Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-66
Տիպ
Որոշում
Тип
Инкорпорация (06.10.1997-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՍԴՏ 1998/2
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
06.10.1997
Подписан
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Дата подписания
06.10.1997
Дата вступления в силу
06.10.1997

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

6 հոկտեմբերի 1997 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, կազմով` սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Ա. Դարբինյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հունաստանի ազգային բանկի և Հայաստանի Հանրապետության միջև վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան` նշված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու համար:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Մ. Սևյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ա. Դարբինյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Համաձայնագիրն ստորագրվել է Աթենքում` 1997 թվականի հունիսի 17-ին:

Համաձայնագրով նախատեսվում է Հունաստանի ազգային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը 1997 թվականի հուլիսի 1-ից երեք միլիոն ԱՄՆ-ի դոլարի չափով վարկի տրամադրում` յոթ տարի ժամկետով: Վարկի տրամադրումը հնարավորություն կընձեռի Հայաստանի Հանրապետությանը (վարկառուին) կատարել իր պարտավորությունները և վճարել Հունաստանի Սալոնիկ քաղաքում հիմնված Սևծովյան առևտրի և զարգացման բանկի հաստատած նախնական բաժնետիրական կապիտալի իր անդամավճարը:

Համաձայնագրում և համաձայնագրի բաղկացուցիչ մասը կազմող «Ա» հավելվածում սահմանված են վարկի գումարը մարելու, տոկոսավճարը հաշվարկելու կարգն ու ժամկետները, վարկի տրամադրման նախապայմանները և Կողմերի իրավունքներն ու պարտավորությունները կանոնակարգող դրույթները:

Համաձայնագրի և գործում առկա մյուս փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ համաձայնագրով ստանձնված պարտավորությունները բխում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9 հոդվածի պահանջներից և խթանում են Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հունաստանի ազգային բանկի և Հայաստանի Հանրապետության միջև վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի
նախագահի տեղակալ

Վ. Հովհաննիսյան


6 հոկտեմբերի 1997 թվականի
ՍԴՈ-66

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան