Գլխավոր տեղեկություն
Номер
N 9
Տիպ
Քաղվածք
Тип
Исходный акт (13.03.2012-01.01.2022)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.03.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.03.2012
Дата вступления в силу
13.03.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

7 մարտի 2012 թվականի N 9

 

6. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2012-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետությունում 2012-2014 թվականներին անտառների պետական մոնիթորինգի իրականացման ծրագրին` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. մարտի 13

Երևան 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թ.

մարտի 7-ի նիստի N 9 

արձանագրային որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

2012-1014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ

 

ԱՆՏԱՌՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

ԵՐԵՎԱՆ – 2012

 

I. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 28-ի թիվ 1152-Ն որոշմամբ և ձևավորվել է 2006 թվականի հունվար ամսին 11 աշխատող հաստիքացուցակով և 21 մլն դրամ տարեկան ֆինանսավորմամբ:

2. Կենտրոնի գործունեությունը հիմնականում նպատակաուղղված է իր խնդիրների և գործառույթների իրականացման համար իրավական դաշտի ձևավորմանը, հանրապետությունում փայտանյութի սպառման շուկայի ուսումնասիրմանը, անտառային ոլորտում ձեռնարկված և իրականացված միջոցառումների ուսումնասիրմանը և տվյալների շտեմարանի համալրմանը, ոլորտում տիրող իրավիճակի թափանցիկության ապահովմանը և կայուն անտառկառավարման աջակցմանը:

3. 2008 թվականին սոցիոլոգիական հարցումների միջոցով` հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ հանրապետությունում իրականացվել են վառելափայտի ներքին սպառման շուկայի ուսումնասիրություններ, ամփոփվել են արդյունքները և կատարվել վերլուծություններ:

4. 2008 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետության անտառային ֆոնդի շուրջ 180 հազ. հա-ի վրա կատարվել է անտառների պահպանության, վերականգնման և օգտագործման դիտարկումներ և ուսումնասիրություններ: Իրականացված միջոցառումների վերաբերյալ պատրաստվել են վերլուծական տեղեկանք-հաշվետվություններ, ներկայացվել են առաջարկություններ:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության և Համաշխարհային բանկի միջև կնքված համաձայնագրի արդյունքում 2009 թվականին մեկնարկվել է անտառների պետական մոնիտորինգի կարողությունների հզորացման դրամաշնորհային ծրագիրը: Վերջինս նախատեսում էր 2 տարվա գործողություն, որի նպատակն էր բարելավել Հայաստանի «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի (Մոնիտորինգի կենտրոն) գործունեության արդյունավետությունը` Հայաստանում ապօրինի հատումների և այլ անտառխախտումների մոնիտորինգն ու դրանց դեմ պայքարն առավել արդյունավետ իրականացնելու համար:

6. Ծրագրի իրականացման համար 2009 թվականին հատկացվել է 53 936.3 հազ դրամ, որը բաշխվել է բյուջետային դասակարգման համապատասխան հոդվածներով.

1) 2009 թվականին անտառների պահպանության, վերականգնման և օգտագործման վիճակի բնագավառում դիտարկումներ և ուսումնասիրություններ են իրականացվել 235 հազ.հա-ի վրա: Անտառային ոլորտում իրավիճակի թափանցիկությունն ապահովելու նպատակով երկու համատեղ ուսումնասիրություններ իրականացվել են հասարակական կազմակերպությունների հետ:

2) դիտարկումների և ուսումնասիրությունների արդյունքում փաստագրվել է 406 ապօրինի հատում, որից 316-ը «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղերում, 90-ը` հատուկ պահպանվող տարածքներում: Կազմվել են արձանագրություններ և ներկայացվել համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչություն:

3) կենտրոնի կողմից ուսումնասիրվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և բնապահպանության նախարարությունների ենթակայությամբ գործող կազմակերպությունների կողմից 2009 թվականի ընթացքում հատատեղերի հատկացման /սանիտարական հատումներ/ և շահագործման աշխատանքների արդյունքները, կատարվել են դիտայցեր:

4) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2009 թվականի մարտի 6 N.66-Ա հրամանի համաձայն` անտառտնտեսություններում ուսումնասիրվել է փայտանյութի մնացորդը 2009 թվականի ապրիլի 1-ի դրությամբ և արդյունքները ներկայացվել են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն:

 7. Ծրագրի իրականացման համար 2010 թվականին հատկացվել է 53 970.0 հազ դրամ, որը բաշխվել է բյուջետային դասակարգման համապատասխան հոդվածներով.

 1) 2010 թվականին անտառների պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության վիճակի դիտարկումներ և ուսումնասիրություններ են իրականացվել շուրջ 369 հազ.հա-ի վրա: Ուսումնասիրություններն իրականացվել են «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության անտառտնտեսության մասնաճյուղերում, ինչպես նաև «Սևան» և «Դիլիջան» ազգային պարկերում, Լոռու, Կոտայքի, Սյունիքի մարզերի համայնքների անտառային տարածքներում: Հայաստանի Հանրապետության երկու մարզերի յոթ անտառտնտեսություններում ուսումնասիրությունները և դիտարկումները իրականացվել են հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ: Ուսումնասիրությունների արդյունքում փաստագրվել են ընդհանուր թվով 937 ապօրինի հատում, որից 648-ը` «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության անտառտնտեսություններում, 148-ը` «Դիլիջան» և «Սևան» ազգային պարկերում և 141-ը` համայնքների հողային հաշվեկշռում առկա անտառային տարածքներում: Համապատասխան տեղեկատվություն է ներկայացվել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչություն և իրավապահ մարմիններին:

Անտառային հողերի վիճակի, մարդածին և բնական ներգործությունների ուսումնասիրություններ են կատարվել Սյունիքի մարզի «Սյունիք» և «Կապան» անտառտնտեսություն մասնաճյուղերում: Վերլուծության, ինչպես նաև Սյունիքի մարզի անտառներում հիմնադրված անտառմշակույթներում և հատատեղերում ու դրանց հարող տարածքներում իրականացված մասնակի դիտարկումների արդյունքներից ակներև է, որ հողը և դրա վրա ազդեցությունները /հողերի էրոզիա և դեգրատացում, օրգանական ածխածնի հանքայնացում, երկրորդային ձորակառաջացում և տարածքի կտրտվածության մեծացում, տարածքի հիդրոլոգիական ռեժիմի խախտում և այլն/, որպես գործոն գրեթե անտեսված են: Ագրոտեխնիկայի խախտման պատճառով տարածքներում նկատվում է էրոզիավտանգ վիճակ և անտառաճման պայմանների վատթարացումներ: Հատատեղերի շահագործման աշխատանքները նույնպես իրականացվում են բավականին թերացումներով և մի շարք գործոնների անտեսմամբ: Դիտարկված տեղամասում անտեսված էր տեղանքի բարդ ռելիեֆի հանգամանքը, հատատեղերի շահագործումն իրականացվել է հողի բարձր խոնավության պայմաններում, տեղամասում առկա էին կամայականորեն, իրար զուգահեռ կառուցված ճանապարհներ: Նման պայմաններում պետք է օգտագործվեր թեթև տեխնիկա կամ կենդանի քարշակ ուժ, ինչը չէր արվում:

2) հանրային իրազեկման նպատակով կենտրոնի կողմից կազմակերպվել են սոցիոլոգիական հարցումներ բնակչության կողմից փայտանյութի օգտագործման ծավալները ճշտելու, անտառի և դրա հիմնախնդիրների վերաբերյալ ազգաբնակչության վերաբերմունքը և իրազեկվածության աստիճանը պարզելու նպատակով: Երևան քաղաքում և Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի դպրոցների բարձր դասարանցիների շրջանում կազմակերպվել և իրականացվել են անտառի հիմնախնդիրների հետ կապված ուսումնական դասընթացներ:

3) կենտրոնի կողմից կատարվել են անտառկառավարման պլանների, քարտեզագրական նյութերի և անտառգնահատման ցուցանիշների ուսումնասիրություններ, որոնք զուգորդվել են տեղերում մասնակի դիտարկումներով: Արդյունքում արձանագրվել են մի շարք թերություններ և բացթողումներ:

8. Ծրագրի իրականացման համար 2011 թվականին հատկացվել է 53 970.0 հազ դրամ:

1) 2011 թվականի ինն ամիսների ընթացքում անտառների պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության վիճակի դիտարկումներ և ուսումնասիրություններ են իրականացվել շուրջ 290 հազար հեկտարի վրա: Ուսումնասիրությունների արդյունքում փաստագրվել են ընդհանուր թվով 537 ապօրինի հատում, որից 374-ը` անտառտնտեսություններում, 140-ը` «Սևան» ազգային պարկում և 23-ը` համայնքային նշանակության հողերում, որոնց վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն է ներկայացվել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչություն,

2) անտառային հողերի վիճակի վերաբերյալ նախատեսվել է ամբողջական ուսումնասիրություններ իրականացնել Հայաստանի Հանրապետության մեկ մարզի կտրվածքով,

3) 2011 թվականի առաջին կիսամյակում հասարակական կազմակերպությունների հետ համատեղ իրականացվել են վառելափայտի սպառման շուկայի ուսումնասիրություններ, ամփոփվել են արդյունքները և կատարվել վերլուծություններ,

 4) ուսումնասիրվել են «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության Կապանի, Սյունիքի և Նոյեմբերյանի անտառտնտեսության մասնաճյուղերի անտառկառավարման պլանները, արդյունքում ի հայտ են բերվել մի շարք անհամապատասխանություններ, անճշտություններ և բացթողումներ: Ուսումնասիրությունները շարունակական են բոլոր անտառկառավարման պլանների մասով և արդյունքների մասին պարբերաբար տեղեկատվություն է ներկայացվում համապատասխան լիազոր մարմիններին,

5) բուկլետների տեսքով պատրաստվել, տպագրվել և հանրության շրջանում տարածվել են անտառային ոլորտին վերաբերող քարոզարշավային նյութեր:

9. Հայաստանի Հանրապետությունում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիտորինգի խորհրդի նիստերի քննարկմանն են ներկայացվել և ընդունվել ոլորտում ձեռնարկվելիք և իրականացված միջոցառումների, տրված հանձնարարականների և կայացված որոշումների կատարման մասին կենտրոնի հաշվետվությունները, վերլուծությունները և առաջարկությունները:

10. Մոնիտորինգի արդյունավետությունը բարձրացնելու և անտառային ոլորտում իրավիճակի թափանցիկությունն ապահովելու նպատակով նախատեսվում է ավելի ընդլայնել համագործակցությունը և զարգացնել մոնիտորինգի համատեղ իրականացումը հասարակական ու բնապահպանական կազմակերպությունների հետ:

11. Հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացումն ընդգրկված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 30-ի թիվ 38 արձանագրային որոշմամբ հաստատված «Ապօրինի անտառհատումների հետ կապված խնդիրների լուծմանն աջակցող միջոցառումների ծրագրում»: Սակայն, դեռևս այդ ուղղությամբ գործողություններ չեն իրականացվել, քանի որ չկար մշակված ծրագիր: Մոնիտորինգի կենտրոնի կողմից ծրագիրը մշակվել և հավանության է արժանացել:

 

II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

12. Ծրագրի նպատակն է`

1) անտառների պետական մոնիտորինգի իրականացումը,

2) Հայաստանի Հանրապետության ապօրինի հատումների և մարդածին բացասական այլ գործողությունների կանխարգելումը,

3) անտառների և անտառային հողերի արդյունավետ օգտագործումը և կայուն կառավարումը,

4) պետական քաղաքականության ռազմավարության մշակումը, դրանց կենսագործման պետական ծրագրերի մշակման աշխատանքների և անտառի ազգային ծրագրի իրականացումը:

13. Ծրագրի խնդիրրներն են`

1) անտառների և անտառային հողերի վրա տարբեր տեսակի ներգործությունների ու դրանց հետևանքների, ինչպես նաև ապօրինի հատումների, բնափայտի տեղափոխման, իրացման և բացասական այլ գործողությունների կանխարգելման նպատակով ուսումնասիրությունների իրականացումը, ինչպես նաև այդ բացասական երևույթների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման նպատակով աշխատանքների թափանցիկության ապահովումը,

2) անտառային ոլորտի մասին հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացման նպատակով քարոզչական նյութերի մշակումը, կազմումը, տարածումը տեղեկագրերի, բուկլետների տեսքով և հրապարակումը տեղեկատվական այլ միջոցներով,

3) անտառների և անտառային հողերի վրա ներգործության մոնիտորինգի միջազգային ու տարածաշրջանային համատեղ ծրագրերի իրականացումը, տեղեկատվության փոխանակման գլոբալ և տարածաշրջանային միասնական համակարգերի ձևավորման ու զարգացման աշխատանքներին մասնակցությունը:

 

III. ԾՐԱԳՐԻ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ ԵՎ ԲՅՈՒՋԵՆ

 

14. Ծրագրի իրականացման համար 2012 թվականին անհրաժեշտ է 53970.0 հազ դրամ, 2013 թվականին` 58.164.6 հազ դրամ, 2014 թվականին` 58176.6 հազ դրամ:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՌԻՍԿԵՐԸ ԵՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՊԼԱՆԸ

.

15. Ծրագրի իրականացման հետ կապված ռիսկերի նկարագրությունը և գնահատումը ներկայացվում է ստորև բերված աղյուսակում.

N

Ռիսկի նկարագրությունը

Երևույթի հանդես գալու հավանականությունը
( % )

Հնարավոր ազդեցությունը նպատակների և արդյունքային ցուցանիշների վրա

Ռիսկի կանխման/հաղթահարման հնարավոր ուղիները

1.

Ապրանքների և ծառայությունների գների բարձրացում` կանխատեսվող գնաճ` համաձայն առանցքային մակրոտնտեսական ցուցանիշների

5.3

Իրականացվող միջոցառումների ծավալների նվազում

Ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում

 

16. Ծրագրի իրականացման ընթացքում պատասխանատու ստորաբաժանման կողմից յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ կկատարվի մոնիտորինգ:

 

V. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

17. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներն են`

1) անտառների պահպանության, ապօրինի հատումների եւ բացասական այլ գործողությունների դեմ տարվող աշխատանքների ծավալների ընդլայնումը, ոլորտում տիրող վիճակի թափանցիկության ապահովումը,

2) բնապահպանական, հասարակական կազմակերպությունների և հանրության ներգրավումը բնապահպանական ոլորտում որոշումների ընդունմանը,

3) հանրապետությունում փայտանյութի սպառման շուկայի գնահատումը,

4) անտառային օրենսդրության խախտումների դեմ համապատասխան կառույցների կողմից տարվող պայքարի միջոցառումների արդյունավետության բարձրացումը,

5) հանրապետության փայտանյութի սպառման ներքին շուկայի վերլուծությունը եւ գնահատումը,

6) ապօրինի հատումների եւ փայտանյութի իրացման ստվերային բիզնեսի դեմ պայքարի արդյունավետության բարձրացումը,

7) հասարակության անտառային ոլորտում տիրող իրավիճակի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացումը,

8) կայուն անտառկառավարման ապահովման գործում շահառուների միջեւ արդյունավետ համագործակցության ապահովումը:

18. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներին հասնելու համար ձեռնարկվելիք միջոցառումները.

1) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված անտառների պետական մոնիտորինգի իրացման կարգի եւ ապօրինի հատումների և անտառանյութի անտառից դուրսբերման մոնիտորինգի չափորոշիչների հիման վրա անտառների պետական մոնիտորինգի իրականացում` Հայաստանի Հանրապետության բոլոր անտառներում և անտառային հողերում, անկախ դրանց նպատակային նշանակությունից,

2) Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից, կազմակերպություններից և այլ աղբյուրներից անտառօգտագործման, անտառտնտեսվարման, անտառների պահպանության, բնափայտի տեղափոխման, իրացման վերաբերյալ ստացված տեղեկատվությունների վերլուծություն,

3) իրականացված մոնիտորինգի արդյունքների և այլ աղբյուրներից ստացված տվյալների համադրման հիման վրա կարճաժամկետ եւ երկարաժամկետ կանխատեսումների նախապատրաստում, Հայաստանի Հանրապետության ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառային պետական մոնիտորինգի խորհրդին վերլուծությունների և առաջարկությունների ներկայացում,

4) տեղեկագրերի եւ տեղեկատվական այլ միջոցներով ոլորտում տիրող իրավիճակի մասին տեղեկատվության և անտառխախտումների դեմ պայքարի միջոցառումների թափանցիկության ապահովում,

5) փայտանյութի սպառման ներքին շուկայի ուսումնասիրությունների իրականացում` բնակչության կողմից վառելափայտի օգտագործման ծավալները, ապօրինի հատումների դրդապատճառները, ոլորտում տիրող իրավիճակի նկատմամբ ազգաբնակչության վերաբերմունքը և իրազեկվածության մակարդակը պարզելու նպատակով,

6) հանդիպում-քննարկումների, սեմինարների, ուսուցումների կազմակերպման, ինչպես նաև տպագիր նյութերի տարածման և զանգվածային լրատվամիջոցներով հրապարակման միջոցով հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացում` ոլորտում իրականացվող գործընթացների, անտառների դերի և նշանակության մասին,

7) անտառային օրենսդրության խախտումների դեմ համապատասխան կառույցների կողմից տարվող պայքարի միջոցառումների արդյունավետության բարձրացում,

8) հանրապետության փայտանյութի սպառման ներքին շուկայի վերլուծություն և գնահատում,

9) ապօրինի հատումների և փայտանյութի իրացման ստվերային բիզնեսի դեմ պայքարի արդյունավետության բարձրացում,

10) կայուն անտառկառավարման ապահովման նպատակով շահառուների միջև արդյունավետ համագործակցություն:

11) 2012-2014 թվականներին ուսումնասիրությունների և դիտարկումների մեջ Հայաստանի Հանրապետության ողջ անտառային ֆոնդի` շուրջ 460 հազ.հա, այդ թվում բնության հատուկ պահպանվող տարածքներում ներառված արգելոցների, արգելավայրերի և ազգային պարկերի անտառային տարածքների ընդգրկում:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.09.2013, N 37 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան