Գլխավոր տեղեկություն
Номер
N 75-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (11.07.2015-16.02.2024)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2014.02.01/3(482) Հոդ.26
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
22.11.2013
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
22.11.2013
Дата вступления в силу
11.02.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

13 հունվարի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 10014011

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

22 նոյեմբերի 2013 թ.

ք. Երևան

N 75-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման 4-րդ կետի «գ» ենթակետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման Հավելված N 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ա» ենթակետը, 12-րդ կետի «դ» ենթակետը.

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և բուժման կազմակերպման չափորոշիչը» համաձայն hավելվածի:

 

Դ. Դումանյան

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թվականի նոյեմբերի 22-ի

N 75-Ն հրամանի

 

Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն չափորոշչով սահմանվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում մարդու իմունային անբավարարության վիրուսի/ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի (այսուհետ` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի) կանխարգելման և բուժման կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

2. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի անվճար տրամադրվող ծառայություններն ընդգրկում են ՄԻԱՎ վարակի վերաբերյալ պարտադիր հետազոտություն, բուժաշխատողների նախաձեռնությամբ ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվություն և հետազոտություն, այցելուի նախաձեռնությամբ (կամավոր) ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվություն և հետազոտություն, ՄԻԱՎ վարակի վերաբերյալ համաճարակաբանական ընթացիկ և ընտրանքային հետազոտություններ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մոնիտորինգ և գնահատում, դիսպանսերային օգնության կազմակերպում, հակառետրովիրուսային (այսուհետ` ՀՌՎ) բուժում, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում, բուժաշխատողների հետկոնտակտային կանխարգելում, մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների սոցիալ-հոգեբանական աջակցություն:

 

II. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԻԱՎ ՎԱՐԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

3. ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվությունը և հետազոտությունը տրամադրվում է բժշկական կազմակերպություններում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանով հաստատված ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվության և հետազոտության կարգի:

4. ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվություն և հետազոտություն տրամադրող բժշկական կազմակերպությունները կազմակերպում են ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտությունը կամ հավաքագրված արյան պահպանումն ու տեղափոխումը ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտություն իրականացնող լաբորատորիաներ:

5. Բուժաշխատողների նախաձեռնությամբ ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվություն և հետազոտություն տրամադրվում է կլինիկական ցուցումներով այցելուներին, բնակչության առավել վտանգի ենթարկվող խմբերի ներկայացուցիչներին (թմրամիջոցների ներարկային օգտագործողներ, տղամարդու հետ սեռական հարաբերություն ունեցող տղամարդիկ, կոմերցիոն սեռական ծառայություն տրամադրող կանայք), ՄԻԱՎ վարակի նկատմամբ խոցելի խմբերի ներկայացուցիչներին (քրեակատարողական հիմնարկներում գտնվողներ, միգրանտներ և նրանց զուգընկերներ), հղիներին, իսկ այցելուի նախաձեռնությամբ ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվություն և հետազոտություն տրամադրվում է խորհրդատվության և հետազոտության դիմած բոլոր անձանց` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանով հաստատված ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվության և հետազոտության կարգի:

6. Քրեակատարողական հիմնարկներում ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվություն և հետազոտություն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 10-ի N 733-Ն որոշումով հաստատված կալանավորված անձանց և դատապարտյալների՝ ՄԻԱՎ վարակի վերաբերյալ բուժաշխատողների կողմից նախաթեստային և հետթեստային խորհրդատվության ու հետազոտության իրականացման կարգի:

(6-րդ կետը փոփ. 27.05.15 N 23-Ն)

7. ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվության և հետազոտության աշխատանքների մեթոդական ղեկավարումն իրականացնում է «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` ՁԻԱՀ-ի ԿՀԿ):

 

III. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԱՆՎՃԱՐ ԴԻՍՊԱՆՍԵՐԱՅԻՆ (ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ) ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ՀԱԿԱՌԵՏՐՈՎԻՐՈՒՍԱՅԻՆ ԲՈՒԺՈՒՄ

 

8. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների դիսպանսերային (շարունակական) հսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանով հաստատված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ժամանակ բուժման և խնամքի ազգային ուղեցույցների համաձայն:

9. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների դիսպանսերային (շարունակական) հսկողություն իրականացնողներն են.

1) Երևան քաղաքում՝ ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի բժիշկը (լաբորատոր հետազոտությունների ողջ ծավալով),

2) մարզերում բնակվող հիվանդի բնակության վայրի կամ մոտակա ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության բժիշկ-վարակաբանը կամ նրան փոխարինող բժիշկը (լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների հարմարեցված ծավալով): Այս դեպքում դիսպանսերային հսկողություն իրականացնող բժիշկն անհրաժեշտության դեպքում հիվանդին կարող է ուղեգրել ՁԻԱՀ-ի ԿՀԿ՝ բժշկի խորհրդատվության և լրացուցիչ հետազոտությունների,

3) մարզերում բնակվող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների դիսպանսերային հսկողությունը, իրենց ցանկությամբ, կարող է իրականացնել ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի բժիշկը (լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների ողջ ծավալով):

10. ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ում դիսպանսերային (շարունակական) հսկողության մեջ գտնվող հիվանդներն անհրաժեշտության դեպքում կարող են արտապլանային կարգով դիմել իրենց բնակության վայրի կամ մոտակա ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության բժիշկ-վարակաբանին կամ նրան փոխարինող բժշկին, որն իրականացնում է ընդհանուր կլինիկական և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ, ուղեկցող հիվանդությունների ախտորոշման դեպքում նշանակում է համապատասխան բուժում, իսկ հակառետրովիրուսային դեղերի կողմնակի ազդեցությունների հայտնաբերման դեպքում` համապատասխան միջոցառումներ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանով հաստատված ՄԻԱՎ վարակով հիվանդ մեծահասակների հակառետրովիրուսային բուժման ու վարման ազգային ուղեցույցի:

(10-րդ կետը փոփ. 27.05.15 N 23-Ն)

11. Քրեակատարողական հիմնարկներում (այսուհետ` ՔԿՀ) գտնվող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների դիսպանսերային (շարունակական) հսկողությունը, այդ թվում՝ ընդհանուր կլինիկական և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները, ուղեկցող հիվանդությունների ախտորոշումը և բուժումը, ՀՌՎ դեղերի տրամադրումը, դրանց կողմնակի ազդեցությունների հայտնաբերման դեպքում համապատասխան միջոցառումների իրականացումը կազմակերպվում են ՔԿՀ բժիշկների կողմից: ՔԿՀ-ից ուղեգրված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների արյան փորձանմուշների իմունաբանական և վիրուսաբանական հետազոտությունները կատարվում են ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ում: ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի մասնագետները ՔԿՀ-ի բժիշկներին տրամադրում են խորհրդատվություն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների վարման հարցերով` պլանային կարգով և ըստ անհրաժեշտության:

12. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մոտ հիվանդության փուլի որոշման, ուղեկցող և օպորտունիստական հիվանդությունների հայտնաբերման, օպորտունիստական վարակների առաջնային կանխարգելման, ՀՌՎ բուժման անհրաժեշտության որոշման, բուժման մշտադիտարկման (մոնիտորինգի) և հակառետրովիրուսային դեղերի կողմնակի ազդեցությունների հայտնաբերման նպատակով կատարվում են կլինիկական և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ, նաև նեղ մասնագետների կոնսուլտացիաներ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանով հաստատված ՄԻԱՎ վարակով հիվանդ մեծահասակների հակառետրովիրուսային բուժման ու վարման ազգային ուղեցույցի:

(12-րդ կետը փոփ. 27.05.15 N 23-Ն)

13. ՀՌՎ բուժումն անվճար է և տրամադրվում է ցուցում ունեցող բոլոր հիվանդներին, որոնք տվել են իրենց համաձայնությունը բուժման վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ստանալուց հետո: Անգործունակ ճանաչված հիվանդներին ՀՌՎ բուժում տրամադրվում է խնամակալի, իսկ երեխաներին` ծնողների կամ օրինական ներկայացուցիչների համաձայնության հիման վրա (համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանով հաստատված ՄԻԱՎ վարակով հիվանդ մեծահասակների հակառետրովիրուսային բուժման ու վարման ազգային ուղեցույցի):

(13-րդ կետը փոփ. 27.05.15 N 23-Ն)

14. Տուբերկուլոզ/ՄԻԱՎ համակցված վարակի դեպքում ՀՌՎ բուժումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանով հաստատված Տուբերկուլոզ/ՄԻԱՎ համակցված վարակով հիվանդների վարման ազգային ուղեցույցի:

(14-րդ կետը փոփ. 27.05.15 N 23-Ն)

15. ՄԻԱՎ/վիրուսային հեպատիտ Բ և հեպատիտ Ց համակցված վարակի դեպքում ՀՌՎ բուժումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանով հաստատված ՄԻԱՎ/վիրուսային հեպատիտ Բ համակցված վարակով հիվանդների վարման, ՄԻԱՎ վարակ և վիրուսային հեպատիտ Ց համավարակ ունեցող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների վարման ազգային ուղեցույցների:

(15-րդ կետը խմբ. 27.05.15 N 23-Ն)

16. Ներարկային թմրամիջոցներ օգտագործող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների ՀՌՎ բուժումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանով հաստատված ներարկային թմրամիջոցներ օգտագործող ՄԻԱՎ վարակով հիվանդ մեծահասակների հակառետրովիրուսային բուժման ու վարման ազգային ուղեցույցի:

(16-րդ կետը փոփ. 27.05.15 N 23-Ն)

17. Մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանով հաստատված մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելման ազգային ուղեցույցի:

18. Հետկոնտակտային կանխարգելումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանով հաստատված ՄԻԱՎ վարակի հետկոնտակտային կանխարգելման ազգային ուղեցույցի:

19. ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ում անվճար բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրի ռազմավարություններին և ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N1091-Ն որոշմանը համապատասխան:

20. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ն իրականացնում է՝

1) ՄԻԱՎ 1/2 հակամարմինների հայտնաբերում իմունաֆերմենտային, արագ թեստավորման, ռեֆերենսային մեթոդներով, ՄԻԱՎ-ի նկատմամբ խորհրդատվություն, համաճարակաբանական հետազոտություն,

2) ՄԻԱՎ վարակով հիվանդի դիսպանսերային հսկողություն, այդ թվում` բուժում հակառետրովիրուսային դեղերով, բուժման մոնիտորինգ, օպորտունիստական և համակցված վարակների, սեռավարակների, տուբերկուլոզի ախտորոշում, օպորտունիստական հիվանդությունների կանխարգելում և արտահիվանդանոցային բուժում, բժշկական, սոցիալ-հոգեբանական, իրավաբանական խորհրդատվության տրամադրում, ուղեկցող հիվանդությունների կապակցությամբ նեղ մասնագիտական բժշկական օգնության և սպասարկման կազմակերպում և ուղեգրում,

3) մորից երեխային ՄԻԱՎ վարակի փոխանցման կանխարգելում,

4) ՄԻԱՎ վարակի հետկոնտակտային կանխարգելում,

5) ՄԻԱՎ վարակի վերաբերյալ համաճարակաբանական ընթացիկ և ընտրանքային հետազոտություններ,

6) ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրի մոնիտորինգ և գնահատում,

7) հանրապետության տարածքում գործող բժշկական կազմակերպություններին կազմակերպամեթոդական օգնության տրամադրում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ խորհրդատվության, հետազոտության, բուժման, կանխարգելման, մոնիտորինգի, գնահատման և այլ հարցերով,

8) բժշկական խորհրդատվության տրամադրում բժշկական կազմակերպություններում գտնվող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների ախտորոշման և վարման հարցերով,

9) տեխնիկական աջակցության և մեթոդական օգնության տրամադրում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ծրագրեր իրականացնող կազմակերպություններին:

(20-րդ կետը խմբ. 27.05.15 N 23-Ն)

 

IV. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

21. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանով հաստատված պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման չափորոշչի համաձայն:

22. ՄԻԱՎ վարակով չպայմանավորված ախտաբանական վիճակների և հիվանդությունների հետ կապված, ինչպես նաև ՄԻԱՎ վարակով պայմանավորված ինտենսիվ և նեղ մասնագիտական ստացիոնար բուժման կարիք ունեցող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է ընդհանուր հիմունքներով բազմապրոֆիլ բժշկական կազմակերպությունների համապատասխան բաժանմունքներում:

 

V. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԼԱԲՈՐԱՏՈՐ-ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

23. ՄԻԱՎ վարակի հայտնաբերման և հաստատման հետազոտությունները, ինչպես նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն անվճար են:

24. ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտություններ իրականացնում են համապատասխան լիցենզավորում ունեցող բժշկական կազմակերպությունները:

25. ՄԻԱՎ վարակի ախտորոշման գործընթացն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանով հաստատված ՄԻԱՎ-ի վերաբերյալ իմունաբանական հետազոտություն կատարող լաբորատորիաների աշխատանքի կազմակերպման և անվտանգության ապահովման կարգի:

(25-րդ կետը փոփ. 27.05.15 N 23-Ն)

26. ՄԻԱՎ վարակի վերաբերյալ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներն իրենց աշխատանքները կազմակերպում են համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանով հաստատված ՄԻԱՎ-ի վերաբերյալ իմունաբանական հետազոտություն կատարող լաբորատորիաների աշխատանքի կազմակերպման և անվտանգության ապահովման կարգի:

(26-րդ կետը փոփ. 27.05.15 N 23-Ն)

27. ՄԻԱՎ վարակի վերաբերյալ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ իրականացնող լաբորատորիաները հետազոտությունների մասին հաշվետվություններ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի հոկտեմբերի 4-ի N 16-Ն հրամանով հաստատված մարդու իմունային անբավարարության վիրուսի վերաբերյալ հետազոտությունների արդյունքների մասին հաշվետվության ձև 88-ի:

 

VI. ՄԻԱՎ ՎԱՐԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

28. ՄԻԱՎ վարակի վերաբերյալ համաճարակաբանական հետազոտություններն իրականացվում են ընթացիկ հետազոտությունների և պարբերաբար անցկացվող ընտրանքային կենսաբանական և վարքագծային հետազոտությունների միջոցով: Նշված հետազոտություններն իրականացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանով հաստատված ՄԻԱՎ վարակի վերաբերյալ համաճարակաբանական հետազոտությունների ազգային ուղեցույցի և ՄԻԱՎ վարակի վերաբերյալ համաճարակաբանական հետազոտությունների գործնական աշխատանքների ձեռնարկի:

 

VII. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի ՄՈՆԻՏՈՐԻՆԳ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄ

 

29. ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ն իրականացնում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրի ընթացիկ մոնիտորինգ և գնահատում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 7-ի N 232-Ն որոշման:

(29-րդ կետը փոփ. 27.05.15 N 23-Ն)

 

VIII. ԴՈՆՈՐԱԿԱՆ ԱՐՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՄԻԱՎ-ՈՎ ՎԱՐԱԿՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ

 

30. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ՄԻԱՎ վարակի վերաբերյալ դոնորական արյան և դրա բաղադրամասերի հետազոտությունն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանով հաստատված պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում դոնորական արյան հավաքագրման և դրան առնչվող ծառայությունների ձեռքբերման, հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններում փոխներարկումային բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման չափորոշչի:

 

IX. ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԻԱՎ ՎԱՐԱԿԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԵՎ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԱՐԱԿՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ

 

31. Մասնագիտական վարակման վտանգի ենթարկված բուժաշխատողների հետկոնտակտային կանխարգելումն իրականացվում է ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ում՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանով հաստատված ՄԻԱՎ վարակի հետկոնտակտային կանխարգելման ազգային ուղեցույցի:

 

X. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

32. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից մահացած հիվանդների ախտաբանաանատոմիական հետազոտությունները կազմակերպվում են համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամաններով հաստատված ՄԻԱՎ վարակի կամ ՁԻԱՀ-ի կասկածի դեպքում աուտոպսիկ հետազոտությունների կատարման մասին հրահանգի, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ախտաբանաանատոմիական հետազոտությունների կազմակերպման չափորոշչի շրջանակներում:

 

XI. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ԻՆ ՀԱԿԱԶԴՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ, ՂԵԿԱՎԱՐՈՒՄ, ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

 

33. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրով նախատեսված միջոցառումների ընդհանուր համակարգումն իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի միջոցառումները համակարգող հանձնաժողովը:

34. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող միջոցառումները համակարգում են այդ մարմինների համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումները և պատասխանատու անձինք:

 

XII. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ

 

35. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մատուցված ծառայության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին յուրաքանչյուր տարի ընդունվող օրենքով:

36. Բժշկական կազմակերպությունները ֆինանսավորվում են մատուցված ծառայությունների փոխհատուցմամբ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված տվյալ տարվա բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման նորմատիվների և միջինացված գների` ըստ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և բժշկական հաստատությունների միջև կնքված պայմանագրերի:

(հավելվածը փոփ., խմբ. 27.05.15 N 23-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.01.2024, N 48-Ն 16.02.2024, N 75-Ն
27.05.2015, N 23-Ն 11.07.2015, N 75-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան