Գլխավոր տեղեկություն
Номер
N 06-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (30.01.2017-09.10.2021)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2017.01.20/3(572) Հոդ.20
Принят
Կրթության և գիտության նախարար
Дата принятия
13.01.2017
Подписан
Կրթության և գիտության նախարար
Дата подписания
13.01.2017
Дата вступления в силу
30.01.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

17 հունվարի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 11017013

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

13 հունվարի 2017 թ.

N 06-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՈՐՊԵՍ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՔԱՂԱՔԱՑՈՒ` ՀԱՅԵՐԵՆԻՆ ՏԻՐԱՊԵՏԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ ՀԱՎԱՍՏՈՂ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԵՐԵՆԻՆ ՏԻՐԱՊԵՏԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածի 3-րդ մասով`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Որպես Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու` հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման կարգը»` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Լ. Մկրտչյան

 

Հավելված
ՀՀ կրթության և գիտության նախարարի
2017 թվականի հունվարի 13-ի
N 06-Ն հրամանի

 

ՈՐՊԵՍ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՔԱՂԱՔԱՑՈՒ` ՀԱՅԵՐԵՆԻՆ ՏԻՐԱՊԵՏԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ ՀԱՎԱՍՏՈՂ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԵՐԵՆԻՆ ՏԻՐԱՊԵՏԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳ

 

1. Սույն կարգով կարգավորվում են որպես Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու (այսուհետ` քաղաքացի)` հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում` հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման հետ կապված հարաբերությունները:

2. Որպես Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու` հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգումն (այսուհետ` ստուգում) իրականացվում է թեստավորման միջոցով, որի արդյունքում տրվում է տեղեկանք հայերենին տիրապետելու մասին (այսուհետ` տեղեկանք):

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը (այսուհետ` նախարարություն) մշակում է թեստավորման համար առաջադրանքների հարցաշար, որը, ինչպես նաև գրականության ցանկը կամ հղումները, Ազգային ժողովի ընտրության օրվանից առնվազն երկու ամիս առաջ պարտադիր կարգով տեղադրվում է նախարարության պաշտոնական կայքէջում: Հարցաշարի հետ միաժամանակ կայքէջում տեղադրվում է նաև առաջադրանքների կազմման աղբյուրը:

4. Հարցաշարի բովանդակային բաղադրիչները ներառում են հայոց լեզվի քերականության մի քանի բաժիններ` հետևյալ հարաբերակցությամբ`

1) «Ուղղագրություն» - 35%.

2) «Ուղղախոսություն» - 35%.

3) «Բառագիտություն» - 30%:

5. Տեղեկանք ստանալու համար քաղաքացին դիմում է ՀՀ կրթության և գիտության նախարարություն` ներկայացնելով անձնագիր կամ անձը հաստատող փաստաթուղթ և դրա պատճենը, ինչպես նաև նշում է այն էլեկտրոնային հասցեն կամ հեռախոսահամարը, որով կարող է տեղեկացվել թեստավորման անցկացման վայրի և ժամի մասին:

6. Դիմումը նախարարությունում մուտքագրվելուց հետո երկրորդ աշխատանքային օրը` նախարարի հրամանով ձևավորվում է հանձնաժողով, որը կազմված է առնվազն 3 անդամից: Մեկ անգամ դիմում ներկայացնելը չի սահմանափակում քաղաքացու` կրկին անգամ դիմելու հնարավորությունը:

7. Քաղաքացին թեստավորման անցկացման վայրի և ժամի մասին լրացուցիչ տեղեկացվում է:

8. Թեստավորումն անցկացվում է գրավոր` այդ նպատակի համար առանձնացված սենյակում, որն ապահովված է համապատասխան պայմաններով: Անհրաժեշտության դեպքում սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող քաղաքացիների համար ստեղծվում են լրացուցիչ պայմաններ:

9. Քաղաքացին թեստավորմանը մասնակցելու համար ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ: Հանձնաժողովը ստուգում է նրա ինքնությունը և թույլատրում է նրան մուտք գործել թեստավորման անցկացման սենյակ:

10. Թեստավորման ընթացքում քաղաքացուն արգելվում է սենյակ բերել կապի միջոցներ, տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր կամ այլ տեխնիկական սարքեր, թեստավորման առաջադրանքների կատարման համար աղբյուր հանդիսացող այլ միջոցներ:

11. Քաղաքացու ներկայությամբ Հանձնաժողովի անդամներից մեկը համակարգչի միջոցով ձևավորում է թեստ և այն ամփոփաթերթի հետ տրամադրում քաղաքացուն:

12. Թեստը բաղկացած է սույն կարգի 5-րդ կետով սահմանված համամասնությամբ պատահականության սկզբունքով ընտրված 30 առաջադրանքից և դրանց երեք կամ չորս ենթադրյալ պատասխաններից, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է:

13. Քաղաքացին ամփոփաթերթում լրացնում է իր անունը, ազգանունը: Այնուհետև հանձնաժողովի անդամներից մեկը կտրում է ամփոփաթերթի անձնական տվյալները պարունակող մասերը, ստուգում դրանց ճիշտ լրացված լինելը:

14. Թեստը բաղկացած է առաջադրանքներից և դրանց երեք կամ չորս ենթադրյալ պատասխաններից, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է:

15. Թեստավորման առաջադրանքները քաղաքացուն տրամադրելուց հետո հայտարարվում է թեստավորման սկիզբը: Առաջադրանքները կատարելու համար տրվում է 50 րոպե ժամանակ:

16. Քաղաքացին ծանոթանում է առաջադրանքներին և յուրաքանչյուր առաջադրանքի վերաբերյալ ամփոփաթերթի համապատասխան վանդակում կատարում է նշում` ընտրելով մեկ (իր կարծիքով` ճիշտ) պատասխանը:

17. Աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների կատարման համար հատկացված ժամանակն սպառվելուց հետո քաղաքացին թեստը և ամփոփաթերթը հանձնում է Հանձնաժողովին, դուրս գալիս սենյակից:

18. Հանձնաժողովը ստուգում է առաջադրանքները, հաշվարկում հավաքած միավորների քանակը, արդյունքների վերաբերյալ կազմում արձանագրություն, որը հաստատվում է Հանձնաժողովի անդամների ստորագրությամբ:

19. Թեստում յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է մեկ միավոր, իսկ սխալ պատասխանը` զրո միավոր: Սխալ պատասխաններ են համարվում ոչ միայն ոչ ճիշտ պատասխանի նշումը, այլև մեկից ավելի պատասխաններ նշելը, որևէ պատասխան չնշելը:

20. Ստուգման աշխատանքներն ավարտելուց հետո քաղաքացին հրավիրվում է թեստավորման սենյակ, որից հետո Հանձնաժողովի նախագահը հայտարարում է նրա հավաքած միավորները:

21. Թեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել Հանձնաժողովին` հրապարակումից հետո երեսուն րոպեի ընթացքում, ինչպես նաև` վերադասության կարգով` ՀՀ կրթության և գիտության նախարարին:

22. Բողոքարկումը թեստի որևէ հարցադրման կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության, ինչպես նաև թեստավորման արդյունքում քաղաքացու հավաքած միավորները հաշվելիս թույլ տրված հնարավոր սխալի վիճարկումն է:

23. Եթե Հանձնաժողովը պարզում է, որ քաղաքացու բողոքը թեստավորման արդյունքների հաշվարկման ժամանակ թույլ տրված հավանական սխալի վերաբերյալ հիմնավորված է, ապա Հանձնաժողովը բավարարում է քաղաքացու պահանջը` կատարելով թեստավորման արդյունքների ճիշտ հաշվարկ:

24. Բողոքարկման արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո, ինչպես նաև բողոք չլինելու դեպքում` բողոքարկման համար նախատեսված ժամանակի ավարտից հետո, նույն օրը Հանձնաժողովը թեստավորման արդյունքների վերաբերյալ կազմում է արձանագրություն և ներկայացնում ՀՀ կրթության և գիտության նախարարին:

25. Հանձնաժողովի արձանագրության հիման վրա ՀՀ կրթության և գիտության նախարարը կայացնում է որոշում` քաղաքացուն հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող տեղեկանք տրամադրելու մասին, եթե թեստավորման արդյունքում քաղաքացին հավաքել է առնվազն 27 միավոր:

26. Մինչև 27 միավոր ստանալու դեպքում քաղաքացուն հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող տեղեկանքի տրամադրումը մերժվում է:

27. Քաղաքացուն հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող տեղեկանքը կամ դրա տրամադրման մասին մերժումը տրվում է` դիմումը ներկայացնելու օրվանից հետո` մեկշաբաթյա ժամկետում:

28. Ստուգման արդյունքները եռօրյա ժամկետում կարող են բողոքարկվել դատարան:

29. Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուի` հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքը ստուգելու քննության անցկացման վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը: