Գլխավոր տեղեկություն
Номер
N 1498-Ն
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (25.01.2018-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2018.01.15/2(605) Հոդ.11
Принят
Արտակարգ իրավիճակների նախարար
Дата принятия
08.12.2017
Подписан
Արտակարգ իրավիճակների նախարար
Дата подписания
08.12.2017
Дата вступления в силу
25.01.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 դեկտեմբերի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 32617515

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

8 դեկտեմբերի 2017 թ.
ք. Երևան

N 1498-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՐԴԵՀԱՇԻՋՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀՐԴԵՀԱՇԻՋՄԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՇԻՋՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված փրկարարական ծառայության կանոնագրքի 120-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի N 259-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրության 16-րդ կետի 1-ին ենթակետով`

 

Հրամայում եմ`

 

1. Սահմանել Հրդեհաշիջման աշխատանքների առանձնահատկությունները, հրդեհաշիջման և աշխատանքների իրականացման և հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ ստորաբաժանումների գործունեության կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետին` սահմանված ժամկետներում և կարգով ապահովել սույն հրամանի ներկայացումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Դ. Տոնոյան

 

Հավելված
Հայաստանի Հանրապետության արտակարգ
իրավիճակների նախարարի 2017 թվականի
դեկտեմբերի 8-ի N
1498-Ն հրամանի

 

 

ԿԱՐԳ

 

ՀՐԴԵՀԱՇԻՋՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀՐԴԵՀԱՇԻՋՄԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՇԻՋՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

 ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են հրդեհաշիջման կազմակերպման և հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ ստորաբաժանումների աշխատանքների առանձնահատկությունները:

2. Սույն կարգը մշակվել է «Փրկարար ծառայության մասին», «Հրդեհային անվտանգության մասին», «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության (այսուհետ` ՀՀ) օրենքների պահանջներին համապատասխան:

3. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) օպերատիվ շտաբ - բարդ, խոշոր և երկարատև հրդեհների դեպքում ստեղծվող ժամանակավոր ղեկավար մարմին, որն արդյունավետ հրդեհաշիջում կատարելու նպատակով իրականացնում է կազմակերպչական և այլ համալիր միջոցառումներ.

2) հրդեհաշիջման ղեկավար - հրդեհաշիջման աշխատանքներ ղեկավարելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձ.

3) հրդեհաշիջման շտաբ - հրդեհի վայրում հրդեհաշիջման ղեկավարի որոշմամբ ստեղծված ժամանակավոր ղեկավար մարմին, որի հիմնական խնդիրն է ապահովել հրդեհաշիջման ղեկավարի որոշումների կատարումը.

4) հրդեհաշիջման տեղամաս - հրդեհաշիջման տարածքի տեղամաս, որտեղ հրդեհաշիջման նպատակով կենտրոնացվում են ուժեր և միջոցներ.

5) օղակ - հրշեջ ավտոբաքով կամ ավտոպոմպով առաջնային հրշեջ-փրկարարական ստորաբաժանում, որն ունակ է ինքնուրույն լուծելու մարդկանց և նյութական արժեքները փրկելու, հրդեհը մարելու առանձին խնդիրներ.

6) խումբ - երկու և ավելի օղակների կազմով հիմնական հրշեջ ավտոմեքենաներով՝ հրշեջ-փրկարարական ուժերի հիմնական մարտավարական ստորաբաժանում, որն ունակ է ինքնուրույն լուծել փրկարարական խնդիրներ՝ իր մարտավարական հնարավորություններին համապատասխան.

7) հերթափոխ - մեկ կամ երկու օղակների կազմով հիմնական հրշեջ ավտոմեքենաներով՝ հրշեջ-փրկարարական ուժերի հիմնական մարտավարական ստորաբաժանում, որն ունակ է ինքնուրույն լուծել փրկարարական խնդիրներ՝ իր մարտավարական հնարավորություններին համապատասխան.

8) մարտական բացազատում - հրշեջ-փրկարարական ուժերն ու միջոցները պատրաստականության բերելն է, ուղղված հրդեհների մարման և վթարափրկարարական աշխատանքների կատարմանը.

9) հրդեհի վայրում հրդեհաշիջման գործողությունների վճռական ուղղություն-ուղղությունը, որտեղ սպառնալիք է ստեղծվել մարդկանց, պայթյունի և կրակի առավել ինտենսիվ տարածման համար ու որտեղ ստորաբաժանումների գործողությունները տվյալ պահին կարող են ապահովել հրդեհաշիջման հաջողությունը.

10) հրդեհի մեկուսացում - իրավիճակ, երբ հրդեհի ժամանակ մարդկանց, կենդանիներին և նյութական արժեքներին վտանգ չի սպառնում, հրդեհի տարածումը կանխված է և ապահովված է այն եղած ուժերով ու միջոցներով մարելու հնարավորությունը.

11) հրդեհի մարում - միջոցառումների համալիր՝ որն ուղղված է այրման դադարեցմանը և նոր բռնկումների կանխմանը.

12) հրդեհաշիջման աշխատանքների ավարտ - հրդեհաշիջման աշխատանքների ավարտման փուլ, երբ բացառվում է հրդեհի կրկին բռնկման հնարավորությունը.

13) հրդեհի կանչեր - հրդեհներին օպերատիվ արձագանքելու նպատակով սահմանված բարդության աստիճաններ, որոնց դեպքերում միաժամանակ ուղարկվում են.

ա. Երևան քաղաքի համար՝

- թիվ 1 կանչ - երկու մարտական հաշվարկ (այսուհետ` ՄՀ).

- թիվ 1 բիս կանչ - չորս ՄՀ.

- թիվ 2 կանչ - վեց ՄՀ.

- թիվ 3 կանչ - տասը ՄՀ.

բ. ՀՀ մարզերի համար`

- թիվ 1 կանչ - երկու ՄՀ.

- թիվ 2 կանչ - չորս ՄՀ.

- թիվ 3 կանչ - ութ ՄՀ.

գ. Հայկական ատոմային էլեկտրակայանի (այսուհետ` ՀԱԷԿ) համար`

- թիվ 4 կանչ - քսան ՄՀ.

- թիվ 4 բիս կանչ - քառասուն ՄՀ:

 

ԳԼՈՒԽ 2. ՀՐԴԵՀԱՇԻՋՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ՈՒԺԵՐՆ ՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

4. Հրդեհաշիջման խնդիրների լուծման համար օգտագործվում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ` ԱԻՆ) փրկարար ծառայության (այսուհետ` ՓԾ) ստորաբաժանումների անձնակազմն ու տեխնիկան:

5. Հրդեհաշիջման խնդիրների լուծման համար կարող են օգտագործվել նաև այլ ուժեր և միջոցներ, որոնք ներգրավվում են լիազորված մարմնի սահմանած կարգով կամ փոխգործողությունների պլաններով նախատեսված դեպքերում:

6. Հրդեհաշիջման հաջողությունը ձեռք է բերվում՝ հրդեհաշիջման վճռական ուղղության ճիշտ որոշմամբ, անհրաժեշտ ուժերի և միջոցների ժամանակին կենտրոնացմամբ և ներգրավմամբ, ստորաբաժանումների հմուտ և արդյունավետ ղեկավարմամբ, անձնակազմի բարձր պատրաստվածությամբ, կարգապահությամբ ու արդյունավետ գործողությունների շնորհիվ:

7. Հրշեջ ավտոմեքենաներն ըստ նշանակության լինում են հիմնական, հատուկ և օժանդակ:

8. Հիմնական հրշեջ ավտոմեքենաները նախատեսված են այրման գոտի կրակմարման նյութեր (ջուր, փրփուր, փոշի, գազեր և այլն) մղելու համար:

9. Հատուկ հրշեջ ավտոմեքենաները նախատեսված են հրդեհի վայրում հատուկ աշխատանքներ՝ անձնակազմը բարձրացնելու, ծխահեռացում կատարելու, փողրակներ փռելու, կապ և լուսավորություն ապահովելու և այլ գործողություններ կատարելու համար:

10. Օժանդակ ավտոմեքենաների շարքին են դասվում՝ օժանդակ աշխատանքներ կատարելու համար ստորաբաժանումների կազմում գտնվող կամ ներգրավվող վառելիքալցավորիչները, ջրատարները, շարժական ավտոարհեստանոցները, ավտոբուսները, մարդատար և բեռնատար ավտոմեքենաները:

 

ԳԼՈՒԽ 3. ԽՄԲԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ, ԽՄԲԻ (ՀԵՐԹԱՓՈԽԻ) ՊԵՏԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11. Խմբի հրամանատարը, խմբի (հերթափոխի) պետը ղեկավարում է խմբի, հերթափոխի աշխատանքը, պատասխանատու է անձնակազմի անվտանգության, հանձնարարված առաջադրանքի կատարման, հրշեջ տեխնիկայի և տեխզինվածության սահմանված կարգով շահագործման համար:

12. Հրդեհի վայր առաջինը ներկայանալու դեպքում խմբի հրամանատարը, խմբի (հերթափոխի) պետը, որպես հրդեհաշիջման ղեկավար, ղեկավարվում է սույն կարգի կետերով, իսկ բարձր աստիճանի կանչ հայտարարելու դեպքում՝ պարտավոր է զեկուցել հրդեհի վայր ժամանած ղեկավարման իրավասություն ունեցող պաշտոնատար անձին, ստանալ առաջադրանք և ապահովել դրա կատարումը:

13. Կանչի վայր մեկնելու ժամանակ խմբի հրամանատարը, խմբի (հերթափոխի) պետը պարտավոր է՝

1) որոշել ընթացքի ամենակարճ երթուղին և հսկել ճանապարհային երթևեկության կանոնների պահպանումը վարորդների կողմից.

2) ծանոթանալ հրդեհաշիջման օպերատիվ փաստաթղթերին.

3) հետևել հրդեհի վայրից, ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից (այսուհետ` ՃԿԱԿ) կամ ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության (այսուհետ` ՄՓՎ) ճգնաժամային կառավարման կենտրոնից (այսուհետ` ՃԿԿ) և ջոկատից տարվող ռադիոհաղորդումները:

14. Փրկարարական աշխատանքներ կատարելու ժամանակ խմբի հրամանատարը, խմբի (հերթափոխի) պետը պարտավոր է՝

1) խմբի, հերթափոխի ուժերն ու միջոցները բաշխել այնպես, որպեսզի վտանգի մեջ գտնվող մարդկանց շուտափույթ օգնություն ցուցաբերվի.

2) օղակի հրամանատարներին հստակ ուղղորդել դեպի մարդկանց փրկելու ճանապարհներն ու եղանակները.

3) մարդկանց փրկելու հետ միաժամանակ կազմակերպել հրդեհաշիջման աշխատանքները՝ դրա համար ներգրավելով փրկարարական աշխատանքներին չմասնակցող անձնակազմին:

15. Բացազատման ժամանակ խմբի հրամանատարը, խմբի (հերթափոխի) պետը պարտավոր է յուրաքանչյուր օղակին տալ հանձնարարություններ՝ հաշվի առնելով ուժերն ու միջոցները:

16. Փողակներ տալու ժամանակ խմբի հրամանատարը, խմբի (հերթափոխի) պետը պարտավոր է՝

1) սայլակավոր փողակի աշխատանքը ղեկավարելու համար նշանակել օղակի հրամանատար.

2) սայլակավոր փողակին երկու ավտոմեքենաներից ջուր տալու դեպքում ապահովել կապ վարորդների միջև.

3) փրփուրի կամ փոշու փողակ տալուց հետո նախապատրաստել ջրի փողակներ՝ այրվող մանր օջախները մարելու և կառուցատարրերը հովացնելու համար:

17. Կառուցատարրերը քանդելու և բացելու աշխատանքները կազմակերպելու ժամանակ խմբի հրամանատարը, խմբի (հերթափոխի) պետը պարտավոր է աշխատանքի տեղամասերը բաշխել օղակների միջև, նրանց ապահովել հրդեհաշիջման միջոցներով, օղակների հրամանատարներին բացատրել այդ աշխատանքների նպատակը, ծավալն ու սահմանները, ինչպես նաև քանդված նյութերի կուտակման վայրերը:

18. Նյութական արժեքների տարահանումը կազմակերպելու ժամանակ խմբի հրամանատարը, խմբի (հերթափոխի) պետը պարտավոր է՝

1) տարահանումը կատարել հրդեհաշիջման հետ միաժամանակ.

2) տարահանումը ղեկավարելու համար նշանակել օղակի հրամանատար՝ ցույց տալով տարահանման հաջորդականությունն ու ճանապարհները, ինչպես նաև դուրս բերված նյութական արժեքների կուտակման վայրը և ապահովել դրանց խնամքը և պահպանությունը:

19. Կենդանիներին տարահանելու ժամանակ անհրաժեշտ է՝

1) պարզել կենդանիների քանակն ու տեսակը, առկա վտանգի բնույթը, տարահանման ճանապարհների վիճակը.

2) որոշել տարահանման եղանակը և տեղը.

3) միջոցներ ձեռնարկել ծխի դեմ պայքարի համար.

4) տարահանմանը ներգրավել սպասարկող անձնակազմին.

5) անվտանգ տարահանման համար օգտագործել գոյություն ունեցող ելքերը՝ միաժամանակ փողակներ տալ հրդեհը մարելու համար:

20. Հատուկ հրշեջ, հրշեջ-փրկարարական ջոկատ (այսուհետ` Ջոկատ) վերադառնալուց հետո խմբի հրամանատարը, խմբի (հերթափոխի) պետը պարտավոր է ապահովել անձնակազմի և հրշեջ տեխնիկայի անմիջապես մարտական վիճակի բերումը, ՀՀ ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ (ՄՓՎ ՃԿԿ) զեկուցել մեկնելուն պատրաստ լինելու մասին:

 

ԳԼՈՒԽ 4. ՕՂԱԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

21. Օղակի հրամանատարը հանդիսանում է օղակի անձնակազմի անմիջական պետը և պատասխանատու է նրա գործողությունների համար:

22. Օղակի հրամանատարը պարտավոր է՝

1) առաջինը հրդեհի վայր ներկայանալիս ղեկավարել հրդեհաշիջումը մինչև վերադաս պետի ներկայանալը, իսկ հրդեհի վայր ժամանած իրավասություն ունեցող վերադաս պետին զեկուցել իրավիճակը և կատարել նրա հրամանները.

2) գիտենալ իր օղակի մարտական խնդիրները և հրահանգավորել ենթակա անձնակազմին.

3) ապահովել մարտական հաշվարկի փոխգործողությունները.

4) ապահովել հրշեջ-փրկարարների կողմից անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանումը.

5) հրդեհաշիջման տեղամասում իրավիճակի փոփոխման դեպքում կապ հաստատել վերադաս պետի հետ և զեկուցել այդ մասին.

6) ապահովել հրշեջ տեխնիկայի արդյունավետ աշխատանքը.

7) ապահովել հրշեջ ավտոմեքենայի ժամանակին լցավորումը կրակմարման նյութերով.

8) կարողանալ աշխատեցնել ռադիոկայանը, գիտենալ և պահպանել ռադիոկապից օգտվելու կանոնները:

23. Օղակի հրամանատարը հրդեհաշիջման բացազատման ժամանակ պարտավոր է՝

1) ապահովել բացազատումը ամենակարճ ժամանակում.

2) օղակի անձնակազմին ցույց տալ ջրաղբյուրը, փողրակագծերը փռելու ուղղությունը, ճյուղավորումը դնելու տեղը, նշել փողակների քանակն ու տեսակը, փողակավարների դիրքերը, հրշեջ սանդուղքները տեղադրելու տեղերը, և հետևել դրանց ճիշտ կատարմանը:

24. Կառուցատարրերը քանդելու և բացելու աշխատանքները կատարելիս օղակի հրամանատարը պարտավոր է՝

1) ներգրավվել պահանջվող քանակի հրշեջ-փրկարարներ, բացատրել կատարվելիք աշխատանքների նպատակը, տեղը և ծավալը.

2) եթե աշխատանքները կատարվում են մեկ օղակի կողմից, ապա հրշեջ փրկարարներին ցույց տալ քանդված նյութերը տեղափոխելու վայրը, վերին հարկերից ցած նետելու դեպքում տարածքը սահմանազատել ժապավենով, նշանակել պահակետ, իսկ գիշերային ժամերին տարածքը լուսավորել.

3) ապահովել աշխատանքների անվտանգ կատարումը և միջոցներ ձեռնարկել էլեկտրասարքավորումներն ու հաղորդալարերը հոսանքազրկելու, գազատարները փակելու, ինչպես նաև կառուցատարրերի փլուզումը կանխելու համար.

4) հետևել կրող կառուցատարրերի փոփոխություններին, հնարավորության դեպքում` կանխել դրանց վնասումը, իսկ դրանց վնասվածության վտանգավոր աստիճանի դեպքում` ապահովել ենթակա անձնակազմի անվտանգությունը:

25. Նյութական արժեքները տարահանելու ժամանակ օղակի հրամանատարը պարտավոր է՝

1) հրշեջ-փրկարարներին ցույց տալ տարահանման հաջորդականությունը, ճանապարհը և նյութական արժեքները տեղավորելու վայրը:

26. Օղակի հրամանատարը պարտավոր է դիմավորել ժամանող ստորաբաժանումներին, ցույց տալ այն ջրաղբյուրները, որոնց վրա պետք է տեղադրվեն հրշեջ ավտոմեքենաները, ստորաբաժանումների ղեկավարներին փոխանցել ղեկավարի (հրդեհաշիջման շտաբի պետի, թիկունքի պետի) կարգադրությունները, հաղորդել հրդեհաշիջման շտաբի տեղը:

27. Ավարտի ազդանշան ստանալուց օղակի հրամանատարը պարտավոր է՝

1) ստուգել օղակի անձնակազմի առկայությունը.

2) ստուգել տեխզինվածության առկայությունը և ավտոբաքը լցնել ջրով.

3) օղակը՝ վերադարձին պատրաստ լինելու մասին, զեկուցել այն պետին, որին ենթակա էր հրդեհի վայրում:

28. Հրդեհի մարումից հետո հերթապահություն իրականացնելու ժամանակ օղակի հրամանատարը պարտավոր է՝

1) կազմակերպել հրդեհի վայրի անընդհատ հսկումը.

2) հրդեհաշիջման միջոցները պահել պատրաստ վիճակում.

3) այրվող օջախներ հայտնաբերելու դեպքում` զեկուցել հրշեջ-փրկարարական ջոկատ, Ճգնաժամային կառավարման (ազգային) կենտրոն և միջոցներ ձեռնարկել դրանց մարման համար.

4) Ջոկատ վերադառնալ միայն կարգադրության դեպքում, որի մասին տեղեկացնել կազմակերպության տնօրինությանը:

29. Ջոկատ վերադառնալուց հետո օղակի հրամանատարը պարտավոր է՝

1) ապահովել հրշեջ ավտոմեքենայի և տեխզինվածության արագ բերումը մարտական վիճակի՝ այդ մասին զեկուցելով խմբի, հերթափոխի պետին.

2) միջոցներ ձեռնարկել անձնակազմի հրդեհի վայրում թրջված մարտական հագուստը չորացնելու կամ փոխելու համար:

 

ԳԼՈՒԽ 5. ՀՐՇԵՋ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՎԱՐՈՐԴԻ ԵՎ ՀՐՇԵՋ-ՓՐԿԱՐԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

30. Հրշեջ ավտոմեքենայի վարորդը պարտավոր է՝

1) գիտենալ և պահպանել անձնակազմի ավտոմեքենա նստելու կանոններն ու տեխզինվածության տեղաբաշխումը.

2) խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և հրշեջ ավտոմեքենայի շահագործման հրահանգը.

3) ավտոմեքենան տեղակայել հրդեհի օջախից անվտանգ հեռավորության վրա.

4) գտնվել ավտոմեքենայի մոտ՝ ապահովելով բոլոր համակարգերի և հանգույցների անխափան աշխատանքը, մշտապես հետևել օղակի հրամանատարի կարգադրություններին ու ազդանշաններին, արագորեն կատարել դրանք.

5) կարողանալ սահմանված կարգով շահագործել ռադիոկայանը, գիտենալ և պահպանել ռադիոհաղորդումներ տալու կանոնները.

6) ապահովել կրակմարիչ նյութերի անընդհատ մատակարարումը.

7) փողրակագծերով ջուր տալու դեպքում ճնշումը բարձրացնել աստիճանաբար և ճնշման մակարդակը պահել պետի կողմից տրված կարգադրության համաձայն.

8) ցածր ջերմաստիճանի դեպքում պոմպի աշխատանքը չդադարեցնել.

9) հետևել վառելահեղուկի, կրակմարման նյութերի ծախսին և ժամանակին զեկուցել դրանց լրացնելու անհրաժեշտության մասին.

10) ավտոմեքենայի մեխանիզմների խափանվելու դեպքում անմիջապես զեկուցել հրամանատարին և հնարավորության դեպքում միջոցներ ձեռնարկել անսարքությունը հայտնաբերելու ու վերացնելու համար.

11) անհրաժեշտության դեպքում կատարել ավտոմեքենայի տեխնիկական սպասարկումը հրդեհի վայրում:

31. Հրշեջ ավտոմեքենայի կամ ամբարձիչի վրա աշխատելիս վարորդը պարտավոր է՝

1) հաշվի առնել ավտոմեքենայի եզրաչափերը ընթացքի և շրջադարձերի ժամանակ, հատկապես կամուրջների ու կամարների տակով երթևեկելիս.

2) ավտոսանդուղքը (ավտոամբարձիչը) աշխատանքի նախապատրաստելիս, այն կանգնեցնել պինդ հիմքի վրա, հաշվի առնելով տեղանքի թեքությունը.

3) խստորեն հսկել սանդուղքի ծնկներին կամ ամբարձիչի զամբյուղի մեջ միաժամանակ գտնվող մարդկանց թույլատրելի քանակը.

4) աշխատել հրշեջի սաղավարտով.

5) ավտոմեքենան տեղակայել, հաշվի առնելով սանդուղքի առավելագույն թռիչքը, սանդուղքի կամ ավտոամբարձիչի սլաքի մանևրելու ապահովումը:

32. Հրդեհաշիջման ժամանակ հրշեջ-փրկարարը պարտավոր է գիտենալ՝

1) օղակի և իր մարտական առաջադրանքը.

2) անառարկելիորեն, ճշտորեն և ժամանակին կատարել հրամանատարների և պետերի կարգադրությունները և հրամանները.

3) չթողնել իր դիրքն առանց հրամանատարի թույլտվության.

4) կապ պահպանել իր օղակի հրամանատարի և հրշեջ-փրկարարների հետ.

5) մարտական առաջադրանքը կատարելիս, ցուցաբերել նախաձեռնություն և հնարամտություն.

6) մարդկանց նախազգուշացնել, իսկ նրանց կյանքին վտանգ սպառնալու դեպքում, միջոցներ ձեռնարկել փրկելու համար, որի մասին զեկուցել օղակի հրամանատարին.

7) տուժածին ցույց տալ առաջին օգնություն.

8) հետևել տեխզինվածության սարքինությանը.

9) պահպանել անվտանգության տեխնիկայի կանոնները.

10) աշխատանքի ավարտից հետո ստուգել տեխզինվածության առկայությունն ու ամրակապումը, այդ մասին զեկուցել օղակի հրամանատարին:

33. Հետախուզության կազմում հրշեջ-փրկարարը պարտավոր է՝

1) իր մոտ ունենալ անհրաժեշտ հանդերձանք և հրշեջ-տեխնիկական զինվածություն.

2) հետևել հետախուզությունը գլխավորողին.

3) ուշադիր հետևել շրջապատի իրադրությանը.

4) վտանգի մեջ գտնվող մարդկանց, կրակի և ծխի հայտնաբերման դեպքում անմիջապես զեկուցել հետախուզությունը գլխավորողին:

34. Մարդկանց փրկելու ժամանակ հրշեջ-փրկարարը պարտավոր է՝

1) իր մոտ ունենալ հրամանատարի կողմից նշված եղանակով մարդկանց փրկելու համար անհրաժեշտ տեխզինվածություն և միջոցներ.

2) սենյակ մտնելիս, փրկվողին տեղեկացնել օգնություն ցույց տալու վերաբերյալ և անհրաժեշտության դեպքում ցուցաբերել առաջին օգնություն.

3) ընտրել փրկելու համար ամենակարճ ճանապարհը և առավել անվտանգ եղանակը, եթե հրամանատարը այդ մասին ոչինչ չի կարգադրել.

4) փրկվողի հետ բարձր ջերմության և թանձր ծխապատման գոտին անցնել միայն բացառիկ դեպքերում (եթե այլ ճանապարհ չկա)՝ փրկվողին կրակի և ծխի ազդեցությունից պաշտպանելու միջոցներ ձեռնարկելուց հետո:

35. Փողրակները փռելու ժամանակ հրշեջ-փրկարարը պարտավոր է՝

1) ընտրել ամենակարճ և հարմար ճանապարհը դեպի փողակավարների դիրքերը.

2) խուսափել փողրակագծերը սուր և այրվող իրերի վրա կամ քայքայող նյութերի թափված տեղամասով փռելուց, իսկ եթե դա անհնար է, ապա, դրանք վնասվելուց պաշտպանելու համար, օգտագործել տախտակամածներ կամ այլ միջոցներ.

3) փողրակագծերով չխոչընդոտել շենքերի ելքերն ու աստիճանավանդակները, աստիճանավանդակում փողրակագծերը փռել սանդղաբազուկների միջև.

4) փողրակագծերը փռել փողոցների, ճանապարհների, բակերի եզրերով՝ հնարավորին չափ աներթևեկելի մասերով, իսկ երկաթգծերի դեպքում՝ ռելսերի տակով.

5) փողոցների (ճանապարհների) երթևեկելի մասերում փռված փողրակագծերը պաշտպանել կամրջակներով.

6) թույլ չտալ ճյուղավորումների տեղադրումը ճանապարհի երթևեկելի մասում, փողրակագծերի ոլորումն ու պտույտ շրջադարձերը, միացման գլխիկների հարվածելը ճանապարհի ծածկույթին.

7) բարձրության վրա փռվող փողրակագծերը ամրացնել պահիչներով.

8) ունենալ փողրակագծի անհրաժեշտ պաշար՝ փողակավարին դեպի առաջ շարժվելու, ինչպես նաև փողակով մանևրելու համար.

9) անհրաժեշտության դեպքում փողրակագիծը երկարացնել փողակի մոտից.

10) սենյակի (շենքի) ներսում, որպես կանոն, օգտագործել ռետինապատ փողրակներ.

11) ավտոսանդուղքի վրա փողրակագիծը տեղավորել աստիճանների մեջտեղով՝ ամրացնելով այն պահիչներով:

36. Նյութական արժեքները տարահանելու ժամանակ հրշեջ-փրկարարը պարտավոր է՝

1) պահպանել հրամանատարի կողմից նշված տարահանման հաջորդականությունը.

2) խնայողաբար վերաբերվել տարահանվող նյութական արժեքներին և միջոցներ ձեռնարկել դրանք պահպանելու համար:

37. Փողակով աշխատելու ժամանակ հրշեջ-փրկարարը պարտավոր է՝

1) հնարավորին չափ մոտենալ այրվող տեղամասին՝ փողրակագծի անհրաժեշտ պաշար ստեղծելով.

2) առաջ շարժվել փողակով՝ ջրի շիթն ուղղել առավել ուժգին այրվող տեղերին ու կառուցատարրերին, այլ ոչ թե ծխի վրա.

3) ջրի շիթն ուղղել կրակի տարածմանն ընդառաջ, առաջին հերթին կառուցատարրերի այն մասին, որոնց այրումը կամ կրողունակության փոփոխությունները կարող են առաջ բերել կառուցատարրի կամ շինության փլուզում.

4) ուղղահայաց կառուցատարրեր մարելիս ջրի շիթն ուղղել վերից վար.

5) այրումը դադարելուց հետո փողակը փակել կամ ջրի շիթը դուրս ուղղել, դիրքը փոխելու դեպքում՝ ժամանակավորապես դադարեցնել ջուր տալը կամ փողակը դեպի ցած իջեցնել.

6) բարձրությունների վրա օգտագործել ապահովիչ հարմարանքներ.

7) սանդուղքների վրա փողակով աշխատել միայն զսպանակեռիկով ամրապնդվելուց հետո.

8) չհպվել և ջրի շիթը չուղղել լարման տակ գտնվող էլեկտրասարքավորումների ու լարերի վրա, եթե չեն կատարվել անվտանգության տեխնիկայի բոլոր պահանջները.

9) փխրուն կամ ապակե տարայի առկայության դեպքում հրդեհաշիջումը կատարել անձրևացրած ջրով կամ փրփուրով.

10) այրվող կամ դյուրավառ հեղուկների շտեմարանները, ճնշման տակ գտնվող սարքավորումները, սեղմված գազերի բալոնները ջերմային ազդեցությունից պաշտպանելիս, տաքացվող մակերեսները հովացնել հավասարաչափ.

11) ջերմային ազդեցությունից շենքերի և շինությունների առանձին մասերը պաշտպանելիս, ջրի շիթը ուղղել այն կառուցատարրերի վրա, որոնց սպառնում է կրակը.

12) ջրի շիթը չուղղել այն տեղերի վրա որտեղ փրփուր է տրվում:

38. Շենքի կառուցատարրերը քանդելու կամ բացելու ժամանակ հրշեջ-փրկարարը պարտավոր է՝

1) աշխատանքները կատարել միայն օղակի հրամանատարի մատնանշած սահմաններում.

2) օգտագործել մեքենայացված գործիքներ.

3) այրման օջախները վերացնելու նպատակով կառուցատարրերը բացել միայն կրակը մարելու համար անհրաժեշտ միջոցները նախապատրաստելուց հետո.

4) բացելու և քանդելու աշխատանքները կատարել շենքերին և սարքավորումներին նվազագույն վնաս հասցնելով.

5) թույլ չտալ խողովակաշարերի և դրանց ամրանների, ինչպես նաև կապի և էլեկտրացանցերի գծերի վնասումը.

6) ծխնելույզները, շենքերի մասերը փլել միայն ղեկավարի (կամ նրա կողմից նշանակված անձի) անմիջական ղեկավարությամբ՝ վտանգավոր տեղամասերից մարդկանց և տեխնիկան հեռացնելուց հետո,

7) դռներն ու պատուհանները բացել հնարավորության դեպքում առանց վնասելու:

39. Ջրամատակարարումն ապահովող հրշեջ-փրկարարը պարտավոր է՝

1) գիտենալ ջրաղբյուրների տեղերը և կարողանալ դրանք փնտրել ու ի հայտ բերել.

2) թույլ չտալ փողրակագծերի վրայով տրանսպորտի անցումը, եթե դրանք պաշտպանված չեն կամրջակներով կամ այլ հարմարանքներով.

3) հետևել մայրուղային փողրակագծերի սարքին վիճակին, դրանց վնասված տեղամասերին դնել սեղմիչներ կամ փոխել վնասված փողրակը.

4) կարգավորել ջրի մղումը աշխատող փողրակագծերին.

5) կապ պահպանել վարորդի և աշխատող փողրակավարների միջև.

6) ներկայացող լրացուցիչ կանչված ուժերին դիմավորելու հանձնարարություն ստանալուց, ապահովել դրանց տեղակայումը ջրաղբյուրների վրա և ղեկավարի կարգադրությունների փոխանցումը:

40. Կապավոր հրշեջ-փրկարարը պարտավոր է՝

1) հրամանատարից կարգադրություն ստանալիս այն անսխալ և ժամանակին փոխանցել.

2) բանավոր հրամանները կատարողներին արագ, ճիշտ, ըստ նշանակության հաղորդելուց հետո այդ մասին զեկուցել պետին.

3) հաստատ և կայուն կապ պահպանել օպերատիվ շտաբի, Ճգնաժամային կառավարման (ազգային) կենտրոնի ու ջոկատի կապի կետի միջև.

4) իր մոտ ունենալ շարժական ռադիոկայան, հեռախոսների տեղեկատու, պայմանականչերի ցանկ, էլեկտրական լուսատու, մաքուր թուղթ և մատիտ:

 

ԳԼՈՒԽ 6. ՀՐՇԵՋ-ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՋՈԿԱՏԻ ԿԱՊԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

41. Ջոկատի կապի պատասխանատուն ենթարկվում է Ջոկատի հրամանատարին, հրամանատարի տեղակալին, հերթապահ խմբի հրամանատարին, խմբի (հերթափոխի) պետին:

42. Կապի պատասխանատուն պարտավոր է`

1) կապի միջոցներով ստացվող հաղորդումների ճշգրիտ ընդունման, գրանցման, փոխանցման համար.

2) գիտենալ ռադիոկապից օգտվելու իրավունք ունեցող բոլոր ռադիոբաժանորդներին և նրանց ռադիոկանչերը.

3) ճանապարհների փակման, հակահրդեհային ջրամատակարարման համակարգերի, կապի միջոցների խափանման մասին հաղորդումներ ստանալու դեպքում անմիջապես զեկուցել խմբի, հերթափոխի պետին.

4) հեռախոսով հրդեհի մասին հաղորդում ստանալիս, առանց խոսակցությունն ընդհատելու միացնել տագնապի ազդանշանը, ճշտել հրդեհի հասցեն, հաղորդողի ազգանունը, հեռախոսահամարը որով հաղորդել են հրդեհի մասին, լրացնել հերթապահ խմբի մեկնման ուղեգիրը.

5) խմբի հրամանատարին, խմբի, հերթափոխի պետին հանձնել ուղեգիրը՝ հաղորդելով նրան հրդեհի մասին տեղեկությունները.

6) ուղեգրի հետ միասին խմբի հրամանատարին, խմբի (հերթափոխի) պետին հանձնել նաև հրդեհաշիջման պլանը (քարտը): Մինչև հրդեհաշիջման ավարտը և ջոկատ վերադառնալը անխափան կապ պահպանել խմբի հրամանատարի, խմբի (հերթափոխի) պետի հետ և անհրաժեշտության դեպքում լրացուցիչ տեղեկություններ հաղորդել նրանց.

7) անհրաժեշտության դեպքում արագ և ճիշտ գործողության մեջ դնել անձնակազմի ազդարարման և հավաքի սխեման.

8) հակահրդեհային ինքնաշխատ համակարգերից կամ այլ աղբյուրներից հրդեհների մասին տեղեկություններ ստանալիս՝ կանչը ձևակերպել այնպես, ինչպես դա նախատեսված է հեռախոսով ահազանգեր ստանալիս.

9) հրդեհների կամ այլ արտակարգ իրավիճակների, պատահարների վերաբերյալ ստացվող ահազանգերի մասին հաղորդել ՀՀ ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ (ՄՓՎ ՃԿԿ).

10) Ջոկատի մեկնման տարածքից դուրս հրդեհի կամ այլ արտակարգ իրավիճակների, պատահարների վերաբերյալ ահազանգեր ստանալիս այդ մասին անմիջապես հաղորդել ՀՀ ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ (ՄՓՎ ՃԿԿ) կամ տվյալ տարածքը պահպանող Ջոկատին և զեկուցել հերթապահ խմբի, հերթափոխի պետին.

11) մարդկանց շուրջօրյա ներկայության օբյեկտներից (մանկապարտեզներ, բուժհիմնարկներ և այլն) ստացվող տեղեկությունները գրանցել համապատասխան մատյանում և զեկուցել խմբի (հերթափոխի) պետին:

 

ԳԼՈՒԽ 7. ՄԵԿՆՈՒՄԸ ՀՐԴԵՀԻ ՎԱՅՐ

 

43. Մեկնելու ճանապարհին ստորաբաժանման ավագ պետը պարտավոր է անընդհատ կապ պահպանել ՀՀ ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ (ՄՓՎ ՃԿԿ) և Ջոկատի կապի կետի հետ:

44. Մեկնելու ճանապարհին հրդեհը մարելու կամ նրա չլինելու մասին տեղեկություն ստանալիս, ստորաբաժանումը պարտավոր է ներկայանալ կանչի վայր, բացառությամբ՝ ավագ պետի վերադառնալու մասին կարգադրության:

45. Մեկնելու ճանապարհին այլ հրդեհ հայտնաբերելու դեպքում ստորաբաժանումը գլխավորող պետը պարտավոր է ուժերի մի մասը առանձնացնել՝ այն մարելու համար, նոր հրդեհի հասցեն անմիջապես հայտնել ճգնաժամային կառավարման կենտրոնին կամ ջոկատի հերթապահին:

46. Մեկնելու ճանապարհին հրշեջ ավտոմեքենաներից մեկի հարկադիր կանգառելու դեպքում մյուս ավտոմեքենաների կանգնելու կամ երթևեկությունը շարունակելու մասին որոշումն ընդունում է ստորաբաժանումը գլխավորող պետը:

47. Հարկադիր կանգառելու բոլոր դեպքերի մասին անմիջապես հաղորդվում է ՀՀ ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ (ՄՓՎ ՃԿԿ) և Ջոկատի կապի կետ:

 

ԳԼՈՒԽ 8. ՀՐԴԵՀԻ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆԸ

 

48. Հրդեհի հետախուզությունը տարվում է անընդհատ՝ ահազանգ ստանալու պահից մինչև հրդեհի լրիվ մարումը:

49. Հետախուզության նպատակը հրդեհի մասին տեղեկություններ հավաքելու, իրավիճակը գնահատելու և հրդեհաշիջման գործողությունները կազմակերպելու վերաբերյալ որոշում կայացնելն է:

50. Հետախուզության ժամանակ պետք է պարզել՝

1) մարդկանց համար վտանգի առկայությունը, նրանց գտնվելու տեղը, փրկելու ճանապարհն ու եղանակները.

2) ինչ է այրվում, հրդեհի տեղն ու չափերը, կրակի տարածման ուղիները, ուժերի ու միջոցների ներգրավման ճանապարհներն ու ուղղությունները.

3) պայթյունի, փլուզման, թունավորման վտանգի, դյուրավառ նյութերի և լարման տակ գտնվող էլեկտրասարքավորումների առկայությունը.

4) գույքի տարահանման, ինչպես նաև կրակից, ծխից և ջրից պաշտպանելու անհրաժեշտությունը.

5) կառուցվածքները բացելու և քանդելու տեղերն ու անհրաժեշտությունը.

6) մոտակա ջրաղբյուրների տեղերն ու դրանցից օգտվելու եղանակները.

7) հրդեհաշիջման անշարժ սարքավորումների առկայությունը և դրանց գործարկման կարգը:

51. Հետախուզության ընթացքում՝ կախված իրավիճակից, կարող են լուծվել նաև այլ խնդիրներ:

52. Հետախուզությունը ղեկավարում է հրդեհաշիջման ղեկավարը, նրա հանձնարարությամբ այլ պաշտոնատար անձինք և յուրաքանչյուր հրամանատար՝ իր սպասարկման տեղամասում:

53. Հետախուզությունը կատարում են՝

1) Հրդեհաշիջման ղեկավարը և կապավորը, եթե հրդեհի վայր ներկայացել է մեկ օղակ.

2) Հրդեհաշիջման ղեկավարը, առաջին օղակի հրամանատարը և կապավորը, եթե հրդեհի վայր ներկայացել են երկու և ավելի օղակներ:

54. Հետախուզության խմբի կազմում պետք է լինեն երկուսից ոչ պակաս մարդ, իսկ շնչառական ապարատներով և մեկուսիչ հակագազերով հետախուզությունը կատարելու դեպքում՝ ոչ պակաս քան երեք մարդ:

55. Անհրաժեշտության դեպքում ստեղծվում են մի քանի հետախուզական խմբեր:

 

ԳԼՈՒԽ 9. ՄԱՐԴԿԱՆՑ ՓՐԿՈՒՄԸ ՀՐԴԵՀԻ ՎԱՅՐՈՒՄ

 

56. Հրդեհի ժամանակ փրկարարական աշխատանքները կազմակերպվում և տարվում են, եթե՝

1) մարդկանց սպառնում է կրակը, բարձր ջերմաստիճանը, պայթյունի կամ փլուզման վտանգը, ինչպես նաև այն դեպքում, երբ սենյակները լցված են ծխով կամ վտանգավոր գազերով.

2) մարդիկ չեն կարող ինքնուրույն լքել վտանգավոր տեղերը.

3) առկա է կրակի և ծխի տարածման վտանգը դեպի տարահանման ճանապարհները.

4) նախատեսվում է հրդեհաշիջման համար օգտագործել մարդկանց առողջության և կյանքի համար վտանգավոր նյութեր:

57. Մարդկանց փրկելու աշխատանքները, որպես կանոն, կատարվում են հրդեհի մարման համար ուժերի և միջոցների բացազատման հետ միաժամանակ:

58. Մարդկանց անվտանգ փրկելու համար փողակների տալը պարտադիր է, եթե մարդկանց անմիջականորեն սպառնում է կրակը կամ այն կարող է փակել տարահանման ուղիները:

59. Եթե ուժերն ու միջոցները չեն բավարարում մարդկանց փրկելու և միաժամանակ հրդեհը մարելու համար, ապա ամբողջ անձնակազմն օգտագործվում է մարդկանց փրկելու համար, և հրդեհի վայր են կանչվում լրացուցիչ ուժեր:

60. Մարդկանց փրկելու համար օգտագործվում են ամենակարճ և անվտանգ ճանապարհները՝

1) հիմնական մուտքերն ու ելքերը, պահեստային ելքերը,

2) պատուհանները, պատշգամբները և սրահները՝ ձեռքի և անշարժ սանդուղքների, ինչպես նաև հրշեջ ավտոամբարձիչների գործարկումով.

3) կառուցվածքների մեջ եղած կամ հրշեջների կողմից բացված դեպի անվտանգ գոտի տանող խորշերը:

61. Մարդկանց փրկելու և տարահանելու հիմնական եղանակներն են՝

1) մարդկանց ինքնուրույն ելքը անվտանգ ուղղությամբ.

2) փրկվողների ուղեկցումը հրշեջների կողմից, եթե տարահանման ուղիները ծխապատված են կամ նրանց առողջական վիճակը, տարիքը կասկած է հարուցում ինքնուրույն դուրս գալու հարցում.

3) ինքնուրույն տեղաշարժվելու հնարավորություն չունեցող մարդկանց դուրս բերումը.

4) փրկվողների իջեցումն աստիճաններով, սանդուղքներով և այլ տեխնիկական միջոցներով, երբ տարահանման ուղիները պատված են կրակով կամ ծխով և փրկելու այլ եղանակներ չկան:

62. Փրկարարական աշխատանքները կատարելիս անհրաժեշտ է՝

1) միջոցներ ձեռնարկել խուճապը կանխելու համար.

2) ներգրավել սպասարկող և հերթապահ անձնակազմին.

3) կանչել շտապ բուժօգնություն, իսկ մինչև նրա գալը, ստորաբաժանման ուժերով, օգնություն ցույց տալ տուժածներին:

63. Եթե տեղեկություններ կան մարդկանց գտնվելու մասին, իսկ փրկարարները նրանց չեն կարողանում գտնել, ապա անհրաժեշտ է մանրամասն ստուգել և զննել այրվող տեղամասին հարակից բոլոր ծխապատված սենյակները, օժանդակ շինությունները և հարակից տարածքները, որտեղ կարող են մարդիկ գտնվել:

64. Մարդկանց որոնումը դադարեցվում է միայն այն դեպքում, երբ պարզվում է, որ փրկման կարիք ունեցող չկա:

 

ԳԼՈՒԽ 10. ՄԱՐՏԱԿԱՆ ԲԱՑԱԶԱՏՈՒՄ

 

65. Մարտական բացազատումը չպետք է խանգարի մարդկանց փրկելու աշխատանքներին:

66. Փողրակագծեր փռելու և հրդեհի օջախին մոտենալու համար անհրաժեշտ է օգտագործել բոլոր ելքերն ու մուտքերը, անշարժ սանդուղքները՝ հնարավորության սահմաններում չօգտվելով մարդկանց տարահանման ճանապարհներից, մինչև տարահանման ավարտը:

67. Բացազատումը բաղկացած է հետևյալ փուլերից՝

1) բացազատման նախապատրաստություն.

2) նախնական բացազատում.

3) լրիվ բացազատում:

68. Բացազատման նախապատրաստությունը կատարվում է ստորաբաժանման հրդեհի վայր ներկայանալու պահից, հետախուզման հետ միաժամանակ և ընդգրկում է՝

1) հրշեջ ավտոմեքենայի տեղադրումը ջրաղբյուրի վրա՝ ներծծող ճկափողերի միացումով և ջրառքով պոմպի մեջ.

2) հրշեջ տեխնիկական զինվածության հանումը ամրակապերից:

69. Ավտոբաքի բացազատման նախապատրաստությունը (առանց նրա տեղադրմանը ջրաղբյուրի վրա) ընդգրկում է՝

1) պոմպի բերումը աշխատանքային վիճակի.

2) փողակով փողրակագծի միացումը պոմպի ճնշումային կարճախողովակին:

70. Հրդեհի վայր ժամանած ստորաբաժանման նախնական բացազատումը կատարվում է այն դեպքում, երբ արտաքին նշաններով կարելի է որոշել մայրուղային փողրակագծերը փռելու ուղղությունը կամ եթե այդ ուղղությունը ցույց է տալիս ստորաբաժանումը դիմավորելու համար առանձնացված անձը:

71. Լրիվ բացազատումը, իրավիճակից կախված, կարող է կատարվել անմիջապես հրդեհի վայր ժամանելու պահից, կամ նախնական բացազատումից հետո:

72. Բացազատման ժամանակ փողակավարները առավել կարճ անվտանգ ճանապարհով դուրս են գալիս իրենց դիրքերը: Եթե ճանապարհներին առկա են խոչընդոտներ, ապա հրամանատարը միջոցներ է ձեռնարկում դրանք բացելու կամ դիրքերը՝ սանդուղքներով կամ այլ ճանապարհներով դուրս գալու համար:

73. Բացազատման ժամանակ հրշեջ ավտոմեքենաները և տեխզինվածությունը պետք է տեղադրվեն այնպես, որպեսզի՝

1) չխանգարեն ժամանող ուժերի և միջոցների տեղաբաշխմանը.

2) ապահովեն ուժերի և միջոցների արագ կենտրոնացումը անհրաժեշտ տեղամասերում.

3) ապահովեն հրշեջ ավտոմեքենաների ու փողրակագծերի պաշտպանվածությունը, նրանց անխափան աշխատանքը և, հնարավորության սահմաններում, չխոչընդոտեն փողոցային երթևեկությունը.

4) ապահովեն պահեստային տեխնիկայի կայանումը և անարգելք տեղաշարժը:

 

ԳԼՈՒԽ 11. ՀՐԴԵՀԻ ՄԱՐՈՒՄԸ

 

74. Հրդեհի տարածման կանխումն ու նրա դադարեցումն իրականացվում են՝

1) պահանջվող քանակի ուժերի և միջոցների ժամանակին կենտրոնացումով ու գործողության մեջ դնելով.

2) փողակավարների արագ դուրս գալով իրենց դիրքերը և նրանց հմուտ գործողություններով.

3) կրակմարիչ նյութերն անընդհատ մղելով.

4) հակահրդեհային անջրպետների ստեղծումով:

75. Այրման դադարեցումը հրդեհի վայրում իրականացվում է՝

1) այրվող նյութերի մակերեսի վրա հովացնող կրակմարիչ նյութերով ներգործելով.

2) այրման գոտում կամ նրա շուրջը չայրվող գազի կամ գոլորշու միջավայր ստեղծելով.

3) այրման գոտու և այրվող նյութերի կամ օդի միջև կրակմարիչ նյութերից մեկուսաշերտ ստեղծելով.

4) այրման ռեակցիան քիմիական եղանակով արգելակելով:

76. Վճռական ուղղությամբ ուժերն ու միջոցները կենտրոնացնելուց հետո դրանք մտցվում են նաև մյուս ուղղություններով:

77. Հրդեհի վայրում հրդեհաշիջման գործողությունների վճռական ուղղությունը որոշվում է հետևյալ սկզբունքներից ելնելով՝

1) հրդեհի վտանգավոր գործոնները սպառնում են մարդկանց կյանքին և նրանց փրկելն անհնար է առանց կրակմարիչ նյութերով փողակներ տալու՝ ուժերն ու միջոցները կենտրոնացվում են փրկարարական աշխատանքներն ապահովելու համար.

2) ստեղծվել է պայթյունի վտանգ՝ ուժերն ու միջոցները կենտրոնացվում և մտցվում են այնտեղ, որտեղ ստորաբաժանումների գործողությունները կարող են նախականխել պայթյունը.

3) այրումն ընդգրկել է օբյեկտի մի մասը և տարածվում է մյուս մասերը կամ հարևան շինությունները՝ ուժերն ու միջոցները կենտրոնացվում և մտցվում են այն տեղամասերում, որտեղ կրակի տարածումը կարող է բերել առավելագույն վնասների.

4) բռնկված է առանձին կանգնած շինությունը (շենքը) և վտանգ չկա նրա տարածվելուն դեպի հարևան օբյեկտները՝ հիմնական ուժերն ու միջոցները կենտրոնացվում և տրվում են առավել ինտենսիվ այրման տեղամասերում.

5) բռնկված է իրենից արժեք չներկայացնող շենքը և սպառնալիք է ստեղծվել մոտ գտնվող օբյեկտի համար՝ հիմնական ուժերն ու միջոցները կենտրոնացվում և մտցվում են չայրվող շենքի (շինության) կողմից:

78. Եթե առաջին կանչով ժամանած ուժերն ու միջոցները բավարար չեն հրդեհը մարելու համար, ապա անհրաժեշտ է կանչել լրացուցիչ այնքան ուժեր, որպեսզի նվազագույն ժամանակում կատարվի մարտական խնդիրը: Այս դեպքում մինչև լրացուցիչ ուժերի և միջոցների ժամանելը առաջինը ներկայացած ստորաբաժանումները միջոցներ են ձեռնարկում մարդկանց փրկելու ուղղությամբ և հրդեհաշիջումն իրականացնում են ըստ հրդեհի վճռական ուղղությունների սկզբունքների:

79. Օղակը կարող է թողնել իր հրդեհաշիջման տեղամասը միայն հրդեհաշիջման ղեկավարի կամ տեղամասի պետի կարգադրությամբ:

80. Տեղակայման (ծառայության) վայր վերադառնալուն պես միջոցներ են ձեռնարկվում հրշեջ տեխնիկան նվազագույն ժամանակում մարտական վիճակի բերելու համար:

 

ԳԼՈՒԽ 12. ՀԱՏՈՒԿ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՀՐԴԵՀԻ ՎԱՅՐՈՒՄ

 

81. Հատուկ աշխատանքները նպաստում են հրդեհը մարելու և մարդկանց փրկելու խնդիրները կատարելուն:

82. Հատուկ աշխատանքների շարքին են դասվում՝ շնչառության համար ոչ պիտանի միջավայրում կատարվող աշխատանքները, ինչպես նաև ծխահեռացումը, հրդեհի վայրի լուսավորումը, կառուցվածքների քանդումը:

83. Շնչելու համար ոչ պիտանի միջավայրում աշխատելիս անհրաժեշտ է՝

1) կազմել երեքից-հինգ հոգուց բաղկացած գազածխապաշտպանների օղակ, ապահովված միանման շնչառական ապարատնեերով: Մարդկանց փրկելու անհետաձգելի աշխատանքներ կատարելիս ղեկավարի որոշմամբ օղակի կազմը կարող է նվազեցվել մինչև երկու հոգի.

2) գազածխապաշտպան ծառայության օղակի հրամանատարին մշտական կապ պահպանել անցագրային պահակետի հետ և նրա միջոցով պարբերաբար զեկուցել ղեկավարին՝ իրավիճակի և գործողությունների մասին.

3) շարժվելու ճանապարհին տուժածների հանդիպելու դեպքում նրանց օգնություն ցույց տալ կամ դուրս բերել և ապա շարունակել կատարել մարտական առաջադրանքը.

4) մետրոյի թունելներ, ստորգետնյա մեծածավալ շինություններ և ինը հարկից ավելի շենքեր միաժամանակ ուղարկել երկուսից ոչ պակաս օղակներ:

Այդ դեպքում լրիվ մարտական վիճակում գտնվող մեկ օղակ դրվում է անվտանգություն անցագրային պահակետի մոտ՝ շնչելու համար ոչ պիտանի միջավայրում գտնվող անձնակազմին անհետաձգելի օգնություն ցույց տալու համար:

84. Բարդ և երկարատև հրդեհների դեպքում, որտեղ գործում են գազածխապաշտպան մի քանի օղակներ, ղեկավարը պարտավոր է կազմակերպել անցագրային կետ:

85. Անցագրային կետի աշխատանքները ղեկավարում է ղեկավարի կողմից նշանակված անձը՝ առավել պատրաստված հրամկազմից:

86. Գազածխապաշտպան ծառայության օղակների աշխատանքները հրդեհի վայրում ղեկավարում են՝

1) մեկ օղակի աշխատանքի դեպքում՝ օղակի հրամանատարը կամ ղեկավարի կողմից հրամկազմից նշանակված անձը.

2) մեկ խմբի, հերթափոխի աշխատանքի դեպքում՝ հերթապահ խմբի, հերթափոխի պետը կամ նրա կարգադրությամբ օղակների հրամանատարները, որոնց կազմում կան գազածխապաշտպան օղակներ.

3) միաժամանակ մի քանի խմբերի, հերթափոխերի աշխատանքների դեպքում ղեկավարի կողմից` հրամկազմից նշանակվող անձը.

87. Ծխի դեմ պայքարելու ժամանակ անհրաժեշտ է օգտագործել հակածխային համակարգերը, հրշեջ ավտոծխաքաշերը, օդափոխիչները և բրեզենտե փակոցները:

88. Շինությունների կառուցվածքների բացումն ու քանդումը կատարվում է հետևյալ նպատակներով՝

1) մարդկանց կենդանիների և նյութական արժեքները փրկելու.

2) այրման աննկատ օջախները հայտնաբերելու.

3) կրակմարիչ նյութերն առավել արդյունավետ օգտագործելու.

4) կրակի տարածման ճանապարհին հակահրդեհային անջրպետներ ստեղծելու.

5) ծուխն ու գազերը հեռացնելու.

6) փլուզումները կանխելու.

7) հրդեհի օջախին մոտենալու և փողակներ տալու համար:

89. Շենքի կառուցվածքների բացումն ու քանդումը կատարվում է այն սահմաններում, որոնք հարկավոր են փրկարարական աշխատանքները իրականացնելու համար և միայն այն բանից հետո, երբ այդ տեղամասում արդեն կենտրոնացվել և պատրաստ են գործելու հրդեհաշիջման միջոցները:

90. Հակահրդեհային անջրպետներ ստեղծելու աշխատանքները պետք է ավարտվեն մինչև կրակի մոտենալը այդ տեղամասին:

91. Կառուցվածքների բացումն ու քանդումը անհրաժեշտ է կատարել այնպես, որ չթուլացվի կառուցատարրերի կրող հատկությունը և չառաջացվի նրանց փլուզումը, չվնասվեն էլեկտրացանցերը, էլեկտրակայանքները և գազամուղները:

92. Քանդած կառուցատարրերը բարձրությունից նետելուց առաջ անհրաժեշտ է նրանց ընկնելու տեղերը ստուգել և շրջափակել:

93. Սենյակները լուսավորելու համար անհրաժեշտ է օգտագործել էլեկտրական լապտերներ, իսկ դրանց անբավարար լինելու կամ բացակայության դեպքում՝ ավտոմեքենաներից սնվող լուսարձակներ: Այդ դեպքում լուսարձակներն անհրաժեշտ է միացնել սենյակները մտնելուց առաջ:

94. Լարման տակ գտնվող էլեկտրական սարքերն ու հաղորդալարերը հոսանքազրկվում են, եթե դրանք՝

1) վնասվել և վտանգավոր են հրդեհի վայրում աշխատողների համար.

2) վտանգ են ներկայացնում ջուր թափվելու հետևանքով նոր այրման օջախներ առաջացնելու համար.

3) խոչընդոտում են հրդեհաշիջման աշխատանքներին և կառուցվածքների քանդմանը:

95. Բարձր լարման տակ գտնվող էլեկտրասարքավորումների անջատումը կատարվում է կազմակերպության (քաղաքի) էներգածառայության ներկայացուցչի կողմից:

 

ԳԼՈՒԽ 13. ՀՐԴԵՀԱՇԻՋՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

96. Հրդեհի վայրում ուժերն ու միջոցները ղեկավարում է հրդեհաշիջման ղեկավարը, ներգրավված ստորաբաժանումների կողմից արդյունավետ հրդեհաշիջում իրականացնելու նպատակով:

97. Հրդեհաշիջման ղեկավար է համարվում՝

1) հրդեհաշիջմանը ներգրավված մեկ հրշեջ-փրկարարական օղակի, խմբի, հերթափոխի դեպքում՝

 ա) օղակի հրամանատարը, հերթափոխի կամ խմբի պետը, ջոկատի հրամանատարի տեղակալը (Երևան քաղաքում` հրդեհաշիջման ապահովման հարցերով (այսուհետ` ՀԱՀ) ավագ հրահանգիչը), հրամանատարը.

 բ) մարզերում՝ օղակի հրամանատարը, հերթափոխի կամ խմբի պետը,

 2) հրդեհաշիջմանը ներգրավված մեկից ավելի խմբերի, հերթափոխերի դեպքում՝

 ա) այն հրշեջ-փրկարարական ջոկատի խմբի, հերթափոխի պետը, հրամանատարի տեղակալը (Երևան քաղաքում` ՀԱՀ ավագ հրահանգիչը), հրամանատարը, ԵՓՎ տարածքային բաժնի պետը, ԵՓՎ պետի տեղակալը, ԵՓՎ պետը, մարզային փրկարարական վարչության պետի տեղակալը, մարզային փրկարարական վարչության պետը, որի հրդեհաշիջման տարածքում տեղի է ունեցել հրդեհը.

3) եթե վերը նշված դեպքերում հրդեհի վայր է ներկայանում ՀՀ ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ արտակարգ իրավիճակների արձագանքման բաժնի պետը կամ ավագ հրահանգիչ-արտակարգ իրավիճակների արձագանքման խմբի պետը՝ ապա նա անհրաժեշտության դեպքում պարտավոր է ստանձնել հրդեհաշիջման ղեկավարումը:

 Բարդ և երկարատև հրդեհների դեպքում, հրդեհաշիջման ղեկավարումը ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի հանձնարարությամբ, կարող է ստանձնել նաև ՀՀ ԱԻՆ ՓԾ բարձրաստիճան պաշտոնատար անձը:

98. Հրդեհի վայր ժամանած վերադաս պետը պատասխանատվություն է կրում հրդեհաշիջման ելքի համար, անկախ այն բանից՝ նա ղեկավարումը ստանձնել է, թե՝ ոչ:

99. Վերադաս պետի կողմից հրդեհաշիջման ղեկավարումը ստանձնելը պարտադիր է, եթե հրդեհաշիջման ղեկավարը չի ապահովում հրդեհի վայրում գտնվող ուժերի և միջոցների ղեկավարումը: Այդ մասին նա տեղեկացնում է հրդեհաշիջման շտաբի թիկունքի և հրդեհաշիջման տեղամասերի պետերին, ռադիոկանչով` հետևյալ բառերով բոլորին. «Ուշադրություն. Ժամը _____-ից հրդեհաշիջման ղեկավարումը ստանձնում եմ ես` կոչում, անուն, ազգանուն»:

100. Հրդեհի բարդությունից կախված՝ հրդեհաշիջման ղեկավարը գնահատելով իրավիճակը, արդյունավետ հրդեհաշիջման կազմակերպման նպատակով, ինչպես նաև ուժերն ու միջոցները ղեկավարելու համար, ստեղծում է հրդեհաշիջման տեղամասեր, իսկ անվտանգ տարածքում հրդեհաշիջման շտաբ:

101. Հրդեհաշիջման շտաբի կազմում ընդգրկվում են են շտաբի պետը, թիկունքի պետը, ՀՀ ԱԻՆ ՓԾ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության ներկայացուցիչը, հրդեհաշիջում իրականացնող ստորաբաժանումների և օբյեկտի ծառայությունների, ինչպես նաև շահագրգիռ այլ գերատեսչությունների և ծառայությունների ներկայացուցիչները:

102. Հրդեհաշիջման շտաբի գտնվելու վայրում տեղադրվում է սեղան, ռադիոկայան, ինչպես նաև «Շ» տառով դրոշմված շարժական դրոշաձող և այլ անհրաժեշտ միջոցներ:

103. Հրդեհաշիջման շտաբի պետը ենթարկվում է հրդեհաշիջման ղեկավարին, ղեկավարում է շտաբի գործունեությունը, ապահովում է հրդեհաշիջման ղեկավարի ընդունած որոշումների կատարումը:

104. Հրդեհաշիջման շտաբի պետ է նշանակվում հրդեհաշիջմանը ներգրավված, կազմակերպչական ունակություններով օժտված, մասնագիտական պատրաստվածություն ունեցող, փրկարարական ծառայության ավագ և բարձր պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձը:

105. Հրդեհաշիջման աշխատանքների տեղամասի պետը ենթարկվում է հրդեհաշիջման ղեկավարին և կատարում է նրա կարգադրությունները: Նա պատասխանատվություն է կրում հանձնարարված տեղամասում իր առջև դրված խնդիրների լուծման, անձնակազմի անվտանգության և հրշեջ տեխնիկայի պահպանության համար:

106. Հրդեհաշիջման աշխատանքների տեղամասի պետ կարող է նշանակվել Ջոկատի հրամանատարից (Երևան քաղաքում հրդեհաշիջման ապահովման հարցերով ավագ հրահանգչից) ոչ ցածր պաշտոն զբաղեցնող անձը:

107. Հրդեհի վայրում երկու և ավելի խմբերի աշխատելու դեպքում, նշանակվում է թիկունքի պետ այն Ջոկատի կրտսեր, միջին կամ ավագ պաշտոն զբաղեցնող ծառայողներից, որի մեկնման տարածքում տեղի է ունեցել հրդեհը:

108. Հրդեհաշիջման ղեկավարի որոշմամբ թիկունքի պետ կարող է նշանակվել նաև այլ պաշտոնատար անձ:

109. Թիկունքի պետը ենթարկվում է հրդեհաշիջման ղեկավարին, հրդեհաշիջման շտաբի պետին և պատասխանատու է հրդեհի վայրում ջրի անդադար մատակարարման, հրշեջ տեխնիկայի անվտանգ տեղակայման և այլ թիկունքային աշխատանքների համար:

110. Հրդեհաշիջման ղեկավարը միանձնյա ղեկավար է, որին ենթարկվում են հրդեհի վայր ժամանած բոլոր հրշեջ-փրկարարական ստորաբաժանումներն ու ներգրավված ուժերը, ինչպես նաև օբյեկտային բոլոր ծառայություններն ու ուժերը: Նա պատասխանատվություն է կրում հրդեհաշիջման ելքի, աշխատանքների կազմակերպման, անձնակազմի անվտանգության և հրշեջ տեխնիկայի պահպանության համար:

111. Բարդ, խոշոր և երկարատև հրդեհների դեպքում, երբ արդյունավետ հրդեհաշիջում իրականացնելու համար անհրաժեշտ է ներգրավել պետական կառավարման տարածքային մարմինների ստորաբաժանումներին, տեղական ինքնակառավարման մարմիններին և կազմակերպություններին, լրացուցիչ ուժերի, հատուկ ինժեներական տեխնիկայի տրամադրման նպատակով ստեղծվում է օպերատիվ շտաբ, որպես հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպման ժամանակավոր մարմին:

112. Օպերատիվ շտաբի ղեկավարումը ստանձնում է ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի կողմից նշանակված բարձրագույն պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձը:

113. Հրդեհաշիջման ղեկավարը ենթարկվում է օպերատիվ շտաբի պետին, սակայն շարունակում է իրականացնել հրդեհաշիջման անմիջական ղեկավարումը:

114. Օպերատիվ շտաբի պետը պատասխանատու է հրդեհաշիջման ելքի համար:

115. Հրդեհի վայրում կապը կազմակերպվում է ռադիո, բջջային, ֆիքսված հեռախոսակապերով և այլ տեխնիկական միջոցներով:

116. Հրդեհի վայր մեկնելու ընթացքում, ինչպես նաև հրդեհի վայրում ստորաբաժանումների միջև խոսակցությունները իրականացվում են բացառապես ռադիոկապի միջոցներով: Ռադիոկապի անհասանելիության դեպքում, բացառության կարգով կապը կարող է իրականացվել բջջային կամ ֆիքսված հեռախոսակապի միջոցով:

117. Հրդեհի վայր հասած և հրդեհաշիջման ղեկավարումը ստանձնած պաշտոնատար անձի` ուժերի և միջոցների ներգրավման, հրդեհի կանչի աստիճանի բարձրացման և այլ որոշումների պահանջների կատարման ապահովումն իրականացվում է ՀՀ ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ ավագ դիսպետչերի միջոցով:

118. Հրդեհի վայրում գտնվող մարտական հաշվարկների անձնակազմի միջև խոսակցական կապն իրականացվում է տվյալ Ջոկատի համար սահմանված ռադիոկապի սխեմայով և ազդականչերով:

119. Հրդեհի վայր ժամանած յուրաքանչյուր ավագ և բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձ, պարտավոր է ՀՀ ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ հայտնել իր դեպքի վայր ժամանելու մասին` նշելով ժամը:

 

ԳԼՈՒԽ 14. ՀՐԴԵՀՆԵՐԻ ՄԱՐՈՒՄԸ ՋՐԻ ՍԱԿԱՎՈՒԹՅԱՆ, ՑԱԾՐ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԻ ԵՎ ՈՒԺԵՂ ՔԱՄՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

 

120. Ջրի սակավության դեպքում հրդեհաշիջման ղեկավարը պարտավոր է՝

1) կազմակերպել փողակների տալը միայն վճռական ուղղությամբ, մյուս տեղամասերում ապահովել կրակի մեկուսացումը՝ կառուցատարրերը քանդելու և անջրպետներ ստեղծելու օգնությամբ.

2) կատարել ջրաղբյուրների լրացուցիչ հետախուզություն՝ ջրի պաշարներ հայտնաբերելու նպատակով.

3) տարածված հրդեհները մարելու համար ջուրը տալ պոմպակայանների, հրշեջ գնացքների օգնությամբ, ինչպես նաև հրշեջ ավտոմեքենաների պոմպերի միջոցով վերամղումով.

4) ջուրը մայրուղային փողրակագծերով տալը հնարավոր չլինելու դեպքում (ջրաղբյուրի, տեխնիկայի, փողրակների բացակայություն) կազմակերպել ջրի կրումը ավտոբաքերով, բենզատարներով, ջրցան և այլ մեքենաներով.

5) տալ այնքան փողակներ, որոնց անընդհատ աշխատանքի համար կբավականացնի բերվող ջուրը.

6) կազմակերպել տեխնիկան ջրով լցավորելու կետ, նշանակել պատախանատու անձ՝ անընդհատ աշխատանքը ապահովելու համար.

7) եթե հրշեջ ավտոմեքենայի և ջրի մակերևույթի միջև բարձրության անկումը ավել է, քան պոմպի ներծծման բարձրությունը, ապա անհրաժեշտ է ջուրը վերցնել հրշեջ հիդրոէլևատորների, ինչպես նաև հրշեջ մոտոպոմպերի օգնությամբ.

8) երկարատև հրդեհների դեպքում կազմակերպել ժամանակավոր հրշեջ ջրավազանների և ջրհորների կառուցումը.

9) օգտագործել փականով և փոքր տրամաչափի փողակներ՝ ջուրը խնայողաբար ծախսելու համար, օգտագործել թրջիչ նյութեր ու փրփուր.

10) ջրմուղում ջրի թույլ ճնշման դեպքում միջոցներ ձեռնարկել ճնշումը բարձրացնելու համար: Հրշեջ հիդրանտներից ջուր վերցնել կոշտ ներծծող փողրակներով կամ հիդրանտների հորերից.

11) եթե հրդեհի վայրում ջրաղբյուր չկա և հնարավոր չէ ջուր կրել այլ տեղից, ապա կրակի տարածումը կանխելու համար անհրաժեշտ է քանդել կառուցատարրեր կամ շենքեր (շինություններ):

121. Ցածր ջերմաստիճանի պայմաններում հրդեհը մարելու ժամանակ հրդեհաշիջման ղեկավարը պարտավոր է`

1) բաց հրդեհների և ջրի բավարար պաշարի դեպքում օգտագործել մեծ ծախսով փողակներ, խուսափել փականով ու ջրցան փողակներ օգտագործելուց.

2) ջրագծերը փռել մեծ տրամագծի ռետինապատ փողրակներով, ճյուղավորումները հնարավորության դեպքում տեղադրել շենքերի ներսում կամ ջերմացնել դրանք.

3) փողրակների միացման գլխիկները ծածկել ձյունով.

4) ավտոմեքենայի պոմպից սկզբից ջուրը տալ ազատ կարճախողովակով և միայն պոմպի կայուն աշխատանքի դեպքում ջուր տալ փողրակագծով, եթե ջուրը տրվելու է ջրավազանից կամ հրշեջ հիդրանտից.

5) ջրի ծախսը պակասելու դեպքում այն տաքացնել պոմպի մեջ՝ շարժիչի պտույտների թիվն ավելացնելով.

6) խուսափել պոմպերը կանգնեցնելուց, փողրակները և ճյուղավորումները փակելուց.

7) փողրակները փոխելու կամ հավաքելու, գծերը երկարացնելու ժամանակ ջրի մատակարարումը չդադարեցնել, իսկ աշխատանքները կատարել փողակի կողմից՝ ճնշումը թուլացնելով և հնարավորին չափ անձնակազմի թիվն ավելացնելով.

8) սառցակալած փողրակների միացման և ծալված տեղերն անհրաժեշտ է տաքացնել տաք ջրով, գոլորշիով կամ տաքացված գազով.

9) թույլ չտալ հրշեջ սանդուղքների վրա ջուր թափվելը, խուսափել նրանց վրա և մոտակայքում փողրակագծերի ամրացումից.

10) թույլ չտալ օգտագործած ջրի հեռացումը աստիճանավանդակներով:

122. Ուժեղ քամու դեպքում հրդեհը մարելու ժամանակ ղեկավարը պարտավոր է՝

1) հրդեհաշիջումը կատարել ջրի հզոր շիթերի օգնությամբ.

2) կարճ ժամանակում ապահովել այրվող օբյեկտի շրջափակումը ջրի շիթերով.

3) հրդեհի նոր օջախները մարելու համար ստեղծել ուժերի և միջոցների պաշար.

4) կազմակերպել հողմահակառակ կողմում գտնվող օբյեկտների հսկողությունն ու պաշտպանությունը՝ պահակակետեր (դետքեր) նշանակելով և նրանց անհրաժեշտ ուժեր ու միջոցներ տրամադրելով.

5) առավել սպառնալիքի դեպքում կրակի տարածման հիմնական ճանապարհին ստեղծել անջրպետներ կամ քանդել շենքեր (շինություններ):

 

ԳԼՈՒԽ 15. ՀՐԴԵՀՆԵՐԻ ՄԱՐՈՒՄԸ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

123. Պայթուցիկ նյութերի առկայության օբյեկտներում հրդեհ առաջանալու դեպքում հնարավոր է՝

1) շենքի կամ առանձին մասերի փլուզում, այրվող օբյեկտներին և ջրաղբյուրներին մոտենալու ճանապարհների խցանում, ներքին և արտաքին ջրացանցերի հրդեհաշիջման ստացիոնար համակարգերի, տեխնոլոգիական սարքավորումների վնասում կամ ոչնչացում.

2) հրդեհի վայրում աշխատողների կողմից վնասվածքներ ստանալը բեկորներից, կառուցատարրերի կտորներից, պայթյունի ալիքից, ինչպես նաև այրման և պայթյունի թունավոր արգասիքներից:

124. Պայթուցիկ նյութերի առկայության օբյեկտներում հրդեհաշիջում կատարելու ժամանակ ղեկավարը պարտավոր է՝

1) պարզել պայթյունի սպառնալիքը, պայթուցիկ նյութերի քանակը, տեսակը և տեղը, դրանց տարահանման եղանակները, տեխնոլոգիական սարքավորումների և հրդեհաշիջման համակարգերի վիճակը.

2) սահմանել վտանգավոր գոտում աշխատողներին արագ տեղեկացնելու միասնական ազդանշան և դրա մասին ծանուցել անձնակազմին.

3) գործողության մեջ դնել «Ա» և սայլակավոր փողակներ՝ հաշվի առնելով պայթուցիկ նյութերի զգայնության աստիճանը, դետոնացիային՝ ջրի հոծ շիթի հարվածից: Պայթուցիկ նյութերի հանգիստ այրվելու, ինչպես նաև նրանց հալված վիճակի դեպքում օգտագործել փրփուր, անձրևացրած ջուր.

4) մարելու հետ միաժամանակ կատարել այն տեխնոլոգիական սարքավորումների հովացում, որոնց սպառնում է բարձր ջերմաստիճան, իսկ հնարավորության դեպքում տարահանել նաև պայթուցիկ նյութեր.

5) զգուշություն ցուցաբերել պայթուցիկ նյութերը տարահանելու, ինչպես նաև կառուցատարրերը բացելու և քանդելու դեպքում, որպեսզի մեխանիկական ազդեցությունից պայթյուն չառաջանա.

6) փողրակագծերը փռել շենքերի (շինանյութերի) անկյունների ուղղությամբ.

7) պինդ պայթուցիկ նյութերը հերմետիկ սարքերում վառվելու դեպքում միջոցներ ձեռնարկել դրանց ինտենսիվ հովացման, ապահերմետիկացման և կրակմարման նյութերը սարքերի մեջ տալու համար.

8) նախատեսել հավանական վնասումների գոտուց դուրս գտնվող ջրաղբյուրներից ուժերն ու միջոցները բացազատելու պահեստային տարբերակ.

9) կազմակերպել շրջապատի շենքերի և շինությունների հետախուզությունն ու դիտարկումը, նշանակել պահակետեր, ապահովել նրանց հրդեհաշիջման միջոցներով՝ հրդեհի նոր օջախները մարելու համար:

 

ԳԼՈՒԽ 16. ՀՐԴԵՀՆԵՐԻ ՄԱՐՈՒՄԸ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՄԲ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ

 

125. Ռադիոակտիվ նյութերի առկայությամբ օբյեկտներում հրդեհ առաջանալու դեպքում հնարավոր է՝

1) ռադիոակտիվ ճառագայթման վտանգավոր մակարդակի առաջացում.

2) ռադիոակտիվ մասնիկների արագ տարածում՝ այրման արգասիքների հետ օդափոխության ներքաշող-արտամղող համակարգերով, տեխնոլոգիական խորշերով ջերմափոխանցումային հոսքերի միջոցով, ինչպես նաև ճառագայթաակտիվ հեղուկների և լուծույթների արտահոսում.

3) անձնակազմի ռադիոակտիվ ճառագայթում, մարտական հագուստի և տեխնիկայի աղտոտում ռադիոակտիվ նյութերով.

4) ուժեղ ծխապատում՝ ռադիոակտիվ և այրման թունավոր արգասիքների առկայությամբ:

126. Ռադիոակտիվ նյութերի առկայության օբյեկտներում հրդեհաշիջում կատարելու ժամանակ հրդեհաշիջման ղեկավարը պարտավոր է՝

1) օբյեկտի մասնագետների և ռադիոակտիվ վերահսկման ծառայության հետ համատեղ պարզել ճառագայթման տեսակն ու մակարդակը, անձնակազմի այդ գոտում գտնվելու թույլատրելի ժամանակը, ռադիոակտիվ վարակման և վարակի տարածման ճանապարհները: Հրդեհաշիջումը սկսել միայն օբյեկտի ղեկավարի (գլխավոր ճարտարագետի) կողմից գրավոր թույլտվություն ստանալուց հետո.

2) անկախ հրդեհի չափերից և աշխատող ստորաբաժանումների քանակից ստեղծել հրդեհաշիջման օպերատիվ շտաբ՝ նրա կազմի մեջ ներգրավելով օբյեկտի գլխավոր մասնագետներին, ռադիոակտիվ վերահսկման ծառայության աշխատակիցներին՝ իրավիճակը պարզելու և հրդեհաշիջման հարցերում խորհրդակցելու համար.

3) օբյեկտի ինժեներատեխնիկական անձնակազմի հետ համաձայնեցնելուց հետո հրդեհաշիջման համար ընտրել կրակմարման նյութեր.

4) ռադիոակտիվ նյութերով բաց տեխնոլոգիական սարքավորումները մարել քամու կողմից.

5) ռադիոակտիվ մասնիկների տարածման գոտին նվազեցնելու համար օգտագործել ջրի անձրևացրած շիթեր.

6) օբյեկտի ղեկավարության միջոցով ստեղծել ռադիոակտիվ վերահսկման, սանմշակման և անձնակազմին բուժօգնություն ցույց տալու կետեր.

7) աշխատանքներն իրականացնել անձնակազմի նվազագույն քանակ օգտագործելով, նրանց ապահովելով մեկուսիչ հակագազերով, պաշտպանիչ հագուստով, անհատական և խմբակային ռադիոչափական սարքերով (դոզիմետր).

8) ստեղծել ուժերի և միջոցների գազածխապաշտպան ծառայության օղակների պաշտպանիչ հագուստի, ռադիոչափական սարքերի պահուստ՝ տեղակայելով դրանք ռադիոակտիվ վարակման գոտուց դուրս.

9) ռադիոակտիվ վարակման գոտի մտնելու մուտքի մոտ դնել անվտանգության պահակակետ՝ միջին կամ կրտսեր հրամանատարական կազմի գլխավորությամբ:

127. Հրդեհաշիջումից հետո հրդեհաշիջման ղեկավարը պարտավոր է՝

1) կազմակերպել անձնակազմի սանիտարական մշակում և ելքային դոզաչափական հսկողություն.

2) կազմակերպել տեխնիկայի, զինվածության, հագուստի, հակագազերի վարակազերծում և ռադիոակտիվ ֆոնի հսկողություն:

 

ԳԼՈՒԽ 17. ՀՐԴԵՀՆԵՐԻ ՄԱՐՈՒՄԸ ՇԵՆՔԵՐՈՒՄ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

 

128. Շենքի հարկերում հրդեհաշիջում կատարելու ժամանակ հրդեհաշիջման ղեկավարը պարտավոր է՝

1) օգտագործել փակովի «Բ» փողակներ և փրփուր: Ավելի հզոր փողակներն օգտագործել միայն տարածված հրդեհների դեպքում.

2) վերին հարկերը կամ տանիքը ջուր տալու համար օգտագործել չորախողովակները և ներքին հրշեջ ծորակները՝ միացնելով ճնշումը բարձրացնող պոմպերը.

3) եթե այրումը տեղի է ունենում մեկ կամ մի քանի հարկերում, ապա փողակները տալ այրվող հարկում (հարկերում), իսկ վերևի և ներքևի հարկերում պաշտպանելու համար տալ պահեստային փողակներ.

4) հարկերում, որտեղ հնարավոր է կրակի տարածումը օդափոխության և այլ մղանցքներով, խորշերով և սնամեջ կառուցատարրերով՝ փողակները տալ հրդեհի օջախ, վերևի և ներքևի հարկերը, ինչպես նաև տանիք: Կրակի տարածումը կանխելու համար կատարել սնամեջ կառուցատարրերի բացում և թրջում.

5) հրդեհաշիջման աշխատանքներ կատարել միաժամանակ հարկի բոլոր այրվող սենյակներում: Ուժերի և միջոցների պակասության դեպքում հրդեհաշիջում կատարել հաջորդաբար՝ ծայրամասերից տեխափոխվելով դեպի կենտրոն.

6) դժվար այրվող և այրվող պատերին ու միջնորմերին պահուստային փողակները տալ հարկերում չայրվող հատվածամասերի աստիճանավանդակներից՝ դեպի այրվող հարակից սենյակներ.

7) մանրազնին կերպով ստուգել այրվող սենյակին հարակից սենյակները, ստուգիչ բացումներ կատարելով այն տեղերում, որտեղ կարող է մտնել կրակը՝ հատուկ ուշադրություն դարձնելով սնամեջ ուղղահայաց կառուցատարրերի վերին և ստորին մասերին.

8) ծածկը այրվելու և նրա փլուզման վտանգի դեպքում անձնակազմն ու նյութական արժեքները հեռացնել ծածկի վրայից և տակից.

9) փողակները հարկերը տալ աստիճանավանդակներից, իսկ առանձին դեպքերում՝ պատուհաններով, պատշգամբներով, հրշեջ սանդուղքներով, ավտոամբարձիչներով՝ օգտագործելով փրկիչ պարաններ.

10) այրվող ծածկերը մարել փրփուրով, կառուցատարրերի բացումը կատարելով միաժամանակ վերևից և ներքևից:

129. Հրդեհաշիջումը նկուղում կատարելու ժամանակ հրդեհաշիջման ղեկավարը պարտավոր է՝

1) պարզել հրդեհավտանգ նյութերի առկայությունը և բնութագիրը, նկուղի հատակագիծը, ծածկի կառուցվածքը և կրակը դեպի հարկերն ու տանիքը տարածվելու հնարավորությունը.

2) միջոցներ ձեռնարկել աստիճանավանդակների ծխապատումը կանխելու համար, այդ նպատակով օգտագործելով ծխահեռացման միջոցներ և անջրպետներ.

3) հրդեհի օջախին խորշերով մոտենալու հնարավորության բացակայության դեպքում, որոշել ծածկերում և պատերի մեջ անցքեր բացելու տեղերը:

130. Ջերմաուղեգծերում հրդեհաշիջում կատարելու ժամանակ հրդեհաշիջման ղեկավարը պարտավոր է`

1) որոշել խողովակաշարի ջերմամեկուսիչների այրման սահմանները.

2) օբյեկտի տեխնիկական անձնակազմի օգնությամբ միջոցներ ձեռնարկել ջերմակրի ջերմաստիճանն իջեցնելու համար.

3) կազմակերպել խողովակաշարերի ջերմամեկուսիչի հանումը` կրակի տարածումը կանխելու համար.

4) թունելը լցնել փրփուրով, գոլորշիով, իներտ գազով կամ տալ «Բ» փողակներ:

131. Ձեղնահարկերում հրդահաշիջում կատարելու ժամանակ հրդեհաշիջման ղեկավարը պարտավոր է`

1) առաջին փողակները տալ աստիճանավանդակների ուղղությամբ.

2) կազմակերպել տանիքի բացումը` ծխահեռացման, ջերմաստիճանի իջեցման և փողակներ տալու համար.

3) տալ փակովի և ջուրն անձրևացնող փողակներ, օգտագործել փրփուր ու թրջիչ.

4) փողակներ տալ երկու ուղղություններով՝ աստիճանավանդակներից և ծածկից (բացված տեղերից և ձեղնապատուհաններից).

5) կազմակերպել այրվող միջնածածկի բացումը ձեղնահարկի և ներքևի կողմերից.

6) բոլոր դեպքերում վերևի հարկում նախատեսել պահեստային փողակ.

7) զառիթափ և սառցակալած տանիքների վրա աշխատելիս ապահովել անվտանգությունը:

132. Կառուցվող օբյեկտներում հրդեհաշիջում կատարելու ժամանակ հրդեհաշիջման ղեկավարը պարտավոր է`

1) փողակներով պաշտպանել շենքի կրող կառուցատարրերը, փայտամածները, անցումներն ու սանդուղքները.

2) շինփայտամածները շենքից դուրս այրվելու դեպքում տալ հզոր ջրի շիթեր և կանխել կրակի տարածումը դեպի ներս.

3) տարածված հրդեհները մարելու համար շենքի ներսում օգտագործել սայլակավոր և «Ա» փողակներ.

4) անհրաժեշտ քանակության փողակներ տալու հնարավորության բացակայության դեպքում կատարել շինարարական փայտամածների քանդում՝ հակահրդեհային անջրպետներ ստեղծելու համար.

5) որոշել փողակավորների դիրքերը, ապահովել նրանց նահանջի ուղիներով՝ հիմնական ճանապարհները համարելով աստիճանավանդակները, առանձին դեպքերում փողակները տալ ավտոսանդուղքների, ավտոամբարձիչների և ամբարձիչ կռունկների վրայից:

 

ԳԼՈՒԽ 18. ՀՐԴԵՀՆԵՐԻ ՄԱՐՈՒՄԸ ԲԱՐՁՐԱՀԱՐԿ ՇԵՆՔԵՐՈՒՄ

 

133. Բարձրահարկ շենքերում հրդեհներ առաջանալու դեպքում հնարավոր է`

1) օգնության կարիք ունեցող մեծաքանակ մարդկանց առկայություն, խուճապի առաջացում.

2) փրկարարական աշխատանքներ կատարելու հետ կապված բարդություններ.

3) կրակի և այրման հետևանքով թունավոր արգասիքների ուղղահայաց տարածում, ինչպես շենքի ներսով, այնպես էլ դրսից.

4) աստիճանավանդակների և վերին հարկերի ծխապատումը վերելակների ու մյուս ուղղահայց հորերի և խորշերի միջոցով.

5) բարձր ջերմաստիճանի առկայություն՝ այն հարկի տարահանման ճանապարհներին, որտեղ հրդեհն առաջացել է.

6) հրդեհաշիջման միջոցները տալու բարդություն և աշխատատարություն՝ հատկապես վերին հարկերում.

7) սյունաշարի (պատվանդանների) առկայություն շենքի պարագծով, որը կխոչընդոտի հրշեջ ավտոսանդուղքների և ամբարձիչների մոտեցմանը, տեղադրմանը և մարդկանց փրկելու աշխատանքներին.

8) հրդեհաշիջմանը մասնակցող ուժերը և միջոցները ղեկավարելու բարդություն.

9) հրդեհաշիջումը և փրկարարական աշխատանքները կատարելու համար հատուկ տեխնիկական միջոցներ օգտագործելու անհրաժեշտություն:

134. Բարձրահարկ շենքերում հրդեհաշիջում կատարելու ժամանակ հետախուզությունն անհրաժեշտ է կատարել մի քանի օղակներով:

135. Հետախուզության ընթացքում, բացի հիմնական խնդիրների իրականացումից, անհրաժեշտ է նաև պարզել՝

1) մարդկանց տարահանելու և հրդեհի օջախին մոտենալու ամենակարճ ճանապարհները.

2) անձնակազմին և տեխզինվածությունը բարձրացնելու համար վերելակները օգտագործելու հնարավորությունը.

3) հրդեհաշիջման և հակածխային պաշտպանության անշարժ համակարգերի օգտագործման հնարավորությունը.

4) չծխապատվող աստիճանավանդակների, պատշգամբների, հրշեջ ավտոսանդուղքների, ամբարձիչների և մյուս փրկարարական միջոցների օգտագործման հնարավորությունը:

136. Բարձրահարկ շենքերում հրդեհաշիջում կատարելու ժամանակ հրդեհաշիջման ղեկավարը պարտավոր է՝

1) պարզել մարդկանց համար վտանգի աստիճանը, որոշել նրանց փրկելու ճանապարհներն ու եղանակները.

2) կատարել մարդկանց փրկման աշխատանքները՝ առաջին հերթին օգտագործելով չծխապատված աստիճանավանդակները, ավտոմեքենաների և ձեռքի հրշեջ սանդուղքները, ավտոամբարձիչները և մյուս միջոցները.

3) գազածխապաշտպան ծառայության օղակներից ստեղծել որոնման փրկարարական խմբեր.

4) հրդեհի վայրում ամենակարճ ժամանակահատվածում կենտրոնացնել անհրաժեշտ քանակությամբ ավտոսանդուղքներ, ավտոամբարձիչներ և գազածխապաշտպան օղակներ.

5) միջոցներ ձեռնարկել խուճապը կանխելու համար.

6) ջուր (փրփուր) տալու համար առաջին հերթին օգտագործել ներքին հրշեջ ծորակները և չորախողովակները՝ միաժամանակ բացազատելով շարժական միջոցները.

7) անձնակազմը և տեխզինվածությունը վեր բարձրացնելը կազմակերպել աստիճանավանդակներով, ավտոսանդուղքներով ու ավտոամբարձիչներով, առանձին դեպքերում՝ թույլատրվում է նաև վերելակներով.

8) փողակների փռումը 13-րդ հարկից վեր կատարել շենքի դրսով՝ պարանների օգնությամբ և յուրաքանչյուր փողակը ամրացնել շենքի կառուցատարրերին երկուական ամրակներով.

9) միջոցներ ձեռնարկել անձնակազմը և հրշեջ տեխնիկան վերին հարկերից թափվող ապակիներից ու այլ իրերից պաշտպանելու համար:

 

ԳԼՈՒԽ 19. ՀՐԴԵՀՆԵՐԻ ՄԱՐՈՒՄԸ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐՈՒՄ, ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԵՎ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ

 

137. Հիվանդանոցների, նախադպրոցական հիմնարկների և դպրոցների համար բնորոշ է՝ առանձնահատուկ վերաբերմունքի կարիք ունեցող մարդկանց (հիվանդների, երեխաների) առկայություն, սենյակների առանձնահատուկ հատակագիծ, օդափոխության համակարգ, դեղորայքի, ռենտգենային ժապավենների և քիմիկատների պահեստների, գազի բալոնների ու այլ նյութերի առկայություն, հատուկ բժշկական ապարատներով և էլեկտրասարքերով հագեցվածություն:

138. Հետախուզության ընթացքում, բացի հիմնական խնդիրներից, անհրաժեշտ է պարզել՝

1) բժշկական անձնակազմի կողմից ինչ միջոցներ են ձեռնարկվել վտանգավոր գոտու սենյակներից հիվանդներին տարահանելու համար.

2) տարահանման ենթակա հիվանդների քանակը, նրանց ինքնուրույն շարժվելու ունակությունը, տարահանման ուղիներն ու հաջորդականությունը.

3) բժշկական անձնակազմից ում կարելի է ընդգրկել հիվանդների տարահանման աշխատանքներին, նրանց տարահանելու տեղը:

139. Հիվանդանոցում հրդեհաշիջում կատարելու ժամանակ հրդեհաշիջման ղեկավարը պարտավոր է՝

1) մանրամասն վերլուծել ու գնահատել հետախուզության արդյունքները, սպասարկող անձնակազմի խորհուրդները, ստեղծված իրավիճակը.

2) բուժանձնակազմի հետ կազմակերպել հիվանդների տարահանումը.

3) միջոցներ ձեռնարկել խուճապը կանխելու համար՝ հաշվի առնելով սպասարկող անձնակազմի խորհուրդները, հատկապես ծննդատներում, հոգեբուժական և վարակիչ հիվանդությունների հիվանդանոցներում.

4) ապահովել դեղամիջոցների և բուժսարքավորումների պաշտպանությունը թափվող ջրից.

5) վարակիչ հիվանդությունների բաժանմունքներում հրդեհաշիջում կատարելուց հետո անձնակազմին սանմշակման ենթարկել՝ սպասարկող բուժանձնակազմի օգնությամբ ու ցուցումներով:

140. Դպրոցներում հրդեհաշիջում կատարելու ժամանակ հրդեհաշիջման ղեկավարը պարտավոր է՝

1) պարզել սովորողների տարիքն ու քանակը, մանկավարժների հետ կազմակերպել երեխաների՝ առաջին հերթին ցածր դասարանների տարահանումը, ապահովել արժեքավոր սարքավորումերի դուրսբերումը կամ պաշտպանումը.

2) երեխաներին տարահանելուց հետո դպրոցի ղեկավարությունից պահանջել կատարել նրանց անվանականչ, իսկ անձնակազմի ուժերով ստուգել բոլոր դասասենյակները՝ հատկապես ծխապատվածները:

141. Նախադպրոցական հիմնարկներում հրդեհաշիջում կատարելու ժամանակ հրդեհաշիջման ղեկավարը պարտավոր է՝

1) երեխաների տարահանումը կատարել սպասարկող անձնակազմի հետ համատեղ.

2) անձնակազմի ուժերով մանրազնին ստուգել բոլոր սենյակները, մահճակալների տակ, պահարանների մեջ և այլն՝ պահ մտած երեխաներին հայտնաբերելու նպատակով:

 

ԳԼՈՒԽ 20. ՀՐԴԵՀՆԵՐԻ ՄԱՐՈՒՄԸ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

 

142. Հրդեհների մարումը մշակութային հիմնարկներում կապված է մարդկանց փրկելու և տարահանելու բարդությունների հետ: Այդ հիմնարկներում հրդեհների ժամանակ հնարավոր է՝

1) բազմաքանակ մարդկանց ներկայություն դահլիճում և բեմահարթակի վրա, խուճապի առաջացում.

2) կրակի արագ տարածում բեմի վրա, դեպի տանիք և հանդիսասրահ, ինչպես նաև տարբեր խորշերով և օդափոխության համակարգով.

3) հանդիսասրահի կախովի ծածկերի փլուզում:

143. Մշակութային հիմնարկներում հրդեհաշիջում կատարելու ժամանակ հրդեհաշիջման ղեկավարը պարտավոր է՝

1) միջոցներ ձեռնարկել խուճապը կանխելու համար.

2) ամենակարճ ժամանակամիջոցում կազմակերպել հանդիսականների տարահանումը հանդիսասրահից, պատշգամբներից առաջին հերթին:

144. Հրդեհը բեմահարթակի վրա լինելու դեպքում անհրաժեշտ է՝

1) փողակները բեմահարթակին տալ հանդիսասրահի կողմից՝ միաժամանակ պաշտպանելով բեմի կախաձողերը և կողքի գրպանները.

2) իջեցնել հակահրդեհային վարագույրը և այն հովացնել հանդիսասրահի կողմից.

3) գործողության մեջ դնել հրդեհաշիջման և պաշտպանության համակարգերը (սպրինկլերային և դրենչերային).

4) կրակով բռնկված գեղազարդերը իջեցնել բեմահարթակի վրա.

5) անհրաժեշտ ուժեր և միջոցներ չլինելու, կրակի և ծխի բեմից դեպի հանդիսասրահ տարածվելու բացահայտ վտանգի, ինչպես նաև հանդիսասրահում ներկա գտնվող հանդիսականների ծխահարումը կանխելու համար բացել բեմի ծխահեռացման անցքերը.

6) ստուգել կրակի առկայությունը հանդիսասրահի տանիքում.

7) բեմատակում հրդեհ առաջանալու դեպքում, օգտագործել փրփուր, բեմահարթակը պաշտպանել նվագախմբի փոսից, որից հետո փողակները տալ մյուս սենյակները պաշտպանելու համար:

145. Բեմի կախաձողերը բռնկվելու դեպքում առաջին փողակները անհրաժեշտ է տալ աստիճանավանդակներից, ավտոսանդուղքներով և ավտոամբարձիչներով փողակները տալ ծածկի վրա, իսկ պահուստային փողակները՝ հանդիսասրահի ձեղնահարկը:

146. Հանդիսասրահում հրդեհն առաջանալու դեպքում՝

1) փողակները տալ կրակի (օջախի) վրա, բեմ և ձեղնահարկ, ապա միայն մյուս սենյակները պաշտպանելու համար.

2) իջեցնել հակահրդեհային վարագույրը և անընդհատ այն հովացնել.

3) միջոցներ ձեռնարկել կախովի ծածկերը պաշտպանելու համար՝ հատուկ ուշադրություն դարձնելով ձեղնահարկում ջերմությունը նվազեցնելու և ծածկերը չծանրաբեռնելու վրա.

4) ստուգել օդափոխության խողովակաշարերը, անհրաժեշտության դեպքում՝ դրանք բացել և փողակներ տալ.

5) աշխատող անձնակազմը պաշտպանել թափվող ծեփածո զարդարանքներից և կառուցատարրերի բեկորներից:

 

ԳԼՈՒԽ 21. ՀՐԴԵՀՆԵՐԻ ՄԱՐՈՒՄԸ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐՈՒՄ, ԱՐԽԻՎՆԵՐՈՒՄ, ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐՈՒՄ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ

 

147. Թանգարանները, գրադարանները, արխիվները, ցուցահանդեսները, համակարգչային կենտրոնները բնութագրվում են զգալի ծավալներով և մակերեսներով, բարդ հատակագծումով, բավարար քանակի դռների և պատուհանների բացակայությամբ, մեծ քանակությամբ այրվող նյութերի, մետաղական կառուցատարրերի և եզակի արժեքների առկայությամբ:

148. Այս կարգի օբյեկտներում հրդեհ առաջանալու դեպքում հնարավոր է՝

1) մեծ թվով մարդկանց կուտակում և խուճապ.

2) գիտական, պատմական և գեղարվեստական արժեքների վնասում կամ փչացում կրակից, ծխից ու ջրից.

3) մետաղական կառուցատարրերի և դարակաշարերի փլուզում ու անցափակումների առաջացում:

149. Թանգարաններում, գրադարաններում, արխիվներում, ցուցահանդեսներում հրդեհ մարելու ժամանակ հրդեհաշիջման ղեկավարը պարտավոր է՝

1) որոշել, թե ինչ կրակմարման նյութեր կարելի է օգտագործվել հրդեհաշիջման համար.

2) հրդեհաշիջումը կատարել՝ միաժամանակ նյութական արժեքները ջրից պաշտպանելով.

3) հրդեհաշիջումը և կառուցատարրերի քանդումն ու բացումը կատարել՝ պահպանելով ցուցանմուշների և շենքերի ճարտարապետական ձևավորումները.

4) մանրազնին ստուգել ճարտարապետական սնամեջ կառուցատարրերը, օդափոխության և օդաջեռուցման անցուղիները՝ միջոցներ ձեռնարկելով այդ ուղիներով կրակի տարածումը կանխելու համար.

5) որպես կանոն, օգտագործել ռետինապատ փողրակներ, փակովի փողակներ, փրփուր, փոշի, իներտ գազեր և անձրևացած ջուր:

150. Համակարգչային կենտրոններում հրդեհ մարելու ժամանակ հրդեհաշիջման ղեկավարը պարտավոր է՝

1) տնօրինության միջոցով պարզել հրդեհի օջախը, մեքենասրահների և գիտական արժեքների տեղերը, կրակից և ծխից դրանց սպառնացող վտանգի աստիճանը, հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգը, գործարկվելու հանգամանքը.

2) որոշել ինչ կրակմարման նյութեր կարելի է օգտագործել, որպես կանոն, օգտագործել փոշիներ, փրփուր, իներտ գազեր.

3) տնօրինության համաձայնությամբ անջատել ուժային և լուսավորության էլեկտրացանցերը, օդափոխության համակարգը.

4) հրդեհաշիջման ընթացքում միջոցներ ձեռնարկել էլեկտրոնային հաշվիչ մեքենաները ջրից պաշտպանելու համար.

5) մանրազնին ստուգել հատակատակի տարածքը, ծածկերի և միջնորմերի անցքերը, օդափոխության անցուղիները և միջոցներ ձեռնարկել կրակի տարածումը կանխելու համար:

 

ԳԼՈՒԽ 22. ՀՐԴԵՀՆԵՐԻ ՄԱՐՈՒՄԸ ՔԻՄԻԱԿԱՆ, ՆԱՎԹԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

 

151. Քիմիական, նավթի վերամշակման արդյունաբերական օբյեկտներում հրդեհներ առաջանալու դեպքում հնարավոր է՝

1) այրվող նյութեր պարունակող տեխնոլոգիական սարքավորումների, հաղորդակցության ուղիների և տարողությունների առկայությունը, որոնք կարող են ստեղծել պայթյունի ու այրվող հեղուկների արտահոսման վտանգ.

2) ճնշման տակ գտնվող սարքավորումներից և հաղորդակցության ուղիներից դուրս եկող, ապարատներից թափված հեղուկների ու գազերի բոցով այրում.

3) թունավոր գազերի, գոլորշիների և նյութերի ջերմային քայքայման արգասիքների առկայություն.

4) այնպիսի նյութերի առկայություն, որոնց մարման համար անհրաժեշտ են հատուկ կրակմարման նյութեր:

152. Հետախուզության ընթացքում, բացի հիմնական խնդիրներից, անհրաժեշտ է պարզել՝

1) տեխնոլոգիական սարքավորումների և հաղորդակցության ուղիների պայթելու, փլուզվելու ու ձևախախտվելու վտանգը.

2) փակիչ և շնչառական ամրանների, էլեկտրական մալուխների ու հսկիչ-չափիչ սարքերի ուղեգծերի, մետաղական կրող կառուցատարրերի առկայությունը.

3) հրդեհաշիջման հատուկ նյութերի առկայությունը օբյեկտում, դրանց օգտագործման նպատակահարմարությունն ու հնարավորությունները.

4) պայթյուն, թունավորում, այրվածքներ առաջացնող նյութերի առկայությունը, քանակը, տեղը, դրանց արտանետման կամ տարահոսելու եղանակները.

5) ջրի կամ կրակմարիչ մյուս նյութերի հետ ինտենսիվ փոխներգործություն ունեցող նյութերի առկայությունը, քանակը և տեղը, անվտանգության միջոցները հրդեհաշիջման ժամանակ.

6) էլեկտրաէներգիան, ջուրը, գոլորշին, կամ իներտ գազերը անջատելու դեպքում հրդեհ կամ պայթյուն առաջացնելու հնարավոր վայրերը.

7) այն տեխնոլոգիական սարքավորումների առկայությունը, որոնց անհապաղ վթարային կանգնեցումը անհնար է.

8) կրակի կամ վթարի տարածման հնարավորությունը հարևան տեղամասեր, օդափոխության և արտադրական հաղորդակցության ուղիները փակելու հնարավորություններն ու նպատակահարմարությունը.

9) տեխնոլոգիական սարքավորումներից այրվող նյութերը հեռացնելու, ջերմաստիճանն ու ճնշումն իջեցնելու հնարավորությունը.

10) արդյունաբերական կոյուղու թողունակությունը և, երկարատև հրդեհաշիջման դեպքում, արտադրամասերից ջրի հեռացման հնարավորությունը:

153. Քիմիական, նավթի վերամշակման արդյունաբերական օբյեկտներում հրդեհաշիջման ժամանակ հրդեհաշիջման ղեկավարը պարտավոր է՝

1) ստեղծել հրդեհաշիջման շտաբ.

2) օբյեկտի համապատասխան ծառայությունների հետ միջոցներ ձեռնարկել մարդկանց փրկելու համար.

3) կրակմարիչ նյութեր օգտագործելիս հաշվի առնել այրվող նյութերի բնութագիրը, առավելագույնս օգտագործել հրդեհաշիջման ստացիոնար համակարգերը.

4) շենքերի մեջ և բաց հրապարակներում, որտեղ առկա են թունավոր նյութեր և գազեր, աշխատող անձնակազմին ապահովել մեկուսիչ ու հատուկ հակագազերով, ինչպես նաև օբյեկտում առկա պաշտպանական զգեստներով.

5) տարահանվող նյութերի նկատմամբ հանդես բերել զգուշություն, հաշվի առնել սպասարկող անձնակազմի խորհուրդներն ու օդերևութաբանական պայմանները.

6) հրդեհաշիջման հետ միաժամանակ ապահովել շենքի կառուցատարրերի և տեխնոլոգիական սարքավորումների հովացումը, եթե ջերմաստիճանի բարձրացումը վտանգ է սպառնում դրանց.

7) փլուզումները, ձևափոխումները և ճեղքումները կանխելու նպատակով թույլ չտալ ջրի ընկնելը բարձր ջերմաստիճանների տակ աշխատող սարքավորումների վրա, դրանց հովացման հարցերը համաձայնեցնել ինժեներատեխնիկական անձնակազմի հետ.

8) կաուչուկի կամ ռետինատեխնիկական իրերի մարման համար սկզբնական շրջանում տալ առավելագույն քանակի ջուր, իսկ այրման ինտենսիվության նվազելուն պես՝ ջրի փողակները փոխել փրփուրով.

9) բոցով այրվող գազի խողովակներն ու սարքերը հովացնել մինչև գազի արտահոսքի լրիվ դադարեցումը.

10) բոցով այրման դեպքում ջերմաստիճանը իջեցնելու համար օգտագործել անձրևացրած ջուր՝ կիրառելով փոշարար տուրբինային գլխադիրներ.

11) ջերմամեկուսիչներով ծածկված խողովակներն ու սարքավորումները պաշտպանելու և հովացնելու համար տալ անձրևացած շիթեր.

12) պայթյունների հետևանքով առաջացող նոր այրման օջախներ մարելու համար պահակակետեր ու շարժական դետքեր նշանակել՝ նրանց ապահովելով ավտոմեքենաներով ու կրակմարիչ նյութերով.

13) թափված հեղուկների և հալված նյութերի հոսքը կանխելու համար ապահովել արգելափակիչ թումբերի պատրաստումը ավազից, հողից, իսկ թունավոր գազերի տարածումը կանխելու համար՝ ստեղծել փոշիացած ջրի պատվարներ, դրա համար ներգրավելով օբյեկտի ծառայությունները.

14) երկարատև հրդեհների դեպքում, վթարի վերացման աշխատանքները ղեկավարող պաշտոնատար անձի հետ միջոցներ ձեռնարկել թափված ջուրը տարածքից հեռացնելու համար.

15) անօրգանական թթուների և այրվածքներ առաջացնող այլ նյութերի հետ աշխատելու դեպքում օբյեկտի ղեկավարության միջոցով անձնակազմին ապահովել ռետինե երկարաճիտ կոշիկներով, ձեռնոցներով և գոգնոցներով.

16) թունավոր նյութերի առկայության դեպքում հրդեհաշիջումից հետո օբյեկտի համապատասխան ծառայությունների ցուցումով անձնակազմը ենթարկել սանիտարական մշակման, իսկ տեխնիկան՝ գազազերծել:

 

ԳԼՈՒԽ 23. ՀՐԴԵՀՆԵՐԻ ՄԱՐՈՒՄԸ ԲԵՆԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ

 

154. Բենզալցակայաններում առաջացած հրդեհների ժամանակ հնարավոր է`

1) այրվող նյութեր պարունակող տեխնոլոգիական սարքավորումների, տարողությունների առկայություն, որոնք կարող են ստեղծել պայթյունի և այրվող հեղուկների արտահոսման վտանգ.

2) թունավոր գազերի, գոլորշիների և նյութերի ջերմային քայքայման արգասիքների առկայություն.

3) ճնշման տակ գտնվող սարքավորումներից և ապարատներից թափված հեղուկների և գազերի բոցով այրում.

4) կրակի արագ տարածում տեխնոլոգիական ուղիներով.

5) այրման արգասիքների և ջերմային հոսքերի ուղղությունների փոփոխություն կախված օդերևութաբանական պայմաններից:

155. Բենզալցակայաններում հրդեհների մարման ժամանակ ՀՇՂ-ն պարտավոր է`

 1) պարզել ռեզերվուարների (ամբարների) քանակը, նրանց տարողունակությունը և այնտեղ պահվող նավթամթերքների առկայությունը, արտահանելու հնարավորությունը.

2) հրդեհի վայրում կենտրոնացնել և գործողության նախապատրաստել անհրաժեշտ քանակի պահեստային փրփրահեղուկ և փրփրային հրդեհաշիջման միջոցներ.

3) թափված հեղուկների արտահոսքը կանխելու նպատակով միջոցներ ձեռնարկել արգելափակիչ թմբապատնեշների ստեղծման ուղղությամբ.

4) անձնակազմի պաշտպանության համար, անհրաժեշտության դեպքում օգտագործել ջերմաանդրադարձիչ հանդերձանք.

5) ապահովել անձնակազմի և հրշեջ տեխնիկայի անվտանգությունը` հրշեջ ավտոմեքենաները տեղակայելով անվտանգ վայրերում:

 

ԳԼՈՒԽ 24. ՀՐԴԵՀՆԵՐԻ ՄԱՐՈՒՄԸ ԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՍԵՆՅԱԿՆԵՐՈՒՄ

 

156. Էներգետիկական օբյեկտներում և էլեկտրասարքավորումների սենյակներում հնարավոր է՝

1) կրակի արագ տարածումը՝ գեներատորների, տրանսֆորմատորների և բաշխիչ սարքերի յուղման համակարգի վնասվելու դեպքում, այրվող յուղի ծորումը կաբելային թունելներ, կիսահարկեր և յուղի նկուղներ, ինչպես նաև շենքի այրվող ջերմամեկուսիչներով ու կառուցվածքային տարրերով.

2) հեղուկամետաղական ջերմակրիչի (նատրիում, կալիում) այրում, որը փոխազդեցության մեջ է մտնում բոլոր քիմիական նյութերի հետ՝ առաջացնելով բարձր ջերմություն, թունավոր գազեր, իսկ նրանցից մի քանիսի հետ՝ նաև պայթյուն.

3) ճառագայթման վտանգավոր մակարդակի առաջացում, ջրածնային հովացման համակարգի քանդվելու դեպքում պայթյունավտանգ միջավայրի ստեղծում.

4) կայուն ռադիոկապի խախտում.

5) խիտ ծխապատում թունավոր նյութերի առաջացումով:

157. Հրդեհի հետախուզությունը պետք է կատարվի հրամանատարական կազմի փորձառու անձանց գլխավորությամբ՝ կրակի տարածման բոլոր ուղղություններով և գազածխապաշտպան օղակներով:

158. Հրդեհի հետախուզության ժամանակ, բացի հիմնական խնդիրների իրականացումից, անհրաժեշտ է պարզել՝

1) կապի առկայությունը էներգետիկայի օբյեկտի հերթափոխի ավագի հետ, նրանից ստանալ հրդեհի մասին տվյալներ և հրդեհաշիջման գրավոր թույլտվություն.

2) որ համակարգերն է անհրաժեշտ կանգնեցնել կամ աշխատեցնել.

3) տեղամասերը և սենյակները, որտեղ հնարավոր է (և անհնար) հրշեջների մուտքը և գործողությունները.

4) հրդեհաշիջման ընթացքում, որ էլեկտրասարքավորումներն են հրշեջների համար վտանգավոր, որ համակարգերի և ագրեգատների աշխատանքը կնպաստի հրդեհի տարածմանը.

5) անվտանգության ինչ միջոցներ է հարկավոր ձեռնարկել հրդեհների մարման ժամանակ լարման տակ գտնվող էլեկտրասարքավորումների, ճառագայթման, թունավոր նյութերի առկայության դեպքում:

159. Էներգետիկայի կազմակերպություններում և էլեկտրասարքավորումների սենյակներում հրդեհների մարման ժամանակ հրդեհաշիջման ղեկավարը պարտավոր է՝

1) հրդեհաշիջումը կազմակերպել էլեկտրասարքավորումների և ենթակայանների տեխնիկական տվյալներից ելնելով.

2) անկախ հրդեհի չափերից և աշխատող ստորաբաժանումների քանակից ստեղծել հրդեհաշիջման օպերատիվ շտաբ.

3) կրակմարման նյութերը էլեկտրասարքավորումների վրա տալ միայն կազմակերպության տեխնիկական անձնակազմի ավագի կողմից հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների անձնակազմին համապատասխան հրահանգավորում տալուց հետո.

4) էլեկտրասարքավորումների հրդեհի մարման և ծածկերի պահպանման համար օգտագործել առաջին հերթին անշարժ հրդեհաշիջման միջոցներն ու փոխադրովի սայլակավոր փողակները.

5) ապահովել գեներատորների հովացնող ջրածնի մղման դադարեցումը.

6) անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել մշտական հերթապահ անձնակազմ չունեցող էներգետիկական օբյեկտը սպասարկող անձնակազմին կանչելու համար.

7) չթույլատրել անձնակազմի ինքնուրույն գործողությունները էլեկտրասարքավորումների հոսանքազրկման, ինչպես նաև կրակմարման նյութերը տալու ուղղությամբ, գործել նախօրոք համաձայնեցված պլանով.

8) շարժական հրշեջ տեխնիկայից կրակմարման նյութերը տալ այրվող էլեկտրասարքավորումներին միայն դրանք նախօրոք հոսանքազրկելուց հետո՝ բացառությամբ էլեկտրասարքավորումների, էլեկտրակայանների և ենթակայանների հրդեհների մարման հրահանգով նախատեսված դեպքերից.

9) թույլ չտալ էլեկտրասարքավորումների սենյակներում հրշեջ-փրկարարական անձնակազմի ավելորդ կուտակումը.

10) տրանսֆորմատորի և այլ յուղալեցուն էլեկտրասարքավորումների ներսի կրակի մարումն իրականացնել փոշու, ցածրապատիկ փրփուրի կամ անձրևացրած ջրի օգնությամբ՝ փողակները հաղորդաձողալարերի անցքերով տալով և տրանսֆորմատորից յուղի վթարային դատարկումից խուսափելով:

160. Ատոմային էլեկտրակայանների օբյեկտներում հրդեհների մարման ժամանակ հրդեհաշիջման ղեկավարը պարտավոր է՝

1) հրդեհաշիջումը կազմակերպել սույն հրահանգի կետերի պահանջների համաձայն.

2) ստեղծել առանձին մարտական տեղամասեր բարձր ճառագայթման մակարդակ ունեցող սենյակներում` հրդեհի մարման համար.

3) հաստատել և մշտական կապ պահպանել բարձր ճառագայթման գոտում աշխատող ջոկերի ու օղակների հետ, անհրաժեշտ ցուցումներ տալ աշխատանքների կազմակերպման կարգի վերաբերյալ:

 

ԳԼՈՒԽ 25. ՄԵԾ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԾԱԾԿԵՐԻ ՀՐԴԵՀԱՇԻՋՈՒՄԸ

 

161. Մեծ մակերեսով ծածկերի հրդեհների ժամանակ հնարավոր է՝

1) կրակի արագ տարածում սնամեջերով և ծածկի տակ մեծ քանակի ծխի առաջացում.

2) քանդման աշխատատար աշխատանքների կատարում.

3) հրդեհի օջախի զգալի հեռավորություն շենքի արտաքին մուտքերից:

162. Մեծ մակերեսով ծածկերի հրդեհների մարման ժամանակ փողակները անհրաժեշտ է տալ մարման և պաշտպանության համար երկու ուղղություններով՝ շենքի ներս ու ծածկի վրա:

163. Մեծ մակերեսով ծածկերի հրդեհների ժամանակ հրդեհաշիջման ղեկավարը պարտավոր է՝

1) ծածկերի տակից հրդեհը հանգցնել ստացիոնար և փոխադրովի սայլակավոր, «Ա» փողակներով, իսկ ծածկի վրա՝ «Ա» և «Բ» փողակներով.

2) հակահրդեհային հրակայուն գոտու առկայության դեպքում հաշվի առնել կրակի տարածման հնարավորությունները ինչպես գոտու տակով, այնպես էլ ծածկի վրայով.

3) կրակի արագ տարածման դեպքում ծածկի վրա ստեղծել անջրպետներ: Որպես ելակետային սահման օգտագործել հրակայուն գոտին և հակահրդեհային պատերը՝ այդ կետերում կենտրոնացնելով անհրաժեշտ քանակի փողակներ:

 

ԳԼՈՒԽ 26. ՀՐԴԵՀՆԵՐԻ ՄԱՐՈՒՄԸ ԱՅՐՎՈՂ ՊՈԼԻՄԵՐԱՅԻՆ ՋԵՐՄԱՄԵԿՈՒՍԻՉՆԵՐՈՎ, ՄԵՏԱՂԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՇԵՆՔԵՐՈՒՄ

 

164. Այրվող ջերմամեկուսիչներով մետաղական կառուցվածքներից պատրաստված շենքերում և շինություններում հրդեհների ժամանակ հնարավոր է՝

1) կրակի արագ և աննկատ տարածում պատերի և ծածկի պանելների ներսի պոլիմերային ջերմամեկուսիչով.

2) հրդեհի նոր օջախների առաջացում շենքի ներսում՝ պոլիմերային ջերմամեկուսիչի թափվող և այրվող հալանյութից.

3) ծածկի և այլ չպաշտպանված մետաղական կառուցվածքների փլուզում ու ձևափոխում:

165. Հրդեհների մարման ժամանակ անհրաժեշտ է փողակները տալ մի քանի ուղղություններով՝

1) շենքի ներսը՝ ծածկը կրող կառուցվածքների, սյուների, ծածկի պանելների և պատերի ներսի մակերեսների հովացման, ինչպես նաև շենքի ներսի օջախների մարման և նյութական արժեքների պաշտպանության համար.

2) շենքի ծածկին՝ մարման և ամբողջ մակերեսով կրակի տարածումը կանխելու համար, միաժամանակ ծխահեռացման ու ջերմության իջեցման համար անցքեր բացելով, ինչպես նաև ծածկի քանդումով ու ջերմամեկուսիչ անջրպետների ստեղծումով.

3) պատերի արտաքին մակերեսին՝ պատերի պանելների մարման և հովացման համար, միաժամանակ կառուցվածքները բացելով ու անջրպետներ ստեղծելով:

166. Այրվող պոլիմերային ջերմամեկուսիչով մետաղական կառուցվածքներ ունեցող շենքերի հրդեհների մարման ժամանակ հրդեհաշիջման ղեկավարը պարտավոր է՝

1) հրդեհի մարումը կատարել «Ա» և «Բ» փողակներով.

2) կրող կառուցվածքների, սյուների, ծածկի պանելների և պատերի պանելների ներսի մակերեսի հովացումը կատարել սայլակավոր ու «Ա» փողակներով.

3) շենքի ներսում օջախների մարման և նյութական արժեքների պաշտպանության համար օգտագործել անձրևացրած ջուր «Բ» փողակներից.

4) պատերի պանելների մարման համար տալ «Ա» փողակներ.

5) հաշվի առնել, որ կրակը կարող է տարածվել հարակից սեկցիաներ և հատվածամասեր՝ պատող կառուցվածքների գոտիներով, հակահրդեհային պատերով ու միջնորմներով.

6) ծածկերի հրդեհների մարման ժամանակ որպես հենակետային սահման օգտագործել լուսաօդաորմնանցքերը, օդափոխության խորշերը.

7) հրդեհաշիջումից հետո մանրակրկիտ ստուգել պատերի և ծածկերի պանելները՝ այրվող օջախները մարելու նպատակով:

 

ԳԼՈՒԽ 27. ՀՐԴԵՀՆԵՐԻ ՄԱՐՈՒՄԸ ՄԱՆԱԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

 

167. Մանածագործական արտադրության կազմակերպություններում հրդեհների ժամանակ հնարավոր է՝

1) կրակի արագ տարածում փխրեցված և փոշիացված վիճակում գտնվող այրվող նյութերով.

2) պայթյուն փոշու հնարավոր կուտակման վայրերում և օդափոխության համակարգերում.

3) առանց լուսանցքերի շենքերից ծխի հեռացման դժվարությունների առկայություն:

168. Մանածագործական արդյունաբերության կազմակերպություններում հրդեհի մարման ժամանակ հրդեհաշիջման ղեկավարը պարտավոր է՝

1) գազածխապաշտպան ուժեղացված օղակներով մի քանի ուղղություններով կատարել հրդեհի հետախուզություն.

2) փողակները տալ այրման ճակատով՝ դռների, պատուհանների և տեխնոլոգիական որմնանցքերի միջով՝ աստիճանավանդակների ու հարակից սենյակների կողմից: Միաժամանակ տալ փողակներ ստորին և վերին հարկերի, հարակից սենյակների, փոշեխցիկների ու ձեղնահարկերի պաշտպանության համար.

3) փոշու առկայությամբ սենյակներում օգտագործել փոշարար փողակներ և կոմպակտ շիթերով մարումը սկսել՝ միայն սենյակը խոնովեցնելուց հետո.

4) որմնանցքերի պաշտպանության համար միացնել դրենչերային կայանքները: Վերջիններիս բացակայության դեպքում որմնանցքերի պաշտպանությունը իրականացնել փողակներով.

5) անջատել օդափոխության, սեղմված օդով աշխատող և միառելսային համակարգերը: Այդ համակարգով կրակի տարածման դեպքում՝ հանգեցման համար օգտագործել փրփուր.

6) տեխնիկական ձեղնահարկերում, «փոշոտ նկուղներում» և այլ նկուղային սենյակներում հրդեհի դեպքում օգտագործել փոշիացված ջուր և փրփուր:

 

ԳԼՈՒԽ 28. ՀՐԴԵՀՆԵՐԻ ՄԱՐՈՒՄԸ ԷԼԵՎԱՏՈՐԱՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ԱԼՐԱՂԱՑՆԵՐՈՒՄ ԵՎ ՀԱՄԱԿՑՎԱԾ ԿԵՐԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

 

169. Հրդեհների ժամանակ հնարավոր է՝

1) կրակի, այրման արգասիքների արագ տարածում բոլոր սենյակներով՝ ինչպես հորիզոնական, այնպես էլ ուղղահայաց ուղղություններով, սենյակի և միջհարկային ծածկերի անցքերով, օդափոխության ու արտածծման, ցորենի փոխադրման համակարգերով, ինչպես նաև սարքավորումներով, ստորասրահներով և այլ շինարարական կառուցվածքներով.

2) էլևատորի փոշու և քայքայված նյութերի պայթյուն՝ շենքերի փլուզման ուղեկցությամբ:

170. Էլևատորապահեստային տնտեսությունների օբյեկտներում, ալրաղացների և համակցված կերերի կազմակերպություններում հրդեհի մարման ժամանակ հրդեհաշիջման ղեկավարը պարտավոր է՝

1) կանգնեցնել և փակել օդափոխման ու արտածծման համակարգերը, դադարեցնել կազմակերպության աշխատանքները: Եթե փակման սարքերը դեֆորմացվել են, ապա բացել օդատար խողովակները և այնտեղ փրփուր լցնել.

2) մարումը իրականացնել հնարավորության դեպքում այրման միջավայր ածխաթթու գազ կամ ազոտ մղելով.

3) էլևատորի աշտարակում հրդեհի մարման ժամանակ փողակները տալ սիլոսի վերևի շինությունների կողմից, անշարժ աստիճաններով, ավտոսանդուղքով և աշտարակի տակ՝ ներքին աստիճաններով: Միաժամանակ ապահովել աշտարակը աղացին կամ այլ շինություններին միացնող ստորասրահների պաշտպանումը.

4) աղացների հրդեհների մարման ժամանակ ջուրն անձրևացնող փողակներով տալ առաջին հերթին հրդեհի օջախ և վերին հարկերը, որից հետո միայն մյուս փողակները տալ ներքևի հարկերի ու անցքերի պաշտպանության համար.

5) ալյուրի և էլևատորի փոշու, ինչպես նաև թափված ալյուրի առկայության դեպքում այդ սենյակներում օգտագործել ջրի փոշերար տուրբինային գլխադիրով փողակներ, սենյակները խոնավացնելուց հետո միայն մարումը կատարել ջրի հոծ շիթերով՝ խուսափելով դրանք ալյուրի բաց կույտերի վրա ուղղելուց.

6) հարակից չայրվող փոշոտ սենյակներում կատարել շինարարական կառույցների մակերեսի և սարքավորումների թրջում անձրևացրած ջրի շիթերով.

7) վերին հարկերում ջուր տալու համար օգտագործել չորախողովակները և ներքին հրշեջ ծորակները՝ գործարկելով ճնշումը բարձրացնող պոմպերը.

8) ստորասրահներով և բեռնափոխադրիչներով կրակի տարածումը կանխելու համար գործողության մեջ դնել ջրային պատվարներ, ինչպես նաև կտրել և հեռացնել բեռնափոխակրիչի ժապավենի տեղամասերը.

9) կազմակերպել չայրվող սենյակների ցորենի և ալյուրի պաշտպանությունը ջրից:

171. Ցորենի չորանոցներում հրդեհի դեպքում կանգնեցնել օդափոխիչը, դադարեցնել ջերմակրի մղումը չորացման խցիկ և ցորենի մատակարարումը չորանոցից պահեստ, ավելացնել խոնավ ցորենի մատակարարումը չորանոց:

 

ԳԼՈՒԽ 29. ՀՐԴԵՀՆԵՐԻ ՄԱՐՈՒՄԸ ՓԱՅՏԱՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԹԱՂԱՆԹԱԹՂԹԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ

 

172. Փայտամշակման և թաղանթաթղթի արտադրության կազմակերպություններում հրդեհի ժամանակ հնարավոր է՝

1) կրակի արագ տարածում փայտե շինություններով, բեռնափոխադրիչներով օդափոխության համակարգերով, ինչպես նաև մեծաքանակ այրվող նյութերով.

2) կրակի ուժգին տարածումը ստվարաթղթի և թուղթ արտադրող մեքենայի չորացնող մասով.

3) բաց հրդեհի դեպքում կայծերի և խանձողատների թռացրիվ գալը հարակից շենքերի և կառույցների վրա.

4) ստորասրահների փլուզում.

5) բեռնափոխակրիչների ժապավենի խզում և դրա անկումը թեք ստորասրահների ներքին նշագիծ.

6) քլորի և այլ թունավոր նյութերի առաջացում:

173. Փայտամշակման և թաղանթաթղթի արտադրության կազմակերպություններում հրդեհի ժամանակ հրդեհաշիջման ղեկավարը պարտավոր է՝

1) միջոցներ ձեռնարկել զանգվածի մատակարարումը դեպի ստվարաթուղթ և թուղթ արտադրող մեքենաները դադարեցնելու համար, միաժամանակ տալ ջրային փողակներ և փրփուր, իսկ այդ ընթացքում մեքենաները չկանգնեցնել.

2) քլորի, քլորանյութերի, ծծմբի և այլ թունավոր նյութերի պատրաստման արտադրամասում, ինչպես նաև դրանց փոխադրման շինություններում աշխատելիս ողջ անձնակազմին (այդ թվում հրշեջ ավտոմեքենաների վարորդներին) ապահովել անհատական պաշտպանության միջոցներով.

3) քլորի արտադրման հետ կապված վթարի դեպքում, կազմակերպության գազափրկարարական ծառայության հետ համատեղ, առաջնահերթ ապահովել քլորի ամպերի վերացումը նրա տարածման ուղղությամբ անձրևաջուր տալով, որից հետո վերացնել գազի արտահոսքը: Աշխատող անձնակազմին ապահովել մաշկի և շնչառական օրգանների պաշտպանիչ միջոցներով.

4) փողակներով ջուրը մղել ստորգետնյա բունկեր՝ բունկերի և բեռնափոխադրիչի ժապավենի պաշտպանության համար: Հրդեհի տարածման դեպքում, հնարավորության սահմաններում, բունկերը ջրածածկել: Փայտի տաշեղների և կեղևների մատակարարման թեք բունկերներ փողակները տալ սրահների վերևի մասից՝ արտադրամասի կողմից և կազմակերպել անձնակազմի գրոհը կրակի վրա՝ ներքևից վերև:

 

ԳԼՈՒԽ 30. ՀՐԴԵՀՆԵՐԻ ՄԱՐՈՒՄԸ ՄԵՏԱՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

 

174. Մետաղագործական կազմակերպություններում հրդեհի ժամանակ հնարավոր է՝

1) կրակի արագ տարածում յուղախողովակներում, կաբելային թունելներով և հարկերով, փոխադրման ստորասրահներով, մեծ մակերես ունեցող ծածկերով ու բարձր ճնշման հիդրավլիկ համակարգերով.

2) հրդեհի առաջացում և տարածում հողի մակերևույթից ցածր ու մեծ բարձրության վրա.

3) մեծ ծավալների խիտ ծխապատում և նրա տարածում այրման օջախից բավականին հեռու.

4) հալված մետաղի և մետաղախրամի տարածում խողովակներով ու ճնշման տակ գտնվող ապարատներով.

5) հեղուկների և գազերի բոցով այրում, տարածքի գազապատում ամոնիակով, կոքսի դոմնային ու այլ գազերով, գազերի և մրի պայթյուն:

175. Հրդեհի հետախուզության ժամանակ, բացի հիմնական խնդիրներ կատարելուց, անհրաժեշտ է պարզել՝

1) տեխնոլոգիական սարքավորումների աշխատանքի դադարեցման և էլեկտրաէներգիայի անջատման հնարավորությունը.

2) կրակի հնարավոր տարածումը դեպի գերբեռնված հանգույցներ, փոխադրման բունկերներ, յուղի և մալուխային թունելներ, նկուղներ:

176. Մետաղագործական կազմակերպություններում հրդեհների մարման ժամանակ հրդեհաշիջման ղեկավարը պարտավոր է՝

1) հրդեհի վայրում կազմակերպել օպերատիվ շտաբ.

2) աշխատանքների կատարման գոտում օդի վերլուծության նկատմամբ հսկողություն իրականացնելու համար ներգրավել օբյեկտի գազափրկարարական ծառայությունը, մարումը կատարել հակագազերով.

3) փոխադրիչների բունկերներում հրդեհների մարման ժամանակ կազմակերպել հզոր ջրային շիթերի մղումը մարման և կրող շինարարական կառուցատարրերի պաշտպանության համար, որոշել փողակավորների դիրքերը.

4) գլոցման հաստոցների հրդեհների ժամանակ, որպես կանոն, փրփրային փողակներ տալ յուղատար խողովակների թունելների պաշտպանության համար.

5) հիդրավլիկ համակարգից ճնշման տակ արտահոսող յուղի բոցով այրվելու դեպքում հզոր ջրային փողակներ տալ մարման և ծածկի մետաղե ֆերմաների հովացման համար, օբյեկտի վարչակազմի միջոցով դադարեցնել յուղի մատակարարումը.

6) յուղանկուղներում յուղաբաքերի և յուղատար խողովակների խրամուղիների հրդեհների մարման և պաշտպանության համար տալ փրփրային փողակներ.

7) վթարի հետևանքով յուղի և խարամի արտահոսքի դեպքում հովացնել հարակից կրող կառուցատարրերը:

 

ԳԼՈՒԽ 31. ՀՐԴԵՀՆԵՐԻ ՄԱՐՈՒՄԸ ՍԱՌՆԱՐԱՆՆԵՐՈՒՄ

 

177. Սառնարաններում հրդեհների ժամանակ հնարավոր է՝

1) դարակաշարերի փլուզում, պահվող ապրանքներից և կառուցվածքներից առաջացած անցափակումներ.

2) սենյակների ծխապատում և վատ լուսավորում, առանձին դեպքում կրակի տարածում կառուցվածքների այրվող ջերմամեկուսիչներով ու վերելակի հորաններով.

3) հրդեհի թաքնված օջախների առկայություն.

4) ջերմամեկուսիչ սալիկների ամրակապերի խախտումներ և փլուզում.

5) սառեցնող նյութի մատակարարման սարքավորումների և հաղորդակցության, ինչպես նաև ամոնիակային ու այլ սառնարանային կայանքների առկայություն, որոնցում հրդեհի ժամանակ կարող է առաջանալ վթար կամ պայթյուն.

6) սառեցնող նյութի հաղորդակցման ուղիների վթարի դեպքում թունավորումներ և այրվածքներ:

178. Սառնարաններում հրդեհների ժամանակ հրդեհաշիջման ղեկավարը պարտավոր է՝

1) պարզել հակահրդեհային գոտիների (հատումների) տեղերը, տեղեկություններ ստանալ շինարարական կառուցվածքների և պահվող նյութերի մասին.

2) ամոնիակի ամպի վրա ակտիվորեն տալ անձրևացրած ջրի շիթեր.

3) միջոցներ ձեռնարկել օդափոխության համակարգի աշխատանքների և այրվող սենյակի սառեցնող նյութի մատակարարումը դադարեցնելու, սառնարանային կայանքը անջատելու համար, թույլ չտալ սառեցնող նյութի արտահոսք հրշեջ ստորաբաժանումների անձնակազմի աշխատանքի գոտի.

4) կրակի տարածման գոտու սահմանները որոշելու համար կատարել ջերմամեկուսիչի ստուգողական բացում՝ նրա ամբողջ խորությամբ, ջերմամեկուսիչով կրակի տարածման դեպքում նրանում ստեղծել անջրպետներ՝ մեխանիկական գործիքների օգնությամբ.

5) սառնարանի խցիկի և ջերմամեկուսիչի մարման համար կիրառել փրփուր ու փոշիացված ջրի շիթ՝ թրջանյութով:

 

ԳԼՈՒԽ 32. ՀՐԴԵՀՆԵՐԻ ՄԱՐՈՒՄԸ ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀԵՍՏՆԵՐՈՒՄ

 

179. Առևտրի կազմակերպությունները և նյութական արժեքների պահեստները բնորոշվում են բարդ հատակագծերով, սահմանափակ քանակի դռներով և պատուհաններով, մարդկանց ու նյութական արժեքների կենտրոնացումով, տարբեր ֆիզիկա-քիմիական հատկություններ ունեցող նյութերի առկայությամբ, որոնց այրումն ու ջերմային քայքայումը կարող է ուղեկցվել պայթյունով, ինտենսիվ ծխառաջացումով, թունավոր նյութերի անջատումով:

180. Առևտրի կազմակերպություններում և նյութական արժեքների պահեստների հրդեհների ժամանակ հնարավոր է՝

1) պոլիմերային նյութերի այրում և այրվող հալանյութերի առաջացում, որը կարող է նպաստել նոր այրման օջախների առաջացմանը, ինչպես հորիզոնական ուղղություններով, այնպես էլ ստորին հարկերում.

2) մետաղակառույցների, դարակաշարերի փլուզում և անցումափակումների առաջացում:

181. Առևտրի կազմակերպությունների և նյութական արժեքների պահեստների հրդեհների մարման ժամանակ հրդեհաշիջման ղեկավարը պարտավոր է՝

1) ճշտել նյութական արժեքների տեղակայման վայրերը, որոշել դրանց տարահանման կարգը և միջոցներ ձեռնարկել տարահանման ու պահպանման համար՝ օգտագործելով բարձման-բեռնաթափման միջոցները.

2) մարման համար տալ փակովի փողակներ, անձրևացրած ջուր, փրփուր, կրակմարիչ փոշիներ և իներտ գազեր:

 

ԳԼՈՒԽ 33. ՀՐԴԵՀՆԵՐԻ ՄԱՐՈՒՄԸ ԴՅՈՒՐԱՎԱՌ, ԱՅՐՎՈՂ ՀԵՂՈՒԿՆԵՐԻ ԵՎ ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ԱԾԽԱՋՐԱԾՆԱՅԻՆ ԳԱԶԵՐԻ ՊԱՀԵՍՏՆԵՐՈՒՄ

 

182. Դյուրավառ, այրվող հեղուկների և հեղուկացված ածխաջրածնային գազերի պահեստարանների հրդեհների ժամանակ հնարավոր է՝

1) ամբարների պատերի պատռվածք, նավթամթերքների եռում և արտանետում.

2) ամբարի ծածկի փլուզման հետևանքով գոտիների առաջացում, որոնք կդժվարացնեն կրակմարման նյութերի տալը.

3) կրակի արագ տարածում տեխնոլոգիական բաքերով, կոյուղով և այլ համակարգերով.

4) այրման արգասիքների և ջերմային հոսքերի ուղղությունների փոփոխություն՝ օդերևութաբանական պայմաններից կախված:

183. Հրդեհի հետախուզության ժամանակ, բացի հետախուզության ընդհանուր խնդիրների կատարումից, անհրաժեշտ է պարզել՝

1) այրվող և հարակից ամբարներում պահվող այրվող ու դյուրավառ հեղուկների քանակը, տեսակը, լցման մակարդակը, ամբարի տանիքի փլվածության բնույթը.

2) թմբապատնեշների վիճակը, արտանետման դեպքում հարակից շինություններին վնասելու վտանգը, հեղուկի հոսելու հնարավոր ուղիները.

3) արտադրական և անձրևաջրերի կոյուղիների, դիտահորերի ու հիդրոփականների առկայությունը և վիճակը.

4) ամբարից նավթամթերքը քաշելու կամ դուրս թողնելու և այնտեղ ջուր կամ գոլորշի մղելու հնարավորությունը.

5) հրդեհաշիջման, ջրամատակարարման և փրփրագոյացնող միջոցների ու համակարգերի առկայությունը և վիճակը, հարակից օբյեկտներից փրփրահեղուկի արագ կրման հնարավորությունը:

184. Փրփրային գրոհի նախապատրաստման համար անհրաժեշտ է՝

1) հրդեհի վայրում կենտրոնացնել և գործողության նախապատրաստել հաշվարկային քանակի ու անհրաժեշտ ռեզերվի փրփրահեղուկ և փրփրային հրդեհաշիջման միջոցներ.

2) նշանակել օղակներ և հրամանատարական կազմից պատասխանատու անձանց՝ անհրաժեշտ քանակի փրփրաբարձիչ տեղադրելու համար, համոզվել նրանց կողմից իրենց պարտականությունների իմացության մեջ.

3) սահմանել և ամբողջ անձնակազմին հայտարարել փրփրագրոհի սկզբի ու ավարտի, ամբարից նավթամթերքի դուրս բերման կամ, վտանգի առկայության մասին:

185. Ամբարային պահեստում հրդեհի մարման ժամանակ հրդեհաշիջման ղեկավարը պարտավոր է՝

1) հաշվարկել անհրաժեշտ քանակի ուժերն ու միջոցները և նրանց կենտրոնացնել հրդեհի վայրում.

2) կազմակերպել հրդեհաշիջման օպերատիվ շտաբ՝ նրա կազմում ընդգրկելով օբյեկտի ղեկավարությանն ու ինժեներատեխնիկական անձնակազմին, նշանակել ամբարի և հաղորդակցման ուղիների փակման, փրփրային գրոհի նախապատրաստման, այրվող ու հարակից ամբարների հովացման, անվտանգության տեխնիկայի պահպանման համար պատասխանատու անձանց.

3) գործարկել հրդեհաշիջման կայանքներն ու անշարժ հովացման համակարգերը.

4) փողակների պաշտպանության ներքո ապահովել սպասարկող անձնակազմի մոտեցումը կրակով բռնկված փակման ամրաններին՝ դյուրավառ և այրվող հեղուկների, ինչպես նաև այրվող գազերի մատակարարումը դադարեցնելու համար.

5) լցման-թափման կայանքում հրդեհի ժամանակ կազմակերպել շարժակազմի անջատումը և այն անվտանգ գոտի տեղափոխումը.

6) այրվող և հարակից ամբարները հովացնել «Ա» ու սայլակավոր փողակներով.

7) փրփուրը կամ կրակմարման փոշին ամբարների մարման համար տալ միայն միջոցների հաշվարկային քանակը (հաշվի առնելով ռեզերվը) լրիվ նախապատրաստելուց հետո: Թմբապատերի ներսում դյուրավառ և այրվող հեղուկների այրման դեպքում անմիջապես տալ փրփրային փողակներ.

8) մի քանի այրվող ամբարների միաժամանակյա մարման համար ուժերի և միջոցների պակասության դեպքում, բոլոր ուժերը և միջոցները կենտրոնացնել մեկ ամբարի մարման համար և նրա մարումից հետո ուժերն ու միջոցները կենտրոնացնել հաջորդ ամբարի մարման համար: Մարումը սկսել այն ամբարից, որն առավել վտանգավոր է հարակից ամբարներին, տեխնոլոգիական սարքավորումներին, շենքերին ու շինություններին.

9) հրդեհները մարել քամու ուղղությամբ՝ օգտագործելով ավտոամբարձիչներ, ավտոսանդուղքներ և փրփրաամբարձիչներ.

10) կոմբինացված «փոշի-փրփուր» մարման ժամանակ կրակը մարել փոշիով, որից հետո տալ փրփուր՝ կրկնակի բռնկումները կանխելու համար.

11) մուգ նավթամթերքների ամբարներում այրման ժամանակ արտանետումը կանխելու համար մշտապես հսկել նավթամթերքի այրման ընթացքը և ջրի առկայությունը, ամբարի հատակից պարբերաբար կազմակերպել դրա թափումը.

12) թույլ չտալ մարմանը չմասնակցող հրշեջ ստորաբաժանումներին և օբյեկտի սպասարկող անձնակազմի մուտքը վտանգավոր գոտի, փողակավարների փոխարինումը կատարել ոչ միաժամանակ, որպեսզի հնարավորինս քիչ մարդիկ գտնվեն վտանգավոր գոտում, հողաթմբի ներսում.

13) փողակով աշխատող անձնակազմի պաշտպանության համար օգտագործել ջերմաանդրադարձիչ հանդերձանք.

14) ամբարում կրակի մարումից հետո փրփուրի տալը անմիջապես չդադարեցնել, և հետևել, որպեսզի ամբարի հայելու ողջ մակերեսը պատված լինի փրփուրով.

186. Ամբարներում հեղուկացված ածխաջրածնային գազերի մարման ժամանակ այրվող ու հարակից տարողությունների հովացման համար անհրաժեշտ է տալ հզոր ջրային փողակներ, օգտագործել անշարժ սայլակավոր կայանքները և ոռոգիչ համակարգերը, հատուկ ուշադրություն դարձնել տարողությունների փակիչ սարքերի և խողովակաշարի պաշտպանման վրա: Հնարավորության դեպքում ապահովել այրվող տարողությունից գազի արտամղումը հարակից տարողություն կամ բաց թողումը այրվող տարողությունում ճնշումը իջեցնելու նպատակով: Տարողությունները դատարկելու ժամանակ հնարավորության դեպքում նախատեսել նրանց լցնումը իներտ գազերով:

 

ԳԼՈՒԽ 34. ՀՐԴԵՀՆԵՐԻ ՄԱՐՈՒՄԸ ԱՆՏԱՌԱՆՅՈՒԹԻ ՊԱՀԵՍՏՆԵՐՈՒՄ

 

187. Անտառանյութի պահեստներում հրդեհների մարման ժամանակ հնարավոր է՝

1) կրակի արագ տարածում դարսակույտերով.

2) պահեստի տարածքում և սահմաններից դուրս հրդեհի օջախների առաջացում՝ կայծերի և խանձաձողերի այս ու այն կողմ թռչելու հետևանքով.

3) դարսակույտերի փլուզում և գերանների գլորում, ջրաղբյուրներին ու դարսակույտերին մոտենալու ուղիների փակում անտառանյութով և մնացուկներով.

4) ջերմային հզոր ճառագայթում, ջերմափոխանցումային հոսանքների առաջացում, որոնցից ուժեղ քամիների ժամանակ ծագում են մրրիկներ՝ այրվող դարսակույտերի հողմահակառակ կողմերում:

188. Անտառանյութի պահեստներում հրդեհի մարման ժամանակ անհրաժեշտ է ապահովել ջրի մեծ պաշար:

189. Անտառանյութի պահեստի հրդեհի մարման ժամանակ հրդեհաշիջման ղեկավարը պարտավոր է՝

1) որոշել հրդեհի չափերը, նրա տարածման ուղիները, կրակի անցման վտանգը դեպի հարակից տեղամասեր, բնակավայրեր և այլ օբյեկտներ: Այդ նպատակների համար օգտագործել բոլոր հնարավոր փոխադրամիջոցները (խոշոր հրդեհների դեպքում՝ ուղղաթիռներ).

2) որոշել հրդեհի մեկուսացման հիմնական սահմանագիծը և պարզել գործող փողակներն այնտեղ կենտրոնացնելու հնարավորությունները, ընդ որում՝ մեկուսացման սահմանագծերը կարող են լինել 25 մ-ից ոչ պակաս լայնությամբ հակահրդեհային պատնեշներ.

3) կազմակերպել հրդեհի գոտուց ամբարձիչ-փոխադրիչ մեխանիզմների տարահանում, և անհրաժեշտության դեպքում դրանք օգտագործել հակահրդեհային անջրպետներ ստեղծելու, դարսակույտերը քանդելու համար.

4) հզոր փողակներ (սայլակավոր) գործողության մեջ արագ մտցնելու հետ միաժամանակ, կազմակերպել հարակից դարսակույտերի, բնակավայրերի և այլ օբյեկտների պաշտպանությունը՝ լրացուցիչ ձեռքի փողակներ տալու, միջտարածությունները և դարսակույտերը փրփուրով լցնելու, հրդեհաշիջման սկզբնական միջոցներով զինված աշխատակիցներով պահակակետեր նշանակելու և դարսակույտերի ու շինությունների քանդումով անջրպետներ ստեղծելու միջոցով.

5) ցրիվ եկող կայծերից ու խանձողակներից հրդեհի նոր օջախների առաջացումը կանխելու համար, հաշվի առնելով քամու ուժգնությունը և ուղղությունը, կազմակերպել ինքնուրույն մարտական տեղամասեր, որոշելով նրանց սահմաններն ու հատկացնելով անհրաժեշտ քանակի ուժեր և միջոցներ.

6) որպես կրակմարման նյութեր օգտագործել հրդեհաշիջման արդյունավետությունը բարձրացնող տարբեր հավելանյութեր.

7) ստեղծել թիկունքի խումբ հրդեհի վայրը կրակմարման նյութերի մատակարարումը ապահովելու համար.

8) կայծերի և խանձողակների թռչելու, ցրիվ գալու հնարավոր գոտում նախատեսել ջրաղբյուրների վրա կանգնեցված հրշեջ ավտոմեքենաների պաշտպանությունը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ վերատեղաբաշխումը.

9) ջերմային ազդեցությունից անձնակազմը պաշտպանելու համար կիրառել ջերմաանդրադարձիչ հանդերձանք, ջերմապաշտպանիչ էկրաններ և ջուրն անձրևացնող գլխադիրներով փողակներ:

190. Կլոր անտառափայտի և սղոցանյութերի դարսակույտերի մարումն անհրաժեշտ է սկսել վերին մասից, իսկ լրացուցիչ ուժերը և միջոցները դրանց մոտ կենտրոնացնելուց հետո նաև կողաճակատներից՝ հաշվի առնելով դարսակույտերի դասավորվածությունը:

 

ԳԼՈՒԽ 35. ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՐԴԵՀՆԵՐԻ ՄԱՐՈՒՄԸ

 

191. Անտառային հրդեհները բնորոշվում են կրակի արագ տարածումով մեծ մակերեսով, խիտ ծխապատումով և ջերմային ինտենսիվ ճառագայթումով:

192. Գոյություն ունեն անտառային հրդեհների հետևյալ տեսակները՝

1) վերնատարած.

2) գետնատարած.

3) ստորգետնյա (տորֆային):

193. Անտառային հրդեհի հետախուզությունը, որպես կանոն պետք է կատարվի տեղանքն իմացող անձի և անտառտնտեսության ներկայացուցչի ուղեկցությամբ: Մեծ մակերեսի հրդեհների ժամանակ հետախուզությունը և կրակի տարածման ու նրա մարման ընթացքի հսկողությունը պետք է կատարվի ուղղաթիռների օգնությամբ:

194. Հետախուզության ժամանակ անհրաժեշտ է պարզել՝

1) հրդեհի տեսակը և չափերը, տեղանքի ռելիեֆը, կրակի տարածման արագությունը և ուղղությունը, հրդեհի հնարավոր զարգացումը և տարածման վտանգը դեպի բնակավայրերը, օբյեկտները և դաշտերը.

2) բնական ջրաղբյուրների առկայությունն ու դրանց օգտագործման հնարավորությունները:

195. Անտառային հրդեհների մարման ժամանակ հիմնական ուժերն ու միջոցները (կախված իրավիճակից) անհրաժեշտ է կենտրոնացնել՝

1) բնակավայրերի կողմից.

2) անտառային զանգվածի և տորֆի դաշտերի կողմից.

3) արտադրական և այլ օբյեկտների կողմից:

196. Անտառային հրդեհների մարման ժամանակ օգտագործում են հետևյալ ձևերը՝

1) վերնատարած հրդեհների մարման ժամանակ կրակի տարածման ուղիների վրա հակահրդեհային անջրպետների ստեղծում և հանդիպակած կրակի բացթողում՝ հաշվի առնելով հրդեհի տարածման արագությունը.

2) գետնատարած հրդեհների ժամանակ կրակմարման նյութերը տալը, այրվող շերտի վրա հողի լցնելը, անտառածածկի այրումը՝ հենակետի գոտու մոտից.

3) անտառում տորֆի այրման ժամանակ մինչև հանքային հողաշերտը կամ ջրով հագեցած տորֆի շերտը ակոս փորելը:

197. Անտառային հրդեհների մարման համար կարող են ներգրավվել արտադրական կազմակերպությունների բանվորները, զորամասերը, քաղաքացիական պաշտպանության ծառայությունները և կազմավորումները:

198. Մարման աշխատանքները սկսելուց առաջ հրդեհաշիջման ղեկավարը և մարտական տեղամասի պետը պարտավոր են անձնակազմին ցույց տալ հրդեհից պաշտպանվելու վայրերը և դրանց մոտենալու ուղիները: Հրդեհի վայրերում ստեղծվում է բժշկական կետ:

199. Յուրաքանչյուր փրկարարական տեղամասում պետք է առանձնացվեն դիտորդներ՝ կրակի տարածման ուղղությունը և արագությունը հսկելու համար:

200. Էլեկտրահաղորդալարերի անցման վայրերում հրդեհների մարման ժամանակ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել՝ անձնակազմին հոսանքահարումից պաշտպանելու համար:

201. Անտառային հրդեհների մարման ժամանակ, կախված կրակի տարածման արագությունից, պետք է կիրառվի հետևյալ ձևերից մեկը՝

1) կրակի միաժամանակ մարումը նրա ճակատի ողջ երկայնքով կամ առավել վտանգավոր օջախների միաժամանակ մարումը թևերի կողմերում և թիկունքում անջրպետներ ստեղծելու, այրման մակերեսը մանր տեղամասերի բաժանելու ու ապա մարելու նպատակով: Այս եղանակները կիրառվում են մեծ մակերեսով հրդեհները մարելու և բավականաչափ քանակի աշխատուժի առկայության դեպքում.

2) առաջին հերթին կրակի մարումը թիկունքում, որից հետո աջ կամ ձախ կողմերից դեպի հրդեհի ճակատային գիծ, կրակի տարածման արագությունից ավելի արագ առաջընթացով.

3) կրակի մարումը սկզբից ճակատային մասում, այնուհետև հերթականությամբ՝ թևերի կողմերում և թիկունքում.

4) կրակի մարումը առաջին հերթին թևերի կողմերում, այնուհետև հրդեհի գլխամասի աստիճանաբար սահմանափակումով:

202. Անտառային հրդեհների ինտենսիվությունը երեկոյան և գիշերային ժամերին իջնում է: Հրդեհաշիջման ղեկավարը պետք է առավելապես օգտագործի այդ ժամանակահատվածն ակտիվ մարման համար:

203. Հրդեհաշիջումը և հանդիպակաց կրակի բացթողումը նպատակահարմար է կատարել ցերեկային ժամերին, անպայման անտառտնտեսության ներկայացուցչի ներկայությամբ:

 

ԳԼՈՒԽ 36. ՀՐԴԵՀՆԵՐԻ ՄԱՐՈՒՄԸ ՏՈՐՖԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՎ ՏՈՐՖԱԴԱՇՏԵՐՈՒՄ

 

204. Տորֆադաշտերի և տորֆի հանքավայրերի այրման ժամանակ հնարավոր է՝

1) կրակի արագ տարածում տորֆադաշտի մակերեսով, ուժեղ քամու ժամանակ նաև այրվող մասնիկների նետում մեծ հեռավորության վրա և կրակի նոր օջախների առաջացում.

2) հրդեհի տարածում բնակավայրերի, օբյեկտների, գյուղատնտեսական հարթավայրերի, անտառների, տորֆի դարսակույտերի և քարավանների վրա.

3) կրակի ներթափանցում տորֆի զանգվածի խորքը.

4) մեծ քանակի ծխի առաջացում՝ զգալի տարածքների ծխապատումով.

5) կրակի տարածում դարսակույտերի ներսը և նրա մակերեսով, ինչպես նաև կայծերի նետումը այլ դարսակույտերի վրա՝ հատկապես քամու ուղղությամբ:

205. Տորֆադաշտերի և տորֆահանքերի հրդեհների մարման ժամանակ հրդեհաշիջման ղեկավարը պարտավոր է՝

1) հրդեհի վայրում կազմակերպել հրդեհաշիջման շտաբ.

2) պարզել կրակի շարժման ուղղությունը և արագությունը, տորֆի շերտի հաստությունը և նրա համասեռությունը, շինությունների առկայությունը և սպառնալիքը դրանց.

3) պարզել բոլոր տեսակի ջրաղբյուրների առկայությունը, դրանց տարողությունը և օգտագործման հնարավորությունը հրդեհի մարման համար, անհրաժեշտության դեպքում ստեղծել ջրի պաշար՝ նոր ջրավազանների կառուցումով և առվակների ջրի մակարդակի բարձրացումով.

4) նշել այն սահմանները, որտեղ անհրաժեշտ է կանգնեցնել կրակի տարածումը, ապահովել հրդեհաշիջման նպատակների համար հարմարեցված և վերակահավորված տեխնիկայի օգտագործումը և դրանց տեղաբաշխումը նշված սահմաններում.

5) իրավիճակից կախված շտկումներ մտցնել մարմանը ներգրավված բոլոր հրշեջ ստորաբաժանումների, բանվորների և բնակչության գործողությունների մեջ.

6) անհրաժեշտությունից ելնելով վերադաս պաշտոնատար անձին առաջարկել ստեղծելու հրդեհաշիջման օպերատիվ շտաբ.

7) բնակավայրերի, օբյեկտների, ցանքադաշտերի վրա կրակի տարածման սպառնալիքի դեպքում կազմակերպել դրանց պաշտպանությունը, որի համար առանձնացնել անհրաժեշտ քանակի հրշեջ մեքենաներ և մարդիկ.

8) կազմակերպել շուրջօրյա պահակակետային և դետքային ծառայություն բնակչության ուժերով՝ բանվորական ավանում, ինչպես նաև այն վայրերում, որտեղ հնարավոր է կրակի տարածում տորֆի կազմակերպություններից կամ հանքավայրերից:

206. Տորֆադաշտի մարման հիմնական ձևերն են այրվող տարածքի քանդումը մինչև բնահող շերտը կամ գետնաջրերը, ջրային փողակների տալը, ֆրեզահանածո տորֆի հանգցման դեպքում անձրևացրած ջրի փողակներ տալ այրման վայրի ջրով հեղեղելը, ինչպես նաև տորֆի փխրեցումը կուլտիվատորով մինչև թաց շերտ, որից հետո նրա տոփանելը բուլդուզերներով, գլոցամեքենաներով կամ այլ տեխնիկայով:

207. Տորֆային զանգվածի այրման ժամանակ անհրաժեշտ է ապահովել անվտանգության կանոնները՝ այրված տեղամասերում տեխնիկայի թաղվելուց և մարդկանց խիտ ծխապատված տեղամասերում հայտնվելուց խուսափելու համար:

208. Տորֆադարսակույտերի հրդեհների մարման ժամանակ հրդեհաշիջման ղեկավարը պարտավոր է՝

1) կազմակերպել չայրվող դարսակույտերի պաշտպանությունը՝ դրանք անձրևացրած ջրի շիթերով առատ թրջելու, վրան խոնավեցրած տորֆ լցնելու և պահակակետ տեղադրելու միջոցով.

2) այրվող դարսակույտերի, կտորավոր տորֆը մարել հզոր ջրային շիթերով, ֆրեզահանածո տորֆինը՝ անձրևացրած ջրի շիթով և թրջիչ նյութերով, միաժամանակ հեռացնելով տորֆի այրված շերտը.

3) մարման համար օգտագործել տորֆը կույտաշարող մեքենաներ.

4) փողակները տալ չայրվող դարսակույտերի կողմից, հրդեհը օղակաձև շրջափակելով.

5) հակահրդեհային անջրպետներ ստեղծելու և դարսակույտերը քանդելու համար օգտագործել տեխնիկական միջոցներ:

209. Հրդեհի մարումից հետո տորֆի դարսակույտերի մոտ տեղակայել պահակակետեր և սահմանել տարածքի հսկողություն:

 

ԳԼՈՒԽ 37. ՀՐԴԵՀՆԵՐԻ ՄԱՐՈՒՄԸ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՇԱՐԺԱԿԱԶՄԵՐՈՒՄ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱԳՈՆՆԵՐԻ ՏԵՍԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ

 

210. Երկաթուղային տրանսպորտի շարժակազմերում, ապրանքների և վագոնների տեսակավորման կայաններում հրդեհների ժամանակ հնարավոր է՝

1) շարժակազմում մեծ քանակությամբ ուղևորների, տարբեր բեռների առկայություն.

2) կրակի արագ տարածում բեռնատար և ուղևորատար վագոնների ներսում, հրդեհի տարածում հարակից գնացքների, շենքերի և շինությունների վրա.

3) այրվող ու թունավոր հեղուկների հոսքը բաքերից և հարակից տարածքում գազահագեցած գոտու առաջացում.

4) այրվող և հարակից գնացքների վագոններում գտնվող մարդկանց համար վտանգի առկայություն ու խուճապի առաջացում.

5) բազմաքանակ ուղեգծերի առկայություն, որոնցով գնացքների երթևեկությունը չի դադարում.

6) այրվող նյութերի տեսակը ճշտելու դժվարություններ.

7) այրվող գնացքներին մոտենալու և փողակագծերը փռելու բարդություններ.

8) լարման տակ գտնվող հպումային ցանցերի առկայություն.

9) ջրաղբյուրների հեռավորություն:

211. Հրդեհի վայր մեկնելու ժամանակ հրդեհաշիջման ղեկավարը ՀՀ ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ-ի միջոցով գնացքների դիսպետչերներից պետք է ճշտի՝

1) այրվող շարժակազմի գտնվելու վայրը, նրան մոտենալու հնարավորությունները.

2) հարակից վագոնների, գնացքների անջատման և տարահանման համար ձեռնարկված միջոցները.

3) հրդեհի վայրում հպումային էլեկտրացանցերի անջատված լինելը, մնացորդային լարումը հանելու համար բրիգադ և մանևրային լոկոմոտիվ ուղարկված լինելը.

4) հրշեջ և վերականգնող գնացքների հրդեհի վայր ուղարկելու ժամը:

212. Երկաթուղային տրանսպորտի շարժակազմերում, ապրանքների և վագոնների տեսակավորման կայաններում հրդեհի ժամանակ հրդեհաշիջման ղեկավարը պարտավոր է՝

1) ճշտել շարժակազմի գտնվելու վայրը, այրվող բեռի տեսակը, հարակից վագոնների անջատման և հեռացման, էլեկտրական հոսանքի անջատման ուղղությամբ ձեռնարկված միջոցները.

2) մշտական կապ հաստատել երկաթուղու դիսպետչերի հետ, նրան ներգրավել վագոնների ու շարժակազմերի տարահանման հարցով խորհուրդ ստանալու, իրավիճակը ճշտելու համար.

3) հպումային էլեկտրացանցերի անցման վայրերում, հրդեհի մարումը սկսելուց առաջ, էլեկտրադիսպետչերից պահանջել լարումը հանելու մասին գրավոր հաստատում.

4) փողակագծերի փռելու ձևերն ու ուղիներն օգտագործելիս, հաշվի առնել գնացքների երթևեկությունը և մանևրումը, փողրակագծերը փռել հիմնականում գծերի տակով և երկայնքով.

5) հաշվի առնելով երկաթուղու առանձնահատկությունները՝ նշանակել անվտանգության տեխնիկայի համար պատասխանատու անձ.

6) միջոցներ ձեռնարկել անձնակազմին թունավորումներից պահպանելու համար.

7) ճշտել սպառնալիքի առկայությունը հարակից գնացքներին, ամբողջ շարժակազմի կամ առանձին այրվող վագոնների տեղափոխման հնարավորությունը անվտանգ վայր.

8) կազմակերպել շարժակազմի կամ հարակից երկաթուղային գծերում կանգնած, վտանգավոր գոտու չայրվող վագոնների պաշտպանությունը և նրանց տեղափոխությունը՝ առաջին հերթին մարդատար, պայթուցիկ և թունավոր նյութերով, այրվող և դյուրավառ հեղուկներով վագոնները.

9) այրվող հեղուկի արտահոսքի դեպքում կազմակերպել թմբապատնեշի կամ բաքի կառուցումը՝ այրվող հեղուկը անվտանգ տեղ հասցնելու համար.

10) ջուրը չբավականացնելու դեպքում պահանջել ջրով լիքը երկաթուղային վագոն-ցիստեռններ:

 

ԳԼՈՒԽ 38. ՀՐԴԵՀՆԵՐԻ ՄԱՐՈՒՄԸ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ

 

213. Մետրոպոլիտենի ստորգետնյա կառույցներում հրդեհների մարումը կապված է մարդկանց փրկելու և տարահանելու բարդ աշխատանքներ անցկացնելու անհրաժեշտության, հրդեհային պահպանության մեծաքանակ ուժերն ու միջոցները ներգրավելու և նրանց ղեկավարելու բարդությունների հետ:

214. Մետրոպոլիտենի ստորգետնյա կառույցների հրդեհների ժամանակ հնարավոր է՝

1) կայարաններում, անցումներում և էլեկտրագնացքի շարժակազմում մարդկանց հոծ բազմություն, խուճապի առաջացում.

2) դժվարություններ կապված մոտենալու և կրակմարման նյութերը տալու հետ.

3) բարձր լարման տակ գտնվող էլեկտրասարքավորումների և էլեկտրացանցերի առկայությունը կայարաններում ու թունելներում:

215. Հրդեհի հետախուզության ժամանակ բացի ընդհանուր խնդիրների կատարումից անհրաժեշտ է պարզել՝

1) շարժակազմի գտնվելու վայրը, մարդկանց առկայությունը նրա մեջ.

2) ներքին հակահրդեհային ջրացանցի, ինչպես նաև հատուկ սարքերի օդափոխման համակարգերի օգտագործման հնարավորությունները՝ այրման արգասիքների տարածումը կանխելու համար.

3) կրակի տարածման վտանգի առկայությունը ստորգետնյա կառույցներից վերգետնյա կառույցները:

216. Մետրոպոլիտենի ստորգետնյա կառույցների հրդեհների ժամանակ հրդեհաշիջման ղեկավարը պարտավոր է՝

1) կազմակերպել հրդեհաշիջման շտաբ՝ նրա կազմում պարտադիր ընդգրկելով մետրոպոլիտենի պատասխանատու ներկայացուցիչներին: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված բոլոր ծառայությունների կոորդինացման, ուժերի և միջոցների ղեկավարման համար ստեղծել հրդեհաշիջման շտաբ, իսկ հարակից կայարաններում՝ տեղամասեր.

2) հրդեհի հետախուզությունը կազմակերպել մի քանի հետախուզական խմբերով.

3) անմիջապես կազմակերպել մարդկանց փրկումն ու տարահանումը, դրա համար օգտագործել ուղեգծերի, շարժասանդուղքների, օդափոխման և անցումային թունելները: Առաջին հերթին օգտագործել այրվող սենյակից ցածր գտնվող տարահանման ճանապարհները.

4) միջոցներ ձեռնարկել էլեկտրական ուժային սարքերի և կաբելների հոսանքազրկման համար.

5) ուղևորների անվտանգ տարահանման, կրակի տարածման սահմանափակման, ծխահեռացման համար, սանտեխնիկայի ծառայության հետ համատեղ որոշել և կազմակերպել անհրաժեշտ ռեժիմի օդափոխություն.

6) շարժակազմով կրակի արագ տարածումը կանխելու համար վագոնների մեջ փրփուր տալ, կազմակերպել չայրվող վագոնների հեռացումը անվտանգ գոտի.

7) մեկական գազածխապաշտպան օղակներ ուղարկել մայրուղային փողրակագիծը մինչև ճյուղավորում, այնտեղից դեպի հրդեհի օջախ և հրշեջ ծորակներից փողրակագծերը փռելու համար.

8) մայրուղային փողրակագծերը փռել շարժասանդուղքներից մեկի վրայով, մնացածները՝ օգտագործել անձնակազմի տեղաշարժման և ուղևորների տարահանման համար:

217. Թունելում գտնվող շարժակազմի հրդեհի մարման ժամանակ կրակի օջախին կրակմարման նյութերի տալը կազմակերպել օդափոխման հոսանքի շարժման ուղղությամբ:

218. Հրդեհի մարման համար տալ ձեռքի «Ա» փողակներ, անձնակազմի պաշտպանության համար օգտագործել ջրային փողակ անձրևացրած ջրի շիթի ձևով: Շարժասանդուղքների, թեք թունելների, կաբելային թունելների և ենթակայանների հրդեհների մարման համար օգտագործել փրփուր:

219. Ստորգետնյա սենյակների հրդեհների հետախուզության և մարման համար օգտագործել պաշտպանիչ գործունեությամբ մեկուսիչ հակագազեր:

220. Ստորգետնյա տարածքում տեղակայված սենյակներում, ինչպես նաև թունելներում կայարանից 200 մետրից ոչ ավել հեռավորության վրա աշխատանքները կատարելու դեպքում օգտագործել մեկուսիչ հակագազեր, ունենալով ռեզերվային օդի բալոններ:

221. Փրկարարական աշխատանքներ անցկացնելու համար անհրաժեշտ է կայարաններում, թունելներում ստեղծել գազածխապաշտպան ծառայության հսկիչ անցագրային կետեր, որտեղ կենտրոնացնել պահեստային գազածխապաշտպան օղակներ, թթվածնային բալոններ, ռեգեներատիվ փամփուշտներ, մեկուսիչ հակագազեր, լուսավորման սարքեր և այլն:

222. Որպես կապի միջոց, կախված իրավիճակից, օգտագործել տեղական հեռախոսային կապը, մետրոպոլիտենի բարձրախոս համակարգը, հրդեհային պահպանության զինվածությունում գտնվող կապի միջոցները, այդ թվում նաև մեգաֆոնները:

 

ԳԼՈՒԽ 39. ՀՐԴԵՀՆԵՐԻ ՄԱՐՈՒՄԸ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԱՆՑՈՒՄՆԵՐՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

 

223. Ստորգետնյա անցումներում տեղակայվում են տարաբնույթ կազմակերպություններ, որտեղ հնարավոր է նյութական արժեքների կենտրոնացում, տարբեր ֆիզիկաքիմիական հատկություններ ունեցող նյութերի առկայություն, որոնց այրումն ու ջերմային քայքայումը կարող է ուղեկցվել ինտենսիվ ծխաառաջացումով, բարձր ջերմությամբ և թունավոր նյութերի անջատումով:

224. Ստորգետնյա անցումներում առաջացած հրդեհների ժամանակ հնարավոր է`

1) մեծ ծավալների ծխապատում և տարածում հրդեհի օջախից բավական հեռու.

2) մարդկանց հոծ բազմության առկայություն և խուճապի առաջացում.

3) պոլիմերային նյութերի այրում և այրվող հալանյութերի առաջացում, որը կարող է նպաստել նոր այրման օջախների առաջացմանը.

4) մետաղակառույցների, դարակաշարերի փլուզում և անցումափակումների առաջացում:

225. Ստորգետնյա անցումներում առաջացած հրդեհների ժամանակ հրդեհաշիջման ղեկավարը պարտավոր է`

1) միջոցներ ձեռնարկել մարդկանց տարահանման համար.

2) հրդեհի հետախուզումը կատարել տարբեր ուղղություններով.

3) հրդեհաշիջման աշխատանքները կատարել շնչառական ապարատներով, ունենալով պահեստային անհրաժեշտ օդի բալոններ.

4) հրդեհի մարման նպատակով ջուրը մղել փակովի փողակներով, անհրաժեշտության դեպքում տալ անձրևացրած ջուր, ինչպես նաև փրփուր:

 

ԳԼՈՒԽ 40. ԹՌՉՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՄԱՐՈՒՄԸ ԳԵՏՆԻ ՎՐԱ

 

226. Թռչող սարքերի գետնի վրա գտնվելու ժամանակ հրդեհի դեպքում հնարավոր է՝

1) կրակի արագ տարածում` վառելիքի համակարգի վնասվածքի դեպքում, ինչպես նաև ուղևորատար ինքնաթիռների սրահի ներսի հարդարման այրվող նյութերով, ճնշման տակ գտնվող բալոնների պայթյուն.

2) սպառնալիք մարդկանց և նրանց տարահանման դժվարություններ՝ դռների ու ելանցքների չբացվելու հետևանքով.

3) ալյումինե-մագնեզիումային և այլն համաձուլվածքներից պատրաստված մասերի ու հանգույցների ինտենսիվ այրում.

4) հրդեհի օջախի բավականին հեռավորությունը ջրաղբյուրներից.

5) օդանավակայանի տարածքից դուրս հրդեհի ժամանակ կրակմարման նյութերը և հրշեջ վթարային ավտոմեքենաները հրդեհի վայր տեղափոխելու դժվարություններ:

227. Թռչող սարքերի հրդեհների մարման ժամանակ հրդեհաշիջման ղեկավարը պարտավոր է՝

1) թռչող սարքի վթարային վայրէջքի դեպքում, վայրէջքի գոտում կենտրոնացնել անհրաժեշտ քանակի ուժեր և միջոցներ, անձնակազմին ապահովել անհատական պաշտպանիչ միջոցներով (ջերմաանդրադարձիչ կոստյումներ, հակագազեր).

2) կազմակերպել փոխգործողությունները թռիչքների ղեկավարման և օդանավակայանի վթարային փրկարարական կազմավորումների հետ.

3) կարճ ժամանակամիջոցում կազմակերպել ուղևորների տարահանումը թռչող ապարատներից` անվտանգ վայր.

4) առաջին հերթին մարել ինքնաթիռի տարահանման դռների մոտի կրակը, այդ նպատակների համար օգտագործել փրփուր, փոշի կամ հզոր ջրային շիթեր և միաժամանակ հովացնել թռչող ապարատի իրանը.

5) կազմակերպել հիմնական և վթարային ելանցքների բացումը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ իրանի արտաքին երեսպատումը, հատուկ նշված տեղերում.

6) իրանով կրակի արագ տարածումը կանխելու համար կրակմարման նյութերը տալ առաջին հերթին թռչող ապարատի առավել կարևոր տեղամասերին (շարժիչներին, օդաչուների խցիկին, հիմնամասին), ինչպես նաև այն տեղամասերին, որտեղ հնարավոր է բալոնների և վառելիքի բաքերի պայթյուն.

7) ուժեղ քամիների ժամանակ վառելիքի այրումը մարել ջրային շիթով: Քամու բացակայության դեպքում թափված վառելիքի մակերեսը ծածկել փրփուրով, փոշիով.

8) այրվող շասսին մարել փրփրահեղուկի շիթի այնպիսի ճնշմամբ, որը ողողելով կտանի մագնեզիումի հալված ձուլվածքը կամ կիրառել համակցված մեթոդ՝ փոշու, այնուհետև անձրևացրած ջրի կամ փրփուրի օգտագործումով: Փողրակավորներին ապահովել ջերմաանդրադարձիչ կոստյումներով, հնարավորություն ընձեռնել նրանց աշխատանքները կատարելու անվտանգ հեռավորության վրա.

9) շարժիչի ներսում մարումը կատարել փրփուրով, փոշիով.

10) քարշակի միջոցով թռչող սարքի դիրքը փոխել քամու ազդեցությամբ կրակի տարածումը սահմանափակելու համար.

11) կայանման տեղում թռչող սարքի հրդեհի ժամանակ կատարել հարակից չայրվող ապարատների հովացումը ջրի շիթերով և կազմակերպել դրանց անմիջապես տեղափոխումը անվտանգ գոտի:

228. Կայանման տեղերում և անգարներում թռչող սարքերի հրդեհների ժամանակ անհրաժեշտ է՝

1) օգտագործել հրդեհաշիջման ստացիոնար համակարգերը.

2) տալ հզոր ջրի շիթեր անգարի կրող կառուցվածքների հովացման համար.

3) փողակները տալու համար օգտագործել ձեռնասանդուղքները, օդանավասանդուղքները, հրշեջ սանդուղքները:

 

ԳԼՈՒԽ 41. ՀՐԴԵՀՆԵՐԻ ՄԱՐՈՒՄԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԿԱՅԱՐԱՆՆԵՐՈՒՄ, ՏՐՈԼԵՅԲՈՒՍԻ ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ

 

229. Ավտոտրանսպորտային կայաններում, տրոլեյբուսի հավաքակայաններում հրդեհների ժամանակ հնարավոր են՝

1) բենզինով (բարձր ճնշման գազով) լցավորված ավտոմեքենաների և բարձր լարման տակ գտնվող էլեկտրացանցերի առկայություն.

2) ավտոկազմակերպության կայաններում, հավաքակայանի տարածքում և մուտքի մոտ փոխադրամիջոցների կուտակումներ՝ հատկապես գիշերային ժամերին, նրանցով կրակի տարածում դեպի ավտոտնակներ, դրանց ծխապատումով և մարդկանց համար սպառնալիքի ստեղծումով.

3) պոլիմերային նյութերի այրման դեպքում թունավոր գազերի առաջացում.

4) այրվող ջերմամեկուսիչով և մեծ մակերես ունեցող ծածկերի առկայություն:

230. Ավտոտրանսպորտային կայաններում, տրոլեյբուսի հավաքակայաններում հրդեհի ժամանակ հրդեհաշիջման ղեկավարը պարտավոր է՝

1) շենքերում, հրդեհի մարման հետ միաժամանակ, փողակներ տալ փոխադրամիջոցների պաշտպանության, բենզինաբաքերի պայթյունը կանխելու համար, անհրաժեշտության դեպքում կիրառել մարման փրփրային միջոցներ.

2) մայրուղային և աշխատող փողրակագծերը տրամվայի դեպոներում փռել գծերի երկայնքով և նրանց տակով՝ հաշվի առնելով տրամվայի երկարությունը.

3) կազմակերպել և ապահովել փոխադրամիջոցների տարահանումը շենքերից, վարորդների սպասարկող անձնակազմի օգնությամբ՝ օգտագործելով քարշակները և տրակտորները, վերջիններիս բացակայության դեպքում կազմակերպել փոխադրամիջոցների դուրս բերումը իրենց ընթացքով կամ հրելով:

231. Ավտոտրանսպորտային ստորգետնյա կայաններում հրդեհները բնորոշվում են կրակի արագ տարածումով դեպի վերին և ստորին հարկեր, մարման միջոցները տալու բարդություններով, հատկապես ներքևի հարկում:

232. Ավտոտրանսպորտային ստորգետնյա կայաններում հրդեհի ժամանակ հրդեհաշիջման ղեկավարը պարտավոր է՝

1) մարման հետ միաժամանակ կազմակերպել ավտոմեքենաների տարահանումը.

2) մարումը սկսել վերին այրվող հարկից, հանգցման հետ միաժամանակ շարժվել դեպի ներքևի հարկերը.

3) կատարել կառուցվածքների (ծածկերի և սյուների) հովացում և ծխահեռացում:

 

ԳԼՈՒԽ 42. ՀՐԴԵՀՆԵՐԻ ՄԱՐՈՒՄԸ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ

 

233. Գյուղական բնակավայրերի հրդեհների մարումը դժվարանում է հրշեջ տեխնիկայի, ջրամատակարարման անբավարար լինելու, ինչպես նաև բնակավայրերից հրշեջ ստորաբաժանումների զգալի հեռավորության վրա գտնվելու պատճառով:

234. Գյուղական բնակավայրերում հրդեհի ժամանակ հնարավոր է՝

1) այրվող շինություններով և նյութերով կրակի արագ տարածում.

2) կրակի (կայծերի) տեղափոխում մեծ հեռավորության վրա (դեպի կից խոտի դեզերը).

3) կենցաղային գազի սարքավորումների պայթյուն:

235. Գյուղական բնակավայրերի հրդեհների մարման համար օգտագործվում են հրշեջ ավտոմեքենաներ և մոտոպոմպեր, ինչպես նաև հրդեհաշիջման համար հարմարեցված գյուղատնտեսական ու այլ տեխնիկա, ավտոբենզալցավորիչներ, ավտոհեղուկացանիչներ, կախովի հրշեջ պոմպ ունեցող ավտոմեքենաներ ու տրակտորներ, ջրաբաշխիչներ, ջրցան մեքենաներ և այլն:

236. Գյուղական բնակավայրերի հրդեհների մարման ժամանակ հրդեհաշիջման ղեկավարը պարտավոր է՝

1) ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային վարչության օպերատիվ հերթապահի, տեղական կապի հանգույցի կամ ջոկատի կապի կետի միջոցով կազմակերպել պլանով նախատեսված ուժերի ու միջոցների ժամանակին կանչումը և հրդեհի մասին հաղորդել Ճգնաժամային կառավարման կենտրոնին.

2) կրակի տարածումը կանխելու դեմ ուղղված միջոցառումների հետ միաժամանակ կազմակերպել մարդկանց փրկումը, կենդանիների և նյութական արժեքների տարահանումը.

3) կրակի հնարավոր տարածման ճանապարհին անջրպետներ ստեղծելու համար օգտագործել տրակտորներ, բուլդոզերներ և այլ տեխնիկա.

4) նշանակել պահակակետեր կրակի նոր օջախների առաջացման վտանգը կանխելու համար.

237. Անասնապահական շենքերում հրդեհաշիջման ժամանակ հրդեհաշիջման ղեկավարը պարտավոր է՝

1) միջոցներ ձեռնարկել կենդանիների տարահանման համար և փողակներ մտցնել տարահանման ելքերի մարման ու պաշտպանության համար: Կապից արձակելու համար ներգրավել սպասարկող անձնակազմին, կենդանիների տարահանումը արագացնելու համար օգտագործել ջրի շիթ, որն ուղղել ելքից ավելի հեռու գտնվող կողմի կենդանիների վրա.

2) կազմակերպել հարակից օբյեկտների պաշտպանությունը:

238. Խոտի, ծղոտի դեզերի, կոշտ կերի պահեստների հրդեհների մարման ժամանակ հրդեհաշիջման ղեկավարը պարտավոր է՝

1) բաց բոցը մարելու համար տալ անձրևացրած ջրի շիթեր, կատարել դեզի քանդում, մարել այրվող դեզը և պաշտպանել հարակից դեզերը՝ բնակչության, գյուղատնտեսական տեխնիկայի օգնությամբ.

2) հրդեհի մարումից հետո կրակի բռնկումները կանխելու համար բնակչության ուժերով կազմակերպել հերթապահություն՝ նրանց ապահովելով հրդեհաշիջման միջոցներով:

239. Պարարտանյութերի և թունաքիմիկատների պահեստներում հրդեհի ժամանակ կարող են առաջանալ թունավոր գոլորշիներ ու գազեր, որոնք կարող են ստեղծել պայթունավտանգ խառնուրդներ և մարդկանց ու կենդանիների համար վտանգավոր գոտիներ:

240. Թունաքիմիկատների ու պարարտանյութերի պահեստների հրդեհների մարման ժամանակ հրդեհաշիջման ղեկավարը պարտավոր է՝

1) ճշտել պահպանվող նյութերի անվանումը և քանակը, աշխատանքներին ընդգրկել թունաքիմիկատների հատկությունները իմացող մասնագետներին և մարման ընթացքում մշտապես խորհրդակցել նրանց հետ.

2) կրակմարման նյութերը և մարման ձևը կիրառել՝ հաշվի առնելով պահպանվող նյութերի տեսակները.

3) նշանակել անվտանգության տեխնիկայի պահպանման համար պատասխանատու անձ և կազմակերպել առաջին բուժօգնության կետ.

4) ջրով թունաքիմիկատների մարման ժամանակ նախատեսել ջրհորդան՝ մարդկանց և կենդանիների համար անվտանգ վայրերում.

5) փողակավարի դիրքերն ընտրել հնարավորության դեպքում հողմակողմից, շենքերի ներսում աշխատող անձնակազմին ապահովել մեկուսիչ կամ զտիչ հակագազերով.

6) դեպի բնակավայրերը և անասնապահական շենքերը շարժվող փոշեամպեր առաջանալու դեպքում կազմակերպել նախ մարդկանց ու կենդանիների տարահանումը, ապա ամպերի վերացումը՝ անձրևացրած ջրի շիթեր տալու միջոցով.

7) կանչել սանիտարահամաճարակային ծառայությանը՝ մարումից հետո ստուգողական չափումներ կատարելու համար.

8) հրդեհի մարումից հետո բոլոր մասնակիցներին ուղարկել բուժզննման.

9) անցկանցնել հրդեհին մասնակցող հրշեջ ավտոմեքենաների և տեխզինվածության ապագազացում:

241. Ցորենի արտի հրդեհների մարման ժամանակ հրդեհաշիջման ղեկավարը պարտավոր է՝

1) հրդեհի չափերից, քամու արագությունից և առկա ուժերից ու միջոցներից կախված ընտրել հրդեհի մարման հետևյալ եղանակներից մեկը՝ կրակի ճակատային մասի եզրի շերտի թրջում հրշեջ ավտոբաքերի, ջրատարների, ավտոհեղուկացանիչների և այլ տեխնիկայի օգնությամբ, արգելափակիչ գոտու ստեղծում տրակտորներով հողը վարելու միջոցով.

2) ուժերը և միջոցները կենտրոնացնել կրակի տարածումը կանխելու ինչպես նաև մարդկանց, բնակավայրերին ու անասնապահական շենքերին սպառնացող վտանգը վերացնելու ուղղությամբ.

3) մարման ընթացքում մշտական հսկել քամու ուղղությունը և նրա փոփոխման դեպքում կատարել ուժերի և միջոցների տեղաբաշխում:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան