Գլխավոր տեղեկություն
Номер
N 388-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (11.06.2016-11.11.2016)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2012.06.01/15(428) Հոդ.172
Принят
Կրթության և գիտության նախարար
Дата принятия
03.05.2012
Подписан
Կրթության և գիտության նախարար
Дата подписания
03.05.2012
Дата вступления в силу
11.06.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

11 մայիսի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 11012209

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

3 մայիսի 2012 թ.

N 388-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ, ԱՄՓՈՓԻՉ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՄ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԱՎԱՐՏՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲԱՑԱԿԱՅԱԾ ՍՈՎՈՐՈՂԻ՝ ՀԱՋՈՐԴ ԴԱՍԱՐԱՆ ԿԱՄ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՐԴ ԱՍՏԻՃԱՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 391-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 22.09.15 N 804-Ն)

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, 16-րդ հոդվածի 11-րդ մասով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի պահանջներով`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման, ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման կարգը»` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 22.09.15 N 804-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 22-ի «Ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման, ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման և ավարտման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի ապրիլի 10-ի N 193-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 391-Ն հրամանը:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության /պետ` Ն. Հովհաննիսյան/ և իրավաբանական /պետ` Վ. Բավեյան/ վարչություններին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

4. Հրամանի կատարման հսկողությունը վերապահել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:

 

Ա. Աշոտյան

 

 

Հավելված

ՀՀ կրթության և գիտության

նախարարի 2012 թ. մայիսի 3-ի

N 388-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ, ԱՄՓՈՓԻՉ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՄ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԱՎԱՐՏՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲԱՑԱԿԱՅԱԾ ՍՈՎՈՐՈՂԻ՝ ՀԱՋՈՐԴ ԴԱՍԱՐԱՆ ԿԱՄ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՐԴ ԱՍՏԻՃԱՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ
(վերնագիրը խմբ. 22.09.15 N 804-Ն)

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում (այսուհետ` Հաստատություն) սովորողի փոխադրման, ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման կազմակերպման և ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման գործընթացի կազմակերպման հետ կապված իրավահարաբերությունները` անկախ Հաստատության կազմակերպաիրավական ձևից և ենթակայությունից:

 

Գ Լ ՈՒ Խ  I

(գլուխը խմբ. 05.05.16 N 400-Ն)

 

ՍՈՎՈՐՈՂԻ` ԴԱՍԱՐԱՆԻՑ ԴԱՍԱՐԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԱՎԱՐՏՈՒՄԸ

 

2. 1-ին դասարանում սովորողը փոխադրվում է հաջորդ դասարան` գիտելիքների անհրաժեշտ նվազագույնի յուրացման պայմանով` բնութագրման միջոցով: Առանձին դեպքերում սովորողը կարող է կրկնել տվյալ ուսումնական տարվա դասընթացը`

1) ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) գրավոր դիմումի և Հաստատության մանկավարժական խորհրդի որոշմամբ,

2) դասվարի հիմնավորված առաջարկության հիման վրա` Հաստատության մանկավարժական խորհրդի որոշմամբ և ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) գրավոր համաձայնությամբ:

3. 2-րդ, 3-րդ, 5-8-րդ, 10-րդ, 11-րդ դասարանների ուսումնական բոլոր առարկաներից տարեկան 4-10 միավոր գնահատված սովորողը փոխադրվում է հաջորդ դասարան:

4. Առանձին գործող ավագ դպրոցների 10-րդ և 11-րդ դասարաններում Հաստատության կանոնադրությամբ սահմանված փոխադրական քննություններն անցկացվում են ուսումնական պարապմունքների ավարտից հետո` գրավոր և/կամ բանավոր` ըստ Հաստատության հայեցողության: Քննական առաջադրանքները մշակվում են Հաստատության մեթոդական միավորումների կողմից.

1) գրավոր քննությունները գնահատվում են 20 միավորային համակարգում.

2) բանավոր քննությունները գնահատվում են 10 միավորային համակարգում.

3) 8-20 (բանավորի դեպքում` 4-10) միավոր գնահատված սովորողը փոխադրվում է հաջորդ դասարան.

