Գլխավոր տեղեկություն
Номер
N 55-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (25.06.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2014.10.01/24(503).1 Հոդ.279.1
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
01.09.2014
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
01.09.2014
Дата вступления в силу
11.10.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

17 սեպտեմբերի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 10014418

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

1 սեպտեմբերի 2014 թ.

ք. Երևան

N 55-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ` ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՁԵՎԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 375-Ն որոշման հավելված 3-ով հաստատված սոցիալական փաթեթի շահառուների` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման հավաստագրի տրամադրման կարգի 2-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման հավելված 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ի» ենթակետը և 12-րդ կետի «դ» ենթակետը.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել`

1) սոցիալական փաթեթի շահառուների` անվճար բժշկական օգնության ու սպասարկման հավաստագրի ձևը` համաձայն հավելված թիվ 1-ի,

2) սոցիալական փաթեթի շահառուների պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ուղեցույցը` համաձայն հավելված N 2-ի:

(1-ին կետը խմբ. 15.04.15 N 17-Ն)

2. Սահմանել, որ սոցիալական փաթեթի շահառուների անվճար բժշկական օգնության ու սպասարկման հավաստագիրը (այսուհետ` հավաստագիր) տպագրվում է 86 մմ x 55 մմ վերջնական կտրված չափերով, թուղթը` 300 գ/խմ խտության երկկողմանի կավճապատ: Տպագրվող գույները չորսն են`4+4 (CMYK): Հավաստագիրը համարակալվում է տպագրական եղանակով, վեցանիշ թվով, ընդ որում՝ համարակալումը սկսվում է աջից ձախ` 000001-ից և ավարտվում է 102000 թվով:

3. Սահմանել, որ սոցիալական փաթեթի շահառուների` անվճար բժշկական օգնության ու սպասարկման հավաստագրի հետ միաժամանակ սոցիալական փաթեթի շահառուին տրամադրվում է սույն հրամանի հավելված թիվ 2-ով հաստատված ձևի սոցիալական փաթեթի շահառուների` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման իրավունքից օգտվելու ուղեցույցը: Ուղեցույցը տպագրվում է A5 ձևաչափով, կազմը՝ 130 գ/խմ խտության երկկողմանի կավճապատ թղթի վրա, 4+4 (CMYK) գունայնությամբ, ներսի էջերը՝ 70 գ/խմ խտության օֆսեթ թղթի վրա, 1+1(K-black) գունայնությամբ, ամրացումը՝ երկաթակար:

4. 2014 թվականին առողջապահական փաթեթի շրջանակներում պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման հավաստագրի և ուղեցույցի տպագրությունը 102,000 տպաքանակով կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի N 676-Ն որոշման համաձայն:

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Կարապետյանին:

 

Ա. Մուրադյան

 

 

Հավելված թիվ 1

ՀՀ առողջապահության նախարարի

1 սեպտեմբերի 2014 թվականի

N 55-Ն հրամանի

Ձև

 Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը  Հայաստանի Հանրապետություն

 ՀԱՎԱՍՏԱԳԻՐ N

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ

Ազգանուն

Անուն, Հայրանուն

Հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական քարտի համարը կամ դրանք չունենալու վերաբերյալ տեղեկանքի համարը

 

Դարձերես

1. Սոցիալական փաթեթի շահառուներին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման կարգը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 375-Ն որոշմամբ:

2. Սոցիալական փաթեթի շահառուներին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների փաթեթը, ուղեգրման կարգը և անհրաժեշտ այլ տեղեկությունները ներկայացված են սույն Հավաստագրին կից Ուղեցույցում:

3. Հարցերի, պարզաբանումների և տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալություն, գործունեության վայրը` ք. Երևան, Գ. Հովսեփյան 10, հեռ. (060) 65 03 03, (010) 65 47 11,

էլ. փոստ` socpatet@sha.am, կայքէջ` www.sha.am, իսկ բողոքների դեպքում զանգահարել ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» (010) 52 88 72 հեռախոսահամարով, էլ. փոստ` hotline@moh.am:

 

Հավելված թիվ 2

ՀՀ առողջապահության նախարարի

1 սեպտեմբերի 2014 թվականի

N 55-Ն հրամանի

ՈՒՂԵՑՈՒՅՑ

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ

(վերնագիրը խմբ. 15.04.15 N 17-Ն)

 

ԲԱԺԻՆ I. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱԹԵԹԸ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 375-Ն որոշման համաձայն սոցիալական փաթեթի շահառուների (այսուհետ՝ Շահառու) պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) ներառում է.

1) Հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը (թերապևտիկ և վիրաբուժական), այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 28-ի N 57-Ն հրամանով հաստատված նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայությունների չափորոշչում ներառված հետևյալ ծառայությունները.

ա. նյարդավիրաբուժական, այդ թվում` գլխուղեղի անոթային հիվանդությունների էնդովասկուլյար բուժման (ներառյալ՝ միկրոկաթետրի, միկրոպարույրի կամ օնիքսի արժեքը),

բ. սրտի վիրահատական և ներանոթային միջամտությունների իրականացման (ընդ որում, կորոնար անոթների ստենտավորման փոխհատուցումը ներառում է` ինչպես դեղապատ, այնպես էլ` ոչ դեղապատ ստենտի արժեքը), այդ թվում` սրտի փականների պրոթեզավորման, սրտի ռիթմը վարող սարքերի իմպլանտացիայի ծառայությունների մասով,

գ. սիներակի (Վ. Կավա/V. Cava) ֆիլտրի տեղադրումը,

դ. սկլերոպլաստիկան և կեռատոպլաստիկան,

ե. մետաղական կոնստրուկցիաների արժեքը` վնասվածքաբանական վիրահատությունների ժամանակ,

զ. լիթոտրիպսիան (հեռահար, պերկուտան, ուրեթերոռենոսկոպիկ),

է. խոշոր հոդերի էնդոպրոթեզավորում` ռեկոնստրուկցիայով, առանց էնդոպրոթեզի արժեքի։

2) Հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումն իր մեջ ներառում է Շահառուի բուժման համար անհրաժեշտ միջոցների ամբողջ ծավալը, այդ թվում.

ա. մասնագիտացված կոնսուլտացիաները,

բ. հիվանդանոցային բուժման ընթացքում իրականացվող լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 20-ի N 53-Ն հրամանով հաստատված հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները, որոնք ներառված են բուժման համար սահմանված գնի մեջ,

գ. անհրաժեշտ դեղերով, բժշկական նշանակության ապրանքներով ապահովումը և բուժական միջամտությունները,

դ. հիվանդին հիվանդասենյակով ապահովելը (բացառությամբ հիվանդի կողմից նախընտրած առանձնահատուկ հարմարավետ հիվանդասենյակների արժեքի),

ե. աշխատակազմի աշխատանքի վարձատրությունը,

զ. կոմունալ և տնտեսական ծախսերը:

3. Վնասվածքների (կոտրվածքներ, հոդախախտեր, փափուկ հյուսվածքների վնասվածքներ, սալջարդեր և այլն) հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային ձևով իրականացվող բժշկական օգնությունը և սպասարկումը:

4. Արտահիվանդանոցային պայմաններում իրականացվող հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները, ընդ որում, մագնիսական-ռեզոնանսային տոմոգրաֆիա, համակարգչային տոմոգրաֆիա, անգիոգրաֆիկ համակարգչային տոմոգրաֆիա, կորոնարոանգիոգրաֆիա (ստենտավորմամբ չավարտված), գլխուղեղի անգիոգրաֆիա հետազոտություններն իրականացվում են համավճարային սկզբունքով (հավելված 1):

Հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների ուղեգրումը կատարվում է Շահառուին սպասարկող առաջնային օղակի բժշկի կողմից՝ բժշկական ցուցումների առկայության դեպքում՝ այն բժշկական կազմակերպություններում, որտեղ տվյալ հետազոտությունն իրականացնելու համար տեղադրված է պետական պատվեր:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 375-Ն որոշման 5-րդ հավելվածով հաստատված պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության փաթեթը, որը ներառում է արտահիվանդանոցային պայմաններում իրականացվող հետևյալ բժշկական ծառայությունները.

1) ընդհանուր պրակտիկայի բժշկի խորհրդատվություն` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հաստատված կանխարգելիչ այցի ծավալներով, այդ թվում`

ա. զարկերակային ճնշման չափում` հիպերտոնիայի վաղ հայտնաբերման նպատակով,

բ. կանանց կրծքագեղձերի զննում` քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով,

գ. ժառանգական անամնեզում գլաուկոմա ունեցող` 40 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց տեսողության սրության և ակնահատակի զննում` գլաուկոմայի վաղ հայտնաբերման նպատակով,

դ. քաշի խանգարումների վաղ հայտնաբերման, ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման նպատակով մարմնի զանգվածի ցուցանիշի որոշումը,

2) գինեկոլոգի խորհրդատվություն` կանանց բոլոր տարիքային խմբերի համար,

3) ուրոլոգի (բացակայության դեպքում` վիրաբույժի) խորհրդատվություն` տղամարդկանց բոլոր տարիքային խմբերի համար,

4) ըստ բժշկական ցուցումների` այլ նեղ մասնագետների խորհրդատվություն, ընդհանուր պրակտիկայի բժշկի նշանակմամբ,

5) արյան ընդհանուր հետազոտություն (լեյկոֆորմուլայով),

6) մեզի ընդհանուր հետազոտություն,

7) գլյուկոզայի որոշում արյան մեջ,

8) խոլեստերինի որոշում արյան մեջ,

9) էլեկտրասրտագրություն (ԷՍԳ),

10) որովայնի խոռոչի, փոքր կոնքի օրգանների և վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտություն, կանանց համար` նաև կրծքագեղձի ուլտրաձայնային հետազոտություն,

11) ֆլյուորոգրաֆիա,

12) ՊՍԱ (PSA) թեստ (45 տարեկանից բարձր տղամարդկանց համար)` ըստ բժշկական ցուցումների, համապատասխան բժիշկ-մասնագետի նշանակմամբ,

13) քսուքի ՊԱՊ (PAP) թեստ (30-60 տարեկան կանանց համար)` ըստ բժշկական ցուցումների, համապատասխան բժիշկ-մասնագետի նշանակմամբ:

 

ԲԱԺԻՆ II. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

6. Փաթեթում ընդգրկված չեն հետևյալ ծառայությունները.

1) արտահիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումը (այդ թվում` ստոմատոլոգիական ծառայությունները),

2) տուբերկուլյոզի, հոգեկան և թմրաբանական հիվանդությունների, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների, նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց հիվանդանոցային փորձաքննության, ուռուցքաբանական հիվանդությունների քիմիաթերապևտիկ, վերականգնողական (այդ թվում` առողջարանային), երիկամային քրոնիկ անբավարարության դեպքում կատարվող հեմոդիալիզի, մանկաբարձական (ծննդօգնություն և հղիության ախտաբանություն), ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները,

3) ֆիզիոթերապևտիկ միջոցառումները և բուժումը,

4) ռեպրոդուկտիվ (վերարտադրողական) ֆունկցիայի և էրեկտիլ դիսֆունկցիայի (իմպոտենցիա) հետ կապված հետազոտությունները և բուժումը, դիսմենորեան, հակաբեղմնավորիչ կոնսերվատիվ միջամտությունները, այդ թվում` ներարգանդային պարույրի (ՆԱՊ) տեղադրումը և հեռացումը, այլ հակաբեղմնավորիչ միջոցները,

5) վերջույթների և դրանց առանձին սեգմենտների պրոթեզավորումը,

6) պրոթեզները, էնդոպրոթեզները, բժշկական սարքավորումները, իմպլանտները, տեսողական և լսողական սարքերը, ինչպես նաև այլ կարգավորիչ բժշկական հարմարանքները (բացառությամբ սրտի վիրահատական և ներանոթային միջամտությունների),

7) հետևյալ հիվանդությունների բուժումը` քրոնիկ հիվանդություններ, որոնք պահանջում են մշտական ոչ վիրահատական, պահպանողական բուժում և դինամիկ հսկողություն (բացառությամբ դրանց` կյանքին վտանգ սպառնացող անհետաձգելի հիվանդանոցային բուժում պահանջող սրացումների և բարդությունների), այդ թվում` բնածին անոմալիաներ, զարգացման արատներ և այլ անատոմիական առանձնահատկություններ, մանկական ուղեղային կաթված, պարբերական հիվանդություն, էպիլեպսիա, շաքարային դիաբետ, թոքերի էմֆիզեմա, պնևմոսկլերոզ, ողնաշարի միջողային սկավառակների ախտահարումներ, ողնաշարի դեգեներատիվ դիստրոֆիկ փոփոխություններ, օստեոխոնդրոզ, աուտոիմուն և շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ, լյարդային անբավարարություն, քրոնիկական վիրուսակրություն (այդ թվում` վիրուսային հեպատիտները), քրոնիկական բացիլակրություն, քրոնիկական պարազիտակրություն,

8) հիվանդանոցային բուժման ընթացքում օգտագործվող այն դեղամիջոցները, որոնց 1 միավորի (ամպուլա, հաբ, ֆլակոն և այլն) արժեքը գերազանցում է 15,000 դրամը (բացառությամբ անզգայացման համար օգտագործվող դեղամիջոցների), ինչպես նաև հիվանդանոցային բուժման ընթացքում օգտագործվող կոնսերվացված արյան կամ նրա բաղադրիչների (պլազմա, էրիթրոցիտար, թրոմբոցիտար զանգված և այլն) արժեքները (հաստատված է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի հունվարի 19-ի N 45-Ա հրամանով):

7. Այն Շահառուների համար, ովքեր Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման համաձայն օգտվում են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման իրավունքից (հավելված 2), Փաթեթի շրջանակներում չփոխհատուցվող բժշկական օգնության ու սպասարկման տեսակներն իրականացվում և փոխհատուցվում են տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված «Առողջապահություն» բաժնի համապատասխան ծրագրերի շրջանակներում՝ ընդհանուր հիմունքներով:

 

ԲԱԺԻՆ III. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ՈՒՂԵԳՐՈՒՄԸ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ

 

8. 2015 թվականից սկսած սոցիալական փաթեթի կանխարգելիչ բժշկական քննության բաղադրիչից օգտվելը Շահառուների համար պարտադիր նախապայման է: Պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն անցնելն ակտիվացնում է սոցիալական փաթեթի` Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման N 2 հավելվածով նախատեսված ծառայությունները տվյալ և հաջորդ տարվա համար: Ընդ որում, 2015 թվականն անցումային ժամանակաշրջան է, որի ընթացքում Շահառուն սոցիալական փաթեթի ծառայություններից կարող է օգտվել առանց նշված նախապայմանի:

9. Օրացուցային տարվա ընթացքում (հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը) սոցիալական փաթեթի շրջանակներում Շահառուն միայն մեկ անգամ կարող է անվճար անցնել կանխարգելիչ բժշկական քննություն: Ընդ որում, եթե Շահառուն կանխարգելիչ բժշկական քննությունն անցել է տարվա երկրորդ կեսին, ապա հաջորդը կարող է անցնել ոչ շուտ, քան վեց ամիս անց:

10. Շահառուների պարտադիր կանխարգելիչ բժշկական քննությունը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում իրականացվում է առողջության առաջնային պահպանման ծառայություններ իրականացնող այն բժշկական կազմակերպություններում, որտեղ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 30-ի N 420-Ն որոշմամբ սահմանված կարգով գրանցված է տվյալ Շահառուն:

11. Պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն անցած Շահառուին բժշկական կազմակերպության կողմից տրամադրվում է տեղեկանք երկու օրինակից՝ Փաթեթում ընդգրկված բոլոր ծառայությունների լիարժեք իրականացումից հետո, ընդ որում, շահառուն տեղեկանքի մեկ օրինակը ներկայացնում է իր սոցիալական փաթեթի հաշիվն սպասարկող բանկ` սոցիալական փաթեթի որոշմամբ նախատեսված ծառայություններից օգտվելու համար, իսկ տեղեկանքի երկրորդ օրինակը պահվում է Շահառուի մոտ` առողջապահական փաթեթից օգտվելու համար բժշկական կազմակերպություններ ներկայացնելու նպատակով:

12. Փաթեթի շրջանակներում բժշկական օգնություն ու սպասարկում ստանալու համար Շահառուները պետք է բժշկական կազմակերպություն ներկայացնեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման 7-րդ հավելվածով հաստատված ձևի ուղեգիրը, որն ուժի մեջ է տալու օրվանից մեկ ամսվա ընթացքում, սոցիալական փաթեթի շահառուների անվճար բժշկական օգնության ու սպասարկման հավաստագիրը (այսուհետ` Հավաստագիր) և անձը հաստատող փաստաթուղթը:

13. Մինչև Հավաստագրի տրամադրումը Շահառուներին, վերջիններս առողջապահական ծառայություններից կարող են օգտվել համապատասխան մարմնի կողմից (աշխատանքի վայրից) տրված տեղեկանքի հիման վրա, որտեղ նշված պետք է լինեն տվյալ մարմնի անվանումը և Շահառու լինելու փաստը: Հավաստագրի առկայության դեպքում տեղեկանքի անհրաժեշտությունը վերանում է:

14. Շահառուի` աշխատանքից ազատվելու (կամ այլ պատճառով սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման) դեպքում բժշկական օգնությունից և սպասարկումից օգտվելու իրավունքի դադարեցման օր է համարվում շահառուի` աշխատանքից ազատվելու (կամ այլ պատճառով սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքը կորցնելու) օրվան հաջորդող 6-րդ ամիսը լրանալու օրը:

15. Աշխատանքից ազատվելու դեպքում Շահառուն կամ վերադարձնում է հավաստագիրը, որի փոխարեն նրան տրամադրվում է տեղեկանք աշխատանքի վայրից այն մասին, որ վերջինս շարունակում է օգտվել սոցիալական փաթեթի առողջապահական ծառայություններից ևս 6 ամիս, կամ հավաստագիրը մնում է Շահառուի մոտ, որի վրա նշվում է բժշկական օգնությունից և սպասարկումից օգտվելու իրավունքի դադարեցման օրը:

16. Հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող նպատակային արձակուրդից օգտվելու, կադրերի ռեզերվում գտնվելու, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու դեպքում սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքը դադարում է, որի դեպքում Շահառուն վերադարձնում է հավաստագիրը այն կազմակերպությանը, որտեղ աշխատում է: Վերստին աշխատանքի անցնելու դեպքում սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքը վերականգնվում է և հավաստագիրը վերադարձվում է Շահառուին:

17. Փաթեթի շրջանակներում հիվանդանոցային բժշկական օգնության ու սպասարկման, ինչպես նաև՝ արտահիվանդանոցային պայմաններում իրականացվող հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների ուղեգրումն իրականացնում է տվյալ Շահառուին սպասարկող առողջության առաջնային պահպանում իրականացնող բժշկական կազմակերպությունը:

18. Անհետաձգելի հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող դեպքերում Շահառուները կարող են Փաթեթի շրջանակներում բժշկական օգնություն ու սպասարկում ստանալ շտապ օգնության ծառայության ուղեգրով կամ հիվանդանոցային բժշկական կազմակերպության ընդունարանի բժշկի եզրակացության հիման վրա՝ մինչև Շահառուի դուրսգրումը հավաստագիրը և անձը հաստատող փաստաթղթերը բժշկական կազմակերպություն ներկայացնելու պայմանով:

19. Շահառուն իրավունք ունի ընտրել բժշկական օգնություն իրականացնողին՝ բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի գծով պետական պատվեր իրականացնող բժշկական կազմակերպությունների ցանկից (ցանկը ներկայացված է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության www.moh.am կայքէջի «Տեղեկատու հարթակ»-ի «Տեղեկատու» բաժնում):

20. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման 4-րդ հավելվածով նախատեսված դեպքերում և կարգով Շահառուի բժշկական օգնությունը և սպասարկումը կարող է կազմակերպվել հերթագրման սկզբունքով:

21. Փաթեթի շրջանակներում Շահառուին ցուցաբերված բժշկական օգնության և սպասարկման փոխհատուցումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից՝ վերջինիս և բժշկական կազմակերպության միջև կնքված պայմանագրի համաձայն:

22. Փաթեթի շրջանակներում Շահառուին ցուցաբերված բժշկական օգնության և սպասարկման դեպքերի քանակը և դրանց դիմաց փոխհատուցման ընդհանուր չափը սահմանափակված չէ:

 

ԲԱԺԻՆ IV. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՇԱՀԱՌՈՒԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԲԱԶԱՅԻՆ ՓԱԹԵԹՆԵՐԸ

 

23. 2015 թվականից սկսած սոցիալական փաթեթի շահառուները հնարավորություն ունեն իրենց սոցիալական փաթեթի մնացած գումարներով ձեռք բերելու առողջության ապահովագրության լրացուցիչ ծառայությունների նվազագույն փաթեթ (հավելված 3) և սոցիալական փաթեթի շահառուի ընտանիքի անդամի առողջության ապահովագրության նվազագույն բազային փաթեթ (հավելված 4)` ընտրելով ցանկացած ապահովագրական ընկերություն: Ապահովագրական ընկերությունների ցանկը, ինչպես նաև այդ ընկերությունների կողմից առաջարկվող առողջության ապահովագրության փաթեթների օրինակելի ձևերը, որոնք Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ստացել են դրական եզրակացություն, տեղադրված են ՀՀ առողջապահության նախարարության www.moh.am կայքէջի «Ծառայություններ» դարանի «Սոցիալական փաթեթ» բաժնում:

 

ԲԱԺԻՆ V. ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

 

Հարց (Հ) - Փաթեթի շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար ի՞նչ փաստաթղթեր է հարկավոր ներկայացնել բժշկական կազմակերպություն:

Պատասխան (Պ) - Փաթեթի շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար Շահառուն պետք է բժշկական կազմակերպություն ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթը, Հավաստագիրը (կամ դրա բացակայության դեպքում՝ Շահառու լինելու վերաբերյալ տեղեկանքը աշխատանքի վայրից) և իրեն սպասարկող ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության կողմից տրված ուղեգիրը՝ բացառությամբ անհետաձգելի հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող դեպքերի, որի ժամանակ Շահառուին պարտավոր է մինչև դուրսգրումը հավաստագիրը և անձը հաստատող փաստաթղթերը բժշկական կազմակերպություն ներկայացնել (տես նաև ուղեցույցի Բաժին III-ը):

(Հ) - Փաթեթի շրջանակներում ստոմատոլոգիական ծառայությունները փոխհատուցվու՞մ են, թե ոչ:

(Պ) - Ոչ, Փաթեթի շրջանակներում ստոմատոլոգիական ծառայությունները ընդգրկված չեն, բայց կարող են լրացուցիչ տրամադրվել ապահովագրական ընկերությունների կողմից՝ համապատասխան պայմանագրի առկայության դեպքում (տես նաև ուղեցույցի Բաժին IV-ը):

(Հ) – Որտեղ կարող է Շահառուն անցնել պարտադիր կանխարգելիչ բժշկական քննությունը:

(Պ) – Պարտադիր կանխարգելիչ բժշկական քննությունը Շահառուն կարող է անցնել միայն իրեն սպասարկող ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպությունում:

(Հ) – Ի՞նչ է նշանակում պարտադիր պայման լինելը: Կարո՞ղ է Շահառուն չօգտվել կանխարգելիչ բժշկական քննությունից:

(Պ) – Տարեկան մեկ անգամ կանխարգելիչ բժշկական քննություն անցնելը նախապայման է հանդիսանում սոցիալական փաթեթի բաղադրիչներից օգտվելու համար: Տվյալ տարում կանխարգելիչ բժշկական քննություն անցնելը ակտիվացնում է սոցիալական փաթեթի ծառայությունները այդ և հաջորդ տարվա համար:

(Հ) - Եթե Շահառուն ունի ամբուլատոր բժշկական օգնության կարիք, ներառյալ ախտորոշիչ հետազոտությունները և նեղ մասնագետների խորհրդատվությունը, կներառվե՞ն արդյոք այդ ծառայությունները Փաթեթի շրջանակներում:

(Պ) – 2015 թվականից սկսած շահառուների համար Փաթեթի շրջանակներում ներառվում են նաև ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների ցանկում ընդգրկված հետազոտությունները: Ցանկը ներկայացված է սույն ուղեցույցում: Իսկ այն հետազոտությունները և նեղ մասնագետների խորհրդատվությունները, որոնք հնարավոր է իրականացնել Շահառուին սպասարկող ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունում, կտրամադրվեն վերջինիս անվճար տրամադրվող ծառայությունների շրջանակներում՝ Շահառուին սպասարկող առաջնային օղակի բժշկի ուղեգրումով:

(Հ) – Ի՞նչ ձևով կարող է Շահառուն անցնել, օրինակ, հորմոնների հետազոտությունները:

(Պ) – Հորմոնների հետազոտությունները ներառված են հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների ցանկում և բժշկական ցուցումների առկայության դեպքում Շահառուին սպասարկող ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության կողմից տրամադրված ուղեգրի հիման վրա կարող են անցնել տվյալ հետազոտությունը այն բժշկական կազմակերպությունում, որը ՀՀ առողջապահության նախարարության հետ պայմանագիր է կնքել նշված հետազոտությունն իրականացնելու համար:

(Հ) – Կարո՞ղ է արդյոք Շահառուն օգտագործել սոցիալական փաթեթի մնացած 72,000 դրամ գումարը՝ ուղղելով այն անձամբ իր համար լրացուցիչ առողջապահական ծառայություններ ձեռք բերելուն, կամ իր ընտանիքի անդամի (անդամների) առողջության ապահովագրությանը:

(Պ) – Այո, ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1483 որոշմամբ փոփոխություններ և լրացումներ կատարվեցին ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 375-Ն որոշման մեջ, համաձայն որի Շահառուն կարող է իր սոցիալական փաթեթի մնացած 72,000 դրամն ուղղել իր համար լրացուցիչ կամ ընտանիքի անդամի առողջության ապահովագրությանը՝ ապահովագրական ընկերությունների միջոցով:

(Հ) – Արդյո՞ք Շահառուի համար հիվանդանոցային բուժման ընթացքում կատարվող լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները անվճար են:

(Պ) - Այո, Հիվանդանոցային բուժման ընթացքում իրականացվող լաբորատոր-գործիքային անհրաժեշտ բոլոր հետազոտությունները ներառված են բուժօգնության և սպասարկման տվյալ ծառայության համար սահմանված գնի մեջ:

(Հ) - Եթե Շահառուն հիվանդանոց է տեղափոխվել շտապօգնության մեքենայով կամ դիմել է անմիջապես հիվանդանոցի ընդունարան, կարո՞ղ է հիվանդանոցային բժշկական օգնություն ստանալ առանց ուղեգրի:

(Պ) - Եթե Շահառուն տեղափոխվել է շտապօգնության մեքենայով կամ անհետաձգելի վիճակով դիմել է բժշկական կազմակերպության ընդունարան, ապա ուղեգիր ներկայացնելու կարիք չկա: Անհետաձգելի վիճակներում հիվանդանոցային բժշկական օգնության համար հիմք է հանդիսանում շտապօգնության կամ ընդունարանի հերթապահ բժշկի կողմից տրված ուղեգիրը: Այնուհանդերձ, անձը հաստատող փաստաթուղթը, ինչպես նաև հավաստագիրը կամ աշխատանքի վայրից տրված տեղեկանքը մինչև բուժման ավարտը պետք է ներկայացնել հիվանդանոց:

(Հ) – Կարո՞ղ է արդյոք Շահառուն սոցիալական փաթեթի շրջանակներում օգտվել ֆիզիոթերապևտիկ միջոցառումներից և բուժումից, կամ ենթարկվել պլաստիկ վիրահատության:

(Պ) – Շահառուն չի կարող օգտվել ֆիզիոթերապևտիկ միջոցառումներից և բուժումից կամ ենթարկվել պլաստիկ վիրահատության, քանի որ նշված ծառայությունները Փաթեթի շրջանակներում չեն փոխհատուցվում, սակայն եթե Շահառուն ընդգրկված է սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում, ապա նշված ծառայություններից Շահառուն կարող է օգտվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ սահմանված կարգով:

(Հ) - Շահառուն Փաթեթի շրջանակներում կարո՞ղ է հիվանդանոցում բժշկական օգնություն ստանալ ողնաշարի հիվանդությունների կապակցությամբ:

(Պ) - Ողնաշարի վիրահատական միջամտությունները իրականացվում են Փաթեթի շրջանակներում, իսկ ողնաշարի միջողային սկավառակների ախտահարումների, ողնաշարի դեգեներատիվ դիստրոֆիկ փոփոխությունների և օստեոխոնդրոզի ոչ վիրահատական (կոնսերվատիվ) բուժօգնությունը ներառված է Փաթեթի շրջանակներում չփոխհատուցվող հիվանդությունների ցանկում:

(Հ) - Արդյո՞ք Փաթեթի շրջանակներում Շահառուն կարող է բուժօգնություն ստանալ չարորակ նորագոյացությունների կապակցությամբ:

(Պ) - Փաթեթի շրջանակներում փոխհատուցվում են միայն չարորակ նորագոյացությունների վիրահատական և ճառագայթային բուժումները, իսկ քիմիոթերապևտիկ բուժօգնությունը փոխհատուցվում է ընդհանուր հիմունքներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ սահմանված կարգով:

(Հ) – Արդյո՞ք Փաթեթի շրջանակներում Շահառուն կարող է բուժօգնություն ստանալ քրոնիկ հիվանդությունների կապակցությամբ:

(Պ) - Քրոնիկ հիվանդությունների ոչ վիրահատական բուժումը, օրինակ՝ ռևմատոիդ արթրիտ, թոքերի էմֆիզեմա, հիպերտոնիկ հիվանդություն, շաքարային դիաբետ, քրոնիկ գաստրիտ, խոցային հիվանդություն, քրոնիկ խոլեցիստիտ, քրոնիկ կոլիտներ, տրոմբոֆլեբիտ և այլն Փաթեթի շրջանակներում չի փոխհատուցվում (բացառությամբ դրանց անհետաձգելի հիվանդանոցային բուժում պահանջող սրացումների և բարդությունների):

(Հ) - Եթե Շահառուն սուր վիճակում ընդունվել է հիվանդանոց (օրինակ՝ ինսուլտ, սրտամկանի ինֆարկտ և այլն), արդյոք կարո՞ղ է բուժօգնություն ստանալ Փաթեթի շրջանակներում:

(Պ) - Այո, Շահառուին անհետաձգելի հիվանդանոցային բուժում պահանջող և/կամ սուր վիճակներում ցուցաբերված հիվանդանոցային բժշկական օգնությունը (անկախ ախտորոշումից) ներառված է սոցիալական փաթեթի ծառայությունների մեջ:

(Հ) - Ի՞նչ կարգով է իրականացվում Շահառուին ցուցաբերված բժշկական օգնության դիմաց վճարումը, մասնավորապես՝ կարո՞ղ է արդյոք Շահառուն վճարովի հիմունքներով բուժում ստանալուց հետո իր կողմից կատարված վճարումների ՀԴՄ կտրոնները ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն՝ ծախսերի փոխհատուցման համար:

(Պ) – Սոցիալական փաթեթի Շահառուին ցուցաբերված բժշկական օգնության դիմաց փոխհատուցումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և բժշկական կազմակերպությունների (որոնց ցանկը տեղադրված է ՀՀ առողջապահության նախարարության կայքէջում) միջև կնքված պայմանագրերի հիման վրա՝ բժշկական կազմակերպությանը համապատասխան գումարներ փոխանցելու միջոցով: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը Շահառուի կողմից կատարված բուժօգնության ծախսերի ուղղակի փոխհատուցում չի իրականացնում: Շահառուների կողմից կատարված ծախսերը (եթե դրանք վերաբերում են Փաթեթի շրջանակներում մատուցված ծառայություններին) կարող են փոխհատուցվել միայն բժշկական կազմակերպության կողմից՝ համապատասխան հիմքերի առկայության դեպքում՝ մինչև հիվանդի դուրսգրումը հավաստագիրը և անձը հաստատող փաստաթղթերը բժշկական կազմակերպություն ներկայացնելու պայմանով:

(Հ) – Արդյո՞ք սահմանված է Շահառուին ցուցաբերված բժշկական օգնության դիմաց փոխհատուցման տարեկան առավելագույն գումար (ապահովագրական ծածկույթ):

(Պ) – Ոչ, նման սահմանափակում չկա: Շահառուին Փաթեթի շրջանակներում ցուցաբերված բժշկական օգնությունը ենթակա է ամբողջական փոխհատուցման՝ առանց գումարային սահմանափակման:

(Հ) – Ինչպե՞ս կարող է Շահառուն ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն և լրացուցիչ պարզաբանումներ Փաթեթի շրջանակներում փոխհատուցվող կամ չփոխհատուցվող ծառայությունների, դրանցում հնարավոր փոփոխությունների և այլ հարցերի վերաբերյալ:

(Պ) – Հարցերի և պարզաբանումների համար Շահառուները կարող են դիմել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալություն՝ ք. Երևան, Գ. Հովսեփյան 10, հեռախոսներ՝ (060) 65-03-03, (010) 65-47-11, իսկ բողոքների դեպքում՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությանը, հեռախոս` (010) 52-88-72, էլ. փոստ՝ hotline@moh.am:

 

Հավելված 1

 

ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԵՎ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀԱՏՈՒԿ ԵՎ ԴԺՎԱՐԱՄԱՏՉԵԼԻ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ

 

Հ/հ

Ախտորոշիչ հետազոտությունների տեսակները

Հիվանդանոցային պայմաններում

Արտահիվան-դանոցային պայմաններում

1.

Համակարգչային տոմոգրաֆիա (գլխուղեղ, ակնախոռոչներ, հիպոֆիզ, դիմածնոտային հատված, պարանոց, կրծքավանդակ, կրծքագեղձ, որովայն, կոնք, ողնաշար՝ ըստ հատվածների, պարանոցային, կրծքային, գոտկասրբանային, ստորին և վերին վերջույթներ), յուրաքանչյուր տեղակայումը

Անվճար

Համավճար՝
7,000 դրամ
(յուրաքանչյուր հաջորդ հետազոտության համար համավճար՝
5,000 դրամ):

2.

Միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ներառյալ հիվանդի անզգայացման և կոնտրաստ նյութի արժեքները)

Անվճար

Համավճար՝ 30,000 դրամ

3.

Միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա /առանց կոնտրաստ նյութի/

Անվճար

Համավճար՝ 15,000 դրամ

4.

Անգիոգրաֆիկ համակարգչային տոմոգրաֆիա` 1 հատվածի

Անվճար

Համավճար՝ 12,000 դրամ

5.

Անգիոգրաֆիկ համակարգչային տոմոգրաֆիա` 2 հատվածի

Անվճար

Համավճար՝ 18,000 դրամ

6.

Անգիոգրաֆիկ համակարգչային տոմոգրաֆիա` 3 հատվածի

Անվճար

Համավճար՝ 24,000 դրամ

7.

Կորոնարոանգիոգրաֆիա

Անվճար

Համավճար՝ 45,000 դրամ

8.

Գլխուղեղի ախտորոշիչ անգիոգրաֆիա

Անվճար

Համավճար՝ 90,000 դրամ

9.

Վիրահատված հիվանդի գլխուղեղի ախտորոշիչ կրկնակի անգիոգրաֆիա դինամիկ հսկողության նպատակով` վիրահատությունից հետո 9 ամսվա ընթացքում

Անվճար

Համավճար՝ 40,000 դրամ

10.

Ռադիոնուկլիդային ախտորոշման հետազոտություններ

Անվճար

Համավճար՝ 40,000 դրամ

11.

Աորտայի, մագիստրալ անոթների և պերիֆերիկ անոթների անգիոգրաֆիա, ռենովազոգրաֆիա

Անվճար

Անվճար

12.

Գլխուղեղի ներգանգային և արտագանգային անոթների գերձայնային դոպլեր հետազոտություն

Անվճար

Անվճար

13.

Վերջութային անոթների հեմոդինամիկայի գերձայնային դոպլեր հետազոտություն (վերին վերջույթների, ստորին վերջույթների)

Անվճար

Անվճար

14.

Մագիստրալ անոթների գերձայնային դուպլեքս հետազոտություն (գլխուղեղ, որովայնի խոռոչ, ստորին վերջույթներ, վերին վերջույթներ) - յուրաքանչյուր հետազոտությունը

Անվճար

Անվճար

15.

Պտղի էխոկարդիոգրաֆիա

Անվճար

Անվճար

16.

Դոպլերֆլուսիմետրիա (մոր և պտղի)

Անվճար

Անվճար

17.

Էխոկարդիոգրաֆիա դոպլեր հետազոտությամբ

Անվճար

Անվճար

18.

Էլեկտրաէնցեֆալոգրաֆիա

Անվճար

Անվճար

19.

Էխոէնցեֆալոգրաֆիա

Անվճար

Անվճար

20.

Էլեկտրակարդիոգրաֆիա չափավորված ծանրաբեռնվածությամբ (տրեդմիլ-տեստ կամ վելոէրգոմետրիա)

Անվճար

Անվճար

21.

Էլեկտրանեյրամիոգրաֆիա (վերին վերջույթների, ստորին վերջույթների, դեմքի, միաստենիկ փորձ)

Անվճար

Անվճար

22.

Կոլոնոսկոպիա

Անվճար

Անվճար

23.

Դուոդենոսկոպիա

Անվճար

Անվճար

24.

Կոլպոսկոպիա (նշանակիր բիոպսիայով և վիրուսոլոգիական, ցիտոլոգիական հետազոտությամբ/

Անվճար

Անվճար

25.

Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա

Անվճար

Անվճար

26.

Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա հելիկոբակտեր պիլորիի որոշմամբ

Անվճար

Անվճար

27.

Մամոգրաֆիա

Անվճար

Անվճար

28.

Պտղի բիոֆիզիկական պրոֆիլի որոշում

Անվճար

Անվճար

29.

Սպիրոմետրիա /համակարգչային/

Անվճար

Անվճար

30.

Էլեկտրասրտագրություն հոլտեր մոնիտորինգ

Անվճար

Անվճար

31.

Ուռոֆլուոմետրիա

Անվճար

Անվճար

32.

Ուռոդինամիկական համալիր հետազոտում (ուռոֆլյուոմետրիա, ցիստոտոնոմետրիա, ուրետրայի պրոֆիլոմետրիա)

Անվճար

Անվճար

33.

Աուդիոմետրիա (խաղային, տոնալ), օտոակուստիկ, տիմպանոմետրիա

Անվճար

Անվճար

34.

Օնկոմարկերներ (յուրաքանչյուր հետազոտությունը)

Անվճար

Անվճար

35.

Կարիոտիպի որոշում արյան մեջ

Անվճար

Անվճար

36.

Պարբերական հիվանդության հակադեզօքսիռիբոնուկլեական թթվի (ԴՆԹ-ի) (հակաԴՆԹ) հակամարմինների որոշում` իմունոֆերմենտատիվ եղանակով (ds DNA)

Անվճար

Անվճար

37.

Իմունոգլոբուլին Ե-ի (E) որոշում /համալիր 9 ալերգենի նկատմամբ զգայունություն/

Անվճար

Անվճար

38.

Իմունոգլոբուլին Ե-ի (E) որոշում /համալիր 10 ալերգենի նկատմամբ զգայունություն/

Անվճար

Անվճար

39.

Իմունոգլոբուլին Ե-ի (E) որոշում /համալիր 20 ալերգենի նկատմամբ զգայունություն/

Անվճար

Անվճար

40.

Հորմոնալ հետազոտություններ - մեկ հետազոտությունը

Անվճար

Անվճար

41.

Իմունոլոգիական հետազոտություն - մեկ հետազոտությունը

Անվճար

Անվճար

42.

Ցիկլոսպորինի որոշում

Անվճար

Անվճար

43.

Տրոպոնինի որոշում

Անվճար

Անվճար

44.

Ֆերիտինի որոշում

Անվճար

Անվճար

45.

Հակաէպիլեպտիկ դեղի որոշում (Կարբամազեպին, Վալպրոաթթու (Վալպրոատի նատրիում), Ֆենոբարբիտալ)

Անվճար

Անվճար

46.

Ֆենիլալանինի որոշումը արյան մեջ

Անվճար

Անվճար

47.

«Հեպատիտ Ց» PCR/ՓՍՌ մեթոդով

1) որակական

2) քանակական

Անվճար

Անվճար

48.

Հականուկլեար հակամարմինների որոշում` իմունոֆերմենտատիվ եղանակով (ANA)

Անվճար

Անվճար

49.

Հակադեզօքսիռիբոնուկլեական թթվի (հակաԴՆԹ) հակամարմինների որոշում` իմունոֆերմենտատիվ եղանակով (ds DNA)

Անվճար

Անվճար

50.

Հյուսվածքային տրանսգլյուտամինազային հակամարմինների որոշում

Անվճար

Անվճար

51.

Խորիոնիկ գոնադոտրոպոինի որոշում

Անվճար

Անվճար

52.

ՍԵռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների ԴՆԹ-ի որոշում

Անվճար

Անվճար

53.

Հելիկոբակտեր պիլորի անտիգենի որոշում կեղտի մեջ

Անվճար

Անվճար

54.

Հելիկոբակտեր պիլորի անտիգենի որոշում արյան մեջ

Անվճար

Անվճար

55.

Ռենտգենոգրաֆիա հեղուկ կոնտրաստով

Անվճար

Անվճար

56.

Միզային քարերի բաղադրության որոշում

Անվճար

Անվճար

57.

Գլիկոհեմոգլոբինի որոշում

Անվճար

Անվճար

58.

Կարիոտիպի հետազոտություն մոլեկուլային-բջջագենետիկական մեթոդների օգնությամբ - ՖԻՇ/FISH

Անվճար

Անվճար

59.

Պերինատալ (ԹՕՐՉ/TORCH) ինֆեկցիաների ախտորոշում` իմունոֆերմենտային և դեզօքսիռիբոնուկլեական թթվի (ԴՆԹ-ի) որոշմամբ /սեռավարակներ, տոքսոպլազմոզ, կարմրախտ և այլն/

Անվճար

Անվճար

60.

Հիպոթիրեոզի սկրինինգ

Անվճար

Անվճար

61.

Դենսիտոմետրիա

Անվճար

Անվճար

62.

Կարիոտիպի որոշում ոսկրածուծի մեջ

Անվճար

Անվճար

 

Հավելված 2

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾ 1-ՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ` ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ՈՒ ԱՌԱՆՁԻՆ (ՀԱՏՈՒԿ) ԽՄԲԵՐԻ

 

1. Ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.00 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ

2. 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք

3. 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք

4. 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք

5. Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք

6. Վերարտադրության տարիքի կանայք` հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում

7. Մինչև 7 տարեկան երեխաներ

8. Հաշմանդամություն ունեցող երեխաներ` մինչև 18 տարեկան

9. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ` մինչև 18 տարեկան, և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք` 18-23 տարեկան

10. Մինչև 8 տարեկան և 12 տարեկան երեխաներ, ինչպես նաև 65 տարեկան և ավելի բարձր տարիքի անձինք` մասնագիտացված ստոմատոլոգիական բժշկական օգնության մասով

11. Հաշմանդամություն ունեցող անձանցից բաղկացած ընտանիքների երեխաներ` մինչև 18 տարեկան

12. Բազմազավակ (մինչև 18 տարեկան 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաներ

13. Մինչև 18 տարեկան` դիսպանսեր հսկողության տակ գտնվող երեխաներ

14. Միածնող երեխաներ` մինչև 18 տարեկան

15. Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտության ենթարկվողներ

16. 14-15 տարեկան արական սեռի, նախազորակոչային և զորակոչային տարիքի անձինք (հիվանդանոցային բժշկական օգնություն, իսկ զորակոչային տարիքի անձանց` նաև հիվանդանոցային փորձաքննություն)

17. Զինծառայողներ և նրանց հավասարեցված անձինք, նրանց ընտանիքների անդամներ, ՀՀ պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ, երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներ

18. Փրկարարական ծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ, կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատված փրկարարական ծառայողներ, հաշմանդամ դարձած փրկարարական ծառայողներ, ծառայության ընթացքում զոհված (մահացած) փրկարարական ծառայողների ընտանիքների անդամներ

19. Ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ

20. Մանկատներում, ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք

21. Բռնադատվածներ

22. Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ

23. Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք

24. Ապաստան հայցողներն ու նրանց ընտանիքների անդամները:

 

Հավելված 3

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՇԱՀԱՌՈՒԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՓԱԹԵԹԸ

 

Լրացուցիչ ծառայությունների նվազագույն փաթեթում ներառվում են Շահառուների` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունների փաթեթում չընդգրկված հետևյալ ծառայությունները`

1) արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում, այդ թվում`

ա. մասնագիտական բժշկական խորհրդատվություններ և զննումներ,

բ. բազային փաթեթի շրջանակներում համավճարային եղանակով իրականացվող` ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 20-ի N 53-Ն հրամանով հաստատված հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների համավճարների փոխհատուցում,

2) ամբուլատոր բուժման ընթացքում բժշկի կողմից նշանակված դեղերի և բժշկական նշանակության ապրանքների արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցում` ապահովագրական ընկերության կողմից սահմանված կարգով և չափաքանակների շրջանակներում,

3) ստոմատոլոգիական ծառայություններ (թերապևտիկ և վիրաբուժական)`

ա. ատամի կարիեսի և (կամ) նրա բարդությունների բուժում, այդ թվում` պլոմբավորումը լուսակարծրացող ստանդարտ պլոմբանյութով,

բ. ատամնաքարերի մաքրում (տարեկան ոչ ավելի, քան մեկ անգամ),

գ. ատամի հեռացում` ըստ ցուցումների,

դ. սուր ատամնացավով և թարախային պրոցեսով ուղեկցված բարդությունների բուժում:

Փաթեթի շրջանակներում փոխհատուցման ենթակա չեն`

1) առանց բժշկական ցուցումների իրականացվող արտահիվանդանոցային բժշկական օգնությունը և ծառայությունները (բացառությամբ տարեկան կանխարգելիչ բժշկական քննության), ինչպես նաև դրա ընթացքում օգտագործված դեղերի և բժշկական նշանակության ապրանքների արժեքը,

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 375-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների փաթեթի բացառություններում նշված հիվանդությունների և վիճակների արտահիվանդանոցային բուժումը` բացառությամբ ստոմատոլոգիական ծառայությունների:

 

Հավելված 4

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՇԱՀԱՌՈՒԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԲԱԶԱՅԻՆ ՓԱԹԵԹԸ

 

Շահառուի ընտանիքի անդամի առողջության ապահովագրության նվազագույն բազային փաթեթը նախատեսված է Շահառուի ընտանիքի անմիջական անդամի՝ կնոջ կամ ամուսնու և մինչև 27 տարեկան զավակի համար:

Փաթեթը ներառում է`

1) վնասվածքների (կոտրվածքներ, հոդախախտեր, փափուկ հյուսվածքների վնասվածքներ, սալջարդեր և այլն)` հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային ձևով իրականացվող բժշկական օգնությունը և սպասարկումը,

2) արտահիվանդանոցային պայմաններում իրականացվող` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները,

3) Շահառուների հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման մասով վիրահատական և թերապևտիկ բուժումը (բացառությամբ սույն բաժնի 6-րդ կետով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման տեսակների, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված` նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայությունների` բացառությամբ սույն բաժնի 4-րդ կետով նախատեսված դեպքերի),

4) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված` նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայությունների չափորոշչում ընդգրկված`

ա. նյարդավիրաբուժական, այդ թվում` գլխուղեղի անոթային հիվանդությունների էնդովասկուլյար բուժման (ներառյալ միկրոկաթետերի, միկրոպարույրի կամ օնիքսի արժեքը),

բ. սրտի վիրահատական և ներանոթային միջամտությունների իրականացման (ընդ որում, կորոնար անոթների ստենտավորման փոխհատուցումը ներառում է ինչպես դեղապատ, այնպես էլ` ոչ դեղապատ ստենտի արժեքը), այդ թվում` սրտի փականների պրոթեզավորման, սրտի ռիթմը վարող սարքերի իմպլանտացիայի ծառայությունների մասով,

գ. սիներակի (Վ.Կավա/V.Cava) ֆիլտրի տեղադրումը,

դ. սկլերոպլաստիկան և կեռատոպլաստիկան,

ե. մետաղական կոնստրուկցիաների արժեքը` վնասվածքաբանական վիրահատությունների ժամանակ,

զ. լիթոտրիպսիան (հեռահար, պերկուտան, ուրեթերոռենոսկոպիկ),

է. խոշոր հոդերի էնդոպրոթեզավորում` ռեկոնստրուկցիայով, առանց էնդոպրոթեզի արժեքի։

 

Հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումը ներառում են բուժման համար անհրաժեշտ միջոցների ամբողջ ծավալը, այդ թվում`

1) մասնագիտացված կոնսուլտացիաները,

2) հիվանդանոցային բուժման ընթացքում իրականացվող լաբորատոր-գործիքային և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 20-ի N 53-Ն հրամանով հաստատված ցանկում ընդգրկված հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները,

3) անհրաժեշտ դեղերով, բժշկական նշանակության ապրանքներով ապահովումը և բուժական միջամտությունները,

4) հիվանդին հիվանդասենյակով ապահովելը (բացառությամբ հիվանդի կողմից նախընտրած առանձնահատուկ հարմարավետ հիվանդասենյակների արժեքի),

5) աշխատակազմի աշխատանքի վարձատրությունը,

6) կոմունալ և տնտեսական ծախսերը:

4. Փաթեթի շրջանակներում փոխհատուցման ենթակա չեն`

1) արտահիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումը (այդ թվում` ստոմատոլոգիական ծառայությունները),

2) տուբերկուլյոզի, հոգեկան և թմրաբանական հիվանդությունների, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների, նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց հիվանդանոցային փորձաքննության, ուռուցքաբանական հիվանդությունների քիմիաթերապևտիկ, վերականգնողական (այդ թվում` առողջարանային), երիկամային քրոնիկ անբավարարության դեպքում կատարվող հեմոդիալիզի, մանկաբարձական (ծննդօգնություն և հղիության ախտաբանություն), ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները,

3) ֆիզիոթերապևտիկ միջոցառումները և բուժումը,

4) ռեպրոդուկտիվ (վերարտադրողական) ֆունկցիայի և էրեկտիլ դիսֆունկցիայի (իմպոտենցիա) հետ կապված հետազոտությունները և բուժումը, դիսմենորեան, հակաբեղմնավորիչ կոնսերվատիվ միջամտությունները, այդ թվում` ներարգանդային պարույրի (ՆԱՊ) տեղադրումը և հեռացումը, այլ հակաբեղմնավորիչ միջոցները,

5) վերջույթների և դրանց առանձին սեգմենտների պրոթեզավորումը,

6) պրոթեզները, էնդոպրոթեզները, բժշկական սարքավորումները, իմպլանտները, տեսողական և լսողական սարքերը, ինչպես նաև այլ կարգավորիչ բժշկական հարմարանքները: Սույն կետում նշված բացառությունները չեն վերաբերում`

ա. սրտի վիրահատական միջամտություններին,

բ. ներանոթային միջամտություններին,

7) հետևյալ հիվանդությունների բուժումը` քրոնիկ հիվանդություններ, որոնք պահանջում են մշտական ոչ վիրահատական, պահպանողական բուժում և դինամիկ հսկողություն (բացառությամբ դրանց` կյանքին վտանգ սպառնացող անհետաձգելի հիվանդանոցային բուժում պահանջող սրացումների և բարդությունների), այդ թվում` բնածին անոմալիաներ, զարգացման արատներ և այլ անատոմիական առանձնահատկություններ, մանկական ուղեղային կաթված, պարբերական հիվանդություն, էպիլեպսիա, շաքարային դիաբետ, թոքերի էմֆիզեմա, պնևմոսկլերոզ, ողնաշարի միջողային սկավառակների ախտահարումներ, ողնաշարի դեգեներատիվ դիստրոֆիկ փոփոխություններ, օստեոխոնդրոզ, աուտոիմուն և շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ, լյարդային անբավարարություն, քրոնիկական վիրուսակրություն (այդ թվում` վիրուսային հեպատիտները), քրոնիկական բացիլակրություն, քրոնիկական պարազիտակրություն,

8) ապահովագրական ընկերության կողմից իրականացված նախնական բժշկական զննման արդյունքում հայտնաբերված հիվանդությունները` բացառությամբ դրանց` անհետաձգելի հիվանդանոցային բուժում (այդ թվում` սրտի վիրահատական միջամտություններ և նյարդավիրաբուժական ներանոթային միջամտություններ) պահանջող սրացումների և բարդությունների:

(հավելվածը խմբ. 15.04.15 N 17-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.04.2015, N 17-Ն 25.06.2015, N 55-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան