Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 8-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (02.07.2015-29.07.2020)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2012.06.15/16(429) Հոդ.182
Принят
Կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ
Дата принятия
18.05.2012
Подписан
Կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ
Дата подписания
18.05.2012
Дата вступления в силу
25.06.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.01.2024

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

1 հունիսի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 11212232

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

18 մայիսի 2012 թ.

ք. Երևան

թիվ 8-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 7-րդ մասի առաջին պարբերության, ինչպես նաև ոստիկանության ուսումնական հաստատությունում ընդունելության գործընթացը կազմակերպելու և իրականացնելու նպատակով.

 

Հրամայում եմ`

 

1. Սահմանել ոստիկանության ուսումնական հաստատությունում դիմորդների ընդունելության կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:

 

Գեներալ-լեյտենանտ

Վ. Գասպարյան

 

 

Հավելված

ՀՀ ոստիկանության պետի

18 մայիսի 2012 թ.

թիվ 8-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ՝ ոստիկանություն) ուսումնական հաստատության՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիրի (այսուհետ՝ կրթահամալիր)՝ նախնական մասնագիտական կրթական ծրագրով ուսուցում իրականացնող ուսումնական կենտրոնի (այսուհետ՝ ուսումնական կենտրոն), միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսուցում իրականացնող քոլեջի (այսուհետ՝ քոլեջ) և բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերով ուսուցում իրականացնող ակադեմիայի (այսուհետ՝ ակադեմիա) դիմորդների ընդունելության կարգը:

2. Կրթահամալիր կարող են դիմել «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և 55-րդ հոդվածների պահանջներին համապատասխանող անձինք:

3. Տվյալ ուսումնական տարվա դիմորդների ընտրության և ընդունելության ստուգումների (քննությունների) կազմակերպման և ընթացքի վերահսկման նպատակով ոստիկանության պետի հրամանով ստեղծվում են մանդատային և ընդունող հանձնաժողովներ:

4. Կրթահամալիրի դիմորդը ոստիկանության կադրային ստորաբաժանում է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

1) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ ոստիկանության կողմից տրված՝ անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ).

2) դիմում (զեկուցագիր).

3) կրթության մասին վկայական` դիպլոմ կամ ատեստատ.

4) 4 լուսանկար (3x4 չափսի).

5) զինգրքույկ կամ կցագրման վկայական (արական սեռի դիմորդների համար).

6) կադրերի հաշվառման անձնական թերթիկում նշված մերձավոր ազգականների անձնագրերը (ծննդյան վկայականները, մահացած լինելու դեպքում` մահվան վկայականները) և դրանց պատճենները.

7) սույն կարգի 18-րդ և 19-րդ կետերով նախատեսված արտոնություններից օգտվելու իրավունք վերապահող փաստաթղթեր (բնօրինակը և պատճենը).

8) սոցիալական քարտ և դրա պատճենը:

5. Կրթահամալիրի մագիստրատուրայի դիմորդները ներկայացնում են նաև դիպլոմի հավելված կամ միջուկ և դրանց պատճենները, ինչպես նաև տպագրված կամ տպագրման ընդունված գիտական աշխատությունների, թեզիսների և զեկուցումների ցանկը (այդպիսիք լինելու դեպքում):

6. Ոստիկանության ծառայող դիմորդները սույն կարգի 4-րդ կետի 5-րդ, 6-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերը չեն ներկայացնում:

7. Դիմորդն ընդունելության գործընթացի կազմակերպման և անցկացման համար յուրաքանչյուր ստուգման ձևի համար վճարում է 1500-ական (հազար հինգհարյուրական) Հայաստանի Հանրապետության դրամ: Գումարները մուտքագրվում են կրթահամալիրի բանկային հաշվին:

8. Սույն կարգի 18-րդ կետով և 19-րդ կետի 2-4 ենթակետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդներն ազատվում են վճարից: Մանդատային հանձնաժողովը իր հայեցողությամբ դիմորդին կարող է ազատել վճարից: Անկախ մրցույթին մասնակցելուց և ընդունելության արդյունքից՝ վճարված գումարը դիմորդին հետ չի վերադարձվում:

9. Ընդունելության ստուգումների (քննությունների) գործընթացը կազմակերպվում է կրթահամալիրում:

10. Ընդունելության ստուգումները (քննությունները) անցկացվում են հայերենով:

11. Անհարգելի պատճառով ստուգուման (քննության) չներկայացած կամ անբավարար գնահատականներ ստացած դիմորդը զրկվում է հետագա ստուգումներին (քննություններին) մասնակցելու իրավունքից:

12. Ընդունող հանձնաժողովն իրավունք ունի ծածկագրից օգտվող կամ ստուգման (քննության) բնականոն ընթացքը խանգարող դիմորդին զրկելու տվյալ և հետագա ստուգումներին (քննություններին) մասնակցելու իրավունքից:

13. Ստուգումների (քննությունների) արդյունքները դիմորդներին հայտնվում են ստուգման օրը: Դիմորդն իրավունք ունի ստուգման (քննության) արդյունքները բողոքարկել ընդունող հանձնաժողովին՝ գնահատականը հայտնելու պահից 24 ժամվա ընթացքում:

14. Բողոքարկված աշխատանքի վերագնահատման անհամաձայնության դեպքում 24 ժամվա ընթացքում դիմորդը կարող է դիմել ընդունող հանձնաժողովին՝ անկախ փորձագետ հրավիրելու համար:

15. Մրցույթով անցած դիմորդի հետ, մինչև նրան որպես սովորող հրամանագրելը, կրթահամալիրը կնքում է ուսման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պայմանագիր:

16. Ընդունող հանձնաժողովի որոշմամբ մրցույթով անցած դիմորդները համարվում են սովորող՝ կրթահամալիրի պետի հրամանով: Ընդունող հանձնաժողովի որոշմամբ մրցույթով անցած ոստիկանության ծառայողները ոստիկանության պետի հրամանով գրանցվում են կադրերի գործող ռեզերվում և գործուղվում կրթահամալիր՝ առկա ուսուցմամբ սովորելու:

17. Ստուգումները հանձնած, սակայն մրցույթով չանցած դիմորդներին իրենց ցանկությամբ տրվում է ստուգումների արդյունքների մասին համապատասխան տեղեկանք:

18. Ընդունելության ստուգումների (քննությունների) դրական արդյունքներով մրցույթից դուրս ընդունվում են հետևյալ անձինք՝

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) ազատամարտիկների և զինծառայողների երեխաները.

2) իրենց ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) ոստիկանության ծառայողների (զինծառայողների) երեխաները:

19. Հավասար միավորների դեպքում մրցույթում առավելությունը տրվում է՝

1) Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով (շքանշաններով և մեդալներով) պարգևատրվածներին.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ հաշմանդամ դարձած ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ծառայողների երեխաներին.

3) երկկողմանի ծնողազուրկ երեխաներին.

4) իրենց ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ հաշմանդամ դարձած՝ ոստիկանության ծառայողների երեխաներին:

20. Ուսումնական կենտրոն կարող են դիմել 18-ից մինչև 30 տարեկան:

(20-րդ կետը փոփ. 30.05.15 թիվ 10-Ն)

21. Քոլեջ կամ ակադեմիայի՝ «իրավագիտություն» մասնագիտությամբ առկա անվճար ուսուցմամբ բակալավրիատ կարող են դիմել 18-ից մինչև 30 տարեկան անձինք, ինչպես նաև առնվազն 1 տարի ոստիկանության կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնող՝ մինչև 35 տարեկան ծառայողները:

(21-րդ կետը փոփ. 30.05.15 թիվ 10-Ն)

22. Քոլեջի` մրցույթով չանցած դիմորդն իր ցանկությամբ կարող է ստուգումների արդյունքներով (միավորներով) դիմել ուսումնական կենտրոնի տվյալ տարվա ընդունելության մրցույթին մասնակցելու համար:

23. Ակադեմիայի` մրցույթով չանցած դիմորդն իր ցանկությամբ կարող է ստուգումների արդյունքներով (միավորներով) դիմել քոլեջի կամ ուսումնական կենտրոնի տվյալ տարվա ընդունելության մրցույթներին մասնակցելու համար:

24. Ուսումնական կենտրոնում, քոլեջում և ակադեմիայում առկա անվճար ուսուցմամբ ընդունելությունն իրականացվում է մրցութային հիմունքներով՝ մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգման (թեստավորման) և ֆիզիկական պատրաստականության ստուգման, իսկ ակադեմիայում և քոլեջում` նաև հայոց լեզվի ստուգման (թեստավորման) արդյունքների հիման վրա: Մրցույթում հավասար արդյունքներ ունենալու դեպքում հաշվի է առնվում ավարտական փաստաթղթի գնահատականների միջին թվաբանականը:

(24-րդ կետը լրաց. 30.05.15 թիվ 10-Ն)

25. Ակադեմիայի՝ «Իրավագիտություն» մասնագիտությամբ հեռակա անվճար ուսուցման բակալավրիատ կարող են դիմել առնվազն 1 տարի ոստիկանության կրտսեր, միջին, ավագ, գլխավոր խմբերի պաշտոն զբաղեցնող՝ մինչև 43 տարեկան ծառայողները: Միջնակարգ ընդհանուր, նախնական, միջին մասնագիտական կրթություն ունեցող ոստիկանության ծառայողների ընդունելությունն իրականացվում է մրցութային հիմունքներով՝ «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաների քննությունների ու «Ֆիզիկական պատրաստականություն» առարկայի ստուգման արդյունքների հիման վրա: Պետական նմուշի բարձրագույն կրթության դիպլոմ ունեցող ոստիկանության ծառայողների ընդունելությունն իրականացվում է հարցազրույցի միջոցով՝ ընդունող հանձնաժողովի կողմից հաստատված հարցաշարի սահմաններում:

26. «Իրավագիտություն» մասնագիտությամբ բարձրագույն կրթության պետական նմուշի դիպլոմ ունեցող ոստիկանության ծառայողները չեն կարող դիմել ակադեմիայի հեռակա ուսուցման ֆակուլտետի ընդունելությանը մասնակցելու համար:

27. Ակադեմիայի՝ «Իրավագիտություն» մասնագիտությամբ առկա կամ հեռակա անվճար ուսուցման մագիստրատուրա կարող են դիմել իրավագիտության բակալավրի որակավորում ունեցող (պետական նմուշի դիպլոմ) և առնվազն 1 տարի ոստիկանության կրտսեր, միջին, ավագ, գլխավոր խմբերի պաշտոն զբաղեցնող՝ մինչև 43 տարեկան ծառայողները և ոստիկանության զորքերի զինծառայողները:

28. Ակադեմիայի մագիստրատուրայի (այսուհետ՝ մագիստրատուրա) ընդունելությունն իրականացվում է հարցազրույցի միջոցով՝ հաշվի առնելով հետևյալ չափանիշների առաջնահերթությունը.

1) նախորդ ուսումնառության ծրագրում ցուցաբերած ընդհանուր առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով.

2) մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով.

3) տպագրված կամ տպագրման ընդունված գիտական աշխատանքների, թեզիսների և զեկուցումների առկայությամբ.

4) ոչ մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով:

29. Կրթահամալիրի առկա կամ հեռակա անվճար ասպիրանտուրա կարող են դիմել դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորում ունեցող (պետական նմուշի դիպլոմ) և առնվազն 2 տարի ոստիկանության միջին, ավագ, գլխավոր, բարձրագույն խմբերի պաշտոն զբաղեցնող ծառայողները և ոստիկանության զորքերի զինծառայողները:

30. Առկա ուսուցման ասպիրանտուրա կարող են դիմել մինչև 35 տարեկան, իսկ հեռակա ուսուցման ասպիրանտուրա՝ մինչև 43 տարեկան ոստիկանության ծառայողները:

31. Դիմորդի տարիքը և ծառայության 1 տարվա ստաժը հաշվարկվում է ընդունելության ստուգումների (քննությունների) համար սահմանված ժամկետի վերջին օրվա դրությամբ:

32. Կրթահամալիրի ասպիրանտուրայի մրցույթն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

33. Ընդունելության հետ առնչվող կամ մրցույթի անցկացման ընթացքում ծագած հարցերը, որոնք չեն սահմանվում սույն կարգով, կանոնակարգվում են կրթության բնագավառին առնչվող իրավական այլ ակտերով:

(հավելվածը փոփ., լրաց. 30.05.15 թիվ 10-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան