Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Исходный акт (11.05.1998-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2004.12.20/3(11)
Подписан
Հայաստանի Հանրապետություն
Дата подписания
12.04.1996
Дата вступления в силу
11.05.1998

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Արտակարգ իրավիճակների ծագման ժամանակ երրորդ երկրներից ԱՊՀ քաղաքացիների էվակուացման դեպքում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների փոխգործակցության մասին

 

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունների Կառավարությունները (այսուհետ` Կողմեր),

ղեկավարվելով Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին 1991 թվականի դեկտեմբերի 8-ի Համաձայնագրով,

ելնելով արտակարգ իրավիճակների ծագման ժամանակ երրորդ երկրներում գտնվող Համաձայնագրի մասնակից պետությունների քաղաքացիների անվտանգության ապահովման փոխադարձ շահերից,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հ ո դ վ ա ծ  1

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար ներքոնշյալ հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունները.

«երրորդ երկրներ»` սույն Համաձայնագրի մասնակից չհանդիսացող բոլոր պետությունները,

«կեցության երկիր»` պետություն, որի տարածքում գտնվում են օտարերկրյա հաստատություններ կամ սույն Համաձայնագրի մասնակից պետությունների առանձին քաղաքացիներ,

«պետություններ»` սույն Համաձայնագրի մասնակից պետություններ,

«արտակարգ իրավիճակ»` իրավիճակ, որի ժամանակ ներքաղաքական իրադրության առավելագույն սրման կամ կեցության երկրի մասնակցությամբ զինված հակամարտությունների, տարերային աղետների, համաճարակների, խոշոր վթարների և աղետների հետևանքով կեցության երկրում կամ հարակից երկրներում ծագում է սույն Համաձայնագրի մասնակից պետությունների քաղաքացիների կյանքի և առողջության սպառնալիք:

 

Հ ո դ վ ա ծ  2

 

Արտակարգ իրավիճակների ծագման ժամանակ երրորդ երկրներից քաղաքացիների էվակուացման դեպքում իր գործողությունների համակարգման համար Կողմերը ստեղծում են Էվակուացիայի հարցերով համատեղ հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով):

Հանձնաժողովը իր գործունեությունը իրականացնում է Կանոնադրության հիման վրա, որը հանդիսանում է սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:

Սույն Համաձայնագրի ստորագրումից հետո մեկ ամսվա ընթացքում Կողմերը Հանձնաժողովում նշանակում են իրենց ներկայացուցիչներին:

Հանձնաժողովի առաջին նիստը անց է կացվում Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ Տնտեսական միության միջպետական տնտեսական կոմիտեում, սույն Համաձայնագրի ստորագրումից հետո երկամսյա ժամկետում:

 

Հ ո դ վ ա ծ  3

 

Հանձնաժողովը էվակուացիայի ժամանակ մշակում է Կողմերի փոխգործակցության կազմակերպման և իրականացման նմուշային սխեմա:

 Արտակարգ իրավիճակների ծագման դեպքում Հանձնաժողովը անցկացնում է հրատապ խորհրդակցություններ, որոնց ժամանակ ամեն կոնկրետ դեպքում Կողմերի դիվանագիտական և հյուպատոսական ծառայությունների հետ համատեղ պարզում է էվակուացման ենթակա քաղաքացիների թիվը, որոշում է էվակուացիոն միջոցառումների հերթականությունը և ձևերը, հաշվարկում է անհրաժեշտ ուժերի և միջոցների ծավալները, ինչպես նաև լուծում է էվակուացիոն միջոցառումների ապահովման հետ կապված այլ հարցեր:

Խորհրդակցությունների անցկացման նախաձեռնող կարող է հանդես գալ ցանկացած Կողմ:

 

Հ ո դ վ ա ծ  4

 

Փոխադարձ համաձայնությամբ էվակուացիայի ղեկավարումը և պրակտիկ իրականացումը իրենց վրա են վերցնում մեկ կամ մի քանի Կողմեր, որոնք դրա համար ինքնուրույն տրամադրում են համապատասխան նյութական և ֆինանսական միջոցներ (մյուս Կողմերի հետագա փոխհատուցմամբ սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածում շարադրված կարգով) կամ որոնց տրամադրությանը Կողմերը փոխանցում են էվակուացիայի համար անհրաժեշտ ուժեր և միջոցներ:

Եթե Կողմը չունի իր ներկայացուցչությունները երկրում, որտեղ ծագել է արտակարգ իրավիճակ, նրա քաղաքացիների էվակուացիայով զբաղվում է այն Կողմը, որի վրա, սույն հոդվածի առաջին մասին համապատասխան, դրված է էվակուացիոն միջոցառումների ղեկավարումը:

 

Հ ո դ վ ա ծ  5

 

Ցանկացած Կողմ արտակարգ իրավիճակների ծագման դեպքում իրավունք ունի ինքնուրույն որոշում ընդունել իր երկրի քաղաքացիների առանձին էվակուացման վերաբերյալ, ինչի մասին նա անհապաղ ծանուցում է մյուս Կողմերին:

 

Հ ո դ վ ա ծ  6

 

Կողմը, որի վրա Հանձնաժողովի կողմից դրված էվակուացման միջոցառումների իրականացումը, ապահովում է էվակուացվող անձանց գրանցումը, պահպանությունը, համապատասխան պետության տարածք նրանց ուղեկցումը և մուտքը հաստատված սահմանապահ ուղեկալներով, իսկ, անհրաժեշտության դեպքում, ստեղծում է հասցե որոնողական խումբ:

Էվակուացված անձանց ընդունման դեպքում կիրառվում է սահմանային և մաքսային հսկողության անցման պարզեցված կարգ, կենտրոնացված առանձնացված ուժերով և միջոցներով ապահովվում է դրանց ժամանակավոր տեղավորումը, ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական և այլ օգնություն, ինչպես նաև օժանդակություն մշտական բնակության վայրեր նրանց մեկնելու գործում:

 

Հ ո դ վ ա ծ  7

 

Լրիվ էվակուացիայի ապահովման համար Կողմերի համապատասխան գերատեսչություններն իրենց քաղաքացիներին, արտասահմանյան անձնագրեր տալու ժամանակ, երաշխավորում են նրանց գրանցվել արտասահմանում բնակության վայրի իր երկրի դիվանագիտական ներկայացուցչությունում կամ հյուպատոսական հաստատությունում, իսկ դրանց բացակայության դեպքում` հայտնել իր բնակության վայրի մասին ցանկացած այլ Կողմի դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոսական հաստատությանը:

 

Հ ո դ վ ա ծ  8

 

Անհրաժեշտության դեպքում, և այն երկրի իշխանությունների հետ համաձայնեցնելով, որտեղ ծագել է արտակարգ իրավիճակը, ցանկացած Կողմ կարող է արտակարգ իրավիճակների գոտի ուղարկել իր տրանսպորտային միջոցները և քաղաքացիական մասնագետներին` օգնություն ցուցաբերելու և էվակուացիայի նպատակով:

Կողմերը օժանդակություն են ցուցաբերում էվակուացվող անձանց հրատապ և անխափան տեղաշարժմանը, ինչպես նաև տրանսպորտային միջոցների անցմանը (թռիչքին), որոնց միջոցով իրականացվում է էվակուացիան:

 

Հ ո դ վ ա ծ  9

 

Կողմերը փոխհատուցում են էվակուացման միջոցառումների ֆինանսական ծախսերը այն Կողմին, որը անցկացրել է էվակուացիան, իրենց պետությունների էվակուացված քաղաքացիների թվին համամասնորեն:

Մինչև էվակուացիա իրականացնող պետության տարածքից մեկնումը, էվակուացվող քաղաքացիներին բժշկական կամ այլ օգնություն ցուցաբերելու դեպքում, Կողմերը փոխհատուցում են համապատասխան Կողմին իրենց պետությունների քաղաքացիների հետ կապված յուրաքանչյուր կոնկրետ միջոցառման ծախսերը:

Փոխհաշվարկները կատարվում են ազատ փոխարկելի արժույթով կամ բացառիկ դեպքերում և, Կողմերի փոխադարձ համաձայնությամբ, ազգային արժույթով՝ էվակուացիայի ավարտից հետո եռամսյա ժամկետում:

Ներկայացված հաշիվներով տարաձայնությունների ծագման դեպքում մասնակից պետությունների շահագրգիռ ներկայացուցիչներից ստեղծվում է համաձայնեցնող հանձնաժողով՝ ծախսերի ստուգման և փոխադարձ հաշվարկների համաձայնեցման համար:

 

Հ ո դ վ ա ծ  10

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ՝ Կողմերի ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից: Կողմերի համար, որոնք ներպետական ընթացակարգերը կատարել են ավելի ուշ, այն ուժի մեջ է մտնում այդ ծանուցումները ավանդապահին հանձնելու օրվանից:

 

Հ ո դ վ ա ծ  11

 

Փոխադարձ պայմանավորվածությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք կձևակերպվեն համապատասխան արձանագրություններով:

 

Հ ո դ վ ա ծ  12

 

Սույն Համաձայնագրի կիրառման կամ մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը լուծվում են շահագրգիռ Կողմերի միջև խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

 

Հ ո դ վ ա ծ  13

 

Ցանկացած Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` դուրս գալուց առնվազն վեց ամիս առաջ գրավոր ծանուցելով ավանդապահին և կարգավորելով սույն Համաձայնագրում մասնակցության ընթացքում այդ Կողմի մոտ ծագած ֆինանսական և այլ պարտավորությունները:

 

Հ ո դ վ ա ծ  14

 

Սույն Համաձայնագիրը բաց է նրա նպատակները և սկզբունքները կիսող այլ պետությունների կողմից միանալու համար` Համաձայնագրին միանալու մասին ծանուցումը ավանդապահին փոխանցելու միջոցով:

Միացող պետությունների համար Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում ավանդապահի կողմից նման ծանուցում ստանալու օրվանից:

 

Կատարված է Մոսկվա քաղաքում 1996 թվականի ապրիլի 12-ին, մեկ բնօրինակով՝ ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր քարտուղարությունում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:

 

Հավելված

Արտակարգ իրավիճակների ծագման ժամանակ

երրորդ երկրներից ԱՊՀ քաղաքացիների էվակուացման

դեպքում Անկախ Պետությունների Համագործակցության

մասնակից պետությունների փոխգործակցության

մասին Համաձայնագրին կից

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Էվակուացիայի հարցերով համատեղ հանձնաժողովի մասին

 

Ընդհանուր դրույթներ

 

Էվակուացիայի հարցերով համատեղ հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) ստեղծվում է արտակարգ իրավիճակների ծագման ժամանակ երրորդ երկրներից քաղաքացիներին էվակուացնելու դեպքում, շահագրգիռ պետությունների գործողությունների համակարգման նպատակով:

Իր գործունեությունում Հանձնաժողովը ղեկավարվում է Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին 1991 թվականի դեկտեմբերի 8-ի՝ Համաձայնագրով, արտակարգ իրավիճակների ծագման ժամանակ երրորդ երկրներից ԱՊՀ քաղաքացիների էվակուացման դեպքում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների փոխգործակցության մասին Համաձայնագրով (այսուհետ` Համաձայնագիր), ինչպես նաև սույն Կանոնադրությամբ:

 

Հանձնաժողովի կազմը և նրա ձևավորման կարգը

 

Հանձնաժողովը ձևավորվում է Համաձայնագրի մասնակից պետությունների լիազոր ներկայացուցիչներից (այսուհետ` Հանձնաժողովի անդամներ)՝ յուրաքանչյուր պետությունից մեկ ներկայացուցիչ:

Հանձնաժողովի անդամներն ունեն հավասար իրավունքներ: Համաձայնագրի յուրաքանչյուր մասնակից պետություն (այսուհետ` մասնակից պետություն) Հանձնաժողովում ունի մեկ ձայն:

Հանձնաժողովը գլխավորում է նախագահը, որն ընտրվում է ձայների պարզ մեծամասնությամբ՝ մեկ տարի ժամկետով:

 

Հանձնաժողովի գործառույթները

 

Հանձնաժողովի հիմնական գործառույթներն են.

էվակուացիայի տիպային սխեմաների մշակումը և մասնակից պետություններին տրամադրելը,

էվակուացվողներով տրանսպորտի շարժման օպտիմալ երթուղիների որոշումը, պետական սահմաններով նրանց հատման պարզեցված ընթացակարգի համաձայնեցումը և սահմանային, մաքսային ու հսկողության այլ ձևերով նրանց կողմից անցումը,

էվակուացիայի անցկացման համար տրանսպորտային, բժշկական, ֆինանսական և այլ ուժերի ու միջոցների անհրաժեշտ ծավալների, պետությունների կողմից դրանց տրամադրման կարգի որոշումը,

մասնակից պետությունների համապատասխան ազգային կառույցների միջև փոխգործակցության կազմակերպումը,

էվակուցիայի հարցերով երրորդ երկրների հետ հարաբերություններում շահագրգիռ մասնակից պետությունների գործողությունների համաձայնեցումը,

էվակուացիայի անցկացման հետ կապված մասնակից պետությունների փոխհաշվարկների կարգավորման համար երաշխավորությունների մշակումը,

Հանձնաժողովի ընդունած երաշխավորությունների իրականացման վերլուծություն:

 

Հանձնաժողովի իրավունքները

 

Իր վրա դրված գործառույթների իրականացման համար Հանձնաժողովն իրավունք ունի.

էվակուացիայի հարցերով երաշխավորություններ մշակել մասնակից պետությունների Կառավարությունների համար,

որոշումներ ընդունել իրենց աշխատանքի կազմակերպչական և ընթացակարգային հարցերով,

խորհրդակցություններ անցկացնել արտակարգ իրավիճակների ծագման կամ ծագման սպառնալիքի դեպքում քաղաքացիների էվակուացման միջոցառումների մշակման համար,

Հանձնաժողովի վրա դրված գործառույթների իրականացման հետ կապված հարցերով մասնակից պետությունների քննարկմանը առաջարկություններ ներկայացնել,

տեղեկություններ խնդրել պետություններից իր իրավասության մեջ մտնող հարցերով,

անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովի աշխատանքին ներգրավել փարձագետների:

 

Հանձնաժողովի գործունեության կազմակերպումը

 

Հանձնաժողովի նիստերը անցկացվում են ըստ անհրաժեշտության, սակայն առնվազն տարին մեկ անգամ, հաջորդաբար՝ մասնակից պետությունների տարածքներում:

Քննարկվող հարցերով որոշումները ընդունվում են Հանձնաժողովի ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Հանձնաժողովի որոշումները ձևակերպվում են արձանագրություններով, որոնք ուղարկվում են մասնակից պետությունների Կառավարություններին:

Հանձնաժողովը ինքնուրույն հաստատում է ընթացակարգի իր կանոնները:

Հանձնաժողովի նիստերին, խորհրդակցական ձայնի իրավունքով, կարող են մասնակցել մասնակից պետությունների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Երրորդ երկրներում արտակարգ իրավիճակի ծագման կամ ծագման սպառնալիքի դեպքում Հանձնաժողովի մեկ կամ մի քանի անդամների նախաձեռնությամբ հրավիրվում է Հանձնաժողովի արտահերթ նիստ:

Մասնակից պետությունները հոգում են Հանձնաժողով՝ իրենց ներկայացուցիչներին ուղարկելու և Հանձնաժողովում նրանց աշխատանքի հետ կապված ծախսերը:

Հանձնաժողովի նիստերի կազմակերպչատեխնիկական և ֆինանսական ապահովումը իրականացվում է այն մասնակից պետության կողմից, որի տարածքում դրանք անցկացվում են:

 

Եզրափակիչ դրույթներ

 

Հանձնաժողովի աշխատանքային լեզուն ռուսերենն է:

Մասնակից պետությունների փոխադարձ պայմանավորվածությամբ սույն Կանոնադրության մեջ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ:

Սույն Կանոնադրության կիրառման կամ մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը լուծվում են խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

 

*Հայաստանի Հանրապետությունը Համաձայնագիրը ստորագրել է վերապահումով:

 

Հայաստանի Հանրապետության հատուկ կարծիքը

 

Արտակարգ իրավիճակների ծագման ժամանակ երրորդ երկրներից ԱՊՀ

քաղաքացիների էվակուացման դեպքում Անկախ Պետությունների

Համագործակցության մասնակից պետությունների

փոխգործակցության մասին Համաձայնագրի վերաբերյալ

 

1. 4-րդ հոդվածի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Փոխադարձ համաձայնությամբ, էվակուացիայի ղեկավարումը և պրակտիկ իրականացումը Հանձնաժողովի որոշմամբ դրվում է մեկ կամ մի քանի Կողմերի վրա…» այնուհետև՝ ինչպես տեքստում:

2. Կանոնադրության «Հանձնաժողովի գործունեության կազմակերպումը» բաժնի երկրորդ պարբերության մեջ ավելացնել նոր նախադասություն. «Համաձայնագրի 4-րդ հոդվածին համապատասխան, Հանձնաժողովի որոշումը Կողմի (Կողմերի) վրա էվակուացման միջոցառումների ղեկավարումը և պրակտիկ իրականացումը դնելու մասին համարվում է ընդունված, եթե այդ ընդունման համար քվեարկել են այն Կողմի ներկայացուցիչները, որոնց վրա Հանձնաժողովի կողմից դրվում է էվակուացման միջոցառումների ղեկավարումը և պրակտիկ իրականացումը և Կողմերը, որոնց քաղաքացիների էվակուացմանն է վերաբերում տվյալ որոշումը»:

 

**Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1998 թվականի մայիսի 11-ից: