Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Արտերկրից տրամադրվող մարդասիրական օգնության վերաբերյալ համատեղ գործունեության մասին
Սույն Համաձայնագրի մասնակից պետությունների Կառավարությունները, այսուհետ` Կողմեր,
գիտակցելով օտարերկրյա մարդասիրական օգնության ընդունման, փոխադրման և պահպանմանն ուղղված աշխատանքների կազմակերպման նպատակներով համակարգված և արդյունավետ փոխգործակցության անհրաժեշտությունը,
հաշվի առնելով այդ օգնության կարևորությունը տնտեսական և սոցիալական ոլորտներում ձևավորված ճգնաժամային իրավիճակի հաղթահարման համար,
նկատի ունենալով աշխատանքի կրկնօրինակման վերացման, նյութական ծախսերի կրճատման և օտարերկրյա մարդասիրական օգնության որակի նկատմամբ մատակարարման, ստացման և հսկողության բոլոր օղակների գործունեության բարելավման բնագավառում շահագրգռվածությունը,
կարիք ունենալով այդ կապակցությամբ օպերատիվ միջոցներ ձեռնարկելու,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հ ո դ վ ա ծ 1
Կողմերը, մարդասիրական օգնություն ասելով, հասկանում են անհատույց ձևով օտարերկրյա պետությունների իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից տրամադրվող մթերք, դեղորայք, առաջին անհրաժեշտության ժողովրդական սպառման ապրանքներ, որոնք ինչպես ուղարկողի, այնպես էլ ստացողի կողմից նախատեսված չեն առևտրային օգուտ ստանալու համար և ուղղված են բնակչության կենսապայմանների և կենցաղի բարելավման համար:
Հ ո դ վ ա ծ 2
Կողմերը կհամաձայնեցնեն իրենց գործողությունները Համագործակցության մասնակիցներ չհանդիսացող պետությունների սահմաններով մարդասիրական օգնության բեռների սահմանահատման հետ կապված հարցերով, ինչպես նաև պարտավորվում են Կողմերի միջև սահմաններով իրականացնել այդ բեռների անխափան սահմանահատում:
Այդ նպատակներով, ձևավորված միջազգային պրակտիկային համապատասխան, Կողմերը կապահովեն.
ա) այդ բեռների և դրանց ուղեկցող անձանց ազատումը մաքսային տուրքերից, հարկերից և վճարներից,
բ) նշված բեռների և անձանց արտահերթ սահմանահատման կարգը,
գ) բեռների և տրանսպորտային միջոցների առաջնային սպասարկումը և պահպանությունը:
Հ ո դ վ ա ծ 3
Կողմերը, արդեն գոյություն ունեցող պայմանավորվածություններին համապատասխան, սահմանահատման ժամանակ մարդասիրական օգնության բեռները ուղեկցող, 2-րդ հոդվածում հիշատակված, օտարերկրյա քաղաքացիների համար կապահովեն արտահերթ մուտքի արտոնագրի կարգ:
Կողմերը առաջնային կարգով և արտոնյալ սակագներով այդ անձանց կտրամադրեն բնակարաններ:
Հ ո դ վ ա ծ 4
Կողմերը կփոխգործակցեն մարդասիրական օգնության բեռների փոխադրման համար ցամաքային, օդային և ծովային տրանսպորտային միջոցների ժամանակին տրամադրման հարցերում:
Կողմերը կապահովեն հիշատակված տրանսպորտային միջոցների վառելիքով առաջնային մատակարարումը, այդ տրանսպորտային միջոցներին արտահերթ կտրամադրեն կանգառներ, թռիչքային ու վայրէջքային հրապարակներ և կառամատույցներ:
Վերոհիշյալ ծառայությունները կտրամադրվեն արտոնյալ սակագներով:
Հ ո դ վ ա ծ 5
Կողմերը, փոխադրման և պահեստավորման ժամանակ մարդասիրական օգնության բեռների պահպանության համար, կապահովեն ներքին գործերի մարմինների և անվտանգության ծառայությունների փոխգործակցությունը:
Կողմերը կուժեղացնեն պայքարը մարդասիրական օգնության բեռների կորստի դեմ:
Հ ո դ վ ա ծ 6
Սույն Համաձայնագրի 1-ից 5-րդ հոդվածներում շարադրված դրույթների իրականացման մեխանիզմի մշակման նպատակով, Կողմերը կձևավորեն փորձագետների համատեղ խմբեր, որոնք կգործեն կոլեգիալ հիմունքներով և հաշվետու կլինեն Անկախ Պետությունների Համագործակցության Կառավարությունների ղեկավարների Խորհրդին:
Հ ո դ վ ա ծ 7
Սույն Համաձայնագիրը ենթակա է վավերացման:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ավանդապահ պետությանը երրորդ վավերագրի հանձնումից հետո: Համաձայնագիրը, ավելի ուշ վավերացրած Կողմերի համար, ուժի մեջ է մտնում իրենց վավերագրերի ի պահ հանձնելու օրը:
Հ ո դ վ ա ծ 8
Կողմերից յուրաքանչյուրը կարող է հրաժարվել սույն Համաձայնագրի դրույթները կատարել` ավանդապահ Կառավարությանը ծանուցելու միջոցով: Այդ Կողմի համար Համաձայնագիրը դադարեցնում է գործողությունը ավանդապահ Կառավարության կողմից այդպիսի ծանուցում ստանալու օրվանից վեց ամիս հետո:
Հ ո դ վ ա ծ 9
Սույն Համաձայնագիրը, բոլոր նրա Կողմերի համաձայնությամբ, բաց է նրան միանալու համար բոլոր պետությունների կողմից, որոնք կիսում են նրա նպատակները և սկզբունքները:
Կատարված է Մինսկ քաղաքում 1993 թվականի հունվարի 22-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության կառավարության արխիվում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած պետություններին կուղարկի Համաձայնագրի հաստատված պատճենները:
*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականի դեկտեմբերի 19-ից: