ԵՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՊԱՅՔԱՐ ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿ ՍՊԸ-Ն ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(Գանգատ թիվ 21638/03)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
20 դեկտեմբերի 2007
ՈՒԺԻ ՄԵՋ Է ՄՏԵԼ
02/06/2008
Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով: Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Պայքար և հաղթանակ ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի գործով
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (Երրորդ Բաժանմունք) Պալատը հետևյալ կազմով`
Պրն Բ. Մ. ԶՈՒՊԱՆՉԻՉ, Նախագահ
Պրն Ս. ԲԻՐՍԱՆ,
Տկն Է. ՖՈՒՐԱ-ՍԱՆԴՍՏՐՈՄ,
Տկն Ա. ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ,
Պրն Է. ՄԵՅՋԵՐ,
Պրն ԴԱՎԻԴ ԹՈՐ ԲՅՈՐԳՎԻՆՍՈՆ,
Տկն Ի. ԲԵՐՈ-ԼԵՖԵՎՐ - Դատավորներ
և Պրն Ս. ՔՈՒԵՍԱԴԱ - Բաժանմունքի Քարտուղար,
2007թ. նոյեմբերի 29–ին կայացած դռնփակ նիստում,
Կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Գործը սկիզբ է առել 2003թ. հունիսի 18-ին Պայքար և հաղթանակ ՍՊԸ-ի («դիմումատու ընկերություն») կողմից Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն ընդդեմ Հայաստանի Հանրապետության դեմ բերված թիվ 21638/03 գանգատի առնչությամբ:
2. Դիմումատու ընկերությունը ներկայացնում էր ընկերության կառավարիչ և միակ աշխատող պրն Ռ. Այվազյանը: Հայաստանի Կառավարությունը («Կառավարություն») ներկայացնում էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության Կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը:
3. 2005թ. նոյեմբերի 15-ին Դատարանը որոշեց գանգատն ուղարկել Կառավարությանը: Կոնվենցիայի հոդված 29-ի 3-րդ կետի համաձայն Դատարանը որոշեց իրականացնել գործի ընդունելիության և ըստ էության միաժամանակյա քննություն:
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
4. Դիմումատուն մասնավոր փոքրածավալ առևտրային կազմակերպություն է, որը գրանցված է Երևանում:
5. 2001թ. հունվարի 29-ին Հարկային պետական ծառայությունն իրականացնում է դիմումատու ընկերության հաշիվների ստուգում: Այս ստուգման արդյունքում 2001թ. ապրիլի 2-ին ՀՀ պետական եկամուտների նախարարությունը կատարում է գնահատում, որի համաձայն դիմումատու ընկերության հարկային պարտքը կազմում էր 3,797,281 ՀՀ դրամ (մոտ 5,400 եվրո)` ներառյալ համապատասխան հարկային օրենքներով սահմանված տույժերը և տուգանքները:
6. Դեռևս չպարզված պահի, Երևան քաղաքի դատախազությունը և Երևանի Մյասնիկյանի տարածքային հարկային տեսչությունը հայց են ներկայացնում ընդդեմ դիմումատու ընկերության վերը նշված հարկային պարտքի գումարը բռնագանձելու նպատակով` պնդելով, որ այն ժամանակին և պատշաճ ձևով չի կատարել իր հարկային պարտավորությունները:
7. 2001թ. հուլիսի 13-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը վճիռ է կայացնում դիմումատու ընկերության դեմ:
8. Դեռևս չպարզված պահի, դիմումատու ընկերությունը վերաքննիչ բողոք ներկայացրեց այդ ժամանակ գործող ՀՀ տնտեսական գործերով վերաքննիչ դատարան: Դիմումատու ընկերությունը խնդրեց նաև դատարանի տուրքի (հայտնի որպես Պետական տուրք) վճարման ժամկետի հետաձգում: Դիմումատու ընկերության կառավարիչն իր միջնորդությունում նշել էր, inter alia, որ ընկերությունն ուներ ֆինանսական խնդիրներ և որ ինքը ընկերության միակ աշխատողն էր:
9. 2001թ. օգոստոսի 31-ին ՀՀ տնտեսական գործերով վերաքննիչ դատարանը բավարարեց դիմումատու ընկերության՜ պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու միջնորդությունը և վերաքննիչ բողոքն ընդունեց վարույթ:
10. 2001թ. սեպտեմբերի 11-ին Հայաստանում տեղի ունեցած դատական համակարգի բարեփոխման արդյունքում ստեղծվեց ՀՀ տնտեսական դատարանը, որտեղ էլ քննության ուղարկվեց դիմումատու ընկերության գործը:
11. 2001թ. նոյեմբերի 5-ին ՀՀ տնտեսական դատարանը որոշում է կայացնում իշխանությունների հայցը թողնել առանց քննության այն հիմքով, որ հայցվորները չէին ներկայացել: Իր որոշման մեջ ՀՀ տնտեսական դատարանը Հարկային ծառայությունից գանձում է 189,864.05 ՀՀ դրամ (մոտ 370 եվրո) պետական տուրք:
12. Պարզ է դառնում, որ դատավարությունը վերսկսվում է դեռևս չպարզված պահի:
13. 2001թ. դեկտեմբերի 24-ին ՀՀ տնտեսական դատարանը դատախազի դիմումի հիման վրա որոշում է հայցի բավարարման միջոց կիրառել` արգելանք դնելով դիմումատու ընկերության գույքի ու դրամական միջոցների վրա 3,797,281 ՀՀ դրամի չափով:
14. Դեռևս չպարզված պահի, դիմումատու ընկերությունը ՀՀ տնտեսական դատարան է ներկայացնում հակընդդեմ հայց` փորձելով անօրինական ճանաչել 2001թ. ապրիլի 2-ի որոշումը: Դիմումատու ընկերությունը դիմում է պետական տուրքի վճարումը հետաձգելու խնդրանքով նույն հիմքով:
15. 2002թ. հունվարի 18-ին ՀՀ տնտեսական դատարանը բավարարում է պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին դիմումատու ընկերության միջնորդությունը և վարույթ է ընդունում դիմումատու ընկերության հակընդդեմ հայցը` հղում կատարելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի հոդված 21-ի 4-րդ մասի և հոդված 31-ի 3-րդ մասի վրա:
16. 2002թ. դեկտեմբերի 3-ին ՀՀ տնտեսական դատարանը որոշում է միացնել երկու հայցերը և դրանք միասին քննել:
17. 2003թ. հունվարի 20-ին ՀՀ տնտեսական դատարանը բավարարեց իշխանությունների հայցը և մերժեց դիմումատու ընկերության հայցը: Դատարանը վճռեց դիմումատու ընկերությունից բռնագանձել 3,797,281 ՀՀ դրամ հարկային պարտքը, այդ թվում` շահութահարկ` 193,400 ՀՀ դրամ, տույժը` 11,352,9 ՀՀ դրամ (համապատասխանաբար մոտ 310 եվրո և 18 եվրո), ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գծով ապառքը` 132,610 ՀՀ դրամ, տույժը` 57,839,44 ՀՀ դրամ, տուգանքը` 73,080 (մոտ 213 եվրո, համապատասխանաբար 93 եվրո և 117 եվրո) և պարզեցված հարկի գծով ապառքը` 1,919,820 ՀՀ դրամ, տույժը` 304,428,66 ՀՀ դրամ և տուգանքը` 1,104,750 ՀՀ դրամ (մոտ 3,096 եվրո, համապատասխանաբար 491 եվրո և 1,781 եվրո): Տույժեր և տուգանքներ նշանակելիս ՀՀ տնտեսական դատարանը հղում է կատարել «Ավելացված արժեքի մասին» ՀՀ օրենքի հոդված 43-ի, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի հոդվածներ 25-ի և 28-ի և հարկերն ուշացումով վճարելու վերաբերյալ հոդվածներով: Չվճարված պետական տուրքի գումարը, որը պետք է վճարվեր դիմումատու ընկերության կողմից, հաշվարկվել էր 79,946 ՀՀ դրամ (մոտ 129 եվրո):
18. 2003թ. փետրվարի 3-ին դիմումատու ընկերությունը բերում է վճռաբեկ բողոք: Բողոքի հետ մեկտեղ դիմումատու ընկերությունը միջնորդություն է ներկայացնում պետական տուրքի վճարման հետաձգման վերաբերյալ` պնդելով, որ ընկերությունն ուներ ֆինանսական խնդիրներ. ընկերությունն ուներ միայն 770 ՀՀ դրամ (մոտ. 1.2 եվրո) իր հաշվապահական գրքերում և բանկային հաշվին, որոնցից երկուսն էլ սառեցված էին:
19. 2003թ. փետրվարի 14-ի նամակով ՀՀ վճռաբեկ դատարանը տեղեկացնում է դիմումատու ընկերությանը, որ վերջինիս վճռաբեկ բողոքը քննության է առնվելու 2003թ. փետրվարի 28-ին: Նամակում նաև նշվում էր, որ բողոքը թողնվելու էր առանց քննության մինչև 2003թ. փետրվարի 24-ը դիմումատուի կողմից պետական տուրքը չվճարվելու դեպքում:
20. 2003թ. փետրվարի 27-ի նամակով ՀՀ վճռաբեկ դատարանը վերադարձնում է դիմումատու ընկերության վճռաբեկ բողոքը պետական տուրքը վճարված չլինելու պատճառաբանությամբ: ՀՀ տնտեսական դատարանի վճիռը մտնում է օրինական ուժի մեջ:
21. 2003թ. փետրվարի 28-ին դիմումատու ընկերությունը դիմում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին` խնդրելով, որ իր բողոքը քննվի ժամկետից դուրս և պնդելով, որ այն ի վիճակի չէր վճարել պետական տուրքը, քանի որ ընկերությունը գրեթե գույք չուներ, իսկ գոյություն ունեցողի վրա էլ արգելանք էր դրված:
22. 2003թ. մարտի 13-ին ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի ավագ խորհրդատուն տեղեկացնում է դիմումատու ընկերությանը, որ վերջինիս վճռաբեկ բողոքը վերադարձվել է, քանի որ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (ՔԴՕ) հոդված 70-ի համաձայն առևտրային կազմակերպությունները չէին կարող ազատվել պետական տուրքի վճարումից»:
23. 2003թ. մարտի 25-ին կատարողական վարույթ է հարուցվում դիմումատու ընկերության նկատմամբ և վերջինիս գույքի վրա արգելանք է դրվում վճռով սահմանված պարտքի գումարի չափով:
24. 2004թ. ապրիլի 22-ին ՀՀ տնտեսական դատարանը սնանկության վարույթ է հարուցում դիմումատու ընկերության նկատմամբ Հարկային ծառայության հայցի հիման վրա:
25. 2004թ. մայիսի 20-ին ՀՀ տնտեսական դատարանը որոշում է կասեցնել այդ վարույթը մինչև դիմումատու ընկերության կողմից Եվրոպական դատարան ներկայացված դիմումի առնչությամբ որոշում կայացվելը: Երևում է, որ սնանկության վարույթը ներկայումս դեռ կասեցված է:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
26. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածները սահմանում են.
Հոդված 70. Պետական տուրքը
«1. Պետական տուրքը վճարվում է` (1) հայցադիմումների ... 7) դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար...
3. Պետական տուրքի չափը սահմանելու, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հարցերը լուծվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Պետական տուրքի վճարումից չեն կարող ազատվել անհատ ձեռնարկատերերը և առևտրային կազմակերպությունները:»
Հոդված 97. Հայցի ապահովման հիմքերը
«1. Դատարանը, գործին մասնակցող անձի միջնորդությամբ, կամ իր նախաձեռնությամբ, միջոցներ է ձեռնարկում հայցի ապահովման համար, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի վիճակի վատթարացմանը: Հայցի ապահովումը թույլատրվում է դատավարության ցանկացած փուլում:»
Հոդված 98. Հայցի ապահովման միջոցները
«1. Հայցի ապահովման միջոցներն են` (1) պատասխանողին պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա հայցագնի չափով արգելանք դնելը...»
Հոդված 212. Վերաքննիչ բողոքը վերադարձնելը
«1. Վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե` ... 5) վերաքննիչ բողոքին կցված չեն սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթերը, իսկ այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, բացակայում է դրա վերաբերյալ միջնորդությունը կամ նման միջնորդությունը մերժվել է:»
Հոդված 225. Վճռաբեկ բողոք բերելու հիմքերը
«Վճռաբեկ բողոք բերելու համար հիմք են` (1) գործին մասնակցող անձանց նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը [և] (2) նոր երևան եկած հանգամանքները:»
Հոդված 230. Վճռաբեկ բողոքի բովանդակությունը
«3. [Վճռաբեկ] բողոքին կցվում է պետական տուրքի վճարումը հավաստող ապացույցը:»
Հոդված 241.1 Նոր հանգամանքներով վճիռների և որոշումների վերանայման հիմքերը
«1. Նոր հանգամանքներով վճիռների և որոշումների վերանայման համար հիմք են`... Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճիռը կամ որոշումը, որով հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի (իրավունքների) խախտման հանգամանքը:»
27. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածները սահմանում են.
Հոդված 8. Պետական տուրքի դրույքաչափերը
«Պետական տուրքի դրույքաչափերը սահմանվում են գնահատման ենթակա գույքի արժեքի կամ սույն օրենքով սահմանված բազային տուրքի նկատմամբ: Բազային տուրքի չափ է սահմանվում 1000 դրամը:»
Հոդված 9. Դատարան տրվող հայցադիմումների, դիմումների ու գանգատների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքի դրույքաչափերը
«9. դատարանի վճիռների ու որոշումների դեմ բերված վճռաբեկ բողոքների համար` (ա) գույքային պահանջի գործով հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրք տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից, (բ) ոչ գույքային բնույթի պահանջի գործերով բազային տուրքի 20-պատիկի չափով...»
Հոդված 21. Պետական տուրքի գծով արտոնությունների տեսակները
«Պետական տուրքի գծով կարող են սահմանվել հետևյալ արտոնությունները` (ա) պետական տուրքի վճարումից ազատում, (բ) պետական տուրքի նվազեցում, (գ) պետական տուրքի դրույքաչափի նվազեցում, (դ) պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում, (ե) պետական տուրքը սահմանված ժամկետում բյուջե չգանձելու համար հաշվարկված տույժերի վճարումից ազատում, նվազեցում, դրանք վճարելու ժամկետի հետաձգում:»
Հոդված 22. Դատարաններում պետական տուրքի գծով արտոնությունները
«...Սույն օրենքի 9 հոդվածով սահմանված պետական տուրքի վճարումից չեն կարող ազատվել անհատ ձեռնարկատերերը և առևտրային կազմակերպությունները ...»
Հոդված 31. Առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնությունների սահմանումը
«Առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել` ... (գ) դատարանները կամ դատավորները` սույն օրենքի 9 հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից...»
28. «Հարկերի մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածները սահմանում են.
Հոդված 16
«Հարկային պարտավորությունը ներառում է հարկերի (այդ թվում` թաքցված կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի համար նախատեսված), ինչպես նաև հարկային օրենսդրությունը և Հայաստանի Հանրապետությունում հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերը խախտելու համար հաշվարկված` հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի և տուգանքների գումարների վճարումը:»
Հոդված 21
«Հարկերը ճիշտ հաշվարկելու, ժամանակին վճարելու և հարկային օրենսդրության մյուս պահանջները պահպանելու պատասխանատվությունը, հարկային օրենսդրությամբ այլ բան սահմանված չլինելու դեպքում, կրում են հարկ վճարողները և դրանց (ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պաշտոնատար անձինք:»
Հոդված 23
«Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը ... վճարում է տույժ` ժամանակին չմուծված հարկի գումարի 0.15 տոկոսի չափով:»
Հոդված 25
«Հաշվապահական հաշվառում (հարկային օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով նախատեսված դեպքերում` նաև այլ հաշվառում և (կամ) գրանցումներ) չվարելու կամ սահմանված կարգի խախտումներով այն վարելու, հաշվապահական հաշվետվությունները, հաշվարկները, հայտարարագրերը և հարկային օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթերն ու տեղեկությունները սխալ կազմելու համար հարկ վճարողից գանձվում է տուգանք` այդ խախտումների հետևանքով բյուջե չմուծված կամ պակաս մուծված հարկերի գումարի տասը տոկոսի չափով:»
Հոդված 28
«Ձեռնարկատիրական գործունեության առարկաները չգրանցելու, այսինքն` առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող արտադրանքը, ապրանքները, ինչպես նաև կատարվող աշխատանքները և մատուցվող ծառայությունները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով չգրանցելու դեպքում հարկ վճարողներից գանձվում է` տուգանք` ձեռնարկատիրական գործունեության չգրանցված առարկաների վաճառքի (իրացման) գներով արտահայտված (հաշվարկված) ամբողջ արժեքի 25 տոկոսի չափով, այդ թվում` վաճառված (իրացված) մասի համար...
Հարկային տեսչության կողմից խախտումն արձանագրվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, ձեռնարկատիրական գործունեության առարկաները չգրանցելու կրկնական փաստ արձանագրելու դեպքում գանձվում է` տուգանք` ձեռնարկատիրական գործունեության չգրանցված առարկաների վաճառքի (իրացման) գներով արտահայտված (հաշվարկված) ամբողջ արժեքի 50 տոկոսի չափով, այդ թվում` վաճառված (իրացված) մասի համար:»
29. «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածները սահմանում են.
Հոդված 43
«ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը թաքցնելու կամ պակաս ցույց տալու, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված կարգի խախտումով ապրանքների և ծառայությունների դիմաց վճարված ԱԱՀ-ի գումարները պակասեցնելու (հաշվանցելու) հետևանքով բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարները թաքցնելու կամ պակաս ցույց տալու համար վճարողներից գանձվում է թաքցված կամ պակաս ցույց տրված ԱԱՀ-ի գումարը, ինչպես նաև տուգանք` այդ գումարի 50 տոկոսի չափով...»:
ՕՐԵՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
30. Դիմումատու ընկերությունը պնդում է, որ իրեն ապօրինի կերպով մերժվել է ՀՀ վճռաբեկ դատարանի մատչելիության իրավունքը: Այն իր պնդումը հիմնավորում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածով, որի համապատասխան մասը շարադրված է հետևյալ կերպ.
«Յուրաքանչյուր ոք, … նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի… դատարանի կողմից … արդարացի… դատաքննության իրավունք…»:
Ա. Ընդունելիությունը
6-րդ հոդվածի կիրառելիությունը
31. Չնայած այն հանգամանքին, որ 6-րդ հոդվածի կիրառելիությունը տվյալ դատավարության նկատմամբ չի վիճարկվում, այնուամենայնիվ Դատարանն անհրաժեշտ է համարում անդրադարձ կատարել այս խնդրին իր սեփական նախաձեռնությամբ:
32. Դատարանը նախ և առաջ կրկնում է, որ հարկային վեճերը գտնվում են 6-րդ հոդվածով սահմանված քաղաքացիական իրավունքների և պարտականությունների շրջանակից դուրս, չնայած այն նյութական հետևանքներին, որոնք դրանք անխուսափելիորեն առաջացնում են հարկատուի համար (տե՜ս այլ նախադեպերի շարքում Ֆերացինին ընդդեմ Իտալիայի (Ferrazzini v. Italy) [GC], թիվ 44759/98, պարբ. 29, ECHR 2001-VII): Այնուամենայնիվ, երբ նման դատավարությունը ներառում է տույժերի և տուգանքների նշանակում, այն կարող է որոշակի հանգամանքներում գրավել 6-րդ հոդվածով սահմանված երաշխիքները վերջինիս «քրեական» մասի ներքո (տե՜ս Բենդենունն ընդդեմ Ֆրանսիայի (Bendenoսn v. France), 1994թ. փետրվարի 24-ի վճիռը, սերիա Ա, թիվ 284, էջ 20, պարբ. 47, Յանոշեվիչն ընդդեմ Շվեդիայի (Janosevic v. Sweden), թիվ 34619/97, պարբ. 71, ECHR 2002-VII, Յուսիլան ընդդեմ Ֆինլանդիայի (Jսssila v. Finland) [GC], թիվ 73053/01, պարբ. 38, ECHR 2006-… ): Սույն գործը վերաբերում է մի դատավարության, որտեղ դիմումատու ընկերությանը պարտավորեցվել է վճարել շահութահարկ, ավելացված արժեքի հարկ և պարզեցված հարկ և դրա հետ մեկտեղ լրացուցիչ տույժեր և տուգանքներ: Հետևաբար մնում է պարզել, արդյոք 6-րդ հոդվածը կարող է կիրառելի լինել քննարկվող դատավարության նկատմամբ իր «քրեական» մասի ներքո թե ոչ:
33. Դատարանը մեկ անգամ ևս նշում է, որ «քրեական մեղադրանք» հասկացությունը 6-րդ հոդվածի իմաստով ինքնավար բնույթ ունի (տե՜ս վերը վկայակոչված Յանոշեվիչ, պարբ. 65): Որոշելիս թե արդյոք հանցանքը որակվում է «քրեական» երեք չափանիշ պետք է կիրառվեն` հանցանքի իրավական դասակարգումը ներպետական օրենսդրությունում, հանցանքի բնույթը և հնարավոր պատժի խստության աստիճանը (տե՜ս Էնգելն ու այլոք ընդդեմ Նիդեռլանդների (Engel and others v. the Netherlands), 1976թ. հունիսի 8-ի վճիռը, Սերիա Ա, թիվ 22, էջեր 34-35, պարբ. 82, Օզթյուրքն ընդդեմ Գերմանիայի (Oüztսürk v. Germany), 1984թ. փետրվարի 21-ի վճիռը, Սերիա Ա, թիվ 73, էջ 18, պարբ. 50, Էզեհն ու Քոնորզն ընդդեմ Միացյալ Թագավորության (Ezeh and Connors v. the United Kingdom) [GC], թիվ 39665/98 և 40086/98, պարբ. 82, ECHR 2003-X): Երկրորդ և երրորդ չափանիշներն այլընտրանքային են և ոչ անհրաժեշտաբար միասնական. «քրեական մեղադրանք» բառերի միջոցով 6-րդ հոդվածը կիրառելու համար բավարար է, որ տվյալ հանցանքն իր բնույթով լինի «քրեական» Կոնվենցիայի իմաստով կամ համապատասխան անձին դատապարտած լինի պատժի, որն իր բնույթով և խստության աստիճանով ընդհանուր առմամբ պատկանում է «քրեական» ոլորտին (տե՜ս վերը վկայակոչված Յանոշեվիչ, պարբ. 67): Հարկային վեճերի կամ այլ դեպքերում պատժի ցածր աստիճանը որոշիչ չէ, այլապես քրեական բնույթ ունեցող հանցանքը 6-րդ հոդվածի շրջանակից դուրս բերելու համար (տե՜ս վերը վկայակոչված Յուսիլա, պարբ. 35, որտեղ Դատարանը գտել է, որ 6-րդ հոդվածը կիրառելի է նույնիսկ այն դեպքում, երբ նշանակված տույժը հավասար էր հարկային պարտավորության միայն 10 տոկոսին):
34. Անդրադառնալով առաջին չափանիշին` տույժերն ու տուգանքները տվյալ դեպքում նշանակվել են տարբեր հարկային օրենքներին համապատասխան և չեն դասակարգվում որպես քրեական: Այս փաստը սակայն որոշիչ չէ (տե՜ս նույն տեղում, պարբ. 37):
35. Ինչ վերաբերում է երկրորդ չափանիշին, ապա Դատարանը նշում է, որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի և «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթները կիրառելի են բոլոր անձանց նկատմամբ` և՜ ֆիզիկական, և՜ իրավաբանական, որոնք պարտավոր են հարկ վճարել և ուղղված չեն որոշակի խմբին: Բացի այդ, տույժերի ու տուգանքների նպատակը հարկատուի վարքագծի արդյունքում հնարավոր առաջացած ծախսերի նյութական հատուցումը չէ: Այս միջոցառումների նպատակը հարկատուների նկատմամբ ճնշում գործադրելն է, որպեսզի վերջիններս կատարեն իրենց իրավական պարտավորությունները և այդ պարտավորությունները խախտելու համար նրանց պատժելը: Այսպիսով պատժամիջոցները և՜ կանխարգելիչ են, և՜ պատժիչ:
36. Դատարանը գտնում է, որ վերը նշվածը բավարար է իրավախախտման քրեական բնույթը հաստատելու համար (տե՜ս նույն տեղում, պարբ. 38): Այնուամենայնիվ պետք է նաև նշել, որ տվյալ դեպքում դիմումատու ընկերության նկատմամբ նշանակվել էին բավական զգալի պատժամիջոցներ` տուգանքներ 10-ից 50 տոկոսի սահմաններում և տույժեր վճարման ուշացման ժամանակահատվածի համար ընդհանուր իրար հետ մոտավորապես հարկային պարտավորության գումարի 5-ից 43 տոկոսի չափով:
37. Վերոգրյալի լույսի ներքո Դատարանը եզրակացնում է, որ դիմումատուի մասնակցությամբ դատավարությունը կարող է դասակարգվել որպես «քրեական» Կոնվենցիայի իմաստով: Հետևաբար 6-րդ հոդվածը կիրառելի է:
38. Դատարանն այնուհետև նշում է, որ այս գանգատը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն ակնհայտորեն անհիմն չէ: Դատարանը նաև գտնում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Այդ պատճառով այն պետք է հայտարարվի ընդունելի:
Բ. Գործի ըստ էության քննությունը
1. Կողմերի պնդումները
(ա) Կառավարությունը
39. Կառավարությունը պնդեց, որ ՔԴՕ հոդված 70- ի 3-րդ մասը չի խախտել դիմումատուի` դատարանի մատչելիության իրավունքը: Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն դատարանի մատչելիության իրավունքը բացարձակ չէ և կարող էր ենթարկվել սահմանափակումների: Վկայակոչելով Քրոյցն ընդդեմ Լեհաստանի ((Kreuz v. Poland), թիվ 28249/95, պարբ. 60, ECHR 2001-VI) գործն այն այնուհետև պնդեց, որ ներկայացված հայցերը քննելու կապակցությամբ քաղաքացիական դատարաններին տուրքեր վճարելու պահանջը չէր կարող դիտարկվել դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակում, որն ինքնին խախտում է Կոնվենցիայի հոդված 6-ի 1-ին մասը, քանի դեռ այն վնաս չի հասցնում այս իրավունքի բուն էությանը: Սակայն դա չէր կատարվել դիմումատու ընկերության դեպքում, քանի որ օրենքը սահմանում էր պետական տուրքերի վճարման հետ կապված այլ արտոնություններ` հակառակ հոդված 70-ի 3-րդ մասով արգելված պետական տուրքի վճարումից ամբողջությամբ ազատման, որոնք ապահովում էին առևտրային կազմակերպությունների` դատարանի մատչելիության իրավունքի արդյունավետ իրականացումը: Մասնավորապես, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի հոդված 21-ի համաձայն առևտրային կազմակերպությունները կարող էին դիմել և օգտվել, inter alia, պետական տուրքի նվազեցումից, պետական տուրքի դրույքաչափի նվազեցումից և պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգումից: Դիմումատու ընկերության դեպքում վերջին հնարավորությունը պարզվեց, որ արդյունավետ էր դիմումատու ընկերության` դատարանի մատչելիության իրավունքն ապահովելու հարցում, ինչը ցույց է տրված ՀՀ տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի 2001թ. օգոստոսի 31-ի և ՀՀ տնտեսական դատարանի 2002թ. հունվարի 18-ի որոշումներում, որոնք բավարարել էին դիմումատու ընկերության` պետական տուրքի վճարումը հետաձգելու պատճառաբանված միջնորդությունները: 2003թ. փետրվարի 3-ին դիմումատու ընկերությունը վճռաբեկ բողոքի հետ միասին ներկայացնում է պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու մասին միջնորդություն, որը նույնպես ընդունվել է ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից` մասնավորապես վերջինիս 2003թ. փետրվարի 14-ի որոշմամբ, որով նշանակվել էր դատական նիստի օրը: Ընդհանուր առմամբ, ՔԴՕ հոդված 70-ի 3-րդ մասով սահմանված սահմանափակումը չէր խախտել դատարանի մատչելիության բուն էությունը` հաշվի առնելով պետական տուրքերի վճարման հետ կապված այլ արտոնությունների գոյությունը:
40. Բացի այդ, պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգումից օգտվելու համար առևտրային կազմակերպությունը պետք է ներկայացներ պատճառաբանված միջնորդություն և հիմնավորել վճարելու իր անկարողությունը: Դիմումատու ընկերությունը սակայն թերացել էր ՀՀ վճռաբեկ դատարանին որևէ միջնորդություն ներկայացնել: ՀՀ վճռաբեկ դատարանն այնուամենայնիվ բավարարել էր դիմումատու ընկերության 2003թ. փետրվարի 3-ի միջնորդությունը գործի քննությունը հետաձգելու վերաբերյալ` թույլ տալով դիմումատու ընկերությանը վճարել պետական տուրքը մինչև 2003թ. փետրվարի 24-ը և զգուշացնելով, որ, եթե այն թերանար դա կատարելու մեջ, ապա վճռաբեկ բողոքը կվերադարձվեր: Սակայն դիմումատու ընկերությունը որևէ կերպ չի պատասխանել այդ նախազգուշացմանը և չի վճարել հետաձգված պետական տուրքը: Այդ պատճառով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը դիմումատու ընկերության վճռաբեկ բողոքը վերադարձնելու վերաբերյալ կամայական չէր: Ավելին, դիմումատու ընկերությունը չի ներկայացրել իր ֆինանսական միջոցների անբավարարության փաստը հիմնավորող ապացույցներ ո՜չ ՀՀ վճռաբեկ դատարանին և ո՜չ էլ Եվրոպական դատարանին: Նման ապացույցներ ներկայացնելու պահանջն իրավաչափ և հիմնավորված պայման է ցանկացած անձի համար, որը ցանկություն ունի օգտվել պետական տուրքի վճարման հետ կապված արտոնություններից: Նմանապես, վերը նշված հոդված 70-ի 3-րդ մասով նախատեսված սահմանափակման տրամաբանությունը կայանում է նրանում, որ առևտրային կազմակերպությունը, որը շահույթ ստանալու նպատակով ստեղծված իրավաբանական անձ է, պետք է, քանի դեռ այն չի ճանաչվել անվճարունակ, ունենա բավարար միջոցներ վճարելու համար պետական տուրքը, որը տվյալ դեպքում կազմում էր միայն 10,000 ՀՀ դրամ (մոտ. 18.7 եվրո տվյալ ժամանակահատվածում): Այսպես, հաշվի առնելով, որ դիմումատու ընկերությունը թերացել էր հիմնավորել իր անբավարար ֆինանսական միջոցները, պետական տուրքի գումարը չափազանց մեծ չէր և անհնարին չէր դարձնում դիմումատու ընկերության կողմից այն վճարելը:
(բ) Դիմումատու ընկերությունը
41. Դիմումատու ընկերությունը պնդեց, որ Կառավարության առարկություններում փաստերը ներկայացվել են աղավաղված ձևով: Առաջին հերթին, ՀՀ վճռաբեկ դատարանը երբեք չէր բավարարել պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին իր 2003թ. փետրվարի 3-ի միջնորդությունը` չընդունելով որևէ որոշում այդ միջնորդության առնչությամբ: Երկրորդ, Կառավարությունը ներկայացրել էր հակասական փաստարկներ` մի կողմից պնդելով, որ դիմումատու ընկերությունը չէր ներկայացրել պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն, իսկ մյուս կողմից պնդելով, որ դիմումատու ընկերության 2003թ. փետրվարի 3-ի միջնորդությունը ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից բավարարվել է: Բացի այդ, Կառավարության այն պնդումը, որ դիմումատու ընկերությունը պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին 2003թ. փետրվարի 3-ի իր միջնորդության մեջ որևէ կերպ չէր հիմնավորել իր ֆինանսական դրությունը, նույնպես իրականությանը չէր համապատասխանում: Քննարկվող միջնորդությունում հստակ նշվում էր, որ ընկերության գույքն արգելանքի տակ էր ՀՀ տնտեսական դատարանի 2001թ. դեկտեմբերի 24-ի որոշման հիման վրա: Այսպիսով, մի կողմից դատարանները արգելանք էին դրել ընկերության գույքի օգտագործման նկատմամբ` պետական տուրքի վճարումը դարձնելով անհնարին, մինչդեռ մյուս կողմից նրանք պահանջել էին ընկերությանը վճարել պետական տուրքը: Երրորդ, ՀՀ վճռաբեկ դատարանի 2003թ. փետրվարի 14-ի նամակը չէր կարող դիտարկվել որպես իրավական փաստաթուղթ: Դիմումատու ընկերությունից չէր պահանջվում նաև պատասխանել նամակում պարունակվող զգուշացմանը, որովհետև ՔԴՕ-ով սահմանված չէր նման ընթացակարգ, որի համաձայն ՀՀ վճռաբեկ դատարանն իրավասու էր նամակներում նման նախազգուշացումներ անել: Վերջապես, դիմումատու ընկերությունը պնդեց, որ ճիշտ չէր, թե պետական տուրքի գումարը միայն 10,000 ՀՀ դրամ էր: «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի հոդված 9-ի 9-րդ մասի համաձայն վճռաբեկ բողոքի համար վճարվելիք պետական տուրքի գումարը կազմում էր հայցագնի երեք տոկոսը, որը դիմումատուի դեպքում կազմել էր 113,918 ՀՀ դրամ (մոտ 180 եվրո տվյալ ժամանակահատվածում): Դիմումատու ընկերությունն իր այս պնդումը պաշտպանելու նպատակով հիմնվեց ՀՀ տնտեսական դատարանի 2001թ. նոյեմբերի 5-ի որոշման վրա, որի մեջ պետական տուրքի գումարը հաշվարկվել էր 189,864.05 ՀՀ դրամ:
42. Դիմումատուն այնուհետև պնդեց, որ և՜ ՔԴՕ հոդված 70-ի 3-րդ մասը և՜ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի հոդված 22-ը հակասում էին Կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված երաշխիքներին: Այս դրույթները անհավասարություն էին առաջացնում ֆիզիկական և իրավաբանական անձանց միջև` դրանցից առաջինին հնարավորություն տալով ազատվել պետական տուրքի վճարումից ֆինանսական միջոցների անբավարարության դեպքում, մինչդեռ վերջինը զրկված էր նման հնարավորությունից: Նույնիսկ եթե ֆինանսական դժվարություններ ունեցող իրավաբանական անձին շնորհվեր պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում, այն ապագայում դեռ կհայտնվեր դժվար ֆինանսական դրության մեջ: Ամփոփելով` դիմումատու ընկերությունը պնդեց, որ իր վճռաբեկ բողոքը չքննելը խախտել էր 6-րդ հոդվածով երաշխավորված դատարանի մատչելիության իր իրավունքը:
(գ) Կառավարության պատասխանը
43. Կառավարությունն իր հետագա առարկություններում նախ և առաջ նշեց, որ ՔԴՕ-ն չէր սահմանել մի ընթացակարգ, որի համաձայն ՀՀ վճռաբեկ դատարանը պետք է ընդուներ որոշում պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդության առնչությամբ: Երկրորդ, Կառավարությունն առարկեց, որ իր նախնական առարկություններում հակասություն չկար. դիմումատու ընկերության` պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգման վերաբերյալ 2003թ. փետրվարի 3-ի միջնորդությունն իրոք բավարարվել էր ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից: Ասելով, որ «դիմումատու ընկերությունը չէր ներկայացրել որևէ միջնորդություն ՀՀ վճռաբեկ դատարանին», այն նկատի էր ունեցել, որ դիմումատու ընկերությունը 2003թ. փետրվարի 3-ից հետո որևէ այլ նման միջնորդություն չէր ներկայացրել: Երրորդ, ինչ վերաբերում է դիմումատու ընկերության գույքի վրա արգելանք դնելուն, ապա խնդրո առարկա գույքի վրա արգելանք էր դրվել միայն դիմումատու ընկերության հարկային պարտքի գումարի չափով: Չորրորդ, ինչ վերաբերում է պետական տուրքի գումարին, ապա դիմումատուի պնդումը, որ այն կազմում էր 189,864.05 ՀՀ դրամ, հիմնավորված չէր: Դիմումատու ընկերության կողմից ՀՀ վճռաբեկ դատարան ներկայացված բողոքը ոչ նյութական բնույթի էր և համաձայն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի հոդվածի 9-ի 9-րդ մասի պետական տուրքը կազմում էր միայն 20,000 ՀՀ դրամ (մոտ 31 եվրո): Այսպես, դիմումատու ընկերության պնդումն առ այն, որ նույնիսկ պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգումն իրեն կդներ դժվար ֆինանսական դրության մեջ, անհիմն էր: Կառավարությունն ավելացրեց, որ իր նախնական փաստարկը, համաձայն որի պետական տուրքը կազմել էր 10,000 ՀՀ դրամ, տպագրական սխալ էր: Վերջապես պարզ չէր, թե ինչպես էր ենթադրյալ ֆինանսական ծանր դրության մեջ գտնվող դիմումատու ընկերությունն ունակ եղել վճարել ավելի քան 1,000,000 ՀՀ դրամ իրավաբանական և այլ ծառայությունների համար:
2. Դատարանի գնահատականը
44. Դատարանը կրկնում է, որ դատական պաշտպանության իրավունքը, որի մի մասն էլ կազմում է դատարանի մատչելիության իրավունքը, բացարձակ չէ, բայց կարող է ենթարկվել սահմանափակումների: Այնուհանդերձ, կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի` դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը հոդված 6-ի 1-ին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն (տե՜ս այլ հեղինակությունների շարքում Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի (Khalfaoui v. France), թիվ 34791/97, պարբ. 35, ECHR 1999-IX և Պապոնն ընդդեմ Ֆրանսիայի (Papon v. France), թիվ 54210/00, պարբ. 90, ECHR 2002-VII):
45. Դատարանն այնուհետև կրկնում է, որ այն դեպքերում, երբ բողոքարկման ընթացակարգեր են նախատեսված, Բարձր պայմանավորվող կողմերը պարտավոր են ապահովել իրենց իրավասության տակ գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից 6-րդ հոդվածով սահմանված այն նույն երաշխիքներից օգտվելը վերաքննիչ դատարաններում, ինչպիսիք նրանք ունեն առաջին ատյանի դատարանում (տե՜ս Բրուալլա Գոմեզ դե լա Տորրեն ընդդեմ Իսպանիայի (Brualla Gomez de la Torre v. Spain), 1997թ. դեկտեմբերի 19-ի վճիռը, Reports of Judgments and Decisions 1997-VIII, էջ 2955, պարբ. 33, Թինելի էնդ Սանզ ՍՊԸ-ն ու այլոք և ՄաքԷլդաֆն ու այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության (Tinnelly & Sons Ltd and Others and McElduff and Others v. the United Kingdom), 1998թ. հուլիսի 10-ի վճիռը, Reports 1998-IV, էջ 1660, պարբ. 72 և վերը վկայակոչված Խալֆաուի , պարբ. 37): Ավելին, այն սահմանափակումները, որոնք զուտ ֆինանսական բնույթ ունեն և որոնք բացարձակապես կապված չեն վերաքննիչ բողոքի կամ վերջինիս հաջողության հեռանկարների հետ, պետք է արդարադատության շահերից ելնելով մանրակրկիտ քննության առնվեն (տե՜ս Պոդբիելսկին և ՊՊՈւ Պոլպուրն ընդդեմ Լեհաստանի (Podbielski and PPU Polpure v. Poland), թիվ 39199/98, պարբ. 65, 2005թ. հուլիսի 26):
46. Սույն գործում դիմումատու ընկերության վճռաբեկ բողոքը չէր քննվել պետական տուրքը չվճարելու պատճառով: Դատարանը նշում է, որ կողմերը համաձայնության չեկան 2003թ. փետրվարի 3-ին դիմումատու ընկերության կողմից իր վճռաբեկ բողոքի հետ միասին պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդության ներկայացման հանգամանքների շուրջ (տե՜ս վերը, պարբ. 18): Այս առումով Դատարանը նշում է, որ Կառավարության այն փաստարկը, որ այս միջնորդությունը քննվել և բավարարվել է ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից, գործի նյութերով հիմնավորված չէ: Հակառակը` բոլոր նյութերը ցույց են տալիս, որ ի տարբերություն ՀՀ տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի և ՀՀ տնտեսական դատարանի, ՀՀ վճռաբեկ դատարանը որևէ որոշում չի կայացրել դիմումատուի միջնորդության առնչությամբ: Պարզ չէ, թե ինչ հիմքերով էր Կառավարությունը վկայակոչել ՀՀ վճռաբեկ դատարանի 2003թ. փետրվարի 14-ի նամակը որպես դիմումատու ընկերության` պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգման մասին միջնորդության կապակցությամբ ընդունված «որոշում»` հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ այս նամակում որևէ նշում չկա այդ դիմումի կամ վերջինիս հանգամանքների վերաբերյալ (տե՜ս վերը, պարբ. 19): Այդ պատճառով Դատարանը գալիս է այն եզրակացության, որ դիմումատու ընկերության` պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը քննության չի առնվել ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից:
47. Բացի այդ, չնայած ՀՀ տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի 2001թ. օգոստոսի 31-ի (տե՜ս վերը, պարբ. 9) և ՀՀ տնտեսական դատարանի 2002թ. հունվարի 18-ի (տե՜ս վերը, պարբ. 15) որոշումներից երևում է, որ առևտրային կազմակերպությունները «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի հոդված 21-ի (դ) կետի համաձայն հնարավորություն ունեն օգտվել պետական տուրքի վճարման հետաձգումից, 2003թ. մարտի 13-ի նամակից ակնհայտ է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը, քննության չառնելով դիմումատու ընկերության` պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին միջնորդությունը, անալոգիայով թե ոչ, ղեկավարվել է ՔԴՕ հոդված 70-ի 3-րդ մասով, որը հստակորեն արգելում է առևտրային կազմակերպությունների ազատումը պետական տուրքի վճարումից (տե՜ս վերը, պարբ. 22):
48. Դատարանը նշում է, որ պետական տուրքը վճարելու պարտավորությունը չի կարող դիտարկվել որպես դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակում, որն ինքնին չի համապատասխանում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասին: Այնուամենայնիվ, այդ տուրքերի գումարը գնահատելը որոշակի գործի հատուկ հանգամանքների տեսանկյունից, ներառյալ դրանք վճարելու դիմումատուի ունակությունը և դատավարության այն փուլը, որում նման սահմանափակումը կիրառվել է, հանգամանքներ են, որոնք էական են որոշելու համար անձն օժտված է եղել դատարանի մատչելիության իրավունքով թե ոչ (տե՜ս վերը վկայակոչված Քրոյց, պարբ. 60): Համապատասխանաբար, Դատարանն անհրաժեշտ է համարում քննել, թե արդյոք պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին դիմումատու ընկերության դիմումը մերժելով ՀՀ վճռաբեկ դատարանը հաշվի է առել դիմումատու ընկերության գործի հատուկ հանգամանքները թե ոչ և առաջին հերթին վճարելու նրա ունակությունը:
49. Այս իմաստով Դատարանը նշում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը չի քննել պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին դիմումատու ընկերության միջնորդությունը, որում դիմումատու ընկերությունը փաստարկներ էր ներկայացրել վճարելու իր անկարողության վերաբերյալ: Այդ պատճառով ՀՀ վճռաբեկ դատարանը հստակ տեղեկացված չէր դիմումատու ընկերության ֆինանսական դրության մասին: Ավելին, ինչպես արդեն վերը նշվել է, ՀՀ վճռաբեկ դատարանը չուներ օրենքով ուղղակիորեն սահմանված պարտավորություն գնահատելու դիմումատու ընկերության վճարելու ունակությունը (տե՜ս վերը, պարբ. 47): Դատարանը սակայն գտնում է, որ այդ դրույթներով սահմանված պետական տուրքի վճարումից ազատման բացարձակ արգելքն ինքնին խնդիր է առաջացնում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի հետ կապված: Կառավարության այն պնդումը, որի համաձայն առևտրային կազմակերպությունը, քանի դեռ այն անվճարունակ չի ճանաչվել, պետք է ունենա բավարար միջոցներ պետական տուրքը վճարելու համար, ենթադրական է (տե՜ս, mutatis mutandis, Յեդամսկին և Յեդամսկան ընդդեմ Լեհաստանի (Jedamski and Jedamska v. Poland), թիվ 73547/01, պարբ. 63, 2005թ. հուլիսի 26, և Տելտրոնիկ-ՍիէՅԹիՎին ընդդեմ Լեհաստանի (Teltronic-CATV v. Poland), թիվ 48140/99, պարբ. 57, 2006թ. հունվարի 10) և այդ պատճառով էլ չի ներգործում այս խնդրի շուրջ Դատարանի կարծիքի վրա:
50. Վերը նշվածի ներքո Դատարանը եզրակացնում է, որ դիմումատու ընկերությանը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտմամբ մերժվել էր դատարանի մատչելիությունը:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԵՎ ԴՐԱՆ ԿԻՑ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՅԼ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ
51. Կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածին և Կոնվենցիայի 17-րդ հոդվածին համապատասխան դիմումատու ընկերությունը պնդում է, որ հարկային իշխանությունների աշխատակիցները կաշառված են եղել և կատարել են անօրինական գնահատում` բռնագանձելով չափազանց մեծ գումար: Եվ վերջապես դիմումատու ընկերության կառավարիչը Կոնվենցիայի 4-րդ հոդվածին համապատասխան պնդում է, որ, քանի որ նա չուներ բավարար գումար վճռով սահմանված պարտքը վճարելու համար, նա ստիպված էր լինելու գումարը վճարել իր ապագա աշխատավարձից, ինչը հավասարազոր է ստրկության:
52. Ուսումնասիրելով իր մոտ առկա գործի նյութերը և այնքանով, որքանով այս պնդումները գտնվում են իր իրավասության տակ, Դատարանը գտնում է, որ դրանք Կոնվենցիայով կամ իր արձանագրություններով սահմանված իրավունքների և ազատությունների խախտման դրսևորումներ չեն ցուցաբերում: Հետևաբար գանգատի այս մասը պետք է մերժվի որպես ակնհայտորեն անհիմն Կոնվենցիայի հոդված 35-ի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն:
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՀՈԴՎԱԾ 41-Ի ԿԻՐԱՌԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ
53. Կոնվենցիայի հոդված 41-ը սահմանում է.
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է անհրաժեշտության դեպքում, տուժած կողմից արդարացի փոխհատուցում տրամադրել:»
Ա. Վնասը
54. Ընդհանուր առմամբ դիմումատու ընկերությունը պահանջել է 13,495,511 ՀՀ դրամ (մոտ 24,325 եվրո) որպես նյութական վնասի փոխհատուցում: Մասնավորապես, քանի որ իր վճռաբեկ բողոքը չէր քննվել, այն չի կարողացել վիճարկել 2001թ. ապրիլի 2-ի գնահատումը և արդյունքում ստացվել էր, որ պարտք է 4,013,900 ՀՀ դրամ (մոտ 7,235 եվրո) և այս պարտքի վճարումն ուշացնելու համար վճարել էր տուգանք 2,197,611 ՀՀ դրամի չափով (մոտ 3,961 եվրո): Բացի այդ, դիմումատու ընկերությունը դատավարությունը սկսվելուց հետո ավելի քան հինգ տարի չի կարողացել գործունեություն ծավալել, երբ նրա գույքն արգելանքի տակ էր և հետևաբար ընկերությունն ու իր կառավարիչը ունեցել էին բաց թողնված եկամուտ` 7,280,000 ՀՀ դրամ (մոտ 13,122 եվրո): Վերջապես, համապատասխան կատարողական գործողությունների ընթացքում 4,000 ՀՀ դրամ (մոտ 7 եվրո) անձամբ գանձվել է ընկերության կառավարիչից, քանի որ ընկերության միջոցները սառեցված էին: Դիմումատու ընկերությունը նաև պահանջել է 5,000 եվրո որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
55. Կառավարությունը նշել է, որ չկա պատճառահետևանքային կապ ենթադրյալ խախտման և պահանջվող նյութական և ոչ նյութական վնասի միջև: Եթե նույնիսկ գործը քննության առնվեր ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից, դա չէր փոխի գործի ընթացքը, քանի որ դիմումատու ընկերության հարկային պարտավորությունները բխում էին օրենքից: Այնուհետև, դիմումատու ընկերության գույքն արգելանքի տակ էր վերցվել միայն հայցագնին համապատասխան գումարի չափով, և որոշում չէր կայացվել դիմումատու ընկերության գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ: Բոլոր դեպքերում բաց թողնված օգուտի փոխհատուցման պահանջը մտացածին բնույթ ունի:
56. Դատարանը գտնում է, որ սույն գործում փոխհատուցման տրամադրումը կարող է հիմնվել միայն այն փաստի վրա, որ դիմումատու ընկերությունը չի օգտվել դատարանի մատչելիության իրավունքից Կոնվենցիայի հոդված 6-ի 1-ին մասի իմաստով: Այն չի կարող ենթադրություններ կատարել, թե ինչպիսին կլիներ դատավարության արդյունքը, եթե ՀՀ վճռաբեկ դատարանը քններ դիմումատու ընկերության վճռաբեկ բողոքը: Այդ պատճառով Դատարանը չի տեսնում որևէ պատճառահետևանքային կապ ճանաչված խախտման և ենթադրյալ նյութական վնասի միջև: Այնուհանդերձ, այն անողջամիտ չի համարում դիտարկել դիմումատու ընկերությանը որպես հնարավորությունների կորուստ կրած, չնայած որ դժվար է գնահատել այդ կորուստը (տե՜ս վերը վկայակոչված Խալֆաուի, պարբ. 58): Բոլոր դեպքերում դիմումատու ընկերությունն անհերքելիորեն կրել է ոչ նյութական վնաս սույն վճռում արձանագրված Կոնվենցիայի խախտման առնչությամբ: Որոշում կայացնելով արդարության հիման վրա` Դատարանը շնորհում է դիմումատու ընկերությանը 1,200 եվրո փոխհատուցում:
57. Դատարանը նաև անհրաժեշտ է համարում մատնանշել, որ վճիռը, որում այն արձանագրում է Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, պատասխանող պետության վրա իրավական պարտավորություն է դնում ոչ միայն վճարել այն գումարները, որոնք վճռվել է տրամադրել որպես արդարացի փոխհատուցում, եթե այդպիսիք առկա են, այլ նաև Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ ընտրել, թե ինչպիսի ընդհանուր և/կամ եթե կիրառելի է, մասնավոր միջոցառումներ պետք է ընդունվեն ներպետական իրավական համակարգում` Դատարանի կողմից արձանագրված խախտմանը վերջ դնելու և դրա հետևանքները վերացնելուն ուղղված հնարավոր այնպիսի փոխհատուցում տրամադրելու համար, որոնք հնարավորինս կվերականգնեն այն իրավիճակը, որ առկա էր մինչև խախտումը (տե՜ս Սկոցարին և Գյունտան ընդդեմ Իտալիայի [ՄՊ] (Scozzari and Giunta v. Italy), թիվ 39221/98 և 41963/98, պարբ. 249, ECHR 2000-VIII, Իլաշկուն և Այլոք ընդդեմ Մոլդովայի և Ռուսաստանի [ՄՊ] (Ilaşcu and Others v. Moldova and Russia), թիվ 48787/99, պարբ. 487, ECHR 2004-VII, Լունգոչին ընդդեմ Ռումինիայի (Lungoci v. Romania), թիվ 62710/00, պարբ. 55, 26 հունվարի 2006): Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտման դեպքերում դիմումատու ընկերությունը պետք է հնարավորինս դրվի այնպիսի իրավիճակում, որում այն կգտնվեր, եթե այդ հոդվածի պահանջները անտեսված չլինեին (տե՜ս, mutatis mutandis, Սեյդովիչն ընդդեմ Իտալիայի [ՄՊ] (Sejdovic v. Italy), թիվ 56581/00, պարբ. 127, ECHR 2006-...):
58. Այս կապակցությամբ Դատարանը նշում է, որ ՔԴՕ 241.1 հոդվածը թույլ է տալիս ներպետական վարույթի վերաբացումը, եթե Դատարանը արձանագրել է Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում (տե՜ս վերը, պարբ. 25): Ամեն դեպքում, Դատարանը գտնում է, որ փոխհատուցման ամենապատշաճ եղանակը այն դեպքերում, երբ արձանագրվել է, որ դիմումատուն զրկված է եղել դատարանի մատչելիության իրավունքից Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտմամբ, որպես կանոն հանդիսանում է վարույթի պատշաճ վերաբացումը և արդար դատաքննության բոլոր պահանջների պահպանմամբ գործի վերաքննության անցկացումը (տե՜ս, mսtatis mսtandis, Լունգոչի, վկայակոչված վերը, պարբ. 56):
Բ. Ծախսեր և ծախքեր
59. Դիմումատու ընկերությունը նաև պահանջել է 1,095,545 ՀՀ դրամ (մոտ 1,974 եվրո) ընդհանուր գումար որպես ներպետական դատարաններում և Դատարանում կատարված ծախսերի և ծախքերի փոխհատուցում, ներառյալ իրավական խորհրդատվությունը (987,000 ՀՀ դրամ (մոտ 1,779 եվրո)), թարգմանչական ծառայությունները (78,000 ՀՀ դրամ (մոտ 141 եվրո)), փոստային և ֆաքսի ծախսերը (12,845 ՀՀ դրամ (մոտ 23 եվրո)) և պատճենահանման, փոխադրման, գրենական պիտույքների և այլ ծախսերը (17,700 ՀՀ դրամ (մոտ 31 եվրո)):
60. Կառավարությունը նշել է, որ դիմումատու ընկերությունը չի ներկայացրել որևէ փաստաթղթային հիմնավորում առ այն, որ իրավաբանական, թարգմանչական կամ որևէ այլ ծախսեր են կատարվել:
61. Համաձայն Դատարանի նախադեպային իրավունքի` դիմումատուին տրամադրվում է իր ծախսերի և ծախքերի փոխհատուցում միայն այն դեպքերում, երբ ցույց է տրվում, որ դրանք իրականում կատարվել են, եղել են անհրաժեշտ և իրենց ծավալով ողջամիտ են: Դատարանը նշում է, որ դիմումատու ընկերության կողմից փաստաթղթային ապացույցներով հիմնավորված միակ ծախսերն ու ծախքերը Դատարանի հետ հաղորդակցության փոստային կտրոններն են 11, 770 ՀՀ դրամ (մոտ 24 եվրո) ընդհանուր գումարով և ներպետական դատարանների հետ հաղորդակցության հետ կապված փոստային կտրոնները 700 ՀՀ դրամ (մոտ 1.5 եվրո) գումարով և ֆաքսի հաշիվները 375 ՀՀ դրամ (մոտ 1 եվրո) ընդհանուր գումարով: Դատարանը սակայն նշում է, որ ներպետական դատավարությունների հետ կապված փոստային կտրոնների ժամկետը 2004 թվականն է, այսինքն` այն ժամանակահատվածը, երբ սույն գանգատում քննարկված դատավարությունն արդեն ավարտվել էր և այդ պատճառով որոշում է դիմումատու ընկերությանը շնորհել 25 եվրո որպես ծախսերի և ծախքերի փոխհատուցում:
Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը
62. Դատարանը ընդունելի է համարում, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխառության տրամադրման առավելագույն տոկոսադրույքը, որին պետք է գումարվի երեք տոկոս:
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
1. Ընդունելի է հայտարարում գանգատը` կապված դատարանի մատչելիության բացակայության հետ և անընդունելի` գանգատի մնացած մասերը,
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում, քանի որ դիմումատու ընկերությունը զրկված է եղել դատարանի մատչելիությունից,
3. Վճռում է, որ
(ա) պատասխանող պետությունը վճիռը Կոնվենցիայի հոդված 44-ի 2-րդ մասի համաձայն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում դիմումատու ընկերությանը պետք է վճարի հետևյալ գումարները` փոխարկված պատասխանող պետության ազգային արժույթով` վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.
(I) 1,200 (հազար երկու հարյուր) եվրո որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում,
(II) 25 (քսանհինգ) եվրո որպես ծախսերի և ծախքերի փոխհատուցում,
(III) այս գումարների վրա հաշվարկվող բոլոր տեսակի հարկերը,
(բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո մինչև վճարման օրը պետք է վճարվի նշված գումարի պարզ տոկոս Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխառության տրամադրման առավելագույն տոկոսադրույքի չափով, պարտավորությունների չկատարման ժամանակահատվածի համար, գումարած երեք տոկոս:
4. Մերժում է դիմումատու ընկերության արդարացի փոխհատուցման պահանջի մնացյալ մասը:
Կատարված է անգլերեն, գրավոր ծանուցվել է 20-ը դեկտեմբերի 2007թ.` համաձայն Դատարանի Կանոնակարգի կանոն 77-ի 2-րդ և 3-րդ մասերի:
Սանտիագո Քուեսադա Քարտուղար |
Բ. Զուպանչիչ, , Նախագահ |