Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների և մասնակիցների, ինչպես նաև նրանց հավասարեցված անձանց համար արտոնյալ երթևեկության իրավունքների փոխադարձ ճանաչման մասին
Սույն Համաձայնագրի մասնակից պետությունների Կառավարությունները, այսուհետ` Կողմեր,
գիտակցելով Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների և մասնակիցների, ինչպես նաև նրանց հավասարեցված անձանց սոցիալական պաշտպանության վիթխարի կարևորությունը,
սույն Համաձայնագրի մասնակից պետությունների տարածքներով նրանց տեղաշարժումը ապահովելու նպատակով,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հ ո դ վ ա ծ 1
Սույն Համաձայնագրի գործողությունը տարածվում է Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների և մասնակիցների, ինչպես նաև նրանց հավասերցված անձանց վրա, որով սահմանված են տրանսպորտի համապատասխան տեսակներով երթևեկության արտոնություններ` համաձայն 1-ին, 2-րդ, 3-րդ հավելվածների:
Հ ո դ վ ա ծ 2
Հայրենական մեծ պատերազմի առաջին և երկրորդ խմբի հաշմանդամներին և նրանց հավասարեցված անձանց տրամադրվում է սույն Համաձայնագրի մասնակից պետությունների տարածքներով, տարին մեկ անգամ (դեպի և հետ) երկաթուղով կամ գետային նավատորմի տարանցիկ և տեղական ուղիների նավերով անվճար երթևեկության իրավունք և օդային, ջրային կամ միջքաղաքային ավտոմոբիլային տրանսպորտով` 50% զեղչով: Խորհրդային Միության հերոսներին և Փառքի երեք աստիճանների շքանշանով պարգևատրված անձանց տրամադրվում է տրանսպորտի նշված տեսակներով տարին մեկ անգամ (դեպի և հետ) անվճար երթևեկության իրավունք:
Հայրենական մեծ պատերազմի երրորդ խմբի հաշմանդամներին և նրանց հավասարեցված անձանց տրամադրվում է օդային, ջրային կամ միջքաղաքային ավտոմոբիլային տրանսպորտով 50% զեղչով տարին մեկ անգամ երթևեկելու (դեպի և հետ) իրավունք:
Պահպանվում են Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին և նրանց հավասարեցված անձանց համար օդային, ջրային, երկաթուղային և միջքաղաքային ավտոմոբիլային տրանսպորտով երթևեկության վճարման սեզոնային արտոնությունները (հոկտեմբերի 1-ից մայիսի 15-ը):
Հայրենական մեծ պատերազմի առաջին խմբի հաշմանդամներին և նրանց հավասարեցված անձանց ուղևորության ժամանակ ուղեկցող անձանց տրամադրվում է 50% զեղչ երկաթուղային, ջրային, օդային և միջքաղաքային ավտոմոբիլային տրանսպորտով երթևեկելու ժամանակ:
Հ ո դ վ ա ծ 3
Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին և նրանց հավասարեցված անձանց, նախկին ԽՍՀՄ պաշտպանության կամ զինվորական ծառայության այլ պարտականությունների կատարման ժամանակ վիրավորվելու, կոնտուզիայի կամ վնասվածքների հետևանքով, կամ ճակատում գտնվելու հետ կապված հիվանդության հետևանքով զոհված զինծառայողների ծնողներին և կանանց տրամադրվում է երկաթուղային, ջրային, օդային կամ միջքաղաքային ավտոմոբիլային տրանսպորտով տարեկան մեկ անգամ երթևեկության (դեպի և հետ) արժեքի 50% զեղչի իրավունք:
Հ ո դ վ ա ծ 4
Սույն Համաձայնագրի 2-րդ և 3-րդ հոդվածներում նշված անձանց, ըստ իրենց ցանկության, երկաթուղային, ջրային, օդային կամ միջքաղաքային ավտոմոբիլային տրանսպորտով տարին մեկ անգամ իրենց հասանելիք 50% զեղչով երթևեկության (դեպի և հետ) փոխարեն, տրամադրվում է երկու տարին մեկ անգամ տրանսպորտի նշված տեսակներով անվճար երթևեկության (դեպի և հետ) իրավունք:
Հ ո դ վ ա ծ 5
Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին և մասնակիցներին, ինչպես նաև նրանց հավասարեցված անձանց և հավելված 3-ին համապատասխան այլ անձանց, անկախ նրանց բնակության վայրից, տրամադրվում է քաղաքային և մերձքաղաքային ուղևորատար տրանսպորտով անվճար երթևեկության իրավունք:
Հ ո դ վ ա ծ 6
Տրանսպորտային կազմակերպությունները ապահովում են սույն Համաձայնագրում նշված անձանց սպասարկման արտոնյալ պայմաններով` անկախ նրանց բնակության վայրից:
Հ ո դ վ ա ծ 7
Երթևեկության արտոնյալ տոմսի ձեռքբերման համար հիմք են հանդիսանում նախկին ԽՍՀՄ համապատասխան մարմինների կամ Կողմերի տված երթևեկության համար արտոնյալ վկայագիրը և կտրոնների թերթիկը 1992 թվականի հունվարի 1-ի դրությամբ գործող ձևով, արտոնյալ երթևեկության իրավունք ունեցող անձի մշտական բնակության վայրով:
Հ ո դ վ ա ծ 8
Սույն Համաձայնագրում նշված անձանց երթևեկության արժեքի վճարման հետ կապված ծախսերի փոխհատուցումը տրանսպորտային կազմակերպությունները իրականացնում են Կողմերի ազգային օրենսդրություններին համապատասխան:
Հ ո դ վ ա ծ 9
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Համաձայնագիրը բաց է սույն Համաձայնագրի նպատակները և սկզբունքները կիսող այլ պետությունների կողմից միանալու համար:
Կատարված է Մոսկվա քաղաքում 1993 թվականի մարտի 12-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության կառավարության արխիվում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած պետություններին կուղարկի Համաձայնագրի հաստատված պատճենները:
Հավելված 1
Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների և մասնակիցների,
ինչպես նաև նրանց հավասարեցված անձանց
համար արտոնյալ երթևեկության իրավունքների
փոխադարձ ճանաչման մասին 1993 թվականի
մարտի 12-ի Համաձայնագրին կից
Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին միջքաղաքային տրանսպորտով երթևեկելու համար արտոնություններով հավասարեցված քաղաքացիների կատեգորիաներ
1. Առաջին համաշխարհային և քաղաքացիական պատերազմների հաշմանդամները:
2. Զինածառայողների թվից հաշմանդամները, ովքեր հաշմանդամ են դարձել նախկին ԽՍՀՄ պաշտպանության կամ զինվորական ծառայության այլ պարտականությունների կատարման ժամանակ վիրավորվելու, կոնտուզիայի կամ վնասվածքների հետևանքով կամ ճակատում գտնվելու հետ կապված հիվանդության հետևանքով զոհված զինծառայողների ծնողներին և կանանց տրամադրվում է երկաթուղային, ջրային, օդային կամ միջքաղաքային ավտոմոբիլային տրանսպորտով տարեկան մեկ անգամ երթևեկության (դեպի և հետ) արժեքի 50% զեղչի իրավունք,
հաշմանդամներ` նախկին ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության և պետական անվտանգության կոմիտեի մարմինների ղեկավար և շարքային կազմի անձանց թվից, ովքեր հաշմանդամ են դարձել ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ վիրավորվելու, կոնտուզիայի կամ վնասվածքների հետևանքով,
հաշմանդամներ` ոչնչացնող գումարտակների, դասակների և ջոկատների մարտիկների ու հրամանատարական կազմի թվից, որոնք 1944 թվականի հունվարի 1-ից մինչև 1951 թվականի դեկտեմբերի 31-ը գործել են նախկին Ուկրաինական ԽՍՀ, Բելառուսական ԽՍՀ, Լիտվական ԽՍՀ, Լատվիական ԽՍՀ, Էստոնական ԽՍՀ և հաշմանդամ եմ դարձել այդ գումարտակներում, դասակներում և ջոկատներում ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ վիրավորվելու, կոնտուզիայի կամ վնասվածքների հետևանքով:
Հավելված 2
Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների և մասնակիցների,
ինչպես նաև նրանց հավասարեցված անձանց
համար արտոնյալ երթևեկության իրավունքների
փոխադարձ ճանաչման մասին 1993 թվականի
մարտի 12-ի Համաձայնագրին կից
Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին միջքաղաքային տրանսպորտով երթևեկելու համար արտոնություններով հավասարեցված քաղաքացիների կատեգորիաներ
1. Քաղաքացիական պատերազմի և նախկին ԽՍՀՄ պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները` գործող բանակի կազմի մեջ մտնող զորամասերում, շտաբներում և հաստատություններում ծառայություն անցած զինծառայողների թվից և նախկին պարտիզանները:
2. Կամավոր հավաքագրված Խորհրդային բանակի, Ռազմածովային նավատորմի, նախկին ԽՍՀՄ ներքին գործերի և պետական անվտանգության մարմինների թվից անձինք, ովքեր Հայրենական մեծ պատերազմի ժամանակամիջոցում հաստիքային պաշտոններ են զբաղեցրել գործող բանակի կազմի մեջ մտնող զորամասերում, շտաբներում և հաստատություններում, կամ անձինք, ովքեր այդ ժամանակաընթացքում գտնվել են քաղաքներում, որոնց պաշտպանության մասնակցությունը համարվել է որպես արտոնյալ պայմաններով կենսաթոշակի նշանակման համար տարիների հաշվառում` սահմանված գործող բանակի զորամասերի զինծառայողների համար:
3. Այն զինծառայողների ծնողները և կանայք, ովքեր զոհվել են նախկին ԽՍՀՄ պաշտպանության կամ զինվորական ծառայության այլ պարտականությունների կատարման ժամանակ վիրավորվելու, կոնտուզիայի կամ վնասվածքների հետևանքով կամ ճակատում գտնվելու հետ կապված հիվանդության հետևանքով:
4. Նախկին Լենինգրադ քաղաքի ձեռնարկություններում, հաստատություններում և կազմակերպություններում 1941 թվականի սեպտեմբերի 8-ից մինչև 1944 թվականի հունվարի 27-ը ընկած ժամանակահատվածում աշխատած և «Լենինգրադի պաշտպանության համար» շքանշանով, ինչպես նաև «Շրջափակված Լենինգրադի բնակչին» նշանով պարգևատրված անձինք:
5. Աֆղանստանում կամ այլ երկրներում, որտեղ մարտական գործողություններ են վարվել մարտական գործողությունների ժամանակ վիրավորված, կոնտուզիա կամ վնասվածքներ ստացած զինծառայողները, բանվորները և ծառայողները:
6. Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակահատվածում ֆաշիստների և նրանց դաշնակիցների կողմից ստեղծված համակենտրոնացման ճամբարների, առանձնաթաղերի և հարկադիր պահման այլ վայրերի անչափահաս կալանավորները:
7. Դիմադրության հակաֆաշիստական շարժման նախկին մասնակիցները:
8. Հատուկ կազմավորումների նախկին աշխատակիցները, ովքեր Հայրենական մեծ պատերազմի ընթացքում տեղափոխվել են այն անձանց կարգավիճակի, ովքեր գտնվել են Կարմիր բանակի շարքերում և իրականացրել են խնդիրներ՝ ի շահ գործող ճակատների կամ գործող նավատորմերի օպերատիվ գոտիների:
Հավելված 3
Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների և մասնակիցների,
ինչպես նաև նրանց հավասարեցված անձանց
համար արտոնյալ երթևեկության իրավունքների
փոխադարձ ճանաչման մասին 1993 թվականի
մարտի 12-ի Համաձայնագրին կից
Քաղաքային և արվարձանային տրանսպորտով անվճար երթևեկության իրավունք ունեցող քաղաքացիների կատեգորիաներ
1. Անձինք, ովքեր անվճար երթևեկության իրավունք ունեն քաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներով (բացի տաքսիից) և ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով (բացի տաքսիից) բնակության վայրի վարչական շրջանի սահմաններում գյուղական վայրերում.
1.1. Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամները և նրանց հավասարեցված անձինք,
1.2. Հայրենական մեծ պատերազմի առաջին խմբի հաշմանդամներին և նրանց հավասարեցված անձանց ուղևորության ժամանակ ուղեկցող անձինք,
1.3. Խորհրդային Միության հերոսները և Երեք աստիճանի փառքի շքանշանով պարգևատրված անձինք,
1.4. գործող բանակի կազմի մեջ մտնող զորամասերում, շտաբներում և հաստատություններում ծառայություն անցած զինծառայողների թվից քաղաքացիական և Հայրենական մեծ պատերազմների, նախկին ԽՍՀՄ պաշտպանությանն ուղղված մարտական գործողությունների մասնակիցները և նախկին պարտիզանները,
1.5. կամավոր հավաքագրված Խորհրդային բանակի, Ռազմածովային նավատորմի, նախկին ԽՍՀՄ ներքին գործերի և պետական անվտանգության մարմինների թվից անձինք, ովքեր Հայրենական մեծ պատերազմի ժամանակամիջոցում հաստիքային պաշտոններ են զբաղեցրել գործող բանակի կազմի մեջ մտնող զորամասերում, շտաբներում և հաստատություններում, կամ անձինք, ովքեր այդ ժամանակաընթացքում գտնվել են քաղաքներում, որոնց պաշտպանության մասնակցությունը համարվել է որպես արտոնյալ պայմաններով կենսաթոշակի նշանակման համար տարիների հաշվառում` սահմանված գործող բանակի զորամասերի զինծառայողների համար,
1.6. Աֆղանստանի Հանրապետությունում, այլ երկրների տարածքներում մարտական գործողություններին մասնակցած նախկին զինծառայող-ինտերնացիոնալիստների թվից անձինք,
1.7. Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքում անձնազոհ աշխատանքի և անբասիր զինվորական ծառայության համար նախկին ԽՍՀՄ շքանշաններով պարգևատրված անձինք,
1.8. այն զինծառայողների ծնողները և կանայք, ովքեր զոհվել են նախկին ԽՍՀՄ պաշտպանության կամ զինվորական ծառայության այլ պարտականությունների կատարման ժամանակ վիրավորվելու, կոնտուզիայի կամ վնասվածքների հետևանքով կամ ճակատում գտնվելու հետ կապված հիվանդության հետևանքով,
1.9. նախկին Լենինգրադ քաղաքի ձեռնարկություններում, հաստատություններում և կազմակերպություններում 1941 թվականի սեպտեմբերի 8-ից մինչև 1944 թվականի հունվարի 27-ը ընկած ժամանակահատվածում աշխատած և «Լենինգրադի պաշտպանության համար» շքանշանով, ինչպես նաև «Շրջափակված Լենինգրադի բնակչին» նշանով պարգևատրված անձինք,
1.10. դիմադրության հակաֆաշիստական շարժման նախկին մասնակիցները,
1.11. հատուկ կազմավորումների նախկին աշխատակիցները, ովքեր Հայրենական մեծ պատերազմի ընթացքում տեղափոխվել են այն անձանց կարգավիճակի, ովքեր գտնվել են Կարմիր բանակի շարքերում և իրականացրել խնդիրներ՝ ի շահ գործող ճակատների կամ գործող նավատորմերի օպերատիվ գոտիների:
2. Արվարձանային հաղորդակցության տրանսպորտի բոլոր տեսակներով անվճար երթևեկության իրավունք ունեցող անձինք (բացի տաքսիից).
2.1. Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամները և նրանց հավասարեցված անձինք,
2.2. Հայրենական մեծ պատերազմի առաջին խմբի հաշմանդամներին և նրանց հավասարեցված անձանց ուղեկցող անձինք (մեկ ուղեկցողից ոչ ավել),
2.3. Քաղաքացիական պատերազմի և նախկին ԽՍՀՄ պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները` գործող բանակի կազմի մեջ մտնող զորամասերում, շտաբներում և հաստատություններում ծառայություն անցած զինծառայողների թվից և նախկին պարտիզանները,
2.4. դիմադրության հակաֆաշիստական շարժման նախկին մասնակիցները:
3. Արվարձանային հաղորդակցության ավտոբուսներով անվճար երթևեկության իրավունք ունեցող անձինք.
3.1. Խորհրդային Միության հերոսները և Երեք աստիճանի փառքի շքանշանով պարգևատրված անձինք,
3.2. Աֆղանստանի Հանրապետությունում, այլ երկրների տարածքներում մարտական գործողություններին մասնակցած նախկին զինծառայող-ինտերնացիոնալիստների թվից անձինք:
*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականի մարտի 12-ից: