Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Ինկորպորացիա (11.05.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Дата принятия
12.11.2014
Дата подписания
12.11.2014

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ ԳԱՂՏՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ԴՐԱ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. ԵՎՏՄԱՊ 17.12.21)

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,

հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի

մայիսի 29-ի պայմանագրի վրա (այսուհետ՝ Պայմանագիր),

համաձայնեցին հետևյալի մասին.

(նախաբանը խմբ. ԵՎՏՄԱՊ 17.12.21) 

 

Հոդված 1

 

1. Սույն Համաձայնագիրը տարածվում է Պայմանագրի իրագործման շրջանակներում գաղտնի տեղեկատվության պաշտպանության հետ կապված և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով), Անդամ պետությունների պետական իշխանության մարմինների, անդամ պետությունների իրավաբանական և ֆիզիկական անձանց մասնակցությամբ հարաբերությունների վրա:

2. Սույն Համաձայնագիրը չի տարածվում անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան պետական գաղտնիքի (պետական գաղտնիքների) շարքին դասվող տեղեկատվության պաշտպանության հետ կապված հարաբերությունների վրա:

(1-ին հոդվածը փոփ. ԵՎՏՄԱՊ 17.12.21) 

 

 

Հոդված 2

 

Սույն Համաձայնագրի նպատակներով գործածվում են հետևյալ հասկացությունները՝

«տեղեկատվություն»՝ տեղեկություններ (հաղորդումներ, տվյալներ)՝ անկախ դրանց ներկայացնելու ձևից,

«գաղտնի տեղեկատվություն»՝ առանց հակասելու սույն Համաձայնագրի 1-ին հոդվածի 2-րդ կետին՝ տեղեկատվության բոլոր տեսակները, որոնց հասանելիությունը սահմանափակված է Կողմերի նորմատիվ իրավական ակտերին համապատասխան անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերով,

«գաղտնի տեղեկատվության տիրապետող»՝ անձ, որն օրինական հիմքով տիրապետում է գաղտնի տեղեկատվության և սահմանափակել է այդ տեղեկատվության հասանելիությունը,

«գաղտնի տեղեկատվության պաշտպանություն»՝ իրավական, կազմակերպական և տեխնիկական միջոցների ձեռնարկում՝ ուղղված անիրավաչափ հրապարակման, հասանելիության, ոչնչացման, փոփոխման, պատճենման և այդպիսի տեղեկատվության նկատմամբ այլ անիրավաչափ գործողությունների բացառմանը,

«գաղտնի տեղեկատվության հրապարակում»՝ գործողություններ (անգործություն), որոնց արդյունքում ցանկացած հնարավոր տեսքով (բանավոր, գրավոր, այլ տեսքով, այդ թվում՝ տեխնիկական միջոցների օգտագործմամբ) գաղտնի տեղեկատվությունը հայտնի է դառնում երրորդ անձանց՝ առանց գաղտնի տեղեկատվության տիրապետողի գրավոր համաձայնության՝ բացառությամբ սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի 5-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի,

«հասանելիություն գաղտնի տեղեկատվությանը»՝ գաղտնի տեղեկատվությունը ստանալու և այն օգտագործելու հնարավորություն։

Սույն Համաձայնագրում գործածվող մյուս հասկացությունները կիրառվում են Պայմանագրով սահմանված իմաստներով։

(2-րդ հոդվածը փոփ. ԵՎՏՄԱՊ 17.12.21)  

 

Հոդված 3

 

1. Գաղտնի տեղեկատվության պաշտպանության նպատակով, որը Հանձնաժողովի կողմից օգտագործվում է մրցակցության այն ընդհանուր կանոնների պահպանման նկատմամբ հսկողության լիազորությունների իրականացման շրջանակներում, որոնց խախտումը բացասական ազդեցություն է թողնում կամ կարող է թողնել երկու և ավելի անդամ պետությունների տարածքում անդրսահմանային շուկաներում մրցակցության վրա, Պայմանագրի XVIII բաժնին (այսուհետ՝ մրցակցության կանոններ) և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից սահմանված՝ Շուկան անդրսահմանայինների շարքին դասելու չափորոշիչներին համապատասխան Հանձնաժողովը ձեռնարկում է գաղտնի տեղեկատվության պաշտպանությանն ուղղված միջոցներ, որոնք ողջամտորեն բավարար են ճանաչվում, եթե՝

1) բացառվում է երրորդ անձանց հասանելիությունը գաղտնի տեղեկատվությանը՝ առանց դրա տիրապետողի համաձայնության,

2) ապահովվում է Հանձնաժողովի կողմից գաղտնի տեղեկատվության օգտագործման՝ դրա հրապարակումը բացառող հնարավորությունը։

2. Գաղտնի տեղեկատվության պաշտպանությանն ուղղված միջոցներով պետք է ապահովվի՝

1) գաղտնի տեղեկատվության հասանելիության կարգի և դրա հետ վարվելու կարգի խախտման հնարավորության կանխարգելումը,

2) գաղտնի տեղեկատվության չարտոնված հասանելիության և (կամ) գաղտնի տեղեկատվությանը հասանելիության իրավունք չունեցող անձանց՝ դրա փոխանցման կանխումը,

3) գաղտնի տեղեկատվության չարտոնված հասանելիության ժամանակին հայտնաբերումը և կասեցումը,

4) գաղտնի տեղեկատվության պաշտպանվածության մակարդակի ապահովման նկատմամբ մշտական հսկողությունը,

5) գաղտնի տեղեկատվության մշակման տեխնիկական միջոցների վրա ազդեցության չթույլատրումը, որի արդյունքում խախտվում է դրանց գործառությունը,

6) գաղտնի տեղեկատվությանը հասանելիություն ստացած անձանց և այն անձանց հաշվառումը, որոնց տրամադրվել կամ փոխանցվել է գաղտնի տեղեկատվությունը։

3. Մրցակցության կանոնների պահպանման նկատմամբ հսկողության լիազորությունների իրականացման շրջանակներում Հանձնաժողովի կողմից օգտագործվող գաղտնի տեղեկատվության պաշտպանության ընթացակարգերը սահմանվում են Հանձնաժողովի խորհրդի կողմից հաստատվող՝ սահմանափակ տարածման փաստաթղթերի (գաղտնի և ծառայողական օգտագործման) հետ աշխատելու կարգում (այսուհետ՝ Սահմանափակ տարածման փաստաթղթերի հետ աշխատելու կարգ)։

4. Սահմանափակ տարածման փաստաթղթերի հետ աշխատելու կարգը պետք է պարունակի դրույթներ, որոնցով, ի թիվս այլոց, կանոնակարգվում է՝

1) գաղտնի տեղեկատվություն պարունակող մտից և ելից փաստաթղթերի հետ աշխատանքը,

2) գաղտնի տեղեկատվություն պարունակող փաստաթղթերի հաշվառումը, պահպանումը և փոխանցումը,

3) գործավարության իրականացումը խորհրդակցությունների ընթացքում գաղտնի տեղեկատվություն քննարկելիս,

4) մրցակցության կանոնների խախտման վերաբերյալ գործերի՝ գաղտնի տեղեկատվություն պարունակող նյութերին ծանոթանալը (այդ թվում՝ գործերի քննությանը մասնակցող անձանց կողմից),

5) գաղտնի տեղեկատվության չհրապարակման պարտավորության և սահմանափակ տարածման փաստաթղթերի հետ աշխատելու կարգի խախտման փաստերով ծառայողական ստուգման անցկացումը,

6) գաղտնի տեղեկատվությանը հասանելիություն ստացած անձանց և այն անձանց հաշվառումը, որոնց տրամադրվել կամ փոխանցվել է գաղտնի տեղեկատվությունը։

5. Գաղտնի տեղեկատվությունը, որը մրցակցության կանոնների պահպանման նկատմամբ հսկողության լիազորությունների իրականացման շրջանակներում Հանձնաժողովն ստացել է անդամ պետությունների իրավաբանական և ֆիզիկական անձանցից, անդամ պետությունների պետական իշխանության այն մարմիններից, որոնց իրավասության մեջ է մտնում մրցակցային (հակամենաշնորհային) քաղաքականության իրականացումը (այսուհետ՝ լիազորված մարմիններ), և անդամ պետությունների պետական իշխանության այլ մարմիններից, կարող է Հանձնաժողովի կողմից օգտագործվել բացառապես այն նպատակներով, որոնց համար այդ տեղեկատվությունը ներկայացվել է:

Անդամ պետությունների իրավաբանական և ֆիզիկական անձանցից ու անդամ պետությունների պետական իշխանության մարմիններից ստացված գաղտնի տեղեկատվության փոխանցումը Հանձնաժողովի կողմից երրորդ անձանց հնարավոր է միայն դրա տիրապետողի գրավոր համաձայնությամբ՝ բացառությամբ լիազորված մարմիններին գաղտնի տեղեկատվության փոխանցման դեպքի՝ Պայմանագրին համապատասխան նրանց վրա դրված լիազորությունների իրականացման նպատակներով:

Մի անդամ պետության լիազորված մարմնի կողմից ստացված գաղտնի տեղեկատվության փոխանցումը Հանձնաժողովի կողմից մյուս անդամ պետության լիազորված մարմնին հնարավոր է միայն գաղտնի տեղեկատվությունը տրամադրած լիազորված մարմնի գրավոր համաձայնությամբ:

6. Տեղեկատվությունը կորցնում է գաղտնի լինելու կարգավիճակը, եթե անձանց անորոշ շրջանակին այդպիսի տեղեկատվությանն ազատ հասանելիություն է տրամադրվել դրա տիրապետողի կողմից:

(3-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. ԵՎՏՄԱՊ 17.12.21) 

 

Հոդված 4

 

1. Մրցակցության կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելիս՝

1) Հանձնաժողովի անդամները գաղտնի տեղեկատվությանը հասանելիություն ունեն լրիվ ծավալով,

2) Հանձնաժողովի պաշտոնատար անձինք և աշխատակիցները գաղտնի տեղեկատվությանը հասանելիություն ունեն այն ծավալով, որն անհրաժեշտ է իրենց պաշտոնեական պարտականությունների կատարման համար:

2. Մրցակցության կանոնների խախտման վերաբերյալ դիմումները (նյութերը) քննության առնելու, մրցակցության կանոնների խախտման ուսումնասիրություն իրականացնելու, մրցակցության կանոնների խախտման վերաբերյալ գործերը քննության առնելու, ինչպես նաև մրցակցության կանոնների պահպանման նկատմամբ հսկողության իրականացման հետ կապված այլ ընթացակարգային գործողությունների կատարման շրջանակներում գաղտնի տեղեկատվությանը հասանելիություն ունեցող Հանձնաժողովի պաշտոնատար անձինք և աշխատակիցները որոշվում են Հանձնաժողովի կոլեգիայի՝ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով պատասխանատու անդամի կողմից։

3. Սույն Համաձայնագրով Հանձնաժողովի կոլեգիայի անդամների վրա դրվում է պաշտոնեական պարտականությունների կատարման արդյունքում իրենց հայտնի դարձած գաղտնի տեղեկատվությունը չհրապարակելու պարտավորություն:

Հանձնաժողովի պաշտոնատար անձինք և աշխատակիցները պարտավոր են ստորագրել և պահպանել պաշտոնեական պարտականությունների կատարման արդյունքում իրենց հայտնի դարձած գաղտնի տեղեկատվությունը չհրապարակելու պարտավորություն, որն աշխատանքային պայմանագրի պարտադիր առդիրն է կազմում:

(4-րդ հոդվածը փոփ. ԵՎՏՄԱՊ 17.12.21) 

 

Հոդված 5

 

Հանձնաժողով ուղարկվող և Հանձնաժողովից դուրս եկող՝ գաղտնի տեղեկատվություն պարունակող նյութական կրիչների և փաստաթղթերի վրա դրվում է «Գաղտնի» կամ «Առևտրային գաղտնիք», «Ծառայողական օգտագործման համար» («ԾՕՀ») դրոշմագիրը:

Այն դեպքում, երբ անդամ պետությունները «Առևտրային գաղտնիք» (սահմանվում է անդամ պետությունների ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց կողմից), «Ծառայողական օգտագործման համար» («ԾՕՀ») (սահմանվում է անդամ պետությունների պետական մարմինների կողմից) դրոշմագրերով նյութական կրիչներ են ուղարկում Հանձնաժողով, այդպիսի կրիչները ճանաչվում են «Գաղտնի» դրոշմագիր ունեցող:

Այն դեպքում, երբ անդամ պետությունները Հանձնաժողովից «Գաղտնի» դրոշմագիր ունեցող նյութական կրիչներ են ստանում, այդպիսի կրիչները ճանաչվում են «Առևտրային գաղտնիք» (անդամ պետությունների ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց համար), «Ծառայողական օգտագործման համար» («ԾՕՀ») (անդամ պետությունների պետական մարմինների համար) դրոշմագիր ունեցող:

Գաղտնի տեղեկատվություն պարունակող նյութական կրիչների, փաստաթղթերի՝ Հանձնաժողովին փոխանցումը և Հանձնաժողովից ուղարկումն իրականացվում է փոստային կապի միջոցով (պատվիրված կամ արժեքավոր փոստային առաքանիներով), ինչպես նաև ֆելդեգերական կապի կամ սուրհանդակի միջոցով։

(5-րդ հոդվածը փոփ. ԵՎՏՄԱՊ 17.12.21) 

 

Հոդված 6

 

1. Սահմանափակ տարածման փաստաթղթերի հետ աշխատելու կարգի խախտումը, որը պատճառ չի դարձել և չի հանգեցրել գաղտնի տեղեկատվության հրապարակման, հիմք է հանդիսանում Հանձնաժողովի մեղավոր պաշտոնատար անձանց և աշխատակիցներին Պայմանագրին համապատասխան կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար։

2. Պաշտոնեական պարտականությունների կատարման կապակցությամբ հայտնի դարձած՝ գաղտնի բնույթ ունեցող տեղեկությունների շարքին դասված տեղեկությունները պաշտոնեական պարտականությունների հետ չկապված նպատակներով հրապարակելը կամ օգտագործելը հիմք է հանդիսանում՝

Հանձնաժողովի կոլեգիայի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման համար՝ Պայմանագրով սահմանված կարգով,

կարգապահական տույժի նշանակման համար՝ Հանձնաժողովի պաշտոնատար անձին կամ աշխատակցին աշխատանքից հեռացնելու ձևով,

մեղավոր անձանց քաղաքացիաիրավական, ինչպես նաև վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու համար։

3. Հանձնաժողովի կոլեգիայի անդամները, պաշտոնատար անձինք և աշխատակիցները, որոնց նկատմամբ որոշում է կայացվել անձեռնմխելիությունից հրաժարման կամ դրա վերացման մասին, նույնպես կարող են վարչական, քաղաքացիաիրավական և (կամ) քրեական պատասխանատվության ենթարկվել հետևյալ կարգով՝

քաղաքացիաիրավական պատասխանատվության՝ ըստ գաղտնի տեղեկատվության հրապարակումը կատարած անձի բնակության վայրի,

քրեական պատասխանատվության՝ այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի քաղաքացին է այդ անդամ պետության քրեական օրենսդրությամբ նախատեսված իրավախախտումը կատարած անձը,

վարչական պատասխանատվության՝ այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի քաղաքացին է այդ անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված իրավախախտումը կատարած անձը։

4. Հանձնաժողովը համագործակցում է անդամ պետությունների հետ Սահմանափակ տարածման փաստաթղթերի հետ աշխատելու կարգի խախտման փաստերի հայտնաբերման և կանխման նպատակով։

Անդամ պետությունները համագործակցում են Հանձնաժողովի հետ՝ ի նպաստ գաղտնի տեղեկատվության հրապարակման հետ կապված գործերով անդամ պետություններում արդարադատության իրականացման։

(6-րդ հոդվածը փոփ. ԵՎՏՄԱՊ 17.12.21) 

 

Հոդված 7

 

1. Լիազորված մարմինն ապահովում է Հանձնաժողովից իր ստացած գաղտնի տեղեկատվության պաշտպանությունը և պատասխանատվություն է կրում դրա հրապարակման համար՝ իր անդամ պետության օրենսդրությանը համապատասխան:

Հանձնաժողովից ստացված գաղտնի տեղեկատվության՝ լիազորված մարմինների կողմից փոխանցումը երրորդ անձանց հնարավոր է միայն Հանձնաժողովի գրավոր համաձայնությամբ:

2. Լիազորված մարմինների միջև գաղտնի տեղեկատվության փոխանակումն իրականացվում է Պայմանագրին համապատասխան:

(7-րդ հոդվածը խմբ., փոփ. ԵՎՏՄԱՊ 17.12.21)  

 

Հոդված 8

 

1. Սույն Համաձայնագրում փոփոխությունները կատարվում են անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ և ձևակերպվում են առանձին արձանագրություններով։

2. Անդամ պետությունների միջև ծագող՝ սույն համաձայնագրի դրույթների մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են Պայմանագրին համապատասխան:

3. Սույն համաձայնագիրը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և ընդգրկվում է Եվրասիական տնտեսական միության իրավունքի կազմում:

(8-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց.. ԵՎՏՄԱՊ 17.12.21) 

 

 

Հոդված 9

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից ստանալու ամսաթվից կամ Սահմանափակ տարածման փաստաթղթերի հետ աշխատելու կարգը գործողության մեջ դնելու ամսաթվից՝ կախված նրանից, թե այդ ամսաթվերից որն ավելի շուտ վրա կհասնի։

Կատարված է Մոսկվա քաղաքում, 2014 թվականի նոյեմբերի 12-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։

Սույն Համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն Համաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետությանն կտրամադրի դրա հաստատված պատճենը։

(9-րդ հոդվածը փոփ. ԵՎՏՄԱՊ 17.12.21) 

 

Բելառուսի
Հանրապետության
կողմից

Ղազախստանի
Հանրապետության
կողմից

Ռուսաստանի
Դաշնության
կողմից

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
17.12.2021, 11.05.2022,
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան