«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 փետրվարի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 10216065
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
16 փետրվարի 2016 թ. |
N 61-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ 386-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2014 թվականի նոյեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 386-Ն հրամանի հավելվածի (այսուհետ՝ Հավելված) 1-ին գլխի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Հիմնարկի հիմնական գործառույթն ազատազրկման ձևով պատժի կատարումը կամ կալանքի տակ պահելն է:»:
2. Հավելվածի III գլխի 1-ին կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) քրեական պատիժների կատարման կապակցությամբ դատարանների օրենքով սահմանված կարգով օրինական ուժի մեջ մտած դատավճիռները և որոշումները Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կատարելը, կալանավորված անձանց կալանքի տակ պահելը, ինչպես նաև` դատապարտյալների և կալանավորված անձանց փոխադրումներին աջակցելը.»:
3. Հավելվածի III գլխի 1-ին կետի 3-րդ և 5-րդ ենթակետերում «դատապարտյալների» բառերից հետո լրացնել «և կալանավորված անձանց» բառերը:
4. Հավելվածի III գլխի 2-րդ կետի 5-րդ, 6-րդ, 8-րդ և 14-րդ ենթակետերում «դատապարտյալների» բառերից հետո լրացնել «և կալանավորված անձանց» բառերը:
5. Հավելվածի III գլխի 2-րդ կետի 10-րդ ենթակետում «դատապարտյալներին» բառից հետո լրացնել «և կալանավորված անձանց» բառերը:
6. Հավելվածի III գլխի 2-րդ կետի 18-րդ ենթակետում «քաղաքացիների և դատապարտյալների» բառերը փոխարինել «քաղաքացիների, դատապարտյալների և կալանավորված անձանց» բառերով:
7. Հավելվածի IV գլխից հետո լրացնել նոր` IV.1 գլուխ հետևյալ բովանդակությամբ.
«IV.1 ՀԻՄՆԱՐԿԻ ՏԵՂԱՄԱՍԻ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
1. Հիմնարկի տեղամասի (այսուհետ` Տեղամաս) ղեկավարումն իրականացնում է տեղամասի պետը:
2. Հիմնարկի տեղամասի պետը գործում է Հիմնարկի պետի անմիջական ենթակայությամբ:
3. Հիմնարկի տեղամասի պետն իր առջև դրված խնդիրներն իրականացնում է` համագործակցելով Հիմնարկի կառուցվածքային ստորաբաժանումների հետ:
4. Հիմնարկի տեղամասի պետը`
1) համակարգում է Տեղամասում տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքները, միջոցներ է իրականացնում դրանց կատարելագործման ուղղությամբ.
2) միջոցներ է ձեռնարկում իր առջև դրված խնդիրների իրականացման գործընթացն ուսումնասիրելու ու վերլուծելու և բացահայտված թերությունները վերացնելու ուղղությամբ.
3) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա իրականացնում է ուսումնասիրություններ և, ըստ անհրաժեշտության, համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Հիմնարկի պետին` Տեղամասի գործունեությանն առնչվող օրենսդրության կատարելագործման կամ աշխատանքներում առկա թերությունները վերացնելու վերաբերյալ.
4) կազմում է Տեղամասի գործունեության աշխատանքային ծրագրեր, պատրաստում է կիսամյակային և տարեկան հաշվետվություններ և ներկայացնում Հիմնարկի պետին.
5) հետևում է Տեղամասում աշխատանքներ իրականացնող ստորաբաժանումների աշխատակիցների աշխատանքային կարգապահության` իրենց պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարման նկատմամբ` համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին և Հիմնարկի պետին ներկայացնելով առաջարկություններ.
6) Հիմնարկի պետի հրամանի հիման վրա անցկացնում է ծառայողական քննություններ կամ մասնակցում դրանց.
7) հսկողություն է իրականացնում Տեղամասում կալանավորված անձանց և դատապարտյալների օրվա կարգացուցակի պահպանման նկատմամբ.
8) Հիմնարկի համապատասխան ստորաբաժանումների միջոցով ապահովում է Տեղամասի շենք-շինությունների և տարածքի սանիտարահիգիենիկ մաքրությունը և ենթակառուցվածքների անխափան աշխատանքը.
9) համակարգում է Տեղամասում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալներին սննդամթերքով, հանդերձանքով, անձնական հիգիենայի և անկողնային պարագաներով ապահովելու աշխատանքները, անհրաժեշտության դեպքում առաջարկություններ է ներկայացնում Հիմնարկի պետին.
10) Տեղամասում պատիժ կրող դատապարտյալների վերաբերյալ բնութագրեր կազմելիս գրավոր կարծիք է ներկայացնում համապատասխան ստորաբաժանմանը.
11) Հիմնարկի պետին առաջարկություն է ներկայացնում Տեղամասում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալներին խրախուսելու կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին.
12) անհրաժեշտության դեպքում Տեղամասում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալներին ըստ խցերի կամ կացարանների տեղաբաշխման վերաբերյալ գրավոր առաջարկություն է (դիրքորոշում) ներկայացնում Հիմնարկի պետին՝
13) անհրաժեշտության դեպքում առաջարկություն է ներկայացնում Հիմնարկի պետին Տեղամասում խուզարկություններ և տեխնիկական ստուգումներ անցկացնելու վերաբերյալ, Հիմնարկի պետի հանձնարարությամբ մասնակցում է խուզարկություններին և տեխնիկական ստուգումներին.
14) հսկողություն է իրականացնում Տեղամասում իրականացվող մշակութային, մարզական, կրթական և այլ միջոցառումների իրականացման նկատմամբ, Հիմնարկի պետին ներկայացնում է առաջարկություններ՝ այդպիսիք կազմակերպելու անհրաժեշտության և նպատակահարմարության վերաբերյալ.
15) Հիմնարկի պետին ներկայացնում է առաջարկություն՝ տեղամասում պատիժ կրող դատապարտյալներին սոցիալական վերականգնման նպատակով կարճաժամկետ մեկնումներ տրամադրելու, տեխնիկատնտեսական աշխատանքներում ներգրավելու, ինչպես նաև կարճատև և երկարատև տեսակցություններ տրամադրելու վերաբերյալ, Հիմնարկի պետի հանձնարարությամբ, կամ Հիմնարկի այլ ստորաբաժանումների ղեկավարների հետ համագործակցության շրջանակներում կարծիք է ներկայացնում Տեղամասում պատիժ կրող դատապարտյալներին սոցիալական վերականգնման նպատակով կարճաժամկետ մեկնումներ տրամադրելու, տեխնիկատնտեսական աշխատանքներում ներգրավելու, ինչպես նաև կարճատև և երկարատև տեսակցություններ տրամադրելու նպատակահարմարության վերաբերյալ:
5. Տեղամասի պետը հաշվետու է Հիմնարկի պետին: Տեղամասի պետը պատասխանատվություն է կրում իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:»:
8. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. Հովհաննիսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|