպքում հայրության որոշման գրանցման ակտի «անհրաժեշտ այլ տեղեկություններ» սյունակում նշվում են ամուսնության գրանցման վայրը, ակտի գրանցման համարը, ժամանակը, ինչպես նաև երեխայի մոր այն ազգանունը, որն ամուսնության կապակցությամբ տրվել է նրան:

14. Հայրության որոշման մասին ծնողների համատեղ դիմումում, որը տրվել է այն ժամանակ, երբ երեխայի մայրն ամուսնությունից հետո ընդունել է ամուսնու ազգանունը` մոր ազգանունը նշվում է անձը հաստատող փաստաթղթին համապատասխան, իսկ քաղաքացիական կացության ակտի «անհրաժեշտ այլ տեղեկություններ» բաժնում գրվում է` «(Մոր մինչամուսնական ազգանունը)»:

15. Եթե երեխայի ծնողների ամուսնությունը գրանցվել է նրա ծնվելուց հետո, ապա առանց հայրության որոշման պետական գրանցման երեխայի ծննդի ակտի պետական գրանցման մեջ հոր մասին տեղեկություններ լրացվել չեն կարող:

16. Հայրության որոշման պետական գրանցման հիման վրա ՔԿԱԳ մարմինը նույն աշխատանքային օրը երեխայի ծննդի պետական գրանցման մեջ կատարում է հայրության որոշման պետական գրանցման հիման վրա փոփոխությունները՝ տրամադրելով ծննդի մասին նոր պետական վկայական: Մինչև հայրության որոշման պետական գրանցումը երեխայի ծննդի մասին տրամադրված պետական վկայականը էլեկտրոնային կառավարման համակարգում չեղյալ է համարվում:

17. Եթե երեխայի ծննդի պետական գրանցումը կատարվել է մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը այլ ՔԿԱԳ մարմնի կողմից և այն թվայնացված չէ էլեկտրոնային կառավարման համակարգում, ապա ծննդի պետական գրանցման ակտի թվայնացման աշխատանքները կազմակերպվում են սույն Հրամանի 1-ին Հավելվածում սահմանված կարգով:

18. Եթե երեխայի ծննդի ակտի պետական գրանցումը կատարվել է այլ ՔԿԱԳ մարմնի կողմից, ապա հայրության որոշման պետական գրանցում կատարած ՔԿԱԳ մարմինը նույն աշխատանքային օրը՝ հայրության որոշման պետական գրանցման մասին հաղորդում է կատարում ծննդի պետական գրանցում կատարած ՔԿԱԳ մարմին և Արխիվ՝ փաստաթղթային արխիվում համապատասխան փոփոխություններ կատարելու նպատակով:

19. Ստացված հաղորդման հիման վրա ՔԿԱԳ մարմինը և Արխիվը երկու աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան փոփոխություններ են կատարում ծննդի մասին պետական գրանցման ակտի մեջ:

20. Հայրության որոշման պետական գրանցման կապակցությամբ զինապարտների կամ զորակոչիկների ազգանվան կամ հայրանվան փոխման դեպքում ՔԿԱԳ մարմինը մեկշաբաթյա ժամկետում այդ մասին հաղորդում է ուղարկում զինվորական կոմիսարիատ, որտեղ զինապարտը կամ զորակոչիկը գտնվում է հաշվառման մեջ և վերջինիս բնակության վայրի ոստիկանության համապատասխան բաժին:

21. Անչափահաս երեխաների նկատմամբ հայրության որոշման պետական գրանցման մասին հաղորդվում է երեխայի մոր բնակության վայրի բնակչության սոցիալական պաշտպանության մարմնին:

22. Երեխայի նկատմամբ հայր ճանաչվող անձի ամուսնությունը հայրության որոշման գրանցման մերժման հիմք չէ: Հայրության որոշման պետական գրանցման ընթացքում երեխայի հայր ճանաչվող անձի ամուսնության վկայականի մեջ նշված կնոջ համաձայնությունը չի պահանջվում:

23. Եթե ծննդի պետական գրանցումը, որի հիման վրա պետք է կատարվի հայրության որոշման պետական գրանցումը չի հայտնաբերվում ՔԿԱԳ մարմինների և Արխիվի փաստաթղթային արխիվում և էլեկտրոնային միասնական գրանցամատյանում, ապա հայրության որոշման պետական գրանցումը հնարավոր է կատարել միայն «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքով սահմանված կարգով ծննդի պետական գրանցումը վերականգնելուց հետո:

24. Եթե երեխայի ծնունդը գրանցված է օտարերկրյա պետության կողմից, ապա ՔԿԱԳ մարմինը կարող է ընդունել հայրության որոշման պետական գրանցման դիմումը միայն այն դեպքում, երբ ծնունդը գրանցող պետության հետ առկա է սույն ոլորտը կանոնակարգով երկկողմանի կամ բազմակողմ ՀՀ միջազգային պայմանագիր:

25. Սույն հավելվածի 24-րդ կետով սահմանված դեպքում հայրության որոշման պետական գրանցման կատարման դիմումի ժամկետը կասեցվում է մինչև հարցմանն ի պատասխան օտարերկրյա պետության ՔԿԱԳ մարմնի կողմից ծննդի պետական գրանցման ակտը ստանալը: Ծննդի պետական գրանցման ակտի ստացման նույն աշխատանքային օրը ՔԿԱԳ մարմինը պարտավոր է կատարել հայրության որոշման պետական գրանցումը և ուղարկել համապատասխան հաղորդումը օտարերկրյա պետության ՔԿԱԳ տարածքային մարմին՝ ծննդի վկայական ստանալու պահանջով:

26. Օտարերկրյա պետության ՔԿԱԳ տարածքային մարմնի կողմից ուղարկված ծննդի մասին վկայականը ստանալու դեպքում ՔԿԱԳ մարմինը այն երկու աշխատանքային օրվա ընթացքում փոստային ծառայության միջոցով ուղարկում է դիմումում նշված հասցեով կամ տրամադրում դիմողին՝ առձեռն:

27. Հայրության որոշման գրանցման համար հիմք հանդիսացող օտար լեզվով փաստաթղթերը (անձը հաստատող փաստաթուղթ, դիմում և այլն) պետք է հայերեն թարգմանված և նոտարական կարգով վավերացված լինեն։

28. Հայրության որոշման պետական գրանցումը չեղյալ համարելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ՔԿԱԳ մարմնի կողմից հայրության որոշման պետական գրանցումը չեղյալ է համարվում:

29. Հայրության որոշման գրանցումը չեղյալ համարելու մասին դիմումը ընդունող ՔԿԱԳ մարմինը նույն աշխատանքային օրը հաղորդում է կատարում ծննդի պետական գրանցում կատարած ՔԿԱԳ մարմին և Արխիվ՝ փաստաթղթային արխիվում համապատասխան փոփոխություններ կատարելու նպատակով:

30. Հաղորդումը ստացած ՔԿԱԳ մարմինը և Արխիվը նույն աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան նշում են կատարում ծննդի ակտի պետական գրանցման մեջ` վերականգնելով նախկին տեղեկությունները:

31. Սույն հավելվածի 28-րդ կետով սահմանված դեպքում հայրության որոշման պետական գրանցման հիման վրա տրամադրված ծննդի մասին և հայրության որոշման մասին պետական գրանցման վկայականները էլեկտրոնային կառավարման համակարգում չեղյալ են համարվում:

32. Հայրության որոշման գրանցումը չեղյալ համարելու դեպքում նախկինում երեխայի հայր գրանցված անձին, երեխայի ծննդի մասին վկայականի կրկնօրինակ և տեղեկանք չի տրամադրվում:

33. Հայրության որոշման պետական գրանցումը կատարվում է անհրաժեշտ փաստաթղթերը ՔԿԱԳ մարմին ներկայացնելու նույն աշխատանքային օրը, եթե ծննդի պետական գրանցումը առկա է էլեկտրոնային միասնական գրանցամատյանում կամ եթե դիմումը ներկայացվել է ծնունդը գրանցած ՔԿԱԳ մարմին:

 

Հավելված 4

արդարադատության նախարարի

2020 թվականի մայիսի 13-ի

N 170-Ն հրամանով

 

ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

 

ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Ամուսնության պետական գրանցման դիմումը ընդունելիս ՔԿԱԳ մարմնի աշխատակիցը ամուսնություն գրանցել ցանկացող անձանց (այսուհետ՝ Դիմողներ) պարզաբանում է ամուսնության պետական գրանցման կարգը և դրա ժամկետները, նրանց իրավունքները և պարտականությունները:

2. Դիմողները պարտադիր նախազգուշացվում են ամուսնությանն արգելք հանդիսացող հանգամանքները թաքցնելու և ՔԿԱԳ մարմիններին սուտ տեղեկություններ հայտնելու համար պատասխանատվության մասին:

3. ՔԿԱԳ մարմինը մինչև դիմումի լրացումը ստուգում է Դիմողների վերաբերյալ ՀՀ բնակչության պետական ռեգիստրի և միասնական էլեկտրոնային գրանցամատյանի անձի վերաբերյալ միասնական քաղվածքում նշված տեղեկությունները՝ կրկնակի ամուսնության պետական գրանցում կատարելը բացառելու նպատակով:

4. Օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի «բ» կետով սահմանված փաստաթղթեր են համարվում՝ ամուսնալուծության վկայականը կամ ամուսնու մահվան վկայականը կամ ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը կամ օտարերկրյա պետության դատարանի կողմից կայացված ամուսնալուծության մասին օրինական ուժի մեջ մտած վճիռը կամ ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը, որը պարունակում է դիմողի նախորդ ամուսնության դադարման վերաբերյալ տեղեկատվությունը կամ Հայաստանի Հանրապետության դատարանի կողմից կայացված ամուսնալուծության մասին օրինական ուժի մեջ մտած վճիռը, որով լուծվել է օտարերկրյա պետությունում գրանցնված ամուսնությունը:

5. Եթե որպես նախկին ամուսնության դադարման հիմք ներկայացվում է կնոջ կամ ամուսնու մահվան մասին պետական վկայականը, ապա ՔԿԱԳ մարմին է ներկայացվում նաև ամուսնության մասին պետական վկայականը կամ դրա պատճենը: Բնօրինակ վկայականը լուսապատճենահանվում է, ներբեռնվում էլեկտրոնային կառավարման համակարգ և վերադարձվում դիմողին:

6. 2014 թվականի սեպտեմբերի 30-ից հետո Հայաստանի Հանրապետությունում կատարված ամուսնալուծության կամ մահվան պետական գրանցման դեպքում դիմողներից ամուսնալուծության կամ մահվան մասին պետական վկայականներ չեն պահանջվում:

7. Օտարերկրյա քաղաքացիները, օտարերկրյա պետությունում բնակվող ՀՀ քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք Հայաստանի Հանրապետությունում ամուսնություն գրանցելիս ներկայացնում են անձնագիրը և տվյալ պետության իրավասու մարմինների կամ դեսպանության (հյուպատոսության) կողմից տրված ընտանեկան կարգավիճակը հաստատող փաստաթուղթ (տեղեկանք, թույլտվություն, հայտարարություն և այլն)՝ վավերացված ապոստիլով կամ լեգալիզացիայի միջոցով, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով:

8. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացիները քաղաքացիության պատկանելության պետությունում արտակարգ իրավիճակի կամ ռազմական դրության կամ պատերազմի դեպքում, ինչպես նաև այն դեպքում երբ չեն կարող ներկայացնել քաղաքացիության պատկանելության պետության կողմից տրամադրվող ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ՝ Հայաստանի Հանրապետությունում ամուսնության պետական գրանցման համար անձնագրին կից ներկայացնում են հայտարարություն՝ օտարերկրյա պետությունում ամուսնության գրանցման բացակայության մասին: Հայտարարությունը ներկայացվում է առանց նոտարական կարգով հաստատման:

9. Օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից տրված փաստաթուղթը (փաստաթղթերը) և քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի անձը հաստատող փաստաթուղթը ներկայացվում են հայերեն թարգմանված և նոտարական կարգով վավերացված:

10. Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիները ամուսնության պետական գրանցման ընթացքում ճանաչվում են միայն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Օրենքի 26-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված թույլտվությունը տրամադրվում է բացառապես այն Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիներին, ովքեր մշտապես կամ առավելապես բնակվում են օտարերկրյա պետությունում:

11. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամուսնությունը միմյանց և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ գրանցվում է Արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության պետի թույլտվության հիման վրա՝ Դիմողների կողմից ընտրված ՔԿԱԳ մարմնում։

12. Եթե ամուսնության պետական գրանցման համար համատեղ դիմումը հնարավոր չէ ներկայացնել, ապա բացակայող Դիմողի ամուսնանալու մասին կամքի արտահայտությունը կարող է ձևակերպվել առանձին դիմումով: Այս դեպքում ՔԿԱԳ մարմնի կողմից տրամադրվում է դիմումի ձև, (կարող է ներբեռնվել նաև Արդարադատության նախարարության պաշտոնական կայքից), որը լրացվում է բացակայող դիմողի կողմից, ստորագրվում և ներկայացվում ՔԿԱԳ մարմին: Ամուսնության պետական գրանցման դիմումի ընդունման ժամանակը հաշվարկվում է վերջին դիմումի տրման ժամանակով։ Սույն կետով սահմանված դիմում ներկայացնելու դեպքում Դիմողի ստորագրության վավերացումը նոտարական կարգով չի պահանջվում:

13. Ամուսնության պետական գրանցումը կատարվում է ոչ շուտ, քան համատեղ դիմում տալու օրվանից 10 օրացույցային օր հետո, բացառությամբ Օրենքի 27-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

14. Օրենքի 27-րդ հոդվածով նախատեսված դեպքում ՔԿԱԳ մարմինը պարտավոր է կատարել ամուսնության պետական գրանցումը՝ Դիմողների կողմից ընտրված օրը:

15. Եթե ամուսնության պետական գրանցման օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա ժամկետը լրանալու օրը համարվում է դրան հաջորդող աշխատանքային օրը:

16. Ամուսնության օրը որոշվում է Դիմողների համատեղ ցանկությամբ:

17. Նշանակված ամուսնության պետական գրանցման օրը փոխելու մասին Դիմողների կողմից ներկայացված դիմումը ենթակա է բավարարման, եթե չի լրացել ամուսնության պետական գրանցման դիմումի ժամկետի ուժը:

18. Ամուսնության պետական գրանցման դիմումի ժամկետը լրանալուց հետո ամուսնության պետական գրանցման համար լրացվում է նոր դիմում:

19. Առանձին դեպքերում ամուսնության պետական գրանցումը կազմակերպվում է հիվանդանոցում, տանը կամ այլ վայրերում` Դիմողների ներկայությամբ:

20. Ամուսնության կապակցությամբ զինապարտի կամ զորակոչիկի ազգանունը փոխելու դեպքում ՔԿԱԳ մարմինը մեկշաբաթյա ժամկետում այդ մասին հայտնում է զինվորական կոմիսարիատ, որտեղ հաշվառման է վերցված զինապարտը կամ զորակոչիկը:

21. Ամուսնության պետական գրանցումը անվավեր կարող է ճանաչվել միայն դատական կարգով:

22. Ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին օրինական ուժի մեջ մտած դատարանի վճիռը (քաղվածքը) ստանալու դեպքում ՔԿԱԳ մարմինը չեղյալ է համարում ամուսնության պետական գրանցումը նույն աշխատանքային օրը՝ առանց լրացուցիչ դիմումի: Ամուսնության պետական գրանցման ակտի «Անհրաժեշտ այլ տեղեկություններ» սյունակում կատարվում է չեղյալ համարվելու դատարանի վճռի տվյալների նշումը:

23. Ստացված հաղորդման հիման վրա ամուսնությունը գրանցող ՔԿԱԳ մարմինը և Արխիվը երկու աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան նշումներ են կատարում ամուսնության պետական գրանցման ակտի մեջ:

24. Չեղյալ ճանաչված ամուսնության պետական գրանցման մասին վկայականի կրկնօրինակներ չեն տրամադրվում: Իսկ տրված ամուսնության մասին պետական վկայականները կամ դրանց կրկնօրինակները էլեկտրոնային կառավարման համակարգում չեղյալ են համարվում:

25. Անհրաժեշտության դեպքում դատարանի և իրավասու այլ մարմինների հարցումներին ի պատասխան ուղարկվում է անվավեր ճանաչված ակտի գրանցման պատճենը՝ նշելով ամուսնությունն անվավեր ճանաչված լինելու մասին:

 

Հավելված 5

արդարադատության նախարարի

2020 թվականի մայիսի 13-ի

N 170-Ն հրամանով

 

ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

 

ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Ամուսնալուծության պետական գրանցման դիմում ՔԿԱԳ մարմին կարող է ներկայացվել, եթե՝

1) ամուսնությունը, որը լուծվում է, գրանցվել է Հայաստանի Հանրապետության ՔԿԱԳ մարմիններում կամ Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկներում.

2) ամուսնությունը, որը լուծվում է, գրանցվել է օտարերկրյա պետության կողմից և Հայաստանի Հանրապետությունը իրավասու է լուծել այդ ամուսնությունը՝ երկկողմանի կամ բազմակողմ միջազգային պայմանագրի հիման վրա:

2. Ամուսնալուծության պետական գրանցման դիմումը ընդունելիս ՔԿԱԳ մարմնի աշխատակիցը ամուսնալուծություն գրանցել ցանկացող անձանց (այսուհետ՝ ամուսնալուծվող) պարզաբանում է ամուսնալուծության պետական գրանցման կարգը և դրա ժամկետները, նրանց իրավունքները և պարտականությունները:

3. ՔԿԱԳ մարմինը մինչև դիմումի լրացումը ստուգում է նրանց վերաբերյալ ՀՀ բնակչության պետական ռեգիստրի և միասնական էլեկտրոնային գրանցամատյանի անձի վերաբերյալ միասնական քաղվածքում նշված տեղեկությունները՝ կրկնակի ամուսնալուծության պետական գրանցման կատարումը բացառելու նպատակով:

4. Ամուսնության պետական վկայականը ՔԿԱԳ մարմին չներկայացնելը հիմք չէ ամուսնալուծության պետական գրանցման դիմումը մերժելու համար:

5. Ամուսնալուծության պետական գրանցման համատեղ դիմումի առկայության դեպքում ամուսնալուծության պետական գրանցումը կատարվում է ոչ շուտ, քան համատեղ դիմում տալու օրվանից մեկ ամիս հետո:

6. Համատեղ է համարվում նաև այն դիմումը, որը լրացվում է ամուսնալուծվողների կողմից տարբեր աշխատանքային ժամերի կամ տարբեր աշխատանքային օրերի ընթացքում:

7. Ամուսնալուծության պետական գրանցման դիմումի ընդունման ժամանակը հաշվարկվում է վերջին դիմումի տրման ժամանակով։

8. Ամուսնալուծության օրը որոշվում է ամուսնալուծվողների համատեղ ցանկությամբ:

9. Նշանակված ամուսնալուծության պետական գրանցման օրը փոխելու մասին ամուսնալուծվողների կողմից ներկայացված դիմումը ենթակա է բավարարման, եթե չի լրացել ամուսնալուծության պետական գրանցման դիմումի ժամկետը:

10. Ամուսնալուծության պետական գրանցման դիմումը ուժի մեջ է այն ներկայացնելուց հետո 3 ամիս:

11. Ամուսնալուծության պետական գրանցման դիմումի ժամկետի ավարտից հետո ամուսնալուծության պետական գրանցման համար անհրաժեշտ է ներկայացնել նոր դիմում՝ ընդհանուր կարգով:

12. Ամուսնալուծության պետական գրանցման համատեղ դիմում ներկայացնելու անհնարինության դեպքում բացակայող ամուսնալուծվողի ամուսնալուծության պետական գրանցում կատարելու մասին կամքի արտահայտությունը կարող է ձևակերպվել առանձին դիմումով: Դիմումը լրացվում է բացակայող ամուսնալուծվողի կողմից, ստորագրվում և ներկայացվում ՔԿԱԳ մարմին: Սույն կետով սահմանված դիմում ներկայացնելու դեպքում ամուսնալուծվողի ստորագրությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով:

13. Սույն հավելվածի 12-րդ կետով սահմանված դիմումի ներկայացման համար լիազորագիր չի պահանջում:

14. Եթե բացակայող ամուսնալուծվողի ներկայացված դիմումը չի համապատասխանում ամուսնալուծության դիմումի հաստատված ձևանմուշին, սակայն իր մեջ պարունակում է դիմումով նախատեսված անհրաժեշտ տեղեկատվությունը, մասնավորապես՝ անձնագրային տվյալները, ազգանվան փոխման հետ կապված հայտարարությունը, էլեկտրոնային փոստի հասցեն և իր ամուսնալուծվելու կամքի արտահայտությունը, ապա ամուսնալուծության պետական գրանցման դիմումի մյուս սյունակները կարող են չլրացվել կամ լրացվում են դիմում ներկայացնող ամուսնալուծվողի տրված տեղեկատվության հիման վրա:

15. Ամուսնալուծության պետական գրանցման ժամանակ ամուսնալուծվողներից մեկի բացակայության դեպքում ՔԿԱԳ մարմին է ներկայացվում իր բացակայությամբ ամուսնալուծությունը գրանցելու մասին նրա համաձայնությունը: Սույն կետով սահմանված համաձայնություն ներկայացնելու դեպքում ամուսնալուծվողի ստորագրությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով:

16. Պահանջի դեպքում ՔԿԱԳ մարմնի դիմումը ընդունող աշխատակիցը պարտավոր է տրամադրել ամուսնալուծության պետական գրանցման մասին դիմումի ձևանմուշը (կարող է ներբեռնվել նաև ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքից) և գրավոր տեղեկացնել՝ ամուսնության պետական գրանցման ժամանակ ամուսնալուծվողներից մեկի բացակայության դեպքում ներկայացվող փաստաթղթերի ցանկը և ժամկետները:

17. Ամուսնալուծության պետական գրանցման ժամանակ ամուսնալուծվողներից մեկի բացակայության դեպքում բացի վերը նշված հայտարարությունից այլ փաստաթուղթ կամ դիմում չի պահանջվում:

18. Ամուսնալուծվողի բացակայության վերաբերյալ հիմնավոր պատճառների ներկայացում չի պահանջվում:

19. Ամուսնալուծության պետական գրանցումը դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ՔԿԱԳ մարմնի կողմից կատարվում է ինչպես ամուսիններից երկուսի, այնպես էլ մեկի դիմումի համաձայն:

20. Դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված անձի ամուսնալուծության պետական գրանցման դիմումը կարող է ներկայացնել նրա օրինական ներկայացուցիչը:

21. Ըստ ամուսնալուծության պետական գրանցման հիմքերի` ամուսնալուծության պետական գրանցման դիմումին կցվում են՝

1) դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը կամ դրա քաղվածքը` ամուսիններից մեկին անհայտ բացակայող ճանաչելու մասին,

2) դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը կամ դրա քաղվածքը` ամուսիններից մեկին անգործունակ ճանաչելու մասին,

3) դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը կամ դրա քաղվածքը` ամուսիններից մեկին ոչ պակաս, քան երեք տարի ժամանակով ազատազրկման դատապարտելու վերաբերյալ,

4) առկայության դեպքում՝ ամուսնության պետական գրանցման մասին վկայականը,

5) անգործունակ անձի նկատմամբ օրինական ներկայացուցիչ նշանակվելու մասին իրավասու մարմնի որոշման պատճեն,

6) ամուսնալուծության մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի պատճեն:

22. Ամուսնալուծության դիմում ներկայացնող անձը դիմում ընդունող ՔԿԱԳ մարմնին է ներկայացնում դատապարտված ամուսնու, անգործունակ ամուսնու խնամակալի բնակության վայրի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհայտ բացակայող ճանաչված ամուսնու գույքի նկատմամբ նշանակված խնամակալի բնակության վայրի վերաբերյալ տեղեկություններ, եթե տիրապետում է նման տեղեկատվությանը:

23. Դատապարտված ամուսնու, անգործունակ ամուսնու խնամակալի բնակության վայրի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհայտ բացակայող ճանաչված ամուսնու գույքի նկատմամբ նշանակված խնամակալի բնակության վայրի վերաբերյալ տեղեկություններ չհայտնելը ամուսնալուծության պետական գրանցման դիմումը մերժելու հիմք չի հանդիսանում:

24. ՔԿԱԳ այն մարմինը, որն ընդունում է ամուսնալուծության մասին դիմումը, եռօրյա ժամկետում պատիժը կրող ամուսնուն, անհայտ բացակայող կամ անգործունակ ճանաչված ամուսնու գույքի հավատարմագրային կառավարչին կամ խնամակալին, իսկ նրանց բացակայության դեպքում խնամակալության և հոգաբարձության մարմնին տեղյակ է պահում ամուսնալուծության մասին ստացված դիմումի, ամուսնալուծության պետական գրանցման ժամանակի և ամուսնալուծությունից հետո ընտրված ազգանվան մասին:

25. Եթե ամուսնալուծության պետական գրանցման դիմումը ներկայացվում է Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիման վրա, ապա ամուսնալուծության պետական գրանցումը կատարվում է ամուսնալուծվողի կողմից ընտրված օրը, բայց ոչ շուտ քան դիմումը ընդունելուց 3 օր հետո:

26. Եթե ամուսնալուծության պետական գրանցման դիմումը ներկայացվում է Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի հիման վրա, և եթե ամուսնության պետական գրանցումը առկա է էլեկտրոնային միասնական գրանցամատյանում կամ եթե դիմումը ներկայացվել է ամուսնությունը գրանցած ՔԿԱԳ մարմին, ապա ամուսնալուծության պետական գրանցումը կատարվում է նույն աշխատանքային օրը: Սույն կետով սահմանված ժամկետում ամուսնալուծության պետական գրանցումը կատարվում է, եթե չի առաջանում սույն Կարգով նախատեսված ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ամուսնության պետական գրանցման ակտի մեջ ուղղում, փոփոխություն կամ լրացում կատարելու անհրաժեշտություն:

27. Եթե ամուսնալուծության պետական գրանցման դիմումը ներկայացվում է Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կամ «գ» կետերի հիման վրա և ամուսնության պետական գրանցումը առկա չէ էլեկտրոնային միասնական գրանցամատյանում կամ եթե դիմումը ներկայացվել է ամուսնության գրանցումը չկատարած ՔԿԱԳ մարմին, ապա ամուսնության պետական գրանցման ակտի թվայնացման աշխատանքները կազմակերպվում են սույն Հրամանով հաստատված Հավելված N 1-ով սահմանված կարգով:

28. Սույն հավելվածի 31-րդ կետով նախատեսված դեպքում ամուսնալուծության պետական գրանցումը կատարվում է ամուսնության պետական գրանցման ակտի թվայնացման աշխատանքների մասին հաղորդումը ստանալու նույն աշխատանքային օրը, եթե սույն հրամանով այլ ժամկետ սահմանված չէ կամ այլ օր չի ընտրվել ամուսնալուծվողի կողմից:

29. Եթե դատապարտված ամուսինը դիմում է ամուսնալուծության մասին պետական վկայական ստանալու համար, ապա ՔԿԱԳ մարմնի կողմից սահմանված կարգով ամուսնալուծության պետական գրանցումը կատարելուց հետո դատապարտյալի ամուսնալուծության մասին պետական վկայականն ուղարկվում է դատապարտյալի www.e-citizen.am կայքի պաշտոնական, ինչպես նաև դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեներին, դրանց բացակայության դեպքում՝ համապատասխան քրեակատարողական հիմնարկի վարչակազմի էլեկտրոնային հասցեին՝ այն արտատպելու և դատապարտյալին հանձնելու համար։

30. Եթե ամուսնալուծություն է գրանցվել անհայտ բացակայող ճանաչված անձի հետ, ապա նրա ի հայտ գալու և նրան անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը վերացնելու դեպքում, ամուսնալուծվածը կարող է դիմել ՔԿԱԳ տարածքային մարմին` ամուսնալուծության մասին պետական վկայական ստանալու նպատակով։

Սույն կետով սահմանված դեպքում ՔԿԱԳ մարմին է ներկայացվում անձին անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ դատական ակտը վերացնելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը կամ պատճեն, որը էլեկտրոնային կառավարման համակարգ լուսապատճենահանման միջոցով մուտքագրելուց հետո վերադարձվում է դիմողին:

31. Եթե ամուսնալուծության պետական գրանցումը կատարվում է ամուսիններից մեկի դիմումի հիման վրա և մյուս կողմի գործող անձնական տվյալները և էլեկտրոնային հասցեների վերաբերյալ տեղեկատվությունը առկա է ՀՀ բնակչության պետական ռեգիստրում և դրանք համապատասխանում են ամուսնության պետական գրանցման ակտին, ապա մյուս կողմի տվյալները ամուսնալուծության պետական գրանցման ակտում լրացվում են ինքնաշխատ էլեկտրոնային կառավարման համակարգում, իսկ ամուսնալուծության մասին պետական վկայականը ամուսնալուծության մյուս կողմ հանդիսացող անձին ուղարկվում են՝ www.e-citizen.am կայքի պաշտոնական, ինչպես նաև դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներին:

32. Եթե ամուսնալուծության պետական գրանցումը կատարվում է ամուսիններից մեկի դիմումի հիման վրա և դիմողը չի տիրապետում մյուս կողմի գործող անձնական տվյալներին և էլեկտրոնային հասցեի վերաբերյալ տեղեկատվությանը և դրանք հնարավոր չէ բեռնել ՀՀ բնակչության պետական ռեգիստրից, ապա մյուս կողմի տվյալները ամուսնալուծության պետական գրանցման ակտում լրացվում են համաձայն ամուսնության պետական գրանցման ակտի:

33. Սույն հավելվածի 32-րդ կետով սահմանված դեպքում, ամուսնալուծված մյուս կողմը ամուսնալուծության վկայական կարող է ստանալ ամուսնալուծության պետական գրանցման ակտում իրեն վերաբերող տեղեկությունները լրացնելու համար դիմում ներկայացնելու նույն աշխատանքային օրը, եթե այլ բան նախատեսված չէ սույն հավելվածով:

34. Եթե ամուսնության պետական գրանցումը, որը ենթակա է լուծման, չի հայտնաբերվում ՔԿԱԳ մարմինների փաստաթղթային արխիվում և էլեկտրոնային միասնական գրանցամատյանում, ապա ամուսնալուծության պետական գրանցումը հնարավոր է կատարել միայն Օրենքով սահմանված կարգով ամուսնության պետական գրանցումը վերականգնելուց հետո:

35. Այն դեպքում, երբ ամուսնության պետական գրանցման ժամանակ ամուսնալուծվողը փոխել է ազգանունը, սակայն անձը հաստատող փաստաթուղթը հետագայում չի փոխել, ամուսնալուծության պետական գրանցում կատարող ՔԿԱԳ մարմինը իրավունք չունի մերժելու ամուսնալուծության պետական գրանցման մասին դիմումը: Ամուսնալուծության պետական գրանցման ակտի մեջ ամուսնալուծվողի «Ազգանունը մինչև ամուսնալուծվելը» սյունակում նշվում է ամուսնության ակտի գրանցման «Ազգանունն ամուսնությունից հետո» սյունակում նշված ազգանվանը համապատասխան։ «Ազգանունն ամուսնալուծությունից հետո» սյունակում դիմողի ազգանունը նշվում է անձը հաստատող փաստաթղթում նշված ազգանվանը համապատասխան։

36. Այն դեպքում երբ ամուսնության պետական գրանցման ակտի մեջ նշված տեղեկությունները չեն համապատասխանում ամուսնալուծվող անձանց գործող անձնագրային տվյալներին, ապա ամուսնալուծության պետական գրանցման դիմումի ժամկետը կասեցվում է, մինչև ամուսնության պետական գրանցման ակտում ՀՀ օրենսդրությամբ սահմանված ուղղում, փոփոխություն կամ լրացում կատարելը: Այս դեպքում ամուսնալուծության պետական գրանցման դիմումի ժամկետը վերսկսվում է ամուսնության ակտում համապատասխան ուղղումը, փոփոխությունը կամ լրացումը հաստատելու օրվանից:

37. Եթե ամուսնության պետական գրանցումը կատարված է ՀՀ միջազգային պայմանագրի կողմ հանդիսացող օտարերկրյա պետության կողմից, ապա ՔԿԱԳ մարմինը պարտավոր է դիմումը մուտքագրելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում հարցում կատարել օտարերկրյա պետության ՔԿԱԳ մարմին՝ ամուսնության պետական գրանցման ակտը ստանալու համար:

38. Սույն հավելվածի 37-րդ կետով սահմանված դեպքում՝ ամուսնալուծության պետական գրանցման կատարման դիմումի ժամկետը կասեցվում է մինչև հարցմանն ի պատասխան օտարերկրյա պետության ՔԿԱԳ մարմնի կողմից ամուսնության պետական գրանցման ակտը ստանալը: Ամուսնության պետական գրանցման ակտի ստացման օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում (համատեղ դիմումի հիման վրա կատարվող ամուսնալուծության դեպքում, եթե չի լրացել մեկ ամսյա ժամկետը)՝ ՔԿԱԳ մարմինը պարտավոր է կատարել ամուսնալուծության պետական գրանցումը, եթե ամուսնալուծվողների կողմից այլ օր չի ընտրվել և նույն աշխատանքային օրը ուղարկել համապատասխան հաղորդումը օտարերկրյա պետության ՔԿԱԳ տարածքային մարմին՝ ամուսնալուծության վկայական ստանալու պահանջով, եթե այլ բան նախատեսված չէ տվյալ պետության օրենսդրությամբ:

39. Օտարերկրյա պետության ՔԿԱԳ տարածքային մարմնի կողմից ուղարկված ամուսնալուծության մասին վկայականը ստանալու դեպքում ՔԿԱԳ մարմինը այն երկու աշխատանքային օրվա ընթացքում փոստային ծառայության միջոցով ուղարկում է ամուսնալուծված անձի դիմումում նշված հասցեով կամ տրամադրում է դիմողին՝ առձեռն:

40. Եթե ամուսնալուծության պետական գրանցման համար դիմումը ներկայացվում է ամուսնալուծվողներից մեկը և ամուսնալուծության պետական գրանցման կատարման վարույթի ընթացքում հայտնաբերվում է արդեն իսկ գրանցված ամուսնալուծություն և անձը հաստատող տվյալների հետ առկա չեն անհամապատասխանություններ, ապա ՔԿԱԳ մարմինը պարտավոր է վարույթը ավարտել՝ ուղարկելով ամուսնալուծության մասին պետական վկայականը ամուսնալուծվողի www.e-citizen.am կայքի պաշտոնական, ինչպես նաև դիմումում տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներին, եթե սույն հավելվածով այլ բան նախատեսված չէ:

41. Եթե ամուսնության պետական գրանցումը կատարվել է այլ ՔԿԱԳ մարմնի կողմից, ապա ամուսնալուծության պետական գրանցում կատարած ՔԿԱԳ մարմինը նույն աշխատանքային օրը՝ ամուսնալուծության պետական գրանցման մասին հաղորդում է ամուսնության պետական գրանցում կատարած ՔԿԱԳ մարմին և Արխիվ՝ փաստաթղթային արխիվում ամուսնալուծության նշումներ կատարելու նպատակով:

42. Ստացված հաղորդման հիման վրա ՔԿԱԳ մարմինը և Արխիվը երկու աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան ամուսնալուծության նշումներ են կատարում ամուսնության պետական գրանցման ակտի մեջ:

43. Ամուսնալուծության պետական գրանցման կապակցությամբ զինապարտի կամ զորակոչիկի ազգանունը փոխվելու դեպքում Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, ՔԿԱԳ մարմինը մեկշաբաթյա ժամկետում այդ մասին հայտնում է զինվորական կոմիսարիատին, որտեղ զինվորական հաշվառման մեջ է գտնվում զինապարտը կամ զորակոչիկը:

44. Ամուսնալուծության պետական գրանցումը վերացնելու մասին օրինական ուժի մեջ մտած դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ (քաղվածքը) ստանալու դեպքում՝ ՔԿԱԳ մարմինը չեղյալ է համարում ամուսնալուծության պետական գրանցումը առանց լրացուցիչ դիմումի՝ վճիռը ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում: Ամուսնալուծության պետական գրանցման ակտի «Անհրաժեշտ այլ տեղեկություններ» սյունակում կատարվում է չեղյալ համարվելու համար հիմք հանդիսացած՝ դատարանի վճռի տվյալների նշումը:

45. Ամուսնալուծության պետական գրանցումը չեղյալ համարելու նույն աշխատանքային օրը վճիռը ստացած ՔԿԱԳ մարմինը հաղորդում է կատարում ամուսնալուծության պետական գրանցումը կատարած ՔԿԱԳ մարմին և Արխիվ՝ փաստաթղթային արխիվում համապատասխան նշումներ կատարելու նպատակով:

46. Ստացված հաղորդման հիման վրա ՔԿԱԳ մարմինը և Արխիվը երկու աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան նշումներ են կատարում ամուսնալուծության պետական գրանցման ակտի մեջ:

47. Չեղյալ ճանաչված ամուսնալուծության պետական գրանցման մասին վկայականի կրկնօրինակներ չեն տրամադրվում: Իսկ տրված ամուսնալուծության մասին պետական վկայականները կամ դրանց կրկնօրինակները էլեկտրոնային կառավարման համակարգում չեղյալ են համարվում:

48. Անհրաժեշտության դեպքում դատարանի և իրավասու այլ մարմինների հարցումներին ի պատասխան ուղարկվում է անվավեր ճանաչված ակտի գրանցման պատճենը, ամուսնալուծության անվավեր ճանաչված լինելու մասին նշումով:

49. Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունում կատարված ամուսնալուծությունը լուծվում է օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից, ամուսնության պետական գրանցման դադարման հիմքը ՔԿԱԳ մարմին ներկայացնելու դեպքում ամուսնության պետական գրանցման ակտի մեջ նույն աշխատանքային օրը կատարվում է ամուսնության դադարման հիմքի տվյալների մասին նշում և ամուսնալուծված անձին ուղարկվում «ամուսնալուծության գրանցման մասին նշումով» ամուսնության պետական գրանցման մասին տեղեկանքը www.e-citizen.am կայքի պաշտոնական, ինչպես նաև դիմումում տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներին, եթե սույն հավելվածով այլ բան նախատեսված չէ:

50. Ամուսնալուծության պետական գրանցման համար անհրաժեշտ օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից տրված փաստաթուղթը (փաստաթղթերը) և քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի անձը հաստատող փաստաթուղթը թարգմանվում են հայերեն և վավերացվում նոտարական կարգով։

51. Ամուսնալուծության պետական գրանցում կատարելուց հետո էլեկտրոնային կառավարման համակարգում լուծված ամուսնության մասին առկա պետական վկայականները, դրանց կրկնօրինակները չեղյալ են հայտարարվում:

 

Հավելված 6

արդարադատության նախարարի

2020 թվականի մայիսի 13-ի

N 170-Ն հրամանով

 

ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

 

ՈՐԴԵԳՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Որդեգրման պետական գրանցումը կատարվում է անկախ որդեգրման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցած ժամկետից կամ որդեգրվողի տարիքից: Որդեգրման պետական գրանցումը կատարվում է, եթե առկա չեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված` որդեգրման պետական գրանցումը մերժելու հիմքերը:

2. Մինչև «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքն (այսուհետ՝ Օրենք) ուժի մեջ մտնելը (2005 թ-ի ապրիլի 19-ը) որդեգրումը կատարվում էր խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշման, իսկ Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա (այսուհետ՝ իրավասու մարմնի որոշմամբ)։

Սույն հավելվածում որդեգրման մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռին վերաբերող դրույթները կիրառելի են նաև սույն կետի առաջին պարբերությունում նշված խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշման համար:

Եթե նախկինում որդեգրման գրանցումը չի կատարվել, ապա որդեգրման մասին իրավասու մարմնի որոշումը ստանալու օրը ՔԿԱԳ մարմինը կատարում է որդեգրման գրանցման համար սույն հավելվածով սահմանված գործողություններ՝ ծննդյան ակտային գրանցման մեջ «Անհրաժեշտ այլ տեղեկություններ» սյունակում նշելով որոշումը կայացնող մարմնի անվանումը, որոշման համարը և ժամանակը։

3. Որդեգրման պետական գրանցումը կատարվում է դիմումը և որդեգրման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ՔԿԱԳ մարմին ներկայացնելու նույն աշխատանքային օրը:

4. Որդեգրման պետական գրանցման ակտը լրացվում է հետևյալ կարգով.

1) որդեգրվողի վերաբերյալ տվյալները` «երեխայի մասին տեղեկություններ որդեգրումից առաջ» հատվածում լրացվում են ծննդի պետական գրանցման ակտի գրառումների հիման վրա, իսկ «երեխայի մասին տեղեկություններ որդեգրումից հետո» հատվածում որդեգրման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռին ճիշտ համապատասխան.

2) «Երեխայի կենսաբանական ծնողների մասին տեղեկություններ» հատվածում լրացվում են երեխայի ծնողների վերաբերյալ տվյալները` երեխայի ծննդի պետական գրանցման ակտում առկա հոր և մոր տեղեկությունների հիման վրա:

3) եթե երեխայի կենսաբանական ծնողը, գտնվելով որդեգրողի հետ ամուսնության մեջ, մինչև որդեգրման պետական գրանցումն ընդունում է վերջինիս ազգանունը, ապա որդեգրման պետական գրանցման ակտում «Երեխայի կենսաբանական ծնողների մասին տեղեկություններ» սյունակի այդ ծնողի վերաբերյալ հատվածում նշվում է նրա մինչամուսնական ազգանունը, որը նշված է եղել որդեգրման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռում, իսկ որդեգրման պետական գրանցման «Անհրաժեշտ այլ տեղեկություններ» սյունակում` ամուսնության գրանցման ժամանակը և գրանցման համարը, ինչպես նաև ծնողի ազգանունը` ամուսնության պետական գրանցումից հետո.

4) «Երեխայի որդեգրող ծնողների մասին տեղեկություններ» հատվածում որդեգրողների վերաբերյալ տեղեկությունները գրանցվում են որդեգրման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա.

Եթե երեխան որդեգրվել է մեկ անձի կողմից, ապա որդեգրման պետական գրանցման ակտում լրացվում է միայն վերջինիս տվյալները, իսկ մյուս որդեգրողի վերաբերյալ սյունակը չի լրացվում:

5. Եթե որդեգրման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռում նշված որդեգրվողի վերաբերյալ տեղեկությունները չեն համապատասխանում նրա ծննդյան ակտի գրանցման մեջ լրացված տվյալներին կամ որդեգրողի՝ վճռում նշված տեղեկությունները չեն համապատասխանում վերջինիս անձը հաստատող փաստաթղթերում կամ ամուսնության պետական գրանցման ակտի տվյալներին, ապա որդեգրման պետական գրանցման վարույթը կասեցվում է: Գրանցումը կատարվում է սույն կետում նշված փաստաթղթերում առկա անհամապատասխանությունները վերացնելուց հետո՝ վերացնելու փաստը հավաստող փաստաթուղթը ներկայացնելու օրը:

6. Սույն հավելվածի 5-րդ կետում նշված դեպքում ՔԿԱԳ մարմինն առաջարկում է որդեգրողներին դիմել որդեգրման մասին վճիռ կայացրած դատարան` տեղեկությունների անհամապատասխանությունը շտկելու նպատակով կամ, անհրաժեշտության դեպքում, քաղաքացիական կացության պետական գրանցման համապատասխան ակտում օրենսդրությամբ սահմանված կարգով կատարվում են ուղղումներ, փոփոխություններ կամ լրացումներ:

7. Որդեգրման պետական գրանցումը ավարտելուց հետո՝ նույն պահին, ՔԿԱԳ մարմինը, որդեգրման պետական գրանցման ակտի տվյալներին համապատասխան փոփոխություններ է կատարում երեխայի ծննդի պետական գրանցման մեջ՝ տրամադրելով ծննդի պետական գրանցման մասին նոր վկայական: Մինչև որդեգրման պետական գրանցումը երեխայի ծննդի մասին տրամադրված պետական վկայականը էլեկտրոնային կառավարման համակարգում չեղյալ է համարվում:

8. Մինչև որդեգրման ակտի գրանցում իրականացնելը ՔԿԱԳ մարմինը, իր արխիվում պահպանվող կամ հարցման միջոցով ՔԿԱԳ այլ մարմնից ստանալուց հետո ուսումնասիրում է երեխայի ծննդյան ակտի գրառումները՝ որդեգրման մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռում նշված տեղեկությունների համապատասխանությունը ստուգելու նպատակով:

9. Եթե երեխայի ծննդի պետական գրանցումը կատարվել է մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը այլ ՔԿԱԳ մարմնի կողմից և այն թվայնացված չէ էլեկտրոնային կառավարման համակարգում, ապա ծննդի պետական գրանցման ակտի թվայնացման աշխատանքները կազմակերպվում են սույն Հրամանի հավելված 1-ում նախատեսված կարգով:

10. Եթե երեխայի ծննդի ակտի պետական գրանցումը կատարվել է այլ ՔԿԱԳ մարմնի կողմից, ապա որդեգրման պետական գրանցում կատարած ՔԿԱԳ մարմինը նույն աշխատանքային օրը՝ որդեգրման պետական գրանցման մասին հաղորդում է կատարում ծննդի պետական գրանցում կատարած ՔԿԱԳ մարմին և Արխիվ՝ փաստաթղթային արխիվում համապատասխան փոփոխություններ կատարելու նպատակով:

11. Ստացված հաղորդման հիման վրա ՔԿԱԳ մարմինը և Արխիվը երկու աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան փոփոխություններ են կատարում ծննդի մասին պետական գրանցման ակտի մեջ:

12. Որդեգրման գրանցմանը համապատասխան երեխայի ծննդի պետական գրանցման ակտի մեջ փոփոխություն կատարելիս (ազգանունը, անունը, հայրանունը, ծննդավայրը, ծննդյան ժամանակը, ծնողների մասին տեղեկությունները փոխելիս) որպես այդպիսի փոխման հիմք «Անհրաժեշտ այլ տեղեկություններ» սյունակում նշվում է որդեգրման ակտի գրանցումը (որդեգրման ակտային գրանցում կատարած ՔԿԱԳ մարմնի անվանումը, ակտի գրանցման համարը և ժամանակը):

13. Եթե որդեգրման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի մեջ չի նշվում որդեգրվողի և ծնողների վերաբերյալ տվյալների փոխման մասին, ապա ՔԿԱԳ մարմինը կազմում է որդեգրման պետական գրանցման ակտ, առանց ծննդի պետական գրանցման մեջ փոփոխություններ կատարելու և տրամադրում որդեգրման մասին պետական վկայական: Սույն դեպքում որդեգրվածի ծննդի պետական գրանցման ակտում նշում է կատարվում որդեգրման պետական գրանցումը կատարելու մասին:

14. Այն դեպքում, երբ որդեգրողը, ըստ որդեգրման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի, ամուսնության մեջ չգտնվող կին է, և երեխայի նկատմամբ չեն պահպանվել նրա հոր իրավունքները, ապա վերջինս երեխայի ծննդի պետական գրանցման ակտում գրառվում է որպես մայր, իսկ, որդեգրողի ցանկության դեպքում, հոր վերաբերյալ հատվածում ազգանունը նշվում է իր ազգանվամբ, իսկ անունը և հայրանունը՝ որդեգրողի ցուցումով, որի մասին նշվում է ծննդյան ակտի պետական գրանցման «Անհրաժեշտ այլ տեղեկություններ» սյունակում: Որդեգրողի ցուցումով գրառված հոր անվան համապատասխան գրառվում է նաև երեխայի հայրանունը: Սույն կետի դրույթը վերաբերում է այն դեպքերին, երբ որդեգրման մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռում նշված չէ երեխայի հայրանունը: Այն դեպքում, երբ վճռում նշված է երեխայի հայրանունը որդեգրումից հետո, ապա, հոր վերաբերյալ տեղեկություններում հոր անունը նշվում է այդ հայրանվան համապատասխան:

15. Այն դեպքում, երբ որդեգրողը, ըստ որդեգրման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի, ամուսնության մեջ չգտնվող տղամարդ է, և երեխայի նկատմամբ չեն պահպանվել նրա մոր իրավունքները, ապա վերջինս երեխայի ծննդի պետական գրանցման ակտում գրառվում է որպես հայր, իսկ, որդեգրողի ցանկության դեպքում, մոր վերաբերյալ հատվածում ազգանունը նշվում է իր ազգանվամբ, իսկ անունը և հայրանունը՝ վերջինիս ցուցումով:

16. Եթե երեխայի ծննդյան ժամանակը որդեգրման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով փոփոխվել է մինչև երեք ամիս առաջ ժամանակահատվածով, ապա փոփոխվում է միայն երեխայի ծննդյան ժամանակը: Իսկ եթե երեխայի ծննդյան ժամանակը որդեգրման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով փոփոխվել է երեք ամիս հետո ժամանակահատվածով, ապա փոփոխվում է երեխայի ծննդյան ժամանակը և ծննդի պետական գրանցման ակտի ժամանակը, որը նշվում է որդեգրման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի մեջ նշված երեխայի ծննդյան ժամանակին համապատասխան: Եթե փոփոխված ծննդի ակտի գրանցման ժամանակը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա ծննդի պետական գրանցման ակտում ծննդի գրանցման ժամանակը նշվում է այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը:

17. Որդեգրման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով երեխայի ծննդավայրը փոխելու դեպքում որդեգրման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռին համապատասխան ծննդավայրի փոփոխության դեպքում ՔԿԱԳ մարմնում կազմվում է երեխայի ծննդի պետական գրանցման նոր ակտ: Երեխայի ծննդի պետական գրանցման նոր ակտի տվյալները և գրանցման վայրը ակտային գրանցման համարը և ժամանակը լրացվում է երեխայի ծննդի պետական գրանցման ակտի նախկին գրանցման մեջ` «Անհրաժեշտ այլ տեղեկություններ» սյունակում:

18. Ծննդի պետական նոր գրանցումը կազմվում է ընթացիկ տարվա ծննդի վերականգնված ակտային գրանցման գրքում, իսկ «Երեխայի ծննդի փաստը հաստատող փաստաթղթի տվյալները» սյունակում նշվում է որդեգրման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի տվյալները և որդեգրման պետական գրանցող ՔԿԱԳ մարմնի անվանումը, ակտի գրանցման համարը և ժամանակը:

19. Ծննդի նոր կազմված ակտային գրանցման «Անհրաժեշտ այլ տեղեկություններ» սյունակում նշվում է ծննդի պետական գրանցման մասին ակտի նախկին գրանցման վայրի անվանումը, ակտի գրանցման համարը և ժամանակը:

20. Ծննդի պետական գրանցումից հետո դիմողին տրամադրվում է որդեգրվողի ծննդի պետական գրանցման մասին վկայական:

21. Եթե որդեգրման մասին վճիռը կայացրած դատարանի կողմից ի լրումն որդեգրման մասին ընդունած նախորդ վճռին, նոր լրացուցիչ վճիռ է կայացվում, ըստ որի որդեգրողները պետք է գրվեն որպես որդեգրվողի ծնողներ կամ փոխվում են երեխայի վերաբերյալ տվյալները և այլն, ապա ՔԿԱԳ մարմինը որդեգրվողի որդեգրման և ծնունդների նախկինում կազմված պետական գրանցման ակտերում կատարում է համապատասխան փոփոխություններ:

Սույն հավելվածը կիրառվում է նաև այն դեպքում, երբ որդեգրման պետական գրանցումը կատարվում է արդեն որդեգրման մասին լրացուցիչ վճիռ ընդունելուց հետո:

22. Որդեգրման պետական գրանցման կապակցությամբ զինապարտների կամ զորակոչիկների ազգանվան կամ հայրանվան փոխման դեպքում` ՔԿԱԳ մարմինը մեկշաբաթյա ժամկետում այդ մասին հաղորդում է ուղարկում զինվորական կոմիսարիատ, որտեղ զինապարտը կամ զորակոչիկը գտնվում է հաշվառման մեջ և վերջինիս բնակության վայրի ոստիկանության համապատասխան բաժին:

23. Եթե ծննդի պետական գրանցումը, որի հիման վրա պետք է կատարվի որդեգրման պետական գրանցումը չի հայտնաբերվում ՔԿԱԳ մարմինների և Արխիվի փաստաթղթային արխիվում և էլեկտրոնային միասնական գրանցամատյանում, ապա որդեգրման պետական գրանցումը հնարավոր է կատարել միայն «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքով սահմանված կարգով ծննդի պետական գրանցումը վերականգնելուց հետո:

24. Եթե երեխայի ծնունդը գրանցված է օտարերկրյա պետության կողմից, ապա ՔԿԱԳ մարմնի կողմից որդեգրման պետական գրանցման հիման վրա ծննդի պետական գրանցման ակտում փոփոխությունները կատարում է այն դեպքում, երբ ծնունդը գրանցող պետության հետ առկա է սույն ոլորտը կանոնակարգով երկկողմանի կամ բազմակողմ ՀՀ միջազգային պայմանագիր:

25. Սույն հավելվածի 24-րդ կետով սահմանված դեպքում որդեգրման պետական գրանցման կատարման դիմումի ժամկետը կասեցվում է մինչև հարցմանն ի պատասխան օտարերկրյա պետության ՔԿԱԳ մարմնի կողմից ծննդի պետական գրանցման ակտը ստանալը: Ծննդի պետական գրանցման ակտի ստացման նույն աշխատանքային օրը ՔԿԱԳ մարմինը պարտավոր է կատարել որդեգրման պետական գրանցումը և ուղարկել համապատասխան հաղորդումը օտարերկրյա պետության ՔԿԱԳ տարածքային մարմին՝ ծննդի վկայական ստանալու պահանջով:

26. Օտարերկրյա պետության ՔԿԱԳ տարածքային մարմնի կողմից ուղարկված ծննդի պետական գրանցման մասին վկայականը ստանալու դեպքում ՔԿԱԳ մարմինը այն երկու աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է դիմողին, վերջինիս ցանկությամբ՝ փոստային ծառայության միջոցով դիմողի կողմից նշված հասցեին կամ հանձնում առձեռն:

27. Որդեգրման պետական գրանցման համար հիմք հանդիսացող օտար լեզվով փաստաթղթերը (անձը հաստատող փաստաթուղթ, դիմում և այլն) պետք է թարգմանված լինեն հայերեն և վավերացված լինեն նոտարական կարգով։

28. Որդեգրման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը անվավեր ճանաչելու կամ որդեգրումը վերացնելու դեպքում ՔԿԱԳ մարմնի կողմից որդեգրման պետական գրանցումը չեղյալ է համարվում:

29. Այն դեպքում, երբ սույն հավելվածի 28-րդ կետում նշված վճռով պահպանվում են որդեգրման կապակցությամբ երեխային տրված անունը, հայրանունը և ազգանունը, ծննդյան ժամանակը, վայրը, ապա այդ տեղեկությունները, ապա ՔԿԱԳ մարմինը դրանք չի փոփոխում:

30. Որդեգրման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը անվավեր ճանաչելու մասին վճիռը կամ վերացնելու մասին վճիռը կամ դրա պատճեն ընդունող ՔԿԱԳ մարմինը նույն աշխատանքային օրը հաղորդում է կատարում ծննդի պետական գրանցում (ծննդի նոր պետական գրանցում) կատարած ՔԿԱԳ մարմին և Արխիվ՝ փաստաթղթային արխիվում համապատասխան փոփոխություններ կատարելու նպատակով:

31. Հաղորդումը ստացած ՔԿԱԳ մարմինը և Արխիվը նույն աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան նշում են կատարում ծննդի պետական գրանցման ակտի մեջ` վերականգնելով նախկին տեղեկությունները:

32. Որդեգրման պետական գրանցման հիման վրա տրամադրված ծննդի և որդեգրման պետական գրանցման մասին վկայականները էլեկտրոնային կառավարման համակարգում չեղյալ են համարվում:

33. Որդեգրման գրանցումը չեղյալ համարելու դեպքում այն անձին, ով նախկինում գրանցվել է որպես երեխայի որդեգրող, երեխայի ծննդի մասին վկայականի կրկնօրինակ և տեղեկանք չի տրամադրվում:

34. Օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխայի որդեգրման պետական գրանցման արդյունքում նրա՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված ծննդի պետական գրանցման մեջ տվյալների փոփոխությունները կատարվում են, եթե որդեգրումը չի հակասում տվյալ որդեգրումը հաստատող պետության, ինչպես նաև ՀՀ-ի և միջազգային պայմանագրերով սահմանված կարգին:

 

Հավելված 7

արդարադատության նախարարի

2020 թվականի մայիսի 13-ի

N 170-Ն հրամանով

 

ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

 

ՄԱՀՎԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Երևան քաղաքում մահվան գրանցումը կատարվում է ՀՀ արդարադատության նախարարության համակարգում ընդգրկված համապատասխան ստորաբաժանման կողմից:

2. Մահվան պետական գրանցման կատարման մասին դիմումին կից ներկայացվում են՝

ա) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը,

բ) Օրենքով սահմանված մահվան փաստը հաստատող փաստաթուղթը,

գ) առկայության դեպքում՝ մահացած անձի անձը հաստատող փաստաթուղթը,

դ) սույն կարգով նախատեսված այլ փաստաթղթեր:

3. Հայաստանի Հանրապետության բժշկական հաստատության կողմից տրված՝ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված մահվան մասին բժշկական վկայականը (այսուհետ՝ բժշկական վկայական) գեներացվում է էլեկտրոնային կառավարման համակարգում ինքնաշխատ՝ դիմողի կողմից տրամադրված բժշկական վկայականի քաղվածքի վրա զետեղված հատուկ համարանիշը մուտքագրելով էլեկտրոնային կառավարման համակարգ:

4. ՀՀ քաղաքացի հանդիսացող մահացած անձի անձնագրային տվյալները գեներացվում են էլեկտրոնային կառավարման համակարգում՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգից ինքնաշխատ:

5. Եթե մահացած անձը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի և նրա անձը հաստատող փաստաթղթերում առկա են անհամապատասխանություններ, ապա մահվան պետական գրանցումը կատարվում է մահվան բժշկական վկայականում նշված անձնական տվյալների հիման վրա:

6. Օտարերկրյա պետության քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց մահվան պետական գրանցում կատարելիս մահացածի անձը հաստատող փաստաթղթերը պետք է ներկայացվեն թարգմանված հայերեն լեզվով: Թարգմանության իսկությունը վավերացվում է նոտարական կարգով։

7. Օտարերկրյա պետության քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց մահվան պետական գրանցումը կատարելիս ՔԿԱԳ մարմինը մահացած անձի մասին տեղեկությունները լրացնում է մահվան մասին բժշկական վկայականի հիման վրա:

8. Օտարերկրյա պետությունում մահացած անձի մահվան պետական գրանցումը Հայաստանի Հանրապետությունում կատարվում է օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրամադրված բնօրինակ մահվան փաստը հաստատող բժշկական փաստաթղթի և անձը հաստատող փաստաթուղթը ՔԿԱԳ մարմին ներկայացնելու դեպքում: Օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից տրամադրված կամ հաստատված փաստաթղթերը պետք է թարգմանված լինեն սահմանված կարգով՝ հայերեն լեզվով և վավերացված ՀՀ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով։ Թարգմանության իսկությունը վավերացվում է նոտարական կարգով։ Թարգմանությունը և վավերացումը ապահովվում են դիմողի կողմից:

9. Մահվան պետական գրանցման համար Օրենքով սահմանված եռօրյա ժամկետը բաց թողնելը հիմք չի հանդիսանում մահվան պետական գրանցումը մերժելու համար:

10. Եթե մահվան գրանցման մասին դիմումը տրվել է սահմանված ժամկետի բացթողումով, սակայն մինչև մեկ տարին լրանալը, ապա մահը գրանցվում է ընդհանուր կարգով` մահվան ընթացիկ գրանցամատյանում:

11. Եթե մահվան պետական գրանցման դիմումը ստացվում է մահվանից մեկ տարի անց, ապա մահվան պետական գրանցումը կատարվում է որպես սկզբնական գրանցում, հերթական համարից հետո լրացնելով «Գրանցում` ժամկետի բացթողմամբ» (կրճատ ժ/բ տառերը) բառերը:

12. ՔԿԱԳ մարմինը դիմումը լրացնելիս ստուգում է դիմումին կցված Օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջականությունն ու ճշտությունը:

13. Դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա կամ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հաստատված իրավաբանական փաստով մահացած ճանաչված անձանց մահվան պետական գրանցման ակտի մեջ որպես մահվան ժամանակ նշվում է դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելու կամ նոտարի կողմից իրավաբանական փաստի հաստատման ժամանակը, եթե մահվան ժամանակը նշված փաստաթղթերով որոշված չէ:

14. Եթե սույն հավելվածի 13-րդ կետով սահմանված փաստաթղթերով հաստատված է անձի մահվան փաստի ժամանակը և վայրը, ապա մահվան պետական գրանցման ակտի մեջ նշվում են հաստատված տեղեկությունները: Այս դեպքում մահվան պետական գրանցման ակտի «Անհրաժեշտ այլ տեղեկություններ» սյունակում նշվում է դատարանի անվանումը և նրա կայացրած վճռի ամսաթիվը, օրը, ամիսը, տարեթիվը և համարը կամ նոտարի անունը, ազգանունը, իրավաբանական փաստի հաստատման օրը, ամիսը, տարեթիվը և համարը:

15. Անհայտ (չճանաչված) անձանց մահվան պետական գրանցման ակտում մահացած անձի վերաբերյալ տեղեկությունները գեներացվում են բացառապես մահվան մասին բժշկական վկայականի հիման վրա:

16. Անհայտ (չճանաչված) անձի մահվան պետական գրանցման մեջ փոփոխություններ կարող են կատարվել իրավասու մարմինների՝ իրավապահ մարմինների կամ դատարանի կամ նոտարի կողմից տրված փաստաթղթերի հիման վրա «Քաղաքացիական կացության ակտերի» օրենքով սահմանված կարգով քաղաքացիական կացության ակտում ուղղում, փոփոխություն կամ լրացում կատարելու միջոցով:

17. Մահվան պետական գրանցման ժամանակ մահացածի անձը հաստատող փաստաթուղթը (փաստաթղթերը) ենթակա է հանձնման մահը գրանցող ՔԿԱԳ մարմնին:

18. Մահվան պետական գրանցում կատարող ՔԿԱԳ մարմնի կողմից իրեն հանձնված անձը հաստատող փաստաթղթի առաջին էջի վրա նշվում է մահվան պետական գրանցման համարը և ժամանակը: Եթե անձը հաստատող փաստաթղթի վրա հնարավոր չէ կատարել նման նշում, ապա անձը հաստատող փաստաթղթին կցվում է մահվան պետական գրանցման համարի և ժամանակի վերաբերյալ տեղեկություններ պարունակող գրությանը:

19. Եթե մահվան պետական գրանցում կատարելիս մահացածի անձը հաստատող փաստաթղթերը ՔԿԱԳ մարմին չեն հանձնվում, ապա այդ մասին մահվան պետական գրանցման ակտի «Անհրաժեշտ այլ տեղեկություններ» սյունակում կատարվում է նշում:

20. Եթե մահվան պետական գրանցման ժամանակ ներկայացվում է մահացած անձի ծննդյան վկայականը, ապա այն լուսապատճենահանվում և կցվում է էլեկտրոնային կառավարման համակարգում՝ «դիմումին կից ներկայացվող փաստաթղթեր» բաժնում:

21. Ծննդի մասին պետական վկայականի բնօրինակը վերադարձվում է դիմողին:

22. Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մահվան պետական գրանցման դեպքում ՔԿԱԳ մարմինները մահացած անձանց անձը հաստատող փաստաթղթերը մահը գրանցելուց հետո 15-օրյա ժամկետում ցուցակով ներկայացնում են Գործակալություն:

23. Գործակալությունը ստացված ցուցակները և անձը հաստատող փաստաթղթերը ուղարկում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համակարգում ընդգրկված համապատասխան ստորաբաժանում:

24. Զինապարտի կամ զորակոչիկի մահվան գրանցման դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանը մահվան պետական գրանցումը կատարած ՔԿԱԳ մարմինը մեկշաբաթյա ժամկետում այդ մասին հաղորդում է կատարում այն զինվորական կոմիսարիատին, որտեղ զինվորական հաշվառման մեջ է գտնվում զինապարտը կամ զորակոչիկը:

25. Մահվան պետական գրանցման համար, ներառյալ մահվան մասին պետական վկայական տրամադրելու համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով պետական տուրք սահմանված չէ։

26. Մահվան պետական գրանցման դիմումի վարույթի ավարտման արդյունքում մահվան մասին վկայականը կամ մահվան պետական գրանցումը մերժելու մասին որոշումը ինքնաշխատ ուղարկում է դիմողի՝ www.e-citizen.am կայքի պաշտոնական, ինչպես նաև դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներին:

27. Մահացած անձանց անձը հաստատող փաստաթղթերը մեկամսյա պարբերականությամբ մահվան գրանցումը կատարող մարմնի կողմից փոխանցում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության լիազոր մարմին, իսկ մահացած զինծառայողների զինվորական գրքույկները` 15-օրյա պարբերականությամբ համապատասխան տարածքային զինվորական կոմիսարիատներ:

 

Հավելված 8

արդարադատության նախարարի

2020 թվականի մայիսի 13-ի

N 170-Ն հրամանով

 

ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐՈՒՄ ՈՒՂՂՈՒՄՆԵՐ, ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) նախատեսված հիմքերի առկայության, ինչպես նաև շահագրգիռ անձանց միջև վեճի բացակայության դեպքերում քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ուղղումներ, լրացումներ կամ փոփոխություններ կատարվում է ՔԿԱԳ մարմնի կողմից:

2. Եթե քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու հետևանքով անհրաժեշտություն է առաջանալու փոփոխություն կատարել նաև անձի նկատմամբ կազմված այլ քաղաքացիական կացության ակտերում, ապա դիմումը քննարկվում է հիմք ընդունելով նաև այլ քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու պահանջի շրջանակներում:

3. Քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ուղղումներ, լրացումներ կամ փոփոխություններ կատարելու Օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերի, բացառությամբ «թ» կետով սահմանված հիմքի, դեպքում քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ուղղումներ, լրացումներ կամ փոփոխությունները կատարվում են ՔԿԱԳ մարմնի կողմից՝ առանց եզրակացություն կազմելու:

4. Օրենքի 70-րդ հոդվածով սահմանված՝ քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ուղղում կատարելու մասին եզրակացությունը ՔԿԱԳ մարմինը կազմում է եթե՝

1) քաղաքացիական կացության ակտը կազմելու ընթացքում կատարվել է այնպիսի գրառում, որը չի համապատասխանել քաղաքացիական կացության ակտ գրանցելու համար ներկայացված փաստաթղթերին կամ տեղեկություններին կամ գրառում կատարելու ընթացքում թույլ է տրվել ուղղագրական սխալ, բացառությամբ առանձին տառերի ուղղման դեպքերի.

5. Օրենքի 70-րդ հոդվածով սահմանված՝ քաղաքացիական կացության ակտերի գրառումներում լրացում կատարելու մասին եզրակացությունը ՔԿԱԳ մարմինը կազմում է, եթե՝

1) քաղաքացիական կացության ակտը կազմելիս դրանում չեն գրառվել անձի, ում վերաբերյալ կազմվել է քաղաքացիական կացության ակտը կամ նրա ծնողների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները, որոնք պետք է կամ կարող էին լրացվել քաղաքացիական կացության ակտը գրանցելիս, ինչպես նաև այն դեպքում, երբ լրացման ենթակա տվյալը իրավասու մարմնի տրամադրված փաստաթղթերով հաստատվել է քաղաքացիական կացության ակտը գրանցելուց հետո:

6. Օրենքի 70-րդ հոդվածով սահմանված՝ քաղաքացիական կացության ակտերի գրառումներում փոփոխություն կատարելու մասին եզրակացությունը ՔԿԱԳ մարմինը կազմում է, եթե՝

1) քաղաքացիական կացության ակտը գրանցելուց հետո, քաղաքացիական կացության ակտում նշված անձը (անձինք) օտարերկրյա պետությունում, տվյալ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով իր նկատմամբ կազմված պաշտոնական փաստաթղթերում անձնական տվյալների փոփոխություն է կատարել (անձը հաստատող փաստաթուղթ, վկայական).

2) քաղաքացիական կացության ակտը գրանցելուց հետո քաղաքացիական կացության ակտում նշված անձը (անձիք) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք են բերել Հայաստանի Հանրապետության անձը հաստատող փաստաթուղթը, որում նշված տվյալները չեն համապատասխանում քաղաքացիական կացության ակտի գրառումներին.

3) անձը ում նկատմամբ կազմվել է քաղաքացիական կացության ակտը, կատարել է սեռի փոփոխություն:

7. Սույն հավելվածով սահմանված ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու մասին դիմումը լրացվում է էլեկտրոնային կառավարման համակարգում ՔԿԱԳ մարմնի աշխատակցի կողմից՝ սույն հավելվածի 11-րդ կետով սահմանված անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը դիմողի կամ նրա լիազորված անձի կողմից ներկայացնելու պահին և էլեկտրոնային եղանակով ստորագրվում դիմողի կողմից (տեխնիկական անհնարինության դեպքում դիմումն արտատպվում, ստորագրվում, լուսապատճենահանվում և մուտքագրվում է էլեկտրոնային կառավարման համակարգ:

8. Մահացած անձի վերաբերյալ գրանցված քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղումը, լրացումը կամ փոփոխությունը կատարվում է մահացածի ազգականի կամ շահագրգիռ այլ անձի դիմումի հիման վրա:

9. 18 տարին չլրացած անձի վերաբերյալ կազմված քաղաքացիական կացության ակտերի գրառումները կարող են ուղղվել, լրացվել կամ փոփոխվել նրա ծնողի (օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա։ Դիմումը կարող է ներկայացվել 16-18 տարին լրացած անձի կողմից, եթե նա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել են գործունակ:

10. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձի վերաբերյալ կազմված քաղաքացիական կացության ակտերի գրառումները կարող են ուղղվել, լրացվել կամ փոփոխվել նրա խնամակալի կամ հոգաբարձուի դիմումների հիման վրա:

11. Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու համար ներկայացվում է՝

1) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը, որի վերաբերյալ կազմված է քաղաքացիական կացության ակտային գրանցումը, անչափահասի դեպքում՝ նրա ծնողի, խնամակալի, իսկ անգործունակ ճանաչված անձի դեպքում՝ հոգաբարձուի անձը հաստատող փաստաթուղթը.

2) դիմումով ներկայացվող պահանջը հիմնավորող փաստաթղթերը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ այն տեղեկությունները, որոնց միջոցով հնարավոր է պարզել պահանջի հիմքերի առկայությունը.

3) ուղղման, լրացման կամ փոփոխման ենթակա քաղաքացիական կացության ակտի մասին վկայականը (առկայության դեպքում) կամ քաղաքացիական կացության ակտի տվյալները (կազմող ՔԿԱԳ մարմնի վայրը, ժամանակը):

12. Քաղաքացիական կացության ակտի գրառումներում ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու գործ կազմելու համար հիմք հանդիսացող՝ օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից տրամադրված կամ հաստատված փաստաթղթերը պետք է թարգմանված լինեն սահմանված կարգով՝ հայերեն լեզվով և վավերացված ՀՀ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով։ Փաստաթղթերը պետք է թարգմանված լինեն ՀՀ արդարադատության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) կողմից վավեր որակավորման վկայական ունեցող թարգմանչի ստորագրությամբ հաստատված հայերեն թարգմանությամբ: Թարգմանությունը և վավերացումը ապահովվում են դիմողի կողմից:

13. Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու մասին դիմումում նշվում են հետևյալ տեղեկությունները՝

1) դիմողի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը և ժամանակը, բնակության վայրը.

2) քաղաքացիական կացության ակտի գրառման այն տվյալները, որոնք ենթակա են ուղղման, լրացման կամ փոփոխման.

3) անհրաժեշտ այլ տեղեկություններ:

14. Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու դիմումը լիազորված անձի միջոցով ներկայացվելու դեպքում, նաև ներկայացվում է անձի կողմից հասարակ լիազորագիր:

15. Եթե ուղղման, լրացման կամ փոփոխման ենթակա քաղաքացիական կացության ակտի գրանցումը առկա չէ էլեկտրոնային միասնական գրանցամատյանում և այն գրանցվել է ՔԿԱԳ այլ մարմնում, դիմումն ընդունող ՔԿԱԳ մարմինը դիմումն ընդունելուց հետո նույն աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով հարցում է կատարում քաղաքացիական կացության ակտային գրանցումը կատարած ՔԿԱԳ մարմին։

1) Հարցումը ստացած ՔԿԱԳ մարմինը պահանջվող քաղաքացիական կացության ակտի առկայությունը ստուգում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրքերով` դիմումում նշված օրվանից մեկ տարի առաջ և մեկ տարի հետո կազմված քաղաքացիական կացության ակտերի գրանցումներով:

2) Հարցումը ստացած ՔԿԱԳ մարմինը պահանջվող քաղաքացիական կացության ակտը քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրքերում հայտնաբերելու դեպքում այն թվայնացնում է էլեկտրոնային կառավարման համակարգում ոչ ուշ, քան հարցումը ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում։

3) Հարցում ստացած ՔԿԱԳ մարմինը քաղաքացիական կացության ակտը թվայնացնելուց հետո էլեկտրոնային կառավարման համակարգով աշխատանքի ավարտի մասին տեղեկացնում է հարցումը ուղարկած ՔԿԱԳ մարմնին:

4) Եթե պահանջվող քաղաքացիական կացության ակտային գրանցումը չի հայտնաբերվում հարցում ստացած ՔԿԱԳ մարմնի փաստաթղթային արխիվում, ապա հարցմանն ի պատասխան ուղարկվում է պահանջվող քաղաքացիական կացության ակտը չհայտնաբերելու մասին տեղեկանքը, ոչ ուշ, քան հարցումը ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում։

5) Սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված տեղեկանքը ստանալուց հետո դիմումն ընդունող ՔԿԱԳ մարմնի աշխատակիցը նույն օրը հարցում է կատարում Գործակալության քաղաքացիական կացության ակտերի գրանցման և արխիվի բաժին (այսուհետ՝ Բաժին):

6) Բաժինը պահանջվող քաղաքացիական կացության ակտի առկայությունը ստուգում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրքերով` դիմումում նշված օրվանից մեկ տարի առաջ և մեկ տարի հետո կազմված քաղաքացիական կացության ակտերի գրանցումներով:

7) Բաժինը պահանջվող քաղաքացիական կացության ակտը քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրքերում հայտնաբերելու դեպքում, այն թվայնացնում է էլեկտրոնային կառավարման համակարգում ոչ ուշ, քան հարցումը ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում։

8) Բաժինը քաղաքացիական կացության ակտը թվայնացնելուց հետո էլեկտրոնային կառավարման համակարգով աշխատանքի ավարտի մասին տեղեկացնում է հարցումը ուղարկած ՔԿԱԳ մարմնին:

16. Եթե դիմողի կողմից չեն ներկայացվում հստակ տեղեկություններ պահանջվող քաղաքացիական կացության ակտը գրանցող ՔԿԱԳ մարմնի վայրի վերաբերյալ, ապա դիմումը ընդունող ՔԿԱԳ մարմնի աշխատակիցը հարցում է կատարում գրանցումը կատարած՝ դիմողի կողմից նշված ենթադրյալ ՔԿԱԳ մարմիններ:

17. Եթե պահանջվող քաղաքացիական կացության պետական գրանցման ակտը չի հայտնաբերվում ՔԿԱԳ մարմինների և Բաժնի փաստաթղթային արխիվում, ապա դիմումով պահանջվող ուղղումը, լրացումը կամ փոփոխությունը հնարավոր է կատարել միայն Օրենքով սահմանված կարգով քաղաքացիական կացության ակտի գրառումը վերականգնելուց հետո:

18. Դիմումին կից ներկայացված պահանջը հիմնավորող փաստաթղթերի կամ տեղեկությունների հավաստի լինելու վերաբերյալ կասկած առաջանալու դեպքում՝ դրանք քննարկվում են ՔԿԱԳ մարմնի կողմից` համապատասխան մարմիններին (կազմակերպություններին) հարցումներ կատարելու միջոցով ստացված պատասխանների շրջանակում:

19. Օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերով՝ քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղումը, լրացումը կամ փոփոխությունը կատարելու դիմումի վարույթը ՔԿԱԳ մարմինը ավարտում է ՝ սույն հավելվածի 11-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացնելուց հետո յոթ օրյա ժամկետում, եթե այլ բան նախատեսված չէ սույն հավելվածով:

20. ՔԿԱԳ մարմինը ուսումնասիրելով դիմումի պահանջը հիմնավորող փաստաթղթերը և տեղեկությունները սույն հավելվածի 19-րդ կետով սահմանված ժամկետում կատարում կամ մերժում է քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելը:

21. Քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարվում է էլեկտրոնային կառավարման համակարգում՝ քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ համապատասխան սյունակներում նոր կամ լրացուցիչ տեղեկություններ լրացնելու միջոցով: Էլեկտրոնային կառավարման համակարգում ուղղված, լրացված կամ փոփոխված քաղաքացիական կացության ակտին կցվում է ուղղումը, լրացումը կամ փոփոխությունը հիմնավորող փաստաթղթերը, իսկ Օրենքի 70-րդ հոդվածով սահմանված հիմքերով՝ նաև քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու վերաբերյալ եզրակացությունը:

22. Քաղաքացիական կացության ակտի գրառումներում ուղղման, լրացման կամ փոփոխության վերաբերյալ նշումը հաստատվում է այն կատարող ՔԿԱԳ մարմնի կնիքով և ղեկավարի ստորագրությամբ:

23. Քաղաքացիական կացության ակտի գրառումներում ուղղման, լրացման կամ փոփոխության արդյունքում էլեկտրոնային կառավարման համակարգում գեներացվում է քաղաքացիական կացության ակտի գրանցման նոր վկայականը: Մինչև քաղաքացիական կացության ակտում ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելը քաղաքացիական կացության ակտի գրանցման հիման վրա տրված վկայականները էլեկտրոնային կառավարման համակարգում չեղյալ են համարվում:

24. Օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերով քաղաքացիական կացության ակտում ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու մասին դիմումի վարույթն ավարտելու արդյունքում քաղաքացիական կացության ակտի գրանցման վկայականը կամ սույն հավելվածի 38-րդ կետով սահմանված դիմումը մերժելու մասին որոշումը ինքնաշխատ ուղարկվում է քաղաքացիական կացության ակտի գրանցման մեջ նշված անձանց՝ www.e-citizen.am կայքի պաշտոնական, ինչպես նաև դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներին՝ դիմումը ընդունած ՔԿԱԳ մարմնի կողմից:

25. Օրենքի 70-րդ հոդվածով սահմանված հիմքերով քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու վերաբերյալ դիմում մուտքագրելուց հետո, ՔԿԱԳ մարմնի կողմից կազմվում է քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու մասին գործը, որը իր մեջ ներառում է դիմումը, դրան կից ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերը և ՔԿԱԳ մարմնի եզրակացությունը քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու կամ մերժելու վերաբերյալ:

26. ՔԿԱԳ մարմնի կողմից քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու մասին եզրակացությունը կազմվում է սույն հավելվածի 11-րդ կետով անհրաժեշտ փաստաթղթերը ստանալու հաջորդ աշխատանքային օրը, բայց ոչ ուշ քան դիմումը մուտքագրելուց հետո մեկ ամսյա ժամկետում: Գործը կազմվում է մեկ օրինակից, դրանում առկա բոլոր փաստաթղթերը համարակալվում են: Եզրակացությունը կազմվում է մեկ օրինակից:

27. Օրենքի 70-րդ հոդվածով սահմանված հիմքերով ՔԿԱԳ մարմնի կողմից կազմված քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու մասին գործը ուղարկվում է Նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության (այսուհետ՝ Գործակալություն) հաստատմանը կամ մերժմանը՝ այն կազմելուց հետո նույն աշխատանքային օրը:

28. ՔԿԱԳ մարմնի կողմից սույն հավելվածի 27-րդ կետով սահմանված քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու մասին գործը ստանալուց հետո, Գործակալությունը կատարված ուսումնասիրությունների հիման վրա հաստատում կամ մերժում է ՔԿԱԳ մարմնի կողմից կազմված եզրակացությունը:

29. Գործակալության կողմից քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու մասին գործը ուսումնասիրվում է մեկ ամսյա ժամկետում:

30. Եթե ՔԿԱԳ մարմնի կողմից կազմված քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու մասին գործով սպառված չեն քաղաքացու խնդրանքը հիմնավորող փաստաթղթերի ձեռքբերման կամ լրացուցիչ ուսումնասիրության հնարավորությունները, Գործակալությունը՝ Գործակալության պետի գրավոր որոշմամբ կարող է գործը ուղարկել լրացուցիչ ուսումնասիրության գործը կազմող ՔԿԱԳ մարմին կամ ինքնուրույն կազմակերպել լրացուցիչ տեղեկությունների հավաքագրումը:

31. Գործակալության կողմից լրացուցիչ ուսումնասիրման ուղարկված գործը ՔԿԱԳ մարմնի կողմից կրկին ուսումնասիրվում է ոչ ավել քան մեկ ամսյա ժամկետում: Սույն կետով սահմանված ժամկետը լրանալուց հետո կամ անհրաժեշտ փաստաթղթերը համալրելուց հետո նույն աշխատանքային օրը քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու մասին գործը ուղարկվում է Գործակալություն հաստատմանը կամ մերժմանը:

32. ՔԿԱԳ մարմնի կողմից կազմված եզրակացությունը հաստատվում կամ մերժվում է Գործակալության պետի կողմից, ինչի մասին նշում է կատարվում եզրակացության վերին աջ անկյունում՝ «Հաստատում եմ» կամ «Մերժում եմ» մակագրությամբ:

33. Եթե Գործակալության պետի կողմից հաստատվում է քաղաքացիական կացության ակտում ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու կամ մերժվում է քաղաքացիական կացության ակտում ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելը մերժելու մասին ՔԿԱԳ մարմնի կողմից կազմված եզրակացությունը, ապա ՔԿԱԳ մարմինը նույն աշխատանքային օրը ավարտում է դիմումի վարույթը՝ կատարելով քաղաքացիական կացության ակտի գրառումներում համապատասխան ուղղումը, լրացումը կամ փոփոխությունը:

34. Եթե Գործակալության պետի կողմից մերժվում է քաղաքացիական կացության ակտում ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու մասին եզրակացությունը կամ հաստատվում է քաղաքացիական կացության ակտում ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելը մերժելու մասին ՔԿԱԳ մարմնի կողմից կազմված եզրակացությունը, ապա ՔԿԱԳ մարմինը նույն աշխատանքային օրը ավարտում է դիմումի վարույթը՝ կազմելով դիմումը մերժելու մասին որոշում:

35. Քաղաքացիական կացության ակտում ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու մասին եզրակացությունը հաստատելուց հետո Գործակալությունը կազմված գործը վերադարձնում է ՔԿԱԳ մարմին:

36. Քաղաքացիական կացության ակտում ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու մասին գործի վարույթն ավարտելու արդյունքում քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականը կամ դիմումը մերժելու մասին որոշումը ինքնաշխատ ուղարկվում է քաղաքացիական կացության ակտի գրանցման մեջ նշված անձանց՝ www.e-citizen.am կայքի պաշտոնական, ինչպես նաև դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներին՝ դիմումը ընդունած ՔԿԱԳ մարմնի կողմից:

37. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականը կամ դիմումը մերժելու մասին որոշումը դիմողի պահանջով տրամադրվում է նաև թղթային կրիչի վրա:

38. Քաղաքացիական կացության ակտում ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու մասին դիմումը մերժելու մասին որոշումը պարունակում է Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված մերժման հիմքերը, որոշման բողոքարկման կարգը և ժամկետները:

39. Դիմումը մերժելու մասին որոշումը ստորագրում է ՔԿԱԳ մարմնի ղեկավարը և հաստատում ՔԿԱԳ մարմնի կնիքով:

40. Քաղաքացիական կացության ակտում ուղղում, լրացում կամ փոփոխությունը կատարելը մերժվում է, եթե՝

1) դիմումի պահանջը չի հիմնավորվում դիմումին կից ներկայացվող փաստաթղթերով.

2) դիմումը ներկայացրել է Օրենքի 71-րդ հոդվածով և սույն հավելվածով սահմանված նման իրավունք չունեցող անձի կողմից:

41. Քաղաքացիական կացության ակտում ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու մերժումը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով:

42. Քաղաքացիական կացության ակտում ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարած ՔԿԱԳ մարմինը նույն աշխատանքային օրը քաղաքացիական կացության ակտում ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու մասին հաղորդում է կատարում քաղաքացիական կացության պետական գրանցում կատարած ՔԿԱԳ մարմին և Բաժին՝ փաստաթղթային արխիվում համապատասխան փոփոխություններ կատարելու նպատակով:

43. Ստացված հաղորդման հիման վրա ՔԿԱԳ մարմինը և Բաժինը երկու աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան ուղղում, լացում կամ փոփոխություն է կատարում քաղաքացիական կացության պետական գրանցման թղթային ակտի մեջ:

44. Օտարերկրյա պետության կողմից կազմված քաղաքացիական կացության ակտի գրառումներում ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու ընդունել դիմումը կարող է ընդունվել միայն այն դեպքում, երբ քաղաքացիական կացության ակտը գրանցող պետության հետ առկա է սույն ոլորտը կանոնակարգող երկկողմանի կամ բազմակողմ միջազգային պայմանագիր:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.09.2022, N 577-Ն 23.09.2022, N 170-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան