Գլխավոր տեղեկություն
Номер
N 1186-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (25.11.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2017.11.15/31(600) Հոդ.369
Принят
Արտակարգ իրավիճակների նախարար
Дата принятия
11.10.2017
Подписан
Արտակարգ իրավիճակների նախարար
Дата подписания
11.10.2017
Дата вступления в силу
25.11.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

30 հոկտեմբերի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 32617427

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

11 հոկտեմբերի 2017 թ.
ք. Երևան

N 1186-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՕԴԱՆԱՎԻ (ՈՒՂՂԱԹԻՌԻ) ԱՆՁՆԱԿԱԶՄԻ, ՕԴԱՆԱՎԻ (ՈՒՂՂԱԹԻՌԻ) ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՂ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՎԵՐԳԵՏՆՅԱ, ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված փրկարարական ծառայության կանոնագրքի 37-րդ հոդվածի 9-րդ մասի և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի N 259-Ն որոշման N 1 հավելվածի 16-րդ կետի 1-ին ենթակետով.

 

Հրամայում եմ`

 

1. Սահմանել` օդանավի (ուղղաթիռի) անձնակազմի, օդանավի (ուղղաթիռի) տեխնիկական սպասարկող, այդ թվում` վերգետնյա, անձնակազմի պաշտոնեական պարտականությունները, իրավունքները` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության ծառայության կազմակերպման վարչության պետին` սահմանված կարգով ու ժամկետում ապահովել սույն հրամանի ներկայացումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության` պետական գրանցման:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Դ. Տոնոյան

 

 

Հավելված
Հայաստանի Հանրապետության
արտակարգ իրավիճակների
նախարարի
2017 թվականի հոկտեմբերի 11-ի
N
1186-Ն հրամանի

 

ՕԴԱՆԱՎԻ (ՈՒՂՂԱԹԻՌԻ) ԱՆՁՆԱԿԱԶՄԻ, ՕԴԱՆԱՎԻ (ՈՒՂՂԱԹԻՌԻ) ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՂ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՎԵՐԳԵՏՆՅԱ, ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հավելվածով սահմանվում են արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների, փրկարարական (որոնողափրկարարական, լեռնափրկարարական, բուժսանիտարական, ձյունափրկարարական, ջրափրկարարական), անհետաձգելի վթարավերականգնողական և հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպման ու իրականացման, արտակարգ իրավիճակներում ու ռազմական դրության ժամանակ վտանգավոր տարածքից անվտանգ տարածք մարդկանց, կենդանիների և նյութական արժեքների տարահանման, ինչպես նաև «Փրկարար ծառայության մասին», «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին», «Պաշտպանության մասին», «Քաղաքացիական պաշտպանության մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին», «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության առջև դրված այլ լիազորությունների իրականացման, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս փրկարարական աշխատանքներում Հայաստանի Հանրապետության փրկարար ուժերի ներգրավման (Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս փրկարարական աշխատանքներ կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության փրկարար ուժերն ու փրկարարական տեխնիկան աղետից տուժած երկիր օդային տրանսպորտով ուղարկելու), օտարերկրյա պետությունում տեղի ունեցած արտակարգ իրավիճակից տուժած բնակչությանը ցուցաբերվող մարդասիրական օգնությունը տեղափոխելու նպատակով օգտագործվող օդանավի (ուղղաթիռի) անձնակազմի, օդանավի (ուղղաթիռի) տեխնիկական սպասարկող, այդ թվում` վերգետնյա, անձնակազմի պաշտոնեական պարտականությունները և իրավունքները:

2. Սույն հավելվածում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝

1) օդանավ (ուղղաթիռ)` սույն հավելվածի 1-ին կետում նշված նպատակներով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կողմից շահագործվող՝ «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում օդանավերի ռեգիստրում կամ ռեգիստրի հավելվածում գրանցված և գրանցման վկայական (սերտիֆիկատ) կամ գրանցման ժամանակավոր վկայական (սերտիֆիկատ) ու թռիչքային պիտանիության վկայական ունեցող, սույն կետի 2-րդ ենթակետում նշված անձնակազմով և վերգետնյա որոնողափրկարարական, վթարային փրկարարական ու փրկարարական պարաշյուտադեսանտային խմբերով, բժշկական անձնակազմով, կենսաապահովման միջոցներով, վթարային փրկարարական գույքով ու հանդերձանքով, անհետաձգելի բժշկական օգնության սարքավորումներով, ինչպես նաև աղետի վայր դրանց տեղափոխման համար անհրաժեշտ միջոցներով, կառավարման, կապի մարմիններով ու կետերով հագեցած պետական օդանավ (այսուհետ՝ օդանավ).

2) օդանավի անձնակազմ՝ թռիչքային անձնակազմի անդամներ (հրամանատար, օդաչու, շտուրման, բորտինժեներ և բորտռադիստ) և սրահի անձնակազմի անդամներ (բորտօպերատոր և բորտուղեկցորդ):

Օդանավի անձնակազմի անդամ կարող է հանդիսանալ «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն լիազորված մարմնի կողմից տրված կամ ուժ ստացած համապատասխան վկայական (այսուհետ՝ վկայական) և մասնագիտական գործունեություն իրականացնելու համար հատուկ և/կամ մասնագիտական պատրաստվածություն ունեցող ու ատեստավորում անցած ֆիզիկական անձը: Օդանավի անձնակազմի անդամների մասնագիտական պատրաստվածությունը հավաստվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված լիցենզիա ունեցող ուսումնական հաստատության կամ լիազորված մարմնի կողմից ճանաչված օտարերկրյա ուսումնական հաստատության տված փաստաթղթով.

3) օդանավի տեխնիկական սպասարկող անձնակազմ` օդանավի սպասարկման աշխատանքներ իրականացնող ինժեներատեխնիկական անձնակազմ:

Օդանավի տեխնիկական սպասարկող անձնակազմի անդամ կարող է հանդիսանալ «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն լիազորված մարմնի կողմից տրված օդանավի տեխնիկական սպասարկման մասնագետի գործող վկայական ու իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար հատուկ և/կամ մասնագիտական պատրաստվածություն ունեցող և ատեստավորում անցած ֆիզիկական անձը.

4) օդանավի հրամանատար` թռիչքային անձնակազմի (օդաչուի) գործող վկայական, ինչպես նաև օդանավի ինքնուրույն կառավարման համար համապատասխան մասնագիտական պատրաստվածություն, փորձ ունեցող և օդանավի` թռիչքի ժամանակահատվածում օդանավում բարձրագույն պաշտոնատար անձ.

5) օդանավի օդաչու (դիտորդ-օդաչու)` համապատասխան մասնագիտական պատրաստվածություն և թռիչքային անձնակազմի (օդաչուի) գործող վկայական ու հատուկ որակավորում ունեցող ֆիզիկական անձ.

6) օդանավի շտուրման` նավավարական (նավիգացիոն) միջոցների կիրառման մեթոդների իմացություն, օդանավը վարելու գործընթացի ապահովման համար մասնագիտական պատրաստվածություն և թռիչքային անձնակազմի (շտուրմանի) գործող վկայական ու հատուկ որակավորում ունեցող ֆիզիկական անձ.

7) օդանավի բորտինժեներ` օդանավի շահագործման կանոնների պահպանման, օդանավի` թռիչքին նախապատրաստելու և թռիչքի ընթացքում հայտնաբերված թերությունների համար պատասխանատու` մասնագիտական պատրաստվածություն և հատուկ որակավորում ու թռիչքային անձնակազմի (բորտինժեների) գործող վկայական ունեցող ֆիզիկական անձ.

8) օդանավի բորտռադիստ` օդանավի էլեկտրո-ռադիո և լուսատեխնիկական հագեցվածության շահագործման, օդանավի ռադիոմիջոցների աշխատանքի, երկկողմանի ռադիոկապի ապահովման համար պատասխանատու, մասնագիտական պատրաստվածություն և հատուկ որակավորում ու թռիչքային անձնակազմի (բորտռադիստի) գործող վկայական ունեցող ֆիզիկական անձ.

9) օդանավի բորտօպերատոր` օդանավի բեռնատար տնակի (բեռնախցիկի) տեխնիկական հագեցվածության և շահագործման, բեռնման, բեռների տեղաբաշխման, ամրակցման և փաթեթավորման կանոնների համար պատասխանատու` մասնագիտական պատրաստվածություն և հատուկ որակավորում ու թռիչքային (սրահի) անձնակազմի (բորտօպերատորի) գործող վկայական ունեցող ֆիզիկական անձ.

10) վկայական՝ փաստաթուղթ, որն իրավունք է տալիս վկայական կրողին դրա մեջ նշված որակավորման նիշերին համապատասխան իրականացնել մասնագիտական գործառույթներ.

11) օդանավի վերգետնյա սպասարկում` օդանավի` դեպի կայանատեղի ընդունման, թռիչքի նախապատրաստման և թռիչքի բացթողման, հանդիպման, քարշակման, բեռնման և բեռնաթափման, լիցքավորման, սրահի մաքրման և օդափոխման, թռիչքային անձնակազմին սննդով ապահովելու, հակասառցեպատման մշակման, վերգետնյա էլեկտրասնուցմամբ ապահովման, շարժիչների գործարկման և բացթողման համար նախատեսված համալիր աշխատանքներ.

12) օդանավի հանդիպում` տեսողական ազդանշանների օգնությամբ դեպի կայանատեղի և նրա սահմաններում վարման, կոճղակների տեղադրման և հետթռիչքային զննման աշխատանքներ.

13) օդանավի քարշակում` աերոդրոմի մանևրային տարածքում անհրաժեշտության դեպքում տեխնիկական անձնակազմի հսկողության առկայության պայմաններում օդանավի տեղաշարժումը վերգետնյա քարշակող մեքենայի միջոցով օդանավի անձնակազմի կամ համապատասխան թույլտվություն ունեցող տեխնիկական անձնակազմի օդանավի խցիկում գտնվելու պարագայում.

14) օդանավի էլեկտրասնուցմամբ ապահովում` կայանման ժամանակ օդանավի` վերգետնյա աղբյուրներից օժանդակ ուժային սարքավորման և էլեկտրասնուցման համակարգերի էլեկտրաէներգիայով ապահովման աշխատանքներ.

15) օդանավի սրահի օդափոխում` վերգետնյա աղբյուրից արտադրվող և օդանավի վառելիքի պահանջարկի ու էլեկտրահամակարգերի ծանրաբեռնվածության փոքրացման աշխատանքներ. սառը եղանակային պայմաններում իրականացվում է տաք օդի, իսկ տաք եղանակային պայմաններում` սառը օդի մատակարարում.

16) օդանավի բեռնաթափում և բեռնում` օժանդակ տեխնիկայով հագեցած խմբերի կողմից (փոքրածավալ քարշակներ` սայլակներ, փոխակրիչներ, վերելակներ և ավտոմեքենաներ` նախատեսված բեռնարկղերի մշակման համար) համապատասխան աշխատանքներ.

17) օդանավի լիցքավորում` թոիչքի համար նախատեսված օդանավի բաքերը վառելիքով լիցքավորելու, զուգարանային համակարգերի համար նախատեսված ջրով, հատուկ յուղերով, հեղուկներով և տեխնիկական սպասարկման համար նախատեսված գազերով (թթվածին, ազոտ), ինչպես նաև հրդեհաշիջման համար ջրով ու հրդեհի մարման համար նախատեսված այլ միջոցներով լիցքավորելու, անձնակազմին խմելու ջրով ապահովելու աշխատանքներ.

18) օդանավի սրահի մաքրում` оդանավի սրահի, խցի, բեռնախցի, նստատեղերի, նստատեղերի ծածկոցների, ամրագոտիների մաքրման, աղբատարների աղբահեռացման, փոշեծծիչով փոշու հեռացման, ինչպես նաև պատուհանների, հայելիների, ամրակալների, բեռնախութերի, բեռնախութերի կափարիչների (և այլն) մաքրման աշխատանքներ.

19) օդանավի թռիչքային անձնակազմի սննդային ապահովում` թռիչքային անձնակազմին թռիչքի ընթացքում անհրաժեշտ սննդով և ըմպելիքներով ապահովման աշխատանքներ.

20) օդանավի հակասառցեպատման մշակում` անհրաժեշտության դեպքում օդանավի արտաքին մակերևույթից ձյան շերտի, սառցաբեկորների հեռացման կամ դրանց հայտնվելու կանխարգելմանն ուղղված աշխատանքներ.

21) օդանավի շարժիչների գործարկում` օդանավի անձնակազմի կողմից և վերգետնյա անձնակազմի հսկողությամբ իրականացվող աշխատանքներ (շարժիչների գործարկման հսկողությունն իրականացվում է վերգետնյա անձնակազմի կողմից, քանի որ օդանավի անձնակազմը հնարավորություն չունի տեսնելու շարժիչի աշխատանքի ընթացքը և տեսողական մակարդակով վերահսկելու վերջինիս վիճակը. վերգետնյա անձնակազմը նախքան գործարկումը և գործարկման ժամանակ հետևում է, որպեսզի վտանգավոր գոտիներում շարժիչի և օդանավի շուրջը չգտնվեն կողմնակի առարկաներ, մարդիկ, հատուկ տրանսպորտ, ինչպես նաև հետևում է յուղի հոսքի բացակայությանն ու օդանավի համակարգերի և շարժիչների աշխատանքի ընթացքում տեսանելի շեղումներին).

22) օդանավի շարժիչի բացթողում` օդանավի նախաթռիչքային զննման, շարժիչների դիտարկման և օդանավի քարշակման վայրից դեպի շարժիչների գործարկման վայր տարվող աշխատանքներ.

23) լիազորված մարմին՝ «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված Հայաստանի Հանրապետությունում ավիացիայի (բացառությամբ ռազմականի) բնագավառի թռիչքային և ավիացիոն անվտանգության, տեխնիկական կարգավորման պետական կառավարման լիազորված մարմին (Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին):

3. Որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավվող օդանավերի համար թռիչքի ժամկետները՝ աղետի ազդանշանը ստանալու պահից սկսած, չպետք է գերազանցի՝

1) ամռանը` 30 րոպեն.

2) ձմռանը` 45 րոպեն:

4. Որոնողափրկարարական աշխատանքներում հերթապահության համար առանձնացված օդանավերը թույլատրվում է օգտագործել ուսումնական թռիչքների կամ արտադրական նպատակներով թռիչքների համար` տվյալ օդանավակայանի պատասխանատվության շրջանակում՝ միայն որոնողափրկարարական աշխատանքների համար թռիչքի սահմանված ժամկետները պահպանելու դեպքում:

 

2. ՕԴԱՆԱՎԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

5. Օդանավի անձնակազմի անդամների ֆիզիկական ու մտավոր առողջական վիճակը, գիտելիքները, հմտությունները, փորձառությունը, մասնագիտական ունակությունները և ընդհանուր պատրաստությունը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին:

6. Օդանավի անձնակազմի անդամները պարտավոր են՝

1) անցնել բժշկական զննություն՝ «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ ավիացիոն բժշկության բնագավառի միջազգային սերտիֆիկատ կամ թույլտվություն ունեցող կազմակերպությունների կողմից` լիազորված մարմնի սահմանած կարգով.

2) լիազորված մարմնի սահմանած դեպքերում անցնել տեսական և գործնական թեստեր՝ նրանց մասնագիտական ունակությունների ստուգման, ինչպես նաև բժշկական կամ հոգեբանական զննություն՝ նրանց ֆիզիկական ու մտավոր առողջության ստուգման նպատակով.

3) աշխատանքային պարտականությունները կատարել լիազորված մարմնի սահմանած կանոնակարգերի պահանջներին համապատասխան.

4) աջակցել օդանավի հրամանատարին՝ օդանավում սահմանված կարգը, ապահովությունն ու անվտանգությունը պահպանելու համար.

5) կատարել հրամանատարի իրավասության շրջանակում սահմանված կարգով տրված հրամանները՝ անկախ այն հանգամանքից՝ դրանք վերաբերում են նրանց անմիջական պարտականություններին, թե՝ ոչ:

7. Օդանավի անձնակազմի պարտականություններն են՝

1) որոնողափրկարարական աշխատանքների իրականացումը.

2) տուժածների որոնումը, հայտնաբերումը և աղետի գոտուց տարահանումը.

3) անհետաձգելի բժշկական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտության դեպքում տուժածների հրատապ օդային հոսպիտալացումը.

4) սանիտարական և հակահամաճարակային միջոցառումներին մասնակցությունը.

5) փրկարարական խմբերի, բեռների, ինչպես նաև դաշտային հոսպիտալի իջեցումը պարաշյուտային (անկարգել), առանց պարաշյուտի (իջեցման համար նախատեսված սարքավորումների օգնությամբ) և վայրէջքի եղանակով.

6) արտակարգ իրավիճակի վայր վերգետնյա որոնողափրկարարական ուժերի, փրկարարների, օպերատիվ արձագանքման խմբերի, մասնագետների, փորձագետների, բժիշկների տեղափոխումը, տեխնիկայի, սարքավորումների, հատուկ և մարդասիրական օգնության բեռների, դաշտային հոսպիտալի, բնակչության կենսաապահովման համար անհրաժեշտ այլ միջոցների փոխադրումը.

7) արտակարգ իրավիճակի կամ մարտական գործողությունների գոտուց փախստականների, կենդանիների, գույքի, սարքավորումների, այլ նյութական և մշակութային արժեքների տարահանումը.

8) օդային կառավարման (հրամանատարական) կետից արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման ու փրկարարական աշխատանքներում ներգրավված ուժերի և միջոցների (ռազմական դրության ժամանակ նաև քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների) ղեկավարման ապահովումը.

9) վերգետնյա կառավարման կետերի և փրկարար ուժերի միջև կապի ու հաղորդակցության ապահովումը.

10) ավտոճանապարհների երթևեկության, տարածքային ջրերի և անտառածածկ տարածքների օդային պարեկության իրականացումը.

11) անհետաձգելի վթարավերականգնողական և հատուկ տեսակի աշխատանքների իրականացումը՝

ա. օդից հրդեհաշիջումը (հրդեհի մարումը)՝ օդանավի վրա տեղադրված ջրի մղման հատուկ սարքավորումների միջոցով ջրի կամ հրդեհաշիջման (հրդեհի մարման) համար նախատեսված այլ հեղուկների արտանետման եղանակով՝ համաձայն հրդեհաշիջման սխեմայի,

բ. հրդեհի օջախ հակահրդեհային ուժերի ու միջոցների տեղափոխումը և իջեցումը,

գ. տեղանքի և շրջակա միջավայրի մոնիտորինգը (դիտարկում), оդային լուսանկարումը և տեսանկարահանումը,

դ. ընդհանուր (օդային) և հատուկ (ինժեներական, ճառագայթային, քիմիական, կենսաբանական, մանրէաբանական, էկոլոգիական, հիդրոօդերևութաբանական, հակահրդեհային, անտառային, ջրային) տեսակի հետախուզության իրականացումը,

ե. օբյեկտների քիմիական, կենսաբանական և հատուկ նյութերով մշակումը,

զ. փլատակների և ավերածությունների մաքրման ժամանակ մոնտաժման ու ապամոնտաժման (կռունկային եղանակով) աշխատանքների իրականացումը:

8. Հրդեհաշիջման (հրդեհի մարման) թռիչքի ժամանակ օդանավի անձնակազմը՝

1) գնահատում է հրդեհային իրավիճակը (պարզում է հրդեհի մակերեսը, կրակի տարածման ուղղությունը, արագությունը).

2) պարզում է տուժածների առկայությունը.

3) որոշում է հրդեհաշիջման աշխատանքների իրականացման վճռական ուղղությունը.

4) կազմում է հրդեհաշիջման սխեման.

5) պարզում է հրդեհաշիջման համար անհրաժեշտ ուժերն ու միջոցները, վերգետնյա հրշեջ-փրկարարական ուժերի տեղակայման վայրը՝ նշված ուժերի վրա ջրի արտանետումից խուսափելու համար.

6) որոշում է ջրի և հրդեհաշիջման (հրդեհի մարման) այլ միջոցների արտանետման համար հրդեհի օջախին մոտենալու ուղին և արտանետման սկզբնական կետը:

9. Օդանավում գտնվող անձինք (փրկարարներ, մասնագետներ, տարահանվող անձինք և այլն) պարտավոր են կատարել թռիչքային և ավիացիոն անվտանգության ապահովման կարգը պահպանելու վերաբերյալ օդանավի հրամանատարի հրամանները:

10. Արգելվում է օդանավի անձնակազմի կողմից պաշտոնեական պարտականությունների կատարումը ոգելից խմիչքների, թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ազդեցության տակ, ինչպես նաև այնպիսի դեղերի ու դեղամիջոցների ազդեցության տակ, որոնք կարող են խոչընդոտել պարտականությունների պատշաճ կատարմանը, հիվանդության, հոգնածության կամ համանման այլ պատճառներով պաշտոնեական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում:

11. Օդանավի հրամանատարը պատասխանատվություն է կրում օդանավի վարման և թռիչքային անվտանգության համար թռիչքի ողջ ժամանակահատվածում: Սույն կետի իմաստով թռիչքի ժամանակահատված է համարվում թռիչքի նպատակով օդանավի շարժման պահից մինչև թռիչքն ավարտելուց դրա լրիվ կանգառման պահի ընդհանուր ժամանակահատվածը:

12. Օդանավի հրամանատարը ենթարկվում է իր ստորաբաժանման հրամանատարին և վերադաս հրամանատարին (պետին), իսկ բազայից դուրս` նաև ավիաընկերության (օդանավակայանի պետին) կամ նրան փոխարինող անձին:

13. Օդանավի հրամանատարը, ստանալով թռիչքի հրաման և որոնողափրկարարական աշխատանքների կատարման խնդիր, պարտավոր է՝

1) օդանավի անձնակազմին և փրկարարական պարաշյուտադեսանտային խմբին պարզաբանել որոնողափրկարարական աշխատանքների կատարման խնդիրը.

2) իրականացնել թռիչք կառավարման կետի թույլտվությամբ.

3) թռիչքից և անհրաժեշտ բարձրություն հավաքելուց հետո միացնել որոնողական սարքավորման համակարգը.

4) չդադարեցնելով ռադիոկապը կառավարման կետի հետ՝ հետևել վթարային ազդանշանին.

5) պարբերաբար զեկուցել կառավարման կետ որոնողական աշխատանքների արդյունքների մասին.

6) իմանալ օդանավով մարդկանց տարահանման անվտանգության ձևերը և միջոցները:

14. Օդանավի հրամանատարը դիտարկման արդյունքում որոշում է ջրի և հրդեհաշիջման (հրդեհի մարման) այլ միջոցների արտանետման համար հրդեհի օջախին մոտենալու հնարավոր անվտանգ ուղին: Անհաջող մոտեցման դեպքում իրականացվում է երկրորդ մոտեցումը նախօրոք մշակված ուրվագծով:

15. Օդանավի հրամանատարը և անձնակազմի մյուս անդամներն իրավունք ունեն կիրառել ուժային միջոցներ «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված փրկարարական ծառայության կանոնագրքի 37-րդ հոդվածի 3-րդ մասով և «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերում:

16. Օդանավի անձնակազմի անդամները կրում են «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված փրկարարական ծառայության կանոնագրքով, «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2010 թվականի հոկտեմբերի 20-ի N 181-Ն ու N 188-Ն հրամաններով սահմանված այլ պարտականություններ և ունեն սույն կետում նշված իրավական ակտերով սահմանված այլ իրավունքներ:

 

3. ՕԴԱՆԱՎԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՂ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՎԵՐԳԵՏՆՅԱ, ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

17. Օդանավի տեխնիկական սպասարկող, այդ թվում` վերգետնյա, անձնակազմի անդամները, ըստ մասնագիտական պատրաստվածության և որակավորման (վկայականում նշված որակավորման նիշերին համապատասխան), իրականացնում են հետևյալ մասնագիտական գործառույթները (օդանավի սպասարկման, այդ թվում՝ վերգետնյա, աշխատանքները)՝

1) օդանավի` դեպի կայանատեղի ընդունում.

2) թռիչքի նախապատրաստում և թռիչքի բացթողում.

3) օդանավի հանդիպում.

4) օդանավի քարշակում.

5) օդանավի էլեկտրասնուցմամբ ապահովում.

6) օդանավի սրահի օդափոխում.

7) օդանավի բեռնաթափում և բեռնում.

8) օդանավի լիցքավորում.

9) օդանավի սրահի մաքրում.

10) օդանավի թռիչքային անձնակազմի սննդային ապահովում.

11) օդանավի հակասառցեպատման մշակում.

12) օդանավի շարժիչների գործարկում.

13) օդանավի շարժիչի բացթողում:

18. Օդանավի տեխնիկական սպասարկող, այդ թվում` վերգետնյա, անձնակազմի անդամները կրում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2010 թվականի հոկտեմբերի 20-ի N 181-Ն ու N 188-Ն հրամաններով սահմանված այլ պարտականություններ և ունեն սույն կետում նշված իրավական ակտերով սահմանված այլ իրավունքներ: