Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Փոխադարձ մատակարարվող արտադրանքի նկատմամբ աշխատանքի պաշտպանության համաձայնեցված նորմերի և պահանջների մշակման ու պահպանման կարգի մասին
Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները ի դեմս կառավարությունների, այսուհետ՝ Կողմեր,
նշելով աշխատանքի պաշտպանության հիմնախնդիրների միջպետական բնույթը և փոխադարձաբար մատակարարվող մեքենաների, մեխանիզմների, սարքավորումների, նյութերի, տեխնոլոգիաների, աշխատանքի պաշտպանության միջոցների (այսուհետ՝ փոխադարձաբար մատակարարվող արտադրանք) մշակման, արտադրության, շահագործման և օգտագործման դեպքում աշխատողների կյանքի անվտանգության և առողջության, սոցիալական երաշխիքների ապահովման համար նրանց լուծման կարևորությունը,
աշխատանքի պաշտպանության բնագավառում համագործակցության մասին 1994 թվականի դեկտեմբերի 9-ի Համաձայնագրի իրականացման նպատակով,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հ ո դ վ ա ծ 1
Կողմերը, օժտված արտադրության կազմակերպման գործում լրիվ ինքնուրույնությամբ, սահմանում են մշակման կարգ և ապահովում են աշխատանքի պաշտպանության համաձայնեցված նորմերի և պահանջների պահպանումը (այսուհետ՝ աշխատանքի պաշտպանության նորմեր և պահանջներ) փոխադարձաբար մատակարարվող արտադրանքի մշակման, արտադրության, շահագործման և օգտագործման դեպքում:
Հ ո դ վ ա ծ 2
Աշխատանքի պաշտպանության նորմերը և պահանջները պարունակվում են հետևյալ նորմատիվ իրավական ակտերում.
միջպետական չափանիշներում, ներառյալ աշխատանքի անվտանգության չափանիշների Համակարգի չափանիշները (ԱԱՉՀ),
անվտանգության կանոններում, սանիտարական կանոններում, նորմերում և հիգիենիկ նորմատիվներում, որպես միջպետական ընդունված այլ նորմատիվ իրավական փաստաթղթերում,
ազգային չափանիշներում և արտադրանքի համար տեխնիկական պայմաններում, որոնց կիրառումը արտադրանքի մշակման, արտադրության համար դրվածքի և թողարկման դեպքում վերապահված է հատուկ համաձայնագրերով (պայմանագրերով):
Հ ո դ վ ա ծ 3
Կողմերը պարտավորվում են ապահովել փոխադարձաբար մատակարարվող արտադրանքը համապատասխանության հավաստագրով կամ այլ փաստաթղթերով և փոխադարձաբար ճանաչում են լիազոր մարմինների կողմից տրված հավաստագրերը և փոխադարձաբար մատակարարվող արտադրանքի համար համապատասխանության նշանները, թույլտվությունները, որոնք հաստատում են նրա համապատասխանությունը աշխատանքի պաշտպանության նորմերին և պահանջներին: Համապատասխանության հավաստագրերի, թույլտվությունների չհիմնավորված կամ ոչ օրինաչափական տրման պատասխանատվությունը կրում է այն մարմինը, որը տվել է սկզբնական հավաստագիրը, թույլտվությունը իր պետության գործող օրենսդրությանը համապատասխան:
Հ ո դ վ ա ծ 4
Աշխատանքի պաշտպանության նորմերի և պահանջների մշակման դեպքում, կախված փոխադարձաբար մատակարարվող արտադրանքի տեսակից, բանական բավականաչափության սկզբունքի հիման վրա, ապահովվում են կառուցվածքների անվտանգության, վտանգավոր և վնասակար արտադրական գործոնների սահմանային թույլատրելի մակարդակների (խտությունների) պահպանման պահանջները:
Հ ո դ վ ա ծ 5
Որպես միջպետական կիրառվող աշխատանքի պաշտպանության նորմերի և պահանջների համաձայնեցումը, ինչպես նաև դրանց վերանայման և նորերի մշակման անհրաժեշտության մասին որոշումների ընդունումը, իրականացվում է փորձագետների աշխատանքային խմբերի կողմից, որոնք ստեղծվում են հետևյալ միջկառավարական համաձայնագրերին համապատասխան՝
1992թ. մարտի 13-ի ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման բնագավառում համաձայնեցված քաղաքականության անցկացման մասին,
1994թ. դեկտեմբերի 9-ի աշխատանքի պաշտպանության բնագավառում համագործակցության մասին:
Հ ո դ վ ա ծ 6
Աշխատանքի պաշտպանության միջպետական հանդիսացող նորմերի և պահանջների օգտագործման մասին որոշումների ընդունումը իրականացվում է.
ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման Միջպետական խորհրդի կողմից՝ չափանիշներով (բացառությամբ շինարարության բնագավառի չափանիշների),
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների աշխատանքի, միգրացիայի և բնակչության սոցիալական պաշտպանության Խորհրդակցական խորհրդի կողմից՝ աշխատանքի պաշտպանության, անվտանգության կանոններով և աշխատանքի պաշտպանության այլ նորմատիվ իրավական փաստաթղթերով,
ստանդարտացման և շինարարությունում տեխնիկական նորմավորման Միջպետական գիտատեխնիկական հանձնաժողովի կողմից՝ շինարարական նորմերով և կանոններով,
Անկախ Պետությունների Համագործակցության առողջապահության բնագավառում համագործակցության Խորհրդի կողմից՝ սանիտարական կանոններով, նորմերով և հիգիենիկ նորմատիվներով:
Կողմերը ապահովում են աշխատանքի պաշտպանության նորմերի և պահանջների հաստատումը և պահպանումը, ազգային օրենսդրությամբ նախատեսված կարգով:
Հ ո դ վ ա ծ 7
Կողմերը ապահովում են աշխատանքի պաշտպանության նորմերի և պահանջների պահպանումը փոխադարձաբար մատակարարվող արտադրանքի հանդեպ նրա մշակման և արտադրության բոլոր փուլերում, ինչպես նաև շահագործման (տեխնիկական մատակարարման և վերանորոգման, փոխադրման, պահպանման) և օգտագործման, առանձին կամ համալիրների և տեխնոլոգիական համակարգերի կազմում օգտագործման դեպքում: Աշխատանքի պաշտպանության նորմերի և պահանջների պահպանման նկատմամբ հսկողությունը և վերահսկողությունը փոխադարձաբար մատակարարվող արտադրանքի հանդեպ իրականացվում է Կողմերի հսկողության և վերահսկողության պետական մարմինների, ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման գծով գերատեսչությունների կողմից իրենց իրավասությանը համապատասխան:
Հ ո դ վ ա ծ 8
Աշխատանքի պաշտպանության նորմերին և պահանջներին չհամապատասխանող արտադրանք պատրաստողները (մատակարարողները) կրում են պատասխանատվություն և փոխհատուցում են սպառողների վնասը, Կողմերի ազգային օրենսդրությանը և կնքված պայմանագրերին համապատասխան:
Հ ո դ վ ա ծ 9
Սույն Համաձայնագրի կատարման հետ կապված վիճելի հարցերը լուծվում են Կողմերի իրավասու մարմինների փոխադարձ խորհրդակցությունների միջոցով՝ սահմանված աշխատանքի պաշտպանության բնագավառում համագործակցության մասին 1994 թվականի դեկտեմբերի 9-ի Համաձայնագրին համապատասխան:
Հ ո դ վ ա ծ 10
Կողմերը ապահովում են սույն Համաձայնագրի շրջանակներում կատարվող աշխատանքների և ձեռք բերված գիտատեխնիկական արդյունքների վերաբերյալ ստացվող փաստաթղթերի և տեղեկությունների գաղտնիությունը, եթե փոխանցող Կողմը նախապայման է դրել դրանց գաղտնիությունը:
Հ ո դ վ ա ծ 11
Սույն Համաձայնագրում Կողմերը կարող են կատարել լրացումներ և փոփոխություններ, որոնք ձևակերպվում են համապատասխան արձանագրություններով:
Հ ո դ վ ա ծ 12
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ՝ Կողմերի ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից: Այն մասնակից պետության համար, որն ուղարկել է ավանդապահին այդպիսի ընթացակարգերի կատարման մասին ծանուցումը ավելի ուշ, ապա այն ուժի մեջ կմտնի ավանդապահի կողմից տվյալ ծանուցման ստացման օրվանից:
Հ ո դ վ ա ծ 13
Սույն Համաձայնագիրը բաց է նրա նպատակներն ու սկզբունքները կիսող այլ պետությունների կողմից միանալու համար:
Հ ո դ վ ա ծ 14
Սույն Համաձայնագիրը կնքվում է 5 տարի ժամկետով և ինքնաբերաբար ամեն անգամ կերկարաձգվի մեկ տարով: Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` դուրս գալու օրվանից առնվազն վեց ամիս առաջ այդ մասին ծանուցելով ավանդապահին:
Կատարված է Մոսկվա քաղաքում 1996 թվականի ապրիլի 12-ին, մեկ բնօրինակով՝ ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր քարտուղարությունում, որը կուղարկի սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետությանը նրա հաստատված պատճենը:
*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1999 թվականի մայիսի 17-ից: