«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 հունվարի 2016 թ.
Պետական գրանցման թիվ --------
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ
ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
30 նոյեմբերի 2015 թ. |
N 1243-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՀԱՏՈՒԿ ԵՎ ԿԱՐԵՎՈՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման 1-ին հավելվածի 27-րդ կետի 4-րդ ենթակետը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1527-Ն որոշման 1-ին հավելվածի 15-րդ կետի 4-րդ ենթակետով.
Հրամայում եմ`
1. Սահմանել սեյսմիկ պաշտպանության բնագավառի հատուկ և կարևոր նշանակության օբյեկտները` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետին՝ սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման:
3. Հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հ. Մխիթարյանին:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. Երիցյան
Հավելված |
ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՀԱՏՈՒԿ ԵՎ ԿԱՐԵՎՈՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ
1. Հատուկ նշանակության օբյեկտները պետության բնականոն գործունեությունը և աղետների կառավարումն ապահովող օբյեկտներն են, որոնց գործունեության խափանումը կարող է հանգեցնել բնակչության և շրջակա միջավայրի համար անկանխատեսելի հետևանքների: Հատուկ նշանակության օբյեկտներն են`
1) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների շենքերն ու շինությունները.
2) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի շենքերն ու շինությունները.
3) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի շենքերն ու շինությունները.
4) հեռուստառադիոկենտրոնները և հեռուստաաշտարակները, կապի համակարգի շենքերն ու շինությունները.
5) դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերն ու շինությունները.
6) 200 և ավելի աշխատատեղով բանկերի ու 4 և ավելի դատավորներով դատարանների շենքերն ու շինությունները.
7) Հայկական ատոմային էլեկտրակայանը.
8) «Զվարթնոց», «Շիրակ» և «Ստեփանավան» օդանավակայանները.
9) Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը.
10) Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը.
11) ջրամբարներ, որոնց պատվարի բարձրությունը 15 և ավելի մետր է, ու ունեն մեկ մլն և ավելի խորանարդ մետր ծավալ, ինչպես նաև այն ջրամբարները, որոնք ամբարում են ավելի քան 3 մլն խորանարդ մետր ջուր ու ունեն 5 մետր և ավելի բարձրություն.
12) Որոտան-Արփա-Սևան հիդրոհամալիրը.
13) օբյեկտներ, որոնցում արտադրվում, օգտագործվում կամ պահպանվում են վտանգավոր նյութեր՝ 500 կգ և ավելի քանակով:
2. Կարևոր նշանակության օբյեկտները բնակչության բնականոն կենսագործունեությունն ապահովող օբյեկտներն են: Կարևոր նշանակության օբյեկտներն են`
1) 30 ՄՎտ և ավելի հզորությամբ հիդրոէլեկտրակայանների, ջերմային էլեկտրակայանների շենքերն ու շինությունները.
2) էներգետիկայի և ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքների շենքերն ու շինությունները.
3) տրանսպորտային օբյեկտները (կամուրջներ, ուղեանցեր, թունելներ, երկաթուղային կայարաններ` 3 և ավելի կառամատույցներով, ավտոկայաններ` 50000 և ավելի բնակիչ ունեցող քաղաքների համար, բազմահարկ վերգետնյա ավտոկանգառներ` 100 և ավելի ավտոմեքենայի համար, ստորգետնյա ավտոկանգառներ` 50 և ավելի ավտոմեքենայի համար).
4) 500 մ3 և ավելի ծավալով բարձր ճնշման գազատարների, գազապահեստների շենքերն ու շինությունները.
5) 500 մ3 և ավելի ծավալով օրվա կարգավորման ջրամբարները, մեկ և ավելի խորանարդ մ/վրկ ջրի թողունակություն ունեցող ջրանցքներն ու թունելները, ջրհավաք կառույցները (կապտաժներ), խմելու ջրի և կեղտաջրերի մաքրման կայանների, քաղաքների ջրամատակարարումն ապահովող պոմպակայանների շենքերն ու շինությունները, ջրային համակարգերը.
6) արդյունաբերության, ընդերքօգտագործման, ագրոարդյունաբերության և այլ արտադրական նշանակության շենքերն ու շինությունները, որտեղ միաժամանակ աշխատում են 250 և ավելի մարդ.
7) 25 տ/օր և ավելի արտադրողականությամբ ալրաղացների, 1000 կգ/օր և ավելի արտադրողականությամբ հացաթխման գործարանների շենքերն ու շինությունները.
8) նախադպրոցական, հանրակրթական, նախնական (արհեստագործական), միջին, բարձրագույն, հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր, ինչպես նաև լրացուցիչ կրթություն՝ այդ թվում արտադպրոցական դաստիարակություն և շարունակական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների, գիտական ու գիտահետազոտական հաստատությունների և ուսանողական հանրակացարանների շենքերն ու շինությունները.
9) թանգարանները, պատկերասրահները, ցուցահանդեսային շենքերը՝ 1000 մ2 և ավելի մակերեսով.
10) գրադարանները, արխիվները՝ մեկ մլն և ավելի պահպանման միավորով.
11) եկեղեցիները, վանական համալիրները.
12) 250 և ավելի նստատեղերով մշակույթի կենտրոնների, թատրոնների, կրկեսների, կինոթատրոնների շենքերն ու շինությունները.
13) 50 և ավելի մահճակալով պոլիկլինիկաների, առողջության պահպանման կենտրոնների, ամբուլատորիաների, հիվանդանոցների, ծննդատների ու հոսպիսների շենքերն ու շինությունները.
14) մանկատների, տարեցների և հաշմանդամների տուն-ինտերնատների շենքերն ու շինությունները՝ 250 և ավելի մահճակալով.
15) առողջարանների, հանգստի, զբոսաշրջության, հյուրանոցների, մոթելների շենքերն ու շինությունները՝ 250 և ավելի մահճակալով.
16) բազմաբնակարան բնակելի շենքերը (4 և ավելի հարկ).
17) մարզադաշտերը՝ 5000 և ավելի տեղով, ունիվերսալ մարզադահլիճները և փակ լողավազանները (ավազանի ջրի հայելու 25.0 x 50.0 մետր և ավելի չափերով)` 250 և ավելի տեղով.
18) առևտրի կենտրոնները, հանրախանութները և տոնավաճառները՝ 2000 մ2 և ավելի մակերեսով.
19) հանրային սննդի օբյեկտները` ռեստորաններ, սրճարաններ և այլն` 250 և ավելի տեղով: