Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Հիմնական ակտ (-11.05.2022)
Статус
Գործում է
Первоисточник
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Дата принятия
12.11.2014
Дата подписания
12.11.2014

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ ԳԱՂՏՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ԴՐԱ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը, այսուհետ՝ Կողմեր,

հիմնվելով «Մրցակցության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 9-ի համաձայնագրի (այսուհետ՝ Մրցակցության մասին համաձայնագիր) և «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի (այսուհետ՝ Հանձնաժողովի մասին պայմանագիր) վրա, համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

1. Սույն Համաձայնագիրը տարածվում է Մրցակցության մասին համաձայնագրի իրագործման շրջանակներում գաղտնի տեղեկատվության պաշտպանության հետ կապված և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով), Կողմերի պետական իշխանության մարմինների, Կողմերի իրավաբանական և ֆիզիկական անձանց մասնակցությամբ հարաբերությունների վրա:

2. Սույն Համաձայնագիրը չի տարածվում Կողմերի օրենսդրությանը համապատասխան պետական գաղտնիքի (պետական գաղտնիքների) շարքին դասվող տեղեկատվության պաշտպանության հետ կապված հարաբերությունների վրա:

 

Հոդված 2

 

Սույն Համաձայնագրի նպատակներով գործածվում են հետևյալ հասկացությունները՝

«տեղեկատվություն»՝ տեղեկություններ (հաղորդումներ, տվյալներ)՝ անկախ դրանց ներկայացնելու ձևից,

«գաղտնի տեղեկատվություն»՝ առանց հակասելու սույն Համաձայնագրի 1-ին հոդվածի 2-րդ կետին՝ տեղեկատվության բոլոր տեսակները, որոնք պաշտպանվում են Կողմերի նորմատիվ իրավական ակտերով,

«գաղտնի տեղեկատվության տիրապետող»՝ անձ, որն օրինական հիմքով տիրապետում է գաղտնի տեղեկատվության և սահմանափակել է այդ տեղեկատվության հասանելիությունը,

«գաղտնի տեղեկատվության պաշտպանություն»՝ իրավական, կազմակերպական և տեխնիկական միջոցների ձեռնարկում՝ ուղղված անիրավաչափ հրապարակման, հասանելիության, ոչնչացման, փոփոխման, պատճենման և այդպիսի տեղեկատվության նկատմամբ այլ անիրավաչափ գործողությունների բացառմանը,

«գաղտնի տեղեկատվության հրապարակում»՝ գործողություններ (անգործություն), որոնց արդյունքում ցանկացած հնարավոր տեսքով (բանավոր, գրավոր, այլ տեսքով, այդ թվում՝ տեխնիկական միջոցների օգտագործմամբ) գաղտնի տեղեկատվությունը հայտնի է դառնում երրորդ անձանց՝ առանց գաղտնի տեղեկատվության տիրապետողի գրավոր համաձայնության՝ բացառությամբ սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի 5-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի,

«հասանելիություն գաղտնի տեղեկատվությանը»՝ գաղտնի տեղեկատվությունը ստանալու և այն օգտագործելու հնարավորություն։

Սույն Համաձայնագրում գործածվող մյուս հասկացությունները կիրառվում են Մրցակցության մասին համաձայնագրով և Հանձնաժողովի մասին պայմանագրով սահմանված իմաստներով։

 

Հոդված 3

 

1. Գաղտնի տեղեկատվության պաշտպանության նպատակով, որը Հանձնաժողովի կողմից օգտագործվում է մրցակցության այն միասնական կանոնների պահպանման նկատմամբ հսկողության լիազորությունների իրականացման շրջանակներում, որոնց խախտումը բացասական ազդեցություն է թողնում կամ կարող է թողնել երկու և ավելի Կողմերի տարածքում անդրսահմանային շուկաներում մրցակցության վրա, Մրցակցության մասին համաձայնագրի IV բաժնին (այսուհետ՝ մրցակցության կանոններ) և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 29 որոշմամբ հաստատված՝ Շուկան անդրսահմանայինների շարքին դասելու չափորոշիչներին համապատասխան Հանձնաժողովը ձեռնարկում է գաղտնի տեղեկատվության պաշտպանությանն ուղղված միջոցներ, որոնք ողջամտորեն բավարար են ճանաչվում, եթե՝

1) բացառվում է երրորդ անձանց հասանելիությունը գաղտնի տեղեկատվությանը՝ առանց դրա տիրապետողի համաձայնության,

2) ապահովվում է Հանձնաժողովի կողմից գաղտնի տեղեկատվության օգտագործման՝ դրա հրապարակումը բացառող հնարավորությունը։

2. Գաղտնի տեղեկատվության պաշտպանությանն ուղղված միջոցներով պետք է ապահովվի՝

1) գաղտնի տեղեկատվության հասանելիության կարգի և դրա հետ վարվելու կարգի խախտման հնարավորության կանխարգելումը,

2) գաղտնի տեղեկատվության չարտոնված հասանելիության և (կամ) գաղտնի տեղեկատվությանը հասանելիության իրավունք չունեցող անձանց՝ դրա փոխանցման կանխումը,

3) գաղտնի տեղեկատվության չարտոնված հասանելիության ժամանակին հայտնաբերումը և կասեցումը,

4) գաղտնի տեղեկատվության պաշտպանվածության մակարդակի ապահովման նկատմամբ մշտական հսկողությունը,

5) գաղտնի տեղեկատվության մշակման տեխնիկական միջոցների վրա ազդեցության չթույլատրումը, որի արդյունքում խախտվում է դրանց գործառությունը,

6) գաղտնի տեղեկատվությանը հասանելիություն ստացած անձանց և այն անձանց հաշվառումը, որոնց տրամադրվել կամ փոխանցվել է գաղտնի տեղեկատվությունը։

3. Մրցակցության կանոնների պահպանման նկատմամբ հսկողության լիազորությունների իրականացման շրջանակներում Հանձնաժողովի կողմից օգտագործվող գաղտնի տեղեկատվության պաշտպանության ընթացակարգերը սահմանվում են Հանձնաժողովի մասին պայմանագրին համապատասխան Հանձնաժողովի խորհրդի կողմից հաստատվող՝ սահմանափակ տարածման փաստաթղթերի հետ աշխատելու կարգում (այսուհետ՝ Սահմանափակ տարածման փաստաթղթերի հետ աշխատելու կարգ)։

4. Սահմանափակ տարածման փաստաթղթերի հետ աշխատելու կարգը պետք է պարունակի դրույթներ, որոնցով, ի թիվս այլոց, կանոնակարգվում է՝

1) գաղտնի տեղեկատվություն պարունակող մտից և ելից փաստաթղթերի հետ աշխատանքը,

2) գաղտնի տեղեկատվություն պարունակող փաստաթղթերի հաշվառումը, պահպանումը և փոխանցումը,

3) գործավարության իրականացումը խորհրդակցությունների ընթացքում գաղտնի տեղեկատվություն քննարկելիս,

4) մրցակցության կանոնների խախտման վերաբերյալ գործերի՝ գաղտնի տեղեկատվություն պարունակող նյութերին ծանոթանալը (այդ թվում՝ գործերի քննությանը մասնակցող անձանց կողմից),

5) գաղտնի տեղեկատվության չհրապարակման պարտավորության և սահմանափակ տարածման փաստաթղթերի հետ աշխատելու կարգի խախտման փաստերով ծառայողական ստուգման անցկացումը,

6) գաղտնի տեղեկատվությանը հասանելիություն ստացած անձանց և այն անձանց հաշվառումը, որոնց տրամադրվել կամ փոխանցվել է գաղտնի տեղեկատվությունը։

5. Գաղտնի տեղեկատվությունը, որը Հանձնաժողովը մրցակցության կանոնների պահպանման նկատմամբ հսկողության լիազորությունների իրականացման շրջանակներում ստացել է Կողմերի իրավաբանական և ֆիզիկական անձանցից, պետական իշխանության այն մարմիններից, որոնց իրավասության մեջ է մտնում մրցակցային (հակամենաշնորհային) քաղաքականության իրականացումը (այսուհետ՝ լիազորված մարմիններ), և Կողմերի պետական իշխանության այլ մարմիններից, կարող է Հանձնաժողովի կողմից օգտագործվել բացառապես այն նպատակներով, որոնց համար այդ տեղեկատվությունը ներկայացվել է:

Կողմերի իրավաբանական և ֆիզիկական անձանցից ու Կողմերի պետական իշխանության մարմիններից ստացված գաղտնի տեղեկատվության փոխանցումը Հանձնաժողովի կողմից երրորդ անձանց հնարավոր է միայն դրա տիրապետողի գրավոր համաձայնությամբ՝ բացառությամբ լիազորված մարմիններին գաղտնի տեղեկատվության փոխանցման դեպքի՝ Մրցակցության մասին համաձայնագրին համապատասխան նրանց վրա դրված լիազորությունների իրականացման նպատակներով:

Մեկ Կողմի լիազորված մարմնի կողմից ստացված գաղտնի տեղեկատվության փոխանցումը Հանձնաժողովի կողմից մյուս Կողմի լիազորված մարմնին հնարավոր է միայն գաղտնի տեղեկատվությունը տրամադրած լիազորված մարմնի գրավոր համաձայնությամբ:

6. Տեղեկատվությունը կորցնում է գաղտնի լինելու կարգավիճակը, եթե անձանց անորոշ շրջանակին այդպիսի տեղեկատվությանն ազատ հասանելիություն է տրամադրվել դրա տիրապետողի կողմից:

 

Հոդված 4

 

1. Մրցակցության կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելիս՝

1) Հանձնաժողովի անդամները գաղտնի տեղեկատվությանը հասանելիություն ունեն լրիվ ծավալով,

2) Հանձնաժողովի աշխատակիցները գաղտնի տեղեկատվությանը հասանելիություն ունեն այն ծավալով, որն անհրաժեշտ է իրենց պաշտոնեական պարտականությունների կատարման համար:

2. Մրցակցության կանոնների խախտման վերաբերյալ դիմումները (նյութերը) քննության առնելու, մրցակցության կանոնների խախտման ուսումնասիրություն իրականացնելու, մրցակցության կանոնների խախտման վերաբերյալ գործերը քննության առնելու, ինչպես նաև մրցակցության կանոնների պահպանման նկատմամբ հսկողության իրականացման հետ կապված այլ ընթացակարգային գործողությունների կատարման շրջանակներում գաղտնի տեղեկատվությանը հասանելիություն ունեցող Հանձնաժողովի աշխատակիցները որոշվում են Հանձնաժողովի կոլեգիայի՝ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով պատասխանատու անդամի կողմից։

3. Սույն Համաձայնագրով Հանձնաժողովի կոլեգիայի անդամների վրա դրվում է պաշտոնեական պարտականությունների կատարման արդյունքում իրենց հայտնի դարձած գաղտնի տեղեկատվությունը չհրապարակելու պարտավորություն:

Հանձնաժողովի աշխատակիցները պարտավոր են ստորագրել և պահպանել պաշտոնեական պարտականությունների կատարման արդյունքում իրենց հայտնի դարձած գաղտնի տեղեկատվությունը չհրապարակելու պարտավորություն, որն աշխատանքային պայմանագրի պարտադիր առդիրն է կազմում:

 

Հոդված 5

 

Հանձնաժողով ուղարկվող և Հանձնաժողովից դուրս եկող՝ գաղտնի տեղեկատվություն պարունակող նյութական կրիչների և փաստաթղթերի վրա դրվում է «Գաղտնի» կամ «Առևտրային գաղտնիք», «Ծառայողական օգտագործման համար» («ԾՕՀ») դրոշմագիրը:

Այն դեպքում, երբ Կողմերը «Առևտրային գաղտնիք» (սահմանվում է Կողմերի ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց կողմից), «Ծառայողական օգտագործման համար» («ԾՕՀ») (սահմանվում է Կողմերի պետական մարմինների կողմից) դրոշմագրերով նյութական կրիչներ են ուղարկում Հանձնաժողով, այդպիսի կրիչները ճանաչվում են «Գաղտնի» դրոշմագիր ունեցող:

Այն դեպքում, երբ Կողմերը Հանձնաժողովից «Գաղտնի» դրոշմագիր ունեցող նյութական կրիչներ են ստանում, այդպիսի կրիչները ճանաչվում են «Առևտրային գաղտնիք» (Կողմերի ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց համար), «Ծառայողական օգտագործման համար» («ԾՕՀ») (Կողմերի պետական մարմինների համար) դրոշմագիր ունեցող:

Գաղտնի տեղեկատվություն պարունակող նյութական կրիչների, փաստաթղթերի՝ Հանձնաժողովին փոխանցումը և Հանձնաժողովից ուղարկումն իրականացվում է փոստային կապի միջոցով (պատվիրված կամ արժեքավոր փոստային առաքանիներով), ինչպես նաև ֆելդեգերական կապի կամ սուրհանդակի միջոցով։

 

Հոդված 6

 

1. Սահմանափակ տարածման փաստաթղթերի հետ աշխատելու կարգի խախտումը, որը պատճառ չի դարձել և չի հանգեցրել գաղտնի տեղեկատվության հրապարակման, հիմք է հանդիսանում Հանձնաժողովի մեղավոր աշխատակիցներին Հանձնաժողովի մասին պայմանագրին համապատասխան կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար։

2. Պաշտոնեական պարտականությունների կատարման կապակցությամբ հայտնի դարձած՝ գաղտնի բնույթ ունեցող տեղեկությունների շարքին դասված տեղեկությունները պաշտոնեական պարտականությունների հետ չկապված նպատակներով հրապարակելը կամ օգտագործելը հիմք է հանդիսանում՝

Հանձնաժողովի կոլեգիայի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման համար՝ Հանձնաժողովի մասին պայմանագրով սահմանված կարգով,

կարգապահական տույժի նշանակման համար՝ Հանձնաժողովի աշխատակցին աշխատանքից հեռացնելու ձևով,

մեղավոր անձանց քաղաքացիաիրավական, ինչպես նաև վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու համար։

3. Հանձնաժողովի կոլեգիայի անդամները և Հանձնաժողովի աշխատակիցները, որոնց նկատմամբ որոշում է կայացվել անձեռնմխելիությունից հրաժարման կամ դրա վերացման մասին, նույնպես կարող են վարչական, քաղաքացիաիրավական և (կամ) քրեական պատասխանատվության ենթարկվել հետևյալ կարգով՝

քաղաքացիաիրավական պատասխանատվության՝ ըստ գաղտնի տեղեկատվության հրապարակումը կատարած անձի բնակության վայրի,

քրեական պատասխանատվության՝ այն Կողմի օրենսդրությանը համապատասխան, որի քաղաքացին է այդ Կողմի քրեական օրենսդրությամբ նախատեսված իրավախախտումը կատարած անձը,

վարչական պատասխանատվության՝ այն Կողմի օրենսդրությանը համապատասխան, որի քաղաքացին է այդ Կողմի օրենսդրությամբ նախատեսված իրավախախտումը կատարած անձը։

4. Հանձնաժողովը համագործակցում է Կողմերի հետ Սահմանափակ տարածման փաստաթղթերի հետ աշխատելու կարգի խախտման փաստերի հայտնաբերման և կանխման նպատակով։

Կողմերը համագործակցում են Հանձնաժողովի հետ՝ ի նպաստ գաղտնի տեղեկատվության հրապարակման հետ կապված գործերով Կողմերի պետություններում արդարադատության իրականացման։

 

Հոդված 7

 

1. Լիազորված մարմիններն ապահովում են Հանձնաժողովից իրենց ստացած գաղտնի տեղեկատվության պաշտպանությունը և պատասխանատվություն են կրում դրա հրապարակման համար՝ իրենց Կողմերի օրենսդրությանը համապատասխան:

Հանձնաժողովից ստացված գաղտնի տեղեկատվության՝ լիազորված մարմինների կողմից փոխանցումը երրորդ անձանց հնարավոր է միայն Հանձնաժողովի գրավոր համաձայնությամբ:

2. Լիազորված մարմինների միջև գաղտնի տեղեկատվության փոխանակումն իրականացվում է Մրցակցության մասին համաձայնագրին համապատասխան:

 

Հոդված 8

 

1. Սույն Համաձայնագրում փոփոխությունները կատարվում են Կողմերի փոխադարձ համաձայնությամբ և ձևակերպվում են առանձին արձանագրություններով։

2. Կողմերի միջև ծագող՝ սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են շահագրգիռ Կողմերի միջև խորհրդակցությունների ու բանակցությունների միջոցով, իսկ խորհրդակցություններ ու բանակցություններ անցկացնելու վերաբերյալ մի Կողմից մյուս Կողմերին հասցեագրված պաշտոնական դիմումը ներկայացնելու օրվանից հետո՝ 6 ամսվա ընթացքում, համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճը հանձնվում է Եվրասիական տնտեսական համայնքի դատարանի քննությանը։

 

Հոդված 9

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Կողմերի կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից ստանալու ամսաթվից կամ Սահմանափակ տարածման փաստաթղթերի հետ աշխատելու կարգը գործողության մեջ դնելու ամսաթվից՝ կախված նրանից, թե այդ ամսաթվերից որն ավելի շուտ վրա կհասնի։

Կատարված է Մոսկվա քաղաքում, 2014 թվականի նոյեմբերի 12-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։

Սույն Համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն Համաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր Կողմին կտրամադրի դրա հաստատված պատճենը։

 

Բելառուսի
Հանրապետության
կողմից

Ղազախստանի
Հանրապետության
կողմից

Ռուսաստանի
Դաշնության
կողմից

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
17.12.2021, 11.05.2022,
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան