Գլխավոր տեղեկություն
Номер
N 133-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (25.04.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2015.04.15/9(521) Հոդ.87
Принят
Մշակույթի նախարար
Дата принятия
26.03.2015
Подписан
Մշակույթի նախարար
Дата подписания
26.03.2015
Дата вступления в силу
25.04.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

1 ապրիլի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 11115109

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐ

 

26 մարտի 2015 թ.

N 133-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի N 118-Ն որոշման 2-րդ կետի պահանջը`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել մշակույթի բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախարար

Հ. Պողոսյան

 

Հավելված

ՀՀ մշակույթի նախարարի

2015 թվականի մարտի 26-ի

թիվ 133-Ն հրամանի

 

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

 

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ

 

1. Մշակույթի բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքները գնահատվում են սույն հավելվածի 2-րդ, 9-րդ և 14-րդ կետերով սահմանված ենթաչափորոշիչների գնահատման արդյունքների հանրագումարով:

2. Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, Հայաստանի Հանրապետության Նախագահի կարգադրությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովման, ինչպես նաև օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացման ենթաչափորոշչի առավելագույն միավորը 1.5-ն է, որը գնահատվում է 3-րդ, 7-րդ և 8-րդ կետերի հանրագումարի արդյունքում:

3. Մշակութային ժառանգության պահպանություն ենթաչափորոշչի առավելագույն միավորը 0.8-ն է, որը գնահատվում է ներքոհիշյալ 4-րդ, 5-րդ, 6-րդ կետերի հանրագումարի արդյունքում:

4. Մարզի տարածքում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման նպատակով անհրաժեշտ միջոցառումները ամբողջությամբ իրականացնելու դեպքում մարզպետը գնահատվում է 0.2 միավոր: Եթե մարզպետը իրականացրել է անհրաժեշտ միջոցառումներից ցանկացած երեքը, ապա գնահատվում է 0.1 միավոր, եթե իրականացրել է անհրաժեշտ միջոցառումներից 3-ից պակաս կամ չի իրականացրել ոչ մի միջոցառում, ապա գնահատվում է 0 միավոր: Անհրաժեշտ միջոցառումներն են.

1) ապահովել մարզի տարածքում գտնվող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և դրանց պահպանական գոտիների անվտանգ պահպանության նկատմամբ վերահսկողություն,

2) միջոցներ ձեռնարկել հուշարձաններ ներառող և դրանց պահպանական գոտիների տարածքներում առանց լիազոր մարմնի համաձայնության ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից իրականացվող և հուշարձանների պահպանությունը վտանգող հողային, գյուղատնտեսական, շինարարական և այլ աշխատանքների արգելման ուղղությամբ,

3) հուշարձանների պահպանությունն ապահովելու նպատակով իրականացնել հուշարձաններին առնչվող տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության նկատմամբ վերահսկողություն,

4) ապահովել ֆիզիկական և իրավաբանական անձանց հանձնված տարածքներում գտնվող, ինչպես նաև օգտագործվող տեղական նշանակության հուշարձանների համար պահպանական պարտավորագրերի ստացումը,

5) իրականացնել վերահսկողություն օգտագործման հանձնված հուշարձանների պահպանության գործընթացների նկատմամբ,

6) մասնակցել մարզի տարածքում գտնվող հուշարձանների հանրահռչակմանն ուղղված աշխատանքներին:

5. Մարզային մշակութային, ինչպես նաև պետական, ազգային ու այլ տոների, զանգվածային միջոցառումների կազմակերպման, ավանդական ազգային ծեսերի վերականգնման ու տարածման նպատակով անհրաժեշտ միջոցառումները ամբողջությամբ իրականացնելու դեպքում մարզպետը գնահատվում է 0.2 միավոր: Եթե մարզպետը իրականացրել է անհրաժեշտ միջոցառումներից ցանկացած երեքը, ապա գնահատվում է 0.1 միավոր, եթե իրականացրել է անհրաժեշտ միջոցառումներից 4-ից պակաս կամ չի իրականացրել ոչ մի միջոցառում, ապա գնահատվում է 0 միավոր: Անհրաժեշտ միջոցառումներն են.

1) կազմակերպել պետական, ազգային նշանակություն ունեցող միջոցառումների ծրագրերի մշակումն ու իրականացումը,

2) աջակցել մարզի տարածքում ավանդական տոների, ծեսերի, ուխտագնացությունների, զանգվածային միջոցառումների կազմակերպմանը,

3) աջակցել մարզին բնորոշ ավանդական արհեստագործության զարգացման ծրագրերի մշակմանն ու իրականացմանը,

4) աջակցել մարզին բնորոշ բարբառների իմացության մրցույթ-փառատոների անցկացմանը,

5) աջակցել մարզի մշակույթի տներում ոչ նյութական մշակութային ժառանգության, ժողովրդական ստեղծագործության տարբեր ոլորտների ուսուցման կազմակերպմանը,

6) աջակցել հայկական մշակույթի և արվեստի, հասարակական-քաղաքական գործիչների և մշակութային նշանավոր իրադարձությունների, հոբելյանների կազմակերպմանն ու անցկացմանը,

7) աջակցել մարզի տարածքում բնակվող ոչ նյութական մշակութային ժառանգության կրողների մասին տեղեկույթի հավաքմանը և տրամադրմանը:

6. Թանգարանների և գրադարանների գործունեությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ միջոցառումներն ամբողջությամբ իրականացնելու դեպքում մարզպետը գնահատվում է 0.4 միավոր: Եթե մարզպետը իրականացրել է անհրաժեշտ միջոցառումներից ցանկացած երեքը, ապա գնահատվում է 0.2 միավոր, եթե իրականացրել է անհրաժեշտ միջոցառումներից 3-ից պակաս կամ չի իրականացրել ոչ մի միջոցառում, ապա գնահատվում է 0 միավոր: Անհրաժեշտ միջոցառումներն են.

1) աջակցել գրադարանային ֆոնդի և թանգարանների հավաքածուները նոր թանգարանային առարկաներով համալրմանը,

2) աջակցել ցուցահանդեսների և միջոցառումների կազմակերպմանը,

3) ստեղծել նպաստավոր պայմաններ այցելուների հետաքրքրության բարձրացման ուղղությամբ,

4) ստեղծել նպաստավոր պայմաններ` իրականացնելու համար մշակութային ժառանգության պահպանումն ու անխաթար փոխանցումը սերունդներին` իր ամբողջ բազմազանությամբ,

5) ստեղծել մատչելի պայմաններ` մշակութային արժեքներին հաղորդակցվելու համար,

6) աջակցել ժամանակակից տեխնիկական հնարավորություններով գրադարանների և թանգարանների համալրմանն ու կիրառմանը:

7. Արվեստի և մշակութային ժամանակակից ենթակառույցների և մշակութային գործընթացների զարգացման ենթաչափորոշչի առավելագույն միավորը 0.3-ն է: Եթե մարզպետը իրականացրել է անհրաժեշտ միջոցառումներից ցանկացած երկուսը, ապա գնահատվում է 0.15 միավոր, եթե իրականացրել է 2-ից պակաս միջոցառում կամ չի իրականացրել ոչ մի միջոցառում, ապա գնահատվում է 0 միավոր: Անհրաժեշտ միջոցառումներն են.

1) աջակցել դասական ու ժամանակակից դրամատուրգների և կոմպոզիտորների ստեղծագործությունների հիման վրա նոր ներկայացումների և համերգային ծրագրերի իրականացմանը,

2) նպաստել ազգային մշակույթին և արվեստին հաղորդակցվելու մատչելիությանը,

3) ստեղծել հավասար պայմաններ նոր գաղափարների և նոր արժեքների որոնման, հասարակության ստեղծագործական ներուժի օգտագործման համար:

8. Մշակույթի բնագավառի կադրային քաղաքականություն և մշակութային կրթություն ենթաչափորոշչի առավելագույն միավորը 0.4-ն է: Եթե մարզպետը իրականացրել է անհրաժեշտ միջոցառումներից ցանկացած երեքը, ապա գնահատվում է 0.2 միավոր, եթե իրականացրել է 3-ից պակաս միջոցառում կամ չի իրականացրել ոչ մի միջոցառում, ապա գնահատվում է 0 միավոր: Անհրաժեշտ միջոցառումներն են.

1) ստեղծել նպաստավոր պայմաններ գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության որակի բարձրացման և մատչելիության համար,

2) աջակցել ազգային, լարային, փողային նվագարանների ուսուցման գծով ուսման վարձավճարի փոխհատուցման աշխատանքների վերահսկմանը,

3) նպաստել գեղարվեստական կրթության ուսուցման պայմանների մատչելիությանը,

4) նպաստել դպրոցների նյութատեխնիկական բազայի վերազինմանը, արդիականացմանը, երաժշտական գործիքներով համալրմանը և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը,

5) աջակցել գյուղական համայնքներում նոր մշակութային կրթական հաստատությունների ստեղծմանը, ինչպես նաև գործող ուսումնական հաստատություններում նոր բաժինների (դասարանների) բացմանն ու վերաբացմանը:

9. Հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովման և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող` մարզին առնչվող հարցերի ներկայացման ենթաչափորոշչի առավելագույն միավորը 1-ն է և գնահատվում է 10-րդ, 11-րդ, 12-րդ և 13-րդ կետերի հանրագումարի արդյունքում:

10. Արվեստի ոլորտում հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովման նպատակով անհրաժեշտ միջոցառումներն ամբողջությամբ իրականացնելու դեպքում մարզպետը գնահատվում է 0.2 միավոր: Եթե մարզպետը իրականացրել է անհրաժեշտ միջոցառումներից ցանկացած մեկը, ապա գնահատվում է 0.1 միավոր, եթե իրականացրել է 1-ից պակաս միջոցառում կամ չի իրականացրել ոչ մի միջոցառում, ապա գնահատվում է 0 միավոր: Անհրաժեշտ միջոցառումներն են.

1) աջակցել մարզում կազմակերպվող թատերահամերգային կազմակերպությունների հյուրախաղերին, մարզային մշակույթի օրերին, փառատոներին, մրցույթներին, ցուցահանդեսներին, մանկապատանեկան մշակութային միջոցառումներին,

2) աջակցել ազգագրական համույթներին, թատերական խմբերին, կիրառական արվեստի վարպետների գործունեությունը խթանող դրամաշնորհային ծրագրերի իրականացմանը:

11. Պատմամշակութային հուշարձանների պահպանության ոլորտում հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովման նպատակով անհրաժեշտ միջոցառումներն ամբողջությամբ իրականացնելու դեպքում մարզպետը գնահատվում է 0.2 միավոր: Եթե մարզպետը իրականացրել է անհրաժեշտ միջոցառումներից ցանկացած երկուսը, ապա գնահատվում է 0.1 միավոր, եթե իրականացրել է 2-ից պակաս միջոցառում կամ չի իրականացրել ոչ մի միջոցառում, ապա գնահատվում է 0 միավոր: Անհրաժեշտ միջոցառումներն են.

1) կազմակերպել լիազորված մարմնի համապատասխան ծառայությունների և ստորաբաժանումների ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ ու համաձայնեցված գործունեություն,

2) մարզի հողերի նպատակային նշանակության փոփոխության նպատակով ապահովել լիազորված մարմնի համապատասխան ստորաբաժանման ներկայացուցչի մասնակցությունը ստեղծված հանձնաժողովի և հողի տեղազննման աշխատանքներին,

3) ապահովել մարզպետարան ներկայացված հուշարձանների պահպանական գոտիների նախագծերի համաձայնեցումը և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գոտիների նախագծերի համաձայնեցման գործընթացը,

4) մասնակցել մարզի բնակավայրերի պատմամշակութային հիմնավորման նախագծերի կազմման աշխատանքներին:

12. Համագործակցության շրջանակներում մշակութային կառույցներում (այդ թվում` մշակույթի տներ, ակումբներ, պալատներ) արվեստի տարբեր ոլորտների պահպանման, զարգացման և տարածման ուղղությամբ միջոցառումների կազմակերպման նպատակով անհրաժեշտ միջոցառումներն ամբողջությամբ իրականացնելու դեպքում մարզպետը գնահատվում է 0.4 միավոր: Եթե մարզպետը իրականացրել է անհրաժեշտ միջոցառումներից ցանկացած երկուսը, ապա գնահատվում է 0.2 միավոր, եթե իրականացրել է 2-ից պակաս միջոցառում կամ չի իրականացրել ոչ մի միջոցառում, ապա գնահատվում է 0 միավոր: Անհրաժեշտ միջոցառումներն են.

1) աջակցել արհեստագործական և ժողովրդական ինքնագործ խմբակների գործունեությանը, միաժամանակ, խրախուսել սաների նվաճումները պարբերաբար կազմակերպվելիք միջոցառումների ընթացքում,

2) ստեղծել նպաստավոր պայմաններ ժողովրդական վարպետների գործունեության համար, խթանել ոլորտի տարբեր ճյուղերի զարգացումը,

3) աջակցել արհեստագործական կենտրոնների, արհեստանոցների ստեղծմանը, ընդլայնել ժողովրդական վարպետների գործունեության շրջանակները:

13. Լիազորված պետական մարմնի հետ համագործակցության շրջանակներում մարզին առնչվող խնդիրների ներկայացման նպատակով անհրաժեշտ միջոցառումներն ամբողջությամբ իրականացնելու դեպքում մարզպետը գնահատվում է 0.2 միավոր: Եթե մարզպետը իրականացրել է անհրաժեշտ միջոցառումներից ցանկացած մեկը, ապա գնահատվում է 0.1 միավոր, եթե իրականացրել է 1-ից պակաս միջոցառում կամ չի իրականացրել ոչ մի միջոցառում, ապա գնահատվում է 0 միավոր: Անհրաժեշտ միջոցառումներն են.

1) ներկայացնել մարզային ենթակայության մշակութային օբյեկտների նորոգման, վերանորոգման և կառուցման կազմակերպման ընթացքում մարզպետարանի մշակույթի և քաղաքաշինության վարչությունների կողմից մշակութային օբյեկտների ցանկերը,

2) ներկայացնել ազգային մշակույթին և արվեստին հաղորդակցվելու մատչելիության ապահովմանն ուղղված խնդիրները:

14. Ոչ պետական միջոցներով մշակույթի ոլորտում իրականացրած ներդրումների համար նախատեսված ենթաչափորոշչի առավելագույն միավորը 0.5-ն է: Եթե մարզպետն իրականացրել է անհրաժեշտ միջոցառումներից երկուսը, ապա գնահատվում է 0.25 միավոր, եթե իրականացրել է 2-ից պակաս միջոցառում կամ ոչ մի միջոցառում չի իրականացրել, ապա գնահատվում է 0 միավոր: Անհրաժեշտ միջոցառումներն են.

1) աջակցել մշակութային ժառանգության պահպանությանը,

2) նպաստել արվեստի և մշակութային ժամանակակից ենթակառույցների զարգացմանը և մշակութային գործընթացների խթանմանը,

3) աջակցել մշակութային կրթական հաստատությունների ստեղծմանը: