«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 հոկտեմբերի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 11815420
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
11 սեպտեմբերի 2015 թ. |
N 624-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի թիվ 168-Ն որոշման 105-րդ կետը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի թիվ 503-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրության 14-րդ կետի 1-ին ենթակետով,
Հրամայում եմ`
1. Հաստատել գնումների բողոքարկման խորհրդի կազմում ընդգրկելու համար իրավասու մարմնի կողմից ներկայացված թեկնածուի՝ գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության իմացության գնահատման թեստավորման անցկացման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ժամանակավոր պաշտոնակատար |
Պ. Սաֆարյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ
1. Բողոքարկման խորհրդի (այսուհետ` խորհուրդ) կազմում իրավասու մարմնի կողմից ներկայացված թեկնածուն ընդգրկվում է գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության իմացությունը գնահատվելուց հետո, եթե վերջինս ունի բարձրագույն կրթություն և առնվազն 3 տարվա մասնագիտական գործունեության փորձ: Գնահատումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը (այսուհետ` Նախարարություն)` թեստավորման միջոցով: Թեստը կազմվում է գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերից:
2. Թեստավորումն անցկացվում է թեկնածությունը ներկայացվելու դիմումը Նախարարություն մուտքագրվելու օրվան հաջորդող տասներորդ աշխատանքային օրը: Թեստավորման օրվա, ժամի և վայրի մասին թեկնածուն ծանուցվում է թեստավորումից առնվազն քառասունութ ժամ առաջ:
3. Թեստավորումն անցկացվում է էլեկտրոնային եղանակով՝ համակարգչային ծրագրի միջոցով: Թեստում յուրաքանչյուր հարց ունի չորս ենթադրյալ պատասխան, որոնցից միայն մեկն է ճիշտ պատասխանը:
4. Թեստերը յուրաքանչյուր մասնակցի համար կազմվում են թեստավորման անցկացման օրը` դրա անցկացումից անմիջապես առաջ, համակարգչային ծրագրի միջոցով` պատահական ընտրության սկզբունքով, մասնակիցների և լիազոր մարմնի ներկայացուցչի ներկայությամբ:
5. Թեստավորումն անցկացնելու համար կազմվող թեստում ներառվում է 50 հարց: Թեստավորման տևողությունը սահմանվում է 75 րոպե:
6. Թեստավորման մասնակցի մուտքը քննասենյակ թույլատրվում է միայն անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում: Նախարարության ներկայացուցիչը ստուգում է մասնակցի ինքնությունը և վերջինիս անձնական տվյալների հավաստիության դեպքում թույլատրում մասնակցել քննությանը: Մասնակիցներին թույլատրվում է մուտք գործել թեստավորման սենյակ թեստավորման մեկնարկից առնվազն 10 րոպե առաջ, իսկ թեստավորմանը նշված ժամկետից ուշ ներկայացած մասնակցին արգելվում է մուտք գործել թեստավորման սենյակ: Մասնակցին չի թույլատրվում թեստավորման ընթացքում երկխոսության մեջ մտնել մյուս մասնակիցների հետ, օգտվել այլ համակարգչից` բացառությամբ թեստի համար նախատեսվածից, հեռահաղորդակցության միջոցներից, իրավական ակտերից և այլ փաստաթղթերից, մասնագիտական գրականությունից, տեղեկատուներից, ծածկաթերթիկներից, ինչպես նաև դուրս գալ թեստավորման սենյակից:
7. Սույն կարգի 6-րդ կետի պահանջներից որևէ մեկի խախտման դեպքում թեստավորման մասնակիցը հանձնաժողովի կողմից դուրս է հրավիրվում թեստավորման սենյակից, ինչի մասին կազմվում է արձանագրություն, որի պատճենը, մասնակցի ցանկությամբ, անհապաղ տրվում է իրեն: Այս դեպքում թեստավորման մասնակցի աշխատանքը ճանաչվում է անվավեր և գնահատվում է 0 միավոր:
8. Թեստավորման անցկացման համար սահմանված ժամանակը լրանալուն պես Նախարարության ներկայացուցիչը հայտարարում է սահմանված ժամանակն ավարտված լինելու մասին, որից հետո թեստավորման մասնակիցը դադարեցնում է թեստի լրացումը:
9. Համակարգչային ծրագիրը թեստի յուրաքանչյուր հարցի ճիշտ պատասխանը գնահատում է 1, իսկ սխալ պատասխանը՝ 0 միավոր: Սխալ պատասխաններ են համարվում ոչ ճիշտ պատասխան նշելը, մեկից ավելի պատասխան նշելը և որևէ պատասխան չնշելը:
10. Թեստավորումը հաղթահարելու համար թեստավորման մասնակիցը պետք է ստանա առնվազն 35 միավոր:
11. Թեստավորման արդյունքները հրապարակվում են թեստն անցկացնելու օրը:
12. Թեստավորման արդյունքների բողոքարկման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
13. Թեստավորումը հաջողությամբ հանձնած մասնակիցները թեստավորման արդյունքները հրապարակվելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում ներառվում են գնումների բողոքարկման խորհրդի անդամների ցուցակում:
14. Թեստավորումը հաջողությամբ չհանձնած, թեստավորմանը չներկայացած, ինչպես նաև սույն կարգի 7-րդ կետում նշված դեպքերում թեստավորման մասնակիցը ընդհանուր հիմունքներով նորից կարող է մասնակցել թեստավորմանը՝ վերջինիս թեկնածությունը իրավասու մարմնի կողմից կրկին ներկայացվելու դեպքում:
15. Թեստավորման արդյունքները պահպանվում են հինգ տարի, որից հետո դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնվում են արխիվ: