Գլխավոր տեղեկություն
Номер
N 743-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (25.08.2016-20.07.2021)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2016.08.15/17(560) Հոդ.229
Принят
Կրթության և գիտության նախարար
Дата принятия
19.07.2016
Подписан
Կրթության և գիտության նախարար
Дата подписания
19.07.2016
Дата вступления в силу
25.08.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 հուլիսի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 11016268

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

19 հուլիսի 2016 թ.

N 743-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 Թ. ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 753-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի, 37-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման ընդունելության կանոնները` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թ. հուլիսի 27-ի «ՀՀ պետական բուհերի հեռակա ուսուցման ընդունելության կանոնները հաստատելու մասին» N 753-Ն հրամանը:

3. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչությանը (վարչության պետ` Ռ. Սուքիասյան), իրավաբանական վարչությանը (վարչության պետ` Լ. Գրիգորյան)` սահմանված կարգով սույն հրամանը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

 

Լ. Մկրտչյան

 

 

Հավելված

ՀՀ կրթության և գիտության նախարարի

2016 թվականի հուլիսի 19-ի

N 743-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ

 

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնները կարգավորում են Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների (այսուհետ` բուհեր) հեռակա ուսուցման ընդունելության գործընթացի հետ կապված հարաբերությունները:

2. Հեռակա ուսուցում իրականացնող բուհերում ընդունելության տեղերի քանակը ըստ մասնագիտությունների հաստատվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի (այսուհետ` Նախարար) հրամանով:

3. Հեռակա ուսուցում իրականացնող բուհը, համաձայն սույն կանոնների, տալիս է ընդունելության վերաբերյալ հայտարարություն` նշելով փաստաթղթերի ընդունելության ժամկետները և պահանջվող փաստաթղթերի ցանկը:

4. Հայաստանի Հանրապետության պետական բուհեր հեռակա ուսուցմամբ կարող են ընդունվել առնվազն միջնակարգ, նախնական մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող անձինք` առանց տարիքի սահմանափակման:

 

II. ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱԳՐՈՒՄ ԵՎ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

5. Հեռակա ուսուցման ընդունելության քննությունները (այսուհետ` քննություններ) կազմակերպում է բուհը կամ համապատասխան պայմանագրի առկայության դեպքում «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը: Քննությունների կազմակերպումը և անցկացումը վերահսկում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը (այսուհետ` նախարարություն):

6. Դիմորդը իր ընտրությամբ կարող է հայտագրել և մասնակցել միայն մեկ բուհի ընդունելության մրցույթին` հանձնելով սահմանված քննությունները: Ընդունելության մրցույթը կատարում է յուրաքանչյուր բուհ` ըստ մասնագիտությունների, հատկացված տեղերի և միավորների:

7. Քննատախտակով նախատեսված օրն անհարգելի պատճառով քննության չներկայացած դիմորդին չի թույլատրվում մասնակցել տվյալ առարկայի քննությանը: Հարգելի պատճառով (փաստաթղթով հաստատված) քննության չներկայացած դիմորդին հնարավորություն է տրվում այն հանձնել, եթե քննատախտակով տվյալ առարկայի քննությունները չեն ավարտվել:

8. Ընդունելության քննությունների փաստաթղթերը հանձնելիս դիմորդը վճարում է 1500 դրամ` փաստաթղթերի ընդունման և ձևակերպման համար: Քննությունների կազմակերպման և անցկացման նպատակով յուրաքանչյուր քննության համար դիմորդը վճարում է 1500 դրամ: Ընդունելության քննությունների վճարից ազատվում են սույն կանոնների 28-29-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները: Անկախ քննությանը մասնակցելուց և արդյունքից` քննության համար վճարված գումարը չի վերադարձվում: Դիմորդի քննությունների ժամանակացույցը կախված չէ փաստաթղթերը հանձնելու օրից:

9. Դիմորդի` քննություններին, ըստ մասնագիտությունների մրցույթին մասնակցելու դիմում-հայտը և ընդունելության քննությունների վճարը ընդունում է համապատասխան բուհը:

10. Քննությունների վերահանձնում չի թույլատրվում:

 

III. ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄ

 

11. Ընդունելությունը բուհերում կատարվում է` Նախարարի տվյալ տարվա հրամանով հաստատված բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման ընդունելության տեղերի և սույն կանոնների համաձայն:

12. Հանրակրթական առարկաներից քննությունները համապատասխան բուհերում անցկացնում են բուհի ռեկտորի կողմից հաստատված առարկայական հանձնաժողովները` առկա ուսուցման առարկայական ծրագրերով և գիտելիքների գնահատման չափանիշներով:

13. Ներբուհական քննություններն անց են կացվում տվյալ բուհի մշակած և Նախարարի հաստատած մասնագիտական ծրագրերով: Գնահատման չափանիշ է ընդունվում «Գիտելիքների գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տվյալ տարվա բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման ներբուհական քննությունների համար սահմանված չափանիշները:

14. Քննությունների քանակը սահմանվում է երկու մրցութային քննությունից ոչ պակաս:

15. Ընդունելության քննությունները գնահատվում են 20 միավորային համակարգով: Դրական են համարվում ութ և բարձր միավորները: Մինչև ութ միավորի դեպքում գնահատականը ամբողջացվում է (կլորացվում է, օրինակ` 7.5 միավորը հավասարվում է 8.0 միավորի) հօգուտ դիմորդի` ապահովելով դրական միավորի վաստակումը: Ութից բարձր միավորները գնահատվում են տասնորդական մասի պահպանումով` տվյալ առարկայի գնահատման չափանիշներով սահմանված քայլերին համապատասխան: Մրցույթին մասնակցում են այն դիմորդները, ովքեր տվյալ մասնագիտության համար նախատեսված քննություններից ստացել են դրական միավորներ:

16. Դիմորդները կարող են պահպանել միասնական և տվյալ տարվա կենտրոնացված համակարգով հանձնած քննությունների դրական գնահատականները` իրենց ցանկությամբ: Դիմորդին իրավունք է վերապահվում, պահպանելով նաև կենտրոնացված և միասնական կարգով հանձնած քննական առարկայի/ների գնահատականը/ները, տվյալ առարկայից/ներից հանձնել քննություն: Այն դեպքում, երբ դիմորդը ստանում է ավելի բարձր գնահատական, հաշվի է առնվում հանձնած քննության արդյունքը: Միասնական քննություններ չհանձնած դիմորդները քննություն են հանձնում բուհում` համապատասխան առարկաների միասնական քննություններին ներկայացվող պահանջներին համապատասխան:

17. Զորակոչային տարիքը լրացած, միասնական քննություններին և մրցույթին մասնակցած արական սեռի դիմորդները կարող են միասնական քննություններից ստացած դրական գնահատականները պահպանել ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո կազմակերպվող ընդունելության քննությունների առաջին մրցույթի համար:

18. Այն մասնագիտությունների գծով, որոնց քննությունների անվանացանկում առարկաները նշված են մեկ և երկու աստղանիշով, մրցույթին մասնակցելու համար.

1) մրցութային և ոչ մրցութային քննությունների գնահատականներ են համարվում միջնակարգ կրթության ատեստատի կամ միջին մասնագիտական կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունների ավարտական փաստաթղթերի տվյալ առարկաների պետական ավարտական քննական գնահատականները, իսկ պետական ավարտական քննական գնահատականի բացակայության դեպքում` տարեկան գնահատականը.

2) 10 միավորային համակարգով տարեկան գնահատականները համապատասխանաբար հավասարեցվում են հետևյալ միավորներին`

ա. «4»-ը, «5»-ը և «6»-ը համարժեք են 13 միավորին,

բ. «7»-ը և «8»-ը համարժեք են 17 միավորին,

գ. «9»-ը և «10»-ը համարժեք են 20 միավորին.

3) միջնակարգ կրթության ատեստատի կամ համապատասխան ավարտական փաստաթղթի 5 միավորային համակարգով գնահատված տարեկան, քննական գնահատականները համապատասխանաբար հավասարեցվում են հետևյալ միավորներին`

ա. «3»-ը համարժեք է 13 միավորին,

բ. «4»-ը համարժեք է 17 միավորին,

գ. «5»-ը համարժեք է 20 միավորին:

19. Մրցութային հավասար միավորների դեպքում ըստ հերթականության առավելություն է տրվում`

1) տվյալ մասնագիտությամբ աշխատող դիմորդներին,

2) տվյալ մասնագիտությանը համապատասխան միջին մասնագիտական կրթություն ստացած դիմորդներին,

3) դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդներին,

4) բոլոր տարիների մեդալակիր-դիմորդներին,

5) բուհի կողմից նշված առաջին մրցութային քննությունից առավել բարձր միավոր ստացած դիմորդներին,

6) դպրոցի պետական ավարտական քննություններից առավելագույն միջին գնահատական ունեցող դիմորդներին։

20. Մրցույթի արդյունքները հաստատում է Նախարարը: Մրցույթով անցած դիմորդների պաշտոնական /հաստատված/ ցուցակները հանձնվում են բուհերին հրամանագրման համար:

21. Թափուր տեղեր առաջանալու դեպքում, այդ տեղերի մրցույթին մասնակցելու համար դիմորդները մասնագիտությունների և քննությունների ցանկում երկու աստղանիշերով նշված առարկաների համար որպես մրցութային գնահատական, կարող են դիմում-հայտում նախապես հայտագրել միջնակարգ կրթության ատեստատի կամ համապատասխան ավարտական փաստաթղթի` այդ առարկաների պետական ավարտական քննությունների գնահատականը, իսկ պետական ավարտական քննական գնահատականի բացակայության դեպքում` տարեկան գնահատականը:

22. Միջնակարգ կրթության ատեստատում կամ համապատասխան ավարտական փաստաթղթում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից գնահատական չունեցող դիմորդները (Ա և Ա+Բ տարբերակները չհանձնած) «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական (գրավոր) քննության փոխարեն կարող են քննություն հանձնել որևէ օտար լեզվից` միասնական (գրավոր) (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, ռուսերեն, պարսկերեն):

23. «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությանը փոխարինած «Օտար լեզու» առարկան չի կարող համընկնել տվյալ մասնագիտության միասնական քննությունների ցանկում ընդգրկված «Օտար լեզու» առարկայի հետ:

24. Ռուսերեն ուսուցմամբ դպրոցի շրջանավարտները քննությունները կարող են հանձնել ռուսաց լեզվով (բացառությամբ հայերեն և այլ օտար լեզուների քննությունների):

25. Բանավոր քննության գնահատականը դիմորդն իրավունք ունի բողոքարկելու առարկայական քննական հանձնաժողովի նախագահին առանց քննասենյակից դուրս գալու, իսկ գրավոր քննության գնահատականը` այն հայտնելու պահից 24 ժամվա ընթացքում: Գրավոր քննության գնահատականները բուհերը հայտնում են հաջորդ օրը, ոչ ուշ, քան մինչև ժամը 1600:

26. Քննությունների ընթացքում ծագած վեճերը լուծում է բուհի ընդունող հանձնաժողովը:

27. Բուհի ընդունող հանձնաժողովի նախագահը հաստատում է քննատախտակը:

Դիմորդներին տրամադրվում են քննաթերթիկներ, որտեղ նշվում է քննության օրը և ժամը:

28. Բուհերի ընդունող հանձնաժողովների, առարկայական քննական հանձնաժողովների և ընդունելությանն առնչվող մյուս ծառայությունների փոխհարաբերությունները կանոնակարգվում են սույն կանոններով:

 

IV. ԴԻՄՈՐԴՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

29. Սույն կետում նշված կարգավիճակ ունեցող դիմորդները բուհ ընդունվելու դեպքում օգտվում են օրենքներով սահմանված ուսման վարձի լրիվ փոխհատուցման իրավունքից.

1) 1-ին ու 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները,

2) առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան երեխաները:

30. Քննությունները դրական միավորներով հանձնած դիմորդներից, պետական բյուջեի միջոցների հաշվին, մրցույթից դուրս, ընդունվում են ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների երեխաները, ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները` համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքների:

31. Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդները քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում բուհ են ընդունվում մրցույթից դուրս, ըստ մասնագիտությունների նախարարության կողմից հաստատված տեղերի:

32. Դիմորդի կողմից նախընտրած բուհի նախապատրաստական դասընթացներն ավարտած դիմորդները, բուհ են ընդունվում մրցույթից դուրս, ավարտական քննությունների գնահատականներով, ըստ մասնագիտությունների նախարարության կողմից հաստատված տեղերի մինչև 20% չափով:

 

V. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

33. Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են տվյալ տարվա օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 25-ը: Փաստաթղթերի ընդունման ժամկետը կարող է երկարաձգվել Նախարարի հրամանով: Քննություններն անց են կացվում սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 20-ը: Ուսանողների հրամանագրումը կատարվում է մինչև հոկտեմբերի 25-ը:

34. Դիմումի հետ ներկայացվում են`

1) միջնակարգ կրթության ատեստատը կամ միջին մասնագիտական կամ մասնագիտական տեխնիկական կրթության մասին փաստաթուղթը,

2) 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի),

3) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական),

4) զինվորական գրքույկ կամ զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունը անցնելու մասին,

5) սույն կանոնների 29-30-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր (1-ին կամ 2-րդ խմբի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամության, ինչպես նաև զինծառայող ծնողի զոհվելու մասին, առանց ծնողական խնամքի մնացած լինելու մասին),

6) միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները,

7) տեղեկանք տվյալ տարվա կենտրոնացված ընդունելության քննությունների գնահատականների վերաբերյալ,

8) «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված միասնական քննությունների վկայագիր,

9) Առկա ուսուցման համակարգում սովորող անձինք, հեռակա ուսուցման ընդունելության մրցույթին մասնակցելու համար կարող են ներկայացնել միջնակարգ կրթության ատեստատի կրկնօրինակը` այն բուհի նշագրումով և կնիքով, որտեղ գտնվում է բնօրինակը:

35. Հեռակա ուսուցմամբ ընդունելություն իրականացնող բուհում`

1) մինչև օգոստոսի 25-ը ստեղծվում է դիմորդների գործերն ընդունող հանձնաժողով և նշանակվում է պատասխանատու քարտուղար` համաձայնեցված նախարարության հետ.

2) նախապատրաստվում են փաստաթղթերի ընդունման համար նախատեսված սենյակներ, որտեղ փակցվում են բուհերի հեռակա ընդունելության կանոնները, մասնագիտությունների ցանկը` համապատասխան քննություններով և տեղերի քանակով.

3) սահմանվում է հերթապահություն` փաստաթղթերի ընդունման և քննությունների անցկացման ամբողջ ժամանակաշրջանի ընթացքում անհրաժեշտ կարգ ու կանոն ապահովելու համար, ստեղծվում են սննդի և բժշկական սպասարկման կետեր:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.07.2022, N 29-Ն 02.08.2022, N 743-Ն
13.07.2021, N 49-Ն 20.07.2021, N 743-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան