Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Ինկորպորացիա (17.05.1999-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2004.12.20/3(11)
Подписан
Հայաստանի Հանրապետություն
Дата подписания
12.04.1996
Дата вступления в силу
17.05.1999

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Հաշմանդամների և հաշմանդամության հիմնահարցերի լուծման մասին

 

Համաձայնագրի մասնակից պետությունները ի դեմս Կառավարությունների, այսուհետ՝ Կողմեր,

ղեկավարվելով մարդու իրավունքների բնագավառում միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներով և նորմերով,

հաշվի առնելով 1982 թվականի դեկտեմբերի 3-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված հաշմանդամների վերաբերյալ գործողությունների համաշխարհային ծրագիրը, 1993 թվականի դեկտեմբերի 20-ի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունած հաշմանդամների համար հնարավորությունների ապահովման պարտադիր կանոնները, հաշմանդամների և հաշմանդամության հիմնախնդիրների վերաբերյալ այլ միջազգային իրավական փաստաթղթերը,

նշելով հաշմանդամների և հաշմանդամության հիմնախնդիրների լուծման կարևորությունը բնակչության տվյալ դասի սոցիալական պաշտպանության ապահովման նպատակով,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հ ո դ վ ա ծ  1

 

Կողմերը, ունենալով հաշմանդամների և հաշմանդամության հիմնախնդիրների ազգային քաղաքականության ձևավորման և իրականացման հարցերում լրիվ ինքնուրույնություն, նպատակային են համարում հաշմանդամության կանխարգելման, բժշկասոցիալական փորձաքննության, հաշմանդամների վերականգնման, մյուս քաղաքացիներին համահավասար հասարակական կյանքին նրանց լիարժեք մասնակցելու հնարավորության ստեղծման բնագավառում համակարգված քաղաքականության անցկացումը:

 

Հ ո դ վ ա ծ  2

 

Կողմերը համաձայնեցված գործողություններ են իրականացնում հաշմանդամների և հաշմանդամության հիմնախնդիրների լուծման համար հետևյալ ուղղություններով.

հաշմանդամի համար մատչելի կենսագործունեության ոլորտի ձևավորման ապահովման ընդհանուր (համաձայնեցված) նորմատիվների մշակում,

հաշմանդամների վերականգման տեխնիկական միջոցների միջպետական չափանիշների մշակում, գիտահետազոտական աշխատանքների անցկացում,

մասնակցություն հաշմանդամության վիճակագրության կատարելագործման մեթոդոլոգիական հիմունքների, հաշմանդամների և հաշմանդամության հիմնախնդիրներով պետական հաշվետվության միասնական (համաձայնեցված) ձևերի և ցուցանիշների մշակմանը,

հաշմանդամների և հաշմանդամության հիմնախնդիրներով զբաղված մասնագետների պատրաստման և որակավորման բարձրացման կազմակերպում:

 

Հ ո դ վ ա ծ  3

 

Հաշմանդամների և հաշմանդամության հիմնախնդիրների լուծման ոլորտում Կողմերի գործողությունների համաձայնեցումը իրականացվում է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների բնակչության աշխատանքի, միգրացիայի և սոցիալական պաշտպանության Խորհրդակցական խորհրդի միջոցով, որի միջոցով Կողմերը նաև փոխանակում են հաշմանդամների և հաշմանդամության հիմնախնդիրների վերաբերյալ տեղեկություններ, այդ թվում՝ ընդունված օրենսդրական և նորմատիվ ակտերի, մշակումների, նախատեսվող սեմինարների, ցուցահանդեսների և այլնի մասին:

 

Հ ո դ վ ա ծ  4

 

Կողմերը հաշմանդամների և հաշմանդամության հիմնախնդիրների վերաբերյալ կազմակերպում են միջպետական թեմատիկ գիտաժողովներ, գիտագործնական համաժողովներ, սեմինարներ, ցուցահանդեսներ, խորհրդակցություններ, հրապարակումներ:

Կողմերը օժանդակում են Կողմերի՝ հաշմանդամների շահերը ներկայացնող պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև համապատասխան գիտահետազոտական հաստատությունների միջև կանոնավոր շփումներին և խորհրդակցություններին:

 

Հ ո դ վ ա ծ  5

 

Կողմերից յուրաքանչյուրը սույն Համաձայնագիրը ստորագրելուց հետո, առնվազն մեկամսյա ժամկետում, սահմանում է լիազոր մարմին (մարմիններ), որի վրա դրվում է դրա իրագործումը և հայտնում է այդ մասին Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների բնակչության աշխատանքի, միգրացիայի և սոցիալական պաշտպանության Խորհրդակցական խորհրդին:

 

Հ ո դ վ ա ծ  6

 

Կողմերը, հաշմանդամների և հաշմանդամության հիմնախնդիրների լուծման ոլորտում, իրականացնում են գործունեության համաձայնեցված ուղղությունների իրականացման աշխատանքների ֆինանսավորումը:

 

Հ ո դ վ ա ծ  7

 

Սույն Համաձայնագրի կատարման հետ կապված վիճելի հարցերը լուծվում են Կողմերի լիազոր մարմինների միջև փոխադարձ խորհրդակցություններով:

 

Հ ո դ վ ա ծ  8

 

Կողմերը, փոխադարձ համաձայնությամբ, սույն Համաձայնագրում կարող են կատարել անհրաժեշտ լրացումներ և փոփոխություններ, որոնք ձևակերպվում են համապատասխան արձանագրություններով:

 

Հ ո դ վ ա ծ  9

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ՝ Կողմերի ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:

Կողմերի համար, որոնց ուղարկել են ավանդապահին այդպիսի ընթացակարգերի կատարման մասին ծանուցումը ավելի ուշ, այն ուժի մեջ կմտնի ավանդապահի կողմից տվյալ ծանուցման ստացման օրվանից:

 

Հ ո դ վ ա ծ  10

 

Սույն Համաձայնագիրը, բոլոր կողմերի համաձայնությամբ, բաց է մյուս պետությունների կողմից միանալու համար, որոնք կիսում են դրա նպատակներն ու սկզբունքները և պատրաստ են կրելու սույն Համաձայնագրից բխող պարտավորությունները՝ միանալու մասին նման փաստաթղթեր ավանդապահին հանձնելու միջոցով: Միացումն ուժի մեջ է մտնում ավանդապահի կողմից այդ միացման վերաբերյալ տրված համաձայնության ստացման օրվանից:

 

Հ ո դ վ ա ծ  11

 

Կողմերից յուրաքանչյուրը կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից, դուրս գալուց առնվազն վեց ամիս առաջ այդ մասին ծանուցելով ավանդապահին` կարգավորելով համաձայնագրից բխող ֆինանսական և այլ պարտավորություններ:

 

Հ ո դ վ ա ծ  12

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է 5 տարի ժամկետով և ինքնաբերաբար ամեն անգամ կերկարաձգվի մեկ տարով:

 

Կատարված է Մոսկվա քաղաքում 1996 թվականի ապրիլի 12-ին, մեկ բնօրինակով՝ ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր քարտուղարությունում, որը դրա հաստատված պատճենը կուղարկի սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետությանը:

 

*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1999 թվականի մայիսի 17-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան