Գլխավոր տեղեկություն
Տիպ
Խորհրդատվական եզրակացություն
Тип
Исходный акт (07.12.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Եվրասիական տնտեսական միության դատարան
Дата принятия
07.12.2018
Подписан
Նախագահող
Дата подписания
07.12.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

 

ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

7 դեկտեմբերի 2018 թվականի

 

քաղաք Մինսկ

 

Եվրասիական տնտեսական միության դատարանի մեծ կոլեգիան, հետևյալ կազմով՝

նախագահող դատավոր-զեկուցող՝ Ժ.Ն. Բաիշև,

դատավորներ՝ Ա.Մ. Աժիբրաիմովա, Է.Վ. Հայրիյան, Դ.Գ. Կոլոս, Տ.Ն. Նեշատաևա, Վ.Խ. Սեյտիմովա, Գ.Ա. Սկրիպկինա, Ա.Է. Թումանյան, Ա.Ա. Ֆեդորցով, Կ.Լ. Չայկա,

դատական նիստի քարտուղար` Ա.Յու. Զախարով,

ուսումնասիրելով գործի նյութերը, լսելով զեկուցող դատավորին,

ղեկավարվելով Եվրասիական տնտեսական միության դատարանի ստատուտի 46-րդ, 47-րդ, 50-րդ, 68-րդ, 69-րդ, 73-րդ, 96-րդ, 98-րդ կետերով, Եվրասիական տնտեսական միության դատարանի կանոնակարգի 72-րդ, 85-րդ հոդվածներով,

տրամադրում է հետևյալ խորհրդատվական եզրակացությունը՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի դրույթները պարզաբանելու մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի դիմումի վերաբերյալ։

 

I. Դիմողի հարցը

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (այսուհետ՝ դիմող, Հանձնաժողով) դիմել է Եվրասիական տնտեսական միության դատարան (այսուհետ՝ Դատարան)՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) դրույթները պարզաբանելու դիմումով։

Դիմողը նշում է, որ Պայմանագրի 1-ին հոդվածում ամրագրված է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում (այսուհետ՝ Միություն) աշխատուժի շարժի ազատության սկզբունքը։

Բացի այդ, Պայմանագրի 97-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ անդամ պետությունները չեն սահմանում և չեն կիրառում աշխատանքի ազգային շուկայի պաշտպանության նպատակով իրենց օրենսդրությամբ սահմանված սահմանափակումները՝ բացառությամբ անդամ պետությունների աշխատավորների կողմից իրականացվող աշխատանքային գործունեության, գործունեության տեսակի և գտնվելու տարածքի նկատմամբ Պայմանագրով և անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված սահմանափակումների, որոնք ուղղված են ազգային անվտանգության (այդ թվում՝ ռազմավարական նշանակություն ունեցող տնտեսության ճյուղերում) և հասարակական կարգի ապահովմանը։

Հանձնաժողովն ստացել է Ռուսաստանի Դաշնության պրոֆեսիոնալ սպորտային ակումբներում իրենց աշխատանքային գործունեությունն իրականացնելիս Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ հանդիսացող պրոֆեսիոնալ մարզիկների իրավունքների խախտման մասին Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի 2016 թվականի հունիսի 21-ի դիմումը։

Դիմումի հիման վրա՝ դիմողի կողմից իրականացվել են Միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում անդամ պետությունների կողմից պարտավորությունների կատարման մոնիթորինգ և հսկողություն՝ առանց աշխատանքի ազգային շուկայի պաշտպանությանն ուղղված սահմանափակումներ կիրառելու անդամ պետությունների քաղաքացիներ հանդիսացող պրոֆեսիոնալ մարզիկներին աշխատանքային գործունեության իրականացմանը ներգրավելու մասով։

Մոնիթորինգի արդյունքներով պարզվել է, որ անդամ պետություններում գոյություն ունեն անդամ պետությունների քաղաքացիներ հանդիսացող պրոֆեսիոնալ մարզիկների աշխատանքային գործունեության սահմանափակումներ։ Անդամ պետությունների օրենսդրության մեջ, պրոֆեսիոնալ մարզիկների քաղաքացիությունից կախված, ներառված են մարզական միջոցառումներում մասնակցության քանակական սահմանափակումներ, որոնք տարածվում են նաև անդամ պետությունների քաղաքացիների վրա։

«Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից պարտավորությունների կատարման մասին» Հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի մայիսի 11-ի թիվ 47 որոշմամբ (այսուհետ՝ Թիվ 47 որոշում) անդամ պետությունները ծանուցվել են Պայմանագրի 97-րդ հոդվածի 2-րդ կետի կատարման անհրաժեշտության մասին՝ աշխատանքի տեղավորման պետության ֆիզկուլտուրային-մարզական կազմակերպություններում (ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կազմակերպություններում) այլ անդամ պետությունների քաղաքացիներ հանդիսացող պրոֆեսիոնալ մարզիկների կողմից իրականացվող աշխատանքային գործունեության նկատմամբ։

Ի կատարումն Թիվ 47 որոշման 2-րդ կետի՝ անդամ պետությունների կառավարությունները Հանձնաժողովին տեղեկացրել են ձեռնարկված այն միջոցների մասին, որոնք ուղղված են անդամ պետությունների քաղաքացիներ հանդիսացող պրոֆեսիոնալ մարզիկների կողմից աշխատանքային գործունեության իրականացման սահմանափակումների վերացմանը։

Դրա հետ մեկտեղ, Ռուսաստանի Դաշնության կարծիքով, Սպորտի նախարարության օրենսդրական, ինչպես նաև ենթաօրենսդրական ակտերում նախատեսված լրացուցիչ պահանջները, Պայմանագրի 97-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, աշխատանքի ազգային շուկայի պաշտպանության նպատակով սահմանվող և կիրառվող սահմանափակումներ չեն, այլ ծառայում են պրոֆեսիոնալ սպորտի բնագավառում Ռուսաստանի Դաշնության պետական քաղաքականության իրագործման նպատակին և ուղղված են մարզիկներ պատրաստելու համար պայմանների ստեղծմանը։

Դիմողը կարծում է, որ անդամ պետությունները տարբեր դիրքորոշումներ ունեն անդամ պետությունների քաղաքացիներ հանդիսացող պրոֆեսիոնալ մարզիկների կողմից աշխատանքային գործունեություն իրականացնելու և ազգային մարզական միջոցառումներում մասնակցության մասով քանակական սահմանափակումներ սահմանելու հնարավորության մասին Պայմանագրի 97-րդ հոդվածի 2-րդ կետի մեկնաբանման և կիրառման վերաբերյալ։ Հանձնաժողովը նշում է, որ անդամ պետությունների քաղաքացիներ հանդիսացող պրոֆեսիոնալ մարզիկների իրավական կարգավիճակը փաստացիորեն չի տարբերվում երրորդ երկրների մարզիկների իրավական կարգավիճակից։

Նման մոտեցումը, դիմողի կարծիքով, ոչ ամբողջությամբ է համապատասխանում Պայմանագրի դրույթներին, որոնցով նախատեսվում են Միության շրջանակներում աշխատուժի շարժի ազատությունը և աշխատանքի ազգային շուկայի պաշտպանության մասով սահմանափակումներ չկիրառելը։

Այս կապակցությամբ Հանձնաժողովը խնդրում է Դատարանին պարզաբանել անդամ պետությունների քաղաքացիներ հանդիսացող պրոֆեսիոնալ մարզիկների կողմից աշխատանքային գործունեություն իրականացնելու և աշխատանքային գործունեություն իրականացնելու դեպքում անձանց այդ կատեգորիայի համար ազգային օրենսդրության մեջ քանակական սահմանափակումներ սահմանելու հնարավորության մասով Պայմանագրի 97-րդ հոդվածի 2-րդ կետի կիրառումը։

 

II. Ընթացակարգը Դատարանում

 

Եվրասիական տնտեսական միության Դատարանի ստատուտի 68-րդ կետի համաձայն (Պայմանագրի թիվ 2 հավելված, այսուհետ՝ Դատարանի ստատուտ)՝ պարզաբանման վերաբերյալ գործերի քննության կարգը սահմանվում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 101 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության դատարանի կանոնակարգով (այսուհետ՝ Դատարանի կանոնակարգ)։

Դատարանի ստատուտի 73-րդ կետով սահմանված է, որ Դատարանը պարզաբանման վերաբերյալ գործերը քննում է Դատարանի մեծ կոլեգիայի նիստերում։

Դատարանի կանոնակարգի 75-րդ հոդվածով սահմանված կարգով գործը քննության նախապատրաստելու շրջանակներում ուղարկվել են հարցումներ, և ստացվել են պատասխաններ Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի, Բելառուսի Հանրապետության գերագույն դատարանի, Ղազախստանի Հանրապետության գերագույն դատարանի, Ղրղզստանի Հանրապետության գերագույն դատարանի, Ռուսաստանի Դաշնության գերագույն դատարանի, Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանի քարտուղարության, Բելառուսի Հանրապետության արդարադատության նախարարության, Ղազախստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Ղրղզստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության, Բելառուսի Հանրապետության սպորտի և տուրիզմի նախարարության, Ղազախստանի Հանրապետության մշակույթի և սպորտի նախարարության, Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր երիտասարդության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հարցերով պետական գործակալության, Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարության, Բելառուսի պետական համալսարանի, Ղազախստանի Հանրապետության օրենսդրության ինստիտուտի, Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր օրենսդրության և համեմատական իրավագիտության ինստիտուտի, Կազանի (Պրիվոլժսկի) դաշնային համալսարանի, Ղազախստանի մենեջմենտի, էկոնոմիկայի և կանխատեսման ինստիտուտի, Օ.Ե.Կուտաֆինի անվան Մոսկվայի պետական իրավաբանական համալսարանի, Նովոսիբիրսկի պետական համալսարանի կողմից։

Դատարանի հարցումով Հանձնաժողովը գործով լրացուցիչ նյութեր է ներկայացրել։

 

III. Դատարանի եզրահանգումները

 

Ղեկավարվելով Դատարանի ստատուտի 50-րդ կետով՝ Դատարանի մեծ կոլեգիան Պայմանագրի դրույթները պարզաբանում է միմյանց միջև դրանց համակարգային փոխկապվածության մեջ՝ հիմք ընդունելով միջազգային իրավունքի՝ համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքներն ու նորմերը, հաշվի առնելով «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» 1969 թվականի մայիսի 23-ի Վիեննայի կոնվենցիայի (այսուհետ՝ Վիեննայի կոնվենցիա) 31-րդ հոդվածի 1-ին կետի դրույթները, որի համաձայն պայմանագիրը պետք է մեկնաբանվի բարեխղճորեն՝ համապատասխան սովորական նշանակությանը, որը պետք է տրվի պայմանագրի եզրույթներին՝ դրանց համատեքստում, ինչպես նաև պայմանագրի առարկայի և նպատակների լույսի ներքո։

1. Պայմանագրի 1-ին հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ Միության շրջանակներում ապահովվում են ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի շարժի ազատությունը, համակարգված, համաձայնեցված կամ միասնական քաղաքականության իրականացումը տնտեսության այն ճյուղերում, որոնք սահմանված են Պայմանագրով և Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով։

Պայմանագրի 2-րդ հոդվածի համաձայն՝ «ընդհանուր (միասնական) շուկան» Միության շրջանակներում ծավալվող տնտեսական հարաբերությունների ամբողջությունն է, որոնց դեպքում ապահովվում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի ազատությունը։

Պայմանագրի 4-րդ հոդվածում ամրագրված է Միության շրջանակներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատանքային ռեսուրսների միասնական շուկա ձևավորելու ձգտումը՝ որպես Միության հիմնական նպատակներից մեկը։

Պայմանագրի 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված է, որ Միությունը ձեռնարկում է միջոցներ՝ ներքին շուկայի գործունեությունը Պայմանագրի դրույթներին համապատասխան ապահովելու ուղղությամբ։ Ներքին շուկան ընդգրկում է տնտեսական տարածքը, որտեղ Պայմանագրի դրույթների համաձայն ապահովվում է ապրանքների, անձանց, ծառայությունների և կապիտալների ազատ տեղաշարժը։

Պայմանագրի նշված նորմերի համակարգային մեկնաբանումը թույլ է տալիս գալ այն եզրահանգմանը, որ անձանց ազատ տեղաշարժը ներքին շուկայի գործունեության տարրերից մեկն է։

Ինչպես հետևում է Պայմանագրի կառուցվածքից, XXVI բաժինը՝ «Աշխատանքային միգրացիան», դասվում է Պայմանագրի երրորդ մասին՝ «Միասնական տնտեսական տարածքը»։

Պայմանագրի տվյալ բաժնի 96-րդ հոդվածին համապատասխան՝ անդամ պետությունները համագործակցում են Միության շրջանակներում աշխատանքային միգրացիայի կարգավորման ոլորտում քաղաքականությունը համաձայնեցնելու, ինչպես նաև անդամ պետություններում աշխատանքային գործունեություն իրականացնելու համար անդամ պետությունների աշխատավորների կազմակերպված հավաքագրման և ներգրավման հարցում աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ։

2. Պրոֆեսիոնալ սպորտի բնագավառում գործունեության կանոնակարգմանը բնորոշ է պետական իրավական կարգավորման ու ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կազմակերպությունների կողմից ինքնակարգավորման համադրությունը։ Ըստ որում, անդամ պետությունները ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կազմակերպությունների համար սահմանում են պրոֆեսիոնալ մարզիկների աշխատանքի կարգավորման սահմաններ՝ դրանք սահմանափակելով իրավական շրջանակներով և պրոֆեսիոնալ սպորտի բնագավառում ծագած աշխատանքային վեճերն ազգային դատարաններում լուծելու հնարավորություն ընձեռելով։

Պայմանագրի 97-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված է, որ անդամ պետության գործատուները և (կամ) աշխատանքների (ծառայությունների) պատվիրատուներն իրավունք ունեն անդամ պետությունների աշխատավորներին ներգրավելու աշխատանքային գործունեության իրականացմանը՝ առանց հաշվի առնելու աշխատանքի ազգային շուկայի պաշտպանության մասով առկա սահմանափակումները։ Անդամ պետությունների աշխատավորներից չի պահանջվում ստանալ աշխատանքի տեղավորման պետությունում աշխատանքային գործունեություն իրականացնելու թույլտվություն։

Պայմանագրի 97-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ անդամ պետությունները չեն սահմանում և չեն կիրառում աշխատանքի ազգային շուկայի պաշտպանության նպատակով իրենց օրենսդրությամբ սահմանված սահմանափակումները՝ բացառությամբ անդամ պետությունների աշխատավորների կողմից իրականացվող աշխատանքային գործունեության, գործունեության տեսակի և գտնվելու տարածքի նկատմամբ Պայմանագրով և անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված սահմանափակումների, որոնք ուղղված են ազգային անվտանգության (այդ թվում՝ ռազմավարական նշանակություն ունեցող՝ տնտեսության ճյուղերում) և հասարակական կարգի ապահովմանը։

Պայմանագրի 97-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի փոխկապակցված ընթերցումը վկայում է, որ դրանցում ներառված իրավական նորմերը հասցեագրված են Միության անդամ պետություններին, անդամ պետությունների գործատուներին, աշխատանքների (ծառայությունների) պատվիրատուներին և աշխատավորներին։

Պայմանագրի 97-րդ հոդվածի 1-ին կետի առաջին նախադասությամբ սահմանվում է գործատուի և աշխատանքների (ծառայությունների) պատվիրատուի իրավունքը՝ անդամ պետությունների աշխատավորներին ներգրավելու աշխատանքային գործունեության իրականացմանը՝ առանց հաշվի առնելու աշխատանքի ազգային շուկայի պաշտպանության մասով առկա սահմանափակումները։

Պայմանագրի 97-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ նախադասության պարզաբանումը վկայում է, որ անդամ պետություններն իրավունք չունեն անդամ պետությունների աշխատավորներից պահանջել աշխատանքային գործունեություն իրականացնելու թույլտվության ստացում։

Պայմանագրի 97-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով անդամ պետություններն ստանձնել են պարտավորություն՝ չսահմանելու սահմանափակումներ՝ աշխատանքի ազգային շուկայի պաշտպանության նպատակով, իսկ եթե այդպիսի սահմանափակումներ սահմանված են, ապա դրանք չկիրառել անդամ պետությունների աշխատավորների նկատմամբ՝ բացառությամբ այն սահմանափակումների, որոնք Պայմանագրով և անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված են ազգային անվտանգության և հասարակական կարգի ապահովման նպատակով։

Պայմանագրի 97-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համակարգային մեկնաբանությունից հետևում է, որ անդամ պետությունների աշխատավորների նկատմամբ չեն կիրառվում աշխատանքի ազգային շուկայի պաշտպանության նպատակով սահմանված սահմանափակումները (սահմանաքանակները, քվոտաները)։

Այն փաստը, որ Պայմանագրի 97-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի ձևակերպումներով անդամ պետությունների գործատուներին, աշխատանքների (ծառայությունների) պատվիրատուներին և աշխատավորներին շնորհվում են իրավունքներ, ինչպես նաև այն, որ այդ ձևակերպումները բավականին հստակ և պարզ են, ազգային օրենսդրության մեջ կիրարկում չեն պահանջում, թույլ է տալիս արձանագրել դրանց մեջ ուղղակի գործողության և անմիջական կիրառության հատկանիշների առկայությունը։

3. Դատարանի մեծ կոլեգիան կարծում է, որ դիմողի ներկայացրած հարցադրմանը պատասխանելու համար հարկ է պարզել՝ արդյոք պրոֆեսիոնալ մարզիկների գործունեությունը համապատասխանում է աշխատանքային գործունեության հասկացությանը։

Պայմանագրի 96-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ «անդամ պետության աշխատավորը» անդամ պետության քաղաքացի հանդիսացող անձն է, որն օրինական հիմքով գտնվում և օրինական հիմքով աշխատանքային գործունեություն է իրականացնում աշխատանքի տեղավորման պետության տարածքում, սակայն այդ պետության քաղաքացին չէ և այդ պետությունում մշտական բնակություն չի հաստատել։

«Աշխատանքային գործունեություն» ասելով պետք է հասկանալ աշխատանքային պայմանագրի հիման վրա իրականացվող գործունեություն կամ քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) հետ կապված գործունեություն, որն իրականացվում է աշխատանքի տեղավորման պետության տարածքում՝ տվյալ պետության օրենսդրությանը համապատասխան։

Դիտարկվող հարցի առնչությամբ շարադրվածը հաշվի առնելով՝ անկախ այն կարգավիճակից, որ պրոֆեսիոնալ մարզիկներն ունեն Միության անդամ պետություններից յուրաքանչյուրի օրենսդրության համաձայն, նրանք Միության իրավունքի իմաստով համարվում են աշխատավորներ, Միության շրջանակներում ունեն միասնական կարգավիճակ և օգտվում են Պայմանագրով տրամադրված իրավունքներից և օրինական շահերից։

Անդամ պետության աշխատավորը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին՝

ա) ունենա անդամ պետություններից որևէ մեկի քաղաքացիություն,

բ) օրինական հիմքով գտնվի աշխատանքի տեղավորման պետության տարածքում,

գ) օրինական հիմքով աշխատանքի տեղավորման անդամ պետության տարածքում, աշխատանքային պայմանագրի կամ քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա, իրականացնի աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման հետ կապված գործունեություն,

դ) աշխատանքի տեղավորման պետության քաղաքացի չլինի,

ե) իր գործունեության իրականացման համար ստանա վարձատրություն։

Միության անդամ պետությունների օրենսդրության դրույթների ուժով պրոֆեսիոնալ մարզիկների գործունեությունը կարգավորվում է աշխատանքային և քաղաքացիական իրավունքի նորմերով, ինչպես նաև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջազգային և ազգային կազմակերպությունների ակտերով։

Միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվում է գործատուի (ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կազմակերպության) և աշխատողի (պրոֆեսիոնալ մարզիկի) միջև հարաբերությունների ծագման հնարավորությունը՝ աշխատանքային պայմանագրի («Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հուլիսի 10-ի թիվ ՀՕ-196 օրենքի 17-րդ հոդված, Ղրղզստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 397-րդ հոդված, Ռուսաստանի Դաշնության աշխատանքային օրենսգրքի 348.1-րդ հոդվածի 1-ին մաս), քաղաքացիաիրավական պայմանագրի («Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Ղազախստանի Հանրապետության 2014 թվականի հուլիսի 3-ի թիվ 228-Վ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետ), աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի («Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Բելառուսի Հանրապետության 2014 թվականի հունվարի 4-ի թիվ 125-Զ օրենքի 55-րդ հոդվածի 1-ին կետ) հիման վրա։ Ընդ որում, աշխատողի աշխատանքային գործառույթը, անկախ այն բանից, թե պայմանագրի որ տեսակի հիման վրա է նա իրականացնում իր գործունեությունը, սպորտի կոնկրետ տեսակի գծով սպորտային մրցումներին նախապատրաստվելն ու դրանց մասնակցելն է։

Շարադրվածը թույլ է տալիս գալ այն եզրահանգմանը, որ բոլոր անդամ պետություններում պրոֆեսիոնալ մարզիկների գործունեությունը համապատասխանում է աշխատանքային գործունեության հասկացությանը, և դրա վրա մարզիկի աշխատանքային գործառույթի իրականացման հետ կապված մասով տարածվում է Պայմանագրի 97-րդ հոդվածի 2-րդ կետի գործողությունը։

Պրոֆեսիոնալ մարզիկներն ու ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կազմակերպություններն անդամ պետություններում գործունեություն են իրականացնում աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա, ինչը, Պայմանագրի 96-րդ հոդվածի 5-րդ կետի տասներորդ պարբերության համաձայն, համապատասխանում է աշխատանքային գործունեության հասկացությանը։

Հաշվի առնելով շարադրվածը՝ Դատարանի մեծ կոլեգիան գալիս է այն եզրահանգմանը, որ Միության իրավունքի մեջ նշված պայմանները պահպանելու դեպքում պրոֆեսիոնալ մարզիկներն ունեն անդամ պետությունների աշխատավորների կարգավիճակ, իսկ նրանց գործունեությունը համարվում է աշխատանքային։

4. Պայմանագրի 97-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ սահմանափակումներն աշխատանքային միգրացիայի ոլորտում թույլատրելի չեն, սակայն անդամ պետությունների աշխատավորների կողմից իրականացվող աշխատանքային գործունեության, գործունեության տեսակի և գտնվելու տարածքի առնչությամբ Պայմանագրով և անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել միայն ազգային անվտանգության (այդ թվում՝ ռազմավարական նշանակություն ունեցող տնտեսության ճյուղերում) և հասարակական կարգի ապահովման նպատակով։

Պայմանագրի 97-րդ հոդվածի 2-րդ կետի բովանդակությունից հետևում է, որ արգելվում է երեք տեսակի սահմանափակումների սահմանումը կամ կիրառումը։

Առաջին հերթին արգելվում են իրականացվող աշխատանքային գործունեության մասով սահմանափակումները։ Դրանք այն սահմանափակումներն են, որոնք առնչվում են անդամ պետության աշխատավորների և գործատուի/աշխատանքների (ծառայությունների) պատվիրատուի միջև աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների առկայության դեպքում աշխատանքային գործառույթի իրականացման պայմաններին, օրինակ՝ աշխատանքի պայմանների, աշխատավարձի, մրցումներում հանդես գալու հնարավորության մասով։

Այն փաստը, որ տվյալ դրույթներն առնչվում են ոչ թե խաղացողների վարձակալությանը, ինչի վրա սահմանափակումներ դրված չեն, այլ պաշտոնական խաղերում նրանց ներկայացնելու ակումբի հնարավորությանը, նշանակություն չունի։ Քանի որ այդպիսի խաղերում մասնակցությունը պրոֆեսիոնալ խաղացողի գործունեության հիմնական նպատակն է, այդ մասնակցությունը սահմանափակող կանոնը նույնպես սահմանափակում է մարզիկի՝ աշխատանք ստանալու իրավունքը։

Երկրորդ՝ արգելքը վերաբերում է գործունեության տեսակին, այսինքն՝ այն սահմանափակումներին, որոնք դրվում են որոշակի մասնագիտության հասանելիության վրա։ Այդպիսի սահմանափակումների օրինակ է գործունեության որոշակի տեսակները համապատասխան պետության քաղաքացիներին վերապահելը, քվոտաներ, «քաղաքացիներ և ոչ քաղաքացիներ» համաչափ հարաբերակցություններ սահմանելը կամ աշխատանքային գործունեության որոշակի տեսակի հասանելիություն ունենալու համար քաղաքացի չհանդիսացող անձանց լրացուցիչ պահանջներ ներկայացնելը։

Պրոֆեսիոնալ ակումբներում, սպորտային մրցումներում հանդես եկող պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցության հնարավորության սահմանափակումներն իրականացվող աշխատանքային գործունեության (աշխատանքային գործառույթի իրականացման) սահմանափակումներ են։ Անդամ պետությունների օրենսդրության վերլուծությունը ցույց է տվել, որ սպորտային մրցումներում մասնակցությունը պրոֆեսիոնալ մարզիկի աշխատանքային գործառույթ է։ Տվյալ սահմանափակումը հետևանքներ է ունենում նաև օտարերկրյա մարզիկների համար աշխատանքի շուկայի հասանելիության վրա, քանի որ դրա պատճառով այլ անդամ պետություններից մարզիկների հետ աշխատանքային պայմանագրեր կնքելը սպորտային ակումբների համար դառնում է պակաս գրավիչ։ Համանման եզրահանգումների է եկել Եվրոպական միության դատարանը Union royale belge des societes de football association and Others v Bosman and Others (Case C-415/93) [Ֆուտբոլային ասոցիացիայի միավորումների Բելգիայի արքայական ֆուտբոլային միությունը և այլք ընդդեմ Բոսմանի և այլոց (Գործ թիվ C-415/93. այսուհետ՝ Բոսման)] և Igor Simutenkov v Ministerio de Educacion y Cultura and Real Federacion Espanola de Futbol (Case C-265/03) [Իգոր Սիմուտենկովն ընդդեմ Կրթության և մշակույթի նախարարության և Իսպանիայի արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի (Գործ թիվ C-265/03)] գործերով որոշումներում։

Երրորդ՝ արգելված են գտնվելու տարածքի մասով սահմանափակումները, այսինքն՝ աշխատանքի հասանելիության խոչընդոտները, որոնք պայմանավորված են որոշակի տեղանքում պարտադիր բնակությամբ։ Այդ պահանջները սահմանափակումներ են, քանի որ դրանք ակնհայտորեն ավելի հեշտությամբ կկատարեն համապատասխան պետության քաղաքացիները։ Փաստը, որ այդ պահանջը կարող է սահմանափակում լինել նաև սեփական բնակչության համար, կասկածի տակ չի դնում տվյալ եզրահանգումը։

Այսպիսով, Պայմանագրի նորմը տարածվում է ցանկացած սահմանափակման վրա, որն անդամ պետությունում սահմանվում կամ կիրառվում է աշխատանքի ազգային շուկայի պաշտպանության նպատակով, և որի նպատակը Միության այլ անդամ պետությունների քաղաքացիություն ունեցող աշխատողների հոսքն այդ շուկա արգելելը (սահմանափակելն) է։

5. Պայմանագրի 97-րդ հոդվածի 2-րդ կետով թույլատրվում է Պայմանագրով և անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանափակումներ սահմանելու հնարավորություն՝ «ազգային անվտանգության (այդ թվում՝ ռազմավարական նշանակություն ունեցող՝ տնտեսության ճյուղերում) և հասարակական կարգի ապահովման նպատակով»։ Եթե Պայմանագրի գործողությունը տարածվում է պետական միջոցների վրա, և դրանք անդամ պետությունների աշխատավորների կողմից իրականացվող աշխատանքային գործունեության, գործունեության տեսակի և գտնվելու տարածքի մասով սահմանափակումներ են, անհրաժեշտ է վերլուծել՝ արդյոք հասարակության շահերի պաշտպանության նպատակը կարող է արդարացնել նման սահմանափակումները։ Ընդ որում, սահմանափակումները կարող են պարունակել ինչպես ընդհանուր բնույթի միջոցներ, այնպես էլ կոնկրետ անձանց նկատմամբ անհատական միջոցներ, որոնք ձեռնարկվում են ազգային անվտանգության և հասարակական կարգի նկատառումներից ելնելով։ Անդամ պետություններն ունեն ազգային անվտանգության և հասարակական կարգի, ինչպես նաև ռազմավարական նշանակություն ունեցող՝ տնտեսության ճյուղերի միջոցներ սահմանելու հայեցողություն։ Դրա հետ մեկտեղ պետական միջոցները պետք է լինեն համաչափ, այսինքն՝ համապատասխանեն ազգային անվտանգության (այդ թվում՝ ռազմավարական նշանակություն ունեցող՝ տնտեսության ճյուղերում) և հասարակական կարգի ապահովման մասով դրված նպատակների ապահովմանը, և նախատեսեն միայն այն, ինչն անհրաժեշտ է դրանց ապահովման համար։

Համաչափության սկզբունքը կիրառվել է Եվրոպական միության դատարանի կողմից Bosman, Lehtonen and Castors Braine (Case C-176/96) [Բոսման, Լեհտոնեն և Կաստորս Բրեյն (Գործ թիվ C-176/96)] և Olympique Lyonnais (Case C-325/08) [Օլիմպիկ Լիոն (Գործ թիվ C-325/08)] գործերով։

Պայմանագրի 97-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթները թույլ չեն տալիս սահմանել և կիրառել անդամ պետությունների աշխատավորներ հանդիսացող պրոֆեսիոնալ մարզիկների աշխատանքային գործունեության սահմանափակումներ՝ ազգային օրենսդրության և ենթաօրենսդրական ակտերի մակարդակով, ինչպես նաև պրոֆեսիոնալ մարզիկների գործատուներ հանդիսացող՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կազմակերպություններին արգելում են կիրառել համապատասխան սահմանափակումներ՝ անկախ նրանից՝ արդյոք համապատասխան սահմանափակումները սահմանվել են օրենքներով կամ ենթաօրենսդրական ակտերով, թե ներդրվել են համապատասխան կազմակերպության տեղական ակտերով։

Դատարանի մեծ կոլեգիան գալիս է այն եզրահանգմանը, որ Միության անդամ պետությունների քաղաքացիներ հանդիսացող օտարերկրյա պրոֆեսիոնալ խաղացողների թիվը սահմանափակող կանոնն աշխատանքային գործունեության սահմանափակում է (կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում) կամ գործունեության տեսակի մասով սահմանափակում այնքանով, որքանով դա անմիջականորեն առնչվում է մրցումներին այդ խաղացողների մասնակցությանը, ինչպես նաև Միության անդամ պետությունների աշխատավորներ հանդիսացող պրոֆեսիոնալ մարզիկների հետ աշխատանքային պայմանագիր կնքելու հնարավորությանը։ Նման սահմանափակում սահմանելը կամ կիրառելն արգելված է Պայմանագրի 97-րդ հոդվածի 2-րդ կետով։

6. Դատարանի մեծ կոլեգիան կարծում է, որ պրոֆեսիոնալ մարզիկների գործունեության առնչությամբ անհրաժեշտ է տարանջատել այն նորմերը, որոնք կարգավորում են նրանց աշխատանքային գործունեությունը, նրանց կողմից իրենց աշխատանքային գործառույթի իրականացումն այն կանոններից, որոնք սահմանում են այս բնագավառի բացառապես մարզական բաղկացուցիչը։

Եթե սահմանափակումն առնչվում է պրոֆեսիոնալ մարզիկի աշխատանքային գործունեությանը, ապա նրա վրա տարածվում է Պայմանագրի 97-րդ հոդվածի 2-րդ կետի գործողությունը, իսկ եթե համապատասխան սահմանափակումը վերաբերում է միայն սպորտի բնագավառին, ապա Միության իրավունքի գործողությունը դրա վրա չի տարածվում։

Այն իրավաբանական անձանց (սպորտի տեսակների ֆեդերացիաների, ակումբների և այլն) պրոֆեսիոնալ մարզական գործունեությունը, որոնք մասնակցում են սպորտային մրցումներում, և որոնց նպատակը մարզական բարձր արդյունքների հասնելը և շահույթ ստանալն է, ունի Միության անդամ պետություններում իրավական կարգավորման առանձնահատկություններ։

Այն անդամ պետության քաղաքացիներ չհանդիսացող մարզիկների աշխատանքային հարաբերությունները, որի տարածքում իրականացվում է պրոֆեսիոնալ սպորտային գործունեությունը, կարգավորվում են տվյալ անդամ պետության աշխատանքային օրենսդրությամբ։ Դա ենթադրում է, որ աշխատանքի ազգային շուկայի պաշտպանության նպատակով նրանց նկատմամբ չեն կիրառվում սահմանափակումներ Պայմանագրի 97-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով։

Միության իրավունքում անդամ պետությունների աշխատավորների շարժի ազատությունն ապահովվում է նրանց երաշխիքներով և իրավունքներով։

Հաշվի առնելով շարադրվածը՝ Դատարանի մեծ կոլեգիան կարծում է, որ պրոֆեսիոնալ մարզիկների կողմից աշխատանքային գործառույթի իրականացման հետ կապված նորմերն ընկնում են Միության իրավունքի գործողության տակ։

«Սահմանափակումներ» հասկացությունը կարող է տարածվել այն միջոցների վրա, որոնք Միության անդամ պետությունների քաղաքացիների համար դժվարացնում կամ խոչընդոտում են այլ անդամ պետությունում աշխատանքային գործունեություն իրականացնելու նրանց իրավունքի իրացումը։

Համաչափության պահանջները պահպանելու նպատակով հարկավոր է պարզել՝ արդյոք սահմանափակումը համապատասխանում է դրված նպատակին հասնելուն և արդյոք նախատեսում է միայն այն, ինչն անհրաժեշտ է դրան հասնելու համար։

Պրոֆեսիոնալ ակումբներում հանդես եկող և ազգային սպորտային մրցումներին մասնակցելու հնարավորություն ունեցող պրոֆեսիոնալ մարզիկների թվի սահմանափակումներն անթույլատրելի են, քանի որ Միության այլ անդամ պետությունների քաղաքացիներ հանդիսացող մարզիկներին դնում են անհավասար պայմաններում այն պետության քաղաքացիներ հանդիսացող մարզիկների հետ համեմատությամբ, որտեղ իրականացվում է աշխատանքային գործունեությունը։

Դատարանի մեծ կոլեգիան ուշադրություն է հրավիրում անդամ պետությունների ազգային օրենսդրության մեջ անդամ պետության քաղաքացիության հատկանիշով աշխատանքային գործունեության սահմանափակումներ սահմանելու անթույլատրելիության վրա։

7. Դատարանի մեծ կոլեգիան նշում է, որ Պայմանագրով տրամադրված իրավասության շրջանակներում, առանց աշխատանքի ազգային շուկայի պաշտպանության մասով սահմանափակումները հաշվի առնելու, անդամ պետությունների քաղաքացիներ հանդիսացող պրոֆեսիոնալ մարզիկներին աշխատանքային գործունեության իրականացմանը ներգրավելու մասով Միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում անդամ պետությունների կողմից պարտավորությունների կատարման մոնիթորինգի հիման վրա Հանձնաժողովի կողմից ընդունվել է Թիվ 47 որոշումը։

Հանձնաժողովն անդամ պետություններին ծանուցել է այլ անդամ պետությունների քաղաքացիներ հանդիսացող պրոֆեսիոնալ մարզիկների կողմից աշխատանքի տեղավորման պետության ֆիզկուլտուրային-մարզական կազմակերպություններում (ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կազմակերպություններում) իրականացվող աշխատանքային գործունեության առնչությամբ Պայմանագրի 97-րդ հոդվածի 2-րդ կետի կատարման անհրաժեշտության մասին։

Թիվ 47 որոշման համաձայն՝ անդամ պետությունների կառավարությունները Հանձնաժողովին տեղեկացրել են անդամ պետությունների քաղաքացիներ հանդիսացող պրոֆեսիոնալ մարզիկների նկատմամբ ինչպես անդամ պետությունների օրենսդրության մակարդակով, այնպես էլ անդամ պետությունների ֆիզկուլտուրային-մարզական կազմակերպությունների (ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կազմակերպությունների) ակտերի մակարդակով սահմանված սահմանափակումների վերացմանն ուղղված՝ ձեռնարկված միջոցների մասին։

Պայմանագրի 6-րդ հոդվածի 1-ին կետի ուժով Հանձնաժողովի որոշումները կազմում են Միության իրավունքը։ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի (Պայմանագրի թիվ 1 հավելված) 13-րդ կետի համաձայն՝ Հանձնաժողովի որոշումները կրում են նորմատիվ-իրավական բնույթ, պարտադիր են անդամ պետությունների համար, մտնում են Միության իրավունքի մեջ և ենթակա են անդամ պետությունների տարածքներում անմիջական կիրառման։

Դատարանի ստատուտի 39-րդ կետի 1-ին ենթակետով այն անդամ պետությանը, որը համաձայն չէ Հանձնաժողովի որոշման հետ, տրվում է Պայմանագրին, Միության շրջանակներում միջազգային պայմանագրերին և (կամ) Միության մարմինների որոշումներին Հանձնաժողովի որոշման կամ դրա առանձին դրույթների համապատասխանությունն ստուգելու հարցով Դատարան դիմելու իրավունք։

Թվարկված իրավական նորմերի համակարգային մեկնաբանումը թույլ է տալիս գալ Հանձնաժողովի որոշումները կատարելու՝ անդամ պետությունների պարտավորության մասին եզրահանգմանը, իսկ դրանց հետ համաձայն չլինելու դեպքում՝ Միության իրավունքով սահմանված կարգով տվյալ որոշումները բողոքարկելու իրավունքի մասին եզրահանգմանը։ Հանձնաժողովի՝ օրինական ուժի մեջ մտած և սահմանված կարգով չվիճարկված որոշումները չկատարելը չի համաձայնեցվում Պայմանագրի հետ։

Պայմանագրի 3-րդ հոդվածին համապատասխան՝ անդամ պետությունները բարենպաստ պայմաններ են ստեղծում Միության կողմից իր գործառույթները կատարելու համար և ձեռնպահ են մնում այնպիսի միջոցներից, որոնք կարող են վտանգել Միության այն նպատակների ապահովումը, որոնց թվին Պայմանագրի 4-րդ հոդվածի ուժով դասվում է Միության շրջանակներում աշխատանքային ռեսուրսների միասնական շուկա ձևավորելու ձգտումը։

Վիեննայի կոնվենցիայի 26-րդ հոդվածի համաձայն՝ գործող ցանկացած պայմանագիր պարտադիր է դրա մասնակիցների համար և նրանց կողմից պետք է կատարվի բարեխղճորեն (pacta sunt servanda [«պայմանագրերը պետք է պահպանվեն»] սկզբունքը)։

Այս հանգամանքներում անդամ պետությունների աշխատավորներ հանդիսացող պրոֆեսիոնալ մարզիկների կողմից աշխատանքի տեղավորման պետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կազմակերպություններում իրականացվող աշխատանքային գործունեության առնչությամբ անդամ պետությունների կողմից Պայմանագրի 97-րդ հոդվածի 2-րդ կետը չկիրառելը խոչընդոտ է, որը կանխում է Միության շրջանակներում աշխատանքային ռեսուրսների միասնական շուկա ձևավորելու նպատակի ապահովումը։

Հաշվի առնելով շարադրվածը՝ Միության իրավունքի և ազգային օրենսդրության ակտերի հակասության դեպքում, այդ թվում՝ Պայմանագրի 97-րդ հոդվածի 2-րդ կետին չհամապատասխանող՝ պրոֆեսիոնալ մարզիկների աշխատանքային գործունեության սահմանափակումների կիրառման հարցով, անդամ պետություններին հարկավոր է առաջնորդվել Միության իրավունքի դրույթներով։

 

Եզրահանգումներ

 

Պայմանագրի 97-րդ հոդվածի 2-րդ կետն ուղղակի գործողության նորմ է և ենթակա է անմիջական կիրառման։

Չի թույլատրվում անդամ պետությունների օրենսդրության և ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կազմակերպությունների տեղական ակտերի մեջ սահմանել քանակական սահմանափակումներ, ինչպես նաև գործող քանակական սահմանափակումները կիրառել Միության անդամ պետությունների քաղաքացիներ հանդիսացող պրոֆեսիոնալ մարզիկների նկատմամբ՝ վերջիններիս կողմից իրականացվող աշխատանքային գործունեության, գործունեության տեսակի և գտնվելու տարածքի առնչությամբ։

 

IV. Եզրափակիչ դրույթներ

 

Սույն խորհրդատվական եզրակացության պատճենն ուղարկել դիմողին:

Խորհրդատվական եզրակացությունը տեղադրել Դատարանի պաշտոնական ինտերնետային կայքում։

 

Նախագահող դատավոր-զեկուցող`

Ժ.Ն. Բաիշև

Դատավորներ՝

Ա.Մ. Աժիբրաիմովա

 

Է.Վ. Հայրիյան

 

Դ.Գ. Կոլոս

 

Տ.Ն. Նեշատաևա

 

Վ.Խ. Սեյտիմովա

 

Գ.Ա. Սկրիպկինա

 

Ա.Է. Թումանյան

 

Ա.Ա. Ֆեդորցով

 

Կ.Լ. Չայկա