4) 1-7 (բանավորի դեպքում` 1-3) միավոր գնահատված սովորողը վերաքննություններ է հանձնում օգոստոսի 20-30-ն ընկած ժամանակահատվածում:

5. 4-րդ դասարանի (հանրակրթական հիմնական ծրագրերի 1-ին աստիճանի ավարտական դասարան) բոլոր ուսումնական առարկաներից տարեկան և «Մայրենի» և «Մաթեմատիկա» առարկաների գիտելիքների ստուգումից 4-10 միավոր գնահատված սովորողը ստանում է հավաստագիր` հաստատված ուսումնական հաստատության կողմից և փոխադրվում է հաջորդ դասարան: Հավաստագիրը ներառում է գիտելիքների ստուգման բոլոր գնահատականները և սովորողի 4-րդ դասարանի տարեկան գնահատականները:

6. 9-րդ դասարանի (հանրակրթական հիմնական ծրագրերի 2-րդ աստիճանի ավարտական դասարան) բոլոր ուսումնական առարկաներից տարեկան` 4-10 միավոր և ավարտական քննություններից` 8-20 միավոր գնահատված սովորողը ստանում է հիմնական կրթության վկայական:

7. 9-րդ դասարանում անցկացվում են ավարտական քննություններ` «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»), «Օտար լեզու» («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն» և այլ լեզուներ), «Հայոց պատմություն», «Ռուսաց լեզու» (ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար), «Ֆիզկուլտուրա» առարկաներից:

8. 12-րդ դասարանում (ուսումնական հաստատության հանրակրթական հիմնական ծրագրերի 3-րդ աստիճանի ավարտական դասարան) ուսումնական բոլոր առարկաներից տարեկան` 4-10 և պետական ավարտական քննություններից` 8-20 միավոր, ինչպես նաև «Ֆիզկուլտուրա» և ռուսերենով ուսուցմամբ դասարաններում «Ռուս գրականություն» առարկաների պետական ավարտական քննություններից` 4-10 միավոր գնահատված շրջանավարտը ստանում է միջնակարգ կրթության ատեստատ:

9. 12-րդ դասարանում անցկացվում են պետական ավարտական քննություններ` «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»), «Օտար լեզու» («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն» և այլ լեզուներ), «Հայոց պատմություն», «Ռուս գրականություն» (ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար), «Ֆիզկուլտուրա» առարկաներից:

10. Հաստատությունում որևէ առարկա չդասավանդվելու պատճառով տվյալ առարկայից գնահատական չունեցող սովորողն իր ցանկությամբ այդ առարկայից կարող է քննություն հանձնել էքստեռն կարգով: Այդ քննության արդյունքը հիմք է միջնակարգ կրթության ատեստատում տարեկան, իսկ քննական առարկայի դեպքում` քննական և տարեկան գնահատականներ նշանակելու համար:

11. 2-րդ, 3-րդ, 5-8-րդ, 10-րդ, 11-րդ դասարաններում մինչև երկու առարկաներից տարեկան 1-3 միավոր գնահատված սովորողի փոխադրման կամ ավարտման հարցը որոշվում է օգոստոսի 20-30-ն ընկած ժամանակահատվածում, նրա հանձնած վերաքննությունների արդյունքներով: Վերաքննությունների առաջադրանքները մշակվում են Հաստատության համապատասխան մեթոդմիավորման կողմից:

12. 2-րդ, 3-րդ, 5-8-րդ և 10-րդ դասարաններում վերաքննության արդյունքում մեկ կամ երկու առարկայից 1-3 միավոր գնահատված սովորողը`

1) չի փոխադրվում հաջորդ դասարան և կրկնում է դասընթացը կամ

2) ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա փոխադրվում է հաջորդ դասարան` պայմանով, որ մինչև հաջորդ ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը պետք է հանձնի 1-3 միավոր գնահատված առնվազն մեկ առարկայի քննությունը, իսկ երկրորդը` տվյալ ուսումնական տարվա օգոստոսի 20-30-ն ընկած ժամանակահատվածում:

13. 12-րդ կետում նշված վերաքննությունները չհանձնելու դեպքում սովորողը կրկնում է սույն կետում նշված պայմանով փոխադրված դասարանի դասընթացը` անկախ տվյալ դասարանում ստացած գնահատականներից:

14. 11-րդ դասարանում վերաքննության արդյունքում մեկ կամ երկու առարկայից 1-3 միավոր գնահատված սովորողը`

1) չի փոխադրվում հաջորդ դասարան և կրկնում է դասընթացը կամ

2) ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա փոխադրվում է հաջորդ դասարան` պայմանով, որ մինչև հաջորդ ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը պետք է հանձնի երկու առարկաների վերաքննությունները:

15. 2-րդ, 3-րդ, 5-8-րդ, 10-րդ, 11-րդ դասարանների ուսումնական երեք և ավելի առարկաներից տարեկան 1-3 միավոր գնահատված սովորողները կրկնում են տվյալ ուսումնական տարվա դասընթացը:

16. 4-րդ դասարանի` 1-3 ուսումնական առարկաներից տարեկան և (կամ) գիտելիքների ստուգումից 1-3 միավոր գնահատված սովորողը հանձնում է վերաքննություն` օգոստոսի 20-30-ն ընկած ժամանակահատվածում` հաստատության մեթոդմիավորումների կազմած առաջադրանքների հիման վրա:

17. 4-րդ դասարանի սովորողը կրկնում է տվյալ ուսումնական տարվա դասընթացը, եթե`

1) երեք և ավելի ուսումնական առարկաներից տարեկան և (կամ) գիտելիքների ստուգումից գնահատվել է 1-3 միավոր,

2) վերաքննությունների արդյունքում առնվազն մեկ առարկայից ստացել է 1-3 միավոր:

18. 16 տարին չլրացած 9-րդ դասարանի և 19 տարին չլրացած 12-րդ դասարանի սովորողը կրկնում է տվյալ ուսումնական տարվա դասընթացը, եթե`

1) երեք և ավելի ուսումնական առարկաներից տարեկան 1-3 միավոր է գնահատվել,

2) ավարտական քննությունների ընթացքում 1-7 և տարեկան` 1-3 միավորների ընդհանուր թիվը կազմում է երեք և ավելի,

3) վերաքննությունները հանձնելուց հետո առնվազն մեկ ուսումնական առարկայից ստացել է 1-7 միավոր:

19. Սույն կարգի 12-րդ կետի 2-րդ, 14-րդ կետի 2-րդ ենթակետերի պայմաններով փոխադրվող սովորողի համար ուսուցում կազմակերպելու նպատակով Հաստատության տնօրենի հրամանով ստեղծվում է առարկայական մասնագիտական խումբ:

Հիմք ընդունելով մասնագիտական խմբի կարծիքը և առաջարկությունները` սովորողի փաստացի առարկայական գիտելիքների մասին, Հաստատության տնօրենը հաստատում է ուսումնական պլանով նախատեսված առարկաներից անհատական ուսուցման ծրագրեր և լրացուցիչ պարապմունքների ժամանակացույց:

20. Սովորողին ամառային առաջադրանք տալու կամ դասընթացը կրկնելու վերաբերյալ Հաստատության մանկավարժական խորհրդի որոշման մասին, տնօրենի հանձնարարությամբ, սովորողի ծնողին (օրինական ներկայացուցչին) տեղյակ է պահում դասղեկը` մանկավարժական խորհրդի նիստից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում` գրավոր ծանուցմամբ:

21. 9-րդ կամ 12-րդ դասարանի մինչև 19 տարեկան սովորողը, տարեկան 1-3 և (կամ) ավարտական քննություններից 1-7 միավոր գնահատված լինելու, քննության օրը չներկայանալու դեպքում (եթե դրանց ընդհանուր թիվը չի գերազանցում երեքը), վերաքննություն է հանձնում իր Հաստատությունում հուլիսի 2-8-ը և (կամ) օգոստոսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում` «Հայոց լեզու և հայ գրականություն», «Օտար լեզու», «Մաթեմատիկա», «Բնագիտություն» և «Հայոց պատմություն» առարկաներից` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գնահատման և թեստավորման կենտրոնի (այսուհետ` ԳԹԿ) կողմից կազմված քննական առաջադրանքներով, իսկ «Ֆիզկուլտուրա» առարկայի ավարտական քննությունից և ուսումնական պլանով նախատեսված մյուս առարկաներից` մեթոդմիավորումների կողմից մշակված քննական առաջադրանքներով:

22. Օդակաթիլային և աղիքային սուր վարակիչ հիվանդություններով հիվանդանալու և ոսկրամկանային համակարգի վնասվածքներ ստանալու պատճառով գիտելիքների ստուգմանը չներկայացած 4-րդ դասարանի սովորողը կարող է վերաքննություն հանձնել օգոստոսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում:

23. Օդակաթիլային և աղիքային սուր վարակիչ հիվանդություններով հիվանդանալու և ոսկրամկանային համակարգի վնասվածքներ ստանալու պատճառով 9-րդ և 12-րդ դասարանների` 3-ից ավելի ավարտական և պետական ավարտական քննությունների օրերին չներկայացած սովորողների վերաքննություններին մասնակցելու հարցը քննարկվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունում (այսուհետ` Նախարարություն):

24. Վերաքննություններին մասնակցության թույլտվության մասին դիմումը և բացակայությունները հիմնավորող փաստաթղթերը Հաստատության տնօրենը ներկայացնում է Նախարարություն:

25. 16-19 տարեկան 9-րդ դասարանի սովորողը ծնողի (կամ օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա կարող է թողնել Հաստատությունը, եթե`

1) երեք և ավելի ուսումնական առարկաներից տարեկան 1-3 միավոր է գնահատվել,

2) ավարտական քննությունների արդյունքում 1-7 և տարեկան` 1-3 միավորների ընդհանուր թիվը կազմում է երեք և ավելի ուսումնական առարկաներից,

3) վերաքննությունների արդյունքում առնվազն մեկ առարկայից ստացել է 1-7 միավոր:

26. 19 տարին լրացած` երեք և ավելի ուսումնական առարկաներից տարեկան 1-3 և (կամ) քննական 1-7 միավոր գնահատված 9-րդ և 12-րդ դասարանների սովորողը դուրս է մնում Հաստատությունից:

27. Սույն կարգի 12-րդ և 14-րդ կետերով նախատեսված քննությունները չհանձնելու դեպքում 12-րդ դասարանի, ինչպես նաև 16 տարին լրացած 9-րդ դասարանի այն սովորողները, որոնց տարեկան գնահատականները ամփոփվել են, ավարտական կամ պետական ավարտական քննություններից գնահատվել են 1-3 և (կամ) 1-7 միավոր կամ չեն մասնակցել ավարտական կամ պետական ավարտական քննություններին` կարող են հաջորդ տարի իրենց Հաստատությունում հանձնել քննություններ, ստանալ միջնակարգ կրթության ատեստատ կամ հիմնական կրթության վկայական:

28. 19 տարին լրացած 9-րդ և 12-րդ դասարանի արական սեռի սովորողները, քննաշրջանի ավարտից հետո տարեկան 1-3 և (կամ) քննական` 1-7 միավոր գնահատված լինելու դեպքում դուրս են մնում Հաստատությունից: Այդ սովորողները իրավունք ունեն քննություն(ներ) հանձնել և հիմնական կրթության վկայական կամ միջնակարգ կրթության ատեստատ ստանալ.

1) զորացրվելուց անմիջապես հետո իր ուսումնառած Հաստատությունում` ավարտական, պետական ավարտական քննությունների և (կամ) վերաքննությունների համար սահմանված ժամկետներում,

2) ընթացիկ տարվա ամառային զորակոչին զինվորական ծառայության մեկնածները` օգոստոսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում` զորամասի հրամանատարության համաձայնությամբ` իրենց ուսումնական Հաստատությունում,

3) ծառայության ընթացքում` զորամասի հրամանատարության համաձայնությամբ` իրենց ուսումնական հաստատությունում, ավարտական, պետական ավարտական քննությունների և (կամ) վերաքննությունների համար սահմանված ժամկետներում:

29. 19 տարին լրացած 9-րդ և 12-րդ դասարանի իգական սեռի, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված քաղաքացիներին իրավունք է վերապահվում հաջորդ տարի նույն Հաստատությունում հանձնել քննություններ այդ առարկաներից, իսկ նոր բնակավայր տեղափոխվելու դեպքում` այդ բնակավայրում գտնվող Հաստատություններից մեկում:

30. 12-րդ դասարանի սովորողի կողմից բնագիտական կամ օտար լեզուների առարկայախմբից որպես միասնական քննություն երկու առարկա ընտրելու դեպքում, միջնակարգ կրթության ատեստատում լրացվում է սովորողի նախընտրած առարկայի միասնական քննության ավարտական մասի գնահատականը:

31. Բնագիտական կամ օտար լեզուների առարկայախմբի 2 առարկաներից վերաքննություններ հանձնելու դեպքում միջնակարգ կրթության ատեստատում քննական գնահատականը լրացվում է սովորողի ընտրությամբ:

32. Սույն կարգի պահանջներին համապատասխան քննություն չհանձնած սովորողներին հետագայում իրավունք է վերապահվում ընդհանուր հիմունքներով հանձնել էքստեռն ավարտական քննություններ և ստանալ ավարտական փաստաթուղթ (վկայական կամ ատեստատ):

33. 2-8-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններում տարեկան 9-10, առանձին գործող ավագ դպրոցներում` նաև 10-րդ և 11-րդ դասարանների փոխադրական քննություններից 9-10 միավոր գնահատված սովորողը պարգևատրվում է Նախարարության գովասանագրով:

34. 8-րդ և 9-րդ դասարանի ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաներից տարեկան 9-10 և քննական 18-20 միավոր գնահատված սովորողը ստանում է «Գերազանցության» նշումով հիմնական կրթության վկայական: Որևէ առարկայից (բացի առողջության պատճառով «Ֆիզկուլտուրա», «Նախնական զինվորական պատրաստություն և անվտանգ կենսագործունեություն» առարկաներից ազատված լինելու դեպքերը) չգնահատված հիմնական դպրոցի սովորողը «Գերազանցության» նշումով հիմնական կրթության վկայական չի ստանում:

35. Ուսումնական առարկաներից տարեկան գնահատականներ նշանակում են դասավանդող ուսուցիչները` ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում` հաշվի առնելով սովորողի կիսամյակային գնահատականները:

36. «Ֆիզկուլտուրա», «Նախնական զինվորական պատրաստություն և անվտանգ կենսագործունեություն» առարկաների պարապմունքներից առողջական վիճակի պատճառով սովորողի ազատված լինելը, ինչպես նաև չդասավանդելու պատճառով որևէ առարկայից տարեկան գնահատական չունենալը չի ազդում նրա` հաջորդ դասարան փոխադրվելու կամ Հաստատությունն ավարտելու վրա:

 

Գ Լ ՈՒ Խ  II

(գլուխը խմբ. 05.05.16 N 400-Ն)

 

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲԱՑԱԿԱՅԱԾ ՍՈՎՈՐՈՂԻ՝ ՀԱՋՈՐԴ ԴԱՍԱՐԱՆ ԿԱՄ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՐԴ ԱՍՏԻՃԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ

(վերնագիրը խմբ. 22.09.15 N 804-Ն)

 

37. Սովորողի բացակայությունների հաշվառումն իրականացվում է ուսումնական տարվա ընթացքում և ամփոփվում է ուսումնական պարապմունքների ավարտից 15 օր առաջ:

38. Ուսումնական տարվա ընթացքում 120-200 ժամ դասերից բացակայած 2-12-րդ դասարանների սովորողների հաջորդ դասարան փոխադրվելու կամ Հաստատությունից դուրս մնալու հարցը քննարկվում է մանկավարժական խորհրդում` մինչև մայիսի 15-ը:

39. Հաստատության մանկավարժական խորհուրդը կազմում և տնօրենի հաստատմանն է ներկայացնում տեղեկանք` 2-12-րդ դասարանների սովորողների բացակայությունների քանակի, դրանց բնույթի վերաբերյալ:

40. 10-12-րդ դասարանների սովորողների բացակայությունների մասին տեղեկատվությունը Հաստատության տնօրենի կողմից ներկայացվում է Նախարարություն:

41. Որևէ կիսամյակում 2-12-րդ դասարաններում 120-200 ժամ բացակայության դեպքում սովորողի կիսամյակային գնահատականները չեն նշանակվում` անկախ ընթացիկ գնահատականների առկայությունից.

1) Տվյալ կիսամյակի կիսամյակային որոշվում են լրացուցիչ քննությունների և ամփոփիչ ստուգողական աշխատանքների միջոցով` սույն կարգի համաձայն:

Տարեկան գնահատականները որոշվում են երկու կիսամյակների գնահատականների հանրագումարների միջինացման արդյունքում:

2) Ուսումնական տարվա ընթացքում 2-12-րդ դասարաններում 120-200 ժամ բացակայության դեպքում բոլոր առարկաների տարեկան գնահատականները որոշվում են լրացուցիչ քննությունների և ամփոփիչ ստուգողական աշխատանքների միջոցով` սույն կարգի համաձայն:

42. 2-12-րդ դասարաններում 120-200 ժամ բացակայության դեպքում սովորողները լրացուցիչ քննություններ հանձնում են «Հայոց լեզու և գրականություն» («Մայրենի») և «Մաթեմատիկա» («Հանրահաշիվ», «Երկրաչափություն») առարկաներից, ամփոփիչ ստուգողական աշխատանքներ` ուսումնական պլանով սահմանված մյուս առարկաներից:

43. 2-12-րդ դասարաններում 200 ժամից ավելի բացակայելու կամ սույն կարգով նախատեսված քննություններից և ամփոփիչ ստուգողական աշխատանքներից 1-3 միավոր գնահատված լինելու դեպքերում սովորողը կրկնում է դասընթացը, իսկ 9-րդ և 12-րդ դասարանների 19 տարին լրացած սովորողը դուրս է մնում ուսումնական հաստատությունից:

44. Բոլոր դասարանների քննական առաջադրանքները մշակվում են Հաստատության մեթոդմիավորումների կողմից` առնվազն 3 տարբերակով:

45. Հաստատության տնօրենը կազմում է սույն կետում նշված քննությունների ժամանակացույցը և տեղեկացնում Նախարարությանն ու լիազոր մարմնին: Քննություններին կարող են մասնակցել Նախարարության և (կամ) լիազոր մարմնի ներկայացուցիչը (ները):

46. Լրացուցիչ քննությունների և ամփոփիչ ստուգողական աշխատանքների հիման վրա նշանակվում են սովորողի տարեկան գնահատականները:

 

ԳԼՈՒԽ III

(գլուխը խմբ. 05.05.16 N 400-Ն)

 

ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

47. Հաստատությունների 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների սովորողների գիտելիքների ստուգումը, ավարտական և պետական ավարտական, այդ թվում` ուսման մեջ գերազանց առաջադիմության համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գերազանցության մեդալի (այսուհետ` Մեդալ) հավակնորդների քննությունների կազմակերպումն ու անցկացումն իրականացվում է սույն կարգի և ՀՀ կրթության և գիտության նախարարի` տվյալ ուսումնական տարվա համար հաստատած սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման ժամանակացույցի և աշխատակարգի համաձայն:

48. 4-րդ դասարանի սովորողները «Մաթեմատիկա» և «Մայրենի» առարկաներից տարեկան 1-3 միավոր գնահատված լինելու դեպքում չեն մասնակցում համապատասխանաբար` «Մաթեմատիկա» և «Մայրենի» ավարտական քննություններին և հանձնում են վերաքննություն` օգոստոսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում:

49. 9-րդ և 12-րդ դասարանների սովորողները, «Հանրահաշիվ», «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր» և (կամ) «Երկրաչափություն» առարկաներից տարեկան 1-3 միավոր ունենալու դեպքում, չեն մասնակցում 9-րդ դասարանում «Մաթեմատիկա» առարկայի ավարտական, 12-րդ դասարանում` պետական ավարտական քննություններին և հանձնում են վերաքննություն հուլիսի 2-8-ը և (կամ) օգոստոսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում:

Վերաքննությունների արդյունքները հիմք են հանդիսանում հիմնական կրթության վկայականում «Հանրահաշիվ», «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր» և (կամ) «Երկրաչափություն» առարկաներից տարեկան և «Մաթեմատիկա» առարկայից քննական և միջնակարգ կրթության ատեստատում «Հանրահաշիվ», «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր» և (կամ) «Երկրաչափություն» առարկաներից տարեկան և «Մաթեմատիկա» առարկայից քննական գնահատականներ նշանակելու համար:

50. 9-րդ և 12-րդ դասարանների սովորողները, «Հայոց լեզու» կամ «Գրականություն» («Հայ գրականություն») առարկաներից կամ երկուսից միաժամանակ տարեկան 1-3 միավոր ունենալու դեպքում, չեն մասնակցում 9-րդ դասարանում «Հայոց լեզու, գրականություն» առարկայի ավարտական, 12-րդ դասարանում` «Հայոց լեզու և հայ գրականություն» պետական ավարտական քննություններին և հանձնում են վերաքննություն հուլիսի 2-8-ը և (կամ) օգոստոսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում:

Վերաքննությունների արդյունքները հիմք են հանդիսանում հիմնական կրթության վկայականում «Հայոց լեզու», «Գրականություն» առարկաներից տարեկան և «Հայոց լեզու, գրականություն» առարկայից քննական և միջնակարգ կրթության ատեստատում` «Հայոց լեզու», «Հայ գրականություն» առարկաներից տարեկան և «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից քննական գնահատականներ նշանակելու համար:

51. Եթե 9-րդ կամ 12-րդ դասարանի սովորողը «Հայոց լեզու» առարկան ուսումնասիրել է վերջին երկու ուսումնական տարիներին, ապա հիմնական կրթության վկայականում կամ միջնակարգ կրթության ատեստատում այդ առարկայի համապատասխան տողում, սովորողի ցանկությամբ, կարող է գրվել` «չի ուսումնասիրել» բառերը: Սովորողն իր ցանկությամբ կարող է ազատվել 9-րդ դասարանում` «Հայոց լեզու, գրականություն» առարկայի ավարտական և 12-րդ դասարանում` «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի պետական ավարտական քննություններից: Այդ դեպքում ավարտական փաստաթղթի համապատասխան տողում գրվում է` «ազատված է»:

52. 51-րդ կետում նշված գրառումների բացակայության դեպքում սովորողը 9-րդ դասարանում մասնակցում է «Հայոց լեզու, գրականություն» առարկայի ավարտական, 12-րդ դասարանում` «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի պետական ավարտական քննություններին:

53. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք` մտավոր հետամնացություն ունեցող սովորողները ազատվում են գիտելիքների ստուգումից (4-րդ դասարան), ավարտական (9-րդ դասարան) և պետական ավարտական (12-րդ դասարան) քննություններից: Նրանց տրվում է հավաստագիր, պետական նմուշի ավարտական փաստաթուղթ (հիմնական կրթության վկայական և միջնակարգ կրթության ատեստատ)` առանց քննական գնահատականների:

 

Գ Լ ՈՒ Խ  IV

 

ՈՒՍՄԱՆ ՄԵՋ ԳԵՐԱԶԱՆՑ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

 

54. Մեդալի ներկայացվում է 9-րդ դասարանը հիմնական կրթության գերազանցության վկայականով ավարտած և 10-12-րդ դասարաններում բոլոր առարկաներից տարեկան, իսկ առանձին գործող ավագ դպրոցներում նաև 10-րդ և 11-րդ դասարանների փոխադրական քննություններից 9 կամ 10 միավոր գնահատված սովորողը:

55. Ուսումնական պլանով նախատեսված որևէ առարկայից չգնահատված սովորողը, որպես Մեդալի հավակնորդ, չի ներկայացվում, բացառությամբ հետևյալ դեպքերի.

1) առողջության պատճառով «Տեխնոլոգիա», «Ֆիզկուլտուրա», «Նախնական զինվորական պատրաստություն և անվտանգ կենսագործունեություն» առարկաներից ազատված լինելը,

2) առանձին գործող ավագ դպրոցների բնագիտամաթեմատիկական և արհեստագործական հոսքերում ուսումնառության երեք տարիների ընթացքում «Հայոց եկեղեցու պատմություն», «Համաշխարհային պատմություն» առարկաների` ուսումնական պլաններով չնախատեսված լինելը,

3) միջազգային պայմանագրի համաձայն` ուսումնառության ընթացքում մեկ անգամ, մեկ տարի արտերկրում ուսում ստացած և ՀՀ վերադարձած սովորողի կողմից առանձին առարկաներ չուսումնասիրելը,

4) դպրոցում համապատասխան մասնագետի բացակայության պատճառով որևէ առարկայի չուսումնասիրելը:

56. Մեդալի հավակնորդ սովորողների նախնական ցուցակները մինչև տվյալ ուսումնական տարվա մարտի 21-ը Հաստատությունները ներկայացնում են մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչություն (այսուհետ` Վարչություն), իսկ Նախարարության ենթակայության, ինչպես նաև ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների նախնական ցուցակները՝ Նախարարություն:

57. Մինչև մայիսի 1-ը Վարչությունները և Նախարարությունը Հաստատություններում ստուգում են ներկայացված փաստաթղթերի օրինականությունն ու հիմնավորվածությունը:

Մինչև մայիսի 10-ը Վարչությունները նախնական ցուցակները ներկայացնում են Նախարարություն: Ներկայացված Մեդալի հավակնորդների փաստաթղթերը Նախարարությունում կարող են կրկնակի ուսումնասիրվել:

58. Նախարարությունը, մինչև մայիսի 25-ը, մարզպետարաններ (Երևանի քաղաքապետարան) է ներկայացնում Մեդալի հավակնորդների վերջնական ցուցակները:

 

Գ Լ ՈՒ Խ  V

 

ՄԵԴԱԼԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄԸ

 

59. Մեդալի հավակնորդ բոլոր սովորողները (անկախ ուսումնական հաստատության ենթակայությունից և անկախ հաստատությունում ուսուցման լեզվից), այդ թվում` սույն կարգի 55-րդ կետի 1-4 ենթակետերի հիմքով քննություններին մասնակցող սովորողները, «Հայոց լեզու և հայ գրականություն» և (կամ) «Մաթեմատիկա» առարկաների պետական ավարտական քննությունները հանձնում են կենտրոնացված կարգով` մարզկենտրոններում (Երևան քաղաքում).

1) Մեդալի հավակնորդ այն շրջանավարտները, որոնց համար «Հայոց լեզու և հայ գրականություն» և (կամ) «Մաթեմատիկա» առարկաները համարվում են բուհական ընդունելության մրցութային քննություն, քննություն են հանձնում միասնական համակարգով (պետական ավարտական քննության միավորները հաշվարկվում են միասնական քննության ավարտական մասի գնահատականի հիման վրա):

60. «Հայոց լեզու և հայ գրականություն» և (կամ) «Մաթեմատիկա» առարկաները ոչ մրցութային լինելու դեպքում Մեդալի հավակնորդի համար հիմք է կենտրոնացված համակարգով հանձնված պետական քննական առարկայի գնահատականը:

61. Կենտրոնացված համակարգով հանձնվող «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Մաթեմատիկա» առարկաներից պետական ավարտական քննություններն անցկացվում են Նախարարության կողմից նախապես որոշված` մարզի (Երևան քաղաքի) որևէ Հաստատությունում` տվյալ քննությունների համար սահմանված օրերին:

Պետական ավարտական քննությունների նախապատրաստման համար պատասխանատու է Հաստատության տնօրենը: Քննությունների ընթացքը և աշխատանքների ստուգումը վերահսկում են Նախարարության ներկայացուցիչները:

62. «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Մաթեմատիկա» առարկաների քննական աշխատանքները ստուգվում են ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծված ստուգող հանձնաժողովի կողմից, քննության հաջորդ օրը ժամը 11.00-ից` ԳԹԿ-ի համակարգչային կայքում տեղադրված թեստերի ճիշտ պատասխանների հիման վրա: Ստուգող հանձնաժողովի նախագահը ի պաշտոնե Նախարարության ներկայացուցիչն է: Հանձնաժողովի անդամները չեն կարող լինել տվյալ առարկայի մասնագետներ: Քննական գրավոր աշխատանքները, մինչև դրանց ստուգման ավարտը, պահվում են քննական հանձնաժողովի նախագահի մոտ:

«Հայոց պատմություն», «Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» կամ «Աշխարհագրություն» առարկաներից` Մեդալի հավակնորդի ընտրությամբ), «Օտար լեզու» (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլ լեզուներ` Մեդալի հավակնորդի ընտրությամբ), «Ֆիզկուլտուրա» ավարտական պետական քննությունները Մեդալի հավակնորդը հանձնում է իր Հաստատությունում` նույն կարգով, ինչ կարգով մյուս շրջանավարտները: Նշված առարկաների քննությունների անցկացումը վերահսկվում է Նախարարության կողմից:

63. Մեդալի հավակնորդ սովորողի, ինչպես նաև Հաստատության մյուս սովորողների համար քննական առաջադրանքները բովանդակությամբ ու կառուցվածքով նույնն են:

64. Մինչև հունիսի 25-ը Հաստատությունը մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) Վարչություն է ներկայացնում տեղեկանք` Հաստատությունում մյուս չորս առարկաներից մեդալի հավակնորդ շրջանավարտի հանձնած պետական քննությունների արդյունքների մասին: Ստացված արդյունքները ընդհանրացվում են մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) Վարչությունում և մինչև հունիսի 28-ը ներկայացվում են Նախարարություն: Նախարարության ենթակայության Հաստատությունները սույն կետով նախատեսված տեղեկանքը նույն ժամկետում ներկայացնում են Նախարարություն:

65. Ավարտական քննություններից 20 միավորային համակարգում` 18, 19, 20 կամ 10 միավորային համակարգում` 9, 10 միավոր ստացած Մեդալի հավակնորդները պարգևատրվում են Մեդալով:

(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 20.07.12 N 728-Ն, խմբ., փոփ. 28.03.13 N 272-Ն, լրաց. 03.03.14 N 145-Ն, լրաց., խմբ. 08.05.14 N 491-Ն, 23.06.15 N 605-Ն, խմբ. 22.09.15 N 804-Ն, 05.05.16 N 400-Ն)