Գլխավոր տեղեկություն
Номер
N 257-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (11.12.2017-16.11.2019)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2011.05.23/11(394).1 Հոդ.209.4
Принят
Կրթության և գիտության նախարար
Дата принятия
30.03.2011
Подписан
Կրթության և գիտության նախարար
Дата подписания
30.03.2011
Дата вступления в силу
02.06.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 մայիսի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 11011220

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

30 մարտի 2011 թ.

N 257-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի դ) ենթակետով, 20-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1579-Ն որոշման ժդ) կետի պահանջներով`

 

 ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչները»` համաձայն հավելվածի:

2. ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչությանը (պետ` Ն. Հովհաննիսյան) ՀՀ կրթության և գիտության նախարարության իրավաբանական վարչությանը (պետ` Մ. Գրիգորյան)` սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Հրամանի կատարման հսկողությունը վերապահել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:

 

Ա. Աշոտյան

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ կրթության և գիտության նախարարի

 30 մարտի 2011թ. N 257-Ն հրամանի

 

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

 I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը (այսուհետ` չափորոշիչ) կազմում է վաղ մանկության զարգացման ընդհանուր չափորոշչի բաղադրամաս և սահմանում է նախադպրոցական տարիքի երեխաների կրթական ծրագրերի բովանդակության նախագծման հիմնական ուղղությունները: Չափորոշչում նախադպրոցական կրթության բովանդակությունը ներկայացվում է տարանջատված կրթադաստիարակչական ոլորտ-տիրույթների և բաղադրիչների միջոցով:

Չափորոշիչը նպատակաուղղվում է նախադպրոցական տարիքի երեխայի իմացական շարժառիթների խթանմանը, նրա ինքնաճանաչման, ինքնադրսևորման, համակողմանի ու ներդաշնակ զարգացման ապահովմանը, կենսակերպի հիմքերի ձևավորմանն ու սոցիալականացմանը:

Չափորոշիչը նաև կրթադաստիարակչական հիմնական ծրագրերի նպատակների իրագործումը ցույց տվող ցուցանիշների կատարման ընդունված մակարդակն է:

Չափորոշիչը մշակվում է համագործակցային աշխատանքի արդյունքում և հաստատվում շահագրգիռ կողմերի համաձայնությամբ: Այն ներառում է ընդհանուր սկզբունքներ կամ գործունեության տարբեր տեսակներին ու արդյունքներին վերաբերող բնութագրեր, որոնք ուղղված են կարգավորելու հաջողությունների առավել լավորակ աստիճանը որոշակի իրադրության մեջ:

Չափորոշիչը երեխայակենտրոն կրթության հիմք է հանդիսանում:

Չափորոշիչը հնարավորություն է ընձեռում արձագանքելու երեխաների կարիքներին և հետաքրքրություններին, հարգելու յուրաքանչյուր երեխայի անձը և զարգացնելու ուժեղ կողմերը, խթանելու համատեղ ուսումնառության գործընթացը:

Չափորոշիչը որոշակի է, չափելի, հասանելի, իրատեսական, համապարփակ և ժամկետային:

Ըստ չափորոշչի, մշակվում են միջին և բարձրագույն մասնագիտական հաստատությունների նախադպրոցական ֆակուլտետների (բաժինների) ուսումնական ծրագրեր և վերապատրաստումների թեմատիկ պլաններ, ծնողական կրթության ծրագրեր:

Չափորոշչի հիման վրա մշակված նախադպրոցական կրթական ծրագրերի ներդրումը պարտադիր է նախադպրոցական ուսումնական հաստատությունների համար:

Նախադպրոցական բոլոր տարիքային խմբերի երեխաների կրթության և խնամքի չափորոշիչների սահմանումը ապահովում է կրթական քաղաքականության միասնականությունը և հաջորդայնությունը:

 

II. ՉԱՓՈՐՈՇՉԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԷՈՒԹՅՈՒՆԸ

 

Չափորոշիչը մշակվում է կրթության մասին ՀՀ օրենսդրության, «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 13-ի N 10 արձանագրային որոշման, վաղ մանկական տարիքի երեխայի զարգացման հայեցակարգի և նախադպրոցական կրթության բարեփոխումների ռազմավարական ծրագրերին համապատասխան:

«Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի դ) ենթակետի պահանջների համաձայն` նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը մշակում, հաստատում և ներդնում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը:

2. Չափորոշիչը նորմատիվ է, որը սահմանում է երեխայի զարգացման, կրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, երեխաների ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը և երեխաներին ներկայացվող որակական պահանջները:

Չափորոշչին համապատասխան`

1) ստեղծվում է երեխաների անվտանգության, խնամքի, զարգացման ու կրթության համար անհրաժեշտ միջավայր, այդ թվում` սանիտարահիգիենիկ ու շենքային և այլ պայմաններ, որոնց նվազագույն չափանիշները հաստատվում են պետական կառավարման համապատասխան մարմինների կողմից,

2) մշակվում են նորմատիվ ակտերի նախագծեր, նախադպրոցական կրթության ծրագրեր, ուսումնամեթոդական փաստաթղթեր և նյութեր, այդ թվում` երեխաների ծնողների և խնամողների համար երաշխավորություններ, ուղեցույցներ, հանրամատչելի գրքույկներ, պատրաստվում են հեռուստատեսային և ռադիոհաղորդումներ և այլն,

3) ստեղծվում են համապատասխան որակավորում շնորհող միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսումնական ծրագրեր ու պլաններ,

4) իրականացվում է նախադպրոցական կրթության բնագավառում աշխատող ղեկավար, մանկավարժական կադրերի ու սպասարկող անձնակազմի, մասնագիտական կատարելագործումը և ատեստավորումը,

5) նախագծվում և արտադրվում են երեխաների տարիքային ու ֆիզիոլոգիական առանձնահատկություններին համապատասխան ուսումնական և կենցաղային գույք, խաղալիքներ, դիտողական պարագաներ, իրականացվում է դրանց փորձաքննությունը,

6) ուսումնասիրվում, վերահսկվում և գնահատվում է նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների գործունեությունը,

7) դիտարկվում, որոշվում է երեխայի ֆիզիկական, մտավոր, հուզական (էմոցիոնալ) զարգացման ընթացքն ու մակարդակը,

8) իրականացվում է պետական, համայնքային, ոչ պետական ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական հագեցվածության ապահովումը,

9) իրականացվում է նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող կրթադաստիարակչական կազմակերպությունների լիցենզավորումը,

10) սահմանվում է երեխաների մտավոր և ֆիզիկական բեռնվածության համամասնությունը:

Երեխայի բեռնվածությունը փոխկապակցվում է կրթության բովանդակության, ուսուցման ձևերի, մեթոդների ու եղանակների, մանկապարտեզի աշխատանքային ժամակարգի, երեխայի տարիքային, անհատական առանձնահատկությունների և հնարավորությունների հետ:

 

III. ՉԱՓՈՐՈՇՉԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

3. Չափորոշչի ձևավորման հիմնական սկզբունքներն են`

1) վաղ մանկական տարիքի երեխաների զարգացման առանձնահատկությունների հաշվառումը, ուսումնադաստիարակչական աշխատանքի անհատականացման ապահովումը.

2) երեխաներին ներկայացվող պահանջների և նրանցից ունեցած ակնկալիքների հստակ սահմանումը, մտքի և խոսքի ազատ դրսևորման ապահովումը.

3) ուսումնադաստիարակչական գործունեությունը պլանավորելիս համալիր, բազմակողմանի և ներդաշնակ մոտեցման, խաղի գերակայության և խաղային գործունեության ապահովումը.

4) երեխայակենտրոն ուսումնադաստիարակչական և ֆիզիկական միջավայրի ստեղծման կարևորումը.

5) ուսումնադաստիարակչական ծրագրերում խոսքի զարգացման, մայրենի լեզվով հաղորդակցվելու, տրամաբանական մտածողության, ինքնուրույն գործունեության տարբեր ձևերի տիրապետման, ֆիզիկական, բարոյագեղագիտական, ճանաչողական, իմացական հայրենասիրական, իրավական, բնապահպանական, աշխատանքային դաստիարակության ապահովումը.

6) բարեկիրթ վարքի, անվտանգ վարքագծի դաստիարակման, ստեղծագործական ունակությունների, ընդհանուր հմտությունների, ընդունակությունների և հնարամտության առողջ սովորությունների զարգացման ապահովումը.

7) ուսումնադաստիարակչական գործընթացում ընտանիքի գործուն դերի ապահովումը, ծնողների ներգրավումը.

8) երեխայի սահուն անցման ապահովումը տարրական դպրոց:

(3-րդ կետը լրաց. 01.11.17 N 1251-Ն)

 

IV. ՉԱՓՈՐՈՇՉԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ

 

4. Չափորոշիչը ներառում է`

1) կրթադաստիարակչական հիմնական բնագավառները, ուղղությունները և բովանդակության բաղադրիչները,

2) երեխաներին ներկայացվող ընդհանուր կրթական պահանջները և նրանցից ունեցած ակնկալիքները, ըստ զարգացման սահմանված տարիքային խմբերի,

3) կրթական հիմնական բնագավառները, ուղղությունները, և բովանդակության բաղադրիչների սահմանման հոգեբանամանկավարժական սկզբունքները,

4) երեխաների ուսումնական, խաղային բեռնվածության երաշխավորվող առավելագույն չափը,

5) երեխաների զարգացման ընթացքի և առաջադիմության մակարդակի դիտարկման ձևերը,

6) նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխայի զարգացնող միջավայրի չափանիշները:

5. Չափորոշչի հիմնական գործառույթներն են`

1) Հայաստանի Հանրապետությունում նախակրթության կազմակերպման և իրականացման նկատմամբ միասնական պետական քաղաքականության ապահովումը,

2) նախադպրոցական կրթության, նախադպրոցական տարիքի երեխաների ուսումնառության հիմնական բովանդակության և բեռնվածության սահմանումը,

3) նախադպրոցական կրթության, մատուցվող այլընտրանքային կրթական ծառայությունների և ծնողական կրթության որակի բարելավումը,

4) նախադպրոցական կրթության հումանացումը, կրթական նպատակների համապատասխանեցումը երեխաների զարգացման առանձնահատկություններին, նախասիրություններին, երեխայակենտրոն ուսուցման ու դաստիարակության ապահովումը,

5) վաղ մանկական զարգացման ու կրթության սահուն, լիարժեք շարունակականության ապահովումը,

6) նախադպրոցական կրթության իրականացման գործընթացի և արդյունքների վերահսկողության և նախադպրոցական ուսումնական հաստատությունների, դրանց աշխատակազմերի գործունեության գնահատման հիմքերի ապահովումը,

7) չափորոշիչը նպատակաուղղված է նախադպրոցական կրթության արդիական այնպիսի մեթոդների ընտրությանը, որոնք հնարավորություն կընձեռեն ուսումնառության գործընթացը կազմակերպել ոչ միայն ամբողջօրյա ու շուրջտարյա ժամակարգով և ավանդական եղանակներով, այլև իրականացնել կարճատև, սեզոնային և այլընտրանքային կրթական ծառայություններ,

8) չափորոշիչը խրախուսում է տարբերակված, անհատակողմնորոշիչ, երեխայակենտրոն դաստիարակությունը և ուսուցումը, ինչը հիմնված է երեխայի անհատականության ճանաչման, փոխըմբռնման, երեխայի անձը հարգելու, նրա դիրքում կանգնելու, նրա տեսակետը հաշվի առնելու, զգացմունքներն ու հույզերը չանտեսելու մոտեցումների վրա,

9) չափորոշիչն ամրագրում է բովանդակության անհրաժեշտ, ստորին թույլատրելի նվազագույն սահմանը և ներառում է հոգեբանական նախապատրաստության, սոցիալական, իրավական, ճանաչողական-իմացական և առողջապահական ուղղությունները:

(5-րդ կետը լրաց. 01.11.17 N 1251-Ն)

 

V. ՉԱՓՈՐՈՇՉԻ ՈՐԱԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԸ

 

6. Չափորոշչի որակական պահանջները սահմանվում են` ըստ տարիքային խմբերի.

վաղ տարիքի առաջին խումբ- 2 ամսականից մինչև 1 տարեկան, վաղ տարիքի երկրորդ խումբ - 1 տարեկանից մինչև 2 տարեկան, կրտսեր առաջին խումբ-2 տարեկանից մինչև 3 տարեկան, կրտսեր երկրորդ խումբ- 3 տարեկանից մինչև 4 տարեկան, միջին խումբ-4 տարեկանից մինչև 5 տարեկան և ավագ խումբ-5 տարեկանից մինչև 6 տարեկան.

7. ըստ զարգացման ոլորտների և կրթության բովանդակության բաղադրիչների:

Չափորոշիչը նախագծվել է որպես մեկ ամբողջական փաստաթուղթ` պահպանելով շարունակականության ու հաջորդայնության սկզբունքները և կառուցողականության մոտեցումը, ինչպես նաև, արդեն իսկ հաստատված, հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և միջնակարգ կրթության պետական չափորոշչի պահանջները (ՀՀ կառավարության 8 ապրիլի 2010 թվականի N 439-Ն որոշում):

8. Ակնկալիքները`

1) նախադպրոցական համակարգի կրթական ոլորտի զարգացում և նորացում,

2) բազմաֆունկցիոնալ կրթական հաստատությունների տարբերակված կրթական ծրագրերի միասնական հենքային դաշտի ստեղծում,

3) անձնավորության ձևավորման նպաստում,

4) զարգացնող առարկայական միջավայրի ապահովում,

5) կադրերի մասնագիտական որակի կատարելագործում, վերապատրաստման աշխատանքի ձևերի և մեթոդների նորացում:

 

VI. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

9. Նախադպրոցական կրթության բովանդակությունը պայմանավորված է նախադպրոցական տարիքային բոլոր փուլերի` վաղ մանկության, կրտսեր և ավագ նախադպրոցական տարիքի զարգացման շրջանի տարիքային փուլերով ու երեխաների անհատական զարգացման առանձնահատկություններով: Նախադպրոցական կրթության բովանդակությունը, սույն չափորոշչի համաձայն, կազմում են նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման և կրթական ընդհանուր նպատակներին համապատասխան ընտրված` ընկալման, ըմբռնման ու յուրացման համար նախատեսված գիտելիքները, կարողությունները, հմտությունները և տարրական բարոյական արժեքային հարաբերությունները:

Նախադպրոցական տարիքի երեխաների կրթության բովանդակությունը հիմնականում ներառում է զարգացման հետևյալ ոլորտները`

1) շարժողական ոլորտ.

2) խոսքի զարգացում.

3) հուզական, անձնային, սոցիալական, իրավական զարգացում.

4) իմացական ոլորտ.

5) ինքնասպասարկում և անվտանգություն.

6) վերաբերմունք սովորելու նկատմամբ:

Չափորոշիչներում ոլորտները ներկայացվում են տվյալ չափորոշչային պահանջին համապատասխանող ցուցիչով:

Կրթության բովանդակության` չափորոշչով սահմանված հասանելի մակարդակը ապահովվում է կրթության բաղադրիչների միջոցով, որոնք իրականացվում են գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձևավորմամբ` երեխաների զարգացման ոլորտներին և ուղղություններին համապատասխան կազմված, կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից հաստատված «Մանկապարտեզի կրթական համալիր ծրագրի» համաձայն: Համալիր ծրագիրը սահմանում է յուրաքանչյուր տարիքային խմբի կրթության բովանդակության ընդհանրական կառուցվածքը, կանոնակարգային պահերը, ուսումնական տարվա սկիզբը, ավարտը, հիմնական ուղղություններին հատկացվող շաբաթական և տարեկան պարապմունքների քանակը, սաների շաբաթական բեռնվածության առավելագույն քանակը, ակնկալվող արդյունքները ըստ զարգացման ոլորտների, գործունեության ձևերի:

Ծրագրի հիման վրա մշակվում և հաստատվում են նախադպրոցական կրթության իրականացման, այդ թվում` այլընտրանքային օրինակելի կրթական ծրագրեր և պլաններ` ուսումնական, ուսումնամեթոդական, ուսումնաօժանդակ ձեռնարկներ` հաստատվում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից:

(9-րդ կետը լրաց. 01.11.17 N 1251-Ն)

 

VII. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ (ԱՅՍՈՒՀԵՏ` ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ) ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

10. Կրթական ծրագրերին ներկայացվում են հետևյալ պահանջները.

1) համապատասխանությունը նախադպրոցական կրթության չափորոշչին.

2) կրթության աշխարհիկ բնույթը.

3) երեխաների հետ մեծերի փոխգործունեության անհատակողմնորոշիչ (անձնակողմնորոշիչ) սկզբունքի ապահովումը.

4) ազգային ավանդույթների և համամարդկային արժեքների զուգորդումը.

5) կրթության բովանդակության մեջ երեխայի խոսքի, տրամաբանության, մտավոր, ֆիզիկական, գեղարվեստագեղագիտական զարգացման, օրենքի գաղափարի և կարևորության, բնագիտության հիմունքներին ծանոթացման ներառումը:

(10-րդ կետը լրաց. 01.11.17 N 1251-Ն)

11. Կրթական ծրագրերը պետք է նպատակաուղղված լինեն`

1) հետաքրքրասիրության զարգացմանը` որպես նախադպրոցականի ճանաչողական (իմացական) ակտիվության դրսևորման գործոնի.

2) երեխայի ընդունակությունների զարգացմանը.

3) հաղորդակցական հմտությունների ձևավորմանը.

4) ստեղծագործական երևակայության ձևավորմանը:

12. Կրթական ծրագրերը պետք է ապահովեն`

1) երեխաների ֆիզիկական և հոգեկան առողջության պահպանումն ու ամրապնդումը, ֆիզիկական զարգացումը. յուրաքանչյուր երեխայի հուզական բարվոքությունը.

2) երեխայի անձի, նրա ստեղծագործական ունակությունների զարգացման համար պայմանների ստեղծումը.

3) համամարդկային արժեքներին, օրինականության գաղափարին հաղորդակցումը, շփումը.

4) ընտանիքի հետ համագործակցությունը երեխայի լիարժեք զարգացման գործում:

(12-րդ կետը լրաց. 01.11.17 N 1251-Ն)

13. Կրթական ծրագրերը պետք է նախատեսեն երեխայի կյանքի կազմակերպման 3 ձև`

1) պարապմունքները՝ որպես ուսուցման կազմակերպման հատուկ ձև.

2) չկանոնակարգված գործունեության տեսակներ.

3) օրվա ընթացքում երեխայի ազատ ժամանակի տնօրինում:

16. Կրթական ծրագրերը պետք է ներառեն երեխաների անհատական և համատեղ գործունեության օպտիմալ համադրումը, նրանց տարիքին առանձնահատուկ գործունեության տեսակների հաշվառմամբ:

17. Կրթական ծրագրերը դասակարգվում են` համալիր և բաղադրամասային, տարբերակային ծրագրերի.

1) համալիր ծրագիրը ներառում է երեխայի զարգացման բոլոր ուղղությունները: Բաղադրամասային ծրագիրը ներառում է երեխայի զարգացման մեկ կամ մի քանի ուղղությունները,

2) կրթական գործընթացի ամբողջականությունը նախադպրոցական հաստատությունում ապահովվում է համալիր ծրագրի կամ բաղադրամասային ծրագրերի հավաքածուի կիրառման ճանապարհով, որոնք լրացնում են միմյանց,

3) բաղադրամասային, տարբերակային ծրագրերը պետք է կառուցված լինեն միասնական սկզբունքներով,

4) կրթական համալիր ծրագրի համապատասխան բաժնի փոխարեն բաղադրամասային նոր ծրագրի կիրառման դեպքում չի թույլատրվում բովանդակության կրկնորդումը, ինչպես նաև հակասությունը տվյալ ծրագրերի հիմնական սկզբունքներին:

 

VIII. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՐԵԽԱՅԻ ԶԱՐԳԱՑՆՈՂ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

18. 2 ամսականից մինչև 1 տարեկան երեխաների զարգացման պայմաններ. զարգացնող միջավայր, անվտանգության ապահովում, առողջության պահպանում.

1) խմբասենյակի տարածքում (այսուհետ` Տարածք) առկա են մանեժներ կամ այլ սարքավորումներ, որոնք ապահովում են երեխաների համար անվտանգություն.

2) տարածքում առկա է փափուկ հատակ` չորեքթաթ շարժվող երեխաների համար.

3) տարածքում առկա են սարքավորումներ, միջոցներ` երեխաների նստակյաց խաղերի համար.

4) տարածքում առկա են սարքավորումներ, միջոցներ` երեխաների հենաշարժողական ակտիվության համար` ճոճանակ, ճոճաթոռ, շարժաթոռ.

5) տարածքում առկա են գունեղ նկարներ, խաղալիքներ` ինքնուրույն և մեծերի հետ գործունեության մեջ կիրառելու համար.

6) երեխաներն ապահովված են նյութերով, որոնք խթանում են ձեռքի շարժումների միջոցով գործողությունների կատարմանը.

7) փոքրիկների մահճակալների վերևի մասում տեղակայված են չխկչխկաններն այնպես, որպեսզի նրանց ձեռքը հասնի դրանց.

8) խմբում առկա են սյուժետային խաղալիքներ (մանկական կահույք, ամանեղեն և այլն).

9) առկա են մանկական երաժշտական գործիքներ, ձայնային հնչեղությամբ խաղալիքներ.

10) առկա են նկարազարդ գրքեր, գունավոր մատիտներ.

11) տարածքն ունի հնարավորություն` երաժշտության ներքո տեղաշարժվելու, խաղերի կազմակերպման, ինչպես նաև խաղալիքներից օգտվելու համար.

12) առկա են նվագարկիչ, մագնիտոֆոն և այլն:

 

19. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 1-ԻՑ ՄԻՆՉԵՎ 3 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ԶԱՐԳԱՑՆՈՂ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

1) Խմբասենյակում առկա են խաղային նյութեր երեխաների ճանաչողական զարգացման համար` խճանկար, մատրյոշկաներ, բուրգ, երկրաչափական տարբեր անցքերով աղյուսիկներ, բազմագույն խորանարդիկներ, գնդակներ, փոքրիկ մեքենաներ, գրքեր գունեղ նկարներով.

2) առկա են երեխաների սյուժետային խաղերի համար նյութեր. տիկնիկներ, տարբեր չափերի կենդանիներ, տիկնիկների, հագուստներ, խաղալիք կահույք տարբեր ձևերի և գույների կառուցողական նյութեր, խաղալիք-հեռախոսներ, դեկորացիաներ, խորանարդիկներ, փայտիկներ և այլն.

3) առկա են խաղային նյութեր և սարքավորումներ` երեխաների երաժշտական ունակությունների զարգացման համար.

4) առկա են նյութեր և սարքավորումներ` երեխաների ստեղծագործական գործունեության համար. ալբոմներ, թղթեր, վրձիններ, մատիտներ, ֆլոմաստերներ, պլաստիլին և այլն.

5) բոլոր նյութերը հասու և մատչելի են երեխաներին` աշխատելու համար. մատիտները սրված են, ֆլոմաստերները` թարմ, վրձինները` մաքուր.

6) առկա են խաղալիքներ` զբոսանքների ժամանակ խաղալու համար. փոքրիկ դույլեր, կաղապարներ, բահեր և այլն.

7) առկա են խաղեր և սարքավորումներ` քայլքի և այլ շարժումների համար.

8) տարածքում առկա է երեխաների համատեղ խաղերի համար առանձնացված տեղ.

9) բոլոր խաղալիքները, նյութերը երեխաների համար մատչելի տեղում են դրված.

10) տարածքը զարդարված է գունեղ նկարներով, ծաղիկներով, բույսերով.

11) խմբասենյակում առկա են դիդակտիկ նյութեր` երեխաների սենսորիկայի (մանր մկանների համակարգի), սյուժետային խաղերի զարգացման համար:

 

20. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 3-ԻՑ ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ԶԱՐԳԱՑՆՈՂ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

1) Հաստատությունում առկա են`

սարքավորումներ և դիդակտիկ միջոցներ երեխաների համակողմանի զարգացման համար.

2) տեսալսողական միջոցներ.

3) ալբոմներ, գեղարվեստական գրականություն և այլ նյութեր երեխաների տպավորությունները հարստացնելու համար.

4) ստեղծված են պայմաններ մարդու, պատմության, մշակույթի մասին երեխաների պատկերացումների զարգացման համար. խմբասենյակում առկա են`

դիդակտիկ խաղեր (լոտո, դոմինո, նկարների հավաքածուներ), տարբեր սյուժետային խաղային հավաքածուներ, լեգոներ և խաղալիքներ` տարաբնույթ գործունեության ժամանակ երեխաների զարգացման համար.

5) խաղեր երեխաների ինտելեկտուալ զարգացման համար (դոմինո, շաշկի, շախմատ և այլն).

6) խաղալիքներ և սարքավորումներ սենսորային զարգացման համար.

7) դիտողական, նկարազարդ նյութեր.

8) պայմաններ երեխաների անհատական և համատեղ ակտիվության դրսևորման համար.

9) պայմաններ երեխաների առողջության պահպանման և ամրապնդման համար.

10) բժշկական սարքավորումներ երեխաների բուժկանխարգելիչ միջոցառումների համար.

11) հատուկ տարածքներ երեխաների հետ տարվող շտկողական աշխատանքների համար (հոգեբանի, լոգոպեդի, այլ հատուկ մանկավարժի համար).

12) ստեղծված են պայմաններ երեխաների գեղարվեստագեղագիտական զարգացման համար.

13) հատուկ սարքավորումներ գեղարվեստական ստուդիայի համար.

14) տարածքի գեղագիտական ձևավորումներ` ուղղված երեխաների գեղարվեստական զարգացմանը (նկարներ, վերատպություններ, ժողովրդական ստեղծագործության նմուշներ, երեխաների, մեծերի աշխատանքների ցուցահանդեսներ և այլն).

16) ստեղծված են պայմաններ երեխաների թատերական գործունեության զարգացման համար.

17) կան օժանդակ հարմարություններ թատերական գործունեության կազմակերպման համար.

18) առկա են թատրոնների տարաբնույթ տեսակներ (ստվերային, ստվարաթղթային, սեղանային և այլն).

19) առկա են թատերական բեմականացումների համար ատրիբուտներ.

20) ստեղծված են պայմաններ երեխաների երաժշտական գործունեության զարգացման համար.

21) առկա է երաժշտական դահլիճ.

22) առկա են երաժշտական գործիքներ.

23) առկա են մանկական երաժշտական գործիքներ.

24) առկա են երաժշտադիդակտիկ խաղեր և պիտույքներ.

25) խմբասենյակում առկա են երաժշտական անկյուններ.

26) խմբասենյակում առկա են երաժշտական գործիքներ.

27) ստեղծված է երաժշտական միջավայր (երաժշտությունն ուղեկցվում է պարապմունքների, ռեժիմային պահերի ժամանակ).

28) հաստատությունում ստեղծված են պայմաններ երեխաների կոնստրուկտիվ (կառուցողական) գործունեության զարգացման համար.

29) խմբասենյակներում առկա են մանր (սեղանային) և խոշոր (հատակի) կառուցողական նյութեր.

30) խմբերում առկա են տարբեր տիպի կոնստրուկտորներ՝ փայտե, մետաղական, պլաստմասսայի դետալների տարբեր միացումներով.

31) առկա են մոզաիկաներ, թանգրամներ, կտրվածքներով նկարներ.

32) առկա են բնական նյութեր գեղարվեստական կառուցումների համար.

33) հաստատությունում ստեղծված են պայմաններ երեխաների էկոլոգիական կուլտուրայի զարգացման համար.

34) առկա են դիտողական պիտույքներ, պատկերազարդ նյութեր երեխաների էկոլոգիական կուլտուրայի զարգացման համար.

35) խմբասենյակում առկա են կանաչապատման անկյուններ (սենյակային բույսեր).

36) հաստատությունում խնամում և պահում են կենդանիներ, թռչուններ, ձկներ, կրիա և այլն.

37) հաստատությունում ստեղծված են պայմաններ բույսերի խնամքի և աճեցման համար (այգի, բանջարանոց, ծաղկանոց և այլն).

38) առկա է առանձին տարածք կենդանի բնության համար (ձմեռային այգի, կենդանական անկյուն և այլն).

39) հողամասում առկա է էկոլոգիական արահետ.

40) հաստատությունում ստեղծված են պայմաններ մարդու, պատմության, մշակույթի մասին երեխաների պատկերացումների զարգացման համար.

41) հաստատությունում առկա է անկյուն պետական խորհրդանիշների համար (դրոշ, զինանշան, օրհներգ, ՀՀ Սահմանադրություն).

42) առկա են ազգային, ժողովրդական կենցաղի առարկաների նմուշներ.

43) առկա են ազգային և այլազգի տարազներով տիկնիկներ.

44) առկա է գեղարվեստական համապատասխան գրականություն.

45) խմբասենյակում առկա են սեղանային տպագիր և դիդակտիկ խաղեր և խաղալիքներ, որոնք ծանոթացնում են երթևեկության կանոններին.

46) հաստատությունում ստեղծված են պայմաններ երեխաների ֆիզիկական զարգացման համար.

47) առկա է մարզադահլիճ, դեկորատիվ կամ իսկական լողավազան.

48) առկա են երեխաների ֆիզիկական ակտիվության համար անհրաժեշտ սարքավորումներ, մարզական գույք.

49) բակում և տարածքում ստեղծված են պայմաններ երեխաների ֆիզիկական զարգացման համար.

50) ստեղծված են պայմաններ երեխաների մաթեմատիկական պատկերացումների ձևավորման համար.

51) առկա են ցուցադրական և բաշխիչ նյութեր հաշվի, քանակի, առարկաների մեծության և ձևերի վերաբերյալ երեխաների պատկերացումների զարգացման համար.

52) առկա են նյութեր և սարքավորումներ՝ թվի, մեծության մասին երեխաների պատկերացումների ձևավորման համար (թվանշաններ, կշեռքներ, չափման միավորներ և այլն).

53) առկա են նյութեր երեխաների տարածական և ժամանակային պատկերացումների զարգացման համար (գրատախտակ, օրացույց, ժամացույց. ավազի, արևային ժամացույց և այլն).

54) համակարգչի առկայություն՝ համակարգչային խաղերով.

55) առկա են նյութեր և սարքավորումներ երեխաների փորձարարական աշխատանքների ցուցադրման համար (գլոբուս, քարտեզ, մակետներ, նկարների հավաքածուներ, մագնիս, սեղանային տպագիր խաղեր և այլն).

56) հաստատությունում ստեղծված են պայմաններ երեխաների խոսքի զարգացման համար.

57) առկա է մանկական գրադարան.

58) առկա են առանձին տարածքներ օտար լեզուների ուսուցման համար.

59) առկա է ծրագրամեթոդական գրականության անկյուն աշխատողների և ծնողների համար.

60) առկա են նկարների հավաքածուներ և սեղանային տպագիր խաղեր խոսքի զարգացման ուղղությամբ.

61) առկա է առանձին տարածք խաղերի համար.

62) բակում, հողամասում առկա են խաղային սարքավորումներ.

63) հաստատությունում առկա են խաղեր և խաղալիքներ տարբեր տեսակի խաղերի համար. սյուժետադերային, շարժուն, մարզական, դիդակտիկ և այլն.

64) խմբասենյակում առկա են նյութեր, որոնք կարող են հիմք ծառայել` որպես փոխարինիչ առարկաներ օգտագործելու համար:

(20-րդ կետը լրաց. 01.11.17 N 1251-Ն)

 

IX. ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ

 

(IX գլուխը լրաց. 01.11.17 N 1251-Ն)

 

(հավելվածը լրաց. 01.11.17 N 1251-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.10.2019, N 24-Ն 16.11.2019, N 257-Ն
01.11.2017, N 1251-Ն 11.12.2017, N 257-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան