Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության Կառավարության և Թուրքմենստանի Կառավարության միջև Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի դեսպանության տեղակայման համար հողատարածքների փոխադարձաբար տրամադրման մասին
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Թուրքմենստանի Կառավարությունը, այսուհետ` Կողմեր,
առաջնորդվելով հետագայում ևս Կողմ հանդիսացող պետությունների միջև առկա ավանդական բարեկամական հարաբերությունները զարգացնելու ցանկությամբ,
ցանկանալով իրենց պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների համար ստեղծել աշխատանքի բարենպաստ պայմաններ,
նկատի առնելով 1961 թ. ապրիլի 18-ի՝ դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի Կոնվենցիան,
պայմանավորվեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Կողմերը հավասարության հիմունքով, երկարաժամկետ` 49 տարի ժամկետով, վարձակալության կտրամադրեն շենքերի և շինությունների կառուցման համար նախատեսված հողատարածքներ, որոնք բացառապես պետք է օգտագործվեն դեսպանությունների համար. Հայաստանի Հանրապետության դեպքում` Թուրքմենստանում, Թուրքմենստանի Հանրապետության դեպքում` Հայաստանի Հանրապետությունում` ք. Երևանում և ք. Աշգաբադում, նշված տարածքների օգտագործման համար ամրագրելով տարեկան 1 (մեկ) ԱՄՆ դոլար վարձավճար:
Սույն հոդվածի համաձայն` տրամադրվող հողատարածքների հասցեները կնշվեն միջկառավարական արձանագրության մեջ: Հողատարածքների ստույգ գտնվելու վայրը և սահմանները կնշվեն համապատասխան հատակագծերում: Սույն հոդվածում նշված արձանագրությունը և հատակագծերը կհանդիսանան սույն Համաձայնագրի բաղկացուցիչ մասը:
Հոդված 2
Նշված հողատարածքների օգտագործման պայմանները որոշվում են հողատարածքների վարձակալության պայմանագրերով, որոնք կկնքվեն սահմանված կարգով` համաձայն Կողմ հանդիսացող պետությունների օրենսդրության:
Հոդված 3
Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո յուրաքանչյուր Կողմ իրավաբանական ձևակերպման գործում աջակցություն կցուցաբերի մյուս Կողմ պետությանը՝ փոխանցվող հողատարածքի վարձակալության առնչությամբ` համաձայն սույն Համաձայնագրի 1-ին հոդվածի, նստավայր պետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված հողատարածքների վարձակալության պայմանագրերը կնքվում են 49 տարի ժամկետով և երկարաձգվում են նույն ժամանակահատվածով` հավելյալ համաձայնագրերի կնքման միջոցով: Հողատարածքների վարձակալության պայմանագրերի գործողության երկարաձգումը հնարավոր է` պայմանով, որ Համաձայնագիրն իր գործողությունը դադարեցրած չլինի:
Հոդված 4
Կողմերը երաշխավորում են, որ սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված հողատարածքները ծանրաբեռնված չեն սեփականության իրավունքից բխող ոչ մի պարտքով և պահանջով, գրավով և այլ սահմանափակումներով, ինչպես նաև նրանց նկատմամբ չեն ներկայացվել ոչ մի տեսակի պահանջներ և փոխհատուցման իրավունքներ: Հետագայում որևէ պահանջ ի հայտ գալու դեպքում այն Կողմը, որի պետության տարածքում գտնվում են հողատարածքները, կկարգավորի այդպիսի պահանջները սեփական միջոցների հաշվին:
Հոդված 5
Սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված հողատարածքները Կողմերը պարտավորվում են չփոխանցել երրորդ ֆիզիկական և/կամ իրավաբանական անձի` առանց մյուս կողմի՝ որոշակի կերպով արտահայտված գրավոր համաձայնության:
Հոդված 6
Վարձակալված հողատարածքները օգտագործելիս, ինչպես նաև հողատարածքներում շենքերի և շինությունների նախագծման, շինարարական և շահագործման աշխատանքներ կատարելիս Կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է հետևել գտնվելու պետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին:
Հոդված 7
Հողատարածքները և դրանց վրա կառուցված շենքերն ու շինությունները ազատվում են գտնվելու պետության տարածքում գանձվող բոլոր հարկերից, տուրքերից և այլ պարտադիր վճարումներից` բացառությամբ սույն Համաձայնագրի 1-ին հոդվածով սահմանված վարձակալության վճարի:
Հոդված 8
Սույն Համաձայնագրով փոխանցված հողատարածքի շահագործման պահպանման ծախսերը մարվում են այն Կողմի հաշվին, որի շահագործմանը այն հանձնվել է:
Հոդված 9
Սույն Համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կարող են կատարվել Կողմերի գրավոր համաձայնությամբ. դրանք ձևակերպվում են համապատասխան արձանագրություններով, որոնք կազմում են սույն Համաձայնագրի բաղկացուցիչ մասը և ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 11-րդ հոդվածով սահմանված կարգով:
Հոդված 10
Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման և կիրառության հետ կապված տարաձայնությունները Կողմերը կլուծեն բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:
Հոդված 11
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգի կատարման մասին դիվանագիտական ուղիներով վերջին գրավոր ծանուցումն ստանալու օրվանից:
Սույն Համաձայնագիրը կնքվում է 49 տարի ժամկետով և ինքնաբերաբար երկարաձգվում է հաջորդ նույնպիսի ժամկետներով, եթե Կողմերից մեկը գրավոր չի ծանուցում մյուս Կողմին Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին ոչ ուշ, քան համապատասխան ժամկետը լրանալուց 1 (մեկ) տարի առաջ:
Սույն Համաձայնագրի գործողության դադարեցման դեպքում Կողմերը խորհրդակցություններով և բանակցություններով որոշում են սույն Համաձայնագրի 1-ին հոդվածով նշված հողատարածքներում կառուցված շենքերի հետագա օգտագործումը:
Կատարված է ք. Երևանում 2012 թվականի նոյեմբերի 29-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, թուրքմեներեն և ռուսերեն, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ժամանակ որպես հիմք ընդունվում է ռուսերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2014թ. մարտի 4-ին
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|